Շիրվանզադե Ալեքսանդր՝   Քաոս

-Դու ե՞րբ ես հիվանդացել, — հարցրեց Սմբատն այնպիսի եղանակով, որ կարծես, եղբոր հիվանդությունն արդեն անկասկածելի էր:

Պատանին գունատվեց: Այսքանն արդեն բավական էր, որ Սմբատը զգար, թե անծանոթը զուր չկատարեց իր «բարոյական պարտքը»:

Ինչո՞ւ չես բժշկվում:

Ինչո՞ւ պիտի բժշկվեմ, ես հիվանդ չեմ, — պատասխանեց Արշակը, մատներով խաղալով մունդիրի կոճակների հետ:

Այո՛, այդ արդեն երևում է ունքերիցդ ու թերթերունքներիցդ: Զարմանալի է, որ ես նոր եմ ուշադրություն դարձնում: Այս րոպեիս գնանք բժշկի մոտ...

Արշակը շատ աշխատեց ազատվել եղբոր ձեռքից, բայց չկարողացավ: Սմբատը, գրեթե ուժով, նրան տարավ դուրս, կառք նստեցրեց: Բժշկի մանրամասն քննությունը վավերացրեց վտանգավոր հիվանդության գոյությունը: Ախտն առաջին շրջանն արդեն բոլորել էր, բայց դարմանելու հույս կար: Սոսկալի՜ երևույթ. այդ պատանին չծաղկած թառամում էր, որպես ճանապարհի եզրին բուսած ծաղիկ, որ վաղաժամ դալկանում է ու կեղտոտվում անցորդների ոտների ուտիչ փոշուց:

Չկարծեք, թե այդ առաջին օրինակն է, — ասաց բժիշկը, որ մի բարեսիրտ գերմանացի էր, — հենց այժմ իմ ձեռքի տակ երկու պացիենտ էլ ունիմ ճիշտ ձեր եղբոր հասակի:

Կարծես, այս էր պակաս Սմբատի դառնության բաժակը լրացնելու համար: Նա հոգում էր մի եղբոր մասին, այնինչ, մյուսը դուրս էր գալիս ավելի ապականված և այն էլ մատաղ հասակում:

Սմբատը գաղտնիքը հայտնեց միայն Սրաֆիոն Գասպարիչին: Որոշեցին վարձել մի մարդ, որի պարտքը լինի հսկել Արշակին և թույլ չտա շվայտությունները շարունակելու: Այնուհետև պատանին առանց այդ մարդու տնից չպիտի դուրս գար: Վճռվեց դպրոցից նրան դուրս բերել, թող անկիրթ մնա, կյանքն ուսումից թանկ է: Արշակը հակառակեց, բողոքեց իր գլխին նշանակված հսկիչի դեմ, բայց հպատակվեց: Նրա սենյակում դրեցին առանձին անկողնակալ` հսկիչի համար և այսպիսով պատանուն դարձրին մի տեսակ բանտարկյալ: Այրիին չհայտնեցին որդու սոսկալի հիվանդությունը, բայց համոզեցին, որ հսկողությունն անհրաժեշտ է ընկերների վատ ազդեցությունից պաշտպանելու համար:

Հա՛, ընկերները, ընկերները. իմ որդիներիս փչացնողները հենց նրանք են, — ասաց Ոսկեհատը և, նայելով Սմբատի աչք¬րին, ավելացրեց, — քեզ էլ նրանք են խելքից հանել, թե չէ դու չէիր անիլ այդ բանը...

Նույն միջոցներին Սմբատի օրերը կատարելապես թունավորված էին: Ընտանեկան ընդհարումները քանի գնում այնքան սուր կերպարանք էին ստանում: Այլևս մարդ ու կին իրենց չէին զսպում, չէին աշխատում քողարկել օրգանական դարձած փոխադարձ ատելությունը:

Անտոնինա Իվանովնան ուղղակի անիծում էր այն օրը, երբ հանդիպեց Սմբատին: Դա ճակատագրի մի դառն հեգնություն էր և ոչ փոխադարձ սեր: Նա համարում էր Սմբատին ազնիվ ու խելոք մարդ, բայց իր և նրա մեջ զգում էր խոր անդունդ: Նա գիտեր ինչ է այդ անդունդը և գիտենալով հանդերձ զգում էր, որ անզոր է հսկայական քայլ անել անդունդն անցնելու համար: Վաղուց զգացած խուլ հակակրությունը դեպի ամուսնու շրջանը այժմ դառնում էր ավելի ու ավելի բացարձակ այրի Ոսկեհատի և տիկին Մարութխանյանի բուռն ատելության շնորհիվ:

Քսանուերեք տարեկան էր Սմբատը, երբ հանդիպեց քսանուվեց տարեկան Անտոնինա Իվանովնային: Անվերադառնալի՜ ժամանակներ, երիտասարդական առաջին շրջանի անցողիկ վայրկյաններ, որ այնքան թանկ նստեցիք նրան: Վառ երևակայությունը մի հասարակ ուսանողուհու աստվածացրեց Տուրգենևի ու Տոլստոյի վեպերի ազդեցությամբ: Հափշտակվեց Անտոնինա Իվանովնան անվախ զգացումներով և կյանքի մասին ունեցած համարձակ հայացքներով: Բայց շուտով Անտոնինա Իվանովնան կորցրեց նրա աչքում իր հրապույրը ոչ միայն իբրև կյանքի ընկերուհի, այլև իբրև կին: Անդունդը փորվեց այն պահից, երբ մարդ ու կին հասկացան, որ իրենց բարոյական շահերը շատ հանգամանքներում չեն հաշտվում և չեն կարող երբեք հաշտվել, որքան ևս զիջող և ներողամիտ լինեն փոխադարձ: Կային Սմբատի սրտին մերձավոր խնդիրներ, որոնք անհասկանալի և երբեմն նույնիսկ ծիծաղելի էին Անտոնինայի համար: Եվ կինը չէր զգում, թե որքան է խոցոտում նրա հոգին, երբ անտարբեր է վերաբերվում այդ խնդիրներին:

Սմբատի սառնությունը փոխվեց ատելության մանավանդ այն պահից, երբ հասավ երեխաների կրթության ժամանակը: Կինը ներշնչում էր նրանց մի ուղղություն, մարդը պահանջում էր հակառակը: Դրանից առաջանում էին այնպիսի խոշոր ընդհարումներ, որ երբեմն նրանք չէին խնայում իրարու նվիրական զգացումները:

Այսպես տևեց կյանքը վեց-յոթ տարի: Հորից ստացած հեռագիրը — «ես մեռնում եմ, ե՛կ վերջին անգամ քեզ տեսնեմ» — ավելի զորացրեց Սմբատի ատելությունը: Նրան թվաց, թե հայրը վաղաժամ է մեռնում, և պատճառն ինքն է և իր կինը:

Ես գնում եմ իմ հայրենիքը, — ասաց նա Անտոնինա Իվանովնային, — չգիտեմ, կվերադառնամ, թե չէ ...

Դա մի անզգույշ դարձվածք էր, որ արտասանեց գրգռված րոպեին, մի՞թե կարող էր բաժանվել երեխաներից, որոնց սիրում էր սրտի բոլոր զգացումներով:

Անտոնինա Իվանովնան տխուր լուրն ընդունեց անտարբեր: Բոթաբեր հեռագիրը նրա վրա մազի չափ տպավորության չգործեց: Այնտեղ, հեռավոր Կովկասում մեռնում է ինչ-որ մի վաճառական, որի երեսը երբեք չի տեսել, արժե միթե ցավել նրա մասին, թեկուզ նա լինի իր ամուսնու հայրը: Նա ճանապարհ դրեց Սմբատին ասելով.

Ես զգում եմ, որ այսօրվանից մեր ճանապարհները բաժանվում են, բայց մի՛ մոռանաք ձեր երեխաներին:

Եվ ահա անխորտակելի շղթան նորից նրանց մոտեցրեց միմյանց, երեք ամիս չանցած, բայց միացրեց, կարծես, ավելի խիստ կերպով բաժանելու համար: Քանի ծնողներից, եղբայրներից ու քրոջից հեռու էր, Սմբատը կարողանում էր իր կյանքի դառնությունները մի կերպ մարսել: Այժմ նա զգաց, թե իր սխալը որքան մեծ է եղել և որքան անուղղելի: Մայրենի շրջանը նրա սրտում բորբոքեց ժամանակավորապես թմրած մի զգացում: Նա տեսավ, որ այդ շրջանից որքան հեռու է իր մտավոր աշխարհով, նույն քան մոտիկ է արյունով, հոգով ու կաթով:

Թողեք ինձ վերադառնամ այնտեղ, որտեղից եկել եմ, — ասաց մի օր Անտոնինա Իվանովնան, — դուք այժմ հարուստ եք, կարող եք ապահովել մեր երեխաներին: Դուք ինձ չեք սիրում, չեմ սիրում և ես ձեզ: Դուք սխալվել եք, ես էլ եմ սխալվել: Տվեք ինձ երեխաներին, կտամ ձեզ անպայման ազատություն:

Մի՞թե, — գոչեց Սմբատը զայրացած, — արհամարհում եմ ձեր խոստացած ազատությունը, ինձ համար թանկ են միայն իմ երեխաները:

Վեճը հենց այստեղ էլ ընդհատվեց Ալեքսեյ Իվանովիչի գալով: Նա հագած էր վերջին տարազի հագուստ` լայն վարտիք, կարճ պիջակ` կորաձև փեշերով և միայն մի զույգ կոճակներով, կուրծքը կիսով չափ բաց ժիլետ և ասեղնագործ շապիկ` բարձր երկծալ օձիքով:

Սմբատ Մարկիչ, — դարձավ նա իր փեսային, պենսնեն ուղղելով, — մեզ ե՞րբ եք տանելու հավիտենական կրակները ցույց տալու: Ասում են` շատ հետաքրքրական է, ես ուզում եմ տեսնել կրակապաշտների տաճարը:

Սմբատն առանց պատասխանելու դուրս եկավ կնոջ սենյակից:

Ալեքսեյ Իվանովիչը, ունքերը վեր բարձրացնելով, մի զարմացական հայացք ձգեց նրա հետևից և ապա, դառնալով քրոջը` ասաց.

Զարմանալի անքաղաքավարի են այդ ասիացիները, բնավ չգիտեն հյուրի հետ վարվել:

Իսկ հյուրն էլ բնավ չգիտե իր պատիվը ճանաչել, — նկատեց քույրը հանդիմանաբար:

Ի՞նչ հիմար բան ասացիր, Անտոնինա:

Ես լուրջ եմ խոսում, ասա խնդրեմ, վերջապես, ե՞րբ ես վերադառնալու Մոսկվա:

Վերադառնա՜լ, — կրկնեց Ալեքսեյ Իվանովիչը, — սպասիր, դեռ նոր եմ եկել, ի՜նչ ես ինձ, այսպես ասած, վռնդում տնիցդ...

Դու կարող ես ուշանալ և պաշտոնից զրկվել:

Էհ, թող զրկեն, ինչ կա: Կարծում ես շա՞տ մեծ նշանակություն եմ տալիս ինչ-որ դելոպրոիզվոդիտելի պաշտոնին: Գիտես ինչ, քույրիկս, ուզում եմ Սմբատ Մարկիչին խնդրել, որ այստեղ ինձ, այսպես ասած, մի լավ պաշտոն տա, աա՞...

Գործակատարի՞:

Ինչո՞ւ գործակատարի և ոչ կառավարիչի, գանձապահի կամ, այսպես ասած, անձնական քարտուղարի: Ես այստեղ կարող էի ապրել, աստված վկա, կարող էի, չնայելով, որ, այսպես ասած, խորին Ասիա է: Խնդրի՛ր, սիրելի կողակցիդ, տա՛...

Ես երբեք նրանից բան չեմ խնդրի, այն էլ քեզ հարմար:

Պատճա՞ռը, աա՞ :

Ամեն մի խնդիր խնդրողի վրա որոշ առումով պարտականություն է դնում: Իսկ ես չեմ ուզում երախտապարտ լինել Ալիմովին:

Այ քեզ նորություն, կինը մարդուն երախտապարտ...

Ես նրա կինը չեմ, այլ միայն երեխաների մայրը...

Ալեքսեյ Իվանովիչն ունքերը բարձրացրեց մինչև մազերի արմատները, կնշանակե, թե մինչև այդ աստիճան զարմացավ:

Իսկ նա՞... Երևի, նա էլ միայն քո երեխաների հայրն է, աա՞... Այդ շատ օրիժինալ է, շատ օրիժինալ: Գիտե՞ս, սիրելիս, պիտի ասած է որ դու շատ անհարմար ժամանակ ես դադարել Սմբատ Մարկիչի կինը դառնալու: Քանի, այսպես ասած, տկլոր էրկինն էիր, հիմա միլիոններ է ստացելմիայն երեխաների մայրն ես, այդ իսկի ձեռնտու չէ, աա՞...

Ալեքսե՛յ...

Գիտեմ, սիրելիս, գիտեմ, որ միմյանց, այսպես ասած, խածնում եք: Բայց, քույրիկս, այժմ պետք է ատամներդ ներս քաշես, որովհետև մեջտեղ երկաթի սնդուկ կա, կրծոտելը դժվար է աա՞... Ուղիղն ասած, ես ինքս էլ չեմ սիրում այդ ասիացուն, բայց черт побери փող ունի, իսկ փողը, այսպես ասած, աշխարհի լծակն է, աա՞...

Քե՞զ ինչ կամ ի՞նձ ինչ, որ փող ունի: Մենք օտարներ ենք...

Օտարնե՜ր, դե, դե, դե, թո՛ղ այդ փուչ խոսքերը, աստված սիրես: Ասենք, դու ինձանից զարգացած ես և խելոք, այսպես ասած, ժամանակակից կին ես, սեփական գաղափարների և հաստատ կամքի տեր: Բայց ներիր, սիրելիս, կենսական խնդիրներում ինձ հետ վիճել չես կարող, այսպես ասած, հիսուն աչոկ առաջ կտամ... ես մարդկանց շատ լավ եմ ճանաչում... Ահա ինչ, սիրելիս, այդ գաղափարների, հայացքների տարբերություն, չգիտեմ, համոզումների կռիվ կամ ազգային խորթություն, դրանք բոլորը դատարկ բաներ են, աա՞: Այդ չէ ձեր, այսպես ասած, փոխադարձ գժտությունների պատճառը: Պատճառը, այսպես ասած, կենսական է և հոգեբանաֆիզիոլոգիական: Բանն այն է, որ դու մի քիչ, այսպես ասած, խունացել ես իբրև կին, հասկանո՞ւմ ես իբրև կին եմ ասում, աա՞: Черт побери, մի մտիկ արա աչքերիդ տակերին էէ՜...

Ալեքսե՛յ...

Նո՛ւ, Ալեքսեյ, Ալեքսեյ: Ալեքսեյը ճիշտն է ասում, և ինչո՞ւ թաքցնել ճշմարտությունը: Բայց ահա ինչ. ինձ զարմացնում է, թե դու ինչո՛ւ չես սիրում նրան: Այդ ինձ համար, այսպես ասած, հանելուկ է: Նա առողջ է, երիտասարդ, արյունը եռում է, աա՞:

Այնուամենայնիվ ես նրան ատում եմ:

Չեմ հասկանում, աստված վկա, չեմ հասկանում:

Եվ երբեք էլ չես կարող հասկանալ: Ատում եմ նրա երեսի ու մազերի գույնը, քիթը, բերանը, առոգանությունը, սովորություն սերը, ատում եմ նրա սերը դեպի յուրայինները, ատում եմ նրա լեզուն, ավանդությունները, նախապաշարումները, ազգականներին, և բոլորը, ինչ որ կապ ունի նրա ծագման հետ: Այս ատելությունը, հասկանալ չի կարելի, այլ միայն զգալ, միայն զգալ...

Այդ բոլորը գուցե կարելի է ատել, որովհետև, ինչպես ասես, ես էլ մի առանձին համակրություն չեմ զգում դեպի այդ ասիացիները: Բայց ներիր, մազերի գույնը դու պիտի սիրես, նա, այսպես ասած, ինչպես բրյունետ է, իսկ բրյունետները մեզանում մեծ գին ունեն, մանավանդ այդ կոպիտ կովկասցիները, աա՞:

Լավ, բավական է, — ընդհատեց Անտոնինա Իվանովնան եղբոր շաղակրատությունը, — թող այս նամակը վերջացնեմ:

Նա նստեց սեղանի քով, հուզված և շարունակեց ընդհատված գրությունը:

Այնուամենայնիվ, դու պիտի հաշտվես Սմբատ Մարկիչի հետ: Միլիոներ է, քույրիկս, հասկանո՞ւմ ես, ինչ ասել է միլիոներ, այն էլ մեր երկաթի դարում, աա՞:

Եվ գուցե, համոզված, որ վերջին խոսքերը կարող են ազդել համառ քրոջ վրա, նա, պենսնեն ուղղելով և աչքերը ճպճպելով, դուրս գնաց:

II

Միքայելի համար սկսվեցին ծանր, դաժան ժամեր, ժամեր, լի տանջանքներով, անսովոր խոհերով: Մի կողմից վիրավորված պատվի զգացումը և հասարակական ծաղրն ու արհամարհանքը, մյուս կողմից` խղճի խայթընրա հոգին ճնշում էին, սիրտը մորմոքում: Այն միտքը, թե դեռ Գրիշայից վրեժ չի առել, ստիպում էր նրան մենության մեջ փետտել մազերը, կրծոտել մատները, փակված վագրի պես անընդհատ անց ու դարձ անելով իր սենյակում: Այն միտքը, թե անզոր է այդ վրեժն առնելու, դրդում էր նրան անիծել սեփական թուլությունը, հայհոյելով անգամ ինքն իրեն:

Նա երկչոտ չէր, կարող էր իր պատիվը պաշտպանել նույիսկ կյանքի գնով: Բայց եղբոր խոսքերն ազդել էին նրա վրա և ազդել շատ խորը: Իսկ այդ խոսքերի ազդեցությամբ նրա մեջ հղացել էր մի ուրիշ զգացում, ավելի ծանր, քան տիկին Ղուլամյանի վերաբերմամբ գործած հանցանքի գիտակցությունը: Դա օրիորդ Շուշանիկի վերաբերմամբ գործած սխալն էր: Ապտակը նա համարում էր իր հանցանքի արժանի պատիժը: Իսկ մի մաքուր, անարատ աղջկա դեմ գործած մեղքը դեռ մնում է անպատիժ: Ուրիշ ժամանակ այդ մեղքը նա կհամարեր երիտասարդական խաղ, անցողիկ կատակ: Է՛հ, ինչ արավ. փորձեց մոլորեցնել մի անմեղ աղջկա և չկարողացավ: Մի՞թե ուրիշները քիչ են անում այդպիսի փորձեր, և ո՞վ է իրեն դատապարտում երեխայական խաղերի համար: Շուշանիկի պատիվն անխախտ է: Բայց ո՛չ, աղքատ աղջկա հուզված ու վրդովված կերպարանքը հալածում էր նրան ավելի խիստ, ավելի անողոք, քան արատավորված Անուշի կուշտ կերպարանքը: Նրա ականջներին շարունակ հնչում էին այդ աղջկա լուրջ ու արհամարհական խոսքերը, «Այնքա՜ն զանազանություն կա ձեր և ձեր եղբոր մեջ»:

Ո՞րն է այդ զանազանությունը: Մի՞թե այն, որ Սմբատը մի քիչ ավելի է ուսում առած, ավելի զարգացած, գուցե և՛ ավելի խելոք, քան Միքայելը: Ո՛չ, անկասկած այդ աղջիկը ակնարկեց մեկի ու մյուսի կենցաղների մեջ եղած տարբերությունը: Արդարև, մի՞թե Սմբատը թույլ կտա իրեն այնպես վերաբերվել մի անպաշտպան աղջկա:

Ահ, ի՞նչ հիմարություն արավ նա և ինչո՞ւ: Մի՞թե ստոր, անասնական կիրքն այնքան ապականել է նրա հոգին, որ այլևս ոչ մի սրբություն չի մնացել նրա համար: Այդքան վառվռուն, կրակոտ կանանցից հետո այդ համեստ աղջկա մաքուր ձայնը, պայծառ աչքերը գրավեցին նրան ինչպես նորություն ու թարմություն: Համադամ խորտիկներից ձանձրացած ստամոքսը երբեմն հասարակ բուսեղեն կերակրի պահանջ է զգում: Քմքի րոպեակա՜ն հաճույք, կուշտ սրտի անցողի՜կ փափագ, որ գրգեց նրան այդչափ ստորանալ մի աղքատ ու անհայտ աղջկա առջև: Բայց ինչո՞ւ այդ աղջկա ձայնը հնչեց նրա ականջին այնքան սոսկալի և ինչո՞ւ այսօր հալածում է նրան նույնիսկ այն պահին, երբ պարտավոր է մտածել միայն իր պատվի վերականգնման մասին:

«Կփափագեի, որ մի օր քո մեջ զարթներ իսկական սիրո զգացմունքը», հիշում էր նա Սմբատի խոսքերը: Եվ իրիկնային մթության մեջ, մեն մենակ նստած իր ննջարանում, այս խոսքերի ադդեցությամբ վերլուծում էր իր զգացումները կանանց վերաբերմամբ: Նա տեսնում էր սրտի ծայրահեղ ապականություն, և ուրիշ ոչինչ: Նա ոչ միայն չի սիրել, այլև անպատվել է այդ մաքուր զգացումը, անասնական ախտը սիրո տեղ շռայլելով: Նա իր բնական ծարավը միշտ հագեցրել է կեղտոտ աղբյուրներից: Երբեք չի հարգել կին ասված էակին, նույնիսկ այդ Անուշին: Իհարկե, այդ աղջիկն իրավունք ունի նրան արհամարհելու:

Որքան նա աշխատում էր մոռանալ անմեղ կերպարանքը, այնքան ավելի էր հալածվում նրանից: Ապտակի լուրը տարածվել է ամբողջ քաղաքում, այսօր, վաղը, իհարկե, հայտնվելու է և նրա ամոթալի պատճառը: Եվ ոչ ոքի կարծիքը նրան չէր վախեցնում, որքան Շուշանիկինը: Սենյակի մթության մեջ տեսնում էր մի անկոչ դատավոր, որ զզվանքով լի աչքերը հառել էր նրա երեսին: Լսում էր սարսափելի շշուկը. «չէի՞ ասում, որքան զանազանություն կա ձեր և ձեր եղբոր մեջ»: Կարծես, այդ աղջիկն ամբողջ հասարակական կարծիքի մարմնացումն էր, և կարծես, մարդկությունը կենտրոնացել էր միայն այդ աղջկա մեջ: Նրան թվում էր, որ եթե միայն Շուշանիկից ներվի, կմոռանա իր անպատվությունը, միևնույն ժամանակ զգում էր, որ եթե բոլորն էլ ներեն, հենց միայն այդ աղջիկը միշտ արհամարհելու է իրեն, միշտ զզվանքով երես է դարձնելու:

Նա վառեց ննջարանի լամպարը, դրեց սեղանի վրա: Գլուխը բարձրացնելով, պատին քաշ արած հայելու մեջ տեսավ իր դեմքը: Աչքերի շրջանակները կարմրել էին, այտերը շառագունել: Նրան թվաց, թե ապտակը ձախ այտի վրա թողել է չորս մատների կապույտ հետքը: Ցնցվեց: Ա՜խ, երանի թե կարելի լիներ գոնե այս մի հատիկ թերթը պոկել նրա կյանքի գրքույկից և այրել անհետք: Բայց անկարելի է, և հենց այս մի հատիկ թերթը պիտի բարձրաձայն գոռա նրա բարոյական անկման մասին:

Նայեց իր փափուկ, շքեղ անկողնին և ապա հայացքը դարձրեց դեպի անուշահոտ յուղերի ու ջրերի սրվակները: Հանկարծ զգաց անսովոր զզվանք դեպի այն բոլորը, որ նրա կանացի զեխության նշաններն էին:

«Մի՞թե քո սրտում չի մնացել մի առողջ անկյուն», հիշեց Սմբատի խոսքերը: Ահա թե որքան է ընկել, որ նրան մի այսպիսի հարց են տալիս` լռում է:

Ո՛չ, այլևս նա չի ուզում ընկած մնալ: Նա կարող է իրեն ուղղել: Հեռո՛ւ, ապականող շրջան, անքուն գիշերներ, զազրելի զվարճություններ` անառակների ընկերության մեջ:

Նա կատաղեց տուալետի սեղանի դեմ: Եվ մի րոպեում բոլոր սրվակներն ու շշերը լուսամուտի միջով սլացան դեպի փողոց, ուր նրանք ջարդ ու փշուր եղան սալահատակի վրա: Ա՜խ, երանի կարողանար իր ամբողջ անցյալն այդպես խորտակել և նորից սկսեր ապրել: Այն ժամանակ այդ աղքատ ու հպարտ աղջկան կասեր, «տեսե՛ք, ես արհամարհում եմ ձեր կարծիքը, որովհետև իմ եղբայրն ինձանից ոչ մի բանով բարձր չէ»:

Նայեց ժամացույցին, դեռ յոթ ժամն էր: Երբեք օրվա այս միջոցին նա տանը չէր եղել: Այժմ ո՞ւր գնալ, ի՞նչ երեսով երևալ ընկերներին: Մտածեց, որ Գրիշան դեռ տանն է և ինը ժամից առաջ չի գնում կլուբ: Մենա՞կ է, արդյոք, ի՞նչ է մտածում, ուրա՞խ է իր արածի համար, պարծենո՞ւմ է ընկերների մոտ, թե՞ զղջում: Նա զգաց անսովոր կարեկցություն դեպի ընկերները և նրա մեջ հանկարծ հղացավ Գրիշայի հետ տեսնվելու ցանկություն:

Աղա՛, այս մարդն ուզում է տեսնել, — լսեց նա զանգեզուրցի Բաղդասարի ձայնը:

Ծառան, որ մի անտաշ գյուղացի էր, հագած էր սև սյուրտուկ, սպիտակ փողկապ Միքայելի պատվերով:

Ասե՞լ ես, որ տանն եմ, — հարցրեց Միքայելը, նայելով սպասավորի բերած այցետոմսին, աչքունքը թթվացնելով:

Ասել եմ:

Շատ ղալա՛թ ես արել... Խնդրի՛ր ներս...

Ներկայացավ թղթակից Մարզպետունին: Ցավակցություն հայտնեց, որ ուշ է ներկայանում իր հակակրանքը արտահայտելու համար «տեղի ունեցած վայրենի դեպքի մասին»: Նա գրգռված էր և սկսեց բողոքել «հասարակական անպիտան վարք ու բարքի դեմ»: Ակնարկեց, թե դեպքի նկարագրությունն արդեն պատրաստ է լրագրի համար: Հաբեթյանը դուրս է բերված մի անբարոյական մարդ, մի հրեշ: Թող կարդա և ամաչի իր արածից:

Միայն մի քանի լրացուցիչ տեղեկություններ են հարկավոր, — ավելացրեց թղթակիցը, հուշատետրը ծոցից հանելով. — օրինակ` ճշմարի՞տ է, որ դուք նրան մենամարտության եք կանչել, Հաբեթյանը փախել է երկչոտությամբ:

Ո՛չ, սուտ է:

Ճշմարի՞տ է, որ... — կամեցավ շարունակել թղթակիցը և հանկարծ կանգ առավ զարմացած:

Միքայելը բացարձակ ցույց տվեց, թե մտադիր չէ նրա հարցերին պատասխան տալու: Նա, գրիչը վերցնելով, ձևացավ, թե գործ ունի:

Ներեցեք, կարծեմ, ես ձեզ խանգարեցի, — ասաց թղթակիցը, հուշատետրը կամացուկ ցոցը դնելով:

Այո՛, ես մի քիչ զբաղված եմ, — ասաց Միքայելը, չթաքցնելով իր ձանձրույթը:

Ներեցեք, ես ուզում էի ձեզ պաշտպանել մամուլի միջոցով:

Բայց մի՞թե կարիք կա ամեն մի մասնավոր դեպք լրագրին հաղորդելու:

Ո՛չ, այդ մասնավոր դեպք չէ, այլ հասարակական երևույթ: Ես իբրև մեր հասարակական բարք ու վարքերի ուսումնասիրող, պարտավոր եմ հաղորդել...

Այն Ժամանակ գրեցեք, ինչ ուզում եք. ես ժամանակ չունեմ քննության ենթարկվելու:

Շատ գեղեցիկ, շատ հիանալի, պարոն Ալիմյան: Կնշանակե, ես ստիպված կլինեմ դիմել պարոն Հաբեթյանի աջակցությանը: Նա բոլորը կասի, իսկ ես... ես պարտավոր եմ բոլորը գրել... Դա հասարակական երևույթ է...

Գնացե՛ք, ուրեմն նրա մոտ որքան շուտ, այնքան լավ, — գոչեց Միքայելը, հասկանալով թղթակցի քսու միտքը:

Մարզպետունին ամբողջ մամուլի պատիվը շոշափված զգալով, դուրս գնաց, մտքում պատրաստելով մի կծու հոդված, որով պիտի ջարդ ու փշուր աներ բուրժուազիային: Ա՜խ, այդ բուրժուաները, երբեք չպիտի աշխատել նրանց դուր գալ... չեն հասկանում, չեն գնահատում:

Նույն րոպեին, կուչ գալով և փոքրացած, ներս սլկվեց արծաթագործ-ակնավաճառ Բարսեղը: Ի՜նչ անպատվություն, ի՜նչ լրբություն. եթե Ալիմյանների պես մեծամեծների պատվին էլ դիպչում են, էլ ի՞նչ պիտի անեն Բարսեղի նման «խեղճ մարդիկ»: Աշխարհը փչացել է, մեծ ու պստիկ չկա: Մարկոս աղայի որդին կլուբում ապտակ ստանա՞, և քաղաքը տակն ու վրա չլինի՞... լսվա՞ծ բան է... Երեք օր է Բարսեղը շարունակ կռվում է բոլորի հետ: Չար լեզուներն ասում են, որ իբր Միքայել աղան դուետից հետ է կանգնել: Իհարկե, Բարսեղը, Միքայել աղայի ցավն առնի նա, ամենի հետ կռվում է այս մասին: Հաբեթյանն ո՞վ է, որ Ալիմյանը նրա հետ ճակատ-ճակատի կանգնի: Փիե՜, աշխարհը քանդվե՞լ է, էլ մարդ չի՞ մնացել, որ Միքայել աղան ինքը գնա ու ձեռներր կեղտոտի: Այնքան բարեկամներ ունի, բավական է մեկին հրամայի, Հաբեթյանի «գլուխը կթռցնեն սխտորի պես»:

Ես ինքս, ցավդ առնեմ, խեղճ տեղովս նրա միսը դոլմա անել կտամ, շներին կուտացնեմ: Թոկից փախածներ կան ձեռքիս տակ, որ մատդ բարձրացնես, մարդու ծոցից գիշերը կնոջը կհանեն:

Նայելով ակնավաճառի փոքրիկ աչքերին, շիկակարմրագույն դեմքին, Միքայելն զգաց անսովոր զզվանք:

Ես ոչ ոքի օգնության կարոտ չեմ, — ասաց նա, հասկացնելով, որ երկար խոսելու ախորժակ չունի:

Իհարկե, իհարկե:

Դե լավ, դո՛ւրս եկ, — պատվիրեց Միքայելը բավական խիստ եղանակով:

Ակնավաճառը դուրս գնաց փոշման, ատամները կրճտելով:

Միքայելը կանչեց Բաղդասարին և հրամայեց այլևս ոչ ոքի չընդունել: Բայց հենց հրամանը տալիս ներս մտավ Սուլյանը, որի աչքերի վերին կոպերը խորին զայրույթից միանգամայն անհետացել էին ունքերի տակ: Այդ ի՞նչ վայրենություն է, այդ ի՞նչ հանդգնություն է և ո՞վ է ում վրա ձեռ բարձրացնողը: Սպանելը քիչ է, պիտի կախաղան բարձրացնել, ո՛չ, ձգել նավթահորի մեջ խեղդել:

Ես մի խաղաղ մարդ եմ, որովհետև, ինչ կուզեք ասեք, գիտությունը մարդու մեջ սպանում է վայրենի ինստինկտները: Բայց, եթե թույլ տաք, հինգ անգամ կապտակեմ այդ վայրենուն: Գոնե պետք է հասկացնել, որ կան մարդիկ, որոնց վրա ոչ մի ձեռք չպիտի բարձրանա: Ալիմյաններն ինչ-որ Հաբեթյաններ չեն...

Նրա խոսքերն ընդհատվեց Մարութխանյան ամուսինների գալուստով: Երեք օր էր նրանք նույն ժամին այցելում էին և չէին հաջողում Միքայելին տեսնել: Իր սենյակում փակված` նա ոչ ոքի չէր ընդունում:

Տիկին Մարթան սկսեց հայհոյել Հաբեթյանի մորը, քույրերին ու բոլոր ազգականուհիներին, հայտնի չէր ինչու, հանգիստ թողնելով արական սեռը: Նրա կարմրախայտ այտերի շուրջը կապտեց, երկարավուն քթի պնչերը դողացին, բարակ շրթունքները դեղնեցին: Այդ կինը, որ նոր էր սգից դուրս եկել, հագնված էր ամենավերջին տարազով, բայց որպես մի անշնորհք, սակայն գեղեցիկ դերասանուհի կամ առաջին կարգի կոկետուհի: Նրա ահագին գլխարկը զարդարված էր ամեն գույնի փետուրներով ու ծաղիկներով, իսկ մետաքսյա վարդագույն կիռասի թևերն այնքան լայն էին ուսերի կողմում և նեղ բազուկների վրա, որ նա նմանում էր չինական ծաղկամանի:

Մարութխանյանը նույն կարծիքի էր, ինչ որ իրավաբան Փեյքարյանը, պետք է գանգատվել դատարանին:

Ամեն բան դատարանի ձեռքով, ամեն բան, — կրկնեց նա խորհրդավոր եղանակով, — ժամանակներս այսպես են, ինչ արած:

Չէ՛, Իսակ, չէ, դա շատ քիչ է, — գոչեց Մարթան, որ բազկաթոռի վրա հանդարտ չէր կարողանում նստել, մերթ պտտում էր եղբոր, մերթ ամուսնու ու մերթ Սուլյանի կողմը, ինչպես լարված պաճուճապատանք:

Այդ գյադային մի լավ պիտի ծեծել տալ: Գիտե՞ս ինչպես. գցել հենց կլուբում, ուրիշների առաջ, ծեծել, ծեծել ու ծեծել: Այնպես չէ՞, պարոն Սուլյան:

Սուլյանը մի ինչ-որ անորոշ շարժում արավ գլխով: Ով գիտե` Իսակ Մարութխանյանն ինչ մարդ է, հանկարծ դրսում մի անզգույշ խոսք կասի, և Հաբեթյանը լսելով, կարող է Սուլյանին էլ թշնամի համարել: Այժմ նա մտածում էր տիկին Մարթայի մասին, մերթ ընդ մերթ նրա վրա գաղտուկ իմաստալի հայացքներ ձգելով: Նա չէր ուզում, որ տիկինը կատաղի, որովհետև այդ տգեղացնում էր նրա դեմքը: Երբ Մարթան, ազատվելով սրտի առաջին մաղձից, հանդարտվեց, սկսեց սիրալիր ժպտալ ինժեներին, աշխատելով, սակայն, որ իր ժպիտները չնկատվեն ամուսնուց ու եղբորից: Եվ խորամանկ ամուսինը, որի սրատես աչքերից առևտրական աշխարհում ոչ մի չնչին երևույթ խույս չէր տալիս, իր կնոջ վերաբերմամբ առհասարակ բավական կարճատես էր...

Իբրև զգույշ և հասկացող մարդ, Սուլյանը զգաց, որ այժմ ինքն ավելորդ է ընտանեկան շրջանում: Հրաժեշտ տալիս նրա փոքրիկ աչքերը մի քանի վայրկյան սևեռվեցին Մարթայի աչքերին այն պահին, երբ տիկնոջ բոլոր մատները ցնցվեցին նրա ձեռքի մեջ:

Հիմա կարող ենք մեր մեջ խոսել մեր ընտանեկան ցավերի մասին, — ասաց տիկինը, Սուլյանի դուրս գնալուց հետո: -Արի, Միքայել, խոստովանիր, որ մեր եղբայրը մարդ չէ: Եթե մարդ լիներ, հենց այսօր թշնամուդ գլուխը ջարդ ու փշուր կաներ: Ա՜խ, Մեխակ, ուրիշներն էլ եղբայր ունեն, մենք էլ... Զրկում է մեզ հերիք չէ, պատիվներս էլ ուրիշների մոտ չի պաշտպանում: Էհ, տերը նրա հետ, թող ինքն իր պատիվը պաշտպանի, եթե կարող է, — շարունակեց տիկինը, իսկույն փոխելով խոսքը, — միայն մեզ հանգիստ թողնի: Հենց այդ է, որ հանգիստ չի թողնում. ի՜նչ կա, բերել է ու մեր գլխին ձգել այդ կնոջն իր լակոտներով: Ա՜չքս լույս, իմ խեղճ հայրն արյուն-քրտինքով փող աշխատի, մի օտարուհի գա, տիրանա... Հապա դա աստված կվերցնի՞, Մեխակ.... դու ասա...

Իսակ Մարութխանյանը լսում էր լուռ, թույլ տալով կնոջը շարունակել նույն ուղղությամբ: Նա գիտեր իր լարած մեքենայի զորությունը, գիտեր, որ Մարթան մինչև որ Միքայելին նորից չգրգռի Սմբատի դեմ, չպիտի լռի:

Ինչո՞ւ մինչև հիմա մեզ վիզիտ չի անում, — շարունակեց Մարթան, նորից, հետզհետե տաքանալով, — հարցնող լինի, ո՞վ է, ո՞ւմ աղջիկն է: Եկել է թե չէ, մեր մոր օրը սևացրել է: Խեղճ ծնողս ամեն օր աղի արտասուք է թափում: Մեխա՛կ ջան, պետք է Սմբատին խելքի բերել: Նա մեր անունը խայտառակեց հայերի մեջ: Ի՞նչ է քո վզին նստեցրել այդ քոծին...

Նա զարմացավ: Այս անգամ Միքայելն անուշադիր էր դեպի իր դրդումները: Կատաղեց և սկսեց ավելի պարսավել Անտոնինա Իվանովնային: Բանն այնտեղ հասավ, որ չխնայեց եղբոր կնոջ բարոյական վարքն անգամ և ուղղակի կասկած հայտնեց նրա անցյալի մասին...

Մարթա՛, — գոչեց, վերջապես, Միքայելը, — մի քիչ քաղաքավարի խոսիր, այդ կինը մեր եղբոր ամուսինն է, նրա երեխաների մայրը...

Օհօ՜, օհօ՜, օհօ՜, — կրկնեց Մարթան, գրեթե նստած տեղը պարելով, — ա՜յ նոր բան: Դու նրանց կո՞ղմն ես անցել, ուրեմն այդ կնիկը քեզ էլ է կախարդել...

Իսակը նոր միայն սկսեց կամաց-կամաց հանել ձախ ձեռքի ձեռնոցը: Դա նշան էր, որ պատրաստվում է արդեն կնոջն օգնելու:

Այսօր ես, — սկսեց նա հանդարտ, աչքով անելով Մարթային, որ լռի, — այսօր ես փաստարանին ասացի, որ դատարանին խնդիր տա:

Ինչի՞ մասին, — հարցրեց Միքայելը, թեև գիտեր փեսան ինչի մասին էր խոսում:

Մեր դատի, կարծում եմ արդեն ժամանակն է:

Չի՞ կարելի, արդյոք, մի քիչ էլ հետաձգել:

Ինչու չէ, կարելի է, — պատասխանեց Մարութխանյանը, վարտիքի ծնկերը սրբելով, թեև այնտեղ ոչինչ չկար, — երևի, խոստանում է կամավոր մեր բաժինը տալ, հը՞մ...

Մինչև այժմ Միքայելն անցուդարձ էր անում: Լսելով փեսայի վերջին խոսքերը նայեց նրա երեսին, նստեց դեմուդեմ և, ոտը ձգեւլով ոտի վրա, ասաց.

Ամոթ չլինի հարցնելը, ի՞նչ բաժնի մասին ես խոսում:

Մարդ ու կին նայեցին միմյանց երեսի. անշուշտ, Միքայելին մի բան է պատահել:

Մեր հալալ բաժնի, — պատասխանեց Իսակը, ուսերը վեր քաշելով:

Գիտես ի՞նչ, փեսա, ես Սմբատի հետ չեմ ուզում վեճի բռնվել, զուր եք մարդ ու կին ուզում ինձ խելքից հանել...

Ի՞նչ, ի՞նչ, — գոչեց Մարթան, — դու չես ուզում, ես ուզում եմ, իմ երեխաներն ուզում են:

Դու ժառանգ չես և իրավունք չունիս բաժին պահանջելու...

Էհե՜, այդ էր պակաս: Չէ՛, Իսակ, եղբորս խելքից հանել են...

Կարելի է բոլորովի՞ն չես ուզում դատ սկսել, — հարցրեց Իսակը:

Եթե կամենում ես ճիշտն իմանալ, այո՛, բոլորովին, — պատասխանեց Միքայելը:

Հետաքրքրական է իմանալ, ինչո՞ւ:

Հենց այնպես, քեֆս չի տալիս:

Մարութխանյանը մի սուր, երկարատև հայացք ձգեց Միքայելի աչքերի մեջ:

Ի՞նչ ես այդպես մտիկ անում, — բարկացավ Միքայելը կանաչ-դեղնավուն աչքերի անախորժ փայլիցմի՞թե կարծում էիր` այնքան ընկած եմ, որ խարդախության կդիմեմ եղբորս դեմ` գրպանդ հարստացնելու համար: Սխալվում ես, ես սրիկա չեմ...

Մարութխանյանն սկսեց անհանգիստ շարժումներ անել: Բանն այն է, որ նա իր կնոջը հավատացրել էր, թե կոնտր-կտակն իսկական է:

Եթե չես ուզում դատ սկսել, — ասաց նա, — ի՞նչ հարկավոր է ավելորդ խոսելը: Մարթա՛, վեր կա՛ց, գնանք... Միխայիլ Մարկիչն այսօր քեֆ չունի...

Միքայելը նրա աչքերի մեշ կարդաց կծու հեգնության հետ և մի չար դիտավորություն: Թվաց նրան, որ այդ աչքերի մեջ նստած, մի զույգ զազրելի սողուններն ինչ-որ դավ են սարքում իր դեմ:

Գիտե՞ս ինչ, փեսա, արտասանեց նա ակամա, չկարողանալով զսպել նողկանքը, — դու... դու լավ մարդ չես, ներիր ինձ...

Մարութխանյանը հեգնաբար ծիծաղեց բարձրաձայն: Նրա չոր ձայնը հնչեց որպես մի ցուրտ, անախորժ քամի: Լամպարի լույսն ընկել էր ուղիղ նրա դեմքի վրա և լուսավորում նրա մի քիչ երկայնաձև գլուխը, որ դդումի ձև ուներ:

Ես լավ մարդ չեմ, հա՜, հա՜, հա՜, — կրկին ծիծաղեց նա և ոտի կանգնեց, — Մարթա՛, առաջ ընկիր... Ես իմ հաշիվները գիտեմ, լավ մարդ չեմ, բայց իմ հաշիվները գիտեմ...

Մեխակ, — գոչեց Մարթան, որ զարմացած մերթ նայում էր ամուսնուն, մերթ եղբորը, լավ չըմբռնելով նրանց վեճի իսկական իմաստը, — դու իմ մարդուն վիրավորում ես, խելքդ գլխի՞դ է...

Առաջ-ո՛չ, այժմ, փառք աստծու, գլխիս է, միայն վախենում եմ, որ այդ մարդը քո խելքը չուտի: Գիտե՞ս, նա շատ ագահ է, օ՜օ, շատ ագահ, ամեն բան ուտում է...

Տեսնենք, — ասաց Իսակը, գլխարկը բազկաթոռի վրայից վերցնելով, — վախենում եմ մի օր այդ խոսքերի համար կփոշմանես, Միխայիլ Մարկիչ:

Դե լավ, թո՛ղ ինձ հանգիստ, գնա՛ բանիդ...

Следующая страница