Շիրվանզադե Ալեքսանդր՝ Քաոս | |
Ասաց և վրդովմունքը ցրելու համար դուրս եկավ փողոց:
Կյանքն արդյունաբերական քաղաքում եռում էր: Մարդիկ անցնում էին դեսուդեն շտապ քայլերով, մտազբաղ դեմքերով: Դժվար չէր գուշակել, որ գլուխները պաշարված են միայն մի զգացումով — վաստակել որքան կարելի է շուտ և որքան կարելի է շատ: Արդեն ամբողջ մթնոլորտը տոգորված էր այդ գաղափարով: Մարդիկ բարևում էին իրարու հապճեպ, խոսում էին արագ-արագ, հևալով, շնչասպառ: Հազիվ կանգ էին առնում, երբ հարկավոր էր իրարու ձեռը սեղմել: Ամբողջ քաղաքն անսովոր մարդու վրա գործում էր երկաթուղու կայարանի տպավորություն, ուր ամեն ոք շտապում է, վազում, հրում ու հրվում, վախենալով գնացքը փախցնել: Աջ ու ձախ սլանում էին տնային ու վարձու կառքերը, տանելով գործի մարդկանց` դեպի փայլուն ոսկին: Աջ ու ձախ երևում են նոր կառուցվող և արդեն կառուցված հոյակապ տներ: Սպիտակ քարաշեն եվրոպական ձևի շինությունները փոխարինում էին նախկին նեղ ու ցածր ասիական կացարաններին` հողե տափակ կտուրներով: Ամեն ինչ փոխվում ու նորոգվում էր տենդային թափով, իսկ ամենից առաջ մարդկանց արտաքինը: Երեկվա պարսկական փափախը, կապան ու քոշերը տեղի էին տալիս քաղաքակիրթ աշխարհի գլխարկին, ռեդինկոտին ու փայլուն կոշիկներին: Գրասենյակներն ու փարթամ խանութներր լեցուն էին հաճախորդներով: Մտնում էին, դուրս գալիս, գնում, վաճառում, խաբում ու խաբվում և միշտ շտապում:
Մի երկհարկանի տան առջև Սմբատը տեսավ խումբ-խումբ մարդիկ, որ այս ու այն տեղ խորհրդավոր դեմքերով փսփսում էին: Բնազդմամբ գլուխը բարձրացրեց և տան ճակատին կարդաց «բորսա»: Այստեղ էին օրվա որոշ ժամերին ժողովվում առևտրական միջնորդները «բորսային նապաստակները», այստեղ էին շահում ու շահագործում: Յուրաքանչյուրն աշխատում էր ուրիշի ապրանքը թանկ ծախել, ուրիշի համար էժան գնել և ստանալ իր բաժին վարձը: Մի քանի խմբակներ, Սմբատին ճանաչելով, պատկառանքով հետ քաշվեցին` նրան ճանապարհ տալու, ոմանք խոնարհ գլուխ տվեցին:
Սկզբում Սմբատն զգաց մի տեսակ արհամարհանք և նույնիսկ նողկանք դեպի այդ մարդիկ: Ահա ձրիակերների մի ավելորդ տարր, մի տեսակ խոց հասարակական մարմնի վրա: Ընկերական շրջաններում, ուսանողական որոշ խմբերի ազդեցությամբ, շատ անգամ էր դատապարտել տնտեսական աշխարհի այն տարրերը, որոնք ո՛չ աշխատավորներ են, ո՛չ արդյունաբերողներ: Այժմ արհամարհանքը փոխվեց մի այլ զգացման: Արդյոք արդարացի՞ է թեկուզ այդ խումբ-խումբ ժողովված մարդկանց դատապարտել իբրև պարազիտների: Արդյոք թեթևամտություն չէ՞ երևույթը պարսավել` առանց պատճառները քննելու: Եթե միջնորդը պարազիտ է — պարազիտ է նաև արդյունաբերողը, հանքատերը, գործարանատերը, կալվածատերը, վաճառականը, խանութպանը, ուրեմն և ինքը` Սմբատը...
Նա զգաց, որ իր մտքերը գնում են հեռու, շատ հեռու, թափանցելով քաղաքատնտեսության խորքերը: Շփոթվեց ինքն իր մտքերից, զգաց մի տեսակ ամոթ իր մտավոր և բարոյական աշխարհի առջև: Այդ պահին նա կանգնած էր երկու մարդու միջև, մեկն այժմյան Սմբատն էր, մյուսը` մի երկու ամիս առաջվա Սմբատը, մեկը` միլիոնների ժառանգը, մյուսը` աղքատ երիտասարդը, որ իր ընտանիքը պահում էր մասնավոր դասերով, հորից անիծված, գերդաստանից աքսորված, նպաստից զրկված:
Որի՞ն մոտենալ, որի հետ ձուլվել առմիշտ, ո՞րն է բարվոքը — զրկվել հարստությունից, մնալ հավատարիմ տեսականին և անզեն, թե՞ լինել հարուստ, զորավոր, ինքնիշխան: Հարցն անլուծելի էր:
Հանկարծ նա ցնցվեց: Նա հիշեց Միքայելի կոնտր-կտակը, որի մասին մոռացել էր: Այո՛, եթե այդ կտակն օրինական է, — խնդիրը կլուծվի ինքնըստինքյան, առանց նրա կամքի: Նրան նորեն կարտաքսեն գերդաստանից, նորեն կմնա նույնը, ինչ որ էր երկու ամիս առաջ: Այն ժամանակ թո՛ղ գնա իր գաղափարները պաշտելու և քաղցած փորով բարոյական սկզբունքներ քարոզե և իր զավակներին կերակրե բարձրագույն թեորիաներով:
— Սմբա՛տ, — լսեց նա մի ծանոթ ձայն և հետ նայեց:
Գրիգոր Հաբեթյանն էր, որ հևալով, տնքալով ու քրտնած, մոտենում էր:
— Ո՜ւֆ, տրաքեցի հետևիցդ վազելով: Այդ անիրավ բժիշկները հոգիս հանեցին, բայց օգնել չկարողացան... Լսի՛ր, ես պատգամավոր եմ ուղարկված քեզ մոտ... Քյազիմ-բեգ Ադիլթեգովը խնդրում է այսօր երեկոյան շնորհ բերել իր տունը, ուր պիտի տեղի ունենա գալա-քեֆ. նա ուզում է քեզ սգից դուրս բերել և հատկապես քեզ հետ բարեկամանալ: Հանուն բոլոր միջազգային դարդիմանդների, մի մերժիր, խոսք եմ տվել տանելու քեզ, պիտի տանեմ:
— Ովքե՞ր են լինելու:
— Ասացի էլի, միջազգային դարդիմանդներ:
— Միքայե՞լն էլ:
— Առանց սումաղի լուլաքաբաբ կլինի՞: Միքայելը մեր ընկերական շրջանի համն ու հոտն է:
Սմբատը կփափագեր մերժել, բայց հետաքրքրությունը գերազանցեց: Արժե գեթ մի անգամ լինել Միքայելի ընկերական շրջանում և տեսնել ինչպես է նա վատնում իր կյանքը:
— Լավ, կգամ, — վճռեց նա:
— Այդպես չի կարելի, կարող ես խոստումդ մոռանալ կամ փախչել: Երեկոյան ութ ժամին կգամ նախ քեզ կլուբ տանելու: Սպասի՛ր ինձ տանը, բայց ոչ, գրասենյակում: Ես այդ սանդուղքով բարձրանալու ախորժակ չունեմ...
VI
Հասարակական ժողովարանի սպասավորները Սմբատին տեսնելով, միմյանց առաջեցին` նրա վերարկուն ու գլխարկն ընդունելու:
Ընդարձակ քարե սանդուղքով վեր բարձրանալով Գրիշայի հետ, նա մտավ մի սենյակ, անցավ մի մեծ սրահ: Այստեղ ոմանք զբաղված էին թղթախաղով, ոմանք խմբակների բաժանված խոսում էին, վիճաբանում, բացատրում, համոզում: Այստեղ ևս առևտուր էր կատարվում: Կատակներ էին անում, սրախոսում, ցինիկ անեկդոտներ պատմում և, միմյանց ուսին ու փորին զարկելով, տասնյակ հազարների գործեր վերջացնում: Լսվում էին դարձվածքներ, նկատվում էին ձևեր ու շարժումներ, որ անսովոր մեկի վայելչասիրության զգացումը կարող էին վիրավորել: Երեկվա գռեհիկ գյուղացիների, մրգավաճառների, սայլապանների միայն հագուստն էր փոխվել: Փողոցը, օսլայած շապկով ու փայլուն կոշիկներով տեղափոխվել էր մի հասարական հավաքարան, որ լուսավորված էր էլեկտրական լամպաներով և զարդարված փարթամ կահ-կարասիով: Թավշե բազկաթոռների վրա անփույթ ընկղմված էին մարդիկ, որ դեռ երեկ-մեկէլ օրը հնամաշ խսիրների վրա էին ծալապատիկ նստում:
Կային բժիշկներ, իրավաբաններ, ինժեներներ, որոնց արտաքինը, ձևերն ու արտասանած դարձվածքները կրում էին շրջանի դրոշմը: Գրեթե նույն կոշտ ու կոպիտ կեցվածքը, նույն գռեհիկ եղանակը խոսակցության, ինչ որ հատուկ էր անկիրթ ու անտաշ շրջանին, այնպես որ անծանոթ անձը չէր կարող երևակայել, որ յուրաքանչյուրի գրպանում կա մի-մի վկայական բարձրագույն ուսման: Կրթությունն ու զարգացումն ազդելու փոխարեն ազդվում էին և նկատելի էր, որ կրթվածները նույնիսկ գիտակցաբար օրինակում էին հարստացած խոհարարների ու դռնապանների գռեհիկ ձևերն ու սովորությունները նրանց դուր գալու համար:
Սմբատն ամեն կողմից հանդիպում էր սիրալիր ողջույնների, ստրկական ժպիտների, և կրթվածները, միմյանց առաջում էին նրա ձեռը սեղմելու: Եվ ամենքն իրենց կարեկցությունն էին արտահայտում հոր մահվան առիթով և գովում ու փառաբանում էին հանգուցյալի առաքինությունները:
— Դրանք մեր ազգականներն են, — ասաց Գրիշան` հեգնաբար, առաջնորդելով Սմբատին մի փոքրիկ սենյակ, ուր հինգ-վեց մարդ առանձնացած տաք-տաք վիճաբանում էին ինչ-որ բանի մասին:
— Քաղցած փորը մարդու գլխին զոռ է տալիս, — ասաց Գրիշան:
Նրանք մտան շատ պայծառ լուսավորված ընդարձակ սենյակ, ուր երկայն սեղանի քով մի խումբ մարդիկ լրագիրներ էին կարդում:
Մեր տեղական պոլիտիկոսներն են, — ասաց Գրիշան:
Հետևյալ սենյակները լիքն էին թուղթ խաղացողներով: Կավիճի փոշին, ծխախոտի ծուխը, շնչառությունների գոլորշին օդի մեջ գոյացրել էին մի տեսակ մանիշակագույն մշուշ, որի միջով հազիվ-հազ երևում էին կարմրած երեսները, ճարպոտ աչքերը և մեկը մյուսից հաստ ու պարարտ փորերը: Ոմանք թե՛ խաղում էին և թե՛ առևտուր անում: Այս ու այն կողմից լսվում էին հանքային ջրերի բացվող շշերի պայթոցները: Նորաբողբոջ բուրժուազիան կուշտ ճաշից հետո իր ճարպոտ որովայնը զովացնում էր, թառանչելով ու բղկոց տալով:
Վերջին սենյակում բիլիարդ էին խաղում: Այստեղ էին Մելքոնն ու Մովսեսը:
— Գալուստդ բարի, սգավոր, — ասաց Մելքոնը Սմբատին, թեքվելով, որ գնդակին զարկե:
— Իշալլա՛հ, — արտասանեց քնահարբ Մովսեսը, կիի ծայրը դանդաղորեն կավիճելով: -Կռամբոլ... հազ աթասինի...
— Դե լավ, վերջացրեք, արդեն տասը ժամն է, — գոչեց Գրիշան անհամբեր:
Գնդախաղը վերջացավ: Սմբատը, Մելքոնն ու Մովսեսն անմիջապես ուղևորվեցին Քյազիմ-բեգի տունը, իսկ Գրիշան գնաց թատրոն, ասելով.
— Գնամ գեղեցկուհիներիս հսկելու, որ ուրիշները չփախցնեն:
Թատրոն կոչվածը մի քառանկյունի անոճ ու անճաշակ սրահ էր, նման շտեմարանի: Մտնելով մի նեղ անցք, Գրիշան վերարկուն շպրտեց առաջ վազող հանդերձապահին և անցավ կուլիսների հետև: Այդտեղ տիրում էր շուկային խառնակություն. մինչ բեմի վրա երգում էին խորային երգիչ-երգչուհիներն ու պարուհիներն իրենց թեթև զգեստներով, բարձրաձայն խոսում էին, վիճաբանում, իրարու բոթում, իրարու հայհոյում, ծիծաղում, քրքջում: Կային մի քանի կնամոլներ, որ եկել էին իրենց ժամանակավոր սիրուհիներին ներկայացումից հետո ընթրիքի տանելու: Դրանք գլխավորապես գողությամբ հարստացած գործակատարներ կամ նավթային միջնորդներ էին:
Գրիշան ձեռով շփեց մի սիրունիկ պարուհու երեսը և մոտեցավ գեղադեմ կոմպրեմարիոյին առժամանակ, մինչև որ պրիմադոննան կավարտեր իր արիան բեմի վրա և կստանար երկրպագուների սովորական ծափերը, նաև մի որևէ նախկին սայլապանից` ծաղիկների մի կողով: Կուլիսների հետևում նա առհասարակ ընդունվում էր սիրով ու հարգանքով, և շատ դերասանուհիներ ու երգչուհիներ իրենք էին փաթաթվում նրա պարանոցին:
Հայտնելով պրիմադոննային, թե այս գիշեր ուր պետք է անց¬կացնեն իրենց ժամանակը ներկայացումից հետո, նա շտապեց անցնել թատերասրահ, որ ծայրեիծայր լիքն էր: Հպարտ, ինքնավստահ քայլերով անցավ ադամանդազարդ տիկինների ու պոչավոր պարոնների միջով և բռնեց իր տեղն առաջին կարգում: Տասնյակ նախանձոտ աչքեր ուղեկցում էին նրան, իբրև մի երջանիկ անձի, որի համար թատրոնը, կարծես, սեփական տունն էր, իսկ կուլիսների հետևը` հարեմ:
Քյազիմ-բեգ Ադիլբեգովը Միքայելի ընկերների մեջ ամենից ազատն էր ընտանեկան պայմանների նկատմամբ, ամենից հարուստն ու ամենից շռայլը: Նրա ծնողները մեռել էին մի քանի տարի առաջ, տանը ոչ ոք չուներ, բացի երկու-երեք լեզգի ծառաներից, խոհարարից և կառապանից: Ապրում էր որպես ոչմահմեդական, նիստն ու կացը բոլորովին հարմարեցրած էր քրիստոնյա ընկերների ճաշակին ու պահանջներին: Հորից ժառանգել էր երեք-չորս հոյակապ տներ, բազմաթիվ նավթահորեր, երկու առագաստավոր նավեր, մի շոգենավ և մի քանի տոպրակ ոսկիներ: Արդեն կեսն իր հարստության վատնել էր, մնում էր մյուս կեսը: Մոլեռանդ մուսուլմանները վաղուց էին հաշտվել նրա մեղսալի կենցաղի հետ, համարելով նրան ապականված գյավուր, որ հանդերձյալ աշխարհում պիտի չարաչար պատժվեր...
Հյուրերը մտան կես եվրոպական և կես ասիական ոճով կահավորված մի ընդարձակ սրահ: Մի անկյունում ծալապատիկ թախտի վրա նստած, երգում ու նվագում էին սազանդարները: Տանտերը մի քանի հյուրերի հետ վինտ էր խաղում: Դա առույգ և կայտառ մի երիտասարդ էր, գեղեցիկ դեմքով, խոշոր, սև աչքերով, մաքուր սափրած երեսով և բարակ սևաթույր ընչացքով: Հագած էր թավշե արխալուղ, Դաղստանի նրբագույն շալից կտրած կապա` ոսկե վազմաներով: Մեջքին կապած էր ոսկե գոտի, որից կախվում էր մի գեղեցիկ դաշույն` զմայլելիորեն շինած ոսկեխառն փղոսկրե պատյանի մեջ:
Տեսնելով հյուրերին, նա արագությամբ ոտքի ելավ նրանց դիմավորելու և երևան հանեց իր բարձր հասակն ու նուրբ կազմվածքը: Դեմքի կարմրությունից, վառ աչքերի արյունախառը շրջանակներից կարելի էր գուշակել մեծ սերը դեպի ոգելից ըմպելիքները և անքուն գիշերները:
— Մաշալլա՜, մաշալլա՜, — գոչեց նա, մոտենալով Սմբատ Ալիմյանին, — Հիսուսի անունով երդվում եմ, այս երեկո ես երջանիկ եմ քո գալստյամբ: Թաքո՜յ սյուրփրիզ, թաքո՜յ սյուրփրիզ...
Նա գրկեց ու համբուրեց Սմբատին և ներկայացրեց հյուրերին: Ներկա էին մի ռուս սպա, մի վրացի իշխան, պարսկաց հյուպատոսը, երեք հայ, մի լեզգի, երկու հրեա, մի հույն և մի լեհացի: Հայերից մեկը մոտ հիսունհինգ տարեկան մարդ էր, միակ ծերն այդ շրջանում և մեկը քաղաքի առաջնակարգ հարուստներից, կույր բախտի մի ընտրյալ, որի մասին ասում էին, թե մի ժամանակ եղել է խոհարար: Մյուսը վաղաժամ ծերացած մի երիտասարդ էր աշխարհի հաճույքներից հոգնած դեմքով: Նրա դեմքը կրում էր վատագույն հիվանդության նշաններ: Երրորդը` Միքայելն էր, որ Սմբատին տեսնելով, հեռացավ սրահի հեռավոր անկյունը:
Վինտն ընդհատվեց: Նստեցին «բակարա» խաղալու: Նորեկները, առանց «ոսկե ժամանակը կորցնելու», միացան խաղացողներին, բացի Սմբատից, որ կյանքում երբեք թուղթ չէր խաղացել: Քյազիմ-բեգը չհամարձակվեց թախանձելու նրան, որ խաղա:
Սկզբում խաղացողները սառն էին, դնում էին քարտին տասնական-քսանական ռուբլի և ոչ ավելի: Զսպողը սպան էր: Նա շատ դրամ չուներ, մյուսներն էլ խաղում էին զգույշ, խաղի «էտիկան» պահպանելու համար: Վերջապես սպան տանուլ տվեց ինչ որ ուներ, ոտքի ելավ, որով և մեծ հաճույք պատճառեց քնահարբ Մոսիկոյին: Շուտով բոլորը տաքացան: Միքայելը տանուլ էր տալիս, Մելքոնը նույնպես: Քյազիմ-բեգը դադարեց խաղալ, վեր կացավ, գրկեց Սմբատին և միասին դուրս եկան պատշգամբ:
Միքայելն սկսեց հուզվել ու կատաղել թղթերի դեմ: Տասնու-մեկ անգամ միմյանց հետևից նրա թուղթը «խփեցին»: Ո՛չ, այդ անկարելի է, տնաքանդություն, հազիվ կարողացել է մի քանի հազար ռուբլի գտնել պարտքով և ահա կեսից ավելին գնաց: Պետք է «ձեռքը փոխել»: Քանի խաղը փոքր էր, տանում էի, իսկ այժմ:
— Նիկոլայ Լուկիչ, — դարձավ նա սպային, որ նախանձոտ աչքերով հետևում էր խաղացողներին` նման անոթի մեկին, որ մասնակից չէ ճոխ սեղանին, — նստեցեք:
Սպան թեքվեց, և Միքայելը նրա ձեռի մեջ դրեց մի բուռը թղթադրամ, ավելացնելով.
— Քաջ խաղացեք...
Տասը րոպե չանցած սպան մաքրվեց, իսկ Միքայելը, որ իր բախտը կապում էր նրա մասնակցության հետ, շարունակ տանուլ էր տալիս:
Արդեն ամենքը բորբոքվել էին: Այլևս ոչ ոք հաշվի չէր առնում բանկոմետի առաջարկը, գնում էին որքան նա կանչում էր: Դեմքերը կարմրել էին, աչքերը վառվել, սրտերը բաբախում էին հուզումից, այն ինքնատեսակ հուզումից, որ հատուկ է միայն թղթախաղին և որն է իսկական պատճառը, որ դրդում է խաղամոլին տասնյակ ժամերով շարունակ և անդադար խաղալ: Մի գրգիռ, որ ունի իր հաճույքը:
Սմբատը ներս էր եկել և հետաքրքրված դիտում էր Միքայելին: Հետաքրքրականը եղբոր տանելը կամ տանուլ տալը չէր, այլ հոգեկան դրությունը: Նկատում էր, որ թղթախաղը Միքայելին բոլորովին այլափոխել է: Աչքերը կարմրել են, պսպղում են վառ ածխի պես, քթի պնչերը դողդողում են նման արաբական նժույգի ռնգերի, ամբողջ էությունը տակն ու վրա է եղել: Դեմքը գունատվել է թղթի պես և կուրծքը բարձրանում-իջնում է փուքսի նման: Սմբատին չի նայում, խաղում է խելագարի պես, մերթ տալով, մերթ վերցնելով հարյուրանոցները: Մեկը ևս մաքրվեց և Քյազիմ-բեգը բռնեց նրա տեղը: Սմբատն զգաց, որ ինչ-որ դիվային ուժ մղում է նրան դեպի խաղի սեղանը: Ամեն անդունդ ունի ձոգղական զորություն, որին դիմադրելը մի տեսակ հերոսություն է: Արդեն նա սովորել էր դյուրին խաղը և կարող էր մասնակցել: Մերթ ընդ մերթ հուզվում էր մեծ գումարով խաղացողների հետ, երբեմն զայրանում էր մեկի կամ մյուսի անհաջողության դեմ: Հրապույրը քանի գնում, այնքան անհաղթելի էր դառնում: Հանկարծ նա, մի ձեռը տանելով ծոցի գրպանը, մյուսը դրեց սեղանի վրա և ասաց.
— Փորձի համար:
Բանկոմետը Մոսիկոն էր, որ արթնացել էր, վառվել և ամենից թունդ էր խաղում: Նա եռապատկեց գումարը: Սմբատը թուղթը վերցրեց: Միքայելի գունատ դեմքով սահեց մի հեգնական ժպիտ` Սմբատը ձգեց սեղանի վրա վեց հատ հարյուրանոց, նա տանուլ տվեց: Վերցրեց երկրորդ թուղթը, դարձյալ տանուլ տվեց: Երրորդ թուղթը զարկեց և հեռացավ սեղանից:
Վրացի իշխանը բոլոր ունեցածը տանուլ տվեց և այժմ խաղում էր «կավիճով»:
— Պապաշա, տեղդ ինձ տուր, — դարձավ Մելքոնը նախկին խոհարարին, որ տանում էր:
— Ես ըը պառավ մարդ եմ, ես ըըը վեր կենալ չեմ կարող, — ասաց Պապաշա կոչվածը, որ երկու խոսք ասելիս երեք անգամ կմկմում էր:
— Կոնյա՛կ, — գոչեց Մոսիկոն:
Լեզգի սպասավորն իսկույն կատարեց հրամանը, բերելով մի ամբողջ շիշ: Բոլորը դատարկեցին մի-մի բաժակ, հետո երկրորդը, երրորդը և նրանց արյունն ավելի տաքացավ:
Այժմ Միքայելը տանում էր: Տանում էին նաև Մոսիկոն ու Պապաշան: Մյուսներից բախտը երես էր դարձրել:
Թղթերը շրջան անելով, անցան Մելքոն Ավրումյանի ձեռքը: Նա մի սուր հայացք ձգեց հարևանի երեսը և գոչեց.
— Հազար ռուբլի:
Ոչ ոք մրնչև այժմ առաջին թղթի վրա այդպիսի մի գումար չէր առաջարկել: Հարևանը, որ վրացի իշխանն էր, կանգ առավ, նայեց Պապաշայի երեսին: Փող էր խնդրում նախկին խոհարարից, բայց հայացքը պահանջողական էր, ծերունին գլուխը բացասաբար շարժեց, բավական է որքան տվել է, տվածն էլ հետ չի պահանջում: Բոլորը նայեցին միմյանց երեսին:
— Գալիս է, — ասաց Մոսիկոն, — բռունցքը զարկելով սեղանին:
Նա տարավ իննանոցով «խփելով» ութանոցը: Մելքոնը բերանից արձակեց մի կեղտոտ հիշոց թղթերի հասցեին` շպրտելով նրանց մի կողմ: Բերեցին նոր թղթեր: Այդ էլ չօգնեց. բախտն այդ գիշեր դավաճանում էր նրան: Կատաղում էր, փրփրում, առանց մի որևէ առիթի սրա ու նրա հետ վիճում: Առհասարակ հայտնի էր իր կռվասիրությամբ: Նա գոռաց երաժիշտները վրա, որ շրջապատել էին սեղանը և ագահ աչքերով նայում էին հարյուրանոցների դեզերին: Այլևս գրպանում փող չուներ, խաղում էր «կավիճով»: Թղթերը նորից անցան նրա ձեռքը, նա կանգ առավ, մի քանի վայրկյան խորհեց, ձեռքով ճակատը շփեց և գոչեց.
— Երեք հազար ռուբլի:
Այս անգամ Մոսիկոն էլ տատանվեց, չնայելով, որ շատ էր տարած: Գումարը խոշոր էր:
— Գնացե՛ք, — խորհուրդ տվեց վրացի իշխանը Պապաշային:
— Հալա ըըը հարբած ըըը, չեմ, ըըը. նուշ չի...
— Պակասացրո՛ւ, — դարձավ Միքայելը Մելքոնին, — տեսնում ես չի գալիս, թուղթը դիմադրություն չի սիրում:
— Հինգ հազար ռուբլի, — ավելի տաքացավ Մելքոնը:
— Կոնյա՛կ, — աղաղակեց Մոսիկոն:
Բաժակը դատարկեց, ձեռը դրեց ճակատին և մտածեց մի քանի վայրկյան: Հետո վերցրեց անկյունում դրած թղթերից մեկը, նայեց գույնին: Նա գուշակում էր խաղի ելքը: Թուղթը կարմիր էր. կարելի էր գնալ:
— Վեց հազար, — ավելացրեց Մելքոնը, որ բոլորովին գունատվել էր:
Սմբատն աչքերը հառել է Միքայելի երեսին: Տեսնում էր, որ եղբայրը գրգռվում էր և այս անգամ հասկացավ նրան: Նա ինքը ենթարկվել էր խաղի դիվային զորությանը:
— Յոթ հազար, — արտասանեց Մելքոնը և, անմիջապես պատասխան չստանալով, ավելացրեց. — վախկոտնե՜ր...
Միքայելի ինքնասիրությունը վիրավորվեց:
— Գալիս է, — ասաց նա և նայեց եղբոր երեսին:
Սմբատը ձևացավ անտարբեր:
— Կատակ չէ, խաղ է, — ասաց Մելքոնը:
— Խաղի մեջ կատակ անողներից չեմ` թուղթ տուր ինձ:
— Գումարը պայծառացրու սեղանի վրա, հետո կտամ թուղթ:
— Կարող ես հավատալ, վաղը կստանաս, — ասաց Միքայելը և նորից նայեց եղբոր երեսին:
Նորեն Սմբատը անտարբեր ձևացավ:
— Կհավատամ, եթե թուղթը վերցնե եղբայրդ:
— Ուրեմն դու ինձ շուլեր ես համարում, — գոչեց Միքայելը, ձեռն ուժգին զարկելով սեղանին:
— Քավ լիցի, ես միայն քո վարկաընդունակությանը չեմ հավատում:
— Ես սնանկ չեմ, պարոն...
— Սնանկանում են նրանք, որոնք ունեին մի ժամանակ:
Տիրեց վայրկենական ընդհանուր շփոթություն: Սազանդարները, որ կանգնած էին վիճողների հետևում, հետ քաշվեցին երկյուղով:
— Տալո՞ւ ես թուղթ, թե ոչ, — գոռաց Միքայելն ագահությամբ և սպառնալի ոտքի ելնելով:
Մելքոնը նայեց Սմբատի երեսին:
— Կարող ես տալ, — արտասանեց Սմբատը, չհանդուրժելով եղբոր ստորացումը:
Մելքոնը երկու թուղթ ձգեց Միքայելի առջև, երկուսն էլ երեսնիվայր ձգեց իր առջև:
Հետո գաղտնի նայեց իր թղթերին, աչքունքը թթվեցրեց և ասաց.
— Տալիս եմ...
— Քեզ տես, — արտասանեց Միքայելը:
— Յոթանոց է մտել...
Մելքոնը ձեռքի կոլոդից դրեց սեղանի վրա մի թուղթ ևս: Նրա շրթունքները դողդողում էին:
— Անո՞ւնդ, — հարցրեց նա:
— Դո՛ւ ասա:
— Անո՞ւնդ:
— Վեց ա:
— Ցո՛ւյց տուր...
— Յոթ...
Եվ Միքայելն իր թղթերը պարզեց սեղանի վրա: Նա համոզված էր, որ տարել է: Բայց Մելքոնը շուռ տվեց իր թղթերը և ցույց տվեց երկու տասանոց և մի իննանոց: Միքայելը ցնցվեց:
— Անկարելի է, — գոռաց նա, ինքն իրեն կորցնելով, — անկարելի է, ես չեմ թույլ տալ ինձ կողոպտելու:
— Խա՞ղ է — ասաց Մելքոնը սառնարյուն, — վաղը կվճարե եղբայրը:
— Ավազա՛կ, դու իննոցը դուրս բերիր կոլոդի տակից:
— Շուլերը դու ես:
Սկսվեց իրարանցում: Երկու հակառակորդները ոտքի ելան և մի-մի աթոռ բարձրացրին: Մի վայրկյան ևս և նրանք պիտի հարձակվեին իրարու վրա: Սմբատը բռնեց Միքայելին և ուժով մի կողմ տարավ: Ապա, դառնալով Մելքոնին, ասաց.
— Վաղն առավոտյան տարածդ կստանաս.
Հարկավ, խաղը դադարեց: Սմբատը կամեցավ անմիջապես հեռանալ և տանել իր հետ Միքայելին:
— Ո՛չ, ո՛չ, — թախանձեց Քյազիմ-բեգը, — ես կվիրավորվեմ, եթե գնաք: Դատարկ բան է, կհաշտվեն:
Մինչ բոլորն աշխատում էին կռվածներին հանգստացնել, ներս մտան Գրիշան, պրիմադոննան, երկու խորային երգչուհիներ և մի երգիչ: Եվ նրանց երևալը, մանավանդ պրիմադոննայի ժպտուն գեղեցկությունը` կրքերը մեղմացրին:
Գեղեցկուհի համարվածը, բարձրահասակ, բավական գեր, շիկահեր մի էակ էր, մազերը ճակատի վրա խոպոպացրած և ծոծրակի վրա հունական ձևով հյուսած: Վարի թերթերունքների տակ խնամքով շինված սև գծերը նրա բնականից փոքրիկ աչքերին տալիս էին արվեստական խոշորություն, նույնիսկ մի տեսակ թախիծ: Պուդրն ու շպարը ծածկում էին երեսի մորթու քանի մի անհարթությունները, իսկ սնգույրն այտերին տալիս էր թեթև կարմրաթյուն: Ունքերի նոսրությունը սքողված էր այնպիսի վարպետությամբ, որ ամենանրբատես աչքը կարող էր խաբվել:
Նա բոլորի ձեռքը սեղմեց մտերմաբար, բոլորին պարգևեց մեկն այն հրապուրիչ ժպիտներից, որ ինքնըստինքյան դառնում են բեմին ծառայողների հատկանիշը:
Սազանդարները ոգևորվեցին, նախատեսելով մի արտաքո կարգի քեֆ, ուրեմն և առատ վարձատրություն, մանավանդ եթե Միքայելին ու Մելքոնին հաշտեցնեն:
Գրիշան գրկեց ու համբյուրեց պատկառելի Պապաշային, շշնջալով նրա ականջին մի քանի արյունահույզ խոսքեր կանանց մասին: Ծերունին հաստ բեղերը ոլորելով, փողկապն ուղղելով... աչքերը կրքոտ կատվի պես տնկեց երգչուհու երեսին և հետո, նայելով ոտքից մինչև գլուխ, մտքում մերկացրեց նրան:
Կես ժամ անց, Քյազիմ-բեգը հյուրերին հրավիրեց սեղանատուն, ուր ուտելիքներով և ըմպելիքներով ծանրաբեռնված սեղանն սպասում էր նրանց: Միքայելը նստեց պրիմադոննայի աջ կողմում: Ամիս ու կես էր կանանց հետ սեղան չէր նստել — կարոտ ել էր. Գրիշան նստեց երգչուհու ձախ կողմը: Քյազիմ-բեգն ու վրացի իշխանը նստեցին դեմուդեմ: Սմբատը նստեց տանտիրոջ և Պապաշայի միջև:
Գրիշան ընտրվեց սեղանապետ: Սկզբում բոլորն աշխատում էին իրենց լուրջ պահել պրիմադոննայի ներկայությամբ, մանավանդ, որ անախորժ ընդհարման տպավորությունը դեռ չէր անցել: Սեղանապետն առաջարկեց գեղարվեստի «փայլուն աստղի» կենացը, որ և՛ ընդունվեց հոտընկայս և բուռն ծափահարությամբ: Սազանդարները «տուշ» նվագեցին:
— Silence, — գոչեց հոգնած դեմքով մի երիտասարդ իրավաբան, որ հաշտարար դատավորի պաշտոնակատար էր:
Բոլորը լռեցին: Նա արտասանեց գեղեցիկի և գեղարվեստի մասին մի ճառ: Սկսելով հին հույներից, անցնելով հռովմեացիներին, հետո մեր ժամանակներին, նա դատարկեց իր գիտության ամբողջ տոպրակը և գոչեց.
— Ergo, մենք իբրև գեղարվեստի ջերմ երկրպագուներ, խոնարհվենք նրա թագուհու առջև...
Քյազիմ-բեգն ասաց.
— Աֆարի՛մ...
Վրացի իշխանը գոչեց.
— Վաշա՜...
Գրիշան իր հետ եկած երգչին առաջարկեց երգել մի ռոմանս: Ոտքի կանգնեց բեղերը սափրած մի մաշված ու քայքայված մարդ օպերայի երկրորդ տենորը և, ներողության խնդրելով, հրաժարվեց երգելուց: Ուզում էր, որ բոլոր ներկա եղողները միաձայն խնդրեին: Եվ խնդրեցին, բայց երգիչն զգում էր, որ իր ձայնը վաղուց է քայքայվել:
— Ջիոկոնդա՛, — դարձավ նա պրիմադոննային, — ռոմանսը քեզ համար շաբլոն բան է: Թույլ տուր ինձ երգել ու ներկայացնել «Խելագարը»:
— Բռավո՜, բռավո՜, հրաշալի քեռի, — ասաց պրիմադոննան: -Պարոններ, խնդրեմ ուշադրությամբ լսել, Վիստուխինի «Խելագարը» բացառիկ է: Պատիվ ունեմ ծանոթացնել, ապագա Բառնայ կամ Սալվինի: Վճռել է օպերան թողնել և դրամային նվիրվել: Օ՜օ, տեր աստված, ներվերս քայքայեցին այդ վայրենի հնչյունները, — ավելացրեց նա, ձեռով դժկամական նշան անելով դեպի սազանդարները:
— Ադա՛, լռեցե՛ք, — հրամայեց Քյազիմ-բեգը, և սազանդարները դադարեցին նվագել:
«Ապագա Բառնայը կամ Սալվինին» հանդիսավոր կերպով նայեց աջ, նայեց ձախ, բերանը սրբեց, փողկապն ուղղեց, որ ընդհանուրի ուշադրությունը գրավե: Եվ սկսեց երգել ու ներկայացնել «Խելագարը»: Նրա շրթունքները կամաց-կամաց աղավաղվեցին երեսի կաշին կուչկուչվեց, աչքերի բիբերը ծռվեցին նախ մի կողմ, հետո մյուս կողմ, ապա բարձրացան վեր, և ապագա Բառնայը դարձավ կրկեսային խեղկատակ: Նրա խռպոտ ձայնը, որ կրում էր ալկոհոլի կործանիչ ազդեցությունը, մերթ բարձրանում էր մինչև դիապազոն, մերթ կոկորդի մեջ խեղդվում, արձակելով ամենատարօրինակ հնչյուններ, նման տեղական սայլերի ճռճռոցներին:
Պրիմադոննան, որ իր հոգու խորքում խղճում էր իր «կորած» ընկերոջը, ծափահարեց` նրան չվշտացնելու համար: Բոլորը հետևեցին նրա օրինակին: Ապագա Բառնայն արժանավայել ձևով գլուխ տվեց աջ ու ձախ, նստեց տխուր հառաչելով:
— Որքա՜ն զգացմունք, որքա՜ն զգացմունք, — գոչեց պրիմադոննան, թաշկինակը հպելով աչքերին` իբրև թե արցունքը սրբելու համար, — էքստրա քո կենացը, գեղարվեստի բազմաչարչար նահատակ:
— Օ՜, Լիզա, Լիզա, էքստրա, — բացականչեցին բոլորը, մի-մի բաժակ դատարկելով:
Գրիշան գիտեր պատվել կանանց սեռը: Առաջարկեց խորային երգչուհիների կենացը միասին:
Հերթը հասավ Սմբատ Ալիմյանի կենացին: Գրիշան ասաց, թե այսօր շրջանը ձեռք է բերում մի թանկագին անդամ, մի «մոլորյալ գառնուկ», որ գրեթե մանուկ հասակում փախել էր հարազատ փարախից:
Բոլոր սեղանակիցների կենացներն ավարտելուց հետո, Քյազիմ-բեգը հրամայեց սազանդարներին` նվագել ինչ-որ պարերգ: Առաջինը ինքը սկսեց պարել, աչքերը տնկած գեղեցկուհի պրիմադոննայի կրծքին, պտտելով սեղանի շուրջը:
— Ադա՛, փադայ շամփանսկիյ, — դարձավ նա սպասավորին:
Սմբատն զգում էր ինչ-որ անսովոր ջերմություն: Անծանոթ մթնոլորտը, ուր մի ժամ առաջ նա իրեն խորթ էր զգում, փափկացել էր, և նրա հոգու մեջ տարածվում էր մեղմությունը: Այլևս նա չէր կշտամբում իրեն, որ եկավ այդտեղ: Այժմ նա իր մտքում արդարացնում էր Միքայելին և պատրաստ էր նրան գրկել ու համբուրել...
VII
Միքայելը մոռացել էր իր անախորժ ընդհարումը Մելքոնի հետ և շարունակ քչփչում էր պրիմադոննայի հետ: Քանի թուղթ էր խաղում, հիշում էր տիկին Անուշ Ղուլամյանի բեղիկները: Այժմ երգչուհու հարևանությունը բոլորովին մոռացնել էր տվել տիկնոջը: Արյունը բորբոքվել էր և նրա մարմնին պատճառում էր բուռն անձկություն: Անզսպելի ցանկությամբ նա նայում էր մերթ գեղեցկուհու ուռուցիկ կրծքին, մերթ թղթի պես ճերմակ պարանոցին: Լինում էին վայրկյաններ, երբ պատրաստ էր շրթունքները հպել այդ պարարտ կոկորդին և ատամներով խածնել նրան, բայց աջ ու ձախից նայող նախանձոտ աչքերը զսպում էին նրան մանավանդ Սմբատի աչքերը, որ նույնպես անտարբեր չէին դեպի երգչուհին:
Շամպանիայի առաջին բաժակը նվիրվեց երգչուհու կենացին, այս անգամ ոչ իբրև գեղարվեստի «թագուհու», այլ բոլոր աշխարհների բոլոր կանանց լավագույնին: Ամենքը ոտքի կանգնեցին, գոռալով ու աղաղակելով, բացի Սմբատից, որ տակավին պահում էր սգավորի լրջությունը: Քյազիմ-բեգը մոտեցավ «անզուգական էակին», խնդրեց թույլ տալ «եթերային ուսը» համբուրելու: Օրինակը գայթակղիչ էր, բոլորը հերթով համբուրեցին հրապուրիչ ուսը գեղեցկուհու: Տեղիցը չշարժվեց միայն Սմբատը: Մի հանգամանք, որ չխուսափեց երգչուհու ուշադրությունից:
— Պարոն Ալիմովը շատ է զբաղված իր վիզավիով, — ասաց նա ծիծաղելով:
«Վիզավին» խորային երգչուհիներից մեկն էր, որի վրա մինչև այդ րոպե Սմբատը չէր նայել անգամ:
Ապագա Բառնայն արդեն հարբել էր և լալիս էր, քովը նստած սպային նկարագրելով գեղարվեստին ծառայողների հոգեկան տանջանքները: Հարբել էին նաև Մելքոնն ու Մոսիկոն: Պապաշան հարմար վայրկյան որսալով, աթոռը վերցրեց ու գնաց նստեց երգչուհու կողքին: Բարձրացավընդհանուր ծիծաղ: «Պապաշան գժվեց, Պապաշան կործանվում է», — գոչեցին այս ու այն կողմից: Երգչուհին մի քնքուշ հայացք պարգևեց նախկին խոհարարին, որի հարստության մասին լսել էր վաղուց:
Գրիշան ինչ-որ շշնջաց երգչուհու ականջին, բաժակը լցնելով շամպանիայով:
— Պարոննե՛ր, — դոչեց երգչուհին, բաժակը բարձրացնելով, — այնտեղ, ուր կա զվարճության, ոխ չպետք է լինի...
— Ուշադրությո՛ւն, ուշադրությո՛ւն, ինքն աստվածուհին է խոսում, — գոչեց Գրիշան:
— Խմում եմ Միխայիլ Մարկիչի և Մոիսեյ, Ամբարձումովիչի կենացը և խնդրում եմ նրանց համբուրվել իրարու հետ:
— Համբուրվել, այո՛, համբուրվել, էվրիվա, հուռռա՜,հուռռա՜, գոչեցին ոմանք:
Մի խումբ շրջապատեց Միքայելին, մի ուրիշը` Մելքոնին, մոտեցրին իրարու` հրելով ու բոթելով և ստիպեցին համբուրվել:
Հաշտությունն ամենքին ոգևորեց: Այժմ կարելի էր ավելի բաց սրտով շարունակել քեֆը:
Սմբատը զայրացած նայեց հաշտվողների գրկախառնությանը, ուրեմն այդ միջավայրում խոսքերն արժեք չունին, և վիրավորվածները ոչ մի ազդեցությո՞ւն կամ այդ մարդիկ զո՞ւրկ են պատվո զգացումից, որ միմյանց ցեխի մեջ թավալելով, մի ժամ հետո համբուրվում են:
Միքայելը ևս կորցրել էր իր գլուխը, այնքան դերասանուհին հափշտակել էր նրան իր քաղցր, իմաստալի ժպիտներով և ձայնի գրգռիչ հնչյուններով: Մերթ ընդ մերթ փորձի համար թևը սեղմում էր հարևանուհու թևին, և փորձերը զգալի ընդդիմության չէին հանդիպում:
— Ե՞րբ է ձեր բենեֆիսը, — հարցրեց նա:
— Առաջիկա կիրակի:
— Կարո՞ղ եմ հուսալ, որ այդ օրն ինձ հետ կճաշեք:
— Հաճույքով:
— Եվ կընթրե՞ք:
— Այդ մասին խոսք տալ չեմ կարող: Կախված է հասարակության վերաբերմունքից, գուցե ինձ հրավիրեն խմբովին:
— Թույլ կտա՞ք, որ իմ պարտքը կատարեմ այժմ իսկ:
— Ի՞նչ եք կամենում ասել:
— Ահա, — պատասխանեց Միքայելը և իր ձախ մատից հանելով ադամանդյա մատանին, խնդրեց երգչուհուն թույլ տալ մատին հագցնելու:
Գեղեցկուհին շփոթված ձևացավ, նայելով մատանու գրավիչ քարին, որ փայլում էր աստղի շողերով: Ո՛չ, ո՛չ, նվերները նա սովորաբար գեղարվեստի տաճարումն է ընդունում: Բայց, ա՜խ, ի՛նչ հրաշալի ադամանդ է և ի՛նչ լավ շինվածք: Օ՜, ո՛չ, չի վերցնիլ. ի՞նչ կասե Սմբատ Մարկիչը:
— Տեսեք, ինչպես է նայում...
Միքայելի ինքնասիրությունը գրգռվեց: Նա անկախ մարդ է, ոչ մի եղբայր չի կարող նրա վրա իրավունք բանեցնել: Եվ նվերը հենց այդ նպատակով է անում ընկերների ներկայությամբ, որ ապացուցանե, թե ազատ է, ինքնագլուխ: Նա արդեն բոլորին հայտնել էր հոր կոնտր-կտակի մասին: Վճռված էր վաղը վերջին անգամ Սմբատին առաջարկել կամավոր ընդունել կտակի օրինավորությունը, հակառակ դեպքում գործը վաղն իսկ պիտի հանձնվեր դատարանին.
— Գրիշա՛, օգնի՛ր ինձ, — դիմեց Միքայելն ընկերոջը:
— Ներեցեք, Ելենա Անաստասիևնա, — ասաց Գրիշան, բռնելով երգչուհու ցուցամատը` մատանին հագցնելու համար, — մենք կոշտ ու կոպիտ կովկասցիներ ենք, երբ խոսքը չի ազդում, դիմում ենք ուժի օգնությանը...
— Ասացեք պարզասիրտ և անկեղծ ասպետներ եք, մի՞թե կարելի է ձեզանից վիրավորվել, — ասաց երգչուհին, թույլ տալով, որ մատանին հագցնեն իր մատին:
Սակայն մատանին ցուցամատին չանցավ, հագցրին ձագ մատին:
— Ի՜նչ նուրբ ձեռներ ունեք, ի՜նչ հրաշալի, — արտասանեց երգչուհին, շոյելով Միքայելի մատները:
Այս թեթև փաղաքշումը լիովին վարձատրեց Միքայելին թանկարժեք նվերի փոխարեն:
— Այդ ի՞նչ եք քչփչում այդտեղ, — գոչեցին այս ու այն կողմից:
— Ոչինչ, — ծիծաղեց երգչուհին, — ձեռս դանակով կտրեցի, Միխայիլ Մարկիչը վերքս փաթաթեց:
Следующая страница |