Շիրվանզադե Ալեքսանդր՝   Արսեն Դիմաքյան

«Ներքևից սկսել, ինչպես ասում էր Մսերյանը և ինչպես կրկնում է այսօր Հաբիգյանը: Իսկ եթե ես այդպիսի ձգտում չունե՞մ, միթե կեղծե՞մ, ստե՞, և սկսեմ գործել հակառակ իմ զգացումների: Ոչ, չեմ ուզում, չեմ կարող: Թող դա լինի անհամեստություն, բայց ես իմ մեջ զգում եմ «վերևից» ազդելու ուժ: Այո , ես չեմ կարող հասարակ գործիք լինել, բայց կարող եմ գործիքներ պատրաստել: Ես այդ կապացուցանեմ և ընդունակ եմ ապացուցանելու: Չէ՞ որ եթե մի կողմից ինձ հալածում են, մյուս կողմից կան մարդիկ, որ ինձ հավատում են, որոնց վրա ես ազդեցություն եմ արել...»:

Դարձյալ նրա միտքը պարզվեց, սիրտը գրգռվեց: Դարձյալ նրա աչքի առջև պատկերացավ մի լուսավոր ապագա, դեպի ուր վճռել է և պետք է դիմե յուր ամբողջ կյանքի ընթացքում: Անցան րոպեական տատանումները, կասկածները և նորից նա հետաքրքրվեց տեղական հասարակական կյանքով: Նա հանդիպեց նույն սիրալիր ընդունելության, նույն հարգանքին, ինչ որ առաջ: Կրկին նրան շրջապատեցին այն մարդիկ, որոնց մտքի և սրտի վրա նա ազդեցություն էր ունեցել: Ոչ ոք կասկածանքով չէր վերաբերվում դեպի նա: Երևի, կամ նրա մասին տարածված լուրը չէր հասել յուր հայրենի քաղաքը կամ հասել էր, և ոչ ոք նշանակություն չէր տալիս նրան:

Օրերը անցնում էին օրերի հետևից, և նա դեռ չէր մտածում Թիֆլիս վերադառնալու մասին: Այն զգացումները, որ այնքան տանջում էին նրան, այժմ մեղմացել էին և ճնշող ներգործություն չէին անում նրա վրա: Առավոտները նա զարթնում էր վաղ, զբոսնում էր պարտեզում, խաղում էր յուր քրոջ զավակների հետ, ապա փակվում էր յուր սենյակում և երկար ժամանակ պարապվում:

Երբեմն միայն առանձնության մեջ նրա սրտում բարձրանում էր մի թեթև փոթորիկ: Նա հիշում էր յուր անցյալի ամենածանր րոպեները և ամենից պարզ ու որոշ պատկերանում էր այն վերջին երեկոն, երբ նա խորհել էր ինքնասպանության մասին: Ոչ, ոչ, այլևս նա այդչափ չի հուսահատվիլ, այդ րոպեները անցան, գնացին անդառնալի: Այժմ նա բժշկվել է և եթե ոչ բոլորովին, շուտով, շուտով կբժշկվի:

«Ես զգում եմ, որ իմ մեջ մի ինչ-որ փոփոխություն է կատարվում, — գրում էր նա Մսերյանին յուր վերջին նամակում, — թե ինչ կլինի վերջըչգիտեմ: Բայց հույս ունիմ, որ դու ինձ այլևս այնպես չես տեսնիլ, ինչպես էի մի ժամանակ.. . Անցյալ նամակումս ես գրել էի քեզ Հաբիգյանի մասին, այո , նա հազվագյուտ մարդ է: Իմ մեջ հղացել է մի միտքձեզ երկուսիդ մոտեցնել միմյանց մի ընդհանուր գործով: Այսպիսի մի գործ կա, և ես հույս ունիմ դու հանձն կառնես նրան ծառայելու: Բայց առայժմ քեզ ոչինչ չեմ գրիլ այս մասին, շուտով անձամբ կտեսնվենք և կխոսենք... Մի կարծիր, որ այստեղ անգործ նստած եմ, երբեք ես այնպես զբաղված չեմ եղել, ինչպես այժմՑտեսություն, նամակ մի գրիր, սպասիր ինձ…»:

Երբեմն նա կանչում էր յուր մոտ Հաբիգյանին, կրկին և կրկին անգամ հարցուփորձ էր անում յուր այցելած գյուղերի մասին: Առանձնապես նա հետաքրքրված էր գյուղական մանուկների թվով: Նա զանազան հաշիվներ էր անում, գրում էր, մտածում և ստեպ-ստեպ այցելություն անում տեղական թեմական առաջնորդին:

Հաբիգյանը հետաքրքրված հարցնում էր, թե նա ինչու համար է այդ տեղեկությունները հավաքում: Բայց Դիմաքսյանը ոչինչ չէր պատասխանում: Մի անգամ նա միայն ասաց անորոշ.

Ուզում եմ քո աչքին անօգուտ մարդ չերևալ

XVII

Մոտ երկու շաբաթ անկողնում պառկելուց հետո Բարաթյանը կարողացավ, վերջապես, ոտքի կանգնել: Բայց նա բոլորովին չէր առողջացել: Բժիշկներից ոմանք խորհուրդ էին տալիս նրան գնալ արտասահման և այնտեղ ենթարկվել մի դժվարին օպերացիայի, եթե կամենում է մի անգամ ևեթ արմատապես բժշկվել ժառանգական ցավից: Եվ նա մտադիր էր հետևել նրանց խորհրդին:

Առայժմ նա կարգադրում էր յուր հայրական գործերը: Նա վճարեց յուր բոլոր պարտքերը և, ժառանգությունը հաստատելով յուր անունով՝ ապահովեց իրան բոլորովին: Այժմ նա իրան զգում էր ավելի բախտավոր, քան երբևէ զգացել էր: Թվում էր նրան, որ դրամական վարկի հետ նորից ամրանում է և յուր բարոյական վարկը: Հասարակությունը այլևս առաջվա պես չէր զբաղվում նրա ընտանեկան կյանքով, և կարծես ամենքը սկսել էին մոռանալ նրա մասին տարածված աննպաստ լուրերը:

Երբեմն նա հիշում էր այրի Բախտամյանից ստացած վիրավորանքը, բայց հիշում էր վայրկենաբար, առանց երկար մտածելու այդ մասին:

«Բարոյական վիրավորանքը, — ասում էր նա ինքն իրան, — այս Ժամանակ է ազդու, երբ կատարվում է հրապարակորեն: Այդ կինը երբեք չի համարձակվիլ ուրիշին հաղորդելու ապտակի մասին, ուրեմն ինչո՞ւ արյունս պղտորեմ մի չնչին բանի համար: Այո, մարդիկ շատ անգամ ոչինչ բանից իրանց համար տանջանք են ստեղծում: ճշմարիտ էր ասում հայրս, թե «ինչքան քիչ մտածես վերքիդ մասին, այնքան նա քեզ քիչ ցավ կպատճաոի,..»: Այո , այո, չմտածվել, այլ ապրել է հարկավոր և միայն ապրել…»:

Հաճախ նա տեսնվում էր Վեքիլյանի հետ: Նրանց հարաբերությունները շարունակվում էին առաջվա ուղղությունով, թեև զգալի էր, որ իրավաբանը յուր սրտում ամեն կերպ, աշխատում էր թաքցնել մի տեսակ ատելություն դեպի յուր ընկերը:

Առավոտ էր: Թեյի բաժակը առջևը դրած, Բարաթյանը կարդում էր օրվա լրագիրները, երբ ներս մտավ Վեքիլյանը բոլորովին անսպասելի: Երբեք նա այդպես վաղ չէր այցելել յուր ընկերոջը:

Ես եկել եմ մի անհետաձգելի և կարևոր գործի համար, — ասաց նա լուրջ ձայնով, — և այսպես վաղ եկա, որ քեզ տանը տեսնեմ: Լսիր, այրին ուզում է Պյոտր Սոլոմոնիչի կտակի դեմ դատ բաց անել:

Մի՞թե, — արտասանեց Բարաթյանը անտարբեր:

Ես այդ իմացա երեկ գիշեր կլուբում: Այնտեղ քեզ շատ պտրեցի, բայց չտեսա...

Երեկ թատրոնից գնացի Կրուժոկ ընթրելու: Ո՞ւմ միջոցով է ուզում դատ բաց անել:

Փաստաբանի:

Միթե կա՞ այնպիսի փաստաբան, որ այդ գործը հանձն առնի:

Կան փաստաբաններ, որոնք ոչ մի գործից չեն հրաժարվում: Այրին մի այդ տեսակ մարդու է դիմել:

Աա՛, — արտասանեց Բարաթյանը անորոշ, — ուրեմն նա քո և Ամբակում Աֆանասևիչի դեմ վատ խաղ է սկսում...

Ինչո՞ւ միայն իմ և Ամբակում Աֆանասևիչի, գուցե և մի ուրիշի դեմ, — նկատեց Վեքիլյանը խորամանկությամբ:

Լուրը Բարաթյանի վրա վատ տպավորություն էր գործել, իսկ իրավաբանի վերջին նկատողությունը ավելի վախեցրեց նրան: Նորից նրա աչքի առջև պատկերացավ դատաստանի խայտառակ պերսպեկտիվը, նորից նա յուր անունը, պատիվը և վարկը տեսավ հասարակության բամբասանքին ենթարկված:

Միթե տիկինը այդ բանը կանե՞, — հարցրեց նա, դեռևս կարողանալով զսպել յուր վրդովմունքը:

Եթե չկամենա էլ, փաստաբանը անպատճառ կհամոզի նրան անել:

Բայց կհաջողվի՞ նրան դատը:

Դժվար է նախագուշակել, օրենսդրության մեջ կան այնպիսի բաց տեղեր, որոնք շատ անգամ ճարպիկ փաստաբանի ձեռքում հաջող գործիք են դառնում: Ես այդ դատից վախենում եմ:

Վախենալով բան չի լինիլ, պետք է գործել: Ինչ ես մտադիր անելու:

Վեքիլյանը մի քանի վայրկյան մտածեց, ապա դրական եղանակով պատասխանեց.

Իմ խորին համոզմոմնքով, քանի որ գործը սկսված չէ, պետք է նրան խափանել: Եթե այրին մինչև անգամ բոլորովին էլ դատը տանուլ տա, դարձյալ դատաստանական պրոցեսը վտանգավոր է: Չեմ կարող ասել, թե նա ում նյութականին կվնասի, բայց թե բարոյական վնաս կունենադա անհերքելի է:

Չեմ հասկանում ասածդ:

Պետք է ասած, — շարունակեց Վեքիլյանը նույն եղանակով, — որ այդ տեսակ գործերում շատ անգամ մի երրորդ, չորրորդ, մի չեզոք համարված մարդ ավելի է պատժվում, — բարոյապես եմ ասում, — քան թե դատին անմիջապես խառը մարդիկ...

Այս անգամ ակնարկը կարոտ չէր բացատրության, սակայն Բարաթյանը դարձյալ փորձեց չգիտցող ձևացնել և ասաց.

Այո , քո ասածը ճիշտ է, այդ պատահում է, ուրեմն աշխատիր դատի առաջն առնելու

Ես կկամենայի, որ դու էլ մեզ օգնես այս գործում:

Ես ի՞նչ կարող եմ անել:

Պետք է փաստաբանին կաշառել:

Կաշառե՞լ :

Այո , դա միակ միջոցն է խայտառակ դատից ազատվելու համար:

էէ, շատ լավ, ինչո՞ չես կաշառում:

Երեկ գիշեր Ամբակում Աֆանասևիչը և ես վճռեցինք այս գործը քեզ հանձնել:

Ի՞նձ:

Այո՞

Ինչո՞ւ:

Որովհետև թե ինձ և թե նրա համար անհարմար է:

Բայց ես ինչո՞ւ պիտի խառնվեմ այդ գործին:

Այդ կարծեմ, քեզ ավելի հայտնի պետք է լինի, քան թե ինձ...

Բարաթյանը նայեց ընկերոջ երեսին և, աշխատելով անփույթ ժպտալ, արտասանեց.

Դու, երևի, ինձ հետ կատակ ես անում:

Երբե՛ ք:

Ուրեմն ավելի պարզ խոսիր:

Իրավաբանը մի առժամանակ լռեց, սեղմեց շրթունքները ատամներով և, վերջապես, ուղիղ նայելով Բարաթյանի երեսին, ասաց,

Լսի՛ր, դու միշտ եղել ես զգույշ, խոհեմ և խելոք: Հենց այդ հատկություններիդ համար ես քեզ միշտ հարգել և այժմ էլ հարգում եմ: Այս անգամ էլ եղիր զգույշ, խոհեմ և խելոք, մի ստիպիր ինձ ամեն բան բացատրել, հասկացիր, որ քո անունին վտանգ է սպառնում:

Բարաթյանը լռեց և ընկավ մտատանջության մեջ: Նա չէր կամենում իսկույն, առանց ընդդիմադրության, ենթարկվել յուր ընկերոջ կամքին:

Գիտե՞ս, — ասաց նա, — դու ինձ շատ վատ առաջարկություն ես անում, կաշառել և կաշառք վերցնելմիևնույն հանցանքն է:

Հանցա՞նք, — կրկնեց Վեքիլյանը, հեգնորեն ժպտալով, երանի քո և իմ հանցանքը միայն այդ լիներ.... համառություն մի անիր, դու ստիպված ես երկու չարիքից փոքրագույնը ընտրել:

Ինչո՞ւ եմ ստիպված, — գոչեց Բարաթյանը վերջապես, չկարողանալով զսպել յուր վրդովմունքը:

Ինչո՞ւ... Լա՛վ, քանի որ ուզում ես իմանալ, լսի՛ր, ուրեմն: Ստիպված ես դու, ինչպես և ես, որովհետև այրիի դատը կարող է մեր երկուսի անունին կպցնել մի կարճ ածականգող:

Վեքիլյան...

Իզուր ես վրդովվում: Այո , ես ու դու գող ենք: Զանազանությունը միայն այն է, որ ես հասարակ գող եմ, իսկ դու պատվի գող: Թողնում եմ քեզ դատելու, թե որն է այս երկուսից ավելի վատը: Բարաթյան, մենք միմյանց շատ լավ ենք ճանաչում, այնպես չէ՞, տեսնո՞ւմ ես, որ ես ճշմարտությունը քեզանից չեմ թաքցնում: Ուրեմն դու էլ ինձ հետ անկեղծ եղիր գոնե մի օր, մի ժամ: Ամբակում Աֆանասևիչը և ես օգտվել ենք հանգուցյալի հարստությունից, թե ինչո՞ւդա կպարզվի դատաստանում: Իսկ դու հափշտակել ես նրա պատիվը, թե ինչպե՞սդա էլ կպարզվի դատաստանում: Այո՛, ես համոզված եմ, որ ինչքան էլ դատը զգույշ տարվի, պետք է այս գաղտնիքները պարզվեն: Այրին խելոք կին չէ. նա չի մտածում յուր անվան մասին, կամ շատ կարելի է մտածում է, բայց չէ որ հուսահատված մարդը կորցնում է յուր առողջ դատողությունը: Իսկ դու խելոք ես, գոնե դու մտածիր քեզ համար...

Բարաթյանը չհակառակեց: Նա լուռ և հուզված լսում էր, միևնույն ժամանակ ատելությամբ նայելով իրավաբանի երեսին:

Վճռի՛ր և իսկույն հանձն առ, — շարունակեց Վեքիլյանը, — որովհետև անկարելի է գործը հետաձգել: Վաղը կամ մյուս օրը փաստաբանը կարող է դատաստանին խնդիր ներկայացնել: Այդ մարդուն կաշառելը դժվար բան չէ, բայց դա բավական չէ: Դրանով մենք կարող ենք միայն ստիպել նրան գործից հրաժարվել: Բայց ուրիշ փաստաբաններ շատ կան: Անհրաժեշտ է այրիին էլ կաշառել: վերջապես, ես ինքս այժմ տեսնում եմ, որ անգթություն է խեղճ կնոջը թողնել այժմյան դրության մեջ: Բայց այդ արդեն իմ և Ամբակում Աֆանասևիչի գործն է. մենք վճռել ենք նրան մի կերպ գոհացնել:

Երկար խորհրդակցելուց հետո, վճռեցին այսպես անել, Վեքիլյանը հենց այսօր ևեթ Բարաթյանին կլուբում հասարակ կերպով կծանոթացնի այրիի փաստաբանի հետ: Բարաթյանը խոսք բաց կանի ապագա դատի մասին, իհարկե, զգուշությամբ, որ փաստաբանին չխրտնեցնի: Իբրև հոգաբարձու նա իրավունք ունի պաշտպանել Ներսեսյան դպրոցի շահերը, որովհետև եթե կտակը քանդվի, դպրոցն էլ կզրկվի յուր մասից: Այսպիսով, նա փաստաբանին կներկայանա ինչպես մի հիմնարկության շահերի պաշտպան, և ինքնըստինքյան ոչ մի կասկած չի կարող տեղի ունենալ:

Այդ օրից սկսած Բարաթյանը հանգստություն չուներ: Նա մոռացավ ամեն ինչ և սկսեց հետամուտ լինել, որ մի կերպ խայտառակ դատի առաջն առնի: Չնայելով, որ արդեն լրացել էր յուր որոշած ժամանակամիջոցը, նա դեռ չէր մտածում երեխաներին բերել տալ Գայանեի մոտից: Այնինչ ամառվա շոգերը վրա էին հասել, հարկավոր էր երեխաներին ամառանոց ուղարկել:

Տիկին Սալամբեկյանը յուր սանիկներին արձակուրդ էր տվել: Մնում էին նրա մոտ միայն մի քանի գիշերօթիկներ, որոնց ծնողներն օտար քաղաքներումն էին: Նա խնդրում էր Գայանեին վերցնել արեխանարին և նրա հետ միասին տեղափոխվել մոտակա գյուղերից մեկը, ուր նա ամառանոց էր վարձել: Բայց Գայանեն դեռ չէր վստահանում այդ անելու: Օր-օրի վրա նա սպասում էր, թե ահա ներս կմտնի Բարաթյանի ծառան և կպահանջի երեխաներին: Սարսափով, այ՜ո , կատարյալ սարսափով նա երևակայում էր այն րոպեն, որբ նա ստիպված պետք է լիներ բաժանվել նրանցից: Մի ամսվա ընթացքում նա այնպտս ընտելացել էր յուր զավակների ներկայությանը, որ դժվարանում էր հավատալ, թե կարող է մի օր անգամ առանց նրանց ապրել:

Երկդիմի վիճակը օրեցօր ազդելով, դարձրել էր նրան նյարդային, անհամբեր, ամեն անգամ երբ նայում էր երեխաների անմեղ աչքերին, հիշում էր նրանց դրությունը, նրա սիրտն էր մորմոքվում: Պետք է վերջ տալ այդ վիճակին, դժվար է, անհնարին է երկար ապրել այդ անորոշության մեջ:

Եվ ոչ մեկը չէր կարողանում նրան մի որոշ ելք ցույց տալ: Տիկին Սալամբեկյանը ճգնում էր ամեն կերպ մխիթարել նրան: Աշխատում էր համոզել, թե չպիտի շատ փափկասիրա լինել, թե երեխաներն իրանց հարազատ հոր մոտ պետք է գնան և ոչ թե օտարի, թե Գայանան նրանց դարձյալ կտեսնի և այլն, և այլն

Երբեմն նա փորձում էր մինչև անգամ ամաչացնել Գայանեին, կպչելով նրա ինքնասիրությանը:

Չգիտեմ, ինչպե՞ս ես համարձակվում ուսումնարան բաց անել ուրիշների երեխաներին կրթելու, երբ քո սիրտը միայն քո զավակներին ես նվիրել: Ոչ, դու եսասեր ես, թույլ ես, դու չես կարող դաստիարակ լինել

Այս խոսքերը զուր չէին անցնում, ազդում էին Գայանեի վրա: Նա սկսեց մտածել, որ իրավ ինքը չափազանցության է հասցնում յուր մայրական սերը: Այո , պետք է վերջապես զսպի յուր զգացումները հենց նույնիսկ յուր զավակների ապագայի մասին պարզ մտքով խորհելու համար: Եվ ահա նա ինքն յուր մտքում աշխատում էր հաշտվել նույնիսկ ծայրահաղ թշվառության հետ: Նա երևակայում էր ամենամեծ դժբախտությունը, այն է, որ ինքն իբրև թե բնավ զրկված է երեխաներից: Ի՞նչ պետք է անել, չէ՞ որ կան մայրեր, որոնք թաղել են իրանց բոլոր զավակներին, հապա ինչպե՞ս են նրանք կրում իրանց վշտերը: Վերջապես, ինչո՞ւ հուսահատվել, խոմ այդ երախաները պետք է մեծանան, պետք է հասկանան իրանց դրությունը: Այն ժամանակ նրանք իրանց կամքով կգան իրանց մոր մոտ... Այո, պետք է ապրել նրանց մի օր բախտավոր տեսնելու համար

Այս խորհրդածությունները հետզհետե ամրացնում էին նրա հոգին: Նա վճռեց արիությամբ սպասել ամեն տեսակ հարվածների: Ահա ինչու երբ, վերջապաս, Բարաթյանը ծառային ուղարկեց երեխաների հետևից, նա շատ էլ չհուսահատվեց: Նա խնդրեց բժիշկ Սալամբեկյանին մի անգամ ևս միջամտել: Թող Բարաթյանը թույլ տա Թամարին հանձնել տիկին Սալամբեկյանի պարտեզը, իսկ Լևոնիկին պահել յուր մոտ մինչև, աշուն:

Բժիշկն անմիջապես գնաց Բարաթյանի մոտ: Հակառակ սպասածին, Բարաթյանը նրան այս անգամ ընդունեց սիրով: Նա հոգեկան լավ տրամադրության մեջ էր: Բանն այն էր, որ մի քանի օր առաջ հաջող կերպով գործն ավարտել էր այրի Բախտամյանի փաստաբանի հետ: Վերջապես, Վեքիլյանը և Ամբակում Աֆանասևիչն էլ գոհացրել էին այրիին, նշանակելով նրա համար առանձին թոշակ: Այսպիսով, դատի առաջն առնվել էր և թե Բարաթյանի, թե Վեքիլյանի ու Ամբակում Աֆանասևիչի անունները ազատվել էին սպառնացող վտանգից:

Այժմ Բարաթյանը զբաղված էր քանի մի մանր գործերով, որոնց վերջացնելուց հետո պետք է ուղևորվեր արտասահման: Նա սաստիկ ցանկանում էր ճանապարհորդել, «մի փոքրիկ ազատ օդ շնչել»: Նա ինքն ուրախ էր այժմ առանց երեխաների ապրել՝ բոլորովին համոզված, որ իրանց մոր մոտ նրանք ավելի լավ են խնամվում: Ծառային նրանց հետևից ուղարկվելը արտաքին պատճառ ուներ, նա ուզում էր ցույց տալ, որ յուր զավակներին չի մոռացել: Իսկ վճռել էր ստիպողական դիրք չընդունել, եթե Գայանեն մի փոքրիկ անգամ ընդդիմություն ցույց տա:

Յուր իսկական միտումները բժիշկ Սալամբեկյանից թաքցնելով, նա արտաքուստ դարձյալ համառվեց երեխաներին իրանց մոր մոտ թողնելու: Սակայն երբ բժիշկը սկսեց թախանձել, նա, իբր թե ակամա արտասանեց.

Թող քո ասածը լինի, ես խղճում եմ այդ կնոջը

Բժիշկը զգացված հայտնեց յուր շնորհակալիքը և շտապեց ուրախալի լուրը Գայանեին հադորդել:

Նրա դուրս գալուց հետո Բարաթյանի դեմքը սկսեց փայլել: Նա ինքն իրան ասաց.

«Այժմ դու կրկին անգամ ամուրի ես և ազատ... ապրի՜ր, ինչպես ուզում ես…»:

Նրա աչքերի մեջ ցոլաց անսովոր երիտասարդական զվարթություն, նա սկսեց ուրախ-ուրախ շվացնել...

Մի քանի օր անցած Գայանեն Սալամբեկյանների հետ ուղևորվեց ամառանոց: Այժմ նա այլևս չէր մտածում ապագայի մասին: Նա երջանիկ էր, որ երեխաներին անորոշ ժամանակով իրան էին հանձնել: Իսկ հետո հույս ուներ այլևս հավիտյան չբաժանվել նրանցից

XVIII

Ամառվա ճիշտ այն միջոցն էր, երբ յոթ տարի առաջ Դիմաքսյանը Թիֆլիսի փողոցներն ընկած յուր համար բնակարան էր փնտրում:

Քաղաքը կիսով չափ դատարկվել էր, բոլորը քիչ թե շատ միջոց ունեցող ընտանիքները հեռացել էին ամառանոցները: Կյանքը թմրել էր, փողոցներում շարժում չէր երևում: Օրը մինչև երեկո մարդիկ արևի տապից պատսպարվում էին իրանց տներում, խանութներում: Շրջակա լեռների ու դաշտերի խոտը չորացել էր, դեղնել ու կպել երկրին: Քուռ գետը փոքրացել էր, սեղմվել, մտել յուր նեղ շավիղի մեջ և ընթանում էր մռայլ ու դանդաղ: Տխուր ու ճնշող տպավորություն էր անում առհասարակ քաղաքն յուր տեսքով: Երեք կողմից շրջապատված մերկ բեռներով, կարծես, պարփակված լիներ մի եռանկյունի կաթսայի մեջ, ուր մարդիկ դատապարտված էին տապակվելու հեղձուցիչ մթնոլորտում:

Միայն երեկոյան մութը ընկնելիս օդը մի քիչ թեթևանում էր: Այդ ժամանակ բնակիչները տներից թափվում էին դուրս, քաղաքը փոքր-ինչ կենդանանում էր: Այգիները լցվում էին, փողոցներում սկսում էր շարժում, ձիաքարշի կառքերը անդադար անցնում էին այս ու այն կողմ ուղևորներով լի: Եվ այդ շարժումը տևում էր մինչև ուշ գիշեր, այնուհետև քաղաքը նորից նիրհում էր մինչև հետևյալ երեկո:

Մսերյանը ոչ մի տեղ չգնաց ամառելու: Նա անբաժան բնակվում էր յուր առաջվա բնակարանում: Օրերը նրա համար անցնում էին միատեսակ, ձանձրալի, տխուր: Ցերեկը երկու երեք ժամ լինում էր յուր պաշտոնատեղում, հետո գալիս էր տուն, ճաշում, քնում և շարունակ կարդում:

Երեկոները որոշյալ ժամին նա դուրս էր գալիս զբոսնելու: Երբեմն այցելում էր մի փոքրիկ պարտեզ, ուր հասարակ սեղանների շուրջը հոգնած, վաստակած և շոգից թուլացած մարդիկ նստած խոսակցում էին, մերթ ընդ մերթ գարեջրի դատարկ բաժակները սեղանին զարկելով, որ սպասավորը գա նորից լեցնելու:

Նա միշտ նստում էր առանձին սեղանի մոտ և մի շիշ գարեջուր առջևը դրած դիտում էր այցելուներին: Նա ուներ մի քանի ծանոթներ, որոնց միայն հեռվից բարևում էր: Նա դարձյալ խույս էր տալիս հասարակությունից, ուստի շատերը նրան համարում էին անմատչելի, գոռոզ, մինչև անգամ տարօրինակ, խենթ: Դիմաքսյանի բացակայությունը նրա տաղտկությունը ավելացնում էր: Վերջին նամակը ստանալուց անցել էր մի շաբաթ, և նա դեռ չէր գալիս: Ի՞նչն է, արդյոք, այդ մարդուն պահում հայրենի քաղաքում, քանի որ նա երբեք այդքան ժամանակ չի մնացել այնտեղ:

Իրիկնադեմ էր: Թեյ խմելուց հետո Մսերյանը նստած էր յուր սենյակի առջև գտնվող պատշգամբի վրա: Արևը նոր մայր էր մտել, օդի մեջ թողնելով ծանր տոթ: Փոքրիկ գավթում ոչ ոք չկար: Տանտիրուհու բադերը լողում էին մի մեծ քարյա ջրամանում, երբեմն դուրս գալով ցամաք և իրանց թևերը թափահարվելով:

Մսերյանը թղթատում էր մի նոր գիրք, որ այն օրն էր գնել: Երբեմն նայում էր գրքի էջերին, երբեմն դեպի երկինք: Այնտեղ, դիմացի հեռու լեռան հետևից բարձրանում էր սպիտակ ամպերի մի սար, որ հետզհետե ուռչում էր, լայնանում և զանազան ձևեր ընդունում: Արևի վերջին շողքերը արագարագ փոփոխում էին նրա գույնը, ներկելով մերթ մանիշակագույն, մերթ դեղին, մերթ կարմիր և այդ գույների խառնուրդից առաջացնում տասնյակ ֆանտաստիկական երանգներ:

Պատշգամբի մյուս ծայրին նստած էր տանտիրուհինմի պառավ վրացի կին յուր յոթ-ութ տարեկան թոռան հետ: Դա մի սևաչյա, գեղեցիկ, աշխույժ աղջիկ էր, որ շարունակ բարձր ձայնով ծիծաղում էր, խփելով յուր տատի ծնկներին, ուսերին, ձեռներին: ժամանակ առ ժամանակ Մսերյանը նայում էր այն կողմ և ժպտում: Դեռահաս աղջկա անզուսպ քրքիջները, որ բխում էին մանկական անհոգ սրտից, մի տեսակ մելամաղձոտ հաճույք էին պատճառում նրան: Մի րոպե ձեռը դնելով գրքի վրա, նա մտքով սլացավ դեպի յուր մանկությունը, այդ տասնյակ տարիների թանձրության հետևում կտրած, մոռացված հեռավոր անցյալը: Շատ քիչ բան էր հիշում այդ անցյալից կամ ոչինչ չէր հիշում: Թվում էր նրան, որ երբեք չի ունեցել ոչ միայն մանկություն, այլև պատանեկություն, այլև երիտասարդություն, որ միշտ եղել է այնպես, ինչպես կա այժմյուր ներկա մտքերով, հոգսերով և թախիծով:

Ահա լրացավ նրա քառասուն տարինչորս ամբողջ տասնյակներ: Միթե այդ չի՞ ծերությունը: Ի՞նչ է արել մինչև այժմ, ի՞նչ կյանք է ունեցել, ի՞նչ ուրախություն, ի՞նչ մխիթարություն: Մի՞թե ոչինչ և ոչինչ: Օրերը անցնում են իրանց սովորական ընթացքով, այսօրը նման երեկվան, վաղը այսօրվան և այսպես միշտ ու շարունակԿհասնի մի օր վերջին ժամը, և նա այլևս չկա աշխարհի երեսին բոլոր յուր գաղափարներով, բոլոր յուր իղձերով...

Իղձե՞ր: Արդյոք ունեցե՞լ է նա իղձ... Ինչո՞ւ չէ, ունեցել է և այժմ իսկ ունի... Նա շատ է վհատվել, բայց երբեք չի կորցրել յուր հույսը մարդկության լավագույն ապագայի մասին: Նա միշտ հավատացել է, այժմ էլ հավատում է, թե ամեն ինչ պետք է փոխվի, վերանորոգվի: Բայց այն ի՞նչ հավատ է եղել, որ չի ստիպել նրան գործելու յուր գաղափարների համար:

Այո՜, ժամանակ է, որ նա ինքն իրան հաշիվ տա, ժամանակ է, որ ինքն իրան հարցնիի՞նչ նպատակի է ծառայում յուր կյանքը: Մի՞թե ապրում է նրա համար, որ գիշեր-ցերեկ կարդա և կարդում է նրա համար, որ օրեցօր ավելի ու ավելի ծուլանա...

Ոչ, ոչ, այդ անկարելի է, պետք է մի կերպ վերջ տալ այս վհատեցնող, մեռցնող միատեսակությանը: Աններելի է, այո՜, մինչև անգամ կատարյալ բարոյական հանցանք է այս տեսակ բուսական կյանք վարելը...

«Կյանք, որից ոչ ոք ոչինչ օգուտ և ոչինչ վնաս չունի...»:

Նա գիրքը արհամարհանքով ձգեց մի կտղմ, արմունկները հենեց պատշգամբի վանդակապատին և յուր մտախոհ հայացքը հառեց անորոշ տարածության մեջ: Նրա խաղաղ հոգու մեջ բարձրացել էր անսովոր մրրիկ: Նրա անդորր թախիծը տեղի էր տվել այն ծանր ինքնադժգոհությանը, որ չափահաս տղամարդի մեջ առաջացնում է դառն տանջանք:

եվ մինչ նա յուր մտքերի մեջ խորասուզված էր, հանկարծ նրա ականջին հասավ մի ձայն: Նա լսեց յուր անունը, նայեց աջ ու ձախոչ ոք չկար, նայեց դեպի գավիթ և բացականչեց.

Արսե՛ն...

Մսերյանը անսովոր աշխույժով ոտքի թռավ, վազեց առաշ: Երկու ընկեր գրկեցին միմյանց: Երբեք իղեալիստը այնքան չէր ուրախացել յուր ընկերոջը տեսնելով, որքան այժմ, ընդամենն երկու ու կես ամիս նրան չտեսնելուց հետո:

Ո՞ւր էիր, ինչո՞ւ ուշացար, առո՞ղջ ես, ուա՞խ ես, — հարցնում էր նա շտապով:

Դիմաքսյանը և՜ առողջ էր, և՜ զվարթ, գոնե այսպես երևաց ոչ միայն նրա խոսքերից, այլև ձայնից, դեմքից և բոլոր շարժումներից:

Երդվում եմ, — գոչեց նա, պատշգամբի վրայից վերցնելով գիրքը և վանդակապատի վրա դնելով, — որ քեզ ճիշտ այն դրության մեջ եմ գտնում, ինչպես ճանապարհին երևակայում էի:

Ինչպե՞ս...

Նստած պատշգամբի վրա, գիրքն առջևդ դրած, միայն թեյն է պակասում... Բայց սպասիր, այդ արդեն չէի երևակայում, հեր օրհնած, մի՞թե կարգելի է այդպես նիհարել...

Մսերյանը հառաչելով ժպտաց և ոչինչ չասաց: Հրավիրեց ընկերոջը ներս: Օրն արդեն մթնում էր: Սենյակի լուսամուտները բաց էին, օղը բավական զովացել էր: Մսերյանը յուր ձեռքով վառեց կանթեղը, հարցրեց Դիմաքսյանին, արդյոք թեյ կկամենա՞ խմել:

Ես արդեն խմել եմ հյուրանոցում:

Հյուրանոցո՞ւմ, միթե դու այնտե՞ղ ես իջևանել:

Այո՜:

Ինչո՞ւ ոչ քո բնակարանը:

Որովհետև շատ կարճ ժամանակով եմ եկել:

Այն ժամանակ ինձ մոտ կիջևանեիր:

Դու էլ չպիտի մնաս այստեղ: Բայց այդ դեռ թողնենք: Պատմի՜ր ինձ, ի՞նչ կա այստեղ, ի՞նչ են անում մարդիկ, ի՞նչ գործի են:

Մսերյանը համառոտ պատասխանեց, թե նրա գնալուց հետո ոչինչ փոփոխություն չի եղել, մարդիկ նույնն են, ինչ որ առաջ, հասարակական կյանքը դարձյալ թմրել է, մտքերի կռիվ չկա, վերջապես ամենքը ցրվել են ամառանոցները:

Մինչև անգամ բժիշկ Սալամբեկյանն էլ, — ավարտեց նա յուր խոսքը մի անսովոր եղանակով, որի մեջ զգացվում էր մի տեսակ դառն հեգնություն:

Բժի՞շկը, — կրկնեց Դիմաքսյանը և մի փոքր լռեց, ապա ավելացրեց, — երևի նա այժմ բախտավոր է...

Պետք է կարծել...

Նրանք լռեցին: Մսերյանը դարձյալ հառաչելով երեսը մի կողմ դարձրեց: Նույն վայրկյանին նա ձեռով մի շարժում գործեց, կարծես, մի միտք իրանից հեռացնելու համար:

Աա՜, մոռացա ասեիգոչեց նա նորից զվարթանալով, — ես մի ուրախալի նորություն եմ իմացել:

Այն է՞:

Որ գավառներում մեծ հարգանք ես վայելում:

Ինչպե՞ս, միթե դու գնացել էիր գավառները:

Ոչ, ես այստեղ իմացա: Կա այստեղ մի փոքրիկ պարտեզ, ուր մի գերմանացի գարեջուր է ծախում: Երբեմն ես երեկոները գնում եմ այնտեղ կես ժամ, մի ժամ նստելու: Դա մի տեսակ ամառային կլուբ է, ուր մեծ մասամբ հավաքվում են գավառներից եկած վարժապետները: Ի՞նչ խեղճ կերպարանք ունեն այդ մարդիկ և ինչպես շատախոս են: Շատ անգամ հեռվից լսում եմ նրանց խոսակցությունը, չկարծես հետաքրքրությունից դրդված, այլ որովհետև այդ մարդիկ միշտ բարձր ձայնով են խոսում: Երևակայիր, հազիվ է պատահում, որ նրանք քո անունը չհիշեն, քո գրածների մասին չվիճեն: Ես միշտ նկատել եմ, որ նրանք քո մասին խոսում են հարգանքով և սիրով: Ամենքի վրա երևում է քո մեծ ազդեցությունը:

Դիմաքսյանը ընդհատեց նրա խոսքը, կամենալով, որ իդեալիստը պատմի յուր մասին: Նրա համար սաստիկ հետաքրքրական էր իմանալ, ինչպես է յուր ընկերը վերջին ժամանակ յուր օրերը անցկացրել: Մսարյանն երրորդ անգամ հաոաչեց և մի տեսակ վհատված ձայնով պատասխանեց .

Միթե քեզ հայտնի՞ չէ, թե ինչ եմ անում:

Երկու ընկեր նայեցին միմյանց երեսին: Դիմաքսյանը Մսերյանի աչքերի մեջ կարդաց նրա հոգեկան խորին դժգուհությունը յուր այժմյան վիճակից: Նա թախանձեց նրան պարզ խոստովանվել, արդյոք զգո՞ւմ է յուր կյանքի մեջ մի փոփոխություն մտցնելու կարիք, արդյոք կկամենար վերջ տալ հարատև և ձանձրալի միատեսակությանը: Մսերյանը զարմացած նայեց նրա երեսին: Կարծես, Դիմաքսյանը մարգարեաբար գուշակել էր այն բոլորը, ինչ որ մի ժամ առաջ անցնում էր յուր ընկերոջ մտքով: Այս հանգամանքը մի փոքր շփոթեցրեց Մսերյանին: Կարծես, նա ամաչում էր յուր հոդգեկան դժգոհությոմնից, համարելով այդ մի տեսակ բարոյական տկարություն :

Հասկանում եմ քո միտքը, — գոչեց նա վրդովվելով, — դու ուզում ես ասել, թե ես անօգուտ մարդ եմ: Այդ ճիշտ է և, եթե կամենում ես իմանալ, ոչ ոք այնքան զզված չէ ինձանից, որքան ես: Եվ հենց քո գալուցդ մի փոքր առաջ ես մտքումս վճռեցի որևէ փաիոխոլթյուն մտցնել իմ կյանքի մեջ: Կհաջողի թե չէչգիտեմ, բայց իմ վճիռը հաստատ է, ես պետք է դադարեմ անօգուտ մարդ լինելուց:

Մի պարզ, մաքուր եղբայրասիրական ժպիտ սահեց Դիմաքսյանի խելացի, արտահայտիչ դեմքով և նրա թափանցող, խաշար աչքերի մեջ փայլեց ուրախություն:

Լսի՜ր, — ասաց նա հանդարտ ձայնով, — ես քեզ հետ կամենում եմ մի բանի մասին լրջորեն խոսել և շատ ուրախ եմ, որ դու այդ վճիռը կայացրել ես քո մասին: Նստիր և լսիր:

Մսերյանը, որ քայլում էր սենյակի մի ծայրից դեպի մյուս ծայրը, նստեց նրա դեմ և, ձեռները հենելով ծնկներին, պատրաստվեց ականջ դնելու նրան: Դիմաքսյանը մի ծխախոտ վառելով, սկսեց մանրամասն պատմել այն բոլորը, ինչ որ տեսել էր, ուսումնասիրել և զգացել յուր հայրենիքում վերջին երկու ու կես ամսվա ընթացքում: Նա տխուր գույներով նկարագրեց գյուղական ամբոխի տնտեսական և բարոյական վիճակը, նա առանձին եռանդով շեշտեց ուսումնարանների բացակայության և նրանց անհրաժեշտ կարևորության փաստը: Նա խոսեց Հաբիգյանի մասին: Մսերյանը ճանաչում էր նրան Մոսկվայից, բայց լավ չէր հիշում: Ղիմաքսյանը գովեց նրան, ինչպես եռանդուն, խելացի երիտասարդի, որի գործնական հայացքները չեն խանգարում նրան լինել վերին աստիճանի օգտավետ անգամ յուր հասարակության: Նա ասաց, թե Մսերյանր, եթե լավ ճանաչի այդ մարդուն, անշուշտ պետք է սիրի, հարգի և մինչև անգամ մտերմանա նրա հետ:

Ես այս բոլորը ասում եմ քեզ նրա համար, որովհետև ես ունեմ մի ծրագիր, որ դուք երկուսդ միասին պիտի իրագործեք: Այո՜, թող քեզ չզարմացնեն իմ խոսքերը: Լսի՜ր: Բոլոր իմ աչքով տեսածները ինձ համոզեցին, որ մեզ համար հանցանք է մեր կարողության չափ չօգնել գյուղական ժողովրդին: Եվ ահա երկար ժամանակ Հաբիգյանի հետ խորհրդակցելով, եկա այն եզրակացության, որ իմ կողմից միակ օգնությունը կարող է լինել այն, որ ես իմ հաշվով մի ուսումնարան բաց անեմ: Հաբիգյանը ցույց տվեց ինձ մի ամենահարմար կենտրոնական գյուղ: Այստեղ կարող են հավաքվել մի քանի շրջակա գյուղերի երեխաները: Այս մասին ես հարկավոր կարգադրություններն արել եմ, ուսումնարան բանալու բոլոր արգելքները հեռացված են: Բանը այժմ կախված է քեզանից:

Ինձանի՞ց:

Այ՛ո : Ես հատկապես եկա այստեղ քեզ առաջարկելու, որ հանձն առնես ուսումնարանը կառավարել: Բոլոր տնտեսական գործերը կկատարի Հաբիգյանը, ես միայն ուզում եմ, որ դու լինես ուսումնական մասի կառավարիչը, լինես գործի գլուխ, տեսուչ... Ասա՜, համակրո՞ւմ ես իմ վճռին:

Следующая страница