Շիրվանզադե Ալեքսանդր՝   Քաոս

Էջեր. Առաջին Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 Հաջորդ Վերջին

Դեռ չեմ հաշվում քարե շինությունները, մեքենաներն ու կաթսաները, — շարունակեց Սմբատը, — ոչ, ոչ, ավելի, ավելի քան կես միլիոն վնաս տվեց մեզ այդ անիծյալ հրդեհը:

Քեզ շա՞տ է վշտացնում այդ վնասը, — հարցրեց Միքայելը:

Իսկ քեզ, ո՞չ:

Դու Դավիթ Զարգարյանին վարձատրե՞լ ես, — արտասանեց Միքայելը, կարծես, չլսելով եղբոր հարցը:

Նա ասաց քո ներկայությամբ, որ իր վարձն ստացել է ավելորդով:

Նա շատ բան կարող է ասել, նա շահասեր չէ: Իսկ դու մի՞թե չես զգում, որ պարտավոր ես մի բան պարգևել նրան:

Որքա՞ն պիտի տալ քո կարծիքով:

Գոնե այնքան, որ լիովին ապահովվին նրա եղբոր ու քրոջ ընտանիքները:

Ահա թե ի՜նչ, — գոչեց Սմբատը զարմացած, — շատ առատաձեռն ես:

Միքայելը լռեց և ոչինչ չասաց: Հասնելով տուն, նա մտավ Սմբատի սենյակը, նստեց գրասեղանի քով, գրեց մի քանի տող մի թերթ թղթի վրա:

Վերցրու՛, — ասաց նա, թուղթն անփույթ ձևով ձգելով Սմբատի առաջ և ոտքի ելնելով:

Այդ ի՞նչ է:

Սմբատը կարդաց թուղթը:

Այդ թդթով դու հրաժարվում ես քո բաժին ժառանգությունի՞ց:

Ինչպես տեսնում եսայո:

Երեխա ես, կատարյալ երեխա, — ասաց Սմբատը և թուղթը հեռացրեց իրենից:

Երեխա եմ, թե չէ, վերցրու այդ թուղթը, պահիր մոտդ, իսկ փոխարենը վճարիր պարտքերս Մարութխանյանինահա բոլորը, ինչ որ պահանջում եմ քեզնից:

Հիմարություն մի՛ արա: Եթե վիրավորվելուդ պատճառը Դավիթ Զարգարյանի վարձատրությունն է, կարող ես վճարել` որքան կամենաս, տալիս եմ քեզ կատարյալ իրավունք: Ահա, այս էլ քեզ չեկերի տետրակը:

Եվ այս ասելով, Սմբատը դրեց Միքայելի առջև չեկերի տետրակը:

Լավ, — ասաց Միքայելը, — այդ մասին վաղը, իսկ այդ թուղթը համենայն դեպս թող քեզ մոտ մնա:

Եվ անցնելով իր սենյակները, ուր չորս-հինգ ամիս էր ոտք չէր դրել: Այստեղ ամեն ինչ իր տեղումն էր: Նա նայեց շքեղ կահկարասիին, արդ ու զարդին և դառն հեգնությամբ ժպտաց: Այժմ նրան ծաղր էր թվում ամեն ինչ, որ կապված էր իր անցյալի հետ: Նա փակեց սենյակների դուռը և վերադարձավ եղբոր սենյակը:

Թող այս բանալին էլ քեզ մոտ մնա, — ասաց նա:

Դու ինձ ծաղրո՞ւմ ես:

Ես անում եմ իմ սրտի կամեցածը: Ասել եմ, որ գործակատարդ եմահա բոլորը: Այժմ ես ոչինչ պահանջ չունեմ այս տնից, բոլորը քոնն է...

Ասաց և անմիջապես դուրս գնաց, բանալին թողնելով սեղանի վրա:

Սմբատը նայեց նրա հետևից ապշած, ապա խորհեց մի քանի վայրկյան և, մի վճռական շարժում անելով, բանալին և թուղթը դրեց իր գրասեղանի մեջ: Հետևյալ օրը նա Սրաֆիոն Գասպարիչին ուղարկեց Մարութխանյանի մոտ, որ դատը հաշտությամբ վերջացնեն: Նա խոստանում էր վճարել Միքայելի պարտքերի կեսը նրա ստորագրած պարտագրերը ոչնչացնելու պայմանով:

Համաձայն եմ, — ասաց Մարութխանյանը. եթե այդ հրդեհը չլիներ, մի կոպեկ չէի զեղչիլ:

Նույն օրը նա կանչեց Սուլյունին իր մոտ և ասաց.

Բարեկամս, այժմ մենք կարող ենք գնել այն թուրքի հողերը: Դու ընկեր ես արդյունքի մի հինգերորդականով: Դեհ, տեսնենք, դու քո ուսումովես իմ փողերով ու խելքով:

Մի շաբաթ անցած Սուլյանը թողեց իր պաշտոնը Ալիմյանների մոտ և ընկերացավ Մարութխանյանին:

—————

Անցան սգի առաջին օրերը: Շուշանիկի վիշտն սկսեց մեղմանալ: Այժմ նա ամբողջ օրն անց էր կացնում Անտոնինա Իվանովնայի բնակարանում: Միասին ծրագրում էին, վիճաբանում, որոշում և միմյանց ոգևորում: Ամառվա ամենատաք օրերը մոտենում էին, ուստի իրիկնային կուրսերի բացումը հետաձգեցին աշնան, մանավանդ որ Անտոնինա Իվանովնան երեխաներին պիտի տաներ ամառանոց:

Շուշանիկի աչքերը որոնում էին Միքայելին ամենուրեք: Շատ անգամ նա իր բարեկամուհու բնակարանը գնում էր նրան հանդիպելու գաղտնի հույսով: Այնինչ, Միքայելը դադարել էր այցելել իր եղբոր ամուսնուն, չէր երևում ոչ մի տեղ: Հայտնվեց, որ նա տեղափոխվել էր հեռավոր հանքերը: Ի՞նչ է նշանակում այդ. մի՞թե այժմ նա է փախչում, մի՞թե արհամարհելու հերթը նրան է անցել: Գուցե նա վիրավորվել է, որ Շուշանիկը մինչև այժմ շնորհակալության մի խոսք չի ասել: Բայց մի՞թե անսահման երախտագիտությունը խոսքերով է միայն արտահայտվում, մի՞թե Միքայելը չի զգում, թե ինչ է կատարվում Շուշանիկի սրտի մեջ, մի՞թե չի նկատում արմատական հեղաշրջումը նրա հոգեկան աշխարհում:

Մի օր իրիկնադեմին Շուշանիկը մենակ նստած էր ընդարձակ պատշգամբի ծայրում, իր սենյակի առջև: Մոտեցան նրա հորաքրոջ զավակները և, մի պատկերազարդ գրքույկ դնելով նրա ծնկների վրա, խնդրեցին, որ նա բացատրե նկարների բովանդակությունը: Այդ գրքույկը, երեկ, Անտոնինա Իվանովնան էր նվիրել նրանց: Շուշանիկն սկսեց թերթել ու բացատրել, մի ձեռով գրկած երկու մանուկների գլուխները: Մի վայրկյան նա գլուխը բարձրացրեց, հայացքը ձգեց առջև տարածված ազատ նավթահողերի վրա և ցնցվեց այնպես, որ գրքույկն ընկավ ծնկներին: Այնտեղ, հեռվում, մի խումբ արհեստավորներով շրջապատված Միքայելն ինչ-որ պատվերներ էր տալիս: Նրա թևը դեռ կապած էր պարանոցին: Շուշանիկը մանուկներին հեռացրեց սենյակ և բոլոր ուշադրությունը լարեց դեպի խումբը: Մի քանի րոպե անցած խումբը ցրվեց, Միքայելը մնաց մենակ: Նա հանդարտ քայլերով մոտեցավ մի հողակույտի և նստեց մի մեծ քարի վրա: Վերջմայիսյան արեգակի վերջին ծիրանագույն ճառագայթները ողողել էին նրան և այդ կացության մեջ նա Շուշանիկին թվաց այնչափ առնական, այնչափ գեղեցիկ, որչափ այն վայրկյանին, երբ Չուպրովի թևին հենված դուրս էր գալիս ծխերի միջից, լուսավորված հուրերի բոսորագույն լուսով: Նա նայում էր դեպի արևմուտք, երկա՜ր, երկա՜ր, մինչև որ հրեղեն գունդը թաքնվեց հեռավոր բլուրների հետևում: Հետո նա վեր կացավ քարի վրայից և քայլերն ուղղեց դեպի Անտոնինա Իվանովնայի բնակարանը: Որքան նա մերձենում էր, այնքան ներքին անհաղթելի ուժը Շուշանիկին մղում էր դեպի նա:

Վերջապես, նա նկատեց Շուշանիկին և մոտեցավ: Մի ախորժելի ջերմություն զգաց օրիորդը, սեղմելով նրա ձեռը, որ ազատել էր իրեն կրակի ճիրաններից: Այժմ Միքայելի դեմքի վրա չէր նկատվում նախկին վշտի մութ ստվերը: Այժմ նրա աչքերի մեջ չերևաց նախկին մռայլությունը, որ Շուշանիկին թվում էր չարություն:

Ներեցեք, որ մինչև այսօր չեմ արտահայտել ձեզ իմ շնորհակալությունը, — արտասանեց օրիորդը և զգաց, որ իր ձայնը դողում է:

Ինչո՞ւ համար:

Եվ դուք դեռ հարցնո՞ւմ եք...

Դա բառ առ բառ նույն խոսքերն էին, որ մի քանի ամիս առաջ փոխանակեցին, երբ Միքայելը շնորհակալություն էր հայտնում Շուշանիկին, որ այդպիսի հոգատարությամբ խնամել էր նրան հիվանդության ժամանակ: Այն օրը Միքայելն էր առիթ փնտրում խոսելուայսօր Շուշանիկը:

Դուք ազատեցիք հորս և միջոց տվեցիք նրան մեռնելու բնական մահով: Դուք փրկեցիք հորեղբորս... դուք... — չկարողացավ վերջացնել իր խոսքը Շուշանիկը:

Մի մեղմ կիսահեգնական ժպիտ անցավ Միքայելի գունատ դեմքով:

Օրիորդ, — ասաց նա մտազբաղ, — ես ոչ ոքի չեմ ազատել, բացի գուցեմեկից:

Ո՞վ է այդ մեկը:

Ես ինքս:

Շուշանիկը նայեց նրա երեսին զարմացած:

Չգիտեմ ի՛նչ եք ուզում ասել, բայց ես... ես իմ կյանքը ձեզ եմ պարտական:

Ո՛չ, օրիորդ, այդպես չէ, — գոչեց Միքայելը, — ձեր կյանքի փրկությունը ձեզ և միայն ձեզ եք պարտական, իսկ ես եղել եմ ճակատագրի մի կույր գործիք: Թույլ կտա՞ք, — ավելացրեց նա անվստահ շարժումով իր առողջ ձեռը սահեցնելով օրիորդի թևի տակ:

Շուշանիկն ինքն էր փափագում բռնել նրա թևը, բայց չէր համարձակվում, ուստի հաճույքով ընդունեց նրա ձեռը: Նրանք հեռացան բնակարաններից և մի քանի րոպե ընթանում էին լուռ, յուրաքանչյուրն իր մտքերով զբաղված:

Լսեցե՛ք, օրիորդ, — խոսեց, վերջապես, Միքայելը, — ես ուզում եմ ձեզ պատմել մի բան, որ պատահեց մի քանի րոպե սրանից առաջ: Նստած էի այն մեծ քարի վրա և դիտում էի արեգակի մուտքը: Մտածում էի շատ բաների մասին, որոնք երբեք-երբեք չեն զբաղեցրել իմ գլուխը: Տեսնո՞ւմ եք այն մթին բուրգերն իրենց սուր ու եռանկյունի գագաթներով, շոգիի, ծխի ու մրի այդ խառնուրդը, բոլոր առարկաների, բոլոր մարդկանց և բոլոր կենդանիների ու թռչունների սևությունը, այդ ցեխը, տիղմը և ամեն տեսակի ապականությունները: Դա մի տարօրինակ քաոս է: Ես համեմատում էի այդ քաոսը մեր կյանքի, մեր միջավայրի և առանձնապես իմ միջավայրի հետ և նույնը տեսնում էի այնտեղ:

Միայն մի տարբերության կա այդ երկու քաոսների մեջ, այն, որ մեր հանքերը, մեր գործարանները նախ տալիս են ծուխ ու մուր, ապա լույս, մինչդեռ մեր միջավայրն առայժմ տալիս է միայն և միմիայն ապականություն, որի կատարյալ մարմնացումը ես եմ ու ինձ նմանները, որոնց թիվը շա՜տ, շա՜տ է: Հիշում եմ իմ վատթար, աննպատակ ու նողկալի կյանքը: Զգում էի ինձ մինչև կոկորդս թաղված կեղտերի մեջ: Հիշո՞ւմ եք իմ կրած վիրավորանքները և ստորացումներն ու այն բոլոր բարոյական վերքերը, որ ես եմ տվել ուրիշներին... Հետո հիշեցի վերջին ամիսներում իմ բոլոր զգացումներն ու մտածածները: Եվ այս խառնիխուռն մտքերի մեջ իմ հայացքը չէր բաժանվում արևմուտքից: Արդյոք, այնտեղի՞ց պիտի գա մեր բարոյական փրկությունը, թե՞ մեր լույսը պիտի ծագե մեր մթությունից ու խավարից...

Նա կանգ առավ, մի քանի վայրկյան լռեց և ապա մի ծանր հառաչանք արձակելով շարունակեց.

Մայր մտնող արեգակն ինձ հիշեցրեց այն սոսկալի հրդեհը: Եվ կենդանի վերականգնեց իմ աչքերի առջև մի տեսարան, որ երբեք-երբեք չպիտի ջնջվի իմ հիշողության մեջ: Ես լսեցի հուսահատական աղաղակներ, որոնք մորմոքում էին սիրտս: Տեսա մի ծնողասեր զավակ, որ ձգտում էր գլխիկոր վազել ու նետվել կրակի մեջ` իր այրվող ծնողին փրկելու համար: Մտաբերո՞ւմ եք այն վայրկյանը, երբ իմ հայացքը հանդիպեց մի զույգ աղերսալի աչքերի: Ահ, այդ աչքերը, այդ աղիողորմ նայվածքն էին, որ մի ակնթարթում փոթորկեցին իմ հոգեկան ու բարոյական աշխարհը: Ես մոռացա ամեն ինչ և միևնույն ժամանակ զգացի, որ սթափվում եմ մի ծանր, երկարատև քնից, մի մղձավանջից: Երբ վազում էի դեպի կրակը, թվաց ինձ, որ վազում եմ խավարից դեպի լույս: Երբ ինձ տեսա ամեն կողմից վտանգի մեջ, զգացի, որ վտանգն ինձ փրկում է մի այլ, ավելի անխուսափելի, ավելի զորավոր վտանգից: Դուրս գալով կրակի միջից, զգացի հոգեկան այնպիսի մի թեթևություն, որ երբեք-երբեք չէի զգացել իմ քսանութ տարվա կյանքի ընթացքում: Թվաց ինձ, որ սրտիս վրայից դեն ձգեցի մի կապարային ծանրություն, և այն, ինչ որ ձգեցի, իսկույն այրվեց իմ հետևում, կրակի մեջ, ու ոչնչացավ... Օրիորդ, կրկնում եմ. ձե՛զ չէ, որ ազատեցի, այլ ինձ: Օրիորդ, այլևս անզոր եմ թաքցնելու ձեզանից այն, ինչ որ զգում եմ ու մտածում: Գուցե մոլորվում եմ, բայց թվում է ինձ, որ այդ հրդեհը վերջ տվեց իմ կյանքի խավարին, որ նա մաքրեց ինձ իմ աչքում, որ նա փրկեց ինձ անխուսափելի կործանումից: Օրիորդ, ոչ ոք և ոչինչ չէր կարող անել այն, ինչ որ դուք արիք ինձ համար, դուք` ձեր մեջ թաքնված այն խորհրդավոր զորությամբ, որը ես չեմ կարող բացատրել: Դուք վերջ տվեցիք իմ կյանքի խավարին, կրակների միջով ինձ տանելով մինչև այնտեղ, ուսկից պիտի սկսվի ինձ համար մի նոր կյանք: Ես դեռ մաքրված չեմ իմ կեղտերից, բայց համոզված եմ և զգում եմ, որ պիտի մաքրվեմ, պիտի զտվեմ, եթե դրա համար հարկավոր լինի անցնել նոր կրակների ու վտանգների միջով:

Նա լռեց, առողջ ձեռով շփեց ճակատը: Արդեն նրանք հասել էին մի վայր, ուր ապահով էին անհամեստ աչքերից: Շուշանիկին երազ էր թվում և՛ այն, ինչ որ լսում էր, և՛ այն, ինչ որ զգում էր: Նա չէր վստահանում ուղիղ նայել Միքայելի աչքերին, բայց զգում էր, որ այժմ այլ է այդ աչքերի արտահայտությունը, ինչպես այլ են այդ ձայնի հնչյունները: Ո՛չ, դա նախկին Միքայել Ալիմյանը չէ. նա, որից փախչում էր: Ո՛չ, այն չկա այլևս, անհետացավ, և այժմ նրա առջև կանգնած է մի բոլորովին ջոկ մարդ: Իսկ նա, այն մյուսը, որ դեռ մի ամիս առաջ լցրել էր նրա երևակայությունը և այնպես գերել նրա հոգին: Այն էր երազ, այն էր խաբեություն, իսկ այս իրականություն է, պարզ, անհերքելի իրականություն: Նա լսում է, շոշափում է բուն տղամարդու մերձավորությունը:

Եվ նա լռին հեզությամբ թեքեց իր գլուխը, թույլ տալով Միքայելին իրեն համբուրել:

Երկինքը գունատվեց, հորիզոնի վրա պարզվեց կիսալուսինը: Զմայլելի երեկո մի երջանիկ զույգի համար:

Մի քանի րոպե անցած Միքայելը մոտենում էր իր օթևանին ուրախ, բախտավոր, սիրտը լեցուն բուռն զգացումներով: Զգացումներ, որոնք այլևս արձագանք էին գտել այն էակի սրտում, որի պատճառով նա այնքան տանջվում էր և որի շնորհիվ իրեն մաքրված էր զգում:

Իսկ այնտեղ, պատշգամբի ծայրում, Շուշանիկը, փաթաթվելով մոր պարանոցին, հեկեկում էր, արտասանելով.

Մայրիկ, ես երջանիկ եմ... մայրիկ, ես առաջ անբախտ էի, այժմ երջանիկ եմ...

Հետևյալ առավոտ Միքայելը տելեֆոնով Սմբատին ասաց.

Ես կատարոմ եմ մեր հոր վերջին կամքը: Վճարիր Մարութխանյանի պարտքերն իմ ժառանգությունից...

Դարձվածը հասկանալի էր` «մեր հոր վերջին կամքը»: Միքայելը ամուսնանում է և պարզ է` ում հետ:

«Նա բախտավորվեց, — ասաց Սմբատը մտքում, — իսկ ես միշտ կմնամ անբախտ»...

Էջեր. Առաջին Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 Հաջորդ Վերջին