Շիրվանզադե Ալեքսանդր՝   Քաոս

Ինչո՞ւ մենակ եկար, — հարցրեց նա, վազելով պատշգամբ:

Պարոնը հրամայեց թողնել երեխաներին քաղաքում: Վաղը ինքը կբերի: Ա՜, տիրուհի, եթե տեսնեիք, պարոնը ինչքան տխուր էր... Ես իսկի նրան այդպես չէի տեսել...

Հասարակ կնոջ պարզ խոսքերը գործեցին անսովոր տպավորություն տիրուհու վրա: Նրա դեմքը մռայլվեց, կապտագույն աչքերի մեջ երևաց տարօրինակ թախիծ:

Երեկոն նա անցկացրեց Շուշանիկի մոտ: Նա տխրում էր առանց երեխաներիայսպես էր ասում ինքը: Բայց տխրության պատճառը միայն մայրական կարոտը չէր: Նա հուզված էր և շարունակ խոսում էր յուր ձեռնարկությունների մասին, կարծես, աշխատելով մոռանալ մի միտք, խեղդել սրտում մի զգացում: Վերջն սկսեց արտահայտել յուր համակրանքը Շուշանիկին: Խոստովանեց պարզ, թե իսկապես նոր է ճանաչում նրան, թե երբեմն սխալմամբ նրա վերաբերմամբ ունեցել է անտեղի կասկածներ: Չասաց, թե ինչ կասկածներ է ունեցել, բայց Շուշանիկը գուշակեց և այլայլվեց:

Հրաժեշտ տալիս, տիկինն ուղիղ նայեց նրա աչքերին և արտասանեց.

Ես համոզված եմ, որ ոչ ոք և ոչինչ չի կարող խափանել մեր բարեկամությունը...

Նրա ձայնի մեջ զգացվեց խորին հուզում...

V

Դարձյալ մի անքուն գիշեր Շուշանիկի համար: Նրա ականջներին շարունակ հնչում էին Անտոնինա Իվանովնայի խոսքերը. «Ես համոզված եմ, որ ոչ ոք և ոչինչ չի կարող խափանել մեր բարեկամութկունը»: Անշուշտ դա մի կծու ակնարկ էր, անշուշտ, տիկինը գիտե, ինչ է կատարվում նրա սրտում: Օ՜օ, ամոթալի՜ դրություն: Եվ նա, համեստ համարված մի աղջիկ, դեռ կարողանո՞ւմ է նայել այդ անբախտ կնոջ երեսին: Նա՞, որ կրում է սրտում մեղսալի զգացումներ, թեկուզ ակամա, թեկուզ հակառակ յուր ամբողջ էության. տեր աստված, մի՞թե երբեք չի ունենալ ուժ սպանելու յուր սրտում այդ որդը: Ահա լսեց, որ վաղը նա հանքերումն է լինելու, և այժմվանից արդեն սիրտը թրթռում է: Երևի, նա կգա հիվանդին տեսնելու. նա միշտ գալիս է, այնքան բարի է դեպի Զարգարյանները: Պետք է փախչել տնից, չլսել նրա բարեհնչյուն ձայնը, չտեսնել նրա թախծալի աչքերը...

Բայց ոչ. ինչո՞ւ փախչել և գեթ մի անգամ չխոսել նրա հետ պարզ: Մի՞թե միշտ լուռ ու մունջ պիտի կրի վիշտը և, չկարողանալով հաղթել, ընկճվի ու ոչնչանա նրա ծանրության տակ: Հարկավ, նա չի հայտնիլ այդ մարդուն յուր զգացումները: Օ՜օ, ոչ, այդ կլիներ հիմարություն. մի՞թե նա կորցրել է ամոթի վերջին կաթիլը: Բայց ինչո՞ւ չփորձել երես առ երես կանգնել իրականության հետ: Ով գիտե, գուցե այդ մարդը նրան ասի մի դառն ճշմարտություն, որից նա սթափվի, ուղիղ ճանապարհի գա: Պետք է լինել մի փոքր համարձակ, հենց փորձի համար, հենց ինքն իրան համոզելու համար, թե կարող է Սմբատ Ալիմյանի հետ խոսել աներկյուղ, նույնիսկ անտարբեր: Նա ոչինչ ակնկալություն չունի յուր սիրուց. հափշտակվել է անշահ, այնպես, ինքն էլ չգիտե ինչո՞ւ: Եվ երբեք, երբեք չի ունեցել հանդուգն փափագ` տիրանալ մի անձի, որ օրենքով ուրիշին է պատկանում, այն էլ մի խելոք, բարի, առաքինի կնոջ: Մի կնոջ, որ ուզում է նրա անկեղծ բարեկամուհին դառնալ: Ոչ, նրա համեստությունը, աշխարհայացքը, նրա ամբողջ բարոյական կազմը դեմ են այս հանցավոր մտքին:

Հոր առավոտյան աղաղակը սթափեցրեց նրան: Մի՞թե արդեն լուսացել է, և նա դեռ անքուն է: Այս արդեն խելագարություն է: Ախ, հիվանդի այդ սոսկալի մրմունջներն անգամ չեն խլացնում նրա սրտի վիշտը գեթ մի քանի րոպե: Ախ, այս տանը երկու հիվանդ կա. մեկին հալածում է կրակի սարսափը, մյուսին` հանցավոր սիրո ահը: Տարբերությունն այն է, որ մեկը յուր կսկիծն արտահայտում է աղաղակներով, մյուսն այրվում է ներքուստ և ստիպված է լռել, միշտ լռել: Այլևս բավական է. թող նա կործանվի, բայց կործանվի գեթ մի անգամ տանջված կրծքից սուր ճիչ արձակելով.

Մամա, հանգիստ թող ինձ, մամա, ես հիվանդ չեմ:

Երանի միայն հիվանդ լինեիր, որդի, դու ուրիշ ցավ ունիս...

Շուշանիկը բաց արավ լուսամուտները. նայեց դեպի դուրս:

Մի շաբաթ էր անձրևները դադարել էին, գետինը չորացել էր: Տեղ-տեղ երևում էին օազիսների պես կանաչ տարածություններ, ուր չկային սև նավթի հետքեր, երկիրը ծածկվել էր նոսր խոտով: Փույթ չէ, որ բնությունն այստեղ խղճուկ էմթնոլորտը տոգորվել էր գարնան արբեցուցիչ ոգով:

Շուշանիկն ուղղեց ճակատի վրա սփռված մազերը, անցավ հոր սենյակը: Հիվանդը դեռ մրմնջում էր, երկյուղած աչքերը դռներին հառած: Ամեն րոպե սպասում էր, թե ահա, ահա պիտի գան «անաստվածները» և իրեն տանեն դուրս, ձգեն կրակի մեջ:

Նա առողջ ձեռը փաթաթեց աղջկա պարանոցին, սկսեց հեկեկալ առանց արտասուքի, մի տեսակ մեքենայի պես: Ազատի՛ր նրան, Շուշան, էլի միայն դու սիրտ ունես, ազատի՛ր:

Հիմա նա առողջ է, բայց մայրդ, հորաքույրդ և այն «չար սատանա Դավիթն» ուզում են նրան կենդանի-կենդանի խորովել, ասում են ավելորդ բերան է: Այ, դրսում կրակ են պատրաստել: է՜է, բայց զուր են սպասում: Սարգսի խելքը դեռ գլխին է, երբեք ոտը տնից դուրս չի դնիլ, թեկուզ ամբողջ աշխարհը գա:

Բառերը դուրս էին գալիս հիվանդի կոկորդից ուժով: Նա հազից կապտում էր, խեղդվում: Նա կատաղեց ինքն յուր դեմ և սկսեց երեսը ճանկռտել, մազերը փետտել: Շուշանիկը չոքեց նրա առջև, բռնեց ձեռը, սեղմեց յուր ձեռների մեջ և սկսեց աղերսել, որ հանգստանա: Փոքր առ փոքր նրա մեղմիկ հորդորների ազդեցությամբ հիվանդը լռեց, հանդարտվեց, թեյ պահանջեց:

Այդ միջոցին կից բնակարանում կատարվում էր ուրիշ տեսարան: Սմբատը երեխաների հետ քաղաքից եկավ բավական կանուխ: Անտոնինա Իվանովնան վազեց առաջ, գրկեց Վասյային ու Ալյոշային այնպես, որ կարծես մի ամիս չէր տեսել նրանց:

Սմբատը դիտում էր սրտաշարժ տեսարանը և զսպում հառաչանքը, չէ՞ որ կարող էր բախտավոր ընտանետեր լինել, եթե սիրեր այդ կնոջը և սիրվեր նրանից, մեկ էլ` չլինեին այն «նախապաշարումները»: Անտոնինա Իվանովնայի լուրջ ու մտախոհ ճակատի վրա այսօր նշմարում էր մի նոր մռայլ: Նրան թվում էր, որ վերջին օրերը կինը տանջվեք է բոլորովին մի նոր վշտից, որ, վերջապես, այժմ նա այն չէ, ինչ որ մի ամիս առաջ: Նա զգաց կարեկցության պես մի բան: Ախ, այդ կինը մենակ է այստեղ, յուր ծննդավայրից հեռու, մի՞թե վայրենություն չէ նրա հետ այնքան խիստ վարվելը: Թող նա լինի համառ, բայց ինչո՞ւ չխնայել նրան թեկուզ սոսկ մարդասիրական զգացումներից շարժված:

Մի վայրկյան նա քիչ էր մնում ենթարկվեր սրտի տկարությանը և հաշտության մի խոսք ասել: Բայց զսպեց իրան. ինչո՞ւ ինքը պիտի ասի և ոչ նա. չէ՞ որ նրանք հավասար միմյանց վշտացրել են և միմյանց կյանքը թունավորել: Թող նա մի թույլ ակնարկ անի, թե զղջում է, ինքն առաջինը ներում կխնդրի:

Անտոնինա Իվանովնան, աղախնի խոսքերից դրդված մի ակնթարթ նայեց Սմբատին, նկատեց նրա դեմքի վրա խիստ փոփոխություն: Նրան թվաց, որ վերջին ժամանակ ամուսինը բավական գիրացել է, առողջացել: Թվաց նույնպես, որ նրա աչքերն այժմ արտահայտում են մի տեսակ կենսասիրություն, որ նրա ճակատի վրա չկա այլևս առաջվա մռայլը:

Աղախինը ներս բերեց մի քանի կապոցներ, որ Սմբատը թողել էր կառքում:

Սպասիր, — վազեց առաջ Վասյան և, խլելով կապոցները, սկսեց արագ-արագ բաց անել, — չխառնե՛ք, պապան մեզ համար ջոկ-ջոկ նվերներ է գնել: Ալյոշա, այս քոնն է. այս իմն է, այս էլ քոնն է, վերցրու, չէ, չէ, այդ մեկն իմն է:

Սմբատը միջամտեց. իրերը բաժանեց, որ մանուկները չկռվեն:

Մեջտեղ մնաց ամենից մեծ կապոցը:

Այդ քոնն է, մամա, — ասաց Ալյոշան, կապոցը տալով մորը:

Տիկինը զարմացավ:

Ձեզ համար ուսնոց է, — բացատրեց Սմբատը, երեսը մի կողմ դարձնելով:

Ես գարնանային ուսնոց ունիմ:

Հավանեցի, գնեցի. կամենա՛ք, վերցրեք, չկամենաք, թողեք...

Նվեր, ի՞նչ է նշանակում այդ:

Մամա, վերցրո՛ւ, լավն է, — ասաց Վասյան:

Մամա, վերցրո՛ւ, լավն է, — կրկնեց Ալյոշան:

Անտոնինա Իվանովնան, լուռ, ճեռով նշան արավ աղախնին, որ կապոցը տանի մյուս սենյակ:

Երկուսն էլ զգում էին անհարմարություն, երկուսն էլ ուզում էին այսօր ուղիղ նայել միմյանց երեսին և չէին նայում: Իսկ երեխաները զբաղված էին իրենց խաղալիքներով, նայում էին մեկ-մեկ, հրճվում, բացականչում: Նրանց մանկական մետաղահնչյուն ձայների մեջ ծնողները զգում էին սուր կշտամբանք: Անտոնինա Իվանովնան մտածում էր. արդյոք անիրավ չի՞ վարվում այդ մարդու հետ, արդյոք մշտական դժբախտությունների գլխավոր պատճառն ի՞նքը չէ: Մի՞թե չէր կարող լինել ավելի զիջող, քան հակաճառող: Ինչո՞վ են մեղավոր այդ մանուկները, որոնց քաշքշում են հանքերից քաղաք և քաղաքից հանքերը, ստիպում վարել ինչ-որ անապատային կյանք: Ինչո՞վ պիտի, վերջապես, պսակվի այս անորոշ կացությունը: Նրանք սխալվել են, էհ, ի՞նչ արած, մի՞թե համառությամբ պիտի բարդացնեն այդ սխալի հետևանքները:

Ասում են` անդամալույծը խելագարվել է, ճի՞շտ է, — հարցրեց Սմբատը:

Համարյա թե:

Հարմար կլինի իմ այցելությունը:

Չգիտեմ, միայն վաղ է, դեռ նոր է զարթնել:

Սմբատը դուրս եկավ, գնաց Միքայելի բնակարանը: Բակով անցնելիս, մի անգամ հետ նայեց և լուսամատի առջև տեսավ Շուշանիկի գլուխը:

Օրիորդը նրան չնկատեց: Նա զբաղված էր գրասեղանի քով: Մի քանի քայլ հեռու կանգնած էր հաղթանդամ Չուպրովը, և ֆուրաժկան ձեռների մեջ պտտացնելով, թելադրում էր նամակ «տան» վրա: Ծննդավայրի հիշողությունները վառվել էին նրա մեջ, առանց հուզման չէր կարողանում թելադրել նամակը: Երբ հերթը հասավ «բարևներին», նա հիշեց բոլոր տնեցիների, բոլոր ազգականների, նույնիսկ հարևանների անունները:

Նամակն ավարտեց. Շուշանիկը գրեց հասցեն` Սարատովի նահանգի այսինչ գավառի, այնինչ Շրջանի, այնինչ գյուղը: Չուպրովն առավ ծրարը, փաթաթեց թաշկինակի մեջ և դուրս գնաց, խոր գլուխ տալով: ՇՈւշանիկը վերցրեց սեղանի վրայից գիրքը, շարունակեց կարդալ: Կես ժամ անցած, հոգնեց, սկսեց անցուդարձ անել: Հետո դարձյալ նստեց սեղանի քով և անորոշ հայացքը դարձրեց դեպի կանաչ դաշտերը:

Նա աշխատում էր համոզել իրեն, թե չպիտի իր համար լինի ավելի մեծ վիշտ, քան հարազատ հոր հուսահատական վիճակը: Նա վեր կացավ, որ անցնի հիվանդի սենյակը, բայց դռների մոտ լսեց Սմբատի ձայնը: Ձեռները թուլացան, գլուխն անզոր թեքվեց կրծքին, այնքա՜ն այդ ձայնն ազդեց նրա վրա: Ո՛չ, նա իր սենյակից չի դուրս գալ, թեկուզ հայրն էլ կանչի: Նա կփակի ականջները, որ չլսի վտանգավոր ձայնը, կգոցի աչքերը, որ չտեսնի առնական կերպարանքը:

Պատերազմն անտանելի էր: Նա չէր ուզում լսել այդ ձայնը, բայց ականջ էր դնում, որ լսի: Այս վատ է, շատ վատ, պետք է տնից փախչել: Նա դուրս եկավ պատշգամբ: Չգնա՞լ արդյոք, Անտոնինա Իվանովնայի մոտ: Այնտեղ խղճի խայթը կսթափեցնի նրան: Ցույց տալով սառնասրտություն, տիկնոջ սրտից կջնջի կասկածը: Թող ենթարկի իրեն դառն փորձի, բայց փորձը կմաքրի, կզտի նրա սիրտը:

Սակայն տիկինը տանը չէր, գնացել էր գրադարան-ընթերցարան: Իսկ երեխաներն աղախնի հետ դրսում, մի կանաչ տափարակի վրա սերսո էին խաղում:

Բարև ձեզ, օրիորդ, — լսեց Շուշանիկն այն մարդու ձայնը, որից փախչում էր: — Ներեցեք, կարծես վախեցրի ձեզ: Բայց լավ բռնեցի, ձեզ հետ խոսելիք ունեմ...

Նա շտապեց ներս, բերեց երկու աթոռ, դրեց պատշգամբի մի խուլ անկյունում, որ ավելի ապահով էր օտար աչքերից: Շուշանիկը չկարողացավ հակառակել. միշտ Սմբատի ձայնը կաշկանդում էր նրա կամքը:

Օրիորդ, — սկսեց Սմբատը ռուսերեն լեզվով, — դուք խելոք և զարգացած եք, հուսով եմ, որ թույլ կտաք ինձ եղբայրաբար մի հարց առաջարկել ձեզ: Ասացեք, խնդրեմ, ի՞նչ կարծիք ունեք իմ եղբոր, Միքայելի մասին:

Հարցը միանգամայն անսպասելի էր, Շաշանիկը նեղն ընկավ: Բայց չէ՞ որ Սմբատ Ալիմյանը նրան համարում է «խելոք ու զարգացած», պետք է ուրեմն չշփոթվել:

Ինչո՞ւ համար եք հարցնում, — ասաց նա:

Զեր պատասխանից շատ բան է կախված: Ուզում եմ իմանալ արդյոք իմ եղբոր մեջ որևէ արժանավորություն գտնո՞ւմ եք:

Արժանավորությո՞ւն, — կրկնեց Շուշանիկը, — իմ կարծիքով չկա մի մարդ առանց որևէ արժանավորության:

Բոլորովին ճիշտ է, բայց ես կկամենայի, որ դուք Միքայելին ինչպե՜ս ասեմ, ըըը... ավելի արժանավոր մարդ համարեիք, քան ում ևէ...

Արդեն այս խոսքերը բավական էին, որպեսզի Շուշանիկն իմանար, թե ինչ է Սմբատի նպատակը: Նա վճռեց լինել պարզ, աներկյուղ: Նա հարցրեց, արդյոք, ի՞նչ նշանակություն կարող է ունենալ իմ կարծիքը մի «օտար» մարդու մասին:

Սմբատը աններելի համարեց խոսել մութ ակնարկներով: Նա խնդիրը դրեց պարզ հողի վրա: Կես ժամ առաջ նա Միքայելին թողեց հուսահատ դրության մեջ, պետք է այսպես թե այնպես խնդիրը լուծել: Նա ասաց, թե գիտե, որ օրիորդը Միքայելին համարում է անարժան, նույնիսկ անբարոյական մարդ: Այո՛, թող չշփոթվի. նա ասում է այն, ինչ որ վաղուց գիտե: Եվ այդ բոլորովին չի վիրավորում նրա եղբայրական զգացումը: Մի «վերին աստիճանի համեստ ու մաքուր էակ» ուրիշ կարծիք չէր կարող ունենալ այն մարդու մասին, որ կյանքն անց է կացրել աննպատակ, շռայլ ու զեխ:

Երբ ես Ռուսաստանից եկա, Միքայելը քաղաքի ամենաապականված երիտասարդներից մեկն էր: Հայրս ինձ կտակեց ուղիղ ճանապարհի բերել մոլորված եղբորս: Ես պարտավոր էի կատարել հանգուցյալի կամքը, թեև ինքս շատ էլ հնազանդ որդի չէի եղել... Աստծուն է հայտնի, թե որքան աշխատեցի համոզել Միքայելին, որ իր կյանքը փոխի: Բայց իմ բոլոր ջանքերն անցան զուր: Միքայելն ուղղվելու փոխարեն, ավելի ու ավելի փչացավ: Ձեզ էլ հայտնի է, որ թե ինչ վիրավորանքներ ստացավ նա, որչափ անպատվվեց ու խայտառակվեց: Ես չկարողացա ազատել նրան բարոյական անկումից, որովհետև այդ իմ ուժերից բարձր էր: Բայց այն, ինչ որ ինձ համար դժվար էր, մի ուրիշի համար դարձավ շատ դյուրին բան... Ծայրահեղ ապականված մարդը, մի մարդ, որին բոլորը կորած էին համարում, հանկարծ, կարծես, մի գերբնական ուժով սկսեց փոխվել: Նա թողեց անբարոյական շրջանները, հեռացավ բոլորից և ամփոփվեց ինքն իր մեջ: Առաջվա Միքայելին տեսնողը չի ճանաչիլ այժմյան Միքայելին: Այժմ նա բոլորովին ուրիշ մարդ է: Սկզբում, օրիորդ, այս ինձ համար մի առեղծված էր... Այդպիսի արմատական փոփոխություն կյանքումս չէի տեսել ոչ մի մարդու մեջ, շատ-շատ կարդացել էի միայն վեպերում: Այժմ գործն ինձ համար պարզվում է: Խոսելով Միքայելի հետ, դիտելով հեռվից հեռու, ես այժմ գտնում եմ նրա անսպասելի, կարող եմ ասել, գերբնական փոփոխության հեղինակին... Արդ դո՛ւք եք...

Նա կանգ առավ, որովհետև նկատեց, որ իր խոսքերը խորը ներգործություն են անում օրիորդի վրա:

Բավակա՜ն է, — արտասանեց Շուշանիկը երերուն ձայնով:

Ինչո՞ւ ճշմարտությունը թաքցնել, քանի որ ինքներդ էլ զգում եք: Օրիորդ, դուք ազատեցիք իմ եղբորը, և ես պարտավոր եմ հայտնել շնորհակալություն: Բայց մի բան. մի՛ թողեք նրան կես ճանապարհի վրա, շարունակեցեք ձեր բարերար ազդեցությունը... Սիրեցեք նրան...

Շուշանիկը ցնցվեց և, կիսով չափ տեղից վեր կենալով, խորին սրտմտությամբ արտասանեց.

Պարոն, ի՞նչ իրավունքով եք ինձ վիրավորում...

Ա՜խ, օրիորդ, ի սեր աստծու, իմ խոսքերը մի՛ ընդունեք վատ մտքով: Այդ ձեզ չի սազամ: Սիրեցեք Միքայելին, որովհետև նա ձեզ սիրում է խելագարի պես:

Ա՜խ, նրան առաջարկում են սիրել մի մարդու, որի վերաբերմամբ դեռ չի հաղթել սրտում բոլոր զզվանքը: Եվ ո՞վ է առաջարկում... Մի՞թե այս էր նրա սրտի իղձը: Ի՞նչ պատասխանել, երբ քո անհուն տենչանքների միակ առարկան, քո երազների կենտրոնը, քո գաղտնի պաշտեցյալը, այժմ, դեմուդեմ նստած, ուրիշի զգացումների թարգման և պաշտպան է հանդիսանում: Մի՞թե այդ մարդը ոչինչ չգիտե...

Չգիտե՞: Ո՛չ, Սմբատը կույր չէ: Եթե չհավատար Միքայելի նախանձին, եթե չհավատար իր նկատածներին և զգացածներին իսկ, այժմ բավական էին Շուշանիկի ակամա ցնցումները, որպեսզի զգար, թե ում համար է բաբախում օրիորդի սիրտը:

Ա՜խ, նա կարող էր արձագանք տալ այդ աղջկա զգացումներին, նա ինքը շատ անգամ էր մտածել նրա մասին: Բայց ի՞Բնչ իրավանքով և ի՞նչ նպատակով: Նա կաշկանդված է. հավիտյան և հենց այս պատճառով ժամանակին խեղդեց իր մեջ հղացած համակրության առաջին զգացումները, որպեսզի հետո խեղդելը դժվար չլինի: Այժմ, իբրև ազնիվ մարդ, պարտավոր է սթափեցնել մոլորված աղջկան:

Եմ նա սկսեց նրբորեն մերձենալ խնդրի այս ամենաէական կողմին: Նա վճռեց զոհել անձնականը, պաշտպանել; Միքայելին: Միակ միջոցն էր համեմատությունը: Գովելով եղբորը, նա պիտի նսեմացներ իրեն: Այսպես էլ արավ: Հարկավ, թաքցրեց իրեն նսեմացնելու պատճառը, բայց գիտեր, որ իր խոսքերը կունենան ցանկալի հետևանք: Միքայելն ընդունակ է սիրել կրակոտ սիրով, չնայելով վատ անցյալին, սիրել ու տանջվել, նույնիսկ զոհվել սիրո անունով: Դա մի հազվագույտ հատկություն է, որով այժմ շատ քիչ երիտասարդներ կարող են պարծենալ: Նրա հոգու մեջ կա մի չապականված անկյուն: Այնտեղ թաքնված են ավելի խոր զգացումներ, քան մի ուրիշի ամբողջ հոգում: Հաճախ Սմբատը համեմատում էր իրեն Միքայելի հետ և միշտ նրան է գերազանցություն տալիս: Ո՛չ, թող չկարծի Շուշանիկը, թե նա կեղծ համեստությունից է ասում այս բոլորը: Մի մարդ, որ ընդունակ է ծայրահեղ զգացումների, միշտ գերադասելի է մի ուրիշից, որի զգացումները «սառել են վաղուց»: Նա, որ զգում էապրում է և տանջվում. նա, որ մտածում էնիրհում է: Բարվոք է վատ անցյալ ունենալ և մաքրել այդ անցյալը ներկայի տանջանքներով, քան ապրել հարթ ու հավասար կյանքով: Հաճախ պատահում է, որ «լավ սկսողը վատ է վերջացնում, վատ սկսողըլավ»:

Շուշանիկը լսում էր լուռ, աչքերը հառած դեպի անորոշ տարածութտուն: Նա գուշակում էր Սմբատի միտքը: Նա չէր հավատում այդ մարդու կողմնակի ինքնաստորացման անկեղծությանը, բայց զգում էր նրա խոսքերի նպատակը: Նա ուզում էր ասել, թե չի կարող սիրել, ուզում է սառը ջուր ածել դիմացինի կրած տանջանքների վրա: Ահա թե որքան դժբախտ է Շուշանիկը: Բայց ինչո՞ւ, մի՞թե Շուշանիկը երբևէ հանդգնել է կարծել, թե Սմբատ Ալիմյանը կարող է սիրել իրեն, «տանջվել, նույնիսկ զոհվել սիրո անունով»: Նա ինքը և միայն ինքն է սիրել և սիրել է գաղտնի, երկյուղով: Այժմ... նրան հասկացնում են, թե խաբված է:

Ասացեք, ի՞նչ եք պահանջում ինձանից, — արտասանեց նա, ոտքի կանգնելով:

Ազատեցեք եղբորս... Նա առանց ձեր սիրո չի կարող երկար ապրել:

Ա՜հ, պարոն Սմբատ, առասպելներ մի՛ հնարեք, — գոչեց հանկարծ Շուշանիկն այնպիսի տոնով, որ դժվար էր իմանալ, ո՛րն է ավելի զորեղ նրա մեջ` ամոթի՞, թե՞ բարկության ձայնը: — Ձեր եղբոր համար աշխարհն ամայի չէ, որ իմ մասին մտածի... Նա երիտասարդ է, հարուստ, գեղեցիկ... իսկ ես ո՞վ եմ...

Դուք նա եք, որի նման երկրորդը չկա մեր քաղաքում: Դուք, երևի, ինքներդ չգիտեք` ո՛վ եք...

Շուշանիկը դողում էր տերևի պես:

Ներեցե՛ք, ես լսսւմ եմ հորս աղաղակը... Ներեցե՛ք, չեմ կարող այստեղ մնալ... Կտեսնեն... բավական է, որքան ծաղրեցիք ինձ...

Նա հեռացավ հաստատ քայլերով, գլուխը հպարտ բարձր պահած:

Սմբատը նայեց նրա հետևից: Որքա՜ն հպարտ է այդ աղջիկը, որքա՜ն գաղտնապահ և որքա՜ն համեստ իր արժանավորությունների վերաբերմամբ: «Ինչո՞ւ մի տասը տարի առաջ չպատահեցի մի այդպիսի աղջկա». անցավ Սմբատի մտքով:

VI

Սիրելիս, այդ բոլորը դատարկ բաներ են: Մեր ժամանակի ոգին քեզ վարակել է, այսպես ասած, մինչև ոսկորներիդ ծուծը: Բայց մի՛ վախենար, բոլորը կանցնի: Ո՞վ չի քեզ նման հիվանդ եղել և ո՞վ չի առողջացել: Այսօր անհրաժեշտ է խորհրղակցել բժշկի հետ արտասահման գնալու մասին:

Սակայն ոչ մի բժիշկ և ոչ մի դեղ այլևս չի կարող Արշակ Ալիմյանին ազատել այն բարոյական ախտից, որից առաջացել և այժմ բարդանում էր նրա մարմնավոր ախտը: Դեղերը ընդունելով հանդերձ, նա շարունակում էր նույն վատ կենցաղը և արագ-արագ քայքայվում ու փտում: Նույնիսկ Ալեքսեյ Իվանովիչը այժմ հորդորում էր նրան լուրջ դարմանվել, կատարել բժիշկների բոլոր պատվերները: Բայց զուր:

Այժմ Արշակն ուզում էր առանձին բնակարան վարձել և էլմիրայի հետ հրապարակորեն կենակցել: Ալեքսեյ Իվանովիչը, որ ինքն այժմ տեղավախվել էր հյուրանոց, թախանձում էր նրան այդ չանել: Նա ասում էր, թե ներկայումս ընդունված չէ սիրուհու հետ մի տան մեջ ապրել, մովե տոն է համարվում:

Արշակը մտավ Քյազիմ-բեգի, Մոսիկոյի, Նիասամիձեի շրջանը, դարձավ նրանց հետ հավասար ընկեր, չնայելով հասակին: Առայժմ խույս էր տալիս միայն Գրիգոր Հաբեթյանից, վախենալով նրանից: Բարեբախտաբար, հաստամարմին գվարճամոլը չէր երևում ընկերական շրջաններում:

Այն օրից, երբ քույրը տեղափոխվեց ծնողների տունը, նա փախչում էր հասարակությունից: Անուշի արատավորված վարկը նրան պատճառում էր ամոթ և ցավ:

Պետրոս Ղուլամյանն ապահարզանի խնդիր էր բարձրացրել, աշխատում էր առաջնորդի միջոցով թույլտվություն ձեռք բերել` մի ինչ-որ երիտասարդ ու գեղեցիկ այրիի հետ ամուսնանալու: Հարկավ, նա պիտի հրապարակորեն ապացուցաներ կնոջ դավաճանությունը: Բայց ինչպե՞ս. Անուշը չէր ուզում մեղքն իր վրա առնել: Նա տանջվում էր ամոթից, թող այդ մարդն էլ տանջվի «իր այրիի» համար:

Իսկ Անուշը, արդարև, տանջվում էր, և ոչ միայն ամոթից: Նրա գլխավոր ցավը Միքայելի անտարբերությունն էր: Անխի՛ղճ մարդ, դու չգնահատեցիր նրա սերը, թող այդպես լինի: Նա էլ կաշխատի քեզ մոռանալ: Դու կարծում ես, նա կամավոր իրեն կենթարկի անվերջ տանջանքների՞: Օ՜օ, ո՛չ, նա այնքան էլ հիմար չէ: Երեխանե՞րը: Այո՛, նրանց կարոտն անհաղթելի է: Բայց... Բայց քի՞չ կան մայրեր, որոնք թողնում են իրենց զավակներին ու փախչում սիրեկանների հետ: Անուշն էլ կանի, և ինչո՞ւ չանի, ինչո՞ւ խավարեցնի իր երիտասարդ կյանքը: Բավական է, պետք է վերջ տալ այս անօգուտ հառաչանքներին, պառավական «ախ ու վախին», թուլամտության արցունքներին: Պետք է ապրել, թեկուզ թշնամիների ջգրու:

Եվ Անուշը վճռեց փոքր առ փոքր երևալ հասարակության մեջ: Թող չկարծեն, թե իրեն բոլորովին մեղավոր է զգում և ամոթից թաքնվում: Սկզբում նրան թվում էր, որ բոլորն իրենով են զբաղված: Եվ այսպես էլ էր: Նախկին բարեկամուհիները և ծանոթները արհամարհանքով երես դարձրին նրանից: Սակայն շուտով այս սկսեց նրան ավելի գրգռել և ավելի համարձակ դարձնել: Աա՜, որ այդպես է, նա բոլորովին ուշ չի դարձնիլ ուրիշների վրա:

Անուշը ծանոթացավ մի շարք երիտասարդների հետ, որոնցից առաջ խորշում էր, ինչպես և բոլոր առաքինի կանայք: Այդպիսով ուզում էր ցույց տալ արհամարհանք դեպի հասարակական կարծիքը: Նոր ծանոթները նրան վերաբերվում էին ոչ միայն հարգանքով, այլև մի տեսակ ակնածությամբ: Ցույց էին տալիս, թե գիտեն նրա տխուր պատմությունը, համարում են նրան բռնակալության զոհ, նույնիսկ հերոսուհի, որի առջև պարտավոր է խոնարհվել «կանանց ազատության» պատշպան ամեն մի երիտասարդ:

Անուշը հավատում էր նրանց շողոքորթություններին և ավելի ու ավելի սիրտ առնում: Նա սկսեց պարսավել առաքինի կանանց: Հավատացեք, աշխարհիս երեսին չկան բարոյական և անբարոյական կանայք, այլ կան խորամանկ և պարզասիրտ կանայք: Եվ միշտ, միշտ տուժողն անկեղծն է... Իսկ խորամանկը գիտե «իր գործը խելոք տանել»:

Նա բարեկամացավ իր նախկին դիմացի հարևանուհու հետ, որի համարձակությունն այնքան գրգռել էր նրա նախանձը: Տիկին Վիշնևսկայանայսպես էր օտարուհու ազգանունըուրիշների պես գոռոզ ու մանրակրկիտ չէր կանանց բարոյականության վերաբերմամբ: Ընդունում էր Անուշին իր տանը բարեկամաբար, ծանոթացնում էր իր ընկերուհիների հետ: Ահա ինչ ասել է չլինել ասիացի, անկիրթ ու կոպիտ, մտածում էր Անուշը: Հայուհիները երես են դարձնում, իսկ օտարուհին բարեկամանում է, նույնիսկ պաշտպանում նրան:

Գիտե՞ս ինչ, սիրելիս, — ասում էր մի օր տիկին Վիշնևսկայան, — տղամարդուն պետք է հենց իր զենքով պատժել: Ինչո՞ւ երես տալ մեկին այնքան, որ նա, աստված գիտե, ինչեր երևակայի իր մասին: Հավատարիմ է ինձ, ես էլ հավատարիմ կմնամ, չէ — «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»: էհ, սիրելիս, մենք երկրորդ անգամ աշխարհ չենք գալու: Ապրենք, քանի որ կարելի է ապրել: Իսկ երբ կծերանանք, սև շալը կձգենք գլխներիս, աչքներս կծռենք դեպի վեր ու կերգենք. «Ալելոլյա, ալելույա, տեր, դու թողություն տուր մեր մեղքերին»: Կարծում ես` աստված չի՞ ներիլ: Հավատա, կների: Նա բարի է, մարդկանց պես նեղսիրտ չէ...

Անուշը մտածեց Միքայելից վրեժ առնել: Ո՞ւր է նա, թող զա, տեսնի քանի-քանի գեղեցիկ, երիտասարդ երկրպագուներ ունի այժմ Անուշը: Մի օր, ծովափում զբոսնելիս, հենց այս մասին էր մտածում, երբ հեռվից տեսավ Միքայելին: Նրան ուղեկցում էր մի ջերմ երկրպագու, հագնված վերջին տարազով: Նա ճեռը մտցրեց երիտասարդ ուղեկցի թևի տակ, սկսեց ժպտալ և ինչ-որ շշնջալ: Նա ուզում էր պարզ ցույց տալ, թե այդ մարդու հետ շատ մտերիմ է:

Միքայելը գալիս էր մի գործարանատիրոջ գրասենյակից, որի հետ նավթային հաշիվներ ուներ: Նախ չիմացավ` բարևի Անուշին, թե՞ չէ: Ապա վճռեց բարևել: Բայց դեռ չմոտեցած, նկատեց տիկնոջ աչք ծակող ձևերը, լսեց նրա համարձակ քրքիջը, ձեռը հեռացրեց գդակից և երեսը զզվանքով հետ դարձրեց:

Անուշը գրեթե ոչնչացավ: Վրեժ լուծելու փոխարեն` արժանացավ բացարձակ արհամարհանքի: Գունատվեց, կորցրեց ինքն իրեն և, երբ բոլորովին հավասարվեց Միքայելին, արտասանեց.

Լի՜րբ:

Տղամարդկային ձայնով արտասանած կոպիտ հիշոցը Միքայելի զզվանքը փոխեց ցավակցության դեպի մի կին, որի բարոյական այժմյան անկման սկզբնապատճառն էր եղել:

Հասնելով հանքերը` նա Սմբատին հանդիպեց գրասենյակում: Այստեղ իմացավ, որ Մարութխանյանն արդեն դիմել է դատարանին, և շուտով կստացվի կոչնագիր: Ի՛նչ, մի՞թե նա չաղաչեց Սմբատին, որ գործը վերջացնի առանց դատարանի: Սմբատը պնդեց, թե չէր կարող այդ անել, թե հանաք բան չէ վերցնել կես միլիոն և դեն շպրտել:

Որ՛ այդպես է, ես դատարան չեմ գնալ, — ասաց Միքայելը գրգռված:

էհ, ե՛ս կգնամ քո փոխարեն:

Լիազորություն չեմ տալ:

Միքայել, դու բոլորովին գժվել ես:

Իսկ դու խելոքացել ես ավելի: Թո՛ղ ինձ հանգիստ...

Ուրեմն այդ քո վերջի՞ն խոսքն է:

Վերջին և դրական:

Սմբատը մտածեց մի քանի, վայրկյան և վճռապես հայտնեց, թե Մարութխանյանին մի կոպեկ անգամ չի տար:

Այն Ժամանակ, թող ինձ բանտ գցեն, դրան էլ հոժար եմ, — ասաց Միքայելը և անցավ իր սենյակը:

Այսօր, իր հանցանքի առարկային հանդիպելուց հետո, զգում էր անասելի տանջանք: Եթե նա այնքան իրեն վայր է գցել, որ մի կին փողոցում շպրտում է «լի՛րբ» բառը, և նա լռում էմի՞թե միևնույնը չէ այսուհետև: Կարծես, բարոյապես սնանկի համար նյութական սնանկությունն զգալի՞ պիաի լինի: Այո՛, թող նրան գցեն բանտ, միևնույն է:

Կանչի՛ր այստեղ Դավիթին, — հրամայեց նա ծառային:

Ներս մտավ հաշվապահը գրիչը ձեռին:

Եղբայրս գնա՞ց:

Գնաց:

Ի՞նչ գործի եք:

Ամսահաշիվ եմ պատրաստում:

Շտապո՞ւմ եք:

Ուշացել է. երեկոյան անպատճառ պիտի ուղարկել քաղաք:

Վաղը կարող եք ուղարկել: Նստեցեք, մի փոքր խոսենք: Նա ստիպեց հաշվապահին ճաշել իր հետ: Նա շարունակ խոսում էր: Այդ մարդը, որ երբեք անձնականից դուրս մի բանով չէր հետաքրքրվել, գտնվում էր ինչ-որ փիլիսոփայական տրամադրության մեջ: Դավիթը զարմացած էր և ավելի զարմացավ, երբ նա սկսեց քննադատել հասարակական կյանքի կարգ ու կանոնը: Առանձնապես հարձակվում էր տնտեսական «անարդար» կազմակերպության վրա: Ինչո՞ւ հարյուրավոր մարդիկ աշխատում են մեկին կամ երկուսին կշտացնելու համար, ինչո՞ւ բնության բերքերը հավասար բոլորին չեն պատկանում: Ինչո՞ւ, օրինակ, ինքը պիտի այստեղ հանգիստ ճաշի, իսկ այնտեղ, նավթի ու կրակի միջավայրում հարյուրավոր մարդիկ պիտի նրա համար իրենց կյանքը վտանգի տակ պահեն գիշեր-ցերեկ:

Բայց ո՛չ, ինձ համար չեն աշխատում: Այժմ ես էլ ձեզ պես մի հասարակ աշխատավոր եմ: Ոչինչ չունիմ, գիտեք ոչինչ:

Եվ պատմեց, որ ինքն այժմ սնանկ է, զուրկ վերջին կոպեկից:

Ահա ինչո՛ւ, ուրեմն դուք, այժմ հետաքրքրվում եք դրամից զուրկ մարդկանց կյանքով, — չկարողացավ զսպել լեզուն Զարգարյանը:

Դուք իրավունք ունիք: Բայց այդ չէ պատճառը: Եթե կամենամ, դեռ կարող եմ հարուստ մնալ: Բայց չեմ ուզում: Ինձ ամեն ինչ ձանձրացրել է, գիտեք, ամեն ինչ...

Վերջացնելով ճաշը, նա դուրս եկավ մի փոքր զբոսնելու: Ամեն բան այժմ նրան թվում էր դատարկ, սնոտի, անմիտ: Զարմանում էր, որ Սմբատն այնպես ամուր է կպել հայրական հարստությանը: Հիշում էր նրա նամակները, նրա անցյալ գաղափարները և մտքում ժպտում: Ահա թե որքան զորեղ է դրամի հրապույրը. այն մարդը, որ հոր հարստությունը մի ժամանակ քիչ էր մնում կողոպուտ համարեր, այժմ դարձել է այդ հարստության ջերմ պաշապանը: էհ, երևի նա ուզում է կատարել հոր կամքը:

Վերադառնալով իր սենյակը` նա դարձյալ կանչեց Դավթին: Այս անգամ նա բաց չթողեց հաշվապահին մինչև ընթրիք: Նա ընթրեց նրա հետ միասին:

Գիշեր էր: նա անկողնի մեջ պտտում էր մի կողմից մյուսի վրա և չէր կարողանում քնել: Շոգու աղմուկը նրան հիշեցնում էր մշակների դժոխային աշխատանքը: Նրա աչքերի առջև պատկերանամ էին մրոտ ու նավթոտ բանվորների վտիտ դեմքերը. մթին ու մռայլ, ինչպես նավթահորերի խորքը: Նույնիսկ Չուպրովի, Ռասուլի ու Կարապետի պես առողջ աշխատավորները նրան թվում էին հիվանդոտ: Մի՞թե այդ մարդիկ սիրտ չունի՞ն, հոգի չանի՞ն, չե՞ն մտածում, չե՞ն զգում, չե՞ն սիրում, չե՞ն ատում, չե՞ն նախանձում: Մի՞թե մի կտոր հացի հոգսը սպանել է նրանց մեջ բոլոր մարդկայինը և դարձրել նրանց անշունչ մեքենա: Ինչո՞ւ չհետաքրքրվել այս բոլորով: Նրա շուրջը ապրում են հարյուրավոր մարդիկ, չարչարվում, տանջվում, իսկ ինքը զբաղված է միայն իր փոքրիկ աշխարհով: Այդ ի՞նչ է լսվում: Ա՜ա, Զարգարյանի համարակալի չխչխկոցը: Խե՜ղճ հաշվապահ, նա մոռացել է քունը և կես գիշերին, կոր մեջքը ծռած, գրում է, ջնջում, հաշվում, թե ինչ է` Ալիմյանները պիտի ապրեն ապահով ու անհոգ: Եվ դեռ Ալիմյանները կարծում են` մեծ բարություն են անում այդ մարդուն, տալով նրան ամսական մի քանի տասնյակ ռուբլի: Իսկ այդ աղջի՞կը, որ սովոր էր անհոգ ու ապահով կյանքին: Այժմ կրում է կամավոր աղախնի կյանք, գիշեր-ցերեկ բևեռված անդամալույծ հոր մահճակալին: Ինչո՞ւ, ինչով է մեղավոր նա, այդ հեզ ու հպարտ էակը, որի համեստությանը` հանդգնեց ձեռնամուխ լինել կյանքի հաճույքներից լիացած մի մարդ:

Հաջորդ էջ