Շիրվանզադե Ալեքսանդր՝   Արսեն Դիմաքյան

Երբ որ Մարգար աղա Դիմաքսունովը ասում է կարելի էհրամանքդ թող չզարմանա:

Որդին մի քանի վայրկյան լռեց, հետո դարձյալ վստահացավ շարունակել յուր հարցերը.

Այդ Սարիբեկը մեր ի՞նչն է:

Մորդ եղբոր կնկա եղբոր տղան:

Նա ձեզ ուղիղ հաշիվ տալի՞ս է:

Ասելդ ի՞նչ է:

Ասելս այն է, որ այդ մարդը աչքիս մաքուր չի երևում:

Ծերունին մի ձեռը կռթնեց կողքին, նայեց հեգնական որդու փոքրիկ հասակին կոշիկների ծայրից սկսած մինչև ճակատը և, քթի տակ ծիծաղելով, երեսը հետ դարձրեց:

Այո՛, այդ մարդը ինձ կասկածելի է թվում, — շարունակեց որդին, գյուղացիներն էլ շատ են գանգատվում:

Գյուղացիները շա՛ատ են գանգատվում, գյուղացիները...

Հեգնելով որդու բառերը, ծերուհին աթոռը ուղղեց և, երկու ձեռները հենելով ձեռնափայտի կոթին, ավելացրեց.

Ձեր հրամանքը ճանաչո՞ւմ է այդ ավանակներին:

Չգիտեմ, միայն այսքանն եմ իմանում, որ Սարիբեկը ձեր անունը արատավորում է:

Լեզուդ փո՛րդ քաշիր, հայվարա, — գոռաց համառ ծերունին, ձեռնափայտը այնպես ուժգին զարկելով, որ նրա սուր ծայրը մի մատնաչափ անցավ հատակի մեջ, — իմ անունը աշխարհիս երեսին մեկ մարդ է խայտառակ անում, դո՛ւ, դու, իմ հարազատ որդի: Սարիբեկը ազնիվ մարդ է, նա իմ հրամանով քնում է, իմ հրամանով զարթնում, իմ հրամանով ուտում, իմ հրամանով խոսում...

Նա մի փոքր լռեց, եղանակը փոխեց և, ձայնին ծաղրական տոն տալով, ավելացրեց.

Ամոթ չլինի հարցնելը, հրամանքդ ինչո՞ւ է խառնվում պառավ Մարգարի գործերին: Նա հին մարդ է, գյուղացի է, անուս, դու խոմ փիլիսոփա ես, քինթ ու պռունգիցդ իմաստություն է թափվում:

Ես ինձ համար չեմ հոգում, այլ ձեր անվան և ձեր շահերի համար:

Գնա բանի՛դ, չեմ ուզում... հարա՛յ, բիդա՛դ, ջանըմ, չեմ ուզում Էլի, խոմ գլխիս քեզ սուդիա չսարքեցի՞ն, փիե՛...

Նա վեր կացավ տեղից և բարկացած մտավ յուր սենյակը դռները ուժգին զարկելով:

Այնուհետև Արսենը այլևս չէր խոսում նրա հետ գործերի մասին և առհասարակ հոր և որդու մեջ մի առանձին խոսակցություն տեղի չէր ունենում: Սակայն մի օր նա վերջին անգամ փորձեց իմանալ, արդյոք հայրը իսկապես ո՞րքան եկամուտ է ստանում յուր կալվածներից: Ծերունին նույն անփոփոխ կոպտությամբ և հակիրճ պատասխանեց,

«Ես դեռ չեմ մեռնելու, տանջվի՜ ր»:

Հարկավ, այլևս ամեն մի նոր փորձ պետք է անաջող անցներ: Մնում էր բոլորովին լռել, և Արսենը բոլորովին լռեց: Այժմ նրա համար ձանձրալի էր ապրել սառնասիրտ հոր ցուրտ, անհյուրընկալ տանը: Նա ձգտում էր հեռանալ հայրական հարկի տակից, ուր մի ժամանակ այնքան փայփայվել ու շոյշոյվել էր սիրող մոր ձեռքում: Բարի կին, երբեք դու քո որդուն չվիրավորեցիր մի դառն խոսքով: Քո մայրական զգայուն սիրտը մորմոքվում էր, երբ տեսնում էիր, թե ինչպես ծաղրվում է քո միակ արու զավակը նույնիսկ յուր հարազատ հորից: Դժբախտ էիր դու այդ մարդու հետ և քո հրեշտակային լուռ ու համբերատար բնավորությունը միայն դիմանում էր այդ ինքակամք կենակցությանը: Դու անմռունչ հանդուրժում էիր նրա համառ կամքին և միայն քո երկնային անզուգական հեզությունով կարողանում էիր հաղթել մարմարյա սիրտը: Ահա ինչու հարազատ զավակների համար սառած մարդու ժանգ հոգին ջերմություն է զգում քեզ հիշելիս, քո ուրվականը մտաբերելիս: Բայց արդյոք այդ անհաղթելի կամքի ցրտությունը չէ՞ր, որ այնքան վաղ քեզ իջեցրեց գերեզման...

Արսենը տխրում էր անգործության մեջ: Քույրերի սերը միայն փարատում էր նրա թախիծը: Եվ օրվա մեծ մասը նա նրանց մոտ էր անցկացնում, շատ անգամ էլ այնտեղ էր ճաշում և ընթրում: Քաղաքում մեծ հետաքրքրություն էր շարժել նրա գալը: Հասարակությունը խոսում էր ժառանգության մասին, ամենքը նախանձում էին նրան: Մարգար աղայի հարստության մասին գրեթե առասպելական լուրեր էին պտտում: Պատմում էին, թե նա յուր տան ներքնահարկում գիլլած ունե պապերի հավաքած ոսկիները խաների ժամանակից: Ոմանք պնդում էին մինչև անգամ, թե ծերունին գիշերները այդ ոսկիների տոպրակների վրա է քնում, չխնայելով յուր ոսկորները: Իսկ տեղական երիտասարդները, մանավանդ ուսուցիչները, ավելի հետաքրքրված էին Արսենի անձնավորությունով: Շատերը գալիս էին նրա հետ ծանոթանալու: Նա ընդունում էր նրանց յուր քույրերի տանը, չկամենալով զայրացնել հորը, որ թշնամի էր ամեն մի այցելության, ևս առավել երիտասարդների: Նրա քարոզած գաղափարները կազմել էին մի որոշ բանակ: Ուներ նաև հակառակորդներ, որոնք սակայն չէին մոտենում նրան: Կային և այնպիսիները, որ պարծենում էին իրանց հայրենակցի անունով:

Դա մի ախորժելի և անսպասելի նորություն էր Դիմաքսյանի համար: Նրա կյանքի մեջ մտավ մի տեսակ թարմ հոսանք: Նրա տաղտկությունը անցավ, սիրտը զվարթացավ և լցվեց նոր եռանդով: Ուրեմն նրա խոսքը իզուր չէ անցնում, նրա ցանած սերմերը ավազոտ հողի վրա չեն ընկնում: Այնտեղ, ընկերների, գաղափարակիցների շրջանում նրան հալածում են, ծաղրում, վիրավորում: Այստեղ հարգում են, պատվում և ուշադիր են նրա ամեն մի խոսքին:

Ինչո՞ւ ուրեմն հուսահատվել: Թող հալածեն, որքան կամենում են. թող թշնամանան, որքան կարող են: Մազի չափ նա չի շեղվիլ յուր բռնած ընթացքից: Նա հավատարիմ կմնա յուր արմատական գաղափարինքարոզել ճշմարտությունը ինչ բանի մասին էլ լինի, ուր և լինի, աներկմիտ, անշեղ, աներկյուղ, և մնալ անդրդվելի, ինչպես սեպացած ժայռ ծովի հարատև ալիքների առաջ: Ժողովուրդը կարոտ է անկեղծ քարոզչի, բավական է, որքան նա խարխափեց տգիտության խավարի մեջ:

Իսկ այդ կամակոր ծերունին թող մնա նտւյնպես անհողդողդ յուր քարացած աշխարհում: Կենդանին մեռելների հետ գործ չունե: Թաղ համառը, եթե կամենում է, բոլորովին մինչև անգամ զրկե նրան ժառանգոլթյունից: Նա կարող է առանց փողի, առանց հասարակական դիրքի, քաղցած փորով, դատարկ գրպանով էլ գործել և օգտավետ լինել:

«Չէ՞ որ վեց տարի ուսանող եմ եղել, դարձյալ կապրեմ ինչպես ուսանող»:

Մի քանի անգամ նրան հրավիրեցին այս ու այնտեղ երիտասարդների ժողովներին: Նա հանդիպեց մի քանի առողջամիտ անձանց, խորհուրդ տվեց նրանց կազմել մի շրջան, որի նպատակը լիներ հասարակ ժողովրդի մեջ տարածել գրագիտություն, կարդալու սեր և ժամանակակից գաղափարներ:

Առաջարկությունը ընդունվեց հրճվանքով, կազմվեց մի խումբ գործը գլուխ բերելու համար: Եղան և հակառակորդներ, մանավանդ Վապյան անունով մեկը: Խոշոր կազմվածքով, սև, երկար մազերով, բարակ ձայնով, կապույտ ակնոցներով մի հակակրելի մարդ էր, որ Դիմաքսյանի զզվանքն էր հարուցանում: Հետո նա իմացավ, որ այդ Վապյանը առաջ ուսուցիչ է եղել, իսկ այժմ խանութպան է և գյուղացիներին հարստահարում է: Նա բացարձակ հայտնեց, թե պետք է այդպիսիներին հալածել, և ինքը զզվանքով երես դարձրեց նրանից:

Շուտով նա դարձյալ սկսեց ձանձրանալ և մտադրվեց վերադառնալ Թիֆլիս: Գավառական կյանքը թվում էր նրան միակերպ, տաղտկալի: Այստեղ նրա խոսքը ընդունում էին անպայման, առանց քննելու և հակաճառելու: Իսկ նա արդեն կարոտել էր հակառակորդների հետ մրցելուն: Նրա հոգին զգում էր խոչընդոտների հետ անընդհատ մաքառելու պահանջ: Հարվածել, հարված ստանալ և այնպես հաղթանակ վաստակելահա նրա ցանկացածը, նրա սրտի և մտքի կերակուրը: Առանց կռվի նա զգում էր իրան առանց թևերի: Նրա սիրտը կրում էր էլեկտրական զորության միայն մի տարրը յուր մեջ: Հարկավոր էր երկրորդը, արտաքուստ եղած հակառակորդ տարրը, որ, շփվելով միմյանց, նրա հոգու մեջ առաջացնեին լույս և ջերմություն:

Նա ուղևորվեց Թիֆլիս: Հայրը չտվեց նրան յուր օրհնանքը, որովհետև նա չխոնարհվեց նրա առջև, չթեքեց յուր գլուխը կամակոր ծնողի դիմաց: Իսկ ծերունին այդ սպասում էր նրանից: Նա պատրաստ էր ներել որդուն, եթե միայն վերջինը խոստովանվեր, որ սխալված է և միանգամ ընդմիշտ ընդուներ նրա հեղինակությունը: Նա հուսով էր, որ վերջը այդպես էլ կլինի: Բայց չարդարացավ այդ հույսը: Հայրը բաժանվեց որդուց այնքան սառնասիրտ, որքան սառնասիրտ և անբարեհամբույր ընդունել էր նրան վեց ու կես տարի չտեսնելուց հետո:

XIV

Ամառվա ամենաշոգ օրերն էին, երբ Դիմաքսյանը հասավ Թիֆլիս: Նախ և առաջ ուզեց տեսնել Մսերյանին, որին կարոտել էր ավելի, քան մի ուրիշ ընկերոջ:

Իդեալիստը յուր փոքրիկ սենյակի բաց լուսամուտի առջև գիշերային շապիկով նստած թեյ էր խմում, երբ Դիմաքսյանը ներս մտավ: Նա ոտքի թռավ և ուրախ բացականչությունով յուր խոշոր թևերի մեջ առավ ընկերոջը:

Իսկ ես առանց քեզ տխուր էի: Նստիր ու պատմիր: Ծերունին կենդանի՞ է, առողջացա՞վ: Փառք աստուծո: Բայց ինչո՞ւ այդպես նիհարել ես, երևի, հայրական հացը քեզ չի գալիս: Ասա, եղբայր, ասա, ինչ է անում մեր սիրելի գավառը, չէ՞ որ մեր հույսերը նրա վրա են: Ոչ, ոչ, նախ և առաջ օձի մասին: Ի՞նչ է անում, հանգիստ է՞ր:

Հանգիստ էր:

Եվ ուրա՞խ էիր:

Ո՜չ:

Ո՞չ:

Ինձ թվում է այդ օձը որքան էլ տանջե, դարձյալ ինձ կենդանություն տվողը նա է: Մի ամսից ավելի է նա չի կծում իմ սիրտը, և ես, թմրած եմ:

Կգա ժամանակ, դու հակառակը կասես: Բայց պատմի՛ր, պատմիր:

Դիմաքսյանը հաղորդեց յուր տպավորությունները:

Մսերյանը լսում էր և մերթ ոգևորվում, մերթ տխրում, մերթ ուրախանում, նայելով, թն ընկերը ինչ է պատմում:

Ուրեմն այնտեղ մարդիկ շատ էլ մեռած չեն, ինչպես կարծում էինք, — գոչեց նա հափշտակվելով, — ուրեմն դարերով թմրած մարմինը կենդանության նշաններ է ցույց տալիս: Տեսնո՞ւմ ես, ասում էի, որ ոչ մի աշխատանք իզուր չէ անցնում: Գործիր, եղբայր, գործիր որքան եռանդ և ուժ ունես: Ինձ մի նայիլ, ես ուրիշ եմ, իմ աշխարհը ահա սրանց մեջ է:

Նա ցույց տվեց սենյակի անկյունում դրած պահարանը, որի տախտակյա հարկերը տնքում էին մեծահատոր գրքերի ծանրության տակ:

Նա պատմեց, որ Դիմաքսյանը գնալուց հետո ինքը տնից շատ չէ դուրս եկել: Տեսնում է, ար մարդիկ նրան չեն հասկանում, շատերը մինչև անգամ ծաղրում են նրան, համարելով դատարկ ֆրազյոր: Է՛հ, երբևէ նա ասե՞լ է, թե օգտակար մարդ է: Միայն չի կարող, չի կարող հաշտվել նյութապաշտության հետ: Իսկ ո՞վ չի նյութապաշտ: Ո՞վ կարող է խելոք համարվել մի մարդու, որ իրան բախտավոր է զգում, երբ ունե գրքեր, ծխախոտ և մի բաժակ թեյ: Բայց միթե գրքերը վատ ընկերներ են: Ոչ, ոչ, ավելի հավատարիմ, ավելի ուրախալի հասարակություն դժվար է գտնել: Լինել միշտ բարձր խելքերի, հանճարների, հոգեբան-փիլիսոփաների, սրամիտ սրտագետների ընտիր ընկերության մեջ, մի՞թե այդ երջանկություն չէ: Իսկ Արսենը չի կարող բավականանալ այդ հասարակությունով: Նա Մսերյան չէ և չպիտի լինի: Նա գործի մարդ է, ծնված է մի տգետ ժողովրդի խավար միտքը լուսավորելու, ծնված է կռվելու, հաղթելու և հաղթվելու համար: Թող գնա յուր ընտրած ճանապարհով, տեսնո՞ւմ է որքան արձագանք է գտնում յուր խոսքը մարդկանց սրտում:

Օ՛ն առաջ, քաշ եղիր, — ավարտեց Մսերյանը ուրախ առնով, — դու մտքի զինվոր ես, ես գրքերի կենդանի պահարան:

Թեյ խմելուց հետո նրանք դուրս եկան զբոսնելու: Մսերյանը տեղեկությոմեներ հաղորդեց ընկերների մասին: Բժիշկ Սալամբեկյանը մելամաղձոտ դեմքով ման է գալիս, միշտ կրկնելով, թե աշխարհը դատարկ բան է: Վեքիլյանը և Բարաթյանը մտադիր են քաղաքային Դումայի առաջին ընտրություններին իրանց քվետուփը դնել և այժմվանից ձայներ են գրավում: Պյոտր Սոլոմոնիչ Բախտամովը նրանց համար աշխատում է:

Եվ կընտրվեն, կտեսնվես, այդ մարդկանց ամեն բան հաջողվում է:

Հանկարծ Մսերյանը, ճակատին խփելով, գոչեց.

Այ հիմար հիշողությո՛ւն:

Ի՞նչ կա:

Ամեձագլխավորը մոռացա ասել: Քեզ ուզում են Ներսեսյան դպրոցի տեսուչ նշանակել:

Ի՞նձ:

Այո՜, քեզ:

Այդ անհավատալի է:

Իսկ ես մեր լրագրերի լեզվով կասեմ «ստույգ աղբյուրներից տեղեկացանք», որ...

Որ հոգաբարձությունը Արսեն Դիմաքսյանին ատելով ատում է:

Սխալվում ես, քո գնալուց հետո քամին ուրիշ կողմից է փչում:

Նա պատմեց, թե դպրոցի շինության խնդիրը կռվածաղիկ է դարձել: Ավելի առաջադեմները պահանջում են, որ դպրոցը փոխվի մի ուրիշ տուն, իսկ հնամոլները վախենում են ավելորդ ծախսերից: Կռիվը այստեղից է սկսվել, բայց նա ուրիշ պատճառներ ունի: Մի առևտրական-հոգաբարձի մուրհակը չեն զեղչել բանկում, նա թշնամացել է բանկիր հոգաբարձվի հետ: Մի փաստաբան-հոգաբարձու դատարանում պաշտպանում է մի կալվածատեր-հոգաբարձվի հակառակորդին, նրանք թշնամացել են:

Դպրոցը դարձել է հասարակական բաղնիք, մարդիկ իրանց կեղտոտ շորերը այնտեղ են լվանում: Բանից դուրս է գալիս, որ այդ տեսուչ Համքարյանը եզվիտ է: Դպրոցի շինության խնդիրը ինքը չի զարթեցրել, աշխատում է գործը քանդել: Նրա դեմ կազմվել է մի կուսակցություն, որ ուզում է հեռացնել նրան դպրոցից:

Շատ ուրախ եմ. նա ի՞նչ մանկավարժ է, որ վաշխառությունով է պարապվում:

Համքարյա՞նը, մի՞թե, — հարցրեց Դիմաքսյանը զարմացած:

Այո, դու չդիտեի՞ր, երևակայիր, քսանուհինգ հազար ռուբլի դրամագլուխ ունի, տասնուհինգ տոկոսով տալիս է սրան ու նրան, նույնիսկ ուսուցիչներին: Այս էլ ստույգ աղբյուրներից տեղեկացանք:

Երկու օր անցած Դիմաքսյանը հրավիրվեց այն հոգաբարձվի մոտ, որ սկզբում աշխատել էր նրա համար դպրոցում տեղ բանալ: Նա հայտնեց հոգաբարձության նախընթաց երեկո կայացրած վճիռը և ավելացրեց, թե իսկապես ինքն է Համքարյանին «վռնդելու» սկզբնապատճառը:

Եղբայր, քանի տարի էր չէինք կարողանում այդ մարդուց ազատվել: Սյուլյուկի պես կպել էր դպրոցին ու ծծում էր, էլ ինչ ախտ ասես մտցրել է այնտեղ, ինչ ինտրիգներ ասես, հնարում էր: ճշմարիտն ասեմ, եթե մենք մի քիչ ձեզ հետ վատ էինք, պատճառը նա էր, հազար ու մի տեսակ բաներ էր պատմում: Ինչևէ, հուսով եմ, որ մենք համերաշխ կգործենք, այնպես չէ՞:

Կաշխատեմ միշտ դպրոցի շահերին ծառայել:

Նա մի պայման միայն դրեց, որ հոգաբարձությունը երբեք չխառնվի դպրոցի բարոյական և ուսումնական գործերի մեջ:

Արեք ինչ որ կամենում եք, բայց զգույշ, որ շատ էլ չգրգռեք մեր հակառակորդներին:

Ամբողջ օգոստոս ամիսը Դիմաքսյանը տենդային գործունեության մեջ էր: Ամեն օր գնում էր դպրոց, չնայելով, որ այնտեղ դեռ գործ չուներ: Նա դիտում էր բակը, սենյակները, խոհանոցը, հարցուփորձ էր անում գիշերօթիկների դրության մասին, քննում էր նրանց կերակուրները և այլն:

Նա լսեց գանգատներ վերակացուների դեմ: Նա տեսավ, որ կերակուրները վատ են պատրաստվում, սննդարար չեն: Գիշերօթիկները թույլ են, հիվանդոտ, դեղնած, ամենքի մեջ նկատվում է արյան սակավություն:

Այս բոլորը տեսնելով, նա կազմեց արտաքին փոփոխությունների ցուցակ, որ պետք է շուտով ներկայացներ հոգաբարձությանը:

Հասավ սեպտեմբերը: Դասերը սկսվեցին: Ուսուցչական խումբը նրան շնորհավորեց: Ոմանց կողմից նա տեսավ անկեղծ ուրախություն: Իսկ շատերի սիրալիր խոսքերի և բարեկամական ցույցերի տակ նկատեց չկամություն: Նա գիտեր, որ այլ կերպ չէր կարող լինել: Ամենքին սիրալիր լինել, կնշանակե ամենքի քիմքին հաճոյանալ: Նրա անշեղ բնավորությունը չէր սիրում երկդիմի վարմունք: Նա չգիտեր, արտաքուստ ժպտալ, ներքուստ հայհոյել: Ահա ինչու չէր կարողանում մոռանալ Վեքիլյանի, այդ կարծեցյալ բարեկամի, թշնամական վարմունքը: Ահա ինչու քանի գնում, այնքան նրա սրտում ատելություն էր ավելանում դեպի Բարաթյանը: Այդ մարդը նրան դեռ բացարձակ թշնամություն չէր անում, բայց թե բարեկամ չէրայդ էլ պարզ էր նրա համար:

Մի քանի անգամ Դիմաքսյանը պատահեց փողոցում թե՜ մեկին և թե՜ մյուսին: Վեքիլյանի հետ նա չէր խոսում, դադարել էր մինչև անգամ նրան բարևելուց: Իսկ Բարաթյանը մոտեցավ նրան, ձեռը սեղմեց և շնորհավորեց, գոչելով.

Շատ ուրախ եմ, շատ ուրախ եմ:

Շնորհակալ եմ: Իսկ դու, ասում են, մտադիր ես քաղաքային իրավասու ընտրվել:

Ե՞ս: Ոչ, բարեկամ, ժամանակ չունեմ: Ես զբաղված եմ ամուսնությանս հոգսերով, չէ որ սեպտեմբերին պսակվում եմ Գայանեի հետ:

Եվ միթե Դիմաքսյանը մոռացե՞լ էր չարաբաստիկ հանգամանքը և միթե նա չէր զգում, որ յուր առջև կանգնած է այն մարդը, որ անհուն վիշտ էր պատճառել նրան թե կամա, թե՜ ակամա: Ինչո՞ւ ուրեմն Բարաթյանը կրկին մատ է խփում նրա սրտի խոցին: Այո , անշուշտ նրա համար, որ զգալ տա նրան յուր գերազանցությունը, յուր տարած հաղթությունը:

Հուսով եմ, որ հարսանիքիս հրավերը ստանալով, կբարեհաճես ներկայանալ ինչպես ընկեր-բարեկամ:

Այդ արդեն չափազանցություն էր: Դիմաքսյանը ապշած նայեց նրա երեսին: Նա ոչինչ չասաց, և ի՞նչ կարող էր ասել: Օձը արդեն զարթել էր և պաշարած թույնը տարածում էր նրա ամբողջ մարմնի մեջ:

Առանց մի բառ արտասանելու, առանց մինչև անգամ ձեռ տալու, նա գունատված երեսը շուռ տվեց և հեռացավ:

Բարաթյանը չարախնդությամբ նայեց նրա հետևից և մտքում ասաց. «Դու ինձ պատերազմ ես հայտնում, լավ, տեսնենք ով կտանի հաղթությունը»:

Եվ թույլ շվացնելով, հանդարտ ու հպարտ շարունակեց յուր ճանապարհը:

XV

Պսակադրության պայմանավորված ժամանակը մոտենում էր, Բարաթյանի անհանգստությունը ավելանում: Օժիտի խնդիրը դեռ չէր պարզվել: Իսկ Պյոտր Սոլոմոնիչը հանգստանում էր սեփական ամառանոցում: Օրվա մեծ մասը նա, մի երկար ճյուղավոր փայտ ձեռին, զբոսնում էր յուր բնակարանի առջև ձգված հասարակական պարտեզում: Նա դրանից ձևացնում էր քաղաքական գործերից հոգնած մր եվրոպական բուրժուա, որ նոր ուժ է ժողովում հայրենիքիս նոր ծառայություններ անելու:

Հարսանիքի հոգսերը նա լիովին ձգել էր յուր կնոջ և քրոջ աղջկա վրա: Շաբաթը մի անգամ տիկինը և օրիորդը գալիս էին քաղաք հագուստներ պատվիրելու:

Բարաթյանը գիտեր նրանց գալու ժամանակը: Որոշյալ ժամին նա միշտ երկաթուղու կայարանումն էր լինում նրանց դիմավորելու համար: Գայանեն ուզում էր ամեն բան նրա ճաշակով գնել և կարել տալ. ուստի ուր գնում, էր, նրան էլ հետը տանում էր: Հարսանիքի պատրաստությունները օրիորդին կլանել էին լիովին: Ամբողջ օրը նա չափում էր, կտրում, փորձում և անհամբեր սպասում երջանիկ օրին: Եվ նա ժամանակ չուներ քննելու, թե ինչու տիկին Բախտամյանը այնքան հաշտ է յուր հետ, որ, կարծես, նախկին նախանձի նշույլն անգամ չէր մնացել:

Մի օր Բարաթյանը, վերջապես, վճռեց կողմնակի կերպով խոսք բաց անել Գայանեի հետ օժիտի մասին: Օրիորդը այնքան համոզված էր նրա սիրույն, որ ինքը առայժմ ավեըորդ էր համարում փողի մասին խոսելը: Արժե՞ր միթե սիրո բանաստեղծական հրապույրը համեմել նյութականով և փոխադարձ զգացման երկնային հմայքը պրոզա դարձնել: Փոխադարձ, այո , որովհետև Բարաթյանն էլ սիրում էր նրան և սիրում էր անկեղծ: Միայն նրա զգացումը այնքան կուրացուցիչ չէր, որ միանգամայն մոռացնել տար ապագայի խնդիրը: Չէ՞ որ կանցնի բանաստեղծականը, և կյանքի իրականությունը մի օր կմերկանա ապագա ամուսնինների առջև յուր բոլոր անողոք պահանջներով:

Ուրեմն դու և Օվսաննան ունեք տարեկան հինգ հազար ռուբլի եկամուտ, — կնշանակե քո մասը տարեկան եթկու հազար հինգ հարյո՞ւր է:

Այո , ի՞նչ կա, ինչո՞ւ լռեցիր:

Պյոտր Սոլոմոնիչը ասում էր, թե քո ծնողները ոչինչ չեն թողել:

Ինչպե՞ս, դու ուրեմն նրա հետ խոսե՞լ ես այդ մասին:

Ես չէի հետաքրքրվում, նա ինքը ասաց հենց այն օրը, երբ ես գնացել էի ձեռքդ խնդրելու:

Նա չէր կարող այդպես ասել, այդ անկարելի է:

Հավատացնում եմ, որ ասաց:

Գայանեն լռեց: Այդ լուրը նրա համար զգալի և տխուր լուր էր, բայց ավելի անտանելի էր, որ Բարաթյանը խոսում էր օժիտի մասին:

Լա՜վ, — ասաց նա, — ես նրանից բացատրություն կխնդրեմ:

Այո՜, սիրելիս, խնդրիր: Դու ուրիշ բան չկարծես, ես փողասեր չեմ, բայց եթե կա, ինչո՞ւ ուրիշների մոտ մնա, այնպես չէ :

Իհարկե...

Վերջապես, տարեկան երկու ու կես հազարը մեզ համար մեծ բան է, դու կարող ես շիկով ապրել:

Ինձ շիկ հարկավոր չէ, բավական է, որ դու ինձ միշտ սիրես:

Ախ սիրելիս, իհարկե, պետք է միշտ սիրեմ, բայց Պյոտր Սոլոմոնիչի հետ խոսիր: Իմ սերը դեպի քեզ անհուն է, միթե դու չգիտե՞ս: Այո , շուտով խոսիր, հենց այսօր կամ վաղը: Մյուս անգամ գալիս ինձ համար դրական պատասխան բեր: Միայն իմ անունը չհիշես, այսինքն չասես, թե ես եմ քեզ սովորեցրել կամ ինձ հետ այդ մասին խոսել ես: Ախ սիրելիս, երբ պետք է հասնի երջանիկ օրը...

Երկու շաբաթ էր մնում հարսանիքին, երբ Գայանեն վերջապես, հարմար Ժամանակ գտավ յուր քեռիի հետ խոսելու: Պյոտր Սոլոմոնիչը սկզբում անորոշ պատասխաններ էր տալիս: Բայց երբ տեսավ օրիորդի թախանձանքը, հարցրեց.

Փեսացո՞ւդ է սովորեցնել այդպես համարձակ խոսել:

Նա օժիտի մասին մի խոսք անգամ չէ ասել, նա ինձ այնքա՛ն սիրում է:

Սիրո՞ւմ է:

Ինչ եք ուզում ասել, քեռի:

Ուզում եմ հաստատ իմանալ, նա քեզ սիրո՞ւմ է:

Այո , շատ:

Այնքան, որ եթե դու աղքատ լինես, էլի քեզանից չի՞ հրաժարվիլ:

Պյոտր Սոլոմոնիչը մի զննողական հայացք ձգեց նրա վրա: Հետո բացատրեց, թե Գայանեն աղքատ չէ, նրա հորից մնացել են մի շարք խանութներ: Բայց նա փորձում էր թե Բարաթյանին և թե Գայանեին: Իսկ այժմ թող Գայանեին հայտնի լինի, որ նա ունե տարեկան 3150 ռուբլի զուտ եկամուտ: Երբ որ ուզենա կարող է կալվածները յուր անունով հաստատել տալ: Եվ Պյոտր Սոլոմոնիչը Գայանեին խորհուրդ էր տալիս յուր անունով հաստատել և ոչ ամուսնու:

Այդ միևնույնն է, քեռի, — ասաց օրիորդը, սիրտը շնորհակալության զգացումներով լի դեպի ազնիվ ազգականը:

Իհարկե, միևնույնն է, բայց դու լսիր փորձված քեռուդ խորհուրդը: Բացի դրանից, բանկում ունես յոթ հազար ռուբլի զուտ փող, այդ էլ կարող ես հենց այսօր ստանալ: Հայրդ մի քանի պարտքեր էր թողել, բոլորը վճարած են քո եկամտից, այդ յոթ հազարը մնացորդն է:

Մի՞թե, ես այդ չգիտեի, — գոչեց Գայանեն ոգևորված:

Ունիս, ունիս, որդի, ես զրկող ազգականներից չեմ. փառք աստուծո, ինքս այնքան ունեմ, որ որդոց որդի հերիք է իմ երեխաներին:

Հենց մյուս օրը Գայանեն շտապեց քաղաք և ուրախալի լուրը հաղորդեց Բարաթյանին:

Երևակայիր, քեռին քեզ և ինձ փորձելու համար էր թաքցրել իմ ունեցածի մասին, — գոչեց նա զվարթ ձայնով և պատմեց Պյոտր Սոլոմոնիչի ասածը:

Բարաթյանը մի փոքր շփոթվեց, ամաչելով յուր վարմունքից: Նա զգաց յուր փոքրոգությունը և շտապեց մի կերպ սխալը ուղղել:

Իսկ դու էլ երևակայիր, որ ես էլ քեզ էի փորձում: Օժիտի մասին խոսելով կամենում էի իմանալ, արդյոք կարծիքդ կփոխես իմ մասհն: Այժմ տեսնում եմ, որ դու հավատում ես իմ անկեղծ սիրույն, ուրեմն երջանիկ ենք...

Տասը օր անցած կատարվեց հարսանիքը, մի փառավոր հարսանիք Պյոտր Սոլոմոնիչի շնորհիվ: Հրավիրված էին թեմական առաջնորդը, նահանգապետը, գեներալներ, հյուպատոսներ, քաղաքագլուխը բոլոր առաջնակարգ իրավասուների հետ: Վերջապես, երևան եկավ այդ Ամրակում Աֆանասեվիչ կոչված իրավասուն, որի ասածներից Պյոտր Սոլոմոնիչը միշտ ցիտատներ էր բերում: Դա տեղական հայտնի տուզտերից մեկն էր, հայտնի, բացի յուր դիրքից, երեք արշին շրջապատ ունեցող փորձով և ձմերուկի չափ երեսով: Բարաթյանը յուր կողմից հրավիրել էր ընկերներից միայն մի քանիսին: Անգործ Մսերյանը մոռացվել էր: Խաչեղբայրը Վեքիլյանն էր:

Դիմաքսյանը հրավիրատոմսը պատռեց և ձգեց մի կողմ: Այդ հրավերը նա համարում էր մի նոր ծաղր և վիրավորանք Բարաթյանի կողմից: Նոր պաշտոնը նրան գրավել էր բոլորովին: Օգոստոսի րնթացքում ցուցակագրած թերությունները նա ասպարեզ էր հանել: Կողմնակից հոգաբարձուները, հակառակ դիմադրող կուսակցության, վճռեցին կատարել նրա պահանջները: Իսկ ինտրիգները շարունակվում էին, մանավանդ ուսուցիչների մեջ: Գերմանական մանկավարժ Ինյաթյանը, այդ դեղնագույն աչքերով և սառն դեմքով երիտասարդը վիրավորվել էր, որ տեսչական պաշտոնը իրան չէին հանձնել: Օգնության կանչելով յուր մանկավարժական պաշարը, նա կատաղի կերպով բողոքում էր Դիմաքսյանի դեմ: Նրա կարծիքով, նոր տեսուչը ոչինչ և ոչինչ չէր հասկանում, որովհետև մանկավարժության մեջ մասնագետ չէր: Հանուն Հերբերտ-Ցիլլեր-Պեստալոցիի ուրվականների նա պարզել էր յուր դրոշակը մի լրագրում և անստորագիր հոդվածներով հարվածում էր Դիմաքսյանի սիստեմը: Իսկ Դիմաքսյանը ընդունում էր այդ հարվածները: Ծծում էր նրանց թույնը յուր սրտի մեջ և հաճախ յուր մենության մեջ վրդովվում, որովհետև նրա ուղղությունը բացատրվում էր սխալ, վայրիվերո, անբարեխիղճ կերպով: Հարկավ, նա բոլորին պատասխանում էր: Բայց երբեմն հակառակորդները այնպիսի վտանգավոր ակնարկություններ էին անում, որոնց դեմ նա դժվարանում էր պատասխանել: Դա վերաբերվում էր նրա քաղաքական հայացքներին...

Մի առավոտ նա, սովորության համեմատ, կանուխ զարթնելով, կամեցավ պարապվել մինչև դպրոց գնալը: Բայց զգաց մի թեթև տկարություն և թույլ գլխացավ: Նա չկարողացավ պարապվել: Առհասարակ վերջին օրերը առողջ չէր զգում իրան, բայց ուշադրություն չէր դարձնում: Նա հագուստով պառկեց անկողին հանգստանալու, թեև նոր էր վեր կացել:

Սիրականը սամովարի և կոշիկների հետ ներս բերեց այն օրվա լրագիրները: Այժմ հակառակորդները Դիմաքսյանի դեմ գրում էին գրեթե ամեն օր:

Այս անգամ նրա աչքին ընկավ մի ֆելիետոն: Նա սկսեց կարդալ: Դեռ մինչև այժմ նա յուր մասին չէր հանդիպել մի այդպիսի կծու, ծաղրական գրվածի: Ֆելիետոնի վերնագիրն էր «Ոզնին Լյուտերի քղամիդով»: Երգիծական ոճով պատկերացրած էր մի «հերոս», սնափառության զգացումներով լի: Կերպարանքը նկարագրված էր ճիշտ այնպես, ինչպես Դիմաքսյանն էր, ֆոտոգրաֆիական բոլոր մանրամասներտվ: Որքան ծաղր և հեգնություն կար այդ նկարագրի մեջ, որքան օձային սողոսկումներ դեպի «հերոսի» հոգեկան աշխարհը: «Ոզնին» մտնում է դպրոց, «ոզնին» մտնում է ընտանիքների, հասարակական բոլոր հիմնարկությունների, բոլոր խավերի մեջ: Ամեն տեղ նա ոգևորված նոր մտքեր է քարոզում: «Մկները դուրս են գալիս բներից ականջները և իրանց պոչերը շարժում են նրա առջև»: Մի օր «ոզնին ֆրակ է հագնում, սպիտակ փողկապ կապում, գնում է՝ մի գեղեցիկ և հարուստ օրիորդի ձեռը խնդրելու: Նա արտասուքը աչքերին թավալվում է բազկաթոռից օրիորդի ոտների տակ, անշնորհ կերպով յուր փշերով ծակոտում է ձեռները, նրա հորեղբայրը գալիս է և կոշկի ծայրով «ոզնիին» դուրս շպրտում:

«Կանայք և օրիորդներ, ծերեր և երիտասարդներ, զգույշ կացեք ոզնիից, նա ձեր մեջ է պտտում»:

Նա շպրտեց լրագիրը մի կողմ և ոտքի կանգնեց:

Նա կամեցավ ծիծաղել, արհամարհել, բայց օձը կատաղել էր: Ոչ, թող Մսերյանը անտարբեր մնա յուր փիլիսոփայական հայացքների մեջ, իսկ նա չի կարող սառնարյուն կրել այդ ստոր հարվածները: Ի՞նչ պատասխանել, հարվածը որ կողմից ուղվել, որ խոցոտի, վիրավորի, թավալագլոր անե հակառակորդին:

«Հալածել մարդուն նրա համար, որ նա հանդգնում է յուր գլուխը ձեր ստոր մակերևույթից բարձրացնե՞լ, հալածել նրան տմարդի զենքո՞վ: Այդպես, ուրեմն, դուք ինքներդ ձեր ձեռքով հանում եք այն խցանը, որ հազիվ զսպում էր իմ մեջ կուտված թույնը: Աա , սպասեցեք և կտեսնեք որքան խորը կցցվեն ոզնիի ասեղները հասարակության խոցերի մեջ, որ նրանց միջից դուրս հանեն վարակիչ թարախը»: Նա արագ-արագ անցուդարձ էր անում սենյակում: Նրա երեսին գույն չկար, նա դողում էր ամբողջ մարմնով: Նա փորձեց հարվածին պատասխանել իսկույն, սակայն ձեռը չհնազանդվեց կամքին: Նա շտապով դուրս եկավ տնից: Նա ցանկանում էր հանդիպել մեկին, բերանացի արտահայտել սրտի մաղձը: Նա քայլերն ուղղեց դեպի Մսերյանի բնակարանը: Առավոտյան դեռ ութ ժամն էր: Փողոցներով անցնում էին միայն խոհարարներ, բանվորներ և սայլեր: Երկինքը ամպամած էր, գիշերը մինչև լույս անձրևել էր: Թեթև աշնանային քամին թոթափում էր ծառերի դեղնած տերևները և դարդարում ցեխոտ մայթերը:

Նա այնքան հուզված դուրս եկավ տնից, որ մոռացավ վերարկուն և կալոշները հագնել: Նա զգաց ոտների վրա խոնավության ազդեցությունը: Բայց չկամեցավ տուն վերադառնալ: Նա կառք փնտրեց, չգտավ: Այնինչ Մսերյանը ապրում էր Քուռ գետի մյուս ափում, մի խուլ փողոցի անկյունում:

Դիմաքսյանը անցնում էր կամրջով: Հանկարծ հեռվից նա տեսավ մի կառք, ապա երկրորդը, երրորդը և մի շարք միմյանց հետևից, որ դուրս էին գալիս փողոցի ծայրից: Նա կանգ առավ: Երևի, կառքերից մեկը դատարկ կլինի, պետք է սպասեր Մի րոպեում առաջին կառքը հավասարվեց նրան: Դա մի ծածկած կարեթ էր: Երկու սպիտակ նժույգներ ամպի արագությամբ թռցնում էին նրան առաջ: Մի վայրկյան Դիմաքսյանի աչքերը փակ լուսամտով թափանցեցին կառքի ներսը: Մի թարմ, առույգ և ուրախ երիտասարդ ժպտաց, գլուխը շարժելով: ժպտաց և մի կանացի վառվռուն և երջանիկ դեմք: Նրա կապտագույն աչքերը պսպղացին սև ու երկար թերթերունքների միջից:

Կասկած չկար, որ նրանք էին:

Զույգի հետևից երևեցան Վեքիլյանը տիկին Բախտամյանի հետ, Պյոտր Սոլոմոնիչը Օվսաննայի հետ և մի շարք ծանոթ ու անծանոթ մարդիկ ու կանայք, զույգ-զույգ նստած առանձին-առանձին կառքերում:

Նա կանգնած էր և նայում էր լուռ, սակայն շատ բան արտահայտող, երջանիկ հանդիսի հետևից: Կամրջի ծայրում կարեթը ծռվեց դեպի ձախ: Նա սլանում էր դեպի երկաթուղու կայարանը: Երջանիկ զույգը գնում էր ճանապարհորդելու: Նա ամբողջ մարմնի մեջ զգաց մի տարօրինակ սառնություն: Կարծես, արյունը նրա երակների մեջ դադարեց վազելուց: Անցավ, ուրեմն, նրա աչքի առջև այն երանությունը, որին նա հանդգնել էր մի ժամանակ յուր համար երազել: Գնա՜ց հակառակորդը յուր հաղթության պտուղը վայելելու: Իսկ նա ընկճված, ոչնչացած, հրապարակական ծաղրի ենթարկված, կանգնել է՝ և նայում չքացող բախտի հետևից:

Նա ձեռը հենեց կամրջի լապտերի թուջյա սյունին և անզգայաբար ցած նայեց: Այնտեղ, հսկայական կամարների տակ մռնչալով անցնում էր պղտոր, հորդացած, դեղնագույն գետը: Մի վայրկյան նրա աչքերը մթագնեցին, գլուխը պտտեց, ծանրացավ: Թվաց նրան, որ մի աներևույթ ձեռք մղում է նրան դեպի ցած: Դա ընթացող ջրի ձգողական ուժն էր: Նրա մարմնով անցավ մի սուր սարսուռ: Նա երեսը հետ դարձրեց և վերադարձավ տուն:

Սիրականը, պատշգամբի վրա նստած, լսելի ձայնով կարդում էր «Ոզնին Լյուտերի քղամիդով»: Նրա շիլ աչքերի մեջ նշմարվում էր զվարճության փայլը, երևի, նա գրվածը շատ էր հավանել:

Ներս եկ, — հրամայեց Դիմաքսյանը խեղդված ձայնով:

Նա գրեց երկու նամակ և տվեց ծառային, ասելով.

Տար այս մեկր դպրոց, իսկ մյուսը՝ Մսերյանին:

XVI

Բժիշկ Սալամբեկյանը հիվանդանոցից նոր էր վերադարձել և մեջքի վրա պառկած նայում էր առաստաղին:

«Արդյոք ավելի լավ չէ՞ր լինիլ, մտածում էր նա, մի որևէ վանքում նստած Սաղմոս կարդայի մարդկանց մեղքերի թողության համար, քան թե նրանց բժշկեի մարմնավոր ցավերից»:

Ասում էին և ինքն էլ տեսնում էր, որ բժիշկները առհասարակ ճարպիկ մարդիկ են, դեսուդեն են վազում, միմյանցից հիվանդներ խլում կամ առողջներին հիվանդացնում: Իսկ ինքը ի՞նչ է անտւմ: Ամսական ստանում է հիսուն -վաթսուն ռուբլի և, կարծես, արդեն հասել է բախտի զենիթին:

Следующая страница