Շիրվանզադե Ալեքսանդր՝   Արսեն Դիմաքյան

Տիկին Բախտամյանին շատ լավ հայտնի էր, թե ում և ինչու համար է Գայանեն ամեն երեկո դուրս գալիս: Նա չէր խանգարում օրիորդին, որովհետև կամա-ակամա ստիպված է ազատամիտ մոր դեր կատարել: Նա գիտեր, որ բախտը հազիվ Գայանեին հաջողի ավելի լավ ամուսնացու գտնել: Սակայն երբեմն վրդովվում էր հոգու խորքում: Նա, այդ երիտասարդ, գեղեցիկ կինը, որ համոզված էր, թե ընդունակ է մի քանի Գայանեներ նսեմացնել, հանկարծ խնամող մոր պաշտոն է կատարում, իրանից միայն հինգ տարի երիտասարդ օրիորդի համար:

Երբ այդ մասին մտածում էր, երբ նայում էր յուր ամուսնու խորշոմած երեսին, սպիտակ մազերին, երբ համեմատում էր նրան այն առույգ, ծիծաղկոտ, ուրախ երիտասարդի հետ, այն ժամանակ տիկնոջ սիրտը լցվում էր դառնությամբ: Նա նախանձում էր Գայանեին: Նա յուր սրտում զգում էր մինչև անգամ ատելություն դեպի օրիորդը: Եվ օրեցօր նա Գայանեի վերաբերմամբ դառնում էր անհամբեր, դյուրագրգիռ: Միևնույն ժամանակ, մի ծանր միտք, կարծես, հալածում էր նրան:

Մի առավոտ տիկինը մտավ Գայանեի սենյակը: Օրիորդը լուսամուտի առաջ նստած թղթատում էր մի նոր գիրք, որ Բարաթյանն էր խորհուրդ տվել նրան կարդալու:

Գայանե :

Նա գլուխը բարձրացրեց:

Տիկինը սովորականից ավելի էր հուզված:

Ես ուզում եմ այսօր հինգ ժամին քեզ հետ գնալ տիկին Միրզախանյանի մոտ:

Ինչո՞ւ համար:

Ընկերության գործերի մասին խոսելու:

Կանոնադրությունը ստացվե՞լ է:

Ոչ, դեռ չէ ստացվել, բայց հաստատվել է:

Այդ ես գիտեմ: Բայց քանի որ չէ ստացվել, ի՞նչ խոսելու բան ունենք:

Ուրեմն չե՞ս ուզում ինձ հետ երեկոյան հինգ ժամին գնալ Միրզախանյանի մոտ:

Եթե անպատճառ ցանկանում ես, գնանք, — պատասխանեց Գայանեն նշմարելի դժկամակությունով:

Ինչպես տեսնում եմ, չես ուզում գնալ, լավ, ես չեմ ստիպում: Ես առանց քեզ էլ կարող եմ գնալ:

Նա մի սուր հայացք ձգեց օրիորդի աչքերի մեջ: Գայանեն գլուխը խոնարհեցրեց:

Գայանե :

Օրիորդը դարձյալ գլուխը բարձրացրեց:

Երեկոյան տա՞նն ես ուզում մնալ:

Օրիորդը մի քիչ տատանվեց, ապա համարձակ պատասխանեց.

Ոչ, դուրս կգամ մի քիչ զբոսնելու: Տիկինը ժպտաց:

Դուրս կգաս մի քիչ զբոսնելու, այսինքն երկու, երեք, չորս ժամ:

Եվ նա ավելի սուր նայեց օրիորդի կապույտ աչքերին: Մի քանի վայրկյան նրանք լուռ էին: Օրիորդը երեսը դարձրեց դեպի լ»ուսամուտր, որտեղից երևում էին փոքրիկ պարտեզի տերևաթափ ծառերը: Իսկ տիկինը աչքերը սևեռել էր նրա կիսադեմքին:

Դու ինձանից իզուր ես թաքցնում, ես ամեն բան գիտեմ:

Տիկինը աշխատվում էր խոսել մեղմ, բարեկամական եղանակով: Բայց ձայնը մատնում էր նրան, նա հուզված էր:

Դու լռո՞ւմ ես, ուրեմն ես չեմ սխալվում: էհ, ինչ կա, նա լավ տղա է, դու գիտես, որ ես էլ շատ եմ հավանում նրան:

Մինչև այդ վայրկյանը Գայանեն չէր նայում նրա կողմը: Ամոթից ու կասկածից ցնցողաբար գողացող մատներով նա անընդհատ փաթաթում էր և բաց անում յուր կրծքի ժապավենը: Կամացուկ գլուխը ծռեց և նայեց տիկնոջ երեսին, ինչպես մի մեղանչած երեխա, որ ամաչում էր յուր արարքից:

Դու կարծում ես կհակառակե՞մ, ոչ, Գայանե, մի վախենալ: Ապա մեկ էլ մտիկ արա աչքերիս և ուղիղն ասա:

Փարատվեց օրիորդի սրտում ծանրացած կասկածը: Ոչ, անկարելի է, որ ուրիշ բան լինի: Տիկինը ազնիվ է, տիկինը սիրում է նրան անկեղծ սրտով և երբեք, երբեք խոչընդոտ չի լինիլ նրա երջանկությանը: Չքացավ անվստահությունը, մի ինչ-որ ներքին ուժ մղեց նրան դեպի տիկնոջ գիրկը, և գլուխը հանդարտ թեքվեց նրա ուսի վրա:

Շատ ուրախ եմ, շատ ուրախ եմ: Ես գիտեի, որ այդպես պետք է լինի:

Տիկինը յուր գլուխը բարձր պահած, փափուկ սրածայր մատներով շոյում էր օրիորդի մազերը: Նկատելի էր նրա դեմքի վրա մի թեթև գունատություն, նկատելի էին նույնպես ցնցումներ նրա շրթունքների վրա, որ այնպես անխնա կրծոտում էր նա ատամներով:

Ուրեմն սրտներդ բաց եք արել միմյանց, ասա, բոլորը ասա, ոչ մի բան մի թաքցնիլ: Դու լա՞ց ես լինում, ինչո՞ւ, միթե քեզ նման, հա՛ հա՛ հա՛, բախտավորը լաց կլինի... Մի՞թե ճշմարիտ է, որ մարդիկ երջանկությունից արտասվում են, ես այդ բանին չեմ հավատում: Ասա, դու նրան սիրո՞ւմ ես:

Այո՜...

Նա էլ քե՞զ է սիրում:

Այո , կարծեմ, չգիտեմ:

Այո , կարծեմ, չգիտեմ: Չեմ հասկանում ասածդ: Ուրեմն բացատրություն չէ եղել:

Դեռ ոչ:

Տիկինը բաց թողեց օրիորդի գլուխը: Նրա շրթունքները դադարեցին ցնցվելուց: Նա հազիվ զսպեց հառաչանքը:

Դեռ ո՜չ, ինչո՞ւ:

Չգիտեմ:

Օրիորդը աչքերը սրբում էր թաշկինակով:

Բայց ինչի՞ց ես իմանում, որ նա քեզ սիրում է: Գոնե մի խոսք ասե՞լ է այդ մասին, մի նշանով ցո՞ւյց է տվել յուր սերը:

Սիրտս է վկայում, որ նա ինձ սիրում է:

Այդ շատ քիչ է սիրելիս, սրտի վկայությունը մի մեծ բան չէ. իմ սիրտս էլ ուրիշ բան է վկայում, բայց ես իրավունք չունեմ...

Ի՞նչ ասացի՜ր:

Ոչինչ, Գայանե, ոչինչ: Ինչո՞ւ այդպես հանկարծ վախեցար, ես մի բան չասացի:

Օրիորդը կարմրեց: Բայց նույն վայրկյանին նայեց տիկնոջ աչքերին և այնտեղ նկատեց այն, ինչի մասին վաղուց կասկածում էրնախանձ: Դարձյալ չար, անտանելի, քստմնելի միտքը պղտորեց քանի մի րոպե դուրեկան կերպով բորբոքված սիրտը: Այլևս նա չկարողացավ և չէր կամենում շարունակել այդ երկդիմի, նուրբ և կասկածոտ խոսակցությունը: Նա վեր թռավ տեղից: Տիկինը անշարժ նստած էր և, արմունկը լոլսամուտի հատակին հենած, նայում էր դեպի դուրս: Երկուսն էլ միմյանց դեմ մի վատ զգացում ունեին իրանց սրտի խորքում, այնտեղ, այն անմատչելի անկյունում: Երկուսի համար էլ ծանր էր, անախորժ, ամոթալի այգ զգացումը: Տիկինը ավելի ամաչում էր, օրիորդը, ավելի վրդովված էր: Անկարելի էր ավելի հեռու գնալ, հակառակ դեպքում կամ պետք է շարունակ կեղծեին, կամ, վերջապես, միմյանց հաղորդեին այն, ինչ որ նրանց գաղտնիքն էր, խորհրդավոր, երկյուղալի գաղտնիք, որ պետք է երկու կանանց մեջ բաց աներ մի մեծ վիհ: Իսկ լռությունը ավելի անտանելի էր:

Տիկինը կամացուկ վեր կացավ տեղից, ծանր քայլերով, գլուխը կրծքին խոնարհեցրած, դուրս գնաց սենյակից: Օրիորդը երեսը թաղեց բարձի մեջ և սկսեց հեկեկալ: Իսկ երբ Օվսաննան ներս մտավ և նրան ճաշի հրավիրեց, նա մերժեց:

Նույն օրը երեկոյան նա սովորականից վաղ դուրս եկավ տնից և սովորականից շատ ուշ վերադարձավ, այն էլ ոչ Օվսաննայի հետ: Նա մի արտասովոր տենդային դրության մեջ էր: Հարկավ, այդ բանը տիկնոջ աչքից չէր կարող խույս տալ: Բայց տիկինը ոչինչ չէր խոսում: Նա առհասարակ լուռ էր, տրտում և բարկացած: Նա դիտում էր օրիորդին գաղտուկ, իսկ նրա հայացքից խույս էր տալիս: Նրանք միմյանցից վախենում էին:

Հետևյալ օրը տիկինը չկարողացավ իրան զսպել: Արդեն օրիորդի անսահման ուրախ տրամադրությունը նրան բավական տանջանք էր պատճառել: Նա փորձեց Գայանեին խոստովանության կանչել, և հանդիպեց անհաջողության: Օրիորդը բարձրաձայն ծիծաղեց և ասաց, թե հետո կպատմի: Այդ ծիծաղը սուր ասեղի պես ցցվեց տիկնոջ սրտին: Նա թշնամաբար նայեց օրիորդին, ատամները կրճտեց և դուրս գնաց սենյակից, դռները ուժգին զարկելով:

Այնինչ՝ մոտենում էր Բարաթյանի կազմած թատրոնական ներկայացման օրը: Պետք է խաղացվեր մի նոր պիես, որ ի պատիվ կանանց ընկերության հատկապես ֆրանսերենից թարգմանել էր Բարաթյանը: Բոլոր մասնակցողները հայտնի ընտանիքներից էին: Տիկին Բախտամյանը զբաղված էր տոմսակների հաշվով, իսկ Գայանեն հանձն էր առել նրա օգնականը լինել: Բարաթյանի խորհրդով նա հրաժարվել էր բեմ դուրս գալուց: Ամբողջ օրը տիկինը և օրիորդը զբաղված էին, շտապում էին այս ու այն կողմ, մի ամենաչնչին մոռացված բան նրանց վրդովեցնում էր: Բայց միմյանց հետ շատ քիչ էին խոսում, այն էլ այնքան զգույշ, որ, կարծվես, վախենում էին մի ավելորդ խոսք թռցնել իրանց բերանից:

Իսկ թե ինչ իրարանցման մեջ էին նրանք, որ պետք է բեմ դուրս գային, այդ արդեն աննկարագրելի է: Ամեն մեկը նոր հագուստներ էր պատրաստել տալիս, օրը մինչև երեկո փորձում էր պես-պես գլխարկներ, ձեռնոցներ, կոշիկներ: Կառքերը սլանում էին աջ ու ձախ: Փողոցներում միմյանց հանդիպելիս «գործիչ» տիկինները զբաղված դեմքով զանազան փոխադարձ նշաններ էին անում: Տիկին Միրզախանյանը ասում էր, թե յուր կյանքում երբեք այնքան «չէ զգացել», որքան այժմ: Մի խոսքով շփոթությունը անասելի էր: Էկոնոմիստ-ֆինանսիստ Բարաթյանը հաշվում էր և տեսնում, որ «գործիչ» տիկինները և օրիորդները իրանց գրպանից ավելի մեծ գումար են ծախսում կառքերի, հագուստների և կոշիկների վրա, քան թե կարող է լինել նույնիսկ ամենահաջող ներկայացման արդյունքը:

X

Երեկո էր: Տիկին Բախտամյանը առանձնացած յուր սենյակում, զուգվում էր: Նա չարացած էր օրիորդ Գայանեն, առանց նրան սպասելու, արդեն գնացել էր յուր մի ընկերուհու մոտ: Այդտեղից նա Բարաթյանի հետ պետք է ուղևորվեր թատրոն:

Դա մի թեթև պատճառ էր տիկնոջ համար, իսկ բուն շարժառիթը ուրիշ էր: Դառնությամբ և սրտի կսկիծով նա խորհում էր առհասարակ յուր վիճակի մասին: Մի վիճակ, որ ստիպում էր այնքան թարմ, այնքան գեղեցիկ կնոջր թև թևի տված թատրոն մտնել մի հնամաշ, ուժաթափ, մի ալեզարդ մարդու հետ: Որքան, երևի, ծիծաղում են նրա վրա բախտավոր ընկերուհիները: Եվ իրավունք ունեն, միթե ինքը, տիկինը չէր ծիծաղիլ մի ուրիշի վրա:

Նա կանգնած էր բարձր հայելու առչև թեթև հագուստով, կիսաբաց կրծքով և հոլանի թևերով: Նա հիանում էր ինքն իրանով: Գանգուր և թանձր մազերը, ինչպես մայիսյան դալար խոտ, փռվել էին նրա գիրուկ, սպիտակ և կիսամերկ թիկունքի և ուսերի վրա: Ներքին հուզմունքից նրա կուրծքը ուժգին երերվում էր և կոկորդի բարակ կապտագույն երակները փքվում: Նրա կամարաձև, պարսկական ճաշակով գծավորված, սև հոնքերի տակ տեղավորված թուխ աչքերը պսպղում էին կրքոտ կատվի աչքերի պես: Նրա լիք-լիք կիսաբաց շրթունքները կապտել էին և թեթևակի դողում էին:

Երբեմն նա գեղեցիկ արծաթյա սանրը ազատում էր հարուստ մազերի ալիքների միջից և ավելի ուշադիր դիտում իրան՝ սկսած տափակ, նեղ և սպիտակ ճակատից մինչև ոտների ծայրերը: Նա անիծում էր յուր անսիրտ ծնողներին: Ւնչո՞ւ հարստությամբ հրապուրվելով իրանց տասնութ տարեկան աղջկան տվեցին քառասուն ու ինը տարեկան թառամածին: Անգո՜ւթ հայր, դու ծախեցիր քո աղջկան, դու քո պարտատերերից ազատվելու համար հարուստ փեսա գտար, որ նա յուր փողով քեզ օգնի: Դու հասար քո նպատակին քո աղջկա բախտի գնով: Օօ, եթե նա այն ժամանակ ունենար այժմյան խելքը, համարձակությունը և կամքի կորովությունը, երբեք, երբե ք չէր մտնիլ այդ դժոխքը:

«Գոնե մեռներ, այրի դառնայի», — կրկնում էր նա մտքում:

Բայց Պյոտր Սոլոմոնիչը չէր էլ մտածում մեռնելու մասին, այնքան նա առողջ էր, ամրակազմ և այնքան նա խնամում էր յուր առողջությունը:

Առաջին ծանոթը, որին տիկինը պատահեց թատրոնում, Դիմաքսյանն էր: Հակառակ սովորականին՝ նա սիրալիր կերպով բարևեց երիտասարդին, որպեսզի կամացուկ յուր թևը ազատե ամուսնու թևի տակից, որ էնպես ամուր սեղմել էր նրան:

Պյոտր Սոլոմոնիչը գովեց Դիմաքսյանի դասախոսությունը, հայրաբար ձեռը խփեց նրա ուսին և բարեկամաբար հանդիմանեց, որ ուշ-ուշ է այցելում իրան: Արդարև, այն օրից, երբ նա զգաց, որ անտարբեր չէ դեպի օրիորդ Գայանեն, այն օրից նա ամաչում էր Բախտամյանների տուն գնալ, թեև կցանկանար ամեն օր այնտեղ լինել: Միայն ամեն առիթից օգտվում էր գոնե դրսում տեսնելու օրիորդին և հետը խոսելու: Երկու շաբաթ էր նա տենդային հուզմունքի մեջ էր: Պաշտոնակիցները նրա հետ իրանց կռիվը նորոգել էին: Այժմ նրան հալածում էին ամենքը: Նույնիսկ կողմնակիցները շատ թույլ պաշտպանություն էին ցույց տալիս: Ամբողջ հոգով նա բողոք էր բարձրացրել դպրոցի հակաառողջապահական պայմաններիսենյակների փոքրության և մթության, օդի սակավության դեմ: Նա պահանջում էր արմատական վերանորոգություն: . Այս պատճառով հոգաբարձուների մեծ մասն էլ վրդովվել էր նրա դեմ, որ անընդհատ դատապարտում էր նրանց թուլությունը և անուշադիր լինելը դեպի աշակերտների վիճակը:

Մյուս կողմից, մի հայ լրագրում ծաղրի էին ենթարկել նրա դասախոսությունը: Եվ նա յուր սրտի թույնը այժմ ուղղել էր դեպի լրագրական թշնամիները: Բայց ավելի նա վշտացած էր մի ռուս թերթում տպված հոդվածից: Այստեղ անհայտ հեղինակը բավական չէր որ պարսավել էր նրա դասախոսությունը, այլև զրպարտել էր նրան, առանց փաստերի, ասելով, թե նա յուր բոլոր մտքերը քաղել է օտար գրքերից: Այդ էլ բավական չէր, հոդվածագիրը կծու ծաղրով ավելացրել էր.

«Պարոն դասախոսի չարությունըր հայ ինտելիգենցիայի դեմ կարելի է բացատրել հոգեբանորեն: Բայց ի՞նչ մեղավոր են հայերը, որ անգութ բնությունը երբեմն մարդկանց փոքրիկ մարմնի մեջ նրանց ուժից ավելի չար նախանձ է դնում»:

Նա մենակ նստած էր բուֆետի կիսախավար սենյակում և յուր սրտի վիշտր ճգնում էր խեղդել ծխախոտի թանձր ծխով: Նրան մոտեցավ բժիշկ Սալամբեկյանը սովորական դժգոհ և մաղձոտ ժպիտը երեսին:

Դատարկ բան է, — եղավ բժշկի առաջին խոսքը:

Ի՞նչը:

Աշխարհը: Ինչո՞ւ համար են այդ կոմեդիաները, այդ ծիծաղելի իրարանցումը, մեր ազգից ոչինչ չի դուրս գալ, ոչինչ, ուր մնաց կանանց գործունեությունից:

Դու էլ օրեցօր պեսիմիստ ես դառնում, չգիտեմ քե՞զ ինչ է պատահել:

Բժշկական օրենքով խրոնիկական կատառ ունեցողները պեսիմիստ են լինում, երևի իմն էլ դրանից է: Քո ստամոքսը առողջ է, կարող ես օպտիմիստ լինել, ինձ ինչ: Միայն այս կասեմ, որ ես մարդկանց չեմ հավատում, մանավանդ այդ սյուրտուկ հագած նապաստակին:

Նա գլխով ցույց տվեց իրավաբան Վեքիլյանին, որ կանգնած էր մի խումբ մարդկանց մեջ:

Ո՜ւհ, անա՜րգ, անամո՜թ:

Դիմաքսյանը ապշած նայեց բժշկի երեսին. առաջին անգամն էր նրանից լսում այդպիսի կոպիտ ածականներ յուր ընկերոջ մասին:

Ինչո՞ւ, ի՞նչ է պատահել, — հարցրեց նա:

Այն է պատահել, որ այն գարշելի հոդվածի հեղինակը դա է, այդ մեր խոհեմ և զգույշ ընկերը:

Վեքիլյա՞նը:

Նա ինքը:

Դիմաքսյանը ոտքի կանգնեց այնքան արագ, այնպես հանկարծակի, որ, կարծես, մեկը նրա մարմնին էլեկտրական թելի ծայր կպցրեց: Նրա գույնը թռավ, շրթունքները կապտեցին, նոսր մորուքի յուրաքանչյուր մազն էլեկտրական մի թել դարձավ, ցնցելով երեսի բոլոր մկանունքները:

Այդ անկարելի է, անհավատալի է, — գոչեց նա շնչասպառ:

Գիտես, որ առանց հիմնավոր փաստի ես ոչ ոքի չեմ մեղադրում:

Ո՞վ ասաց քեզ:

Լրագրի աշխատակիցներից մեկը, մի բարեկամ մարդ, որ ինքն էլ վրդովված է այդ պասկվիլի դեմ: Բայց մի թե Վեքիլյանին դու նոր ես ճանաչում:

Ես նրան մի ազնիվ մարդ եմ համարել:

Պետք է ասած, որ դու էշ Մսերյանից պակաս հափշտակվողը չես:

Մի ծանր և դառն հոգոց դուրս թռավ Դիմաքսյանի ալեկոծվող կրծքից: Այո, բժիշկը չի սխալվում, հոդվածի ոճը, հեգնելու ձևը միայն Վեքիլյանին է հատուկ:

Բայց դու շատ վրդովվեցիր, Արսեն, եթե իմանայի, չէի ասիլ, միթե արժե՞...

Չարժե՞, երբ տեսնում ես, մարդիկ խախտում են հավատդ դեպի ընկերական զգացումները, չարժե՞, երբ երեսիդ մեկ են ասում, հետևիցդուրիշ: Չարժե՞ վրդովվել այդ ստոր, խարդախ երևույթի դեմ: Չգիտեմ ինչպեվ քեզ, ուրիշներին, բայց ինձ ամեն բանից ավելի մարդկանց կեղծությունը և երկդիմի վարմունքն է կատաղեցնում:

Նա սկսեց ուժգնաբար ներշնչել ծխախոտի ծուխը, կարծես, կամենալով հետ մղել յուր սրտի մեջ բռնկված կսկիծը:

Զանգակը հնչեց, և նա անգիտակցաբար, հուզված, դեղնած դիմեց բժշկի հետ դեպի դահլիճ:

Թատրոնը բոլորովին լիքն էր: Նա նայեց վայր և վեր, նայեց շուրջը և դժվարությամբ անցնելով բազմած հանդիսականների միջով, գնաց նստեց յուր տեղը: Նա չէր նկատում, որ ներկայացումն արդեն սկսվել է և բեմի վրա մի ինչ-որ կին և մի ինչ-որ տղամարդ անխնա աղավաղում են հայ լեզուն: Նրա աչքերը թափառում էին այս ու այն կողմ: Նա որոնում էր Վեքիլյանին. արդյոք գաղտագող իրավաբանը երես կունենա՞ ուղիղ նրա երեսին նայելու: Նրա հայացքը կանգ առավ օթյակներից մեկի վրա և տեսավ մի ուրիշ կերապարանք, որին մի քանի րոպե մոռացել էր:

Դա Գայանեն էր, տիկին Բախտամյանի հետ նստած: Հովհարը մեղմիկ շարժելով, նա մերթ նայում էր դեպի բեմ, մերթ հանդիսականներին: Դիմաքսյանն աչքերով հետևեց նրա հայացքի ուղղությանը և այնտեղ, պատշգամբի առաջին շարքում, տեսավ Բարաթյանին, որ երբեմն նայում էր ցած, դեպի պարտեզը, երբեմն Գայանեին և ժպտում:

Դիմաքսյանի նրբացած զգայուն սիրտը միայն հասկանում էր այդ ժպիտների բուն իմաստը: Գուշակում էր նա, որ ամեն ինչ վերջացած է, որ հաղթանակն արդեն Բարաթյանը տարել է: Հաղթանա՞կ, միթե նա մրցե՞լ էր: Ո՛չ, նրա կռիվը ներքին էր, հոգեկան, նրան գրգռում էր ոչ այնքան այն, որ Բարաթյանը գրավել էր այդ օրիորդին, որքան այն, որ ինքն անկարող է գրավել նույն օրիորդին, եթե ոչ մի հակառակորդ էլ չունենար: Սեփական ապիկարության սոսկալի գիտակցությունն էր նրան վշտացնում: Ահա նա նստած է ուրիշ կանանց բազմության մեջ: Ո՞վ է նրա վրա ուշք դարձնում: — Գրեթե ոչ ոք: Իսկ եթե կան նայողներ և հետաքրքրվողներ, լոկ նրա անվան համար են: «Ո՞րն է Դիմաքսյանը նա , ֆի , ինչ ողորմելի է», արդյոք կարո՞ղ է սրանից ավելի վիրավորական խոսք լինել մարդու մասին: Գործողությունը բեմի վրա վերջացավ մի պառավ կնոջ ճիչով: Թատրոնն աղմկեց: Դիմաքսյանն ազատեց յուր փոքրիկ մարմինը բազկաթոռների նեղ միջանցքներից ու դուրս եկավ: Բժիշկ Սալամբեկյանը բռնեց նրա թևից, և նրանք միասին բարձրացան թատրոնի վերին հարկը: Օթյակների նեղ և աղեղնաձև նախագավիթը լիքն էր կանանցով: Մի ինչ-որ նորեկ հայ հուսար, որ նմանում էր թևերը կտրած մորեխի, ընդհանուրի ուշադրության առարկան էր: Կուրծքն ուռցրած, բեղերը ոլորելով, նա Մարսի շանթահար հայացքներ էր ձգում անցուդարձ անող կանանց վրա:

Բարև, Արսեն, — գոչեց հուսարը՝ հանկարծ:

Դիմաքսյանը հազիվ կարողացավ ճանաչել յուր մանկական ընկերներից մեկին, որ հայտնի էր յուր գեղեցիկ դեմքով և չար բնավորությունով: Քանի-քանի անգամ երեխա ժամանակ հուսարը ծաղրել էր նրան: Պետք էր մի փոքր խոսել, ուստի նա ստիպվեց կանգ առնել:

Ասա, խնդրեմ, — ընդհատեց հուսարը ինքն յուր խոսքը, — ո՞վ է այդ բրյունետկան:

Պատի տակ կանգնած էր տիկին Բախտամյանը մի ուրիշ տիկնոջ հետ և ստեպ-ստեպ հովհարի հետևից նայում էր հուսարին: Տեսնելով Դիմաքսյանին գեղեցիկ սպայի հետ, նա ժպտաց և գլուխը շարժեց:

Աա , զնաչիտ՝ դու ծանոթ ես, — գոչեց հուսարը, — բրավո, զնաչիտ հաղթություններ ես անում: Չի կարելի, որ ինձ էլ ծանոթացնես, նե դուրնենկայա, Պիտերում բլոնդինկաները զահլես տարեցին: Նու-սս, ծանոթացրո՜ւ: Նելո՞վկո, աա՞, զնայու ստարովո ռեվնիվցա, վախենում ես, որ խլե՞մ ձեռքիցդ: Դու միշտ նախանձոտ էիր, պո՞մնիշ:

Դիմաքսյանը, շաղակրատ հուսարին թողնելով, առավ բժշկի թևը և հեռացավ: Այժմ նա հոգով զղջում էր թատրոն գալու մասին: Նա երջանիկ էր համարում Մսերյանին, որ մենակ տանը նստած միտքը զբաղեցնում է ով գիտե ինչ փիլիսոփայական գրվածքով, հանգիստ, խաղաղ, հեռու մարդկային աղմկից, հեռու կյանքի խեղդող ալիքներից: Բայց միթե նա կարո՞ղ է Մսերյան լինել, կարո՞ է թարմ հասակում կյանքը թաղել չորս պատերի, գրքերի փոշու մեջ: Մինչդեռ նրա սիրտը լիքն է ապրելու և զգալու բուռն ցանկությամբ: Մի ցանկություն, որին նա երբեբ, երբեք չի կարող դիմադրել խելքի ուժով:

Նա ուշքի եկավ այն ժամանակ, երբ բժիշկը ուժգին թոթվեց նրա թևը, ասելով, թե վարագույրն արդեն բացվեչ է բեմի վրա: Հաջորդ խաղամիջոցներից մեկում մոտեցավ Գայանեին և սկսեց նրա հետ շրջել: Այս անգամ օրիորդն ավելի բարեհամբույր էր և ուրախ: Նա ուրախ էր, որ ներկայացումը հաջողվել է և անդադար հիշում էր Բարաթյանի անունը: Ի՞նչ, մի թե նա արդեն բոլորովին հափշտակվել է, մի՞թե Դիմաքսյանն այնքան նշանակություն չունի նրա աչքում, որ գեթ մի քանի վայրկյան նրա առաջ մոռանա մյուսին:

Նա զգում էր յուր տկարությունն այդ սիրուն, կենդանի և վառվռուն օրիորդի մոտ: Նա աշխատում էր խոսքը դարձնել այնպիսի նյութերի վրա, որ նրա ուշքը խլե Բարաթյանից: Բայց այդ չէր հաջողվում: Ամեն անգամ, երբ նայում էր օրիորդի կապուտակ աչքերին, նրա կամքը սառցի պես հալվում էր այդ աչքերի հրատապ ներգործությունից: Մի վայրկյան նա այնպես հափշտակվեց, նրա միտքը այնքան պղտորվեց, խելքը այնքան մթագնեց, որ պատրաստ էր հենց այստեղ իսկ, առանց տատանման, հայտնել յուր սերը: Այո, նա նրան սիրում է, նա նրա համար տանջվում է, մորմոքվում: Այդ պետք է հասկանա օրիորդը, պետք է գնահատի, եթե խելք ունե, պետք է զգա, եթե սիրտ ունե:

Նրանք խոսեցին խաղացվող պիեսի մասին: Հերոսը զոհ է դառնում կրակոտ սիրո համար մի ընտանեկան անհաղթելի խոչընդոտի: Դիմաքսյանը չէր հավանում պիեսի գաղափարը: Նա ոգևորված բացատրում էր սիրո անհաղթելի ուժը: Օրիորդը չէր հակառակում: Ախ, ո՞րքան նա այդ րոպեին հրապուրիչ էր, ո՞րքան բարի և ներողամիտ էր նրա հայացքը: Դիմաքսյանի ձայնը դողում էր: Անշուշտ նա անկարող կլիներ իրան զսպելու, եթե նրանք առանձին լինեին, մի խուլ անկյունում, հեռու մարդկանց այդ ատելի ալքերից:

Հանկարծ օրիորդը լուրջ աչքերով նայեց նրա երեսին, և արագորեն գլուխ տալով, հեռացավ: Նա զգաց յուր խոսակցի հոգեկան դրությունը, նա փախավ ավելորդ խոսքերից:

Դիմաքսյանը միայնակ, շփոթված, չգիտեր ուր դիմեր, ինչպես խույս տար հասարակությունից: Նրան թվում էր, թե չորս կողմից յուր վրա են նայում: Ահա հենց այդ վայրկյանին նա տեսավ Վեքիլյանին: Արյունը մի նոր ուժով խփեց նրա գլխին, ականջները և ճակատը սկսեցին այրվել տաքությունից, երբ իրավաբանը, անփոփոխ ժպիտը երեսին, ցիլինդրը սեղմեց կրծքին և գլուխ տվեց: Սովորույթը ստիպեց նրան գլխի մի թեթև շարժումով պատասխանել այդ կեղծ բարեկամական ողջույնին:

Իրավաբանը մոտեցավ նրան:

Տեսնո՞ւմ ես, ինչ լավ են խաղում:

Կյանքում ավելի լավ դերասաններ կան, — պատասխանեց Դիմաքսյանը:

Այո, այդ էլ ճիշտ է:

Վեքիլյան, — ավելացրեց Դիմաքսյանը խիստ ձայնով, — ես քեզանից չէի սպասում:

Ի՞նչ:

Որ կարող ես մթին անկյունից ինձ վրա քարեր արձակել:

Չեմ հասկանում ասածդ:

Այդ անստորագիր պասկվիլի հեղինակը դո՞ւ ես:

Վեքիլյանը այնպիսի մի զարմացական նշան արեց, որ, կարիես, ավելի անհեթեթ բան չէր լսել կյանքում:

Ո՞վ է ասում:

Մի մարդ, որին ամբողջ հոգով հավատում եմ:

Այդ մարդը ապացույց ունե՞:

Ապացույցներ պահանջում են դատարանում փաստաբաններից: Հասարակական կյանքում մարդու խիղճն է ապացույցը:

Արսե՜ն, խելոք մարդը զրպարտիչներին չէ հավատում:

Բայց ճշմարիտը խոսողին պետք է հավատալ:

Հոդվածն անստորագիր է, պատասխանատու է խմբագրատունը, ապացույցների համար դիմիր այնտեղ:

Աա , ուրեմն չե՞ս հերքում, որ դու ես հեղինակը:

Մի բան կասեմ, Արսեն, այն հոդվածը ով որ էլ գրած լինի, իմ կարծիքով, յուր մեջ քեզ համար վիրավորական բան չի պարունակում: Ով որ ուզում է ճշմարտություն բարովել, պարտավոր է և ճշմարտություններ լսել, որքան էլ նրանք դառն լինեն: Pardon, հորաքույրս ինձ կանչում է:

Նա գլուխ տվեց և շտապով մոտեցավ օթյակի դռան մոտ կանգնած մի կնոջ:

Դիմաքսյանի համար այլևս կասկած չմնաց,որ Վեքիլյանը յուր դիմակավորված թշնամին է: Ուրեմն, ճիշտ է ասում Սալամբեկյանը, թե այդ մարդու արտաքին վայելուչ ձևերի և բարեկամական ժպիտների տակ թաքնված է օձային սիրտ: Նա մինչև անգամ վիրավորական չէ համարում յուր տմարդի վարմունքը:

«Կնշանակե իմ դեմ սկսել են զինվել նույնիսկ իմ ընկերները: Բայց նրանք ինձ հետ ուխտել էին միևնույն համոզմունքով, միևնույն ուղղությամբ գործել: Այդպե՞ս են ուրեմն կատարում իրանց ուխտը: Այլևս ո՞ւմ վրա հույս դնել, ումին հավատալ»:

Միթե նա միայնա՞կ պետք է մնա, միայնակ յուր սրտի բոլոր դառնություններով, հոգու բոլոր ձգտումներով: Բժիշկ Սալամբեկյանը տակավին մաքուր է: Բայց կա և մի ուրիշըՄսերյանը: Այո, այդ մարդուն կարելի է հավատալ, նրա պարզասրտության վրա հույս դնել: Ն կա և կմնա միշտ անկեղծ, բարեհոգի, վեհանձն:

Ներկայացումն վերջացել էր: Հանդիսականները միահամուռ դիմում էին դեպի դուրս, Դիմաքսյանի աչքերը թափառում էին այս ու այն կողմ: Եվ դարձյալ նա տեսավ Գայանեին: Ահա և «նա », միշտ ուրախ, միշտ զվարթ, միշտ ժպտուն: Նա հետևում է օրիորդին և շշնջում տիկին Բախտամյանի հետ: Իսկ ինքը, Դիմաքսյա՞նը... երբեք նա այնքան փոքրիկ, ճնշված և սեղմված չէր յուր աչքում, որքան այժմ:

Նա կարծում էր, ար ամենքը խղճում են իրան, ծաղրում են և ծիծաղում: Մարդկանց խառնխուռն շարքերի մեջ նա երևում էր ինչպես ծուռ բուսած մի ծառ անտառում: Նրա փոքրիկ մարմինը հրվում և մղվում էր ամեն կողմից, ինչպես մի տաշեղ ալիքների մեջ: Եվ այդ ավելի սաստկացնում էր նրա սրտի կրակը:

ճնշեցե՜ք, ճնշեցե՜ք այդ տձև մարմինը: Նա ծծում է յուր ներսը դինամիտային մի թունավոր և պայթուցիկ ուժ: Կգա ժամանակ, որ այդ սղմված, կարծրացած ուժն այլևս չի դիմանալ արտաքին ճնշումներին: Սոսկալի դղրդյունով նա դուրս կժայթքի ոչ միայն անհատների, Վեքիլյանների, Բարաթյանների գլխին, այլև ամբողջ հասարակության, ժողովրդի, ազգի վրա, որ ծնում է՝ և սնուցածում այդ անհատներին: Իսկ դու, գեղադեմ օրիորդ, դու, որ այնպես երես ես դարձնում նրանից, զգույշ, որ քո ընտրածը արդարացնի քո հույսերը, զգույշ, որ այդպես ուրախ, այդպես ծիծաղկոտ, այդպես երջանիկ կառք ես նստում նրա հետ...

XI

Բարաթյանի համար անտանելի էր յուր հասարակական դիրքը: Այն զգացումը, թե թե ինքը մի ինչ-որ ընկերության հասարակ գործակալ է, վիրավորում էր նրա անձնասիրությունը: Եվ գիշեր-ցերեկ նա խորհում էրարդյոք ինչպես ընկերական կյանքում ստեղծի մի դրություն, որ գեթ մասամբ գոհացներ նրա փառասիրական զգացմանը:

Նա վայելում էր հոր կատարյալ հավատարմությունը: Կարող էր, գրավելով ծերունուն, նրա կարողությունը գործադրել, ինչպես կամենար: Բայց այդ կարողությունը այնքան մեծ չէր, որ կարելի լիներ գոնե ֆինանսական մի խոշոր գործ սկսել: Բացի դրանից, նրա ձգտումը միայն փող վաստակելը չէր: Մի՞թե դրա համար էր կյանք մաշել, «բարձրագույն» ուսում ստացել:

Մի առավոտ նա նոր էր զարթնել, երբ ծառան ներս մտավ և ասաց, թե հայրը կանչում է: Ինչպես հարգող որդի, շտապեց հագնվել և գնաց Գերասիմ Գերասիմիչի առանձնասենյակը: Դա մոտ վաթսուն տարեկան մի մարդ էր վտիտ դեմքով, կարճլիկ ծայրերը կտրած բեղերով: Երեք տարի առաջ պարալիչ էր ստացել, ոտները կորցրել էին քայլելու ուժը, և նա ամբողջ օրը պառկած էր հատկապես յուր համար պատրաստած մի երկայնաձև, շարժուն բազկաթոռի մեջ: Մի ծառա կարգված էր նրան սպասավորելու գիշեր-ցերեկ: Գերասիմ Գարասիմիչը նախկին չինովնիկ էր, եղել էր զանազան պաշտոններում և վերջը հասել էր նահանգական վարչության խորհրդականի (советник губернского правления) պաշտոնին: Յուր ճարպիկ բնավորության և եռանդուն աշխատասիրության միջոցով հույս ուներ ավելի առաջ գնալ, բայց ճակատագիրը դավաճանվեց նրան, և նա այժմ անդամալույծ դարձած, անպետքացած, քաշքշում էր յուր կյանքի վերջին օրերը:

Նա ծառային հրամայեց դուրս գնալ, իսկ որդուն հրավիրեց նստել:

Է՛է, ի՞նչ ես մտածում ապագայիդ մասին, — հարցրեց նա յուր խռպոտ և քայքայված ձայնով:

Ոչինչ:

Ոչի՞նչ: Վրեոշ բրատ, քո հասակում փառասիրությունը որդնի պես ինձ ուտում էր: Իսկ դու և ես, բրատ, միևնույն պտուղն ենք: Ամուսնանալու միտք, բան չունե՞ս:

Ունեմ, պապա, — պատասխանեց որդին համարձակ:

Այ երևելի բան, խի խի խի, հըմ, քեզ և ինձ նման մարդկանց համար շուտ ամուսնանալը վատ բան չէ: Ինձ ամուսնությունը չփրկեց, քեզ էլ չի փրկիլ, բայց կարող է գոնե մի քիչ, զնայե՞շ, էդակույա լեողկայու ուզդու նալոժիտ նա ստրաստի... խի՛ խի՛ խի՛: Ինչո՞ւ ես գլուխդ քաշ գցում, ամաչո՞ւմ ես, էհե, գիտեմ ինչ ծառի պտուղ ես: Քեզ ճանաչելը շատ հեշտ է, ներսս մտիկ կանեմ, քո հոգին կտեսնեմ պպզած: Քո երակների մեջ վազում է քո հոր արյունը, ինչպես իմ երակների մեջ վազում է իմ հոր արյունը: Մեր ցեղը հայտնի է յուր թողություններով: Մոլչայտ, խոմ երեխա չես, գիտես, որ իզուր չեմ այս օրին հասել, գրեխի մոլոդոստի, բրատեց: Նու, ասա տեսնեմ, ո՞ւմ ես ուզում ճանկել:

Որդին, առանց մի բան թաքցնելու, հայտնեց սրտի գաղտնիքը հորը, ինչպես մի հավատարիմ ընկերոջ, որ կարող էր հարգել նրա զգացումները:

Պյոտը Սոլոմոնիչի քրոջ աղջի՞կըգոչեց անդամալույծը, — ճանաչում եմ, ճանաչում եմ, տեսել եմ: Նիչևո, բրատեց, գուբա նե դուրա: Փող էլ ունի, իհարկե:

Այդ չգիտեմ:

Սուտ ես ասում, շելմա, դու իմ արդին չես լինիլ, եթե առանց փողի աղջիկ ուզես: Այդ աղջիկր փող պետք է ունենա Պետրոսի մոտ, նրա հորն էլ ճանաչում էի: Պետրոսր վատ մարդ չէ, չի խաբիլ քեզ, բայց զգույշ կաց: Է՛է, ուրեմն ամեն բան վերջացրել ես, երբ ես ուզում պսակվե՞լ:

Դեռ հայտնի չէ, պապա, դրությունս անորոշ է, այս պատճառով տատանվում եմ:

Պոստոյե, ինչո՞ւ դրությունդ որոշ չէ: Քույրեր չունես ամուսնացնելու, եղբայրդ էլ շուտով ուսումը կավարտի, դոխաորոմ մեդիցինի վիյդետ, բրատեց: Իմ մասին մի մտածիլ, իմ սյենսիան ինձ բավական է, մնացյալը ինչ որ ունեմ քոնն է ու եղբորդ:

Բայց ես հասարակական դիրք չունեմ, — նկատեց որդին համեստաբար:

Դուռակ, ի՞նչ ասել է՝ հասարակական դիրք: Պատի՞վ, չի՞ն, հարգա՞նք, դու միշտ կարող ես ձեռք բերել քո ուսումով: Ժենի՜ս, բրատեց, ժենի՜ս, հետո ամեն բան հեշտ է: Ամուսնացած մարդուն ավելի են հարգում, քան խալաստոյ շալապային: Մենք մեծ կապեր չունենք, քեզ հայտնի է, որ մեր ազգականները, թյու, սբրոդ պարյադոչնիյ... Պյոտր Սոլոմոնիչը, օօ՜օ, նա ուրիշ է, նա քեզ կօգնի: Ափսոս մայրդ կենդանի չէ, շատ կուրախանար խեղճը, քեզ տեսնելով: Շելմա, ի՞նչ գեղեցկացել ես, հեհե, ժամանակին քեզանից վատ չէի: Նու, զգույշ կաց մամզելներից, եսքեզ խրատ: Տեսնո՞ւմ ես, երիտասարդական սխալների հետևանքը երբեմն այս է, օօ՛օ, ինչպես ցավում են անպիտան ոսկորներս: Բայց կնոջդ հետ պետք է լավ վարվես: Խեղճ մայրդ, կարող եմ ասել, իմ զոհը դարձավ: Լաա՛վ, համեստ մի ձևանար, եթե ինձ պես չլինես, ինձանից շատ էլ լավ չես լինի: Ուրեմն պսակվում ես, շատ լավ, շատ լավ, շատ լավ, ես համաձայն եմ:

Следующая страница