Բակունց Ակսել՝   Պատմվածքներ, ակնարկներ, հեքիաթներ

Ի՞նչ ա հասկանում, է՛, խեղճը, որ չանչ ես անում...

Էն չի՞ հասկանում: Գիտե՞ս ինչ սատանան ա: Ասենք հիմա ա խեղճացել: Մարանենց Մինան մի ժամանակ ուներ որ՛...

Ձեռքովը գա, հիմա էլ կանի, — ձայնեց մի ուրիշ կին, որ օգնում էր Աննային՝ բեմը սարքելու:

Ասում են հարսին գերեզման գցողը սա է եղել...Էնքան թուք ու մուր է տվել երեսին, ծեծել...Հիմա եկել ու քաղցր զրույց ա ուզում անի մեզ հետ: Էգուց տես ինչեր ա պատմելու մեր մասին...

Աննան և սարքում էր բեմը, և կես ականջ լսում ընկերների խոսք ու զրույցը Մարանենց պառավի մասին: Եվ երբ բեմից իջավ, որ հեռվից նայի պատերից կախ կարպետներին, հանկարծ աչքն ընկավ սեղանին ու սեղանի վրա դրած շալին: Աչքն ընկավ, ու մի վայրկյան աչքը սառած մնաց.

Հը՞, զարմացա՞ր: Տես ի՛նչ շալ եմ առել, — ասաց շալի տերը, նկատելով Աննայի սառած հայացքը:

Չէ՛, էնպես աչքս ընկավ...Աղչի, մի տեսեք բեմը պակաս տեղ հո չունի...

Ու մինչդեռ այս ու այն կողմից ձայն էին տալիս, մեկը՝ թե. կարպետը ծուռն է կախած, մյուսը՝ որ բեմը լավ է սարքած, — Աննայի աչքը շալին էր: Կամաց-կամաց դեմքի արտահայտությունը փոխվեց, զգաց, որ հոգնել է ու նստեց տախտակի վրա...

Այդպիսի շալ ուներ և քույրը: Փաթաթվում էր միջին, երևում էր միայն աչքն ու ունքը: Այնքան սիրուն էր Փառանձեմը ծաղկանկար շալով: Նստում էին տան առաջ, թթենու տակ, խաղեր էին անում: Փառանձեմը տիկնիկներ էր շենում, տալիս իրեն: Եվ իսկույն Աննան պիտի վազեր հարևանի աղջիկներին ցույց տալու իր նոր տիկնիկը:

Աննայի միտն ընկավ, թե ինչպես մի անգամ տեսավ քարերի վրա ընկած բարակ ու երկար պսպղուն կտոր...

Ուրախացած մոտ վազեց, որ վերցնի, Փառանձեմը տեսավ ու ծկլթաց: Քարերի վրա գարնան արևի տակ տաքացող օձը կամացուկ շուլալվեց ու պահվեց քարերի արանքում:

Աննան ժպտում էր:

Էն ուր փախավ կտորը...

Էն օձ էր, օձ...որ բռնեիր, ձեռքդ կկծեր, — ասաց Փառանձեմը ու գրկեց նրան:

Նստում էին թթենու տակ ու եթե տանը մարդ չէր լինում, Փառանձեմն Աննային ուղարկում էր հարևանի աղջկան կանչելու: Ծնողներն անհաշտ էին իրար, գնալ-գալ չունեին: Իսկ Փառանձեմն ու հարևանի աղջիկը մոտ ընկերներ էին: Եվ հենց որ տանն էլ ուրիշ մարդ չլիներ, Փառանձեմը կասեր.

Աննա, գնա Սրբուհուն կանչիր...Համա լեզուդ կկարեմ, որ ուրիշին ասել ես: Էլ տիկնիկ չեմ շինի քեզ համար:

Ինչի՞ ես պարապ նստել, Աննա, — ձայն տվավ սեղանի վրա թուղթ խմորող կինը, — վե՛ր, գործ արա: Էգուց մարտի 8-ը լինի, դու պարապ նստե՞ս...

Աննան ցնցվեց, սթափվեց: Ձեռքերը մազերին տարավ, երեսի վրա կախ ընկած մազերը ետ քաշեց, մոտեցավ սեղանին: Մի կին պատմություն էր անում: Աննան խմորը մատով քսում էր թղթին, դեն դնում: Մի ուրիշը խմորած թղթերը փակցնում էր ղարադամի ծխից սևացած, հարյուր տարվա պատերին:

Մի անգամ էլ բակում նստել, միամիտ խաղում էին: Հանկարծ դուռը բացվեց, մայրը ներս մտավ ու Փառանձեմին ասաց.

Գնա մազերդ սանրի...էն կապույտ դեյրադ էլ հագի: Տունը մարդ ա գալու:

Բա ե՞ս ... — հարցրեց Աննան: Մայրը չպատասխանեց, ավելն առավ և սկսեց արագ-արագ ավլել սրահը, գետնին խսիր փռել: Փառանձեմը նայեց, շատ նայեց Աննային, ու երբ մայրը մի անգամ էլ կանչեց, վեր կացավ ու ներս մտավ տուն:

Մի քիչ հետո Մարանենց պառավն եկավ: Ու դեռ չէին քչփչացել իրար հետ մայրն ու Մարանենց Մինան, երբ ներս մտան հայրն ու մի ուրիշ երկար հասակով մարդ, որ կռանալիս գլուխը դռանը զարկեց ու թոնթորաց:

Ափի, էլի մեր եղը պիտի ծախե՞ս, — հորը հարցրեց Աննան: Ի՛նչ ցուրտ էին այն մարդու մատները, երբ նա կռացավ և Աննայի թշերից բռնեց: Գոմում մի պառավ եզ կար: Ամեն գարնան մայրը մտադրվում էր ծախելու, առնողները գալիս-գնում էին, ու եզը մնում էր գոմումը: Այդպես էլ մնաց, մինչև որ մի առավոտ գոմում անշնչացած տեսան:

Թե ինչ կատարվեց այդ և հետագա օրերում, Աննան չէր կարող հասկանալ: Ու մի օր էլ շատ միս բերին, Փառանձեմի համար նոր շորեր առան, եկան հարևան ու բարեկամ, բակում կրակներ վառեցին ու մեծ կաթսաները դրին կրակի վրա: Փառանձեմը լաց էր լինում: Աննան հենց որ հեռանում էր նրա մոտից, ուրախ-ուրախ թռչկոտում էր, եկողները միրգ էին տալիս: Բայց որ մոտենում էր Փառանձեմին, ուրախությունը կորչում էր...

Մութը ընկնելուց՝ Փառանձեմը Աննայի հետ կամացուկ տնից դուրս եկավ: Գնացին Փառանձեմը տան ետևում պահվեց, Աննան վազեց Սրբուհու մոտ: Այն իրիկուն նրանք քիչ խոսեցին: Հանկարծ մայրն երևաց, տեսավ Սրբուհուն: Փառանձեմը աղաչեց, լաց եղավ.

Ջա՛ն, էլ չեմ անի...Սիրտս ուզեց:

Մայրն էլ լաց եղավ, Սրբուհին էլ: Հետո բաժանվեցին: Տան անկյունում, ծռվելիս, Փառանձեմը հետ նայեց: Աննան տեսավ, թե ինչպես Սրբուհին կանգնել էր իր տեղում: Եվ երբ տուն մտան, Աննան քրոջը կամացուկ հարցրեց.

Բա Սրբուհին գիշերս բոստանում պիտի քնի՞...

Փառանձեմը կռացավ, համբուրեց: Աննան զգաց, թե ինչպես արցունքները կաթեցին նրա աչքերից:

Զուռնի ձայնը երբ լսվեց, Աննան դուրս թռավ: Դարպասը բաց արին, ինչ-որ մարդիկ հարա՛յ-հրոցով, զուռնա դհոլով բակը մտան: Պարում էին բակում, ծափ էին տալիս: Մեկը բարձր կանչում էր... Դհոլի ձայնից դրմբում էր տունը: Գնում գալիս էին: Մեկը թե՝

Աղչի, կորի է՛... ոտնատակ կլինես...

Աննան ետ եկավ քրոջը պատմելու, թե բակում ինչ լավ են պարում բակում, ինչքան շատ մարդ են եկել: Փառանձեմին հագցնում էին: Մրսում էր: Ծաղկանկար շալը գցել էր ուսին, լուռ կանգնել էր: Ինչ որ կանայք շորերն էին, շտկում, սիրտ էին տալիս: Ինչո՞ւ էին մոմ դրել Փառանձեմի ձեռքին: Մոմը դողում էր, կրակը թրթռում էր: Բարակ քող էին գցել Փառանձեմի գլխին, և մոմի լույսի տակ, քողի արանքից սփրթնած էր երևում Փառանձեմի դեմքը:

Մյուս առավոտ Աննան զարթնեց, զարմացած նայեց չորս կողմը: Իր տեղաշորում չէր քնել, շորերը հագին էր: Փառանձեմը չկար: Մայրը ուռած ու կարմրած աչքերով ներս ու դուրս էր անում, հավաքում ամանները, կարպետները:

Աննան նստեց տեղաշորում, աչքերը տրորեց, հետո նայեց մորը: Մայրը մոտեցավ, կռացավ ու նրան համբուրեց: Արցունքներն ասես մոր համբույրին էին սպասում, որ ծլլան: Երազի պես թվաց լուսադեմին Փառանձեմի դեմքը: Ականջին ինչ-որ բան ասաց, պինդ համբուրեց: Իսկ Աննան տրտնջում էր, որ քունը տանում է:

Նույն օրն էլ գնաց քրոջը տեսնելու: Ուրիշ տուն էր, ուրիշ մարդիկ, և այդ ուրիշների մեջ լուռ ու անխոս Փառանձեմը: Երկար հասակով մարդը գրկեց, ուզեց համբուրի: Բայց Աննան դուրս թռավ նրա գրկից, վազեց քրոջ մոտ: Բեղերն այնպես էին ծակում, և այնպես վատ հոտ էր գալիս նրա բերանից:

Այդ տանը մնաց մինչև իրիկուն: Բաժանվելիս Փառանձեմը նրան միրգ տվեց, կանչեց մի անկյուն և ասաց.

Սրբուհուն կասես, որ կիրակի օրը մեր բոստանում ինձ տեսնի: Համա տես, որ ուրիշին ասել ես, էլ քեզ տիկնիկ

Լացը խեղդեց, չկարողացավ խոսքը վերջացնի:

Էստեղ լավ չի, արի գնանք մեր տուն, — ասաց Աննան: Փառանձեմը ժպտաց:

Դե, մութն ընկնում ա, գնա, բալիկս: Նանին հիմա մենակ ա: Խելոք կաց...

Գնում էր գալիս: Մի քանի անգամ Փառանձեմը եկավ իրենց տուն: Առաջվանը չէր: Աննան ուզում էր, որ նստեին թթենու տակ, հավաքում էր գույնզգույն կտորներ, բայց Փառանձեմն էլ առաջվա պես սիրուն տիկնիկներ չէր սարքում:

Էլ հերիք ա, Աննա...Մարանենց պատերը սաղ թղթեցինք, — ասաց կինը, որը Աննայի խմորած թղթերը փակցնում էր պատերին:

Կինն իր պատմությունը դեռ չէր վերջացրել: Աննան լավ չէր լսել նրա պատմածը...Երկու ձիավոր էին...Կարճլիկ մարդը հենց նրանց տեսավ թե չէ...Էդ ժամանակ Մարանենց էս պառավը դեռ ջահել աղջիկ է լինում...

Աննա, համ զրուցին ականջ արա, համ էլ սրանից մի հատ գրի, բեմի մեջ կախ տանք, — ասաց պատմություն անող կինը, Աննային մեկնելով թղթի մի կտոր և ապա բաց գիրքը:

Աննան գրքից պիտի արտագրեր մի քանի խոսք: Փորձեց, լավ դուրս չեկավ...Տառերը խառնվում էին իրար, շաղվում: Թուղթը շուռ տվավ մյուս երեսի վրա...

Ու մի օր էլ Աննան գնաց, Փառանձեմին անկողնում պառկած տեսավ: Գնացել էր կորեկ քաղելու, թռել էր առվի վրայով, ճմացել էր ոտքը, թաթի խաղը դուրս էր ընկել: Մինչև իրիկուն աշխատել էր արտում, երեկոյան կաղալով տուն էր եկել: Մյուս օրն անկողնուց վեր չէր կացել:

Փառանձեմը Աննային որտեսավ, ասես սիրտը բացվեց: Վերմակի մի տուտը բարձրացրեց: Աննան թեք ընկավ նրա կողքին: Մի կին տաք մոխիր էր լցնում պարկերի մեջ և շուտ-շուտ մոխրով լի պարկերը մոտեցնումՓառանձեմի ուռած ոտքի վրա: Քույրը ցավից տնքում էր, կինը սիրտ էր տալիս:

Այդ օրը մայրն էլ եկավ: Աննան անչափ ուրախ էր: Նրան թվում էր, թե ուրիշի տանը չեն, այլ իրենց, Փառանձեմը սուտ է պառկել, ոտքը չի էլ ուռել: Այնպես էր ուզում գլորվել ու խաղալ նրա վերմակի վրա, ինչպես առաջ, երբ միատեղ էին քնում և ինքը կանուխ էր զարթնում, խաղում քրոջ մազերի հետ:

Մյուս օրը Մարանենց Մինան եկավ: Սպասում էին դալլաք Սիմոնին: Փառանձեմը մաշվել, դեղնել էր: Գիշերը քունը չէր տարել: Երբեմն տնքում էր, բայց մչինչ, և ոչ մի խոսք չէր ասում: Դալլաք Սիմոնն եկավ, վերմակը վեր քաշեցին, և Աննան տեսավ քրոջ ուռած ու սպիտակ ոտքը:

Իրեն դուրս տարան: Բակում ուրիշ երեխաներ կային, խաղում էին: Աննան կանգնել ու նրանց էր նայում, երբ հանկարծ ականջովն ընկավ քրոջ ճիչը: Վազեց դեպի դուռը, հրեց. դուռը ներսից փակել էին: Փառանձեմը ցավից ծկլթում էր, բարձր կանչում: Աննան դռան մոտ լաց էր լինում, ուսով դուռը հրում, բռունցքներով զարկում: Ներսից ոտնաձայն էր լսվում, գնում էին գալիս, ամանների շրխկոցի ձայն էր լսվում:

Դուռը հանկարծ բացվեց: Մի կին արնով լի տաշտը դուրս էր տանում: Աննան ներս մտնելիս կպավ տաշտին, քիչ մնաց տաշտն ընկներ կնոջ ձեռքից:

Փառանձեմն աչքերը բաց ու խուփ էր անում: Սպիտակել էր երեսը, շրթունքները կապտել էին: Աննան զարմացավ, թե ինչու Փառանձեմը նստում է ու իրեն ոչինչ չի ասում, չի կանչում՝ կողքին նստելու: Դալլաք Սիմոնը վերմակի ծայրին էր քսում արնոտ ածելին և հույս էր տալիս, որ երկու օրից ուռուցքը կքաշի:

էն հարամ արյուն էր, էն որ դուրս եկավ, երկու օր էլ չի քաշի, ցավը կհանդարտի, ուռուցքը կնստի:

Մայրս անխոս էր: Կռացել էր, երբեմն ձեռքով սրբում էր Փառանձեմի ճակատի քրտինքը: Միայն Մարանենց Մինան էր, որ դալլաքի հետ զրուցում էր և մի պատմություն անում, թե ինչպես տարիներ առաջ մի ուրիշի գլխին էլ այդպիսի փորձանք է պատահել և թե ինչպես էր նա առողջացել:

Փորձանք ա, կպատահի...Մարդս որ կա, մի անգիտուն հեյվան ա...Միայն Տերը կարող ա փորձանքը իմանա:

Սակայն օրեցօր ուռուցքը շատացավ, վերքը թարախոտեց: Փառանձեմը դժվար էր շնչում, չէր կարողանում տեղում շարժվել: Ո՜չ ուտում էր, ո՜չ խմում և ո՜չ էլ խոսում: Երբեմն աչքերը բաց էր անում, նայում սրան- նրան, շրթունքները շարժում, բայց ձայնը չէր լսվում, թեկուզ կռանում էլ էին և ականջները մոտեցնում բերանին:

Ու մի անգամ մայրը նայեց աղջկա դեմքին, շարժվող շրթունքներին, Աննային ասաց.

Սրբուհուն ա ուզում, Աննա, գնա կանչի...

Երբ Սրբուհին ներս մտավ, Փառանձեմը ժպտաց: Չկարողացավ ոչ մի խոսք ասել: Աննան տեսավ, թե ինչպես Սրբուհին աչքերը սրբելով, դուրս եկավ սենյակից, մի անգամ էլ ետ նայեց բաց դռնով և նրան կանչեց:

Գիշերս գնանք մեզ մոտ, Աննա, նանեդ ու ափեդ էստեղ են մնալու...

Առավոտ կանուխ, երբ Սրբուհու հետ միասին Աննան մոտեցավ Փառանձեմենց բակին, ներսից վայնասունի ձայն լսեցին: Սրբուհին թողեց Աննայի ձեռքը, և, մազերը քանդելով, ներս վազեց: Փառանձեմը մեռել էր...

Ի՞նչ եղավ, Աննա, հը՞, էդ ինչ է, աչքերդ ջրակալած են, — հարցրեց կինը, որ պատմությունն արդեն վերջացրել ու նայում էր, թե ինչպես է Աննան շուռ ու մուռ տալիս թուղթը:

Աննան փղձկաց, արցունքները թափվեցին սպիտակ թղթի վրա:

Ինչո՞ւ ես լալիս, Աննա...գիժ հո չես...էգուց մարտի 8-ն է, դու ճառ ես ասելու...

Հեչ, միտս եկավ մեր Փառանձեմը, — ասաց Աննան և արցունքները սրբեց: Տիրեց լռություն:

Թե ողջ մնար, հիմա մեր միջի առաջավորը կլիներ...

Էնքան էդպես անտերունչ ու անխոս մեռել ե՛ն...ի՞նչ էր մեր հալը: Բա կարո՞ղ են հիմա զոռով պսակեն, դալլաք Սիմոնին կթողնեի՞նք, որ նշտարեր...

Աննան ունքերն իրար հավաքեց, մոտեցրեց թանաքն ու փետուրի ծայրով թղթի վրա մեծ տառերով գրեց.

Խորհրդային իշխանությունը մեզ ազատություն բերեց, կեցցե մարտի 8-ի տոնը

Հետո վեր կացավ, գրածը կախեց բեմի ճակատից, մի քիչ նայեց ու թեթևություն զգաց:

Մութ էր, երբ կին ու աղջիկ ցրվեցին գյուղի ծուռ ու նեղլիկ փողոցներով: Ու հեռվից իրար կանչում էին.

Աղջկերք, էգուց կանուխ կգաք, մարդ շատ կլինի, բոլորին իմաց կանեք...

Աննան քայլում էր մյուսների հետ: Վճռական և ուրախ շեշտ կար նրա ձայնի մեջ, երբ ընկերներից բաժանվելուց հետո գյուղի խաղաղ փողոցում բարձր կանչեց.

Աղջկերք, վաղը մարտի 8-ն է...

ԵՐԲ ՈՐ ԲԱՑՎԵՆ ԴՌՆԵՐ ՀՈՒՍՈ

Սենդին նստել էր քաղաքային այգում և օրվա լրագիրն էր կարդում: նստարանի ճռնչոցը նրան սթափեցրեց: Փնչոցով նստարանի վրա նետեց իր «մարմին ծանրության» շքեղ հագնված մի մարդ, որի վզկապը շատ էր նեղ ծնոտի կախ ընկած ծալքերի համար: Փորն այնքան էր դուրս ընկած, որ մարդը ուղիղ կանգնած ժամանակ իր ոտքերը չէր տեսնում:

Լրագի՞ր կկարդաք կոր, — հարցրեց նորեկը, վիզը խեղդվողի պես ծռմռելով:

Սենդին հասկացավ, որ նորեկը օտարական է, երևի գաղութահայ: Երևանի այգում այդ բարբառը օտարոտի թվաց նրան, և պահ մի կեցավ, ապա գլխով դրական նշան տվավ:

Ես ադ թերթերեն բան մը չեմ հասկընար, — շարունակեց նորեկը, — կրճատումներ ահռելի, Մեսրոպյան ուղղագրությունը այլանդակած կտեսնամ հոս: Ի՞նչ ըսել է նախգյուղփոխօգկոմ, շնչահեղձ կըլլա մարդ, մինչև արտասանե նե...

Եվ իրոք, այնպես խռռաց, ասես մսի շերտերի տակ թաղված կոկորդի մեջ մի անասուն մորթեցին: Նորեկը ուրիշ բաներից էլ տրտնջաց, և Սենդին հասկացավ, որ այդ դժգոհության պատճառն ավելի շատ մլեկներն են և տոթը ցերեկվա:

Ո՞վ, ի՞նչ, ուրկից, — հարցական ու բացականչ բառերի տարափից, որ նորեկը տեղաց Սենդիի գլխին, երբ նա «աղվորիկ սիգարա մը ծխել կուզեր», — Սենդին հասկացավ, որ հարևանը «պարոն Քիրաջյանն» է, արտասահմանի աղքատախնամի լիազորը, եկել է Հայաստան «տեսնելու, թե ուսկից հարմար է նպաստել սա մեր տառապյալ ժողովրդին»:

«Ժողովուրդ» բառն արտասանելիս Քիրաջյանի հաստ շուրթերը ձգվում էին, խողովակ կազմում, որտեղից ելնում էր նախ՝ մի բառ, ապա տնքոց: Այդ տնքոցը, որ շատ խորից էր, թանձրամիս մարմնի խորերից, կարծես բառի արձագանքն էր:

Քիրաջյանը սկսեց պատմել, որ ինքը «հեռվեն եկած է մալառիային դեմ մաքառելու և ազգին ֆիզիքը ազնվացնելու»: Էլ ուրիշ շատ բան պատմեց, բայց Սենդին ուշադիր չէր լսում:

Նրան դուր էր գալիս մսի այդ հսկա զանգվածի՝ փորի մակընթաց ու տեղատու լինելը և այն անորոշ ձայները, որ ելնում էին մարմնի խորերից, իբր բողոք շոգի դեմ, մոծակների դեմ, նոր ուղղագրության դեմ:

Նա իմացավ, որ Քիրաջյանը «ագարակներու և ավանակներու տեր» է, գաղութահայ հարուստներից, որոնք աղքատախնամի գործերով են պարապում, եկեղեցու համար գանձանակ հավաքում, «հայասեր» օտարների պատվին ճոխ ընթրիք սարքում և ճառում՝ նստած, կանգնած, բաժակը ձեռքին, ճառում ավտոյի մեջ, ճառում հյուրի ձեռքը սեղմելիս: Իսկ հետո՞, այդ հետոն նրանց աշխատանքի իմաստն է, «ազգային» աստառը: Հետո նրանք դոլլար են ասում, Ֆրանկո-Մարսեյլ, կարատ, «քեմփեյն», — որ վարժապետն ու տիրացուն (իսկ Սենդին գաղութներում այդ երկու տիպերից շատերին էր տեսել) կարծում են, թե այդ նշանակում է «օտարների միջամտություն», «ազգային օջախ» և «անկախություն»:

Քիրաջյանը սրտնեղել սկսեց, իսկ Սենդին շարունակեց լրագրի ընթերցումը:

Հրամանքնիդ ուսկի՞ց եք, — ելավ մի ձայն մսի գունդի խորերից (կամ թե՝ «Ձայնը հնչեց Էրզրումի հայոց լեռներեն»):

Երկաթուղեցի:

Ադ ըլլալու բան չէ. տեղ մը ծնած եք անշուշտ:

Ես ծնած չեմ տակավին: Մայրս ծնել է ինձ գնացքի մեջ, բոլորովին պատահմամբ:

Հոգիդ սիրեմ, պատմե. զիս շատ մեծարած պիտի ըլլաք, եթե հետս գավաթ մը սուրճ խմեք: Կտեսնամ, որ դուք ալ ինծի պես օտարական մըն եք:

Սենդին և Քիրաջյանը ուղղվեցին դեպի մոտակա սրճարան: Առաջինը միայն քայլում էր, երկրորդը և՛ քայլում, և՛ օրորվում: Սենդին հեռվից ձուլված էր երևում, իսկ ընկերը՝ կազմված մսի խոշոր կտորների անկարգ միացումից: Եթե ոտքն առաջ շարժեր, փորն աջ ու ձախ պիտի օրորար, իսկ լանջն ու վիզը...օ՛, մի հարցնեք, այդ շարժումը ենթակա չէր մեխանիկայի և ոչ մի օրենքի:

Սրճարանում մի քանի մարդ «նարդի» էին խաղում: Անկյունում նստել էր մեկը, որ երեք գործ միանգամից էր անում. թեյ էր խմում, լրագիր կարդում և ճաղատ գլուխը ինքնագոհ շոյում:

Սենդին նստեց, իսկ Քիրաջյանը տեղավորվեց այնպես, որ նրա փորի բարձր գագաթը սեղանին դեմ առավ: Սուրճի երկու գավաթ, երկու բաժակ պաղ ջուր և անուշ մասլահաթ: Սենդին իր ծննդյան պատմությունը սկսեց:

Խոսակցությունը երկար պիտի տևեր, եթե Սենդին չհիշեր, որ գնալիք տեղ ունի: Քիրաջյանը խնդրեց հանդիպել իրեն և հասցեն տվավ:

Նա հազիվ էր յուր թանձրամիս մարմնի ծանրությունը ոտքերին բարձել շարժվելու համար, երբ Սենդին ճարպիկ շարժումով նրա ձեռքը թոթովեց ու փողոց ելավ` ուրախ, կայտառ:

Իսկ երբ Քիրաջյանը ուզում էր սրճարանից դուրս գալ, նրան մոտեցան երկու հոգի, որոնցից մեկը`

Պարոն Քիրաջյան, մի րոպե լսեք մեզ...

Քիրաջյանը դարձավ, նայեց վերից վար, շրթունքները շարժվեցին, կարծես ուզում էր ասել.

Թող տվեք, պե՛, ի՞նչ կուզեք ինձմեն...

Մենք գիտենք, որ դուք պատվական հայ եք, ազգասեր մեծատուն, մի րոպե լսեք մեր վեճը և դատեցեք: Մենք ձեր խոսքը կհարգենք, որովհետև...մենք բուրժվային կողմն ենք...(այս խոսքերը շշուկով արտասանեց): Ես նախկին եմ, ընկերս՝ վերակազմյալ:

Մարդկանց արտաքինը վստահություն ներշնչեց Քիրաջյանին, մանավանդ շնորհքով փողկապը նրանց:

Քիրաջյանը նորից սուրճ պատվիրեց, այս անգամ երեք գավաթ, և սկսեց դարձյալ անուշ մասլահաթ:

Թե ի՞նչ էին խոսում, հայտնի չեղավ ուրիշ մարդկանց: Սուրճ բերող աղջիկը նրանց խոսածից միայն հասկացավ, որ առժողկոմը Հայկոոպի կարասները չի տալիս, և որ շուտով կառավարության ընթացքը պիտի փոխվի, «աջ պիտի նստին», ինչպես ասում էր փողկապով մարդը...

* * *

Ցերեկվա շոգը սաստկացել էր:

Քիրաջյանի թոքերը իզուր էին փուքսերի պես մեկ ուռչում, մեկ տափակում: Աբովյան փողոցում անհրաժեշտ քանակով թթվածին չկար գաղութահայ աղքատախնամի համար, և քրտինքը ծորում էր առատորեն, բաղնիսից նոր դուրս եկողի պես:

Փողոցում օրվա այդ ժամին, երբ արևը ճիշտ գագաթիդ է զարկում, համարյա ոչ ոք չկար: Մի քանի մրգավաճառ ջուր էին շաղ տալիս մայթի կեծացած քարերին: Անկյունի հովում մուշ-մուշ քնել էին մուշաները դադրած:

Մի մանուկ զի՛լ ձայնով կանչում էր, ծոր տալիս՝ «Պաղ աղբյուրի ջո՛ւր...»: Ճիշտ այդպես ցերեկվա շոգին գյուղում շոգից նեղված մի աքլոր կտուրից ծուլորեն իր ծուղրուղուն է կանչում:

Բեր սրբեմ, է՛, — լսեց Քիրաջյանը և դանդաղ շարժումով պարանոցը թեքեց: Կոշիկ սրբող մի երեխա աշխուժով ցատկեց փայտե արկղին ու նորից կանչեց:

Անունդ ի՞նչ է, տղաս, — հարցրեց նա:

Վարազդատ: — Եվ իսկույն ավելացրեց.

Բեր սրբեմ, է, լա՛վ սրբեմ...

Քիրաջյանը ժպտաց. «Երևելի հայկական անուն ունիս», — ասաց և դանդաղ հեռացավ դեպի տուն:

Նա սովորություն ուներ իր սենյակի պատուհանից դիտել Արարատին: Եվ ինչ մտքեր չէր հղանում այդ պահին ուղեզր «բարիգործական»:

Արարատին դիտելուց հետո, նա մոտեցավ իր երկար և ընդարձակ մահճակալին և անհոգորեն փռվեց, ձգվեց «մինչև ծովը Վրկանա»: Եվ մահճակալի զսպանակները ճռնչացին խուլ:

Իրիկվա հովը քնքշորեն շոյում էր շոգից խանձված դեմքերը մարդկանց, երբ Քիրաջյանը զարթնեց, սրբեց քրտինքը դեմքի և լվացվելու շտապեց:

Կարելի՞ է,— լսվեց դրսից մի ձայն:

Խնդրե՛մ, — եղավ պատասխանը: Ներս մտավ հասակն առած մի մարդ, կղերական թերթի նախկին խմբագիր, որ 40 տարի հայոց պատմություն էր ավանդել և հազար անգամ կրկնել աշակերտներին, թե հայ ժողովուրդը պիտի տիրանա «Արցախի և Տավրոսի լեռներին, հայոց պատմական թևերին»: Աշակերտները լսում էին նրան և դասամիջոցին երգում «Էրզրումից մինչև Բասեն»:

Ես ձեզ բերել եմ գիտական մի շարադրություն, նվիրված Պետրոս հետադարձի հրաշագործությանց, — ասավ նա ու սեղանի վրա դրեց ձեռագրի ստվար մի հատոր:

Սրանց չեմ տա, չեն տպի, անհավատներ են: Առեք ձեզ հետ տարեք՝ ձեզ մոտ տպելու:

Աղեկ կըլլա, կառնի՛մ...Պետք է ազգին մտավորն ալ փրկել, մենակ ֆիզիքը հերիք չէ բնավ...

Նաև եկա ձեզ հայտնելու սրբազանի կողմից, որ ձեր ներկայությամբ այս օրվա հավաքույթը պատվեք, — ու ժպտաց «Գետադարձը» ողորմելի ժպիտով, դեմքը կծկեց այնպես խեղճ, ասես դիմացինը նրան մի բան էր ընծայելու:

Երկուսով էլ գնացին: «Հրաշագործությանց» հեղինակը մի առանձին հոգատարությամբ օգնեց Քիրաջյանին զգեստը մաքրելու: Ո՞վ գիտե, գուցե գտներ նա մի մեկենաս և վաղուց պատրաստ ձեռագիրն ազատվեր փոշուց:

* * *

Հավաքույթը անմեղ պատրվակով էր սարքված: Տիկին Վարդուհին էր հրավիրել, տարիքով մի կին, որ այժմ քաշվել է ասպարիզից, սակայն սրան նրան չի մոռանում պատմել «մի բաժակ թեյ»-ի հետ կապված օրերի մասին, երբ ամեն կիրակի տուփերով հանգանակություն էր անում հօգուտ զինվորների, վիրավորների, երբ նահանգապետի կնոջ հետ զինվորական հիվանդանոցից տուն չէր գալիս: Ի՛նչ լավ օրեր էին, ի՛նչ ուրախություն էր, և ինչ ջահել օֆիցերներ կային...կորավ, անցավ, շաղի պես գոլորշիացավ:

Եկել էր և Ղևոնդ սրբազանը, որին շատ էր դուր զալիս նստել տիկին Վարդուհու կողքին և սեղանի տակ ոտքը մոտեցնել նրա հաստլիկ սրունքներին: Հին գինու պես դուրալի ջերմություն էր հոսում սրբազանի արյան մեջ, և այդ ժամերին նա իրեն ավելի առույգ էր զգում:

Քիրաջյանի մուտքը ժպիտներով և հաճոյալի խոսքերով ընդունեցին: Կաղլիկ մի օքմին, որ ժամանակին մեծ կարողություն ուներ, իսկ այժմ՝ մատենավարի պաշտոն, իրենց տուն՝ մարդ ուղարկեց, թանկագին հյուրի համար մառանում պահած հին գինուց բերելու:

Ուրիշներ էլ կային, որոնց թվում և մի նախկին մինիստր, որը իր հուշերը գրի առնելով էր զբաղված: Սրբազանի կողքին նստել էին երկու հոգի, որոնցից մեկը ճարպակալել էր պատերազմից առաջ, մյուսը՝ պատերազմի ընթացքում:

Ինչպես եք տեսնում Երևանը, — Քիրաջյանին հարցրեց Ղևոնդ սրբազանը, միրուքի աջ ու ձախ կողմից շոյելով:

Աղվոր կտեսնամ...Հոս ալ պատվական հայեր կան

Է՛, պարոն Քիրաջյան, լավ չի. չեն թողնում, որ մի շունչ քաշենք, — ասաց նա, որ ճարպոտել էր պատերազմի ընթացքում:

Ամենայն ինչ անցավոր է, — վրա բերավ սրբազանը:

Մայր աթոռը ողջ ըլլա...

Օ՛, Էջմիածին, «մշտականաչ կիպարիս, Հայաստանյայց մրմունջների ընդունարան», անգիր և զգացված արտասանեց «Պետրոս Գետադարձը»:

Այդ բոլորին էլ դուր եկավ: Նույնիսկ տիկին Վարդուհին, որ այնքան էլ ջերմեռանդ հավատացյալ չէր, արտասվեց: Նա մտաբերեց փառահեղ մի մաղթանք, երբ «զենք ու զրահից թնդում էր լերինք», երբ ֆռռում էր կանանց միության պարահանդեսում...

Խոսեցին դեսից դենից, ազգային պատվիրակությունից ու պատրիարքարանի գործերից, սինոդի հին արարքներից և բնակարանների խտացումից: Յուրաքանչյուր ոք իր միտքը համեմում էր զսպած մի ցանկությամբ, և լուսավորչական այդ հավաքույթի առաքելական մրմունջներին հովանի էր Ղևոնդ սրբազանի խոսքը, թե «ամենայն ինչ անցավոր է»:

Միայն երկու ճարպագունդերն էին հետաքրքրվում նաղդով, դոլլարի և չերվոնեցի կուրսով:

Երբ ծածուկ ցանկությունների զեղումը ավարտեցին, և սրտանց խոսելը հերիք եղավ, տիկին Վարդուհին նրանց հարևան սենյակը հրավիրեց, ուր ձյունի պես ճերմակ սփռոցի վրա շարված էին պես-պես պնակներ, շիշեր և համեղ կերակուր: «Պետրոս Գետադարձի» աչքերը պղտորվեցին. վաղո՛ւց, շատ վաղուց էր, երբ վերջին անգամ նա խժռել էր հոբելյանական մի հավաքույթի ճոխ սեղան:

Գինին թուլացնել սկսեց լեզվի կապանքները, մտքերը թև առան, թռան հեռո՛ւն, «դեպի երկիր», Նեբրովթ ու Սիփան, Տարոն ու Վան: Էլ «անկախ», էլ «ա՛խ Հայաստան», էլ «երբ պիտի գա հայ թագավոր, դրոշակներ ծածա՛ն, ծածան» (այստեղ նախկին մինիստրը դեմքը խոժոռեց, նա ուզեց փաստացի ուղղում անել, թե Հայաստանը ռամկավար հանրապետություն պիտի լինի, բայց բարվոք համարեց լռել):

Քիրաջյանը ճառեց: Նա ասաց, որ ինքը եկել է Հայաստանի ճահիճները չորացնելու, նոր ջրանցքներ շինելու և այդ բոլորը կատարում է «չքնաղ Արմենիո» համար: Եվ բոլորը միասին բաժակները չորացրին, գինին վետ-վետ խայտալով կոկորդից վար հոսեց:

Տիկին Վարդուհին հուզմունքից համարյա թե լալիս էր, իսկ սրբազանն ավելի էր մերձենում նրան: Մութ էր ուղեղի մեջ, և չգիտեր նա, թե ինչու այդպես առույգ է, գինի՞ն է ջերմացնում, թե տիկնոջ ազդրերը պառավ:

Ա՜յ, հասկանում եմ, լազաթ կա էլի՜, սրբազան, ապա ափսոս չի՞ լավ կամպանյան, — ասաց կաղլիկ օքմինը:

Այո՛, այո՛, ամենայն ինչ անցավոր է...

Քիրաջյանը սկսեց երգել: Նրա ձայնը հնչում էր «Բամբ, որոտան», որպես խոշոր թմբուկի թնդյուն:

Երբ որ բացվեն դռներ հուսո...

Եվ մեր երկրեն փախ տա ձմեռ...

Սավետ, սավետ, ասա սավետ էլի, — բարձրաձայն կանչեց ճարպագունդը վերջին:

Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա...

Պարլամենտ, պարլամենտ, — ճոճանակի պես օրորվելով ոտքի կանգնեց նախկին մինիստրը և զգացման առատությունից գինու բաժակը ջարդեց: Հուսո դռները ավելի բացվեցին, համարյա կրնկահան եղան, և հարբած ուղեղներում խելացի միտքը դարձավ հազվագյուտ:

...Քաղաքը հոգնած վաղուց էր քնել ամառվա կարճ և անհանգիստ քնով: Փողոցներում միայն ուշացած անցվորի կարելի էր հանդիպել և պահակների, որոնք մերթ ընդ մերթ սուլում էին:

Քիրաջյանը վերադառնում էր տուն «Պետրոս Գետադարձի» ուսին հենված: Խեղճը հազիվ էր դիմանում այդ ձանձրության, բայց չէր տրտնջում, թե չէ փողոցում Քիրաջյանը կարող էր փռվել հասակով մի, և կստացվեր «ազգային խայտառակչություն»:

Իր սենյակը մտնելուց առաջ՝ Քիրաջյանը փորձեց ըստ սովորույթի մի անգամ էլ Արարատի կողմը նայել, բայց, գլուխը դիպավ լվացարանի մարմարին, նա մրթմրթաց քթի տակ «չքնաղ Արմենիո» մասին և ընկավ մահճակալի վրա, առանց Արարատը տեսնելու:

* * *

Քիրաջյանը Երևանում մնաց մի ամսի չափ: Զեկուցումներ էր կազմում, տեղեկություններ էր հավաքում ճահիճները չորացնելու մասին, կենտվիճվարի հետ պայմանագիր էր հաստատում Հաբեշիստանի մարդասիրական կոմիտեից գրամեքենա ստանալու, այցելում էր Ղևոնդ սրբազանին, տիկին Վարդուհուն և ուրիշ շատերի, քիթը վեր էր քաշում, երբ փողոցով բահերն ուսին անցնում էին պատկոմները շարեշար, կանչում էր ինժեներների, տեխնիկների, պլան էր խնդրում, հաշիվներ էր կազմում, հետաքրքրվում էր Հայաստանի բնակչության մահ ու ծնունդով, ուտում էր «լուլա-քեպապ» սմաղով և առանց սմաղի, արհեստավորաց դպրոցի ծրագիր էր կազմում, առավոտյան մի ժամ ատամներն էր լվանում, օծում իրեն անուշահոտ ջրերով, օրը երկու թաշկինակ փոխում, ժամերով նայում Արարատի ձյունապատ գագաթին, հոգու խորունկ թաքստոցներում որոճում «սեփական» մտքեր և այդ ամենից հոգնած նետում իրեն լայն ու արձակ մահճակալի երկաթե զսպանակների վրա:

Մի անգամ էլ Սենդին նրան տեսավ նորքի բաղերում, օրիորդ Վիտուշի հետ: Քիրաջյանը ոտքերը մկրատի բերանի պես չռել էր՝ մարմնի կշիռը հավասար պահելու և, խոնավ շրթունքները ծպացնելով, ինչ-որ բան էր ասում օրիորդ Վիտուշին: Վիտուշն էլ ոտքերը անշնորհք քսում էր իրար, ինչպես ճանճն է քսում՝ շաքարը լիզելուց հետո: Սենդին ժպտաց քթի տակ. միտն ընկավ Քիրաջյանի խոսքը «ազգին ֆիզիքն ազնվացնելու մասին»:

Սենդին նրան Դալմայի այգիների մոտ տեսավ: Այն հարցին, թե որ քամին է նրան քաղաքից այսքան հեռու բերել, Քիլաջյանը պատասխանեց, թե «հողերը դիտելու եկած եմ»:

Էլ նրան չտեսավ:

Քիրաջյանը վերադարձավ՝ պատմելու ազգային սրտերին հայրենիքի վերաշինության մասին, ասելու, որ «հոն ալ պատվական հայեր շատ կան»: Նա իր հետ տարավ մի քանի արկղ տեղեկություններ, քաղվածքներ, պլան ու նախահաշիվ, կանոնագիր ու ծրագիր, նամակ ու լուսանկար: Արկղներում էր «Պետրոս Գետադարձի հրաշագործության պատմությունը», Ղեվոնդ սրբազանի կոնդակը հավատացյալ հոտին, տիկին Վարդուհու բարևադիրր այն ջահել կամավորին, որ գնաց ու չեկավ:

Քիրաջյանը գնացքում տեղավորվել էր առոք փառոք, նա բացել էր մի մատյան և իր վերջին հուշերն էր նոթագրում «մշտականաչ կիպարիսի» մասին:

Իմալ անուշ ֆոտ կուտա իսա մարդու ճակետ, — ասաց մշեցի մի գյուղացի, գնացքում նրա մոտով անցնելիս:

Նա չլսեց: Գնացքն արդեն Անիին էր մոտենում: Արարատի գագաթը ամպի ճերմակ քուլայի պես էր երևում:

Գնացքի պատուհանից նայում էր Քիրաջյանը ամպի քուլային, Ախուրյանին, և նրա մտքի առաջ ցցվում էր ազգային պատվիրակը, Վիլսոնը հանգուցյալ, հայասիրաց միությունը, մըսթըր Բյոլքը, որ դեսպան էր և խոսք էր տվել Հայաստանի անկախությունը պաշտպանել, եթե Հոլանդիան իր համաձայնությունը տա:

Ձեր տոմսակը, — լսեց նա հատու մի ձայն ու շփոթված տոմսակը փնտրել սկսեց:

Խիստ և ահարկու մի ուժ տեսավ նա այդ ջահել պատանու մեջ, որ լրջմիտ իր պաշտոնն էր կատարում: Նրա մարմինը փշաքաղվեց ավելի, երբ մտաբերեց, որ Ղևոնդ սրբազանն անուժ է, նախկին ռամկավար Ադիլյանը զառամ է, հետևորդ չունի, իսկ պատկոմները միշտ երգում են՝ «Գնանք դեպի կարմիր ապագա...»:

Մութը իջավ, պատեց սար ու ձոր, գիշերը մի թանձր սավանով ծածկեց Շիրակի դաշտերն արգավանդ, և մութի հետ մի խուլ կասկած՝ օձի պես սողաց Քիրաջյանի ներսում: Նա կծկվեց անզոր, կուչ եկավ անկյունում:

Գնացքի անիվների դղրդոցը միալար՝ կարծես կրկնում էր անընդհատ, որ էլ երբեք, երբեք նա չի տեսնելու Արարատի գագաթը ճերմակ...

* * *

Ամիսներ անցան:

Մրգառատ աշունն եկավ՝ շիրայով համեղ, նուռ ու խաղողով: Ձյունի պես սպիտակ մարգերը բամբակի փռվել էին: Մի ուրախ շունչ եկավ ոսկեգույն խաղողի հետ, բամբակի բարդանների հետ: Հնձանի մոտ, մաճառով հարբած կատեպանը ծոր էր տալիս.

Next page