Րաֆֆի՝   Սամվել

Այդ համարձակ, անձնավստահ տղամարդը նույն շինականն էր, որին մի օր առաջ հանդիպեց Սամվելը ճանապարհի վրա Աշտիշատի վանքը գնալու ժամանակ: Նամակը տարավ նա Ռշտունյաց Գարեգին իշխանին, որի Աշխեն անունը դուստրը Սամվելի սիրո և քաղցր մտածությունների առարկան էր: Իսկ նրա մոր ատելությանչար հրեշտակը...

ԺԴ

ՆՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թղթատարին ճանապարհ դնելուց հետո Սամվելը դարձավ դեպի յուր մտերիմ սենեկապետը, ասելով.

Հուսիկ, այս գիշեր պետք է Մուշեղ իշխանի մոտ գնամ, հավաքի՜ր քո բոլոր ճարպկությունները, հետազոտի՜ր բոլոր անցքերը, որպեսզի իմ այնտեղ գնալը ոչ ոք չտեսնե:

Իմ տիրոջ հրամանը կատարված կլինի, — ասաց պատանին ինքնավստահությամբ և դուրս գնաց, յուր մեջ մտածելով: «Ես մի այնպիսի բան կսարքեմ, որ սատանան էլ չի տեսնի»...

Սամվելը մնաց յուր սենյակում միայնակ:

Երբեք նա այնպես հափշտակված չէր եղել, որպես այն գիշեր, երբեք նրա զգացմունքները այնպես վառված չէին եղել, որպես այս գիշեր: Թղթատարի տարած ծրարի մեջ ուղարկեց նա յուր սիրտը, յուր միտքը, յուր հոգեկան բոլոր քնքշությունները: Այժմ նրա դատարկ ուրվականը միայն շրջում էր այդ ամայի սենյակի մեջ, որ յուր հարուստ շրջապատով խեղդում էր նրան:

Նա մտքով սլացել էր այնտե՜ղ, դեպի այն ահարկու լեռները, ուր սրաթռիչ արծիվն անգամ չէր համարձակվում վերամբառնալ մինչև ապառաժների կատարները, ուր ամպերի հետ համբուրվում է մշտականաչ եղևինը, ուր արծաթյա կամարներով փայլում են լեռնային ջրվեժները, ուր վագրը, ինձը, բորենին միայն աղմկում են մթին անտառների հավերժական լռությունը:

Այնտե՜ղ, այն քարեղեն աշխարհում, վեհափառ Արտոսը, որպես մի պատրիարք, յուր ալեզարդ գագաթով իշխում է շրջակա բարձրությունների վրա: Այնտե՜ղ, այն սքանչելի աշխարհում. Ընծակա սրբանվեր սարը յուր գեղեցիկ ալիքներով նկարվում է Վանա ծովակի պարզ և պայծառ հայելվո մեջ: Այնտե՜ղ լեռնային մարդը, դեռ յուր նախնական մորթեղեն հագուստով, երկար նիզակը ձեռին, թռչում է մի քարից դեպի մյուսը և հետամուտ է լինում արագավազ եղջերվին:

Այնտե՜ղ ծովակի ալեծուփ գրկում հանգչում է տենչալի կղզինանմատչելի Աղթամարը, և այդ կղզու խաղաղ, մնջիկ առանձնության մեջ, որպես ծովակի դիցուհին, իշխում է Սամվելի նազելին:

«Սիրելի՜ Աշխեն, — բացագանչեց նա խորին զմայլմունքով, — ես քոնն եմ հավիտյան... ես քեզ եմ պատկանում իմ սրտի, իմ հոգու բոլոր զորությամբ... Ծնողաց վայրենի խստասրտությունը, աշխարհի անգութ արգելքները չեն կարող քեզանից խլել այն, ինչ որ իմ սիրո բոլոր ջերմությամբ նվիրեցի քեզ: Ոչինչ չէ կարող փոխարինել քեզ, ոչ փառք, ոչ մեծություն և ոչ արքաների թագը: Դու ինձ համար ամեն ինչ ես, թանկագին Աշխեն: Քո մեջն եմ գտնում իմ սրտի խաղաղությունը, քո մեջն եմ գտնում իմ վշտերի մխիթարությունը, քո անունը հիշելիս լռում է հոգսը, անհետանում է մռայլը, և իմ հոգու մեջ ծագում է ուրախության լուսապայծառ արեգակը: Երբ թախծալի հուսահատությունը պաշարում է ինձ, երբ կանխահաս արհավիրքը թուլացնում է իմ ուժերը, — դո՜ւ ես ոգևորում ինձ քո աստվածային ներշնչությամբ, դո՜ւ ես կենդանացնում մեռած եռանդը և լքած հավատը: Եվ այս րոպեում, երբ իմ հայրենիքը մեծ տագնապի մեջ է, երբ ամեն սրբություն, ամեն հաստատություն կործանվելու վրա է, երբ թշնամին յուր բոլոր անգթությամբ կանգնած է մեր գլխին, — ա՜յդ օրհասական րոպեում քո սերը, նազելի Աշխեն, որպես մի պահապան հրեշտակ, վառում է իմ սիրտը անձնազոհության հրով, մղում է ինձ դեպի վտանգը... դեպի կոտորածը... դեպի արյունը... Կանցնի՛ փոթորիկը, կլռե՛ զենքի շառաչյունը, կգա՛ երջանիկ օրը, և վաստակած զինվորը կհանգչի սիրած կուրծքի վրա... »:

Յուր խորին հափշտակության մեջ, չնկատեց Սամվելը, թե ինչպես դուռը կամաց բացվեցավ, և մեկը, ոտքից գլուխ փաթաթված սևագույն լայն սփածանելիքի մեջ, հայտնվեցավ սենյակում: Մի մթին ուրվականի նման, հազիվհազ շարժվելով, անցավ նա պատերի մոտով և կանգնեց մի անկյունում: Անկյունի կիսամռայլից երկար նայում էր նա հուզված երիտասարդի վրա և լսում էր նրա զգացմունքներով լի մենախոսությունը: Երեսը ծածկված էր մետաքսյա սև դիմակով: Սամվելը դեռ արձանի նման կանգնած էր լուսամուտը հանդեպ և դեմքը դարձրած ուներ դեպի այն աշխարհը, որի մասին խոսում էր: Երբ վերջացրեց, գլուխը խոնարհեցրած կուրծքի վրա, թևքերը խաչաձև փակած, որպես մի ուշացնոր երազամոլ, մի քանի անգամ անցավ սենյակի միջով, և ապա մոտեցավ մի բազմոցի, հենվեցավ նրա վրա: Այդ խռովյալ դրության մեջ մորմոքում էր նա, երբ հանկարծ զգաց, որ երկու սառցային ձեռքեր բռնեցին յուր ձեռքը: Նա սոսկաց: Մթին ուրվականը իսկույն մի կողմ ձգեց յուր դիմակը և սփածանելիքը: Սամվելի սարսափը ավելի մեծ եղավ, երբ յուր հանդեպ տեսավ գունաթափ Որմիզդուխտին:

Մի՜ շփոթվիր, — ասաց նա հանգիստ ձայնով, — ես բոլորը լսեցի... բոլո՜րը հասկացա... Ես թեև հայերեն չեմ իմանում, բայց սիրո լեզուն, սիրո ձայնը` ամեն ազգի հասկանալի է...

Որմիզդո՛ւխտ, — բացագանչեց ապշած երիտասարդը, — այդպես գիշե՞րը... այդպես տարաժա՞մ...

Այո, այդպես տարաժամ եկա քեզ մոտ` մի շատ կարևոր գործի համար, Սամվել, միայն համբերություն ունեցիր լսելու:

Ամբողջ մարմնով դողում էր նա: Սամվելը բռնեց նրա ձեռքից, նստեցրեց յուր մոտ, բազմոցի վրա: Երբ փոքր-ինչ հանգստացավ նա, դարձավ դեպի երիտասարդը, ասելով.

Կողպի՜ր դռները, մեր խոսակցությունը պետք է առանձին լինի:

Սամվելը կատարեց նրա ցանկությունը:

Ների՜ր ինձ, Սամվել, — ասաց նա թախծալի ձայնով, — ես խանգարեցի քո սրբազան հոգեզմայլությունը... ես խլեցի քեզանից այն թանկագին րոպեները, երբ դու քո սրտի հետ պետք է խոսեիր...

Սամվելը խոսք չգտավ պատասխանելու: Նա շարունակեց.

Սիրի՛ր նրան, Սամվել, որին այնքան ջերմ սիրով նվիրել ես քո սիրտը: Դու արժանի ես մի լավ կենակցի: Քեզանով բախտավոր կլինի կինը, դու կբախտավորեցնես ամեն կնոջ...:

Վերջին խոսքերն արտասանեց նա հեկեկանքով:

Նա ձեռքը տարավ դեպի գլուխը, ետ քաշեց ճակատի վրա թափված գանգուրները, որ, կարծես, աշխատում էին սքողել նրա արտասուքը:

Լսի՜ր, Սամվել, — առաջ տարավ նա րոպեական լռությունից հետո: — Այդ տան մեջ դու էիր իմ մխիթարությունը: Ամենքը երկրպագում էին ինձ, բայց սրտով ատում էին: Երկրպագում էին, որովհետև ես արյաց մեծ թագավորի քույրն էի: Ատում էին, որովհետև ես պարսիկ էի, հեթանոս էի, մի քրիստոնյա ընտանիքի մեջ ընկած: Ես իմ ոսկեղեն և գոհարեղեն շրջապատի մեջ խեղդվում էի, որպես մի մռայլ գերեզմանի մեջ: Բայց դու, միայն դո՛ւ, ազնիվ Սամվել, քաղցրացնում էիր իմ կյանքի դառնությունը և փարատում էիր դժբախտ օտարուհու տխրությունները: Եթե դու չլինեիր, ես վաղուց թողած կլինեի այդ տունը և գնացած կլինեի իմ հայրենիքը: Այժմ լսի՜ր, սիրելի Սամվել, թե ինչո՜ւ եկա քեզ մոտ, այդպես գիշերով, այդպես տարաժամ:

Շփոթված երիտասարդը, որ դեռևս ապշության մեջ էր գտնվում, գլուխը վեր բարձրացրեց և նայեց զգացված կնոջ բոցավառ աչքերի մեջ: Նա բռնեց Սամվելի ձեռքը, ասելով.

Իմ կրոնը ուսուցել է ինձ` բարությունը բարությամբ վճարել, առաքինությունը առաքինությամբ: Դու միշտ բարի ես եղել դեպի ինձ, սիրելի Սամվել: Ես եկա պարտքս վճարելու: Քո կյանքը վտանգի մեջ է... վտանգի մեջ է և այն էակի կյանքը, որին դու սիրում ես...

Այդ ի՞նչ ես ասում... ի՞նչ վտանգ... — բացագանչեց երիտասարդը զայրացած ձայնով: — Նա վտանգը մե՞ջ է... ասա՜, Որմիզդուխտ... ես հենց այս րոպեում պատրաստ եմ ինձ կրակի և արյան մեջ նետել և ազատել նրան... Ասա՜, ի՞նչ վտանգ...

Նա վեր թռավ բազմոցի վրայից, կանգնեց տիկնոջ առջև, անդադար կրկնելով վերջին հարցմունքը:

Հանգստացի՜ր Սամվել, — ասաց տիկինը մեղմությամբ, — և նստի՜ր քո տեղը: Վտանգը դեռևս այնքան մոտ չէ, որի համար հարկավոր լիներ շտապել: Վտանգը հասնելու վրա է: Նստի՜ր, ես բոլորը կպատմեմ քեզ:

Սամվելը նստեց, աղաչելով.

Ի սեր աստուծո, մի՜ տանջիր ինձ, ինչ որ ասելու ես, շուտ ասա:

Բարեսիրտ տիկինը, չկամենալով միանգամից հարվածել երիտասարդի զգայուն սիրտը, բավական հեռվից սկսեց յուր հաղորդելու նոր տեղեկությունները:

Դու, — ասաց նա, — այսօր քո մոր ներկայությամբ պատմեցիր ինձ իմ ամուսնի և Մերուժան Արծրունու վերադարձը Տիզբոնից, պատմեցիր և նրանց հետ պարսից երկու զորապետների գալուստը, պատմեցիր և այն, թե ի՞նչ գործեր պետք է կատարեն նրանք ձեր երկրում, բայց ամենագլխավո՜րը կամ քեզ հայտնի չէր կամ ծածկեցիր ինձանից:

Ես ոչինչ չծածկեցի քեզանից, Որմիզդուխտ, ինչ որ գիտեի, բոլորը պատմեցի:

Ուրեմն ամենագլխավորը քեզ հայտնի չէ: Լսի՜ր, Սամվել: Նախ, իզուր եք սպասում դու կամ քո մայրը, որ նրանք Տարոնով կմտնեն Հայաստան: Սկզբից այստեղ չեն գալու: Նրանք կմտնեն Հայաստան Վասպուրականի կողմերով, որը Մերուժանի իշխանության երկիրն է: Նրանց առաջին գործը կլինի` կալանավորել հայոց բոլոր նախարարներին և շղթայակապ ուղարկել Տիզբոն: Այնտեղից կվարեն նրանց ձեր թագավորի մոտ, որը այժմ մի բերդում աքսորված է: Հետո նրանց երկրորդ գործը կլինի` կալանավորել աքսորված նախարարների կանանցը, զավակներին և պահել բերդերում խիստ հսկողության ներքո...

Որոնց հետ և այն հրեշտակին, որին ես սիրում եմ... — ընդհատեց Սամվելը խորին վրդովմունքով: — Այդպես չէ՞, Որմիզդուխտ:

Շատ հասկանալի է... — պատասխանեց տիկինը տխուր ձայնով: — Եթե մյուս նախարարների ընտանիքները կկալանավորեն, նրանց թվում կկալանավորեն և Ռշտունյաց նախարարի ընտանիքը և քո հրեշտակին: Հրամայված է չխնայել ոչ սեռի, ոչ հասակի և ոչ աստիճանի: Ամեն մի ընդդիմացող կդատապարտվի մահվան պատժի: Կխնայեն միայն նրանց, որոնք կընդունեն Մազդեզանց կրոնը: Եվ նրանք բերում են իրանց հետ այնքան զորքեր, որ այդ բոլորը կարող են կատարել: Մոռացա ասել, որ խստիվ պատվիրված է` կալանավորել հայոց տիկնոջը (թագուհուն) և ուղարկել Պարսկաստան: :

Ես այդ բոլորը սպասո՛ւմ էի... — ասաց Սամվելը, գլուխը ցավակցաբար շարժելով: — Բայց դու ինձ այն ասա՜, Որմիզդուխտ, թե որտեղի ց հավաքվեցան քեզ մոտ այդ տեղեկությունները: Դու առավոտյան ոչինչ չգիտեիր և մինչև անգամ իմ հոր գալստյան մասին տեղեկություն չունեիր:

Այդ իրավ է, ոչինչ չգիտեի և ոչ մի տեղեկություն չունեի: Առաջին անգամ քեզանից լսեցի, որ իմ ամուսինը և Մերուժանը գալիս են: Եվ այդ շատ զարմացրեց ինձ, թե ինչպե՞ս է պատահել, որ մի այդպիսի նշանավոր տեղեկություն ինձ չեն հաղորդել Տիզբոնից: Ես զանազան կասկածների մեջ ընկա, մանավանդ երբ մտածեցի, որ իմ ներքինապետը նույնպես ինձ ոչինչ չէր հայտնել, նա՜, որ ամեն բան կարող էր ամենից առաջ գիտենալ: Երբ վերադարձա տուն, իմ բարկությանը չափ չկար, իսկույն մի պարան պատրաստել տվի, հետո կանչել տվի իմ ներքինապետին: — «Քեզ կախել կտամ այդ ծառից, — ասեցի նրան, — եթե ճշմարիտը չխոստովանվես, թե ինչ տեղեկություններ ունես Տիզրոնից»: — Նա ամեն ինչ պատմեց:

Սամվելը նոր բան իմացավ և նրան տիրեց խորին զարմացում:

Քո ներքինապետը ինչո՞վ է խառն այդ գործերի մեջ, — հարցրեց նա, ուղիղ նայելով տիկնոջ այլայլված երեսին:

Որմիզղուխտը կարմրեց, գունաթափվեցավ, դարձյալ կարմրեց, դարձյալ գունաթափվեցավ, որպես մի երեխա, որ հանկարծ բռնվում է գողության մեջ:

Կներես իմ միամտությանը, Սամվել, և կհավատաս իմ անմեղությանը, — ասաց նա արտասվախառն հեկեկանքով, — որ այդքան տարի է, այդ անպիտանը ծառայում է ինձ մոտ որպես ներքինի, բայց ես մինչև այսօր դեռ չէի հասկացել նրա իսկական պաշտոնը: Ես միայն նկատում էի, որ նրա մոտ անծանոթ մարդիկ են գալիս, գնում են, նկատում էի, որ նամակներ է ստանում, պատասխան է գրում, — և այդ բոլորը շատ սովորական էի համարում, որովհետև գիտեի, որ Տիզբոնում, մանավանդ իմ եղբոր արքունիքում, մեծ կապեր և ծանոթություններ ունի: Բայց այսօր ես քննեցի նրա թղթերը, բանից դուրս եկավ, որ այդ մարդը այստեղ ևս մեծ կապեր է ունեցել: Նրա ձեռքի տակ եղել են շատ մարդիկ, մինչև անգամ հայերից, որոնք հայոց երկրի ամեն կողմերից տեղեկություններ են հաղորդել նրան, թե որտեղ ի՞նչ է կատարվում, կամ որտեղ ի՞նչ է պատրաստվում: Եվ այդ լուրերի համար նա առատ վճարել է: Յուր հավաքած տեղեկությունները նա միշտ ծածուկ ուղարկել է Տիզբոն և այնտեղից նոր հրահանգներ է ստացել:

Ուրեմն նա մի ծպտյալ լրտե՞ս է եղել մեր տան մեջ ներքինապետի պաշտոնով, — հարցրեց Սամվելը, ավելի վրդովվելով:

Այդպես է երևում: Նրան պատվիրված է եղել` ամեն ինչ հաղորդել Տիզբոն, — կրկնեց տիկինը ցած ձայնով:

«Թշնամու գործակատարը մեր տան մեջ է եղել, և մենք այդքան ժամանակ չե՛նք հասկացելմտածեց Սամվելը մի առանձին ինքնաանբավականությամբ: — Եվ մենք դեռևս գանգատվում ենք, որ մեր գործերը վատ են գնում... Մեր տանը հարս են ուղարկում, հարսի հետ հարուստ օժիտ են դնում և նույն օժիտի թվում ուղարկում են մեզ իրանց լրտեսը, բազմաթիվ աղախինների և սպասավորների հետ... Ի՛նչ լավ խնամություն է... Պարսից թագավորի նենգավո՛ր խնամություն»... Նա դարձավ դեպի տիկինը.

Դու, Որմիզդուխտ, այնքան բարեսիրտ ես, որ ես չէի համարձակվիլ մի ամենափոքր կասկածով անգամ վիրավորել քո հրեշտակային անմեղությունը: Բայց դու մտածո՞ւմ ես, թե որքան վատ է ուրիշի տան գործերը լրտեսել:

Այդ ես գիտեմ, — պատասխանեց նա մի այնպիսի ձայնով, որի մեջ լսվում էր սրտի խորին բարկությունը` լի անմխիթար ցավակցությամբ: — Այդ ես գիտեմ և դառն հետևանքները տեսնում եմ: Ինձ համար շատ սոսկալի է, երբ մարդկանց արյուն է թափվում, երբ հայր և մայր մաշվում են բանտերի մեջ, իսկ զավակները, որբ և անտեր, մնում են դահիճների ձեռքում: Ես չեմ կարող տանել այդպիսի անգթություններ:

Բայց դա քո եղբոր ցանկությունն է, — նկատեց Սամվելը:

Մի նախատիր ինձ, Սամվել, եղբորս պատճառով: Պարսից թագավորները սիրտ չունեն: Մարդկանց դիակների վրա են հաստատում նրանք իրանց գահի պատվանդանը, — այդպես ասել է մեր իմաստասերներից մեկը:

Սամվելը մտածության մեջ ընկավ: Տիկինը ընդհատեց նրա լռությունը, ասելով.

Մի տրտմիր, Սամվել, իմ խիղճը հանգստացնելու համար` ես հենց այս առավոտ կհրամայեմ պատրաստել իմ ճանապարհորդության քարավանը, կգնամ Տիզբոն, կընկնեմ իմ եղբոր գահի առջև և իմ արտասուքով կամոքեմ նրա բարկությունը: Եվ եթե նա անզգա կլինի դեպի քրոջ արտասուքը, նույն գահի պատվանդանը արատավորված կտեսնի յուր հարազատի արյունով...

Ես հավատում եմ քո անձնազոհությանը, Որմիզդուխտ, — պատասխանեց երիտասարդը, — դու ավելի քան այդ բարեգութ ես: Բայց այժմ արդեն ուշ է... Գործերը այնքան բարդված են, հանգամանքները այնքան անդառնալի ձև են ստացել, որ քո բարեխոսությունը հազիվ թե կարող էր խափանել կատարվող չարիքը...

Բայց քո կյանքը վտանգի մեջ է, Սամվել: Ես չեմ տարակուսում, որ ներքինապետը, կամ որպես դու անվանեցիր, այդ ցած լրտեսը, քո անունն ևս «անբարեմիտների» ցուցակի մեջ անցկացրած չլինի...

Ես նույնպես չեմ տարակուսում, — ասաց Սամվելը. — ես այդ հոգսը աստուծո վրա եմ թողնում...

Նա դարձյալ մտածության մեջ ընկավ և րոպեական լռությունից հետո ասաց հեգնաբար.

Դու մոռանում ես, Որմիզդուխտ, որ իմ հայրը և իմ քեռին առաջնորդում են պարսից զորքերին, նրանք գոնե ինձ կխնայեն...

Հրամայված է ոչ ոքի չխնայել, ոչ բարեկամի, ոչ ազգականի, — պատասխանեց վշտացած կինը և սկսեց ավելի և ավելի թախանձել երիտասարդին, որ գոնե յուր անձը ազատելու համար թողնե, առժամանակ հեռանա դեպի մի կողմ, մինչև փոթորիկի անցնիլը:

Այդ ես քեզ չեմ ներում, Որմիզդուխտ, — ասաց Սամվելը, ժպտելով բարեսիրտ կնոջ հոգածության վրա. — դու կամենում ես ինձ վատության սովորեցնել և, մի երկչոտ զինվորի նման, կռվի միջոցին` փախչել պատերազմի դաշտից:

Մտածի՜ր, Սամվել, որ վտանգի մեջ է և այն էակի կյանքը, որին դու սիրում ես... — նկատեց տիկինը վշտալի ձայնով:

Հենց նրա համար ես չպիտի հեռանամ կռվի դաշտից... — ասաց Սամվելը և նրա աչքերը վառվեցան վրեժխնդրության բոցով:

Որմիզդուխտը մի առանձին նախանձով էր նայում այդ մարմնացած անձնազոհության վրա, որի մեջ այնքան վառ, այնքան անշիջանելի էին սիրո զգացմունքները:

Ասա ինձ, Որմիզդուխտ, — խոսքը փոխեց Սամվելը, — այդ բոլորը, ինչ որ պատմեցիր ինձ, քո ներքինապետը յուր բերանով խոստովանվե՞ց քեզ:

Ես նրա թղթերի միջից և մի նամակ գտա, — պատասխանեց տիկինը:

Կարելի՞ է, որ այն նամակը ինձ ցույց տաս:

Նամակը հենց ինձ հետ բերած ունեմ:

Նա դուրս հանեց յուր գրպանից մագաղաթի փաթոթը և տվեց Սամվելին: Երիտասարդը նայեց նրա վրա, և փոքր-ինչ մտածելուց հետո, ասաց.

Կարո՞ղ ես այդ նամակը ինձ մոտ թողնել:

Ինչո՞ւ չէ, քեզ հարկավո ր է:

Բայց քո ներքինապետը չի՞ հարցնի, թե ինչ եղավ նամակը:

Ծաղրո՞ւմ ես ինձ, Սամվել, նա ինչպե՞ս կհամարձակվի այդպիսի հարցմունք անել ինձանից: Ես կհրամայեմ հենց այն րոպեում կախել նրան իմ բակի ծառերի մեկից: Դու չգիտե՞ս, որքան ձառաներ կան իմ հրամանի ներքո:

Տիկնոջ մեջ եփ եկավ արքայադստեր թե՜ հպարտությունը, և թե՜ բարկությունը: Նա վեր կացավ, ներողություն խնդրելով.

Ես շատ ուշացա, աքաղաղները արդեն սկսել են խոսել...

Սամվելը նույնպես ոտքի ելավ:

Ես այժմ փոքր-ինչ հանգիստ եմ, — ասաց տիկինը, յուր քնքշությամբ լի աչքերը դարձնելով դեպի երիտասարդը: –Թեև ոչինչ բանի մեջ չկարողացա համոզել քեզ, բայց գոնե դու այսուհետև կգիտենաս քո անելիքը...

Շնորհակալ եմ, Որմիզդուխտ, քո անսահման բարության և քո անկեղծ կարեկցության համար: Դու չափազանց պարտավորեցրիր ինձ:

Տիկինը վեր առեց յուր սփածանելիքը և դիմակը:

Ա՛խ, ներիր, Որմիզդուխտ, — ձայն տվեց երիտասարդը, — ես այն աստիճան շփոթվեցա քո անակնկալ ինձ մոտ գալով, որ մինչև անգամ մոռացա հարցնել, թե ինչպե՞ս եկար, կամ այժմ ինչպե՞ս պետք է գնաս:

Տիկինը ժպտաց, ասելով.

Դու խո տեսար, որ ես ծածկված էի դրանց մեջ, — նա ցույց տվեց յուր ձեռքի սև սփածանելիքը և դիմակը, — դարձյալ այնպես կգնամ: Ինձ իմ աղախիններից մեկի տեղը կընդունեն:

Գոնե թույլ տուր ճանապարհ դնեմ քեզ մինչև քո բնակարանը:

Հարկավոր չէ, դրսում իմ սպասավորներից երկուսը սպասում են. նրանք կառաջնորդեն ինձ: Իսկ քո ճանապարհ դնելը կարող է մատնել ինձ:

Բայց սպասավորները չգիտե՞ն, որ սև սփածանելիքի տակ ծածկված է իրանց տիկինը:

Չգիտեն: Նրանք ինձ բերեցին այստեղ, որպես իմ աղախիններից մեկին, և այդ կարծիքի մեջ էլ կմնան: Առաջին անգամ չէ, որ իմ աղախիններից եկել են քեզ մոտ զանազան գործերով:

Տիկինը հագավ յուր դիմակը և ծածկվեցավ լայն շալի մեջ: Սամվելը, սրտագին գոհունակությամբ հայտնելով յուր շնորհակալությունը, ճանապարհ դրեց նրան մինչև նախասենյակի դուռը: Այնտեղ խավարի միջից հայտնվեցավ Հուսիկը:

Տա՜ր այդ կնոջը, — հրամայեց նրան, — այնտեղ, դրսում, տիկին Որմիզդուխտի ծառաները սպասում են, հանձնիր նրանց:

Հուսիկը մատը տարավ դեպի ատամները և կծեց:

Մի բան անցավ նրա մտքով:

Մի այլ բան անցավ Սամվելի մտքով:

Ա՛խ, եթե փոքր-ինչ շուտ եկած լիներ Որմիզդուխտը...

Նա մտաբերեց Ռշտունյաց Գարեգին իշխանին և յուր սիրելի Աշխենին ուղարկած նամակները:

ԺԵ

ԼԵՌՆԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒՀԻՆ

Սև սփածանելիքի մեջ ծածկված կինը դանդաղ, համրընթաց քայլերով անցնում էր ամրոցի ոլորապտույտ փողոցներով, հազիվ-հազ կարողանալով իրան ոտքերի վրա պահել: Սամվելից բաժանվելուց հետո, դեռ նոր տիրեց նրա մեջ այն հիվանդոտ, վհատական թուլությունը, որ տեղի է ունենում գրգռված, բորբոքված դրության անցնելուց հետո:

Երկու սպասավորներից մեկը տանում էր նրա առջևից վառած լապտերը, իսկ մյուսը գնում էր նրա ետևից: Ճանապարհին նա մի բառ անգամ չխոսեց յուր սպասավորների հետ: Լուռ և անարգել ընթացքով անցնում էին նրանք ամրոցի զանազան դռներից, որ դրած էին պահապանների զգույշ հսկողության ներքո: Լապտերի վրա կարմրին էր տալիս տիկին Որմիզդուխտի նշանը: Այդ բավական էր պահապաններին նախազգացնելու համար, թե անցնողը տիկնոջ կանանոցիցն էր:

Ամբողջ ամրոցի մեջ տիրում էր մի տարօրինակ ծանր, ճնշող լռություն, միայն երբեմն աշտարակների բարձրությունից լսելի էր լինում գիշերապահ զինվորի արթնության նշանաձայնը: Մեկի ձայնին պատասխանում էին մյուս աշտարակներից, և լռությունը րոպեապես դղրդվում էր: – — Այդ խոսում էր ամրոցը յուր ահարկու, երկաթյա լեզվով:

Ծածկված կինը արդեն հասել էր յուր բնակարանին: Երբ մերձեցան կանանոցի դռանը, երկու սպասավորները այստեղ կանգ առին, և կինը միայնակ ներս մտավ ներքինիների այդ փակյալ աշխարհը, ուր տղամարդի ոտքը դնելու կայան չունի:

Յուր քնարանը մտնելուց հետո միայն` նա մի կողմ ձգեց դիմակն ու ծածկոցը և այնպես, առանց հանվելու, պառկեց յուր անկողնի վրա: Հոգնած էր նա, հոգնած էր հոգվով, հոգնած էր և սրտով: Նա աչք ածեց դեպի յուր գեղեցիկ, զարդարուն շրջապատը: Ոչ ոք չէր երևում: Աղախիններից ոչ ոք չհայտնվեցավ: Միթե ամենքը քնա՞ծ էին, միթե այդքան անցե՞լ էր գիշերից: Այդ ավելի լավ էր. գոնե ոչ ոք չէր խանգարի նրան: Նա բորբոքված երեսը թաքցրեց բարձերի փափուկ խորության մեջ, և այնպես երկար մնաց լուռ ինքնամոռացության մեջ: Մի խուլ, սրտատոչոր մրմունջ երբեմն ընդհատում էր այդ խորհրդավոր լռությունը, և աչքերից հոսող ակամա հեղեղը թանում էր փափուկ բարձերը: Ինչու էր լաց լինում նա, — ինքն էլ չգիտեր: Լինում են այնպիսի րոպեներ, երբ սրտի և դատողության փոխադարձ հարաբերությունները խզվում են, և մարդ ինքն իրան հաշիվ տալ չի կարողանում յուր անվերծանելի զգացմունքների մասին:

Նա գլուխը վեր բարձրացրեց և կրկին պղտոր աչքերով նայեց դեպի յուր գեղեցիկ շրջապատը: Ցանկանում էր խոսել, ցանկանում էր թեթևացնել ամբոխված վշտերը: Դարձյալ ոչ ոք չկար: Միակ առարկան, որ փոքր ի շատե կենդանության նշույլ էր ցույց տալիս, էր ճրագը, որ վառվում էր արծաթյա աշտանակի վրա: Երկար նայում էր նրա վրա և մտքով խոսում էր նրա հետ: — Հո՜ւր, ջերմությո՜ւն և նյո՜ւթ, — ինքն յուր մեջ այրվում էր, ինքն յուր մեջ սպառվում էր... Այդպես էր և նրա սիրտը:

Նա դարձյալ երեսը թաքցրեց բարձերի խորության մեջ, դարձյալ արտասուքը սկսեց վազել նրա աչքերից: Կից սենյակից լսելի եղավ մի ձայն, — նույնպես լացի ձայն: Այնտեղ լաց էր լինում քնից նոր զարթաց զավակը, այստեղ լաց էր լինում անքուն մայրը: Այդ ձայնը սթափեցրեց նրան, — այդ ձայնը հիշեցրեց նրան, որ նա մայր էր և ամուսին...

Նա ցած իջավ մահճակալի վրայից, սրբեց աչքերը և շտապեց դեպի կից սենյակը: Ծծմայրը քնած էր օրորոցի մոտ, չէր լսում երեխայի ձայնը: Տիկինը զարթնեցրեց նրան: Քնաթաթախ կինը գլուխը մեքենաբար վեր բարձրացրեց և կուրծքը մոտեցրեց երեխայի բերանին: Երեխան լռեց: Այժմ լսելի էր լինում նրա ախորժակով ծծելու մրմրչոցը միայն:

Տիկինը մայրական հիացմունքով կանգնած, նայում էր օրորոցի վրա: Նրա մեջ դրած էր նրա հոգին, նրա սիրո անդրանիկ պտուղը: Հանկարծ սոսկալով նկատեց, որ ծծմայրը գլուխը խոնարհեցրեց օրորոցի դաստակի վրա և կրկին քունը տարավ: Երկյուղը` խառն բարկության հետ շարժեց նրա սիրտը:

Դու միանգամ այդ երեխային կխեղդե՛ս, — ձայն տվեց նա և ոտով խթեց նրա կողքը:

Քնեած կնոջ սև դեմքի վրա փայլեցին նրա խոշոր աչքերի ճերմակ սպիտակուցները, և նա զգաստացավ:

Ես քնած չէի... — ասաց նա և գլուխը դարձյալ խոնարհեցրեց դաստակի վրա:

Ծծմայրը խափշիկ էր: Խափշիկի ջերմ կուրծքից բխած կաթը սննդարար է համարվում երեխաների համար:

Որտեղի՞ց որտեղ. — մայրը` պարսիկ, ծծմայրը` խափշիկ, իսկ երեխան Մամիկոնյան իշխանազն...

Նա դեռ կանգնած էր օրորոցի մոտ, մինչև երեխան կշտացավ և քնեց: Հետո խոնարհվեցավ, շրթունքը մոտեցրեց կլորիկ թշերին և հեռացավ, պատվիրելով ծծմայրին, որ արթուն մնա:

Կրկին դարձավ յուր քնարանը. փորձեց քնել: Առանց աղախիններից մեկին կանչելու, ինքը հանվեցավ, մտավ անկողնի մեջ: Փափկության մի ախորժելի գրգարան էր այդ շալեղեն և մետաքսեղեն ճոխ անկողինը, բայց այս գիշեր, կարծես, փուշերով լցված լիներ: Նա անդադար շուռ էր գալիս մի կողքից դեպի մյուսը, բայց ոչ մի կողմում հանգստություն չէր գտնում: Նրա ներսը ալեկոծության մեջ էր: Խառն և անորոշ մտքերով ամբոխված էր նրա անմեղ գլուխը, որպես պարզ, լուսապայծառ հորիզոնը հանկարծ մռայլվում է ամպերի մթին կոհակներով: Մտածում էր Սամվելի մասին, մտածում էր այն բախտավոր արարածի մասին, որին սիրում էր նա և, վերջապես, սոսկալով մտաբերեց յուր ներքինապետին և նրա վարմունքը...

«Արդյոք Սամվելը համոզվեցա՞վ, որ ես անմեղ եմ, արդյոք փարատվեցա՞վ նրա կասկածը իմ մասին»... մրմնջում էր նա, ներկայացնելով իրան այն տխուր րոպեն, թե ո՜րքան անախորժ տպավորություն ունեցան յուր հաղորդած տեղեկությունները վշտացած երիտասարդի վրա: — «Նա այնքան բարի է, նա այնքան ազնիվ է, որ կներե ինձ, նա չի կասկածի, որ ես կամակից եմ եղել իմ ներքինապետի վատություններին... Բայց դրանով խո չէ սրբվում իմ մեղքը: Ո՞ւմ առիթով մտավ այդ տան մեջ այդ նենգավոր մարդը, եթե ոչ իմ առիթով: Ես բերեցի ինձ հետ այդ տան մեջ մի լրտես... Ոչ, ոչ, ես ոչինչ չգիտեի, ինձ հետ ուղարկեցին այդ լրտեսին... Բայց դարձյալ հանցանքի ծանրությունը իմ վրա է ընկնում... Եվ ես պետք է քավեմ այն, ինչ որ առանց իմ գիտության կատարվել է, որպեսզի խիղճս հանգստանա... Ես Սամվելին համոզել չկարողացա: Նա հակառակեց իմ Տիզբոն գնալու դիտավորությանը: Այդ դեպքում ևս նա ցույց տվեց յուր անսահման բարեսրտությունը: Բայց ես պետք է գնամ, պետք է աշխատեմ ամոքել իմ եղբոր անգթությունները... Ես չեմ կարող այստեղ մնալ և հանդիսատես լինել ողբալի տեսարանների... Բայց իմ ամուսի՞նը... ի՞նչ կմտածե իմ ամուսինը... նա կգա և ինձ յուր տան մեջ չի տեսնի»...

Վերջին հարցի վրա մնաց նա:

Երկար մտատանջություններից հետո, նա ձայն տվեց յուր աղախիններին: Ոչ ոք չհայտնվեցավ: Վեր առեց յուր մոտ դրած ասրյա սպիտակ շալը, փաթաթվեցավ նրա մեջ և դուրս եկավ անկողնից: Այդ շալի մեջ կիսամերկ գեղեցկուհին նմանում էր մի նազելի հավերժահարսի, որ կիսով չափ դուրս է երևում նախշուն ոստրեի միջից:

Մտավ մյուս սենյակը: Այստեղ աղախինները, մինը մյուսի վրա գլուխը դրած, խմբով պառկել էին: Երևում էր, նրանք երկար սպասել էին իրանց տիկնոջը, և այնպես քուները տարել էր: Տիկինը նայեց նրանց վրա և խղճացավ զարթնեցնել: Նա դուրս եկավ և անցավ մի այլ սենյակ: Այստեղ մի չափահաս կին, միայնակ նստած բազմոցի վրա, նիրհում էր: Դռան բացվելու ձայնը փոքրինչ զգաստացրեց նրան, աչքերը բաց արավ, նայեց յուր շուրջը, և դարձյալ գլուխը խոնարհեցնելով, սկսեց նիրհել:

Տիկինը վերադարձավ յուր քնարանը:

Նա մոռացավ, թե ի՞նչ բանի համար էր կամենում կանչել յուր աղախիններին, մոռացավ և այն, թե ինչո՞ւ համար մտավ վերջին սենյակը, ուր բազմոցի վրա նիրհում էր չափահաս կինը:

Խարխափելով անցավ նա քնարանի միջով, որպես թե մի բան որոնում էր: Աչքը ընկավ արծաթապատ արկղիկի վրա, որ դրած էր պատուհանում: Այդ գեղեցիկ արկղիկը սարսափեցրեց նրան: Մի առանձին զզվանքով ձեռքը տարավ դեպի կողպեքը, բաց արեց և նրա միջից հանեց մի քանի գրվածքներ: Դրանք զանազան նամակների պատճեններ և զանազան սևագրություններ էին, որ այնօր ջոկել էր նա յուր ներքինապետի թղթերի միջից: Նրանցից մեկը մոտեցրեց ճրագին, սկսեց կարդալ: Նրա ուշադրությունը գրավեցին հետևյալ տողերը.

... «Այստեղ մնացած Մամիկոնյան տոհմից երկու երիտասարդներ կարող են վտանգավոր լինել. մեկը` Վահան իշխանի որդի Սամվելը, մյուսը` նրա հորեղբոր որդի Մուշեղը: Առաջինը, թեև անփորձ, դեռահաս մի երիտասարդ է, բայց խելագարի նման սիրահար է թե՜ յուր թագավորին և թե՜ յուր հայրենիքին: Այդ սերը լրացնում է նրա մեջ փորձի և հմտության պակասությունը: Քաջ է և համարձակ: Սիրված է յուր հասարակությունից և նրա ձայնին շատերը կհետևեն: Անկաշառելի է: Ոչնչով չէ կարելի խախտել նրա հայրենասիրությունը: Այդ մոլեռանդ երիտասարդը կարող է շատ հոգսեր պատճառել արյաց զորքերին, եթե վաղօրոք նրա մասին չխորհվի... Երկրորդը, Մուշեղը, առաջինի հայրենասիրության հետ` ունի փորձ և ընդարձակ հմտություններ պատերազմի գործերում: Դա մի սոսկալի մարդ է: Պարսկաստանը շատ կշահվի, եթե մի ամբողջ գավառ անգամ նշանակելու կլինի նրա կյանքի վճարման համար, որպես գլխագին: Մեծ է դրա ազդեցությունը թե՜ ազնվական և թե՜ հոգևոր դասակարգերի վրա: Լավ զորապետ և քաջ պատերազմող է, և ոխերիմ թշնամի արիներին»...

Նա չկարողացավ շարունակել. ձեռքերը դողացին և մագաղաթի կտորը ընկավ հատակի վրա: Այդ միջոցին ներս մտավ չափահաս կինը, որը մի քանի րոպե առաջ, մյուս սենյակում, բազմոցի վրա նստած, նիրհում էր:

Ա՛խ, Որմիզդուխտ, աչքի լույս, — ձայն տվեց նա, — դու դեռ քնած չե՞ս:

Նա մոտեցավ, սկսեց փայփայել յուր տիկնոջ հերարձակ գլուխը: Բայց նրա այլայլված դեմքը սարսափեցրեց պառավին, որը զարհուրելով ետ քաշվեցավ և հարցրեց.

Ի՞նչ է պատահել քեզ հետ... ինչո՞ւ այդքան ուշացար... ի՞նչ ասաց Սամվելը... ե՞րբ եկար... — և նա զանազան հարցերով շփոթեցրեց առանց դրանց ևս շփոթված Որմիզդուխտին:

Այդ նիհար, ցամաքած պառավը Որմիզդուխտի տղայության ստնտուն էր. երեխայությունից սնուցել էր նրան յուր գթոտ կուրծքի վրա: Երբ ամուսնացավ Որմիզդուխտը, երբ ուղարկեցին նրան հայոց երկիրը, այդ խելացի, փորձված պառավին դրեցին անփորձ հարսի հետ իբրև խորհրդական, իբրև խնամակալ:

Պառավի հայտնվիլը փոքր-ինչ սփոփեց Որմիզդուխտին: Լինում են րոպեներ, դա՜ռն, հուսահատական րոպեներ, երբ մարդ յուր տխուր միայնակության ժամանակ սփոփանք է գտնում մինչև անգամ կատվի մեջ, երբ հանկարծ ներս է մտնում սենյակը և կարեկցաբար քսքսվում է տառապյալի փեշերին:

Տիկինը անցավ մահճակալի վրա, մտավ անկողնի մեջ և կանչեց պառավին յուր մոտ:

Նստիր այստեղ, Հումայի, մոտ նստիր, — խնդրեց նրանից նվաղած ձայնով:

Պառավը տեղավորվեցավ նրա բարձերի մոտ:

Ձեռքդ դիր ճակատիս վրա, շփի՜ր նրան, շա՜տ շփիր:

Պառավը յուր ոսկրոտ ձեռքը դրեց նրա ճակատի վրա, որ պատած էր սառն քրտինքով:

Մի քանի րոպե լուռ էր նա և բոցավառ աչքերը հածում էին սենյակի շուրջը: Հետո աչքերը խփեց և ասաց պառավին:

Խոսի՜ր, Լումայի, շա՜տ խոսիր, ես լսում եմ:

Պառավը խոսք չգտավ ասելու: Տիկնոջ այդ տենդային դրությունը շվարեցրել էր նրան:

Խոսի՜ր, Հումայի, մի բան ասա՜, — կրկնեց նա, յուր թախծալի աչքերը բաց անելով և դարձնելով դեպի պառավը: — Մոռացե՞լ ես, Հումայի, լինում էին գիշերներ, երբ ես դեռ օրիորդ էի, դու այդպես, ինչպես այժմ, նստում էիր իմ անկողնի մոտ, խոսում էիր, խոսում էիր, և քո խոսքերին վերջ չէր լինում... Անցնում էին ժամեր, աքաղաղները կանչում էին, ես քնում էի, ես զարթնում էի, և դարձյալ լսում էի քո խոսքերի շարունակությունը... Ա՛խ, ո՜րքան լավ էր այն ժամանակը. ոչ հոգ կար, ոչ ցավ կար. ապրում էի ինչպես մի ուրախ թռչուն, և բնավ ծանոթ չէր ինձ, թե ի՜նչ է տխրությունը...

Next page