Շիրվանզադե Ալեքսանդր՝   Կյանքի բովից

Ինքն Արծրունին, հիշելով այդ ժամանակները, ասում էր,

Րաֆֆին այդ հասարակության մեջ երբեք չէր խոսում, այլ միայն դիտում էր և ուսումնասիրում:

Իմ տեսած Արծրունին ընկերային մարդ չէր, ուզում եմ ասել, ոչ մի ընկերական շրջան չէր այցելում: Իր կալվածքից զրկվելուց հետո Զվիցերիա գնալով և մի տարի անցած վերադառնալով՝ նա կենում էր Թիֆլիսի նեղ ու կեղտոտ փողոցներից մեկում մի հնաշեն տան մեջ: Նրա անշուք բնակարանը բաղկացած էր՝ չեմ հիշում՝ չորս թե հինգ սենյակներից. նրանց մի մասը խմբագրատունն էր բռնել: Մութ ու խոնավ սենյակներ էին, ուր անընդհատ լսվում էին մերձակա շուկայի աղմուկները: Ցավալի էր տեսնել մարդուն նախկին պալատանման բնակարանից հետո այդ նկուղանման կացարանում, բայց Արծրունին չէր տրտնջում և միշտ ասում էր,

Թող հայ ժողովուրդը «Մշակ»-ին տա 1500 բաժանորդ, և ես գոհ կլինեմ:

Այդ 1500 թիվը նրա երազն էր, ոբ երբեք չիրագործվեց.

Ասում էին, որ Գրիգոր Արծրունին սալոնային մարդ է, գիտե և երգել, և դաշնամուր նվագել: Ես չեմ տեսել ոչ մեկը և ու մյուսը: Առհասարակ ես նրան զվարճասեր չեմ ճանաչել, թեև գիտեր տեղը եկած ժամանակ և զվարճախոսել, և սրամիտ ռեպլիկներ տալ, և անսքող անեկդոտներ պատմել:

Թատրոններում ես Արծրսւնուն հանդիպում էի շատ հազվագյուտ դեպքում, այն է, երբ Ռուսիայից կամ արտասահմանից գալիս էին հռչակավոր դերասաններ կամ երգիչներ: Իսկ հասարակական երեկույթներ, նվագահանդեսներ, պարահանդեսներ և այլն, նա գրեթե երբևէ չէր հաճախում: Մի անգամ միայն նրան տեսա մի բարեգործական բուրժուական երեկույթում, և այդ մի անգամն էլ հակառակորդները, ինչպես ասվում է, «հարամ արին» մարդու գլխին:

Մի ինչ-որ գրչամոլ պառավ աղջիկ «Արձագանք»-ի էջերում գրեց մի անամոթ հոդված և պարսավեց նրան, մեղադրելով, որ սև սյուրտուկի հետ հագել էր մոխրագույն պանթալոն: Արծրունի-Ասիացին մի լավ ծաղրեց այդ պառավ աղջկան, ասելով, որ տղամարղից սև պանթալոն պահանջելու իրավունք միայն այն կինն ունի, որ ինքը պարահանդես է գնում մերկապարանոց (դեկոլտե), երևի պառավ աղջիկը չգիտեր, որ շատ քիչ հայեր կարող էին էտիկետի վերաբերմամբ վիճաբանել Գրիգոր Արծրունու հետ և ավելի քչերը գիտեին նրա նման ճաշակով հագնվել: Արծրունին իր հագուստները պատվիրում էր առաջնակարգ դերձակներին, և նրա արտաքինը, չնայելով մարմնի թերությանը, միշտ հաճելի տպավորություն էր անում տեսնողի վրա:

Գրիգոր Արծրունին ուներ մի քույր և մի եղբայր: Քույրը ամուսնացած էր մի գերմանացի բարոնի հետ, որ երկար տարիներ վարեց փոխնահանգապետի պաշտոն նախ Բաքվում, ապա Քութաիսում: Եղբայրը, Անդրեաս Արծրունին, միշտ ապրում էր արտասահմանում և երբեմն ամառվա արձակուրդներին գալիս էր Կովկաս: Նա քիմիայի պրոֆեսոր էր Գերմանիայում, դասավանդում էր Ախենի համալսարանում: Որքան Գրիգոր Արծրունին դյուրագրգիռ էր, նույնքան Անդրեաս Արծրունին պաղարյուն էր, գոնե ես այսպիսի տպավորություն ունեմ նրանից:

Երբ Գրիգոր Արծրունին, իր կալվածքը կորցնելով, հուսահատ վիճակում գնաց արտասահման, եկավ Անդրեասը բարձի թողված գործերը կարգադրելու: Մի տեսակցության ժամանակ նա ինձ ասաց,

Եթե Գրիգորը մի փոքր պաղարյուն խորհեր և հաշվով գործեր, չէր զրկվիլ և ինձ էլ չէր զրկիլ մեր հայրական ժառանգությունից:

Երեք ու կես տարի Րաֆֆիի մահից հետո, այն է՝ 1892՝ թվականի դեկտեմբերին, վախճանվեց Գրիգոր Արծրունին թոքերի բորբոքումից: Նրա աղճատված մարմինը չդիմացավ սովորական հիվանդությանը քառասուն և ութ տարեկան հասակում, որ շատ հեռու է ծերությունից:

Հիշում եմ այսօրվա պես նրա թաղման օրը: Հորդառատ ձյունը դադարել էր, երկինքը պարզվել: Թիֆլիսը երբեք այդպիսի բազմամարդ և միևնույն ժամանակ անախորժության չափ աղմկալի հուղարկավորություն չէր ունեցել: Գլխավոր դերակատարները, իհարկե, հիմա դաշնակցության հիմնադիրներն էին: Նրանց թելադրությամբ էին գավառներից բազմաթիվ պատգամավորներ եկել: Դագաղին հետևում էին չորս հարյուր քսան ծաղկե պսակներ և մի քանի տասնյակ հազար հուղարկավորներ:

Կառավարությունը գիտեր, որ Գրիգոր Արծրունու թաղումը պիտի լինի մի տեսակ ազգային ցույց և մի զորավոր բողոք իր դեմ, ուստի կարգադրել էր, որ դագաղը չտարվի կառավարչապետի պալատի առջևով: Այլ որոշում էին կայացրել դաշնակցականներր: Մի քանի ամիս առաջ նման ցույց արել էին վրացիներն իրանց նշանավոր գործիչ, նախկին քաղաքագլուխ Թիֆլիսի, ապա աքսորական Կիպիանու թաղմանը: Ոստիկանությունը չկարողացավ զսպել դաշնակցականներից հրահրված երիտասարդությանը, սգո թափորն անցավ պալատի առջևով: Քարկոծվեցին մի քանի ոստիկաններ, արվարձանային ոստիկանապետը վիրավորվեց և ձիուց ընկավ: Այս եղավ ոստիկանության ամբողջ պատիժը, որով հետո այնքան պարծենում էին աղմկարարները: Ընդհանուր տեսարանը տգեղ լինելով, ինձ վրա թողեց շատ գեշ տպավորություն: Գրիգոր Արծրունու թաղումն ավելի համեստ, միևնույն ժամանակ ավելի տխուր և լուրջ էի երևակայել: Եթե Արծրունին նախագուշակեր, որ այդ ձևով պետք է ողբացվի իր մահը, համոզված եմ, որ կարգելեր: Նա փառասեր էր, բայց ոչ աղմկասեր: Նա կարգելեր նամանավանդ, եթե գիտենար, որ իր մահվան շուրջը հարուցված փոթորիկը մեծ մասամբ արվեստական էր, և որ դա սուգ չէր, այլ մի տեսակ նախնական ռեկլամ կազմակերպվող դաշնակցության համար:

Գրիգոր Արծրունին ասպարիզից չքացավ ժամանակին: Նա չտեսավ իր մահը: Նա հասել էր բնությունից իրան սահմանված ժողովրդականության վերջնակետին, որից դենը վտանգավոր էր: Նրա զենքն արդեն բթացել էր, նրա «մտրակն» այլևս չէր շաչում նախկին զորությամբ ի, վերջապես, հայ հասարակական կյանքում անցել էր մտրակման շրջանը, և հրապարակախոսից պահանջվում էր ավելի լուրջ և խոհուն վերաբերմունք դեպի հանրային խնդիրները: Սակայն նա հրապարակախոսության մեջ չթողեց արժանավոր ժառանգ: Բոլոր նրա հետևորդները թույլ կրկնություններ էին հնացած երգչի, որովհետև չունեին ոչ նրա տաղանդը և ոչ անկեղծությունը:

Քառորդ դար Գրիգոր Արծրունին ղեկավարեց հայ երիտասարդության միտքը իր ազատամտական ուղղությամբ: Ես չեմ ուզում քննադատել այդ ուղղությունը: Նա արդեն քննադատվում է ներկա սերնդից պատմականորեն և քննադատվում է ընդհանուր առմամբ շատ ճիշտ, գոնե ինձ այսպես է թվում: Այսքանը միայն կարող եմ ես ասել, որ Գրիգոր Արծրունին ըստ էության խոշոր հրապարակախոս չէր, այո, բայց և այնպես իր ժամանակին չուներ հավասար մրցակից: Նա մի Սվիֆտ չէր և ոչ էլ Միխայլովսկի: Նա մի Հանրի Ռոշֆոր էր հայկական չափով, տաղանդավոր, հրավառ, բայց անցողիկ, ինչպես մի հրթիռ: Փայլեց, աղմկեց և լռեց ու չքացավ: Ժամանակակից ընթերցողը եթե կամենա «Մշակ»-ը թերթել, կարդալով Արծրունու հոդվածները, կարող է միայն ժպտալ...

Դաշնակցությունը վերջնականապես կազմակերպվեց Գրիգոր Արծրունու մահից հետո: Հիշում եմ այդ օրերը այսօրվա պես: Կազմակերպիչ կոմիտեի ժողովները լինում էին մեծ մասամբ բժիշկ Հովհաննես Լոռու-Մելիքյանի տանը: Ես իմ ընտանիքով կենում էի այդ տան վարի հարկում և մինչև խորը գիշեր վերից լսում էի բարձրաձայն վիճաբանություններ: Ժողովները վերջանում էին Լոռու-Մելիքյանի ճոխ ընթրիքներով, և հաճախ հայրենասիրական և ռազմական երգեցողությունները խանգարում էին փոքրիկներիս քունն ու իմ գրչի աշխատանքը: Ես շատ անգամ իմ մտքումս անիծել եմ այդ աղմկարար ժողովները էգոիստաբար...

Ես հրավիրված էի կազմակերպվող դաշնակցության խմբագրական մասնաճյուղի անդամ: Մեր նիստերը տեղի էին ունենում ներսիսյան դպրոցի ուսուցիչ Ալեքսանդր Մելիք-Ալահվերդյանի բնակարանում, որ գտնվում էր այժմյա պետօպերայի դեմուդեմ անկյունի տան մեջ: Այդ նիստերին ևս մասնակցել եմ միայն մի քանի անգամ: Սկզբում ինձ հանձնվեց գրել դաշնակցության հավատո հանգանակը «Դրոշակ»-ի համար, գրեցի, իդեոլոգիան չհավանեցին: Հետո հանձնվեց գրել Լևոն Սարգսյանին, նույնպես մերժվեց: Գրեց երրորդը, չորրորդըապարդյուն: Վերջ ի վերջո, չեմ հիշում Ալեքսանդր Մելիք-Ալահվերդյանն էր, թե բժիշկ Լոռու-Մելիքյանը (անկասկած երկուսից մեկը) գրեց մի անշնորհք բան, որով և հրապարակ եկավ «Դրոշակ»-ը ու ենթարկվեց «Հնչակ»-ի կատաղի քննադատության: Հաջորդ համարում լույս տեսավ մի ուրիշ հոդված տարբեր ուղղությամբ ու ոճով: Ով գրեց այս վերջին հոդվածը՝ չգիտեմ:

Ես հեռացա խմբագրական մասնաճյուղից, ժամանակի կորուստ համարելով այնտեղ մնալը: Հարկավ իմ ընկերներից շատերի համար անհասկանալի ու զարմանալի էր, որ մի մարդ գրական գործունեությունը գերադասում է քաղաքական գործունեությունից, բայց ինձ համար ինչպես այժմ, այն ժամանակ էլ ավելի բարձր բան չկար, քան գրականությունը, մանավանդ գեղեցիկ գրականությունը: Կոմիտեն խնդրեց ինձ Կոստանդին Խատիսյանի ընկերակցությամբ գնալ Բաքու և դրամ հանգանակել նորածին կուսակցության համար: Գնացինք և կարողացանք հանգանակել 11000 ռուբլի, մի գումար, որ այն ժամանակ շատ-շատ էր մի անհայտ կուսակցության համար: Մենք բերեցինք այդ գումարը ու հանձնեցինք կուսակցության գանձապահ Գաբրիել Միրզոյանցին: Կոստանդին Խատիսյանը պահանջեց, որ այդ գումարից 1500 ռուբլի տրվի իրան: Նա ուզում էր գնալ Պարսկաստան և այնտեղ բանալ ռումբերի գործարան «Հայաստանը փրկելու» համար: Կոմիտեն մերժեց, և, Խատիսյանը, վիրավորվելով, իր կողմնակիցներից կազմեց առանձին ֆրակցիա նորածին կուսակցության մեջ: Դա մի ծիծաղելի բան էր, որից առաջացան շատ կոմիկական տեսարաններ: Երևակայեցեք ձեզ մի հազիվ կազմված ընկերություն, որի անդամները հենց առաջին օրից սկսեցին կռվել իրարու հետ մի տակավին ձեռք չբերված ավարի շուրջը:

Այդ ժամանակ դաշնակցության հիմնադիր կոմիտեի ժողովները տեղի էին ունենում Խատիսյանների բնակարանում: Դա մի համեստ տուն էր՝ գրեթե կիսախարխուլ: Նա գտնվում էր երկրի կառավարչապետ իշխան Գոլիցինի պալատի կռնակում, այն է, Թիֆլիսի կենտրոնական փողոցներից մեկի վրա, որ այն ժամանակ կրում էր Պետրոս Մեծի անունը, իսկ ներկայումս Ձերժինսկու անունը: Փողոցի մյուս մայթի վրա, գրեթե Խատիսյանների տան դիմաց գտնվում էր նահանգապետ իշխան Շերվաշիձեի (ապագայում այրիացյալ թագուհի Մարիա Ֆեոդորովնայի սիրականը) բնակարանը: Իշխանը, հարկավ, որպես պետության ներկայացուցիչ, չէր կարող հանդուրժել ոչ մի գաղտնի ժողով, իսկ Խատիսյանի հայրը, թեև նույնպես ռուս չինովնիկ քաղաքացիական գեներալի տիտղոսով, բավական ազատամիտ մարդ էր և հակառակ չէր իր տանը տեղի ունեցող ժողովներին: Նա հարգված էր ամբողջ քաղաքից որպես խելացի, շատ պարկեշտ մարդ, ուներ շատ բարեկամներ երկրի բարձր ադմինիստրացիայի շրջանում: Մեկն էլ այդ բարեկամներից իշխան Շերվաշիձեն էր:

Հետո, շատ հետո իմացվեց, որ վրացի իշխանը հայ՝ գեներալին մի քանի անգամ ասել է.

Պատվիրեցեք ձեր որդուն, որ ժողովների ժամանակ փողոցի կողմի լուսամուտները փակի կամ գոնե ռուսերեն չխոսեն: Ես ամեն գիշեր անցնելիս ակամա լսում եմ նրանց վիճաբանությունները:

Ժողովները երբեմն տևում էին մինչև լույս, մերթ ընդ մերթ ես ևս մասնակցում էի:

Կոստանդին Խաստիսյանին չհաջողվեց Պարսկաստան գնալ: Նա ինժեներ էր և լավ քիմիկոս: Վճռեց ուժանակ պատրաստելու փորձեր անել տանը: Մի օր նա կես մատնաչափ ուժանակ ձեռքին իջավ տան առջև գտնված պարտեզը, որ փոխարքայի պալատի պարտեզից բաժանված էր մի ցածր պարիսպով: Նա փորեց մի փոս և այնտեղ դրեց ուժանակն ու վարձեց: Լսվեց մի ուժեղ թնդյուն, երկրից պոկվեց մի խոշոր հողակույտ, օդը լցրեց թանձր փոշով: Պատշգամբի վրա եղած քիմիական գործիքները տնային այլևայլ առարկաների հետ, ջարդվելով, թափվեցին պարտեզ: Տան լուսամուտների ապակիները ջարդուփշուր եղան, սենյակներից դուրս վազեցին սարսափահար տանեցիները, որոնց թվումն էր պատանի Ալեքսանդր Խատիսյանը, դաշնակցական բախտավոր Հայաստանի ապագա վարչապետը և այժմյան «փրկիչը» Պարիզի փողոցներում: Թնդյունն այնքան զորեղ էր, որ հեռավոր Սոլոլակյան փողոցի ոստիկանը լսեց ու վազեց գիտենալու, թե ինչ է պատահել: Երբ փոշին նոսրացավ, օդը պարզվեց, երևաց Կոստանդին Խատիսյանի գունասպառ կերպարանքը անշարժ, ինչպես արձան: Նա սարսափել էր իր արածից, բայց երջանիկ էր, վասնզի գտել էր Թուրքահայաստանը սուլթան Համիդի ձեռից ազատելու «միջոցը»:

Պարտիզի մեջ երևացին մի քանի ոստիկաններ, բայց Կոստանդին Խատիսյանը չձերբակալվեց, որովհետև նրա հայրը գեներալ էր: Երկար, երկար ժամանակ նա պարծենում էր այդ աննման «քաջագործությամբ»:

Նույն օրերին ես դաշնակցությունից հեռացա առմիշտ և նորեն նվիրվեցի իմ գրչին: Մի ինչ-որ ներքին ձայն ինձ ասում էր, թե այդ կուսակցությունը պիտի լինի սոսկալի փորձանք հայ ժողովրդի գլխին:

Թիֆլիսում հրատարակվում էր «Новое обозрение» անունով մի օրաթերթ, որի տեր ու տնօրեններն էին Գեորգի, Վասիլի և Կոստանդին Թումովները՝ վերին աստիճանի համեստ մի երրորդություն, գրականության չափազանց սիրահար, սակայն առանց գրական որևէ ձիրքի, բացի ավագ եղբայր Գեորգիից, որի հրապարակախոսական ունակությունը միջակությունից բարձր չէր:

Ես սկսեցի աշխատակցել այդ լրագրին ոչ սիրով, այլ հարկադրված: Հայ գրականությունը ինձ վարձատրում էր ծիծաղելու չափ ժլատ: Սակայն Թումանովներն էլ չէին կարող պարծենալ իրենց առատաձեռնությամբ: Ես ստանում էի տողին երեք կոպեկ ինքնուրույն և երկու կոպեկ թարգմանական հոդվածների համար: Այդ ժամանակ Քրիստափոր Միքայելյանը «Новое обозрение» լրագրի սրբագրիչն էր: Մի օր նա ինձ ասաց, թե դաշնակցական կուսակցության կարգագրությամբ պիտի գնա Ժնև «Դրոշակ»-ի խմբագրումն իր վրա վերցնելու և ինձ էլ առաջարկեց աշխատակցել: Ես մերժեցի: Այնուհետև նա դարձյալ մի քանի անգամ նույն առաջարկությունն արավ: Ես շարունակ մերժում էի առանց պատճառաբանելու իմ մերժումը: Վերջապես նա գնաց Ժնև և չեմ հիշում որքան ժամանակ անցած՝ ժամանակավոր վերադարձավ Կովկաս «Դրոշակ»-ի և առհասարակ կուսակցության համար դրամ ժողովելու նպատակով: Մի օր փողոցում մեր մեջ տեղի ունեցավ հետևյալ ղիալոգը, որ այսօր հիշում եմ բառ առ բառ.

Գրի՛ր, Շիրվան, մի մերժիր, քո անունը կարևոր է մեզ համար:

Չեմ կարծում, որ իմ անունը կարողանա օգուտ բերել գործին:

Ինչո՞ւ:

Որովհետև նա գրական անուն է և ոչ քաղաքական:

Մեզ էլ հենց քո գրվածքներն են հարկավոր:

Այն գրվածքները, որոնք ներշնչված կլինեն ձեր կուսակցության ոգով, այնպես չէ՞:

Այո, իհարկե:

Ճիշտ այդ է, որ ես չեմ կարող անել:

Պատճա՞ռը:

Գրողը պարտավոր է գրել այն, ինչ որ ինքն է կամենում, և ոչ թե ուրիշների թելադրածը:

Քրիստափորը մի քանի վայրկյան խորհեց, ապա հառաչելով արտասանեց,

Ահ, Շիրվան, Շիրվան, դու անուղղելի ես, մի՞թե ավելի պատվաբեր չէ, որ գրողն իր գրիչը նվիրի մի սուրբ գործի, քան իր քմահաճույքին:

Քրիստափոր, եթե դու գրողի հոգու, զգացումների ու խղճի թելադրանքները համարում ես քմահաճույք, ապա չգիտեմ ինչպես կարող են մեր մտքերը հաշտվել իրարու հետ: Բացի դրանից, դու դաշնակցության որդեգրված գաղափարը հռչակում ես սուրբ: Ես էլ մի ժամանակ այդպես էի կարծում, բայց այժմ թույլ տուր ասել, որ կասկածում եմ:

Ինչո՞ւ:

Չգիտեմ, դեռ չեմ պարզել ինքս ինձ համար: Գիտեմ միայն, որ հոգուս խորքում կա մի բան, որ թույլ չի տալիս ինձ լիովին հավատալու ձեր գործին: Տես, ահա քանի տարի է՝ «Դրոշակ»-ը հրատարակվում է, ես մի անգամ էլ ցանկություն չզգացի նրա որևէ համարը նույնիսկ պարզ հետաքրքրության համար ձեռքս վերցնել, ուր մնաց կարդալ:

Ի՞նչ է նշանակում այդ, — գոչեց Քրիստափորը այլայլվելով:

Այդ նշանակում է, որ ձեր գաղափարը խորթ է իմ հոգուն:

Ոչ, այդ նշանակում է, որ դու կամ չես հետաքրքրվում մեր տառապյալ ժողովրդի վիճակով, որ մի ոճիր է քո կողմից, կամ նրա ազատագրության թշնամին ես:

Թողնենք մի կողմ, թե ով է մեզնից ավելի հետաքրքրված ժողովրդի վիճակով, խոսենք ձեր մասին: Դուք, դաշնակցականներդ, հեղափոխականներ չեք:

Ի՞նչպես, այդքան արյուն թափելուց հետո, — գոչեց Միքայելյանը վրդովված, — ուրեմն դու չես հարգում մեր նահատակների հիշատակը:

Խոսքս նրանց մասին չէ, Քրիստափոր, զուր մի գրգռվիր, խոսքս դաշնակցության ղեկավարների մասին է:

՝ — Չեմ հասկանում:

Լսի՛ր, Քրիստափոր, իմ կարծիքով հեղափոխությանը արհեստ չէ, այլ արվեստ: Իսկական հեղափոխականը ծնվում է որպես այդպիսին, ինչպես երաժիշտը, նկարիչը կամ բանաստեղծը: Իմ խիղճն ինձ չի կարող թելադրել ուրիշներին ասելու՝ վերցրեք հրացանը և գնացեք կռվի դաշտ այն ժամանակ, երբ ինքս հանգիստ նստած եմ իմ տանը: Իսկական հեղափոխականը առաջ ինքն է վերցնում զենքը, հետո ուրիշներին համոզում նույնն անել: Վերջապես, ես համոզված եմ, որ զենքով դուք չեք կարող հայրենիք նվաճել, դուք վտանգի եք ենթարկում թուրքահայ ժողովրդի կյանքը:

Քրիստափոր Միքայելյանը շրթունքները սեղմելով ոչինչ չասաց և բարկացած հեռացավ:

Այդ եղավ մեր վերջին հանդիպումը...

XII

ԳԱՄԱՌ-ՔԱԹԻՊԱ: ՊԵՏՐՈՍ ԱԴԱՄՅԱՆ

Ես քիչ եմ հանդիպել այդ մարդուն: Նա ապրում էր Նոր-Նախիջևանում, որ իր ծննդավայրն էր կարծեմ: Մինչև Թիֆլիս տեղափոխվելս կարդացել էի նրա ոտանավորները, ոգևորվել: Մի քանիսը մինչև անգամ անգիր գիտեի: Արձակ գրվածքների մասին գաղափար չունեի. Նախիջևանի բարբառն անհասկանալի էր ինձ համար:

Գամառ-Քաթիպան Թիֆլիս գալիս էր տարին մեկ կամ երկու անգամ, մերթ մի քանի շաբաթ այստեղ մնալու, մերթ Էջմիածին ուխտի գնալու համար: Եվ ամեն անգամ հայ դրական շրջանը հյուրասիրում էր նրան հասարակական ճաշկերույթով:

Տարօրինակ էր Գամառ-Քաթիպայի բնավորությունը, ինչպես և նրա արտաքինը: Ավելի փոքր, քան միջահասակ, ոչ գեր, ոչ նիհար, թուխ մորթով, պարզ ակնոցի տակից ծակոտող հայացքով նայող աչքերով, որ երբեմն հիշեցնում էին ինչ-որ գիշակերի աչքեր, երեսը միշտ մաքուր սափրած, ալեխառն ընչացքը քիչ կռտած, բերանը ծուռայս էր Գամառ-Քաթիպան: Նա, որ ժամանակի միակ ժողովրդականացած քնարերգակն էր, որի «Մայր Արաքսի...»-ն երգվում էր, «Բողոք առ Եվրոպ»-ը արտասանվում բեմերի վրա ու տներում ամենուրեք, ուր կար միայն մի բուռն հայություն, որի անունը երիտասարդության բերնում ազգային պարծանքի առարկա էր:

Հարգում էի Գամառ-Քաթիպային, ինչպես ամենքը, բայց և համակրանքի առանձին զգացում երբեք չունեցա: Ինչո՞ւ:

Մեծամիտ չէր, բայց փոքրավորի դեմ մի տեսակ իշխանավորի կեցվածք ուներ: Խոսում էր բարձր ձայնով, հրամայողական տոնով: Ավելի ցարական գոռոզ գեներալի հովեր ուներ, քան բանաստեղծի հեզություն: Զգում էիր, որ մարդը մեծ երևալու ճիգեր ունի: Խոսում էր մեծ մասամբ ռուսերեն և խոսում էր մաքուր միայն նախիջևանցու տափակ առոգանությամբ:

Առաջին տարին, որ հանդիպեցինք, ես էի նրա համար հասարակական հացկերույթ կազմակերպողը և մասնակցողների ցուցակ պատրաստողը: Այս առիթով ես մինչև անգամ գնացի Կոջոր ամառանոց Գրիգոր Արծրունուն խնդրելու, որ գեթ մի օր մոռանա ատելությունը և մասնակցի հացկերույթին: Այդ ժամանակ նրանց հարաբերությունները գրեթե խզված էին. մեղավորր բանաստեղծն էր: Նա իր «Աստառ» վերնագրով պամֆլետի մեջ Արծրունու մասնավոր կյանքի վերաբերմամբ թույլ էր տվել այնպիսի կեղտոտ ակնարկներ, որոնցից երդվյալ պոռնոգրաֆիստն անգամ կամաչեր:

Արծրունին խոստացավ ճաշկերույթին գալու, բայց չեկավ, երևի դարձյալ ենթարկվելով տիկին Մարոյի ազդեցությանը:

Երբ ես գնացի Գամառ-Քաթիպային ճաշկերույթին հրավիրելու, ձեռն ուսիս վրա դնելով՝ ասաց.

Ну, батюшки, дитя не плачет, мать не разумеет.

Ի՞նչ եք ուզում ասել, վարպետ:

Լսեցի, որ վեպ ես գրել «Նամուս» անունով, ինչո՞ւ չէիր ինձ ասում:

Ի՞նչ կարիք կա ձեր ուշադրությունն ինձնով զբաղեցնելու:

Ի՞նչպես թե ինչ կարիք, — գոչեց Գամառ-Քաթիպան, կարծես մի տեսակ վիրավորված, — ես կգրեի ձեր մասին «Արձագանք»-ի մեջ, վեպը կտարածվեր:

Իհարկե, նրա հեղինակավոր ձայնը գնահատելի էր ինձ համար, և նա հավատացած էր, որ այդպես է, ուստի դժվար էր նրա համար երևակայել, որ ինձ նման մի սկսնակ, թեկուզ համեստությունից և նրբազգացությունից դրդված, կարող է չդիմել իր հովանավորությանր: Ես մինչև այսօր էլ չեմ հասկանում՝ ինչո՞ւ սկսնակներն իրենց գործը տանում են այս կամ այն անվանի գրողին և խնդրում են կարդալ կամ լսել, հուսալով նրա հավանությանն արժանանալու: Եթե գրվածքն արժեք անի, ինքն իր համար ճանապարհ կբանա, իսկ եթե ոչ, չգիտեմ ինչ հեղինակություն կամ առածաբան կարող է նրան փրկել մոռացությունից կամ անկումից: Վերջապես, համբավավոր գրողները միշտ էլ անսխալական չեն և կարող են սկսնակին ճանապարհից շեղել: Ահա ինչու այսօր ես խուսափում եմ ինձ դիմող երիտասարդների երախայրիքը կարդալու, այսինքն հանձն առնելու թե պատասխանատվության և թե սոսկալի ձանձրույթ: Անձամբ ես ոչ մի համբավավորի մոտ իմ գործերը չեմ կարդացել և ոչ էլ հարցրել եմ նրանց կարծիքը իմ տպագրված գործերի մասին: Ընթերցողը-ահա միակ դատավորը գրողի: Գրական քննադատությունո՞ւր է նա հայ գրականության մեջ:

Գամառ-Քաթիպան իր ճամփորդական տպավորությունների մեջ գրեց «Նամուս»-ի մասին: Եվ որովհետև գիրքը չէր կարդացել կամ կարդացել էր, չէր հավանել, բարվոք համարեց փառաբանել հրատարակչական ընկերությունը, այլ խոսքով մի անգամ ևս շոյել Աբգար Հովհաննիսյանին, որ ընկերության նախագահն էր:

Գամառ-Քաթիպան իր արձակ գրվածքներով մի Ջոնաթան Սվիֆտ էր: Նույնչափ թունավոր, կծու և անողոք, թեև ոչ անգլիական երգիծաբանի չափ հանճարեղ: Նրա Սյուլյուկ կեղծ անունով գրվածքների մեծ մասը նվիրված էր բանաստեղծի չսիրած մարդկանց մասնավոր կյանքին: Ճերմակյան ազգանունով մի ճերմակահեր վարդապետի մասին «Արձագանք»-ի մեջ գրեց մի պամֆլետ, որի բովանդակությունը կարելի է գուշակել գրվածքի վերնագրից` «Սատանայի ոջիլ»: Բավական է, որ մեկը այս կամ այն կերպ դուր չգար Ռաֆայել Պատկանյանին, թեկուզ իր դեմքով, կեցվածքով, քայլվածքով, Սյուլյուկը կար ու կար իր ժահրաթաթախ գրչով:

Զարմանալի անհանգիստ հոգի էր Գամառ-Քաթիպան: Չեմ հիշում մի մարդ, որ նրա մասին լավ խոսեր: Թիֆլիսւմ, բացի Գաբրիել Սունդուկյանից, նա ոչ մի բարեկամ չուներ: Րաֆֆին բացարձակապես ատում էր նրան: Արծրունին էլ ավելի, եթե չէր հարձակվում նրա վրա, պատճառը նախ հարգանքն էր, ապա մի քիչ էլ երկյուղը բանաստեղծի ժողովրդականությունից: Նույնիսկ Պերճ Պռոշյանը, այդ ամենաներողամիտ, ամենահամբերատար մարդը, Գամառ-Քաթիպայի անունը լսելիս հոնքերը կիտում էր: Նախիջևանից եկող մտավորականները միշտ գանգատվում էին նրա դեմ: Այս բոլորի պատճառը Գամառ-Քաթիպայի տարօրինակ բնույթն էր: Մի անգամ, երբ Աբգար Հովհաննիսյանը Գամառ-Քաթիպային անվանեց մեծ բանաստեղծ, ես հարցրի.

Հապա ինչո՞ւ այդ մեծ բանաստեղծին գցել եք Նոր-Նախիջևանի պես մի փոս և չեք աշխատում նրան բերել Թիֆլիս:

Որովհետև եթե նրան Թիֆլիս բերենք, ես ու դուք մի օր իրար դեմ կելնենք դանակներով:

Չեմ հասկանում ինչու:

Լսեցեք: Մի անգամ Գամառ-Քաթիպան ինձ հարցնում է, «Աբգար, ի՞նչ է գտել Գրիգոր Արծրունին այդ մագաղաթյա Մարոյի և ի՞նչ է գտել Մարոն այդ սապատավորի մեջ, որ իրարու սիրահարվել են»: Ես առանց որևէ ետին մտքի պատասխանեցի. «Աստված նրանց ասել է. «Սիրեցեք միմյանց, ապա թե ոչ թույլ չեմ տալու ոչ մի սատանայի ձեզ սիրելու»»: Մյուս օրը Գամառ-Քաթիպան, հրավիրված լինելով Արծրունու մոտ, ճաշի ժամանակ գինու բաժակը բարձրացնում է ու ասում. «Մարո, Գրիգոր, ձեր կենացը. Աբգարն ասում է, թե աստված ձեզ հրամայել է սիրել միմյանց, ապա թե ոչ»… և այլն: Արծրունին, իհարկե, կատաղում է, և ահա այդ օրից է սկսվել նրա թշնամությունն իմ դեմ:

Մի ուրիշ անգամ Գամառ-Քաթիպան Թիֆլիսում հրավիրված է լինում թեյի իր մի բարեկամի և երկրպագուի մոտ: Թեյի ժամանակ երկու բարեկամների քաղցր զրույցի միջոցին մյուս սենյակից գալիս է տանտիրոջ կենակցուհին ճերմակ զգեստով մի օտարոտի, բարձրահասակ, նիհար կին:

Բա՛հ, — գոչում է բանաստեղծը, — այդ ուրվականն ո՞վ է:

Ես կատաղեցի, հազիվ կարողացա ինձ զսպել, որպեսզի այդ խելագարին չվռնդեմ իմ տնից, — ավելացրեց եղելությունը ինձ պատմող տան տերը, որ մի պատվելի բժիշկ էր:

Ես բավականանում եմ Գամառ-Քաթիպայի, իբրև անհատի, այս մի քանի գծերով: Նա իմ տանը եղել է ընդամենը երկու անգամ, ես նրա մոտ հազիվ թե ավելի: Նրա ընտանեկան կյանքին միանգամայն անծանոթ եմ:

Գամառ-Քաթիպան վախճանվեց Նոր-նախիջևանում 1892 թ., 60 տարեկան հասակում: Իր կյանքի վերջին տասնամյակում նա գրեթե ոչինչ չստեղծագործեց: Ճակատագիրը փրկեց նրան կենդանությամբ իր մահը տեսնելու դժբախտությունից: Այսօր նրա անունը, իբրև բանաստեղծի, չքացել է ասպարիզից շնորհիվ իր ազգամոլության, որ հասնում էր շովինիզմի, իսկ իր ժամանակին դղրդում էր Րաֆֆիի փայլուն անվանը հավասար

Ժողովուրդների կուլտուրական կյանքում դերասանը, երգիչն ու նվագողը ավելի իրավունք ունեն իրանց ժամանակակիցներից գնահատվելու, քան գիտնականը, գյուտարարը, գրողը, բանաստեղծը կամ ով ևս լինի:

Արտիստի փառքը շատ կարճատև է: Մարդկանց հիշողության մեջ նա տեղ ունի այնքան ժամանակ, որքան նրանց աչքերի առջև: Շատ անգամ նա մահանում է ու մոռացվում իր կենդանության ժամանակ: Մարմինը կա, հոգին մեռել է: Բավական է, որ երգչի ձայնը հնանա, և ահա նա չկա հասարակության համար: Բավական է, որ դերասանի ուժերը թուլանան ծերությունից, թե հիվանդությունից, և ահա նրա աստղը գունատվեց ու թեքվեց: Ավանդությունն ասում է. Ֆիրդուսին յոթանասուն տարեկան էր, երբ գրել սկսեց Շահ-նամեն, նա այսօր էլ ապրում է: Միլտոնը կույր էր, բայց ստեղծեց համաշխարհային գրականության գոհարներից մեկը: Բեթհովենը խլացավ, բայց չդադարեց զմայլեցնել մարդկային լսելիքը:

Նույն բախտը չունեն դերասանն ու նվագիչը: Այսօր, երբ ես հիացմամբ եմ խոսում Պետրոս Ադամյանի մասին, շատերը, թերահավատությամբ են վերաբերվում իմ գովասանքին: Արդարև, ո՞վ կարող է չտեսած տաղանդի մեծությունը պատկերացնել:

ԻնքըԱդամյանը շատ լավ գիտեր իր ապագան: Գիտեր, որ մարմինը գերեզմանին տալով, տալու է և հիշատակն իր մասին: Այս գիտակցոլթյունր տանջում էր նրան կատարելապես, քանի-քանի անգամ այցելելով նրան, տեսել եմ վրձինը ձեռքում նկարելիս կամ գրասեղանի քով նստած գրելիս:

Ի՞նչ եք անում, — հարցնում էի ես նրան:

Էհ, բարեկամս, կռվում եմ մոռացման դեմ:

Սոսկ դերասանի համբավը չէր գոհացնում նրա անհագ ոգին: Ճգնում էր գրականության կամ նկարչության մեջ ևս տեղ ունենալ, իհարկե, ոչ ետին տեղը:

Մի անգամ Բաքվում նա ինձ համար կարդաց մի պատմվածք: Դա մելոդրամային գրվածք էր, շատ նման բովանդակությամբ «Ոճրագործի ընտանիքը» պիեսին, որի մեջ Կորրադոյի դերը կատարում էր այնքան հրաշալի: Երբ վերջացրեց սքանչելի ընթերցումը, նայեց երեսիս հարցական հայացքով: Ես տարված էի նրա թավշային բարիտոնի երաժշտականությամբ:

Ահ, — գոչեցի ես, — ի՞նչ հիանալի եք արտասանում

Չմտածեցի, որ Ադամյանի սպասածն այդ չէր:

Այո՛, իհարկե, հասկանալի է, — ասաց նա և, մի ներվային շարժում անելով, մոտեցավ վառարանին ու ձեռագիրը գցեց այնտեղ:

Ադամյանին զանազան տեսակի գեղարվեստագետների հետ այցելում էին և նկարիչներ: Հիշում եմ Գևորգ Բաշինջաղյանին, Շմերլինգին, Շամշինյանին և անդրիագործ Խաղարովիչին, որոնց հետ Ադամյանը շարունակ վիճաբանում էր նկարչության և արձանագործության մասին: Հավանում էին նրանք դերասանի վրձինը իրենց հոգու խորքում թե չէասել չեմ կարող, բայց գովասանքներ չէին խնայում: Ադամյանը նկարչությամբ ավելի էր հափշտակված, քան գրականությամբ, թերևս այն պատճառով, որ վրձինը համեմատաբար ավելի հուսատու էր, քան գրիչը:

Մի օր, այցի գալով, տեսա հետևյալ զավեշտական պատկերը: Ադամյանն ուներ մի մոլեռանդ երկրպագու՝ Ալեքսանդր Ստեփանյան անունով, որին սովորաբար Սև Սանդրո Էին անվանում: Այդ մարդը ամեն տեսակ ծառայություններ էր մատուցանում Ադամյանին: Ահա այդ Սև Սանդրոն մի մշակի օգնությամբ աշխատում էր մի Էշ զավթից սանդուղքով բարձրացնել վերև, տան երկրորդ հարկը: Ադամյանը, ձեռները պանթալոնի գրպանները դրած, պատշգամբից ցուցունքներ էր անում, թե ինչպես պետք է բարձրացնել:

Էշը, իհարկե, համառում էր, և, ոչ մի բոթոց, ոչ մի հրոց ու գոռում-գոչյուն չկարողացավ նրան սանդուղքի առաջին աստիճանից դենը շարժել: Վերջապես Սև Սանդրոն հոգնեց, քրտնեց և կամակոր կենդանու պոչը բաց թողեց: Էշը նստեց, վճռելով էլ ոտքի չելնել:

Սապրիստի, — գոչեց Ադամյանը բարկացած:

Այդ ի՞նչ եք ուզում անել, — հարցրի ես:

Կուզեի, որ բարեհաճե սենյակս գալ:

Ինչո՞ւ:

Կփափագեի նկարել անոր դունչը, շատ սիրեցի անիծյալին:

Բայց կարող եք զավթում նկարել:

Կրնամ աշխատե՞լ այդ ամբոխեն շրջապատված: Նայեցե՛ք:

Արդարև, գավիթը լեցվել էր հետաքրքիր հարևաններով, որոնք բարձրաձայն քրքջում Էին:

Ես կյանքումս չեմ տեսել ավելի գեղեցիկ գլուխ, քան Ադամյանինը: Նա կարող էր մրցել Բոկլի ու Բայրոնի գլուխների հետ և հաղթանակը տանել: Նրա բարձր ճակատը, առյուծի բաշը, խոշոր երկնագույն աչքերն ու բարակ հոնքերն ու ընչացքը, սեղմ, խելացի բերանը, քիչ արծվային քիթը, որի պինչերը դողդողում Էին արաբական նժույգի ռունգների պես, — այս բոլորն արժանի Էին Ռաֆայելի վրձինին: Չնայելով իր կանացի նրբությանը, Ադամյանի գեղեցկությունը առնական էր:

Ադամյանի հասակը միջինից վար էր, բայց ոչ փոքր: Սակայն բեմական տեխնիկայի այդ զարմանալի վարպետը գիտեր իր հասակը ցույց տալ բնականից բարձր: Երբեք նա բեմի վրա չէր մոտենում բարձրահասակ խաղընկերներին և միշտ աշխատում էր կենտրոնական դիրք բռնել, խուսափելով անկյուններից: Համենայնդեպս, եթե բեմից դուրս նրա հասակի բարձրությունը թերի էրբեմի վրա չէր նկատվում այդ:

Որպես Համլետ Ադամյանը ֆենոմեն էր: Հիշում եմ Ադամյանի մահից տասն ու հինգ տարի անցած, մի երեկո Օդեսայի մեծ թատրոնում էի: Աշխարհահռչակ Մունե Սյուլլին Համլետ էր խաղում: Քովս նստած էր հայտնի արտիստ-անտրեպրենյոր իտալացի Ֆորկատտին: Ծայրեծայր լեցուն թատրոնը շունչը զոպած, հիացմամբ դիտում էր հանճարեղ ֆրանսիացու խաղը: Հանկարծ Ֆորկատտին դարձավ ինձ.

Հիշո՞ւմ եք հանգուցյալ Ադամյանին:

Շատ լավ եմ հիշում:

Ո՞ւր է նրա թավշային ձայնը, որ ամբողջ երաժշտություն էր, ո՞ւր է նրա պլաստիկան...

Ադամյանը Օդեսայում խաղացել էր Մունե Սյուլլիից շատ առաջ, հռչակավոր սատրապ գեներալ Զելյոնիի քաղաքապետության մռայլ օրերին: Այդ գեներալը մի բռնակալ էր, որի մասին առասպելներ էին պտտվում, որը ոչ մի հեղինակության առջև չէր խոնարհվում, բացի ցարից: Որպես բնորոշ դեպք պատմում էին, որ մի անգամ փողոցով անցնելիս իր կնոջ հետ ընտանեկան վեճի է բռնվում: Եվ այնքան կատաղում է, որ, ոատիկան կանչելով, հրամայում է կնոջը ձերբակալել և ոստիկանատուն տանել: Օդեսայում ինձ ասում էին.

Երկու մարդ միայն կարողացան այդ հրեշին հարգանք ներշնչելՍառա Բեռնարը և Պետրոս Ադամյանը: Զելյոնին երկուսին էլ երկրպագում էր:

Իմ ժամանակ Ադամյանի երկրպագու օրիորդներն արդեն պատկառելի մայրեր էին և, մի քանի հրեա, ռուս և հույն ընտանիքներում տանտիրուհիները, ցույց տալով իրենց ալբոմների մեջ Ադամյանի լուսանկարը, հիացմամբ էին հիշում հայ դերասանին:

Երբ Ադամյանը խաղում էր Մոսկվայում, չեմ հիշում, որ ռուսական խմբի հետ, ժամանակակից համբավավոր քննադատ Չույկոն գրեց նրա մասին մի շատ ընդարձակ հոդված «Русские ведомости» լրագրում: Խաղը մանրամասն վերլուծելով՝ Չույկոն Ադամյանին դրեց Սալվինի հոր և էռնեստո Ռոսսիի բարձրության վրա:

Նույն քննադատը, երբ գնաց բեմից Ադամյանի հետ ծանոթանալու և տեսավ դերասանին հոգնած, քրտնած, մուշտակը վերցրեց իր ուսերից ու գցեց նրա վրա:

Ի՞նչ եք անում, պարոն, — գոչեց Ադամյանը շփոթված, — դուք կարող եք մրսել:

Չույկոն պատասխանեց,

Եթե ես մրսեմ ու հիվանդանամ, մեծ կորուստ չի լինի, այնինչ ձեր կյանքը թանկ է արվեստի համար:

Եվ դառնալով ներկա եղողներին՝ ավելացրեց.

Երանելի է այն թատրոնը, որ այդպիսի դերասան ունի:

Իսկ հայերը թատրոն չունեին:

Следующая страница