Շիրվանզադե Ալեքսանդր՝   Զուր հույսեր

Արտասանելով այս խոսքերը, նա թաշկինակով սրբեց յուր այտերի վրա չորացած արտասուքի կաթիլները և ժպտաց եղբոր երեսին:

Մարիամ, — գոչեց Ռուբենը, հափշտակված նրա հաստատակամությամբ, — դու ինձ ուրախացնում ես: Գիտեի, որ դու վեհանձն ես, գիտեի, որ քո բարոյական ուժը մեծ է: Շնորհակալ եմ, հազար անգամ շնորհակալ եմ, դու ինձ մի նոր եռանդ տվիր այղ խոսքերովդ:

Մի բան միայն դժվար է ինձ համար, — ասաց Մարիամը մելամաղձիկ ձայնով, — Գաբոյից և Լիզայից բաժանվելը: Ախ, որքան սիրում եմ նրանց... Անմեղ երեխաներ, երբեք ես ձեզ չեմ մոռանալ, և հույս ունիմ, որ դուք ևս չեք մոռանալ ինձ:

Այդ երեկո մինչև կեսգիշեր Մարիամը զբաղված էր յուր շորերը կապկպելով:

VI

Մելիք-Բարսեղյանի խոսքերը սնոտի պարծենկոտություն չէին:

Արդարև նա շատ վաղ էր կարդացել «կյանքի խրատական Էջերը», ինչպես ինքն ասաց:

Նա չքավոր ծնողների որդի էր. ուսանող ժամանակ հորից ստանում էր մի աննշան թոշակ, այնքան աննշան, որ ավելի լավ ապրել չէր կարող, քան ինչպես ինքը համառոտ պատկերացրեց Մարիամի և Ռուբենի առաջ:

Բայց նրա համբերող, տոկուն և աշխատասեր բնավորությունը հաղթեց նյութական սուղ հանգամանքներին: Նա փայլուն կերպով ավարտեց ուսման ընթացքը: Բժշկության դիպլոմը գրպանում վերադարձավ հայրենիք Ռուբենից մի տարի առաջ:

Թիֆլիս հասնելով, նա փոխեց յուր տարազը, դեն ձգեց տասը տեղից կարկատած, օձիքը կեղտոտ սյուրտուկը, մի հարուստ ընկերից ձեռապարտ վերցրեց և հագավ նորաձև հագուստ: Նա մի քանի անգամ այցելեց թատրոն, երեկույթներ, պարահանդեսներ: Մի երեկո նա մի նվագահանդեսում տեսավ Մարիամին, որի հետ դեռ գիմնազիստ ժամանակ ծանոթ էր Ռուբենի միջոցով: Նա մոտեցավ, վերանորոգեց նախկին ծանոթությունը:

Որքա՛ն փոխվել էր հինգ տարվա ընթացքում Մարիամը: Նիհար, մեջքից քիչ կորացած, թխադեմ պատանուհին այժմ դարձել է Թիֆլիսի կանանց դասակարգի գեղեցիկ զարդերից մինը: Քանի Վասիլը գիմնազիստ էր, մի տեսակ վեհերություն էր տիրում նրան Մարիամին տեսնելիս: Պատճառը ոչ այնքան օրիորդի անձնավորությունն էր, որքան այն պայմանները, որոնց մեջ ապրում էր Մարիամը յուր հորեղբոր տանը: Սադափյանների հայտնի անունը, շքեղ ապրուստը ճնշում էին չքավոր երիտասարդին, և նա հարստությունից վախենում էր, որպես մի անսովոր երազից: Ահա ինչու երկու տարուց ավելի Ռուբենին այցելելով, նա չհամարձակվեց, բացի վերջինի սենյակից, մի ուրիշ անկյուն ճանաչել այդ տան մեջ և, բացի Մարիամից, մի ուրիշի հետ ծանոթանալ այդ ընտանիքում:

Այլ էր այժմ, երբ նա ուսումն ավարտած բժիշկ էր: Երբեք նա Մարիամի մեջ այն զգացումը չէր զարթնեցրել, երբ առաջին անգամ օրիորդը տեսավ նրան Ռուսաստանից գալուց հետո: Այլևս դա այն տատամսոտ, վեհերոտ և ամեն մի խոսք ասելիս, կարծես, նույնիսկ Ռուբենի սենյակի կահ-կարասիից ամաչող պատանին չէր: Նրա առաջ կանգնած էր մի հասուն տղամարդ, դեմքը հանդարտ, անվրդով, հայացքը համարձակ, լայն բացված ճակատով, ուր հնգամյա համառ պարապմունքները դրոշմել էին մի որոշ հետք:

Մարիամը շփոթվեց հենց միայն այդ կերպարանքը տեսնելով: Իսկ խոսվածքը, խրոխտ ձայնը, աչքերի սուր ու թափանցող նշույլը, որ փայլում էր ակնոցի ապակիների միջով, այս բոլորը ազդու էին այն օրիորդի համար, որ ճանաչում էր նախկին Մելիք-Բարսեղյանին: Վասիլը, մի ամսաչափ մնաց Թիֆլիսում: Հաճախ նա հանդիպում էր Մարիամին, և հանդիպում էր միմիայն հասարակական տեղերում, որովհետև օրիորդը, հակառակ յուր ցանկության, մի անգամ էլ չհրավիրեց նրան Սադափյանների տուն, ուր ինքն իրան ևս հյուր էր համարում:

Ձմռան կիսին Մելիք-Բարսեղյանը գնաց յուր ծննդավայրը և գարնանը մի քանի օրով դարձյալ Թիֆլիս եկավ: Այդ ժամանակ Ռուբենն արդեն վերադարձել էր Ռուսաստանից: Բժիշկը խնդրեց իրան ծանոթացնել Սադափյանների ընտանիքի հետ ծանոթացավ և սկսեց համարձակ այցելել այդ տունը, որի շքեղությունից առաջ վախենում էր: Մայիսի վերջին Ռուբենը և Մարիամը իրանց մորաքրոջից հրավեր ստացան ամառը միասին անցկացնել Դիլիջանում: Մելիք-Բարսեղյանը, որ բժշկություն էր անում Երևանում, ամառվա կեսին մի օր հանկարծ երևեցավ հիշյալ ամառանոցում, որ և շատ ուրախացրեց թե Մարիամին և թե Ռուբենին:

Այդտեղ օրիորդը ավելի ազատ էր: Նա հեռու էր Սադափյանների հսկող աչքերից, նա կարող էր յուր եղբոր ընկերոջ հետ ստեպ-ստեպ տեսնվել: Եվ ամեն օր երեք հոգի գնում էին զբոսնելու շրջակա ծաղկավետ անտառներում: Այս զբոսանքների ժամանակ Վասիլը և Ռուբենը հաճախ լուրջ վիճաբանություններ էին ունենում գիտության, արվեստների, բնության և երբեմն իրանց ժողովրդի դրության, մի խոսքով այն խնդիրների մասին, որ սովորաբար հետաքրքրում են նորավարտ երիտասարդներին: Այս վիճաբանություններր ժամանակ Ռուբենը գրեթե միշտ ոգևորվում էր, տաքանում, այնինչ Մելիք-Բարսեղյանը Մարիամին հիացնում էր յուր սառն, անշեղ տրամաբանությամբ: Եվ թվում էր օրիորդին, որ երիտասարդ բժիշկը ամեն բան գիտե, ամեն բան ուսումնասիրել է, ուստի այդ բանավոր պայքարների մեջ նա, իրավամբ թե ոչ, հաղթանակը Վասիլի կողմն էր զգում:

Երբեմն Մարիամը միջամտում էր նրանց վիճաբանությանը և անգիտակցաբար պաշտպանում բժշկի հայացքները:

Ռուբենը նկատեց այդ և զգաց, որ քույրը անտարբեր չէ դեպի Մելիք-Բարսեղյանը: Սակայն նրա անփորձ աչքերը տակավին չէին թափանցում օրիորդի սրտի խորքը, ուր հետզհետե արմատ էր ձգում առաջին և վտանգավոր սիրո ծաղիկը: Մի բան, որ Վասիլը արդեն զգում էր, Ամեն անգամ, երբ երիտասարդ բժիշկը նայում էր Մարիամի այլայլվող երեսին, նրա խոշոր աչքերի խորության մեջ կարդում էր յուր թովիչ ազդեցությունը կուսական անարատ հոգու վրա: Օվ զորավոր ուրախության նման մի բան թնդեցնում էր նրա սիրտը: Դա փոխադարձ սիրո կամ համակրության ձայնը չէր, դա չքավորի հպարտության զգացումն էր, չքավորի, որ երկարամյա նյութական դաժան կյանքից հետո առաջին անգամ տեսնում էր հարստության քաղցր ժպիտը:

«Քառասուն հազա՞ր, — կրկնում էր երիտասարդը յուրովի: — այդ գումարով ինչե՛ր չի կարող անել ինձ նման մի խեղճ մարդ»:

Եվ նա սկսեց խրախուսել յուր անուշ հույսերին: Նախ նա Մարիամին ցույց տվեց կեղծ անտարբերություն, իբրև թե չէր նկատում օրիորդի սերը: Գիտեր, որ այդպիսով ավելի պիտի վառի օրիորդի սիրտը, ինչպես շատ անգամ սառն ջուրը ավելի սաստկացնում է կիզանուտ հեղուկի բորբոքված բոցը: Իսկ երբ բավական վառեց այդ հուրը, փոխեց յուր հարաբերությունըսկսեց շատ հեռավոր նշաններով ցույց տալ փոխադարձ սեր: Այդ ժամանակ նա դիմեց խորհրդավոր հառաչանքների, մելամաղձոտ ժպիտների, տրտում հայացքների օգնության:

Մի անգամ նրանք, մի ծառի տակ նստած, խոսում էին: Ռուբենը բացակա էր: Հասարակ բաներից խոսակցությունը փոխվեց մի այնպիսի նյութի վրա, որ որքան հրապուրիչ էր Մարիամի համար, նույնքան էլ երկյուղալի, որովհետև չգիտեր, թե ինչով կվերջանա: Խոսում էին մի սիրային վեպի բովանդակության մասին, որ Մարիամը նոր էր կարդացել: Օգտվելով րոպեի տրամադրությունից, Վասիլը խոսքը հետզհետե մասնավորեց, և այսպիսով նա կարողացավ արտասանել հետևյալ դարձվածը:

Ես կյանքում երբեք չեմ սիրահարվելԲայց մի օր պիտի ծծեմ այդ դառն բաժակը:

Ինչո՞ւ դառն, — հարցրեց օրիորդը, և նրա ձայնի մեջ բժիշկը զգաց սրտի ուժգին զարկը:

Որովհետև ով գիտե ճշմարիտ սիրել, նա տանջվում էլ է, — և մի քիչ խորհելուց հետո, ավելացրեց. — ես այդ նախագուշակում եմ...

Նա չշարունակեց: Մարիամը երեսը շուռ տվեց: Օրիորդի շրթունքները դողում էին, կուրծքը բաբախում էր: Թավուտ ծառի հովասուն ստվերի ներքո նկատելի էր նրա այտերի հանկարծակի գունաթափությունը: Նա չիմացավ ինչպես, բայց երբ կամեցավ վեր կենալ այն մամռապատ մեծ քարի վրայից, ուր նստած էին, յուր ձեռը զգաց Վասիլի տաք ձեռքի մեջ: Նա նայեց երիտասարդին, որ, կարծես, նույնչափ հուզված էր, ձեռը մեղմիկ դուրս սահեց և առանց մի բառ արտասանելու, շուտով անհետացավ կանաչ թփերի հետևում:

«Նա փախավ, նա հետ կգա,..», ասաց Վասիլը, երկար ժամանակ նստած մնալով միևնույն տեղում:

Այդ օրից հետո Մարիամի դեմքի վրա նշմարելի էր երջանկության մի մելամաղձոտ ժպիտ, որ առանձին մի հրապույր էր տալիս նրա կերպարանքին: Հաճախ նա սիրում էր առանձնանալ և անձնատուր լինել յուր մենավոր մտածումներին: Նա գիտեր, որ դժվար է թաքցնել Ռուբենից յուր և բժշկի մեջ տեղի ունեցած այն նշանավոր եղելությունը: Եվ քանի-քանի անգամ նա կամեցավ հայտնել, բայց համեստության և ամոթի զգացումը կաշկանդում էր նրա լեզուն» նույն օրից հետո Մելիք-Բարսեղյանը ամեն մի հարմար րոպեով օգտվելով, աշխատում էր յուր սերը ավելի ու ավելի պարզել օրիորդին, ոչ միայն լռիկ նշաններով, այլ երբեմն էլ խոսքով: Իսկ երբ առանձնանում էր, հաճախ կրկնում էր հնաևյալ մենախոսությունը.

«Օօօ՛ չքավորությո՛ւն, չքավորություն, շատ դառն էին քո փորձերը, ես հիմար կլինեի, եթե չխրատվեի: Դու իմ խելացի վարպետն ես եղել, բայց միշտ ատել եմ քեզ, այո , միշտ: Վերջապես, մոտենում է այն օրը, երբ քեզանից վրեժս պիտի առնեմ»:

Հասկանալի է ուրեմն, թե ինչու բժիշկը այնքան հետաքրքրվեց, լսելով Ռուբենի անորոշ խոսքերը յուր և քրոջ դրության մասին: Երկար ժամանակ նա չէր կարողանում հանդարտվել, վերադառնալով այն հյուրանոցն, ուր իջևանել էր: «Զառանցո՞ւմ էր, թե կատակ էր անում, մտածում էր նա, ձեռները գրպանում դրած, անցուդարձելով հյուրանոցի փոքրիկ սենյակում: Բնակարանը փոխում է, եթե ճշմարիտ է, հուսով եմ, որ այդ բնակարանը Սադափյանների տան շքեղությանը պատվաբեր կլինի: Նա հիշեց չքավորության ատելի, զազրելի անունը... Անփորձ երեխա, կարծում է, որ կարող է ինձ նման դիմանալ... Երբեք, երբեք, և ոչ ես ուժ ունիմ այսուհետև դիմանալ չքավորությանը...»:

Մյուս օրը, առավոտյան վաղ զարթնելով, նա սկսեց խորհել յուր անելիքի մասին: Նա եկել է Թիֆլիսում մշտապես հաստատվելու, ուրեմն պետք է շտապել գործերը վաղօրոք կարգավորել: Նախ և առաջ հարկավոր է բնակարան վարձել, խոմ հյուրանոցում չի կարող երկար բնակվել: Պետք է բնակարանը օրինավոր կահավորել, որ հիվանդը կամ հիվանդի համար հրավիրողը տեսնելիս՝ մի քիչ պատկառի: Հետո պետք է տեղական բոլոր լրագրներում հայտարարություն տպել, թե «բժիշկ, ոչ, ոչ, բժշկապետ Մելիք-Բարսեղյանը հիվանդներին, ընդունում է այսինչ տեղ, այսինչ ժամերին...»: Ուրեմն բնակարանը պիտի լինի քաղաքի ամենահայտնի փողոցներից մինում, որ լրագրների Էջերում ևս նշանակություն ունենա: Այնուհետև պետք է ծանոթներ ձեռք բերել, հանդեսներ այցելել, լավ-լավ ընտանիքներին մոտենալ և այլն և այլն:

Այս բոլորի համար փող է հարկավոր:

Նա շոշափեց յուր փողամանը: Այնտեղ դարսած էին մի քանի հարյուրանոցներ, որ խնայել էր յուր ութամսյա սուղ «պրակտիկայից» Երևանում: Այս գումարը բավական է առաջին ծախսերի համար: Իսկ հետո... պետք է աշխատել ու աշխատել...

Նա մտաբերեց Ռուբենի նախընթաց երեկո ասածը տեղական բժիշկների մրցման մասին, և այս անգամ ընկերոջ նախազգուշությունը մի քիչ մտածություն պատճառեց նրան: Բայց ոչինչ... չպիտի մազու չափ հուսահատվել, գլխավորն այս է՝ չհուսահատվել, մանավանդ Մարիամի մոտ: Սառնասրտությունը մարդու զորեղ աջակիցներից մեկն է, վհատությունը թուլասիրտների հատկանիշն է:

Այսպես մտածելով, բժիշկ Մելիք-Բարսեղյանը, տասն ու մեկ ժամը լրացած, դուրս եկավ հյուրանոցից, ընտրեց փողոցում մի նորագույն կառք, վարձեց և գնաց այցելելու յուր հին ու նոր ծանոթներին և ընկերներին, որոնց ցուցակը վաղօրոք կազմել էր: Երեք ժամ անցած նա վերադարձավ . և սկսեց ամփոփել յուր զանազան հակասական տպավորությունները: Մեկին տանը չէր տեսել, այցետոմս էր թողել, մյուսին հանդիպել էր փողոցում (հակառակ յուր ցանկության), մի քանիսը շատ մեծ սիրով էին ընդունել և այլն: Նա ամենին հայտնեց, թե եկել է Թիֆլիսում հաստատվելու, թեև Երևանում գործերը չափից դուրս հաջող էին: Փորձի համար նա մեկին ասաց, թե Պետերբուրգից հրավեր է ստացել համալսարանում մանկաբարձության դասեր կարդալու: Այդ մեկը հավատաց, և բժիշկը նույնը կրկնեց ամենի մոտ:

Նա յուր այցերի միջոցին կարողացավ և մի բնակարան վարձել...

Նոր միայն բժիշկ Մելիք-Բարսեղյանը ճաշելուց հետո պառկել էր մի քիչ հանգստանալու, երբ եկավ Ռուբենը:

Վերջապե՛սգոչեց բժիշկը և, ոտքի կանգնելով, ընկերաբար թոթվեց նրա ձեռքը: — Նստի՛ր:

Նստելու կամք չունեմ, — պատասխանեց Ռուբենը մի այնպիսի զվարթ ձայնով, որ միանգամայն չէր համապատասխանում նախընթաց օրվա նրա հոգեկան տրամադրությանը: — Եկել եմ խոստումս կատարելու համար, գնանք, շնորհավորիր մեր բնակարանը:

Ի՞նչ, դու ուրեմն երեկ կատակ չէի՞ր անում...

Իմ ասելու ձևից պետք է հասկանայիր արդեն, որ կատակ չեմ անում:

Բայց, Ռուբեն... — արտասանեց բժիշկը շվարած... — այդ տեսակ բաներին հեշտ չի կարելի հավատալ... Դու հարուստ էիր և աղքատացա՞ :

Գնանք, ոիրելիս, ես քեզ այնտեղ կպատմեմ:

Բժիշկը հագավ յուր նոր վերնազգեստը և անմիջապես հետևեց ընկերոջը:

Նա ձեռնափայտի ծայրը բարձրացրեց կառք կանչելու:

Ավելորդ է, — արգելեց Ռուբենը, — չատ էլ հեռու չէ այստեղից:

Նա տարավ ընկերոջը քաղաքի արևմտյան բարձրադիր և զառիվայր փողոցները, սուրբ Դավթի հրապարակի կողմ:

Յոթ տարի ապրել եմ այս հոտած փողոցներում, — ասաց բժիշկը երկարատև լռությունից հետո:

Հիմա հերթը իմն է: Ահա մեր բնակարանը:

Նա մաշված և երկար գործածությունից կեղտի ծալքերով շաղախված դռներով ընկերոջը առաջնորդեց մի բավական մեծ բակ: Երևում էր, այդ տան բնակիչները, որոնց թվում կային և շոր լվացող կանայք՝ բավական անփույթ էին մաքրության վերաբերմամբ: Դավթի իշխանությունը հանձնել էին հավերին և սագերին: Տեսնելով երիտասարդներին, ծույլ թռչունները մի սուր աղմուկ բարձրացրին և ցրվեցին այս ու այն կողմ: Երկու քաջասիրտ սագեր, թևերը տարածած, երկար պարանոցները ցցած, առաջ վազեցին հյուրերին հանդիպելու: Այն գետնափոր խողովակը, որ նշանակված էր կեղտոտ ջրերի համար, վաղուց չէր մաքրված: Փոսի վրա ձգված երկաթի վանդակի վրա կանգ էր առել շոր լվանողների ածած սապոնաջուրը: Այդ պղտոր ու գարշահոտ ճահճի մեջ երկու բադ լող տալով, կտուցներով սիրային ցույցեր էին անում միմյանց: Մի պառավ շուն դեմուդեմ նստած, մեջքը տաքացնում էր արևի շողքերի տակ:

Զգո՛ւյշ կաց, — կատակեց Ռուբենը, ցուց տալով գավթի մի ծայրից մինչև մյուս ծայրը քարշ արած թաց շորերը, որոնց տակով պիտի անցնեին նրանք:

Բժիշկ Մելիք-Բարսեղյանը չգիտեր զարմանալ, ծիծաղել, թե վշտանար յուր տեսածի վրա: Նա լուռ հետևում էր Ռուբենին, քայլերը շատ զգույշ փոխելով, որպեսզի չապականի յուր նոր և մաքուր կոշիկները կեղտոտ քարահատակի վրա: Նրանք ոտք դրեցին մի նեղ պատշգամբի վրա, որ տարածված էր միահարկանի տան ամբողջ երկարությամբ:

Ահա և մեր նոր Պաղեստինը, — ասաց Ռուբենը, ընկերոջը առաջնորդելով բնակարանը: — Այս իմ սենյակս է, մյուսն էլ Մարիամինն է: Երկու սենյակ և այս փառավոր կահ-կարասին ամսական տասն ռուբլով, կարծեմ թանկ չի, հը՞: Մարիա՛մ, — գոչեց նա դեպի մյուս սենյակի կողմը, դուրս եկ, տես ով է եկել մեզ շնորհավորելու:

Մինչ Մարիամի երևալը, Մելիք-Բարսեղյանը դիտում էր յուր տեսածը: Առաստաղը քաշ, պատերի պաստառը տեղ-տեղ պատառոտված, տեղ-տեղ կեղտից սևացած, հատակի ներկը մաշված, դռները փոքր և միայն մի պատուհանահա Ռուբենի սենյակի տեսքը: Մի քանի կիսամաշ վիեննական աթոռներ, մի հասարակ սեղան, որի վրա անկարգ-անկանոն սփռված Էին Ռուբենի գրքերը, և մի անկյունում մի փայտե անկողնակալահա այդ սենյակի կահ-կարասին:

Ների՛ր, — ասաց Ռուբենը, — դեռ կարգի չենք բերել: Առավոտից մինչև հիմա սրբում էինք, լվանում, հավաքում, — էլի չկարողացանք վերջացնել:

Մինչ բժշկի մի բառ արտասանելը, մյուս սենյակից դուրս եկավ Մարիամը: Օրիորդը հագած էր յուր հասարակ տնային հին հագուստներից մինը, թևերը մի փոքր հետ ծալած, կրծքին կապած մի կապույտ գոգնոց և գլխին մի կապույտ թաշկինակ:

Գուցե Մելիք-Բարսեղյանը յուր կյանքում այնքան ապշած չէր, որքան այժմ, երբ տեսավ երեկվա փարթամության մևջ ապրող քնքուշ օրիորդին այսօր մի հասարակ աղախնի վիճակում: Նա այնքան շվարեց, որ մոռացավ անգամ բարևել օրիորդին, մնաց անշարժ կանգնած միևնույն տեղում:

Շփոթվեց նույնպես և Մարիամը: Որքան և նա աշխատել էր անվրդով մտնել յուր նոր կյանքի ասպարեզը, որքան նա նախապատրաստել էր իրան անխռով սրտով ընդունել բշժկին, չկարողացավ, սակայն, սառնարյուն տանել այդ ծանր րոպեն: Նա կարմրեց, գլուխը անորոշ շարժեց, իբրև բարևելով յուր հյուրին, և նույնպես մնաց տեղն ու տեղը կանգնած:

Եթե երազումս անգամ տեսնեի, կսարսափեի, — գոչեց Մելիք-Բարսեղյանը, սթափվելով, և մոտեցավ, որ Մարիամին ձեռ տա, — օրիորդ, ո՞վ է պատճառը ձեր այս դրության:

Մենք, — պատասխանեց Մարիամը, որքան կարող էր սառնասիրտ: — Միթե Ռուբենը չի՞ պատմել ձեզ արդեն:

Ես սպասում եմ այդ գաղտնիքի բացատրությանը: — դարձավ Վասիլը Ռուբենին, ձեռները պարզելով առաջ:

Այժմ հավատո՞ւմ ես, ուրեմն, որ ասածս կատակ չէր, — խոսեց Ռուբենը: — Բարեհաճիր նստել:

Բժիշկը նստեց և ուշադրությամբ լսեց ընկերոջ համառոտ պատմությունը, առանց մի բառ արտասանելու: Երբ Ռուբենը ավարտեց յուր խոսքը, աջ ձեռքը դրեց նրա ուսին և., ուրախ ու զվարթ ժպտալով, ասաց.

Հավանո՞ւմ ես արածս:

Բժիշկը մի քանի վայրկյան մտածեց, շփեց յուր ճակատը և, վերջապես, դրական ոճով պատասխանեց.

Ոչ: Վատ ես արել, շատ վատ ես արել:

Ռուբենը, ինչպես երևում էր, չէր սպասում այդ տեսակ պատասխանի: Նա զարմացած նայեց ընկերոջ երեսին:

Ինչո՞ւ:

Դու, — առաջ տարավ յուր խոսքր Մելիք-Բարսեղյանը, — վնասել ես քեզ քո անհամբերությամբ: Իմ կարծիքով դու պետք է թողնես այդ հիմարությունդ, — ներեցեք, Օրիորդ, — պետք է թողնես և կրկին վերադառնաս հորեղբորդ տունը: Նա սնանկ չի և չի էլ սնանկանալ գուցե: Այսօր ես պատահաբար նրա մասին խոսք ունեցա մի հայտնի մարդու հետ: Այդ մարդը այստեղի բոլոր հարուստների դրությանը լավ ծանոթ է: Նա ինձ ասաց, որ Նիկողայոս Սադափյանի գործերը այս տարի անհաջող են, ճշմարիտ է, բայց այդ անհաջողությունը ժամանակավոր է: Նա փողի պակասություն ունի, բայց գործերը լավ են: Դա առևտրական մարդու կրիզիս է, ամեն մեկին պատահում է: Ինձ հավատացրեց այն մարդը, որ հորեղբայրդ այնքան խելոք է, որ շուտով դուրս կգա յուր նեղ դրությունից:

Հետո՞, — ընդհատեց Ռուբենը, որ անհամբեր սպասում էր լսել ընկերոջ վերջաբանը:

Դու, ուզում եմ ասելշարունակեց Մելիք-Բարսեղյանը, — շատ ես շտապել: Եթե մինչև անգամ հորեղբայրդ սնանկ էլ լիներ, եթե նա չկարողանար մի կոպեկ անգամ տալ քեզ քո հոր ժառանգությունից, դարձյալ դու չպիտի հեռանայիր նրանից: Նա անուն ունի, Ռուբեն, ծանոթներ ունի, մեծ-մեծ բարեկամներ ունի, այ քեզ ինչ է հարկավոր... Դու նրա միջոցով կարող ես լավ կարիերա ստեղծել քեզ համար: Այդ կարիերան դու մենակ, քո ուժերով, երբեք չես կարող ունենալ: Ահա իմ ընկերական խորհուրդը, գնա, ներողություն խնդրիր և կրկին մտիր նրա հովանավորության տակ:

Արտասանելով այս բանախոսությունը, բժիշկ Մելիք-Բարսեղյանը յուր ամուր գլխարկի մի ծայրը դրեց ծնկներին, մյուսի վրա հենեց ձեռները, սպասելով պատասխանի:

Քո խորհուրդը, Վասիլ, — խոսեց Ռուբենը կես-հեգնաբաբ և կես-դառնագին ժպտալով, — արժե, որ լսեր ինձանից ավելի մի խելոք մարդ: Դու շատ խոհեմ, գործնական միջոց ես առաջարկում ինձ, բայց... սիրելի Վասիլ, այլևս ուշ է, ես չեմ կարող քո այդ խելոք խորհրդով օգտվել: Հորեղբորս ընտանիքի և մեր մեջ բարեկամական կապը արդեն կտրված է: Եթե գալ այսօր ներկա լինեիր, երբ մենք տեղափոխվում էինք այստեղ, կհավատայիր, որ այդ կապը այլևս անհնարին է նորոգել:

Ուրեմն դու կռվեցի՞ր նրանց հետ:

Ես լսեցի մի ծանր հանդիմանություն, ես լսեցի, որ քույրս և ես ութ տարի շարունակ ձրիակերներ ենք եղել հորեղբորս տանը:

Հոքեղբորի՞ցդ լսեցիր: ՝

Ոչ, նրա կնոջից, — պատասխանեց Ռուբենը, շրթունքը կրծելով, — Բայց այդ միևնույնն է, նա էլ լսեց և լռեց, այո, լռեց...

Րոպեի ազդեցության տակ մարդ շատ բան է ասում, շատ բան է անում, Ռուբեն, բայց հետո ափսոսում է: Ես համոզված եմ, որ եթե դու վերադառնաս, ներողություն խնդրես, տիկին Սադափյանը յուր խոսքը ետ կառնի և քեզ համբուրելով կընդունի...

Վասի՛լ, — գոչեց Ռուբենը, ընդհատելով ընկերոջ խոսքը, — այդ դո՞ւ ես խոսում, ես քեզանից այդ չէի սպասում: Ոչ, ես կարծում էի, որ դու կգովես իմ արած քայլը, կխրախուսես ինձ: Իսկ դու, կարծես, հանդիմանում ես ինձ, թե ինչու չքավորությունը գերադասել եմ ձրիակերությունից և ուրիշների միջոցով ձեռք բերած կարիերայից...

Չքավորությո՛ւն, — կրկնեց բժիշկ Մելիք-Բարսեղյանը, թեթև ժպտալով և շրթունքը սեղմելով, — Ինչու եղբայր, ինչո՞ւ չքավոր ապրել, եթե որևէ հնար կա ավելի լավ ապրելու: Էէէ, Ռուբեն, — ավելացրեց նա, հառաչելով և գլուխը երերալով, — մի ոգևորվիլ, վատ բան է չքավորությունը, լինի նա մշտական, թե առժամանակյա, օօ, ես գիտեմ ի՞նչ ասել է չքավորություն: Իսկ ով ճանաչում է մարդուս այդ կոպիտ թշնամուն, նա հոգով պիտի ատի, ինչպես ես այժմ ատում եմ և սարսափում, երբ մտաբերում եմ տասներկու տարի կրած նեղություններս: Ոչ, ոչ, հեռու փախիր նրանից: Եթե ես երբեմն պարծենում եմ իմ անցյալով, այդ չի նշանակում, թե այժմ կկամենայի կրկին ընկնել այդ չարասիրտ պառավի ճանկերը: Հավատացիր, ոչ մի բան այնքան վտանգավոր չի անհատի բարոյականության համար, որքան չքավորություն ասած բանը...

Մի թույլ ճիչ ընդհատեց բժշկի խոսքը: Նա և Ռուրենը բնազդումով միաժամանակ նայեցին դեպի այն կողմ, ուր մինչև այդ վայրկյան անխոս նսաած էր Մարիամը, և տեսան հետևյալը: Օրիորդը կանգնած էր պատի տակ, մի ձեռը հենած աթոռի մեջքին, մյուս ձեռը կրծքին սեղմած և ճիգ էր անում, կարծես, ուշը վրեն պահելու: Նրա երեսի գունատությունը, հեզուկ գլխի երերվելը և կրծքի ուժգին բաբախելը վախեցրին Ռուբենին: Շվարած երիտասարդը շտապով մոտեցավ քրոջը, գոչելով,

Մարիա՛մ, ի՞նչ պատահեց:

Ընդհատի՛ր այդ խոսակցությունը, ընդհատիր, խնդրում եմ, — ասաց Մարիամը շնչարգել ձայնով և այնպես ցածր, որ միայն եղբայրը լսեց...

Եվ թուլացած նստեց աթոռի վրա:

Ներեցեք, — ձայն տվեց բժիշկը ոտքի կանգնելով ձեր դեմքը ինձ... Չլինի թե հիվանդ եք, — ավելացրեց նա, յուր արհեստը իսկույն գործադրելու պատրաստակամությամբ :

Ես... ոչ, ոչ, հիվանդ չեմ

Բայց ձեր երեսին գույն չկա, դուք հիվանդ եք, — գոչեց բժիշկը և յուր արհեստին հատուկ սառնությամբ բռնեց օրիորդի բազուկը:

Կարծես, նրա ձեռի շփումից օրիորդը մի առանձին կենդանություն ստացավ, Նա ուղղեց իրան, ցնցողաբար գողացող ձեռով շփեց ճակատը և մի տարօրինակ հայացք նետեց բժշկի երեսին, — Մի հայացք, ուր Մելիք-Բարսեղյանի նման սուր դիտողություն ունեցողը չէր կարող չնկատել մի խորին հանդիմանություն:

Ես կարծում եմ, որ դուք այսօր չափից դուրս շատ հոգնել եք, — ասաց բժիշկը, այդ հայացքից շփոթված, բաց թողնելով Մարիամի բազուկը, — առանց այլ և այլի ձեզ հարկավոր է հանգստություն, անպայման հանգստություն:

ճշմարիտ է, Մարիամ, — խոսեց Ռուբենը, — մինչև այժմ բան ես արել և ժամանակ էլ չես ունեցել կարգին ճաշելու:

Բարեհաճեցեք, ուրեմն, — հարեց Մելիք-Բարսեղյանը, աշխատելով անհողդողդ և խրախուսական ձայնով խոսել, — բարեհաճեցեք բժշկի պատվերը լսել և այսօր էլ ոչ մի գործի ձեռք չտալ: Դուք այդ տեսակ տնային ծանր աշխատանքին սովոր չեք, ահա ինչիցն է առաջացել ձեր, թուլությունը:

Այո, սովոր չեմ, — պատասխանեց Մարիամը, փոքր առ փոքր վերադարձնելով յուր սառնությունը, — Բայց կսովորեմ: Առայժմ ներեցեք ինձպարոն Մելիք-Բարսեղյան...ձեզ անհանգստություն պատճառեցի... Ես առողջ եմ, ես ոչինչ թուլություն չեմ զգում:

Եվ նա փորձեց ուրախ ժպտալ: Բայց այս բռնազբոսիկ ժպիտը նմանեց մութ ամպերի տակից մի վայրկյան փայլող արևի անցողիկ շողքերին, որից հետո կրկին մռայլվեց օրիորդի պայծառ ճակատը:

Բժիշկը դարձյալ նրան համոզել սկսեց, որ պետք է յուր անսովոր ուժերի հետ խնամքով վարվի:

Շնորհակալ եմ ձեր խորհրդի համար, շատ շնորհակալ եմ:

Օրիորդի ձայնի մեջ բժիշկը զգաց մի նուրբ հեգնություն և քանի մի վայրկյան նա դարձյալ չվարվեց:

Գնա, հանգստացիր, Մարիամ, — հորդորեց Ռուբենը, — բժիշկը ճշմարիտ է ասում, դու անսովոր ես ծանր աշխատանքի...

Օրիորդը վեր կացավ տեղից և մոլոր քայլերով անցավ յուր սենյակը, նույն հեգնական ձայնով ասելով Մելիք-Բարսեղյանին:

Ներեցեք...

Տեսա՞ր, — դարձավ Մելիք-Բարսեղյանը Ռուբենին, — տեսար, ահա այդ է աղքատության առաջին պտուղը: Ցտեսություն, ընկեր, հուսով եմ, որ վաղը քեզ խելոքացաց կտեսնեմ: Աշխատիր, որ Մարիամը խորհուրդս կատարի:

Ոչինչ չասաց Ռուբենը, լուռ ճանապարհ դրեց ընկերոջը մինչև գավիթ և վերադարձավ: Նա Մարիամին կրկին տեսավ յուր սենյակում:

Կանգնած փոքրիկ լուսամուտի առաջ, ձեռները կրծքին խաչաձև դրած, օրիորդը նայում էր հեռացող Մելիք-Բարսեղյանի հետևից:

Մարո, — ասաց Ռուբենը, ձեռը դնելով նրա ուսին, — ինչո՞ւ դու այնպես այլայլվեցիր, ասա , ինձ թվում էր, որ պատճառը քո հոգնածությունը չէր:

Մարիամը գլուխը բարձրացրեց, և մի ծանր հառաչանք դուրս թռավ նրա կրծքից:

Չգիտեմ, չգիտեմ, — Գոչեց նա, — աստված իմ, նա անկեղծ էր խոսում, թե ուզում էր փորձել ինձ...

Արտասանելով Ռուբենի համար այս անորոշ խոսքերը, նա արագ քայլերով անցավ կրկին յուր սենյակը և դռները ծածկեց յուր հետևից:

Երբ զարմացած Ռուբենը մի քանի վայրկյանից հետո մտավ նրա մոտ, տեսավ, որ քույրը երեսը բարձին դրած ուժգին հեկեկում է...

VII

Տիկին Սոփիոն, վերջապես, արժանացավ անվանի կոմսուհու այցին, թեև սպասածից բավական ուշ: Բախտավոր էր այդ օրը նրա համար, Կոմսուհին մի քանի հաճոյական խոսքեր էր ասել Նատալիայի «գրավիչ տեսքի», Սադափյանների տան «շքեղ և ճաշակով» կահ-կարասիի, տիկնոջ «օրինակելի» բարեսրտության և այլ այդպիսի բաների մասին:

Եվ Սոփիոն նրա յուրաքանչյուր խոսքը, մտքում դրոշմելով, պարծանքով կրկնում էր բոլոր ծանոթների մոտ: Բայց կար մի հանգամանք, որ տիկնոջ այս ուրախության վրա ստվեր էր ձգում: — Հալաբյանը չէր այցելում նրանց, սկսած այն օրից, երբ Մարիամն և Ռուբենը տեղափոխվել էին: Նա պատճառը հարցրեց ամուսնուց: Փոխանակ մի որոշ պատասխան տալու, Նիկողայոսը հայհոյեց թե Հալաբյանին և թե բոլոր «նրա նմաններին»: Սոփիոն չգիտեր այս հայհոյանքի առիթը, ինչպես և չգիտեր, թե ինչու յուր ամուսինը առհասարակ գրգռված էր ամենի դեմ:

Նույն օրերը Նատալիան չարաչար զբաղված էր յուր նոր հագուստներով: Ժամանակ անժամանակ նա վազում էր մադամ Կուրաժոյի մոդային խանութը և շտապեցնում էր շուտով ավարտել գործը, չնայելով, որ երեկույթները դեռ հեռու էին: Նա հրճվանքով պատկերացնում էր վաղօրոք այն հանդեսը, որի կարգադրիչն է հրավիրված լինելու

Ախ, մամա, մարդ ինչքան ուրախ է լինում, երբ բարի գործեր է կատարում: Գիտե՛ս, մենք իսկական բարեգործներ ենք, մենք ուրիշների պես միայն մեզ համար չենք ապրում: Տես, ռուսաց ընկերության պատվավոր անդամուհի, վրաց ընկերության պատվավոր անդամուհի, հայուհյաց ընկերության պատվավոր անդամուհի, բանտարկվածների երեխաներին օգնող ընկերության անդամուհի... էլ որ մեկն ասեմ: Ամեն տեղ գրված ենք, ամեն տեղ փող ենք տալիս: Քանի-քանի խեղճ ու աղքատներ են ապրում մեր նվերներով, Այսպես չէ՞...

Ես էլ հենց այդ եմ ասում հորդ էէ, — հարեց տիկին Սոփիոն, — ասում եմ, այ մարդ, եթե մեզպեսներն էլ չօգնեն, էլ խեղճերը ինչո՞վ պիտի ապրեն:

Ես շատ և շատ ուրախ եմ, — փոխեց խոսքը Նատալիան, — որ, վերջապես, նպատակիս հասա: Անցյալ տարի օրիորդ Ամքարովան գիմնազիստների օգտին տված կոնցերտի կարգադրիչն էր, սիրտս քիչ էր մնում նախանձից տրաքվի: Ինչո՞ւ նա լինի, ես չլինեմ, ասում էի: Այս տարի ես եեե՛մ... Չգիտեմ ինչպե՞ս շնորհակալություն հայտնեմ քեռի Սրափիոնին: Գիտե՞ս, նա է աշխատել, որ ինձ խնդրեն կարգադրիչ լինելու:

Էհ, — ընդհատեց մայրը արհամարհաբար, — եթե ինձանից հարցնեսշատ էլ ուրախ չեմ: Հայերի բալի համար կարգադրիչ լինելը մի մեծ բան չէ, որ հպարտանանք:

Մենք էլ այնպես կանենք, որ բալը մեր անվանը արժանի լինի:

Իհարկե, իհարկե, — համաձայնեց մայրը եռանդով, — մեր բալը ամենալավը պետք է լինի, թող թշնամիները տեսնեն ու նախանձից խեղդվեն:

Մա՛մա, դու այդքան թշնամիներ, թշնամիներ ես ասում, ո՞վ են մեր թշնամիները, չի կարելի իմանալ:

Ով եե՛ն, — կրկնեց տիկին Սոփիոն, աչքերը պլպլացնելով, չե՞ս իմանում: Մեր թշնամիները նրանք են, որ մեզ նախանձում են, որ ինչ որ անում ենք, իրանք էլ են ուզում անել, որ մեր չարածն էլ անում են: Ես ատելով ատում եմ այնպիսիներին, որ ամեն տեղ մեջ են ընկնում էլ ով ասես, բազազի, գինի ծախողի, պիսեր-միսերի կնիկ ու աղջիկ, դիփ ուզում են արիստոկրատների հետ ոտ ձգել:

Լավ, մամա, ես ինքս էլ խոմ արիստոկրատկա չեմ: Ուրեմն, քո ասելով, ես դեր չպիտի կատարե մ հասարակության մեջ:

Ի՛նչ, դու էլ որ արիստոկրատկա չես, էլ ով էԴու իմ աղջիկս ես, դու Սահարունիների ցեղիցն ես, Սահարունիները քո այդ սուտ ու մուտ իշխաններից չեն, հասկանո՞ւմ ես: Այս մեկը մտքումդ լավ պահիր, այն քո հայրդ է, որ պատիվս չի ճանաչում:

Խոսակցությունը տեղի ուներ ճաշից երկու ժամ առաջ Նատալիայի սենյակում: Օրիորդը հայելու առաջ զուգվում էր: Նա պատրաստվում էր մոր հետ անվանի կոմսուհու մոտը գնալու: Այս այցելության գլխավոր նպատակն էր՝ հասկացնել կոմսուհուն, որ նա գեթ մի ժամով պատվե «Նատալիայի բալը»: — Մի միտք, որ տվել էր նրան իշխան Սահարունին:

Երևակայում եմ, — շարունակեց խոսել Նատալիան, վերջին գնդասեղը ամրացնելով կրծքի մետաքսյա ապարոշին, — երևակայում եմ, ինչպես օրիորդ Ամքարովան պիտի նախանձի, եթե կոմսուհին գա իմ բալը: Անցյալ տարի, — ավելացրեց նա ծաղրաբար, — նրա հանդիսականների մեծ մասը հոր պրիկաշչիկներն էին, հա հա հա :

Եվ նա, երեսը շուռ տալով, սկսեց հայելու մեջ զննել յուր բարակ մեջքը և բարձր տյուրնյուրը, որ ժամանակի մոդայի վերջին պահանջն էր:

Ինչ էլ որ անես, աղջիկս, — ասաց մայրը, ուղղելով յուր դստեր հագուստի փեշերը, — այն երեկո պետք է աշխատես Հալաբյանին մոտդ պահել: Որքան մտածում եմ, հայերի մեջ նրանից օրինավոր մարդ չեմ գտնում: Վախենում եմ, որ երեսը լպստածը այն երեկո այնտեղ լինի ու էլի նրան յուր կողմը քաշի:

Նատալիան հասկացավ մոր խոսքը ում մասին էր: Այժմ տիկին Սոփիոն Մարիամի անունը ուրիշ կերպ չէր հիշում, եթե ոչ «երեսը լպստածը»:

Հա, լավ միտս բերիր, — գոչեց Նատալիան, — դու նրա բրասլետն ու կոլիեն ուղարկեցի՞ր:

Ոնց չէ, ոնց չէ, — արտասանեց Սոփիոն թունալի հեգնությամբ, — հենց այս րոպե, հա՛ հա՛ հա՛ , բրասլետն ու կոլիեն: Այն մի քանի ձեռք հագուստն էլ որ տարել է, շատ-շատ է նրա համար...

Չէ, մամա, լավ չես անում, ուղարկիր, թոզ չասեն, որ մենք իրենց զրկում ենք, առանց այն էլ չար լեզուները բամբասում են մեզ վրա:

Следующая страница