Շիրվանզադե Ալեքսանդր՝   Քաոս

Ի՞նչ, դու Մարութխանյանին դո՞ւրս ես անում տնիցդ, — արտասանեց հյուրը, աջ ձեռով գլխարկի եզրը խփելով ձախ ձեռքին, — а что же, վատ մարդ եմ, ես էլ ցույց կտամ իմ վատությունը... Մարթա՛, գնանք, ես սկանդալիստ չեմ...

Միքայելը լուռ ու վրդովված նայեց քրոջ ու փեսայի հետևից, մինչև որ դուրս գնացին, — կինը հուզված, մարդը սատանայաբար ժպտալով:

Օ՛ձ, — թռավ ակամա նրա բերանից:

Նա զգաց մի տեսակ թեթևություն: Հնարովի կտակի խնդիրը նրա համար մի ակամա բեռ էր: Հոգու խորքում վաղուց էր զգում նրանից ազատվելու պահանջ: Այժմ ուրախ էր, որ միանգամից դեն ձգեց ուսերից այդ բեռը: Դա մի համարձակ քայլ էր նրա համար: Մի քայլ, որ ներշնչեց նրան եռանդ մի ուրիշ ավելի համարձակ քայլ անելու: Նայեց ժամացույցին, դեռ նոր էր լրացել ութ ժամը: Բութ մատի ծայրը սեղմեց ատամներին, նայեց հատակին, ձախ բռունցքը կողքին հենած:

Նա գործեց մի վճռական շարժում, մոտեցավ սեղանին, մատը սեղմեց զանգակի կոճակին:

Սմբատը տա՞նն է, — հարցրեց Բաղդասարին:

Հենց էս սհաթիս դուրս գնաց:

Տուր ինձ վերարկուս:

Նա շտապով հագնվեց և դուրս եկավ հաստատ քայլերով: Երեք օր էր` մտածում էր ու տատանվում: Այժմ ուզեց, վերջապես, մի հարվածով լուծել հանգույցը: Թող ինչ լինելու է, լինի: Նա իր պատիվը մի անգամ արդեն դրել է թղթախաղի, այլևս կանգ առնելը երեխայություն է: Թող ինչ ուզում են ուրիշները մտածեն: Նա կանի այն, ինչ որ թելադրում է իր սիրտը: նրան տիրել էր անսովոր համարձակություն: Այն, ինչ որ ուզում էր անել, այլևս նրան չէր թվում այնքան ծանր ու անախորժ, որքան մեկ էլ օրը, երեկ, նույնիսկ մի ժամ առաջ: Վռնդելով իր տնից Մարութխանյանին, նրան թվում էր, թե վռնդեց իր սրտից ամեն մի վեհերություն...

Եղանակը ցուրտ էր, երեկոն սաստիկ մութ: Թանձր մառախուղի մեջ փողոցային լապտերները ներկայացնում էին մի տեսակ մոխրագույն կետեր: Բարակ անձրևը սալահատակները թրջել էր և դարձրել լպրծուն: Նա ստեպ-ստեպ սայթաքում էր, բայց կառք չէր ուզում նստել: Հաճելի էր նրան թրջվել անձրևի տակ, ծծել խոնավ օդը, դողդողալ ցրտից:

Քառորդ ժամ անցած, կանգ առավ մի նորաշեն տան առջև, մտածեց մի վայրկյան և մատը սեղմեց զանզակի կոճակին: Դռները բացվեցին այն վայրկյանին, երբ մի հանկարծակի մտքից դրդված ուզում էր հեռանալ:

Տա՞նն է պարոնդ, — հարցրեց ռուս աղախնին, որ երևաց դռան շեմքի վրա:

Տանն է:

Մտավ ներս, բարձրացավ մի փոքրիկ սանդուղքով, անցավ էլեկտրական փոքրիկ լապտերով լուսավորված նախասենյակը: Նրա մարմնին տիրեց անսովոր ջերմություն, զգաց, արարյունն ուժգին հոսում է դեպի գլուխը, սիրտն արագ-արագ բաբախում: Բայց հետ չդարձավ: Մատներով զարկեց դռներին: Եվ ներսից լսվեց ծանոթ ձայնը:

Մտե՛ք:

III

Երկու ընկեր, որ տասնհինգ տարի միասին աղուհաց էին կերել, միմյանց սիրել ու պաշտպանել, այժմ կանգնած են դեմուդեմ իբրև թշնամիներ: Այս միտքը կայծակի արագությամբ անցավ Գրիգոր Հաբեթյանի գլխով, երբ դռների մեջ տեսավ Միքայելի կերպարանքը: Նա շփոթվեց, չիմացավ թույլ տալ նրան ներս մտնելու, թե ծառային հրամայի վռնդել: Հետո մտածեց, որ վիրավորվածը եկել է անձամբ հաշիվ պահանջելու: Վաղուց էր հարկավոր. չէ՞ որ Գրիշան ապտակը հենց դիտմամբ այնքան բազմության մեջ տվեց, որ ավելի վիրավորի Միքայելին և ստիպի նրան իրենից անպատճառ հաշիվ պահանջելու:

Նա նստած էր պարսկական փոքրիկ թախտի վրա և ծխում էր պարսկական նարգիյե, խալաթը հագին, գլխին տաճկական ֆես: Ծխափողը փաթաթելով ջրամանի երկայն պարանոցին, հանդարտ վեր կացավ տեղից և մոտեցավ գրասեղանին:

Միքայելը լուռ մի քանի քայլ առաջ եկավ: Գդակը դնելով աթոռի վրա, ձեռով տրորեց ճակատը: Նա գիտեր ուր է եկել և ինչու համար, բայց չգիտեր ինչպես սկսի այն, որ ուզում էր ասել: Նա տակավին կռվում էր ինքն իր հետ, աշխատելով զսպել վիրավորված պատվի զգացումը և կատարել այն պարտքը, որ թելադրում էր սիրտը և հալածում նրան գիշեր-ցերեկ երեք օր շարունակ:

Խոսելո՞ւ ես, թե՞ չէ, — արտասանեց Գրիշան, առանց նայելու նրան:

Նա ծանր նստեց աթոռի վրա և մեջքը հենելով սեղանին` աչքերը հառեց հյուրի երեսին, զզվանքով լի աչքերը: Միքայելը ներքին հուզումից զանազան ներվային շարժումներ էր անում: Նա զգում էր, ստորացնում է ինքն իրեն իր թշնամու առջև, բայց ներքին ձայնը շշնջում էր. «ուրիշ կերպ չէ՛իր կարող վարվել»:

Գրիշասկսեց նա, ձեռը դնելով առջևում գտնվող աթոռի մեջքին, — ես եկել եմ բացատրություն տալու:

Այսինքն` պահանջելու:

Ո՛չ, տալու, — կրկնեց նա ավելի համարձակ, — համարիր ինձ վախկոտ կամ հիմար, բայց ես եկա... Ինձ ստիպեցին գալու: Դու բոլորը չգիտես. ինձ վիրավորեցիր, բայց բոլորը չգիտես: Մենք թշնամիներ ենք, թշնամիներ էլ կմնա՛նք, միայն լսիր ինձ...

Եվ նա պատմեց բոլորը, սկսած առաջին օրից, երբ հափշտակվեց Անուշով, մինչև վերջին այցը: Այլևս նրա պատմությունը չուներ ռոմանտիկական բնավորություն: Խոստովանում էր ծանր հանցանքը, բայց բացատրում էր, որ մեղավորը միայն ինքը չէ: Նա ոչինչ չէր կարող անել, եթե Անուշը հրեր նրան իրենից: Չհրեց, ընդհակառակը, խրախուսեց, իսկ նա, ինչպես երիտասարդ, մոլորվեց, խելքը կորցրեց, մոռացավ և՛ ամոթ, և՛ պատկառանք, և՛ ընկերոջ սեփական պատիվ: Նա իրեն արդարացնելու համար չի ասում այս, այլ միայն սիրտը թեթևացնելու, խղճի խայթը մեղմացնելու համար: Ա՜խ, շատ թանկ կվճարեր իր սխալն ուղղելու համար, բայց ի՞նչ անի այժմ: Նա պատրաստ է ամեն կերպ գոհացում տալ Գրիշային, միայն թե կարողանա արդարանալ ինքն իր խղճի առջև:

Այս էր նրա երբեմն հորդահոս, երբեմն անկապ խոսքերի բուն իմաստը:

Գրիշան լսում էր լուռ և զարմանում: Ի՞նչ է նշանակում այդ. ծաղրո՞ւմ է նրան Ալիմյանը, թե՞ վախեցել է, թե՞ խելագարվել: Այսպես թե այնպեսդա մի այնպիսի քայլ էր, որին երբեք չէր կարող սպասել Ալիմյանի կողմից, չէր անիլ և՛ ինքը:

Դու զարմանո՞ւմ ես, — շարունակեց Միքայելը դողդոջուն ձայնով, — այսքան խեղճացած տեսնելով ինձ: Ես կկատաղեի, եթե երեկ ինձ ասեին, թե պիտի գամ և ներողություն խնդրեմ: Գրիշա, չես կարող երևակայել, թե ինչ է կատարվում իմ մեջ: Այս երեք օրվա ընթացքում ես ապրել եմ ավելի, քան ամբողջ կյանքումս: Խիղճս տանջում է ինձ, որ այնպես վիրավորել եմ քեզ: Խոստովանելով իմ մեղքը, կարծում եմ, գոնե մի փոքր կարող եմ թեթևացնել սիրտս...

Եվ մարսել ապտակս, — ավելացրեց Գրիշան դառն արհամարանքով:

Արյունը խփեց Միքայելի գլխին: Մի ակնթարթում նա կորցրեց ինքն իրեն:

Ապտա՜կը, — կրկնեց նա մի քայլ հետ կանգնելով:

Վայրկյանը տագնապալի էր: Արդեն Գրիշան կարծում էր, թե հակառակորդը պիտի հարձակվի իր վրա: Նա պատրաստվեց պաշտպանվելու: Բայց Միքայելը ցնցվեց, նորից ուշքի եկավ, մի՞թե չէր երդվել զսպել իրեն: Նորից պայծառ կերպարանքը նկարվեց նրա աչքերի առջև: Եվ այդ վայրկյանին նրա սրտում զարթնեց կյանքի մի այնպիսի սեր, որ երբեք չէր զգացել: Նրա ձեռները թուլացան: Գլուխը թեքվելով կրծքին` արտասանեց.

Դու ունեիր իրավունք ինձ սպանել անգամ...

Գրիշան աչքերը չէր հեռացնում նրանից, դիտելով նրա յուրաքանչյուր շարժում ու նա զգաց մի ինչ-որ կարեկցություն դեպի նախկին ընկերը և մտածեց, արդյոք, չափից դուրս խիստ չի՞ վարվում նրա հետ: Սակայն հանցանքը, մի՞թե ավելի մեծ պատժի արժանի չէ, մի՞թե նա դեռ պիտի խոսի այդ ապականված, անգութ մարդու հետ, այն էլ իր տանը:

Տասնուհինգ տարվա մեր կերած աղուհացը դու ամենաանամոթ կերպով ոտնատակ արիր, այժմ ի՞նչ ես ուզում ինձանից, անպատկառ, ասա...

Ոչինչ, միայն եկել եմ ներողություն խնդրելու, հետո, հետո կարող ես վարվել ինձ հետ, ինչպես կամենաս, հետո ես ոչնչից չեմ վախենալ:

Դո՜ւրս, դո՛ւրս իմ տնից, ես ձայնդ անգամ լսել չեմ ուզում, — գոչեց Գրիշան մոլեգին, բռունցքն ուժգին զարկելով սեղանին:

Միքայելն անշարժ էր. այլևս նրա համար բոլորը մի էր, կվռնդեն իրեն, թե կծեծեն: Նա արավ այն, ինչ որ բռնի պահանջում էր սիրտը:

Գրիշան արմունկները հենեց սեղանին, գլուխը դրեց ձեռների ափերի մեջ, երեսն ամոթից ծածկելով: Նա ամաչում էր իր քրոջ փոխարեն: Նա այնքան թեթևամիտ չէր, որ չկարողանար կշռադատել իրողությունը: Գիտեր ըմբռնել իրերի էությունը և որքան մեղավոր էր համարում Միքայելին, կրկնակի դատապարտում էր քրոջը: Միքայելը կանգնած էր անշարժ: Նայում էր նախկին ընկերոջ հաստ պարանոցին, որի երակները փքվել էին և դողդողում: Կար ժամանակ, որ այդ առողջ, զվարճամոլ մարդը միշտ նրան ներշնչում էր ուրախություն: Սիրում էր նրան ավելի, քան մյուս բոլոր ընկերներին: Համարում էր նրան բարեսիրտ, նույնիսկ վեհանձն: Տասնուհինգ տարի, այո՛, ընկերներ էին եղել, միասին անցկացրել հազարավոր զվարճալի օրեր ու գիշերներ և երբեք միմյանց դառն խոսքով անգամ չէին վիրավորել: Եվ հանկարծ այսօր մեկը գողանամ է մյուսի պատիվը: Ճիշտ որ նա անպատկառ է, անխիղճ և չի կարող այս տունն ապականել իր ներկայությամբ: Թող ապտակն այրի նրա դեմքը կրակի պես, դա ամենափոքր պատիժն է նրա ամենամեծ հանցանքի համար:

Եթե դու մի փոքր ազնիվ լինեիր, — խոսեց Գրիշան, գլուխը բարձրացնելով, — ուրիշ կերպ ինձ բավականություն կտայիր: Բայց ես քեզ ճանաչում եմ, դու երբեք այդքան քաջություն չես ունենալ... Դու հասկանում ես, ինչ եմ ասում. իմ քույրն իր մարդու հետ այսուհետև ապրել չի կարող, պիտի բաժանվի նրանից...

Միքայելը ցնցվեց: Գրիշայի ասածը հասկացավ, նաև զգաց նրա խոսքերի ճշմարտությունը: Այն միտքը, թե նա իր կյանքը պիտի կապի ատելի դարձած մի կնոջ հետ, սարսափեցրեց նրան: Այնուամենայնիվ նա ասաց հաստատ եղանակով.

Եթե կամենում ես, ես կունենամ այդքան քաջություն:

Նա վճռեց մի խոշոր զոհաբերություն անել: Այնինչ Գրիշան միայն վարձելու համար արավ իր կողմնակի առաջարկությունը: Իր քրոջ և Միքայելի պատմածներից նա այն համոզմունքն էր կազմել, որ նրանք միմյանց չեն սիրել և միայն կուրացել են անզուսպ կրքերից: Նա գիտե՛, որ եթե իր առաջարկությունն իրագործվի անգամ, վաղ թե ուշ Անուշի պատիվը կրկնակի պիտի ցեխոտվի, Միքաքելը չի կարող երկար ժամանակ կենակցել նրա հետ, կթողնի շուտով, երես կդարձնի:

Հեռացի՛ր, ի սեր աստծո, դո՛ւրս եկ, ես չեմ կարողանում քեզ սառնարյուն տեսնել իմ տանը, — ասաց նա գրեթե շնչասպառ, — գլուխս պտտում է, աչքերս մթնում են: Պատրաստ եմ այս ձեռներով խեղդել քեզ էլ, նրան էլ, բայց ի՞նչ օգուտ... Կորե՛ք և ինչ ուզում եք արեք... դուք միմյանց արժանի եք...

Եվ, ամոթից կատաղած, գլուխը դրեց մի ձեռի վրա, մյուսով ամուր բռնելով մազերն ու փետտելով: Այդ պահին նա ավելի իր քրոջն էր ատում, քան ընկերոջը:

Միքայելը քայլերն ուղղեց դեպի դռները լուռ, ձեռը ճակատին սեղմած, հենվելով աթոռներին: Այլևս չգիտեր` ինչ ասեր, իսկ մնալն ավելորդ էր:

Ամբողջ մի ժամ նա կառքով թափառում էր ծովափում հետ ու առաջ: նա տակավին չգիտեր ինքն իրեն պարզ հաշիվ տալ իր արածի մասին: Մերթ կարծում էր, թե շատ լավ բան արավ, մերթ մտածում էր, թե իրեն ստորացրեց և ստորացրեց ամենա երեխայական կերպով: Տեսնվա՞ծ բան է, որ ապտակ ստացողը գնա ապտակ տվողի տունը բացատրություն տա փոխանակ պահանջելու: Եվ ինչպե՞ս նա հանդգնեց, մոռացավ ամոթ ու ինքնասիրություն և ներկայացավ այն մարդուն, որի պատիվը ոտնատակ էր արել: Չվերադառնա՞լ արդյոք Գրիշայի մոտ և այս անգամ արդեն իբրև վրիժառու թշնամի: Ո՛չ, ո՛չ, նա արավ այն, ինչ որ պարտավոր էր անել ամեն մի ազնվության վերջին կաթիլից ոչ զուրկ մարդ, նա կատարեց իր սրտի թելադրածը:

Տանջվելով վիրավորված ինքնասիրության զգացումից` միևնույն ժամանակ զգում էր մի տեսակ հոգեկան թեթևություն, որ չկար մի քանի ժամ առաջ: Հայհոյելով ինքն իրեն, միևնույն ժամանակ հավատացնում էր, թե ուրիշ կերպ չէր կարող անել, թե ընկերը ճիշտ այնպես պիտի վարվեր մի ընկերոջ վերաբերմամբ, որին անգթաբար անպատվել էր:

Դեպի տուն, — հրամայեց նա կառապանին:

Այլևս ծանր վիշտը բավական փարատվել էր, մնում էր հանցանքի գիտակցությունը: Այլևս դառնության հետ զգում էր նաև մի անիմանալի հոգեկան հաճույք: Նա ուրախ էր, որ Գրիշան կրկնակի վիրավորեց իրեն, վռնդելով իր տնից: Արդյոք, նա ինքն ավելի կոշտ չէր վարվի, եթե Գրիշայի տեղը լիներ: Նա այժմ զգում էր մի բան, որ երբեք չէր զգացել, այն, որ վիրավորվածի դրությունն ավելի հաճելի է, քան վիրավորողինը: Քանի իրեն անպայման մեղավոր էր համարում Գրիշայի առջև, տանջվում էր հոգով անպայման, այժմ երբ Գրիշան վրեժ էր առել նրանից և ինքը, փոխադարձ վրեժը առնելու տեղ, ներումն էր խնդրելայժմ թվում էր նրան, որ խիղճը համեմատաբար հանգիստ է: Լավ էր, որ զսպեց իրեն, խոնարհվեց, չհետևելով ընկերների խորհրդին: Նա կատարեց ոչ այն, ինչ որ պահանջում էր կեղծ ինքնասիրությունը, այլ այն, ինչ որ պահանջում էին անկեղծ զգացումները: Նա ենթարկվեց այն ներքին դատավորի վճռին, որի մասին խոսում էր Սմբատը: Այժմ թող բոլորը ծաղրեն նրան միևնույն է:

Արթո՞ւն է, — հարցրեց նա սպասավորին եղբոր մասին:

Հենց հիմա եկավ տուն:

Նա անցավ Սմբատի սենյակը և անմիջապե՛ս պատմեց բոլորը: Եվ ավագ եղբոր մշտապես մռայլ դեմքի վրա նկատվեց մի երկարատև հաճելի ժպիտ: Ժպիտ, որ եղբայրական սիրո հետ արտահայտում էր նաև հույս, թե դեռ բոլորը կորած չէ, թե դեռ Միքայելը կարող է ուղիղ ճանապարհի գալ:

Այդ կնշանակե, որ քո սրտում դեռ կա չփչացած անկյուն, — ասաց Սմբատը: — Այժմ ասա, զգո՞ւմ ես, որ խղճիդ խայթոցը գոնե մի փոքր մեղմացել է:

Այո՛, մի փոքր:

Այդ առաջին քայլն է, պատրաստվիր ավելի առաջ գնալու: Հայտնի բան է, ներում խնդրելով, դու չէիր կարող ընկերոջդ վերքը բուժել և արածդ ջնջել, բայց ավելի լավ է աշխատել կատարած մեղքդ քավելու, քան նոր մեղքեր գործել:

Ես ավելի մեղքեր ունիմ, քան դու կարծում ես...

Ավելի լա՛վ, մի անգամից կքավես:

Ես ուզում եմ նրանցից մեկը հենց այժմ խոստովանել քեզ, որովհետև քեզ է վերաբերում:

Ի՞նձ:

Այո՛:

Նա պատմեց իր ընդհարումը Մարութխանյանի հետ և խոստովանեց, որ կոնտր-կտակը խարդախ է: Կարծես այժմ նրա համար ոչինչ բան էր` պարզել իր հոգու բոլոր կեղտերը: Նա նմանվում էր դատապարտյալին, որ մի անգամ բերանից թռցնելով մի խոստովանք, այլևս չի կարողանում թաքցնել մյուս բոլոր հանցանքները և և գլխիվայր գլորվում անդունդ: Չէ՞ որ միևնույն է, պիտի կրի իր պատիժը, թող գոնե սիրտը թեթևացնի:

Ես լավ գիտեի, որ այդ կտակը խարդախ է, — ասաց Սմբատը ներողամտաբար ժպտալով, — շատ ուրախ եմ, որ այդպես պատահեց: Դու ինքդ քեզ ազատեցիր վտանգից:

Հետևյալ օրը Միքայելը կանուխ առավոտ քան մտավ դարձյալ Սմբատի սենյակը և խնդրեց որևէ գործ հանձնել իրեն: Անգործությունն այժմ նրան թվում էր և՛ ձանձրալի, և՛ ամոթալի: Սմբատն ասաց, թե բոլոր գործերը հավասար, պատկանում են երեք եղբայրներին և թե Միքայելը կարող է ընտրել, որը կամենում է: Միքայելը ցանկություն հայտնեց նրա փոխարեն հետևել հանքային գործերին:

Շատ լավ, — ասաց Սմբատը, խոր-խոր նայելով նրա աչքերին, — ինչպես կամենում ես... Ես այսուհետև հանքերը չեմ գնալ, բայց դու ինձ հաշիվ կտաս...

Միքայելին թվաց, թե «հաշիվ կտաս» բառերը եղբայրն արտասանեց խորհրդավոր և երկդիմի եղանակով:

Այդ օրից նա էր այցելում հանքերը:

Մինչ նա աշխատում էր աշխատանքի մեջ մոռանալ վշտերը, հասարակական կարծիքը գործում էր անդուլ նրա բարոյական հռչակի վերաբերմամբ:

Վիրավորական ընդունելությունն Իսահակ Մարութխանյանի սրտում գրգռել էր բնական չարությունը: Նա կամենում էր Միքայելին օգնել, ազատել նրան եղբոր անտանելի հովանավորությունից, դարձնել ինքնագլուխ, և հանկարծ, այդ մարդը, շնորհակալ լինելու փոխարեն, վռնդո՞ւմ է իր տնից նրան, այն էլ քրոջ հետ: Ուրեմն Մարութխանյանը հավիտյան պետք է հույսը կտրի՞ միլիոններից: Ո՛չ. այդքան էլ հեշտ չէ նրան զրկելը: Նա չի թողնիլ Ալիմյաններին մենակ վայելելու Մարկոս աղայի հարստությունը:

Հետևյալ օրը նա կանչեց իր մոտ Բարսեղին և հայտնեց, թե նրա աշխատանքը զուր է անցել: Ցույց տալով կոնտր-կտակը, աչքերի առջև պատռեց և գցեց վառարան: Բարսեղը դեմքը թթվեցրեց: Կարծեց թե Մարութխանյանը գործը հեշտ կերպով վերջացրել է, իր բաժինն ստացել և այժմ ուրիշի օգնությանը կարոտ չէ: Նա պահանջեց իր աշխատանքի վարձը:

Ի՞նչ, — գոչեց Մարութխանյանը ծաղրաբար, — աշխատանքի վա՞րձը: Ի՞նչ աշխատանքի. խարդախությա՞ն: Չե՞ս կամենում, արդյոք, բանտի համը տեսնել, հը՞մ... Դու կարծում էիր, Իսակ Մարութխանովն այնքան հիմար է, որ իր կաշին կդնի դատավորների ճիպոտի տակ: Ներողություն, ես քեզ էի փորձում, թե չէ այդ խարդախ կտակով ես ոչինչ չէի կարող անել... Լսի՛ր, թե բերանդ այդ կտակի մասին ուրիշների մոտ բաց անես, պոզերս ցույց կտամ, ճանաչո՞ւմ ես ինձ...

Ճանաչում եմ, — արտասանեց Բարսեղը խորհրդավոր,-. Բարսեղը ցավդ առնի, մի՛ չարանար: Մենք խոսքիդ հավատում ենք: Մեր ազնիվ իշխանն ես... ամմա դե Մուխան... անիծվածի բերանն էլ պիտի կապել...

Այդ ճշմարիտ է...

Մարութխանյանը ծոցի գրպանից հանեց մի քանի հարյուրանոցներ և տվեց Բարսեին:

Տե՛ս, կեսը գրպանդ չդնես, ես քեզ ուրիշ վարձ կտամ, էլի ինչքան չլինի մեր հարամզադա Բարսեղն ես...

Ակնավաճառի աչքերն ուրախությունից պսպղացին: Նա լռեց:

Մարութխանյանը, երկու բաժակ թեյ պահանջելով, սկսեց նրա հետ խոսել բարեկամաբար: Նախ` հարցրեց քաղաքի նորությունների մասին, լսեց, ապա, դեմքին ցավակցական արտահայտություն տալով, ակնարկեց Գրիշայի Միքայելին տված ապտակի մասին: Այնուհետև անփույթ եղանակով շոշափեց ապտակի շարժառիթը, իսկ հետո արդեն պատմեց բոլորը:

Բայց մեր մեջ մնա, գիտե՞ս, — ավելացրեց նա, թեյը գդալով խառնելով և նայելով բաժակի հատակին:

Նա շատ լավ էր ճանաչում Բարսեղին: Բարսեղն էլ շատ ճիշտ ըմբռնեց նրա միտքը:

Հենց նույն օրն ակնավաճառը գաղտնիքը հաղորդեց Մելքոն Ավրումյանին: Նրա մոռացած խանութը դարձավ գրավիչ անկյուն, իսկ ինքը` հետաքրքրական անձ: Եկողին պատմում էր բոլորը, ինչ-որ գիտեր, իսկ չիմացածը, հարկավ, հնարում: Նա գոհ էր արդեն այն բանով, որ Պապաշայի պես մի պատկառելի անձնավորություն կատակներ էր անում իր հետ տիկին Ղուլամյանի բեղիկների վերաբերմամբ: Նա ինքը չարացած էր Միքայելի դեմ այն ժամից, երբ նույնպես վռնդվեց նրա տնից:

Լուրը շուտով ընկերական շրջանից անցավ ամբոխի բերանը:

Եվ որովհետև Միքայելը Մարզպետունուն ևս վատ էր ընդունել, ուստի թղթակիցն էլ իր հոդվածի մեջ թույլ տվեց քանի մի խիստ թափանցիկ ակնարկներ նրա վերաբերմամբ:

Պետրոս Ղուլամյանը դարձավ պարզ արհամարհանքի և երկդիմի ակնարկների նշավակ: Իսկապես նա այժմ սկսեց զգալ խաբված ամուսնու ծանր դրությունը: Ամոթից նա չէր վստահանամ Պապաշայի երեսին նայել փողոցում: Իսկ Պապաշան, որ այդ տեսակ ամուսինների հոգեբանությանն այնքան լավ գիտեր, որքան ազգային գործերը, խղճում էր նրան և չէր խոսում հետը:

Երբեմն ծաղրն այնքան պարզ էր, որ Պետրոսը պատրաստ էր հարձակվել սրա ու նրա վրա վիրավորված վարազի պես: Այսպես, օրինակ` մի երեկո խանութում, դրամարկղի փողերը գործակատարից ընդունելիս, դռների առջև տեսավ երկու ծանոթ դեմքեր: Մեկը Մովսեսն էր, մյուսը` Քյազիմ-Բեգը: Մովսեսը բութ մատները մտցրել էր ականջները, իսկ ցուցամատերը եղջուրների ձևով վերև բարձրացրել, Քյազիմ-բեգը, բեղերը սրբելով, հըռ-հըռ ծիծաղում էր: Նրանք մի քիչ հարբած էին, նոր էին ավարտել մի ճաշկերույթ, որ Պապաշան տվել էր ի պատիվ մի նորեկ անգլիացի թղթակցի:

Պետրոսը գուշակեց նրանց վիրավորական ակնարկը, դուրս թռավ դրամարկղի հետևից և կանգնեց խանութի շեմքում:

Մենք Միքայել Ալիմովին ենք փնտրում, այստեղ չէ՞, — հարցրեց Մովսեսը սատանայաբար:

Չեսթ իմեյու կլանիցա, — ավելացրեց Քյազիմ-բեգը, կլորակ գդակը բարձրացնելով:

Շառլատաննե՜ր, — գոչեց Պետրոսը կատաղած և ուզեց ձեռներով խեղդել Մովսեսին:

Մովսեսն շտապով առավ Քյազիմ-բեգի թևը, և խանութից հեռացան:

Հարկավ, այս բոլորից հետո, այլևս անհարմար էր դավաճան կնոջ հետ մի հարկի տակ ապրելը: Պետրոսն Անուշին վռնդեց իր տնից, կանխապես մի քանի բռունցքներ տալով նրա հաստլիկ ուսերին: Սակայն այսքանը բավական չէր. նա գիտեր, որ հասարակությունը պահանջում է` պատժել նաև իր կնոջ մոլորեցնողին. եթե չպատմի, բոլորն էլ իրեն համարելու են վախկոտ, աննամուս: Գրիշայի ապտակը նա շատ քիչ էր համարում: Ի՞նչ է մի ապտակը մի տղամարդու համար, պետք է պատժել զգալի կերպով: Բայց ի՞նչպեսահա խնդիրը: Մանկությունից սովորել էր միշտ գլուխ թեքել, միշտ խոնարհվել, միշտ շողոքորթել և քծնել իրենից հարուստներին ու զորավորներին, նրա մեջ արմատացել էր օրգանական երկյուղ դեպի Ալիմյանները: Ինչպե՞ս ձեռ բարձրացներ Միքայել Ալիմյանի վրա, որին նա բարձր էր համարում իրենից այնքան, որքան ռուբլին կոպեկից:

Բայց Պետրոսը շատ էլ զուրկ չէր հնարագիտության շնորհքից: Մի անգամ խանութից տուն վերադառնալիս` փողոցի մթության մեջ հանդիպեց մի ծանոթ թուրքի: Չուխայի աջ փեշը ձախ կռնատակին բռնած, թուրքը գողնովի մոտեցավ, բարևեց և հարցրեց «աղայի առողջության» մասին: Պետրոսը հասկացավ, որ սրիկան ծախսի փող չունի: Գրպանից հանեց երեք ռուբլի սովորական տուրքը տալու, և այդ պահին մի հրաշալի միտք լուսավորեց նրա ուղեղը:

Ուզո՞ւմ ես փող աշխատել, — հարցրեց թուրքին շշնջյունով:

Ծառադ եմ, — արտասանեց թուրքը խորհրդավոր:

Գնա՛նք:

Պետրոսը քայլեց առաջ. թուրքը հետ մնաց: Մի քիչ կանգնելով, որ «աղան» հեռանա, նա գողնովի քայլ առ քայլ հետևեց նրան, աչքերը հածելով...

Իսկ խայտառակված Անուշը, արտասուքն աչքերին վազեց մոր գլխին: Ուրիշ ո՞ւր պիտի գնար: Հասարակական բամբասանքը, օդի պես ամենուրեք թափանցելով հասել էր պառավ մոր ականջին արդեն, առանց Գրիշայի գիտակցության: Մայրն անիծեց աղջկան, բայց փողոց վռնդելու չափ խստություն չունեցավ: Դա թեև նահապետական մի կին էր, բայց կյանքի ձմռանը շատ էր լսել ժամանակակից կանանց դավաճանությունների մասին: Սեփական դստեր արարքը վիրավորեց լոկ նրա մայրական զգացումը, առանց ազդելու կանացի ամոթխածության վրա: Այժմ ո՞վ չի դավաճանում իր մարդուն, միայն ինչո՞ւ նրա աղջիկն էլ մոլորվեց:

Դառն կշտամբանքի ժամանակ Գրիշան ասաց քրոջը մի քանի կոպիտ խոսքեր: Անուշն այնքան խեղճացել էր, որ արտասուքն աչքերին աղերսեց եղբորը խնայել իրեն և շատ էլ խիստ չվարվել հետը:

Ինչպե՞ս խնայեմ, երբ միայն ինքնասպանությունը կարող է քեզ ազատել իմ զզվանքից, — ասաց Գրիշան:

Ինքնասպանությո՞ւն, — ո՛չ, Անուշը չի կարող կյանքից բաժանվել, «իրավունք չունի», երեխաների տեր է: Եվ վերջապես, ինչո՞ւ ինքնասպանություն գործել: Նրա համա՞ր, որ մեկի հետ դավաճանել է ամուսնուն: Տե՜ր աստված, ո՞ր կինն այժմ կարող է իրեն արդար համարել ամուսնական առագաստի առջև:

Նա թաքուն Միքայելին ուղարկեց մի ընդարձակ նամակ: Նկարագրելով իր անել վիճակը, մերթ նախատում էր, մերթ աղերսում օգնել իրեն այս կամ այն կերպ: Ապօրինի կենակցության մասին այլևս չէր վստահում խոսել, հաստատ համոզված լինելով, որ Միքայելը չի համաձայնվիլ այդ քայլն անել, հասարակական խայտառակությունից հետո:

Նամակն ազդեց Միքայելի վրա, բայց առանց որևէ հետևանքի մնաց: Եվ ի՞նչ կարող էր անել նա, ինչո՞վ օգներ, երբ բացի խղճի խայթոցից, ոչինչ չէր զգում այդ կնոջ վերաբերմամբ:

Այժմ նա փախչում էր ընկերներից, որոնում էր առանձնություն: Քաղաքային մթնոլորտը թվում էր նրան խեղդիչ, հուսահատական: Անիծում էր իր շվայտ անցյալը և զգում իրեն անբարոյականության տիղմի մեջ մինչև կոկորդը թաղված:

Ժամանակն սկսեց հետզհետե մեղմացնել հասարակական բամբասանքի ուժը, և Ալիմյան ու Ղուլամյան ազգանուններն առաջվա պես չէին անցնում բերանից-բերան: Գործնական քաղաքը ժամանակ չուներ շատ էլ երկար զբաղվելու ընտանեկան դրամաներով: Բացի դրանից, առաջ եկան ուրիշ ավելի հետաքրքրական դեպքեր: Այժմ քաղաքը խոսում էր մի հայտնի առևտրականի ինքնասպանության շարժառիթի մասին: Հիշվում էին ինքնասպանի կնոջ և երիտասարդ գործակատարի անունները...

IV

Հոգեկան սաստիկ խռովմունքի միջոցներին Սմբատն զգում էր պահանջ որևէ կերպ սիրտը թեթևացնելու: Ընկերություն էր փնտրում, և այն շրջանը, ուր վիճակված էր պտտել իր դիրքի շնորհիվ, չէր գոհացնում նրան:

Մինչև այժմ նա, ամփոփված ինքն իր մեջ, ապրել էր ներքին աշխարհում: Ոչ ոք չէր անհանգստացնում նրան, չէր դիպչում նրա սրտի գաղտնի վերքերին: Ռուսիայից վերադառնալով, նա ընկավ մի շրջան, ուր նրան չէին խնայում, չէին ներում նրա անուղղելի սխալը: Մոր և քրոջ անվերջ բողոքները խոցոտում էին նրա սիրտն և գրգռում այն կծու զգացումները, որ նա արվեստական կերպով թմրեցրել էր իր մեջ վեց-յոթ տարի շարունակ:

Չուներ մտերիմ ընկեր, որին վստահանար հաղորդել իր ցավերը և թեթևացներ իր հոգին: Նա պարզ տեսնում էր, որ իր հրապույրը մարդկանց աչքում պարունակվում է մեծ մասամբ հարստության մեջ. արդեն շրջանն այդպես էր: Տեսնում էր, որ նույնիսկ այն մարդիկ, որոնք բարձրաձայն գոռում են բարոյականի մասին, ստրկաբար խոնարհվում են անբարոյականի առջև, երբ մեջտեղ նյութական շահ են գտնում: Այս էր, որ ստիպում էր նրան փախչել մարդկանցից, որոնելով մի մտերիմ ընկերություն:

Փորձում էր գործերի մեջ գտնել գեթ ժամանակավոր մոռացում, բայց միտքն զբաղվում էր, վիրավոր զգացումները հագուրդ չէին ստանում: Միայն մի գործ կար, որ նրան պատճառում էր հոգեկան հաճույք և մի փոքրիկ շրջան, ուր նրա սիրտը զգում էր քիչ-շատ թեթևություն: Դա մշակների համար նոր բնակարանների կառուցումն էր և Զարգարյանների ընտանիքը, ուր նա լինում էր ամեն անգամ հանքերն այցելելիս: Ուրախ էր իր ձեռնարկությանը, և այժմ թվում էր նրան, որ եթե չհոգար բանվորների մասին, իր սրտի վրա պիտի ձգեր մի նոր ծանրություն: Չնայելով, որ հանքային գործերը հանձնել էր Միքայելին, շաբաթը երկու-երեք անգամ ինքն էլ նստում էր ասացին պատահած կառքը և ուղևորվում այնտեղ:

Նա չէր ուզում ինքն իրեն խոստովանվել, թե ո՞րն է իսկապես այն մագնիսական ուժը, որ այսպես հաճախ տանում է իրեն դեպի հանքերը: Նա խաբում էր իրեն, հավատացնելով, թե արդարև, մշակների տնտեսական վիճակն իրեն այդչափ հետաքրքրում է: Դիտելով նոր կառուցվող կացարանները կես ժամ, մի ժամ, շտապում էր այցելել Զարգարյաններին և այնտեղ մնում էր ժամերով: Աղքատիկ ընտանիքն ընդունում էր նրան ոչ իբրև իր տիրոջ կամ մի հարուստ հանքատիրոջ, այլ իբրև բարեկամի: Ոչ ոք չէր նեղվում նրա ներկայությամբ, ոչ ոքի չէին ձանձրացնում նրա հաճախակհ այցերը, նույնիսկ անդամալույծին: Իսկ նա... Նա սիրում էր զրուցել Դավիթ Զարգարյանի հետ և ոչ միայն իր գործերի, այլև հասարակական երևույթների մասին: Այդ զրույցների ժամանակ նրա հայացքն ակամա կանգ էր առնում Շուշանիկի վրա: Օրիորդը անբաժան շալն ուսերին ձգած, գլուխը թեթևակի ուսերին թեքած, ուշադիր լսում էր իր հորեղբոր և հյուրի տաք վիճաբանությունները: Երբեմն նա ոգևորվում էր, մոռանում ինքն իրեն և խոսակցությունը երկարացնում ավելի, քան պահանջում էր քաղաքավարությունը: Պատահում էր, որ նրա հետ վիճում էր Շուշանիկը, երբ խոսակցությունը վերաբերում էր օրիորդի մտքին մատչելի խնդիրներին: Այդ միջոցներին Սմբատի ճակատի կնճիռները բացվում էին, դեմքը պայծառանում էր, աչքերն արտահայտում էին խորին հոգեկան հաճույք:

Հեռանալով աղքատիկ բնակարանից, շատ անգամ ճանապարհին ընկղմվում էր մտքերի հարածուփ օվկիանոսի մեջ: Մերթ տխրում էր, մերթ ուրախանում մտքում, մտաբերելով Շուշանիկին, որ օր-օրի վրա դառնում էր լռիկ, մելամաղձոտ: Տխրում էր, հիշելով իր անուղղելի սխալը, հիշելով իր սիրեցյալ զավակներին: Ուրախանում էր, զգալով այն տպավորությունը, որ գործում է ինքը Շուշանիկի վրա: Բայց զգում էր, միևնույն ժամանակ, որ իրավունք չունի այդ տկար էակի խուլ արտահայտված համակրանքի վրա: Գիտեր, որ իր հաճախակի այցերն օր-օրի վրա զորացնում են այդ համակրանքը, նա կարդում էր օրիորդի հոգու ելևէջները` նրա պարզ դեմքի վրա և հետզհետե մռայլվող աչքերի մեջ: Ահա ինչու իրեն պարտավոր համարեց դադարել այցելելու Զարգարյաններին: Սակայն իզուր. ամեն անգամ հանքերը գալիս անհաղթելի ուժից մղվում էր դեպի աղքատիկ բնակարանը:

Մի անգամ նա քաղաքից ուղևորվեց Միքայելի հետ: Ճանապարհին խոսում էր գործերի մասին, գանգատվում էր կառավարիչ` ինժեներ Սուլյանի դեմ, որ իր պաշտոնին վերաբերվում էր անտարբեր, միշտ զբաղված սեփական գործերոՎ:

Է՜հ, եթե չես հավանում, ինչո՞ւ չես արձակում, — հարցրեց Միքայելը:

Ինձ համար ավելի հեշտ է մի ծառայողի տված վնասներին դիմանալ, քան զրկել նրան պաշտոնից:

Հետո խոսեցին Դավիթ Զարգարյանի մասին: Սմբատը գովեց նրա անձնավորությունը, սերը դեպի գործը, անշահասիրությունը և մտավոր զարգացումը:

Իսկ ի՞նչ կասես նրա եղբոր աղջկա մասին, — հարցրեց հանկարծ Միքայելը:

Սմբատը նեղն ընկավ, ի՞նչ կապ ունի Շուշանիկը խոսակցության նյութի հետ և ինչո՞ւ է Միքայելն այդպես խորը նայում նրա երեսին:

Ես հարցնում եմ քո կարծիքը նրա մասին, որովհետև նա ինքը... համակրում է քեզ, — արտասանեց Միքայելը, և նրա ձայնի մեջ զգացվեց անզսպելի դառնություն:

Սմբատը. շփոթված, երեսը դարձրեց եղբորից և հայացքը հառեց դեպի հեռավոր դաշտերը:

Դու շփոթվո՜ւմ ես, երևի, ինքդ էլ զգում ես, որ նա քեզ համակրում է, և ով գիտե, գուցե դու էլ անտարբեր չես...

Մեխա՛կ, դու գիտես, որ ես հիմար կատակներ չեմ սիրում...

Բայց ճշմարտախոսություն սիրում ես, չէ՞: Դու կարծում ես, որ ես դե՞մ կլինեմ, եթե սիրես անգամ այդ աղջկան: Ո՛չ ես միայն քո ճաշակը չեմ գովիլ, ուրիշ ոչինչ...

Մի՞թե, — արտասանեց Սմբատն անորոշ:

Նա ինքնահավան է և գոռոզ:

Գուցե, — դարձյալ անորոշ արտասանեց Սմբատը:

Նա գեղեցիկ չէ, և ոչ սիրուն կամ համակրելի:

Կարծեմ ես չգովեցի նրա գեղեցկությունը:

Միքայելն սկսեց շվացնել ինչ-որ ուրախ եղանակ, որ բնավ չէր համապատասխանում նրա հուզված տրամադրությանը: Նույն պահին Սմբատի մեջ հղացավ մի վատ զգացում, նա նախանձեց եղբորը, որ ամուրի էր և ազատ: Սակայն շտապեց զսպել անախորժ զգացումը, հիշելով իր զավակներին:

Սմբա՛տ, — ընդհատեց լռությունը. Միքայելը, երկու ձեռներով ամուր հենվելով ձեռնափայտին, — ես զգում եմ, որ դա ինձանից բարոյապես բարձր ես, որ ես քո աչքում մի ընկած և փչացած մարդ եմ, բայց ասա խնդրեմ, ե՞րբ պիտի արժանանամ քո վստահությանը գոնե տնտեսական գործերում:

Հարցը Սմբատի համար անսպասելի էր: Չգուշակեց, թե Միքայելի, ըստ երևույթին, անկապ խոսքերն ունին նրա հոգու մեջ կապ և թե այդ տարօրինակ հարցերը նրա մտախոհության փզձուկներն են:

Ի՞նչ ես ուզում ասել:

Այն, որ դու ինձ հավատ չես ընծայում: Դու հանքերի գործերն ինձ ես հանձնել, իսկ ինքդ շաբաթը երկու երեք անգամ գալիս ես: Կարծես, ես ընդունակ չեմ հանքերը կառավարելու կամ գոնե Սուլյանի գործունեությունն ստուգելու: Ինչո՞ւ համար ես ինձ նրա աչքում ծաղրելի դարձնում:

Հաջորդ էջ