Րաֆֆի՝   Սամվել

Սիրելի՛ Աշխեն, կար մի ժամանակ, հանգստի և խաղաղության երջանիկ ժամանակներում, մեր իշխանազուն օրիորդները իրանց մատների ճարտարությունը ցույց էին տալիս գեղեցիկ գործվածքների մեջ, որոնցով զարդարում էին նախարարների փառավոր սրահները և մեր տաճարների սուրբ սեղանները: Անցավ խաղաղության ժամանակը, եկավ արյան և կոտորածի տագնապը: Եվ դո՜ւ, քո գովելի օրինակով, մի գեղեցիկ դաս տվեցիր քո իշխանազուն քույրերին, թե երբ հայրենիքը վտանգի մեջ է, կնոջ քնքուշ մատներն ևս, ասեղի փոխարեն, պետք է նիզակ բանեցնեն, իսկ թելի փոխարեն, պետք է ձգեն աղեղի ամրապինդ լարը: Դու արդյամբ կատարեցիր այդ, և կատարեցիր հրաշալի կերպով: Եվ ես, սիրելի Աշխեն, ահա այդ արժանավոր կամարով գոտևորում եմ քո արիական մեջքը, ցանկանալով քեզ ավելի աշխույժ և զորություն:

Տիկինը յուր ձեռքով կապեց ականակուռ կամարը նրա մեջքին, իսկ օրիորդը ուրախության արտասուքը աչքերում համբուրեց նրա բարերար ձեռքը:

Մյուս կանանցից և օրիորդներից շատերը նույնպես ընծաներ ստացան: Երբ պարգևաբաշխության հանդեսը վերջացավ, եպիսկոպոսը կարդաց օրհնության մաղթանքը: Այդ միջոցին սեղանատան մեջ հնչեցին պալատական նվագարանները, և թագուհին ամենայն սիրելությամբ դարձավ դեպի հանդիսականները, հրավիրեց յուր մոտ ճաշելու:

Մինչև երեկո բազմությունը պալատի դռան հանդեպ, հրապարակի վրա, անհամբերությամբ սպասում էր նախարարներին: Երբ նրանք հայտնվեցան, լսելի եղան ուրախության բարձրագոչ աղաղակներ: Ամբոխի ոգևորությունը չափ չուներ: Ամեն կողմից շրջապատեցին սիրելի իշխաններին, ամեն կողմից նետվում էին, որ ձեռքերի վրա բարձրացնեն և այնպես տանեն, հասցնեն նրանց մինչև իրանց օթևանները: Իշխանները համեստությամբ մերժեցին այդ մեծ պատիվը: Բայց բազմությունը, դարձյալ նրանց առջևը ընկած, երգերով ու ցնծության ծափահարությամբ տարան, հասցրին մինչև իրանց օթևանները:

Ժ

ՄՈԻՇԵՂ «ԽՈՏՈՐՆԱԿԻՆ ԽՈՏՈՐՆԱԿ»

«Եւ հասանէր սպարապետն զօրավարն Հայոց Մուշեղ, անկանէր ի վերայ բանակին (Պարսից) քառասուն հազարաւն, եւ անդէն ճեռն ի գործ արարեալ կոտորէր: Ապա միաձի մազապուր թագաւորն Պարսից Շապուհ ճողոպրեալ փախչէրԶի զբազումս կոտորէին, եւ զբաղումս յաւագանց Պարսից ձերբակալս առնէին, և առնուին զգանձս թագաւորին Պարսից յաւարի, եւ ըմբռնէին զՏիկնանց Տիկինն հանդերձ այլովք կանամբքնԵվ զամենայն աւագանին, արս իբրեւ վեց հարիւր հրամայեր մորթել զօրավարն Հայոց Մուշեղ, եւ լնուլ խոտովԱռնէր զայս ի վրէժս հօրն իւրոյ Վասակայ»:

Փաւստոս:

Արտագերսի պաշարումը լուծելուց հետո, Շապուհը յուր զորքերի մեծ մասը հանձնեց Մերուժան Արծրունուն և Վահան Մամիկոնյանին, թողեց նրանց Հայոց գրավված երկրներում, իսկ մնացածը յուր հետ առնելով, ճանապարհ ընկավ դեպի Պարսկաստան: Երկու ամբողջ շաբաթ տևեց, մինչև նա հասավ Թավրիզ և յուր ծանր բանակը դրեց այդ քաղաքի մոտ:

Միևնույն ժամանակ մի քանի գունդեր, բոլորովին այլ ճանապարհով, դիմում էին դեպի պարսկական բանակը: Դրանք անցել էին Հեր և Զարևանդ գավառները, և Կապուտան ծովակի հյուսիսային եզերքով ավելի առաջ գնալով, արդեն հասել էին Աղի գետի ափերի մոտ:

Այդ գունդերը կազմված էին միայն թեթև ձիավորներից, որոնք ավելի ասպատակ-հրոսակների էին նմանում, քան թե կանոնավոր զորքերի, թեև նրանց թիվը փոքր չէր: Գնում էին գիշերով, իսկ ցերեկները, ճանապարհից դուրս գալով, հանգստանում էին թաքթաքուր տեղերում: Զարևանդից մինչև Թավրիզ տարածված արևակեզ անապատների տվնջյան անտանելի տոթը չէր ,որ ստիպում էր նրանց գիշերով ճանապարհ գնալ, այլ գուցե մի ուրիշ նպատակ, որ չէին ցանկանում շատ աչքի ընկնել: Գունդերը միասին չէին գնում, նրանք բաժանված էին զանազան խումբերի, որոնց մինը մյուսից մի քանի մղոն հեռավորություն ուներ:

Գիշերից բավական անցել էր, երբ առաջին խումբը հասավ Աղի գետի մոտ: Գարնանային հորդությունների ժամանակ գետը, յուր հեղհեղուկ ափերը ողողելով, բացել էր բավական լայն և խորընկած հեղեղատ, որի միջով հոսում էր նա: Իսկ այժմ ջուրը պակասելով, քաշվել էր, թողնելով յուր ափերի մոտ ընդարձակ լիլային տարածություն, որ պատած էր ճոխ բուսականությամբ: Այդ տարածությունը այնքան խորն էր ընկած շրջակայքի մակերևույթից, որ եթե հազարավոր անձինք տեղավորվեին այնտեղ, դարձյալ վերևից ճանապարհով անցնողը տեսնել չէր կարող: Այստեղ, գետի աջ ափի մոտ, իջևանեցին նրանք փոքր-ինչ հանգստանալու համար: Ձիաների ոտները պնդեցին ոտնակապերով, թողեցին գետեզերքի շամբուտներում արածելու, իսկ իրանք ինչ որ ունեին պայուսակների մեջ հանեցին, կերան, հետո գլուխները դրեցին իրանց զենքերի վրա և քնեցին: Բայց մեկը մնաց արթուն:

Որպես մի մարմնացած անհամբերություն, թափառում էր նա գետի ափերի մոտ և, միևնույն ժամանակ, կրծում էր ձեռքի ապխտած մսի կտորը, որ յուր հետ վեր էր առել: Գիշերային խավարը ծածկել էր շրջակայքը, և ոչինչ չէր երևում: Միայն հեռվից մանր, հրեղեն աստղիկների նման նշմարվում էին պարսկական բանակի դեռ չշիջած լապտերները: Նա անդադար նայում էր դեպի այդ կողմը:

Նա սկսեց գետի հակառակ ուղղությամբ վեր բարձրանալ, մինչև հասավ կամուրջին: Պղտորլերդագույն հոսանքով վազում էր գետը բազմաթիվ կամարների տակով, և յուր խուլ դղրդյունով աղմկում էր գիշերային լռությունը: Նա չանցավ կամուրջը, այլ կանգնեց նրա մի կողմում, բարձր սյուներից մեկի մոտ, և այստեղից թե՜ յուր աչքերը և թե՜ յուր լսելիքը լարեց դեպի պարսկական բանակը: Երկար նայում էր նա, թեև որոշ ոչինչ չէր տեսնում, և որոշ ոչինչ չէր լսում, բացի գետի խուլ դղրդյունից: Բանակը դրած էր Թավրիզ քաղաքի մոտ, որ գտնվում էր գետի ձախ կողմում, երեք ժամյա հեռավորության վրա:

Այդ միջոցին մեծ ճանապարհի եզրում, որ տանում էր դեպի կամուրջը, մեկը խլուրդի նման գլուխը դուրս հանեց գետնի մեջ փորված գուբից և սկսեց դիտել յուր շուրջը: Նրա աչքերը այն աստիճան սովորած էին գիշերային խավարին, որ, գազանի նման, մթության մեջ ևս տեսնում էին: Նա իսկույն նկատեց սյունի մոտ կանգնած մարդուն և, յուր գետնափոր որջից դուրս գալով, սկսեց մեծ ջանքերով սողալ դեպի նա:

Ողորմացե՛ք խեղճին, — ճայն արձակեց նա, երբ բոլորովին մոտեցավ:

Սյունի մոտ կանգնած մարդը ցնցվեցավ, երբ տեսավ, որ յուր ոտների մոտ խլրտում էր մի անորոշ, գնդաձև մարմին:

Երկու օր է, ոչինչ չեմ կերել, մեռնում եմ սովից, ողորմացե՜ք խեղճին, — կրկնեց նա ավելի խղճալի ձայնով:

Սյունի մոտ կանգնած մարդը ձգեց յուր ձեռքի ապխտած մսի կտորը, թեև ինքը նույնպես ոչ սակավ սոված էր: Նա շան նման խլեց անուշ պատառը, և իսկույն սկսեց կրծել, ոսկորներն ևս մանրելով յուր սուր ատամներով:

Դու շատ քաղցած ես երևում, — նկատեց նրան սյունի մոտկան գնած մարդը:

Ինչպե՞ս քաղցած չլինել, տե՜ր իմ, երկու օր է, որ կամուրջով ոչ ոք չէ անցնում:

Ինչո՞ւ:

Չե՞ս տեսնում, այնտեղ դրած է թագավորի բանակը: Նրա երկյուղից ոչ ոք այդ կողմերով չէ անցնում: Ճանապարհները դատարկված են: Մարդիկ վախենում են տանից դուրս գալ և նրա զինվորներին հանդիպել: Անիրավները, սոված գայլի նման, դեպի ամեն կողմ թափառում են,,.

Նրանք քեզ ոչինչ չտվի՞ն:

Անիծվի՛ն նրանքես շատ ուրախ կլինեի, եթե ինձ չկողոպտեինԶինվորներից մեկը վերարկուս խլեց, տարավ: Ամբողջ տասն տարի` ինձ համար այդ վերարկուն թե՜ անկողին էր և թե՜ վերարկու... Ստացել էի մի հայ ուխտավորից... Չգիտեմ, ի՛նչ կլինի իմ դրությունը այսուհետև... Ինձ մնում է ցրտից սառչել, և արևից այրվել...

Վերջին խոսքերը մի այնպիսի խղճալի ձայնով արտասանեց նա, որ սյունի մոտ կանգնած մարդը առեց յուր ուսերից զինվորական վարապանակը և, տալով նրան, ասաց.

Ահա քեզ մի վերարկու:

Նա մեծ ուրախությամբ խլեց անսպասելի ընծան և, օրհնելով յուր բարերարին, խնդրեց.

Օգնի՜ր ինձ, ողորմած տեր, տանել այդ վերարկուն մինչև իմ խուցը: Նա շատ հեռու չէ այստեղից:

Նա սկսեց սողալով քարշ գալ դեպի յուր որջը, իսկ անծանոթ բարերարը տանում էր նրա ետևից վերարկուն: Այդ թշվառականը ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ այն ողորմելի ուրուկներից մեկը, որոնց արտաքսում են մարդկային բնակություններից, և նրանք կենում են քաղաքներից դուրս, մեծ ճանապարհների եզերքի մոտ, գետնափոր ծակերի մեջ, և ապրում են անցուդարձ անողների ողորմությամբ:

Եթե լույս լիներ, անկարելի էր առանց սոսկալու նայել այդ այլանդակված ճիվաղի վրա: Ձեռքերն ու ոտքերը գոսացած էին: Երկու ծայրատ մատներ միայն շարժվում էին ձախ ձեռքի վրա: Երեսի վրա քթի կամ շրթունքների նշան չկար: Դուրս ցցված ատամները ամբողջապես երևում էին: Խորն ընկած աչքերը անհանգիստ կերպով վառվում էին մազերը թափված, կոշտացած հոնքերի տակից: Ձայնը խանձված էր, կարծես, կոկորդը ամբողջապես քայքայված լիներ: Նրա խուղը իսկապես մի ծակ էր, որ փորել էր գետնի մեջ: Նրանում նստել կարող էր նա, բայց ձգվելու կամ պառկելու չափ ընդարձակություն չուներ: Եվ այդ այնքան հարկավոր ևս չէր, որովհետև նրա գնդաձև մարմինը տարածվելու պետք ևս չուներ: Նրա ամբողջ կարասին մի խեցեղեն ջրի աման էր, որ դրած էր յուր համար հատկապես փորված մի խորշում: Նրա ողորմելի բնակարանն առանց ծածքի չէր: Չորս երկճղի փայտեր, քառակուսի ձևով, ցցված էին այդ ծակի չորս անկյուններում, և նրանց վրա դրած էին ուրիշ փայտերի կտորներ ու մացառներ, հետո ծեփել էին կավով: Այդ ծածքը պահպանում էր նրա խուղը թե՜ անձրևից և թե՜ արևից: Նա մտավ յուր որջի մեջ, բայց անծանոթ բարերարը չհեռացավ նրանից: Երբեմն մարդկային հասարակությունից բոլորովին արհամարհված և բոլորովին մերժված արարածներն անգամ մի բանի պիտանի են լինում:

Դու ասացիր, որ երկու օր է, ոչ ոք չէ՞ անցել կամուրջից, — հարցրեց նրանից անծանոթը:

Ոչ ոք, տեր իմ: Ես, ամբողջ օր ու գիշեր, իմ ծակից գլուխս դուրս հանած, նայում եմ: Եթե մի ճանճ էլ անցնի, կտեսնեմ: Միայն այս առավոտ, դեռ բավական մութն էր, անցան երկու հոգի: Նրանք գնում էին դեպի բանակը:

Դու լավ տեսա՞ր նրանց: Ի՞նչ տեսակ մարդիկ էին:

Տեսա, ինչպես չտեսա, — և նա սկսեց նկարագրել տեսած մարդիկներին:

Այդ մարդիկը չե՞ն վերադարձել:

Չեն վերադարձել: Եթե վերադառնային, ես կտեսնեի:

Կամուրջի այդ անքուն պահապանի հաղորդած տեղեկությունները փոքր-ինչ հանգստացրին անծանոթին, և նա, բարի գիշեր մաղթելով թշվառ արտաքսյալին, հեռացավ նրա ողորմելի բնակարանի մոտից: Սկսեց կրկին դիմել դեպի ձիավորների բացօթյա իջևանը:

Ամենքը քնած էին ծանր, անզգա քնով, որ վայելում է ճանապարհորդը երկար հոգնությունից հետո: Ձիաներից շատերը կերել, կշտացել էին, նույնպես պառկած էին խոտերի վրա, և հռհռալով թավալվում էին, որ փոքրինչ կազդուրեն իրանց խոնջացած մարմինը: Միակ անձնավորությունը, որ յուր հանգստության մասին չէր մտածում, նա էր, որ կամուրջի մոտից վերադառնալով, լուռ անցավ յուր փոքրիկ բանակի միջով, նայեց յուրաքանչյուրի վրա, հետո գնաց, անշարժ արձանի նման կանգնեց գետեզերքի մոտ: Նրա վառվռուն աչքերը հառած էին դեպի այն մանր, հրեղեն բծերը, որ նշմարվում էին հեռվից, երբեմն հանգչում էին, երբեմն դարձյալ հայտնվում էին: Եվ նրա սիրտը, այդ կրակների նման, վառվում էր անհնարին ջերմությամբ, և ավելի ու ավելի բորբոքում էր նրա անհամբերությունը:

Այդ միջոցին կամուրջով անցնում էին երկու հոգի: Ամենայն աչալրջությամբ նայում էին նրանք ետ ու առաջ և, միևնույն ժամանակ, հազիվ լսելի ձայնով խոսակցում էին.

Եթե եկած լինեն...

Անպատճառ եկած կլինեն...

Այս գիշերվա համար ժամանակ նշանակեցին...

Եվ այդ կամուրջի մոտ...

Նրանց ոտնաձայնը հասավ գետնափորի մեջ պահված ուրուկի սուր ականջներին: Նա գլուխը դուրս մեկնեց ծակից և ուշադրությամբ նայեց շուրջը: «Այն երկու հոգին են... » — մտածեց նա, և սկսեց յուր գնդաձև մարմնով գլորվիլ դեպի եկվորները:

Մի մարդ հարցնում էր ձեզ, — խավարի միջից ձայն տվեց նա:

Եկվորները մնացին շվարած, չգիտեին, թե ո՜րտեղից լսելի եղավ անսպասելի ձայնը: Ուրուկը ավելի մոտեցավ: Նրանք տեսան խոսող գունդը:

Ի՞նչ եղավ այն մարդը, — հարցրին նրանից:

Այսպես, գետի ընթացքով գնաց դեպի ցած: Թո՜ղ աստված նրա գործին հաջողություն տա, — ավելացրեց նա, — թե՜ իմ սոված փորը կերակրեց, և թե՜ մերկ մարմինս զգեստավորեց:

Երկու մարդիկը գետի ընթացքով սկսեցին ցած իջնել, միմյանց ասելով

Լավ ժամանակ հասանք...

Բայց որտե՞ղ գտնել սպարապետին

Պատասխանը չուշացավ.

Դո՞ւք եք, — լսելի եղավ սպարապետի ձայնը, որ դեռ կանգնած էր գետեզերքում:

Այո՜, տեր, — ասացին նրանք մոտենալով:

Սպարապետը ուրիշ ոչ ոք չէր, եթե ոչ Մուշեղ Մամիկոնյանը:

Պատմեցե՜ք, ի՞նչ տեսաք, — դարձավ նա դեպի եկվորները:

Նրանք սկսեցին պատմել: Սպարապետր խորին ուշադրությամբ լսում էր: Նա չհամբերեց` մինչև վերջացնեին, սկսեց ինքը զանազան հարցեր առաջարկել.

Դու ինձ այն ասա՜, քաղաքի ո՞ր կողմումն է բանակը:

Քաղաքի արևելյան կողմում, կարմիր լեռան ստորոտից փոքր-ինչ ցած:

Բանակի ո՞ր կողմում են զետեղված արքայական վրանները:

Դեպի վերևի կողմը, այսինքն` դեպի լեռան ստորոտը, մի բարձրության վրա:

Իսկ արքայական կանանո՞ցը:

Դեպի արքայական վրանների աջակողմը:

Ինչպե՞ս է դասավորված բանակը:

Ինչպես միշտ` պայտի ձևով, որի ծայրերը հասնում են մինչև արքայական վրանները:

Որտե՞ղ են պահվում հեծելազորի ձիաներ:

Տարել են ավելի քան տասն փարսախ հեռավորության վրա արածացնելու:

Ե՞րբ դիտավորություն ունեն չվելու:

Երեք օրից հետո:

Մի քանի այլ հարցեր ևս առաջարկելուց հետո և բոլորի մասին մանրամասն տեղեկություններ ստանալուց հետո սպարապետը դարձավ նրանց, ասելով.

Գնացեք հանգստացեք:

Նրանք հեռացան: Հարցուփորձը Շապուհի բանակի մասին էր: Այդ երկու մարդիկը ծպտյալ կերպով ուղարկված էին լրտեսելու նրա բանակը:

Սպարապետը մնաց միայնակ և սկսեց դարձյալ անհանգիստ կերպով դեգերել գետի ափերի մոտ: Նա այժմ գիտեր թշնամու բանակի դիրքը, գիտեր նրա ամենամանրամասն դրությունը, և այդ տեղեկությունները բավական էին նրան, որ նրանց հիման վրա` կազմեր յուր վերին աստիճանի վստահ ձեռնարկության ծրագիրը: Նա դիտավորություն ուներ այս գիշեր հարձակվելու Շապուհի բանակի վրա: Եվ նրա դիտավորությունը որքան երկյուղալի էր, այնքան և վճռական էր:

Արտագերսի պարիսպների մոտից` Շապուհի կորագլուխ կերպով հեռանալուց հետո, սպարապետը բավական չհամարեց պարսից արքայից արքայի այդ ամոթալի պարտությունը, և վճռեց թույլ չտալ նորան` ողջանդամ դուրս գալ հայոց սահմաններից: Նրա կատարած չարագործությունները ա՜յն աստիճան զգալի էին, նրա գործ դրած միջոցները ա՜յն աստիճան վիրավորական էին, որ պետք էր պատժել այդ գազանին: Նա ավերակ դարձրեց յուր անցած երկրները, նա կոտորել տվեց յուր ձեռքն ընկած գերիները, — այդ դեռևս կարելի էր տանել, Հայոց աշխարհը սովոր էր այդ տեսակ հարվածների: Բայց նա Զարեհավանի ավերակների մոտ` ազատանի կանանց վերաբերությամբ գործ դրած տմարդի վարմունքով` վիրավորեց հայոց ազնվականների պատիվը: — Այդ անկարելի էր տանել, մանավանդ այն խոսքերից հետո, որ Արտագերսի տոնախմբության օրը հայոց թագուհին արտասանեց յուր ճառի մեջ, «Մեզ համար չէ հանգստությունը, քանի դեռ կմնա ա՜յն անպատվության մուրը, որ քսեց Շապուհը մեր նախարարների երեսին, նրանց կանանցը և օրիորդներին մերկանդամ կանգնեցնելով յուր բանակի առջև…»: Մի խումբ ազատանի երիտասարդներ, որ ներկա էին հանդեսին, հենց այն րոպեում վճռեցին վրեժխնդիր լինել: Այդ էր պաճտառը, որ սպարապետի հրոսակների մեծ մասը բաղկացած էր հայոց նախարարների որդիներից, որոնք ուխտել էին վերականգնել վիրավորված պատիվը:

Սպարապետը անցավ նրանց գլուխը, առեց յուր հետ մի քանի գունդեր, և Շապուհի Արտագերսից հեռանալուց հետո սկսեց անմիջապես հետամուտ լինել: Նա այնքան չմոտեցավ, մինչև Շապուհը յուր զորքերի բազմությունը բաժանեց մի քանի մասների: Մի մասը հանձնեց Մերուժան Արծրունուն և Վահան Մամիկոնյանին, և մի մասը յուր Զիկ և Կարեն զորավարներին, թողեց նրանց հայոց գրաված երկրները պահելու և նոր նվաճումներ անելու: Իսկ մնացաձ մասը յուր հետ առնելով, ճանապարհ ընկավ դեպի Պարսկաստան: Այդ վերջին մասին հետամուտ եղավ սպարապետը: Մինչև Թավրիզ հասնելը, նա մի հարմար տեղ, կամ մի հարմար ժամանակ չգտավ յուր դիտավորությունը ի կատար ածելու: Այժմ թշնամին եկել, հասել էր Հայոց երկրի սահմանագլխին: եթե այժմ ևս չդիմեր յուր նպատակին, այնուհետև ամեն հույս պետք էր կորած համարել: Որովհետև նա կանցներ սահմանը, ոտք կդներ պարսկական հողի վրա, և գործը կդժվարացներ: Ուրեմն պետք էր օգուտ քաղել այգ գիշերից, այդ վերջին և միակ գիշերից:

Նա շարունակում էր դեգերել գետի ափերի մոտ և լի սրտմտությամբ նայում էր դեպի արևելքը: Հեսուն` Իսրայելի հերոսը հրամայեց արեգակին կանգնեի մինչև վերջացնե յուր կռիվը: Իսկ Մուշեղ Մամիկոնյանը հայոց հերոսը կցանկանար հրամայել նրան, որ ամենևին չդուրս գա, մինչև սկսե յուր կռիվը: Երբեմն նրա անհամբեր աչքերը դառնում էին դեպի այն ճանապարհր, որով եկել էր նա: Նայում էր դեպի խավար մթությունը, և նրա մրրկածուփ սրտում անդադար կրկնվում էր այդ հարցը. «Ի՞նչ եղան... ինչո՞ւ այդքան ուշացան...»:

Շատ չանցավ, նույն տեղում, ուր իջևանել էին նրա ձիավորները, հասան մի քանի խումբ նոր ձիավորներ: Նա փոքր-ինչ հանգստացավ. դրանց էր սպասում: Բայց այդ դեռ բոլորը չէր. դեռ ետ մնացած մի քանի խումբեր ևս կային:

Նորեկ խումբերի գլխավորը մոտեցավ սպարապետին:

Տեղեկություններ ստացա՞ր, — հարցրեց նա անհամբեր կերպով:

Ստացա, — պատասխանեց սպարապետը ուրախ կերպով:

Ի՞նչ կա:

Ամեն ինչ լավ է: Բայց մերոնք շատ ուշացան: Ինչո՞ւ պետք է այդքան ուշանային...

Երևի, կգան: Դեռ բավական գիշեր կա:

Բայց այստեղից մինչև բանակը բավական էլ ճանապարհ կա: Մինչև հասնենք,բոլորովին կլուսանա:

Ավելի լավ: Գոնե կտեսնենք, թե ինչ ենք անում, և կույր հավկուրի նման խավարի մեջ չենք խարխափի:

Սպարապետը ժպտաց, բայց գիշերային մթությունը թույլ չտվեց նկատել նրա հեգնական ժպիտը:

Դու բավական վստահություն ունես քո վրա, Մեսրոպ, — ասաց նա:

Ես ոչ թե բավական, այլ մեծ վստահություն ունեմ իմ ձիավորների վրա, Մուշեղ, — պատասխանեց փոքրիկ սպան:

Դա, իրավ, Մեսրոպ տարոնեցին էր: Ինքը` կարճ, լեզուն` երկար: Խոսակցությունը ընդհատեցին զանազան խուլ հնչյուններ, որ հայտնի չէր, թե որ կողմից էին լսվում: Երկուսն էլ իրանց ուշադրությունը լարեցին դեպի այդ հնչյունները:

Շեփորի և թմբուկների ձայներ են, — ասաց սպարապետը: — Բանակի կողմիցն են լսվում:

Այդ ի՞նչ է նշանակում, — հարցրեց Մեսրոպր փոքր-ինչ անհանգստանալով:

Այդ պարսից առավոտյան ամենօրյա սովորությունն է, — հանգստացրեց նրան սպարապետը: — Գիշերը լուսանալու մոտ է. շեփորները հնչեցնում են, թմբուկները դափում են, որ մարդիկ զարթնեն, պատրաստվեն, ծագող արեգակին երկրպագություն տալու համար:

Շա՛տ գեղեցիկ, թող զարթնեն: Իսկապես չավ բան չէ քնած մարդու վրա հարձակվիլը:

Բայց այդ դեռ առաջին կոչնական ձայնն է: Մինչև արևի ծագելը երկու անգամ ես պետք է հնչեցնեն:

Նրանք սկսեցին ետ ու առաջ շրջել գետի ափերի մոտ, մինչև բոլոր սպասվող խումբերը եկան: Թե՜ սպարապետը և թե՜ Մեսրոպը երկուսն էր վազեցին դիմավորելու: Տեսնելով նրանց, մի բարձրահասակ երիտասարդ շտապով ցած իջավ ձիուց և գրկեց երկուսին ևս:

Ես, երևի, երկար սպասել տվի ձեզ, — ասաց նա ներողություն խնդրելով: — Բայց այդ իմ մեղքը չէ: Իմ բռնած ճանապարհը սաստիկ ցեխ էր: Զիաները հազիվհազ կարողանում էին շարժվել: Երեկվա անձրևը բոլորովին փչացրել էր ճանապարհը:

Ուրեմն պետք է սպասել, մինչև ձեր ձիաները փոքր-ինչ հանգստանա՞ն, — հարցրեց սպարապետը:

Անպատճառ: Սաստիկ հոգնած են:

Այդ զվարթ, փառահեղ երիտասարդը Սահակ Պարթևն էր` Ներսես Մեծի որդին: Նրա ձիավորները առանձին խումբերով զետեղվեցան առաջիններից փոքր-ինչ հեռու, իսկ ինքը, սպարապետին և Մեսրոպին յուր հետ առնելով, մեկուսացան դեպի մի այլ կողմ, նստեցին գետեզրի մոտ, փափուկ խոտերի վրա: Սպարապետը հաղորդեց նրանց` յուր լրտեսների միջոցով ստացած բոլոր տեղեկությունները: Իսկույն կազմվեցավ մի բացօթյա պատերազմական խորհուրդ, որը տևեց մինչև պարսկական բանակից լսելի եղավ թմբուկների և շեփորների երկրորդ կոչնական ձայնը: Այդ խորհրդավոր ձայնը շտապեցրեց նրանց: Այդ ձայնը կոչում էր բարեպաշտ զրադաշտականներին դեպի աղոթք, դեպի երկրպագություն տվնջյան լուսատուին, իսկ հայոց ուխտապահներին կոչում էր նա դեպի կռիվ, դեպի արյունհեղություն...

Նրանք վերկացան, հրամայեցին պատրաստվել և ճանապարհ ընկնել: Շեփորների և թմբուկների երրորդ ձայնը պիտի ավետեր արշալույսի ծագումը: Վճռեցին` որ գոնե այդ ժամանակ հասած լինեն նշանակած տեղը

Կեսօրից բավական անցել էր: Շապուհի բանակատեղը ներկայացնում էր խիստ տխուր տեսարան: Կիսակործան վրանները, իրանց տեղում անշարժ մնացած, դատարկ էին: Զինվորներ չկային նրանց մեջ, կար միայն պարսից վայելչասեր զինվորի հարուստ կարասին, որ մնացել էր իբրև ավար հաղթողին: Ամբողջ բանակատեղը և նրա շրջակայքը ծածկված էին դիակներով: Արյան թացությունը ամեն կողմում սարսափ էր ազդում: Կենդանի մնացածները գերվել էին: Փոքր չէր և փախստականների թիվը, որոնց դեռ որոնում էին:

Ինքը` արքայից արքան չէր երևում ոչ դիակների մեջ և ոչ գերիների թվում: Ասողներ կային, նույնիսկ պարսիկներից, որ նա փախավ հենց այն ժամանակ, երբ առաջին հարձակումը գործեցին: Նա փախավ յուր սենեկապաններից մեկի հագուստով, որ չճանաչվի: Ձիավորների մի քանի սրընթաց խումբեր գնացել էին դեպի զանազան կողմեր բռնելու նրան:

Արքայական փառավոր վրանները` իրանց բոլոր հարստությամբ մնացել էին իրանց տեղում: Մնացել էր և կանանոցը, լի արևելքի և արևմուտքի գեղեցկուհիներով: Նրանց թվումն էր արյաց տիկնաց-տիկինըՇապուհի թագուհին: նրանց թվումն էր և Որմիզդուխտ օրիորդըՄերուժան Արծրունու նշանածը: Հայ պահակների մի զինված շղթա բոլորել էր կանանոցի շուրջը և նրան անմատչելի էր կացուցել:

Պայտաձև բանակի հրապարակի վրա կանգնացրել էին գերիներին: Նրանց միջից ջոկում էին ազնվականներին, ինչպես ոչխարները զատում են այծերից: Երբ վերջացրին, ազնվականների թիվը հասավ վեց հարյուրի, որոնք զանազան աստիճանի զորապետներ և սպաներ էին:

Հրապարակի մեջտեղում, բարձր սայլացիցի ծայրին, շամփրած էր մի ճերմակազգեստ մարմին: Դա մովպետան-մովպետն էր, այն հրեշը, որ Զարեհավանի ավերակների մոտ սայլացիցերի վրա բարձրացրեց հայոց իշխանազն տիկիններին և օրիորդներին: Ամենի աչքերը հառած էին դեպի այդ սոսկալի մարմինը:

Այդ միջոցին, Շապուհի արքայական վրանների մի կողմում հարած էր հայոց սպարապետի հասարակ զինվորական վրանը: Այստեղից երևում էր նրա հաղթության ամբողջ արդյունքը` յուր բոլոր բավարար պատկերներով: Ինքը, սպարապետը, նստած էր մի անշուք ճանապարհորդական բազմոցի վրա, որ բնավ չէր պատշաճում ոչ նրա աստիճանին և ոչ նրա փառքին: Նրան շրջապատել էին յուր զինակից սպաները, որոնց մեջ առաջին տեղը բռնել էր Սահակ Պարթևը, և ապա Մեսրոպ տարոնեցին:

Լուռ էին նրանք, և բոլորի դեմքերի վրա նկարված էր մի տեսակ զայրացյալ դժգոհություն, որ տեղի է ունենում ջերմ հակաճառություններից հետո: Ինքը, սպարապետը, սաստիկ խոժոռված էր, և յուր անհանգիստ մատներով անդադար ոլորում էր գեղեցիկ, սևորակ ընչացքները, կարծես թե, նրանք արգելում էին բոցավառ շրթունքներին թափելու այն կրակը, որ մի քանի րոպե առաջ հեղում էր նա յուր զինակիցների գլխին: Ոչ սակավ խռովյալ դրության մեջ էր գտնվում և Սահակ Պարթևը: Նա կթողներ և իսկույն դուրս կգար այդ վրանից, եթե զինվորական պարտաճանաչությունը չզսպեր նրան: Իսկ վաքրիկ Մեսրոպը, ինչպես ասում են, յուր կաշու մեջ չէր պարտակվում. անդադար շարժվում էր յուր տեղում, կարծես թե, փշերի վրա նստած լիներ:

Ի՞նչ էր, որ այդպես վրդովմունքի մեջ էր դրել նրանց: Ի՞նչ էր, որ այն րոպեում, երբ պետք էր հաղթության ուրախությունը վայելել, որի մեջն է զինվորի փառքը և նրա մխիթարությունը, — ընդհակառակը, ձգել էր նրանց խորին սրտմտության մեջ:

Այդ բռնադատյալ հուզմունքը, որ րոպեապես լռության մեջ ամբոխվում էր, անտարակույս, նորից պետք է պայթեր, եթե սպարապետի թիկնապահներից մեկը ներս չմտներ և զեկուցում չտար, թե դահճապետին բերել են: Երբ կանգնացրին նրան վրանի հանդեպ, սպարապետը հարցրեց,

Դո՞ւ ես պարսից արքայից արքայի դահճապետը:

Այո՜, նվաստս է, տեր իմ, — պատասխանեց նա, խորին կերպով գլուխ տալով:

Քեզ համար գործ բացվեցավ, — ասաց նրան սպարապետը Ժպտալով, որ արտահայտում էր ավելի մաղձ և դառնություն, քան թե հեգնություն: — Դու, անտարակույս, կձանձրանայիր, եթե մի օր առանց մարդիկ մորթելու մնայիր: Իսկ ես այսօր կտամ քեզ բավական մեծ պաշար: Դու միայն այն ասա՜, քանի՞ օգնականներ ունես քո ձեռքի տակ:

Օգնականներս սակավ չեն, սպարապետ տե՜ր, դու միայն ինձ գործ տուր, գո՜րծ, ես ծույլ չեմ իմ պաշտոնի մեջ, — ասաց նա դիվական ծիծաղով, և ապա ավելացրեց. — արքայից արքան միշտ գոհ էր իմ ծառայություններով, և տարի չէր անցնի, որ ինձ մի քանի գյուղեր և ագարակներ չպարգևեր: Հույս ունեմ, որ հայոց մեծափառ սպարապետը նույնպես առանց վարձատրության չի թողնի յուր ծառային: — Վերջին խոսքերի միջոցին` նրա գազանային աչքերում դարձյալ երևաց դիվական ծիծաղը:

Դու ինձանից առատ վարձատրություն կստանաս և արքայից արքայի շնորհած պարգևները կմոռանաս: Լսիր՜, դահճապետ: Մենք երկար մնալու չենք այստեղ. մի քանի օրից հետո չվելու ենք այստեղից, և մեզ հետ պետք է տանենք մեր ձերբակալած գերիներին: Եվ որպեսզի այդ բազմությունը մեզ համար չափազանց ծանրություն չլինի, դու պետք է փոքրինչ թեթևացնես մեր բեռը:

Դահճապետը շանթահարի նման ամբողջ մարմնով դողաց:

Այդ քո մարդիկն էլ կարող են անել, սպարապետ տե՜ր, — ասաց նա րոպեական շփոթությունից հետո: — Իսկ ե՜ս, քա՛վ լիցի, իմ ձեռքերը չեմ թաթախի իմ ազգայինների արյան մեջ:

Իրավ է, այդ իմ մարդիկն էլ կարող էին անել, եթե միայն մորթել պետք լիներ: Բայց ա՜յդ չէ իմ ցանկացածը: Իմ մարդիկը սաստիկ անվարժ են կենդանի մարդկանց մորթազերծ անելու և նրանց պաճուճապատանը խոտով լցնելու արհեստում: Իսկ դո՜ւ, Շապուհի ծառայության մեջ, կատարյալ վարպետ ես դարձել այդ գործում: Եվ ինձ այդ է հարկավոր: Չէ՞ որ կենդանի մարդիկ յուր հետ տանելը` այդ բավական մեծ ծանրություն է, իսկ նրանց մորթիքը տանելը այդ բավական հեշտ է և թեթև:

Դահճապետը, որ առաջ կարծում էր, թե յուր հանձն առնելիք ծառայությունը հայերի վերաբերությամբ կլինի և այդ պատճառով այնքան մեծ հաճություն ցույց տվեց, այժմ հասկանալով սպարապետի ցանկությունը, ոչ միայն դժկամացավ նա, այլ նրան տիրեց մի տեսակ կատաղություն, որով հանդգնություն ունեցավ պատասխանելու.

Ճշմարիտ է, տե՜ր սպարապետ, մենք, պարսիկներս, շատ վարպետ ենք այդ արվեստի մեջ: Եթե դու տեսնեիր, բոլորովին կհիանայիր, թե ինչպես ես մորթազերծ արեցի քո հորը և նրա պաճուճապատանը ցրի խոտով... Իմ ձեռքով կատարեցի այդ... Այժմ ևս ո՜վ որ տեսնելու լինի, չի ասի, թե սպանված է նա... Դեռ գույնը յուր տեղումն է, դեռ աչքերը նայում են, և նայում են միշտ յուր թագավորի վրա, և այնտեղ, Անուշ բերդում, մխիթարում են միմյանց... Ես իմ գործը միշտ մեծ հաճությամբ եմ կատարում, երբ իմ ձեռքը տալիս են ազնվականներ... Իսկ քո հայրը, քեզ նման, ընդհանուր հայոց սպարապետն էր...

Դահճապետի լրբությունը, որով հիշեցնում էր նա սպարապետի հոր ցավալի վախճանը Տիզբոնում, վերին աստիճանի կծու էր: Բայց դժբախտ հոր մեծահոգի որդին զսպեց յուր բարկությունը, ասելով.

Տեսնու՞մ ես, այդ կնշանակե, որ ես չսխալվեցա իմ կարծիքի մեջ քո վարպետության վերաբերությամբ: Դու սիրում ես ազնվականներին մորթազերծ անել, և ես քո ճաշակը գոհացնելու համար կտամ` քո ձեռքը նույնպես ազնվականներ, և գիտե՞ս որքան` թվով վեց հարյուրԳնա՜, հագի՜ր քո արյունագույն համազգեստը, գնա՜, բորբոքիր քո բոլոր անգթությունները և կատարի՜ր քո ըղձալի ծառայությունը: Ինձ նույնպես շատ ցանկալի է` պարսկին պարսկի ձեռքով մորթել տալ...

Այդ ես չեմ կարող անել, — պատասխանեց նա համառությամբ: — Հրամայի՜ր, թող ինձ մորթեն:

Քեզ անել կտան... — ասաց սպարապետը և, դառնալով դեպի յուր դրանիկները, հրամայեց.

Տարեք այդ մարդուն, հավաքեցեք Շապուհի բոլոր դահիճներին, և կատարել տվեցեք...

Նրան հեռացրին:

Ներկա գտնվողները անհամբերությամբ լսում էին սպարապետի խոսակցությունը դահճապետի հետ, որը վերջանալուց հետո, դարձավ նա դեպի շրջապատողները, ասելով.

Ես այդ բարբարոսությունը ամենայն հաճությամբ կատարել կտամ. ես այդ վեց հարյուր պարսիկ ազնվականներին մորթել կտամ, և նրանց պաճուճապատանները կտանեմ, կնվիրեմ հայոց տիկնոջը, թող նրանցով զարդարե յուր ամրոցի աշտարակների բարձրությունները: Այո՜, ես այդ կանեմ, և դրանով գուցե կգոհացնեմ իմ հոր անմահ հոգին, ա՛յն հոր, որի կյանքը հազարավոր ազնվականների արժեր, ա՜յն հոր, որին Շապուհը այնպես տմարդի կերպով մորթազերծանել տալով, կանգնացրեց Անուշ բերդի նկուղներից մեկի մեջ, յուր աքսորյալ թագավորի աչքերի առջև: Վրեժխնդրության սուրբ պարտականությունը թույլ է տալիս հնձ անել այդ: «Խոտորնակին` խոտորնակ», — այսպես ավանդեցին մեր հայրերը: Իսկ ա՜յն, որ դուք եք պահանջում, ես երբե՜ք ընդունել չեմ կարող...

Ինչո՞ւ, Մուշե՜ղ, — հարցրեց Սահակ Պարթևը զայրացած ձայնով, — ինչո՞ւ չես կարող ընդունել: Եթե դու հիմնվում ես վրեժխնդրության վրա, որպես մի սուրբ պարտականության վրա, մի՜ մոռանար, որ այդ դեպքում ևս կատարվում է նույն սուրբ պարտականությունը. դարձյալ «խոտորնակին խոտորնակ... »:

Այդ դեպքում, Սահակ, կատարվում է մի աններելի անազնվություն միայն: Իսկ մեզ վայել չէ այդ աստիճան ստորանալ: Մենք պետք է ապացուցանենք, որ շատ բարձր ենք պարսիկներից:

Մենք պետք է ապացուցանենք և ա՜յն, թե գիտենք անազնվությունը ըստ կարգին պատժել: Ինչո՞ւ ես դու այսպես մոռացկոտ դարձել, Մուշեղ: Դեռ շատ ժամանակ չէ անցել այն աղետավոր օրից, երբ Շապուհը Բարեհավանի ավերակների մոտ` հայոց իշխանազն տիկիններին և օրիորդներին մերկանդամ կանգնացրեց յուր բանակի առջև: Եվ այդ բավական չհամարեց. շատերին սայլացիցերի վրա բարձրացրեց, շատերին գերի վարեց: Երբ անզգամ Շապուհը իրան թույլ տվեց այդպես վարվել, այլևս ինչո՞ւ մենք պետք է խնայենք նրան:

Ինչ որ կարող է իրան թույլ տալ պարսիկ Շապուհը, նույնը չէ կարող իրան թույլ տալ քրիստոնյա Մամիկոնյանը: Ես մոռացկոտ չեմ, Սահակ, ես գիտեմ և հիշում եմ նրա վարմունքների բոլոր վայրագությունը: Բայց դու ես մոռանում քեզ, ամենևին ի նկատի չառնելով, որ մեր վիճաբանության առարկան կին է: Շապուհի եղեռնագործությունների վրեժը մենք պետք է առնենք նրա կանանցից: — Այդ ես պահանջում դու: Իսկ ես նրա բոլոր կանանցը կդնեմ պատգարակների մեջ, և ամենայն հարգանքով կուղարկեմ Շապուհի այրքունիքը, — և այդ կլինի իմ ամենամեծ վրեժխնդրությունը...

Սպարապետի կծու ակնարկությունը սաստիկ վիրավորեց պարթևազն երիտասարդին և նրա սեգ աչքերը վառվեցան բարկության բոցով: Նա դրեց յուր պատրաստ ձեռքը ականակուռ դաշույնի վրա, և յուր լիահնչյուն, խրոխտալի ձայնով, որ ավելի որոտում էր, քան թե խոսում, արտասանեց հետևյալ խոսքերը.

Ես հասկանում եմ, որ մեր վիճաբանության առարկան կին է, Մուշե՜ղ: Բայց դու կարծո՞ւմ ես, որ այն վսեմ, այն սրբազան պատկառանքը, որ կարող է զգալ Մամիկոնյանը դեպի կինը, դրա համար փակվա՞ծ է Պարթևի սիրտը: Դու կարծո՞ւմ ես, որ միայն դո՜ւ ընդունակ ես` քեզ այնքան բարձր պահել և չստորանալ մինչև կնոջ հողաթափները: Սաստիկ սխալվում ես, Մուշե՜ղ: Այս գործի մեջ` քո ասպետական փափուկ զգացմունքները ամենևին տեղիք չունեն: Ես նայում եմ գործի վրա բոլորովին զինվորական տեսակետից: Մենք Շապուհի հետ պատերազմ ունենք, և այդ պատերազմը, անտարակույս, կտևե երկար, այո՜, շատ երկար: Նրա կանայքը մեր ձեռքումն են, որոնց թվում է և այրաց տիկնանց-տիկին: Կպահենք նրանց ամենայն պատվով մեզ մոտ, իբրև պատանդ, ինչպես Շապուհը պահել է մեր նախարարներից շատերի կանանցը առանձին բերդերում: Մեր վարմունքի մեջ պախարակելի ոչինչ չկա, որովհետև դա վաղուց արդեն ընդունված զինվորական օրենք է: Քանի դեռ տևում է պատերազմը, գերիներին ետ չեն տալիս:

Next page