Այվազյան Բագրատ՝   Աշոտ Երկաթ

Դու կաց այստեղ և ես անձամբ նրան պատասխան կտամ: — Ապա նա հրամայեց յուր զորքին շարվել և պատրաստվել կռվի: Ութ հազարի չափ զորքը շարժվում էր առաջ, դեպի այն բլրակը, ուր կանգ էր առել Աշոտ Երկաթը յուր 300 հոգնած կտրիճներով: Աշոտ Երկաթի վրա սարսափ ձգելու համար Սևադայի հետևակ գնդերը շարվեցան մի կողմում և վահանները առաջ քաշելով պարիսպ կազմեցին: Հետևակի թիկունքին կանգնել էր հեծելագունդը, իսկ առաջապահ ձիավոր գունդը, վահանները առաջները քաշած ու մերկացրած սրերը ձեռքին, զինվորական վարժություններ էր անում Սևադայի առաջ և սարսափ ազդելու նպատակով ետ ու առաջ էր շրջում: Արեգակի ճառագայթները պսպղում էին նրանց սաղավարտների, պղնձի ու պողպատի վրա և սարսափելի տեսարան ներկայացնում:

Նայում էր Աշոտ Երկաթը այդ ահարկու գնդին, և խորին թախիծը պատում էր նրա սիրտը: Նայեց նա յուր հոգնած կտրիճներին, ապա նրանց միջից 200-ը միայն ընտրելով, բլրից ցած իջավ և ապա, յուր հայացքը վեր ուղղելով, կանչեց.

Տե՛ր, եթե ես եմ սխալը և այս երդմանը ստողը` կտրիր իմ գլուխը այդ հանցանքի համար, իսկ եթե իշխանն է սուտ, պատժիր նրան և փրկիր ինձ տարապարտ մահվանից, որ նա թափում է ինձ վրա:

Եվ ապա այդ երդման թուղթը, որ կապել էին փեսան ու աները Ախայեան գյուղի մոտ, ամրացնելով խաչանիշ դրոշակի վրա, հրամայեց յուր կտրիճներին առաջ խաղալ: Մրրիկը այնպիսի ուժգնությամբ չէր հարձակվի, ինչպես Աշոտ Երկաթը հարձակվեց Սևադայի գնդերի վրա, և այնտեղ մի ակնթարթում տարածեց զարհուրելի սարսափ: Սևադայի գնդերը ցաք ու ցրիվ եղան, շարքերը խանգարվեցան և մոլորված ոչխարների նման սկսեցին ցրվել հովտի, մացառների ու լեռների մեջ: Բայց Աշոտ Երկաթի կտրիճները հասնում էին նրանց ամեն տեղ և սրախողխող անում:

Ութ հազարից բաղկացած գունդը ցաք ու ցրիվ եղավ և կոտորվեցավ, մնացին միայն ինքը Սևադան և յուր որդի Գրիգորը, որոնց բռնելով բերեցին Աշոտ Երկաթի մոտ, որը սոսկալի կատաղության մեջ հրամայեց կուրացնել նրանց:

Ապա կրկին ետ խլելով Կայեան և մյուս բերդը, ազատեց թագուհուն և Հեղինեին, իսկ Գարդմանաց երկիրը նվաճելով յուր իշխանության տակ, վերադարձավ յուր երկիրը, իսկ Մարտիրոս հայրը քաշվեց դեպի Բյուրականի վանքը:

ԻԳ

Արևն արդեն թեքվել էր դեպի մուտքը, նրա թեք ճառագայթները շեշտակի ընկել էին Քոսակի աչքերին, որը դեռ անուշ խռմփացնում էր ծառի տակ: Երբեմն-երբեմն միայն նա անգիտակցորեն ձեռքը դեպի դեմքն էր տանում և դեմքից քշում ճանճերին ու մոծակներին, որոնք անխնա կերպով ծծում էին նրա երեսի չորացած արյունը և նրան անհանգստություն պատճառում: Հանկարծ նա շանթահարի նման վեր թռավ և ձեռքը դեպի սևացած վիզը տարավ: Այնտեղից բզզալով թռավ մի ինչ-որ ճանճ և երբ ձեռքին նայեց` այնտեղից արյան նշան տեսավ, որ տհաճություն պատճառեց Քոսակին:

Անպիտան իշամեղուներն ինձ հանգստություն չեն տալիս, կարծես քիչ էր երեսս ճանկռտվել, սրանք էլ պակասն են լրացնում, — մռմռաց նա և սկսեց ճմլկոտվել և բերանը լայն բանալով օրոշտալ:

Է՜ ... այս ինչքա՜ն եմ քնել, — շարունակեց նա, — արևն արդեն շուտով մայր կմտնի, այնինչ այս անտեր փորիս մեջ ոչինչ չկա, սովածությունը ինձ արդեն սկսում է տանջել:

Այստեղ մնալն անհնար է, կարելի է քաղցածությունից մեռնել, և իմ դիակը վայրենի գազանները քարշ կտան, ինչպես գուցե քարշ են տվել իշխանի դիակը:

Եվ Քոսակը, հետաքրքրվելով Ռշտունյաց իշխանի դիակի վիճակով, վեր կացավ և դեպի ձորը նայեց: Ձորի մեջ, դիակի վրա, բազմաթիվ ագռավներ նկատեց, որոնք ագահաբար գիշատում էին այն: Մի դիվական ժպիտ խաղաց Քոսակի վայրենի դեմքին, և նա քար վերցնելով գլորեց դեպի ձորը: Այդ ժամանակ ագռավները իրենց կռնչյունով թողին դիակը և սկսեցին պտտվել օդում: Նրանք, ինչպես երևում է, շատ դժգոհ մնացին, որ խանգարեցին իրենց անուշ ընթրիքը:

Քոսակը մի առժամանակ նայեց ագռավներին, դիակին և հետո տհաճությամբ շուռ տվեց երեսը: Ապա կատվի դյուրաշարժությամբ բարձրացավ ծառի վրա և սկսեց շրջակայքը դիտել: Շուրջը կատարյալ անշարժություն էր տիրում: Թռչունները միայն վերջին երգն էին երգում և սլանում դեպի իրենց բները, այնինչ արևը սկսում էր թաքնվել հեռու լեռների քամակին: Իրեն բոլորովին ապահով կարծելով՝ Քոսակը ցած իջավ ծառից և այժմ սկսեց ճանապարհ որոնել, որ դուրս գա փշի այդ անտառից, մեծ դժվարությամբ մացառներից բռնելով և անդնդի վրա կախ ընկնելով, քայլ առ քայլ առաջ էր գնում: Մի փոքր անզգուշություն, մի աննշան անհաջողություն, և նա անդունդը կգլորվեր, բայց նա ոչ մի բանի ուշք չէր դարձնում և երբ դուրս եկավ այդ դժվար ճանապարհից ու հասավ ապահով տեղ, ազատ շունչ քաշեց:

Վերջապե՜ս, — ասաց նա, — այժմ ես ազատ եմ և իմ ճանապարհին արգելք չկա, բայց թե ո՞ւր պիտի գնամԲայց նախքան ուր գնալս վճռելը, ես քաղցած ու ծարավ եմՄի փոքր էլ առաջ գնամ, տեսնեմ աստված ի՞նչ է հաջողում:

Նա կրկին սկսեց առաջ գնալ, թեև նրա ոտքերը հազիվ էին շարժվում, երբ անձրևից գոյացած, լճացած ջուր տեսավ յուր առաջը և առանց ուշք դարձնելու ջրի պղտորությանը, ագահությամբ խմեց ջուրը և ապա սկսեց երեսը լվանալ: Այդ բանը նրան մի փոքր զովացրեց և այժմ սկսեց յուր անելիքի վրա մտածել:

Է՛հ, հայերից օգուտ չկա, — ասում էր նա, — աստծո ձեռքը պահպանում է Աշոտ Երկաթին և զուր դավաճանները նրա դեմ որոգայթներ են լարում: Ամեն տեղ իմ տերերը ջարդվում են և ես մինչև օրս մի կտոր հացի տեր չդարձա, չնայած իմ այսքան ջանքերին, բայց մինչև ե՞րբ... Չէ՜ պետք է ձեռք վերցնել դրանցից, ինձ ոչ Գագիկ Արծրունին մի բանի տեր դարձրեց և ոչ Աշոտ սպարապետը, իսկ Ռշտունյաց իշխանը հո սատանաների բաժին եղավ: Աստված դրանցից ձեռք է քաշել, ես ուրիշ բան պիտի գտնեմ, թե չէ սոված կմեռնեմ... Ա՛յ, արաբներին ծառայություն անելը վատ չէ, նրանց մոտ մարդ կարելի է դառնալ, ի՞նչ անենք, թե նրանք ինձ կստիպեն հավատս ուրանալ: Ինչի՞ս է պետք ինձ հավատը, նրանք որ քրիստոնյա չեն, ինչո՞վ են մեզանից պակաս, մի՞թե նրանց թուրը մեր թրից ավելի կտրուկ չէ: Չէ, վճռած է, ես պիտի ներկայանամ արաբաց գլխավորին և իմ արյունակիցների արյունով ապահովեմ ինձ և հետո մի անկյուն քաշվեմ: Աշխարհս այդպես է, որ կողմը կշռի թաթը ծանր է, այն կողմը պիտի հակվել: Այս րոպեին մեր բոլոր իշխանները, թագավորից սկսած, վախենում են արաբներից և իրենց ունեցած-չունեցած ոսկիները նրանց են ուղարկում: Ես ուրեմն ի՞նչ հիմարություն եմ անում, որ նրանց մոտ ծառայության չեմ մտնում, քանի որ գիտեմ, որ նրանք լավ վարձատրում են այն հայերին, որոնք-մոռանում են Քրիստոսին և Մահմեդին պաշտում...

Այդպես մտածելով Քոսակը առաջ էր գնում, առանց նկատելու, որ օրը մթնում էր և երկիրն ընկղմվում խավարի մեջ: Բայց նա լավ ծանոթ էր ճանապարհներին, գիտեր երկրի յուրաքանչյուր ծակուծուկը, ուստի գիշերից ամենևին չէր վախենում: Երբ մի փոքր էլ առաջ անցավ և դուրս եկավ սիզավետ կանաչներից, նրա առջև բացվեց մի խաչաձև ճանապարհ: Ճանապարհներից մեկը տանում էր դեպի Դվին քաղաքը մյուսը` դեպի Նախճվան, ուր այդ ժամանակ նստած էր Յուսուֆի փոխանորդը` արաբաց Նըսր ոստիկանը: Մյուս ճանապարհները տանում էին դեպի Երազգավորս, Վասպուրական և այլն: Քոսակը կանգ առավ ճանապարհի մեջ և խոր մտածող մարդու նման, ձեռքը դեպի ճակատը տարավ: Նա տատանվում էր, թե ո՞ր ճանապարհով գնա:

Դեպի Վասպուրակա՞ն, Վա՞ն, Գագիկ Արծրունու՞ մոտ... չարժե, նա էլ պոչը կամաց-կամաց հավաքել է, յուր աղջկա փախուստից հետո խելքը վրան չէ և, բացի դրանից, ի՞նչ պիտի ասեմ, որ գնամ: Նա ինձ արհամարհելուց հետո ոչ մի պարգևի չի արժանացնի: Դեպի Դվի՞ն գնամ, ո՞ւմ մոտ: Աշոտ Սպարապետը հազիվ յուր գլուխն առավ փախավ և ո՞վ գիտի, թե հենց հիմա նա Աշոտ Երկաթի ձեռքին չէ, և մոխիր չի դարձել Դվինը... Չէ՛, պետք է այս ճանապարհը ընտրել, դեպի Նախճվան, ուր նստած է Նըսրը, այնտեղ պետք է Մահմեդին երկրպագություն տալ և, որոշ ժամանակից հետո, հանգիստ ապրել... — ասաց Քոսակը և հաստատ քայլերով դեպի Նախճվան տանող ճանապարհը գնաց: Քիչ հետո նա կորավ խորին մթության մեջ

ԻԴ

Դվինի ճակատամարտից հետո Գագիկ Արծրունու սրտի մեջ սկսել էր մի ինչ-որ որդ շարժվել, որ գիշեր-ցերեկ հանգստություն չէր տալիս: Գագիկը զգում էր, որ յուր հոգվո մեջ գտնվող որդը այժմ մեծացել, ահռելի կերպարանք էր ստացել, իսկ այդ որդի շարժմունքին` յուր մեջ գոյություն ունեցող խղճին այժմ դժվար էր լռեցնելը... Գիշեր էր: Լիալուսինը փռել էր յուր դյութող լույսը, և նրա ճառագայթները պար էին բռնել Վանա լճի կոհակների հետ, որոնք ծփծփում էին մանրիկ ալիքներով ու կորչում հեռու ջրերի մեջ: Բնության մեջ տարածված էր մի այնպիսի խաղաղություն, որ մարդկային հոգին լցնում էր ցնորքներով և նրան տանում դյութական այն աշխարհը, ուր գոյություն չունեին աշխարհային մանր ու ցած գործերը: Այդ ժամանակ Գագիկ Արծրունին, հրապուրված բնության այդպիսի հրաշալիքներից, իր շքեղ պալատից դուրս եկավ և յուր մտասույզ հայացքը անգիտակցորեն նախ ձգեց լճի լայնատարած կապտության վրա, ուր լուսնի ճառագայթներն էին խաղում և ապա հեռու, դեպի աղոտ մթության մեջ կորչող լեռները: Նրա հոգին լցված էր վշտերով և անհասկանալի հույզը շփոթում էր նրա արագ բարձրացող կուրծքը: Նրա կրծքի տակ, ուղիղ սրտի մեջ, շանթեր էին ցցված, այնտեղ վերքերը թարախ ու ժահր էին արտադրում, դեղ ու դարման էին պետք, վշտին սփոփանք էր պետք, բայց ո՛չ այս կար և ո՛չ այն, ու Գագիկ Արծրունին տանջվում էր և կսկծում...

Հեղինե՜, հասիր ինձ, սփոփիր և բժշկիր վերքս, — կանչեց հանկարծ Գագիկը մի այնպիսի խղճալի, հուսահատ ձայնով, որ կարծես նրա թոքերը կտոր-կտոր եղան և պատառվեցավ սիրտը: Նրա կանչի հնչյունները կորան անհուն լռության մեջ և կարծես սուզվելով լճի անդնդի մեջ` պատասխան չստացան:

Աղջի՛կսես զղջում եմ իմ արարքները, հասի՛ր ինձ, — կրկնեց Գագիկը, և Վասպուրականի հպարտ արքայի աչքերում երևեցան արտասուքներ, որոնք մի վայրկյան միայն ցոլացին լուսնի ճառագայթների տակ և ապա ընկան գետին: Լալիս էր Գագիկ Արծրունին, լալիս էր, և այդ արտասուքները հանդարտեցնում էին նրա հոգու վրդովմունքը և խաղաղեցնում այն սոսկալի ցավերը, որ առաջացնում էր նրա սրտի որդը, այդ արդար բողոքը, խղճի խայթը:

Արի՜, աղջի՛կս, արի՜, ի՞նչը փախցրեց քեզ քո հորական տնից, սե՞րը, թե հորդ ամոթալի արարքը: Եթե սե՞րը, ես կշաղկապեմ քեզ քո սիրած մարդու հետ, իսկ եթե հորդ ամոթալի արարքը, նա արդեն զղջում է յուր արարքը և զզվում է յուր անցյալից... Արի՛, Հեղինե՛, արի՛, հորդ բազուկները քեզ են կարոտում, նրա զղջացող սիրտը քեզ է կանչում, — ասում էր նա և կրկին հառաչում:

Ես հաշտվում եմ խղճիս հետ, դարձի՜ր, Հեղինե՛, դարձի՛ ր և ուրախացրու ինձ քո խելոք խոսքերով: Առանց քեզ դառն կլինի փակել աչքերս, առանց քո ժպիտի սև կլինի կյանքս: Փառասիրությունիցս հեռանում եմ լոկ քո սիրո պատճառով: Միայն քեզ, Հեղինե՛, ուզում եմ տեսնել, գեթ մի անգամ էլ գգվել, համբուրել և ապա մեռնել:

Խելագարի նման յուր պղտոր հայացքը դարձրած դեպի աղոտ հեռավորությունը, Գագիկը մտքով թռել էր դեպի Հեղինեն և կարծես խոսում էր հետը: Ծնողական սիրտը քաշում էր յուր դստեր կարոտը, և այդ կարոտը շատ խոր ու զգացված էր, այնքան խոր, որ Գագիկ Արծրունուն երևում էր նազելի դստեր սիրուն դեմքը, որը յուր թախիծով լի աչքերը դարձրել էր դեպի հայրը: Ա՛խ, ինչքան համեստ, սուրբ և անարատ էր յուր աղջկա հայացքը: Բայց ինչքա՛ն վշտահար արտահայտություն ուներ նա: Տանջված, մաշված և դժգույն էր Հեղինեի դեմքը, այն չէր, ինչ որ առաջ, երբ կուսական անհոգ և անմեղ ժպիտը փայլում էր նրա կայտառ երեսին:

Ի՞նչը վրդովեց քո անմեղ սիրտը, ո՞վ կորցրեց քո ծաղկափթիթ ժպիտը, խավարեցրեց ալ վարդ կտրած այտերդ: Ո՞ր անգութ ձեռքն է նկարել վշտի նշանները քո անմեղ ճակատին: Հեղինե՛, ամբողջ Վասպուրականը կծախեմ և քո ոտքերի տակ կդնեմ, որ դու դարձյալ ժպտաս այնպես, ինչպես առաջ, ոստոստաս անուշիկ տատրակի նման և երջանիկ լինի՜ս... Իսկ դու ո՞ւր ես, ո՞ւր, հեռու ինձանից, չարանենգ բախտին խաղալիք, քեզ անհուն սիրով սիրող ծնողիցդ հեռու:

Գագիկը մտքերի մեջ այնքան խորասուզված էր, որ ոչ մի բան ո՛չ տեսնում, ո՛չ զգում էր. նա ամբողջովին ամփոփված էր յուր աղջկա հիշողություններով, որոնք սուր սլաքի նման ծակում էին նրա սիրտը: Նա չէր զգում մինչև անգամ, թե ինչպես կամաց-կամաց ցուրտը սաստկանում էր և սառը քամին շոյում նրա բորբոքված սիրտը: Վերջապես ցուրտը թափանցեց մինչև ոսկորները, և նա ցնցվեց, զգաց իրողությունը ու խոր մտքերի մեջ ընկղմված դարձավ պալատ: Մյուս օրն ևեթ նա նամակ ուղարկեց Հեղինեին և հայտնեց յուր սիրտը, յուր հոգին, այնուհետև Աղթամար կղզում սկսեց կառուցել մի շքեղ և հոյակապ եկեղեցի, հանուն Սրբո Խաչին (822 թ.), ուր ինքը մոռացության տալով յուր վիշտը, անձամբ հսկում էր եկեղեցու շինությանը:

ԻԵ

Մի ձիավոր, պարզ գյուղական հագուստով, թռչում էր լայն ճանապարհով Վասպուրականից դեպի Այրարատյան երկիրը: Քափ ու քրտինքի մեջ կորել էր նրա ձին, բայց նա անխնա կրկին մտրակում էր ձիուն և շտապում առաջ: Արդեն երեկոյացել էր, և մութը սկսել էր պատել. ուստի նա աշխատում էր շուտ մի իջևանատեղ հասնել, հանգստանալ և առավոտյան կրկին շարունակել ճանապարհը:

Մի քի՛չ էլ առաջ, ի՛մ ձի, մի փո՛քր էլ եռանդ, և մենք կհանգստանանք, ապա վաղը երեկոյան տեղ կհասնենք, նամակը Հեղինեին կհանձնենք և կրկին դեպի Վասպուրական: Այդ ծառայության համար Գագիկ Արծրունին ինձ լավ կվարձատրի և այն ժամանակ ես քեզ նուշ ու չամիչ կուտեցնեմ, և դու կմոռանաս քո հոգնածությունը,— ասում էր ճանապարհորդը, շոյում յուր ձիուն և ապա ձեռքը տանելով դեպի ծոցը, շոշափում էր նամակը, որ հավաստիանա նրա այնտեղ լինելը:

Գիտե՞ս, իմ ձի՛, ի՞նչ ահագին վարձատրություն խոստացավ Գագիկ Արծրունին, եթե Հեղինեից ուրախ պատասխան բերեմ նրան... Դրանով ամբողջապես կապահովվեմ, և իմ ընտանիքը կազատվի սովածությունից, էհ, վերջապես ես էլ եմ մի բանի տեր դառնում, մարդամեջ ընկնում, թե չէ օր չէ, որ ես քաշում եմ: Այս մեր իշխաններն էլ հո ոտնատակ տվին խեղճ ժողովրդին, քամեցին նրա արյունը... Բայց մեր իշխանը` Գագիկ Արծրունին, շատ լավ մարդ է, հավատա, որ լավ մարդ է, խելոք, հեռատես, ի՞նչ անենք, որ առաջ մի փոքր գժություններ արավ և դրա համար էլ աստված պատժեց, աղջիկը նրանից փախավ, որի կարոտից հալումաշ է լինում, իսկ հիմա փոշմանել է և վանքեր է շինում յուր մեղքը քավելու: Է՛հ, աստված բարի տա նրան, — ասում է ճանապարհորդը յուր ձիու հետ խոսելով և շտապեցնելով նրան:

Այդ ժամանակ արևը արդեն թաքնվել էր, ճանապարհին ոչ մի մարդ չէր երևում, այնինչ բնության մեջ թռչուններն ու բզեզները սկսել էին իրենց երեկոյան ճռվողյունն ու աղմուկը: Արտույտն յուր երգն էր երգում նստած նորաբույս արտերի մեջ, դեղձանիկները սկսել էին իրենց դայլայլիկը իսկ ճպուռն ու բզեզները` իրենց չափավոր ծղրտոցը:

Ճանապարհորդը բավականին տեղ առաջ գնաց, արդեն մթնել էր, երբ ճանապարհի ծայրին մի հետիոտն մարդ նկատեց, որ գլուխը կախ ձգած գնում էր: Ճանապարհորդը ձին արագացրեց նրան հասնելու: Հետիոտն մարդը, ձիու դոփյունները լսելով, կանգ առավ: Երբ ձիավորը մոտեցավ, խորին ուշադրությամբ սկսեց զննել ճանապարհորդին:

Բարև՛, բարեկա՛մ, — ասաց ձիավորը և կանգնեցրեց ձիուն:

Բարև՛, — պատասխանեց անծանոթը:

Որտեղի՞ց ես գալիս:

Վասպուրականից, շտապում եմ գործով, ուզում եմ այս գիշեր հանգստանալ, որ վաղը կարողանամ տեղ հասնել և իմ տիրոջ հանձնարարությունը կատարել:

Բայց ո՞վ է քո տերը:

Ո՞վ էմի՞թե չգիտես ո՞վ է Վասպուրականի տերն ու թագավորը` Գագիկ Արծրունին:

Որտեղից իմանամ, ինքս մի ռամիկ մարդ, մեր իշխաններից ի՞նչ տեղեկություն ունենամ:

Բայց մի՞թե դու հայ չես, որտեղացի՞ ես, որ չգիտես, թե ինչ է կատարվում Հայաստանում:

Աստված վկա, ոչինչ չգիտեմ, ես էլ հեռու երկրից եմ գալիս և գնում եմ մշակության: Այսօր այնքան ման եմ եկել, որ հազիվ եմ ոտքերս շարժում: Լավ է որ այստեղ մոտիկ գյուղ կա և այնտեղ կհանգստանամ:

Այդ շատ լավ եղավ, ուրեմն միասին կհանգստանանք, — ասաց ձիավոր մարդը և իջնելով ձիուց, սանձը կուռը ձգեց, ու նրանք առաջ գնացին: Հեռու լեռան ստորոտին երևում էր գյուղի ծուխը, կարճ ժամանակից հետո նրանք գյուղ կհասնեն:

Ի՞նչ է անունդ, բարեկա՛մ, — հարցրեց ձիավորը:

Քոսա՛կ, պատասխանեց մեզ ծանոթ Քոսակը և իսկույն ևեթ փոշմանեց, որ յուր իսկական անունը հայտնեց, բայց նկատելով, որ յուր ուղեկցից չճանաչվեց, սիրտ առավ և սկսեց մանրամասն հարցուփորձ անել, թե նա ո՞ւր է գնում և ինչու՞: Ձիավորը չէր ուզում հայտնել իսկությունը և խոսքերը ծռմռում էր, բայց Քոսակը թափեց յուր բոլոր ճարտարությունը և հաջողվեցավ իմանալ:

Նամակ ունիմ Գագիկ Արծրունուց, — վերջապես ասաց նա:

Ո՞ւմ վրա, — հարցրեց հետաքրքրությամբ Քոսակը, և նրա աչքերը փայլեցին մի տեսակ հրեշային փայլով:

Իր աղջկա` Հեղինեի վրա: Մեր իշխանը կանչում է Հեղինեին: Օ՛, եթե գա Հեղինեն, այն ժամանակ ես բախտավոր կլինեմ, նա ինձ առատ կվարձատրե, — ասաց ձիավորը և գոհունակությամբ սկսեց բեղերը սրել: Բայց Քոսակը այլևս ուշք չէր դարձնում նրա խոսքերին: Նա արդեն հասկացավ բանի էությունը, և հրեշավոր միտքը սկսեց ծնունդ առնել նրա գլխում:

Գիտե՞ս, բարեկա՛մ, ինչքա՛ն բախտավոր կլինեմ, եթե Հեղինեն համաձայնի վերադառնալ, օ՛, ինձ նման բախտավոր ոչ ոք չի լինի, վերջապես կազատվեմ անպիտան չքավորությունից:

Իհարկե, իհարկե, գիտեմ կցկտուր բառերով պատասխանեց Քոսակը:

Դու ի՞նչ գիտես, հը՞...— հանկարծ հարց առաջարկեց ձիավորը և շեշտակի նայեց Քոսակի աչքերին:

Քոսակը դողաց. նոր հասկացավ, որ յուր մտքի հետ ընկնելով կարող էր մատնել իրեն, ուստի ժողովելով յուր սառնասրտությունը, ասաց.

Այն գիտեմ, որ դու բախտավոր կլինես, որ Գագիկ Արծրունին լավ կվարձատրի քեզ, եթե աղջիկը համաձայնի գալ:

Իսկ եթե չհամաձայնի՞...

Ինչպե՞ս չի համաձայնի, Հեղինեն անպատճառ կգա: Նրանք մտան գյուղ և մի թեթև ընթրելուց հետո Գագիկ Արծրունու մարդը ուզում էր քնել, բայց Քոսակը գինուն զոռ էր տալիս և չէր թույլ տալիս քնելու: Նա խոսքը միշտ նամակի մասին էր գցում և աշխատում էր իմանալ, թե ո՞ւր է պահված այդ նամակը:

Ո՞ւր է այդ նամակը, — հարցրեց Քոսակը, երբ տեսավ, որ գինին յուր բարեկամի գլուխն ընկավ:

Ահա այստեղ, ծոցումս, չե՞ս հավատում:

Ինչպես չեմ հավատում, բայց ես շատ հետաքրքրվում եմ իմանալ, թե ինչպես են գրում իշխանները:

Դու կարդալ գիտե՞ս:

Ո՛չ, ես կարդալ որտեղի՞ց կիմանամ:

Հը՜մ, եթե գիտենայիր, կզարմանայիր, թե ինչ մարգարիտի նման է մեր իշխանի գիրը:

Քոսակը նորից լցրեց կավե ամանները գինով և երբ դատարկեցին, դարձավ դեպի ընկերը:

Ցույց տուր տեսնենք, որ ես էլ իմանամ, թե աշխարհիս երեսին ես էլ եմ ապրում ու տեսել եմ իշխանների գիրը:

Ահա, տե՛ս, — ասաց Քոսակի ընկերը և ծոցը երկար քրքրելով հանեց շորի մեջ փաթաթած մագաղաթի կտորը և մեկնեց դեպի նա:

Քոսակի աչքերից կայծեր թռան, նա ճանաչեց Գագիկ Արծրունու գիրը և ետ դարձնելով, ասաց.

Ճիշտ որ մարգարտաշար է:

Քիչ հետո յուր ընկերը խոր քնի մեջ ընկղմվեց, այնինչ Քոսակը արթուն էր և երբ լսեց նրա խռխռոցը, զգուշությամբ նրա ծոցից հանեց Գագիկ Արծրունու նամակը և հեծնելով յուր ընկերոջ ձին, կես-գիշերին սլացավ առաջ...

Պարզ, անամպ երկնակամարի վրա զվարթությամբ բարձրանում էր արևը և յուր կենարար ճառագայթները սփռում չորս կողմ: Հուսահատ, աղքատացած և ոտնատակ տված գյուղացին դեպի դաշտն էր շտապում, խանութպանը` դեպի խանութ, վաճառականը յուր առևտուրն էր սկսում, երբ հանկարծ մի չարագուշակ դեպք սառցրեց ամենքին և մի տեսակ ահավոր դրության մեջ ձգեց նրանց: Օրվա կեսին, երբ ամեն մարդը տաքացած յուր գործն էր շտապում վերջացնելու, լույսը սկսեց հետզհետե անհետանալ և նրա տեղ տիրեց խորին, անթափանցելի խավարը: Աներևույթ զորությունը ծածկել էր արևի երեսը, և նրա փոխարեն երկնքի անհուն տարածության վրա փայլփլում էին աստղերը և հուսո միայն թույլ նշան թողնում սարսափահար ամբոխի սրտում: Մութ խավարի մեջ հանկարծակի լսվեցան սիրտ պատռող հառաչանքներ և զարհուրելի հեծկլտանք: Ամբոխը չոքել էր, ձեռքերը տարածել դեպի վեր, դեպի անմահը և աղոթք էր անում: Ամբոխը աղոթում էր անկեղծ, անարատ սրտով և խնդրում, որ տերը հեռացնե հայոց ազգից այն պատուհասը, ինչ որ գուշակում էր արևի խավարումը: Նա հավատում էր, որ երկինքը արևի խավարում ով գուժում է ազգին հասանելիք վիշտը և նա, առանց այդ էլ վշտի և տանջանքի մեջ լինելով, սարսափում էր նոր գալիք չարիքից:

Բայց աներևույթ զորությունը երկար չպահեց արևի երեսը և խավարը հետզհետե նահանջեց, և նրա տեղ կրկին բացվեցավ պայծառ լույսը, այնինչ ամբոխի սրտի մեջ մնաց մի անորոշ, մթին կասկած գալիք չարիքի մասին:

Եվ ամբոխի կասկածը զուր չանցավ: Նախճվանում նստող արաբաց Նըսր ոստիկանը հեղեղի նման յուր գնդերը առաջ էր քշում դեպի Հայաստան և միանգամայն ուզում էր կուլ տալ նրան և իսպառ ոչնչացնել առանց այն էլ քայքայված ազգը: Նա ուզում էր բռնել ազգի երկու պետերին` հոգևոր և մարմնավոր, ոչնչացնել դրանց և ապա ամբողջ Հայաստանը յուր ձեռքը ձգել: Լքված և հուսահատված էին երկու պետերն էլ: Աշոտ Երկաթն արդեն հուսահատվել էր դավադրություններից և ապստամբություններից, իսկ Հովհաննես կաթողիկոսը շվարել էր, թե որտեղ անցկացնի յուր կյանքի վերջին մնացորդը, որ արաբների ձեռքը չընկնի:

Աշոտ Երկաթը աներոջ դեմ այնպիսի փայլուն հաղթությունը դեռ նոր էր տարել, երբ լսում է, որ Շամշադիո ամրոցի վերակացու Վասակ Գնթունին ապստամբել է: Նա յուր կտրիճներով կայծակի արագությամբ հասնում է այդտեղ, ջարդում նրանց, հնազանդեցնում գուգարներին և ուտիացիներին ու դառնում Կոտայք գավառը: Հենց այդ ժամանակ նորից ապստամբում է Ուտյաց վերակացու Ցլիկ Ամրամը` յուր ստորադրյալ իշխաններով: Աշոտ Երկաթը շտապում է Ուտիք, իջևանում Կուր գետի ափին, անտառների մեջ, բայց տեսնելով, որ անտառներում կռվել անհնար է և ցանկանալով զորքին հանգստություն տալ, մտնում է մի անմարդաբնակ ամրոց, ուր շրջապատվում է Ամրամի զորքերով: Աշոտ Երկաթը այդպիսով յուր զորքով բանտարկվում է այդտեղ, ուր ո՛չ ջուր կար և ո՛չ պաշար: Չկար դուրս գալու անցք, բացի նեղ կիրճից, որովհետև ամրոցի շուրջը անդունդներ էին` մացառախիտ անտառներով պատած: Նեղում են Աշոտ Երկաթի զորքին, որ դավաճանելով թագավորին` խոստանում է կապել Աշոտ Երկաթին և հանձնել թշնամուն: Աշոտ Երկաթը լսում է այդ և զարհուրում: Գիշերով, կայծակի արագությամբ ճեղքելով թշնամյաց բանակը, անցնում է և գնում Կաքավաբերդ, այստեղից էլ, հարյուր մարդ վերցրած` գնում Սևան կղզին: Այդ ժամանակ անտեր է մնում ամբողջ Հայաստանը, և Նըսր ոստիկանը, օգտվելով հանգամանքից, նախ ուզում է բռնել Հովհաննես կաթողիկոսին և ապա` Աշոտ Երկաթին:

Այդ միջոցին Հովհաննես կաթողիկոսը գտնվում էր Բյուրական ամրոցում, որ իրեն էր պատկանում և ուր շինել էր կուսակրոնների վանք և հոյակապ եկեղեցի` կոփածո քարերով: Նըսր ոստիկանի գնդերը արդեն մոտենում էին Բյուրականին: Հեղեղը արդեն ջարդում, ոչնչացնում էր անցած տեղերը և այժմ միանգամից ուզում էր լափել Բյուրականը և դրա հետ միասին` հայոց հոգևոր գլխին, երբ Հովհաննես կաթողիկոսը յուր ընծաներով շտապում է մեղմել Նըսրի բարկությունը, բայց նա միայն առ երես ընդունելով նրա ընծաները, քիչ ժամանակից հետո դրժում է յուր խոսքը և յուր խոսքերը կրկին առաջ քաշում դեպի Բյուրական ամրոցը: Հովհաննես կաթողիկոսը լսում է այդ և շուտով փախուստ տալիս այդտեղից դեպի Բագարան, Աշոտ Բռնավորի մոտ:

ԻԷ

Գիշերր ցերեկ էր դառնում, ցերեկը` գիշեր և օրը վազում օրի ետևից, բայց Հեղինեի կյանքի մեջ ոչ մի փոփոխություն չէր լինում: Օրավուր նա հալվում էր, մաշվում և նրա սիրուն աչքերի շուրջը կապույտ շրջանակներ կազմվում: Տաղտկալից էր նրա կյանքը: Մատաղ կյանքը թառամում էր դառն և սիրտ խոցոտող մտքերով, և նա անհույս հայացքը չորս կողմն էր դարձնում, մի հույս էր փնտրում, բայց ոչ մի կողմից լուր չէր ստանում: Հեռու էր յուր հայրը, որի կարոտը օրավուր մաշում էր նրան, հեռու էր նաև Գևորգ իշխանը, որից ո՛չ մի լուր չուներ, թե ո՞ւր է նա և ի՞նչ է շինում: Եվ Հեղինեն, միայնակ փակվելով յուր սենյակում, մտքերի ծովն էր ընկնում, որոնք անխնա կրծում էին մատաղ սիրտը և գերեզմանին մոտեցնում: Մի օր էլ Հեղինեն փակված յուր սենյակում արտասուք էր թափում, երբ աղախինը ներս եկավ և հայտնեց, որ ինչ-որ մի մարդ ուզում է ներկայանալ իրեն:

Հեղինեն իսկույն սրբեց արտասուքները և, ուղղելով ցրված մազերը, հարցրեց.

Ո՞վ է այդ մարդը:

Չգիտեմ, իշխանուհի՛, նա սարսափելի դեմքով մարդ է և ուզում է քեզ հետ առանձին խոսել:

Որտեղի՞ց է նա, չհարցրի՞ր:

Վասպուրականից:

Հեղինեի սիրտը տրոփեց: Նա ձեռքը տարավ դեպի կուրծքը, կարծես այնտեղով անցավ ինչ-որ անհայտ մի բան:

Կանչեցե՛ք նրան, — հարամայեց Հեղինեն վճռական ձայնով:

Աղախինը դուրս գնաց, և երբ ներս մտավ մարդը, Հեղինեն քարացած կանգ առավ և ապուշի նման սկսեց նայել: Նրա առջև կանգնած էր Քոսակը, որի դեմքը ծանոթ էր իրեն:

Ի՞նչ բան ունես, — հարցրեց սառն կերպով Հեղինեն` մի փոքր լռությունից հետո:

Իշխանուհի՛, մի բարի համբավ ունիմ հաղորդելու քեզ, հույս ունիմ, կվարձատրես ինձ ի տրիտուր այն նեղության, որ ես կրեցի ճանապարհին:

Ասա՛, ի՞նչ ուրախ լուր, վաղուց է, որ իմ սիրտը ուրախ լուրեր չի ճաշակել:

Իշխանուհի՛, ինձ ուղարկեց հայրդ, Վասպուրականի թագավորը, նա կարոտ է քո տեսությանը և րոպե առ րոպե սպասում է քեզ:

Հա՞յրս... ինձ կա՞րոտ է... Մի՞թե նա մոռացավ, որ ես զենքը ձեռքիս իրեն դեմ էի գնում: Մի՞թե ես չէի, որ փախուստ տվի նրանից, և նա կատաղի կռիվ մղեց իմ պատճառով և ամենուրեք սկսեց հալածել ինձ: Այժմ ի՞նչ է ուզում ինձանից... Եթե ուզում է վերջ դնել կյանքիս, նա առանց այն էլ մոտ է յուր օրհասին...

Իշխանուհի՛, դու ինձ չհասկացար: Հայրդ ամեն բան մոռացել է և այժմ միայն քո կարոտն է քաշում: Քեզ ուզում է գրկել, համբուրել և ոչ թե կախաղան բարձրացնել:

Հեղինեն թափանցող հայացքով նայեց Քոսակին: Ըստ երևույթին չէր հավատում նրան: Քոսակը այդ հասկանում էր, բայց ուզում էր դեռ փորձել:

Մի՞թե ինձ չես հավատում, իշխանուհի: Ինչո՞ւ դու ոտքի տակ ես տալիս քո հորը, որը բազուկները կարկառում է քեզ գրկելու և յուր երջանկությունը միայն քո մեջ է գտնում:

Ո՛չ, ես չեմ հավատում, — սուր կերպով պատասխանեց Հեղինեն:

Ահա՛ ապացույցը, — պատասխանեց Քոսակը և մեկնեց դեպի Հեղինեն մագաղաթի կտորը:

Հեղինեն շտապով առավ նամակը, նայեց գրին, և նրա սիրտը սկսեց դողդոդալ: Նա ճանաչեց հոր գիրը, որին կեղծել ոչ ոք չէր կարող, և նրա աչքերը մթնեցան: Սրտատրոփ սկսեց կարդալ նամակը, և աչքերը լցվեցան արտասուքներով: Նա մոռացավ Քոսակին, որը աչքը չէր հեռացնում նրանից և մտքով գնաց հեռու` դեպի Վասպուրական, ուր հայրը արցունքներ էր թափում յուր համար: «Թանկագի՛ն Հեղինե, — գրած էր նամակի մեջ, — երկինքը վկա եմ կանչում, որ առանց քեզ իմ կյանքը մաշվում է և գերեզմանին մոտենում:

Հեղինե՛, հասիր քո հոր արցունքները ցամաքեցնելու. նրա սիրտը քեզ է կանչում, քո տեսությանն է կարոտում: Զղջում եմ արարքներս և մեղա գալիս քո անարատ անվան առաջ, միայն թե նամակս ստանալուն պես շտապես դեպի ինձ: Լսո՞ւմ ես... քո հայրը քեզ մոտ մեղա է գալիս: Դու քո թույլ տեղով հաղթեցիր ինձ: Հասիր, Հեղինե՛, հասիր, իմ տարածված բազուկները սպասում են քեզ գրկելու...»:

Հեղինեն վերջացրեց նամակի ընթերցումը, դարձյալ սկսեց կարդալ, դարձյալ վերջացրեց: Ամեն անգամ նա մոտեցնում էր նամակը շրթունքներին և համբույրներով ծածկում այն: Խե՜ղճ. նա կարոտել էր հորը:

Վերջապե՜ս, — ասաց նա և խոր հոգոց հանեց, — վերջապե՜ս, — կրկնեց նա, — իմ հայրը այլևս դավաճան չէ, նա թողեց այդ սև դրոշմը, ետ կանգնեց խայտառակության ճանապարհից, բայց թե ինչո՞վ պիտի սրբի յուր կատարած նախատինքի դրոշմը... Ո՛հ, եթե ամբողջ Վասպուրականը զոհի ազգին, դարձյալ չի ազատվի... Բայց մի՞թե բավական չէ, երբ նա զղջում է յուր արարքները և ես ի՞նչ իրավունք ունեմ այժմ հակառակելու նրան և դառնացնելու նրա առանց այն էլ դառն օրերը... Օ՛, հայր, ես կարոտում եմ քեզ, ես ուզում եմ թռչել դեպի քեզ, գրկել քեզ, — ասաց Հեղինեն ինքն իրեն ու մոտենալով պատուհանին, թանձր վարագույրները ետ քաշեց և նայեց դուրս: Թարմ օդը շոյեց նրա բորբոքված դեմքը և զովացրեց նրան: Փայլուն, պսպղուն աչքերով Հեղինեն դեպի երկինք նայեց, ուր այդ ժամանակ կախված էին մի քանի սպառնալից ամպեր, որոնք պղտորեցին նրա սիրտը, և նրա մտքով անցավ Գևորգ իշխանը:

Իսկ Գևորգ իշխա՞նը, — ասաց ինքն իրեն, — ո՜հ, ես նրան էլ չեմ կարող թողնել և առանց նրա չեմ կարող մնալ: Ո՞ւր է նա արդյոք: Մոռացա՞վ ինձ, թե այժմ նրա հոգին միայն շրջում է երկրի վրա և անիծում ինձ... Ո՜հ, իշխա՛ն, դուրս բեր ինձ այս անհայտությունից և հասիր ինձ: Հասիր, որ թռչենք դեպի Վասպուրական, ուր իմ հայրը` Վասպուրականի գոռոզ թագավորը, կօրհնի մեր միությունը...

Next page