Րաֆֆի՝   Հուշագրություններ

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 Next Last

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ՆՈԹԵՐ

ԱՂԹԱՄԱՐԱ ՎԱՆՔԸ

Խոսակցություն ազգային լուսավորության վերա, դուրս հանած մի ճանապարհագրութենից, որ եղած է 1858 թվակ. շրջելով Վասպուրականի և Տարոնի կողմերում:

Արեգակի վերջին ճառագայթները մտան Նարեկյան սարերի հետքը: Մի թեթև զեփյուռ բերում էր ուխտավորների փոքրիկ նավակը Բզնունյանց ծովակի երեսից: Երկար ժամանակ նստած մի բարձրավանդակի վերա Աղթամարա կղզումը, սպասում էի ուղեկցիս, որ նավ մտնելու միջոցին պատահմամբ ինձանից ետ մնաց: Բայց իզուր. ընկերիս մի այլ ձախորդություն էր պատահել, պատճառը, իմ նավամուտ լինելուց հետո, նորա ձին, որ արածում էր ծովեզերյա դաշտումը, հանկարծ արձակվելով փախել էր: Արդեն միամտեցա, որ նա զբաղված լինելով որոնել յուր ձին, կարող չէր իսկույն գալ. նորա գալստյանը մնաց սպասելու առավոտուն:

Լուսինը մի երկաթյա երկնաքարի նման, կրակից նոր դուրս բերած, կարմիր երեսը ցույց տվեց Վարագա սարերի կատարներից, և նորա արծաթափայլ լուսով սկսան շողշողել ծովակի հեզիկ ալիքները: Ես նստած էի մի բարձր քարաժայռի վերա, որին զարկվում էին ծովի երթևեկ ալիքները, և սրտիս մտածությունների մրրիկը խառնվելով հեղանյութ տարրի ալեկոծության հետ, արձակում էին երևակայությանս սենյակի մեջ նորանոր արձագանք: Հանկարծակի մի նոր ձայն շփոթեց մտածությունս: Հայեցա, և ահա տեսանեմ մի նորահաս տղամարդ, բռնած ձեռքին մի փոքրիկ պարսկական խալիչա, ասում էրԻլի՜ վեր, ախբա՜ր, ասիկա մեր հայր սուրբի տեղն է. ամեն օր էսա վախտ, աստեղ նստած, ղահվա կխմե, մըկա էլ կուգա կոր. իսկույն հասկացա, որ դա վանքի ծառաներիցն էր. եկողն ևս՝ գլխավոր վարդապետներից մինը: Լավ եղավ, մտածեցի, գոնյա՜ հայր սուրբի հետ փոքր-ինչ ժամանակ կանցուցանենք, նոր բաներ կլսենք:

Հայր սուրբը եկավ: Ես ոտքի վերա կանգնեցա, աջն համբուրեցի, ձեռքը գլխիս դրեց՝ շնորհակալ եմ, մի պահպանիչ ևս ասաց: Կարծեմ. այս պատիվը չցուցաներ ինձ, եթե չսողացնեի ձեռքը քսան ղուռուշանոց պեազ մեճետյան: Ինչևիցե: Աստված սորան կյանք տա. սևագլխի գործն այն է. նա մեղք չունի: Հայր սուրբը տեղ ցույց տվեց, ծալապատիկ նստեցա: Երեք այլ վարդապետներ ևս նորա մոտ շարվեցան. չորս հատ ևս, քրդի նման, գլուխները կարմիր, դեղին և զանազան գույներով մարհամաներ փաթեթած մարդիկ կային, որոնք թե ինչ ազգից էին, չիմացա իսկույն. բայց հետո հասկացա, որ հայ են: Շատախու և Մոկաց կողմերի իշխաններից: Դառն ղահվայի փոքրիկ բաժակները սկսան պտույտ գալ, և մինն ևս ինձ տվեցին. խոսակցության տուտը բացվեցավ:

Հըմը՛, որդի՜, ուստի՞ էս, որտեղի՞ց կուգաս, հագուստիցդ Ռուսաստանու հայերուն կնմանիս. ապրի՛ս դո՜ւ, ի՞նչ է քեզ ստիպեր, այսպես ջահիլ-ջահիլ եկեր էս, Հայաստանու վանքեր կպտտես, զորանաս, սուրբ նշանի շնորհը վրադ լինի՜:

Հա՜յր սուրբ, ես Պարսկահայոց գաղթականներից եմ. մանկութենից Ռուսաստանում մեծացած լինելով, նոցա հետ նմանություն ունիմ: Բայց բնիկ սալմաստեցի եմ, Ատրպատականի ժողովուրդ: Հայրենիքի սերը բերել է ինձ այս կողմերումս շրջելու. ուխտավոր եմ, սուրբ Կարապետի վանքից եմ գալիս:

Աստված ուխտդ ընդունելի՜ արասցե՜: — Երանի քո աչքերուն, — կրկնեցին մյուսները). բայց ասա՜, որդի՜, Պարսից կողմերեն հե՜չ ընծա մի, հոգեբաժին, կամ ուրիշ բան ունի՞ս բերած, որ օրհնության գիր տանես: Պարսկաստանու հայերը, թեպետ մոխրապաշտից մեջը կբնակին, բայց շատ ջերմեռանդ ու բարեպաշտ մարդիկ են, ամենայն ժամանակ անոնք չեն պակասեցներ յուրյանց ընծաները սուրբ վանքերեն:

Հայր սուրբի փաղաքշական գովասանությունը կամա ակամա մի քանի դեղիններս, ոսկի դահեկաններ պիտի խլեր ինձանից, բայց ի՞նչ օգուտ, նորա բախտից քսակս հրաժարիմք էր կարդում: Ինչ պետք է արած, պարտական եմք, պիտի տամք. կարելի է ավետարանի կողքին այդպես գրած լինի: Դոքա թո՜ղ մնան. չիցե՜ թե մեր վարդապետը բարկանա: Ա՛խ. ծառա՜ եմ նորա աքին. նորա անեծքը կրա՜կ է:

Ճշմարի՜տ է ասածդ, բայց ինձ ո՜չ մի բան տված չեն բերելու. միայն ես ինքս խոստացած ունիմ դարպաս տալու հարյուր ղուռուշանոց դեղին մեճետիա, այսքան հազիվ իմ կողմից բաժին հասանի սուրբ ուխտին: Ըստ որում պարսկաստանից դուրս գալուցս հետո, բավակա՜ն վանքեր եմ տեսած, և ամեն մինին մասնավոր գանձանակ ընծայած:

Աստված ևս առավել կարողություն տա. մեք ձեզանից միշտ շնորհակա՜լ եմք, թե՜ տաք, և թե՜ չտաք: Ո՜րդիք, դուք լա՜վ գիտեք, որ աշխարհի ամենայն բանեն զրկված եմք. մեր ումուդը, մեր հույսը մեր ժողովուրդն է. մեք անոնց համար աղոթք կանենք. անոնք էլ մեզ չպիտի աչքե ձգեն. թե՜ սա աշխարհումս և թե՜ ան աշխարհումը մեր հոգվո փրկությունը մեզնով է:

Այս ո՜վ չգիտե, ասաց վարդապետներից մինը, մի՜թե Քրիստոսն չէ՞ր որ ըսավ. «Եվ զոր կապիցեք երկրի, լինիցի կապեալ երկինս. և զոր արձակիցեք, լինիցի արձակեալ» և այլն: Մեկ բաղնիք որ կերթաս, բաղնիքպանը քու մարմնի կեղտերն կլվանա ու կմաքրե, դուրս գալու ատենը, զանիկա չե՞ս վարձատրեր: — Հապա մենք, որ ձեր հոգվո ախտերն ու կեղտերն միշտ կսրբենք, մեզ պիտի առանց վարձատրանա՞ց թողուք: Հոգիներս դուրս կգա՝ օրն յոթն անգամ ժամ ըսելով, շաբաթն երկու անգամ պատարագ ընելով, ու ծունր իջնելով, ո՜վ գիտե ի՞նչ ճգնություններով: Ինչո՞ւ, որ Հայոց ազգը հաստատ մնա, փառավոր ըլլա, Լուսավորչական օրենքը չկորչի:

Ադոնք թո՜ղ մնան, — ասաց առաջինը: Տիրացուն, կերեի, ինքն ալ գրոց աշակերտ է. անկարելի է, որ աս առարկաներս հասկցած չըլլա: Բայց, լսե, տիրացու Հակոբ, Ռուսաստանու և Պարսկաստանու վանքերը ու ժողովուրդը ինչպե՞ս են համեմատելով մեր վանքերու ժողովրդյան հետ:

Խնդրում եմ, այդ բաները ինձնից չհարցնեք. չիցե թե իմ պատասխաններս այդ նյութերի մասին վշտացնեն ձեր սիրտը, և շատ կարելի է, ձեր բարկությունը հարուցանեն իմ վերա: Նաև զանազան տեղերից, անհամար կարգավորք կսկսեն յուրյանց սև վեղարների տակից մռմռալ և անեծքի կայծակներ թափել իմ վերա, ուր մնաց Հայոց նոր քննարանների գրիչ շարժիչը իմ վերա: Գիտե՞ս ես վաճառական մարդ եմ, չուն իմ այն գլուխը ամեէ մի սրախոսության պատասխանատու լինել: Այլև առածն ասում է «ճշմարտախոսի գդակն է ծակ»: Քանի որ ճշմարտությունը Հայաստանից փախչում է, հարկավոր է մեզ ևս թաքչիլ (թաք կենալ):

Ըսե, ո՜րդի, ճշմարտությունը մերկանդամ է, արժան չէ զանիկա թաքուցանել: Կարելի է, քու դատողություններդ արժանի ընդունելության բան ըլլան, խելքը հասակի ու մորուքի վրա չէ. դատ անգամ խիստ մանուկ և պատանի սրտերու մեջ կպատահին վսեմ ու արժանավոր մտածմունք, մի՞թե փոքրիկ բլուրներու մեջ ազնիվ մետաղներու հանքեր չեն գտնվեր:

Հա՜յր սուրբ, դուք կամենում եք սրտիս խոցերը բանալ. և արդա՜րև, ո՞ր օրի համար պիտի մնան դոքա. լավն այն է, որ բացվին, դուք ևս հասկանաք, որպիսի՞ ցավեր այրում ու խորովում են սիրտս: Քանի որ աշխարհագրության մեջ, մասնավոր մարդերի գրվածների մեջ կարդում էի հայոց ազգի բազմության թիվը, նոցա կրոնասիրությունը, նոցա բարոյական ազնիվ բարք ու վարքը, և պատմութենից տեղեկանում էի նաև նոցա առաջինների բարեփառությանը. — հիրավի, սիրտս մի անչափ ուրախությամբ լցվում էր. փա՛ռք էի տալիս նախախնամականին, որ այդպիսի բարեբախտ ազգի զավակ եմ: Բայց երբ գրքերը մի կողմ դրած, կամեցա ականատես փորձով ստուգել այդ կատարելությունը և բարեփառությունը. ո՛հ, այն երեխայական հոգեզմայլությունքը փոխվեցան մի անտանելի վշտի:

Ինչո՞ւ այդպես, — ասաց վարդապետը, — ընդհակառակն, քու ուրախությունդ տասնապատիկ պիտի ավելնար:

Ո՜չ. խղճալի վիճակի մեջ եմ տեսնում ձեր ժողովուրդը. միանգամայն մեռած տգիտության խավարի մեջ, որ և պատճառ է տալիս զրկվելու աշխարհային և երկնային փառքից:

Այդ բանիդ միտքը լավ չեմ հասկնար. ի՞նչ կնշանակե. մեր ժողովուրդը տգետ գոլով զրկվում է աշխարհային և երկնային փառքե: — Կարծեմ ասել կուզես, ո՜չ աշխարհիս մեջ ունին մարմնական երջանկություն, և ո՜չ երկնքի մեջ հոգեկան փառք:

Այո՜, այդպես. տգիտության ներհակն է գիտություն, որին ուրիշ խոսքով լուսավորություն, ուսումն եմք ասում: Լուսավորությունը մի այնպիսի ասպարեզ է բացում մարդու առջև, որի մեջ գտնում է նա երկու գլխավոր ճանապարհներ. մինը տանում է դեպի այս աշխարհի երջանիկ կյանքը. իսկ մյուսը՝ դեպի երկնքի հավիտենական փառքը: Ըստ որում՝ լուսավորությունը ուսուցանելով մարդուս զանազան օգտավետ արհեստներ, կրթում է նորա միտքը, բացում է ճանապարհը դեպի զանազան գյուտեր և հասունանում է նորան հնարներ, որովք նա հեշտությամբ կարող է հարըստանալ ինքը և հարստացնել յուր հասարակությունը: Այլև լուսավորությունը ազնվացնում է մարդուս բարք ու վարքը և շինում է նորան օգտակար և բարեգործ անդամ ազգի. դորանից հետևում է առաքինությունը, այն միայնակ կենդանի և կենդանա ցուցիչ մասը կրոնի, որ և պատճառ է տալիս հանդերձյալ կյանքի բարելավությանը: Դորա հակառակ, մի մարդ կամ թե մի ազգ, որ խավարի ու տգիտության մեջ է, ունի մի նեղ ու անձուկ դուռն ապրուստի. նորա կյանքը ստրկության և ծառայության մեջ է. նա հայթայթում է յուր ապրուստը դժվարին և անտանելի աշխատութեններով. նա և կորցնելով կրոնի կենսական մասը, հոգին, կամ թե մեռցնելով նորան, այնուհետև պիտի առաջանա սնապաշտություն կամ կռապաշտություն:

Որդի, այդ բանի մեջ դու շատ կսխալվիս, մեր ժողովուրդը իր վիճակին նայելով, բավականին լուսավոր է:

Ո՜չ, հայր սուրբ, ոչ միայն ձեր ժողովուրդը, և դուք, այլև բոլոր ազգը յուր նախնիքի բարեփառության ժամանակներում ևս լուսավորության համար հոգս չէ տարած: Անի քաղաքում կարդում ենք հազար և մի եկեղեցի, բայց մի վարժատան անուն անգամ չկա: Նույնպես Հայաստանի մյուս տեղերում տեսանվում են անթիվ վանքեր, բայց վարժատան նշույլ չկա: Երևում է հայը, որպես այժմ, նույնպես և առաջ, ունեցել է մի սնոտի սեր դեպի կրոնը.

Աշխատել և բազմացնել եկեղեցիների, վանքերի, կրոնավորների և ճգնավորների թիվը: Այս պատճառով հայոց գիտնավորը, շուտով կրոնավորի կարգը ընդունելով, դիմում էր դեպի վանք, ըստ որում այնտեղ պաշտվում էր սրբի տեղ: Ո՞վ կցանկանար վարժապետության, ո՜վ էր վարժապետի պատիվ գնողը, ո՜վ էր նորա ժողովող և դարմանող հոգաբարձուն, կամ ազգասեր իշխանը նույնիսկ հասարակության մեջ: Բայց, ավա՛ղ, մեր թշվառությանը. կարծես այժմ ևս ազգն յուր թանձր թմրության քնից զարթած չէ, որ այն վանքերից դուրս բերելով հայոց գիտնավորը պիտանի կացուցաներ յուր որդիներին. հայոց ուսումնարանը վանքերի պատերի միջից դուրս հաներ և դներ ժողովրդի մեջ և շիներ հասարակաց կրթության և լուսավորության տուն:

Հը՛մ... — գլուխը շարժեց վարդապետը. կերևի կոր, դու ևս ան պարոններեն ես, որ ազգի վանքերը, ազգի սուրբ աթոռները քանդելու կջանան, կրոնավորաց դեմ կպատերազմին: Այդ միտքերը նոր ազանդ տարածել է, լուսավորչա սուրբ կրոնը խափանել է: Ո՜չ, եղբայր, հայը յուր նախնյաց շավիղեն դուրս չգար, նա որպես մինչև ցայժմ սուրբ պահեր է նախնյաց ավանդությունները ու ծեսերը, նույնպես պիտի պահե մինչև հավիտյան:

Ոհ, այդ ի՞նչ նախանձու հոգի է, որ դուք ունիք հայոց գիտնավորների հետ: Թո՜ղ մնան աշխարհական գիտունները. բայց և ձեր համակարգ եղբայրներից մինը, երբ սկսում է ազգային լուսավորության խնդիրների վերա մտածել, իսկույն վեր են կենում նորա ընդդեմ ահագին բազմություն նախանձոտ հակառակորդներ ձեր միջից: Ինչ ասեմ ի մասին աշխարհական գիտնավորների հայոց մեջ, որք թափառական ման են գալիս աշխարհից աշխարհ, և ո՜չ մի տեղում դադար չեն գտանում: Խղճալի Մ. Թաղիադյանցը աստանդական մինչև ի Հնդկաստան հասավ, վերջը Պարսկաստանի քաղաքում ավանդեց յուր չնաշխարհիկ հոգին: Ապովյանըև անգիտելի է, ինչ կերպով կորցրեց յուր թանկագին կյանքը: Բայց ե՞րբ կլինի, որ մեր Հայաստան աշխարհում ևս կառուցանվին աթենյան տաճարներ, և հնամոլության մառախուղը վերանա, մի՞թե ազգն ստեղծվել է վանքի ու վանականների և դատարկ ծիսապաշտության համար: Դորա հակառակ, վանքը և վանականքը և բոլոր կրոնական կարգերը սահմանված են մարդուս համար և պիտո է ծառայեն մարդկության օգտին: Իսկ երբ որ նոքա անպիտանացան, և համեմատ չեն ազգի և ժամանակի պիտույքին, ապա պետք է ի բաց մերժվին: Այժմուս ազգը, յուր տգիտության բանտի մեջ, ճգնավորների աղոթքին և վանականների աղերսանքին այնքան կարոտություն չո՜ւնի, որքան փափագում է կրթության ու քարոզության ախտահալած դեղին, այն զարթուցանողական ձայներին, որ լսելով սթափվի յուր մահահրավեր թմրութենից, փակած աչքերը բանա և տեսանե լուսավոր աշխարհը, լուսավոր ազգերը, ինքն ևս աշխատի հասանել լուսավորության, ուրեմն և բարվոքել յուր դրությունը:

Ո՛հ. լուսավորությո՛ւն... լուսավորությո՛ւն... անխել բառ, անխել զրույց... Նոր հավեր են եկել, երկաթի ձվեր կածեն: Մի քանի խելառներ ազգը կլուսավորեն. ան ևս հայոց ազգը. ան հարյուրավոր սրբերու անեծքին տակ ճնշված ազգը և մեզ ալ թույլ չեն տար, որ մեր տեղերում հանգիստ մնալով, գոնյա հանապազօրյա ազոթիվք և սաղմոսերգությամբ պահպանեմք նոթան: Եթե մեր աղոթքները չըլլային, գիտե՞ս, մինչև հիմա հայոց ազգը հաստատ կմնար:

Ի՞նչ օգուտ այդ աղոթքներից: Երբ որ տեսանում եմ շատ հայաբնակ գյուղեր կես ժամու ճանապարհով հեռու մի վանքից, ուր գտանվում են բավական վարդապետներ. բայց ժողովուրդը ամենևին բարձիթողի արած: Տարին երկու անգամ քահանայի երես չեն տեսանում, աստուծո, Քրիստոսի անունը հազիվ գիտեն, հավատքից ունեն մի քանի սնապաշտական կարծիքներ. գիտեն մի քանի առասպելախառն պատմություններ սուրբ գրքերից: Առավել լավ չէ՞ր լինելու, եթե դուք ժողովրդի մեջ մնալով, կրոնի պատվիրաններ ուսուցանեիք նոցա, ազգի որդիքը դաստիարակեիք և կրթեիք:

Ո՛հ, բաներս թամամեցավ. մեք տարիներով կին մարդո երեսը չուզեմք տեսնել. ճգնավորը միայն ավագ շաբթի օրը իր սարից դեպի վար կգա. դա մեզ կըսե, գնացեք ժողովրդյանը մեջ. ապա վանքերն մեռելներո՞ւն մնան: Ժողովրդյան հետ մեք ի՞նչ բան ունինք: Հա՜, աստված մեր հոգին կառնե, թո՜ղ մեր վանքերաց մեջ մեռնիմք:

Ահա՜ այդ թյուր նախապաշարումն է, որ պատճառ է տալիս ձեզ հեռանալով ազգից, ժողովուրդն անտերունչ, անհովիվ թողլով, առանձնանալ վանքերի խցերում: Այդ իրողությունն է, որ ի վաղուց հետե տգիտության ցեխի մեջ է խրել ձեր ժողովուրդը: Որովհետև նոքա ձեզ սուրբի տեղ պաշտում են, հայտնի բան է, որ և ձեր դատողությունները մեծ ազդեցություն ունին նոցա վերա: Դուք ամենևին անհոգ եք ազգային լուսավորության համար, և ձեր կյանքը ընծայել եք ունայն և մեռյալ կրոնասիրության. ապա ժողովուրդը որքան անձնատուր պիտի լինի անշահ սնապաշտոթենների. ի՞նչ օգուտ, հնդկական բրահմանները, պարսից դերվիշները ձեզանից առավել ապաշխարանք, կամ րիազաթ են կրում: Եթե այդ բանը նոցա հոգուն շահ ունի, ձեզ ևս կլինի: — Բնա՜վ ոչ, մարդս ծնված է հասարակության համար, պարտական է որևիցե գործակատարությամբ արդյունաբեր լինել ընկերությանը, իբրև մասն յուր բոլորին:

Վարդապետը բարկացավ:

Այս ի՞նչ զրույց է. մենք վանքե՞րը պահենք, թե ժողովրդյանը լուսավորություն տամք: Ծո, ախպար, մեր ժողովուրդը հազիվ թե անտանելի չարչարանքներով կկարողանա ապրուստ ճարել, և իր գլուխը պահել. լուսավորությունը անոր հա՞ց կուտա, թե հալա՞վ: Ասենք թե մեր ժողովուրդն մինը գութանի մաճը ձեռքեն թող տալով, որդին ալ խուրկիցն իջնելով խարազանի տեղ գրիչ վեր առան. մի տեսնեմք, հայոց դիվանխանեքում գրագրությո՞ւն պիտի անեն, թե յուրյանց մեծ առևտրական հաշիվները պիտի գրեն: Ծո՜, մի թո՜ղ տուր այդ օձու հեքիաթները1. թե աստված կսիրես: Որու ձեռքի մեջ գրիչ կտեսնեմ, անոր ճիպին մեջ մեկ փարա չիկա. ձեռք վեր կալ այդ սարսաղ խոսքերեն. քեզի համար պահիր. հայոց ազգը թող յուր հալին մնա, նա ձեզ նման մարդերու խրատներուն կարոտ չէ:

Ճշմարիտ է, Քրիստոսը հարմարին խոսեց ձեր մասին. «Եթե աղն անհամ դառնա, ինչով համ պետք է լինիս», — դուք ինքներդ խավարի մեջ եք, թշվառ ժողովուրդը ինչ լուսավորություն պիտի ստանա ձեզանից. պատճառ, կույրը կույրին չէ կարող լինել առաջնորդ: Ուրեմն, լավն այն է, որ դուք այդ վանքերում մնաք, մինչև հայկական Պարնասից ծագե հայոց համար լուսավորության արշալույսը: Ձեզանից մեզ օգուտ չկա. թող հայոց նորահաս մուզայքը յուրյանց ախորժ ներդաշնակությամբ կենդանացնեն ազգի ուսումնականության մեռած հոգին:

Այդ ո՞ւր ես ասում. հայոց ազգը ի սկզբանե անտի ապերախտ է եղել դեպի յուր կրոնավորքը: Կարդա Խորենացին և այլ պատմությունք, կտեսնես, քանի-քանի չնաշխարհիկ կրոնավորք մահ ընդունեցին ժողովրդեն, յուրյանց բարեգործության փոխարեն: Դու ևս այն օձերու ծնունդ ես, ավելորդ բան չէ քու նախատինքը կրոնավորաց ընդդեմ:

Ապա ի՞նչ ասեմ, վարդապետ. Մշու դաշտի Նորշեն, Առինջ, Հողունք կոչված գյուղերը որքա՞ն հեռավորություն ունին սուրբ Հակոբա, սուրբ Հովհանու և սուրբ Գլակա վանքերից, որոնց մեջ բնակում են շատ վարդապետներ. մի՞թե ձեր անհոգությունից չէ, որ լատինադավան վարդապետն նոցա մեջ բույն են դրել. կամ թե Խնուս գյուղը որքա՞ն հեռու է, ուր ամերիկացի միսիոնարը բարձր ամբիոնից քարոզ է կարդում:

Ընկի՞ց է. չես գիտեր. որովհետև կաթոլիկը արծաթ ունի, կուտա, պռոտեստանտները արծաթ ունին, կուտան, կդարձնեն. մենք արծաթ չունինք, որ տանք, ո՜վ կլսե մեզ. արծաթն եղած տեղը, «Տեր տերը դաշտն կթուրքանա»: Հոգին ու հավատը մարդո աչքին չեն երևնար:

Ամենևին այդպես չէ, որպես դու կարծում ես. թող վանքերն ձեզ լինին, որոնցից դուրս գալը այդչափ դժվարություն է պատճառում ձեզ: Այդ վանքերի մեջ երբեք գիտնական վարդապետներ պակաս չեն. մի՞թե մեղք կլիներ վանքի մեջ մի փոքրիկ ուսումնարան հաստատելով հավաքել վիճակներից մի քանի մտացի երեխայք, նորանց աստվածաբանական գիտությունների մեջ քաջ կրթել, հետո քահանա ձեռնադրելով արձակել դեպի վիճակները: Նորահաս գիտնական քահանայքը թող սկսեին ժողովրդին քարոզել, նոցա որդիքը մասնավոր ուսումների մեջ կրթել, եկեղեցական արարողությունքը խորհրդավոր կացուցանել ժողովրդի հոգու համար: Այն ժամանակ և հավատացյալքը մին բան հասկանալով, կգիտենային յուրյանց կրոնի ուղղությունը, արժանավորությունը: Եվ պապականների լոկ խոսքով թե «Դուք մոլորյալ եք, վա՛յ ձեր հոգուն, դուք արքայության ժառանգ լինելու չեք, դժոխքի բաժին կլինիք, ձեզ փրկություն չկա և այլն», չէին խաբվելու մերայինքը. բայց խղճալի ժողովրդից ի՞նչ իրավունքով պահանջենք, որ յուրյանց ազգային դավանության վերա հաստատ մնան, եթե նոքա ամենևին անտեղյակ են նորան: Ծնած օրից եկեղեցում մի քարոզի ձայն լսած չեն, գրի սևն ու սպիտակն չեն իմանում. աստվածաշնչի ու այսմավուրքի պատմությունը յուրյանց պառավ տատիցն են լսած առասպելախառն: Ժողովրդի հոգևորական տնտեսությունը մնացել է գյուղական անկիրթ քահանաների ձեռքում և սոքա յուրյանց պարտականությունը այդպես են հասկացել, որ մկրտության և պատարագի, պսակի և թաղման կարգերը կատարելով, և յուրյանց պաշտոնավարձը ստանալով, կարծում էին, թե չցուցել են յուրյանց քահանայական խորհուդը: Ի՛նչ փույթ դոցա, ժողովուրդը թուրքացավ և պապադավան դարձավ, նոցա աջահամբույրը, նոցա ժամուցը պակաս չլինի, բավական է:

Այս միջոցին եկան, նստեցան մի քանի ուրիշ վարդապետներ, որք մի վայրկյան լուռ կենալուց հետո, գռռացին չորս կողմից. — Տո՜դա հերձվածող է, հո դա պռոտեստանտ է, դորա խոսքերից շատ մոլորություններ երևում են: Այս գիշեր միայն պատիվ քո այստեղ մնալը, առավոտուն դուրս. լուսավորիչը մեր օրինակն է, որ խստակրոն ճգնությամբ կյանքն անցրուց Սեպուհ սարումը:

Երանի թե դուք սուրբ լուսավորիչն ունենայիք ձեզ օրինակ. բայց մի լավ քննեցեք այն խնկելի տղամարդի և ձեր կյանքը. տեսեք, որևիցե համեմատություն կա՞ ձեր ու նորա մեջ. նա Հայաստանը լուսավորելուց հետո, մեհյանները քանդելուց հետո, Արիստակեսն յուր փոխարեն, ավելի քան չորս հարյուր երեսուն եպիսկոպոսներ ազգի հովվության համար ձեռնադրելուց հետո, երբ որ տեսավ բոլոր իղձերն կատարած, Մովսեսի նման յուր անձը թաքցրեց: Բայց հավատացեք, որ լուսավորչի ժամանակ յուրաքանչյուր նահանգում հազիվ թե գտանվում էր մի կռատուն. բայց այժմ համարյա ամեն ժողովրդականի սրտում պաշտվում է մի-մի Անահիտ: Ապա այդ շնչով մեհյանները ե՞րբ քանդվելով պիտի դառնան Քրիստոսի համար սուրբ տաճարներ:

Բավական է, քարոզ մի՜ կարդա: Քո ասածները մոլորություն են: Քեզ համախոհ շատ մարդիկ այժմ գրիչ վեր առած բամբասում են մեզ, մանավանդ այն Մոսկվայի և Պետերբուրգի պարոնները, որք վանք ու վանականը թողլով, բռներ են վարժատան պոչը ու կերթան. աստված անոնց կամքով չընե. անոնց միտքը մեզ հայտնի է:

Հայր սուրբ ջան, ծառա եմ սուրբ աջիդ. կարելի է, ես մոլորյալ լինիմ. բայց դուք, իբրև Օրենսուսույց վարդապետ, պարտական եք իմ մոլորությունս ուղղելու հեզ խրատաբանությամբ, և ո՜չ բարկությամբ: Ես ազգի ցավով սիրտս այրված խորովված պատանի եմ: Թողեցի Ատրպատականը, եկա տեսնելու Հայաստանը, գուցե փոքրիշատե մխիթարվիմ: Ընդհակառակն, սկսյալ այն րոպեից, մինչև ոտքս կոխեցի հայրենի քաղցր հողի վերա, ամեն մի քայլափոխում սիրտս լցվում է նորանոր ցավերով, ամեն մի քայլափոխում աչքիս դեմ բացվում են ողբալի տեսարաններ. — մի կողմից փառավոր քաղաքների, վանքերի ավերակները, մյուսշ կողմից՝ տեսանելով այդ խղճալի համազգիքս, խելքս իմ մեջ մնում չէ. աչքիս առջև մթնում է: Այն ողորմելի ժողովուրդը, որ մին ժամանակ ունեցել է սեփական փառք, տերություն, քաջություն, այժմ մթին խավարի մեջ նստած է բոլորից զուրկ: Ապա ի՞նչ առնեմ, հա՜յր սուրբ. դու մեղադրում ես այժմյան գիտնականներին, ասում ես, նոքա յուրյանց հոգևորականների պատիվը չեն ճանաչում, ուրիշ ազգերի առջև խայտառակում են: Ապա ի՞նչ պետք է առնել. մինչև այժմ ազգի պակասությունները քողարկելով, բանն այստեղ է հասել. բարբարոս ազգերը լուսավորություն ստացան, իսկ հայր (թող նորանց, որ շատ աշխարհներում գաղթական են). — հայը, հայրենիքի սրտի մեջ, Հայաստանի ծոցումը խորին տգիտությամբ պաշարված. թո՜ղ մենք ամենևին չխոսենք, թո՜ղ հայ գիտնավորը առժամանակ ևս լռե. մի՞թե ձեր պատվին ինքնըստինքյան մեծ խայտառակություն չէ՜, որ ամերիկացի քարոզիչը, հռոմեական եկեղեցու քահանան հեռավոր աշխարհներից գալով, Հայաստանի սրտի մեջ բույն են դնում, յուրյանց համար նոր ժողովուրդ են ձեռք բերում. իսկ դուք ձեր սեփական հոտը չկարողանաք պահպանել. անփույթ առանձնանալով վանքի խցերի մեջ, անօգուտ կյանք վարեք: Բայց, որպես ձեր անհոգությունը տեսանում եմ, այդպես ևս չէ մնալու, ըստ որում փոքր կայծերը պատճառում են մեծամեծ հրդեհներ: Շատ կարծիք կա. նույն այդ վանքը, որ միջնադարյան ասպետների նման, համարում եք ձեզ սեփական բերդ, մի ժամանակ դորա մեջ ևս բարձրանա այն ազգի ամբիոնը, որին դուք հերձվածող և մոլորյալ եք համարում:

Զարմանա՛լի բան. դուք միշտ կպահանջեք, լուսավորություն լիսի, լուսավորություն լինի, ուսկի՞ց կլինի լուսավորությունը, եթե ոչ տերության գանձար անեն: Բայց մենք ո՜չ թագավորություն ունինք, և ո՜չ գանձ. հազիվհազ առանձնացեր ենք վանքերու մեջ, մեր սև օրը կուլանք: — Հա՜, հա՜, քո Մկրտիչ վարդապետն ալ, հողը անոր գլխին, ան ապերախտը թողավ անապատը, իր կրթված ու սնված սուրբ տեղը. ուզեց տպարան ու դպրոց հաստատել, լուսավորություն տարածել. հիմա ան է, որ չարվադարի նման տարին մի անգամ կվազե դեպի Պոլիս, ամիրաներից օգնություն խնդրելու, մեծ պարտքերու տակ է ընկած. անխելք գործ. անիմաստ բան2: Ա՛յ թշվառական ո՛վ քեզի կստիպեր քո չափեն դուրս շալակ վեր առնուլ, ոտդ կոտրվի, տակը մնաս: Վանքերի խորշերում մի կտոր հաց չկա՞ր, որ ուտեիր, քո աղոթքիդ, ժամ ու պատարագիդ լինեիր: Այդ գործերեդ ի՞նչ կթափվի, որ դու ինչ հավաքես: Ազգը կլուսավորվի, թո՜ղ մի քիչ ալ խավարի ու անդունդը գնա՜, քեզ ինչ փույթ: Բոլոր Վասպուրականը քեղ թշնամի ես արեր, չգիտես, ի՞նչ է շինածդ: Վարագումը տպարան և դպրոց է հաստատեր. թո՜ւհ, կործանվի տպարանն ալ, դպրոցն ալ. հենց մեք ուղղական, սեռական, տրական չգիտեմք, մեզ չօրհնեցին: է՛հ, ադոնք փուչ բաներ են. մեր Մեսրոպ ու Մովսեսն ալ քերականություն գիտեին. բայց սոված ծարավ ման կուգային: Կտեսնենք, քո Արծվի վերջն ալ. ինչպես կթռցնեն նորան յուր ճտերուն հետ դեպի Բյուզանդիոն: Հո հայոց ազգը, մեր բոլոր սրբերեն անիծյալ ազգը, վերջը պիտի կործանվի. թե քարոզես, թե չքարոզես: Մեռած հիվանդի բերանը միշտ դարման լեցրու, տեսնեմք, կկենդանանա՞:

Տեսանելով արդեն, որ վանահայրը, բարկության բոցով առավել տաքացած, քաղաքավարության դիմակը վայր ձգեց յուր վերայից, և անվարագույր երևցնում էր յուր մոլար դատողությունների պատկերը, որով ես հեշտությամբ կարող էի ծանոթանալ մեր հնապաշտ կրոնավորի հոգու հետ. այնուհետև սկսում եմ համոզական խոսքերով վարդապետի բարկության հրդեհի վերա ջուր ցանելով խոսակցության թելը երկարացնել: Թո՜ղ չձանձրանա մեր կարդացողը. այս խոսակցության մեջ տիրում է մի ասիական երկարաբանություն. ինչ պետք է արած: Եվրոպացին ո՜վ է ճանաչում Աղթամարա վանքումը. մեր վարդապետի գլուխը եթե դրով ծակելու լինիս, այնուամենայնիվ ասածները նորա գլուխը չեն մտանելու... ո՞ւր մնաց եվրոպացի համառոտաբանությունը:

Հա՜յր սուրբ ջան. ես շատ եմ ցավում, որ ձեր միտքը մոլորված է այդպիսի վտանգավոր գաղափարներով, այդպիսի ազգակործան գաղափարներով, որք խորուն տպավորություն ունին, որպես քո երևակայությանդ մեջ, նույնպես և բոլոր քո միաբանակից եղբայրների: Հայոց ազգը ամենևին անիծված չէ: Հայոց ազգը ամենևին կործանման համար նախասահմանած չէ: Նա մի պատվական ազգ է: Նա յուր հետին ռամկության մեջ ունի մի ջերմեռանդ հավատ դեպի փրկիչը. ունի շատ մաքուր բարք ու վարք: Մի այդպիսի ազգ, մի այդպիսի քաջ, խելոք ազգ, ինչպե՞ս բանալու չէ մտքի փակված պատուհանները, ընդունելու լուսավորության շողը: Նա պողովատի նման ունի սաստիկ ձգտողություն դեպի ուսման մագնիսը: Հա՜յր սուրբ, հո հոգուն մատա՛ղ: Մի՜ նախատիր հայոց ազգը, քո բերանը կրակ է. դա մին ազնիվ, ընտիր ազգ է: Ա՛խ. հոգիս դուրս գա նորա համար: Նա, չունենալով յուր համար առաջնորդ, աչքերի լույսը պակսած, կարեմ ասել, բոլորովին կույր, չէ շեղվում յուր ճանապարհից. գնում է այն նեղ ու անձուկ շավղով, որ ցույց տվեց նորան սուրբ Գրիգորիսը: Մի՞թե անպիտան է ոսկին, մինչդեռ հողի գրկումն է. թող մաքրե նորան քիմիան, այն ժամանակ կտեսանես նորա վառվռուն ճաճանչները, այլև դու ինչո՞ւ այդպես կողնավորապես դատում ես Արծվի ջանքը, նա արծիվ է. սրատես աչքերովը Վարագա բարձրավանդակից տեսանում է յուր ազգօգուտ տնօրենությունների շատ հեռավոր սահմանները: Նա առաջինն է, որ կամենում է զարթեցնել Վասպուրականի ժողովուրդը մահահրավեր թմրությունից: Ինչո՞ւ անիծում ես նորա դպրոց ու տպարանը, այդ երկու գլխավոր գործիքը, որ այնքան ձեռնտու են ազգային լուսավորության բանին: Նա արդեն կրում է յուր մեջ այն բարձր, վսեմ միտքը, որով հոգևորված է յուրաքանչյուր կրթյալ ազգասեր հայերի մեջ: Նորա խորհուրդները տարբեր են ձերայիններից: Նորա գործեիի վախճանը շահավետ է. երանի թե մեր բոլոր կրոնավորք ունենային այն ազնիվ ոգին, որպես Մկրտիչ հայր սուրբը: Ի՞նչ երջանկություն կլիներ:

Սորանք իմ գլուխս չեն մտներ... Մկրտիչ վարդապետն, մեք լավ կճանաչեմք նորան տիրացության ժամանակից. մին փարա չուներ գլուխը գերծել տալու, ի՞նչ ելավ, հն էն շլել (բարձրահասակ) Մկլոն է: Խազինա չգտավ, ինչո՞վ պիտի կառավարե տպարանը ու վարժարանը: Ասում եմ, ափսոս է, մի քանի տարի կյանք ունի, թող չփչացնե խենթ ու խելառ գործերու մեջ. թող նա ևս առանձնանա յուր վանքումը, խաղաղ ու հանգիստ նստե, ազգի բարիքն վայելե ու անոնց համար աղոթք ընե: Վատ չեմ ըսեր, սիրտս նորա համար կցավի, եթե ոչ, նա թագավոր դառնա, իմ վանքս չէ կարող ձեռքես դուրս հանել:

Ես ինչ որ ասում էի, հնարք չէր լինում, վարդապետը հենց յուր զուռնան էր փչում: Կարծեմ. խոսքերս նորա հնացած և քարացած մտքի վերա չէին ներգործում: Ա՛խ, երկար ժամանակ պետք է (արդյոք կհաջողվի՞) մինչև փափկանա այդ քարացած սիրտը, և ընդունե եվրոպական կրթության տպավորությունները:

Եթե դուք ազգասիրություն ունենայիք, Մկրտիչ վարդապետը ինչո՞ւ պիտի ամեն մի կարոտության համար Պոլիս գնար. եթե դուք սեր ունենաք, այն վեհ Արծվին շատ ամուր թև ու թիկունք կդառնաք, նա ոչ մի բանում կարոտություն ունենալու չէ: Բայց, ի՞նչ օգուտ, որ անձնասիրությունը թույլ չէ տալիս: Գիտե՞ք, Հայաստանի վանքերի գլխավորները կարող են ունենալ մի-մի փառավոր վարժատուններ և տպարաններ: Գիտե՞ք, որքան արդյունք ունին այդ վանքերը, մեծ եկամուտներ ունին, եթե օրինավոր վերակացությամբ և տնտեսությամբ հավաքվին մի առանձին գանձարանում, ազգի օգտի համար գործ դրվին: Օրինակի համար, Մշու սուրբ Կարապետի և Գլակա վանքերը միթե կարող չեն մի փառավոր վարժարան ունենալ, ուր կարող էին դաստիարակվիլ և կրթվիլ բոլոր Մշու հայազգի ժողովուրդը: Նոցա արդյունքը էջմիածնա հավասար է, բայց ի՞նչ օգուտ, բոլորը վարդապետների ագահ ախորժակին զոհ է լինում: Նաև այդ Աղթամարը, որ ունի երկու հարյուր գյուղից առավել վիճակավոր ժողովուրդ, եթե ամեն մի գյուղից մի աշակերտ ընտրվի, վանքի մեզ երկու հարյուր աշակերտից ձևացած ընտիր վարժատուն կձևանա: Այլև Հայաստանը Եվրոպա չէ, որ մի ուսանողը տարեկան երեք հարյուր, կամ ավելի ևս ռուբլի ծախս ունենա գնալու համալսարան, բան ուսանելու: Այստեղ աշակերտի համար ավելի ծախս հարկավոր չէ. հասարակ շալեղեն հագուստները բավական են. և ուտելիքը վանքի խոհարանի պարզ կերակուրներից, որ բոլորը կարող են հատուցանել վանքի բազմաթիվ գոմեշների, կովերի և ոչխարների հոտերը. և հացը արդեն գալիս է վանքի սեփական անդաստաններից, որոնք, բացի վանքի գութանից, մշակվում են և բարեպաշտ ժողովրդի օգնությամբ:

Տես, մինչ ո՞րտեղ վանքերի գաղտնիքը հասկացեր են. ասորմե առաջ աշխարհականը ի՞նչ գիտեր. մեզի սրբի տեղ կպաշտեր: Աշխարհեն մի օգուտ չունինք, ասոնք կամին կոր մեր վանքերի ապրուստն ալ մեր ձեռքեն առնուլ: Ծո՜, աշակերտն կուտե, զահրըմար (օձի թույն) ուտե. աշակերտը ի՞նչ գործ ունի վանքի մեջ. մեղրաճանճի բույն կհավաքեմք կոր մեր գլխին. քի՞չ ցավ ունինք. անոնք ալ մի կողմեն ավելնան: Էգուց ու մյուս օր մեկ սև վեղար ալ կձգեն գլխներին, մեկ ծանր բեռն ալ անոնք կլինին մեզի վերա, քի՞չ են այդ կըռըլմիշները (կոտորվածքը):

Վարդապետ, դուք ամենևին ասածներիս ուշադրություն չեք առնում. երևում է, իմ խոսքերը քամու նման ձեր ականջների մոտից անց են կենում, ահա այդ է, այդ անձնական շահասիրությունն է, որ ձեզ գիտնավոր անձների աչքից ձգել է. դուք ձեր անձին երջանկությունը և ձեր փառքը չեք փոխում ազգի բախտավորության ու փառքի հետ: Ահա սորանով իրավունք են ստանում ազգի գիտնականքը ձեզ չսիրել:

Է՛հ. չարը տանե քո գիտնականքը: Ծո անխելներ. Այսմավուրքը, ծառա եմ նորա սուրբ զորությանը (երեսն խաչ է հանում), Այսմավուրքը կարդացեք, որ բան հասկնաք, թե հոգիներուդ շահ լինի, և թե մարմիններուդ: Մարդ չհասկանար, թե ի՞նչ կզրուցեն այդ շատախոս տետրակները, իրենց նոր օձի նման ոլորուն լեզվավն: Սատանան ալ կարող չէ հասկնալ: Ալ ի՞նչ մնաց, որ մեր գլխուն չբերիք. գնացեք, թե աստված կսիրեք, Մեսրոպն ու Խորենացին, և Լամբրոնացին իրենց գերեզմաններին դուրս հանեք, տեսնեմ կհասկնան սիստ և մինտ, սիմետրիա, անատոմիա, ֆիզոդնոմիա բառերու նշանակությունը: Ծո, հիմարներ, անպես կուրացեր եք, որ ձեր հոր խաչն ալ չեք ճանչնար: Ի՞նչ եղավ, որ Մոսկվա., Փարեժ, Վիեննա կբնակվիք, Ձեր պապի լեզուն գրեք, որ մարդ հասկընա. ի՞նչ ադպես կթեքթեքեք ձեր լեզուն նորանոր բառերով: Ծո Նազարյանց, ի՞նչ ըսեմ քեզի. դու միշտ Մոսկվայեն կբոռաս, թե աշխարհաբառ պիտի գրել ու մտածել, որ ամեն մարդ հասկնա: Տեսնեմք քու աշխարհաբառն է խրթին, թե Նարեկը, կամ Լամբրոնացիի ճառերը. քավ լիցի, թե ես մեկ բան ալ կհասկնամ: Խեղճ ռամիկը, որու համար դուն կգրես, ի՞նչ պիտի հասկնա: Հայք ամեն երկիր ցրված են, նաև ամեն մեկ նահանգի բնակիչք կխոսին առանձին աշխարհաբառ լեզվով, որոնց մինը մյուսին անհասկանալի է: Ուրեմն աշխարհի երեսին քանի երկիրներու մեջ հայք կգտնվին, այնքան ալ լեզուներու տարբերությունք: Դուն որ կուզես քու աշխարհաբառը հասարակաց լեզու ընել, որու համար մեծ դժվարությունք կան, լավն ան չէ՞, գրոց լեզուն, որն որ շատերուն հասկանալի է, հասարակաց ընել:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 Next Last