Շիրվանզադե Ալեքսանդր՝   Քաոս

Օրիորդը փորձեց համոզել հորը, թե գրասենյակում աշխատելը նրա աղջկա համար բոլորովին ամոթալի չէ, չէ՞ որ կանայք այժմ դրսում կատարում են ամեն ազնիվ գործ, որին ընդունակ են: Սակայն անդամալույծը կատաղեց, դեն ձգեց ծնկներից վերմակը և դարձավ կնոջը.

Աննա՛, գնանք, գնանք եկեղեցու դռանը կանգնենք, ես ողորմություն կհավաքեմ ու քեզ կազատեմ այդ անամոթի ձեռքից:

Անամոթը Դավիթ Զարգարյանն էր, որ կորացած մեջքով կանգնած նրա անկողնի առջև, տակավին լուռ նայում էր Շուշանիկին: Նա նոր էր միայն իմանում, թե որպիսի անգին գոհար է թաքնված աղքատիկ ընտանիքում:

Շուշանիկը ոգևորված բացատրում էր աշխատանքի նշանակությունը, թե կնոջ և թե տղամարդի համար և այն երջանկությունը, որ մարդ կարող է զգալ, երբ սեփական ուժերով է վաստակում օրվա պարենը, երբ մանավանդ օգտակար է մերձավորներին:

Դավիթը հիացած լսում էր նրան: Ահա որքան ազդեցություն է ունեցել այդ աղջկա վրա: Չէ՞ որ Շուշանիկը վեց տարի շարունակ նրա անմիջական աշակերտուհին է եղել: Նա է կրթել իր եղբոր աղջկա միտքը և կրթել է այն ուղղությամբ, որ բարվոք է համարել կյանքի դառն պայմանների մեջ ապրող մի աղքատ աղջկա համար: Նա տվել է նրան կարդալու միշտ այնպիսի գրքեր, ուր աշխատանքը դրվատում է իբրև հոգեկան երջանկության իսկական հիմք: Գրքեր, որոնք խրախույս են ներշնչում աղքատներին և սովորեցնում նրանց սիրել կյանքը, որ նրանց համար խորթ մայր է: Եվ ահա Շուշանիկն այսօր ոչ միայն չի տրտնջում իր վիճակի դեմ, այլև ինքն է քարոզում սեր դեպի աշխատանքը: Սակայն համաձայնե՞լ արդյոք նրա ասածներին, թույլ տա՞լ նրան տնից դուրս ևս գործերով պարապելու: Ոչ, այդ կլիներ անխղճություն, մի՞թե քիչ է աշխատում տանը:

Նա նույնպես հակառակեց և դրականապես հայտնեց, թե առայժմ Զարգարյանները կարիք չունեն, որ նրանց տնից մի կին աշխատանքի դուրս գա, և ինքը երբեք այդ թույլ չի տալ, քանի կենդանի է: Եվ այս ասելով, նա մի սուր հայացք ձգեց եղբոր աղջկա երեսին: Շուշանիկը շփոթվեց այդ հայացքից: Նրան թվաց, որ հորեղբայրը հասկացել է իր միտքը: Այն միտքը, որից ամաչում էր ինքն իսկ:

Նա շտապեց դուրս գալ հոր սենյակից, ծանր հառաչելով: Անցավ իր սենյակը, վերցրեց մի գիրք, փորձեց խորասուզվել ընթերցանության մեջ, ինչպես սովորաբար անում էր դառն րոպեներին: Բայց չկարողացավ: Երբեք նրա սիրտն այդչափ չէր բաբախել, երբեք նրա երեկոն այդչափ վրդովված չէր և զգացումները` այդքան պղտորված: Մի կերպ շտապով վերջացնելով սովորական գործերը, նա նորից առանձնացավ իր սենյակը և դռները կողպեց ներսից: Ժամերն անցնում էին, և նա դեռ հետ ու առաջ էր գնում, մերթ ականջ դնելով շոգեմեքենաների աղմուկին, մերթ լուսամատից նայելով դեպի դուրս, ուր տիրում էր խորին մթությունը:

Լսվեցին շվիկների սուլոցները. տասներկու ժամն էր արդեն. երեք անգամ լամպարը հանգցրեց. գլուխը թաքցրեց վերմակի տակ և երեք անգամ էլ վառեց ու գիրքը վերցրեց: Բայց աչքերը հոգնել էին, իսկ միտքը ոչինչ չէր ըմբռնում կարդացածից:

Աշխատում էր իրենից հեռացնել ամբոխվող մտքերը: Սակայն կամքն անզորացել էր: Ամաչում էր ինքն իր զգացումների անսպասելի գրգռումից և չգիտեր, միևնույն ժամանակ, որոշ քննության ենթարկել նրանց: Նա փակում էր աչքերը և խորին մթության մեջ տեսնում մի լուսավոր պատկեր: Նա բաց էր անում աչքերը, և այդ պատկերը դարձյալ անխուսափելի կանգնած էր նրա առջև: Դեմքը մռայլ, ունքերը կիտված, աչքերը թափանցող, միշտ մտախոհ, միշտ ճնշված ինչ-որ ծանր մտքից:

Նա մոխրագույն շալը ձգեց ուսերից, զգում էր անսովոր տաքություն: Մոտեցավ սեղանին, նայեց փոքրիկ սևագույն ժամացույցին, որ նոր էր ստացել իբրև նվեր հորեղբորից: Արդեն երկու ժամն էր: Նորեն սկսեց անցուդարձ անել: Խիտ մազերը, ազատվելով հերկալների արգելքից, թափվել էին թիկունքների վրա, ծածկել ականջակալները, սքողել այտերը, ընդգրկել կիսամերկ կուրծքը: Այտերը շառագունել էին, աչքերի մեջ վառվել էր անսովոր հուրը: Մշտական հեզ կերպարանքն այժմ արտահայտում էր ինչ-որ խրոխտություն: Եթե մերձավորներն այդ պահին դիտեին նրան դռների հետևից գաղտնի, հազիվ թե ճանաչեին: Չկար այլևս նրա աչքերի մեջ նախկին պայծառությունը և ոչ նրա շրթունքների վրա անդորրության ժպիտը: Ա՜խ, միայն թե Սմբատ Ալիմյանը նրան հիմար չհամարի և չծաղրի ինչպես մի դեռահաս աղջկա, որ պատրաստ է առաջին պատահած տղամարդի մեջ տեսնել ռոմանտիկական հերոս: Ո՛չ, Շուշանիկը չի ուզում այդ մարդու աչքում երևալ թեթևամիտ: Սմբատը խելոք է, կրթված, հասուն մտքի տեր, կյանքի փորձանքները ճաշակած: Այդպիսի մի տղամարդ չի կարող լուրջ հայացք ունենալ յուրաքանչյուր աղջկա մասին: Նրա պահանջները խիստ են, և հենց այս է պատճառը, որ նա իր ընտրությունն արել է օտար շրջանում:

Նրա հորեղբայրն ասում է, թե Ալիմյանը բախտավոր չէ ամուսնական կյանքում, թե նրա մշտական տխրության պատճառն այս է: Ինչո՞ւ, տեր աստված, ինչո՞ւ: Մի՞թե ընտրությունը սխալ է եղել, և Ալիմյանը այժմ զղջում է: Բայց ի՞նչ հարց, ո՞վ տվեց Շուշանիկին իրավունք զբաղվելու մի օտար մարդու ընտանեկան կյանքով: Բավական է, պետք է մոռանալ այդ մարդուն:

Եվ նա հոգնած գլուխը նորեն դրեց բարձին:

Արդեն առավոտյան լույսը լուսամուտի փեղկերի արանքով ներս էր թափանցել, երբ, վերջապես, նիրհեց:

Աննա՛, ո՞ւր է աղջիկդ, — հարցրեց երրորդ անգամ անդամալույծը կնոջը:

Դեռ քնած է:

Քնած է, քնա՞ծ, տասը ժամն է. գնա, զարթեցրու, տխուր եմ, թող գա թուղթ խաղանք: Եղունգներս էլ կտրել հարկավոր է, շատ են երկարացել:

Այժմ Շուշանիկի գործերի մի մասը կատարում էր նոր վարձված աղախինը: Սակայն անդամալույծն այնքան սովորել էր աղջկան, որ դարձյալ պահանջում էր, որ մեծ մասամբ նա ծառայե իրեն:

Աննան մոտեցավ աղջկա սենյակին, մատներով զարկեց դռներին մի քանի անգամ: Դռները բացվեցին: Շուշանիկն արդեն զարթնել էր և հագնվել: Այժմ նրա այտերը գունատ էին, աչքերի կոպերը նկատելու չափ ուռած:

Հիվա՞նդ ես, — հարցրեց մայրը:

Ո՛չ:

Նա շտապեց դուրս գնալ: Երեսը լվացավ, մազերը կարգի բերեց, խմեց սովորական մի բաժակ թեյը և գնաց հորը ծառայելու:

Աղախին վարձելուց հետո, իշխանուհի ես դարձել, — կշտամբեց անդամալույծը: -Ես այստեղ տանջվում եմ, դու մրափում ես մինչև կեսօր: Բե՛ր թղթերը, խաղանք:

Նա լուռ կատարեց հոր հրամանը: Խաղում էր այժմ անուշադիր, մտամոլոր, մի հանգամանք, որ բարկացրեց հորը:

Խելքդ գլխիդ խաղ արա, — գոչեց անդամալույծը, առողջ ձեռով թղթերը մեկ-մեկ բանալով:

Ներս մտավ Դավիթը և ասաց Շուշանիկին, թե մի թուրքի հանքերում շատրվան է բացվել, եթե կամենում է, կտանի հետը ցույց տալու:

Թույլ կտա՞ս, պապա, — հարցրեց Շուշանիկը:

Այնքան հիմար ես խաղում, որ կարող ես գնալ կորչել, — գոչեց անդամալույծը, թղթերը շպրտելով մի կողմ:

Քամին հյուսիսային էր, եղանակը` ցուրտ: Շուշանիկը հագավ ձմեռային վերարկուն և սամույրի կոլորակ գլխարկը: Երկուսն էլ հորեղբոր նվերներն էին: Այժմ Զարգարյանն աշխատում էր կարողության չափ, որ իր եղբոր դուստրը լավ հագնվի: Նա հիացավ, տեսնելով Շուշանիկին նոր հագուստում: Վերարկուն խիստ սազ էր գալիս օրիորդին, իսկ սամույրի գլխարկի գույնը գեղեցիկ ներդաշնակություն էր կազմում թանձր ու գանգուր մազերի վրա: Ցուրտը շուտով նրա այտերին տվեց անբնական կարմրություն, պայծառ աչքերը դարձյալ պայծառացան, ճակատի թեթև կնճիռները բացվեցին:

Շատրվանը գտնվում էր բավական հեռու: Նրանք անցան մի մեծ տարածություն, մտան մի լայն ճանապարհ և հետո մի մեծ շավիղ, անցնելով մի շարք բուրգեր, Զարգարյանը հանկարծ կանգ առավ և ցույց տվեց դեմուդեմ բուրգերի հետևում, երկնի մոխրագույն հորիզոնի վրա նկարված մուգ կինամոնագույն մի կիսակամար, ասելով.

Տե՛ս, ինչ բարձր է խփում:

Շուտով Շուշանիկի աչքերի առջև բացվեց հազվադեպ և սքանչելի տեսարան: Սև նավթը, գազի ուժգին զորությամբ, դուրս մղվելով երկրի խորքից, սլանում էր վեր ինչպես հրաբխային կրակ: Հասնելով իր վերջնակետին, կազմում էր կիսաշրջան և թափվում ներքև: Քամին տարածում էր հեղուկն օդի մեջ և մանրացնելով, սփռում չորս կողմ անձրևի պես: Բուրգի գագաթն ու կողերը խոր տակվել էին շատրվանի ամեհի զորությունից, և նրա մթին ուրվագիծն էր միայն լողում սև հեղուկի մեջ, որպես կմախք դարձած վիթխարի կաղնի երկնային հեղեղի տակ:

Երբեմն հորի խորքից դուրս էին արձակվում մարդու գլխի չափ քարեր: Կատաղի պտույտներ գործելով, նրանք հեղուկի հետ սլանում էին վեր` թնդանոթի ռումբի պես և ընկնում բուրգի վրա կամ շրջակա սև լճակների մեջ: Գազը մռնչում էր, և երկիրը թնդում էր նրա զորությունից: Մերթ ընդ մերթ շատրվանը, կարծես, հոգնում էր, ցածանում, խուլ հնչյուններ արձակում: Բայց անցնում էր մի քանի վայրկյան, և նորեն լսվում էր ստորերկրյա խլացուցիչ ժխորը: Այն ժամանակ սև հեղուկի հսկայական սյունն առանձին ուժով էր ձգվում դեպի վեր:

Մշակների մի մեծ խումբ թիերով ու բահերով զինված, մրջյունների պես շրջապատել էր բուրգի անօգնական մնացած կմախքը և աշխատում էր թանկագին հեղուկի համար ժամանակավոր ճանապարհ բանալ: Մի քանի մղիչ մեքենաներ էին դրված, որոնք նավթն ուղղում էին դեպի Սև քաղաք տանող նավթանցքերը: Արհեստավորները պատրաստում էին ինքնուրույն պատսպար, որով պիտի շատրվանին կանոնավոր ընթացք տային, որպեսզի հեղուկն ապարդյուն չցրվեր:

Երբեմն մշակները, ծիծաղելով, գոռալով, ոստոստալով ցրվում էին այս ու այն կողմ, փախչելով վայր սլացող քարերից: Նրանք կիսամերկ էին, ոտները մինչև ծնկները և թևերը թաց: Շատերը սլկվում էին լպրծուն ավազի վրա, ընկնում նավթի մեջ, շարժելով ընկերակիցների ծիծաղը: Բայց բոլորն էլ ուրախ էին, հուսալով ստանալ պարգև շատրվանի տիրոջից:

Իսկ բախտավոր թուրքը կանգնած էր հեռու, քաղաքից եկած հետաքրքիրների բազմության մեջ: Դա միրուքը հինայած, գլուխը մաքուր սափրած մի աստվածավախ հաջի էր, որը նայում էր անհուն հարստությանը և փառք տալիս ալլահին, որ, վերջապես, լսել էր նրա ջերմ աղոթքները: Դեռ երեկ պարտատերերն ուզում էին նրան դատարան քաշել, ինչպես սնանկ կոմերսանտի: Այժմ մտքում հաշվում էր շատրվանից ստացվելիք միլիոնները: Նրա ցամաքած և խորշոմներով ծածկված դեմքի վրա խաղում էր անհուն երջանկության ժպիտը: Բոլորը շրջապատել էին նրան, շնորհավորում էին, ձեռը բարեկամաբար սեղմում, նորոգում մոռացված ծանոթությունը:

Ինժեներ Սուլյանը պտտում էր թուրքի շուրջը` ինչպես որսկան շուն: Հույս ուներ մի քիչ նավթ առնել ապառիկ, վաղը-մյուս օրը թանկ գնով ծախելու նպատակով:

Շուշանիկից ոչ հեռու խմբված էին մի քանի երիտասարդ հանքատերեր, որ եկել էին քաղաքից բախտավոր թուրքին նախանձելու: Զարգարյանը նկատեց, որ նրանք միմյանց արմունկով բոթում են և հետաքրքրված ցույց տալիս Շուշանիկին: Բոլորն ուզում էին իմանալ գեղադեմ օրիորդի ով լինելը: Մեկը նույնիսկ շատրվանի տիրոջ ուշադրությունը դարձրեց նրա վրա: Բախտից հարբած թուրքը բարևեց անծանոթ օրիորդին, ձեռը դնելով նախ կրծքին, ապա աչքերին: Այնքան շփոթված էր, որ կարծում էր թե այդ աղջիկն էլ իրեն շնորհավորում է:

Հանկարծ խմբի ուշադրությունը դարձավ ուրիշ կողմ: Ճանապարհ տվեցին մի շիկահեր կնոջ, որին ուղեկցում էին Միքայել Ալիմյանը և մի մուշտակավոր պարոն:

Սմբատի կինն է, — ասաց Դավիթ Զարգարյանը Շուշանիկին: -Նա էլ, երևի, տիկնոջ եղբայրն է:

Օրիորդը հետաքրքրված նայեց Անտոնինա Իվանովնային: Հիասթափման պես մի բան զգաց, երբ տեսավ, որ տիկինն այնքան էլ էլեգանտ չի տեսքով, որքան երևակայում էր և արդեն, կարծես, ծերացած է: Փափագեց նրա հետ ծանոթանալ և նրա փափագը շուտով կատարվեց: Միքայելն ուղեկիցների հետ բարձրացավ այն հողային թումբը, ուր կանգնած էր օրիորդը հորեղբոր հետ: Մոտեցավ բարևեց և հետո դարձավ տիկնոջը:

Անտոնինա Իվանովնա, թույլ տվեք ներկայացնել, օրիորդ Զարգարյան և մեր կառավարչի օգնական Զարգարյան:

Տիկինը ձեռը անփույթ մեկնեց Շուշանիկին և հետո շարունակեց Միքայելին հարցեր տալ շատրվանի մասին: Իսկ նրա եղբայրը, աչքերը պենսնեի տակից ճպճպելով, ինչ-որ շշնջաց նրա ականջին:

Անտոնինա Իվանովնան չգիտեր ինչպես արտահայտեր իր զարմացումը և հիացումը շատրվանի վերաբերմամբ: Նա սքանչանում էր բնության ուժից, մինչդեռ թուրքը շարժում էր նրա ծիծաղը: Հետո սկսեց խոսել Շուշանիկի հետ, դիտելով նրան ուշադիր:

Դուք կկամենայի՞ք այդպիսի շատրվան ունենալ, — հարցրեց նա հանկարծ:

Ո՛չ, — պատասխանեց օրիորդր դրականապես:

Անտոնինա Իվանովնան մի սուր ու դիտող հայացք ձգեց օրիորդի վրա և շարունակեց ոչ առանց հեգնության.

Ասում են, այստեղ կանայք էլ գժվում են շատրվանի համար:

Չգիտեմ, տիկին:

Տեսե՛ք, ինչպես է խփում, բոլորը ոսկի է, մի՞թե չէիք կամենալ այդ ոսկու տերը լինել:

Շուշանիկը զգում էր` տիկինը փորձում էր իրեն: Զգում էր, նաև տիկնոջ ծաղրն «այստեղի կանանց» շահամոլության վերաբերմամբ, ուստի ասաց.

Մի՞թե կարծում եք, որ մարդու բախտավորությունը միայն ոսկու մեջ է:

Կարծո՞ւմ եմ, ե՞ս: Ինչո՞ւ չէ:

Այն ժամանակ կարող եք ձեզ բախտավոր համարել: Ոչ ոքի հորերն այնքան առատ նավթ չեն տալիս, որքան Ալիմյաններինը:

Տիկինը շփոթվեց: Զգաց, որ այդ, ըստ երևույթին, քաշվող օրիորդի հետ հեգնորեն խոսելը այնքան դյուրին բան չէ: Նա թեքվեց եղբոր ականջին և շշնջաց.

Հիմար աղջկա նման չէ:

Շարմանտ, — պատասխանեց Ալեքսեյ Իվանովիչը պենսնեն ուղղելով:

Շուշանիկը խնդրեց հորեղբորը տուն վերադառնալու:

Պապան կնեղանա, արդեն տասներկու ժամն է:

Գնանք, — ասաց Զարգարյանը:

Ոտո՞վ պիտի գնաք, — հարցրեց Միքայելն ավելի կեղծ, քան անկեղծ զարմանալով:

Ոտով:

Երեք-չորս վերստ ճանապա՞րհը: Սուլյան, մեղավորը դուք եք, ինչո՞ւ մինչև հիմա Ալիմյանների հանքերում մի քանի սեփական կառքեր չկան: Ես հրամայում եմ, որ այսուհետև լինեն:

Կգա՞ք ձեր հանքերը տեսնելու, — հարցրեց Շուշանիկը, ձեռը մեկնելով Անտոնինա Իվանովնային:

Մեր հանքե՞րը... Կարելի է գամ:

Զարգարյա՛ն, — դարձավ Միքայելն իր ստորադրյալին, — կանչեցե՛ք, խնդրեմ, իմ կառքը: Համար ութերորդ: «Հասան» կանչեցեք, կգա: Օրիորդ, ես, միևնույն է, պիտի ձեր կողմերը գնամ իսկույն, Մուրսաղուլովի հանքերում գործ ունեմ: Անտոնինա Իվանովնա, ինձ ներեցեք, Սուլյանը, իմ փոխարեն, այստեղ, ինչ որ հարկավոր է, կբացատրի, կուղեկցի... Երևի, դեռ մի քսան րոպե էլ կհիանաք այս սքանչելի տեսարանով: Ես շուտով կգամ, շատ շուտով, և ձեզ կտանեմ մեր հանքերը: Օրիորդ, ահա կառքը, խնդրեմ, խնդրեմ, առանց ցերեմոնիայի... Ալիմյանները հասարակ մարդիկ են, բոլորովին հասարակ...

Որքան օրիորդն շնորհակալություն հայտնելով մերժեց, որքան հավատացրեց, թե իր համար ոտով գնալն ավելի հաճելի է, ոչինչ չօգնեց: Միքայելը թախանձում էր անվերջ, այնպես որ Դավիթ Զարգարյանը Շուշանիկի համառ մերժումը համարեց անքաղաքավարության: Օրիորդը շփոթվեց հորեղբոր ստիպիչ հայացքներից և հաղթահարված, գրեթե անգիտակցաբար կառք նստեց:

Շատրվանը, շարունակ որոտալով, բարձրանում էր վեր և, նորից սաստկացած քամու հոսանքի հետ չկարողանալով մրցել, ցրվում էր օդի մեջ անթիվ շիթերով: Նավթի միլիոնավոր կաթիլները տարածվում էին հեռու-հեռու Բախտավոր թուրքը բարձրաձայն ծիծաղում էր նավթային անձրևի տակ թրջվողների վրա, ձեռները զարկելով ծնկներին և մեջքից երկծալ թեքվելով:

Քաղաքից շարունակ կառքեր էին գալիս, բերելով հետաքրքրվողների նոր խմբեր: Մի կառքից ցած իջան Մոսիկոն, Մելքոնը և Քյազիմ-բեգը: Կառք նստելիս, Միքայելը նրանց խորհրդավոր նշան արավ դեմքով, և երիտասարդներն իրենց հայացքները բևեռեցին Շուշանիկի վրա:

Սև հեղուկը, ուժգին դուրս բխելով երկրի խորքից, հեղեղում էր բուրգերը, արհեստանոցները, կացարանները և մարդկանց: Մթնոլորտի մեջ տարածվել էր ինչ-որ արբեցուցիչ բան: Բոլորը ծիծաղում էին, քրքջում, միմյանց հրում որպես հարբածներ, և սև հեղուկի տակ գցում:

Մինչ Դավիթ Զարգարյանը շփոթված նայում էր, սպասելով, որ Միքայելը իրեն էլ պիտի հրավիրե կառք նստելու, մոխրագույն ձիերը սլացան: Եվ կառքը մի քանի վայրկյանում անհետացավ սև բուրգերի հետևում: ,

Զարմանալի ջենտլմեն է Միխայիլ Մարկիչը, — դարձավ Սուլյանն Անտոնինա Իվանովնային, միևնույն ժամանակ, մի կողմնակի հայացք ձգելով Զարգարյանի վրա:

Այո՛... այդ երևում է... — պատասխանեց տիկինը, նույնպես նայելով Զարգարյանին:

Եվ մի կես-հեգնական, կես-կարեկցական ժպիտ աղավաղեց նրա դեմքը...

Իսկ. ես կասեմ, — դարձավ Ալեքսեյ Իվանովիչը քրոջը, — այս երկրում հյուրասիրություն ասած բանը շատ էլ հարգի չէ...

XVI

Մի քանի րոպե Շուշանիկը շվարած չգիտեր ինչ խոսեր: Թվում էր նրան, որ մի աներևույթ ձեռ մի դույլ եռացրած ջուր հանկարծակի թափեց իր վրա այն պահին, երբ Միքայելին զգաց մոտը նստած: Այո՛, միայն զգաց, որովհետև չէր նայում նրա կողմը:

Այնինչ, կառքը բուրգերի երկու շարերի միջով արագ սլանում էր: Ճանապարհն ավազուտ էր, նավթով տոգորված, ձիերի ոտներն արձակում էին խուլ դոփյուն: Շուշանիկը մտքում հաշվեց, թե ամենաուշը քառորդ ժամում տուն կհասնի, և այն ժամանակ կարող է իրեն հաշիվ տալ անսպասելի դեպքի մասին: Տեր աստված, ի՞նչ արեց: Նա՞, այս աղքատ ընտանիքի զավակը նստած կառքում քաղաքի առաջին հարուստ երիտասարդներից մեկի հե՞տ:

Ի՞նչ կմտածեն տեսնողները, ի՞նչ կխոսեն ծնողները, հորեղբայրը...

Միքայելը ձեռնափայտի ծայրով խփեց կառապանի թևին և ինչ-որ ասաց թուրքերեն: Նա գիտեր, որ Շուշանիկը թուրքերեն չի հասկանում:

Կառքն ուղին փոխեց, սկսեց ընթանալ ճանապարհից դուրս հանքային շինությունների միջով, մի զառիվայր ուղիով:

Կարծեմ, կառապանը սխալվում է, — ասաց Շուշանիկը, նայելով շուրջը:

Չի սխալվում, օրիորդ, հմուտ կառապան է...

Միքայելի քաղաքավարի ձևերը, ձայնի մեղմությունը, զգույշ շարժումները մի քիչ հանգստացրին Շուշանիկին: Մտածեց, որ վախենալու կամ շփոթվելու առիթ չունի: Բոլորը գիտեն, որ Ալիմյանները Զարգարյանի տերերն են, իսկ ԶարգարյանըՇուշանիկի հորեղբայրը: Ո՞վ կհամարձակվի բամբասել: Վերջապես, մի՞թե արդեն աններելի է մի օրիորդի կառք նստել իր ծանոթի հետ, թեկուզ այդ ծանոթը լինի հարուստ, իսկ ինքը` աղքատ:

Հավանեցի՞ք մեր հարսին, — խոսեց Միքայելը:

Ինչ կարող եմ ասել, նոր ծանոթացա: Ո՛չ, սխալվում է կառապանը, մենք շեղվեցինք ճանապարհից:

Միքայելը դարձյալ ձեռնափայտով խփեց կառապանի թևին և դարձյալ ինչ-որ ասաց:

Ինչո՞ւ ռսերեն չեք խոսում, — հարցրեց Շուշանիկը:

Հասանը ռսերեն չգիտե... Օրիորդ, ընկերներս ձեզ տեսան և հիացան:

Շուշանիկը կարմրեց, ոչինչ չասաց:

Հանկարծ կառքը կանգ առավ: Կառապանը ցած իջավ:

Ի՞նչ պատահեց, — հարցրեց Շուշանիկը:

Անձրև է սկսվում, հրամայեցի ծածկոցը բարձրացնել:

Օ՜օ, ո՛չ, ո՛չ, անձրև չկա, ես անձրևից չեմ վախենում, ես սիրում եմ անձրևը...

Շատ լավ, կիսով չափ կծածկի, Հասանը գիտե...

Կառապանը ծածկոցը բարձրացրեց մինչև կեսը և նորից նստեց տեղը:

Օրիորդ, դուք քաղաք երբեք չե՞ք գալիս:

Մի երկու անգամ գնացել եմ:

Ինչո՞ւ այդպես քիչ:

Զբաղված եմ:

Գիտեմ, լսել եմ, ձեր հիվանդ հորն եք նայում: Խե՜ղճ մարդ: Ասում են մի ժամանակ շատ հարուստ և առողջ է եղել: Անկեղծ ցավում եմ...

Այս խոսքերը շարժեցին Շուշանիկի սիրտը: Ո՛չ, երևի սխալված է, երևի այդ, ըստ երևույթին, եսական երիտասարդը եղբոր պեա բարեսիրտ է և զգայուն:

Այո հանքերում ապրելով մարդ կարող է վայրենանալ, օրիորդ, դուք զուր եք հասարակությունից փախչում: Քաղաքում ազգականներ կամ բարեկամներ չունե՞ք:

Ո՛չ:

Տիրեց րոպեական լռություն: Կառապանը հետ նայեց. հարցնում էր, որ կողմը քշել:

Թատրոն սիրո՞ւմ եք, — հարցրեց Միքայելը, կառապանի վրա մի բարկացկոտ հայացք ձգելուց հետո:

Սիրում եմ միայն դրամա:

Դրամա՞, — կրկնեց Միքայելը, կարծես, ուրախանալով, — այժմ քաղաքում մի դրամատիկական խումբ կա: Այսօր մի լավ դերասանուհու բենեֆիսն է, ինչ-որ նոր դրամա են խաղալու, հա՛, Նորա, Նորա...

Նո՛րան կարդացել եմ, կկամենայի տեսել...

Շատ գեղեցիկ... Թույլ տվեք ձեզ հրավիրել թատրոն...

Շնորհակալ եմ... Հորս մենակ թողնել չեմ կարող...

Ի՜նչ կլինի, որ մի երեկո թողնեք:

Ո՛չ, չեմ կարող, չեմ կարող...

Օրիորդ, դուք այդքան երիտասարդ, գեղեցիկ և տանը, փակված, աններելի է ձեր ծնողներին...

Շուշանիկը զգաց, որ երիտասարդն արդեն սկսում է համարձակ դառնալ, ուստի բարվոք համարեց լռել:

Թատրոնից անմիջապես ձեզ կուղեկցեմ տուն, — ասաց Միքայելը, — այնպես որ ձեր հայրն ընդամենը երեք-չորս ժամ կմնա առանց ձեզ:

Ո՛չ, ո՛չ, այդ անկարելի է: Ես առանց իմ հորեղբոր ոչ մի տեղ չեմ գնում:

Կարծես, նրան տանելը դժվար է, օթյակ կվերցնեմ...

Սպասեցե՛ք, այդ ի՞նչ է, մենք, կարծես, գյուղից դուրս եկանք: Մենք ո՛ւր ենք գնամ, պարոն Ալիմյան:

Զբոսնում ենք...

Զբոսնում ենք, — կրկնեց Շուշանիկը շրթունքները կրծոտելով, — իսկ հա՞յրս... Ներողություն, պարոն Ալիմյան, հորս ճաշ տալու ժամանակն է, ես իրավունք չունեմ զբոսնելու...

Օրիորդ, կարծես դուք ինձ հրեշ եք համարում:

Ինչո՞ւ, ո՞վ ասաց, հրեշ չեք, բայց...

Բայց և մարդ էլ չեմ, ուզում եք ասել, երևի... — լրացվեց Միքայելը, ծիծաղելով:

Ես այդ չէի ուզում ասել...

Ուրեմն ինչո՞ւ եք ինձանից վախենում:

Շուշանիկի ինքնասիրությունը վիրավորվեց:

Ե՞ս եմ վախենում ձեզանից, — գոչեց համեստ օրիորդն այնպիսի լուրջ ձայնով, որ Միքայելը չէր սպասում նրանից: -Սխալվում եք...

Տարօրինակ բան. քանի Միքայելը հեռվից հեռու էր հետամուտ Շուշանիկին, կարծում էր, եթե առանձնանա հետը, կարող է մի քանի րոպեում տիրել նրա սրտին: Էժանագին հաղթությունները նրա մեջ զարգացրել էին ինքնավստահության ոգին, իսկ Անուշի դյուրին ձեռք բերած սերը համոզել էր նրան, թե իր հրապույրին ոչ մի կին չի կարող հանդուրժել: Այժմ, այս աղքատ, համեստ, ընտանեկան ծանր պայմաններից ճնշված աղջկա մոտ զգում էր անսովոր վեհություն: Այդ լուրջ, խելացի և սիրուն դեմքը, այդ մաքուր, պայծառ աչքերը կաշկանդում էին նրան, ինչպես ոմանց հայացքը զսպում է վայրի գազանի կատաղությունը: Եվ չնայելով ներքին զորավոր պահանջին գրկել ու համբուրել մի անպաշտպան մաքուր, անարատ էակի, որի նմանը դեռ չկար իր անցյալ հաղթանակների ցանկումդարձյալ կաշկանդված էր:

Սակայն Շուշանիկի աներկյուղ խոսքերը գրգռեցին նրա անձնասիրությունը: Ինչպե՜ս, նա՞, այդ հասարակ աղջիկը չի՞ վախենում Միքայել Ալիմյանից, մի մարդուց, որ ամեն բան կարող է անել, եթե ոչ անձնական հրապույրներով, գեթ ամենահաղթ փողի ուժով:

Նրա աչքերի մեջ խաղաց կիրքը, շրթունքներն սկսեցին դողալ: Շուշանիկի շառագունած այտերը բորբոքել էին նրա արյունը: Նա փորձեց մոտիկ նստել, գրեթե թևը բոլորովին սեղմելով օրիորդի թևին: Օրիորդը տեղից շարժվեց, առանց նրան նայելու: Միքայելը մեջքը կռթնեց կառքի մեջքին: Կամեցավ բռնել օրիորդի ձեռը, որ, կարծես, անզոր ընկած էր ծնկան վրա: Նույն վայրկյանին իր վրա հառած տեսավ մի զույգ աչքերը, այնքան գեղեցիկ և միևնույն ժամանակ, այնքան երկյուղալի, որ թևերը թուլացան: Սակայն պղտոր արյունն արդեն եռում էր: Նա բռնեց Շուշանիկի ձեռը, որ հանգիստ ընկած էր ծնկան վրա, և ամուր սեղմեց:

Պարոն Ալիմյան, — լսվեց օրիորդի լուրջ ձայնը, լի հոգեկան վրդովմունքով, — հանգիստ նստեցեք...

Խլեց ձեռը հանդարտ և դարձյալ հեռացավ: Միքայելը կորցնում էր իրեն: Օրիորդի սառնությունն ավելի ու ավելի էր բորբոքում նրա արյունը: Մի վայրկյան մտադրվեց գործ դնել բռնություն, բայց միայն մի վայրկյան: Նայեց օրիորդի մաքուր պրոֆիլին և նույնիսկ դեմքի գույնի մեջ զգաց նրա հոգու անարատությունը: Սակայն կիրքն արդեն կուրացնում էր նրան, իսկ վիրավորված ինքնասիրությունը թուլացել էր: Նա չկարողացավ այլևս զսպել իրեն և գրեթե անգիտակցաբար, մթագնած ուղեղով և բուռն զգացումների թափից անզորացած, չոքեց կառքի մեջ, օրիորդի առջև...

Ապտակեցե՛ք ինձ, բայց ես... ես... ձեզ սիրում եմ... Այո՛, սիրում եմ... Այրվում եմ, հասկանո՞ւմ եք, կրա՛կի մեջ եմ...

Հենց առաջին օրից դուք ինձ խելքից հանեցիք... Երբեք, երբեք ոչ մի կին ինձ այդքան չի գժվեցրել... Օրիորդ, ամեն բան, ամեն բան կանեմ ձեզ համար, կտամ բոլոր հարստությունս, հասկանո՞ւմ եք, բոլոր հարստությունս, միայն, միայն... մի համբույր...

Շուշանիկը զայրացած նայեց նրա կրքից վառված աչքերին և զգաց նրա հոգու զազրելի ձգտումը: Դյութական «սեր» բառը նրա բերանից հնչում էր, որպես լպիրշ անարգանք:

Եվ նա մի ոտը դրեց կառքի բազրոտի վրա, կամեցավ ցաձ թռչել այն միջոցին, երբ ձիերը հողմի պես էին սլանում ամայի դաշտում, հայտնի չէ ուր:

Կանգ առեք, խելագար, — գոչեց Միքայելը, — բռնելով նրա թևը և ուժով տեղը նստեցնելով, — դուք ձեր հիմար գլուխը ջարդ ու փշուր կանեք...

Հրամայեցե՛ք կառապանին քշել դեպի մեր հանքերը... Երբեք ոչ մի ձայն այնքան սոսկալի չէր թվացել Միքայելին, որքան այդ անպաշտպան, թույլ աղջկա ձայնը: Նա զղջաց իր անզգուշության մասին, ամոթից կարմրեց և գուցե դա առաջին ամոթն էր նրա կյանքում այն օրից, երբ ճանաչել էր կանանց: Փայտի ծայրով խփեց կառապանի թևին: Կառքը հետ դարձավ և մի քանի րոպեում մտավ մեծ ճանապարհը:

Նրանք այլևս լուռ էին: Միքայելին պաշարեց խառն զգացումներ. նա և՛ ամաչում էր, և՛ բարկանում, և՛ ուզում էր ներում խնդրել, և՛ ուզում էր վրեժ առնել: Մի բան պարզ էր. երբեք ոչ մի կնոջ մեջ այդչափ բարոյական ուժ չէր զգացել: Եվ որքա՜ն արհամարհանք կար այդ աղքատ օրիորդի դեմքի վրա, որքա՜ն ատելություն դեպի իր հարուստ, գեղեցիկ, երիտասարդ ուղեկիցը:

Կառքն արագ-արագ մոտենում էր Ալիմյանների հանքերին: Միքայելը նույնպես աշխատում էր սառը երևալ, որպես սառն էր Շուշանիկը, ցույց տալ այդ խեղճ անդամալույծի աղջկան, թե Ալիմյանի համար նա ոչինչ արժեք չունի, ոչինչ, նույնիսկ մի հասարակ աղախնի չափ:

Ես ցավում եմ ձեր մասին, — ասաց նա, ուսերը վեր քաշելով, — հիմա տանը պիտի սկսեն հանդիմանել ձեզ, և քանի հոգիձեր մայրը, հայրը, հորեղբայրը, մորեղբայրը, գուցե և երեխաները, գուցե և ձեր աղախինը:

Ինչո՞ւ:

Որովհետև արժանի համարեցիք Միքայել Ալիմյանի պես մի անպիտան, զզվելի, գարշելի մարդու հետ կես ժամ կառքով զբոսնել... Ի՞նչ պատիվ մի չնչին մարդու համար...

Հեգնությունը չազդեց Շուշանիկի վրա: Նա միայն ասաց.

Իմ խիղճը հանգիստ է:

Կառքն արդեն մոտենում էր գրասենյակին: Միքայելը զգաց պահանջ մի ներողամիտ ժպտի արժանանալու:

Օրիորդ, — ասաց նա, եղանակը փոխելով, — կկամենայի իմանալ ի՞նչ եք մտածում իմ մասին:

Ձեր մասի՞ն... ոչինչ...

Ոչինչ, — կրկնեց Միքայելը, — և այդ վիրավորանքը ես տանո՞ւմ եմ... Հայհոյեցեք ինձ, ատեցեք, բայց մի՛ ասեք, թե ոչինչ չեք մտածում...

Ես մտածում եմ, թե որքան զանազանություն կա ձեր և ձեր եղբոր մեջ, — ասաց և շտապով կառքից ցած իջավ, կարծես չկամենալով իր խոսքերի պատասխանը լսել:

Ահա ինչ, այդ աղքատ աղջիկն այնքան հպարտ է, որ մինչև անգամ արժանի չհամարեց Միքայել Ալիմյանին ձեռ տալու: Դա արդեն չափազանցություն է: Ծաղրվել մի գործակատարի եղբոր աղջկա կողմից, ստորանալ նրա առջև և այն էլ նպատակին չհասածայդ դյուրին մարսելու բան չէր Միքայելի համար: Նա կատաղությունից կառքի վրա պտույտ-պտույտ էր անում, ձեռն ուժգին զարկում էր ծնկին, մատների ծայրերը խածնում էր անխնա և ինքն իրեն հայհոյում, որ այդքան ստորացրեց իրեն:

«Որքան զանազանություն կա ձեր և ձեր եղբոր մեջ», հնչում էին նրա ականջին օրիորդի վերջին խոսքերը: Ահա՛ այդ ինչ է նշանակում: Այդ նշանակում է, որ նա Սմբատին հավանում է, Միքայելին արհամարհում: Շատ գեղեցիկ, թող արհամարհի, Միքայել Ալիմյանը պարտքի տակ մնացող չի: Նա կառնի վրեժը:

Նա հրամայեց կառապանին դառնալ դեպի շատրվանը: Անտոնինա Իվանովնան չկար: Նա արդեն իր եղբոր հետ վերադարձել էր քաղաք: Մոսիկոն, Մելքոնը և Քյազիմ-բեգը կատակներ էին անում շատրվանի տիրոջ հետ: Իսկ շատրվանը շարունակ արտավիժում էր նախկին սայլապանի համար միլիոններ:

Միքայելն իր ընկերների հետ վերադարձավ քաղաք: Ճանապարհին Քյազիմ-բեգը, որ նրա հետ նստած էր մի կառքում, շարունակ հարց ու փորձ էր անում Շուշանիկի մասին:

Անիրավ, դու անկյուններում թաքցրած գոհարներ ունես ու ինձ չե՞ս ասում:

Քյազիմ, կատակ մի՛ անիլ այդ աղջկա մասին, նա քո ասածներից չէ, — պատվիրեց Միքայելը խիստ եղանակով:

Օհո՜, թազա խաբար, — գոչեց Քյազիմ-բեգը, բայց և դադարեց խոսել օրիորդի մասին:

Միքայելը մերթ ընդ մերթ հառաչում էր, հիշելով Շուշանիկի արհամարհական ժպիտները և մանավանդ վերջին խոսքերը:

Ի՞նչ կա, սիրելիս, ինչո՞ւ ես տխուր, — հարցրեց վերջապես Քյազիմ-բեգը:

Չգիտեմ, թվում է, որ ինձ մի բան պիտի պատահի, մի դժբախտություն:

Հիմար-հիմար մի՛ խոսիր, երեկոյան կգաս կլուբ, պիտի ուրիշ տեղ գնանք...

Սակայն Միքայելի նախազգացումը պիտի արդարանար հենց կլուբում և արդարանար այն կողմից. ուսկից չէր սպասում ոչ մի դժբախտություն կամ դադարել էր սպասել:

Ութ ժամին բոլոր ընկերները կլուբումն էին, երբ Միքայելը ներս մտավ: Պակասում էր Գրիշան: Սպասում էին նրան, որ միասին գնան իրենց ընկեր սպայի տունը, ուր այդ երեկո նշանակված էր «շտոս»:

Միքայելը ներքուստ վախեցավ: Նախազգացումը թելադրում էր նրան չտեսնվել Գրիշայի հետ, բայց անձնասիրությունը ստիպում էր տեսնվել: Նա սկսեց իրեն խրախուսել այն մտքով, թե Գրիշան ոչինչ չգիտե իր քրոջ խայտառակության մասին, եթե իմացած լիներ, հազիվ թե լռեր մինչև այսօր: Է՜է, հնացավ, մոռացվեց, Այժմ նույնիսկ Պետրոս Ղուլամյանից վախենալու առիթ չկա: Ահա նա, անցնում է իր նման մի խանութպանի հետ, տաքտաք խոսելով, երևի առևտրի մասին: Խե՛ղճ մարդ, երկչո՜տ մարդ, աննամո՜ւս մարդ, չկարողացար պատիվդ պաշտպանել: Երևի թույնդ թափում ես կնոջդ գլխին: Ո՞վ գիտե, օրը քանի անգամ ես ծեծում: Ծեծի՛ր, ծեծի՛ր, բայց վիրավորանքդ կուլ տուր, բոլորն այժմ այդպես են անում...

Մտածելով այսպես, Միքայելն ընկերների հետ անցավ սեղանատուն: Քնահարբ Մոսիկոն «սպասվող ճակատամարտի համար» իրեն ուզում էր ամրացնել մի քանի բաժակ կոնյակով: Պապաշան հոգնած էր, ախորժակ չուներ քեֆ անելու: Քյազիմ-բեգն ասում էր, թե նա ուզում է փախչել «նոր որսի մոտ»: Մելքոնը դարձյալ գանգատվում էր կնոջ դեմ: Ախ, ի՜նչ երկնային պատիժ դարձավ այդ կինը նրա գլխին: Երևակայեցե՛ք, կնոջ ծնողները փեսային են մեղավոր համարում իրենց աղջկա հիվանդության համար:

Կնոջս հիմար եղբայրը, դդմագլուխ բժիշկը հավատացրել է նրանց, որ ես եմ վարակել կնոջս. այ խաթաբալա՜: Տղերք, չլինի թե ամուսնանաք, Պապաշան թող ձեր իդեալը լինի...

Եկավ և՛ Գրիշան: Արդեն հեռվից կարելի էր զգալ, որ այս երեկո նա լավ է տրամադրված: Նա քայլում է արագ-արագ, փորը դուրս ցցած, գլուխը բարձր պահած, մի ձեռով խաղալով ժամացույցի ոսկե շղթայի հետ:

Շատ ըըը, նադինջն է, — արտասանեց Պապաշան, որ միշտ վախենում էր Գրիշայից:

Տեսնելով Միքայելին, Գրիշան մի վայրկյան կանգ առավ, կարծես տատանվելով մոտենալ խմբին: Մի հանգամանք, որ Միքայելի աչքից խույս չտվեց: Խումբը մոտեցավ, շրշապատեց Գրիշային, և սկսեցին սովորական կատակները: Պապաշան փորձեց կամացուկ դուրս սլկվել:

Ո՞ւր, ո՞ւր, — ասաց իրավաբան Փեյքարյանը, գրկելով պատկառելի ամուրիին:

Թող գնա, նոր վիշկա է դրել, — ծիծաղեց Մելքոնը:

Քանի՞սն ունես, Պապաշա, — ասաց Քյազիմ-բեգը, — Շամախու ճանապարհի վրա, հին քաղաքում, թուրքերի թաղում, Բաիլովում, ծովի ափում...

Հարամզադան Մարոկկոյի սուլթանն է, — նկատեց Մոսիկոն, կոնյակից հետո, կրծոտելով թթու դրած վարունգը:

Следующая страница