Շիրվանզադե Ալեքսանդր՝   Զուր հույսեր

«Մարիամ»:

Հետո նա լուսանկարը դրեց մի առանձին թղթի մեջ, սեղանի մի այլ արկղիկում թաքցրեց, հեռու մյուսներից:

Երբ նա անցավ ննջարան և պառկեց անկողին, արդեն լույսը սկսել էր բացվել: Նա քնեց երկու ժամ միայն և զարթնեց յուր սովորական ժամին: Այլևս նա չկարողացավ շարունակել քունը: Նա զզվանքով հիշեց յուր առավոտյան մանրմունր սովորությունները, ծանր ու հանդարտ լվացվելը, հագնվելը: Հայելու առաջ խնամքով սանրվելը, և նրա մարմնին տիրեց մի ծուլություն: Նա կկամենար ամբողջ օրը անկողնից չվերկենալ: Եվ հենց այդ ժամանակ ներս է մտնում անմիտ ծառան և հիշեցնում նրա ամուրի, միայնակ, աննպատակ կյանքը:

Դռների ձայնը ընդհատեց նրա մտքերը: Նա հետ նայեց, և կրկին տեսավ ծառային զգաստորեն և երկյուղով ներս մտնելիս:

Ի՞նչ ես ուզում, — կոշտ ձայնով հարցրեց նա, ժիլետի կոճանները կապելով:

Պաթոսը լուռ մոտեցավ և տվեց նրան մի այցետոմս:

Հալաբյանը նայեց այցետոմսին և իսկույն հրամայեց ծառային հյուրին ընդունել:

«Այդ մարդը նրա հորեղբայրն է, իմ բարեկամը, պետք է ավելի բարեկամանար», ասաց նա և դուրս եկավ մյուս սենյակ:

Բազկաթոռի վրա նստած էր եվրոպական տարազով հագնված հիսուն ու հինգ տարեկան մի մարդ: Մի թեթև ալեխառն մազերով, բայց շատ առույգ ծերունի, որի ամբողջ կերպարանքից բուրում էին եռանդ, համարձակություն, տոկունություն և հնարագետ խելք: Նրա սափրած երեսը, թանձր ընչացքը, մեծ գլուխը, բարձր և լայն ճակատը, թավ հոնքերը, բերանի անկյուններում որոշ գծավորված խորշերը և վերջապես, սուր ու փայլուն աչքերը գործնական կյանքին անձնատուր մարդու ազդեցություն էին գործում: Երբ Հալաբյանին տեսավ, նրա դեմքի վրա իսկույն երևան եկավ մի խորին բարեկամական ժպիտ:

Դա հայտնի կապալառու Նիկողայաս Սադափյանն էր:

Ներեցեք, պարոն Միքայել, որ ձեզ նեղություն եմ տալիս, — ասաց նա, ոտքի կանգնելով քսան ու հինգ տարեկան երիտասարդի աշխուժությամբ:

Խնդրեմ, խնդրեմ, ձեզ համար ես միշտ պատրաստ եմ, պարոն Նիկողայոս, — պատասխանեց Հալաբյանը և հարգանքով սեղմեց իրանից հասակով բարձր Սադափյանի մեծ ու փափուկ ձեռը: — Նստեցեք, խնդրեմ:

Սադափյանը նստեց յուր տեղը և մի քանի սովորական հարցերից հետո, անմիջապես դիմեց յուր այցելության նպատակին:

Տեր օգնության կարոտ եմ, պարոն Միքայել, — ասաց նա ժպտալով:

Պատրաստ եմ ծառայել, ինչքան կարող եմ, ծխեցեք, խնդրեմ, — առաջարկեց Հալաբյանը սիգարների արկղիկը, որ բաց դրած էր սեղանի վրա:

Ես երբեք փողի պակասություն չեմ քաշել, — շարունակեց Սադափյանը, — բայց գործերս այնքան մեծացրի, որ հիմա ստիպված եմ բարեկամներիս ձեռք մեկնել: Ինձ մի երեք օրից հետո վեց յոթ հազար ռուբլի է հարկավոր, ունե՞ք ազատ փող:

Հալաբյանը բարեկամաբար ժպտաց և, մի վայրկյան մտածելուց հետո, պատասխանեց.

Չունենամ էլ, ձեզ համար ուրիշից կվերցնեմ, պարոն Նիկողայոս: Էէ, եթե ձեզ էլ փող չտամ, ո՞ւմ պիտի տամ:

Սադափյանը տեղից քիչ բարձրացավ և գլուխ տվեց Հալաբյանին:

Տոկոսի մասին չեմ խոսում, — ասաց նա, — ինչքան կամքդ է նշանակիր վեց ամիս ժամանակով:

Իսկ եթե առանց տոկոսի տամ, — հարցրեց Հալաբյանը:

Չեմ վերցնիլ, — պատասխանեց Սադափյանը, — բարեկամությունը իրան կարգին, գործն էլ իրան կարգին: Ես առևտրական կանոններից չեմ կարող շեղվել:

Հալաբյանը ոչինչ չասաց: Նա գիտեր, որ Սադափյանը կեղծում է, որ նա չէր հրաժարվիլ գուցե, եթե առանց տոկոսի փող տվող լիներ նրան:

Թաթոսը ներս բերեց արծաթյա սկուտեղի վրա դրած մի բաժակ չայ, կարագ, հաց, սեր և երկյուղով դրեց յուր տիրոջ առաջ:

Ինչո՞ւ մեկն ես բերում, — հանդիմանեց Հալաբյանը, — չես տեսնում, որ հյուր կա:

Հյուրը առավոտյան ութ ժամին է չայ խմում, — ասաց Սադափյանը, — շնորհակալ եմ, չի հարկավոր:

Սառան դուրս եկավ:

Այժմյան երիտասարդները, — շարունակեց Սադափյանը, վերջին բառը առանձին շեշտելով, — գիշերը ցերեկ են դարձրել, ցերեկը գիշեր: Ութ ժամից սկսած ոտքի վրա եմ, պարոն Միքայել, այ, ինչ ասել է ընտանիքի տեր լինել:

Երիտասարդ բառը դուր եկավ Հալաբյանին և միևնույն վայրկյանին նա մի կողմնակի հայացք ձգեց դեմուդեմի պատին քարշ արած հայելու մեջ:

Խոսակցությունը շարունակվեց նույն եղանակով: Սադափյանը սկսեց գանգատվել յուր դրության վրա: Ծերության օրերում ինքն յուր գլուխը խառնեց մեծ գործերի մեջ, դարձյալ մի նոր կապալ է վերցրել, օգուտ շատ այդ տերունական կապալներից, բայց ի՛նչ անի, որ նեղություն էլ շատ կա:

Մեկը անում եմ, մյուսը մոռանում, — հարեց նա, — մարդս առանց սրտացավ մարդու միձեռանի է: Գործակատարներին հավատալ չի լինում, մեկ անում են, երկու գողանում: Հավատացեք, պարոն Միքայել, եթե ես ձեզ պես մի ազնիվ ընկեր ունենայի, միլիոններ կարող էի աշխատել:

Ինձ նման ծույլ ընկերը ձեզ միայն վնասել կարող է, — պատասխանեց Հալաբյանը, — մարդ պետք է մի գործ սիրի, որ կարողանա սրտով կպչել: Կապալների գործերը ինձ այնքան ձանձրացրին, որ ես վերջը թողի: Ինչ որ ունիմ, այսուհետև այն էլ ինձ բավական է, պարոն Նիկողայոս: Բայց ձեր ասածը ճշմարիտ է, որ մի լավ օգնական է հարկավոր ձեզ:

Որ չունեմ սրտացավ մարդ, ինչ անեմ, — գոչեց Սադափյանը, ձեռները ծնկներին խփելով:

Ձեր եղբոր որդին, այ ձեզ սրտացավ մարդ: Ինչո՞ւ նրան չեք խառնում ձեր գործերի մեջ:

Ռուբենի՞ն, — արտասանեց Սադափյանը, հեգնաբար ժպտալով, — էէ, պարոն Միքայել, դուք նրան չեք ճանաչում:

Ես նրան ճանաչում եմ, պատվական տղա է, պատասխանեց Հալաբյանը:

Սադափ յանը գլուխը շարժեց աջ ու ձախ:

Պարոն Միքայել, — ասաց նա, աջ ձեռքով շփելով աչքերը, ինչպես երբեմն անում է մարդ, որի ասածը լավ չէ հասկանում խոսակիցը, — ես, ճշմարիտ է, ծերացել եմ, բայց հին մարդ չեմ: Հավանում եմ նոր ժամանակի խելոք երիտասարդներին, նրանք մեզանից գիտուն են, շատ բան են սովորում, նրանց իմացածի քառորդը ինձ նմանները չեն իմանում: Բայց մի բան կա, որ ինձ դուր չի գալիս, որ ատում եմ, ինչ թաքցնեմ: Ծույլ են մեր ուսումով երիտասարդները, պարոն Միքայել, աշխատանքից փախչող են: Խոսք բացվեց, ասեմ: Այդ եղբորս որդին հենց որ Ռուսաստանից եկավ, ես նրա հետ խոսեցի: Ասացի, ահա որդի, ուսումդ վերջացրիր, հիմա, իհարկե, մի գործ պետք է ճարես քեզ համար: Չէ՞, լավ: Լսիր, ասացի, դու բժիշկ չես, որ քեզ համար պրակտիկա ձեռք բերեմ, ինժեներ չես, որ երկաթուղումը քեզ մի պաշտոն գտնեմ իմ ծանոթների միջոցով, է, իրավաբան էլ չես, որ գնաս սրան ու նրան Սիբիր ուղարկես: Ի՞նչ ես: Ֆիլոլոգ -իստորիկ, լեզվագետ եմ, էլ չգիտեմ, պատմաբան եմ, ասում է, Ի՞նչ գործ կարող ես կատարել: «Ես, ասում է, միտք չունիմ ծառայելու, ես պետք է գիտությամբ պարապվեմ: Իսկ եթե, ասում է, ծառայելու լինեմ, միայն վարժապետ կարող եմ լինել»: Վարժապե՞տ. ինչ պիտի տան քեզ վարժապետության համար, ասացի, չե՞մ տեսնում, վարժապետները քաղցածությունից իրանց թևերն են կրծում: Արի, ասացի, որդի, քեզ երեք անգամ ավելի ռոճիկ տամ, իմ գործերիս մեկ մասը վրադ առ: Ես քո հայրը, դու իմ որդին: Ի՞նչ կասեք, պարոն Միքայել, լավ հորեղբայրը դրանից ավելի կաներ յուր եղբոր որդու համար:

Չընդունե՞ց:

Քինթը վեր քաշեց, — շարունակեց Սադափյանը միշտ հեղձական եղանակով: — Ես, ասում է, «անընդունակ եմ առևտրական գործերում, ես չեմ կարող վաճառական կամ կապալառու լինել»: Տեսնո՞ւմ եք. քաղցած ապրել կարող է, սրան ու նրան գլուխ տալով ամսական հիսուն-վաթսուն մանեթի համար ծառայել կարող է, ազատ, ինքնագլուխ վաճառական լինել չի կարող: Ահա, այս էլ մեր ժամանակի ուսում առած խելոք երիտասարդները: Հիմա էլ կանգնել է. «ես ուզում եմ երկու տարով արտասահման գնալ, որ կատարելագործվեմ»: Այս էլ իմ եղբոր որդին, որին դուք պատվական տղա եք համարում: ՉԷ, պարոն Միքայել, ուսումն էլ առանց խելքի կոպեկ չարժե: Մարդուն առաջարկում են հարստության ճանապարհ, փախչում է, թե, չգիտեմ, ես այդ չեմ հավանում, այն եմ հավանում: Կա՞ աշխարհիս երեսին մի բան, որ փողից ավելի հավանելի լինի, ասացեք, կա :

Նոր երիտասարդներից շատերի համար կա, — պատասխանեց Հալաբյանը: — Նրանք փառասեր են, անունը, հռչակը փողից բարձր են համարում:

Անուն, հռչակ, — գոչեց Սադափյանը, — հավատացեք, ձեզ և ինձ այնպիսի գեներալներ ու իշխաններ են նախանձում, որ նրանց ոտի փոշիին չեմ հասնիլ ես: Ինչո՞ւ, որովհետև անունը մարդուս փորը չի կշտացնում:

Միանգամայն համոզված, որ յուր ասածը զուտ ճշմարտություն է, Սադափյանը թիկն տվեց բազկաթոռին և յուր հայացքը ձգեց առաստաղին: Մի քանի վայրկյանից հետո նա ավելացրեց.

Բայց թող ինչ ուզում է անի, ես իրավունք չունիմ այսուհեաև նրա վրա: Ես իմ պարտքս կատարեցի, պահեցի, մեծացրի, ուսում տվեցի, հիմա ազատ է: Թող գնա, որտեղ ուզում է, թեկուզ քրոջն էլ տանի, ինչպես ասում էլ է, որ պիտի տանի հետը:

Քրո՞ջը, օրիորդ Մարիամի՞ն, — զոչեց Հալաբյանը, չկարողանալով զսպել յուր զարմանքը և հետաքրքրությունը:

Հապա, — պատասխանեց Սադափյանը, քմծիծաղ տալով, — իբր թե ստացած կրթությունը պակաս է: Ասացեք, խնդրեմ, մեր ժամանակի օրիորդին ավելի ի՞նչ է հարկավոր, գիմնազիայում ուսումը ավարտել է, ֆրանսերեն գիտե, պարել, պիանինո ածել, մինչև անգամ երգել գիտե: Խոմ չի՞ կարող գնալ ադվոկատ կամ ինժեներ դառնալ: Բժիշկ պիտի դառնաատելով ատում եմ բժիշկ կանանց: Նրանք կանայք չեն, նրանք կես-տղամարդ են... ԷԷ, խոսքով եղա ու ուշացա, — ավելացրեց նա հանկարծ, ժամացույցին նայելով, — մեկին կես է մնում: Ներեցեք, պարոն Միքայել, ես մինչև ճաշ մի քանի տեղեր ունիմ գնալու:

Եվ նա բազմազբաղ մարդու դեմքով ոտքի կանգնեց ասելով.

Ուրեմն հույս ունենա՞մ փողերի մասին:

Համարեցեք, որ ձեր գրպանումն են, — միամտացրեց Հալաբյանը, — վաղը ուղարկեցեք ձեր գործակատարին, որ ստանա:

Հա , կիրակի օրր կսպասեմ ձեզ ճաշին, — ասաց Սադափյանը, — կինս այսօր ասաց, որ երեկ ձեզ ժողովարանում տեսել է ու հանդիմանել: Իրավունք ունի, պարոն Միքայել, շատ ուշ-ուշ եք գալիս մեր կողմերը: Բարեկամությունը այդպես չի լինիլ, մի փոքր էլ մեզ վրա ուշադրություն դարձքեր: Կիրակի օրը անպատճառ մեր տանն եք, խոսք տալի՞ս եք:

Ուրախությամբ, — պատասխանեց Հալաբյանը, հարգանքով ճանապարհ դնելով յուր հյուրին մինչև նախագավիթ:

Նա վերադարձավ, և ձեռները վարտիկի գրպանը դնելով, սկսեց քայլել հետ ու առաջ մտահույզ դեմքով:

«Աննման է, աննման է, չկա նրանից լավը ամբողջ Թիֆլիսում, — կրկնում էր նա յուր մտքում: — Ի՞նչ ասաց այդ մարդը, մի՞թե նա պիտի գնա արտասահման: Մի՞թե ես պիտի թողնեմ, որ այդ բախտը փախչի իմ ձեռքից: Հետո, ո՞վ կարող է նրա նման ինձ դուր գալ: Ոչ ոք: Զարմանալի բան է, կարծես, որքան մտածում եմ այդ աղջկա մասին, այնքան ավելի եմ հավանում: Ես, որ քառասուն ու երեք տարիս շուտով կլրանա…»:

Բնազդմամբ նա մոտեցավ հայելուն և սկսեց զննել իրան ոտից մինչև գլուխ: Երբեք նա ինքն իրան այնքան ծեր, թառամած, տգեղ չէր երևացել, որքան այս անգամ պատկերացրեց անողոք հայելին: Աչքերի տակ թառամած կաշին, բերանի անկյուններում որոջ գծավորված խորշերը, վերջապես, ճաղատ, փայլուն գլուխը, միրուքի սպիտակ թելերը, ծերության այս բոլոր անջնջելի նշանները վհատեցնելու չափ ազդում էին: Նա ինքն իրանից խորշելով, երեսը հետ դարձրեց հայելուց և հուզված սկսեց կրկին անցուդարձել:

Նախագավթից լսվեց մի ծանոթ ձայն, և նույն վայրկյանին դռները զգույշ բանալով, ներս մտավ մոսիո Վախվախյանը կամացուկ:

Մի րոպե, միայն մի րոպե շնորհեցեք ինձ, — ասաց նա, կարմիր ձեռները միմյանց այնպես չփելով, որ կարծես ցրտից սառել էին:

Եվ սիրալիր ժպիտը երեսին, մեջքից խոնարհ թեքվեց, բռնեց Հալաբյանի աջը և սեղմելով յուր կրծքին, շարունակեց.

Երեկ ժողովարանից շատ տխրած դուրս եկաք: Բնությունս վատ է, պարոնս, շատ վատ է. հենց որ բարեկամներիցս մեկին մի քիչ տխուր եմ տեսնում, սիրտս, ասես, սև է կապում: Կարելի՞ է հարցնել ձեր առողջության մասին:

Առողջ եմ և ուրախ, — պատասխանեց Հալաբյանը հակիրճ:

Օօ, փառք աստոլծո, հիմա հանգստացա, — գոչեց մոսիո Վախվախյանը, ձեռը քսելով կրծքին: — Ի՞նչ եք կամենում, ծառայի՞ն, — ավելացրեց նա, Հալաբյանի մի թեթև նշանից գուշակելով նրա միտքը, — այս վայրկյանիս:

Նա անմիջապես դուրս վազեց և ծառային կանչեց ներս:

Դեհ, ցտեսություն, էլ գործ չունեմ, — ասաց նա վերին աստիճանի խեղճ եղանակով:

Սպասիր, միասին դարս կգանք, — պատվիրեց Հալաբյանը, և ծառայի հետ անցավ ննջարան:

Մնալով միայնակ, մոսիո Վախվախյանը դեսուդեն նայեց, վերցրեց սեղանի վրա դրած սիգարներից մեկը, խնամքով ծայրը կտրեց, վառեց, թիկն տվեց բազկաթոռին, ոտը ոտի վրա ձգեց և սկսեց ծխել: Նրա դեմքի քաղցր արտահայտությունից և աչքերի բիբերի ժպտուն փայլից կարելի էր գուշակեի թե որքան ախորժելի ազդեցություն է անում նրա շնչափողի վրա արտասահմանից հատկապես Հալաբյանի համար բերված հավանյան սիգարի ծուխը: Մոսիո Վախվախյանը, իբրև նուրբ ախորժակի տեր, գիտեր հազվագյուտ բաների ճաշակը: Թանձր ծուխը բերանից դեպի առաստաղը բաց թողնելով, նայում էր նրա օղաձև հոսանքին և հրճվում, ինչպես կարող է հրճվել բուն ճարտարագետը մի գեղեցիկ բանով: Եվ այդ վայրկյանին նրա կոլորակ, մսալի գլուխը արտադրում էր հետևյալ գաղափարը, «ծխողն էլ ահա այս տեսակ պիտի ծխի, թե չէ գրպանիս դարմանը... Օօ՛ֆ, մոխրին նայեցեք, բամբակ է»...

Հանկարծ նա մտատանջության մեջ ընկավ: Իսկապես նրա այցելությունը մի շատ գործնական նպատակ ուներ: Նա եկել էր իմանալու, արդյոք Հալաբյանը մի որևէ ծանոթ ընտանիքի հրավիրված չէ՞ ճաշի: Եթե ոչ, եղանակը հրաշալի է, կարելի է Միքայելյան փողոցի այգիներից մեկում, Քուռի ափում, մի լավ «սուկի» խորովել տալ:

Հալաբյանը դուրս եկավ մաքուր հագնված, մոտեցավ, որ հայելու առջև փողկապը ուղղի:

Օրից-օր բացվում եք վարդ ու մանիշակի պես, — գոչեց մոսիո Վախվախյանը, ոտքի թռչելով և իթրև հիացած նայելով ոտից մինչև գլուխ հարուստ ամուրիին: — Ա՛յ, ինչու են կանայք սիրահարվում: Երեկ ժողովարանում մի գեղեցիկ կնիկ իրան մարդուն հարցրեց ձեր մասին «ո՞վ է այդ համակրելի տղամարդը»: Արևս վկա, ականջովս լսեցի: Ասում եմ էլի, որ աստված տալիս է, ամեն կողմից է տալիս, հապա , ինչո՞ւ մի քոսոտն էլ ինձ համար չի ասում, թե «համակրելի» եմ:

Եվ տեսնելով, որ իր հաճոյախոսությունը մի ժպիտ շարժեց Հալաբյանի երեսի վրա, նա հանեց գրպանից մի արծաթյա տուփ և խուփը բանալով, պահեց նրա առաջ, ասելով.

Գյխի ցավի համար խիստ լավ է:

Վարպետ ես, Սերգո, — ասաց Հալաբյանը, ցուցամատի ու բութ մատի ծայրերով վերցրեց մի պտղունց քթախոտ, մեջքից թեքվեց, որ նոր կարված սև սյուրտուկը չապականվի, և ախորժակով քաշեց:

Քթախոտ քաշելը Հալաբյանի քմահաճություններից մեկն էր, որ սակայն մտաբերում էր շատ քիչ անգամ և այն էլ մոսիո Վախվախյանին տեսնելով: Վերջինը միշտ յուր գրպանում պահում էր լիք տոսիը հատուկ նրա համար:

Այսօր միասին կճաշենք, — ասաց Հալաբյանը, — իսկ այժմ գնանք Կավկազ հյուրանոցում մի թեթև նախաճաշիկ անենք:

III

Մի ամպամած առավոտ Անդրկովկասի երկաթուղու կառախումբը կանգ առավ Թիֆլիսի կայարանում: Երկրորդ դասի մի կառքից, շատ ճանապարհորդների թվում, դուրս եկավ և մի երիտասարդ, մի օրիորդի հետ թևակցած: Բեռնակիր մշակներից մեկը դուրս բերեց նրանց ճանապարհի իրեղեններըերկու բարձ, մի կաշվե արկղ, մի պլեդ և մի կապ կազմած ու անկազմ գրքեր:

Օրիորդը ձեռում բռնած ուներ կիսաթառամ ծաղիկների մի փունջ, որից նա ստեպ-ստեպ հոտ էր քաշում: Շտապ և ուրախ խոսակցելով, երիտասարդն ու օրիորդր պլատֆորմի վրա խռնված խիտ բազմության միջով անցան կայարանի մյուս կողմը: Հետաքրքիր դիտողը, նայելով այդ թև թևի տված մի զույգ արարածներին, զննելով նրանց վարվելու ձևերը և մանավանդ կերպարանքը, կգուշակեր քույր ու եղբայր լինելը. այնքան հասարակ էին այդ ձևերը, այնչափ նման էին նրանք միմյանց:

երեցը եղբայրն էր, կրտսերը քույրըարագաշարժ և ճկուն, մոտ քսան ու երկու տարեկան մի օրիորդ: Նրա, երկար ու սև արտևանունքների մեջ պարփակված, պարզ գույնի խոշոր աչքերի մեջ վառվող երիտասարդական կենդանի հուրը մի գրավիչ զվարթություն էր տալիս սակավ ինչ արևակեզ երեսին: Նա միջին հասակից քիչ բարձր էր, ոչ նիհար, ոչ գեր, համաչափ կազմվածքով: Հագած էր նա համեստ մոխրագույն ասվյա զգեստ, նույն գույնի մահուդի կարճ վերարկու: Պանամի դեղնագույն գլխարկից քարշ ընկած թափանցիկ, սպիտակ շղարշը, քողավորելով նրա շագանակագույն պերճ մազերը, ընդգրկել էր նրա մեջքը օձապտույտ ձևերով: Երիտասարդը բարձրահասակ էր, դեմքի մեղմ գծագրությամբ, բարեհամբույր, ավելի թուխ գույնով, կարճլիկ խուզված միրուքով ու մազերով: Նա հագած էր մոխրագույն կարճ պիջակ, նույն գույնի վարտիկ, որի ծայրերը մտցրած էին ճանապարհային փայլուն կոշիկների երկար անկարուրդի մեջ:

Նրանք նստեցին կայարանի առջև խմբված կառքերից մինը: Երիտասարդը ասաց փողոցի անունը, կառքը սլացավ դեպի քաղաքի կենտրոնը:

Դարձյալ Թիֆլիսումն ենք, — ասաց օրիորդը հառաչելով:

Եվ այդքան ուշ, — հարեց երիտասարդը, անհանգիստ ձևով ուղղելով յուր ուսին գցած փոքրիկ պայուսակը:

Իսկ իմ կարծիքով, վաղ, — հակասեց օրիորդը, — և ինչո՞ւ համարչգիտեմ: Ախ, ինչ տեսարաններ, ինչ անտառներ, ինչ ձորեր, ինչ հրաշալի լեռներ թողինք այնտեղ:

Այս ասելով, օրիորդը մի քանի անգամ արագ-արագ հոտ թաշեց յուր ձեռում բռնած փնջից: Եվ նույն վայրկյանին մի դուրեկան պայծառ ժպիտ սահեց նրա քնքուշ շրթոմեքների վրա, գուցե երփներանգ ծաղիկների անուշ բուրման ազդեցությունից:

Ուզում ես ինձ հավատացնել, որ քեզ ոգևորողը միայն տեսարաններն էին, — արտասանեց երիտասարդը, և նրա բարի աչքերի մեջ փայլեց եղբայրական անուշ հեգնությունը:

Օրիորդի արևակեզ այտերը ավելի շառագունեցին: Նա հոնքերը սեղմեց, երեսը շուռ տվեց մյուս կողմ:

Լավ, մի ամաչիր, Մարո, — շտապեց ավելացնել երիտասարդը,ժպտալով: — Դու գիտես, որ Մելիք-Բարսեղյանը իմ լավ ընկերն է, ես նրան սիրում եմ: Բայց մի մեղադրիլ ինձ, որ քեզ այդպես շուտ բաժանեցի նրանից: Ես ավելի չէի կարող մնալ Դիլիջանում:

Ինչո՞ւ, — հարցրեց օրիորդը հետաքրքրված եղբոր վերջին խոսքերով:

Ինչո՞ւ, — կրկնեց երիտասարդը, — միթե դեռ էլի չե՞ս հավատում իմ վճռին: Ես պետք է պատրաստվեմ շուտով ուղևորվելու արտասահման:

Դարձյա՞լ արտասահման, — ասաց օրիորդը թախծորեն, — Ռուբեն, թող այդ մտադրությունդ: Քո հեռանալդ ինձ վախեցնում է, մնացի՛ր Թիֆլիսում:

Ի՛նչ, միթե դու ուզում ես, որ եղբայրդ թերուս մնա:

Թերո՞ւս, — գոչեց օրիորդը զարմացած:

Այո, թերուս, — պատասխանեց երիտասարդը դրական եղանակով, — որովհետև գրպանում համալսարանի դիպլոմ ունենալը դեռ ուսումնական լինել չի նշանակում: Դեռ շատ բան է մնում սովորելու, օօ, շատ բան:

Վերջին բառերը արտասանելիս երիտասարդի պայծառ դեմքը մթագնեց հոգսերի ստվերով:

Դու կարելի է ճշմարիտ ես ասում, — խոսեց օրիորդը, — ես դեմ չեմ: Կամենում եմ, որ դու կատարելագործվես, որքան կամքդ է: Բայց քեզանից բաժանվելը, Ռուբեն, ես քանի անգամ քեզ ասել եմ արդեն, ծանր է ինձ համար, շատ ծանր:

Քեզ առաջարկում եմ և խնդրում, որ հետս գաս, բայց դու համառություն ես անում: Ինչո՞ւչեմ իմանում: Հավատացիր, որ լավ կլիներ թե ինձ համար և թե քեզ համար:

Շատ լավ կլիներ, — կրկնեց օրիորդը, հառաչելով, — կցանկանայի, հոգով կցանկանայի, բայց...

Դարձյալ բայց, — գոչեց երիտասարդը մի քիչ հուզված, — և երբեք չես ուզում հայտնել ինձ այդ պատճառը:

Այս ասելով, նա դժկամակությամբ նայեց քրոջը: Վերջինը լուռ էր:

Չլինի թե, — շարունակեց երիտասարդը, ձայնը դարձյալ մեղմացնելով, — չլինի թե արդեն այնքան գրավել է քեզ նա, որ չես ուզում հեռանալ նրանից...

Ռուբեն, — արտասանեց օրիորդը խորին հանդիմանությամբ, — այդպիսի կատակ մի անիլ հետս, նա... նա...չէ պատճառը, և չի էլ կարող լինել... Իմ պատճառը ավելի ծանր է, քան կարծում ես...

Ի՞նչ է ուրեմն, — Գոչեց Ռուբենը, աչքերը սևեռելով քրոջ երեսին:

Օրիորդը մի քանի վայրկյան լռելուց հետո, կրկին հա ռաչեց:

Թողնենք այդ խոսակցությունը, — ասաց նա: — Ահա հասնում ենք տուն: Աշխատիր ուրախ հանդիպել մեր ազգականներին: Դեհ, դարձյալ թթվացրիր աչքունքդ, դրա համա՞ր ես ուզում ինձ հետդ արտասահման տանել, որ միշտ տխրես, շնորհակալ եմ:

Ասաց օրիորդը և, վիրավորված ձևանալով, երեսը դարձրեց մի կողմ:

Կառքը Քուռ գետի աջ կողմի քաղաքամասը անցնելով, մտել էր արդեն կենտրոնական փողոցները:

Քույր և եղբայր լուռ էին: Ռուրենը մի ծխախոտ վառեց և սկսեց ծխել, անորոշ հայացքով նայելով յուր երկար կոշիկների ծայրերին: Իսկ քույրը, փունջը ծնկների վրա դրած, մտիկ էր անում աջ ու ձախ տներին, որ միմյանց հետևից անցնում էին: Ընդամենը երեք ու կես ամիս բացակա էր եղել Թիֆլիսից, և այժմ ամեն ինչ նրան փոխված էր երևում, թե փողոցներն ալ տները և թե անցուդարձող մարդիկ: Նա, աշխատելով հաղթել յուր մեջ ծագած րոպեական թախիծը, աչքերով որոնում էր ծանոթ դեմքեր: Մինչդեռ եղբայրը գաղթուկ նայելով քրոջ կիսադեմքին, նկատեց նրա պայծառ ճակատի վրա այն տխուր ամպը, որ երբեմն հայտնվում էր, երր նա փորձում էր խոսք բանալ իրանց դրության մասին:

Կառքը կանգնեց երեք հարկանի նորաշեն, մոխրագույն ներկած մաքուր տան առաջ:

Այս րոպեին ես կհամբուրեմ իմ սիրելի Լիզային ու Գաբոյին, — Գոչեց օրիորդը և աշխույժ կերպով վայր ցատկեց կառքից:

Մինչ Ռուբենը կառապանի վարձը կտար ու իրեղենները ցած կբերեր, նա փունջը ձեռին արագությամբ բարձրացավ երկրորդ հարկը: Մարմարոնյա լայն և փայլուն սանդուղքի վերևում օրիորդին դիմավորեց մի ութ տարեկան աղջիկ սև աչքունքով: Օրիորդը գրկեց նրան, համբուրեց մի քանի անգամ և, թևից բռնելով, շտապեց առաջ:

Օրիորդ, եկա՞ք, վերջապես, — գոչեց դեմուդեմ վազելով, ռուս աղախինը, և ուրախ-ուրախ բարևեց:

Նախագավթում օրիորդի առաջը վազեց մի տասը տարեկան պատանի գիմնազիական համազգեստով: Օրիորդը նրան էլ գրկեց, համբուրեց և տարավ ներս:

Մի քառակուսի, մաքուր պարկետով, գեղեցիկ ոսկենկար պաստառով զարդարված բավական մեծ սենյակի մեջտեղում, կոլորակ սեղանի շուրջը նստած թեյ էին խմում Նիկողայոս Սադափյանը, յուր կինըտիկին Սոփիոն և աղջիկըօրիորդ Նատալիան:

Մարիա՛մ, — գոչեցին միաբերան վերջին երկուսը մի տեսակ անբնական ուրախությամբ:

Մարիամը հերթով փաթաթվեց կանանց պարանոցին և մի քանի անգամ ջերմաջերմ համբուրեց նրանց, մանավանդ Նատալիային:

Հանդարտ, մազերս քրքրեցիր, — ասաց Նատալիան, գլուխը հետ դարձնելով:

Մարիամը սեղմեց հորեղբոր ձեռը: Հարց հարցի հետևից նա առաջարկում էր մերթ մեկին, մերթ մյուսին: Կարծես, նա տարիներով չէր տեսել յուր ազգականներին, այնքան անկեղծ էր նրա ուրախությունը:

Ներս մտավ եղբայրը և տեսարանը մի քիչ փոխվեց: Նա հանդարտ մոտեցավ, սառն և քաղաքավարի բարևեց: Բոլորը առողջ էին: Միայն օրիորդ Նատալիան հայտնեց, հառաչելով, թե զլուխը սաստիկ ցավում է:

Դրա ճարը ես գիտեմ, — գոչեց Մարիամը, վերցնելով յուր փայփայած փունջը, որ համբուրվելու միջոցին դրել էր պատուհանի վրա: — Ահա, Նատո, թեև մի, քիչ թառամել են, բայց հազվագյուտ ծաղիկներ են: Իմ մորաքրոջ աղջկա, Մարգարիտի, վերջին նվերն է, յուր ձեռովն է քաղել իրանց պարտեզից: Այնքան սիրեցի, որ Դիլիջանից մինչև այստեղ բերի:

Կարծես, Թիֆլիսում քիչ կա, — ասաց օրիորդ Նատալիան մի տեսակ արհամարհանքով, — շնորհակալ եմ, դու շատ բարի ես, Մարո, դիր ահա այն բաժակի մեջ:

Մարիամը փունջը դրեց առաջվա տեղը և յուր դժկամակությունը թաքցնելու համար, կրկին թեքվեց և սկսեց խոսել յուր շուրջը պտույտ-պտույտ անող փոքրիկ աղջկա և պատանիի հետ:

Ինչո՞ւ ինձ չես տալիս ծաղիկները, ես կպահեմ իմ սեղանիս վրա, — ասաց աղջիկը, Մարիամին գրկելով:

Մարիամը տվեց նրան փունջը:

Մամա, թույլ տուր այսօր տանը մնամ, — ասաց պատանին:

Ինչո՞ւ, — հարցրեց տիկին Սոփիոն:

Ուզում եմ Մարոյին ու Ռուբենին տեսնել:

Լռի՛ր, — գոչեց մայրը, աչքունքը խոժոռելով, — Մարոն ու Ռուբենը չեն փախչում, կարող ես հետո էլ տեսնել: Կանչիր ծառային, որ քեզ տանի ուսումնարան: Դու էլ, — դարձավ նա փոքրիկ Լիզային, — ծաղիկները դիր տեղը ու գնա դասդ սովորիր:

Պատանին և աղջիկը ակամա ու տխրադեմ հպատակվեցին իրանց մոր խստաձայն հրամանին, կրկին ու կրկին ընդունելով Մարիամի համբույրները և գգվանքը:

Իմ սիրելիներս, — ասում էր օրիորդը, մերթ դառնալով Գաբոյին, մերթ Լիզային, — ես ձեզ ամեն օր հիշում էի: Գնացեք, գնացեք, էլի ես ձերն եմ:

Վերջապես, նա նստեց թեյ խմելու և սկսեց պատմել, թե ինչպես է ժամանակ անցկացրել Դիլիջանում: Նիկողայոսը հայտնելով, որ գործ ունե, շտապով դուրս եկավ:

Գիտենք, գիտենք, շատ ուրախ են անցել օրերդ, առանց մեզ, — նկատեց Նատալիան Մարիամին մի երկդիմի եղանակով:

Դու չես կարող երևակայել, Նատո, — շարունակեց Մարիամը ոգևորված, — թե ինչ ուրախ օրիորդ է մեր մորաքրոջ աղջիկը, գեղեցիկ, կրթված, համակրելի, նրա նմանը Թիֆլիսում ես չեմ տեսել:

Իհարկե, Երևանում մայրաքաղաքի կրթություն ստացած կլինի, — ասաց օրիորդ Նատալիան ծաղրաբար, — Բայց սիրելիս, ինչո՞ւ միայն այդ աղջկան ես գովում, միթե ուրիշ գովելու մարդ չկա՞ր այնտեղ: Իսկ այն երիտասարդ բժիշկը, որի հետ դու վաղուց, շատ վաղուց ծանոթ ես:

Մարիամը մի մեղմ հանդիմանական հայացք ձգեց Նատալիայի երեսին և ոչինչ չպատասխանեց:

Ի՞նչ սևացել ես, Մարո, — փոխեց յուր խոսքը Նատալիան, ներքուստ նախանձելով Մարիամի դեմքի գրավչությանը, — մի բանի նման ես, բայց չգիտեմ ինչի:

Գնչուհու, — հարեց Մարիամը անկեղծաբար:

Լավ, լավ, կեղծ համեստություն մի անիլ, — գոչեց Նատալիան կծված ձայնով, — ինքդ շատ լավ իմանում ես, որ... գեղեցիկ ես, ի՞նչ հարկավոր է կոտրատվել: Ախ, տեր աստված, տրաքեց գլուխս, ների՛ր հոգիս, ես այլևս նստել չեմ կարող:

Ասաց Նատալիան և անմիջապես վեր կացավ գնաց յուր սենյակը:

Գնա, օգնիր, որդի, նա հիվանդ է, — ասաց տիկին Սոփիոն Մարիամին:

Օրիորդը հետևեց Նատալիային: Տիկինը մնաց Ռուբենի հետ:

Հանգուցյալ մայրդ, միտս է, միշտ ասում էր, «Մարոս շատ կրակոտ աղջիկ է լինելու», — խոսեց տիկինը, — այժմ կատարվում է նրա խոսքը: Տեսնո՞ւմ ես, Ռուբեն, քույրդ ինչպես է թռչկոտում, այդ լավ բան չէ, լավ բան չէ:

Երանի թե միշտ այդպես լիներ, — նկատեց Ռուբենը, որ մինչև այդ րոպե լուռ էր, — լավ է կրակոտ լինել, քան թմրած:

Օ՛-հո-հո, որդի, մի՛ ասիլ, — գոչեց տիկին Սոփիոն, — աղջիկը պիտի մի քիչ էլ ամաչկոտ լինի:

Ամաչկոտ, — կրկնեց Ռուբենը զարմացած, — ես կարծում եմ, որ Մարիամի պես ամաչկոտ աղջիկ շատ քիչ կա:

Տիկինը տարակուսաբար գլուխը շարժեց,

Ես չեմ ասում, թե նա երեսբաց է, — արտասանեց նա խորհրդավոր ձայնով, — բայց է՛լի...

Ասացեք, տիկին, եթե մի բան գիտեք, — հետաքրքրվեց Ռուբենը, — եթե մի պակասություն ունի Մարիամը, ես նրա եղբայրն եմ, պարտական եմ նրան հաղորդել, որ ուղղի իրան:

Խոսքս այն երիտասարդի մասին է, — պատասխանեց տիկինը, — այն բժշկի, որին գարնանը մի քանի անգամ մեր տունը բերիք: Մարիամը գրել էր Նատալիային, որ նա Դիլիջանումն է: Ի՞նչ էր անում այնտեղ:

Ոչինչ, եկել էր մի ամիս այնտեղ ապրելու:

Նա էլ ձեզ հետ Թիֆլի՞ս եկավ:

Ոչ, բայց շուտով կգա: ,

Հը՛ մ, — արտասանեց տիկինը, գլուխը երերելով, — նա այստե՞ղ է մնալու:

Չգիտեմ, առայժմ նա Երևանումն է բժշկություն անում: Բայց ի՞նչ էիք ուզում ասել Մարիամի մասին, այդ շատ հետաքրքրական է:

Տիկինը մի քանի վայրկյան լռելուց հետո, պատասխանեց.

Այն էի ուզում ասել, որդի, որ լսել եմ, թե Մարիամը... էհ, ինչ թաքցնեմ... սիրում է այդ տղային ու...

Ո՞ւ... — արտասանեց Ռուբենը, մի անորոշ ցնցումն գործելով:

Ու խոսք է տվել նրան գնալու:

Ռուբենը մի հոգոց հանեց կրծքից և ժպտացի նա, կարծես, ավելի մի ծանր լուրի էր սպասում:

Չափահաս աղջկա դրությունը, որդի, շատ դժվար է, — շարունակեց տիկինը գորովագութ մոր եղանակով, — չպետք է նրան մի րոպե աչքից հեռացնել, թե չէ ով գիտե.. Ասելս այն է, որդի, եթե այն տղան լավ տղա է, բեր շուտ-շուտ մեր տուն, կարելի է մենք էլ հավանենք, Մարիամի համար փեսացու ընտրենք ու շուտով պսակենք:

Այդ նպատակով, տիկին, ներեցեք ասել, ես ոչ մի ընկերոջս չեմ բերիլ այստեղ, — պատասխանեց Ռուբենը հաստատ ձայնով: — Փեսացու ընտրելու իրավունքը Մարիամինն է, ում կհավանի, նրան կուզի:

Հաա՞, — արտասանեց տիկինը, շրթունքը սեղմելով, աչքերը լայն բանալով և գլուխը բարձրացնելով, — իմացա, ուրեմն ես ու հորեղբայրդ ոչի՞նչ, ուրեմն մենք իրավունք չունե՞նք այդ գործի մեջ խառնվելու:

Ռուբենը զգաց յուր խոսքերի խստությունը տիկնոջ համար: Նա շտապեց մեղմել նրանց ազդեցությունը:

Ձեր իրավունքը իմնից մեծ է, տիկին: Բայց առայժմ ամուսնանալու հերթը Նատալիայինն է. պզտիկ քույրը մեծ քրոջից առաջ ընկնել չի կարող:

Նատալիայի մասին ես հոգս չունեմ, — պատասխանեց տիկինը դեռ բավական կծված՝ ձայնով, — նրա համար փեսացուներ միշտ կան, որին հավանեմ, նրան կտամ: Է՛հ, թողնենք, դու, երևի, անքուն ես մնացել երեկ գիշեր, — ավելացրեց նա, հանկարծ ոտքի կանգնելով, — գնա , հանգստացիր ու շորերդ փոխիր, թե չէ մի մարդ ներս կմտնի, ամոթ է այդ կոշիկներով երևալ

Ռուբենը, որ ինքն արդեն կամենում էր շուտով հեռանալ տիկնոջից, շտապեց յուր սենյակը և, դռները ծածկելով, առանձնացավ:

Նա փոխեց ճանապարհային հագուստը և, նստելով սեղանի մոտ, անձնատուր եղավ յուր մտածումներին:

Ութ տարի էր, որ նա յուր քրոջ հետ հորեղբոր հովանավորության ներքո էին: Այսինքն այն օրից, երբ մեռավ նրանց հայրը: Այն ժամանակ քույր և եղբայր դեռ գիմնազիոնումն էին: Հազիվ նրանց փափուկ սիրտը ամոքվել էր մոր մահից հետո հինգ տարի անցած, ճակատագիրը երկրորդ հարվածը տվեց տասնույոթ տարեկան պատանուն և տասնուչորս տարեկան աղջկան:

Ամբողջ գիշեր նրանք ականատես էին իրանց հոր կյանքի վերջին խավար ժամերին: Մահճակալի մի կողմում կանգնած էր Ռուբենը, մյուս կողմում Մարիամը և Նիկողայոսը: Մի քանի անգամ մեռնողը այն օրվա ընթացքում, զգալով մահվան մերձավորությունը, կրտսեր եղբոր ներկայությամբ կրկնեց, թե յուր զավակների նյութական դրությունը համարյա միանգամայն ապահով է թողնում:

Դու միամիտ կաց, որդի, հորեղբայրդ կկարգադրի ձեր գործերը, — ասաց նա Ռուբենին:

«Նիկողայոս, քեզ եմ հանձնում իմ զավակներին, Սիրիր և պահպանիր»:

Նիկողայոսը գլուխը կրծքին թեքեց և արտասուքը հազիվ զսպելով, պատասխանեց.

— «Ես նրանց չեմ բաժանիլ իմ ընտանիքից, կպահպանեմ մինչև իմ վերջին օրը»:

Այս էին այն խոսքերը, որ Ռուբենի ներկայությամբ, փոխանակեցին երկու եղբայրները:

Այն ժամանակ Ռուբենը չգիտեր այդ անորոշ խոսքերի բուն իմաստը, րոպեի դառն վիշտը պատանու ուշը ու միտքը մթնացրել էր: Նա ողբում էր յուր ծնողին: Հիշում է նա այժմ ևս, որ ձմեռն էր, որ դրսում չոր քամի էր փչում, երկիրը ծածկվել էր սառնամանիքով: Գավթի տերևաթափ ակացիան յուր սառած ճյուղերը զարկում էր փակ լուսամուտի փեղկերին: Ռուբենը ձեռները կրծքին ծալած, կանգնած էր սենյակի այն կիսախավար անկյունում, ուսկից լսվում էր մեռնողի ծանր հառաչանքը: Սենյակ մտնում ու դուրս Էին գալիս, անլուր ստվերների պես, ինչ-որ մարդիկ: Չէ հիշում նրանց դեմքերը Ռուբենը: Մտաբերում է այն, որ մեկը բռնած նրա թևից, աշխատում էր հեռացնել մահճակալից, շշնջալով. «Թող խեղճ մարդը հանգստանա»:

Следующая страница