Շիրվանզադե Ալեքսանդր՝   Քաոս

Գիշերն անցավ, աշնանային արեգակը սփռեց երկրի վրա իր առաջին շողերը, հետզհետե աղոտացնելով հրդեհի լույսը: Ամբոխը` ցեխոտված, մրոտված ու նավթոտված բանակը տաժանակիր աշխատանքի` տակավին շարունակում էր գոռգոռալ, վազվզել, քանդել, խորտակել, այս ու այնտեղ տանել ջարդոտված մեքենաները, ջրմուղները ու հազար ու մի տեսակ գործիքներ: Օդի մեջ պսպղում են հազարավոր թիեր, բահեր, լինգեր, ձողեր, և ինչ. հուրն արհամարհում է ամեն ինչ և իր ավերիչ դեբոշը շարունակում ավելի ու ավելի կատաղությամբ: Ջրմուղները գործում են ծուլորեն, կարծես զգալով իրենց անզորությունը: Այլևս մշակները չեն հոգում, թե որ կողմն են մղում ջուրը, այնքան հոգնել էին: Արեգակը ջրեղեն կամարներին տալիս էր ծիածանի երանգներ և դա ավելի մի տեսակ դեկոր է հրդեհի համար, քան նրան ոչնչացնող զորություն: Թուրքերն աղաղակում են, «Ալլահ», «ալլահ» և ոչինչ չեն անում: Լեզգիներն արձակում են ինչ-որ կոկորդային հնչյուններ նման ճայերի կանչերին: Ռուսների դեմքերն արտահայտում են մռայլ լրջություն մեջտեղ դրված հինգ խանձված դիակների տպավորության ներքո: Հայերը միմյանց վրա գոռում են, միմյանց հրամայում և ոչ մեկը մյուսին չի լսում: Քաղաքից եկել են մի խումբ անգլիացիներ և շվեդացիներ, — սիգարներն ու ծխամորճները բերաններին ու ձեռները վարտիքների գրպանները դրած, անտարբեր դիտում են իրենց երկրներում չտեսնված տեսարանը: Հինգ տարի էր այդպիսի մեծ հրդեհ չէր եղել: Քաղաքից շարունակ գալիս էին հանքատերեր, գործարանատերեր, գործակատարներ: Որին քնից էին զարթնեցրել, որոնք գալիս էին թղթախաղի սեղանից, քեֆից, արբեցողությունից, սիրուհիների գրկից կամ անառականոցներից:

Սմբատն այլայլված վազում էր դեսուդեն և կարգադրություններ անում, անօգուտ հրամաններ արձակում: Նա հոգնել էր գոռալուց, սպառնալուց, աղերսելուց: Հրամայեց, որ սպանված աշխատավորների դիակներն ասպարեզից հեռացվեն: Ողբալի դեպք, բայց այդ մասին նա հետո կմտածե, իսկ առայժմ պետք է հոգալ կրակից, լափից ազատելու այն, ինչ որ հնարավոր է ազատել: Բայց այլևս ուշ էր, այլևս ոչ մի բուրգ և ոչ մի շինություն չի ազատվիլ այրվելուց, բացի նորակառոււց շինությունից:

Անտոնինա Իվանովնան մի քանի մշակների օգնությամբ դուրս էր բերում գրադարանի գրքերը:

Երեխաներին ուղարկեցի՞ք քաղաք, — հարցրեց նա Սմբատին:

Այո:

Ձեր եղբոր մի կուռը կոտրվել է Զարգարյաններին ազատելիս:

Գիտեմ, — արտասանեց Սմբատը և չքացավ ամբոխի մեջ:

Միքայելը պառկած էր մի փոքրիկ կեղտոտ սենյակում, մերկ անկողնակալի վրա:

Նրան շրջապատել էին Զարգարյանները: Մի ձեռը դրած գլխատակին, մյուսն անզոր ձգաձ կրծքի վրա, շրթունքները կրծոտելով, աշխատում էր զսպել անտանելի ցավերը: Շուշանիկը լուսամուտի առջև օգնում էր բժշկին ինչ-որ փաթաթան պատրաստելու: Նա հոգնած էր, ուժասպառ, հազիվ կարողանում էր կանգնել ոտքի վրա: Ահ, որքա՜ն նա զգացել էր ու ապրել այս մի քանի ժամվա ընթացքում և ո՜րպիսի հեղաշրջում էր տեղի ունեցել նրա հոգու մեջ:

Ահա ի՜նչ. ուրեմն, նա, որից ոչինչ լավ բան չէր սպասում, որին գրեթե արհամարհել էր, որից փախել էր որպես ժանտախտից ցույց տվեց այդքան հերոսություն: Ուրեմն, նրան, այդ փչացած ու ապականված մարդո՞ւն է պարտական իր հոր, հորեղբոր, նույնիսկ իր կյանքը. ի՞նչ է նշանակում այդ անձնազոհությունը: Ո՞վ կամ ի՞նչը ներշնչեց այդ մարդուն այդչափ անվեհերություն և արհամարհանք դեպի սեփական կյանքը: Դա երազ չէր, այլ իրականություն ու անսպասելի, աներևակայելի, և՛ երկյուղալի, և՛ ուրախալի: Գեղեցիկ էր նա այն պահին, երբ թանձր ծխի միջից դուրս եկավ Չուպրովի թևին հենված, գեղեցիկ ասպետական գեղեցկությամբ: Օօ՜, ոչ. երբեք, երբեք Շուշանիկը չի մոռանալ այն վայրկյանը, որ մոգական լապտերով խորին մթության մեջ պայծառացրեց զմայլելի մի պատկեր: Արժե՞ր նրա զգացած վիրավորանքն այդ ասպետական վարձատրության: Ոչ, ոչ և ոչ: Կարծես անցնելով կրակների ու ծխերի միջով, այդ մարդն անհետք այրեց իր բոլոր անցյալը և դուրս եկավ հնոցից` ապականությունից մաքրված ու զտված: Իսկ այն մյո՞ւսը, որ այնքան հոգեկան տվայտանքներ էր պատճառել նրան և որին իր մոլոր երևակայության մեջ այնպես իդեալացրել էր: Այո՛, նա նույնպես կամեցավ հերոսանալ, բայց ուրիշների ձեռքով, բայց ոսկու միջոցով: «Տղերք, երեք հազար, չորս հազար, հինգ հազար ազատողին», ի՜նչ կծու հեգնությամբ են հնչում այժմ այդ բառերը նրա ականջներին: Ի՜նչ ահռելի վիհ երկուսի մեջ և ո՞րն է բարձրեթե ոչ նա, որ ահա այնտեղ, մերկ անկողնակալի վրա ընկած, տառապում է ցավերից: Մեկը ոսկով, մյուսը կյանքով և ո՞ր ոսկին կարող է փոխարինել կյանքը: Ովքե՞ր են Զարգարյանները նրա համար, այդ անդամալույծը, այդ աննշան գործակատարը: Իսկ ի՞նքը` Շուշանիկը: Մեկը` ոչնչություն, մյուսը` կյանքի հեգնանքներից ծնված միայն և միայն աշխատելու ու տառապելու համար: Մինչդեռ նա, ոսկեհյուս խանձարուրի մեջ սնվածը և շուքի ու շռայլության մեջ օրորվածը, ոչնչով, ոչնչով պարտական չէր մի աննդան, մի աղքատիկ աղջկա ազատելու կրակի ճանկերից:

Մյուսը դիմեց դրամի օգնության ազատելու համար այն մարդուն, որ ազատել էր իր զավակներին: Դառը հեգնանք` շպրտված չքավորության երեսին որպես թունավոր թուք: Հե՜, կարծես, այդ մարդիկ, որոնց նա հրամայում էր կրակի մեջ նետվել, կյանք չունեն, զուրկ են ապրելու ցանկությունից: Փոքրոգություն: Սարսափել մահից այն ժամանակ, երբ ուրիշները չէին սարսափել, նետվելով կրակի մեջ, որպեսզի ազատեն նրա զավակներին:

Իդեալացրածի կերպարանքից ընկնում էր խորհրդավորության քողը, անզուգականը դառնում էր առօրյա հասարակ արարածվաճառական: Նողկանքահա այդպիսի մեկի արժանավոր վարձը: Դառն է բաժանվել երևակայականից, բայց և ցանկալի: Չէ՞ որ այն, ինչ որ ստեղծել էին երազները, երբեք, երբեք չպիտի պատկաներ իրան: Էէ՜, թող ուրեմն սթափվե, տեսնելով բացված աչքերով մերկ իրականությունը: Այժմ Շուշանիկը ոչ միայն պարտավոր է մոռանալ այդ մարդուն, այլև կարող է մոռանալ: Ահա նա, վազվզում է ամբոխի մեջ մերթ հրամայելով, և մերթ աղերսելով փրկել կրակի լափից մնացորդն իր կայքերի: Այժմ նրա դեմքն այլևս չունի նախկին առնականությունն ու հուրը, և ձայնը զրկվել է իր թովչությունից արդեն այն վայրկյանին, երբ աղաղակեց. «տղերք, ազատողին հինգ հազար ռուբլի»...

Միքայելը, հեզ ու խոնարհ երեխայի պես, թույլ տվեց բանալ իր կուռը և փաթաթանը փոխել: Մի վայրկյան վարեն վեր նայելով, կարդաց Շուշանիկի աչքերի մեջ խորին կարեկցության հետք և մի ուրիշ բան: Կռան ցավերն անտանելի էին, բայց գրեթե ոչինչ չզգաց: Օ՜օ, նա իր թևն անվերջ կթողներ բժշկի ձեռների մեջ, Շուշանիկը մնար ներկա և նույն հայացքով նայեր նրան: Բայց ոչ, վերջացնելով իր գործը, օրիորդը հեռացավ և մեղմիկ քայլերով դուրս գնաց:

Այնտեղ, կից սենյակում պառկած էր կրակից ազատված անդամալույծը: Նա քնած էր անխռով քնով: Շուշանիկը նստեց նրա գլխի մոտ, փոքրիկ նստարանի վրա: Նրա սիրտը պաշարել էին անորոշ զգացումներ, մտքերը շփոթվում էին. հոգնած գլուխը չէր կարողանում տակավին պարզ հաշիվ տալ մերձավոր անցյալի մասին: Նա հեռու էր ամբոխից, բայց աղաղակները հնչում էրն նրա ականջներին, հրդեհը չէր տեսնում, բայց տարերքների անթափանցելի քաոսը կանգնած էր նրա աչքերի առջև: Այնտեղ թանձր ծխերի մեջ անօգնական մերձավորները, այնտեղ մոր ու հորաքրոջ հուսահատ պատկերները: Այնտեղ բոսորագույն կրակն իր բյուրավոր ճյուղերով ու ահարկու լեզուներով, այստեղ սև ուրվականներ, ինչ-որ վայրենի ճիչեր, ինչ-որ գոռում-գոչյուններ, հինգ կիսով չափ այրված դիակներ, մուր, ցեխ, նավթ, կեղտի ու խավարի, կյանքի ու մահվան մի զանգված: Եվ այդ քաոսի մեջ երկու տարբեր պատկերներ. — մեկը բարձրահասակ, առնական կերպարանքով, քաղաքային մաքուր հագուստով, մյուսը` մի միջահասակ, ոտից մինչև գլուխ նավթի, մրի, տիղմի մեջ. մեկն ինչպես արտաքինով, նույնպես և բարոյականով մաքուր, մյուսի անցյալը կեղտոտ, ներկան անորոշ: Եվ հանկարծ նա, որ բարոյական է, որ մաքուր է, կամաց-կամաց աղոտանում է և չքանում ինչպես միրաժ, իսկ մյուսն արագ-արագ բարձրանում է, մաքրվում իր անցյալի ապականություններից, և ահա երևան է գալիս մի լուսապայծառ մեծության մեջ:

Հոգնած գլուխը թեքվեց կրծքին, ձեռները թուլացան, ընկան վար: Բայց դեռ հնչում էին նրա ականջներին ամբոխի աղաղակները... Իրականությունը դանդաղորեն աղոտացավ և հետո փոխվեց մղձավանջի: Վերստին նա կրակների սահմանումն է, ամեն կողմից վտանգով շրջապատված: Երկնքից թափվում են կայծեր, վայրենի մռնչյուններ արձակելով, և ոտների առջև բացված են մթին գերեզմաններ լի մարդկային կմախքներով, որոնք իրանց ատամնազուրկ բերաններով քրքջում են նրա երեսին և ձգտում են իրանց ոսկրային ձեռներով քաշել վար, վար: Նա ձեռները տարածած օգնություն է աղերսում և ոչ ոք ոչ ոք չի գալիս ազատելու, նույնիսկ հորեղբայրը, նույնիսկ մայրը: Նա դիմում է մեկին, որ կանգնած է հեռու, հեռու և ժպիտն երեսին գրկում ու համբուրում է քովը կանգնած մի կնոջ, այժմ այս սոսկալի պահին. — բայց ահա կեղտերի, մրի ու խավարի քաոսից բարձրանում է մի սև կերպարանք և առաջ շարժվում, մոտենում է նրան: Եվ որքան մոտենում է, այնքան կերպարանքը լուսավորվում է ու պայծառանում, կարծես բոցերի մեջ կեղտերից լվացվելով: Եվ երևան է գալիս մի խոշոր սպի ճակատի վրա: Նա աներկյուղ մի ոստյունով անցնում է կմախքներով լեցուն գերեզմանները, մերձենում է Շուշանիկին, բռնում է նրա թևից այն վայրկյանին, երբ արդեն զգում էր իրեն կործանված:

Նա զարթնեց սարսափից, ոտքի ելավ աչքերը տրորելով: Նայեց շուրջը, ո՞րտեղ է գտնվում, մի՞թե իրականություն է այս, մի՞թե ազատված է: Ներս մտավ մայրը, որ դեռ դողում էր սարսափից:

Զարթնեցի՞ր, ինչո՞ւ այդպես շուտ:

Մի՞թե ես քնած էի...

Այո՛, շատ խորը... Քնի՛ր, քնի՛ր, զավակս...

Մամա, մամա, մի՞թե հայրիկս կենդանի է, մի՞թե հորեղբայրս փրկված է, — գոչեց հանկարծ Շուշանիկը և, հեկեկալով, փաթաթվեց մոր պարանոցին:

Հանգստացի՛ր, սիրելիս, փրկված ենք մենք ամենքս...

Ոչ, ոչ այն հինգ խանձված ու սևացած դիակները...

Այն աստծու կամքն էր...

————

Քաղաքից եկան` Արշակը, Ալեքսեյ Իվանովիչը, Քյազիմ-բեգը, Մոսիկոն, Նիասամիձեն և մի քանի ուրիշ զվարճամոլներ: Նրանք քեֆից էին գալիս: Փոքրիկ, կեղտոտ սենյակը լցվեց այցելուներով: Բոլորը լսել էին Միքայելի հերոսության լուրը, որն այժմ քաղաքում բերանե բերան էր անցնում: Քյազիմ-բեգը գրկեց ու համբուրեց նրան անկեղծաբար. տղամարդու քաջությունը միշտ ոգևորում էր այդ մարդուն: Նրա օրինակին հետևեց Նիասամիձեն,. որ նույնպես հերոսության երկրպագու էր: Մոսիկոն ասաց.

Ես հարազատ եղբորս համար կրակի մեջ չէի ընկնիլ...

էգոիստ, — գոչեց Քյազիմ-բեգը և նորեն համբուրեց Միքայելին:

Ներս մտավ Սմբատը բժշկի հետ: Հայտնվեց, որ Միքայելի կուռը չի կոտրվել, այլ ոսկորն է դուրս ընկել տեղից և արդեն բժիշկը ուղղել է: Դժբախտությունը պատահել էր այն րոպեին, երբ, անդամալույծին Չուպրովին հանձնելուց հետո, սայթաքեց և ընկավ գետին:

Շա՞տ է ցավում, — հարցրեց Արշակը:

Ո՛չ, դատարկ բան է, — պատասխանեց Միքայելը, որ իրապես տառապում էր ցավերից:

Կեցցե՛ս, — ասաց Քյազիմ-բեգը հիացած, — մի անգամ իմ մի ոտի ոսկորը դուրս էր ընկել, երեք օր բառաչում էի տավարի պես:

Եկան Սրաֆիոն Գասպարիչն ու Սուլյանը: Ինժեները հոգու խորքում ուրախ էր հրդեհից: Նրա կառավարության ժամանակ Ալիմյանների հանքում պատահել էին հրդեհներ, բայց ոչ այդչափ խոշոր: Այժմ թող Սմբատը զգա, թե ումից խլեց կառավարչի պաշտոնը և ում հանձնեց:

Դռների մեջ երևեցան ակնավաճառ Բարսեղն ու թղթակից Մարզպետունին: Երկուսն էլ իրենց մի քիչ մեղավոր էին զգում Միքայելի առջև և ամաչեցին ուղղակի մոտենալ նրան: Թղթակիցը դուրս բերեց գրպանից հուշատետրը և սկսեց մատիտով ինչ-որ գրել: Պարզ էր, որ հրդեհի նկարագրությունն էր անում: Եթե Միքայելն ուշադրություն չդարձներ նրա վրա, երկու օրից հետո պիտի կարդար իր հերոսության նկարագիրը և հետո ընդուներ հեղինակի այցելությունը...

Սակայն Միքայելը ոչ նայում էր ներկա եղողներին ևոչ լսում նրանց խոսածները: Թեև ցավերը մեղմացել էին, և նա այմ քնելու պահանջ էր զգում: Բոլոր անցքը նրան թվում էր երազ, պարզ հիշում էր միայն Շուշանիկի աղեկտուր ճիչերը, մարմնացած հուսահատության պատկերը, գեղեցիկ աչքերի աղերսալի նայվածքը: Ահ, ինչպես էր աղաղակում, ինչպես էր ճիգն անում ազատվել իրեն բռնողների ձեռներից` կրակի մեջ նետվելու համար: Եվ որքան աներկյուղ էր, որքան հուսահատ, նույնքան գեղեցիկ: Նրա հրափայլ աչքերը, դուրս ցցված կուրծքը, կոկորդի լարված երակները, ուսերի վրա անկանոն սփռված մազերըդա ինքը հրդեհն էր: Սոսկալի չէր նրա համար հսկայական խարույկը, վասնզի կար նրա մեջ ավելի զորավոր խարույկ: Եվ նա պիտի այրվե՞ր, նա, այդ զմայելի էակը մի անդամալայծի, մի մահամերձի՞ համար: Օօ՜, ո՛չ երբեք, Միքայելը չէր կարող թույլ տալ, որքան ևս ատված ու արհամարհված լիներ նրանից: Ահ, ինչ լավ արավ, որ աչքերը փակեց և նետվեց կրակի մեջ և որքան հաճելի է հակառակորդին պատժել վեհանձնությամբ:

Նրա աչքերը փակվեցին: Նա նիրհեց խաղաղ, անվրդով նիրհով:

Նախկին բարեկամները դուրս գնացին, և դա եղավ նրանց վերջին այցելությունը և վերջը բարեկամության:

Մի րոպե անցած հուշիկ քայլերով ներս մտավ մի գունատ պատկեր: Կամացուկ մոտեցավ, նայեց Միքայելի փակ աչքերին և նստեց նրա գլխի կողմում:

Հրդեհը մոտենում էր վախճանին: Մի քանի բուրգեր ևս` ոչնչացնելով և ամբարները պայթեցնելով, նա, կարծես, հագուրդ ստացավ և այլևս ճանկերը հեռու չէր տարածում:

Իրիկնադեմին Սմբատը հրամայեց Միքայելին տեղափոխել իր բնակարանը: Նորաշեն տունը հրդեհից ազատվել էր, և այժմ նրան վտանգ չէր սպառնում: Միքայելը եկավ ինքն իր ոտքով, վնասված կուռը պարանոցին կապած մի թաշկինակով, որ արդեն կեղտոտվել էր նավթից: Սմբատը օգնեց նրան լվացվել և հագուստը փոխել: Թևը գրեթե չէր ցավում. բժիշկը լավ էր ուղղել տեղահան ոսկորը: Նա դուրս եկավ պատշգամբ հանգստացած ու թարմացած: Նա իր բնակարանն առաջարկեց Անտոնինա Իվանովնային, իսկ Դավթին հրամայեց իսկույն անդամալույծին տեղափոխել գրասենյակ առժամանակ, մինչև որ բոլորը կարգի կբերվի:

Ամբողջ օրը ոչ ոք ոչինչ չէր կերել, բոլորը քաղցած էին, Միքայելը խնդրեց ամենքին միասին ճաշել պատշգամբբ վրա:

Արևն արդեն թեքվել էր դեպի մուտքը, իր վերջին ճառագայթներով շողշողացնելով ընդարձակ պատշգամբի ապակիները: Հեռվում մխում էին այրված շինությունների բեկորները:

Սմբատը հրամայեց Դավիթ Զարգարյանին` սպանված, նաև վիրավորված մշակների ընտանեկան կեցության մասին մանրամասն տեղեկություններ ժողովել ու հաղորդել իրեն:

Պետք է աշխատեմ սպանվածների որբերին վարձատրել, — ավելացրեց նա:

Պիտի աշխատե՜ս, — կրկնեց Միքայելը մեղմիկ հեգնանքով, — ո՛չ, հարկավոր է բոլորին ապահովել կենսաթոշակով:

Դյուրին է ասել: Հրդեհի տված վնասը հասնում է երեք հարյուր հազար ռուբլու:

Ի՞նչ շուտ հաշվեցիր, — գոչեց Միքայելը նույն մեղմիկ հեգնանքով: — Այո՛, վնասը մեծ է, բայց ավելի մեծ է մարդկային կյանքը:

Իհարկե, ինչ ասել կուզե:

Շուշանիկը գաղտուկ նայեց Սմբատին: Եվ ի՛նչ փոփոխություն, թվաց նրան, որ այդ մարդուն զբաղեցնում են ոչ այնքան մարդկային թշվառությունն ու վշտերը, որքան իր նյութական կորուստը:

Խոսք բացվեց Չուպրովի, Ռասուլի և Կարապետի մասին. Սմբատն ասաց, թե որոշել է յուրաքանչյուրին նվիրել երկու-երկու հարյուր ռուբլի:

Միայն այդքա՞նը, — զարմացավ Միքայելըէէ, եղբայր, շատ քիչ ես գնահատում ընտանիքիդ կյանքը:

Իմ երեխաների գլխավոր ազատիչը նրանք չեն... կա ուրիշը:

Գիտեմ, բայց նրա մասին պետք է լինի առանձին կարգադրություն:

Ձեր ընտանիքն ազատել են այդ երեք մշակները, — ասաց Դավիթը հասկանալով Միքայելի ակնարկը, — ուրիշ մեկը չկա:

Դուք համեստություն չե՞ք ցույց տալիս, արդյոք, — հարցրեց Սմբատը բարեկամական հեգնանքով:

Համարձակվում եմ ասել, որ ես միշտ դեմ եմ եղել կեղծ համեստությանը: Նա նույնն է, ինչ որ իսկական անհամեստությունը: Ճիշտ է, ամենից առաջ ես եմ օգնության վազել, բայց ձեր ընտանիքի իսկական ազատարարներն այն երեք անձնվեր մշակներն են... Գալով ինձ, ես արդեն վարձատրված եմ ավելի քան առատորեն:

Թողնենք առայժմ աւդ խոսակցությունը, — ընդհատեց Միքայելը:

Ո՛չ, ներեցեք, ես պարզ մարդ եմ. շատ էլ ուզենամ չեմ կարող թաքցնել: Պարոն Միքայել, դուք ցույց տվեցիք այսօր աննման հերոսություն, փրկելով երեք հոգի: Ահ, ներեցեք, զգացված եմ, չգիտեմ ինչպես ամփոփել իմ մտքերը... Շուշանիկը, նա՛ միայն կգտնի խոսքեր իր և իմ երախտագիտությունը ձեզ արտահայտելու...

Եվ խորին հուզումից նրա ձայնը խեղդվեց, նիհար ձեռքերն սկսեցին դողդողալ:

Շուշանիկը ոչինչ չասաց: Նա միայն մի խորը հայացք ձգեց Միքայելի երեսին, և, շառագունելով, գլուխը թեքեց կրծքին:

Սմբատը լուռ մտախոհության մեջ էր: Նրան բոլորովին ուրիշ մտքեր էր զբաղեցնում: Երբեմն նրա դեմքով սահում էր տարօրինակ ժպիտ: Հանկարծ նա դարձավ Անտոնինա Իվանովնային:

Ովքե՞ր են Չուպրովը, Ռասուլը, Կարապետը և ահա այդ մարդը, ի՞նչ կապ կա նրանց մեջ:

Տիկինը հասկացավ հարցի բուն իմաստը: Նա նույնն էր մտածում ինչ որ ամուսինը:

Այո՛, — ասաց նա, հառաչելով ու գլուխը խորհրդավոր շարժելով, — ունիք իրավունք, ես համաձայն եմ:

Եվ մի մեղմ ժպիտ լուսավորեց Անտոնինա Իվանովնայի դեմքը: Ժպիտ, որի նմանը Սմբատը յոթ տարի էր չէր տեսել այդ մշտապես խոհուն դեմքի վրա:

Արեգակը մայր մտավ` ժողովելով իր վերջին շողերը բուրգերի բարձր գագաթներից: Իսկ այնտեղ լայնածավալ բակում խռնվել էր բազմալեզու, բազմակրոն ամբոխը և հավասար վշտով համակված լուռ ողբում էր սյուների տակ ջարդված ու այրված ընկերներին: Երեքը սպանվածներից հայեր էին, մեկը` ռուս, հինգերորդը` թուրք: Եվ ամենքի մահվան մեջ ամբոխն անխտիր տեսնում էր իր ճակատագրի դաժանությունը...

Ճաշից հետո Սմբատը հարցրեց Անտոնինա Իվանովնային.

Այսօր կգնա՞ք ինձ հետ քաղաք:

Տիկինը ընկավ մտատանջության մեջ: Այժմ նա ինքը ցանկանում էր գնալ, բայց հիշեց սկեսրի ու տալոջ ատելությունը դեպի ինքը և տատանվեց:

Դեռ ո՛չ, — պատասխանեց նա:

Բայց գիտցեք, որ այլևս երեխաներին այստեղ չեմ վերադարձնելու: Այսուհետև մայրս նրանցից չի բաժանվելու:

Լավ, — արտասանեց տիկինը, դառնորեն ժպտալով, — թող չբաժանվի:

Նա երեսը դարձրեց ամուսնուց` արցունքը թաքցնելու համար: Բայց Սմբատը նկատեց ու հասկացավ նրա վիշտը:

Գիտե՞ք ինչ, — ասաց նա, ճակատը շփելով, — մենք սիրում ենք մեր երեխաներին հավասար սիրով... մոռանանք մեր ինքնասիրությունը հանուն այդ սիրո... Ուրիշ ելք չունենք, բացի հետևելուց այդ ռամիկ աշխատավորների զմայլելի օրինակին...

Այո՛, այդ ճիշտ է, բայց ոչ այդքան շուտ, ոչ այդքան շուտ... Տվեք ինձ ժամանակ խորհելու և զգալու...

Շատ բարի, խորհեցեք... մենք հաշտվել չենք կարող, բայց հարգել իրարու, մոռանալ մեր եսը պարտավոր ենք հանուն մեր զավակների:

Ասաց Սմբատը և շտապով հեռացավ:

«Հարգե՛լ, մտածեց Անտոնինա Իվանովնան, այո՛, կարող ենք, բայց այդքանը բավական չէ ընտանեկան կյանքի ամրության համար»:

IX

Սարգիս Զարգարյանը, կրակից ազատվելով, մահից չփկվեց: Նրա նեխված մարմինը և քայքայված հոգին ավարտում էին վերջին հաշիվներն աշխարհի հետ: ժամ առ ժամ սպասում էին նրա մեռնելուն: Նա արդեն զրկվել էր բոլորովին խոսելու ընդունակությունից, և ապուշ աչքերը լուռ հառում էր սրա ու նրա երեսին:

Այժմ Շուշանիկը չէր հեռանում նրա մահճակալից: Թանկ գնով ձեռք բերված կյանքի ապարդյուն մնացորդը նրա աչքում ստացել էր ավելի արժեք: Այդ մնացորդը նա համարում էր ինչ-որ երկնային տուրք, որի մեջ զգում էր իր ճակատագրի խորհրդանշանը: Նայելով մահամերձի արդեն հողի գույն ստացած դեմքին, խորասուզվում էր անսովոր մտքերի մեջ: Մի միստիկ երանգ ուներ նրա համար մահի մերձավորությունը: Նա ինքը գտնվելով կյանքի և ոչնչության միջև, զգացել էր սոսկալի շունչը չքացման և տեսել նրա պաղ աչքերի ձգողական նայվածքը: Այն րոպեներին մահն այնքան ահարկու չէր, որքան այժմ: Այժմ, մերձավորի մահճակալի քով: Եվ մերթ ընդ մերթ սարսռում էր ու դողդողում: Թռչուն էր մրրիկի բերանն ընկած: Նրան ազատեցին ուժով, հակառակ իր կամքի, ինչպես այդ անդամալույծին, վասնզի չէր ուզում փրկրվել առանց փրկելու: Եթե չաներ այդ, պիտի հավիտյան տանջվեր խղճի սուր խայթերից և, ով գիտե, գուցե և՛ մահանար անփառունակ մահով որպես մի զազրելի որդ: Այժմ նա մի էակ է ինքն իր աչքում, մարդկային արարած, դուստր արժանի այդ կոչման: Այժմ նա ավելի ճիշտ էր ըմբռնում կյանքի խորհուրդը, ավելի հասկանում և ավելի մտածում ու զգում: Տեսարաններ են բացվում նրա հոգեկան աչքերի առջև, որ առաջ չկային կամ կային խորին խավարի մեջ: Այժմ անցյալի խոհերն ու զգացումները նրան թվում էին մերթ ծաղրելի, մերթ երկյուղալի, մերթ ամոթալի, բայց և միշտ խառն, անորոշ: Սիրե՞լ է, արդյոք Սմբատ Ալիմյանին, թե սիրել է իր ամպամած երևակայության ստեղծագործությունը, երազողի իդեալը: Եթե սիրել է այդ մարդուն, իբրև մարդու, հապա ո՞ւր է այժմ նախկին պատկերը: Չկա, միրաժն անցավ, իլյուզիան չքացավ, մնաց մի առօրյա, մի սովորական մահկանացու, որ ոչնչով չի տարբերվում իր նմաններից: Չկա ոչ առնականությունը նրա դեմքի վրա և ոչ թովիչ երաժշտությունը նրա ձայնի մեջ: «Երեք հազար, չորս հազար, հինգ հազար, ազատողին», մարդկային կյանքի ամոթալի աճուրդ: Օ՜հ, մանկական խաբեություն, չքացած երազ ընտիր գրքերով սնված ուղեղի: Այժմ մի այլ կերպարանք է պատկերանում նիրհերից սթափված էակի առջև: Ահա այդ է իսկականը և այդ կերպարանքն է կրում իր դեմքի վրա բուն առնականությունը: Այդ գունատ ճակատի վրա է դրոշմված հերոսությունը և այդ թախծալի աչքերի մեջ է բազմած արծիվը: Իսկ այն մյուսը խաբուսիկ տեսիլ էր, հայտնվեց վայրկենաբար և շոգիացավ, չթողնելով նրա սրտի վրա և ոչ մի ծանրություն, խղճի վրա և ոչ մի սպի...

Շուշանիկը գլուխը թեքեց, ականջ դրեց հոր շնչառությանը, շոշափեց նրա ճակատը, դեռ կյանք կար հյուծված մարմնի մեջ: Եվ նորեն նա խորասուզվեց իր մտքերի մեջ: Արդյոք, չի՞ սխալվում, արդյոք, սե՞րը ներշնչեց Միքայել Ալիմյանին այնքան անվեհերություն, այնքան անձնազոհություն: Անհույս սե՞րը դեպի մի աննշան աղջիկ: Եթե այդպես է, ուրեմն նա երջանիկ է, այդ աննշան էակը, ուրեմն ճիշտ էին այդ մարդու խոսքերը. «կարող եմ լինել և՛ շատ բարի, և՛ շատ չար, և՛ շատ լավ, և՛ շատ վատ, և՛ շատ երկչոտ, և՛ շատ քաջ»: Ճիշտ, մի՞թե այսուհետև էլ պիտի կասկածել, մի՞թե նա այդ չապացուցեց իր ասպետական քայլով: Եվ ահա ինչ. այդ տեսակ մի ապացույցից հետո Շուշանիկը չպիտի՞ զղջա, որ այնպես խիստ վարվեց այդ մարդու հետ, չթաքցնեչով նրանից իր ատելությունն ու արհամարհանքը: Ի՜նչ էր արել իսկապես նա, գրեթե ոչինչ: Մերձեցավ նրան վատ զգացումներով ու սխալվեց: էհ, չէ՞ որ մոլորությունը ոչ ոքի համար խուսափելի չէ, մանավանդ մի երիտասարդ մարդու համար, որին հոռի կանայք իրավունք էին տվել մերձենալ իրենց անմաքուր միտումներով: Նա հանդիպեց (գուցե կյանքում առաջին անգամ) ընդդիմության և սթափվեց մոլի կրքերից: Նա զղջաց, նա խոնարհվեց, ներումն խնդրեց: Նա վարվեց անկեղծ, համարձակ, իսկ ինքը` Շուշանիկը արտաքուստ ներողամիտ ձևանալով, չկարողացավ լինել վեհանձն ու մոռանալ նրա սխալը, ատեց հոգու խորքում, հետո արհամարհեց: Ինչո՞ւ: Մի՞թե չպիտի պարծենար, տեսնելով իր առջև խոնարհված մի գոռոզ հոգի: Կույր էր, չկարողացավ տեսնել, որ ինքն անգիտակցաբար ուղիղ ճանապարհի է բերում մի մոլորված մարդու և մաքրում ու զտում է կեղտերից մի ապականված հոգի: Այո՛, նա ինքը ոչ միայն սխալվեց, այլև գոռոզացավ իր մաքրության մեջ...

Կես գիշեր էր, և նա դեռ անքուն նստած էր հոր մահճակալի քով: Սենյակի մի անկյունում, մերկ հատակի վրա հագուստով քնած էին նրա մայրն ու հորաքույրը: Դավիթը քնած էր կից սենյակում երեխաների մոտ: Մահամերձը բաց արավ աչքերը, նայեց շուրջը, Շուշանիկին էր փնտրում:

Ի՞նչ ես կամենում, հայր, — հարցրեց օրիորդը հանդարտիկ:

Անդամալույծը նայեց: Նրա աչքերը այս անգամ զարմանալիորեն իմաստալի էին: Կարծես, մահամերձի ամբողջ հոգին անցել էր այնտեղ, իր վերջին կացարանը: Նա գլուխը թեքեց Շուշանիկի կողմը, արյունաքամ շրթունքները երկարացնելով:

Շուշանիկը հասկացավ, որ նա ուզում է համբուրվել և ինքը թեքվեց և համբուրեց նրան: Նա շոշափեց հոր չորացած ձեռները և սարսափած ոտքի ելավ. այլևս անդամալույծի կյանքի վերջին վայրկյաններն էին. նա շտապեց զարթեցնել տնեցիներին: Մի պահ մահամերձի աչքերը նորեն բացվեցին: Նայեց քրոջը, կնոջը, եղբորը, և վերջապես, իմաստալի հայացքը սևեռեց Շուշանիկի դեմքին: Թշվառը չկարողացավ վերջին կամքն արտահայտել, ներումն խնդրել մերձավորներից` նրանց պատճառած տվայտանքների համար: Արդեն նա շատ էր մաքառել մահի դեմ, բայց մեռավ այնչափ հանգիստ, որչափ, անհանգիստ ապրել էր յոթ ու կես տարի: Հոգին անջատվեց քայքայված մարմնից միայն քանի մի թեթև ցնցումներ պատճառելով նրան: Եվ երբ այրի քույրը թաշկինակը սեղմեց նրա քարացող կոպերին, սենյակն աղմկվեց Շուշանիկի հեկեկանքով: Կարծես, յոթ ու կես տարվա արցունքները բավական չէին:

Մյուս օրը Սարգսի դիակը տեղափոխեցին քաղաք: Տիկին Աննան չկամեցավ, որ նա թաղվի առանց պատարագի: Միքայելը պատվիրեց Դավթին ոչինչ չխնայել թաղման հանդեսը շքով կատարելու համար: Բայց այրին մերժեց, ի՞նչ կարիք կա, Սարգիսը վաղուց է մեռել:

Հանքերհց Շուշանիկը քաղաք եկավ Անտոնինա Իվանովնայի հետ:

Բավական է, Սուսաննա, մի՞թե չեք կարող զսպել ձեր հեկեկանքը, — հորդորում էր տիկինը, — մի՞թե քիչ էր տառապել յոթ տարի... Նա պիտի մեռներ, ուրախ եղիր, որ մեռավ բնական մահով:

Այո՛, բնական մահով, դա իմ միակ սփոփանքն է:

Թաղման հանդեսն ավարտվելուց հետո Դավիթը Սմբատի ու Միքայելի հետ եկավ Ալիմյանների տունը, ուր այրի ոսկեհատը սգվորների համար ճաշ էր պատրաստել տվել:

Շուշանիկի լուռ ու մեղմիկ արցունքները շարժում էին այրի Ոսկեհատի գութը: Նա սիրեց այդ սիրուն աղջկան դեռ այն ժամանակ, երբ Շուշանիկը ծառայում էր հիվանդ Միքայելին այն խայտառակ ծեծից հետո: Այժմ նայում էր մայրական գգվանքով, մխիթարում և երբեմն շքեղ մազերը շոյելով համբուրում էր նրան: Կողբա՞ն, արդյոք իր մահն այդպիսի կսկիծով նրա հարազատները: Ահ, ի՜նչ սիրող դուստր, ի՜նչ զգայուն սիրտ: Ինչո՞ւ նա չէ Ոսկեհատի հարսը, Սմբատի կինը, այո՜, հենց այդ աղքատ աղջիկը, որ իր ավելի քան համեստ սգազգեստի մեջ որքան հեզ է, նույնքան գեղեցիկ: Ինչո՞ւ այդ օտարուհին է նրա թոռների մայրը, նա, որին ատել է և երբեք, երբեք չի կարող սիրել: Նրանք միմյանց չեն հասկանում և չպիտի հասկանան հավիտյան:

Ճաշից հետո եկավ Արշակը` Ալեքսեյ Իվանովիչի հետ և հայտնեց, թե այս երեկո ուղևորվում է արտասահման: Ոսկեհատն արդեն գիտեր կրտսեր որդու սոսկալի ախտի մասին, և այժմ ինքն էր շտապեցնում նրան գնալ, բժշկվել:

Ալեքսեյ Իվանովիչը կանչեց քրոջն առանձին սենյակ և ասաց.

Դեհ, այժմ կարող ես հանգիստ լինել ես գնում եմ...

Ո՞ւր:

Արտասահման:

Ինլո՞ւ:

Արշակի հետ եմ գնում...

Որպես ի՞նչ:

Որպես ուղեկից և հովանավոր:

Ալեքսեյ, ունեցիր ինքնասիրություն, աղաչում եմ, — գոչեց Անտոնինա Իվանովնան:

Զարմանալի էակ ես դու, քույր: Կարծես, ես որևէ մեկի վզին ծանրություն եմ: Ինքը` քո պատվարժան ամուսինն է ինձ խնդրում` Արշակին ուղեկցել: Տղան լեզուներ չգիտե, երբեք չի ճամփորդել, հիվանդ է ու անփորձ, մի՞թե նրան հարկավոր չէ մի, այսպես ասած, պատվավոր գիդ: Երևակայիր, այժմ Սմբատ Մարկիչը ոչ միայն հաշտ աչքով է նայում ինձ, այլև սկսել է սիրել: Իսկ ես խղճում եմ Արշակհն: Նրա հիվանդությունը թեև բուժելի է, բայց շատ ծանր: Ես պիտի ամեն կերպ աշխատեմ նրան փրկել, եթե միայն ուշ չէ...

Իսկ պաշտո՞նդ Մոսկվայում:

Ես արդեն ուղարկել եմ իմ հրաժարականը:

Հետո՞, — գոչեց Անտոնինա Իվանովնան, զայրանալով:

Հետո, ինչ հետո. մնում եմ Սմբատ Մարկիչի տրամադրության տակ...

Անտոնինա Իվանովնան վերադարձավ մյուս սենյակը, կանչեց Սմբատին մի կողմ և հարցրեց.

Եղբայրս ձեր ցանկությա՞մբ է ուղեկցում Արշակին արտասահման:

Այո՛:

Եվ դուք կարծում եք, որ նա հարմա՞ր է այդ պաշտոնի համար:

Լիովին: Ուրիշ ավելի հարմար մարդ ես չեմ ճանաչում:

Հայտնում եմ, որ ես պատասխանատու չեմ եղբորս մասին...

Անտոնինա Իվանավնա, հասկանում եմ ձեր միտքը և գովում ձեր հպարտությունը: Բայց մարդիկ ապրում են ոչ այնպես, ինչպես ցանկանում են, այլ այնպես, ինչպես կարող են:

Այս խոսքերի մեջ կինը զգաց մարդու հետին միտքը: Դա մի տեսակ ակնարկ էր հաշտության մասին: Հաշտություն, որ ստիպողական էր և անհրաժեշտ: Պարզ էր, որ նրանք պիտի «ապրեն, ինչպես կարող են»: Նրանք պարտավոր են կրել իրենց խաչը և չեն կարող չկրել, քանի որ երկուսն էլ սիրում են իրենց զավակներին հավասար սիրով:

Մի ժամ անցած Անտոնինա Իվանովնան Զարգարյանների հետ ուղևորվեց հանքերը, երեխաներին թողնելով սկեսրի մոտ: Ճանապարհին նա խոսում էր Շուշանիկի հետ մշակների մասին: Նա լուր էր ստացել, թե իրիկնային կուրսերը թույլատրված են և մտադիր էր անմիջապես դիմել գործի:

Մենք այսուհետև էլ միասին կաշխատենք, — ասաց նա:

Ինչպես կամենաք, — պատասախան եց Շուշանիկը:

Ոչ միայն կամենում եմ, այլև խնդրում, Սուսաննա: Ահ, լավ բան է ազնիվ և անկեղծ բարեկամ ունենալը, այնպես չէ՞, Սուսաննա :

Եվ նա մի անգամ ևս գրկեց ու համբուրեց Շուշանիկին մայրական գգվանքով: Եվ Շուշանիկը զգացվեց նրա անկեղծությունից, այլևս նրա խիղճը հանգիստ էր:

Սմբատն ու Միքայելը գնացին երկաթուղու կայարան` Արշակին ճանապարհ դնելու: Խնդրեցին Ալեքսեյ Իվանովիչին` ամեն կերպ ազդել Արշակի վրա մի անգամ առ միշտ թողնելու կործանիչ կենցաղը:

Ազնիվ խոսք եմ տալիս, որ պիտի աշխատեմ, — ասաց Ալեքսեյ Իվանովիչը և ասաց ամենայն անկեղծությամբ:

Սակայն Սմբատն ու Միքայելը իրենց հոգու խորքում չունեին հույս` Արշակի բժշկվելու վրա և զգում էին, որ ախտն արդեն շատ է առաջացել:

Ապագայի մթության մեջ Միքայելը տեսնում էր կիսով չափ մեռած մի մարմին վերքերով պատած, զուրկ կենսական ուժերից: Օրինակներ շատ էր տեսել նույնիսկ իր ընկերների շրջանում ու զարմանում և ուրախանում էր, որ ինքն ազատվել է այդ ախտից մինչև այդ օրը, չնայելով, որ նույնպես տասը տարով վաղ էր սկսել ճաշակել շվայտության կործանիչ հաճույքները, բայց նա տակավին ապահով չէ վտանգից, եթե նորեն սկսե ապրել այնպես, ինչպես ապրում էր ընդամենը մի քանի ամիս առաջ: Նա հիշում էր այն մոտիկ անցյալը և ցնցվում: Որպիսի՜ ատելություն և նողկանք դեպի այդ աննպատակ, անիմաստ և սպանիչ կենցաղը:

Ավելի քան հարյուր հազար ռուբլի պիտի ծախսել նոր բուրգերի ու ամբարների շինության վրա:

Միքայելը սթափվեց իր մտքից: Նա Սմբատի հետ կառքով վերադառնում էր տուն:

Նայեց եղբոր երեսին անորոշ հայացքով և ոչինչ չասաց.

Следующая страница