Շիրվանզադե Ալեքսանդր՝   Կյանքի բովից

Մինչև ե՞րբ, — հարցնում էր ինձ խմբագիրն ամեն անգամ:

Մինչև ե՞րբ, — հարցնում էի ես Րաֆֆիին:

Եղբայր, — ասաց նա մի օր, իմ հարցից վշտանալով, — չէ որ գործը պիտի կոլորացնել:

Այդ «կոլորացումը», որ Աբգար Հովհաննիսյանին տվեց մի հակացենզուրական սրախոսության նյութ, տևեց, ինը շաբաթ:

Սկսվեց «Սամվել» վեպի տպագրությունը: Վեպն ամբողջովին պատրաստ չէր: Րաֆֆին իր նախկին սովորությամբ գրում էր հետզհետե և ուղարկում էր տպարան: Այդպես է գրել նա «Դավիթ Բեկ»-ը, «Խաչագողի հիշատակարան»-ը «Մշակի»-ի համար:

Ամիսներ անցան, «Սամվել»-ը չէր վերջանում: Հովհաննիսյանը նորից սկսեց բողոքել.

Այդ մարդն ինձ քանդելու է տողավարձով:

Տողավարձն էր չորս կոպեկ:

Ես հրաժարվեցի միջամտելուց: Հովհաննիսյանն ընդհատեց վեպի տպագրությունը: Րաֆֆին զայրացավ: Վեպի առանձին հրատարակության մամուլները փտում էին տպարանի նկուղում: Նա հոժարվեց ընդունել Հովհաննիսյանի առաջարկըշարունակության համար ստանալ տողին` երկու կոպեկ: Այս էր ամենաժողովրդական հայ գրողի վարձը:

Րաֆֆին մտադիր էր «Սամվել»-ը վերջացնելուց հետո գնալ Կ. Պոլիս և հետո ճամփորդել Թուրքական Հայաստանում:

Դուք կտեսնեք, — ասում էր նա, — ես Կ.Պոլիս կմեկնեմ աննկատելի, Ռափայել Պատկանյանի օրինակին չեմ հետևի, շուրջս աղմուկ բարձրացնելով և անունս թմբկահարելով:

Րաֆֆին չէր կեղծում: Նրա համեստությունն անկեղծ էր: Գովասանքներ լսելիս շփոթվում էր շոյված մանկան պես: Չեմ կարող ասել, որ փառասիրության զգացմունքից զուրկ էր, բայց գովասանքները, որպես սովորական մի տուրք, սառնարյուն ընդունելու ձիրքը չուներ:

Ես համոզված եմ, որ Կ.Պոլսում շատ կան լրջամիտ և անկեղծ հայրենասերներ, — ասում էր նա, — բայց դժբախտաբար մինչև այժմ մեզ մոտ եկողները զեվզեկներ են եղել, նա ակնարկում էր որոշ մարդկանց, որոնց թվում և Ծերենցին: Նա ասում էր.

Այդ հոսոսն իրան այնպես է պահում, որ, կարծես, հայ ազգի գլխի տերը լինի...

Րաֆֆին պատճառ ուներ Ծերենցին ատելու: Պատմում էին հետևյալը, մի օր Րաֆֆին «Մշակ»-ի խմբագրատանը հանդիպում է Ծերենցին: Այն ժամանակ Րաֆֆին Մելիքզադե ստորագրությամբ հրապարակախոսական հոդվածներ էր գրում ազատամիտ ուղղությամբ: Ծերենցը, որպես պահպանողական, այդ ուղղության հակառակորդներից էր: Առաջին անգամ հանդիպելով նա Րաֆֆիին, գոռոզ եղանակով հարցնում է.

Դո՞ւք եք Մելիքզադեն:

Այո:

Դուք Մելիքզադե չեք, այլ հարամզադե, — գոչում է բարկացկոտ ծերունին, մոռանալով իր եվրոպական կրթությունը:

Րաֆֆին արհամարհանքով լռում է: Նա Ծերենցին և նրա գրչին կարևորություն չէր տալիս: Բացի դրանից, նա սիրում էր կռվել ոչ խոսքով, այլ գրչով: Եթե կռիվը գրչին հասներ, հազիվ թե Ծերենցը երկար ժամանակ դիմանար նրա մտրակի հարվածներին: Ես մինչև այժմ չեմ տեսել հայ գրականության կամ մամուլի մեջ մի ուրիշ գրիչ, որ բանակռվի մեջ այնքան կուռ և լոգիկ լիներ, որքան Րաֆֆին: Միայն մի թերություն ուներ նրա բանակռիվը, արտահայտությունների մեջ անզուսպ էր և հաճախ չէր վարանում վիրավորել հակառակորդի անգամ անձնավորությունը: Րաֆֆին «Մեղվ»-ի խմբագիր Պետրոս Սիմոնյանցի անունը դրել էր «պառավ աղվես»:

Մի օր Ղազարոս Աղայանը Պերճ Պռոշյանի և իմ ներկայությամբ ինչ-որ խնդրի վերաբերմամբ վեճի բռնվեց Րաֆֆիի հետ:

Ուզում ես, եկ վիճաբանենք լրագրի մեջ, — գոչեց Աղայանը լեռնականի ահեղ ձայնով:

Լավ, — ասաց Րաֆֆին հազիվ լսելի ձայնով:

Այդ ժամանակ Աբգար Հովհաննիսյանը Եվրոպայումն էր, «Արձագանք»-ը ես էի խմբագրում: Ուզում եմ ասել, պաշտոնական պատասխանատուն ես էի, որովհետև «Արձագանք» շաբաթաթերթը փաստորեն առհասարակ ես էի խմբագրում:

Թույլ կտա՞ս «Արձագանք»-ի մեջ բանակռվելու, — դիմեց ինձ Աղայանը:

Ուրախությամբ, — ասացի ես, — միայն պայմանով, որ իրարու անձնականը չվիրավորեք:

Երկուսն էլ պայմանս ընդունեցին: Եվ, իրավ, սկզբում բանակռվեցին շատ կորրեկտ, բայց հանկարծ միաժամանակ կատաղեցին, էլ «Լամադանի էշ», էլ «Ավարայրի ավանակ», «Սալմաստի խաչագող», ինչ ասես լեցրին՝ Աղայանը մի ոտանավորի, Րաֆֆին մի հոդվածի մեջ:

Երկուսին էլ, հայհոյանքները մի-մի անգամ տպելուց հետո, ասացի.

Պարոններ, ներեցեք, այլևս չեմ կարող թույլ տալ:

Հետո Աղայանն ինձ շարունակ կշտամբում էր.

Այ տղա, չթողիր ինձ, որ այդ խաչագողին ջարդուփշուր անեմ:

Աղայանն, իհարկե, կարող էր ջարդուփշուր անել միայն իր վիթխարի մարմնով և ոչ գրչով:

Րաֆֆին նրան կտապալեր, ինչպես Դավիթը Գողիաթին:

Րաֆֆիի ընտանիքը Պարսկաստանից եկավ: Նա նոր, ավելի ընդարձակ բնակարան վարձեց, այս անգամ քաղաքի գրեթե ծայրում, մի նեղ ու անսալահատակ փողոցի վրա, որի բնակիչները մեծ մասամբ չքավորներ էին: Բարեկամները, որոնց թվում և ես, այլևս հաճախ չէինք գնում նրա մոտ, իսկ դրսում հանդիպում էինք գրեթե ամեն օր:

Մի անգամ Րաֆֆիին տեսա հոգեպես արտաքո կարգի ընկճված: Նա ասաց.

Էհ, ձանձրացել եմ կյանքից:

Տարօրինակ էին այդ խոսքերը Րաֆֆիի նման զորեղ բնույթի բերնում: Ինչ էր պատահել՝ Րաֆֆին չասաց:

Հոգնել եք, պարոն Րաֆֆի, — ասացի ես,-եթե մի թեթև ճանապարհորդություն կատարեք, կկազդուրվեք:

Ես էլ եմ մտածում այդ մասին, — Բայց ի՞նչ միջոցներով ճամփորդեմ, կին, երկու զավակ, պառավ մայր, չքավոր եղբայրներ, ինը քույր...

Ընտանիքը գալուց հետո Րաֆֆին առհասարակ նախկինը չէր: Առանց այն էլ սակավախոս, այժմ մարդը փակել էր իր հոգու դռները և խորասուզվել իր մտքերի մեջ: Նա չէր էլ աշխատում առաջվա թափով, և մենք, նրա բարեկամները հազար ու մի ենթադրություններ էինք անում ու չէինք կարողանում հասկանալ՝ ինչ է պատահել այդ մարդուն: Այնինչ թշնամիները շարունակում էին հալածել, նախանձելով նրա օր-օրի վրա ավելացող ժողովրդականությանը: Սակայն Րաֆֆին այլևս ուշադրություն չէր դարձնում նրանց վրա: Նրա վրդովմունքը փոխվել էր արհամարհանքի, որ ավելի զորավոր զենք է, քան առաջինը: Եվ որքան նա արհամարհում էր, այնքան թշնամիները ավելի էին կատաղում: Դա նրանց ապիկարության ապացույցն էր:

Գարնանը, 1888 թվականին, Րաֆֆին հիվանդացավ: Կարծում էինք անցողիկ մրսողություն է, անվտանգ: Տեր-Գրիգորյանց անունով մի բժիշկ հայտնեց մեզ, թե հիվանդը թոքերի բորբոքում ունի, հրավիրվեց անսխալականություն կարծվող Գասպարյանը, որ, դժբախտաբար, այս անգամ չսխալվեցՐաֆֆիի դրությունը շատ լուրջ էր: Երեք օր անհանգիստ վիճակում էինք: Ամեն առավոտ և երեկո գնում էինք տիկնոջից տեղեկություն ստանալու: Արգելված էր հիվանդին այցելել:

Զատկի օրերն էին: Հինգշաբթի երեկո գնացի: Րաֆֆին արդեն ոտքի վրա էր. զարմացա, խալաթը հագին, ցնցուղը ձեռքին ծաղիկներ էր ջրում:

Այդ ի՞նչ եք անում, — գոչեցի ես, — ինչո՞ւ այդպես շուտ վերկացաք անկողնից, կարող եք մրսել:

Ո՛չ, — պատասխանեց Րաֆֆին իր սովորական անդորրությամբ՝, այլևս ազատված եմ մահից: Թշնամիներս երևի արդեն առնում էին իմ դագաղը, այժմ թող մի քիչ տանջվեն, դեռ մի քսան տարի էլ ապրելու եմ:

Ավաղ, չար նախազգացումն ինձ պաշարեց: Հրաժեշտի վայրկյանին, երբ սեղմում էի նրա թույլ ձեռքը, հիշեցի հետևյալ դեպքը. Ծերենցի թաղման օրն էր. խմբված էինք Մողնու եկեղեցու գավիթում: Րաֆֆին Պռոշյանին ասաց.

Պռոշ, պատրաստվիր, հերթն այժմ քոնն է: Պռոշյանը, որ մոտ տասը տարով մեծ էր Րաֆֆիից, շրթունքները սեղմելով և չարախինդ ժպտալով պատասխանեց.

Բարեկամ, շատ կուժեր մնում են, կուլաները կոտորվում են:

Երկու օր անցած, զատկի կիրակի առավոտյան գնացի Րաֆֆիին տեսնելու: Փողոցում, դռների առջև հանդիպեցի Ստեփան Զելինսկուն: Այդ քառասնամյա մարդը լալիս էր երեխայի պես:

Մեռել է, — ասաց նա և հեկեկաց:

Բայց ե՞րբ, ի՞նչպես, չէ որ երկու օր առաջ ոտքի վրա էր:

Գնա, տես բարեկամիդ դիակը, գուցե քեզ ասի մահվան գաղտնիքը

Րաֆֆին այլևս չկար: Դադարել էր բաբախել նրա զգայուն սիրտը:

Րաֆֆիի թաղումն առաջին համաժողովրդականը եղավ: Մինչև այդ օրը նման համայնական սուգ չէր եղել: Արծրունու թաղումը Րաֆֆիի թաղման ընդօրինակումն էր: Այդ օրից էր, որ օտարներն ասում էին.

Հայերը գիտեն վատ պահել իրենց գործիչներին և լավ թաղել:

Ոչ ոք չէր սպասում այդպիսի փառահեղ հուղարկավորություն: Րաֆֆիի հարևաններն ապշած էին:

Ո՞վ էր այդ մարդը, — հարցնում էին իրարու:

Արդարև, զարմանալի երևույթ: Քաղաքի չքավոր արվարձաններից մեկում ապրում էր մի փոքրահասակ մարդ, համեստ կերպարանքով, պարզ ու հասարակ հագուստով: Նա ամեն օր դուրս էր գալիս տնից գլուխը թեքած կրծքին, հաստ ձեռնափայտը առջևը բռնած և վերադառնում էր մրգեղենի թղթյա տոպրակը կռնատակին: Մեծության կամ տարօրինակության ոչ մի արտաքին նշան չուներ այդ մարդը, բացի ծայրահեղ համեստությունից: Եվ ահա հանկարծ նա մեռնում է, և գրեթե ամբողջ քաղաքը ոտքի է ելել: Եկել էին Թիֆլիսի բոլոր համքարություններն իրենց գույնզգույն մետաքսյա դրոշակներով: Խմբվել էին տան առջև քաղաքի բոլոր դպրոցների հայ աշակերտներն իրենց ուսուցիչների հետ:

Ներկա էր ամբողջ հոգևորականությունը սևագլուխ եպիսկոպոսներով ու վարդապետներով: Ներկա էին բոլոր հայ և օտար լրագրերի խմբագրությունները, բոլորը, ով որևէ առնչություն ունի գրականության կամ մամուլի հետ: Եկել էր հայ բանվոր դասակարգը, թուրքահայ գաղթականները և հազարավոր տիկիններ, օրիորդներ, չնայելով հորդառատ անձրևին:

Թաղման հանձնախումբն ինձ խնդրեց գնալ Գրիգոր Արծրունուն համոզել, որ ներկա լինի հուղարկավորությանը: Դյուրին գործ չէր այդ կամակոր մարդուն համոզելը, այնուամենայնիվ, ես հանձն առա ու գնացի: Մտա նրա անշուք բնակարանը, որ միևնույն ժամանակ և «Մշակ»-ի խմբագրությունն էր: Աշխատակիցներից ներկա էր միայն Խաչատուր Մալումյանը, — Արծրունու աջ թևը և պետք է ասել՝ ամենաշնորհալին «Մշակ»-ում գրողների մեջ:

Սկզբում Արծրունին բացարձակապես մերժեց իմ առաջարկը: Տիկին Մարոն ավելի հեռու գնաց: Այդ անհամբերողամիտ արարածը լեցուն էր անզուսպ ատելությամբ դեպի Րաֆֆին: Հանգուցյալի դագաղն անգամ չխնայելով՝ նա այնքան պարսավեց մարդուն, որ ես մի վայրկյան զղջացի գալուս համար: Նույնիսկ արծրունամոլ Մալումյանը դժկամության նշաններ ցույց տվեց: Վերջ ի վերջո ես կարողացա համոզել Արծրունուն, ասելով.

Տեր բացակայությունը կարող է գեշ ազդել հասարակական կարծիքի վրա և «Մշակ»-ին վնասել:

Սա եկավ հուղարկավորության և իր հակառակորդների Աբգար Հովհաննիսյանի, Պետրոս Սիմոնյանցի ու Սպանդարյանի հետ Րաֆֆիի դագաղը բնակարանից դուրս բերողներից մեկն եղավ:

Դագաղը մինչև եկեղեցի ու այնտեղից մինչև Խոջիվանքի գերեզմանատուն տարվեց ուսերի վրա: Խմբագիրներին փոխարինեցին բանվորները, հետո տիկինները և օրիորդները, երիտասարդությունը, ուսանողությունը, գավառներից եկած բազմաթիվ պատգամավորներ: Ամբողջ ժամանակ անձրևը հեղեղում էր: Այդ օրը շատերը հիվանդացան և, ինչպես հավատացնում էին, հիվանդացած օրիորդներից երկուսը մեռան: Ավելի քան քառասուն տարի է անցել այդ օրից, դարձյալ Րաֆֆիի պատկերն աչքերիս առջևն է կենդանի: Բայց այսօր և վաղուց, շատ վաղուց նրա ջերմ երկրպագուներից չեմ:

Րաֆֆին է իսկական հիմնադիրն արևելյան աշխարհաբար գրական լեզվի: Խաչատուր Աբովյանի ոճը ես չեմ ընդունում գեղեցկության տեսակետից: Դա ժողովրդական կոպիտ բարբառի և գրական լեզվի խառնուրդ է, զուրկ տարրական նրբությունից: Պռոշյանը շատ բան չավելացրեց Աբովյանի լեզվին: Արծրունու բառարանը հուսահատության չափ աղքատ էր: Ռափայել Պատկանյանի ոտանավորները չէին կարող առատ նյութ մատակարարել հայ լեզվին: Ղազարոս Աղայանը երկաթաշունչ գործեր չի տվել:

Րաֆֆին էր, որ արձակ գրականության գեղեցիկ լեզվի հիմքը դրեց: Բայց վիպասան էր ոչ այն իմաստով, որ ես եմ ըմբռնում: Եթե հայ գրականության մեջ կան խոշոր վեպեր, որ ես կարդացել եմ առանց ձանձրույթի, դա «Վերք Հայաստանի»-ից հետո միայն և միմիայն Րաֆֆիի գործերն են... Մյուս մեծ վեպերը, գրողների երկերը կարդացել եմ ձանձրույթով կամ չեմ կարողացել մինչև վերջը կարդալ...

X

ԸՆԴՀԱՐՈՒՄՆԵՐ: ԱԲԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Թիֆլիս տեղափոխվելով, ես պատահմամբ ընկա հեղափոխական ոգով տոգորված մի շրջան: Նա բաղկացած էր համալսարանական քաղաքներից եկած ուսանողներից, տեղական միջնակարգ դպրոցների նորավարտ ուսանողներից և ուսանողուհիներից: Ինձ համար այդ շրջանը համակրելի էր միջազգային բնույթով, բարոյական աշխարհայեցողությամբ և հոգեկան պահանջներով: Այդտեղ պարզությունն ու անկեղծությունը յուրաքանչյուրի համար պարտավորական էին:

Միջավայրի առանցքն էր իր ժամանակին հայտնի նարոդնիկ Իգնատիյ Յոսսելիանին: Բարձրահասակ, նիհար, ժամանակից առաջ ճերմակող մազերով մի վրացի, որ ինձ հիշեցնում էր Միրզա Սերոբին, թեև ոչ նրա չափ ներվային և ոչ էլ այնքան սրամիտ ու սրախոս: Նա էր ղեկավարում շրջանը, վայելելով հավասարապես թե վրացի և թե հայ երիտասարդության սերն ու հարգանքը: Ժողովվում էինք նրա մոտ շաբաթը մի քանի անգամ, կարդում էինք, վիճաբանում ժամերով, խափանելով բարի տանտիրոջ պառավ մոր նիրհը: Երանելի մայր: Միտս է. մի օր անսպասելի մտնելով Իգնատիյի սենյակը, տեսա նրան երեսունվեց տարեկան որդու գլուխը ծնկների վրա դրած, շփում էր նրա ալեխառն մազերը: Մուրիլլոյի վրձինին արժանի պատկեր...

Սովորաբար կարդում էր ժողովականներից մեկը, մյուսները լսում էին: Իսկ կարդացվում էին, իհարկե, արգելված գրքեր և պարբերական հրատարակություններ, բոլորը, ինչ որ գրավիչ էր այն ժամանակվա հեղափոխականորեն տրամադրված երիտասարդության համար: Շատերն այդ գրքերից ես կարդացել էի արդեն Բաքվում և այս պատճառով կանոնավոր չէի հաճախում ժողովները: Բացի դրանից, բարվոք էի համարում հազվագյուտ գրքերը վերցնել և տանը կարդալ, ավելի լավ ըմբռնելու համար: Ահա այդ ժամանակ էր, որ ծանոթացա Բակունինի, Գերցենի, Չերնիշևսկու և Բեբելի գործերին: Ժողովներում կարդացվեց և Կարլ Մարքսի «Կապիտալ»-ը, բայց ոչ լիովին, թե ինչու՝ չեմ հիշում: Երևի դյուրամատչելի չլինելու պատճառով: Հետո միայն ես կարողացա ձեռք բերել մի օրինակ այդ գրքից: Կարդացի և նվիրեցի Ներսես Աբելյանին:

Այդ ժամանակ էր, որ մի քանի երիտասարդներ մտածեցին հրատարակել մի «գաղտնի» թերթ և ինձ էլ հրավիրեցին մասնակցել: Թերթի անունը դրեցինք «Մունետիկ», եթե չեմ սխալվում իմ առաջարկությամբ: Դիմեցինք հեկտոգրաֆիայի օգնության և մասնակցողներից մեկի սենյակը դարձրինք «խմբագրատուն»: Առաջնորդողները գլխավորապես ես էի գրում, թե ինչ էի գրում, այսօր դժվարանում եմ ասել: Երևի գրածներս կարևոր բաներ չէին, որ հիշողությունիցս թռել են: Չեմ հիշում նույնպես, թե քանի համար հրատարակեցինք. գիտեմ, որ թերթի գոյությունը երկար չտևեց, և մենք աշխատակիցներս, բաժանվեցինք, ու այդ բաժանումը եղավ հավիտենական:

Թերթի գոյության ընթացքում մենք հեկտոգրաֆիայով հրատարակեցինք Միքայել Նալբանդյանի «Երկրագործությունը»:

«Արձագանք» շաբաթերթը կլանում էր իմ ամբողջ ժամանակը: Ես հրավիրված էի քարտուղարի պաշտոնով, բայց շուտով թերթի գրեթե ամբողջ լուծն ինձ վրա ընկավ: Ես էի նրա իսկական խմբագիրը, առաջնորդողներ գրողը, մամուլի տեսություն կազմողը, քննադատը, թատրոնական ռեցենզենտը, թարգմանիչը, սրբագրիչը, էքսպեդիտորը: Վերջապես, ես էի պարտավոր տալ վեպիկներ, պատմվածքներ, ֆելիետոններ (Մաղքոս կեղծ անունով): Ես նման էի այն թափառաշրջիկ երաժշտին, որ բերնով սրինգ է նվագում, ոտով թմբուկ զարկում, գլխով ծնծղա, և որին ֆրանսիացիք «Մարդ-օրկեստր» են անվանում:

Ագբար Հովհաննիսյանը ժամանակ չուներ, զբաղված էր բանկային և անձնական գործերով, զանազան քաղաքային և ազգային նիստերով ու ժողովներով, նա գրում էր միայն (այն էլ ոչ ամեն շաբաթ) զավեշտական ֆելիետոններ, և գրում էր, տեղն է ասել, բավական սրամիտ, համենայնդեպս ավելի հաջող, քան «Մշակ»-ի Ասիացին: «Արձագանք»-ը աշխատակիցների պակաս չուներ, ընդհակառակը, շատերն Էին ջանում նրա տնօրենի սիրտը շահել, աչքի առջև ունենալով նրա դիրքը և հուսալով այդ դիրքից օգտվել այս կամ այն բանկում, կամ ներսիսյան դպրոցում պաշտոն ստանալու համար: Բայց գրում Էին նրանք ոչ կանոնավոր և հարատև: Մի երկուսը գիտեին գրել քիչ թե շատ տանելի, բայց շատերն իրանց բութ ածելին Էին սրում բազմաչարչար «Արձագանք»-ի գլխին:

Ես հոգնում էի այնչափ, որ շաբաթ օրերը, երբ թերթը պիտի տպարանից դուրս գար մինչև երեկո, գալիս էի տուն ուժասպառ և թավալվում անկողնի վրա, չկարողանալով մի բառ անգամ պատասխանել կնոջս հարցին՝ «Ի՞նչ է պատահել»: Եվ այս բոլորը ամսական հիսուն ռուբլի վարձատրությամբ:

Աբգար Հովհաննիսյանը ասում էր.

Գրողն ինձ համար կիտրոն է. քամում եմ ու կճեպը դեն գցում:

Նա այդ ասում էր ոչ նյութապես շահագործելու իմաստով, այլ աշխատեցնելու մտքով: Աբգար Հովհաննիսյանը նյութամոլ չէր:

Մի անգամ, երբ նա դարձյալ կրկնեց այդ դարձվածքը, ես ասացի.

Իմ կաշին հաստ է, և հյութը շատ, ձեր ձեռներն անզոր են ինձ քամելու համար:

Մի ուրիշ անգամ, երբ նորից կրկնեց իր սիրած դարձվածքը, ես կատաղեցի.

Եթե ինձ քամեք անգամ, գոնե մի կաթիլ կմնա, և այդ կաթիլը կլինի ձեր մահացու թույնը:

Ես ունեի միջոց «Արձագանք»-ի ոստայնից ազատվելու համար, բայց այդ կլիներ Քարիբդայից ելնել, Սցիլլա ընկնել, Գրիգոր Արծրունին, այն օրից, երբ Զվիցերիայից վերադառնալով «Մշակ»-ը վերականգնեց, շարունակ առաջարկում էր ինձ ընդունել թերթի մշտական աշխատակցի և քարտուղարի պաշտոնը: Ես մերժում էի մի քանի պատճառներով: Նախ ես Արծրունու վերաբերմամբ մասամբ հիասթափված էի դեռ մինչև արտասահման գնալը, ապայ երբ նա վերադարձավ, «Մշակ»-ի առաջին համարում գրեց, թե իր բացակայությամբ հայ գրականությունը ոչ մի գիրք կամ գրքույկ չի տվել, այնինչ «Նամուս»-ը հենց նրա բացակայությամբ էր լույս տեսել: Այդ մոռացումն իմ երիտասարդ ինքնասիրությունն ընդունեց որպես գիտակցական արհամարհանք Արծրունու կողմից: Առհասարակ Արծրունին այն հավակնությունն ուներ, թե «Մշակ»-ից դուրս հայ գրականություն չկա և չի կարող լինել: Այնուհետև ի՞նչ տարբերություն Արծրունու և Աբգար Հովհաննիսյանի մեջ:

Րաֆֆին ասում էր.

Շատ լավ եք անում, որ չեք ընդունում Արծրունու առաջարկը, ես տասներկու տարի աշխատակցեցի այդ մարդուն, ի՞նչ շահեցի, բացի ներվերս քայքայելուց և տիկին Մարոյի լուտանքներից: Գրիգոր Արծրունի և Աբգար Հովհաննիսյան միևնույն խմորից են թխված: Երկուսն էլ հղփացած բուրժուաներ են հարստահարիչների մթնոլորտում սնված ու մեծացած: Նրանց համար մենք՝ մտքի մշակներս, ուրիշ ոչինչ ենք, եթե ոչ շահագործման նյութ: Համբերեցեք, ես հույս ունեմ, վերջապես, թույլտվություն ստանալ մի զուտ գրական ամսագիր հրատարակելու, այն ժամանակ մենք կունենանք մեր օրգանը:

Խեղճ Րաֆֆի, ի՞նչ գիտեր, որ այդ խոսքերն ասելուց մի տարի չանցած՝ պիտի մահանար:

Բնական է, որ Արծրունին չպիտի ներեր ինձ իմ համառ մերժումը: Նրա համար ով իր կողմը չէրթշնամի էր: Եվ ահա շուտով սկսվեց մի քողարկված ատելություն, որ շատ չանցած՝ փոխվեց կատարյալ հալածանքի, մանավանդ, երբ «Մշակ»-ի խմբագրատուն մտավ ներսիսյան դպրոցի նախկին աշակերտ Խաչատուր Մալումյանը: Այդ տղան, որ շուտով դարձավ Արծրունու աջ թևը, բավական շնորհալի գրիչ ուներ, թեև սեմինարիստի մտայնությամբ: Նա կարող էր լինել բավական լավ հրապարակախոս, եթե ունենար բավականաչափ զարգացում և զերծ լիներ նախանձի մաղձից ու մանավանդ ծայրահեղ մեծամտությունից: Տեղն է ասել, ապագայում նա դարձավ դաշնակցության առաջնորդներից մեկը և դժբախտաբար կործանվեց, որպես զոհ իր մոլորության: Այսօր նրա լուսանկարը Ակնունի կեղծ անվան տակ Քրիստափոր Միքայելյանի և Սիմեոն Զավարյանի հետ զարդարում է դաշնակցության բյուրոներն ու խմբագրատներն ամենուրեք: Ճակատագրի կծու հեգնանք, մարդը ծնված էր շատ-շատ մի դպրոցի վարիչ կամ լրագրի շնորհալի աշխատակից լինելու, և հանկարծ կամեցավ մի ամբողջ ժողովրդի քաղաքական ղեկավարը լինել...

Մի անգամ ես դրեցի երեք հոդված «Հայ ազգի կատաղի թշնամին» վերնագրով: Որովհետև հոդվածները որպես խմբագրական, ըստ սովորության, չպիտի ստորագրվեին, նախքան տպարանին հանձնելը կարդացի Աբգար Հովհաննիսյանին: Բանն այն է, որ նորեն բորբոքվել էր իմ բնածին ատելությունը դեպի բուրժուազիան: Հայ ազգի կատաղի թշնամի ես համարում էի վաճառականությունը: Ես իմ հոդվածների մեջ ասում էի, թե օտարների մեր մասին կազմած նվաստացուցիչ և վիրավորական կարծիքը մեր վաճառականության ստոր վարք ու բարքերի հետևանքն է: Ես ասում էի, թե այդ ապականված տարրն է, որ գլխավորապես շփվում է օտարների հետ և նա է, որ ստում է, խաբում, կեղեքում: Մեկն էլ իմ բերած փաստերից այն էր, որ մեր վաճառականները, մի քանի տարի շիտակություն կեղծելով, վարկ են վաստակում Մոսկվայի և Լոձի ֆաբրիկանտների մոտ, ապա մի օր մեծ քանակով ապառիկ ապրանք են վերցնում, բերում են և շուտով իրանց սնանկ են հայտարարում ու պարտատերերին տալիս իրանց պարտքերի 10 կամ 20 տոկոսը, մնացյալը կլանելով: Ես ասում էի, թե օտարները չեն ճանաչում ոչ հայ գյուղացուն, ոչ հայ բանվորին, ոչ հայ արհեստավորին, ոչ հայ մտավորականին, և ամբողջ հայ ազգը համարում են կեղծավորների, վաշխառուների և գողերի մի հավաքածու: Աբգար Հովհաննիսյանը լսեց իմ հոդվածները և շփոթվեց:

Չեմ կարող թույլ տալ այդ հոդվածները, — ասաց նա:

Ինչո՞ւ:

Ահագին սկանդալ կառաջանա:

Թող առաջանա, ի՞նչ կա:

Իսկ հետևանքը գիտե՞ք

Գիտեմգրեք հոդվածների տակ իմ անունը:

Այդ ինձ չի կարող ապահովել, պատասխանատվությունն ինձ վրա է:

Ուրեմն վախենո՞ւմ եք:

Ո՛չ, — արտասանեց Հովհաննիսյանը տատամսելով, — ձեր ոճը չափազանց հարձակողական է, փոփոխեցեք, մեղմացրեք, գուցե հնարավոր լինի տպել:

Չեմ կարող ոչ փոփոխել, ոչ էլ մեղմացնել:

Այն ժամանակ ես էլ չեմ կարող թույլ տալ տպելու: Ինձ համար պարզ էր, որ մարդը վախենում էր: Եվ ուներ իրավունք: Չէ որ հենց վաճառականությունն էր նրան նստեցրել բանկի դիրեկտորի պաշտոնի վրա և կարող էր նրա տակից քաշել թիկնաթոռը:

Շատ բարի, — ասացի ես և կամեցա հոդվածները պատռել ու դեն գցել:

Ո՛չ, մի պատռեք, տվե՛ք ինձ: Ես հոդվածներս տվեցի նրան:

Անցան մի քանի ամիսներ: Մի օր Հովհաննիսյանն ասաց,

Այժմ կարող եմ թույլ տալ ձեզ «Հայ ազգի կատաղի թշնամին» հոդվածները:

Թե ի՞նչ էր պատահել, չասաց:

Հոդվածները տպվեցին «Արձագանք»-ի երեք համարներում անստորագիր:

Երբեք մի լրագրական գրվածք հայերի մեջ չէր բարձրացրել նման փոթորիկ: Կատաղեց ամբողջ հայ վաճառականությունը ոչ միայն Թիֆլիսում, այլև ամենուրեք: Բաքվից, Նոր-Նախիջևանից, Պետերբուրգից, Մոսկվայից սկսեցին տեղալ հերքումներ, հայհոյանքներ, սպառնալիքներ: Կլուբներում ու բանկերում վաշխառուները, բանկիրները, գործարանատերերը, խանութպանները, նույնիսկ մի խումբ բժիշկներ, իրավաբաններ, չինովնիկներ իրանց կոկորդը պատռելով պնդում էին, թե դա մի չտեսնված ամբաստանություն է, մի անասելի զրպարտություն: Իսկ հայ վեղարավորներն ու տերտերները եկեղեցիներում, փողոցներում երդվում էին Քրիստոսի խաչելությամբ, թե հայ ժողովրդի միակ պահապանը, իհարկե, հոգևորականությունից հետո, վաճառականությունն է:

Թիֆլիսում ճահճի փոթորիկն առանձնապես զորեղ էր Դվորցովայա (այժմ Կոմոլնալնայա) փողոցի վրա: Այստեղով անցնելն արդեն վտանգավոր էր «Արձագանք»-ի աշխատակիցների համար: Մի խանութպան հարձակվեց ծերունի պատմագետ Ալեքսանդր Երիցյանի վրա և փայտով զարկեց գլխին, մի ուրիշը Կարապետ Յաղուբյանի վրա: Ես հարձակման չենթարկվեցի, բայց բավականին հայհոյանքներ կերա:

Արծրունին շփոթված էր, չգիտեր ինչպես վերաբերվել: Պաշտպանել վաճառականությանը չէր կարող, տրադիցիա ուներ, և հետո չէ որ բուրժուազիան անպաշտպան թողեց նրան և զրկեց ահագին կալվածքից: Իսկ ձայնակցել «Արձագանք»-ին, կնշանակեր դավաճանել փոխատելության մրցման և նախանձի զգացմանը:

Պաշտպանությունը վերցրեց իր վրա ինքը բուրժուազիան: Դվորցովայա փողոցի վաճառականները հրատարակեցին մի գրքույկ լի հայհոյանքներով ու զրպարտություններով:

Աբգար Հովհաննիսյանը, տեսնելով իմ հոդվածների հարուցած փոթորիկը, որ սպասածից շատ ավելի զորեղ էր, որոշեց ալեկոծված ճահճի վրա յուղ թափել: Իր լիուլի ստորագրությամբ գրեց երկու թե երեք հոդված, ուր անպայմանը պայմանավորվեց: Մինչդեռ ես ամբողջությունն էի քարկոծել, նա ասաց, թե, այնուամենայնիվ, հայ բուրժուազիայի «հինգ տոկոսն ազնիվ է»: Դա մի դիպլոմատիկական ելույթ էր. թող յուրաքանչյուրը կարծի, որ ինքն էլ այդ հինգ տոկոսի մեջ է, և հանգստանա: Սակայն այդ խորամանկությունը չօգնեց նրան: Վրա հասավ Թիֆլիսի փոխադարձ վարկի ընկերության անդամների տարեկան ընդհանուր ժողովը, Աբգար Հովհաննիսյանն այդ բանկումն էր դիրեկտոր:

Չեմ հիշում հայ գործչի մի անուն, որ այնպիսի կատաղությամբ ու անամոթությամբ հորջորջված լիներ, որպես այդ օրը Աբգար Հովհաննիսյանի անունը: Ամբաստանում, զրպարտում, հայհոյում են մարդուն ամենքը, որոնց ճակատին դրոշմված էր «վաճառական», իսկ այդ օրը վաճառական էր ամենքը, սկսած վերջին մրգավաճառից մինչև հայտնի բժիշկը, փաստաբանը, ինժեները: Դա կատաղած գայլերի մի ոհմակ էր, որի ժանիքներին փորձել էր դիպչել մի հանդուգն ձեռ:

Ինչո»ւ ես ընդհարվեցի Աբգար Հովհաննիսյանի հետ և վերջը բաժանվեցի՝ այլևս չհանդիպելու պայմանով

Տոնվում էր Գրիգոր Արծրունու հրապարակախոսական գործունեության քսանհնգամյակը: Տոնակատարությանը մասնակցում էր Հայ բուրժուազիան ոչ այնքան գրչի մարդուն իր հարգանքը ցույց տալու, որքան իր վրեժն «Արձագանք»-ից առնելու համար:

Աբգար Հովհաննիսյանը խմբագրատուն հրավիրեց «Արձագանք»-ի աշխատակիցներին խորհրդակցելու` հարկավո՞ր է արդյոք շնորհավորել Արծրունու քսանհնգամյակը, թե՞ ոչ: Այդ ժողովին ներկա եղողներից հիշում եմ Ալեքսանդր Երիցյանին, Գարեգին Ենգիբարյանին, Գևորգ Յմշկյանին, Կրապետ Յաղուբյանին, Իսահակ Հարությունյանին: Պերճ Պռոշյանը և Գաբրիել Սունդուկյանցը մերժել Էին ներկա լինել:

Միաձայն որոշվեց՝ չշնորհավորել Արծրունուն: Ես դեմ էի այդ որոշմանը և ասացի.

Իսկ ես վաղը կերթամ և կշնորհավորեմ:

Դուք կատակ եք անում, հարցրեց Հովհաննիսյանը հեգնանքով:

Ոչ, ես լուրջ եմ ասում: Իմ գրական գործունեությունը ես սկսել եմ «Մշակ»-ի Էջերում, ապերախտություն կլինի իմ կողմից մոռանալ Արծրունուն:

Այն ժամանակ դուք կզրկվեք «Արձագանք»ին աշխատակցելու պատվից:

Չեմ մտահոգված այդ մասին:

Մյուս օրը գնացի տոնախմբությանը: Ես եկել էի միայն պաշտոնապես սեղմելու Արծրունու ձեռքը, բայց նա ինձ տեսնելով զգացվեց, հարձակվեց ինձ վրա, և մենք համբուրվեցինք:

Աբգարի սպառնալիքը սահմանափակվեց մի սրամիտ ֆելիետոնով այդ համբույրի մասին: Նա ինձ չէր կարող գրկել «Արձագանք»-ին աշխատակցելու «պատվից», որովհետև ես էի կարևոր թերթի համար, և ոչ թերթը ինձ համար:

Պատահեց և մի ուրիշ ավելի կարևոր դեպք: Ղազարոս Աղայանը «Տարազ» շաբաթաթերթի մեջ գրել էր մի անստորագիր հոդված, որով նա Աբգար Հովհաննիսյանի վրա բարդում էր տասն և ինը զանազան մեղադրանքներ: Դա ժամանակի ոգին էր՝ գաղափարական վեճը միշտ վերածել անձնականի և աշխատել հակառակորդին ամեն կերպ անվանարկել, մեղադրելով նրան չկատարած հանցանքների մեջ: Այդ տեսակետից Ղազարոս Աղայանը մանավանդ չափ ու սահման չէր ճանաչում:

Աբգար Հովհաննիսյանը դիմեց դատարանին, պատասխանատվության կանչելով «Տարազ»-ի խմբագիր Տիգրան Նազարյանին: Գործը քրեական էր. եթե Հովհաննիսյանը կարողանար ապացուցանել զրպարտության թեկուզ մի մասը, Նազարյանը պիտի դատապարտվեր երկուսից մինչև ութ ամիս բանտարկության, որպես զրպարտիչ:

Ես Հովհաննիսյանի կողմից կանչված էի քննիչի մոտ որպես վկա մի քանի կետերի վերաբերմամբ: Երբ քննիչը ինձ հարցրեց՝ ճի՞շտ է արդյոք, որ Հովհաննիսյանը հանգուցյալ Րաֆֆիի վարձը չի վճարել, ես պատասխանեցի.

Այդպես չէ: Րաֆֆին իր վարձը կանոնավոր ստացել է, միայն մնացել է խմբագրության վրա մի փոքրիկ գումար, այն է 142 ռուբլի, որ չի վճարված:

Ո՛չ,-հերքեց Հովհաննիսյանը,-Րաֆֆին իր վարձն ստացել է ամբողջովին:

Սխալվում եք, պարոն Հովհաննիսյան, — պնդեցի ես, — չէ՞ որ խմբագրության հաշվեմատյանն ինձ մոտ է: Եթե կամենաք, կարող եք ստուգել:

Հովհաննիսյանը մտածեց, որ իմ ցուցմունքը վարկաբեկում է իրան ռուս քննիչի աչքում, դուրս գալով փողոց, զայրացած գոչեց.

Դուք ինձ անվանարկեցիք, ես ձեզ կկործանեմ... Հովհաննիսյանը շատ էր սիրում այդ «կկործանեմ» սպառնալիքը և գործ էր ածում ամեն անգամ, երբ մեկին ուզում էր վախեցնել: Ես ասացի.

Արեք ինչ որ կարող եք, բայց ես սուտ վկայություն տալ չէի կարող: Ես մեղավոր չեմ, որ դուք մոռացել եք ձեր պարտքը:

Ասացի և առմիշտ հրաժարվեցի «Արձագանք»-ի աշխատակցությունից ու նրա խմբագրի բարեկամությունից: Ինչպես տեսնում եք, մինչև այսօր չեմ կործանվել...

Ո՞վ էր Աբգար Հովհաննիսյանը: Աշնան սկիզբն է 1888 թվականի: Թիֆլիս է եկել Ալեքսանդր Երկրորդ կայսրը: Քաղաքային ինքնավարությունը, իհարկե, իր դրամարկղը քամել էր մռայլ բռնակալին չտեսնված շուքով ընդունելու համար: Ի միջի այլոց, նա որոշել է կայսրին ցույց տալ Կովկասի խայտաբղետ ազգաբնակչության բոլոր նմուշները բոլոր խավերից: Տեսարանը Մուշտայիդ պարտիզումն է, որ շուտափույթ մաքրվել է, շքեղ պավիլյոններով զարդարվել ու հարդարվել: Ներկա են վրաց ազնվականությունն իր ազգային զգեստներով, թուրք բեգությունն իր ոսկեպատյան դաշույններով, հայ վաճառականությունը ֆրակով, չուխայով, հաստ փորերով ու կարճ վզերով, մալականներն իրանց թիանման մորուքներով, գերմանական գաղութն իր հավիտենապես դժկամակ դեմքով (կարծեք, ամբողջ աշխարհը նրանց պարտական է ու չի վճարում իր պարտքը), կինտոներն իրանց լայն շալվարներով, ամենքը, ամենքը, բացի, իհարկե, բանվորությունից...

Պատվավոր կարգապահության համար քաղաքն ընտրել է մի մասնախումբ «նշանավորներից»: Բոլորը եկել էին ցիլինդրներով ու ֆրակներով, բացի մեկից: Այդ մեկը հագել է հայկական զգեստ, գոնե ինքն ասում է, թե հայկական է-երկար փափախ, թևավոր չուխա, մետաքսյա արխալուղ, կոճակներով ու բաց կրծքով իսկ և իսկ Բարխուդարը «Նամուս»-ի մեջ: Նրա դեմքի վրա խաղում է մի նենգամիտ ժպիտ: Նա շատ լավ գիտե, որ խաղացվում է մի ֆարս, և ինքն էլ գործող անձերից մեկն է ու հոգեպես զվարճանում է, ինչպես մի չարաճճի իր դերով մանկական թատերախաղի մեջ: Նա յուրաքանչյուրի հետ խոսում էր դիմացինի լեզվովռուսի հետռուսերեն, վրացու հետվրացերեն, հայի հետհայերեն, ֆրանսիացու հետֆրանսերեն, գերմանացու հետ-գերմաներեն, իտալացու հետիտալերեն: Եվ բոլոր լեզուները ընտիր գրականով: Եվ նրա յուրաքանչյուր դարձվածքի մեջ կա և իմաստ, և սրախոսություն:

Ո՞վ է այդ զարմանալի ասիացին, — հարցնում էին իրար ռուս գեներալները:

Սակայն նա ասիացի չէ: Նա Աբգար Հովհաննիսյանն էինտելիգենտ եվրոպացի իր ուսմամբ և կրթությամբ:

Աբգար Հովհաննիսյանը հրապարակախոս չէր: Նա տաղանդավոր ֆելիետոնիստ էր և ամենասրամիտը, որ երբևէ ունեցել է հայ մամուլը: Նա կլիներ երևելի երգիծաբան, եթե իրան չմանրացներ: Նա և հռետոր էր բարձր տեսակի, ֆինանսիստ էր առաջնակարգ, գեղարվեստագետ, սեղանապետ հաճելի միջազգային հացկերույթներում: Իբրև մարդ, Աբգար Հովհաննիսյանը չար չէր, թեև սիրում էր տեղի-անտեղի ծաղակոծել մարդկանց: Փառասեր էր, ինչ ասել կուզե, սակայն գիտեր տեղը եկած ժամանակ քողարկվել համեստության շղարշով, որպես կյանքի դերասան: Շատ էլ հաստատակամ չէր բարոյական սկզբունքների մեջ: Դրամը սիրում էր ոչ դրամի, այլ կյանքի համար: Ընկերային մարդ էր բառի ընդարձակ իմաստով և հյուրասեր անսահման: Կնամոլ էր, բայց ոչ մինչև ցոփություն և երիտասարդ հասակում ունեցել էր մեծ հաջողություն կանանց մեջ ու մեկից ավելի ռոմաններ: Սակայն այդ չէր խանգարում նրան լինել և՛ սիրող ամուսին, և՛ զգայնասիրտ ու բարի հայր: Հիշաչար էր, քինախինդ, բայց և տեղը եկած ժամանակ ջենտլմեն: Չնայելով լարված հարաբերություններին, նա ջանք չէր խնայել Արծրունու կալվածքը կորստից փրկելու և, եթե Արծրունին համառ չլիներ ու լսեր նրա խելացի խորհուրդները, չէր զրկվիլ իր հարստությունից:

Աբգար Հովհաննիսյանը օրվա մարդ էր, նրա ամբողջ ինտելեկտուալ արժեքը իր ներկայի մեջ էր, ապագան շատ էլ չէր ժպտում նրան, և ինքն էլ այդ մասին առանձին հոգացողություն չուներ: Կան գործիչներ, լինեն նրանք գրական թե հասարակական, որոնց փառքը ասուպ է, փայլեց մի վայրկյան և անցավ: Աբգար Հովհաննիսյանն այդպիսիներից էր: Նա հետք չթողեց ոչ գրական և ոչ հասարակական կյանքի մեջ, վասնզի փարոս չէր ոչ իր ժամանակակից սերնդի և ոչ մանավանդ հաջորդ սերունդների համար:

Next page