Բակունց Ակսել՝   Պատմվածքներ, ակնարկներ, հեքիաթներ

Կողքիս նստած կլինեիր...Էդ բոլորը գրքի սևն ու սպիտակը արեց:

Նրան դժվար էր և՜ խոսել, և՜ ձորով բարձրանալ: Դժվար էր նաև քայլել ձիերի հետ, թեկուզ ձիերն էլ կամաց էին փոխում ոտքերը: Մի քիչ հետո մարդն սկսեց ետ մնալ: Մեր և նրա միչև տարածությունը աննկատ շատացավ, չգիտեմ լսե՞ց նա մեր մնաս բարովը:

Մի անգամ էլ իջանք, մի այլ ձոր անցանք, բարձրացանք և ուշ գիշեր լուսնի լուսով դիմացի գյուղը տեսանք: Շան հաչոցը մեզ ամայի ձորում թվաց որպես քաղցր կանչ:

Տան տերը ճրագը վառեց: Ճրագի տակ գետնին փռած կարպետը տեսանք և ջարդված, բեզարած պառկեցինք կարպետի վրա:

Տեսնես հիմի որտեղ է էն մարդը, — ասաց ընկերս:

Բա աղվեսը կույր աչքերով, — ձայն տվավ ծերունի անտառապահը սենյակի մյուս անկյունից:

Մութ ձորեր, անտառ, նեղ արահետԱղվեսը թաթով արնոտ աչքերն է սրբում: Մի մարդ դանդաղ քայլելով գալիս է կանգնում, շունչ առնում, արահետով բարձրանում: Կատարի խաչի քարանձավում գիշեր-ցերեկ անհայտ ակնից պղտոր ջուր է կաթում, կորչում քարերի մեջ:

* * *

Առավոտը սովորական էր: Աշնան սկզբի առավոտ գյուղում, մի քանի կալում եզները կամներն էին քաշում, մեկը ուռի ճիպոտներից քթոց էր հյուսում, բոստաններում կարտոֆիլ էին հավաքում:

Հողի վեճեր, գանգատ: Ծառը շվաք է անում հարևանի արտին, տերը ծառը չի կտրում, ամեն օր կռիվ, խոսք ու զրույց: Վեճը հին է, ամեն տարի ծառը տերևակալելու հետ էլ վեճը նորոգվում է, աշունքադեմ վերջանում: Իսկ ծառն ամեն տարի ճյուղ է տալիս և փթերով ընկույզ:

Նա ինձ համար ծառ չի, որդու տեղ ա...Բա ես նրա ճյուղին կարա՞մ կացնով տալ, — ասում է տերը:

Ես կտամ, ես, — կանչում է արտատերը:

Դու իմ գլխին էլ կտաս, քեզ ո՞վ կթողնի...

Մեկը Պետապից էր գանգատվում: Հագին անգլիական շինել էր, վրայից ծվենները կախ չուխա: Պետապը տոկոսներն ուզում է, ինքն էլ չքավոր է, միջոց չունի:

Հետո, գյուղից դուրս գալիս, նախագահը պատմեց Պետապից գանգատվողի մասին: Երկու օր առաջ նա դատարանի որոշմամբ քսան ռուբլի տուգանք էր տվել մի կնոջ անպատկառ հայհոյելու համար, Դատարանում առաջարկել էին հաշտվել, ներողություն խնդրել կնոջից տուգանքից ազատվելու համար: Կինը համաձայնվել է: Բայց նա կանչել է.

Էդքան էլ կտամ, էդ լիրբի առաջ խոնարհվիլ չեմ...

Կանչել է և ասել մի ուրիշ ծանր խոսք, որի համար կրկնակի պիտի տուգանեին, բայց դատավորը վճռի ընթերցումը հերիք է համարել:

Գյուղից ներքև, տափարակի վրա, ֆուրգոնի շուրջը խմբվել էր բազմություն: Օտարություն էին գնում մոտ տաս հոգի՝ կին, երեխա: Ոմանք լալիս էին, գոգնոցի ծայրով արցունքները սրբում և արցունքի միջից բարևներ հիշում նրանց, որոնք հեռու գնացին մեկէլ տարին:

Մի պառավ կին հարսին է ճանապարհ դնում թոռան հետ: Պատվիրում է իրերին լավ նայել, երեխային տաք պահել:

Իվանին ասա, որ ցելերը ցաքելիս անպատճառ գա...Թե կարանք մի եզ առնենք:

Մյուսը խանգարում է սկեսրոջ խոսքը, մի կապոց ձավար ու չորաթան մեկնում հարսին՝ հանձնելու իր աղջկան, որը նույն քաղաքումն է ապրում: Այդ կինը ուրիշ պատվերներ էլ է տալիս. սկեսուրն առիթից օգտվելով, մոտենում է ու հազարերորդ անգամ համբուրում թոռան թշերը: Համբուրում է այնպես պինդ, որ պռոշների տեղը կարմրում է: Իսկ տղան ֆուրգոնում դարսած իրերի վրայից նայում է նրանց, որոնք խռնվել են ֆուրգոնի շուրջը:

Ձիերն իրար բաշ են շոյում, զրնգում են նրանց վզից կախած զանգուլակները:

Դե՜, շուտ, եդացանք, օրը մթնեց, — կանչում է ֆուրգոնի տերը բլրակով արագ իջնող մեկին, որը հենց ճանապարհվելու ժամանակ հիշել էր իր մի բարեկամին, ետ վազել նրան էլ տեսնելու:

Գնացողներին բոլորն են սիրտ տալիս, գնացողները իրենց վերջին ցանկությունն են հայտնում, որ հետո սրբությամբ պիտի կատարեն գյուղում մնացողները և ամեն անգամ հիշելիս թառանչ քաշեն:

Մի կին ֆուրգոնի ճաղերին մոտեցավ, մեկը ներսից կնոջը մոտեցրեց երկու տարեկան երեխայի: Ճաղերի ետևից մանուկը բանտարկյալի էր նման: Սակայն բանտարկյալը ժպտում էր, թաթը մեկնում կնոջը:

Բլրակով արագ իջնողը մոտեցավ, տեղավորվեց: Ֆուրգոնի տերը մտրակը շարժեց, ձիերը ուժ արին, ֆուրգոնը շարժեցին: Կանչերը, ձեռքի շարժումներն ավելի շատացան: Մեկը բարձրաձայն հեկեկաց: Մի քանիսը կախ ընկան ֆուրգոնի ետևից և այդպես նորից կրկնեցին այն խոսքերը, որ շատ անգամ էին ասել:

Կինը ֆուրգոնը շարժվելիս քայլեց հենց ֆուրգոնի հետ: Ետևի մեծ անիվը դառնում էր, երբեմն քսվում կնոջ շորերին: Ճաղերի ետևից երևաց մանկան գլուխը: Ներսից մի ձեռք կռացրեց նրան այնքան, որ մայրը համբուրեց, ձեռքերը փաթաթեց նրան, իսկ ֆուրգոնը շարժվում էր, ետևի անիվը երբեմն քսվում էր կնոջ շորերին, ֆուրգոնի հետ քայլում էր և կինը:

Ետևից մեկը կանչեց, որ հերիք է: Կինը հեռացավ, ֆուրգոնն անցավ: Լաց էր լինում և լացից ուսերը ցնցվում էին: Սպասեցին այնքան, մինչև ֆուրգոնը ծռվեց ձախ, ծածկվեց բլրակի ետև: Դանդաղ ու ծանրաքայլ վերադարձան ետ:

Այդպես դառնում են գյուղի գերեզմանատնից, խումբ-խումբ, գլուխները կամացուկ օրորալով: Ամենից վերջին քայլում էր այն կինը, որ վերջին համբուրողը եղավ: Կինը մի քանի անգամ ետ դարձավ, նայեց: Ֆուրգոնն էլ չերևաց:

Մեր ճանապարհը դարձյալ զառիվայրով էր: Ծերունի անտառապահը մեզ ցույց տվեց ճանապարհը, մի քանի անգամ ասաց, թե Կարմիր քարին հասնելուց պիտի աջ գնալ, մոտեցավ, ձեռք տվավ մեզ:

Աղվեսը, կույր աղվեսը, — հիշեցրեց նրան ընկերս: Անտառապահը ծիծաղեց:

Գիշերս գայլերը երևի ցրիվ են տվելԿույրը շատ չի ապրի:

Սպասեց այնքան, մինչև բարձրացանք զառիվայրի գլուխը: Հետո ձին թեքեց գյուղի կողմը:

Այդ երկրում մի շաբաթ մնացինք: Վերջին սարի գագաթից երևաց ընդարձակ հարթությունը, որի հորիզոնը հալվել, խառնվել էր երկնքի կապույտին: Թվում էր, թե կապուտակ ծով է և ոչ ցամաք տափաստան:

Ձիերը ետ տարան ծանոթ սարերը, քարատակ գոմերը, ուր ծնվել են նրանք, կերել գարի ու սարի խոտ և վարժվել մագլցելու քարափները, փնչոցով զառիվայրը բարձրանալու:

Մի քիչ ներքև լայն ճանապարհին կանգնել էր փոշոտ մեքենան, մենակ մնացած բուղայի պես մռնչում էր:

Փակում էիր աչքերդ, և քեզ թվում էր, թե նավակ է օրորվում ջրերի վրա: Մեքենան փոշու ամպ էր թողնում ետևից և ծածկում եկած ճանապարհը: Ավազի հատիկները անիվների տակից թռչում էին հեռու:

Ճանապարհի կեսին մեքենան դանդաղեցրեց ընթացքը: Մի ֆուրգոն անիվը ջարդել, մնացել էր: Տերը ձին նստել, գնացել էր նոր անիվ բերելու:

Մեքենան շատ զգույշ, համարյա սողալով, անցավ ֆուրգոնի կողքով: Կապոցների վրա նստողները նայեցին մեզ: Մեկը թե`

Ա՛յ մաշին...ի՛նչ եմ ասել...

Ֆուրգոնի ծայրին նստել էր Տաշքենդ գնացող ծերունին: Փոշի էր նստել փափախին, սպիտակ միրուքին, շորերին:

Երբ մեքենան կամացուկ անցավ ֆուրգոնի կողքով, մի վայրկյան միայն տեսա նրան: Փոշոտ արտևանունքի տակ ինձ թվաց, թե աչքի պարապ խոռոչներ են: Ծերունին տեղից չշարժվեց:

ԿՈԻՐԻՍԵՑԻ ԱՆԴՐԵԱՍԻ ԴԻՄՈԻՄԸ

Այս պատմությունը սկսվում է այն օրից, երբ հողաբաժանության հերթը հասնում է Մեղրու գավառի Կուրիս գյուղին: Հողաչափը ջորու վրա նստած հենց որ հասնում է գյուղ և իր թղթերը ցույց տալիս, հավաքվում են, ժողով անում, հողկոմ ընտրում, հողերի ցուցակը կազմում: Մյուս օրը սկսում են հողերը չափել:

Այսպես տևում է տասներկու օր: Կուրիսը փոքր գյուղ է, ունի մոտ հիսուն ծուխ: Հողն էլ քիչ է, շնչին հասնում է 800 քառ, սաժեն: Տասներկու օրում հողերը բաժանելուց հետո, հողաչափը համայնքի ժողով է գումարում: Կուրիսի համայնքը հաստատում է հողերի բաժանքը, չքավորները ուրախությամբ ստորագրում են արձանագրությունը: Ով մինչ այդ հող չուներ, ուրիշի հողերն էր վարձով վարում, հող է ստանում:

Թղթերը խուրջինի մեջ դրած, հողաչափը նստում է ջորին, մնաս բարով ասում Կուրիսին, ուրիշ գյուղ գնում: Այսպես անցնում են ամիսներ, մոռացվում է Կուրիսն էլ, նրա հողաբաժանքի պատմությունն էլ:

ԿՈԻՐԻՍԻ ՀՈՂԱԲԱԺԱՆՔԸ

Աշունքվա մի օր փոստը բերում է մի դիմում, վրան գրած՝ «Հայաստանի Գերագույն Խորհուրդին»: Փոստի ցրիչը միտք է անում, թե այս ինչ «Գերագույն Խորհուրդ» է և որոշում է, որ երևի Կենտգործկոմը կլինի: Եվ իսկապես ցրիչը չի սխալվում, դիմումը պիտի հասներ հենց այդտեղ:

Ո՞վ էր գրել դիմումը և ինչի՞ մասին: Կուրիս գյուղացի Անդրեաս Հովհաննիսյանը նույն գյուղի հողաբաժանքի մասին: Կարդում են, զարմանում: Այսպե՞ս էլ դիմում, մի՞թե այդքան անարդարություն է եղել հողերը բաժանելիս: Ի՞նչ էր գրել կուրիսեցի Անդրեասը իր սեփական ձեռքով, թղթի չոր երեսի վրա:

«Կուրիսում հողերը չափելիս ոչինչ չեն խնայել: Քարերը, քոլերը, պատերը, անպետք հողերը չափել են, բաժանել»:

Եվ դրանից տուժել է «չքավոր դասակարգը», հողաչափը ոչ մի ուշադրություն չի դարձրել գյուղացոց բողոքին, սպառնացել է ծեծով, գյուղացիք էլ սուս են արել, համաձայնվել բաժանքին: Այդ գրելուց հետո Անդրեասը իր ցավից է գրում.

«Ինձանից խլեցին իմ սեփական հողերս, որոնք ինձ ապրուստի միջոց էին տալիս: Հինգ հարյուր վազ ունեցող խաղողի այգի եմ տվել, կարծելով թե ձեռք կվերցնեն ինձանից: Սակայն որտեղ...Առանց իմ կամքը հարցնելու խլել են ինձանից ամենալավ հողերս, ինձ զրկելով ապրուստից…»:

Դիմումի վրա, վերև բերած այս խոսքերի դիմաց «Գերագույն Խորհուրդից» մի ընկեր կարմիր մատիտով նշանակել է «չքավոր դասակարգ», երևի քննիչին հիշեցնելու համար Անդրեաս Հովհաննիսյանի այն խոսքը, թե «հողաչափը չքավոր դասակարգին ճնշել է»:

Հողաբաժանքի դեմ բողոքելուց հետո կուրիսցի Անդրեասը ավելորդ չի համարել նկարագրել գյուղի ներքին կյանքը, նրա պակաս կողմերը, որպեսզի կարդացողի համար պարզ լինի, թե ինչքան ծանր դրության մեջ է Կուրիսը և ինչքան արդար է ինքը՝ Անդրեասը:

ԳԱՅԼԵՐՆ ՈԻՏՈԻՄ ԵՆ ԳԱՌՆԵՐԻՆ

«Մեզանում այն է նկատվում, — գրել է Անդրեասը, — որ ջուրս պղտորել ես, պետք է քեզ ուտեմ»:

Երևի ուզում է հիշեցնել գայլի և գառան պատմությունը, ցույց տալու համար, թե ինչպիսի գայլեր կան Կուրիս գյուղում, գայլեր, որոնք մի պատճառ են փնտրում Անդրեաս Հովհաննիսյանի «չքավոր դասակարգին» գառան պես կուլ տալու: Դրանից հետո Անդրեասը գրել է.

«Տեղն է գալիս Միքայել Նալբանդյանի խոսքը, թե ազատություն կա, բանտից շատ նեղ է: Կուրիսում մի ահռելի ուսումնարան ենք կառուցել և ես 2 տարի տուժել եմ, մեջքիս գաճ ու քար կրելով, որից ավելի քայքայվել եմ»:

Եվ դարձյալ խոսքը շուռ է տալիս հողի մասին:

«Իսկ հողը շնչի են վերածում: Խնդրում եմ հինգ շնչի իսկական հող թողնել ինձ: Հավատացնում եմ, որ իմ հողերս ինձ համար իբրև կանոնավոր ապրելու միջոց շատ քիչ են: Նաև մի սխալ, որ ինձ տվել են չորս շնչի, այնինչ ես հինգ շունչ եմ»:

Այս բոլորը կարդալուց հետո մարդ ակամա զարմանում է այն հողաչափի վրա, որ ջորու վրա նստած եկավ, չափեց ու գնաց և գրեց, թե հողաբաժանքը կանոնավոր է, և բողոք չկա:

ԱՆԴՐԵԱՍԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ է ՉՔԱՎՈՐ ԴԱՍԱԿԱՐԳԻՆ

«Ձեզանից բարձր էլ ո՞ւմ դիմենք, — հարցնում է Անդրեասը «Գերագույն Խորհրդին» և ավելացնում.

Տեղն է գալիս Ռաֆայել Պատկանյանի «Վանեցոց գանգատը». «Աստված, որ դու շատ բարի ես, մենք վար, դու վեր, շատ հեռու ես, խոշոր գործերով կպարապվես, ապա որին մենք գանգատվենք»:

«Վանեցոց գանգատն» անելուց հետո կուրիսեցի Անդրեասը բողոքում է գյուղում կատարված մի շարք գողությունների մասին, որի դեմ խորհուրդը ոչ մի միջոց ձեռք չի առել: Օրինակ, ամառվա ընթացքում նրա պատշգամբից գողացել են մի կարպետ, գողն այդպես էլ անպատիժ մնացել է:

«Մեզանում օրենքները գոյություն չունեն, թալանում են ամեն բան ազատ կերպով: Հույս ունեմ, որ Գերագույն Խորհուրդը ուշադրություն կդարձնե այս չարիքը վերացնելու»:

Ներողություն խնդրելով, որ երկար է գրում, Անդրեասը, գանգատվելով գյուղի...հավերիցինչո՞ւ հավերը չեն բանտարկում, որ ցանքսը չփչացնեն», — գրում է կուրիսցին) հայտնում է, որ փոստի ծախքը չկարողանալով գտնել, դիմումն ուղարկում է շատ ուշ:

Հե՛յ գիտի «չքավոր դասակարգ»:

ԴԻՄՈՒՄԸ ՀԱՍԱՎ «ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻՆ»

Հենց որ գործավարը այս դիմումը դնում է «Գերագույն Խորհրդի» մի ընկերոջ սեղանի վրա և այդ ընկերն էլ ուշի ուշով կարդում է կուրիսցու գրածը, հենց նույն օրն էլ կարգադրվում է քննել, տեղում մանրամասն ստուգել, թե ինչե՞ր է կատարվում Կուրիսում, ի՞նչ թալանի մասին է խոսքը, ո՞վ էր այն հողաչափը, որ ցեխը ձյունով ծածկեց, ձյունը հալվեց ու տակից ցեխը երևաց:

Բավականին ժամանակ անցավ, մինչև այդ կարգադրությունը ձեռքե ձեռք անցնելով, հասավ Կուրիս գյուղը: Փոքրիկ թղթի հետ միասին գյուղ գնացին և մի քանի մարդիկ, ժողով անելու և քննելու, թե երբ է թալան եղել, ինչ գողեր են, որ ազատ ման են գալիս և ինչիցն է, որ Կուրիս գյուղում օրենքները չեն գործում և գառներին, ջուրը պղտորելու համար, գայլերն ուտում են:

Ժողով են կանչում, ժողովում հողաբաժանքի հարցն են դնում, գողության, թալանի, կորած կարպետի, մի խոսքով այն բոլոր հարցերի, որի մասին կուրիսցին գրել է իր դիմումի մեջ:

Հնարավորություն չկա ժողովին մասնակցող գյուղացիների ասածները մեկ-մեկ գրելու, ինչպես և նրանց գրավոր ցուցմունքները տալու: Եթե Կուրիսի գյուղխորհուրդը մի թուղթ էր ստացել «շտապ քննություն կատարելու» մասին, այդ ժողովից հետո Կուրիս գյուղի հողաբաժանքի և Անդրեաս Հովհաննիսյանի գրած հարցերի մասին դրանից ավել թուղթ է գրվում:

Ի՞նչ է պարզել քննությունը, ի՞նչ է ասում Կուրիսի չքավոր դասակարգը Անդրեաս Հովհաննիսյանի մասին:

Ամենից առաջ հաստատվում է, որ նրա հինգերորդ շունչը, որին հող չեն տվել, ծնվել է հողը բաժանելուց հետո: Իհարկե, հողաչափը հանցավոր է, որ հուլիսին է հողերը բաժանել և երեք ամիս չի սպասել, որ Անդրեասը մի ժառանգ էլ ունենար:

Անդրեասը Կուրիսի հողով հարուստ մարդն է եղել: Տարիներ շարունակ նրա հողերի վրա ուրիշներն են մշակություն արել, իսկ ինքը քաղաքներում ապրելով, ազատ ժամերին կարդացել է Ռաֆայել Պատկանյանի վանեցոց գանգատները:

Ոչ մի այգի չի տվել, հինգ հարյուր վազով: Անդրեասը հողով լրիվ բավարարված է և նույնիսկ մի քիչ էլ ավելի: Այդպես էլ գրված է համայնքի արձանագրության մեջ.

«Անդրեաս Հովհաննիսյանը Պատվակ անվանվող տեղում ուներ երկու մեծ հողամաս: Այդ հողամասերից մեկը, որ ավելի վատ էր, կտրված է, իսկ մյուսը, որն ավելի լավ է, թողնված է իրեն: Նա ստացել է հողատերի նորմայով և լավ կատեգորիա»:

Մարկայի փող չունեցող Անդրեասը, որ իր դիմումն ուշացրել էր դրա պատճառով, միջակից բարձր տնտեսություն ունի, գյուղի ունևորներից է: Իսկ ի՞նչ գողություն է, որ կատարվել է Կուրիսում և գողերին անպատիժ են թողել:

ԿՈԻՐԻՍՈԻՄ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԹԱԼԱՆ

Կուրիս գյուղում երկու տարվա ընթացքում անթիվ անհամար գողություն է եղել: Տարել են մի ուլ և երկու հավ: Ուլը հետ է մնացել հոտից, կուրիսցի երկու ջահել ուլին պառկեցրել են փոսի մեջ և դանակը խրել կոկորդում: Ուլը բղավել է, օգնություն կանչել գյուղխորհրդից, բայց նախագահը չի լսել և կուրիսցի երկու ջահել ուլը անուշ են արել, բայց մյուս օրն ևեթ վճարել են ուլի արժեքը: Իսկ հավերը գողացել են անհայտ չարագործներ: Կալը կալսելիս հարևանի երկու հավ դեզի վրա քուջուջ անելու համար արժանացել են մահվան և տապակվել են կալատիրոջ կաթսայում:

Կուրիս գյուղում եղել է մի չտեսնված թալան, որի համար իրավունք ուներ Անդրեասը բողոք տալու «Գերագույն Խորհրդին»: Գյուղի հովիվը ամառվա շոգին անցնում է մի բոստանի կողքով, աչքն ընկնում է կանաչ վարունգին: Սարի չոբա՛ն, Կուրիսի վարունգ...Հովիվը թռնում է ցանկապատի վրայով, ծոցը լցնում է վարունգով: Հարա՛յ-հրոց, աղմուկ-աղաղակ: Հովիվը կարողանում է միայն վարունգի կեսը կուլ տալ, որովհետև տերը վրա է հասնում, բկից բռնում: Ահա միակ թալանը երկու տարվա րնթացքում:

Ժողովում քննում են Անդրեաս Հովհաննիսյանի պատշգամբից գողացած կարպետի պատմությունը: Այս ամենից զարմանալին է: Դուրս է գալիս, որ կարպետն ուրիշինն է եղել, կարպետը կորել է գյուղի դպրոցից: Մեկը վեր է կենում և հայտարարում, որ ինքը «կասկածում է Անդրեաս Հովհաննիսյանի վրա նույն կարպետի մասին»:

ՔՆՆՈԻԹՅՈԻՆ ՄԻՆՉԵՎ «ՅՈԹ ՊՈՐՏԸ»

Ասում է ինչքան անտառի խորքը մտնես, այնքան շատ ցախ կհավաքես: Քննում են Անդրեասի «յոթ պորտը», և պարզվում է, որ հնում կուրիսցին ինչ-որ պատմություն է ունեցել, որի համար նրան գյուղից հեռացրել են:

«Անդրեաս Հովհաննիսյանը խարդախ մարդ է: Հողաբաժանքից հետո լարված դրության մեջ է մեր գյուղում: Նա անցյալում էլ խարդախ մարդ էր, որին հեռացրինք գյուղիցս: Եվ միայն վերջերս է եկել գյուղ...»:

Այսպես են ասել գյուղացիք նրա մասին, քննության ժամանակ:

Կա մի հեքիաթ, թե ինչպես երկու սոված մարդ թագավորի ախոռի կտրան մի հատ չամիչ են գտնում, փորում են կտուրը, ավելի շատ են գտնում, վերջը ծակում են և ընկնում չամիչով լի ախոռը:

Քննության ժամանակ փորել են, մի չամիչ են գտել, մի քիչ հետո երկուսը, երեքը, և վերջն ընկել են Անդրեասի ախոռը, այսինքն գտել են իսկական պատճառը, որի մասին արձանագրության մեջ միայն երկու խոսք է ասված:

Անդրեասը մի ուրիշ գյուղացու շատ ծածուկ հայտնել է.

Դու մի քիչ հեռու կաց, ես խորհուրդը ցրեմ: Այդ մասին ես աշխատում եմ:

Եվ նույն ճանապարհով մի թուղթ էլ գնաց, ուղղված Կուրիս գյուղի բնակիչ Անդրեաս Հովհաննիսյանին: Կուրիսցին կարդաց, աչքերը չռեց:

Ձեր դիմումը թողված է անհետևանք...

«ՍՈԲՈԻՉ»

Էլեկտրական մեծ լամպերը լույսով ողողել էին կայարանի պերրոնն ու զուգահեռ ընկած երկաթգծերը: Անձրևը նոր էր դադարել, և լույսի տակ պերրոնի սալահատակը փայլփլում էր մաքուր սրբած հայելու պես, իսկ ռելսերն ասես ապակե ձողեր լինեին: Անձրևաջուրը խառնվել էր ռելսերի մոտ թափված մազութին և շպալների արանքում գոյացրել սև, փոքրիկ լճակներ, որոնց յուղոտ մակերեսն արտացոլում էր լամպերի լույսը:

Հերթական գնացքն ուղևորվել էր: Մի քանի՝ աչքերն անքնությունից ուռած ուղևորներ հենվել էին փայտի մեծ աթոռներին, ննջում էին, ոտների արանքում կապոցներ, տոպրակներ: Կարմիր-կանաչ լապտերներով կոնդուկտորներ, անբաժան կողովը կամ մեծ կողպեքով արկղը թևի տակ, գնում գալիս էին, մտնում հերթապահի սենյակը կամ զանգի մոտ կանգնած զրուցում: Կեղտոտ գոգնոցով մեկն ավլում էր առանց այն էլ անձրևից լվացված պերրոնը:

Երրորդ գծի վրա տասնհինգի մոտ ապրանքատար վագոններ կային, առանց շոգեմեքենայի: Յուրաքանչյուր վագոնի առաջ խռնվել էին տղամարդ ու կին, կանչում էին, ծիծաղում, խոսում: Պերրոնի վրա անց ու դարձ անողները երբեմն կանգնում էին, նայում վագոնների կողմը, ծիծաղում, եթե լսվում էր սուր մի խոսք կամ հանաք:

Վսեոբուչի գնացող գյուղացի երիտասարդներ էին: Հեռվի մթության մեջ, մերթ ընդ մերթ, գիշերահավի պես կանչում էր շոգեմեքենան, որ պիտի գար, տասնհինգ վագոններն առներ ու տաներ:

Երգ, աղմուկ, աղաղակ և այդ ամենի հետ մի քանի զուռնա ու դհոլ, մի զիլ ծլնգացնող դուդուկ, որ ծղրտում էր առավոտյան գետի ափը վազող սագերի պես:

Յուրաքանչյուր վագոնի առաջ հավաքվել էին գնացողների հարազատները, նրանց խառնվել էին և կոնդուկտորներ, կայարանի հերթապահ ծառայողներ, կառապաններ և սոսկական ուղևորներ, որոնք հաջորդ գնացքով պիտի մեկնեին:

Մի վագոնում քյալալեցիք էին, մյուսում հոռոմցիք, երրորդում մաստարեցիք ու թալինցիք: Վագոնից վագոն ձայն էին տալիս, ամեն վագոն աշխատում էր իր զուռնան զլել, իր վրա դարձնել ամբոխի ուշադրությունը, ամենից համով խոսք ասել և ծիծաղեցնել, ծիծաղու կոտորել:

Գյադա չալե, տո չալե, — ձայն էր տալիս մի հոռոմցի, որ ուրախությունից, թե գինուց հարբել, անվերջ երգում էր, պարում: Ընկերները նրան մի կերպ բարձրացնում են, տեղավորում վագոնում: Բայց հոռոմցին վագոնի մեջ էլ է պարում. շխրտում են հատակի տախտակներն ու մեկ էլ՝ հո՛պ, վագոնից թռնում է ներքև, պարը շարունակում:

Ջոկապետ ջան, հորդ հոգուն մեռնիմ...Տո, թողեք խաղամ...

Մյուսները ծափ են զարկում: Հոռոմցու կենտպարը քիչ հետո դառնում է շուրջպար: Պարում են բոլորը՝ «սոբուչ» գնացողները, կառապան ու միլիցիոներ, կոնդուկտոր ու տելեֆոնիստ: Պարին զոռով խառնում են և մի պառավ կնոջ, որ մինչ այդ որդուց չէր հեռանում, խոսում էր, և ամեն խոսքի հետ արցունքն էր ծլլում:

Պարում էր պառավը մյուսների հետ, ճվում էին, ճչում, իսկ պառավը պարելիս էլ աղլուխով արցունքն էր սրբում:

Ով ծափ չզարկի, կնիկը մեռնի...

Տո Լևոն, ծափ տու, Շուշանդ մոռցա՞ր:

Ու Լևոնը ծափ է տալիս, ծափի հետ միտքը թռչում է Մաստարա՝ Շուշանի մոտ:

Մյուս վագոնի առաջ մի այլ խումբ է պարում: Աշխատում են գետնին ավելի պինդ խփեն, զուռնան զիլ է կանչում պարողներից մեկը զուռնայից էլ բարձր ձայն է տալիս.

Տո, հոռոմցիք, ուռած փորեր, ի՞նչ եք տզկել...Ջա՛ն քյալալացիք, տո չալե՛, Մուկուչ, «Հոպոպը» չալե:

Պարը փոխում են: Հոռոմցիների մոտ հավաքվածներից ոմանք նրանց մոտ են գնում, ուրիշ վագոններից են գալիս և ոգևորված զուռնան մեկ ծկլթում է, մեկ հանդարտ է կլկլում:

Հոռոմցին ճարպիկ շարժումով բարձրանում է վագոն և բարձր կանչում.

Տո Տերտերանց Օնիկը չե՞մ ես...ընկերներ և բանվորներ, ես ձեր ջանին ղուրբան...խորհրդային իշխանության վով որ մտքեն հակառակ է, ես էնոր ականջը...

Ամբոխը հռհռում է, ընկերները փորձում են ներս տանել նրան, բայց հոռոմցին նրանց ոտների արանքով դուրս է պրծնում, թռչում գետնին ու նորից բղավում բեզարած զուռնաչուն.

Տո չալե, ես քու կյանքին մեռնիմ...

Մի այլ վագոնում նստոտել են տախտակների վրա: Մոմի թրթռացող լույսի տակ հազիվ են երևում դեմքերը: Վագոնի կիսամութ անկյունում նստած մեկը մեղմ, լալկան ձայնով երգում է.

Ընկել ե՛մ գերի՛...

Օտար երկրներ...

Մյուսները ձայնակցում են այդ երգ-աղերսին, ամեն մեկը բառերի մեջ դնելով այլ իմաստ՝ կովի, եզան, հողի, Շուշանների հետ կապված:

Նստել ես վագո՛ն...

Սալդաթ բալա ջան:

Մի ծեր կոնդուկտոր, որ վերի վագոնների տակ կռանում, լապտերով նայում էր, մի պահ կանգնեց, լսեց այդ երգն ու դարձավ նրանց.

Տո ա՜յ օղուլ, ի՞նչ կուլաս: Նիկալայի վախտն էղներ, մերդ լացացնեին: Սոբուչ կերթաս Դիլիջան, հո Սիբիր չե՛ն քշե...

Երգողները մի պահ լռում են. քիչ հետո մի ուրիշն է բարակ ձայնով ծոր տալիս այն մասին, որ «երկնքուց կախված է Սողոմոնի գիրքը, կարդացեք, իմացեք սալդաթի միտքը»...

Ուկրաինացի մի քանի զինվորներ, որոնք վերադառնում են պահակատեղից, խառնվում են ամբոխին, հարցնում՝ թե ովքեր են գնացողները: Մի կառապան գյումրեցու ռուսերենով նրանց հասկացնում է: Ուկրաինացիք հետաքրքրվում են զուռնայով, մոտենում են պարողների մի խմբի: Ու հանկարծ պարողները մեջ են առնում նրանց. ուկրաինացի զինվորները քահ քահ ծիծաղելով պարում են «Հոռոմի» եղանակ:

Գնացողներից մի քանիսն աղմուկից հեռու ինչ-որ պատվիրում են իրենց հարազատներին: Մեկն իր բիձուն պատվիրում է ոչ մի դեպքում եզը չծախել, կոմսոմոլ մի տղա բջջի անդամին թերի թողած գործի մասին է պատմում: Պառավ կինը դեռ լալիս է, բարեմաղթում.

Գնացեք, աջողություն ձեզի...

Մի ուրիշը իր ազգական երիտասարդին սրտանց հուսադրում է.

Էրթաս մարդ կդառնաս, բալաս:

Միլիցիոները մոտը կանգնած կառապանին պատմում է, ականջը դեմի վագոնից լսվող երգին.

Վագո՛ն, մի ժաժ տա՛...

Մեր Էրթլու վախտը էստեղ շիվան էր...Սաղ կնկտինք բիթտուն կուլային: Ողորմած հոգի Բերբեռ Մուկուչը իսա երգն որ ըսեր, մեռլատան պես կուլային...

Հոռոմցի Օնիկը պարից բեզարել է, բայց չի հանդարտում: Եվ զուռնան կտրելուց բարձր կանչում է.

Ա՛խ մի տաք փոր էղնի, քաշեմ փորիս...

Հռնդոցից հարևան վագոնի դուդուկի ձայնը չի լսվում: Ամբոխից մեկը կանչում է.

Ա՛յ մորդ լուսը չքոռնա, Օնիկ:

Հանկարծ հեռվի մութում զիլ ծկլթում է շոգեմեքենան և շոգու փնչոցով մոտենում է վագոններին:

Իրարանցումն ուժեղանում է: Մնաս բարով են ասում, իրար խառնվում, իրար կանչում: Ջոկապետները վագոնից վագոն են անցնում, նստեցնում: Զուռնայի ձայնը վագոնի ներսից է գալիս:

Գնա՛ց, տո, էլե՛ք, էլե՛ք...

Վագոնները շրխկոցով իրար են հրում: Հնչում է սուլոցը, վագոններն օրորվում են շոգեմեքենայի ամեն մի փնչոցի հետ: Լսվում է մի բարակ ձայն, շարունակում են երգել:

Վագոն, մի՛ ժա՛ժ տա՛...

Պառավ կինը մոտեցել է վագոնին, որդին կռացել է վրան.

Իրավունք կառնեմ, կուգամ:

Շոգեմեքենան սուլեց:

Գնա՛ց, գնա՛ց...

Մեկ էլ թնդաց զուռնան ու դհոլը...Բազմաթիվ ձեռքեր ու գլխարկներ օդում ճոճվեցին.

Բարի ճանապարհ, աջողություն ձեզի...

Քիչ հետո վագոնները փայլփլուն ռելսերի վրայով սուրալով կորան մութի մեջ: Վերջին վագոնի ետքին կարմիր ճրագը թարթում էր որպես մանկան աչք: Պերրոնի վրա կանգնած պառավ կինը զսպված հեկեկում էր, աչքը կարմիր, փոքրիկ ճրագին...

ԿԱՊԸ

Ժողովը դեռ չէր սկսվել: Խորհրդի նախագահը հաճախակի կանչում էր միլիցիոներին, պատվիրում, որ ձայն տա վերի թաղին, կամ մոտիկ կանգնած մի երիտասարդի ճանապարհում այս ինչի տունը, որտեղ պետք է լինեն խորհրդի երկու անդամը, մի քանի գյուղացի: Գյուղի ծուռ ու մուռ փողոցներով գալիս էին մեկ-մեկ, խումբ-խումբ, ոմանք լուռ, ոմանք բարձր կանչելով: Եկողները տեղավորվում էին հենց փողոցում, նստոտում քարերի վրա, պատերի տակ:

Մեկը կարդում էր նոր ստացած լրագիրը, գիրկապ անելով ասում այն ամենը, ինչ տպված է, նույնիսկ փակագծի մեջ շարած «Զակտագ»-ը:

Գյանջայի գավառի Բանանց գյուղում անհայտ չարագործները գողացել են Մովսես Սահակյանի մի զույգ եզը...

Է՛, բան կարդա, բան լսենք...Եզինք են էլի, կգողանան էլ, կգտնեն էլ: Տես Անգլիայի կողմերից ինչ կա...

Ընթերցողը շուռ է տալիս լրագիրը, կարդում «Արտաքին աշխարհից» ...Եվ մի քիչ հետո, նույն տոնով ասում.

Բա՛, գազեթի լավ տեղը կերել են...

Խոսքը պատռած անկյունի մասին էր:

Մուքունց տանը պապիրոս քաշող չկա, բա էս ո՞վ արած կլինի, — հարցնում է ունկնդիրներից մեկը: Ընթերցողը մի ուրիշ սյունակի է անցնում:

Մի քիչ հեռու, մի ուրիշ խումբ տաք-տաք վիճում է ժողովի օրակարգի, հողերի բաժանքի մասին: Մի կողմը՝ արձակուրդով գյուղ եկած բանվորներ են, մյուսը՝ գյուղացիք:

Համ ժալով ստանաս, համ էլ գաս էստեղ հող ստանա՞ս: Էդ ո՞նց կլինի...Դե քու կյանքդ ինձ տուր, իմ հողերը քեզ տամ, — ասում է մեկը և շուրջը նայում, կարծես ուզում է իմանալ, թե ինչ կարծիքի են մյուսները:

Դե քու երեսիդ ռանգը տուր, իմ ժալովը քեզ տամ: Գիշեր ցերեկ նավթի մեջ եմ թաթախ, քեզ ի՞նչ կա, փափախդ ծուռ դրած ոչխար ես պահում: Եկար էլի Բաքու, բա ինչո՞ւ չկացիր. սարի արաժանը միտդ եկավ հա՛...

Դու ամեն շաբաթ բաղնիս չգնաս, կնկանդ հետ կլուբ չգնաս, կապրե՞ս...փափախս որ վեր ունեմ, քրտինքի հոտից կխեղդվես: Կնիկդ 10 դեյրա ունի, իմ երեխան մի հալավ էլ չունի...

Տո՛ւր է, տո՛ւր, երեսիդ ռանգը տուր, — իր խոսքն է կրկնում բանվորը, ակնարկելով գյուղացու ուռած կարմիր թշերին:

Հագիդ սապոգը տուր, երեսիս ռանգը տամ...

Բանվորն արագ շարժումով քաշում, հանում է հաստ սապոգը և մոտեցնում նրա քթին:

Դ՜ե տուր:

Է՛, ի՞նչ եք յավա-յավա խոսում, — մեջ է մտնում մի գյուղացի, — արաբոչին իրա տեղում, ռանչպարն իրա: Խոսք ունեք, խոսք ասեք...

Բա սա արաբոչի է՞, — վրա է պրծնում մի ուրիշը: — Հրեն է՛, էն կտուրը ժեշտած տունը սրանը չի՞...Էդպես արաբոչի կլինի՞: Ա՛յ ռուսին արաբոչի ասի, որ օրն անում է, օրը ուտում, մի տոպրակ էլ ծակած, վիզը քցած: Արաբոչին ռուսին կասեն...

Սրանք էլ են ասում, է՛, թե ապրուստը դժվար է: Ութ ժամ բանում են, երկու սուտկա քնում, ամսեկան մի կովի գին ստանում: Ձմեռը ոչխարը տար արանում պահի, կիմանաս մեր հալը, — ասում է նա, ով համաձայնվում էր կարմիր թշերը բանվորի հնամաշ սապոգի հետ փոխելու:

Դե արի մի օր իմ տեղը բանի, — վրա է տալիս մի երիտասարդ, որ մի տարի առաջ է գյուղից կտրվել, վերադարձել գյուղ և ծալը չկոտրած շորերը հագին, շուտ-շուտ ձեռքը տանում է կրծքից կախած էժանագին ժամացույցի շղթային:

Կնիժկադ տուր ինձ, քո տեղն էլ բանեմ, ընկերիդ տեղն էլ, — պատասխանում է մի գյուղացի:

Ո՞ր կնիժկաս...

Սավուզի:

Արի ապրանքիդ հետ փոխենք, — տաքանում է երիտասարդը: — Միանգամից ձեռք քաշի քու տնտեսությունից, իմ տեղը քեզ տամ: Վրասեյսկի խոզ ես դառել, վզիդ հաստոցին տես, դու կարող ե՞ս Բաքու ապրես...

Վեճն ավելի է թնդում: Խառնվում են ուրիշները: Ոմանք լուռ են, միայն ծիծաղում են այս կամ այն կողմի սրամիտ պատասխանի վրա: Մի քանիսը վիճողներին տաքացնում են: Մի կոնտր, որ անխոս կանգնել է վիճողների մեջ, ներքին հրճվանքով ժպտում է և սրան-նրան աչքով անում, երբեմն էլ բեղը մատին փաթաթում, ոլորում:

Հագիս շորին նայի, — ասում է մի հին բանվոր, — տասը տարի առաջ եմ առել: Թե մի պարադ լինի կամ միտինգ, կհագնեմ, թե չէ էն քու ասած տոպրակն եմ հագնում: Իսկ դու գիտե՞ս ինչ ունես:

Օդի մաքրություն...

Բոլորը ծիծաղում են սրամիտ պատասխանի համար, բացի ծեր բանվորից, որ մեկնում է կոշտուկներով պատած ձեռքերը և ասում.

50 հատ ոչխար ունես, իմ՞ս էլ էս ձեռքերն են:

Մի ոչխար էլ ունենաս, ո՞վ պիտի պահի, առավոտն ո՞վ դեն անի: Ոչխարն ի՞նչ ես անում: Ես ոչխար եմ պահում, պանիրը դու ես ուտում, միսը դու ես ուտում: Իմ կերածս ի՞նչ է, — դառնում է չորս կողմ, նայում: Կոնտրն է պատասխանում.

Չորաթան, — և բեղը ոլորում:

Մի չորաթան ուտողն էլ դու ես, — վրա է տալիս երիտասարդ բանվորը: Կամացուկ զրնգում է կրծքից կախ շղթան: — Ատամներիդ տակ երկու փութ յուղ կլինի հիմա: Տարին մի անգամ գալիս ես Բաքվա վակզալը, վեցհարյուր մանեթի առուտուր անում: Քու էդ կարկատած չուխայի աստառի տակ էլ չերվոն կլինես պահած: Ինչ քոռ գայլն ե՛ս...

Բեղը դադարում է ոլորելուց, ուզում է խոսի, բայց նրան հրում են, շրջանից դուրս անում:

Նա եկավ վակզալը տեսավ, բա ե՞ս. հենց էսպես կարոտ մեռնե՞մ...Ի՞նչ ունեմ որ, մի մանգաղ, մի գոգնոց:

Следующая страница