Րաֆֆի՝   Սալբի

Ես ոչ մի գաղտնիք չեմ տեսնում, — պատասխանեց Վասակյանը. — շատ է պատահում, որ վարդապետները, այդպիսի և դրա նման արգելքներ են հարուցանում` փեսայի հորից կաշառքներ ըստանալու համար: Այս էլ դրանցից մինն է: Բայց, ա՛սում եմ ձեզ, — խոսքը փոխեց նա. — քանի որ մենք մի հաստատուն հիմունք չունինք, քանի մեր գործի հառաջադիմությունը այս երկրում անկայուն դրություն ունի, մենք պարտավոր ենք ստրկաբար վարվել այդ տեր մարկոսների և տեր կիրակոսների հետ, մինչև որ մենք ունենանք մեր սեփական եկեղեցին և մեր առանձին քահանաները. ահա իմ վերջին խոսքերը, մնաք բարյավ, բարի գիշեր:

Ռեսը հեռացավ:

Յուր գնալուց հետո յուր մասին ոչ մի կասկած չթողնելու համար Ռես Վասակյանը, գործածելով մենք և մեր բառերը, կամենում էր ցույց տալ յուր միությունը, յուր գործակցությունը Աշխարունիի խորհրդի հետ: Բայց նրան չհաջողեց որևէ համակիր համարում վաստակել՝ յուր հավատարմության մասին:

Ռեսի գնալուց հետո մահտեսի Ավետիսն ևս, տրտում և տխուր առավ ծխափողը և դուրս գնաց:

Ռուստամը, որ հոր այնտեղ եղած միջոցին լուռ էր, նրա գնալուց հետո ասաց.

Ի՞նչ եղավ` եղավ, անցածի վրա ափսոսալը՝ երկրորդ կորուստ է. եկեք բարեկենդանի ուրախությամբ հալածենք այդ սև երեսների պատճառած անախորժությունները:

Պարոն Աշխարունին, յուր բոլոր սառնասրտությամբ, դարձյալ չկամեցավ ընդդիմանալ յուր աշակերտի կամքին: Մինչ աշխուժավոր և զգայուն Մելիքզադեն՝ մյուս կողմից ասաց.

Ուրախությունը գինու մեջն է, եկեք ուրախանանք. ճշմարիտ որ բարեկենդան է:

Չթե սփռոցի վրա, սենյակի կենտրոնում դրվեց ընթրիքի սեղանը. ասիական սովորության համաձայնբոլոր կերակուրները մի անգամից սեղան մտան: Ապակե մեծ սրվակների մեջ զանազան գինիներ դրվեցան պարոն Մելիքզադեի մոտ:

Պարոն Աշխարունին, գլուխը քարշ գցած, աչքերը խուփ՝ մի սրտառուչ և ազդու աղոթքով օրհնեց սեղանը, յուր աշակերտի և աշակերտուհու պսակի խորհուրդը հոգվույն սրբո ընտրողությանը թողնելով:

Հացկերույթը մի ամբողջ ժամ տևեց: Նրանք բավական գինու բաժակներ դատարկեցին. ավելի խմում էին պարոն Մելիքզադեն և Ռուստամը: Վերջինն յուր վշտացած սրտի տխրությունը գինու թմրության մեջ էր կամենում կորուսանել: Երբ նրանց գլուխը բավական տաքացել էր, պարոն Մելիքզադեն մի-մի բաժակ գինի նրանց տալով, ասաց.

Խմենք մեր խեղճ ազգի կենացը:

Խմենք, — կրկնեց պարոն Աշխարունին և ավելացրեց, — տեր աստված, պահպանիր հայոց ազգը քո ամենախնամ աջովդ. ուր ուրեք որ կան նրանք աշխարհի երեսին՝ ուղարկիր նրանց քո սուրբ հոգվույդ շնորհը, թող ծագե նրանց հոգու մեջ Ավետարանի լույսը: Տեր աստված, հալածիր տգիտության խավարը այդ թշվառ ազգից. փայլեցրու նրանց մեջ մտավոր և բարոյական լուսավորության արեգակը: Տեր, դու օրհնե մեր ազգը, մեր սուրբ հայրենիքը, և մեր ազգայնությունը անջնջելի պահպանիր՝ քանի արևը լույս է տալիս երկնակամարի վրա:

Պարոն Աշխարունու խմելուց հետո Ռուստամը բաժակը ձեռքն առավ ևօրհնեց.

— «Տեր աստված, դու վե՜ր կանգնեցրու մեզանից մի ծիրանազգեստ հզոր իշխան. տո՜ւր նրան ուժ և հաղթող գավազան. Թող նա ազատե մեր ազգը գերության շղթաներից. թող նա վերականգնե Հայաստանը յուր ավերված փոշիներից և ժողովի մեզ, որպես թխսամայր, յուր հանգիստ և ապահով թևքերի տակ: Տե՜ր, դու ազատիր մեր հայ ազգը յուր պանդխտության գերությունից, տո ՜ւր մեզ մովսեսներ և նավյան որդի հեսուներ, որ առաջնորդեն դեպ նոր Քանանը՝ դեպի Հայաստան»:

Անուշ, անուշկոչեց պարոն Մելիքզադեն և յուր գավաթը վեր բարձրացնելով ասաց. — տեր աստված, պահպանիր հայը յուր ազգային հիման վրա. տո՜ւր նրան հանճար, լուսավորություն և կրթություն, որպեսզի հայը, առանց ուրիշի կարոտության, ինքնուրույն շինե՜ և նորոգե յուր դրությունը, յուր կյանքը, և հետեվելով լուսավոր ազգերի օրինակին՝ աշխարհի տան մեջ յուր համար ձեռք բերե մի անկյուն, մի կտոր հող՝ յուր որդոց արմատը նրա վրա ձգելու համար:

Բռավո՜, բռավո՜, — կրկնեց Ռուստամը. — անո՜ւշ, անո՜ւշ, ա՜ռ քեզ մազա: Եվ տվեց նրան մի պատառ խորոված միս:

Իսկ դու, Խաչո, մի գավաթ պիտի չխմե՞ս քո ազգի կենացը:

Ինչո՞ւ չեմ խմի, աղա, — ասաց նա, որ կանգնել էր ոտքի վրա. — միթե ես հայկա արյունից չե՞մ: Խաչոն վերցրեց գավաթը և աչքերը վերև բարձրացնելով ասաց. — տեր աստված, մեր սուրբ հայերի բարեխոսությամբ պահպանիր հայոց ազգը, առաջնորդե նրան քո սուրբ հոգու շնորհիվ, որ անմոլոր ընթանան իրանց հարենական կրոնքի, Գրիգորյան սուրբ եկեղեցու ընթացքով: Տո՜ւր երկար կյանք և անփշրելի գավազան ազգի հովվապետին, վեհափառ կաթողիկոսին, նրա աթոռը միշտ հաստատ պահպանիր սուրբ Էջմիածնում, որով մեր սուրբ ազգը և մեր սուրբ լեզուն մնա անխափան...:

Անո՜ւշ, անո՜ւշ, Խաչո, — կոչեց Ռուստամը նրա խմելուց հետո. — ա՜ռ քեզ մազա, քո խոսքերը լի հնամոլությամբ են շնչում... իրավ այդպես են ռամիկների աղոթքները իրանց ազգի համար...:

Ռուստամը խիստ անուշ ձայնով երգեց «Տե՜ր կեցո՜ դու զհայս» երգը, յուր կախարդիչ զորությամբ ճմլեց պատանի Մելիքզադեի սիրտը, և նրա աչքերից գլորվեցան արտասուքի մի քանի սրբազան կաթիլներ:

Այնուհետև պարոն Աշխարունին և պարոն Մելիքզադեն «բարի գիշեր» ասելով, ամեն մին գնաց յուր տունը:

Նրանց գնալուց հետո Ռուստամը երկար նստեց. քունը և հանգստությունը փախել էին նրանից: Նա սեղմեց յուր կրծքին սազը և սկսեց նվագել: Ասիական այդ նվագարանի ճրջնկոցը դարձյալ վառեց նրա երևակայությունը, — նա տեսնում էր յուր առջև նազելի սիրուհին յուր հրեշտակային գեղեցկությամբ, նա երգեց.

Արդյոք կլինի՞ մինչ գալոց տարի՝
Աստված տա շնչել՝ ինձ կյանք բարի.
Իմ ձեռքս էլ վառե այն սուրբ կրակը40,
Իմ սիրտս կատարե յուր ջերմ փափագը:

Ինձանից հեռու կփախչիս, անգո՛ւթ բախտ,
Դու կսիրես գգվել հարուստների թախտ.
Մի օր էլ միտ բեր քո խեղճ Ռուստամ,
Որ քեզ պաշտող լինիմ , որ հոգիս քեզ տամ:

Ֆալաք41, օրենքներդ մի փարա կարժե՛ն,
Ոսկի օրերդ մեկին տվիր բաժին,
Մյուսին սև սուգ և դառն մրմունջ
Ախ ու վախ քաշել՝ մինչ յուր վերջին շունչ:

Թարդար դատաստան աստված կանե՝
Մեր սիրուց բաժնել խիստ շատ մեղք բան է.
Ինչո՞ւ տեսնում չէ հրամայողն ամպերին,
Որքան տանջվում են Ռուստամն ու Սալբին:

Աշխարհիս միջում, կապույտ երկնի տակ
Հատ-հատ տեսե՞լ եք սոնա կամ օրդակ42.
Կամ թե անտառում տատրակը բաժան
Ման գալու լինի՝ առանց վարուժան:

Ո՜րքան առավել ունի սիրտ հոգի՝
Սալբիի սիրով՝ գերված պատանի.
Պիտ թո՞ղ տալ գերվույն մաշվիլ չարաչար,
Տե ՜ր, չե՞ս խղճալու, չե՞ս անելու ճար:

Մի խանչալ տվեք, որ սիրտս բանամ,
Ինչ կա նրանում, բոլորն ձեզ ցույց տամ
Թունավոր նետեր, գնդակներ, կապար
Դուք կասեք դրան՝ վշտերու ամբար:

Ես սիրում եմ քեզ, Սալբի, իմ ազիզ,
Որքան մի հայ մարդ կսիրե յուր Մասիս.
Ես գիտեմ քո գին, բարի հրեշտակ,
Դու աննման ես բոլոր երկնի տակ:

Սալբի, իմ Սալբի, հրաշալի՜ Սալբի,
Ե՞րբ աստված կհասցնե «Նասիբը Նասիբի».
Մինչ այդ չկատարվի, քա՜վ թե հրեշտակ
Կարի պահանջել ինձանից հոգի:

ԺԸ

ԵՐԱԶ

Ռուստամը ամբողջ գիշեր չկարողացավ հանգիստ քնել. նրա երևակայությանը սաստիկ ջերմախտական խառնակություն էր տիրել, որով նա տանջվում էր սարսափելի երազներովերբեմն նրան երևում էր, թե անթիվ, անհամար շներ, գայլեր, կապիկներ, իրանց հետքի ոտերի վրա կանգնած, ականջները խլուզած, փիլոնի նման մի սև վերարկու իրանց ուսերի վրա ձգած, անճոռնի և ծիծաղելի կերպովպա՜ր են գալիս և տեսակ-տեսակ ծամածռություններ ձևացնելով իրանց երեսի վրա` իրան ջիգրեցնում էին: Շատ անգամ նրան զարհուրեցնում էր մի այլ տեսիլք, — իբր թե քուրդերը թափված իրանց գյուղի տների վրա` թալան էին անում, տղաներ, փոքրիկ երեխաներ, կին և այր մարդիկ, յուր աչքի առջև մորթում էին և նրանց գլուխները ուղտի բեռներում լցրածտանում էին: Ինքը կամենում էր գնալ, Սալբիին որոնել, բայց շղթաներով կապված լինելով` չէր կարողանում շարժվիլ:

Բայց մի երազ, որ ավելի տպավորվեցավ նրա երևակայության վրա, մի երազ, որ նա կարող էր հիշել, եթե հազար տարի ևս կյանք ունենար՝ այսպես էր. — երազում ձևանում էին նրան Աղվանա սարերը և ինքը ձիավորված` միայնակ ման էր գալիս այդ սարերի վրա: Նրանք այնպես տրտում և այրված չէին, որպես լինում են ամեն տարի աշնան որսորդության ժամանակ, այլ հիանալի, այո՜, շատ հիանալի էին: Այն ամուլ, չոր ու ցամաք ապառաժները և քարաժայռերը ծածկվել էին կանաչ խոտերի թավշյա օթոցներով, և նրանց միջից վառվում էին ծաղիկների բյուրավոր գույներ: Անտառը, որ ձգվում էր խիստ հեռու սարերի վրա, յուր լիմոնի, նարնջի, մագնոլիայի, դափնիի և այլ մշտականաչ ծառերով լցրել էր օդը անուշ և թարմ քաղցրահոտությամբ: Փոքրիկ առվակները, գաղտուկ սողալով թավախիտ թփերի միջից, իրանց կարկաչյուն ձայնը խառնում էին երգող թռչունների ճլվլոցի հետ:

Դեռ մութ էր, դեռ գիշերը բոլորովին չէր վեր քաշել յուր խորհրրդական ծածկոցը երկրի վրայից. բայց արշալույսը արդեն սկսել էր շառագունել, և այդ սարերի հրաշալի պատկերները այնքան շռայլ և փառահեղ զարդարված բնության գրչովսկսում էին հետզհետե տեսանելի լինել:

Հանկարծ ոսկի արևը դուրս բզբզաց թուխ ամպերի միջից: Նա հրդեհեց հանդիպակաց լճակի երեսը, և սարերի ձյունապատ գագաթները ներկվեցան ալ-վարդի գունով, և նրանց կանաչ կուրծքերը ոսկեզօծեց զառիկի փայլով: Աննկարագրելի է, թե քանի զմայլեցուցիչ նվագներով թռչունների անհամար տեսակները սկսեցին բարովել տվնջյան լուսատուի գալուստը:

Բայց արևը գնալով բարձրանում էր դեպ հորիզոնի ավելի բարձր կամարակապը: Ռուստամը թափառում էր սարերի մեջ, բայց տակավին չէր գտել և ոչ մի որս: Տոթը ավելի և ավելի բորբոքում էր, բոլոր առարկաները, որոնց բնությունը տվել էր տեղափոխվելու և շարժվելու կարողություն` սկսան փախչիլ կիզող արևի երեսից և թաքնվել անտառի հովասուն խորքում, ուր նրա լույսը չէր թափանցում:

Կեսօր էր: Կրակոտ երիտասարդը անդադար քշում էր յուր ձին, և չնայելով տոթի սաստկության՝ չէր կամենում դառնալ առանց որսի:

Հովիվները հավաքել էին իրանց հոտերը մի աղբյուրի մոտ, այն զովացուցիչ հովանիի տակ, որ լայն տարածել էր Ղարնիյարուղը: Այդ հովանին գնալով ընդարձակվում էր, քանի որ արևը դիմում էր դեպ յուր մուտքւ: Նրանց ոչխարները թուլացած տոթից, գլուխները միմյանց կողքին խթած, ծուլորեն մակաղել էին: Բայց հովիվները մի կողքի վրա ընկողմանած, գլուխները ցուպի և մախաղի վրա դրածանհոգ և հանգիստ քնել էին, նրանց հոտերի պահպանությունը թողնելով ահագին գամփռ շներին, որոնք լեզուները երկար դուրս պարզած, արագ-արագ շունչ էին քաշում, և թոքին տալիս:

Հեռուն, հեղեղատի ափերի վրա, կանաչ արոտամարգերի մեջ, երևում էին խաշնարած ցեղի վրաններ: Նրանց մատակ ձիերը արածում էին երկայն եղեգնաբույսերի մեջ, որ այնքան խիտ աճել էին հեղեղատի եզերքին: Թափառական ցեղի մանուկ օրիորդները նստած եղեգնաբույսերի հովանիների տակ՝ մի կրակոտ, ախտաբորբոք և բարբարոսական մեղեդի երգելով, արմավենու փափուկ ճյուղերից հյուսում էին զամբյուղներ: Ռուստամը արևի տաքությանը այլևս չդիմանալով, մտածեց գնալ հեղեղատի ափը, այն չքնաղագեղ ներեիդների (ջրային հավերժահարսեր) մոտ, մի քանի րոպե զով օդ վայելել և յուր արդեն հոգնած ձիուն հանգիստ տալ այն կանաչ խոտերի մեջ:

Նա անցավ այն վրանների մոտից, բայց դրսում ո՜չ մի մարդկային էակ չէր շարժվում: Վրանների մեջ, գրկախառնված, քնած էին նրանց տեր պարոնայքը և տիկնայքը: Գեղեցիկ մանուկ աղջիկներ սիրամարգի փետուրներով հովահարելով՝ հալածում էին չար ճանճերը և հովացնում քնողների տոթից շառագունած եբեսները, որպեսզի նրանց քունը անդորր և դյուրին լիներ: Վրանների սյուներից քարշ էին ընկած քնող քաջերի զենքերը. վրանների մուտքի առջև գետնի մեջ ցցված տեսանելի էին նրանց երկայն նիզակները, որոնց գլխին փողփողում էին սև, փետրազարդ փնջեր: Վրանների դռան առաջ կանգնած էին նրանց թամքած ձիերը, ուտելով մետաքսանման փափուկ խոտը, որ դրված էր նրանց առաջ, և, ասես թե, անհամբերությամբ սպասում էին, թե երբ նրանց հզոր տերերը կնստեն և կերթան բերելու իրանց թշնամիների ավարը:

Երջանիկ մարդիկ, — ասաց Ռուստամը ցավելով, — այո՜, քաջերի վրանները այդպես պիտի լինին... բայց մի թշվառ հայի վրանը այնչափ աղքատին և գծուծ է, որպես ինքը, հայը...:

Մի նեղ շավիղ, որ հազիվ նշմարելի էր, տեղ-տեղ կորուսանելով յուր հետքը թավ խոտաբույսերի մեջ, տանում էր դեպ հեղեղատի ափը: Ռուստամը խորասուզված ծանր մտածությունների մեջ, քշում էր յուր ձին: Հանկարծ ստվերախիտ եղեգնաբույսերի միջից երևան եկավ մի սիրուն եղջերու` նա, յուր գլուխը վեր թեքած քամակի վրա, սկսեց փախչել դեպ մոտավոր սարաձորը: Որսորդը յուր ձին սաստիկ վազեցնելով, սկսեց հալածել կենդանիին, բանիցս անգամ հասնելով նրան` ջանք արեց նիզակահար անել որսը, բայց ճարպիկ կենդանին միջոց էր գտնում այնպես սաստկությամբ սողել նիզակի տակից, որպես սև օձը թովչի դյութական գավազանի տակից: Բայց դիպվածը ձեռնտու եղավ. եղջերուն մտնելով արդեն միմյանց հետ փակված թփերի մեջ, մի վայրենի տանձենի յուր ոստերով բռնեց նրա եղջյուրները: Ռուստամը չկամենալով սպանել որսը, ձգեց պարանը նրա վզից, բայց հանկարծ ի՛նչ սարսափելի հրեշ... — գեղեցիկ եղջերուն աներևութացավ, և թփերի միջից սողաց մի հսկայական վիշապ: Սարսափելի գազանը յուր թեքուն պոչը ամրացնելով գետնի վրա, օղակ-օղակ պտտելով վեր բարձրացրեց ահագին գլուխը, և յուր ամեհի բերանը լայն բաց արած, սուր և թունավոր ժանիքներով բռնեց Ռուստամի ծոծրակից և պոչը ձիու փորի տակով անցկացնելով, երկու փաթույթ արեց նրա վրա...: Մահը յուր սև դեմքով կանգնեց Ռուստամի առաջ: Տաք արյունը սկսեց ջերմացնել նրա քամակը, ձին` երկյուղից խրտնեց, և խռռալով, սաստիկ փնչալով գետին տապալվեց: Ձին, Ռուստամը և յուր հոգեառըխառնվեցան միմյանց...:

Անգիտելի է, թե որպիսի հոգեբանական հարված ունեցավ այդ երազի սարսափելի ներգործությունը Ռուստամի վրա, որով նա առավոտյան ծանր հիվանդությամբ բռնված` յուր մահճի մեջ վառվում էր տիֆուսյան ջերմախտով:

Մեծ պասի առաջին օրը լինելով, գյուղացիները՝ տերտերների հետ տանից տուն էին ման գալիս, պաս շնորհավորում, և ուտելով, խմելով ուրախանում էին: Բայց տեր-Առաքելենց տան մեջ ամեն ինչ միանգամայն փոխվեց: Ռուստամի ծանր և վտանգավոր հիվանդությունը ձգեց բոլորին անասելի տխրության մեջ: Տիկին Սկուհին գաղտնի լաց էր լինում. մահտեսի Ավետիսը, ձեռքերը ծալած, լուռ ու մունջ նստել էր մի անկյունում: Հուրի Խան-Դայան, այդ եփուն և փորձառու պառավը, յուր երկաթի կարծրությամբ սրտով, դա էր միայն հոգս տանում յուր բժշկական հնարներով հիվանդի ցավին մի դարման անելու:

Մերձավոր բարեկամներից և դրացիներից մի քանի մարդ և կանայք եկել էին հիվանդի մոտ, և նստած՝ շրջապատել էին նրա մահճի չորս կողմը: Հիվանդը, ջերմի սաստկությունից, խորին անզգայության մեջ, կցկտուր բառերով խոսում էր.

«Դհոլ-զուռնան ածվում է... հարսն ու աղջիկ պար են բռնելա՛հ. ինչ ուրախություն է... հա, այդպես վայել է իմ հարսանիքին... տղերք, ձեր հոգուն մատաղ, ուրախություն արեք... հարսանիք է... իմ հարսանիքն է... ահա ես նստած եմ թախտի վրա...խաչեղբայրս կողքիս... պսակի նարոտը իմ ճտովս գցած...: Սկուհի, մայրիկ, սիրական, դու ասում էիր` ե՞րբ հարսանիք կլինի... ահա քեզ հարսանիքդե՜ , մայրի՜կ, հոգիս, դո՜ւ էլ պար բռնե... ինչո՞ւ ես շփոթված կանգնել...: Տո՜, մի թո ՜ղ տվեք ես ինքս պարեմ իմ սիրելի Սալբիի հետ... բա իմ ուրախությունը ո՛ր օրվա համար է պահված»:

Վերջին խոսքերի հետ հիվանդը վեր է թռչում մահճից, բայց չորս կողմից բռնում և պառկեցնում են. առժամանակ լուռ է մնում նա, թույլ և անլսելի կերպով շունչ քաշելով: Նրա երևակայական ցնորքները կերպարանափոխվում են և նա մյուս անգամ սկսում է.

«Վա՛յ, վա՛յ... տարան, տարան... վա՛յ իմ գլխինտարան, տանում են Սալբիին...: Անդունդը պատռվեցավ, դժոխքի ոգիքն դուրս թափվեցան. խլեցին. տանում են իմ Սալբին... իմ հարսնացուն... իմ նազելին... քոռացեք աչքեր, թող ես չտեսնեմԹուրերը պսպղում են. խանչալները կայծակ են տալիս... արյուն է թափվում, մահ և կոտորած է...: Տո, բերեք իմ զենքերը, ես դրանց հետ կկռվեմես դրանց կկոտորեմ և իմ Սալբին հետ կառնեմ...»:

Նա սկսում է արհամարհական եղանակով ծիծաղել և թույլ, նվաղած ձայնով երգել. —

«Կռվի օրում քաջ տղամարդը ուրախ է.
«Փառք կորոնե պատերազմի դաշտումը.
Թուլասիրտը յուր արյունից կվախե,
Ես հիվանդ եմ ասելով, կթաքչի յուր տան քնջումը»:

Հիվանդը դարձյալ լռում է: Հուրի Խան-Դայան և շրջապատող պառավները ունայն սնոտիապաշտությամբ երեսները խաչակնքում, աղոթքներ են կարդում, կարծելով, թե նա բռնվել էր դևերից:

Այնտեղ են գալիս տիկին Թարլանը, տիկին Սալլաթինը և մի քանի այլ բարեկամուհիներ և շրջապատում են հիվանդի անկողինը:

Տիրուհի, այսպես են կոչվում քահանաների կանայք, — ասաց տիկին Թարլանը Հուրի-Խան-Դայային, որ երեսը թթվեցրած, ձեռքերը ծալած, նստել էր յուր թոռան բարձի մոտ. — քույրիկ, չէ՞ որ դու աշխարհ ես տեսել, ծամ ես սպիտակացրել, հոգիս, հիվանդը, այդպես անհոգ թողնելու չէ, դրան մի ճար անելու խնամք տարեք:

Ինչ ճար, — ասաց Հուրի Խան-Դայան հոգվոց հանելով. — ճարս հատել է, խնամի, ես ինձ կորցրել եմ, ինձանում խելք չէ մնացել. մնաց, աստված ինքը մի ճար անե:

Ճշմարիտ, — նրա խոսքը կտրեց դարձյալ տիկին Թարլանը, — առանց աստուծո կամքին տերևը ծառից վայր չի ընկնի. բայց և ա՜յնպես մարդիկ պիտի իրանց խելքը գործ դնեն:

Աստծո կամքը թող օրհնված լինի, — պատասխանեց Հուրի Խան-Դայան լի հավատքով:

Տիկին Թարլանը ոչինչ չխոսեց:

Շատ անգամ տեր ամենակալը մեզ փորձելու համար է ցավ տալիս, — խոսեց պառավ Մարթան, — որպես Հոբ երանելին: Բայց մենք փոխարենը պետք է փառք տանք նրա ամենաողորմությանը:

Դրանք բոլորը ավելորդ խոսքեր են, — նրանց խոսքը կտրեց տիկին Սալլաթինը, հիվանդի մորաքույրը. — իրավ աստված ցավ է տվել, բայց ցավին էլ դարման է տվել: Դուք փոխանակ այդպիսի ունայն խոսքերով ժամանակ անցնելու, ավելի լավ է շուտով կանչել տաք մի բժիշկ:

Հուրի Խան-Դայան չէր կարող համբերել տիկին Սալլաթինի խոսքերին, յուր հնամոլ հայացքով նրա խոսքերի մեջ խիստ անհավատություն նկատելով, այդ պատճառով ամենևին ուշադրության չառնելով նրա ասածը, — խոսեց.

Տերը և նրա սուրբերը թող ազատեն իմ թոռը այս հիվանդությունից և ջերմեռանդությամբ խաչակնքեց յուր երեսը:

Դարձյա՜լ սնոտի հավատ... — ասաց տիկին Սալլաթինը:

Ի՞նչ պետք է արած, իմ քույրեր, ա՜յն բոլորը, որ հայ-քրիստոնյայի օրենքը հրամայում է՝ անթերի կատարել եմ: Տերտերին Նարեկ և Սաղմոս կարդալ տվել եմ, սուրբ պատկերների առաջ մոմեր վառե՜լ եմ... այլևս ի՛նչ է մնացել, որ չեմ արել:

Հիվանդությունը կրոնին ո՜չ մի վերաբերություն չունի, — դարձյալ կրկնեց տիկին Սալլաթինը տհաճությամբ. — հիվանդությանը հմուտ և փորձառու բժիշկնե՜ր են պետք:

Վերին բժշկապետը գիտե ամենայն ցավի դարման տանել. նա ավելի հմուտ և փորձառու է, քան բոլոր ստեղծվածները:

Այդ մի անօգուտ հույս է, որ առժամանակ կհրապուրե ձեր սնահավատությունը, իսկ դուք հետո կստանաք ձեր կամակորության վարձը՝ մի անմխիթար փոշիմանություն...: Մնաք բարյավ, ասաց նա, և գնաց հայտնելու յուր ամուսնուն, պարոն Արամ Աշխարունուն, — յուր քեռորդու, վտանգավոր հիվանդության մասին:

Տիկին Սալլաթինի մեկնելուց հետո մի նոր սնապաշտական զրույցների ասպարեզ բացվեց: Հուրի Խան-Դայան պատմեց, թե ինչեր էր արել հիվանդի առողջությունը հետ դարձնելու համար:

Զարմանալի է. ապա այդ բոլոր զորավոր արարողությունները ոչ մի օգուտ չարեցի՞ն, — հարցրուց տիկին Թարլանը:

Ո՜չ... — գլուխը շարժելով պատասխանեց Հուրի Խան-Դայան: — Խնամի, «խաչը տերը զորավոր կանե», և «հուսով սև քարին ապավինիս, քո մուրազը կտա»: Բայց իմ թոռը մի կասկածոտ և անհավատ տղամարդ էր. նա հերքում էր սուրբ արարողությունները: Չէ՞ որ առածը ասում է. «երբ որ չունիս հույս, բարին քեզնից կտա խույս»: Բայց դուք, իմ աչքիս լույս բարեկամներ, առաջ տարավ նա, — դուք չգիտեք իմ ընտանեկան գաղտնիքը, թե ի՞նչ էր պատճառը, որ աստված այդպես խեթ աչքով է նայում մեզ վրա. ես կպատմեմ, դուք կհասկանաք, թե ո՜րքան դժվար է կրոնքի և օրենքի հակառակ կենալը:

Պատմիր, պատմիր, — ձայն տվին ամեն կողմից մոլեռանդ պառավները:

Դուք, իմ քույրեր, — առաջ տարավ նա, — ձեզնից շատերը տեսել են իմ ամուսինը, այն բարի քահանան, յուր ժողովրդի այն բարեգութ նահապետը:

Աստված յուր հոգին լուսավորեսցե, — կոչեցին ամենքը:

Դուք գիտեք, — շարունակեց Հուրի Խան-Դայան, — որ այդ տիրոջ իմաստուն պաշտոնյան, միանգամայն յուր ժողովրդի հոգևոր և մարմնավոր մխիթարությունը, նրա բանգետ խորհրդատուն, նրա տրտմությունների և ուրախությունների կարեկիցն էր: Այս գալիք մեծ պահոց միջինքին կլրանա քսան և հինգ տարին նրա վախճանից հետո: Բայց այս քսան և հինգ տարիների ընթացքում, թեպետ նա գնացել, հեռացել է մեզանից, բնակելով երկնքում, հրեշտակների մեջ, բա՜յց հավատացնում եմ ձեզ, նրա արթուն հոգին էր իմ գերդաստանի պահապան հրեշտակը, որ խափանում էր մեզնից բոլոր չար պատահարները: Ի՞նչ էր դրա պատճառըայն լուսահոգին երբ տեսավ թե մոտ է մահը, մտածեց պատսպարել յուր ընտանիքի ապագան զորավոր գրվածքներով: Նա դրավ յուր տունը և յուր ընտանիքը մի թիլիսմի ներգործության տակ, որը յուր զորությամբ խափան էր ամենայն չարիքի: Այդ թիլիսմանական թղթերը ապակյա սրվակների մեջ դնելով` թաղեց տան դռների շեմքում, թոնրի շրթան մոտ և ջրհորի ափում: Բայց իմ թերահավատ թոռը անարգեց յուր պապի խորհրդավոր թղթերը, և ամենևին չնայելով իմ աղաչանքին և արտասուքին, կախարդական գրվածքներ համարելով, դուրս բերեց թիլիսմը և անխնա այրեց կրակում...: Ահա այդ դժբախտությունը հանդիպելուց հետո, ասես թե, մեր աստղը խավարեց. չարը համարձակ մուտք գործեց մեր օրհնյալ բնակարանը, վիշտ, նեղություն և հազարավոր թշվառություններ անպակաս եղան մեզնից...: Մեր վարուցանքը անպտուղ եղավ, մեր տավարներն և ոչխարները արդյունք չտվին... և բախտը յուր աչքերը խփեց մեզանից: Բայց այդ վերջինը... այդ վերջինը... անիրավ կրոնափոխությունը... ահա՜, ճաշակել է տալիս յուր թունավոր պտուղները, և այդ հիվանդությունը ևս նրա հետևանքն է...:

Հուրի Խան-Դայան, բոլորովին լցված արտասուքով, նրա ձայնը խեղդվում էր սրտի զեղմունքից. երկար նա սկսեց հեկեկալ և դառնապես լալ. մյուսները նույնպես սկսեցին սուգ անել:

Ներս մտան մի քանի տղամարդիկ, որոնց թվում էին պարոն Արամ Աշխարունին, պարոն Մելիքզադեն և անգլիացի բժիշկ մըստր Սեյսունը: Բոլոր կանայք աներևութացան: Բժիշկը մոտեցավ, բռնեց հիվանդի շնչերակը և սկսեց հարցուփորձել մահտեսի Ավետիսին:

Բայց հիվանդի զգայարանները անհանգիստ խառնակության մեջ էին, և նրա լեզուն չէր դադարում երևակայական խառնափնթոր պատկերներ արտահայտելուց:

«Ա՛հ... վիշապը... դարձյա՛լ այն սարսափելի վիշապը...: Աստվա՛ծ իմ. դա չէ հեռանում ինձանից...: Ահա Սալբին, ո՛րքան զվարթ է նա... նա աներկյուղ, մի քաջ աստվածուհու նման, եկել է օգնելու ինձ... եկ, Սալբի, ե ՜կ օգնիր ինձ...»:

Մի քանի րոպե լռությունից հետո զառանցանքը դարձյալ շարունակվում է.

— «Դե՛հ, իմ նազելի, դե՛հ, մի հարված ևս... ահա սատակեց նա... սատակեց վիշապը... բեր համբուրեմ քո նուրբ ձեռքերը, իմ նազելի Պալլաս. դու քաջությամբ կռվեցար...»:

Եվ նա սկսեց ավելի որոշակի ձայնով երգել. —
«Քնքուշ ձեռքերը հարեմին սիրուն՝
«Հինան ներկում է վարդագույն-կարմիր.
«Նա այդ ձեռքերով հրապուրել գիտե՝
«Ամուսին խանը, ջերմ, հեշտախնդիր :

«Բայց ես սիրում եմ արյունով ներկված՝
«Նուրբ մատիկները իմ սիրուհիիս,
«Երբ որ նա ինձ հետ պատերազմում է
«Ոսոխների դեմ իմ անբախտ ազգիս»

Նա դարձյալ լռեց:

Բժիշկը, հեռուն, խորհրդակցում էր պարոն Աշխարունու հետ հիվանդի մասին. նա դուրս բերեց յուր փոքրիկ կաշյա պարկից մի քանի տեսակ դարմաններ, պատվիրեց խմեցնելու կերպը, և ինքը դուրս գնաց, խոստանալով գալ կեսօրվա պահուն:

Միևնույն ժամանակ ներս մտավ Ռես Վասակյան. նա թույլ ձայնով սովորական ողջույնը տալուց հետո, մոտեցավ, ապշած կանգնեց հիվանդի գլխի վերը. նրա կեղծավոր կերպարանքի վրա ձևացված էր ցավակցության պես մի բան. նրա շիլ աչքերից գլորվեցան մի քանի հատ արտասուքի կաթիլներ, և նա յուր տզրուկի նման սև շրթունքը շարժում էր, իբր թե աղոթք էր կարդում:

Այդ ի՛նչ անբախտություն է, Մահտեսի, — ասաց նա, դառնալով դեպի հիվանդի հայրը: — Հատկապես ինձ խիստ ցավալի է տեսնել ձեր որդին, իմ սիրելի բարեկամը, այդ դրության մեջ:

Աստծո կամքն է, — պատասխանեց ջերմեռանդությամբ մահտեսի Ավետիսը:

Հա՜, աստծո կամքն է, իմ բարեկամ... բայց ի՞նչ հույս տվեց բժիշկը, — կամաց շշնջաց Ռեսը նրա ականջին:

Բժիշկը մի ուրախալի հույս չտվեց... — պատասխանեց տխրությամբ մահտեսի Ավետիսը:

Մնաք բարյավ. ես իմ հետ անչափ տրտմություն եմ տանում. երեկոյան դարձյալ կմտնեմ ձեզ մոտ, — ասաց չարագործը և հեռացավ: «Հա՜, բժիշկը մի ուրախալի հույս չտվեց…», կրկնում էր նա յուր մտքի մեջ, գոհունակ սրտով:

Պետք է հեռու պահել հիվանդը տանեցի և դրացի այցելուներից, — ասաց պարոն Աշխարունին. — դրանք կձանձրացնեն նրան իրանց շատախոսությամբ և ավելորդ սնապաշտական արարողություններով: Թող պարոն Խոսրովը մնա այստեղ, թող նա հանձն առնե ծառայել հիվանդին, որպես յուր մտերիմ բարեկամին: Առավելապես ջանացեք հեռու պահել հիվանդից ձեր մայրը, Հուրի Խան-Դայան, որովհետև պարոն Ռուստամը յուր առողջ օրերում անգամ չէր կարողանում համբուրել նրան: Պարոն Մելիքզադեն գիտե, թե ինչպես պետք է գործադրել դեղերը: Մնաք բարյավ, առողջություն եմ մաղթում, մահտեսի:

Ռես Վասակյանը, տեր-Առաքելենց տանից դուրս գալով, իսկույն հայտնվեց մեծ ամրոցում և մտնելով պատանի Ավազակյանցի սենյակը, դիվական հրճվանքով ասաց.

Նո ՜ր ավետիս:

Ի՞նչպես, — հարցրուց Սոլոմոն-բեկը յուր խաժ աչքերը լայն բացելով:

Ռուստամը ամենասաստիկ կերպով հիվանդ է. այս ժամիս ես նրա մոտ էի:

Արդարև՜, ավետիս, — կրկնեց պատանի Ավազակյանցը նույնպես ուրախանալով:

Բայց գիտե՞ք, որքա՜ն ձեռնտու է մեզ այդ բախտավոր հիվանդությունը. մի կովմից հեռացնում է մեզնից, Մելիքզադեի խորհրդով, առանց քահանայի պսակ կատարելու խորհուրդի երկյուղը. մյուս կողմից, օրիորդ Սալբին հեռու գտնվելով նոր ազդեցությունից, հիվանդությունը հնար է տալիս մեզ ազատաբար գործադրել մեր ծրագրները: Եվ եթե այդ հիվանդության վերջը աստուծո հաջողությամբ մի բարի մահով պսակվի՝ այն ժամանակ դուք ամենևին առիթ չէիք ունենա գանգատվելու ձեր բախտից:

Հա՜, մահը կազատեր մեզ երկար հոգածություններից, — պատասխանեց Սոլոմոն-բեկը բոլորովին սառնասրտությամբ:

«Արդյոք չփորձե՞լ.այդ կարելի կլինի՞ բժշկի միջոցավ. թեթևամիտ անգլիացի, փողի համար հոգի կտա… »,մտածում էր յուր մեջ եղեռնագործը:

Լսիր, աղա, — խոսեց նա լսելի ձայնով. — ժամանակը թանկ է մեզ համար. պետք է գործ սկսել. դարձյալ կրկնում եմ իմ դասը. — դուք կաշխատեք ձեզ ցույց տալ պարոն Աշխարունուն, որպես նրա համախոհ և սրտակից բարյացակամը. և սկսեցեք բարեկամական հարաբերություն ունենալ, և նրանց բոլորովին կասկածներից դուրս բերելու համար, ձեր քույրը կհանձնեք ուսանելու տիկին Սալլաթինի մոտ. ես էլ իմ քույրը կսողացնեմ այնտեղ, որպես ձրի ծառայող աղախին: Նրանք երկու կողմից կսկսեն համոզել օրիորդ Սալբիին: Եվ դուք ձեր քրոջ պատճառով միշտ գնալ գալ կունենաք աղջիկների մոտ, և կարող կլինեք տեսնել օրիորդ Աալբիին, և երբեմն գաղտուկ խոսել նրա հետ: Չմոռանաք, առաջ բարեկամանալ, հետո քույրդ հանձնել, այնուհետև սկսել երթևեկություն կատարելը: Այդ կլինի մեր առաջին փորձը: Այնուհետև` գործերի բերմունքի համաձայն կլարենք մեր որոգայթները: Այժմ մնաք բարյավ:

ԺԹ

ԿԵՂԾԱՎՈՐԸ

Առավոտյան ութ ժամին, պարոն Աշխարունին միայնակ նստած յուր առանձնասենյակում, սպասում էր ընդունել մի հյուր, որ հատկապես խնդրել էր նրանից մի գաղտնի տեսակցություն:

«Այդ զարմանալի է, մտածում էր նա. պատանի Ավազակյանցը տեսակցություն է խնդրում ինձ մոտ գալու...: Նա՜, որ յուր հոր հետ մեր վտանգավոր թշնամիներն են, որ միշտ հալածել են մեզ և ա՜յնքան ցավալի նեղություններ պատճառել, գրել է մեզ մի ա՜յնպիսի նամակ, որ արտահայտում է նրա անչափ ցանկությունը մեր գործի առաջադիմության համար»:

Նա կրկին վերցրեց նամակը, և յուր ուշադրությունը դարձրեց հետևյալ տողերի վրա.

«Մի գաղտնի զորություն իմ սիրտը քաշում է դեպ ձեր կողմը, երանի թե այդ լիներ սուրբ հոգու ազդեցությունը»: Մի քանի տողից հետո՝ «Սողոսին Դամասկոսի ճանապարհում կոչող ձայնը՝ իմ հոգու ներսից սպառնում է խղճմտանքիս, թե «Սա՜վուղ, Սա՜վուղ, ինչու կհալածես զիս»: Եվ նամակը վերջանում էր այս խոսքերով. «պատիվ եմ համարում Քրիստոսով մնալ ձեզ միշտ անձնվեր բարեկամՍոլոմոն-բեկ Ավազակյանց»:

Մինչ պարոն Աշխարունին տարուբերվում էր խառն մտածությունների մեջ, ծառան հայտնեց հյուրի գալուստը:

Թող հրամայե, — ասաց նա:

Ներս մտավ մելիքի որդին, փառավոր հագնված, յուր երկու ծառաներով. նա քաղաքավարությամբ սեղմելով պարոն Աշխարունու ձեռքը, անցավ և նստեց սոֆայի վրա, յուր ծառաներին ականացի անելով, որ դուրս գնան և սպասեն դռան մոտ:

Բարի է ձեր գալուստը, — գլուխ տալով ասաց պարոն Աշխարունին, ասիական քաղաքավարությամբ. — ձեր այցելությունն ուրախացնում է մեզ:

Սոլոմոն-բեկը, ի նշան շնորհակալության, նույնպես շարժեց գլխով:

Ի՞նչ լուր ունիք Թեհրանից, ձեր հորից, — հարցրուց պարոն Աշխարունին սովորական ընդունելությունից հետո:

Վերջին սուրհանդակով նամակը ցույց է տալիս, որ հայրս շնորհ է ունեցել տեսություն ստանալ շահից. թագավորը խիստ շատ բարեսրտություն է ցույց տվել և խոստացել է կատարել նրա բոլոր խնդիրները:

Ուրախալի է... բայց ի՞նչ նպատակ ունին խնդիրները:

Տեղույս հայերի նեղությունների մասին. մի փոքր թեթևացնել հարկերը և խաների անտանելի բռնակալությանց դեմը առնել:

Ծառան մատույց ղահվե շաքարով. և վերջացնելուց հետո տվին նրան ղեյլան. Ավազակյանցը մատուցեց ղեյլանը պարոն Աշխարունուն, բայց նա հրաժարվեց, ասելով թե ծխելու սովորություն չուներ: Ավազակյանցը միայնակ սկսեց ծխել: Բայց իմ հոր գլխավոր խնդիրը ձեր մասին է, որ ես հայտնում եմ ձեզ որպես գաղտնիք, — խոսեց Սոլոմոն-բեկը: — Ատրպատականի գլխավոր հոգևոր առաջնորդի խորհրդով, հայրս պիտի բողոքեր շահին, որ ձեր տունը արտաքսվի այս երկրից:

Օհո՛... — բացականչեց պարոն Աշխարունին ժպտելով. — հետո :

Հորս մի այդպիսի ձեռնարկությունը չափազանց ընդդեմ լինելով իմ կամքին, ես միշտ գրել եմ նրան, չիցե՜ թե ձեր մասին բողոքավոր լինի Թեհրանում. երկար թախանձելուց հետո, ահա այդ վերջին նամակը մի փոքր մխիթարեց ինձ:

Նա դուրս բերեց յուր թղթերի կաշյա պահարանից մի նամակ, որի վերջում գրված էին այս խոսքերը. —

«Այն մոլորեցուցիչների մասին դու այնքան երկար գրելով, իրավ, ձանձրացրիր ինձ, վերջապես, պատիվ դնելով քո որդիական սիրուն, խոստանում եմ քեզ այլևս չբողոքել նրանց մասին վսեմափառ շահին, ամենևին չհասկանալով, թե դու ի՞նչ նպատակ ունեիր նրանց այդչափ պաշտպանելու:

Այդ կնիքը ձեր հո՞րն է, — հարցրուց պարոն Աշխարունին, նայելով մեծ կնիքին, որ դրոշմված էր նամակի վերջում թղթի վրա:

Следующая страница