Շիրվանզադե Ալեքսանդր՝   Ուղեգրություններ և ակնարկներ հրապարակախոսական

Նայելով այդ պատկառելի դեմքերին և հիշելով դեռ մերձավոր անցյալի դեպքերը, մարդ ակամա մտածում է` մի՞թե այդ մարդիկ կարող էին լինել այնպես արյունարբու, որպես նկարագրում են նրանց: Եվ ի՞նչ է այն դիվային ուժը, որ մերթ ընդ մերթ ստիպում է նրանց դեն ձգել այդ թմրեցուցիչ նարգիլեն և յաթաղանը վերցնել անմեղ մանուկներին ու անպաշտպան կանանց կոտորելու համար:

Հիշում եմ, մի օր, երբ Իշխանաց կղզում հյուր էի մի հայ ընտանիքում, ճաշից հետո դուրս եկանք պատշգամբ սուրճ խմելու: Անցորդների մեջ իմ ուշադրությունը գրավեց մեկը: Դա մի պատկառելի ծերունի էր` բարձրահասակ, պարթև, երկայն ու ձյունի պես ճերմակ մորուսով, վեհ քայլվածքով, գեղեցիկ: Կատարելապես Արքա Լիր:

Ի՛նչ սքանչելի մարդկային կերպարանք, — գոչեցի ես, հիացած:

Ալեզարդ տիկինը դառը ժպտաց և, տխուր հառաչելով, արտասանեց.

Այո, սքանչելի, բայց այդ ծերունին մի օր պարծենում էր, որ մի անգամ ութ ժամ շարունակ հայեր է կոտորել: Եվգանգատվում էր, որ ձեռքը հոգնել էր:

Ես ցնցվեցի: Օ՛օ, Սաթայել է հրեշտակապետի կերպարանքով:

Էյուբի մարմարյա մզկիթն ամենանվիրականն է մուսուլմանների համար: Մահամմեղ Հաղթողն է շինել տվել նրան ի հիշատակ Մեծ Մարգարեի դրոշակակիր Էյուբի, որ 668 թվին Կ. Պոլսի պաշարման ժամանակ սպանվել է: Այդտեղ է պահվում Մարգարեի սրբազան սուրը, և այնտեղ են նոր սուլթաններն իրանց գահակալության առաջին օրը գոտևորվում Օտտոմանի թրով: Մի հատուկ նշանակված հոգևորական գիշեր-ցերեկ հսկում է նվիրական իրերը, խուլ ձայնով կարդալով սրբազան Ղուրանը:

Կահիրեի մզկիթը նշանավոր է իր մոզաիկներով: Ամենահինն է բոլոր մզկիթների մեջ: Նա նախկին վանք է, կառուցված երրորդ դարի վերջերում Հուստինիանոսի օրերով: Այդ վանքի մեջ է իր օրերն ավարտել նշանավոր պատմաբան Նիկիֆոր Գրիգորասը:

Փանոս Թերլեմեզյանը հիացմամբ դիտում էր կիստվեր մոզաիկները: Ես շատ էլ չէի բաժանում նրա հիացումը: Ինձ վրա գեղեցիկն ազդում է, երբ նա միացած է ուժի հետ: Նրբությունը, իրավ է, շոյում է իմ տեսանելիքը, բայց չի ցնցում իմ հոգին, չի կլանում իմ էությունն ամբողջովին, ինչպես օրինակ երաժշտությունն ու դրամանարվեստների այդ երկու քույր թագուհիները...

Բարձրացանք բլուրի վրա ցրված գերեզմանոցները, անցանք գերեզմանների անվերջ շարքերի միջով:

Զուր չէ ժողովրդի երևակայությունն ստեղծել այնքան առասպելներ մահմեդական գերեզմանների մասին: Այդ ցից տապանաքարերն անշուշտ սարսափ են ներշնչում գիշերները, ինչպես կանգուն ուրվականներ: Բոլորն ունին մարդկային ձևեր և յուրաքանչյուրն իր գլխնոցը` ֆես կամ յազմա, նայելով հանգուցյալի դիրքին և աստիճանին: Ոմանք ներկված են, մեծ մասամբ կանաչագույն:

Կանգ առանք բլուրի գլխում: Կ. Պոլիսը, այն ներքուստ այլանդակ, աղտոտ քաղաքը, կերպարանափոխվեց, հագնելով իր կախարդական զգեստը:

Բավական է, այդ տեսարանից չի կարելի կշտանալ: Վերջապես, անոթությունն ավելի զորավոր է, քան գեղեցիկի սերը: Իսկ մենք անոթի ենք:

Իջանք Էյուբ: Ծերունի թուրք խոհարարը աշխույժ պատանու շարժումներով մեզ համար պատրաստեց տկողինի չափ մանր կտորներից մատի չափ շամփուրների վրա խորոված: Ես կերա տասնումեկ շամփուր, Թերլեմեզյանը կերավ տասնութ շամփուր: Ես հալվա չկերա, նա հալվա էլ կերավ: Ահա տարբերությունը նկարիչի և գրողի միջև:

Ի՛նչ սիրալի են թուրքերը, որքա՛ն քաղաքավարի ու որչափ կիրթ իրանց ձևերի ու վայելուչ` իրանց խոսքերի մեջ: Մարդ ապշում է տեսնելով այն անդունդը, որ կա թուրքի արտաքինի և ներքինի միջև:

Ահա այդ խաբուսիկ արտաքինն է, որ այնպես կաշառում է եվրոպացուն և այնքան նպաստավոր տպավորություն թողնում նրա վրա թուրք «քաղաքակրթության» մասին:

Արևելքի մեջ ամեն ինչ եվրոպացուն թվում է խորհրդավոր և խորիմաստ, նույնչափ ամենաչնչին բաները: Հաճախ նրա երևակայությունն է ստեղծում իմաստ և խորհուրդ` իրերը թանձր գունավորելու մի զարմանալի ցանկությամբ:

Շատ էի լսել Կ. Պոլսի «պարող» և «գոռոզ» դերվիշների մասին: Ժամանակս ներեց տեսնել միայն պարողներին կամ պտտողներին:

Հետաքրքրվեցի իմանալ` կա՞ արդյոք որևէ խորհուրդ այդ տրօրինակ աղանդի մեջ, բայց ահա տեսարանը, որ կրկնվում է շաբաթը հինգ անգամ Կ. Պոլիսի զանազան մասերում:

Բեմը մի ընդարձակ սրահ է հայելու պես ու փայլուն հատակով: Ներս են մտնում մեկը մյուսի հետևից մեկուկես տասնյակ աղանդավորներ: Նրանք ոտաբոբիկ են, հագած են կանացի լայն ու ճերմակ շրջազգեստ, վրեն սև ծածկոց և գլուխներին երկայն թաղիքյա գդակներ, բաժանվում են երկու կարգերի և կանգնում են դեմուդեմ: Գալիս է նրանց ավագը նույն ձևով հագնված, միայն կանաչագույն բաճկոնով: Նա հանդիսավոր քայլերով մոտենում է սրահի ծայրում ծալապատիկ նստած «Միհրաբ»-ին և արտասանում է մի աղոթք:

Աղոթքին հետևում է ղուրանից մի հատված` երգի եղանակով և նվագարանի ներդաշնակությամբ: Հանկարծ լսվում է թմբուկի մի թնդյուն: Դա նվագարանապետի նշանն է: Բոլոր դերվիշները, որ այդ ժամանակ նստած են, արագությամբ ոտքի են ելնում, ձեռներն ուժգին զարկելով հատակին, և սկսում են պտտել սրահի շուրջը: Ավագը կանգնում է Միհրաբի քով: Յուրաքանչյուր դերվիչ նրա առջևով անցնելիս գլուխը խոնարհեցնում է ի նշան երկրպագության և, ոտը ոտին զարկելով, երեսը դարձնում է դեպի իրան հետևող դերվիշը: Հետո ամենքը կանգ են առնում իրանց տեղերում մի քանի րոպե և երաժշտություն լսում: Հանկարծ մի շարժումով ձգում են իրանց ուսերի վրայից սև ծածկոցները և սկսում են կանոնավոր պտտել իրանց շուրջը և սրահի շուրջը: Նրանց թևերը տարածված են հորիզոնաձև, մեկը ձեռներից բաց ափը դեպի վեր, ողորմություն աղերսում, մյուս ափը դեպի վար, իբր թե ողորմություն է տալիս:

Պտույտները գեղեցիկ են, թևերի պահվածքը կանացի, շրջազգեստների սավառնումն օդային: Մարդիկ նմանվում են թևատարած կարապների, ճերմակ ու թեթև: Այդ պտույտները կրկնվում են երեք անգամ, իրարու հաջորդելով կարճատև դադարից հետո: Վերջապես, դերվիշները նստում են հատակի վրա: Մեկը ձգում է նրանց ուսերի վրա սև ծածկոցները: Նրանք ոտքի են ելնում, մոտենում են ավագին և ջերմ եռանդորեն համբուրում են նրա աջը:

Տեսարանը տևում է մի ժամ: Ավագն արտասանում է «Մերհաբա», դերվիշները միաձայն երեք անգամ կրկնում են «Ամին»:

Ես դուրս եմ գալիս տարակուսած. ի՞նչ է նշանակում այդ բոլորը: Նայում եմ Բեդեկերի ստրուկ անգլուհիներին և նրանց սերկևիլագույն դեմքերի վրա կարդում եմ նույն տարակուսանքը...

Կ. ՊՈԼՍԻ ՇՐՋԱԿԱՅՔՈՒՄ

Սկյութարի կռնակի բարձունքներից Կ. Պոլիսը ներկայացնում է մեկն իր կախարդական տեսարաններից:

Շոգենավը Բոսֆորի նեղուցը կտրելիս` ճամփորդի ուշադրությունը գրավում է մի փոքրիկ կղզի: Վրեն մի տնակ և մի աշտարակ:

«Ղըզ-Գյուլեսի» է այդ կղզու անունը, թեև եվրոպացիները նրան անվանում են «Լեանդրի աշտարակ»:

Թուրքերը հետևյալ ավանդությունն ունին այդ աշտարակի մասին:

Մի թափառական գնչուհի Սուլթան Մահմեդին գուշակում է, թե նրա աղջիկը Մեհար Շեհիբին մեռնելու է օձի խայթումից: Սուլթանն իր զավակի կյանքը ապահովելու համար շինել է տալիս Ղըզ-Գյուլեսին Բոսֆորի մեջ և այնտեղ է բնակեցնում նրան ապահով, որ ոչ մի սողուն չի կարող անցնել կղզի:

Մեհար Շեհիբի գեղեցկության համբավը հասնում է պարսկական շահի որդուն, որը առանց տեսնելու սիրահարվում է նրա վրա: Իբրև իր սիրո ցույց մի օր նա գեղեցկուհուն ուղարկում է մի փունջ: Ճակատագրի կամքով ծաղիկների մեջ սպրդած է լինում մի թունավոր օձ, որ խայթում է Մեհար Շեհիբին: Գալիս է շահի որդին և թույնը ծծելով գեղեցկուհու վերքից` փրկում է նրա կյանքը: Երախտագետ սուլթանը շահզադեի անձնվիրությունը վարձատրում է, ամուսնացնելով նրան իր աղջկա հետ6:

Կարծում եմ վատ նյութ չէ ժողովրդի ստեղծագործություններից այնքան օգտվող բանաստեղծների համար:

* * *

Իմ պիեսներից մեկի ներկայացման հետևյալ օրը Սկյութարում հրավիրված էի այցելելու Հայ Կարմիր հաչի տեղական ապաստարանը: Այնտեղ տեսա պոլսուհու մայրական խնամքը թշվառների համար: Ընդարձակ և լուսավոր սենյակների իդեալական մաքրությունը, առատ սնունդ, փոքրերի համար դպրոց և ամեն ինչ, որ կարող է ամոքել թշվառությունը:

Սենյակներից մեկում որբերը ճաշի համար բանջարեղեն էին մաքրում: Կառավարչուհին ականջիս շշնջաց.

Ուշադրություն դարձրեք այն կողմ, ուր պիտի երթամ:

Եվ մոտեցավ մի խումբ դեռահաս աղջիկների` ինչ որ պատվիրելով: Նրանք կանգնած էին պատի տակ քով-քովի, պատժի ենթարկված աշակերտուհիների դիրքում: Բոլորը նիհար էին, բոլորի վաղաժամ թառամած հողագույն դեմքերի վրա երևում էր հուսահատության և ամոթի կնիքը: Ամեն մեկի ուսերի վրա կար մի շալ: Նկատեցի, որ յուրաքանչյուրն աշխատում է նրա ծայրերով թաքցնել իր որովայնը: Մեկը երեսը դարձրեց պատին և հեկեկաց:

Պղծված կույսեր էին: Նոր էին բերվել Անատոլիայի խորքերիցՀայ դժոխքի կենտրոնից...

* * *

Կատը-Քյոյը կամ, ինչպես պոլսահայերն են գրում, Գատիը-Գյուղը, նախկին Քաղկեդոնն է: Հիմնված լինելով Բյուզանդիոնից տասնևյոթ տարի առաջ, նա ունի պատմական անցյալ, որի բեկորները հազիվհազ նշմարվում են այս ու այն տեղ: Այժմ Կատը-Քյոյը չունի առանձին արժեք, բացի իր նորաձև տներից և համեմատաբար կանոնավոր փողոցներից:

Գեղեցկության տեսակետից Կ. Պոլսի շրջակայքում առաջին տեղը պատկանում է Պրինկիպոյին, որ Իշխանաց ինը կղզիների մայրն է: Նա ամենամեծն է, ամենաբարձրը և ամենաշքեղն իր փարթամ վիլլաներով, պարտեզներով և բարձունքներից երևացող սքանչելի տեսարաններով դեպի ծովն ու ցամաքը:

Այղ կղզու վրա են վայելել իրանց զբոսանքի և անկման ժամերը մեր միջին դարերի բյուզանդական իշխանները: Այժմ նրանց փոխարինում են ռուս պաշտոնյաները, գեներալներն ու սպաները, որոնք իրանց հետ բերել են ցարական շրջանի ամբողջ «քաղաքակրթությունը»:

Եղա և մի քանի ուրիշ կղզիներում, բայց նրանք ինձ վրա պակաս տպավորություն գործեցին: Պրինկիպոն մի գեղեցկուհի մայր է, որի զավակներից ոչ մեկը չունի նրա գեղեցկությունը:

Իմ թափառումների ժամանակ ես աշխատում էի ծովի վրա լինել իրիկնադեմին, երբ արեգակը հրաժեշտ է տալիս ծովին ու ցամաքին: Ով մի անգամ օրվա այդ պահին տեսել է Կ. Պոլիսը ծովի վրայից, չի կարող երբեք մոռանալ տեսարանը:

Կ. Պոլիսի գլխավոր հմայքը նրա մզկիթներն են և նրա աժուռ մինարեթները: Թուրքն ամեն բանից զրկել է երկիրը և ոչինչ չի խնայել երկնքի համար, նույնիսկ վերջին կաթիլը խղճի և բանականության: Համեմատեցեք Կ. Պոլսի մզկիթները տների հետ և դուք կապշեք այն տարբերության վրա, որ կա Աստծու տան և մարդու կացարանի միջև:

Մզկիթը թուրք հանճարի ստեղծագործությունն է, մի հատիկ պարգևը գեղեցիկին, որով նա կարող է պարծենալ:

Ժամանակը մարդկության մտքից կջնջե բոլորը, ինչ որ արել է օսմանցին իր հինգ դարվա պատմության ընթացքում, կմնան երկու բան` Ոճիրը և Մզկիթը. վերջինն որպես նախատինք անկաշառ Աստծուն, որ թույլ է տալիս իրան այդպես կաշառվելու:

ANDCRA DORIA

Դաշնակիցները Կ. Պոլիսը լեցնելով ցամաքի զորքերով, ավելորդ չէին համարում նրա դեմ կանգնեցնել մի տասնյակ ծովային հրեշներ, որոնք կարող էին մի հարվածով հիմնիվեր ավրել նախկին Բյուզանդիոնը:

Մեծ դժվարությամբ է թույլ տրվում օտարներին այդ զրահավորների վրա ոտք դնելու: Սակայն չկան դռներ, որ չունենան բանալի: Իտալական ինժեներ Մկրտիչ Բասմաճյանը, մի վերին աստիճանի կիրթ ու սիրալիր երիտասարդ, կարողացել էր Angrea Doria դրեդնոուտի հրամանատարին համոզել, որ Իտալիայի ծովային հզորությանը ոչ մի վտանգ չի սպառնում մի հայ գրողի և նրա դստեր կողմից: Եվ ահա մի օր Բոսֆորի ափի մոտ մեզ սպասում էր մի կոկիկ շոգեմակույկ` չորս մաքուր հագնված նավազներով: Մենք ելանք նրա վրա և տասը րոպե չանցած արդեն տիտանի վրա էինք:

Դուք այստեղ կտեսնեք գիտության վերջին խոսքր, — ասաց նավապետի երիտասարդ օգնականը, իր պաշտոնակիցների խմբով դիմավորելով մեզ պողպատյա տախտակամածի վրա:

Եվ գեղեցիկ է Անդրեա-Դորիան, և զարհուրելի գեղեցիկ` իր անունով և արտաքին տեսքով, զարհուրելի` իր դժոխային ուժով և իր կոչումով:

Հեռվից Անդրեա-Դորիան` նմանվում է մի նազելի կարապի, որ թևերը ծալած հանգչում է ջրի երեսին անշարժ: Նրա պողպատյա կտուցը ցցված է վեր հպարտ: Նրա արծաթափայլ կողերի ու կրծքի վրա ջրի վետ-վետ շողերը բեկբեկվում են բյուրավոր ադամանդների պես:

Իր վեհության մեջ Անդրեա-Դորիան անդորր է, ինչպես ինքնավստահ թագուհին գահի վրա: Իր ուժի գիտակցությամբ նա արհամարհում է ամեն ինչ, որ իր շուրջն է: Եվ ամեն ինչ փոքր ու տգեղ է երևում նրա քով:

Ասում են Անդրեա-Դորիան երկյուղ չունի ծովերից ու օվկիանոսներից: Մրրիկներն ու փոթորիկները նրա համար զբոսանք են:

Այժմ նա անշարժ է: Մարմարոցի կատաղի ալիքներն են խաղում նրա հետ: Ուժգին կերպով արշավելով նրա վրա, ետ են մղվում ջարդուփշուր եղած: Եվ զայրանում են, որ չեն կարող մազու չափ երերել այդ տարօրինակ կենդանուն:

Մեկն Անդրեա-Դորիայի հսկա ծխնելույզներից գիշեր-ցերեկ ծուխ ու բոց է ժայթքում, ինչպես Վեզոլվի հրաբուխը: Բոցի կայծերը չքանում են օդի մեջ, իսկ ծուխն երկնակամարի վրա ձգում է մի աղեղնաձև ժապավեն:

* * *

Մի ամբողջ քաղաք է Անդրեա-Դորիայի որովայնը: Այնտեղ հազար ու վեց հարյուր մարդ է բնակվում` պատրաստ ամեն վայրկյան ծառայելու մահու Աստծուն: Ոչ մի կին, ոչ մհ երեխա, ոչ մի ծերունի: Թույլերն այնտեղ գործ չունին:

Ամեն ինչ նախատեսնված է այդ ահագին բազմության համար: Այնտեղ կան ամեն տեսակի արհեստանոցներ: Այնտեղ չկա միայն դագաղի գործարան, վասնզի ծովագնացները, միայն մի դագաղ ունին և մի գերեզմանԾովը: Բայց այնտեղ կան հիվանդանոց, դեղատուն, գրադարան, տպարան, թատերական բեմ, սալոններ, դաշնամուր, և այլն և այլն:

Այս բոլորը ջրի տակ է. Անդրեա-Դորիան միայն կրծքից վեր է ջրի երեսին: Նրա ահռելի մեծությունը աչքով չափելու համար պետք է ներս մտնել: Պետք է անցնել անթիվ անցքեր, որ այդ ծովային քաղաքի փողոցներն են: Դա մի ամբողջ ճամփորդություն է լաբիրինթոսի մեջ: Մի ճամփորդություն, որ առանց ուղեցույցի անհնարին է կատարել:

Ջրից վեր միայն այս մասերն են, որոնց պաշտոնն է մահ սփռել չորս կողմ: Վարը` կյանքը, վերը` մահ: Տեսնո՞ւմ եք հեռվից այն կլոր ծակերը, որ զարդարում են տիտանի կողերը: Նրանց մեջ են տեղավորված մահվան գործիքները: Յուրաքանչյուր ծակից նայում է մի-մի հրեշի կոկորդը նավթահորի լայնությամբ: Խոշորագույն թնդանոթները տեղավորված են տախտակամածի վրա, իրանց զրահների մեջ: Պողպատյա աշտարակներ են շինված, հատկապես, նրանց սոսկալի բերաններն այս կամ այն կողմ դարձնելու համար: Սակայն մի մանուկ կարող է պտտեցնել այդ աշտարակները, այնքան ճարտարարվեստը դյուրացրել է նրանց պտույտը:

Մեծ թնդանոթների ռումբերն ունին 1012 տարեկան մանուկների բարձրություն: Ավելի քան քառասուն կիլոմետր են թռչում նրանք: Եվ մաթեմատիկական ճշտությամբ ընկնում են, պայթում այնտեղ, ուր հղել է նրանց` մարդու կամքը:

Մի գեհեն է Անդրեա-Դորիայի մեքենաների բաժինը, սակայն ոչ խավար և ոչ խեղդուկ: Էլեկտրականությունը նրան մատակարարում է և՛ լույս, և՛ օդ: Մաքրությունն իդեալական է. պղինձն ու պողպատը փայլում են ոսկու ու արծաթի փայլով:

Մենք ենք նավի սիրտը, — ասաց մեքենապետը համեստ ժպիտով, — եթե մենք պայթենք, նա կործանված է:

Ահա, մեքենան նավի սիրտն է, իսկ նրա գլուխը հրամանատարն է: Եվ այդ գլուխն է միայն, որ գործում է կռվի ժամանակ: Նա է մտածում ամենքի փոխարեն և նա է կարգագրում պողպատյա կամրջի այն բարձունքից, ուր տեղավորված է նրա խցիկը:

Մարդիկ լուռ են ինչպես ուրվականներ, երբ սկսվում է ռմբակոծությունը, լույսերն են խոսում ու բանակցում: Յուրաքանչյուր լույս իր գույնն ունի և յուրաքանչյուր գույն` իր լեզուն ու իր իմաստը:

* * *

Այո, զարհուրելի է Անդրեա-Դորիան, սակայն անհաղթելի չէ: «Սարսափ» անունը կրելով, նա ինքն էլ ունի իր սարսափը: Ահա այն փոքրիկ առարկայից, որի նմանն ունի իր որովայնի մեջ հարյուրավոր:

«Ական» է այդ առարկայի անունը: Նա նույնպես պողպատյա է և ունի ոչ պակաս բարդ կազմվածք, քան ինքը Անդրեա-Դորիան: Դժվար է, գրեթե անհնարին է նրա հետ պայքարելը: Բոլոր միջոցները, որ մինչև այժմ հնարել է գիտությունը, անզոր են այդ փոքրիկ ձկնանման սատանայի դեմ:

Նա միշտ ջրի տակ է, միշտ աննկատելի: Ոչ ոք չգիտեք թե որտե՞ղ է նա և ո՞րտեղից պետք է հարձակվի: Նա մի կույր օձ է, որ միայն նրան է խայթում, ով դիպչում է իրան:

Սոսկալի է նրա հարվածը և անխուսափելիորեն մահաբեր: Նա ինքը կործանվելով, կործանում է իր թշնամուն: Թող լինի այդ թշնամին օվկիանոսների սարսափը: Հաճախ նա ածելիի սրությամբ կիսում է իր զոհին միջից, ինչպես կայծակ: Այդ դեպքում մի քանի վայրկյանում ծովի հատակ են գնում հազարավոր մարդիկ և տասնյակ միլիոնների հարստություն:

* * *

Ես դուրս եկա տարտարոսից անզորացած ու ընկճված, այնքան ազդել էր ինձ վրա այդ դժոխային ծնունդը մարդկային ուղեղի: Ահա ուրեմն, գիտության վերջին խոսքը: Եվ ո՞ւմ համար է արտասանված այդ խոսքը... Այն չար Աստծու, որ առանց գիտության օգնության էլ ամենազորն է բոլոր աստվածների մեջ:

Սալոններից մեկում մենք հյուրասիրվեցինք շամպայնով և անուշեղենով:

Բասմաճյանն իտալերեն թարգմանեց իմ խոսքը, որ արտահայտում էր իմ շնորհակալությունները սիրալիր հյուրընկալներին և իմ հիացումը Իտալիո հանճարին...

ՎԵՐՋԻՆ ՕՐեՐ Կ. ՊՈԼՍՈՒՄ

Մի քանի օր ևս, և պետք է հեռանալ. Կ. Պոլսից: Առջևս կա ահագին ճամփորդություն. Աստված գիտե` որքա՛ն պիտի, տևե նա:

Խոստումներ ունիմ, որ պարտավոր եմ կատարել: Նախ մի քանի փոխայցելուններ, ապա... ոչ, այս մեկն ինձ դուր չի գալիս` ատենախոսությունը: Ահ, եթե հայ կանանց Լիգայի վարչությունը բարի լիներ վերադարձնելու ինձ իմ անզգույշ խոստումը:

Բայց նա համառում է:

Չըլլար, պիտի բանախոսեք, մենք արդեն ծանուցել ենք օրաթերթերի մեջ, — կրկնում է եռանդուն նախագահուհին իր սեռին հատուկ կամակորությամբ:

Բայց, տիկին, ես բանախոս չեմ, իմ պերճախոսությունը կաղում է: Վերջապես, գրողի լեզուն գրիչն է:

Աղեկ, այն ատեն կարդացեք ձեր գործերեն մեկը:

Լավ: Ես կկարդամ իմ «Արմենուհի» պիեսը: Կլսե՞ք:

Ուրախությամբ:

Չեմ թաքցներ, ընտրությունս նենգամիտ էր: Ես ուզեցի փորձել, ինչպես պիտի վերաբերվի պոլսուհին իմ խեղճ հերոսուհուն, որ այնպես քարկոծվեց մի քանի լրագրական իմաստակների և մի խումբ փարիսեցիների կողմից:

Կարդացի «Արմենուհի»-ն մի ընդարձակ հասարակական դահլիճում, որի անունը մոռացել եմ:

Խոստովանում եմ, եթե այդ օրը գեթ մի հատիկ պարապ աթոռ նկատեի, պիտի վիրավորվեի: Ոչ իմ ինքնասիրության համար, քավ լիցի, այլ Արմենուհու համար: Պետք էր վշտանայի նույնպես, եթե հերոսուհուս հոգեկան տառապանքներն այնպես չհուզեին իր ունկնդիրներին և նրա բուռն բողոքները հայ կնոջ ընտանեկան կիսաստրուկ վիճակի դեմ չարժանանային նրանց հուզմանն ու ծափերին: Այդ օրը ինձ համար եղավ մի նոր ապացույց, որ հայ կինը, ուր ևս լինի, Թիֆլիսում թե Կ. Պոլսում, պարզապես շատ ու շատ բարձր է հայ տղամարդից:

* * *

Գնալը կղզում ունեցա մի թեթև անախորժություն:

Մի երեկո այնտեղ դերասանական խումբը ներկայացանում էր «Ավերակների վրա» պիեսը: Առաջին թե երկրորդ միջնարարին եկավ թուրք ոստիկանությունը և խաղն արգելեց: Պատճա՞ռը: Իբր թե պիեսը գրաքննիչից թույլտվություն չունի:

Խումբը բողոքեց, հասարակությունը նույնպես: Ոչինչ չօգնեց, նույնիսկ շնորհալի դերասան Նշանյանի ահեղ ձայնի որոտները:

Հասարակությունը լուռ ցրվեց, թողնելով տոմսակների վճարը մի ուրիշ ներկայացման համար:

Հետո մի քանի անձինք թուրք ոստիկանության վարմունքն ինձ բացատրեցին այսպես: Որպես թե մի երկու բարի հայեր նրա ականջին շշնջացած են լինում, թե պիեսի բովանդակությունը հակաթրքական է, թե «Ավերակների վրա» վերնադիրը ուրիշ ոչինչ չէ, թե ոչ Հայաստանի ավերակներ և այլև: Ոստիկանությունը հավատում է բարի հայերին: Որքան ճիշտ է այսչգիտեմ: Գրում եմ այն, ինչ որ ինձ ասացին:

Բայց բավական է, ժամանակ է հեռանալ Կ. Պոլսից:

Հոկտեմբերի 29-ին իտալական լավագույն շոգենավերից մեկն Իզմիր է ուղևորվում:

ԴԱՐԴԱՆԵԼԻ ՆԵՂՈՒՑՈՎ

Մեր ուղևորվելու օրր Կ. Պոլիսը մեզ հյուրասիրեց բնության սքանչելի խաղերից մեկով:

«Գալիցիա» շոգենավը խարիսխ էր ձգել ափից հեռու, այնտեղ, ուր Բոսֆորը գրկախառնվում է Մարմարայի հետ:

Ճիշտ այն պահին, երբ նավակ նստեցինք, առավոտից սկսած անձրևը փոխվեց հեղեղի: Մինչև շոգենավին հասնելը նավակը կիսով չափ լցվեց ջրով: Թուրք թիավարները երկինքն անիծեցին, բայց մեզ անվտանգ տեղ հասցրին, հարկավ ոչ ախորժելի վիճակում:

Մինչ ես իմ խցիկում զբաղված էի հագուստ փոխելով, դրսում բնությունը պատրաստում էր մի մոգական տեսիլ:

Երբ ելա տախտակամածի վրա, մնացի ապշած: Հեղեղը դադարել էր, ամպերը չքացել էին, բայց նրանց հետ չքացել էին և Բոսֆորն իր ափերով, և հեռավոր լեռներն ու բլուրները, և մերձավոր ԿադըՔյոյը, Սկյութարը, Կ. Պոլիսը, ամեն ինչ: Մնացել էր միայն մի բաներկինքը: Մի բաց մանիշակագույն թափանցիկ վրան ոչ միայն մեր վերը, այլև չորսկողմը, վարը: Մեր շոգենավը, որ տեղից չէր շարժվել տակավին, թվում էր օդի մեջ կախված: Ուրիշ նավեր չկային, միայն հեռու, շատ հեռու երևում էին երեք առագաստավոր, սև, ինչպես թևատարած ագռավներ: Երեքն էլ ծովի վրա չէին, այլ երկնքում, որովհետև ծով չկար:

Տպավորությունն այնպես էր, որ ինձ թվում էր, թե մենք երկնքի մեջ ենք: Շոգենավը մեղմիկ օրորվում էր: Ես այնքան ազդվեցի այդ տարօրինակ երևույթից, որ սիրտս սկսեց ուժգին բաբախել: Բայց ուրախ էի, այնքան ուրախ, որ ուզում էի գոռալ աղաղակել: Կարծես նույն վիճակում էին և մյուս ճամփորդները: Ամենքը բերանբաց և անշարժ դիտում էին տեսարտնը: Միայն շոգենավի սպասավորներն ու նավազներոն էին անտարբեր:

Աղջիկս իր խցիկումն էր: Ուզում էի վազել, դուրս կանչել նրան, բայց տեսարանն ինձ կախարդել ու կաշկանդել էր իր անօրինակ գեղեցկությամբ:

Վերջապես, մանիշակագույն շղարշն սկսեց հետզհետե նոսրանալ և հանկարծ չքացավ, ինչպես էլեկտրական լույս: Ծովն անջատվեց երկնքից, և նորեն ամեն ինչ ստացավ իր բնական կերպարանքն ու գույները:

Միրաժ էր, — ասացին նավազներն անտարբերությամբ, — մեզ համար նոր երևույթ չէ:

«Գալիցիա»-ն շարժվեց և, քերելով Սթամբուլի, ապա Իշխանաց կղզիների խոնավ ափերը, անցավ Մարմարայի խորքը:

Մնաս բարև, Կ. Պոլիս: Վերադարձին կտեսնվենք, եթե ճակատագիրը կամենա:

* * *

Ամբողջ գիշերը չկարողացա քնել: Վայ այն ճամփորդին, որ անախորժ ուղեկիցների հետ է:

Այս անգամ կաբինի հարևաններս էին երկու թոքախտավոր արաբներ, որ գնում էին Եգիպտոս բժշկվելու: Մեկը նրանցից շարունակ հազում էր ու մրթմրթում, մյուսն անընդհատ զառանցում էր, մերթ ընդ մերթ գոռալով խուլ ձայնով, որ, կարծես, դատարկ կարասի խորքերից էր գալիս:

Առավոտյան ոտքի ելա կանուխ և առաջինը բարձրացա տախտակամածի վրա:

Մարմարան անցել էինք գիշերով, մոտենում էինք Դարդանելին: Եղանակը պարզ էր, ծովն անդորր: Անհանգիստ ճայեր սավառնում էին շոգենավի շուրջը և, մերթ ընդ մերթ վար իջնելով, կտցահարում էին ծովի մակերեսը: Ուտելիք էին որոնում իրանց համար:

Մեկը մյուսի հետևից դուրս եկան ճամփորդները, շատերը զինված` հեռադիտակներով:

Ծովն սկսեց հետզհետե սեղմվել, ափերը մոտեցան իրարու: Ասիան և Եվրոպան, որ գիշերը բաժանվել էին միմյանցից, նորեն եկան դեմառդեմ:

Մտանք հռչակավոր նեղուցը: Ահա սկսվեցին երևալ ամրոցներն ու զորանոցները: Բոլորն աջ, այսինքն եվրոպական ափերի վրա են: Ձախ ափերի վրա երևում են ինչ-որ կանոնավոր քառակուսի հողաթմբեր: Ասում են, թնդանոթներ կան նրանց մեջ: Չգիտեմ, ոչինչ չեմ տեսնում:

Առհասարակ սկզբում նեղուցն այն տպավորությունն է անում, որ մարդ դժվարանում է հավատալ, թե դա է երկու ծովերի այն դժոխային կոկորդը, որ այնքան մարդկային կյանքեր է կլանել: Ափերը բարձր չեն, հազիվ 1015 ոտնաչափ վեր ծովի մակերևույթից: Միայն, նեղուցից հեռանալով, նրանք բարձրանում են աստիճանաբար և գոյացնում դարավանդներ ու բլուրներ: Նեղուցի լայնությունն աչքի չափով մոտ մեկուկես կիլոմետր է: Ես ավելի նեղ էի երևակայել Դարդանելը և բարձր` ուղղահայաց ժայռերի մեջ:

Ծովը տակավին ժպտում է ուրախ: Չի երևում մարդկային վերջին Մեծ Ոճիրի հետքը: Կարծես, այդ վճիտ ջրերը չեն, որ ներկվել են կես միլիոն մարդկանց արյունով: Բնությունը քարե տախտակ է, ժամանակը` սպունգ, ինչ որ գրվում է մեկի վրա, մյուսը ջնջում է...

Բայց ահա մի խորտակված զրահակիր: Նրա ծխնելույզներն են միայն երևում: Ահա երկրորդը, երրորդը, չորրորդը զանազան դիրքերում: Մեծ չէ նրանց թիվը, բայց մեծ է եղել. պիտանիները դուրս են բերվել, մնացել են անպետքները:

Հելլեսպոնտոս, Լեանդր, Հերո, — լսեցի քովս մի ձայն:

Նայեցի: Մի երիտասարդ հույն հետը կանգնած ֆրանսուհուն պատմում էր իր ազգի հարուստ անցյալից մի գեղեցիկ էջ:

Ես լսեցի.

Ահա այստեղից է երիտասարդ Լեանդրն, ամեն գիշեր ափից ափ լողալով, անցել հելլեն գեղեցկուհի Հերոյի հետ գրկախառնվելու համար: Մի գիշեր նա, փոթորիկի հանդիպելով, ծովն է սուզվել ու խեղդվել: Հերոն, չկարողանալով տանել իր վիշտը, ձգել է իրեն ծովի մեջ ու նույնպես կործանվել: Այսպես են սիրել մեր նախնիքները: Ահա ճիշտ այստեղ է անգլիացի հանճարեղ բանաստեղծ Բայրոնը ափից ափ լողալով անցել:

Ահա, վերջապես, և հռչակավոր Գալիպոլին իր զորանոցների արյունագույն տանիքներով և ճերմակ պատերով: Ո՞վ կարող է հավատալ, որ այդ փոքրիկ անդորր գյուղաքաղաքը երկու տարի շարունակ համայն մարդկության ուշադրության կենտրոնն է եղել:

Ափերը նորեն բաժանվեցին իրարից: Մտանք Եգեյան ծովը: Աջ կողմը Հունաստանն է, ձախ կողմը Ասիական Թուրքիան. երկու հավիտենական թշնամիներ, որ ավա՛ղ, երբեք և երբեք չեն կարող հաշտվել...

ԻԶՄԻՐՈՒՄ

Առավոտյան ութ ժամը դեռ չէր լրացել, երբ մեր նավը կանգ առավ Իզմիրի սքանչելի ծովածոցում:

Իմ երկամյա ճամփորդության ընթացքում քաղաքից քաղաք տեղափոխվելիս, հակառակ սիրալիր հայրենակիցներիս հանդիմանություններին, ոչ ոքի չէի գրում կամ հեռագրում իմ ժամանման մասին: Իրավունքիցս դուրս էի համարում բարեսիրտ մարդկանց անհանգստացնել: Այս նրբազգացությունը կարող էր ինձ կրածներիցս ավելի նեղություններ պատճառել, եթե չլիներ հայ լրագիրների բարի վերաբերմունքը դեպի ինձ: Այս տեսակետից արևմտահայ մամուլն ավելի կիրթ է և ավելի հյուրընկալ, քան ռուսահայ մամուլը:

Բարի գալո՛ւստ, — դիմավորեց մեզ Իզմիրի քարափի վրա մի հայ այն պահին, երբ մենք պատրաստվում էինք կառք նստել, — լրագիրներից գիտեինք, որ պիտի գաք: Ի՞նչ, կա՞ռք: Քավ լիցի: Իզմիրի փողոցները կառքերի համար չեն: Պանդոկները երկու քայլի վրա են:

Եվ սիրալիր մարդը, որի անունը դժբախտաբար մոռացել եմ, մեզ առաջնորդեց դեպի պանդոկները:

* * *

Զինադադարից հետո Իզմիրն անցել է հույների ձեռքը: Չնայած դաշնակից պետությունների զանազան միջամտություններին, փաստորեն նրանք են տերերն ու տիրականները երեք հարյուր հազար բնակչություն ունեցող քաղաքի:

Պատերազմի ընթացքին քրիստոնյա ազգաբնակլությունը, որի մեջ հայերի թիվը մոտ քսան հազար է, կրել է թուրք կառավարության բոլոր բռնությունները: Ճշմարիտ է, մասսային կոտորածներ չեն եղել, բայց անիրավ ձերբակալություններ, հալածանք, աքսոր, մասնակի ոճիրներ տեղի ունեցել են: Հայերը շատ դեպքերում իրենց կաշին փրկել են կաշառքով:

Իզմիրը Այդնի վիլայեթի գլխավոր քաղաքն է և Կ. Պոլսից հետո առաջին առևտրական կենտրոնն է ամբողջ Լևանտի: Խոշոր առևտրական տները մեծ մասամբ եվրոպացիների ձեռքումն են և մասամբ հայերի ու հույների:

Ժամանելուց երկու թե երեք օր անցած` Սերովբե Դավթյանի ուղեկցությամբ այցելեցի երկրի խոշորագոլյն մանուֆակտուրիստին: Տեղն է ասել, որ արևմտահայերն ամենուրեք սովորություն ունին այցելուներ ընդունել իրանց գրասենյակներում կամ խանութներում, եթե օրը կիրակի չէ:

Միհրան Ազնավորյան, — այս անունն ինձ ծանոթ էր դեռ Կովկասում: Գիտեի, որ դա մի շատ կրթասեր և մասնավորապես թատերասեր մարդ է, իսկ Կ. Պոլսում լսել էի, որ այժմ նա խնամում է մեծ թվով որթեր: Մի բան, որ հետո ինքս ստուգեցի, այցելելով նրա հաշվով պահվող ընդարձակ որբանոցը:

Ահագին քարվանսարայի չափ խանութում ինձ սիրալիր դիմավորեց մի տիկին ալեխառն մազերով, բայց շատ երիտասարդ դեմքով և կապտագույն աչքերով:

Տիկին Ազնավորյան, — ասաց նա, հրավիրելով մեզ մաքուր կահավորված մի ընդարձակ գրասենյակ, — ամուսինս իսկույն կգա: Ի՞նչպես եք, հանգի՞ստ եք, վաղուց էինք սպասում:

Շուտով երևաց և տիկնոջ ամուսինը: Բարձրահասակ մի տղամարդ, երկայն ալեխառն ընչացքով, մաքուր սափրած երեսով, մեկն այն հին սերունդի հուժկու և բարեհամբույր տիպերից, որ առաջին իսկ հայացքով գրավում են պատկառանք և համակրանք:

Կես ժամվա մի հատ ու կտոր զրույց այդ փորձնական և ժամանակի արժեքն հասկացող մարդու հետ բավական եղավ, որ ես որոշ գաղափար կազմեի երկրի և մասնավորապես հայերի տնտեսական և քաղաքական վիճակի մասին: Նրա յուրաքանչյուր պարզ ու անպաճույճ դարձվածն ուներ իր որոշ իմաստն ու պատկերը:

Հրաժեշտից առաջ նա ինձ ցույց տվեց իր ահագին ամբարանոցի մի քանի մասերը: Հսկայական սրահները ծայրեիծայր լեցուն էին ապրանքներով, և սակայն նա ասաց.

Տակավին բավարար քանակությամբ ապրանք չունեմ:

Ես հեգնորեն ժպտացի, եղածը բավական էր ամբողջԿովկասին մի քանի տարով:

* * *

Մի քանի այցելություններ և փոխայցելություններ, և ահա նորեն ընտանի շրջանումն եմ և բնավ օտարություն չեմ զգում:

Հարգելով հայկական ավանդությունը, այցելեցի և թեմական առաջնորդի տեղապահին, որ այդ ժամանակ մի վարդապետ էր, Հովնան Կարապետյան: Մի շուտ հափշտակվող երիտասարդ, որ շատ էր աշխատում մի որևէ գործ կատարել և սակայն գոհ չէր իր վիճակով: Թեև երիտասարդության մի մասից պաշտպանված էր, նա համոզված էր, որ առաջնորդի պաշտոնը շատ նեղ է իր համար և կարծում էր, որ Ամերիկայում կարող է ավելի օգտակար լինել:

Ես հոն ավարտած եմ համալսարան, անգլերեն աղվոր գիտեմ, կապեր ունիմ ամերիկացիներուն հետ, շատ բան կրնամ ընել ազգիս համար, — կրկնում էր նա շարունակ:

Բայց իմ տպավորությունն այլ էր: Կարծում եմ, լավ կլիներ, որ այդ մարդը թողներ սքեմը: Հոգևոր առաջնորդի պաշտոնը բնավ չէր համապատասխանում նրա աշխարհամոլ խառնվածքին...

Հայ ընտանիքի հետ ծանոթանալու դյուրությունն ինձ տրվեց Ազնավորյանների տունն, ուր հաճախ հրավիրվում էի: Այդտեղ, ի միջի այլոց, ծանոթացա պարոն Գրիգոր Չիլինգարյանի հետ, որ հայտնի է իբրև Վիկտոր Հյուգոյի տաղանդավոր և վաստակավոր թարգմանիչ: Չնայելով իր ավելի քան ութսունամյա հասակին, համակրելի ծերունին տակավին կայտառ էր: Ոչ պակաս տեսա նրա հասակակից հայտնի ֆրանս-հայկական բառարանի կազմիչ Մեսրոբ Նուբարյանին, որ այսօր էլ շարունակում է աշխատել:

* * *

Իր ընդհանուր գծերով հայ գերդաստանն Իզմիրում գրեթե նույնն է, ինչ որ Կ. Պոլսում, այն տարբերությամբ սակայն, որ ավելի պարզ է, եթե չասեմ, ավելի նահապետական: Այս տեսակետից կատարելատիպ կարող եմ համարել Ազնավորյանների ընտանիքը, որ, եվրոպական ցավը յուրացնելով հանդերձ, պահպանել է հայ ցեղի ընտիր հատկանիշը` համեստությունը:

Կան, իհարկե, և՛ այլասերված հայեր, որոնք, ինչպես և ամենուրեք, ունին կույր սեր դեպի ամեն ինչ, որ օտար է: Երբեմն այդ սերը հասնում է ծիծաղելի չափերի: Փողոցներում ու կաֆեներում հանդիպում էի երիտասարդների, որոնք իրենց հագնվելու ձևով, քայլվածքով ու շարժումներով հերոսական ճիգեր էին անում նմանվելու անգլիացու կամ ամերիկացու: Եվ, իհարկե, նմանվում էին...

Следующая страница