Րաֆֆի՝   Կայծեր, մաս 1

Մինչև իմ խոսելը, շուտ վրա հասավ աբեղաներից մեկը, որ կանգնած «խեղճերի» մոտ պատմում էր անցորդներին, թե նրանցից յուրաքանչյուրն ինչ հանցանքի համար ենթարկված էր տիրամոր պատժին: Աբեղան, ինձանից հեռացնելով Ստեփանին, ստիպեց նստել իր տեղը: Պատանին ողորմելի կերպով նայեց մեզ վրա և գլուխը քարշ գցեց: Խե՜ղճ տղա, ընտանիքը, որ անբախտացրել էր նրան, բավական չէր, որ չէր զգում իր բարբարոսությունը, այժմ բոլորովին դուրս էր գցել թշվառ զոհին իր միջից :

Մենք մտանք վանքի մեջ: Այստեղ տաճարի սուրբ սեղանի վրա կարգով շարած էին` արծաթի և ոսկու մեջ պատած սրբոց մասունքներ և զանազան տեսակ մեծ և փոքր խաչեր : ՈՒխտավորները հերթով մոտենում էին, համբուրում էին և գցում էին նրանց մոտ դրած թասերի մեջ փողեր:

Համբուրելով սուրբ մասունքները, մենք անցանք երկրպագություն տալու աստուծո մոր գերեզմանին:

Ամեն տեղ դրած են գանձանակի թասերը, որոնց մեջ ուխտավորները գցում են իրանց նվերները: Աբեղան, կանգնած գանձանակի թասերի մոտ, պատմում է սրբությունների հրաշալի զորությունը, շարժվում է ուխտավորների ջերմեռանդությունը, և ուժ է տալիս նրանց առատաձեռնությանը:

Այս բոլորն ինձ վրա այն տպավորությունը չէր գործում, ինչ որ այժմ գրում եմ. դա վերջին ժամանակներում, շատ տարիներից հետո, հին տպավորությունների այլակերպված արտադրությունն է: Իսկ այն ժամանակ ես էլ, նախապաշարմունքներով լի, նույն սնահավատ ուխտավորներից մեկն էի: Ես մինչև այսօր չեմ կարող մոռանալ այն ուրախությունը, երբ Մարոն, տալով ինձ Մարգարիտի ձեռքը, ասաց.

Հիմա համբուրվեցեք և քույր-եղբայր դարձեք:

Ես և Մարգարիտը միասին համբուրեցինք սուրբ մասունքները և այն օրից ուխտեցինք մնալ միմյանց հետ որպես քույր և եղբայր: Մարոն համբուրվեց Մարիամի և Մագթաղի հետ, իսկ մայրս պառավ Խաթունի հետ, որ վերջացնելով իր գործը, եկել էր ժամ:

Տիրամոր վանքի ներսի կազմակերպությունը ուներ նույն ձևը, որը տեսնվում է այս կողմերում այն վանքերի մեջ, որոնց շինության հնությունը հասնում է մինչև հինգերորդ դարը, այսինքն` տաճարը բաժանված է նախագավիթից, որ կոչում են դարպաս: Ժողովուրդը կանգնած է դարպասի մեջ, իսկ տաճարում կատարվում է ժամերգությունը, այնպես որ, հանդիսականները դպիրներին չեն տեսնում: Մի դուռ միայն տաճարից բացված է դարպասի մեջ, որտեղից պատարագիչը երբեմն դուրս է երևում, խորհուրդը կատարելու ծեսերին համաձայն:

Տաճարի մեջ կատարվում էր սուրբ սեղանի խորհուրդը. թեև պատարագիչը չէր երևում, բայց ես իսկույն նրա ձայնից ճանաչեցի վարժապետիս` տեր Թոդիկին: Թույլ տալ մի օտարերկրյա քահանայի պատարագ մատուցանել վանքի բեմի վրա, այն ևս մի այնպիսի հանդիսավոր օրում, դա մեծ շնորհ էր վանահոր կողմից դեպի տեր Թոդիկի անձնավորությունը: Դա ուներ և իր նյութական օգուտը, որովհետև, ո՞րքան բազմաթիվ ձեռքերից նա այնօր նվերներ ընդունելու էր նրանց անունները սուրբ սեղանի վրա «հիշելու» համար

Այս իրողությունը դարձրուց իմ առանձին ուշադրությունը դեպի տեր Թոդիկը:

Մի այլ երևույթ, որ ոչ սակավ գրավեց իմ ուշադրությունը, այն էր, որ այնտեղ, ուր բեմի վրա շարած էին վանքի սրբությունները համբուրելու համար, վարդապետների թվում կանգնած էր մի քուրդ, և հսկում էր նվերների վրա, որ համբուրող ուխտավորները ընծայում էին: Մի այլ քուրդ ևս նույն պաշտոնով կանգնած էր տիրամոր գերեզմանի մոտ:

Ինձ ասացին, թե քրդերը Հեյդար աղայի մարդիկն են, որոնք պահպանում են ուխտավորներից նվիրված արծաթը, որ վարդապետները անհավատարիմ կերպով չվարվեն նրա հետ, և աղան կարողանա ամբողջությամբ ստանալ իր մասը, որ նշանակված է նրա համար տոնի եկամուտից: Եվ ասացին, թե ինքը Հեյդար աղան գտնվում է վանքում և վանահոր մոտ հյուր է:

Ինձ վրա խիստ դառն տպավորություն գործեց, որ քրդի ոտքը անցնում էր մինչև անգամ քրիստոնեական սրբարանի շեմքից, և նա միջամտություն էր գործում եկեղեցականի տնտեսության մեջ:

Մինչ ինձ խռովում էր այս մտածությունը, զգացի, որ իմ ետևից մեկը հանդարտ կերպով փեշս քաշեց: Շուռ եկա, տեսնեմ` Սոնան կանգնած էր իմ մոտ, խոսում էր Մարոյի հետ: Բազմությունն այնքան սեղմված էր մինը մյուսի վրա, որ Սոնայի արարմունքը մնաց աննկատելի: Նա իր հոնքի շարժմունքով նշան տվեց և շարունակեց խոսել Մարոյի հետ: Ես հասկացա. նա ինձ զգուշացրուց, որքան կարելի է ինձ հեռու պահեմ նրանից, որովհետև նրա մոտ կանգնած էր իր մորաքույրը: Ի՞նչ էր նշանակում այդ:

Բայց ես չկարողացա առանց հիացմունքի տեսնել նրա տխուր և գունաթափ դեմքը, որ իր դալկության մեջ ավելի գեղեցիկ էր:

Ասում են, սարիցը մի ճգնավոր են բռնել, — խոսում էր Սոնան :

Ես էլ լսեցի, — պատասխանեց Մարոն: — Ասում են, բերել են վանքը, գցել են մեկ խուցի մեջ, դուռը փակել են, մյուս օրը գնացել են, դուռը բաց են արել, տեսել են ճգնավորը խափանվել է: Հիմա չեն իմանում արդյոք ճգնավո՞ր էր, թե սատանա:

Մեղք է, այդպես չեն խոսի, Մարո, — ասաց Սոնան: — Սատանան ո՞րն է. ախար ճգնավորն էլ խափանվում է. տեսնում ես, աչքիդ առջև կանգնած է, մեկ էլ տեսար՝ էլ չկա:

Ասում են, այստեղ մի այդպիսի վարդապետ կա, այնտեղ սարումը ճգնում է, որը երբեմն երևում է, իսկ երբեմն աներևույթ է լինում, — մեջ մտավ Սոնայի մորաքույրը:

Գնանք տեսնենք, — ասաց Մարոն:

Ես կվախենամ, — պատասխանեց Սոնան:

Վա՜, ճգնավորն էլ մարդ է, խո դև չէ, ինչո՞ւ ես վախենում, — ասաց Մարոն:

Ես մեր Ստեփանիցն էլ վախեցա, հենց որ տեսա` նա նստած էր «խեղճերի» մեջ:

Քույրը վախենում էր եղբորից, որոնք միասին մեծացել էին, որոնք հազար անգամ համբուրվել էին. վախենում էր, որովհետև եղբայրն այժմ գտնվում էր այն հասարակության մեջ, որոնք ոգիների հետ հաղորդակցություն ունեին

Ուխտավորների բազմությունը հետզհետե ամբոխվում էր վանքի մեջ. տեղի նեղությունից արձակ շարժմունք գործել անկարելի էր. մարդ դժվարանում էր ազատ շունչ քաշել: Աբեղաների ահագին խումբը իրանց աղաղակներով, խրատներով և մինչև անգամ հայհոյանքներով, չէին կարողանում կարգ պահպանել բազմության մեջ: Խռովությունը գնալով սաստկանում էր: Ես առաջարկեցի մերայիններին դուրս գնալ. սկսեցինք զոռով պատառել ամբոխը, մինչև կարողացանք հասնել վանքի դռանը: Նույն միջոցին Սոնան թեքվեցավ դեպի ինձ և խուլ կերպով ասաց` «արևը մտնելեն հետո ե՛կ «Կաթնաղբյուրի» մոտ»…

ԼԶ

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ Ա՛ԵՂԱՆ

«Կաթնաղբյուրի՜» մոտ...: Հիմա ես հասկանում եմ թե ի՛նչու Սոնան այնտեղ նշանակեց տեսության համար: «Կաթնաղբյուրն» այն աղբյուրներից էր, որոնք ժողովրդի մեջ վայելում են սրբազան նշանակություն: ԲՆրան կոչում էին «Կաթնաղբյուր» այն պատճառով, որ ժողովրդի մեջ պահպանվել էր մի այսպիսի ավանդություն, իբր թե այն աղբյուրի մեջ ծորեցրել էր տիրամայրը մի կաթիլ իր սուրբ կաթնից: Նրա ջուրն ուներ բժշկական զորություն ոչ թե իր մեջ գտնված հանքային բաղադրությանց պատճառով, ոչ, ջուրը հասարակ մաքուր ջուր էր, այլ նա ուներ գերբնական հատկություններ: Նրա մեջ՝ լվացվողը փրկվում էր իր ցավերից, նաև կատարվում էին նրա սրտի այս և այն ցանկությունները: Լողացողն ընտրում էր այնպիսի ժամանակ, որ ոչ ոք չխռովեր նրա հանգստությունը, ոչ ոք չխանգարեր այն խորհրդական պայմանները, որ նա պետք է կատարեր լվացվելու ժամանակ:

Ա՜խ, ո՜րպիսի անհամբերությամբ սպասում էի այն օր արևի մտնելուն: Կարծես Հեսուի ձեռքը մեխել էր նրան երկնքի վրա, տեղիցը չէր շարժվում: Ես համբերել չկարողացա և գնացի ավելի շուտ, քան Սոնայի նշանակած ժամանակը:

Վանքի պարիսպների մոտ, երկայն գերանների գլխին կապած չվանի վրա խաղում` էր մի մանկահասակ լարախաղաց. նա իր գույնզգույն, խայտաճամուկ զգեստով և զարմանալի ճարպկություններով հափշտակել էր ռամկի հիացմունքը: Ուխտավորների բազմությունը, տաքացած կրոնական զգացմունքներով, շրջապատել էին ջամբազին. նրանք օրհնում էին «Մուշի սուլթան սուրբ Կարապետի» հրաշագործությունը, որ տվել էր նրան այնքան շնորհ և ճարպկություն:

Լա՜վ ժամանակ է ընտրել Սոնան, — մտածում էի ես, — հիմա «Կաթնաղբյուրի» մոտ ոչ ոք չի լինի, բոլորը այստեղ են:

«Կաթնաղբյուրը» գտնվում էր նեղ ձորի մեջ, մի ահագին քարաժայռի ներքո, որ գոգավորվելով, կազմել էր մի լայն քարանձավ, որտեղից բխում էր ջուրը, և նույն քարանձավի մեջ հավաքվելով, առաջ էր բերում մի փոքրիկ ավազան: Այս նվիրական ավազանի մեջ լողանում էին ուխտավորներն, ավելի բժշկության և հոգևոր շնորհներ ստանալու հույսով: Քարանձավի մուտքը այնքան լայն բացվածք ուներ, մինչ կիսով չափ երևում էր նրա ներսոյքը:

Ես մտածում էի, թե Սոնան դեռ եկած չի լինի, որովհետև նշանակել էր տեսնվել ինձ հետ արևը մտնելուց հետո, իսկ ես, անհամբերս, եկել էի մի ամբողջ ժամ առաջ: Բայց երբ ես հեռվից նայեցա քարանձավի մեջ, ինձ երևացին հանված հագուստներ, որ դրած էին նրա մուտքի մոտ: Հետաքրքրությունս ստիպեց ստուգել` արդյոք ա՞յր մարդ էր լողացողը, թե կին : Մտածում էի` մի՛գուցե նույն ինքն Սոնան լիներ, որ ինձ դիտմամբ տեսություն նշանակեց արևի մտնելուց հետո, որպեսզի ինքը վերջացրած լինի իր լողանալը:

Ես սկսեցի հեռվից նայել դեպի քարանձավի ներսը. մանուկ մարդիկ այսպիսի անպատկառ հետաքրքրություններ շատ ունեն: Հանկարծ ջրի մակերևույթից դուրս բարձրացավ մի գեղեցիկ մարմին: Հրաշալի՜ մի մարմին էր նա: Գլխի արձակված գիսակները սքողել էին դեռ նոր զարգացած կուրծքը: Նա երեխայական անմեղ զվարճությամբ թրթռում էր, խաղ էր անում ավազանի ալիքների հետ: Արևի վերջին ճառագայթներն ընկած էին նրա դեմքի վրա: Ո՜րքան հրապուրիչ էր ջրի մանրիկ կաթիլներով ցողված այն կուսական դեմքը: Բայց նա երեսը շուռ տվեց, կարծես, չէր ցանկանում, որ արեգակն իր լուսեղեն շրթունքներով շոշափեր նրա անմեղ կուրծքը: Նույն ժամուն նա երևցրուց մի լիքն և հրաշալի թիկունք:

Դա մի րոպեական երևույթ էր: Մարմինը կրկին անհետացավ ջրի մակերևույթի տակ:

Այսպես երևում են «հրեղեն կուսանքը» Վանա ծովակի միջից. այսպես հրապուրում են նրանք պատանիներին, որոնք լի սիրահարական ցնորքներով իրանց գցում են ալիքների մեջ, և ջրային աղջիկները հափշտակում, տանում են իրանց որսին դեպի ծովակի անդունդը, և այնտեղ` իրանց բյուրեղային պալատներում զվարճացնում են նրան

Ջրային հավերժահարսը կրկին հայտնվեցավ: Այս անգամ նա հանգիստ էր. այս անգամ նա չէր թռչկոտում այս կողմ և այն կողմ: Նա կիսով չափ նստած ջրի մեջ, սանդրում էր իր երկայն գիսակները: Նա ինքն էր, — Սոնան էր: Ես վաղուց ճանաչում էի այն խարտյաշ մետաքսանման գիսակները, ինձ ծանոթ էր այն հրեշտակային կերպարանքը, որ իր մերկության մեջ ավելի սքանչելի էր:

Նույն միջոցին ինձ տիրեց մի զգացմունք. դա նմանում էր այն սարսափելի զգացմունքին, որ տանջում է մի եղեռնագործին, որը մեղանչել էր մի որևիցե սրբության դեմ:

Զարհուրելի՜ է խղճի խայթն, երբ նա սկսում է ծակոտել մի սիրտ, որ դեռ ոչ բոլորովին կորուսել էր իր կենսական զորությունը... «Ես սիրում էի այս անմեղ աղավնյակին... — մտածում էի ես, — բայց Մարոն, կիսավայրենի Մարոն խլեց այն սիրտը, «որ պատկանում էր Սոնային»…

Իմ մտածությունները ընդհատեց մի մարդ, որ ձորի միջով գալով, ինձ երևաց, թե ուղիղ դիմում էր դեպի քարանձավը: Նա ոտքից ցգլուխ հագած ուներ սև զգեստ կոշտ մազե շալերից: Նրա բոլոր կերպարանքից հայտնի էր, թե անապատական աբեղա պետք է լինի : Նա ընթանում էր հանդարտ և հաստատուն քայլերով, և մեղմ ձայնով եղանակելով մի տխուր մեղեդի:

Ես իսկույն վազեցի դեպի նրա կողմը և առաջը կտրեցի, ասելով.

Հեռվից անցեք, չմոտենաք քարանձավին, այնտեղ լողանում է մի օրիորդ, որ իմ ազգականն է:

Ես դեպի այս կողմն եմ գնում, — պատասխանեց աբեղան, ցույց տալով ծովակը, և մի քննողական հայացք ձգելով իմ երեսին, անցավ:

Բայց ի՞նչ խորհրդական մարդ էր դա. ես մտածում էի. անտարակույս նույն լեռների մեջ առանձնացած ճգնավորներից մեկը պետք է լիներ: Երբ ավելի հեռացավ, նա փոխեց երգի եղանակը. այժմ նրա ձայնը լսելի էր լինում ավելի բարձր հնչյուններով: Ես բոլորովին զարմացա. այն մի հոգևոր մեղեդի չէր, այնպիսի երգեր միայն կարելի է լսել Արաբիայի դաշտերում, երբ բեդվինը միայնակ անցնում է անապատի միջով:

Նույն միջոցին ինձ զարմացրուց մի այլ երևույթ ևս. ես տեսա, որ կախարդ Սուսանը իր փոքրիկ վհուկ ընկերի հետ դուրս վազեցին թփերի միջից և միացան աբեղայի հետ: Աբեղան գրկեց Հյուբբիին, համբուրեց և ապա միասին անհետացան բլուրների հետքում:

Ի՞նչ գաղտնիք էր այդ. ի՞նչ գործ ուներ աբեղան կախարդ պառավի հետ օրվա մի այնպիսի տարաժամ պահուն: Նրա երգն անգամ որպես ես հասկացա, իր խորհրդական հնչյունների մեջ ուներ մի ծածուկ նշանակություն, որ դուրս կանչեց կախարդին իր թաքստյան տեղից: Եվ ի՞նչ լեզվի երգ էր այն:

Այս մտածություններն ինձ այն աստիճան զբաղեցրել էին, որ ես ամենևին չէի նկատել, թե արևը վաղուց մայր էր մտել և ձորի մեջ մութը բավականին թանձրացել էր, իսկ Սոնան հագնված, դուրս էր եկել քարանձավից:

Երբ ես մոտենում էի նրան, իմ գլխում պտտվում էին խիստ քաղցր ցանկություններ. ես հույս ունեի, թե Սոնան ինձ կգրկե, կհամբուրե, կհայտնե իր կարոտությունը ինձ երկար ժամանակ չտեսնելու համար, և շատ գեղեցիկ խոսքեր կասե: Բայց դրանցից և ոչ մեկը չեղավ:

Ֆարհատ, — ասաց նա խիստ սառն կերպով, — որոնի՛ ր մի ծածուկ տեղ, ուր մեզ չտեսնեն, ես մի քանի խոսքեր ունեմ քեզ ասելու:

Մենք բարձրացանք դեպի մերձակա բլուրի զառիվերը, որ պատած էր վայրենի նշենիներով, և նստեցինք մի սեպացած ժայռի մոտ: Այնտեղից գիշերային մթության մեջ տեսնվում էր ուխտավորների բանակը, որ լուսավորված էր գույնզգույն լապտերներով, որ բռնել էր ընդարձակ տարածություն վանքի չորեք կողմում, և մինչև այնտեղ լսելի էին լինում զանազան նվագածությանց ձայներ: Բայց Սոնային ոչինչ չէր գրավում. տխո՜ւր էր նա, մահվան պես տխո՜ւր էր նա: Խեղճ աղջիկ, ես երբեք նրան ուրախ չէի տեսել...

Սոնայի առաջին խոսքերը բոլորովին ընտանեկան էին, վերաբերում էին իր վիճակին: Նա ասաց, թե զրկվելով մորից, իր միակ մխիթարությունն էր Ստեփանը` իր սիրելի եղբայրը: Եվ չնայելով, որ Ստեփանը վերջին ժամանակներում բավականին ուղղվել էր, այսուամենայնիվ նրա հայրը, Ստեփանի խելագարությունը տիրամոր պատիժ համարելով, բերեց նրան և վանքի «խեղճերի» մեջ գցեց: Նա պատմում էր, թե ինքը շատ աղաչեց հորը, որ այս անգթությունը չանե, Ստեփանին թողնե տանը, թե ինքը խոստանում է միշտ խնամել, պահպանել նրան, — բայց հնարք չեղավ, հայրը չընդունեց: Այս պատճառով Սոնան ստիպվեցավ աստվածածին ուխտ գալ, որովհետև չէր ուզում շուտով բաժանվել իր եղբորից: Եվ այժմ ամեն օր աղաչում է, պաղատում է հորը, որ Ստեփանին «խեղճերի» մեջ չթողնե, որ նրան վանքից ետ առնե և կրկին տուն տանե և այլն:

Այս բոլորը նա պատմեց խիստ ցավալի և դառն եղանակով, բայց առանց մի կաթիլ արտասուքի: Խե՜ղճ աղջիկ, այնքան անբախտ էր, որ լացել ևս չէր կարող

Այնուհետև նա ինձանից երդում առեց և սկսեց պատմել մի գաղտնիք:

Նա ասաց, թե որսորդ Ավոյի և նրա հյուրերի, այսինքն` Կարոյի և նրա ընկերների դեմ սարքվում է մի մեծ դավադրություն: Պատմեց, թե իր հոր մոտ մի քանի անգամ եղել են գաղտնի ժողովներ, ուր հավաքվում էին տիրամոր վանքի վանահայր Կարապետ հայր սուրբը, իմ քեռի Պետրոսը, մի մեծ քուրդ իշխան և ուրիշ մի քանի մարդիկ, որոնց չէ ճանաչում: Հայտնեց, թե ինքը մի քանի անգամ ծածուկ լրտեսել է նրանց խոսակցությունը, թեև բոլորը չէ հասկացել, բայց այսքանը իմանում է, որ նրանք խոսում էին որսորդ Ավոյի, Կարոյի և նրա ընկերների մասին «շատ վատ բաներ», և մտածում էին, թե ի՞նչ հնարքով նրանց բռնել տան, ոչնչացնեն, որ «երկրի խռովությունը հանդարտվի»...

Լավ, նրանք ի՞նչով են մեղավոր, — կտրեցի ես Սոնայի խոսքը, բոլորովին շփոթվելով:

Ես չեմ իմանում, Ֆարհատ, — պատասխանեց Սոնան նույնպես վրդովված ձայնով: — Ասում են` նրանք չար մարդիկ են, ավազակներ են, ուր որ գնում են, այնտեղից արյունը և կոտորածը պակաս չէ լինում...

Ես չեմ հավատում, Սոնա :

Ես էլ չեմ հավատում, բայց ի՞նչ անես, ասում են, չեմ կարող ասողի բերանը բռնել: Ես երբ որ այս խոսքերը լսեցի, շատ տխրեցի, մտածում էի, որ դու էլ նրանց հետ ես, քեզ էլ կարող է մի վտանգ պատահել:

Սոնայի աչքերը այդ միջոցին լցվեցան արտասուքով: Նա հեկեկալով շարունակեց.

Ես հենց որ լսեցի, գնացի քո մոր մոտ, բոլորը պատմեցի, որ նա քեզ ասեր. մայրդ ժամանակ չգտավ: Բայց ո՛րքան տխրեց մայրդ, Ֆարհատ, «որդիս կորավ»... ասում էր նա:

Իմ վրդովմունքը հետզհետե սաստկանում էր. ես չէի կարողանում հասկանալ, թե այս ի՞նչ բան է, որ հայոց վարդապետը, որ հայոց քահանան և իմ քեռի Պետրոսի նման մարդը, միացած քուրդ իշխանի հետ, դավադրություն էին հնարում մի քանի բարի, և խեղճ ժողովրդի արտասուքը սրբող երիտասարդների դեմ: Նրանք ավելի բարվոք էին համարում քուրդ իշխանի անտանելի լուծը, այն իշխանի, որի սրբապիղծ ձեռքը մուտք էր գործել մինչև հայոց տաճարի ներսը, որն, ինչպես իմ աչքով տեսա, կանգնած սուրբ սեղանի մոտ, տաճարի գանձանակի վրա էր հսկում...

Բայց Սոնայի երկյուղը միայն իմ մասին չէր. նա ափսոսում էր և Կարոյին, և նրա ընկերներին: «Նրանք լավ տղերք են, ասում էր նա, ես նրանց ոչ մի ժամանակ չեմ մոռանա»: — Եվ նա խորհուրդ էր տալիս, բոլորը հայտնել նրանց, զգուշացնել, որ վտանգի չհանդիպեն:

Մութը բոլորովին պատել էր, երբ մենք վերադարձանք ուխտավորների բանակը: Թե Սոնան և թե ես այն աստիճան խռովված էինք, որ մեր մեջ ուրիշ խոսակցություն չեղավ: Լուռ իմ կողքով գնում էր Սոնան: Խե՜ղճ աղջիկ, նա միանգամից կորցնում էր երկու մխիթարություն` իր հարազատ եղբորը, որին պետք է թողներ վանքի «խեղճերի» մեջ, և այն տղամարդին, որին սիրում էր, որի ձեռքը բռնած, գնում էր այժմ :

Երբ մենք մոտեցանք ուխտավորների բանակին, նա ասաց.

Դու ինձ հասցրու մինչև մեր տիրացու Թաթոսի վրանը և հեռացիր:

Նա՞ էլ այստեղ է, — հարցրի ես:

Այստեղ է, ուխտ է եկած իր կնոջ և ազգականների հետ:

Մի՞թե նա այժմ կին ունի:

Մի քանի ամիս է, ինչ որ պսակվել է, միտք ունի շուտով քահանա դառնալու:

Հենց ես մնացի առանց կնոջ, ամենքը պսակվեցան

Քեզ էլ աստված ողորմած է... — պատասխանեց Սոնան, խորհրդավոր ձայնով. և այն, ժամանակ միայն ես նկատեցի, որ ժպիտի նման մի բան շողաց նրա տխուր դեմքի վրա :

Տիրացու Թաթոսն արդեն ծանոթ է մեր հիշատակարանի մեջ նրա սկզբից: Այս տխմարը մի ժամանակ մեր դպրոցի վերակացուն էր, աշակերտները նրան կոչում էին «դպրոցի շուն». այժմ նա ամուսնացած էր և շուտով պետք է քահանա դառնարարդյոք, արժա՞ն էր այդ պատվին...

Հասցնելով Սոնային տիրացու Թաթոսի վրանը, ես հեռացա:

ԼԷ

ԴԻՄԱԿԸ ՊԱՏՌՎՈՒՄ Է

Գիշերից բավական անցել էր. ես իմ մտածությանց մեջ բոլորովին մոլորված, չգիտեի թե ուր գնամ: Սոնայի հաղորղած տեղեկություներն ինձ բոլորովին շփոթել էին: Մեկ էլ տեսնեմ, առաջս կտրեց իմ քեռի Պետրոսը:

Ե՛կ, — ասաց նա ծանր կերպով, — ե՛կ, մոլորյալ ոչխար, գնանք ինձ մոտ, քեզ հետ խոսելիք ունեմ:

Ես հետևեցի նրան ամենայն խոնարհությամբ, որովհետև երեխայությունից սովորած էի նրան իբրև հայր ճանաչել: Նա ինձ տարավ իր վրանը, կնոջը և մյուսներին հրամայեց գնալ դրացիների մոտ, և առանձին ինձ հետ սկսեց խոսել: Նրա խոսքերը դարձյալ վերաբերում էին ծերունի որսորդին, Կարոյին և նրա ընկերներին, և ավելի բացատրում էի Սոնայի ինձ հաղորդած գաղտնիքների ճշտությունը: Բայց ինչ որ նոր և հետաքրքրական էր քեռի Պետրոսի խոսքերի մեջ, դա վերաբերում էր ծերունի որսորդի երիտասարդական կյանքին, և նրա աղմկալի անցյալին:

Քեռի Պետրոսն ասում էր, թե ծերունի որսորդը մի ծպտյալ անձնավորություն է, որ ծածկված է հասարակ որսորդի կերպարանքում. թե նա Մոգաց և Սասնո երկրից փախստական անցել էր Պարսկաստան, այնտեղ առժամանակ իրան թաքցնելու համար: Թե նրա անունը առաջուց Ավո չէ եղել, այլ նա կոչվում էր իր երկրում Մելիք-Միսաք, և ամբողջ Սասունի և Մոգաց երկրի իշխանն է եղել: Նա ուներ այնտեղ իր սեփական ամրոցը, հարուստ կալվածներ և իր ձեռքի տակ բազմաթիվ քաջ պատերազմողներ: Ամբողջ Սասունը և Մոգաց երկրի կիսավայրենի ժողովուրդը դողում էին նրա զորությունից: Նա իր իշխանության ներքո զսպել էր ոչ միայն տեղացի հայերին, այլ բոլոր նույն երկրում բնակվող քուրդ և օտարազգի ցեղերին:

Մելիք-Միսաքը իր կառավարության մեջ նույնն էր, ինչ որ է մի երևելի քուրդ իշխան իր բոլոր միապետական զարհուրանքով: Նա նույնպես արշավանքներ էր գործում հակառակ ցեղերի վրա, կոտորում էր, հափշտակում էր, ավարներ և գերիներ էր բերում: Այսպիսով նա իր իշխանության ներքո խոնարհեցրել էր բացի հայերից և մի քանի քրդերի ցեղեր: Վերջիններն այնպես սերտ կապված էին իրանց հայ Մելիքի հետ, որ առանց խտրություն դնելու, մասնակցում էին և այն արշավանքների մեջ, որոնք տարածվում էին հակառակ կողմի քրդերի վրա:

Այստեղ ես կտրեցի քեռի Պետրոսի խոսքը, հարցնելով.

Քրդերը նույնը չէի՞ն անում հայերի վերաբերությամբ:

Անում էին, — պատասխանեց նա: — Բայց հային ի՞նչ կվայելե ավազակ քրդից օրինակ առնել:

Ես մտաբերեցի այն խրատը, որ լսել էի ծերունի որսորդից, և պատասխանեցի նույն ոճով.

Ավազակի հետ պետք է ավազակ լինել. ավազակի հետ չէ կարելի ճգնավորի պես վարվել: Երբ որ քուրդն իր սրով և նիզակով դիմում է մեզ վրա, երբ որ նա գալիս է մեր տունը քանդելու, մեր կայքը հափշտակելու, մեր ընտանիքն անպատվելու, մեզ պետք չէ խաչով և ավետարանով դուրս գալ նրա առաջը, այլ մեզ պետք է նույնպես սրով պաշտպանել մեր պատիվը:

Վարակվե՜լ է թշվառականը... — ասաց քեռի Պետրոսը գլուխը շարժելով: — Այսպես կարող է խոսել միայն ծերունի որսորդի հառաջադեմ աշակերտը:

Ուղիղ է, ես առաջ այսպես չէի մտածում, ես կարծում էի, թե աստված հային ստեղծելու ժամանակ նրա ճակատին գրել է, որ նա միշտ խեղճ լինի, օտարի ձեռքի տակ գերի լինի, ինքն աշխատե և ուրիշին ուտացնե, գլխին ծեծեն լուռ կենա, երեսին թքեն` լուռ կենա, մի խոսքով, աշխարհի բոլոր անպատվություններին պետք է համբերե նա: Բայց հիմա ես հասկանում եմ, որ աստված չէ ցանկանում, որ հայը թշվառ լինի, և եթե նա թշվառ է, ինքն է պատճառը

Դու վարակվել ես...խե՜ղճ տղա, — պատասխանեց քեռի Պետրոսը ցավակցական եղանակով: — Դրանք այն երևելի ավազակապետի (ծերունի որսորդի) խոսքերն են, որ դուրս են թափվում քո բերանից: Դրանք այն «հին գայլի» խոսքերն են, որի համար ադամորդու կյանքը մի ճանճի կյանք է, որն իր գլխի մազերի համբարքով մարդիկ է կոտորել, որը հազարավոր տուներ է քանդել, որի սիրտը գութ և խիղճ կոչված բաների հետ երբեք ծանոթ չէ եղել:

Վերջին խոսքերն ավելի զայրացուցին ինձ, նրանք խիստ կեղտոտ հայհոյանք էին մի մարդու դեմ, որն այնքան բարեսիրտ էր և մեծահոգի, որը թշվառի հայր էր և կարոտյալի բարերար: Նա պատրաստ էի իսկույն վեր թռչել, բռնել քեռուս կոկորդից և խեղդել նրան, բայց մի հանկարծակի այցելություն արգելեց իմ կատաղությանը :

Ողջույն, — լսելի եղավ մեր ետևից, և վրանի մեջ հայտնվեցավ իմ վարժապետըտեր Թոդիկը:

— «Անառակ որդին» երևաց, — ասաց նա ինձ տեսնելով: — Բայց արդյոք զղջացե՞լ է նրա սիրտը:

Ընդհակառակն, ավելի խստացել է, — պատասխանեց քեռի Պետրոսը:

Ես լուռ էի :

Տերտերը եկավ նստեց:

Քեռի Պետրոսը մասնավորապես պատմեց նրան այն վիճաբռնությունը, որ անցել էր մեր մեջ, և խիստ սև գույներով նկաարագրեց իմ համառությունը և մոլորությունը:

Տերտերը իր հատուկ կրոնական փիլիսոփայությամբ սկսեց կշտամբել իմ ցնորքները, ասելով.

Մեր, տիրոջ մեղավոր ծառաներիս, ձեռքումը ոչինչ չկա. մենք ոչինչ չենք կարող անել: Ամեն ինչ, որ լինում է, աստուծո կամքովն է լինում. առանց նրա կամքին տերևն անգամ ծառից ցած չէ գալիս: Աստված է ստեղծել բոլոր արարածներին և նա է նշանակել բոլորի վիճակները: Օրինակ, եզին ստեղծել է, որ մարդու վարը վարե, ոչխարին ստեղծել է, որ մարդուն կաթ, կերակուր և հագուստ տա, ձիուն ստեղծել է, որ մարդու ծանրությունները տանե, — այսպես ամեն մեկին մի բանի համար է ստեղծել աստված: Բայց մարդը գայլից չէ կարող կաթ և բուրդ ստանալ, առյուծին չէ կարող ստիպել, որ իր վարը վարե, և արջին կարող չէ հրամայել, որ իր ծանրություները տանե: Դրանք գազաններ են. դրանց մյուս անասունների համար որպես պատիժ ստեղծել է աստված: Դրանք պետք է հափշտակեն, կեղեքեն, մյուսների մսով և արյունով կերակրվեն:

Ես դարձա դեպի վարժապետս, ոչ աշակերտի երկչոտությամբ, այլ համարձակ կերպով հարցրի.

Ի՞նչ համեմատություն կա ձեր ասածների և մարդու մեջ:

Համեմատությունը նույն է, — պատասխանեց տերտերը: — Մարդիկ էլ այնպես են ստեղծված. մեկը ոչխարային բնություն ունի, մյուսը գազանային:

Մենք, հայերս, ո՞ր մեկիցն ենք:

Մենք աստուծո գառնուկներն ենք, — պատասխանեց նա ավելացնելով ավետարանական խոսքը — «արածեա՛ զոչխարս իմ» ասաց տերն մեր Հիսուս Քրիստոս Պետրոս առաքյալին. դրանից երևում է, որ մենք գազան քրդերի նման չպետք է լինենք:

Ես տերտերի խոսքերի մեջ մի նոր բան չգտա, դարձյալ նույն քարոզներն էին, որ հազար անգամ լսած էի, բայց այժմ նրանք իմ գլխում չէին մտնում, այժմ ես հասկանում էի, թե ո՛րքան վնասակար էին նրանք:

Բայց ինձ նույն րոպեում տանջում էր մի այլ միտք, ես շատ դժգոհ էի, որ տերտերը եկավ և խառնեց իմ և քեռի Պետրոսի մեջ սկսված խոսակցությունը: Նրա պատմությունը ծերունի որսորդի անցյալի մասին մնաց անկատար. ես ցանկանում էի մինչն վերջը լսել այս գաղտնածածուկ մարդու կյանքի պատմությունը :

Քեռի Պետրոսը ինքն առիթ տվեց շարունակելու ընդհատված պատմությունը:

Տեսա՞ր, որդի, — ասաց նա, — տերտերն էլ նույնն է խոսում, ինչ որ ես էի ասում քեզ. հեռացի՛ր այս մարդերից, եթե չես կամենում կորցնել քեզ:

Ես ուզում եմ ավելի լավ ճանաչել նրանց, քեռի, պատմեցեք, թե ի՞նչպես ընկավ Մելիք-Միսաքը իր փառքից և ի՞նչ առիթ տվեց նրան հասարակ որսորդի կերպարանքով հայտնվել Պարսկաստանում:

Դա մի երկար պատմություն է, որի մանրամասնություններն ինձ ևս հայտնի չեն, — ասաց նա: — Միայն այսքանը գիտեմ, որ Մոգաց և Սասնո երկրներում մի քանի ուրիշ հայ իշխաններ և մի քանի տանուտերներ հակառակ կուսակցություն էին կազմում Մելիքի դեմ: Նրանք միացան տեղային հայոց առաջնորդի հետ, և մի քանի վարդապետներ էլ իրանց կողմը գցելով, գրգռեցին ժողովուրդը Մելիքի դեմ: Նրանք ասում էին, թե մենք չենք ուզում, որ մեզ վրա «հայ» տիրե, մեզ համար լավ է քուրդը, «հայից բեկ (իշխան) լինել չէ կարող»:

Այնուհետև քեռի Պետրոսը խիստ արհամարհական կերպով նկարագրեց Մելիքի անկումը: Ես նրա խոսքերից միայն այսքանը կհիշեմ:

Ամեդիայի մեջ այն ժամանակ նստում էր մի քուրդ իշխան. նա մի քանի ցեղերի գլխավորն էր և ուներ իր ձեռքի տակ բազմաթիվ պատերազմող տղամարդիկ: Քուրդ իշխանը Մելիքի ոխերիմ թշնամիներից մեկն էր: Հայոց առաջնորդը մի քանի տանուտերերի հետ ծածուկ գնում են նրա մոտ, հայտնում են, թե որպես իրանք, նույնպես և ժողովրդի մեծ մասը Մելիքից գոհ չեն, և ցանկանում են նրա լուծը իրանց վզից գցել: Այս պատաճռով հրավիրում են քուրդ իշխանին հանձն առնել իրանց վրա տիրապետելը: Եվ առաջնորդը իր տանուտերների հետ խոստանում են, որ ամեն կերպով կօգնեն և ձեռնտու կլինեն քուրդ իշխանին Սասունը և Մոգաց երկիրը տիրելու գործի մեջ:

Ես կտրեցի քեռի Պետրոսի խոսքը` հարցնելով.

Առաջնորդը ի՞նչ մի առանձին օգուտ ուներ հայ ժողովուրդը քուրդ իշխանի ձեռքում մատնելու մեջ:

Շատ օգուտ, — պատասխանեց նա. — եթե Մելիքը մեջտեղից վերցվեր, միայն առաջնորդը կմնար որպես ժողովրդի հոգևոր և մարմնավոր ներկայացուցիչը: Բայց Մելիքի ստվերի տակ նա ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ մի բարձր հոգևորական:

Այս հետո, խիստ հետո ես հասկացա հայոց հոգևորականության մշտական կռիվը մարմնավոր իշխանության դեմ: Այս այն ժամանակ հասկացա, երբ կարդացի մեր ազգի պատմությունը և ծանոթացա նրա թշվառ անցյալի հետ...:

Քուրդ իշխանի վաղուց փափագած բաղձանքը հենց այն էր, ինչ որ առաջարկում էին հայոց առաջնորդն և տանուտերները: Դավադրությունը սահմանվում է, իսկ գործադրությունը նշանակվում է զատկի ավագ շաբաթի գիշերը: Նույն գիշերը, երբ Մելիքը իր ընտանիքով բոլորել էին ճրագալույցի սեղանի շուրջը, հանկարծ նրա ամրոցը պաշարվում է բազմաթիվ քրդերով: Մի քանի րոպեում հրդեհը չորս կողմից սկսվում է տարածվել դեպի ներսը. ամրոցը կորչում է ծուխի և բոցերի մեջ: Պարիսպները խորտակվում են և ներս է թափվում կատաղի ամբոխը: Սկսվում է սարսափելի կոտորածը: Մելիքը երկար քաջությամբ կռվում է, բայց շատ վերքեր ստանալով, վերջապես ընկնում է նա: Մըհեն կրակի, օրերի և գնդակների միջից հափշտակում է իր, դեռ ոչ բոլորովին անշնչացած, տիրոջը: Բայց նրա բոլոր որդիքը, աղջիկները, ծառաները և աղախինները կոտորվում են: Ազատվում է միայն Մելիքի մի հատիկ աղջիկը` փոքրիկ Մարոն, որին ստնտուն փախցնում է:

Բայց դրանով բոլորը չէ վերջանում: Ժողովրդի մեծ մասը չէր ցանկանում զրկվել իր գլխավորից, որ այնքան սիրելի էր բոլորին, որ միշտ հոր պես խնամել էր նրանց կյանքը և պատիվը թշնամիներից: Ժողովուրդը ոտքի է կանգնում, սկսում է ընդդիմանալ քուրդ իշխանին: Բայց ի՞նչ կարող է անել մի անգլուխ ժողովուրդ, որ առաջնորդող չունի: Մի քանի ամբողջ շաբաթներ Աասունը և Մոգաց երկիրը դարձել էին արյան և կոտորածի ասպարեզ: Մելիքը վիրավորված առյուծի նման հեռվից մռնչում էր, բայց ոչնչով չէր կարող օգնել: Քրդի սուրն անխնա կոտորում էր և նույն սրին ուժ և զորություն տվողներն էին նույնպես հայեր, չա՜ր և եղեռնագո՜րծ եկեղեցականներ

Ժողովուրդը վերջապես նվաճվում է օտարի լծի տակ... քուրդ իշխանը տիրում է

Այնուհետև հազարավոր մարդիկ որոնում էին Մելիքին, որովհետև նրա դիակը ամրոցի կոտորածի մեջ չգտնվեցավ: Բայց նա Մըհեի հսկայական ուսերի վրա, անմատչելի լեռներից և ձորերից անցնելով, արդեն փոխադրվել էր Պարսկաստան:

Հաջորդ էջ