Րաֆֆի՝   Սամվել

Ճշմարիտ է, սիրելի Որմիզդուխտ, — ասաց Սամվելը, մի առանձին համակրությամբ նայելով գեղեցիկ կնոջ երեսին, — բայց երբ պարսից արքունիքի հետին ծառաները մեզ մոտ են գալիս, մենք ոչ միայն նրանց ամենաբարձր բազմոցն ենք ցույց տալիս, այլ մեր գլխի վրա ենք նստեցնում...

Այդ խոսքերը չվիրավորեցին Որմիզդուխտին, այլ վիրավորեցին Սամվելի մորը: Նա մի խոժոռ հայացք ձգեց նախ որդու վրա և ապա Որմիզդուխտի վրա:

Դու չես արդարացնում, Սամվել, իմ գանգատը մեր սպասավորների կոպտության մասին, — ասաց նա խռովված ձայնով, — այս առավոտ չորսին դուրս եմ արել: Երևակայիր մի այդպիսի հասարակ բան. մեծ դժվարությամբ ես կարողացա որսալ տալ մի սոխակ. մի առ մի պատվիրեցի, թե վանդակը որտեղից պետք է կախ տալ և ինչով պետք է կերակրել: Բայց ի՞նչ: Այս առավոտ մտնում եմ դահլիճը, գտնում եմ խեղճ թռչունին յուր վանդակի մեջ սպանված: Բանից դուրս է գալիս, որ վանդակը փոխանակ վերևից կախ տալու, դնում են պատուհանում, կատուն գալիս է, թաթը կոխում է և սպանում սոխակին:

Այդ վերին աստիճանի կոպտություն է, — ասաց Սամվելը, քլուխը ցավակցական կերպով շարժելով: — Դու իրավունք ունեիր ոչ մայն չորսին, այլ բոլորին դուրս անելու: Բայց կատվին չպատԺեցի՞ր:

Դու ծաղրում ես, Սամվել, այդպիսի դեպքերում շատ անվայել է ծաղրը, — նկատեց մայրը: — Գոնե Որմիզդուխտին մի վիրավորիր:

Սամվելը դարձավ դեպի Որմիզդուխտը, հարցնելով.

Դու քեզ վիրավորվա՞ծ ես համարում:

Նա ժպտաց և, թավ հոնքերի տակից նայելով Սամվելի երեսին, ասաց.

Ոչ: Ձեր անտառներում սոխակներ շատ կան...

Բայց այնպիսին, որ ամբողջ օրը անդադար երգում էր, հազարից մի անգամ է պատահում, Որմիզդուխտ, — ընդմիջեց Տաճատուհին գրգռված ձայնով: — Դու քո կրոնի իմաստն անգամ չես հասկանում և Սամվելի ծաղրին համբերում ես... այդ լավ չէ...

Որմիզդուխտը շառագունեցավ:

Հարցը ինչո՞ւմն էր: Սամվելի մայրը այնքան նուրբ զգացմունքներ ունեցող կին չէր, որ սիրեր սոխակի երգը: Հարցը փոքր-ինչ կրոնական բնավորություն ուներ: Սոխակի մեջ, ըստ պարսից հավատալյաց, բնակվում էր բարի հրեշտակներից մեկի ոգին, և ամեն մի զրադաշտական սովորություն ուներ յուր տան մեջ պահել մի սոխակ: Նրա երգը հանապազօրյա օրհնություն էր համարվում այդ տան բախտավորության համար: Պարսիկների սրբազան թռչունը յուր տան մեջ մտցնելով, Սամվելի մայրը կամեցել էր առաջին ցույցը անել յուր համակրության դեպի պարսից հավատալիքները: Եվ այդ ցույցը անհրաժեշտ էր, որովհետև նա հույս ուներ շուտով ընդունել յուր տան մեջ Զիկ և Կարեն զորապետներին:

Սամվելը կրկին դարձավ դեպի յուր խորթ մայրը.

Իսկ դու ի՞նչ պատրաստություններ ես տեսնում, Որմիզդուխտ:

Ես ոչինչ պատրաստություններ չեմ տեսնում, — պատասխանեց միամիտ պարսկուհին:

Նա չգիտեր Տիզբոնից ստացված վերջին տեղեկությունները: Սամվելի մայրը նրան ոչինչ չէր հայտնել: Սամվելը մտածեց հայտնել, փորձելու համար, թե ին՜չ տպավորություն կգործեին նրա վրա:

Դու նույնպես պետք է պատրաստություններ տեսնես, Որմիզդուխտ, — ասաց նրան Սամվելը. — ես այժմ կհայտնեմ քեզ մի շա՜տ և շա՜տ ուրախալի նորություն:

Դեռ չլսած նորությունը, Որմիզդուխտի դեմքը փայլեց ուրախությունից:

Մայրը աչքով, հոնքով նշան տվեց, որ լռե Սամվելը: Բայց նա իբր թե չնկատեց և ասաց Որմիզդուխտին.

Քո եղբայրը, Շապուհ արքան, քո կրտսեր քրոջը` Որմիզդուխտին կնության է տվել Մերուժան Արծրունուն, արդեն Տիզբոնից դուրս են եկել, և հորս հետ գալիս են Հայաստան:

Այդ լա՜վ է ... — խորին հրճվանքով բացագանչեց Որմիզդուխտը և բռնեց Սամվելի ձեռքից: — Ուրեմն ես շուտով կտեսնե՞մ քրոջս... ուրեմն նրանք շուտով այստեղ կլինե՞ն...

Իհարկե, կտեսնես քո քրոջը... և քո նոր քենակալին... գուցե շուտով այստեղ կլինեն... — պատասխանեց Սամվելը, յուր ձեռքը չբաժանելով ոգևորված պարսկուհու ձեռքից: — Մի այլ ուրախալի նորություն ևս...

Այդ ի՞նչ ասելու բան է, մտածի՜ր, Սամվել, — ընդհատեց մայրը հայերեն լեզվով, որը Որմիզդուխտը չէր հասկանում:

Ինչո՞ւ չասել, ինչո՞ւ նա չպիտի գիտենա, որ յուր ամուսինը (այսինքն և քո ամուսինը և իմ հայրը) գալիս է: Ինչո՞ւ նա չպիտի գիտենա, որ յուր քույրը պսակված է Մերուժանի հետ: Ի՞նչ հարկ կա թաքցնելու նրանից, — խոսեց Սամվելը փոքր-ինչ վրդովված ձայնով:

Նրա համար պետք է թաքցնել, որ դա մի երեխայի չափ խելք չունի. ինչ որ դա գիտե, մի րոպեից հետո ամբողջ ամրոցը կարող է գիտենալ...

Բոլորովին սխալ է: Որմիզդուխտը, իրավ է, անմեղ երեխայի սիրտ ունի, բայց մի լավ կնոջ խելք:

Որմիզդուխտը թեև չէր հասկանում այդ վիճաբանությունը, բայց հասկացավ մոր և որդու մեջ տեղի ունեցած անբավականությունը, և մեջ մտավ, ասելով.

Մի՜ վշտացրու մորդ, Սամվել:

Հետո դարձավ դեպի մայրը, հարցնելով.

Դու ուրախ չե՞ս, որ իմ քույրը ամուսնացել է քո եղբոր հետ:

Ինչպե՞ս ուրախ չլինել, — պատասխանեց տիկինը, փոքր-ինչ մեղմանալով, — իմ ուրախությունը սահման չունի: Խիստ սակավ արարածներ արժանանում են պարսից հզոր արքայի փեսան լինելու բախտին:

Ուրեմն Սամվելից պետք է շնորհակալ լինել, որ խորհուրդ է տալիս պատրաստություններ տեսնել: Եվ ես արքայավայել պատրաստություններ պետք է տեսնեմ թե՜ իմ քրոջ համար, և թե՜ իմ եղբոր նոր փեսայի համար: Ախ՛, ի՜նչ ուրախություն կլինի այն օրը, երբ նրանք այստեղ կհասնեն...

Վերջին խոսքերը արտասանելու միջոցին գեղեցիկ կնոջ պայծառ դեմքը ավելի հրապուրիչ փայլ ստացավ: Բայց Սամվելի մայրը դեռ խոժոռված էր, դեռ մտածում էր` միգուցե որդին ավելի հեռու գնա յուր խոստովանությունների մեջ պարզամիտ Որմիզդուխտի առջև, որին նա շատ անփորձ և անզգույշ կին էր համարում:

Շապուհ արքայի բոլոր քույրերը կոչվում էին Որմիզդուխտ: Ինչպես հին հայերի մեջ, նույնպես պարսիկների մեջ, նույն սովորությունն էր տիրում, թեև աղջիկները առանձին անուն ունեին, բայց այդ անունները չէին գործածվում, այլ սովորաբար կրում էին իրանց հոր անունը: Շապուհ արքայի հայրը Որմիզդն էր և նրա բոլոր աղջիկները կոչվում էին Որմիզդ-դուխտ, որ նշանակում է Որմիզդի դուստր: Հայոց Սան-ա-տրուկ արքայի դուստրը կոչվում էր Սանդուխտ, սուրբ Վարդան Մամիկոնյանի դուստրը` Վարդան-դուխտ, Սահակ Պարթևի (քահանայապետի) դուստրը` Սահակ-ա-նույշ, Սմբատ Քագրատունու դուստրը` Սմբատ-ուհի:

Այսպես էլ Շապուհի երկու քույրերը, որոնց մեկը կնության էր տված Սամվելի հորը, Վահան Մամիկոնյանին, իսկ մյուսը` Մերուման Արծրունուն, կոչվում էին իրանց հոր, Որմիզդի անունով Որմիզդուխտ:

Հայաստանը, եթե ոչ կլանելու, գեթ յուր գերիշխանության ներքո պահելու համար, պարսից արքունիքը նույն քաղաքականությանն էր հետևում, ինչ քաղաքականություն որ գործ էր դնում հռոմետկան կայսրությունը: Վալենտիանոս կայսրը, Հայաստանը դեպի յուր կողմը ձգելու համար, յուր ազգականներից Ոլիմպիատա օրիորդին կնության տվեց հայոց Արշակ թագավորին: Իսկ Շապուհ արքան, նրա հակառակ, յուր երկու քույրերին կնության տվեց Արշակի երկու նշանավոր նախարարներինՄերուժան Արծրունուն և Վահան Մամիկոնյանինև նրանց ապստամբեցրեց իրանց թագավորի դեմ:

Արծրունյաց նախարարության երկիրը ընդարձակ Վասպուրականն էր, իսկ Մամիկոնյան նախարարության երկիրը` Տարոնը: Վասպուրականը Ատրպատականի կողմից, իսկ Տարոնը Ասորեստանի կողմից շատ մոտ էին պարսից սահմաններին: Շապուհ արքան յուր երկու քույրերի միջոցով երկու մեծ դռներ բաց արեց այդ կողմերից Հայաստան մտնելու:

Մի այլ ուրախալի նորություն ևս, Որմիզդուխտ, — խոսեց Սամվելը, ուշադրություն չդարձնելով յուր մոր դժկամության վրա, — քո քույրը շուտով հայոց թագուհի կդառնա...

Ա՛խ, ինչ ես ասում, — ձայն տվեց Որմիզդուխտը և ուրախությունից. այն աստիճան շվաթվեցավ, որ մոռանալով յուր ամոթխածությոլնը, մի անմեղ թիթեռնիկի նման վեր ցատկեց նստած տեղից և, փաթաթվելով Սամվելի պարանոցին, երկար բաց չէր թողնում յուր գրկից: Անդադար հարցնելով, — ճշմարի՞տ է... ճշմարի՞տ է... դու հանաք ես անում, Սամվել...

Հանաք չեմ անում... բոլորովին ճշմարիտ է... քո եղբայրը խոստացել է Մերուժանին հայոց թագավորությունը... պատասխանեց Սամվելը, ազատվելով նրա գրկից:

Ա՛խ, ո՜րքան լավ կլինի, — ասաց Որմիզդուխտը ծափահարելով և, նստելով յուր տեղը, դարձավ դեպի Սամվելի մայրը, հարցրեց.

Լավ չի՞ լինի:

Իհարկե, լավ կլինի, — պատասխանեց նա, ինքն ևս ուրախակից լինելով նրա հրճվանքին:

Սամվելը վեր կացավ, մի քանի անգամ անցավ դահլիճի միջով և ապա կանգնեց Որմիզդուխտի առջև, ասելով.

Շա՜տ լավ կլինի, Որմիզդուխտ, բայց դու, երևի, չգիտես, որ հայոց թագավորական գահին հասնելու համար` Մերուժանը դեռ շատ գործեր պետք է կատարե...

Ի՞նչ գործեր, — հետաքրքրությամբ հարցրեց Որմիզդուխտը:

Ես բոլորը կպատմեմ քեզ:

Մայրը կրկին ակնարկեց որդուն, որ լռե:

Նա պետք է գիտենա, և կատարվելիք գործերի հաջողությունը պահանջում է, որ նա գիտենա, — ասաց Սամվելը հայերեն լեզվով: — Ինչո՞ւ ես արգելում ինձ:

Նա մոտեցավ մյուս լուսամուտին և կանգնեց նրա հանդեպ: Մի քանի րոպե այդ ահեղ բարձրությունից լուռ նայում էր դեպի յուր առջև բացվող տեսարանները: Ներքևում, մթին անդունդի մեջ, որոտում էր Արածանին, որ սեղմվելով Վահեվանյան ձորի անձկության մեջ, մի զայրացած վիշապի նման, յուր պտույտներով գանակոծում էր ամրոցի ստորոտի ապառաժները: Նրա հանդեպ, գետի մյուս կողմի բարձրության վրա, երևում էին մի հին քաղաքի ավերակները, որի մասին ավանդությունը ասում էր, թե շինված է եղել Սանատրուկ թագավորից: Այդ քաղաքը Սլկունիների, այսինքն Տարոնի նախկին տիրապետող իշխանների մայրաքաղաքն էր, որ կործանեց Մամիկոնյանների նախահայր Մամգունը: Անտառը ծածկել էր այդ խորհրդավոր քաղաքի հսկա փլատակները և կիսավեր աշտարակների միջից աճել էին դարևոր կաղնիներ: Կրակը մի ժամանակ կատարել էր այնտեղ սարսափելի ավերմունք, և այդ պատճառով այդ քաղաքը կոչվում էր Մծուրք: Սամվելը նայում էր նրա վրա, որպես խորտակված փառքի և իշխանության մարած մոխրի վրա... Նա աչքերը դարձրեց այդ տխուր տեսարանից և սկսեց նայել դեպի ավելի հեռուն: Երևում էր Ավետյաց բլուրը, երևում էր այդ սրբազան բլուրի լանջաց վրա այն գեղեցիկ ծառաստանը, որի մեջ թաքնված էր Գլակա հռչակավոր վանքը: Դեռ կենդանի էր Լուսավորչի կաղ դևը, դեռ այդ վանքի վառարանների մոխիրը գետնի տակով տանում էր և ածում Արածանիի ալիքների մեջ: Գլակա վանքում դրած էին Սամվելի պապերի շիրիմները: Սամվելին այնպես էր թվում, որ այդ պատկառելի շիրիմներից դուրս էին հայտնվում այն մեծ հանգուցյալների մռայլ ուրվականները և զայրացած դեմքով նայում էին Ողական ամրոցի վրա, ուր սկսվել էր կատարվել Մամիկոնյանների տոհմին անվայել մի դավաճանություն... Տխու՛ր զգացմունքներով Սամվելը երեսը շուռ տվեց Գլակա վանքից և սկսեց նայել դեպի յուր աջ կողմը: Երևում էր Հացյաց դրախտը և հացի ծառերի սքանչելի թավուտների միջից հազիվ նշմարվում էին Սամվելի նախահարց կառուցած եկեղեցու խաչապսակ գմբեթները, որ մոտ էր Աշտիշատի վանքին:

Նա դարձավ դեպի յուր երկրորդ մայրը, ասելով.

Ե՜կ այստեղ, Որմիզղուխտ:

Որմիզդուխտը թեթև քայլերով վազեց նրա մոտ և տեղավորվեցավ նրա կողքին, լուսամուտի պատուհանի մեջ: Սամվելի մայրը խորին տհաճությամբ նայում էր նրանց վրա:

Հիմա կասեմ քեզ, Որմիզդուխտ, թե ի՜նչ գործեր պետք է կատարե Մերուժանը հայոց թագավորական գահին հասնելու համար: Բայց այդ գործերի մեջ մենք պետք է օգնենք նրան... մանավանդ դու, Որմիզդուխտ...

Նա ձեռքը մեկնեց դեպի Հացյաց դրախտը:

Տեսնո՞ւմ ես, սիրելի Որմիզդուխտ, ինչպես գեղեցիկ լուսավորում են այնտեղ արեգակի պայծառ ճառագայթները: Արփին յուր աստվածային ջերմությամբ կյանք է ներշնչում այդ հրաշագեղ դրախտին: Փչում է հովը և ծառերի ճապուկ կատարները` մեղմ կանաչագույն ալիքների նման` ծփում են, ծածանվում են և, որպես մի կանաչազարդ ծով, տարածվում են մինչև հորիզոնի վերջը: Այդ ծառերի ստվերախիտ լռության մեջ կանգնած են Մամիկոնյանների կառուցած տաճարները: Իմ պապերը սպառեցին այնտեղ իրանց գանձերը, աշխարհի բոլոր թանկագին իրեղեններով զարդարելով այդ տաճարների սուրբ սեղանը: Թվով մի քանի հարյուր աբեղաներ կերակրվում են այնտեղ մեր հացով և աղոթում են իրանց բարերարների հոգու համար: Այժմ մենք Մամիկոնյաններս կկործանենք այդ տաճարները, սիրելի Որմիզդուխտ, և նրանց տեղը պարսկական ատրուշաններ կհիմնենք: Թո՜ղ ծուխով ու մուխով լցվի այդ նվիրական դրախտը... թո՜ղ այդ գեղեցիկ ծառաստանը այրվի՛, մոխի՛ր դառնա որմզդական կրակի մշտավառ բոցերի մեջ... Թո՜ղ քրիստոնեական խունկի ու կնդրուկի անուշահոտության փոխարեն` մոգերի մատուցած ողջակեզների ճենճերային հոտը բուրե այդ սրբազան տեղերում... Թո՜ղ լռե զանգակի և կոչնակի տաղտկալի ձայնը... թո՜ղ այդ հրաշալի բարձրությունների վրա ամեն առավոտ, արևի ծագման ժամանակ, և ամեն երեկո, արևի մուտքի ժամանակ, թող հնչե մոգերի թմբուկի ու շեփորի ձայնը... և թո՜ղ բարեպաշտ հայ շինականը, այդ ձայնը լսելով, դողդոջուն սրտով բարձրանա յուր կտուրի վրա և երկրպագություն տա ելնող ու մտնող արեգակին... Լսո՞ւմ ես, սիրելի Որմիզդուխտ, ահա այդ է պահանջում քո եղբայրը, և այդ պետք է կատարե Մերուժանը հայոց թագավոր դառնալու համար...

Բայց Որմիզդուխտը ոչինչ չէր լսում: Նա մի քաղցր ինքնամոռացության մեջ, ձեռքը դրած ոգևորված երիտասարդի ուսի վրա, և կպած նրա կողքին, զգում էր միայն սիրելի ձայնի մուզիկան, արբեցած էր նրա շնչով, և ամեն անգամ, երբ նա մի փոքր շարժում էր գործում, ցույց տալով այս ու այն առարկան, գեղեցիկ կնոջ մանուկ սիրտը բաբախում էր մրրկածուփ ջերմությամբ...

Լսում էր Սամվելի մայրը:

Բավակա՜ն է, Սամվել... — գոչեց նա, և մոր սպառնալի ձայնը սթափեցրեց որդուն յուր խորին հափշտակությունից:

Դու ծաղրո՞ւմ ես, Սամվել... — կրկնեց նա: — Լա՛վ մտածիր քո վարմունքը... Որմիզդուխտ, հեռացի՜ր այդտեղից:

Ա՛խ ինչո՜ւ ես դու իմ ոգևորությունը ծաղրի տեղ ընդունում, սիրելի մայր, — ասաց Սամվելը և հեռացավ լուսամւտից: — Ես բոլորովին չեմ ծաղրում... Ես ասում եմ այն, ինչ որ դու ես ցանկանում...

Որմիզդուխտը նույնպես ցավելով թողեց այդ խորշը և ցավելով բաժանվեցավ Սամվելի րոպեական դրացությունից: Նա յուր դողդոջուն քայլերը ուղղեց դեպի դահլիճի դուռը, առանց նայելու յուր հյուրընկալի վրա:

Ո՞ւր, Որմիզգուխտ, — ձայն տվեց նա:

Ես ինձ վատ եմ զգում... գլուխս պտտվում է... գնում եմ մի փոքր հանգստանալու...

Նա շտապով դուրս գնաց, մոռանալով յուր հովհարը, որ դրած էր տիկնոջ գահավորակի վրա: Սամվելը առեց հովհարը և վազեց նրա ետևից: Նախասենյակում կանգնեցրեց նրան:

Շնորհակալ եմ, Սամվել, — ասաց խորթ մայրը, ընդունելով հովհարը, և նրա տխրամած դեմքը կրկին փայլեց ուրախության ժպիտով:

Դու այսօր ճաշին մեզ մոտ չե՞ս լինի, — հարցրեց Սամվելը:

Ո՜չ...

Սահակը շատ կցանկանար տեսնել քեզ:

Իմ կողմից ներողություն խնդրիր:

Նա դուրս եկավ: Նախասենյակի դռանը երկու սևամորթ ներքինիներ սպասում էին նրան: Առաջ ընկան և տարան նրան դեպի յուր բնակարանը:

Վերադառնալով դահլիճը, Սամվելը ասաց յուր մորը.

Դու վիրավորեցիր Որմիզդուխտին:

Ես չեմ կարող համբերել իմ սենյակում այս տեսակ պարսկական վավաշոտությունների... — պատասխանեց մայրը:

Բայց դու սիրում ես ամեն ինչ, որ պարսկական է...

Բայց մտածի՜ր, Սամվել, նա քո հոր կինն է...

Եվ իմ հարգելի մայրն է ... Եթե դու դարձյալ այդպես անվայել կերպով կխոսես նրա վրա, ես իսկույն նրա նման դուրս կգնամ և մյուս անգամ չեմ մտնի այս դահլիճը:

Տիկինը ոչինչ չպատասխանեց: Որդու սպառնալիքը լռեցրեց նրան: Կնոջ արտասուքը, մանավանդ մոր արտասուքը, այդպիսի րոպեներում ամենաազդու պատասխանն է լինում: Մայրը թաշկինակը տարավ դեպի աչքերը, սկսեց դառն կերպով հեկեկալ:

Սամվելը անհնարին խռովության մեջ, բարկությունից ձեռքերը շփելով, մոլորվածի նման շրջում էր դահլիճի մեջ և ուշադրություն չէր դարձնում մոր արտասուքի վրա: Նա դեռ զգում էր յուր կողքին նազելի կնոջ հպավորության ախորժելի շոշափումը, նրա ականջներին դեռ հնչում էր վերջին խոսքերի քաղցրությունը:

Այդ մանկահասակ կինը, որի տարիքը քսանից չէին անցնում, սիրելի էր Սամվելին, սիրելի՜, ավելի այն պատճառով, որ այն դերը, որի համար նա նշանակված էր և որի պատճառով նրա եղբայրը մտցրել էր նրան այդ ընտանիքի մեջ, նա ոչ միայն բնավ չէր կատարում, այլ մինչև անգամ արհամարհում էր: Պարսից արքունիքը յուր կրթության բոլոր ուժը սպառելով միայն տղաների դաստիարակության վրա, աղջիկները մնում էին համարյա թե անկիրթ և սովորում էին գլխավորապես հարուստ և շքեղ կանանոցի մեղկությունները, զվարճությունները ու բարձր ազնվապետական ծեսերը միայն: Այդ էր պատճառը, որ նրանք քաղաքական նպատակների գործիք դառնալու մեջ բոլորովին անընդունակ էին: Նրանք ծառայում էին ավելի իբրև մի մեքենական օղակ իրանց ամուսիններին արքունիքի հետ կապելու համար, իսկ իրանք սեփական գիտակցություն չունեին: Սամվելի երկար բացատրությունները, որ այնքան զգացմունքով արտասանեց նա լոաամուտի հանդեպ կանգնած ժամանակ, ուրիշ ոչինչ չէին, եթե ոչ մի փորձ, հասկանալու համար Որմիզդուխտի համակրությունը կամ հակակրությունը, թե ինչպես կվերաբերվի նա դեպի յուր եղբոր ձեռնարկությունները: Նրան, իբրև պարսկուհու և իբրև հեթանոսի, ավելի պետք է գրավեին կատարվելիք գործերը, բայց նա ուշադրություն անգամ չդարձրեց: Եվ ինչ որ նրան ավելի պետք է հետաքրքրեր և ինչ բանի մեջ նա ավելի պետք է յուր ազդեցությունը գործ դներ, ընդհակառակն, գործ էր դնում Սամվելի հարազատ մայրը: Եվ այդ էր, որ այնպես սաստիկ վրդովեցնում էր որդուն:

Լսելի եղավ շեփորի ձայն:

Սամվելը ցնցվեցավ: Ցնցվեցավ և նրա մայրը: Վերջինը աչքերը սրբեց և սկսեց նայել լուսամուտից: Սամվելը նույնպես մոտեցավ մյուս լուսամուտին:

Աշտիշատի վանքից դեպի ամրոցը բերող ճանապարհի վրա երևաց մի ստվար ասպախումբ: Արևի առջև փայլում էին նրանց զենքերն ու զարդերը: Երբ մոտեցավ ամրոցին, հնչեցրին շեփորը:

Սամվելը դուրս գնաց ընդունելու յուր վեհազնյա հյուրին:

ԺԲ

ԱՆՀԱՋՈՂ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հյուրերի երևնալը ընդմիջեց այն անակնկալ կռիվը, որ տեղի ունեցավ մոր և որդու մեջ: Մամիկոնյան տիկինը դարձյալ ընդունեց յուր սովորական հպարտ դեմքը և, Սամվելի դուրս գալուց հետո, անհանգիստ կերպով շրջում էր դահլիճի մեջ, մինչև նրանք ներս կմտնեին և կհամբուրեին յուր աջը:

Բայց նրանք ուշացան:

Նա կանչել տվեց տաճարապետին:

Ներս մտավ մի միջահասակ ոստանիկ, որը տան տնտեսը, մատակարարը և միևնույն ժամանակ սեղանատան կառավարիչն էր: Նա խոնարհությամբ գլուխ տվեց և կանգնեց դռան մոտ:

Ամեն ինչ պատրա՞ստ է, Արմենակ, — հարցրեց նրանից:

Պատրաստ է, տիկին, — պատասխանեց տաճարապետը:

Երաժիշտները կանչվա՞ծ են:

Կանչված են, տիկին:

Կհրամայես տակառապետին, որ ամենահին և ամենաթունդ գինին բաց անե հյուրերի համար.

Հրամայված է, տիկին,

Իսկ ինձ համար` ամենաթույլը, հասկանո՞ւմ ես:

Հասկանում եմ, տիկին...

Միայն գույների մեջ զանազանություն չլինի...

Չլինի, տիկին...

Ուրիշ մի քանի պատվերներ ևս տալով, ասաց նրան.

Այժմ կարող ես գնալ:

Նա գլուխ տվեց և դուրս եկավ:

Տաճարապետի հեռանալուց հետո` ներս մտավ ներքինապետ Բագոսը` յուր խորշոմած, լերկ դեմքով, յուր առանց թերթերունքների կարմիր կոպերով, որոնք իրանց նեղ շրջանակի մեջ հազիվ կարողանում էին սեղմել նրա` գորտի աչքերի նման դուրս ընկած` անհանգիստ բիբերը: Նա քսությամբ մոտեցավ տիկնոջ գահավորակին, այնքան ուշիկ քայլերով, կարծես, վախենում էր, միգուցե ոտները մատնեին իրան, և կռանալով, խռպոտ ձայնով մրթմրթաց.

Գնացին նախ տիկին Զարուհիի ձեռքը համբուրելու...

Մամիկոնյան տիկնոջ գոռոզ աչքերը վառվեցան բարկության կրակով:

Հետո՞հարցրեց նա խռովյալ ձայնով:

Հետո գալու են այստեղ ճաշելու:

Ե՞րբ:

Ո՞վ է իմանում: Եթե տիկին Զարուհին չուշացնե, գուցե շուտ կգան: Բայց նրա սովորությունները հայտնի են. մինչև մի բան չուտացնե, մինչև մի բան չխմացնե, բաց չի թողնի:

Սամվե՞լն էլ գնաց նրանց հետ:

Սամվելը բոլորից առաջ էր ընկած...

Տիկինը ավելի վրդովվեցավ:

Ներքինապետը, արդեն իրան հասած համարելով յուր նպատակին, ավելի առաջ տարավ քսությունը, ասելով.

Սամվելը հրամայեց, որ Մուշեղին ևս հրավիրեն ճաշի...

Եվ Մուշեղը համաձսյնվեցա՞վ գալու:

Համաձայնվեցավ... Սամվելի հետ նա այդպես է...

Վերջին խոսքերի միջոցին բանսարկուն ձեռքերը մոտեցրեց և երկու ցուցամատները կցեց միմյանց հետ, որ միության նշան էր:

Միևնույն ամրոցում ապրող Մամիկոնյան երեք եղբայրներիՎարդանի, Վասակի և Վահանի ընտանիքները թեև առերես բարեկամ էին, բայց ի ներքուստ թշնամական հարաբերությանց մեջ էին: Եվ այդ ոխերիմ թշնամությունը ուներ յուր աղետալի պատճառները. Վասակը սպանել էր յուր հարազատ եղբորը Վարդանին, իսկ Վահանը` Սամվելի հայրը` մատնելով եղբայրասպան Վասակին Շապուհ արքայի ձեռքը` նույնպես սպանել տվեց: Այդ տան մեջ արյան թշնամություն կար, — ընտանեկան անմոռանալի վրեժխնդրության թշնամություն...

Բայց կեղծ-ազնվապետական քաղաքավարությունը սքողում էր այդ թշնամությունը: Տիկնոջը վրդովեցրեց ոչ այնքան Սամվելի` Մուշեղին ճաշի հրավիրելը, որ նրա հորեղբայր Վասակի որդին էր, որքան ներքինապետի հաղորդած այն տեղեկությունը, թե Սահակ Պարթևը գնաց նախ տիկին Զարուհիի ձեռքը համբուրելու: Այդ սգավոր տիկինը սպանված Վարդան Մամիկոնյանի այրին էր: Իսկ Սահակը, որպես նախընթաց գլխում ցույց տվինք, այդ Վարդանի դստեր որդին էր: Այդ էր պատճառը, որ Սահակը սովորություն ուներ ամեն անգամ, երբ նրան պատահում էր յուր քեռիների ամրոցը գալ, նախ մտնել տիկին Զարուհիի մոտ, մխիթարել նրան և յուր հարգանքը հայտնել յուր սգավոր քեռակնոջը: Եվ այդ սաստիկ բարկացնում էր Սամվելի մորը: «Ամեն անգամ, երբ այդ գոռոզ Պարթևը հայտնվում է մեր ամրոցում, միշտ մի առիթ է գտնում ինձ վիրավորելու»... մտածում էր նա և ուռած շրթունքները դողում էին սրտի խռովությունից:

Որմիզդուխտի մասին մի բան չիմացա՞ր, — դարձավ նա դեպի ներքինապետը:

Նա հիվանդ է...

Ուրեմն ճաշի չի՞ գա:

Եթե առողջ ևս լիներ, չէր գա... — ասաց ներքինապետը և նրա երեսի կնճռոտ կաշին, ավելի կծկվելով, ծիծաղի նման մի բան ձևացրեց խորամանկ դեմքի վրա:

Իսկ Սամվելի մոր դեմքը փայլեց անկեղծ ուրախությամբ, երբ իմացավ, որ Որմիզդուխտը ճաշին չի լինի: Գեղեցիկ, քաղցրաբարո կինը, մանկահասակ հյուրերի շրջանում, կարող էր ստվեր ձգել նրա վրա: Նախանձը չափ չուներ այդ փառասեր Արծրունու սրտում, թեև նա արդեն հասակը առած և թառամած կին էր:

Ներքինապետի և տիկնոջ խոսակցության միջոցին, երբեմն դահլիճի դուռը աննկատելի կերպով շարժվում էր և նրա նեղ բացվածքից նայում էին երկու լուսափայլ աչքեր: Մեկը նախասենյակում լրտեսում էր:

Ներքինապետի հաղորդած տեղեկությունները որքան ուրախություն պատճառեցին տիկնոջը, այնքան ավելի ևս տրտմություն հարուցին նրա մեջ: Նրա սիրտը ալեկոծվում էր, և ամբոխված գլխում պտտվում էին մթին խորհրդածություններ... Անպատեհ հյուրերի տարաժամ գալուստը այն աստիճան հանկարծակի և անակնկալ կերպով տեղի ունեցավ, որ ժամանակ չտվեց նրան կարգի դնելու և մի որոշ հետևանքի հասցնելու յուր խորհրդածությունները... Այժմ տատանվում էր նա սարսափելի ծայրահեղությունների մեջ...

Նա կրկին դարձավ դեպի բանսարկուն, հարցնելով.

Դու հաստատ գիտե՞ս, որ Մուշեղը գալու է ճաշի:

Ներքինապետի դեմքի վրա կրկին հայտնվեցավ զզվելի ժպիտը, և նրա անհանգիստ բիբերը ավելի լայնացան:

Եթե քո խոնարհ ծառան մի բան հաստատ չգիտենա, չի ասի, — պատասխանեց նա և ձեռքը մտերմաբար տարավ ուղղելու գահավորակի վրա դրած բարձերից մեկը, որ փոքր-ինչ շեղվել էր յուր սովորական տեղից:

Դահլիճի դուռը կրկին շարժվեցավ, երկու փայլուն աչքերը կրկին շողացին բացված ճեղքից: Երևում էր, որ այդ հետախույզ աչքերը դժվարանում էին դիտելու, թե ո՜վ էր տիկնոջ խոսակիցը, որովհետև գահավորակը, որի վրա նստած էր տիկինը, դրած էր դռան բոլորովին հակառակ կողմը, իսկ դահլիճը այնքան ընդարձակ էր, որ ձայների միայն անորոշ հնչյուններն էին հասնում մինչև նախասենյակը:

Տիկինը մտահույզ կերպով վեր կացավ նստած տեղից և յուր քայլերը ուղղեց դեպի կից սենյակը:

Եկ ինձ հետ, Բագոս, — հրամայեց ներքինապետին:

Այդ կոկիկ սենյակը տիկնոջ առանձնարանն էր, որից մի դուռ բացվում էր դեպի նրա քնարանը, իսկ մի այլ դուռ` դեպի կանանոցի ետևի փոքրիկ բակը, որ զարդարած էր մշտադալար բույսերով:

Առանձնարանի դուռը ներսից կողպեցին: Դահլիճը մնաց դատարկ:

Այդ միջոցին դահլիճը մտավ նախասենյակի ունկնդիրը-օրիորդ Նվարդը: Որպես մի մարմնացած զգուշություն, ուշիկ քայլերով անցավ նա փափուկ գորգերի վրայով և, ուշադրությամբ յուր շուրջը նայելով, մոտեցավ լուսամուտներում դրած ծաղկամաններին, հոտ քաշեց, մոտեցավ մետաղյա հայելուն, նայեց յուր գունաթափ դեմքի վրա, և ապա մոտեցավ այն դռանը, ուր ներս մտան տիկինն ու ներքինապետը: Մի խուլ քրթմնջոց լսելի էր լինում ներսից: 0րիորդը կամաց ականջը տարավ դեպի դռան փականքը: Շվարված աղջիկը շունչ անգամ չէր առնում, որ յուր լսողությունը չխանգարե: Նրա ականջներին հասնում էին աղոտ շշնջյուններ միայն, որոնցից ոչ մի բառ որոշել չէր կարողանում: Տհաճությունը խեղդում էր նրան: Մի մթին, չարագուշակ բնազդմամբ զգում էր նա մի ինչ-որ դավադրություն, որ սարսափեցնում էր նրան:

Նա հեռացավ յուր բռնած դիրքից, որոնում էր մի առարկա գտնել, որ եթե տիկինը հանկարծ դուրս գալու լինի, իրան գործով զբաղված տեսնե: Այդ միջոցին դահլիճի դռները շառաչմամբ ետ գնացին և ծտի նման ներս նետվեցավ փոքրիկ Վահանը-Սամվելի կրտսեր եղբայրը: Շատ խաղալուց քրտնած, թշերը վարդ դարձած, ուրախ երեխան վազեց, փաթաթվեցավ օրիորդին և, նրանից մի համբույր ընդունելուց հետո, իսկույն բաց թողեց նրան, և թռավ գահավորակի վրա: Մի ակնթարթում հավաքեց նա բարձերը, դրեց միմյանց վրա և, ձիու նման հեծնելով, սկսեց ոտներով խթահարել և ձեռքերով մտրակել յուր նժույգին, ուրախ-ուրախ կրկնելով` «չու՛... չու՛»... Երբ տեսավ, որ յուր անշնորհք նժույգը տեղից չի շարժվում, ձանձրացավ, և վայր ցատկեց գահավորակի վրայից, մի այլ խաղալիք գտնելու համար: Չարաճճին խլեց ծաղկամանների մեջ դրած փունջերից մեկը: Այդ միջոցին վրա հասավ օրիորդը և հազիվ կարողացավ նրա ձեռքից ազատել փունջը: Բայց ծաղիկները բավական տրորվեցան: Նկատելով, որ համառ երեխան հանգիստ չէ մնալու, օրիորդը բռնեց նրա ձեռքից, համարյա բռնությամբ դուրս քաշեց դահլիճից և դուռը ներսից կողպեց: Նա մի քանի անգամ զայրացած կերպով ոտքով խփեց դռանը և հեռացավ:

Վահանի չարությունը թեև խլեց օրիորդից մի քանի թանկագին րոպեներ, բայց նրա համար մի գործ պատրաստեց, որի մասին մտածում էր: Նա վեր առեց Վահանի ձին, այսինքն միմյանց վրա դրած երկու բարձերը, մեկը նետեց դահլիճի մի կողմը, մյուսի նետեց մյուս կողմը: Վեր առեց նրա տրորած փունջը, քրքրեց, տերևթափ արեց, և նույնպես ցրիվ տվեց գորգերի վրա: Այդ գործողություններից հետո, նա կրկին մոտեցավ առանձնարանի դռանը, ականջը տարավ դեպի փականքը:

Այժմ ավելի կամաց էին խոսում: Խեղճ օրիորդը ամբողջ մարմնով լսելիք էր դարձել, բայց ոչինչ չէր լսում: Նրա սիրտը բաբախում էր հետաքրքրությունից և արյան ջերմությունը այրում էր թշերը: Բավական էր նրան գիտենալ, թե ում հետ էր խոսում յուր տիկինը. այդ շատ բան կպարզեր: Դռան փեղկը ներքևի կողմից բոլորովին սերտ կերպով չէր կցված շրջանակի հետ, մնացել էր մի նեղ բացվածք: Նա կռացավ, սկսեց այդ բացվածքից նայել: Ոչինչ չէր երևում: Մի քանի րոպեից հետո լսելի եղավ հազալու անընդհատ ձայն, որ հետզհետե սաստկանալով և ապա աստիճանաբար նվազելով, վերջը հեղձուցիչ խռխռոցի փոխվեցավ: Օրիորդը ցնցվեցավ: Այդ ակամա հազը ծանոթ էր նրան, ծանոթ էր և ամբողջ ամրոցին: Նա դուրս էր վիժում խորտակված կուրծքից և փտած թոքերից: Այժմ գիտեր օրիորդը, թե ով էր տիկնոջ խոսակիցը: «Մի բան կա»... մտածեց նա և լարեց յուր բոլոր ուշադրությունը:

Հանկարծ գունաթափվեցավ նա, որպես գունաթափվում է մի մարդ, երբ կայծակը շանթում է մերձակայքում և լսելի է լինում որոտման ահեղ դղրդյունը: Բայց նրա լսածը երկու բառեր էին միայն, մեկը Մուշեղի անունը, մյուսը մի այլ սոսկալի բառ...

Առանձնարանում տիրեց խորին լռություն: Այժմ առաջվա շշնջյունն անգամ չէր լսվում: Երևում էր, որ տիկնոջ խոսակիցը, վերջին պատվերը ստանալուց հետո, դուրս գնաց մյուս դռնից, որ բացվում էր դեպի կանանոցի փոքրիկ բակը:

Օրիորդը հեռացավ յուր դարանից, մտածելով, որ տիկինը կարող էր հանկարծ դուրս գալ և այնտեղ տեսնել իրան: Նա մոտեցավ դահլիճի դռանը, որ ինքը կողպել էր, բաց արեց, հետո սկսեց գորգերի վրա սփռված տերևները և ծաղիկների թերթիկները հավաքել: Բարձերը դեռ ընկած էին իրանց տեղում: Բավական գործ կար, որ եթե տիկինը դուրս գալու լիներ, նրան զբաղված տեսներ: Բայց նա ուշացավ: Երևում էր, որ դեռ երկար տանջվում էր նա այն անգութ պատվերի մասին, որ տվեց յուր հավատարիմ ծառային... Մի քանի անգամ հավաքեց օրիորդը ծաղիկների տերևները, ծղոտները և թերթիկները, մի քանի անգամ վերջացրեց այդ գործը, բայց դարձյալ, ավելի մանրացնելով, ցրիվ տվեց հատակի վրա: Այդ գործողությունը կրկնում էր նա, մինչև դուրս եկավ տիկինը:

Այդ ի՞նչ է, այդ ո՞վ արեց, — հարցրեց նա, բարկացած աչքերով նայելով յուր շուրջը:

Ո՞վ պետք է աներ, — պատասխանեց օրիորդը, շարունակելով հավաքել յուր ցրիվ տվածը, — ներս եմ մտնում, տեսնում եմ, որ Վահանը ամեն ինչ տակնուվրա է արել, հենց որ ինձ տեսավ, իսկույն փախավ:

Ա՛խ չարաճճի, — բացագանչեց զայրացած մայրը, — ե՞րբ պետք է խելքի գա այդ տղան: Հիմա կարող են իսկույն մտնել հյուրերը և տեսնել այդ անկարգությունը:

Ես իսկույն կհավաքեմ, տիկին, — ասաց օրիորդը, շտապեցնելով յուր աշխատությունը:

Մինչև դու կհավաքես, կեսօր կդառնա, գնա, սպասավորներից մեկին ասա, որ գա ավելե այստեղ, իսկ ինքդ վազիր պարտեզը, մի նոր փունջ պատրաստիր, դրա տեղը դնելու համար:

Նվարդը շտապով դուրս գնաց:

Սպասավորները խմբված էին սեղանատանը, ծիծաղում էին, հռհռում էին, կատակներ էին անում և սեղանն էին պատրաստում: Նրանց միջում խառն էր և պատանի ՀուսիկըՆվարդի սիրելին: Նվարդը հեռվից կանչեց մեկին և հայտնեց տիկնոջ հրամանը, իսկ ինքը վազեց դեպի պարտեզը:

Նրան տեսնելով, Հուսիկի աչքերը վառվեցան: Նա հետևեց, թե դեպի որ կողմը գնաց օրիորդը, մանավանդ երբ նկատեց, որ խորամանկ աղջիկը մեկնելու միջոցին ձեռքը տարավ դեպի աջ ականջը: Այդ նրանց մեջ մի պայմանական նշան էր, որի իմաստն այն էր, թե կանչում է նրան:

Հուսիկը ընկերների ուշադրությունը յուր վրա չդարձնելու համար` մի քանի րոպե սպասեց, հետո զգուշությամբ դուրս եկավ սեղանատնից: Հեռվից տեսավ նա, որ օրիորդը գնում էր դեպի պարտեզը: Ինքն ևս պտույտ տվեց մի այլ ճանապարհով, որ նույնպես դեպի պարտեզն էր տանում:

Նա գտավ յուր սիրուհիին վարդենիների թփերի մոտ, բայց ոչ այնպես ուրախ, որպես սովոր էր նրան հանդիպել այստեղ: Նա դեռ նոր էր սկսել փնջել յուր փունջը:

Երևի, ինձ համար է, — ասաց պատանին և մոտեցավ գրկելվու նրան:

Դրա ժամանակը չէ, Հուսիկ, — արգելեց օրիորդը, — ես քեզ կանչեցի մի շա՜տ կարևոր գործի համար:

Ի՞նչ գործ, — հարցրեց պատանին վշտացած ձայնով, առաջին անգամ մի այդպիսի սառնություն տեսնելով սիրած աղջկա կողմից:

Գնա՜ Սամվելի մոտ, մի կերպով հասկացրու, որ իշխան Մուշեղին իմացում տա, որ նա այսօր մեր տիկնոջ մոտ ճաշի չգա... Գնա՜, մի ուշացիր...

Այն ծանր եղանակը, որով արտասանեց օրիորդը այդ խոսքերը, Հուսիկին մոռանալ տվեց յուր սիրային գուրգուրանքը, և նա զարմացած կերպով հարցրեց.

Next page