Շիրվանզադե Ալեքսանդր՝   Պատմվածքներ, նովելներ, ֆելիետոններ

Վիշապի մի սուր սուլոց, հետո երկրորդը, երրորդը, — Մայրի՛կ, զարթնիր, ես վախենում եմ, — դուրս թռավ մանուկն իր փոքրիկ անկողնակալից և ընկավ մոր գիրկը: Տակավին մութն էր:

Ի՞նչ պատահեց քեզ, մանուկս: Քնիր, դեռ մութն է:

Նորեն նա փոքրիկին դրեց իր անկողնակալի վրա, ջերմ համբույրներով հանգստացրեց նրան:

Ոչ, չեմ կարող քնել մայրիկ, մի բան պատմիր ինձ համար:

Ի՞նչ պատմեմ:

Ինչ ուզում ես, ինչ ուզում ես, լավ բան:

Կամենաս, կարդամ քեզ համար այն դեղին գրքից: Մանուկը սարսափեց:

Ո՛չ, ո՛չ, ոչ, — գոչեց նա, — չեմ ուզում, դեն գցիր դեղին գիրքը: Գցիր վառարանի մեջ, թող այնտեղ այրվի: Պւատմիր ուրիշ բան, քեզնից պատմիր:

Եվ աստված լուսավորեց մոր միտքը: Եվ մայրը դարձավ բանաստեղծ ու ստեղծագործեց անմիջապես:

Դա իր հարազատ զավակի իսկ կյանքն էր: Եղել է մի մանուկ վեց տարեկան: Ծնողները սիրել են նրան իրենց հոգու ամբողջ ջերմությամբ, շոյել ու փայփայել են ու ոչինչ չեն խնայել նրա համար, ոչի՛նչ: Մանուկը եղել է երջանիկ այդ սիրով և պաշտել է իր ծնողներին ու սիրել կյանքը:

Եվ աշխարհն այնքան հաճելի է եղել նրա համար, որ ոչ մի վիշտ, ոչ մի դառնություն չի ընկճել նրա մատաղ հոգին: Ապրել է ու աշխատել, աշխատել է ու ապրել մինչև խորին ծերություն, միշտ ուրախ, միշտ զվարթ: Նա հավատացել է կյանքին խորին հավատով և սիրելով կյանքն ու իր զավակներին, արհամարհել է մահը և միշտ հեգնել ու ծաղրել է նրան ինչպես առավոտն է իր պայծառ լուսով ծաղրում գիշերվա խավարը: Արեգակը նրա համար է երկիրը լուսավորել, ծառերը նրա համար են բարձրացել, նռենիները նրա համար են բուսել ու անուշ բուրմունք տարածել, գետերը նրա համար են հոսել, աղբյուրները նրա համար են կարկաչել, թռչունները նրա համար են երգել, երաժիշտները նրա համար երկնքից աստվածային հնչյուններ իջեցրել, իսկ հուրը, սուրը նրա համար եղել են խաղալիքներ: Ամեն ինչ, ամեն ինչ նրա երջանկության համար է եղել, և երկիրը ու երկինքը և ծովերը և աստղերը, համայն տիեզերքը: Մարդու համարք, եվ մարդն եղել է հպարտ ու վեհ, ուրախ ու երջանիկ:

Եվ մայրական անուշ ու քնքուշ ձայնի երաժշտությամբ հանգստացավ մանկան փոթորկված հոգին, ու նրա աչքերը մեղմիկ փակվեցին

Նա քնեց և այս անգամ նրան պաշարեցին այլ երազներ: Երազներ, միմյանցից ուրախ ու հաճելի: Ծաղկազարդ սարեր ու բլուրներ, պայծառ երկինք, զմայլելի երկիր, և երաժշտություն, այնքան դյութիչ ու այնքան կախարդիչ, որ մանկան էությունը ձուլվեց նրա հնչյունների հետ...

Գիշերային բուերը լռեցին, զարհուրելի պատկերները չքացան, ահռելի ուրվականները կորան, դադարեց աքաղաղների աններդաշնակ կանչը, օձերի վշվշոցը: Սկսեցին երգել առավոտյան թռչունները գավթում գտնվող ծառերի վրա: Երազը խառնվեց իրականության:

Մայրը զարթնեց, բաց արավ լուսամուտի փեղկերը: Գարնանային արեգակի շողերը ոսկեզօծեցին մանկան երեսը, և նայեց մայրը ու նրա սիրտը սկսեց ուժգին բաբախել... Այն ի՞նչ անդորր ու երջանիկ ժպիտ էր մանկական դեմքի վրա: Երբեք, երբեք նա չէր տեսել այդքան պայծառ, այդքան ուրախ ժպիտ:

Կյանքի ժպիտը:

Եվ մայրը վերցրեց անշնորհք բանաստեղծի մանկական երգարանը, որ լեցուն էր սարսափներով, շպրտեց վառարանը, ասելով.

Ես եմ բանաստեղծ և ոչ դու:

ԻՄ ԿՅԱՆՔԻՑ

Սիրելի մանուկներ, ես ուզում եմ ձեզ մի քանի բաներ պատմել: Կարծում եք դևերի, չար ոգիների մասին: Ոչ, իմ տեսածների և իմ լսածների մասին:

Հըմ, ի՞նչ կա, միմյանց երեսին եք նայում: Երևի վախենում եք, որ ես ձեզ ձանձրացնեմ: Դուք հանգիստ կացեք, ձեր աչքերի առջև կգան, կանցնին զանազան պատկերներ, ինչպես սինեմատոգրաֆի մեջ: Որը ձեզ կծիծաղեցնի, որը կտխրեցնի, որը կհավանեք, որը չեք հավանիր Բայց ինչ որ էլ պատմեմ, բոլորը պատահած բաներ են, ոչ մի հնարովի բան, ոչ մի հեքիաթ չկա:

Դեհ, խնդրեմ ականջ գնեք:

I

ՄԵՐ ՔԱՂԱՔԸ

Նախ ասեմ, թե ես ով եմ:

Անդրկովկասի մի անկյունում կա մի քաղաք, անունը Շամախի կամ Շիրվան:

Ա՛հ, հրաշալի է այդ քաղաքի բնությունը:

Այնտ՛եղ երկինքը կապույտ է, ինչպես փիրուզա, երկիրը բույսերով, ծաղիկներով փարթամ, ինչպես մի սքանչելի պարտեզ: Այնտեղ ձմեռը եղանակը մեղմ է, դուրեկան, ոչ քամի, ոչ փոթորիկ: Իսկ գարնանը և ամառը բարձրագագաթ ծառերի վրա գիշեր-ցերեկ երգում են անթիվ սոխակներ:

Եվ ի՞նչ համեղ մրգեր կան այնտեղ, եթե գիտենաք, ինչ հոտավետ պտուղներ:

Սուտ չի լինիլ եթե ասեմ, որ այդ քաղաքը երկրային դրախտ կլիներ, եթե չունենար մի մեծ դժբախտություն, այն էլ երկրաշարժը:

Գիտե՞ք ինչ ասել է երկրաշարժ:

Օ՛, օ, աստված ոչ անի, որ տեսնեք բնության այդ սարսափելի արհավիրքը:

Ես տեսել եմ երկու անգամ մեծ, շատ մեծ երկրաշարժ: Ամեն անգամ հենց որ երկիրը սկսում է շարժվել, գետն ի տակից լսվում է ինչ-որ խուլ թնդյուն: Կարծես այնտեղ թնդանոթներ են արձակում: Պատերը դիպչում են միմյանց, կենդանիները սարսափած սկսում են վազել դեսուդեն, շները ոռնալով, կովերը բառաչելով, ոչխարները մայելով, ձիերը խրխնջալով: Մարդիկ փախչում են իրենց տներից փոքրիկ երեխաներին գրկած: Ամեն ինչ քանդվում է, ավերակ դառնում տներ, եկեղեցիներ, ուսումնարաններ, բոլորը, բոլորը:

Այս է պատճառը, որ մի ժամանակվա հարուստ և փարթամ Շամախին, այսօր այնքան աննշան է, խեղճ, աշխարհում մոռացված:

Բայց, չնայելով սրան, մարդիկ այնտեղ էլի ուրախ են, զվարթ: Նրանք սրախոս են, սիրում են կատակներ անել, զվարճանալ: Հարուստ չեն, բայց ինչ որ ունեն, նրանով գոհ են և պառավ կանանց պես չեն տրտնջում: Բարի մարդիկ են, շատ հյուրասեր, շատ բարեկամասեր: Բայց մեր մեջ ասած, քիչ շատախոս են և պարծենկոտ:

Ահա այդ պստիկ և աննշան քաղաքում եմ ծնվել ես սրանից հիսունուերկու և կես տարի առաջ, մի գարնանային գիշեր:

II

ԻՄ ԾՆՈՂՆԵՐԸ

Իմ հոր անունն էր Մինաս: Նա մի շատ բարձրահասակ մարդ էր, խոժոռ դեմքով, թանձր շիկագույն բեղերով, որ միշտ ծածկած էին պահում նրա սեղմված բերանը:

Օօ, ես այժմ էլ հիշում եմ նրա խորն ընկած կապույտ աչքերը, որոնք թավ ունքերի տակից կայծեր էին արձակում բարկության միջոցներին:

Մորս անունն էր Օվսաննա:

Դա մի միջահասակ, քնքուշ կազմվածքով կին էր, գեղեցիկ դեմքով և թանձր ու գանգուր մազերով: Քաղաքում նրան անվանում էին «Սիրուն Սոնա»:

Նա ոչ միայն դեմքով էր սիրուն, այլև հոգով, սրտով, վարքով ու բարքով:

Շատ բարի և զգայուն կին էր: Հիշում եմ նրա դառը հառաչանքները, երբ տեսնում էր մարդկանց ցավն ու տանջանքները: Հիշում եմ նրա մեղմ, դուրեկան ժպիտները և թույլ ծիծաղը, երբ ուրախ էր: Նրա կինամոնագույն խոշոր աչքերը նայում էին սիրով ու գուրգուրանքով ոչ միայն իր զավակներին, այլև բոլոր, բոլոր երեխաներին:

Ես նրան պաշտում էի, ինչպես դուք եք պաշտում ձեր մորը, սիրելի մանուկներ:

Որքան մայրս մեղմ էր և հեզ, այնքան հայրս խստաբարո էր և հպարտ:

Այդ մարդը քիչ էր ժպտում, ավելի քիչ ծիծաղում: Բայց ազնիվ էր, արդարասեր, ճշմարտախոս, երբեք սուտ չէր ասում և ատելով ատում էր սուտ, խոսողներին: Ոչ ոքից չէր վախենում և ատում էր վախկոտներին, քանի-քանի՛ անգամ նա մեն-մենակ ձիով գիշերներն անցել է մութ անտառներ և ձորեր: Քանի՛ -քանի՛ անգամ ավազակների է հանդիպել և նրանց հետ հրացանաձգություն ունեցել: Եվ չնայելով իր արկածալի կյանքին, նա ապրեց ութսունհինգ տարի:

Նա ինձ միշտ ասում էր.

Է՛յ, Ալեքսանդր, կյանքումդ շատ անգամ փորձանքի կհանդիպես, չվհատիս, հույսդ դիր աստծու վրա, թշնամիներ կունենաս՝ զգույշ կաց, բայց մի՛ վախենար: Բարեկամներ կունենաս, հավատարիմ եղիր նրանց, պահանջիր, որ նրանք էլ հավատարիմ լինեն քեզ: Սուտ չխոսես, չխաբես, բայց տես, որ ստախոսների հետ էլ գործ կունենաս, չխաբվես:

Թե հայրս և թե մայրս գրել-կարդալ չգիտեին: Բայց երկուսն էլ զգում էին, որ գրել-կարդալը լավ բան է:

Հայրս ժամանակ չուներ ինձնով զբաղվելու: Տարենը երկու անգամ նա սրբում էր իր չախմախի երկայն հրացանը, արծաթապատ ծուռ կոթանի ատրճանակը, լայն դաշույնը, ձի նստում և գնում Ղուբա քաղաք մի քանի ամիսներով:

Մայրս էր մեծ մասամբ հոգում իմ մասին: Եվ ես, ուղիղն ասած, նրան եմ պարտական, որ այսօր գրել-կարդալ գիտեմ:

III

ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ

Յոթ տարեկան էի, երբ մայրս ինձ տվեց ուսումնարան:

Ես միջակ մանուկ էի, ոչ անշնորհք, ոչ էլ մեծ շնորհքով: Աշխատասեր չէի, բայց շատ էլ ծույլ չէի: Էհ, ձեզ նման մի բան էի: Բայց ներողություն, կարելի է դուք ինձնից լավ եք: Տա աստված:

Ես շատ միամիտ տղա էի: Հա, քանի միտս է, պատմեմ ձեզ իմ միամտության մասին մի զվարճալի բան:

Մի օր ուսուցիչս, որին Սարգիս վարպետ էին կոչում, ինձ վրա բարկացավ: Դասս լավ չէի պատրաստել: Նա ականջս մի լավ քաշեց, հետո բաց արավ դասագիրքս և, ցույց տալով դասս, ասաց.

Տես, էգուց այստեղից մինչև այստեղ ջուր կանես:

Շատ լավ, վարպետ, ջուր կանեմ, — պատասխանեցի ես:

Մեր փողոցից ոչ հեռու կար մի աղբյուր: Մյուս օրը դասագիրքս տարա, պահեցի նրա տակ այնքան, որ բոլորովին ջուր դարձավ:

Բերի ուսումնարան և հպարտ-հպարտ ցույց տվեցի վարժապետիս:

Սարգիս վարպետը առաջ մի կուշտ ծիծաղեց: Բարի մարդ էր: Բոլոր աշակերտներն էլ ծիծաղեցին: Ես ապուշ-ապուշ նայում էի սրա նրա երեսին:

Հանկարծ Սարգիս վարպետը կատաղեց: Նա հրամայեք բաց անել առաջ մի, հետո մյուս ձեռիս ափը և սկսեց քանոնով տուր թե որ կտաս:

Լավ էր, որ քանոնի տափակ կողմովն էր զարկում և ոչ սուր կողմով, Այնուամենայնիվ, ձեռքերս սաստիկ ցավեցին: Ես լաց եղա:

Անիրավ, — ասաց Սարգիս վարպետը, — ես քեզ երեկ ասացի, որ դասդ ջուր անես, այսինքն՝ անգիր անես ջրի պես, իսկ դու տարել ես գիրքդ թրջել ու բերել: Դե լավ, քիչ տըզա՛, դու դասագիրքդ ես ջուր արել, ես էլ քո աչքերը ջուր արի: Տես, մյուս անգամ ասածս լավ հասկացիր: Եվ դուրս բերելով գրպանից մի մեծ գույնզգույն թաշկինակ, սրբեց աչքերիս ջուրը, այսինքն արտասուքը:

Երկար, շատ երկար ժամանակ աշակերտները չէին մոռանում իմ արածը և միշտ ծաղրում էին ինձ:

Սարգիս վարպետը բողոքական էր: Նա մինչև անգամ ինքն էր առաջին անգամ բողոքականություն ընդունել հայերի մեջ: Իսկ իմ ծնողները լուսավորչականներ էին:

Մեր ծխական քահանան, Տեր-Սահակը, ատելով ատում էր բողոքականներին: Նա միշտ իմ մորը հանդիմանում էր, որ ինձ տվել է բողոքականների և ոչ լուսավորչականների ուսումնարան: Իսկ մայրս թեև տգետ կին էր, բայց հասկանում էր, որ բողոքական, լուսավորչական, թե կաթոլիկ միևնույնն է, բոլորն էլ մարդիկ են:

Միայն թե իմ երեխան ուսում ստանա, ասում էր նա տեր-հորը:

Բայց և այնպես ես երկար չմնացի Սարգիս վարպետի մոտ: Մայրս ինձ դուրս բերեց և հանձնեց Տեր-Ավանեսի դպրոցը:

IV

ՏԵՐ-ԱՎԱՆԵՍԸ

Հիմա լսեցեք, թե այդ Տեր-Ավանեսն ով էր և ինչ:

Դա մի հասարակ գյուղացի էր եղել, եկել էր մեր քաղաքը, գրել կարդալ սովորել և եկեղեցում տիրացու դարձել, թե ինչպես էր քահանա ձեռնադրվել, աստված գիտե: Գլխավորն այն է, որ ինքը հազիվհազ ավետարանը կարդալ դիտեր, ուսումնարան էր բաց արել և դաս էլ էր տալիս մեզ, ամեն մեկիցս վերցնելով ամիսը մի ռուբլի:

Եվ ի՞նչ դաս, «այբ, ժե, ճե, ռա, բեն, ինի, մեն, սե» և այլն, բայց այն էլ ասեմ, որ մեծ աշակերտները կարդում էին սաղմոսագիրք, ավետարան, ավելի ուսյալները՝ աստվածաշունչ, մինչև անգամ ճարտասանություն:

Ես արդեն ուսյալներից էի:

Մի լղար դեմքով, սև, թանձր և երկայն մորուքով մարդ էր այդ Տեր-Ավանեսը: Նրա ունքերը միշտ կիտված էին, երեսը թթված, կարծես, միշտ փորը ցավում էր: Փռշտալիս երեսը խաչակնքում էր և ասում.

Տեր, դու չարը խափանես:

Երկու բանում նա շատ եռանդուն էր, ուտելում և ծեծելում:

Ամենից ավելի սիրում էր խնձորի տոլմա և փախլավա: Ընկույզի հալվա էլ էր սիրում: Բայց ավելի պակաս, քան ճտով փլավ:

Մեր ծնողները այդ բանը գիտեին, ուստի ով կարող էր տեր-հորը բաժին էր ուղարկում: Ես այսօր էլ զարմացած եմ, թե ինչու այդ մարդը ուտում էր, ուտում, էլի լղար էր մնում:

Նա ծեծում էր մանավանդ այն աշակերտներին, որոնց ծնողները չէին կարողանում խնձորի տոլմա կամ ընկույզի հալվա ուղարկել նրա համար:

Ամենից շատ ծեծվում էր Շամչիանց Ավետը: Այն էլ ասեմ, որ դա մի վերին աստիճանի անհանգիստ տղա էր, շարունակ թռչկոտում էր, պարում, երգում: Երբեմն դասամիջոցներին կանգնում էր ձեռքերի վրա, գլուխը դուրս էր բերում ոտների արանքով և ասում.

Փի՛շ, փի՛շ, փիշ, փիշ:

Նա սիրում էր սրան-նրան խտղտել կամ կմշտել: Հակառակի պես միշտ իմ կողքին էր նստում և դասի ժամանակ շարունակ կմշտում էր ինձ: Առանց այդ էլ ով ասես, ինձ կմշտում էր, որովհետև մանուկ ժամանակս ես բավական հաստ էի:

Մի օր Ավետը ինձ այնպես պինդ կմշտեց, որ ես գռռացի.

Վա՛յ, վա՛յ:

Ի՞նչ պատահեց, — հարցրեց Տեր-Ավանեսը, երկայն ճիպոտը բարձրացնելով:

Ճանճը կծեց ականջս, — պատասխանեցի ես:

Բանն այն է, որ ես վախեցա մատնել Ավետին: Նա կարող էր փողոցով անցնելիս ինձ մի լավ ծեծել, որովհետև ինձնից մեծ էր և ուժեղ:

Ճանճի կծելով կարելի՞ է արջի պես բղավել, — կատաղեց Տեր-Ավանեսը:

Բարեբախտաբար այդ օրը մենք խնձորի տոլմա ունեինք և տեր-հայրն արդեն յուր բաժինը ստացել էր, նա ինձ չծեծեց:

Երբեմն Տեր-Ավանեսը գալիս էր մեր տուն: Ամեն անգամ «պահպանիչ» էր ասում: Հետո գովում էր իմ ժրությունը և աշխատասիրությունը: Մայրս նրան հյուրասիրում էր ջեջի օղիով և մուրաբաներով:

Ծիծաղս գալիս էր, երբ Տեր-Ավանեսը մուրաբա էր ուտում: Շատ անգամ ձմերուկի մեղրոտ կճեպը կամ վարդի տերևները ընկնում Էին նրա երկայն մորուքի վրա և հետո սահում դեպի փարաչեն: Մի անգամ ընկույզի մուրաբայի, հետ երկու ճանճ կուլ տվեց առանց իմանալու: Եվ կարծում, եմ այս էր պատճառը, որ մյուս օրը նա մի լավ ծեծեց երկու աշակերտի, որ ճանճերի հետ խաղում Էին:

Առհասարակ, հանգուցյալը համ լավ ուտում էր, համ էլ լավ ծեծում:

V

ԱՎԵՏԻ ՔԻԹԸ

Պետք է ասեմ ձեզ, որ Շամչիանց Ավետը շատ մեծ քիթ ուներ: Եվ օր օրի վրա այդ քիթը մեծանում էր:

Աշակերտները շարունակ ծաղրում էին, անվանելով նրան «քիթ Ավետ»: Նա բարկանում էր, կատաղում, աջ ու ձախ բռունցքով, ոտով, գլխով սրան էր խփում, նրան: Բայց ո՞ր մեկին հաղթեր: Չնայելով իր ուժին և քաջությանը, նա օր օրի վրա ընկճվում էր ու խեղճանում իր քթի պատճառով:

Վերջը, տեսնելով, որ հնար չկա ամենքի հետ կռվելու, սկսեց ինքն էլ ծաղրել իր քիթը: Կարծում էր, որ եթե ինքը ծաղրե, ուրիշները կդադարեն ծաղրելուց: Բայց չեղավ: Քանի նա խեղճանում էր, այնքան աշակերտները երես էին առնում:

Մանավանդ կար մի պստիկ տղա Աղալո անունով: Դա կատարյալ երկնային պատիժ էր Ավետի քթի համար:

Մի օր դասի Ժամանակ Աղալոն թղթից շինեց մի կով, գլուխը թանաքով ներկեց և դրեց Ավետի քթի վրա: Հետո հանգիստ կերպով գլուխը թեքեց դասագրքին, իբր թե դաս է սովորում:

Ավետը, իհարկե, իսկույն կովը քթից դեն գցեց և բռունցքով մի լավ զարկեց Աղալոյի կողքին:

Վա՛յ մամա, — գռռաց Աղալոն և լաց եղավ:

Ի՞նչ պատահեց, — ասաց Տեր-Ավանեսը, որ այդ ժամանակ մի մեծ տանձ էր կճպում, որ ուտի:

Ավետը ինձ կոփեց, — գանգատվեց Աղալոն, հեկեկալով:

Իժ, օձի զավակ, ես քո քիթը կջարդեմ, — գոչեց Տեր-Ավանեսը մոտենալով Ավետին: Դե եկ մեջտեղ, եկ տեսնեմ:

Շատ բողոքեց խեղճ Ավետը, որ մեղավորը Աղալոն է: Ինձ էլ վկա բերեց, ոչինչ չօգնեց:

Բանն այն է, որ տանձը Աղալոյի հայրն էր ուղարկել Տեր-Ավանեսի համար: Ինչպե՞ս կարելի էր նրա որդուն ծեծել գոնե այն օրը:

Ֆալախկան բերեք, — հրամայեց Տեր-Ավանեսը: Ֆալախկան բերեցին: Այդ մի բավական երկայն և հաստ փայտ էր: Նրա ծայրերից կապած էր մի կաշվե ամուր թոկ:

Պառկիր,-հրամայեց Տեր-Ավանեսը: Ավետը պառկեց խսիրի վրա երեսն ի վեր:

Ոտներդ բարձրացրու, — շարունակեց Տեր-Ավանեսը: — Այ, այդպես: Հագցրեք ֆալախկան: Շուռ տվեք, ա՛յ այդպես:

Երկու աշակերտ բռնեցին ֆալախկայի ծայրը: Ավետի ոտները ցցվել Էին օդի մեջ անշարժ: Պատառոտված գուլպաների միջից երևում Էին նրա մատները:

Տեր-Ավանեսը, ճիպոտը տալով ինձ, հրամայեց, — Զարկիր:

Ուղիղն ասած, ես խղճացի Ավետին: Ինչ մեղավոր էր նա, որ մեծ քիթ ուներ: Մի քանի անգամ ճիպոտը զարկեցի և կանգ առա:

Զարկիր,-հրամայեց Տեր-Ավանեսը, շարունակելով տանձն ուտել:

Մի քանի թույլ հարվածներ ևս տալով, Էլի կանգ առա: Ավետը բառաչում էր հորթի պես:

Նրա ոտներն արդեն կարմրել Էին: Մատներն այնպես ցցվել Էին, որ կարծես, սպառնում Էին փորս խրվել:

Խեղճ է, — ասացի ես: — Մեղավոր չէ:

Տեր-Ավանեսը մի ապտակ տվեց ինձ, առավ ճիպոտը և այնքան զարկեց, որ խեղճ Ավետն ուշաթափվեց:

Ջուր բերեք, — հրամայեց Տեր-Ավանեսը:

Մի կուլա ջուր բերեցին, ածեցին Ավետի գլխին, ուշքի եկավ: Վեր կացավ և տնքտնքալով ու կաղեկաղ գնաց, նստեց յուր տեղը:

Հետևյալ օրը նա ուսումնարան չեկավ:

Երրորդ օրը եկավ գույնը թռած, լղարած և լուռ նստեց յուր տեղը: Նա ոչ մի խոսք չարտասանեց մինչև վերջ:

Աշակերտները փորձեցին դարձյալ սրախոսել նրա քթի վրա, ուշադրություն չդարձրեց: Ես մի քանի անգամ լսեցի նրա ծանր հառաչանքները: Որքան էլ փոքր լինեի և միամիտ, հասկացա, որ ընկերս տանջվում է: Ես խղճացի նրան կամեցա կարեկցությունս արտահայտել: Պետք է ասած, որ Տեր-Ավանեսի ուսումնարանում սեղաններ չկային, մենք նստում Էինք հատակի վրա, ծալապատիկ: Ես մի քանի անգամ ծնկովս կամացուկ զարկեցի Ավետի ծնկանը: Նա չհասկացավ, կարծեց չարություն եմ անում: Այն ժամանակ ես բռնեցի նրա ձեռը և ամուր սեղմեցի:

Այս անգամ նա հասկացավ, նայեց ինձ և բարեկամաբար ժպտաց:

Ալեքսան, — դարձավ նա ինձ, երբ փողոց դուր եկանք: — Ես ուզում եմ քեզ հետ խոսել:

Նրա ձայնը դողում էր, դեմքը քուրջ էր:

Ասա ինչ որ ուզում ես, — պատասխանեցի ես:

Մեկէլ օրը դու չէիր ուզում սաներիս ճիպոտով խփել: Ես հասկացա, որ խղճում ես ինձ: Շնորհակալ եմ: Դու լավ տղա ես, դու մեր հարևանն ես, դու չես ծաղրում իմ քիթը: Ձեռդ տուր, բարեկամներ ենք:

Ես զգացված սեղմեցի ձեռը:

Գալով Աղալոյին, — շարունակեց նա, — դու կտեսնես այս րոպեին, թե ինչպես կխրատեմ նրան:

Այս ասելով, Ավետը վազեց առաջ, բռնեց Ազալոյի թևերը երկու ձեռքերով և ասաց.

Այ դու կատվի դունչ, մկան պոչ, խլեզ, քո պատճառով իմ ոտքերը ֆալախկայի մեջ դրին, ծեծեցին, ուռցրինք, Հիմա էլ ցավում են: Դու ծաղրում ես քիթս հա: Դե կեր:

Եվ սկսեց ծնկով արագ-արագ խփել Ազալոյի ծնկներին, փորին, կրծքին, այնքան, որ տղան բղավեց, մեզ կանչելով օգնության:

Մենք հազիվ կարողացանք Աղալոյին ազատել Ավետի ամուր ճանկերից:

Այդ օրից Ավետը և ես դարձանք բարեկամներ: ՝ Ես կռվում էի ամենքի հետ՝ ով ծաղրում էր նրա քիթը:

VI

ՏԱՏԻՍ ՎԵՐՔԸ

Հայրս աստվածաշունչ շատ էր սիրում և ամեն երեկո ինձ ստիպում էր կարդալ:

Ես նստում էի մինդարի վրա ծալապատիկ և բարձր ձայնով կարդում:

Մայրս, մի կողմ նստած, թոռ էր հյուսում, մեծ մայրս շարունակ քթախոտ էր քաշում և փռշտում: Իսկ հայրս, ոտները ձգած, երկայն չիբուխը բերնին, աչքերը հատակին մի կետի հառած, ուշադիր լսում էր:

Տեղ-տեղ նա ընդհատում էր ինձ, ասելով.

Այդ կտորը մեկ էլ կարդա: Այսպես էին անցնում իմ երեկոները:

Գիշերները քնում էի տատիս հետ: Եվ ամեն գիշեր նա ինձ պատմում էր հեքիաթներ: Օօ, ես շատ էի սիրում այդ բարձրահասակ, հաղթանդամ պառավին, ոչ պակաս, քան մորս և ավելի, քան հորս:

Մի գիշեր, երբ նա շապիկը փոխում էր, ես նրա աջ կողքի վրա տեսա մի մեծ սպի, այսինքն՝ վերքի հետքՆրա ներկայնությունը կլիներ մի մատիտի մեկ ու կեսի չափ:

Տատ, այդ ինչ է կողքիդ վրա, — հարցրի ես հետաքրքրված:

Տատիս դեմքը մռայլվեց:

Քո բանը չէ, — ասաց նա:

Ես լռեցի, բայց այնուհետև սպին ինձ ավելի հետաքրքրեց:

Ամեն երեկո հարցնում էի տւատիս, թե ինչպե՞ս և որտ՞եղ է ստացել այդ վերքը, նա պատասխանում էր:

Հետո կպատմեմ, հետո:

Եվ միշտ, երբ այս ասում էր, նրա ձայնը դողում էր, դեմքը մթնում:

Տեր աստված, — մտածում էի ես, — այդ ի՞նչ է նշանակում:

Հետաքրքրությունից սիրտս թրթռում էր, ես անհամբեր սպասում էի, երբ պիտի տատս պատմի յուր վերքի մասին: Բայց նա շարունակ հետաձգում էր յուր պատմությունը: Երբեմն, երբ ես շատ էի թախանձում, բարկանում էր վրես:

Չմոռանամ ասել, որ այդ կինը յուր որդու պես մռայլ էր և խստաբարո: Նա միշտ տխուր էր: Ասեմ դրա պատճառը քանի միտս է: Նա ուներ երկրորդ, որդի, որ իմ հորեղբայրն էր: Այդ մարդը, որի անունն էր Հարություն, շատ սանձարձակ էր, ծույլ, շռայլ և արբեցող:

Ամեն գիշեր նա թափառում էր գինետներում, կռվում սրա ու նրա հետ, ծեծում, ծեծվում:

Տատս նրան սիրում էր անչափ և միշտ աղերսում էր նրան թողնել գինետները, վատ ընկերներին և դառնալ բարի, աշխատասեր մարդ: Ոչինչ չէր օգնում:

Ամեն գիշեր տատս հատակի վրա դնում էր մի սիսեռ և ասեղի ծայրով մի կլոր շրջանակ գծում նրա շուրջը:

Տատ՛, այդ ի՞նչ ես անում, — հարցրի ես մի անգամ: .

Հորեղբորդ պահպանում եմ փորձանքներից:

Ուրեմն, սիսեռը հորեղբայրս է:

Այո, իսկ այս շրջանը նրա պահապանը:

Ասաց տատս և սկսեց երեսը խաչակնքել ու աղոթել:

Մի երեկո նա, վերջապես, զիչեց իմ թախանձանքին և համաձայնվեց պատմել յուր կողքի վերքի մասին:

Օհ, — ասաց նա, — քեզնից ազատվել չի կարելիք, նստիր և ականջ դիր:

Եվ նա, մի պտղուց քթախոտ քաշելով, փռշտաց մի քանի անգամ և ահա թե ինչ պատմեց...

VII

ՏԱՏԻՍ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Սիրելի թոռնիկս, — այսպես սկսեց տատս իր պատմությունը, մազերս շոյելով յուր չորացած և պողպատի պես ամուր մատներով, — դու գիտես, որ ես բացի երկու որդուց, սւնիմ չորս աղջիկ:

Նուրջի, Ոսկի, Շուշան և Թագուհի հորաքույրերս, — շտապեցի ավելացնել ես արագ-արագ:

Այո, շարունակեց տատս, — մի անգամ ևս քթախոտ քաշելով և փռշտալով: Ամենից փոքրը Թագուհին է և ամենից հարուստը: Դեռ սրանից քսան տարի առաջ նրա ամուսինն ամեն ամառ գնում էր Ռուսաստան ապրանք բերելու: Ահա հենց այդ ժամանակվա մասին է պատմությունս:

Ականջ դիր:

Ես արմունկներս դրի ծնկներիս վրա, գլուխս հենեցի ձեռքերիս ափերին, աչքերս հառեցի տատիս երեսին և սկսեցի ուշադրությամբ լսել:

Երբ Թագուհու մարդը քաղաքից հեռանում էր, աղջիկս մնում էր մեն-մենակ: Նա երիտասարդ էր, նոր էր ամուսնացել, դեռ երեխաներ չուներ: Նրա տունը լիքն էր Խորասանի գորգերով, Քիրմանի շալերով, Չին ու Մաչինի ամաններով, Մոսկովի թանկագին մաշկեղենով, ոսկեղենով, արծաթեղենով: Այն ժամանակ շաբաթ չէր անցնում, որ մեր քաղաքում սրան-նրան չկողոպտեին: Ես աղջկանս մենակ թողնել չէի կարող: Գիշերներն անց էի կացնում նրա մոտ, որ գողերից և ավազակներից պաշտպանեմ:

Ես խորին պատկառանքով նայեցի տատիս հսկայական թիկունքներին և առնական բազուկներին: Դեռ երեկ նա ցորենի ջոսալը մեն-մենակ բարձրացրել էր և դրել մշակի մեջքին: Ինչ ուժ կունենար քսան տարի առաջ:

Մի գիշեր ես ու հորաքույրդ քնած էինք տան պատշգամբի վրա, — շարունակեց նա մռայլ ձայնով: — Ամառային գիշեր էր, սենյակում տոթից շունչ քաշել չէր լինում: Դու գիտես, որ այդ պատշգամբի ծայրում կա մի լուսամուտ, որ նայում է դեպի մի փոքրիկ պարտեզ: Շատ էի քնել, թե քիչ չգիտեմ, մեկ էլ լսեցի, որ լուսամուտից ինչ-որ ծանր բաներ ընկան պատշգամբի վրա: Ես զարթնեցի, նստեցի անկողնի մեջ: Լռություն, ամեն ինչ հանդարտ էր: Միայն հեռվից, շատ հեռվից լսվում էին շան հաչոցներ: Լուսին չկար, բայց երկինքը պարզ էր, աստղերը պսպղում էին ալմաստի պես:

Նայեցի աջ ու ձախ -ոչ ոք և ոչինչ: Հորաքույրդ հանգիստ քնած էր: Ես նորից պառկեցի և վերմակը քաշեցի գլխիս:

Նոր աչքերս խուփ էի արել, հանկարծ ոտներիս վրա զգացի մի ինչ-որ ծանրություն և ցավ: Կարծես մեկն ինձ կոխկրտելով, անցավ

Տատ, — գոցեչի ես, — ընդհատելով պառավի խոսքը, — ես վախենում եմ:

Տատս գրկեց ինձ, սեղմեց յուր լայն կրծքին:

Հիմար, ինչի՞ց ես վախենում, ես այստեղ եմ, — շարունակեց նա, գլուխս համբուրելով: Ես արագությամբ ոտքի թռա, գոռալով. «Ո՞վ էր նա»: Աստղերի լուսով պատշգամբի ծայրում նշմարեցի հինգ-վեց մութ պատկերներ: Մեկը նրանցից կամացուկ մոտեցավ այն սենյակի դռներին, որտեղ գտնվում էին հորաքրոջդ թանկագին իրերը:

Ես իսկույն հասկացա բանի էությունը: Ավազակներ էին: Իմ ձայնից հորաքույրդ զարթնել էր և նույնպես ոտքի կանգնել: Սև պատկերներից երկուսը մոտեցան ինձ: Կիսախավարի մեջ նկատեցի, որ նրանք զինված են մեծ-մեծ դաշույններով: Թոռնիկս, մարդ վտանգների ժամանակ չպիտի ուշքը կորցնի: Սառնությունը հաղթության քույրն է: Ես չշվարեցի: Առանց երկար մտածելու վերցրի վերմակս և մի ակնթարթում ձգեցի ինձ մոտեցողների գլխին: Հորաքույրդ հետևեց իմ օրինակին:

Անիծվածներ, ես ձեզ կխեղդեմ շան պես, — գոչեցի ես թրքերեն, — և երկուսին միասին գրկելով, բարձրացրի ու գցեցի լուսամուտով դեպի պարտեզ...

Արտասանելով այս խոսքերը, տատս կանգ առավ, երկյուղից և ուրախությունից սիրտս թրթռում էր բռնված ծտի պես:

Տատս հանգիստ էր: Նա քթախոտ էր քաշում:

Հե՞տո , հետո , — գոչեցի ես անհամբերությունից շնչասպառ:

Օօ՛, հորաքույրդ քաջ կին էշարունակեց պառավը հիացմամբ: Նա իմ աղջիկն է իսկ և իսկ: Նա էլ մեկին շպրտեց դուրս: Ես վերցրի բարձս և ձգեցի այն մեկի երեսին, որ մոտեցել էր դռներին:

Մնացյալները մոտեցան ինձ: Բայց ես այլևս վախ չունեի: Հարձակվեցի նրանց վրա, երկայն մինդարը վերցնելով:

Օգնություն, օգնություն, — աղաղակում էր հորաքույրդ, — մեզ սպանում են:

Սկսվեց անհավասար կռիվ երկու անզեն կանանց և երեք ավազակների մեջ: Օօ, եթե ձեռքիս լիներ մի դաշույն, ոչ մեկին կենդանի չէի թողնիլ:

Բակում լսվեցին ձայներ: Մեկը հրացան արձակեց: Դրանք մեր հարևաններն էին, որ եկել էին մեզ օգնելու: Նրանք զինված էին որը հրացանով, որը դաշույնով, որը փայտով:

Հանկարծ կողքիս վրա զգացի ինչ-որ տաքություն, ապա սաստիկ ցավ: Ձեռս մոտեցրի, զգացի թացություն:

Ինձ վիրավորել էին դաշույնով. Արյունը հոսում էր աղբյուրի պես: Ես ուշաթափվեցի ընկա:

Բայց տունն և աղջկաս կյանքը ազատված էին: Ավազակները փախան, տանելով իրենց հետ ջարդված ընկերներին:

Ահա իմ վերքի պատմությունը, թոռնիկս, — ավարտեց տատս, մի անգամ ևս քթախոտը մոտեցնելով յուր քթի լայն պնչերին: — Հանգստացա՛ր: Այժմ պառկիր և քնիր:

Բայց ես այնքան ազդվել էի, այնքան հուզվել, որ այդ գիշեր մինչև լույս չկարողացա աչքերս փակել:

VIII

ՄԵՐ ԹԹԵՆԻՆԵՐԸ

Մենք ունեինք հինգ թթենիմեկը բակում, չորսը փողոցում:

Հենց որ թթի ժամանակը գալիս էր, այդ ծառերը դառնում էին իմ պարծանքը և հոգսը:

Ազատ Ժամերիս մեծ մասը նրանց էի նվիրում:

Չարաճճի մանուկները հանգստություն չէին տալիս խեղճերին: Ով ճարպիկ էրբարձրանում էր նրանց վրա և կապիկի պես ճյուղից ճյուղ ոստոստալով, ուտում էր համեղ պտուղները: Ով չէր կարող -ցածից քարեր և փայտեր էր գցում և թութը թափում գետնին: Էլ չէին սպասում, որ պտուղը հասունանա, կարգին թափ տանք և բաժանենք ամենքին:

Չեք կարող երևակայել, թե այդ բանը որքան վշտացնում էր ինձ: Հազիվ անմեղ պտուղները զարդարում էին կանաչ ճյուղերը, հազիվ ծառերը սկսում էին հպարտ-հպարտ մտիկ անել դեպի վերկապույտ երկնքին, դեպի վարանցորդներինկողոպուտը սկսվում էր: Ես ասում էի ամենքին.

Տղերք, որքան ուզում եք կերեք թութը, բայց ծառերին մի չարչարեք: Մեղք է:

Ով էր լսում ինձ: Չար ձեռքերը օրը մինչև երեկո քարեր ու փայտեր էին արձակում խեղճերի վրա և նրանց տանջում: Շատ անգամ մի երկու թթի համար ահագին ոստեր էին կոտրում:

Ես էի միայն նրանց պաշտպանը: Ախ, այդ կանաչազարդ ոստերը, որպիսի ճչով և աղաղակներով էին պոկվում ճյուղերից և ընկնում գետնի վրա: Ամեն անգամ, երբ տեսնում էի նրանց սալահատակի վրա սփռված, սիրտս էր մղկտում: Ինձ թվում էր, որ դրանք իրանց մայրերի կրծքից խլված ու սպանված երեխաներ են, և մայրերը ողբում են նրանց:

Ամենից ավելի կարմիր թթի ծառերն էին չարչարվում, որովհետև նրանց պտուղն ավելի համեղ էր: Լացս էր գալիս, երբ վայր ընկնող ոստերի հետ ընկնում էին հասունացած հատիկները: Կարծես դրանք ծառերի արցունքները լինեին: Կարմիր արցունքներ, արյան արցունքներ:

0օ, սիրելի ծառեր, մանկությանս սքանչելի ընկերներ, երեսունուհինգ տարի է ձեզ չեմ տեսել:

Չորացե՞լ եք արդյոք, թե անգութ կացինը կտրել է ձեզ բնից: Եթե դեռ կենդանի եք, ո՞վ է ձեզ պաշտպանում ձեր ծերության հասակում, ազնիվ բարեկամներ, հիշում եմ ձեզ անհուն սիրով և երախտագիտությամբ: Դուք ինձ շատ եք ուրախացրել, շատ հիացրել, շատ կերակրել:

Եվ քանի-քանի անգամ ամառվա շոգ օրերին պատսպարել եք ինձ ձեր հովասուն ճյուղերի տակ ու զովացրել: Քանի-քանի անգամ ես ձեր պատճառով ծեծվել եմ և ծեծել եմ, հիմա էլ գլխիս վրա մնում է այն վերքի տեղը, որ ստացա մի պատանու գցած քարից:

Մնացեք բարև, ազնիվ ընկերներ, ես այլևս ձեզ չեմ տեսնիլ

IX

ՊԱՏԵՐԱԶՄ

Մի օր ուսումնարանից նոր վերադարձած, մածոնի փրթոշ էի ուտում: Դարձյալ լսեցի մեր թթենիների աղաղակը:

Նրանք ինձ օգնության էին կանչում: Վազեցի փողոց և ինչ տեսա, տեր աստված.». Թուրք պատանիների մի մեծ խումբ վայրի գազանների նման հարձակվել են բարեկամներիս վրա և անխնա փշրտում են նրանց ոստերը, մինչև անգամ ճյուղերը:

Следующая страница