Րաֆֆի՝   Կայծեր, մաս 1

Մի քանի տողեր նամակի մեջ վերաբերում էին ինձ:

«Ֆարհատի մասին անհանգիստ եմ, ես նրան թողեցի հիվանդ, չգիտեմ ի՞նչպես է այժմ նրա առողջությունը: Իհարկե, նրա մասին ինձ տեղեկություն կտաք: Խնամեցեք այդ մանուկ վագրին, նրա մեջ շատ հարուստ, բայց դեռ չմշակված ուժեր կան»...

Վերջին տողերը կարդալու ժամանակ արտասուքս սկսեց թափվել իմ աչքերից, ես չկարողացա շարունակել ընթերցումը:

ԻԹ

ՄԸՀԵԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ

Կարոյի իսկական նպատակը դարձյալ մնում էր ինձ համար մթության մեջ: Ես չգիտեի` ի՞նչ էր կամենում անել նա. ինձ հասկանալի չէր` ինչո՞ւ համար նա իր ընկերներին այս կողմ և այն կողմ էր ուղարկում: Եվ իր` Կարոյի ասորոց կաթողիկոսիայն կիսավայրենի զինվորի և քահանայապետիմոտ գնալը արդյոք ի՞նչ խորհուրդ ուներ: Կարոն այն մարդերից չէր, որ օդի մեջ ամրոց կառուցանե կամ դատարկ ցնորքների ետևից ընկնե: Նա կցաներ այնտեղ, որտեղից հաստատ գիտեր, թե հնձել կարող է: Իսկ այդ բոլոր զգուշավոր և գաղտնածածուկ նախապատրաստություններից ի՞նչ օգուտ պետք է քաղեր նա:

Ահա մտքեր, որոնք ինձ պաշարեցին նամակի ընթերցումից հետո:

Կարոյին ես ճանաչում էի այն ժամանակ, երբ նա մի լուռ, մտախոհ, միևնույն ժամանակ դեպի ամեն վատություն ոխերիմ պատանի էր: Երբ նա մեր դպրոցից անհայտացավ, այնուհետև նրա մասին ոչինչ չգիտեի, թե ո՞ւր գնաց նա, ի՞նչով էր պարապում այնքան ժամանակ և ի՞նչ առիթով կրկին վերադարձավ: Միայն հասարակական կարծիքը նրա մասին լավ չէր խոսում. նրան համարում էին մի համարձակ սրիկա և ավելի ոչինչ:

Բայց մի մարդ, որ միշտ անբախտի և թշվառի բարօրության համար էր մտածում, մի մարդ, որ աշխատում էր նեղյալի հանգստության համար, կարո՞ղ էր սրիկա լինել:

Ներքին ձայնը պատասխանում էր` ոչ:

Իսկ միևնույն ժամանակ Կարոյի անսահման բարեմտության հետ խառն նկատվում էին արարմունքներ, որոնք բարի մարդու գործեր չէին: Մարոյի հայտնած գաղտնիքը «քանդված մատուռի» մոտ, Ղանլի-դարայի մեջ, այն նվիրական ծառերի հովանու տակ, — թե որպես Կարոն սպանել էր իր ընկերներից մեկին, մի հնդկացի երիտասարդի, ամենափոքր կասկածանքի պատճառով, — այս սարսափելի եղեռնագործությունը ես տակավին մոռացել չէի: Իսկ այժմ իր նամակի մեջ նա ծերունի որսորդին առաջարկում էր մի ուրիշ չարագործություն` «հանգստացնել» Հոգվոց վանքի վարդապետին, կտրել մի օծյալ գլուխ, և կիսախելագար Մըհեն պետք է կատարեր դահճի պաշտոնը:

Բայց կմասնակցե՞ ծերունի որսորդը մի այսպիսի արյունոտ գործին, մտածում էի ես:

Ներս մտավ Մարոն ծիծաղելով, նա ձեռքը սեղմել էր իր կուրծքի վրա, կարծես աշխատում էր պահել իր ծիծաղը, թեքթեքվում էր, ուզում էր խոսել, բայց դարձյալ զսպել իր ծիծաղը չէր կարողանում. այնպես ծիծաղելով ընկավ օթոցի վրա, համարյա թե մարեցավ:

Ի՞նչ է պատահել, — հարցրի ես:

Նա չկարողացավ պատասխանել:

Հանկարծ դռները, շառաչմամբ ետ գնացին, լսելի եղավ Մըհեի ձայնը.

Ո՞ր սատանան տարավ իմ տրեխները:

Վիթխարի կերպարանքը հայտնվեցավ սենյակի մեջ, որպես մարմնացած կատաղություն: Նա իր ձեռքում բռնած ուներ մի ահագին լախտ, որի գնդաձև գլխի վրա մեխել էր իր կյանքի մեջ գտած բոլոր բևեռները:

Մարոն սկսեց հավատացնել Մըհեին, թե ինքը նրա տրեխների կորուստի մեջ հանցավոր չէ, թե նա շատ ցավում է, որ այսպես էր պատահել: Եվ ավելացրուց, տրեխները բոլորովին հում կաշուց շինած լինելով, և որովհետև ինքը Մըհեն չէր հագնում նրանց, այլ քարշ տալով ախոռի պատից, պահում էր զատիկ օրվա համար, տրեխները բոլորովին չորացել և կծկվել էին: Երբ Մըհեն դրեց նրանց ջրի մեջ, որ փափկեն, լայնանան, որ կարողանա հագնել, անիծված շունը օգուտ քաղելով Մըհեի բացակայությունից, գողացավ տրեխները, և ինքը Մարոն այս րոպեիս տեսավ, որ նա բակի մեկ անկյունում նստած, դեռ վայելում էր իր անուշ ընթրիքը:

Մարոն այս բոլորը պատմեց մի այնպիսի հեգնական ոճով, որ ավելի շարժեց Մըհեի կատաղությունը և ավելացրուց.

Դու խո գիտես, Մըհե, որքան ես սիրում եմ քեզ: Ես այնպես բա՞ն կանեմ քո տրեխների հետ:

Ես գիտեմ… — քրթմնջաց վիթխարին, և իր վայրենի աչքերը ուղղելով սիրուն օրիորդի երեսին, դուրս գնաց սենյակից:

Իմանում ես, Ֆարհատ, ախար այդ հիմարը սիրահարված է իմ վրա, — դարձավ Մարոն դեպի ինձ:

Չէ կարելի քեզ տեսնել ու չսիրահարվել:

Նա որպես թե չլսեց իմ խոսքը:

Խե՜ղճ տղա, նա մինչև այսօր պահում է իր ծոցի մեջ իմ հին գուլպաների մի հատը: Քանի՜ տարի է: Շատ անգամ տեսել եմ, ինչպես հանում է նա ծոցեն, մտիկ է անում, ուրախանում է ու սեղմում է շրթունքի վրա: Մի անգամ հիվանդ էի ես. ձմեռ էր, խեղճը նստում էր իմ սենյակի դռանը, ամբողջ գիշերը չէր քնում. դռան ճեղքից ականջ էր դնում, թե ինչպես շունչ եմ քաշում ես, որպես հոգոց եմ հանում: Շատ անգամ ես լսում էի, նա լաց էր լինում. մի այնպիսի գազանը լաց էր լինում: Դու գիտե՞ս, Ֆարհատ, իմ սենյակի դուռը բացվում է ուղիղ բակի մեջ. նա նստում էր ձյունի և սառի տակ:

Երևի, նա երբեմն քաղցրիկ խոսքեր է ասում քեզ:

Ոչ, չէ ասում: Նա միայն մտիկ է անում իմ երեսին, խորին կերպով մտիկ է անում, ուրախանում է, երբ ես նրան ուշունց եմ տալիս:

Երևի, դա նրան զվարճություն է պատճառում:

Հա՛, մի այդպիսի բան: Լսիր, մի անգամ նա ինձ ասաց` «Մարո, բե՛ր ձեռքս քսեմ քո մազերին»:

Դու բարկացա՞ր:

Չբարկացա: Եթե մի այսպիսի խոսք Սագոն ասեր, ես կբարկանայի, բայց Մըհեն ինչ որ ասե, ես չեմ բարկանա. նրա սիրտը իստակ է, նա չէ հասկանում ինչ բան է սերը:

Դու հասկանո՞ւմ ես:

Մարոն ոչինչ չպատասխանեց, որովհետև նույն րոպեում լսելի եղավ շան խորին կնձկնձոցը և իսկույն լռեց գիշերային մթության մեջ:

Վա՜հ, այս ի՞նչ արեց, երևի այն հիմարը շանը սպանեց, — ձայն տվեց Մարոն և ճրագը խլեց, դուրս թռավ:

Ես էլ գնացի նրա հետ: Եվ իրավ, շունը անմռունչ կերպով ընկած էր բակի մեջ. ճրագի լուսով մենք տեսանք` նրա գլուխը Մըհեի լախտի մի հարվածից բոլորովին փշրվել էր և ուղեղը դուրս թափվել:

Թաղե՜մ քո սարսաղ գլուխը, ինչո՞ւ սպանեցիր շանը, — ասաց Մարոն ցավողի կերպով:

Մըհեն, որ դեռ կանգնած էր իր զոհի մոտ, ոչինչ չպատասխանեց, մոտեցավ բակի դռանը, ոտքով մի կողմ գլորեց ահագին քարը, որ դրած էր դռան ետևը փականքի տեղ, և լախտը իր ուսին դնելով, լուռ ու մունջ դուրս գնաց:

Ո՞ւր է գնում նա, — հարցրի ես Մարոյից:

Աստված ոչ գիտե նրա գլուխը: Նա երբ որ իր մահակը վեր առավ, տրեխները հագավ, կնշանակե հեռու տեղ ունե գնալու: Թե չէ ողջ տարին նա բոբիկ ոտքերով է ման գալիս. ոտնամանը մի ծանրություն է նրա համար:

Նա հիմա էլ ոտնաման չուներ:

Նրա համար, որ շունը կերավ: Փակիր դուռը, Ֆարհատ:

Ես մոտեցա դռանը. այն քարը, որ Մըհեն մեկ ոտքով հեռու գլորեց որպես թեթև տաշեղ, ես հազիվ կարողացա երկու ձեռքով իր տեղը դնել: Մարոն տեսնելով այդ, սկսեց ծիծաղել:

Այնպես, խո ես էլ կարող էի մոտ մղել քարը:

Դե՛, փորձիր:

Եվ իրավ, Մարոն ավելի թեթև կերպով, քան թե ես, վեր առավ ահագին քարը և բարձրացրուց գետնից:

Դու ուժեղ ես, Մարո, դրա համար էլ Մըհեն քեզ սիրում է, որ իր պես ուժեղ ես:

Սատկի՜ Մըհեն, ես նրան էլ չպետք է սիրեմ, — պատասխանեց նա, երբ կրկին տեսավ սպանված շանը, որի ահագին դիակը պառկած էր բակի մեջ:

Մյուս շները հավաքվել էին և լիզում էին իրանց բարեկամի վերքը: Կարծես, ուզում էին բժշկել նրան:

Մենք գնացինք սենյակը:

Ես գիտեմ Մըհեն ուր գնաց Մարո:

Ո՞ւր գնաց:

Չեմ ասի, վախենում եմ ուրիշին ասես:

Ես խո երեխա չեմ:

Ես հայտնեցի Մարոյին, ինչ որ գիտեի Մըհեի ճանապարհորդության նպատակի մասին: Նրա դեմքն ընդունեց խիստ աղոտ արտահայտություն և խոսեց բարկացկոտ, դողդոջուն ձայնով:

Ես հավատում եմ, նա կանե, նա պատրաստ է ամեն բան անել, երբ հայրս հրամայում է նրան: Ա՜խ, հայրս...

Նա խեղդեց իր ձայնը և չշարունակեց խոսքը:

Րոպեական լռությունից հետո նա ասաց.

Դու գիտե՞ս, Ֆարհատ, Մըհեն մարդասպան է:

Ո՞րպես:

Մարոն պատմեց, թե Մըհեն հաղբակեցի չէ, ինչ որ երկրից է, որի անունը մոռացել է, բայց այն երկիրը շատ հեռու է: Թե նա, Մըհեն ունեցել է մի քույր, որպես ինքն է ասում, գեղեցիկ աղջիկ: Նրանց գյուղի աղայի տղան աչք է ունեցել Մըհեի քրոջ վրա: Քույրը հայտնել է եղբորը: Աղայի տղան հայ չէ լինում, «անօրեն» պարսիկ է լինում: Մի օր քույրը մենակ գնում է դաշտից խոտ քաղելու, աղայի տղան նրան բռնում է, չարչարում էՄըհեն վրա է հասնում և իր դանակով նրա վիզը կտրում է, ու հետո թողնում է այն երկիրը, փախչում է:

Ես Մարոյին պատասխանեցի, թե այս գործի մեջ Մըհեն շատ հանցավոր չէ, թե ես ինքս այնպես կվարվեի, եթե մեկը համարձակվեր անպատվել իմ քրոջը:

Ես ինքս կսպանեի մի այնպիսի տղին, և չէի թողնիլ, որ եղբայրս մեջ մտներ, — պատասխանեց Մարոն: — Բայց Մըհեն այստեղ էլ շատ բաներ է արել

Ի՞նչ բաներ:

Չեմ կարող ասել, մի՛ հարցրու: Հայրս պատվիրել է, որ ոչ մի մարդու չասեմ:

Ի՞նձ էլ:

Քեզ էլ:

Ես տեսա, որ անկարելի էր Մարոյից խոսք դուրս քաշել այս գաղտնիքի մասին, որովհետև Մարոն միամիտ աղջիկներից չէր: Եվ հարցրի.

Ինչո՞ւ հայրդ պահում է իր մոտ մի այսպիսի մարդասպանին:

Նրա համար, որ նա մարդասպան է:

Լա՞վ է մարդ սպանելը:

Վատ մարդուն, իհարկե:

Ուրեմն դու ինչո՞ւ Մըհեի վրա բարկանում ես:

Նրա համար, որ նա սպանեց շանը:

Շունը մարդից լա՞վ է:

Շատ մարդերից, որոնք վատ են, ինչպես քրդերը: Շունը մեր տունը պահում էր: Բայց քրդերը մեր տունը քանդում են:

«Իսկ և իսկ իր հոր կտորն է»... ասեցի ես իմ մտքում:

Գիտես, Ֆարհատ, ո՜րքան գող են քրդերը. նրանց երեխաներն էլ գող են. հենց որ օրորոցից դուրս են թռչում, գողություն են անում: Անցյալ տարի մեր հավերի ճուտերից ամեն օր մեկը պակասում էր, էնպես որ տասներկու ճուտից մնաց երեքը: Ո՞վ է տանում, տեր աստված: Հայրս ասում էր` քորքորան (ուրուրը) է տանում: Մըհեն ասում էր` աղվեսն է գողանում: Ես բակի բոլոր ծակերը բռնեցի, որ աղվեսը ներս չմտնի. մի ծակ միայն բաց թողի, որ գալու ժամանակ բռնեմ նրան: Գիշերը նստում եմ, մտիկ եմ անում, մտիկ եմ անում, աղվեսը չկա: Ցերեկով մտիկ եմ անում, ագռավն էլ չէ թռչում մեր կտուրի վրայով: Բա՛ ո՞վ է տանում ճուտերը: Մի օր տեսնեմ, մեր հարևան քրդի աղջիկը, Գյուլին, մեր տան դռնիցը անց կացավ, մտավ մարագը, կանչեց՝ ճո՜ւ, ճո՜ւ: Ճուտերը նրա ձայնին սովորած էին, իսկույն դուրս վազեցին: Նա կուտ գցելով, ճուտերին հեռացրուց, տարավ մինչև մեր տան մոտի խրամը, իջավ փոսի մեջ: Ի՞նչ սատանա է: Ես վրա հասա, տեսնեմ` ճուտերից մեկը բռնել է, ուզում է տանել: «Տո, սատկած Գյուլի, ո՞ւր ես տանում մեր ճուտը», ասում եմ ես ու բռնում նրա ծամերից: Նա մատները գցեց, ուզում էր իմ երեսը ճանկռտել: Ես բռնեցի բողազից (շնչափողից), դրի տակս, խեղդում եմ, խեղդում, մինչև աչքերը դուրս թռան: Ափսո՜ս, որ Հասոն եկավ, ձեռքիցս առեց:

Մե՞ծ էր այն աղջիկը:

Տես, այսքան բարձր էր ինձանից: — Նա ձեռքը տարավ դեպի գլուխը և կես արշինի չափ վեր բռնեց: — Մինչև այսօր էլ Գյուլին ինձ հետ ոխ ունի, ասում է` քեզ մի օր պետք է սպանեմ: Հո՜ղեմ դրա սարսաղ գլուխը, լա՜վ մարդու է սպանում... Ի՜նչ նրա ատամների խարջն եմ...

Վերջին խոսքերը Մարոն արտասանեց մի առանձին հպարտությամբ: Նա շարունակեց.

Ախար, քրդերը ամենն այսպես են, հենց որ նրանցից վախենում ես, գլխիդ նստում են: Մի անգամ ձեռքիդ ուժը ցույց տվեցիր, էլ մոտ չեն գա: Այն օրից մեր հավերից և ոչ մեկը չի կորել: Է՜հ, ինչքան խոսեցի եսհիմա դու կասես` կոտրած ջաղացի պես չըխկչըխկում է

Չէ՛, ես այսպես չեմ ասի. ես կասեմ` դու շատ լավ աղջիկ ես:

Դրո՞ւստ:

Քո արևը գիտենա:

Բաս բե՛ր ականջիդ մի բան ասեմ:

Ես ականջս մոտ տարա նրա բերնին. նա ինչ-որ փսփսաց, և ես զգացի, որ ջերմ շրթունքները կպան իմ երեսին...

Լ

ՔՐԴՈՒՀԻՆ ԵՎ ՀԱՅՈՒՀԻՆ

Առավոտյան ես զարթեցա խիստ վաղ: Իմ սենյակի պատուհանից տեսա, — կովերը բակումը կանգնած էին, Մարոն կթում էր նրանց: Նրա շապիկի թևքերը ծալած էին, և ձեռքերի բազուկները մինչև արմունկը մերկ էին: Ի՜նչ գեղեցիկ էին այն լիքը, կլորիկ բազուկները: Ես ագահ աչքերով մտիկ էի անում: Գոգնոցը կապած չէր, և շապիկի օձիքի ճեղքից երբեմն դուրս էր նայում սիրուն կուրծքը: Նա վարսակալի նման մի սև բան կապել էր բաց գլխին, և նրա տակից խիտ ծամերը փռփռում էին առավոտյան հովի հետ: Մարոն երբեք չէր երևացել ինձ այնքան հրապուրիչ, որպես այն առավոտ: Նա իր կարմիր շապիկի մեջ, որ իջնում էր մինչև ոտքերը, ներկայացնում էր հովվական կյանքի մարմնացած անմեղությունը:

Նա վերջացրեց իր գործը և սկսեց կովերը քշել դեպի նախիրը:

Խաթունըծերունի որսորդի տնակալուչ պառավը, — զբաղված էր թոնիր վառելով: Հասոյի կինը, որսորդի հարսը, ծածկյալ ուրվականի նման, լուռ և մունջ, պտըտում էր թոնրի շուրջը, պառավի զանազան պատվները կատարելով: Այնքան ժամանակ ես չկարողացա տեսնել այս կնոջ երեսը կամ լսել նրա բերանից մի խոսք: Նա ոչ ոքի հետ չէր խոսում, բացի Մարոյից և բացի իր ամուսնից, այն ևս այն ժամանակ, երբ երկուքը միասին էին, և երրորդ անձն չկար նրանց մոտ:

Տանեցիներից ուրիշ մարդ չէր երևում:

Միայն Հասոյի երեխաները, քարշ ընկած մոր փեշերից, ճչվչում էին, պահանջում էին մի բան ուտելու: Մայրը խփում էր նրանց գլխին, պատվիրում էր, որ սուս կենան և համբերեն:

Ես նկատեցի, Մարոյի խոսքը բոլորովին ուղիղ էր, որ նա ասաց ինձ իր հորը ճանապարհ դնելեն հետո` «մենք էլի մնացինք մենակ»...

Եվ իրավ, ծերունի որսորդը գնաց եզիդիների ցեղապետի մոտ: Մըհեն սատանայի պես անհայտացավ: Հասոն իր ագարկից տուն չէր դառնում. նա պարապված էր իր դաշտային գործերով: Պառավ Խաթունը թոնիրը վառելեն և կերակուրները եփելեն հետո, նստում էր չարդախի տակ, այն հով տեղում բուրդ էր մանում: Հասոյի կինը հանգստություն չուներ իր երեխաների ձեռքից: Էլ ո՞վ էր մնում, — ես ու Մարոն, որ բավականին ազատ ժամեր ունեինք, խոսի՛ր, ծիծաղի՛ր, որքան քեֆդ է: Մարոն շուտ դարձավ նախիրից: Նա մոտեցավ, իմ սենյակի պատուհանից նայեց, որ իմանա ես զարթնե՞լ եմ, թե ոչ: Երբ տեսավ ինձ հագնված, ներս մտավ: Նրա դեմքը բավականին տխուր էր:

Գիտե՞ս, Ֆարհատ, — ասաց նա, — երբ կովերը հասցրի նախիրին, ետ դառնալու ժամանակ անցա գյուղի միջով: Ամեն տներից գալիս էր գաթայի ու նազուքի հոտը, ամեն տեղ հալվա էին շինում: Բոլորը պատրաստվում են ուխտ գնալու:

Ո՞րտեղ:

Չե՞ս իմանում: Այսօր հինգշաբթի է, էգուց ուրբաթ, մյուս օրը...

Շաբաթ:

Հա՛: Շաբաթ օրը սուրբ աստվածածնի ուխտի օրն է: Ողջ Հաղբակը այնտեղ կլինի:

Սալմաստն էլ այնտեղ կլինի, — պատասխանեցի ես:

Իրավ որ, նրա տոնին այնտեղ հավաքվում էր մեծ բազմություն սալմաստեցի և հաղբակեցի ուխտավորների: Չգիտեմ ինչո՞ւ աստվածածնի անունը հիշեցրեց իմ մանկությունը: Այնտեղ ամեն տարի տանում էր ինձ մայրս, քույրերիս հետ, տոնական հանդեսների ժամանակ:

Բա՛, ամենը գնան, ես մնա՞մ, — հարցրուց Մարոն:

Դու էլ գնա:

Ո՞ւմ հետ: Հայրս տանը չէ: Մըհեն կորավ: Եղբայրս այսպիսի բաների գլուխ չունի: Ո՞վ կտանե ինձ:

Ես:

Դու հանաք ես անում, Ֆարհատ:

Ես հավատացրի Մարոյին, որ իմ խոստմունքը կատակ չէր, թե ես բոլորովին մոռացել էի, որ այս շաբաթ աստվածածնի տոնն է, հիմա որ իմացա, ես ինքս մեծ ցանկություն ունեմ այնտեղ գնալու, որովհետև գիտեմ, ուխտավորների թվում կլինեն մեր քաղաքացիներից շատերը, գուցե նրանց մեջ կգտնեմ իմ բարեկամներին, որոնցից այնքան ժամանակ բաժանված էի:

Կարելի է տեսնես մորդ և քույրերիդ:

Շատ կարելի է:

Լավ: Հիմա ինչ եմ ուզում անել, Ֆարհատ, — շարունակեց Մարոն ծանր կերպով: — Առանց եղբորս կամքին ես չեմ կարա գնալ, դու պետք է խնդրես Հասոյից, որ ինձ թող տա քեզ հետ գալու: Դու ասա նրան, թե ինքդ ուզում ես ուխտ գնալ, ինձ էլ տանում ես քեզ հետ: Հասոն քո խաթրը շատ ունի, քո խոսքը չի կոտրի: — Այսպես կասես, հա՞:

Հա՛, այդպես: Ես այս րոպեիս կերթամ Հասոյի մոտ, քեզ համար հրաման կառնեմ:

Մարոն փաթաթվեցավ ինձ որպես երեխա, որին խոստանում են բազարից քիշմիշ բերելու: Նա թողեց ինձ և դուրս վազեց, ասելով.

Սպասի՛ր, մի քիլ կաթ բերեմ խմի՛ր, քաղցած մի՛ գնա:

Նա շուտով բերեց մի մեծ թասով կաթ և մի կտոր հաց: Նախաճաշիկս անելեն հետո, ես դիմեցի դեպի Հասոյի արտը:

Հասոն սկզբում շատ դժվարացավ մեր ուխտ գնալու մասին, ասելով, թե տունը բոլորովին կմնա անտեր, թե տունը առանց տղամարդի հսկողության թողնել չի կարելի, որովհետև ամեն գիշեր գողություններ են պատահում. թե նա, Հասոն, պետք է ստիպված լինի թողնել դաշտը և գնալ տանը պառկելու. այն ժամանակ նրա ցանքերը կմնան առանց հսկողության: Նա ավելացրուց, թե անիծած քրդերն իստակ բարբարոսներ են, որքան կարողանում են վեր առնել` գողանում են, իսկ մնացածը փչացնում են և այնպես հեռանում: Եվ նա այս պատճառով ամբողջ գիշերը չէ քնում, հենց հրացանը գոգին դրած, նստում է և բաց աչքերով հսկում է. աչքդ խփեցիր, բոլորը կտանեն: Եվ վերջացրուց, թե իր հայրը-ծերունի որսորդըկամ Մըհեն եթե հեռացան, նրանք հույս ունեին իմ վրա, հիմա որ ես էլ գնամ, գիշերները տանը ո՞վ պետք է նայե և այլն:

Ես պատասխանեցի, թե մեր գնալ և գալը կտևե ոչ ավելի քան թե մի շաբաթ, և այս միջոցում դժվար չէր լինի մի մարդ վարձել և դնել տանը որպես պահապան:

Այնուհետև Հասոն շատ խուլ կերպով ակնարկեց, թե հասարակության կարծիքը վատ բացատրություն կտար մի այսպիսի նոր, և իրանց երկրում դեռ օրինակը չտեսնված, երևույթի մասին, երբ մի չափահաս աղջիկ մի քանի օրով ուխտ է գնում, իր մոտ ազգականը չեղող օտար տղամարդի հետ:

Հասոյի ակնարկությունը թեև բոլորվին ճիշտ էր, բայց ես կամեցա հերքել, ասելով` թե Մարոն ինձ համար նույն նշանակությունն ունի, որպես իրան, Հասոյի համար, նա մեր երկուսիս քույրն է: Մենք ամենքս երեխայությունից մեծացել ենք միասին, որպես միևնույն գերդաստանի զավակներ:

Դրուստ է քո ասածը, Ֆարհատ, — պատասխանեց նա: — Բայց դու տեսե՞լ ես, որ մեր երկրում մի քույր իր եղբոր հետ հեռու տեղ ուխտ գնար:

Չեմ տեսել:

Էլ ի՞նչ ես խոսում: Կովը կովի մոտ են կապում, հորթը` հորթի մոտ, եզը` եզան մոտ: Այսպես էլ են մարդիկը:

Հասոն սովորություն ուներ իր խոսակցության մեջ ամեն օրինակները վերառնել անասուններից: Դասավորել տեսակը տեսակի հետդա նրա համար օրենք էր:

Ես կգնամ մենակ, առանց Մարոյին իմ հետ տանելու:

Նա ոչինչ չպատասխանեց, մտածության մեջ ընկավ:

Ես գուցե կրկին չեմ վերադառնա, — ավելացրի ես:

Հասոն նկատեց, թե որպիսի վիրավորական հանգով հայտնեցի իմ վերջին և վճռական խոսքը, որ դրեց նրան խիստ դժվար դրության մեջ: Նա գիտեր, որ իր հայրը ցանկանում էր ինձ իր մոտ պահել. այժմ հոր բացակայության ժամանակ առիթ տալ ինձ հեռանալու, դա գցում էր Հասոյի պատասխանատվության ներքո:

Հասոն անկեղծ էր. նա չուներ խորամանկ մարդու ձևերը: Նա հայտնեց, թե Կարոն ինձ հանձնել էր նրա հորը, իսկ հայրը գնալու ժամանակ պատվիրեց Հասոյին, որ վարվեն իմ հետ եղբայրաբար, որպեսզի որսորդի տունը ինձ ձանձրալի չլիներ, և ավելացրուց, մի փոքր հանաքի ձև տալով իր խոսքերին:

Դու երեխայությունից իրասածի (համառ) տղա էիր, Ֆարհատ: Ես գիտեմ, թե քեզ կարողանամ հանգստացնել, Մարոյին չեմ կարող. նա ավելի կապը-կտրած է: Գնացեք, ինչպես ուզում եք, այնպես արեցեք, ես էս գործիցը ձեռքերս լվանում եմ...

Մարոն ուզում է, որ քո կամքովն լինի:

Ուրեմն, թող Խաթունին էլ իր հետ վեր առնե:

Դարձյա՞լ «կովը կովի հետ»…

Հասոն ծիծաղեց: Ծիծաղը նրա բարի երսի վրա փոխվեցավ ժպիտի և նա ասաց.

Քույրս քեզ շատ է սիրում, Ֆարհատ:

Ի՞նչ գիտես:

Նա ինքն ասաց ինձ:

Թող սիրե, ավելի լավ:

Բայց դո՞ւ:

Ե՞ս... Մենք սիրում էինք մեկ մեկու, երբ դեռ երեխա էինք:

Այն սերն ուրիշ էր:

Սերը միշտ սեր է. նա չի փոխվում:

Դու կարդացողի գլուխ ունես, Ֆարհատ, քեզ հետ դժվար է խոսելը, — ասաց Հասոն և բարձրացրուց իր խարազանը, սկսեց քշել արորին լծած եզները:

Ես հեռացա:

Զարմանալին այն էր, որ մի քանի շարականներ սովորած լինելով, այն ժամանակ ես ուսումնական էի համարվում: Իհարկե, Հասոյի աչքում ամեն տիրացու կշիռ ուներ թեև ես ինքս այժմ ծիծաղում եմ իմ այն ժամանակվա գիտության վրա:

Հասոյի արտը բավականին հեռու էր գյուղից: Ես շտապում էի շուտ տուն հասնել, հայտնել Մարոյին եղբոր համաձայնությունը. այդ պատճառով ընտրեցի թեև դժվարին, բայց ավելի կտրուկ և կարճ ճանապարհը: Հարկավոր էր միայն իջնել ձորը, անցնել մի քանի բլուրներ, վերջին բլուրի վրա արդեն կանգնած էր ծերունի որսորդի տունը:

Արեգակը թեև մի ժամ առաջ ծագել էր, բայց չէր երևում: Օրը մառախլապատ էր, և մռայլոտ ձորի խլությունը տալիս էր նրան գերեզմանի նմանություն: Այստեղ մի հազիվ նշմարելի շավիղ ոլոր-մոլոր գնում էր ձորի միջով, տեղ-տեղ թաքնվում էր խոտերի մեջ, իսկ երբեմն ծածկվում էր փուլ եկած ժայռերի բեկորներով: Այս զառիվայր և զառիվեր ճանապարհով կարող էին շրջել միայն եղջերուները:

Խորասուզված մտածությունների մեջ, համարյա աննկատելի էր ինձ ճանապարհի դժվարությունը, ինձ պաշարել էր աստվածածնի ուխտագնացության ուրախությունը: Մտածում էի, այնտեղ ուխտավորների թվում կտեսնեմ մեր քաղաքացիներից շատերին. գուցե մայրս, Մարիամը և Մագթաղը նույնպես նրանց հետ կլինեն: Մայրս ամեն տարի կատարում էր աստվածածնա ուխտը: Ո՜րքան կուրախանա նա, ո՜րքան կուրախանան քույրերս, երբ որ ինձ կտեսնեն: Երևի նրանք իմ մասին շատ տխուր են, ինձ բոլորովին կորած են համարում...

Եվ վերջ ի վերջո ես մտածում էի, գուցե կտեսնեմ և Սոնային. նրա հայրն որպես քահանա կգար գյուղացիների հետ (նրա հունձի օրն է), Սոնային ևս կբերե իր հետ: Ի՞նչ կասե Սոնան, երբ կտեսնե ինձ:

Ծերունի որսորդի տունը գալեն հետո, առաջին անգամ ջերմ կարոտով ես հիշեցի մեր խրճիթը, հայրենական երկիրը և այն մարդիկներին, որոնց ճանաչում էի, որոնց հետ սնվել ու մեծացել էի:

Երևցավ մի բարակ վտակ, որ խաչաձև կտրելով իմ ուղին, թափվում էր փոքր-ինչ հեռու ձորի խորության մեջ: Նա այնքան հստակ էր, որպես բյուրեղ: Երբ թեքվեցա ջրիցը խմելու, տեսնում եմ, վտակը բերում է իր հետ խիստ մանր ավազներ, որ անկարելի էր խմել: Ես դիմեցի դեպի ջրի աղբյուրը, որ երևում էր շատ հեռու չպետք է լինի: Մի աղոտ բան անորոշ կերպով խլրտվում էր, թեև մոտ էր նա, բայց վաղորդյան մառախուղը թույլ չէր տալիս պարզ տեսնել: Երբեմն կծկվում էր նա, երբեմն բաժանվում էր, և ամեն մի մասը տնկվելով գետնի վրա, մարդու մռայլ կերպարանք էր ընդունում: Նրանք դարձյալ միացան և կազմեցին մի սև շարժուն գունդ: Ի՞նչ պետք է լինի: Մոտենում եմ: Երկու արարած, միմյանց փաթաթված, աշխատում էին մինը մյուսին տակով անել: Նրանք կանայք էին: Մեկի ձեռքում փայլեց դանակը: Ես մոտ հասա: Մարոն տարածել էր գետնի վրա մի աղջկա, և նրա բազուկը պինդ բռնած, աշխատում էր ձեռքից խլել դանակը: Սարսափելի մի տեսարան էր այդ: Երկու կատաղած առյուծուհիք մենամարտում էին: Մարոյի հակառակորդը քրդուհի էր: Ես վրա հասա և բաժանեցի նրանց:

Ես քեզ դարձյալ կստակացնե՜մ, դու իմ ձեռքից չե՜ս պրծնի, — ասաց քրդուհին, որի գեղեցիկ, սևորակ աչքերը նույն րոպեում ընդունել էին գազանի աչքերի նմանություն:

Մարոն ոչինչ չասաց, նա այնքան վրդովված էր, որ խոսել չէր կարողանում: Նա պատասխանեց իր արհամարհական նայվածքով:

Քրդուհին ավելի գեղեցիկ է իր կատաղության րոպեում. նրա հոգին և արտաքին կերպարանքը կազմակերպում են այն ժամանակ մի ամբողջ պատկեր, որի մեջ նա երևում է իր բոլոր քաջազնական բնավորությամբ:

Ես չէի կարող առանց համակրության նայել լեռների այն ազատ դստեր վրա, թեև մի րոպե առաջ նա ուզում էր սպանել Մարոյին:

Ինչո՞ւ էիր սպանում այս աղջկան, — հարցրի ես քրդուհիից:

Դու չգիտես, աղա, — նա ինձ համարում էր թուրք, — ի՜նչպես սատանա է այս աղջիկը, կասես թե ֆըլա (հայի նախատական կոչումը քրդի լեզվում) չլինի. նա համարձակվում է ձեռքը բարձրացնել իմ վրա. մի օր ուզում էր խեղդել ինձ: Ո՞ր հայը այսպես կանե:

Հայը ի՞նչ է, որ չկարողանա այսպես անել:

Հայը շո՜ւն է, հենց որ հաչե, գլխին խփի՛ր, ձենը կկտրե...

Արյունը վազեց դեպի իմ գլուխը, ձեռքերս դողացին: Բայց ի՞նչ մեղ ուներ քրդուհին, երբ անարգում էր մի ազգություն, որ ինքն իր ստորությամբ առիթ էր տվել իր մասին կազմել մի այսպիսի վատ կարծիք...

Բայց Մարոն համբերել չկարողացավ. նա կրկին հարձակվեցավ քրդուհու վրա և մի հարվածով գլորեց նրան գետին: Ես դժվարությամբ կարողացա ազատել նրա ճանկերից ու սակավ կատաղած զոհը:

Թո՛ղ տուր խեղդեմ դրան, — ասում էր Մարոն:

Շո՜ւն, — գոռում էր քրդուհին:

Այն ժամանակ միայն նկատեցի, որ Մարոյի ձեռքից արյուն էր հոսում: Երբ առաջին անգամ քրդուհու բազուկը բռնած, նա աշխատում էր խլել նրանից դանակը, մատը վիրավորել էր, և իր խռովության մեջ չէր զգում ցավը: Ես ուզեցի փաթաթել վերքը, բայց նա թող չտվեց, ասելով, թե ինքն ևս կարող է փաթաթել: Նա մոտեցավ աղբյուրին, սկսեց սառն ջրով լվանալ արյունը:

Քրդուհին գցեց իր ուսին մի տոպրակ, որի մեջ դրած էր մի գառն, և իր քայլերն ուղղեց դեպի գյուղը:

Ո՞ւր ես տանում այս գառը, — հարցրի նրանից:

Տանում եմ «աստծու մարդու» համար, — պատասխանեց նա հանդարտ կերպով:

Ո՞վ է «աստծո մարդը»:

Նա գրում է թիլիսմաններ, և որ տղային սիրում է աղջիկը, նրան բերում է այն աղջկա համար:

Ուրեմն դու սիրո՞ւմ ես մեկին:

Ահմեի որդի Սաֆոյին: Նա մի քաջ որսորդ է:

Իսկ այդ գառը քո հոր հոտի՞ցն է:

Ես նրան գողացա ճանապարհին գալու ժամանակ:

Երևի, հայերի ոչխարներից: Այդպես չէ՞:

Բա՛ ո՞րտեղից: Քրդի գառը ես չեմ գողանա:

Հեռո՞ւ է քո հոր չադրը:

Խանա-Սորի այն կողմը: Ես այնտեղից դուրս եկա, երբ լույսը դեռ չէր ծագել: Հայրս չիմացավ:

Ավելի քան երեք մղոն ճանապարհ էր եկել քրդուհին: Նա նայեց դեպի վեր, տեսնելու թե արևը որտեղ էր կանգնած և շարունակեց իր ճանապարհը, ասելով.

Ես հեռու պետք է գնամ. «աստծո մարդը» կենում է այստեղից շատ հեռու. տե՛ս, այն կապույտ սարերի մեջ: Թե մի օր կպատահի քեզ անցնել Խանա-Սորի ձորով, հարցրու այնտեղ Գյուլիի հոր չադրը, նրան կոչում են Ռահմանի որդի Ռահիմ. նա Բիբլասների ցեղապետն է: Գյուլին շատ սիրեց քեզ, դու օգնեցիր նրան:

Քո աչքերը նմանում են նրա Սաֆոյի սուրմայած աչքերին: Գյուլին հանգստություն կտա քեզ իր հոր չադրում, մի ամսական գառը կմորթե քեզ համար:

Ես կամեցա գեղեցիկ քրդուհու քաղցրախոսությանը պատասխանել նույն ոճով և ասացի.

Բայց Գյուլին նմանում է քյաֆար գյուլի (մուգ-ծիրանի գույն ունեցող վարդի):

Քրդուհի օրիորդի գորշ, բայց սիրուն դեմքի վրա փայլեց մի ժպիտ, նա երեսը շուռ տվեց, շարունակեց իր ճանապարհը, ասելով.

Աստված կտա՜ ինձ մի օր, որ կսպանեմ այն սատանայի քածինՆա ցույց տվեց Մարոյի վրա և հեռացավ:

Մարոն լվացել և փաթաթել էր իր վերքը, երբ ես մոտեցա նրան:

Գիտե՞ս ով էր այն աղջիկը, — հարցրեց նա:

Գյուլին: Այդ աղջիկը գնում էր կախարդի մոտ, որ նրա թիլիսմաներով գրավե իր սիրականին:

Ո՞վ ասաց քեզ: Դու արդեն նրա անունն էլ գիտես

Նա ինքն ասաց:

Բայց դու, Ֆարհատ, բավականին սիլի-բիլի արեցիր նրա հետՇա՜տ խորամանկ ես...

Դրուստն ասեմ, ինձ շատ դուր եկավ Գյուլին:

Նրա համար, որ իմ մատը կտրեց, հա՞:

Մարոյի աչքերում ցոլաց նախանձի կայծը:

Դրա համար չէ: Նա սիրուն աղջիկ է:

Սարսա՜ղ...

Ես քեզ ուզեցի բարկացնել, Մարո:

Առանց դրան էլ բարկացած եմ:

Ի՞նձ վրա:

Հա՛: Ինչո՞ւ չթողեցիր սատկեցնեի նրան:

Գիտե՞ս ինչ կանեին քեզ քրդերը:

Կսպանեին: Թող սպանեին: Մի օր պիտի մեռնեմ. բոլորը մեկ է:

Հետո ես կմնայի առանց Մարոյի:

Նա ոչինչ չպատասխանեց և րոպեական լռությունից հետո հարցրուց.

Հասոն ի՞նչ ասաց:

Ես պատասխանեցի, թե Հասոն համաձայնեցավ մեր ուխտագնացության համար, միայն ասաց, որ Խաթունին պետք է մեզ հետ տանենք: Ես հարցրի, արդյոք ձեռքի վերքն արգելք չէ՞ր լինի:

Այդ ոչինչ, կտրածը շատ չէ, — պատասխանեց նա: — Ո՞րտեղից պատահեց այն անիծածը: Գիշերը վատ երազ էի տեսել, հիմա կատարվեց:

Նա գնում էր կախարդի մոտ իր սիրականի համար թիլիսման գրել տալու:

Հաջորդ էջ