Շիրվանզադե Ալեքսանդր՝   Կյանքի բովից

Ընդունում եմ, մահն անխուսափելի է, և ոչ մի գիտություն չի կարող երբևէ մարդու կյանքին հավիտենականություն պարգևել: Բայց ինչո՞ւ բնությունն իր գլուխ-գործոցի համար բացառություն չի արել: Մեռնում ենքլավ, բայց ինչո՞ւ միայն մի անգամ ենք ծնվում: Ես կկամենայի այսօր մեռնել, մի երկու դար հետո նորեն աշխարհ գալու պայմանով, որպեսզի արժանանամ տեսնելու ինչ նորանոր հաղթություններ են տարել գիտությունները:

Ինձ վրա միրզա Սերոբն ունեցել է որոշ ազդեցություն: Նրա ցուցմունքով ես կարդացել եմ մի շարք գրքեր, որ հետագայում ինձ համար եղել են օգտակար: Ահա ինչու այսօր սիրով և երախտագիտությամբ եմ հիշում նրա անունը:

VI

ԳՐՔԵՐ, ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ

Ես ունեի մի խումբ ընկերներ, բոլորն էլ ընթերցասեր: Հիշում եմ նրանցից ոմանց անունըԱլեքսանդր Նաջարյան, Ալեքսանդր Աբելյան, Աբել Ապրեսյան, Արշակ Քալանթար: Մի օր որոշեցինք դիմել Մարդասիրական ընկերության և խնդրել, որ նա իր շինության մեջ հատկացնի մի սենյակ: Մտադիր էինք այնտեղ հավաքել մեր ունեցած գրքերը և, միջոցներ ձեռք բերելով, հետզհետե կազմել գրադարան-ընթերցարան:

Բարեբախտաբար, վարչության նախագահն իմ պատրոնն էր, Սամվել Բաղիրյան, թեև ոչ այնքան գրասեր, բայց շատ պայծառամիտ մարդ, մեր խնդիրը հարգվեց ավելի, քան կարող էի սպասել:

Մարդասիրական ընկերությունը ոչ միայն սենյակը տվեց, այլև որոշեց տարեկան վճարել 500 ռուբլի գրադարանի ծախքերի համար:

Ես հրավիրվեցի գրապահ:

Երջանիկ էի, որ վերջապես ընկա իմ սիրած տարերքի մեջ, ինչպես ցորենի շտեմարան գցված հավ: Առաջին 500 ռուբլով մենք Մոսկվայից բերել տվեցինք մի շարք ընտիր գրքեր, մեծ մասամբ գիտական, քաղաքատնտեսական և փիլիսոփայական բովանդակությամբ: Ցուցակը կազմելու մեջ ինձ օգնել էր պետական ժողովրդական դպրոցների վերատեսուչ Բեգլար Ստեփանյանըմի շատ զարգացած մարդ: Այդ ժամանակ էր, որ ես նորադարձի ջերմեռանդությամբ նվիրվեցի ընթերցանության: Որոշ ծրագիր կամ ուղեցույց չունեի, կարդում էի՝ ինչ որ տեսնում էի, այսօր Հերբերտ Ապենսեր, վաղը Լասսալ, Ռիկարդո, Սեն-Սիմոն, Պրուդոն և այլն:

Հեղափոխական գրականությանը ծանոթացել եմ մեջ առ մեջ: Գեղեցիկ գրականության ընթերցումն սկսել եմ արկածային կամ քրեական արյունռուշտ վեպերից, հետո միայն անցել լուրջ վիպասանության և բանաստեղծության:

Բայց ինձ վիճակված չէր երկար ժամանակ մնալ իմ պաշտոնում: Մի օր ինձ անսպասելի կանչեցին տեղական ժանդարմերիայի գնդապետի մոտ: Հիշում եմ նրա անունն այսօր էլՏալդրեն: Մեկի քմքին ես դուր չէի եկել, և նա ինձ մատնել էր: Այդ օրն առաջին անգամ մեծ զարմացմամբ իմացա, որ ես առանց ինքս գիտենալու, հեղափոխական եմ եղել, ցարին անարգել եմ: Ես գնդապետին միամտաբար ասացի.

Ես ցարի դեմ ոխ չունեմ:

Բայց դուք ի՞նչ գործ ունեք Կովկաս աքսորված ուսանողների հետ, — հարցրեց գնդապետը:

Ներեցեք, ես չգիտեի, որ ուսանողների հետ ծանոթանալը քաղաքական հանցանք է:

Այո իհարկե, քանի որ այդ ուսանողները հեղափոխականներ են:

Ես այդ չգիտեի, — ասացի ես, թեև շատ լավ գիտեի, թե ինչու համար են իմ ծանոթները Կովկաս աքսորվել:

Ես ձերբակալությունից ազատվեցի, բայց Մարդասիրական ընկերության վարչությունը շատ քաղաքավարի ձևով ինձ հասկացրեց, որ գրադարանում՝ մնալս կարող է կասկածի ստվեր գցել ընկերության «բարեհուսության» վրա:

Ես վերադարձա իմ նախընթաց ծառայության: Այդտեղ ևս երկար չմնացի, տեղափոխվեցի մի ուրիշ գրասենյակ, նորեն վերադարձա, որպեսզի դարձյալ հեռանամ: Եվ այսպես, տեղից-տեղ փոխվելով, հանգիստ չէի գտնում: Պատճառն ամենուրեք նույնն էրմիջավայրը: Այլևս ես պիտանի չէի նրա համար և զգում էի, որ Բաքվում բարոյապես խեղդվում եմ:

Գրականությունն արդեն ամբողջովին կլանել էր իմ միտքն ու հոգին: Ոչ մի ուրիշ զբաղմունք այլևս չէր հետաքրքրում ինձ: Գրում էի առայժմ հոդվածներ թե հայ և թե ռուս լրագրերում: Նյութի պակասություն չկար-նավթային արդյունաբերությունը, հանքերը, բանվորները, գործարանները, նավագնացությունըայդ բոլորը մի ամբողջ աշխարհ էր դիտողի համար, թեև Բաքուն ինքնըստինքյան հրապույր չուներ այլևս: Մի քանի գրքերի ազդեցությամբ առանձնապես հետաքրքրվում էի բանվորների կյանքով: Որքան մոտիկ էի ծանոթանում այդ կյանքին, այնքան ավելի ու ավելի նողկանք էի զգում դեպի հանքատերերն ու գործարանատերերը: Այդ մասին այն ժամանակվա «Մշակում ունեմ մի շարք հոդվածներ: Այժմյան ընթերցողները գաղափար անգամ չեն կարող ունենալ այն ժամանակվա բանվորության վիճակի մասին: Այդ այն խավար ժամանակաշրջանն էր, երբ ամբողջ Անդրկովկասում չկար ոչ բանվորական որևէ կազմակերպություն, ոչ գործադուլ և մի ուրիշ միջոց աշխատավոր դասակարգի պաշտպանության համար: Բանվորը հարստահարվում էր նույնիսկ երեկվա բանվորից, որ այսօր գործատեր է դարձել, և հարստահարվում էր ոչ միայն նյութապես, այլև բարոյապես ու ֆիզիկապես:

Այստեղ ես ավելորդ չեմ համարում առաջ բերել մի քանի կրճատումներով և առանց փոփոխելու իմ այն ժամանակվա պրիմիտիվ ոճն ու լեզուն՝ քառասուն և ութ տարի սրանից առաջ գրված իմ մի ակնարկը: Թող այժմյան բանվորը տեսնի, թե ինչ ողբալի դրության մեջ են եղել իր նախորդները:

«Ամենայն տեղ ամենայն հասարակությունների մեջ մշակների տնտեսական դրության բարվոքման հարցը վաղուց արդեն մտել է հասարակական ամենակարևոր հարցերի շրջանը, և այժմ գրեթե չկա մի փոքրիշատե առաջադեմ ազգ կամ ժողովուրդ, որը քիչ թե շատ, այսպես թե այնպես չզբաղվեր մարդկության այդ ամենաթշվառ դասակարգի վիճակով, չաշխատեր գոնե ժամանակ առ ժամանակ, նորոգելով նրա անթիվ վերքերի սպեղանին, թեթևացնել նրա դառնակսկիծ ցավերը: Միայն մեզանում է, որ խեղճ մշակը մի չինական պատով հասարակությունից անջատված, զուրկ նրա հոգացողությունից, ենթարկված ֆիզիկական ծանր և անտանելի աշխատանքներին, օրըստօրե բարոյապես և ֆիզիկապես մաշվում է ու մահանում առանց արժանանալու մեր ուշադրությանը, մինչև անգամ առանց շարժելու մեր բնական մարդասիրական զգացումները:

Ո՞ւմ չէ պատահում ամենայն օր տեսնել թշվառ բեռնակրին ծածկված ցնցոտիներով, որոնք հազիվհազ պաշտպանում են նրա կաշվից ու չոր ոսկորներից բաղկացած մարմնի կեսը ձմեռը ցրտերից, ամառը արեգակի կիզիչ ճառագայթներից, ահագին համետը շալակին և չվանն ուսին գցած, փողոցի այս կամ այն անկյունում շլինքը ծռած սպասելիս, մինչև որ մեկը նրա մեջքը բարձելով 78 փութանոց բեռը, քարշ տա քաղաքի մի ծայրից մյուսը և տա նրան մի քանի կոպեկ: Ո՞ւմ չէ պատահել տեսնել մշակին մուրճը ձեռքում փողոցներում արեգակի, անձրևի և ձյունի տակ, տկլոր քարի վրա շնթռած հարուստ քաղաքի սալահատակի համար գետնաքարեր ջարդելիս: Ո՞վ չէ տեսել այդ միևնույն մշակին ահագին քարը կամ ծանր գերանի ծայրն ուսն առած մի քանի տասնյակ աստիճաններով այս ու այն աղայի շինության երկրորդ, երրորդ հարկը բարձրանալիս: Նրա նիհար երեսից անձրևի նման հեղում է քրտինքը, նրա կրծքի ոսկորներն ուժեղ ճնշողությունից դուրս են ցցվում, աչքերն արյան հոսումից սաստիկ կարմրում են, ծնկերը, չդիմանալով վերուժ ծանրության, ծալվում են, բայց նա ստոյիկյան համբերությունով տանում է այդ ծանրությունը, ըստ որում նրա անհաշտ թշնամին՝ քաղցը ստիպում է նրան տանել:

Նայիր խորն ուշադրությունով այդ բոլորի վրա, սիրելի ընթերցող, և դու սարսափ կզգաս, եթե ունես փոքր ի շատե զգայուն սիրտ:

Մշակը հալածվում է մարդկանց գազանային անխղճությունից: Տուր ինձ ձեռդ, սիրելի ընթերցող, հետևիր ինձ և տես, թե այդ ինչպես է կատարվում, թե մինչև որ աստիճան մշակի մարդկային նույնիսկ բնական իրավունքները ոտնակոխ են լինում զանազան շահախնդիրների ձեռքում: Միայն մի պահանջիր ինձնից հմուտ ուղեցույցի խորը տեղեկությունները, ըստ որում կանխապես խոստովանում եմ, որ այդ իմ ուժից բարձր է. ես միայն մատնացույց կանեմ քեզ այն անկյունները, ուր կատարվում են աղետալի անցքեր, որոնց մասին գուցե դու կյանքումդ լսած էլ չլինես: Ես քեզ չեմ տանիլ վերև ասված փողոցային բեռնակրի կամ շինության մշակի մոտ, որոնց դու ամենայն օր աչքի առաջ ունես և այնքան տեսել ես, որ քո աչքերը բթացել են, այլ քեզ կտանեմ մի ուրիշ տեղ, ուր մշակի դրությունը առավել տխուր, առավել սարսափելի է: Այս տեղերը Բաքվի հռչակված նավթային հանքերը և այսպես անվանված Սև քաղաքի գործարաններն են:

Վերջին երկու տասնյակ տարիները Բաքվի նավթային արդյունաբերության արագ զարգացումը քաշեց բերավ այդ քաղաքը Անդրկովկասի զանազան անկյուններից, Սիսիանի, Տաթևի, Ղարաբաղի, Շամախու և ուրիշ շատ գավառներից, Ռուսաստանի և Պարսկաստանի խորքերից բազմատեսակ բախտախնդիրների շարքում, և բանվորներ, որոնք իրանց օրական ապրուստը հայթայթելու նպատակով, թողնելով իրանց հայրենի հողը, սիրելի ընտանիքը, եկած այժմ կենտրոնացած են այստեղ, Բալախանի-Սաբունչյան նավթային հանքերում և Սև քաղաքում:

Սև Քաղաք անվանվում է այստեղ նավթային գործարանների խումբը, որ սփռված մոտավորապես վեց քառակուսի վերստաչափ տարածության վրա, հեռվից մարդու աչքին ներկայացնում է մառախուղով պատած մի փոքրիկ քաղաք, որը սև մականունը կրում է այն պատճառով, որ այստեղ ամենայն բան սև է՝ սկսած անշունչ առարկաներից մինչև տնային կենդանիներն ու մարդը: Բավական է այստեղ, այդ բազմաթիվ գործարաններից դուրս եկող նավթային մնացորդի թանձր ծխով վարակված օդի մեջ մի երկու ժամ մնալ, և մարդ միանգամայն կերպարանափոխվում է ոտքից մինչև գլուխ ծածկվելով սև մուրով: Անսովոր մարդը չի կարողանում այս մառախուղում երկար մնալ, ուր իստակ օդի բացակայությունից խանգարվում է նրա շնչառությունը: Չնայելով որ գործարանները միմյանցից բավականին տարածութենով հեռու են, ծխերը իրարու խառնվելով, կազմում են մի այնպիսի թանձրություն, որի մեջ հազիվհազ թափանցում են արեգակի ճառագայթները:

Ահա այդ մառախլապատ երկնքի տակ է անցկացնում իր տարիները Բաքու գաղթող բանվորների մեծամասնությունը, խմբերով տեղավորված այս ու այն գործարանում և հենց այստեղ պիտի ծանոթանաս, որքան անտանելի է այդ վիճակը: Հեռու չգնանք, մտնենք հենց առաջին պատահած գործարանը և տեսնենք՝ ինչ է կատարվում այնտեղ: Նախ և առաջ քիչ թե շատ ծանոթանանք բանվորների կացարանի հետ: Երևակայեցեք, ընթերցող, երկու սաժեն լայնութենով, չորս սաժեն երկայնութենով և 5-6 ֆուտ բարձրութենով մի խրճիթ, կամ ճիշտն ասած՝ մի կեղտոտ, մութ ու խոնավ նկուղ, ուր կարող են կենալ միայն անասունները: Այստեղ, ուր ապրում են 10-15 մշակներ, օդը տարիներով չի փոխվում, այստեղ հատակը հողային է, պատերը խոնավությունից բորբոսնած, առաստաղը սարդի թանձր ոստայնով սքողված, այստեղ անկարելի է երևակայել անգամ առողջապահական որևէ կանոնի հնարավորությունը: Այն միակ լուսամուտը, որ կարծես շինված է նկուղին ավելի մռայլ տեսք տալու համար, այնքան փոքր է և այնքան մուրոտված, որ ոչ լույս է տալիս և ոչ օդ: Տիրում է մարդու շնչառությունը խափանելու չափ գարշահոտություն, որ առաջանում է օրերով չմաքրվող հատակից և թափված կերակուրներից: Ավելացրեք դրան և մշակների անհոգությունը մաքրության վերաբերմամբ: Այո, շատ անգամ նրանք չեն օգտվում այն քչով, որ ունեն, շաբաթներով չեն մաքրում ոչ կացարանը, ոչ իրանց, անկողին համարված, ապականված ցնցոտիները: Հաճախ նրանք ծուլանում են ողորմելի կացարանի լուսամուտը բանալու, և դրսի օդը ներս է թափանցում միակ դռնակով: Այդ ծայրահեղ անփութությունն առաջանում է նախ, իհարկե, տգիտությունից, ապա սովորությունից: Հիրավի, գյուղի առողջարար կլիմայից եկած մշակը այստեղ առաջին օրերը զգում է օդի գարշահոտությունը, բայց շուտով աստիճանաբար ընտելանում է մթնոլորտին և դառնում է անտարբեր դեպի մաքրությունը: Կարիք չկա բժիշկ լինելու, որպեսզի գիտենալ, թե մշակն իր կյանքի որպիսի գնով է ձեռք բերում այդ սովորությունը և այդ անտարբերությունը: Ահա ինչ է ասում այդ մասին նշանավոր Լուիսը. «Մենք տեսնում ենք, թե ինչպես անմաքուր բնակարանների ապականված օդում սովոր են հեշտութենով և իբր թե անվնաս ապրել զանազան խեղճեր առանց զգալու այդ ապականությունը, մինչդեռ մեզանից ամեն մեկը երբ ոտ է դնում այդտեղ, իսկույն զգում է, թե օդը փչացած է, բայց որովհետև մենք ևս հետո փոքր առ փոքր սովորում ենք նրան, այնուհետև մեզ ևս թվում է, թե դրանից վնասակար հետևանքներ չեն առաջանում: Ահա ինչումն է կայանում մեր մոլորությունը: Մենք բավականանում ենք ապականված օդով, որովհետև սովորում ենք նրա պայմաններին, բայց գիտե՞ք ինչ գնով, ինչ միջոցներով ենք ձեռք բերում այդ պայմաններին ընտելանալու հնարավորությունը: Մեր օրգանիզմի բոլոր սննդական մասերի և զգայարանքների թուլանալով, որը մեզ համար առաջացնում է թթվածնի համեմատաբար պակաս քանակության ներշնչելը: Ապականված օդը բավարար է միայն հիվանդ օրգանիզմ ունեցող մարդուն, ինչպես և նրանով բավականանում են պաղարյուն կենդանիները: Երբ մենք մտնում ենք ապականված մթնոլորտ, մեր շնչառությունը դժվարանում է, և այդ պատճառով թուլանում են և՛ մեր զգայարանները, որից հետո կրկին մեր շնչառությունը թեթևանալով, թթվածինի ավելի մեծ քանակի կարիք չենք զգում և այդ ժամանակ ներս ենք շնչում թթվածինի համեմատաբար շատ պակաս քանակ, քան մաքուր օդի մեջ: Առանց այդ սովորության, այսինքն՝ առանց մեր օրգանիզմի բոլոր կենսական վարումների թուլացման, մեզ համար անկարելի է մնալ ապականված մթնոլորտի մեջ:

Ահա մի գեղեցիկ պատասխան այն կարճամիտ և քարասիրտ բուրժուաներին, որոնք միշտ, երբ ես խոսք եմ ունեցել նրանց հետ գործարաններում բանողների բնակարանների մասին, չեն ամաչել արտահայտել այն եզվիտական միտքը, թե մշակն առողջ բնակարանի կարիք չունի, թե նա սովոր է իր կյանքը անցկացնել խոնավ ու կեղտոտ նկուղներում:

Ինչպես ասացինք, այդ 4 սաժեն երկայնություն, 2 սաժեն լայնություն և 5-6 ֆուտ բարձրություն ունեցող խուցի մեջ զետեղված են 10-15 բանվորներ: Եթե այդ թվերը բազմապատկենք, կստանանք 2,352 խորանարդ ֆուտ օդի պարունակություն, Բավակա՞ն է արդյոք օդի այդ չնչին քանակը եթե ոչ 15, գոնե 10 մարդու համար, հազար անգամ ոչ: Եթե զանազան փորձառու բժիշկների, օրինակ, Գուբերի, Զեֆթլեբենի, Ռեկլամի և ուրիշ երևելի հեղինակների գրության համեմատ մի չափահաս մարդուն անհրաժեշտ է 4-ից մինչև 8 հարյուր խորանարդ ֆուտ օդի պարունակություն փոքր ի շատե առողջարար բնակության համար, կնշանակե 10 մարդու համար անհրաժեշտ է միջին թվով 6,000 խորանարդ ֆուտ: Սրանից, սիրելի ընթերցող, կարող ես եզրակացնել, թե որպիսի կործանիչ ներգործություն ունի 2,352 խ. ֆուտ օդի պարունակությունը մի տասնյակ թշվառների օրգանիզմի համար նույնիսկ այն ժամանակ, եթե այդ օդը լիներ մաքուր, բայց նա, ինչպես վերն ասացինք, մաքուր չէ: Կան և այնպիսի գործարաններ, ուր մշակների կացարաններն ավելի անձուկ են: Մի թուրքի գործարանում ես տեսա մի գետնափոր խրճիթ, որի երկայնությունը 5 ու կես ֆուտ էր: Այդտեղ բնակվում էին 6 մշակներ:

Շատ գործարաններում բանվորների բնակարաններում չկան մահճակալներ, իսկ եթե կան էլ այդ մի քանի նավթոտ տախտակներ են միմյանց կողմում շարած և մի քանի կեղտոտ ու պատառոտված փսիաթներով ծածկված, որոնք միևնույն ժամանակ բանվորներին ծառայում են անկողնի փոխարեն, իսկ գիշերները վերմակի փոխարեն նրանց ծառայում են այն ցնցոտիները, որ կրում են ցերեկներն իրանց վրա որպես հագուստ: Այն գործարաններում, ուր այդ նավթոտ տախտակներն էլ չկան, բանվորները գիշերները քնում են հողի հատակի վրա, որ միշտ խոնավ է գործարանների ծովի ափին մոտ լինելու պատճառով, այնպես որ շատ տեղերում երկու-երեք արշին խորութենում գետնից ծովի ջուր է դուրս գալիս: Թե որքան վնասակար է մարդու առողջության համար մի այդպիսի խոնավություն, այդ կարող է իմանալ ամենատգետը մեզնից: Հոդացավ, ոսկրացավ, դեղնացավ ստամոքսի կատար, որը շատ դեպքերում թոքախտի է վերափոխվում-ահա խոնավության հետևանքները: Նամանավանդ բանվորները տառապում են զանազան ցավերով ձմեռը ցրտերից: Վառարաններ շատ բնակարաններում չկան, կան մանղալներ: Բայց առավել լավ կլինի, եթե բանվորները բնավին կրակ չվառեն իրանց բնակարաններում, որովհետև կրակի զորությունից խոնավ պատերի միջից տամկությունը դուրս գալով օդը լցնում է նեխյալ գոլորշիներով և գարշահոտությունը սաստկացնում:

Անուշադիր թողնվելու չէ և այն հանգամանքը, որ Պարսկաստանից եկող բանվորներն իրանց հետ բերում են զանազան հիվանդություններ: Շատ հասկանալի է, որ այդ ախտավորները ապրելով միևնույն բնակարաններում ամբողջ բանվորների հետ, հեշտությամբ վարակում են նրանց:

Պակաս չեն և բարոյական ախտերը: Շամախու կամ Ղարաբաղի գյուղերից եկած մի բանվոր մի քանի ամսվա ընթացքում այնպես է անբարոյականանում, որ շատ անգամ սոդոմական ախտը սովորական բան է դառնում նրա համար: Բայց պետք է նկատել, որ այդչափ անբարոյականանում են միայն անչափահասները, այսինքն նրանք, որոնք դեռ պատանեկան հասակի մեջ են: Ինչ վերաբերում է չափահասներին, սրանք անխախտ պահում են գյուղացու առաքինի կենցաղավարությունը: Երիտասարդ մշակները հեռու չեն հարբեցողությունից, գողությունից, միմյանց դեմ թշնամական դավեր լարելուց, շռայլ և աննպատակ ծախքերից... Պատահում է, որ ամիսը 10-12 ռուբլի ռոճիկ ստացող բանվորը, ամսականը մի օրում վատնելով, մնում է քաղցած: Սակայն այդ անում են ամուրի բանվորները, իսկ ընտանետեր բանվորներն իրենց կոպեկները խնայում են, որպեսզի տուն վերադառնալիս մի բան տանեն իրանց զավակների համար: Բայց երբեմն այն սև կոպեկներն էլ, որ բանվորի մի քանի տարվա դառն աշխատանքի գինն է, իր ընկերների գողության զոհն են դառնում, և բանվորն ստիպված է լինում այնուհետև մի քանի տարիներ էլ ավելի մնալ պանդխտության մեջ կորցրածը ձեռք բերելու համար: Անցյալ տարի ես տեսա մի բանվոր, որի երեք տարվա աշխատանքի պտուղ 75 ռուբլին գողացել էր նրա ընկերն այն օրը, երբ նա պատրաստվում էր հայրենիք վերադառնալ: Մարդը հուսահատությունից ծեծում էր իր գլուխը; Լիզում էր գողացողի ոտները, աղաչելով նրան, որ գողացածի մի մասը գոնե վերադարձնի, բայց գողը հանձն չէր առնում իր գողությունը:

Ես վերն ասացի, թե բանվորների բնական մարդկային իրավունքները ոտնակոխ են լինում: Առաջ եմ բերում մի քանի փաստեր, որոնք կարող են հաստատել իմ խոսքերը: Առաջին աչքի ընկնող փաստը այն է, որ գործարանատերերն ու հանքատերերը չեն որոշում բանվորների աշխատանքի ժամերը: Շատ քչերն են բանվորներին բանեցնում օրական 12-13 ժամ: Մանր գործարաններում, որոնց տերերն իրանց շահի համար օրական փոխանակ մի անգամի, երկու-երեք անգամ են ֆոտոգեն քաշում, բանվորներն աշխատում են առավոտյան 3 ժամից սկսած մինչև գիշերվա 10-11-12 ժամը, այն էլ առանց հանգստի, անընդհատ: Շատ անգամ բանվորն իր ցամաք հացն ուտում է աշխատանքի ժամանակ: Օրական 19 Ժամվա անընդհատ աշխատանքը շատ արագ քայքայում է բանվորի առողջությունը: Եթե մենք ունենայինք ստատիստիկական տեղեկություններ, կարող էինք իմանալ, թե Բաքվում տարեկան ինչ ահագին տոկոս է կազմում հիվանդների և մեռնողների թիվը: Դուք, ընթերցող, հազիվ թե կարողանաք ցույց տալ մի բանվոր, որն այստեղից հայրենիք վերադառնար այն առողջությամբ, որով եկել էր այստեղ: Պետք է նկատի ունենալ և այն հանգամանքը, որ նավթային գործարաններում աշխատող բանվորների գործը համեմատաբար ավելի ծանր և վտանգավոր է, քան մի ուրիշ ֆիզիկական աշխատանք: Թե ինչումն է կայանում այստեղ բանվորների գործը և նրա ծանրությունը ու վտանգավորությունը-այս մասին ես կգրեմ մի ուրիշ ընդարձակ հոդված: Առայժմ առաջ կբերեմ մի քանի կետեր: Բանվորի առաջին գործն է, երբ առավոտյան արթնանում է 2-3 ժամյա քնից, նավթային կաթսաները սև նավթով լեցնելը: Այդ գործը տևում է մեկից մինչև երկուկես ժամ, նայելով կաթսայի մեծության: Եթե կաթսան պարունակում է 500 փութ նավթ, բանվորին հարկավոր է առնվազը 2 ժամ շարունակ պտտեցնել նասոսի կռնակը մինչև կաթսայի բոլորովին լեցվելը: Այս առաջին երկու ժամը բանվորը գործում է միշտ միևնույն դիրքում, այն է՝ ոտքի վրա, մեջքից կռացած: Սրանից առաջանում է արյան հակահոսում, որի հետևանքն էլ մեջքացավ, գլխացավ և այլն: Մի քանի գործարաններում, ուր նրանց տերերի ժլատության պատճառով նասոսներ չկան, բանվորները նավթը պահեստից կաթսաներն են տեղափոխում դույլերով կամ բարղաղ ասված կավից շինած մի տեսակ անոթով: Այդ միջոցը, իհարկե, առավել դժվարացնում է բանվորի գործը, որովհետև եթե կաթսան 200 դույլ է տեղավորվում, նա այդքան անգամ էլ կռանում է ու բարձրանում: Պատահում է, որ բանվորի ձեռքից բարդաղը դուրս է պրծնում ու նրա ոտը ջարդում, այդ ժամանակ նա մտածում է ոչ իր ցավի, այլ այն մասին, թե ինչ պիտի պատասխանի տիրոջը, իսկ տերը մի քանի հիշոցներից հետո բարդաղի ու նրա միջից թափված նավթի արժեքը դուրս է բերում բանվորի ռոճկից:

Բանվորի երկրորդ գործն է՝ հորից ջուր դուրս բերելը: Այս գործը միևնույնն է, ինչ որ առաջինը:

Երրորդ գործն է՝ արդեն եփված նավթը կաթսաներից չաների մեջ տեղափոխելը: Այդ գործը նույնպես կատարվում է նասոսով կամ դույլերով: Սակայն պետք է նկատել, որ կաթսաները չաներից բավական հեռու են, և շատ անգամ բանվորը, նավթը դույլերով փոխադրելու ժամանակ, ճանապարհի լպրծուն լինելու պատճառով սայթաքում է ու, վայր ընկնելով, թե իրան վնասում և թե անոթն է կոտրում, որ նրա համար ավելի մեծ դժբախտություն է, քան մարմնապես վնասվելը:

Բանվորի չորրորդ գործն է եփված նավթը, որ այժմ չզտված ֆոտոգեն է, չաներից դարձյալ մի ուրիշ տեղ տեղափոխելը: Այդտեղ նա պիտի զտվի, կալաքարի հետ ձուլվելով: Վերջին նյութի վտանգավոր բնույթը հայտնի է, և բանվորը պետք է նրա հետ մեծ զգուշություններով վարվի, ըստ որում բավական է, որ կուպարոսի մի կաթիլն ընկնի նրա մարմնի վրա, և նա կայրվի: Բայց որքան էլ բանվորն զգույշ լինի, այնուամենայնիվ շատերն են վնասվում: Մի օր ես դժբախտություն ունեցա տեսնելու մի մշակ, որ իր մեջքի վրա մի պուդանոց մեծ շիշ կուպարոս տանելու ժամանակ շիշը տրաքվեց և մշակին հեղեղեց: Ողբալի էր մշակին տեսնել: Նա այրվում էր խելագարի նման վազելով այս ու այն կողմ ու գոռալով, մինչև որ ներկա եղողներն օգնության հասան և ջուր թափեցին նրա վրա: Բայց զարմանալին այն է, որ կուպարոսի տերն այդ ժամանակ զբաղված էր իր կոշիկով, որի վրա ընկել էր այրող հյութից մի կաթիլ:

Ահա այս տեսակ և նման ծանր ու վտանգավոր գործ է կատարում գործարանի բանվորը օրվա մեջ 18-19 ժամ: Տեսնենք այժմ, թե ինչպես է վարվում նրա հետ գործարանատերը և թե որքան է վարձատրում նրան: Առաջինը՝ բոլոր գործարաններում բանվորները միաչափ չեն վարձատրվում: Մեծ գործարաններում նրանց վարձը համեմատաբար բարձր է, 12, 16-18 ռուբլի ամսական, մինչդեռ փոքր գործարաններում վարձն է 101416 ռուբլի: Շատ անգամ այդ չնչին վարձն էլ բանվորը լիովին չի ստանում: Այս դեպքում մի առանձին գարշելի դեր են կատարում գործակատարները: Նրանք հազար ու մի տեսակ պատրվակներով ու խարդախություններով պահում են բանվորի ամսականի մի մասը և յուրացնում: Ահա ինչու ամսական հազիվ 25-30 ռուբլի աշխատավարձ ստացող գործակատարը մի քանի տարվա մեջ որոշ կապիտալ է ձեռք բերում և սկսում է պարապել սեփական գործերով... Թե ինչպես են խարդախ գործարանատերերը հարստահարում բանվորինահա ձեզ մի օրինակ: Դիցուք նա բանվորին վարձել է ամսական 16 ռուբլով: Նախ նա առաջին 34 օրը կամ մի ամբողջ շաբաթ ստիպում է աշխատել անվարձ, իբրև թե նրա աշխատելու ընդունակությունը փորձելու համար: Երկրորդ՝ գործարանատերը բանվորի հետ ոչ մի գրավոր պայմանագրություն չի կապում: Եվ իրավ, ի՞նչ հարկավոր է գրավոր պայմանագրություն, քանի որ նա իրան ապահովում է, ամեն ամիս բանվորի ամսականի որոշ մասը պահելով: Բանվորն ուզենա էլ հեռանալ գործից, չի կարող, որովհետև այդ դեպքում պիտի զրկվի գործարանատիրոջ մոտ գտնված դրամից: Անցնում են տարիներ, վերջապես բանվորը կարոտում է իր ընտանիքին և ուզում է վերադառնալ հայրենիք: Այդ դեպքում գործարանատերը գիտե, թե ինչ պիտի անե. նա իր դերը սերտած ունե...

Ի՞նչ հաշիվ, ի՞նչ բան, ես քեզ չեմ արձակել, դու պարտավոր էիր մի ամիս առաջ հայտնել քո դուրս գալը, որ ես քո տեղը մարդ վարձեի: Դու գիտե՞ս ինչ վնաս կարող է բերել ինձ քո դուրս գալը գործի տաք ժամանակ:

Գործարանատերը գիտե, որ մի հասարակ մշակի գործից հեռանալն իրեն ոչ մի նյութական վնաս չի կարող հասցնել, բայց նա այդ ասում է ուրիշ մտքով: Մշակը հասկանում է այդ միտքը և սկսում է խնդրել, աղաչել, որ ինչպես և իցե հաշիվը վերջացնելով արձակի իրան: Գործարանատիրոջ սիրտը փոքր-ինչ կակղում է մշակի աղաչանքներից, և տալիս է նրա վերջնական հաշիվը, բայց վա՛յ այն տալուն:

Քեզ պատկանում է, — ասում է նա, — տարի ու կես գործելուդ համար այսքան գումար, սրանից ստացել ես այսքան, տասը շուշա ես կոտրել, դրա համար դուրս եմ բերում այսքան, այդինչ ժամանակ չես գործել, քո վարձից դուրս եմ բերում այսքան և, վերջապես, մնում է այս, առ, ստացիր ու կորիր ջհաննամը:

Հազար գոռա մշակը, հազար աղաչի ու արտասուք թափի, ո՞վ է լսելու նրան: Շատ կերկարացնե, շլինքին կտան ու ցեխի մեջ կգլորեն: Ճարահատյալ նա վերցնում է վերջին կոպեկներն ու աչքերը սրբելով հեռանում է:

Մշակի ֆիզիկապես հարստահարվելու մասին, կարծեմ ավելորդ է խոսել վերև բերած մի քանի տեղեկություններից հետո: Բայց ոչ, դա քիչ է մշակի համար, նա գուցե իրան բախտավոր համարեր, եթե թողնեին օրվա այդ 18-19 ժամերը հանգիստ գործեր... Ես չեմ խոսի այդ մասին երկարորեն, ես չեմ պատմի այն թակի, ծեծի և փողոցային ամենագարշելի հիշոցների մասին, որոնցով գործարանատերն ամենայն օր վարձատրում է խեղճ մշակին, այլ կարճառոտ կպատմեմ երկու դեպքեր, որոնց նմանը հազվագյուտ չեն մշակների կյանքում, և վերջ կտամ իմ ներկա հոդվածին: Այդ երկու դեպքերից մեկը պատմել է ինձ մի հայ գործարանատեր՝ Ալեքսանդր Նաջարյան անունով, իսկ մյուսն արդեն հայտնի է Բաքվի հասարակությանը և տեղական լրագիրների միջոցով ուրիշ տեղեր էլ:

Ահա Ա. Նաջարյանի պատմածը. մի գործարանատեր վարձում է մի մշակ ըստ սովորության առանց գրավոր պայմանագրության: Անցնում են ամիսներ, և մշակը, որ ամենայն օր ծեծի ու հիշոցների է ենթարկված լինում գործարանատերից, վերջապես մի օր կամենում է թողնել վերջինին և վարձվել մի ուրիշ գործարանատերի մոտ: Գործարանատերը չի ուզում արձակել մշակին, իսկ վերջինն առանց իր վարձին սպասելու կամենում է հավաքել իր շորերն ու դուրս գալ: Այն ժամանակ գործարանատերը հրամայում է մյուս մշակներին՝ կապել նրան մի սյունի ու ծեծել, սկսվում է ինկվիզիցիան, և փայտի անխնա հարվածներից մաշկի մարմնի զանազան տեղերից արյուն է հոսում: Գոռոցների վրա վազում են հարևանները, որոնց թվում և Նաջարյանը, և մշակին մերձիմահ խլում են գործարանատիրոջ ձեռքից: Մշակը չորս ամիս հիվանդանոցում բժշկվելուց հետո միայն առողջանում է:

Երկրորդ դեպքը պատահում է Բալախանիում և ահա ինչպես: Ադամյան ազգանունով մի հայ հանքատիրոջ նավթահորի երկաթե խողովակը, որի տրամագիծը լինում է 16 դյույմ վեց սաժեն խորութենում ծռվում է, որ սովորական է նոր քանդվող հորերի համար: Հանքահորի վարիչ գործակատարը փոխանակ այդպիսի դեպքերի համար նշանակված գործիքի, մի թուրք պատանի մշակի ձեռը տալով պարանի ծայրը՝ հրամայում է նրան իջնել խողովակի ներսը և ուղղել նրան: Պատանին, պարանի ծայրից բռնած, իջնում է: Հորի մեջ գոյացած գազը խեղդում է նրան, և նա, պարանի ծայրը ձեռից բաց թողնելով, գլորվում է հորի հատակը: Հանճարեղ գործակատարը մնում է շվարած, մի ուրիշ մշակ համաձայնվում է 50 ռուբլով իջնել հորը պատանուն դուրս բերելու համար: Փորձում է, բայց նրա մարմինը խողովակի նեղության պատճառով ներս չի գնում, այն ժամանակ հորի միջից դուրս են քաշում երկաթե խողովակը, հորը փոքր-ինչ լայնանում է, և երկրորդ մշակի մեջքին կապելով պարանի ծայրը գլխիվար բաց են թողնում հորի մեջ՝ առանց մտածելու, որ հորի հողե պատերը կարող են փլվել և երկու մշակներին էլ կենդանի թաղել: Երկրորդ մշակը երկաթե կեռը գցում է պատանի մշակի մեղքին: Դրսում լինողները քաշում են պարանը, և երկու մշակներին էլ դուրս են բերում անշնչացած:

Զարմանալին այն է, որ գործակատարը հիմարի մեկը չէ: Նա հոսոս ազգասերներից մեկն է, անունը Նազարեթ Առավելյանց, որ մի ժամանակ հայերեն մի բրոշյուր էր հրատարակել, եթե չեմ սխալվում, «Ձայն բարբառո վանեցվույն առ ամենայն հույս» վերնագրով: Երևի նրա արարքը հենց իր ազգասիրության արգասիքն է եղել, և նա կամեցել է Հայաստանի քյուրդերի վրեժը Բաքու գալով մի թուրք պատանի մշակից լուծել» :

Բաքվի բանվորների այս դրությունը, որ ես նկարագրել եմ սրանից քառասուն և ութ տարի առաջ, այն ժամանակ այնքան բնական էր համարվում, որ ոչ ոքի չէր զայրացնում, նույնիսկ ամենաառաջադեմ կոչված ինտելիգենտին: Ապագայումն էլ այդ դրությունը գրեթե չփոխվեց, մինչև որ եկավ Հոկտեմբերյան հեղափոխությունը և կերպարանափոխեց բանվորների կյանքը կատարելապես:

Արդեն նավթային աշխարհն ինքնըստինքյան դարձել էր մի ընդարձակ ասպարեզ մարդկային գերագույն բնազդների զարգացման համար:

Դուրս գալով մի գրասենյակից և անցնելով մյուսը որպես հաշվապահ կամ վարիչ, որքան գնում, այնքան ավելի ու ավելի համոզվում էի, որ ընդհանուր ապականության մեջ աետք է ունենալ հակաթույն չվարակվելու համար ամենուրեք տարածված ախտով: Այդ հակաթույնը ես ունեի իմ հոգու մեջ-դա իմ սերն էր դեպի գրականությունը և գրագետի համբավը: Կյանքի մեջ լինելով՝ ես կյանքից դուրս էի, ոսկին ինձ չէր հափշտակում, իմ միտքն զբաղեցնողը մարդկային սիրտն ու հոգին էին: Ես արդեն միջավայրը դիտողի և ուսումնասիրողի դերի մեջ էի, ուստի իմ թույլ ձեռներն ապահովված էին կեղտից: Դա բավական չէր. տեղն եկած ժամանակ ես չէի վարանում հարվածել ապականությունը նույնիսկ այդ մարդկանց մեջ, որոնցից էր կախված իմ նյութական վիճակը: Հակառակ իմ տակավին արտասովոր միամտության, թե` բարին պետք է լինի սիրելի և չարը զազրելի, ես տեսնում էի, որ, ընդհակառակը, նա է ավելի սիրված և հարգված, ով ամենից քիչ է իր եսի հետ հաշվի նստում: Իմ աչքերի առջև մարդ էակն իր նմանի կոկորդը բռնած, պատին սեղմելով, խեղդում էր, և ոչ մի անցորդ չէր փորձում խեղդվողին ազատել: Իրարու բոթելով ու հրելով, յուրաքանչյուրն աշխատում էր իր տեղը լայնացնել մրցման ասպարեզում, և, իհարկե, տուժում էին նրանք, որոնք անզոր էին իրենց ոտների վրա կանգնելու: Թավալելով տկարներին, զորավորներն անցնում էին առաջ առանց ետ նայելու, շատ անգամ իրանց զոհերի դիակը կոխկրտելով երկաթե կրունկներով: Կատարվում էր այն, ինչ որ տեղի ուներ մի ժամանակ Կալիֆորնիայի և այժմ Ալյասկայի ոսկեհանքերում՝ մինչև ավազակային կողոպուտ ու մարդասպանություն:

Следующая страница