Բակունց Ակսել՝   Պատմվածքներ, ակնարկներ, հեքիաթներ

Տանում են Եփրեմին, հարևան գյուղիցն էլ նոր պսակված մի երիտասարդի, որ, ինչպես Չատի բիձան էր ասում, մի գյուղ արժեր՝ աշխատավոր, խոնարհ ու համեստ...Տանում են պրիստավի մոտ, քննություն են անում, երկուսին էլ ուղարկում բերդ: Բայց տեղ չեն հասնում...Ռոստոմի մարդիկ վրա են տալիս և երկուսին էլ թրերով մորթում, գլուխը մի ձոր քցում, թևը՝ մի: Ահ ու դողով հարազատները սիրտ են անում գնալ և ձորերից հավաքել թրատված մարմինները: Միայն երիտասարդի գլուխը չեն գտնում, իսկ մյուսի մարմնից էլ գայլերը պոկռտել էին կրծքի մսերը:

Է՛...ոնց անց կացան էն օրերը, ով կհավատար, թե մեզ համար էլ մի օր լույս է բացվելու: Օձի բերանից մեզ ազատեցիք...Երևի կարդացած կլինես, որ էն վաղ ժամանակներում ճորտ ու պարոն են եղել...Մենք ճորտ էինք, պարոնն էլ հո խիղճ չուներ...Ազատությունը որ եկավ, մի գիշերում վանքի տունը ցրիվ տվինք, քարերը ձորը թափինք: Էն օրվանից թավադի հետքն էլ չքացավ, վանքինն էլ...

Իջանք բլրակից: Մութն էր, և ամառվա աստղալույսի տակ հազիվ կարելի էր նշմարել ճանապարհն ու քարերը: Ինչքան իջնում էինք, այնքան խլանում էր Մարց գետի աղմուկը. ասես գետն էր ավելի խոր թաղվում: Չատի բիձան առաջից էր քայլում, փայտով գետինը շոշափում, քարը փոսից որոշելու: Իսկ ներքևում պլպլում էին գյուղի մարմանդ ճրագները:

ՊԵՄԶԱՅԻ ՀԱՆՔԵՐՈՒՄ

Անի կայարան՝ ցամաք դաշտի մեջ մի քանի սպիտակ տներ՝ պառավ ակացիաների ստվերի տակ. հողածածկ խրճիթներ՝ մակաղած հոտի նման: Կայարանի հերթապահը դժկամորեն մոտենում է պղնձյա զանգին, ասես կսկծում է, որ գնացքն այդքան քիչ է կանգնում: Ապա շոգեմեքենայի զիլ սուլոցը, որից դողում են ակացիաները: Գռռալով գլորվում են վագոնները, ռելսերի վրա թողնում տաք գոլորշի, մազութի կաթիլներ: Առաջին կեռմանում մի անգամ էլ է ծվծվում մեքենան, ինչպես ճայը ծովի վրա ու ծածկվում է բլուրների հետև, հետքից ցամաք հողի վրա նետում ծխի ժապավեն:

Ընկեր, որտե՞ղ է «Անի-Պեմզան», — հարցնում եմ:

Պեմզայի զաղե՞քը, — պատասխանում է ինձ զանգահարը և ձեռքով ցույց տալիս դիմացի բլուրի կողմը: — Ահա ճամփեն...

Անիվների զուգահեռ հետքը խոր ակոսներ է գծել, ոտքով ու ձիով մարդիկ են անցել, տրորել ու հարթել ճանապարհը: Դեռ ծեծված ճանապարհ չէ, տեղ-տեղ անցնում է դեղնած ծղնոտի ու խոտի վրայով, իջնում շատ «ուսուլով», ինչպես տեղացիք են ասում և ապա նույնքան հանդարտ բարձրանում:

Չի երևում ոչ մի թուփ, ոչ մի թռչուն: Լռությունն այնքան խորն է, որ կարող ես լսել սրտիդ բաբախումը:

Ահա և բլուրը: Հետ եմ նայում. մերկ բազկի նման կեռ է տվել ճանապարհը: Ներքևում կայարանի շենքն ու ծառերը օազի նման են, ավելի շուտ կանաչ պարտեզ՝ ցամաք դաշտում: Իսկ եթե ջուր լինե՛ր, և դաշտն ու բլուրները թաղվեին կանաչի տակ, սպիտակ տները հասնեին Ալագյազի կապույտ գագաթին:

Ճանապարհն անմռունչ եզան նման կախում է գլուխը: Կայարանը, ծառերը, պղնձյա զանգը կարծես սուզվում են ջրի տակ: Արևմուտքում բացվում է մի այլ անծայր տափարակ, եզերված բարձր լեռների պարսպով:

Ու հանկարծ չոր ու ցամաք ձորի մոտ, բարձրավանդակի վրա շարեշար ընկած քարաշեն երկհարկանի տներ, որոնց սպիտակ պատերն ու թիթեղյա ներկված կտուրները չեն համակերպվում շրջապատի ամայության և ծանր լռությանը: Ուրախությունից ուզում ես կանչել Քսենոֆոնի նման, երբ ծովը տեսավ:

Իսկ քառորդ ժամից հետո, բարձր տան սենյակում, որի դուռն անընդդատ բաց ու խուփ են անում, մտնում ու դուրս գալիս, հարցնում, երկար ու կտրուկ պատասխան ստանում այն ընկերոջից, որին բոլորը Քրիստափոր են կանչում և որը բավական աղմուկով կնքում է թղթեր, ստորագրում և միևնույն ժամանակ հրահանգներ տալիս մի քանի լեզուներով, բայց այն առոգանությամբ, որ ունի լեզուն աշխատանքի բովում սովորած մարդը, — երբ տեսնում ենք այդ ամենը՝ ջրի մեջ ընկած ձյունի նման հալվում է ցամաք դաշտի ծանր պատկերը:

Էստեղ առաջ ոչինչ չի եղել... Քրդերը փորել են մեծ զաղաներ, Խարկովի վակզալի չափ, — ասում է Քրիստափորը և ծիծաղում իր համեմատության վրա: — Այնինչոսկի կա թաղված հողի տակ:

Եվ շտապ մեկին կարգադրում է ինժեներին կանչելու, երկրորդին գիշերվա հերթի աշխատողներին դինամիտ տալու, ու օգտվելով վայրկյանի դադարից հանում է սեղանի դարակից մի թերթ, մեկնում ինձ:

Նա, կարդա...Իտալիայում պեմզայի փութը 22 մանեթ է ոսկով... Մերը նրանցից լավն է: Զալատոյե դելո, ի՞նչ ես ասում...Կրուգոմ պեմզա: Մեր տակին էլ է պեմզա:

Եվ նա հետ է քաշում աթոռը, կասես պեմզան հատակին է թափված:

Քրիստափորը «ուռում» է, երեսուն տարվա շախտյոր: Նա աշխատել է Չիատուրում, գերմանացիների մոտ, Ալավերդի, Շամլուղ: Կապսում ջրանցքի թունելի քարերը պայթեցնելու գործը նա է ղեկավարել:

Պադաժդի, դարագոյ, — նորից է դառնում ինձ: — Հիմա կգնաս շախտերը, կտեսնես...

Շախտի անունը տալուց աչքերը փայլում են, դեմքն այլ կերպարանք է առնում: Հասկանում եմ, թե ինչու այդպիսի թափով է զարկում կնիքը: Վարժված ձեռքը ռիթմով կրկնում է 30 տարվա արածը՝ քլունգը զարկում է հանքին:

* * *

Ներքև ձորում պեմզայի մանրուքն ու ավազը բլրանման կիտուկներ են կազմել: Փայտյա բարձր կամուրջի վրայով վագոնները գլորվում են, շրջվում, և պեմզան թափվում է ցած, ծանր ու մեծ կտորները գլորվում են ավելի հեռու, մանրերը՝ մոտիկ: Բահերով լցնում են կլոր մաղերի մեջ, որոնց պտտելուց հողի փշրանքը մաղվում է, և մնում է ոսկեգույն պեմզան:

Հենց այդտեղ էլ բաժանվում են տեսակների՝ «էքսպորտ» և «շինարար» պեմզա: Առաջինը, որ ավելի խոշոր կտորներ է, տեղափոխում են այլ շենք, ուր կանայք թիթեղյա տաշտերի մեջ լվանում են, կոշտ խոզանակով քերում և լցնում միանման պարկեր, որոնց վրա մի կին անընդհատ դրոշմում է. «ANI-ARMENIA»: Ու այդ պարկերը նավի խորքերում դարսած լողալու են ծովեր, օվկիանոսներ

Բարձրանում ենք պեմզայի կիտուկների վրայով: Իմ ուղեկիցը՝ նիհար ու բարի աչքերով երևանցի Հովհաննեսը, պատմում է, թե ինչ դժվար էր սկզբի տարին:

,— Կոոպերատիվ չկար, ապրում էինք պալատկաների տակ...գալիս էին, մի օր աշխատում, փախչում: Մի խոսք, տաժանակրելի աշխատանք էրԱյ, տեսնում ես մադը, Քրիստափորի շինածն է, ձևը նա է տվել:

Ձագարաձև մի արկղ է, ինչպես ջրաղացի ցորնատունը: Արկղի ներքևում փակցրած են նոսր ու խիտ մաղեր, իսկ ավելի ներքև տախտակի մի ուրիշ արկղ է, շարժական հատակով: Այդ ամբողջ բուրդը շարժվում է էլեկտրական ուժով:

Հանքով բարձած վագոնները մոտենում են արկղին, դատարկվում և հետ վերադառնում: Էլեկտրական մազը և՜ ջոկում է պեմզան, և՜ հողն ու մանրուքը լցնում ներքին արկղի մեջ, որի հատակը բացում են, հողը դատարկ վագոնների մեջ լցնում և հեռու թափում:

Առաջ մենք էինք գլորում վագոնետը, հիմա ձիերն են քաշում...Միանգամից հինգը-վեցը, — պատմում էր Հովհաննեսը: Մոտենում ենք հանքի բերանին: Կամարաձև կտրվածք է, մաքուր ու չոր, պատերը կոկ, ինչպես գյուղական թոնիրը:

Սա իմանո՞ւմ ես, ուրիշ շախտի պես չի...Օդը մաքուր, ամառը զով, ձմեռը տաք...Մի քիչ դինամիտի ծուխն ա, թե չէ ի՞նչ կա, ոնց որ Աստաֆյանը...

Բարակ ռելսերն ուղղաձիգ սլանում են ներս: Էլեկտրական ճրագները պլպլում են: Իսկ դուրսն այնպե՛ս արև էր: Պաղ քամի է փչում: Հովհաննեսը վառում է ձեռքի լամպարը: Հեռվից լսվում է թույլ գվվոց, և կանչ. «Հե՛յ…», արձագանքը դրնգում է գետնի տակ, կտուրից մանրիկ փշրանքներ են թափվում:

Էս կողմն արի, — ձայն է տալիս Հովհաննեսը և պահվում պատի մեջ փորված նիշում:

Հետևում եմ նրան, ու մի րոպե անց լաբիրինթի կիսամութում երևում է ձիու սիլուետը, որ սլանամ է հողմի նման: Հետևից գլորվում են ծանր բարձած վագոնները:

Դուրս ենք գալիս թաքստոցից ու շարունակում մեր ճանապարհը: Շտոյլնյան ճյուղավորվում է, գնում ավելի խոր, բաժանվում են էլեկտրալարերը, վագոնետի գծերը: Դատարկ է, լուռ: Հանքափորները շատ հեռվում են:

Հովհաննեսը հաճախ ձեռքի լամպը մոտեցնում է պատին և ցույց տալիս այն երակը, որի համեմատ և փորում են:

Սրա վերևը ֆող ա, պեմզան տակն ա...Սա որ ցածրացավ, ուրեմն իմացի, որ պեմզան խորը գնաց: Մեր նշանն էս տամարն ա: Երակը սև շերտով անընդհատ հետևում է, մերթ բարակնում, մերթ լայնանում:

Սրան էլ խոլխոլ ենք ասում: Սա նշան է տալիս, որ էքսպորտի պեմզա կա, լավ, իմանում ես...Համարյա ֆող չկա էսպես տեղում:

«Խոլխոլը» բնական փչակներ են, լցված պեմզայի խոշոր կտորներով, ասես պարկի մեջ ոսկորներ են լցված:

Հը՞, աղջի, քնե՞լ ես...Քանի՞ վագոն են հանել: — Նիշից դուրս եկավ մի կին, զգուշությամբ ծածկելով գիրքը:

97, — պատասխանեց կինը Հովհաննեսին: Նրա նստած տեղը երկաթագծի ցանցի կենտրոնն է: Հանքահորի զանազան մասերից վագոնետները նրա կողքով են անցնում: Տարօրինակ էր նրա հաշվելու ձևը: Բարակ տախտակի վրա դրված են թվեր ըստ կարգի: Յուրաքանչյուրի մոտ լուցկու հաստությամբ անցք: Կինը մեխի չափ երկաթը տեղափոխում է թվից թիվ և ուզած վայրկյանին ասում վագոնների հաշիվը:

Հովհաննեսը հաշվետախտակին էր նայում, իսկ ես ձեռքս մեկնեցի նրա գրքին: Ահռելի ծանրությամբ սարի տակ, գետնի խորքում, իր նեղլիկ նիշի մեջ վագոնետից-վագոնետ այդ աղջիկը գիր կապ անելով կարդում էր Չեխովի «Կաշտանկան»: Այդ օրը նա 9-րդ էջն էր շրջել:

Մենք ծռվեցինք ձախ: Աղջիկը կուչ եկավ իր տեղում, գլուխը կախեց գրքի վրա...Հեռվից լսվեց ահարկու «հեյը»:

Մութն ավելի թանձրացավ: Իմ ուղեկցի լամպարը լուսավորում էր նեղ շտրեկների դար ու փոսը: Տեղ-տեղ պեմզայի կիտուկներ էին դարսած: Վագոնները դեռ նրանց չէին մոտեցել:

Այ խոլխոլը...Հինգ վագոն պեմզա կա էս փոքր տեղը, — ասաց Հովհաննեսը և լույսը դարձրեց: Կարծես դիտմամբ իրար վրա շարած քարե պատ էր: Ու լույսի տակ աչքիս ընկավ հանքի պատին փորած մուրճն ու մանգաղը...

Բրոնյի տղերքն են սարքել, — բացատրեց Հովհաննեսը, լուսավորելով լաբիրինթի կամարները, բազմաթիվ անցքերը, հրապարակները կամ ինչպես նա էր ասում, գաբոյները, շտրեկները:

Լույսերը նորից շատացան: Սակայն նրանք շարժվում էին կամ օրորվում: Ձայներ էին լսվում, մեկը երգում էր խուլ ու մեղմ: Երկու ստվերներ, տաչկաները գլորելով, անցան մեր մոտով, ծռվեցին դեպի երկաթգիծը:

Մենք հանքի խորքերում էինք: Նրանց մոտ, որոնք շապիկն էլ են հանում, որ ավելի համարձակ քլունգով խփեն փուխր հանքին: Քարերը խշրտալով գլորվում էին փոշու ամպի մեջ, նավթի ճրագներն աղոտ փայլով էին լուսավորում:

Մի ուրիշ անկյունում պերֆորատորի պողպատյա բրիչով անցքեր էին փորում դինամիտի համար:

* * *

Մայրամուտ էր, երբ հանքից դուրս եկանք: Սակայն ոչ նախկին մուտքից:

Ամենապերվի հանքը սա էր, — ասաց Հովհաննեսը: Մուտքը Լոռվա ճորերի տունելի նման բարձր ու կամարաձև, շատ ողորկ ու հարթ սարքած: Մուտքի ճակատին չորացած ճյուղերից պսակ, արևից ու անձրևից խանձված ֆաներայի վրա խունացած տառեր… «ցե մեր Հայաստանի նոր հանքեր. 1925 թ.»:

Հիմա մի սմենան դուրս կգա, գիշերվանը կմտնի...Ամբողջ սուտկան աշխատանք կա...

Ու մենք իջանք տների կողմը: Փայտյա կամրջի մոտ եզան սայլերի շարանն էր: Բարձում էին պեմզան՝ կայարան տանելու համար:

Տների մոտ մեզ միացավ հանքերից դուրս եկող բանվորների մի խումբ: Նրանք շտապում էին լվացարանների կողմը: Ճանապարհին, թափ տալով փոշին շորերից ու երկարավիզ կոշիկներից, Ուրալից եկած մի ռուս հանքափոր իր հույն ընկերոջն ինչ-որ բան էր պատմում իր երկրից ու նրա հանքերից: Մի հայ բանվոր կոտրատած ռուսերենով նոր զորացրված կարմիր բանակայինին սովորեցնում էր արտհագուստ ստանալու կարգը: Քիչ հետո թիթեղյա թեյամանները շրխկացնելով գորշ բլուզով մարդիկ գնացին դեպի կուբերը:

Բայց և այնպես շրջապատի ցամաք ու մռայլ տեսքն իր կնիքն է դնում պեմզայի «զաղեքի» վրա: Շենքերր դեռ չեն ժպտում, թեկուզ ներսը մաքուր է, մահճակալները կարգով շարած: Ոչ ծառ կա, ոչ կանաչ, ոչ հանգստանալու վայր: Քիչ են ընտանիքով ապրող բանվորները. չհաշված սևագործները, որոնք տնից մի քանի օրով են կտրվում, մեծ մասն ապրում է զորանոցային կյանքով:

Թեյից հետո, երբ դուրս եկան բակը հանգստանալու, շատերը հետները հացի փշրանք էին բերել շների համար և թեկուզ մի քիչ կոշտ կերպով, սակայն սրտանց, ուրախությամբ հացի փշրանքները շպրտում էին շներին և շոյում նրանց: Մի քանի հոգի կանգնել էին բակում եղած միակ կանաչ, նոր տնկած ծառի մոտ և նայում էին տերևներին: Նրանցից մեկը կռացավ ու մատներով տնտղեց հողը, արդյոք չի՞ չորացել: Բանվորներից ոմանք, մանավանդ նորերը երբեմն բարձրանում՝ են մոտակա բլուրը և Ալագյազի լանջերին ընկած կանաչ օազների մեջ ջոկում իրենց գյուղը, տեսողությունը լարում ավելին տեսնելու:

Բակում պատերի տակ նստում են, հավաքվում, ոմանք ծխում են, ոմանք զրուցում: Մի խումբ երիտասարդներ քաշքշում են ֆուտբոլի գնդակը: Գալիս է զուռնաչին, թևով սրբում զուռնի լեզվակը և սկսում: Կլոր պարի օղակը լայնանում է, մերթ սեղմվում: Մի ռուս կին անցնում է բակի լայնքով. բազմաթիվ հայացքներ հետևում են: Անկյունում մի այլ խումբ Շիրակի մղկտող ու միալար երգով կանչում է. «Շուշան ջան, ա՛րի»...

Քրիստափորը հաշիվներ է անում և պատմում, թե ինչքան պիտի մեծանա Անի-պեմզան, երբ երկաթուղու գիծն ավարտվի, գնացքը հասնի մինչև հանքերը: Շուտով ստացվելու են մեքենաներ, պեմզայի փոշին մամլելու համար: Փոշին շաղախի համար անփոխարինելի է: Պեմզայի հալոցքը սառչում է, ապակի դառնում: Անսպառ է պաշարը, մինչ խորքը կարելի է գնալ և խլուրդի նման փորել ու հանել: Բացվում են նոր հանքեր, հարուստ «էքսպորտի» պեմզայով:

Պադաժդի դարագոյ...մենք Իտալիային կխփենք...

Մթնում է: Վառվում են շախմատի կարգով շարված էլեկտրական ճրագները, գոռում են բարաբանները: Սրտի նման բաբախում է դինամոն: Լույսի տակ պեմզայի փոշին կաթնագույն փայլ է ստանում: Հանքահորի առաջ երևում են ստվերներ, որոնց ձեռքի ճրագներն ասես գետնի վրայով են քարշ գալիս:

Բլուրներն ընկղմվում են խավարի մեջ: Լուսավորված զաղան լողացող նավի է նմանվում, որի լույսերը ճոճվում են: Օդը սառնանում է, իսկ հանքի խորքում, ճրագի տակ քրտնած բրոնզի փայլով բազուկները կծկվում են, բրիչով սարը քանդելու:

ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՏՈՒՖԻ ԵՐԿՐՈՒՄ

Բլուրի ստորոտին, հարթության վրա մի սովորական գյուղ, տները՝ հարթ կտուրով, կտուրներին՝ ամռանը դեղնած դեզեր, աշնանն ու ձմռանը՝ աթարի սև կույտեր ու մգլած խոտի խուրձեր: Գյուղի մեջտեղը քարաշեն ժամը, նրա շուրջը՝ հանգստացող տավարի նման տները, իբր սիմվոլ այն խոսքի, որ դարեր շարունակ ասել են եկեղեցու բեմից՝ «եղիցի հոտ և հովիվ մի»: Ժամի ստվերում «հայոց եկեղեցական-ծխական» դպրոցի խեղճ ու կրակ շինությունը, նեղլիկ պատուհաններով, ինչպես խուցը, ներսը՝ կիսամութ, հողից հատակ, ծռված, ջարդված նստարաններ, դուրսը փոքրիկ բակը, որ միանում է ժամի գավթին:

Տները քարակույտերի են նման. հեռվից չի երևում ոչ դուռ, ոչ լուսամուտ: Քարակույտերը շատ են ընկել, գոյացրել ծուռ ու նեղլիկ, մճճված փողոցներ, ուր կեղտն ու ցեխը չորանում է, տրորվում ոտների տակ, պնդանում, որ անձրևին ու ձյունին նորից թազանա, արևի տակ գարշահոտությունը տարածի:

Ամեն մի կույտը, լինի տուն, օդա, գոմ, մարագ, հավաբուն, հաստ և ամուր քարերից է շարած, եթե շարողն ուժ է ունեցել, տաշել է, եթե ոչ քարը դրված է այնպես, ինչպես հանքից են հանել: Քարով է պատած բակը, կալը, բանջարանոցը, «բասմայի» տեղը և վերջապես տան կից փոքրիկ տարածությունը, որ ոչ կալ է, ոչ բանջարանոց և ոչ էլ բասմայի տեղ, այլ տան կից հողի պահեստ, որի շուրջը քարով պատել են պապերը, նրանց պապերը, և սերունդը ժառանգել է քարապատ կառուցվածքն ու հողը, որպես «հայրենիք», օջախ, անձեռնմխելի սեփականություն:

Ավելացրեք այդ գորշ, անհաճո պատկերին մի քանի դեղնած բարդիներ, որ հասնում են գյուղի ծայրին և շվաքարան են ամռան տապին նախրից հետ մնացած հորթի ու կաղ ոչխարի համար, բարդիներ, որ ոչ մեծանում են, ոչ չորանում ու միայն մի ամիս է նրանց սաղարթը կանաչ, իսկ հետո դեղնած՝ փոշով ծածկած, — ահա ձեզ Շորագյալի գյուղը, ուր ապրել են հազարներով Աղասի, Օնիկ, փորփրել հողն արորով, թոնրի միջից սևացած օդայում քաջք ու հրաշքի հավատացել, կրծել ցամաք հացն ու վիզն անմռունչ մեկնել: Այսպես է Շորագյալի գյուղի արտաքինը` չոր ու ցամաք, քար ու քարափ: Այդպես երևաց մեր աչքին Արթիկը, երբ հեռվից նկատվեց կիսակործան «Ամենափրկիչը», բայց Լենինականից դուրս գալուց արդեն նկատելի էր, որ ճանապարհը ճռռան սայլի գծածը չի: Ավտոները գնացել ու եկել էին, ճանապարհը տրորել, տեղ-տեղ դար ու փոսը հարթել: Առաջին գյուղում այն ընդունելությունը, որ մարդիկ, երեխաները, հորթերը ցույց են տալիս ավտոյին, ապացույց է, որ ճանապարհը մեքենայի համար նոր է բանուկ դարձել: Երեխաները բղավում էին, ճչում, կանայք, նույնիսկ հասակավոր կանայք, վազում էին կտուրների վրայով, կախ ընկնում փողոցի վրա: Մի գյուղում, երբ մեքենան կանգնեց՝ դիմացից եկող նախիրը չխրտնեցնելու համար, կողքի տան սրահում պառկած հիվանդ ծերունին գլուխը վեր հանեց, զարմացած նայեց, ու երբ մեքենան շարժվեց, հիվանդը գլխաշորը պոկեց և օդում ճոճեց:

Ճանապարհին հանդիպում էինք բեռնած ֆուրգոնների, սայլերի. կրում էին տախտակ, բետոն, երկաթե ձողեր: Մի տեղ ճանապարհը սարքում էին: Զգացվում էր, որ մոտերքում մի կենտրոն քաշում է այդ ֆուրգոններին, սայլերին, մարդկանց, որոնք մտազբաղ գնում էին: Նոր տնկած սյուների շարքն ուղիղ գծով կտրում էր արտ, բլուր, քարափ և ձգվում դեպի Ալագյազը, որի կապույտ գագաթները պարզ երևում էին հեռվում, իբր ամպերից կախված ապարանք. ճանապարհի ձախ կողմը սպիտակին էին տալիս նոր հողաբլուրները, կամուրջի կապերը, որոնց վրայով վագոնները պիտի սլանան դեպի Արթիկ:

Մեքենան մի անգամ էլ իջնում է, կտրում ձորակը և սլանում սլաքի նման ձգվող ճանապարհով: Ահա հին գյուղը:

Եթե վարդագույն տուֆը չլիներ, Արթիկի անունը մինչև Բելգիա չէր հասնի, — ասում է ընկերս: Ահա կայարանը:

Գյուղի ծայրին դեղնած բարդիների մոտ, երեք նոր շինության պատերը փայլփլում են արևի տակ: Արթիկի կայարանը. գնացքներն այստեղից ուղիղ մարշրուտով պիտի գնան հեռուները, հազարավոր վերստեր կտրելով: Մի խումբ բանվորներ քանդում են շենքերի առջև ընկած հողաբլուրը՝ ապագա պերրոնի համար:

Աջ կողմն ընկած է «Արթիկ-տուֆի» ապագա ավանը, գլխավոր շինությունները, տաս-տասներկու կորպուսներ, մի կամ երկու հարկանի: Շենքերի առաջ ընդարձակ ծածկոցն է. վերևում, բլուրների վրա երկաթյա սյուներ, տախտակի կույտեր, իսկ ճիշտ մեջտեղը՝ անդեզիտի բլուրի վրա վիթխարի տրանսֆորմատորը, դեռ ծածկված գերաններով, սանդուղքներով ու տախտակներով:

Հրապարակում մեքենան կանգնում է: Թեկուզ մայրամուտ է, բայց աշխատանքը եռում է: Ընդարձակ ծածկոցների տակ սղոցում են, ռանդում, դուռ ու լուսամուտ պատրաստում, կուպր են եփում՝ տան ծածկի գերանների գլուխը կուպրելու, կրի և բետոնի շաղախ են պատրաստում, ավազ մաղում, թիթեղագործը պատի վառարանների համար կլոր վահաններ է սարքում: Մի քանի հոգի սայլերը բարձում են գերաններով, բարակ ռելսերով, սև երկաթյա խողովակներով, և սայլերը ճըռռ հա ճըռ բարձրանում են, ցրվում զանազան կողմի վրա այն նոր ճանապարհներով, որ երակների նման ցրիվ են եկել բլուրների վրա:

Տու դա՛, տու դա՛, — գոռում է շենքի պատին կանգնածը: Իսկ ներքևից մի քանի հոգի հրում են գերանը և ռիթմով տնքում:

Դրսում թափած են ցեմենտի տակառներ, ապակիով լիք արկղներ, յուղի ու մազութի բիդոններ, վագոնետներ, ռելսեր, պատրաստ դռների ու լուսամուտների բուրգեր, թիթեղ ու տախտակ, գերան ու շպալ, կղմինդր ու աղյուս: Գետինը պատած է տաշեղով, երկաթի ու թիթեղի կտորտանքով: Երբեմն տաշեղների արանքից քարը մամռոտած լանջն է դուրս ցցել: Ամեն ինչ այստեղ փոխվել է՝ գետնի երեսը, ճանապարհը, հողն ու խոտը:

Ռելսերի կույտի վրա նստել է մի բիձա և դանդաղ, հոգնած մարդու ախորժակով հաց է ուտում: Մոտենում եմ, խոսեցնում, հացի փշրանքները զգուշությամբ հավաքում է բռան մեջ և պատասխանում իմ հարցին:

Հրաշք որ ասել են, էս է: Սա ոսկի աղբյուր է, լիություն և լուսավորություն: Վագոնը կգա, դռանդ կչոքի, պատից կախ չէր, բերին ճակտից կախ արին: Մեր կնկտիք բոբլիկ էին, հիմա կարմիր տուպլի կհագնեն...Մի խոսք` գտած գանձն է, որ էսքան հազար տարի հողի տակ պառկած էր...

Գրասենյակի մոտ խռնվել են մի խումբ գյուղացիներ, որոնք օրավարձ աշխատում են: Ներսից մեկը փորձում է կարգ սահմանել պատուհանի առաջ խռնված բազմության համար: Լսվում են անկապ խոսքեր, ոմանք իրար են հրում, մեկը կատակ է անում, մյուսը զայրանում է, մի քանիսը գոռում են «սրով, սրով», «ղալաբալաղ միք էնե», սակայն իրենք էլ խանգարում են հերթը, սաստկացնում աղմուկն ու ժխորը:

Ինչի՞ կնեղենաս...

Ինձ գրել է սևագործ բանվոր...Մենք քարի հետ կչարչարվինք: Դեկրետը մեզ լեռնային բանվոր կսեպե...

Վրա քշելով չի էղնի...

Քարի հետ զօր ու գիշեր խաղամ, ինձ կաչկաչու հետ հավասար տաս...

Կեցի կասիրը կանչի, այ օղուլ

Բերմսբերգի վրա արտաժամյա ո՞վ է աշխատել, — ներսից բղավում է հաշվապահը:

Ճամփա տվեք ստորագրեմ, — ընկերներին բոթելով առաջ է ընկնում մեկը:

Տո դե լավ...

Տո մի յավաշ է՛, արտաժամյա ստանամ:

Սեթո, — բառաչում է մեկը, — ես առանցի գրամոտնի եմ...

Այդ ժխորի մեջ երկու հոգի իրար հետ վիճում են, թե որտեղ է հեշտ աշխատել՝ վագոնների վրա, թե՞ քարհանքում: Ներսից նորից կանչում են:

Ականջ էրեք, — բղավում են մի քանի հոգի միաբերան:

Ով որ գրքույկ չունի, թող չկայնի, — հայտարարում է հաշվապահը:

Ըհա, օղորմի հորդ, — պատասխանում է նրան պատուհանի տակ խռնվածներից մեկը: Սակայն ոչ ոք չի գնում: Փող ստացողները կոշտ մատներով համրում են ստացածը. չերվոնեցը խշշում է: Ստացողը փողը խոր կոխում է ծոցը կամ ծոցի գրպանը և շտապում տուն:

Քարհանքը մոտիկ է: Տներից վեր բլուրի գագաթին մի քանի տեղ քար են հանում տեղական ձևով. ծանր մուրճերով զարկում են պողպատ սեպերին, կոճակների նման սեպերը շար են ընկնում փափուկ տուֆի լանջին, խրվում ներս ու մի հարված էլ՝ հանքը ճեղք է տալիս, ինչպես շաքարի գունդը: Տուֆը կամ ավելի ճիշտ տուֆի լավան ճեղքվում է հավասար և ուղիղ գծով: Քարի այս հատկության վրա է հիմնված տեղական ձևը:

Այս քարհանքի հանույթն օգտագործում են նոր կառուցվող տների համար: Ոչ մի տեղ մեզանում տների պատերն այդքան արագ չեն բարձրանում, որքան «Արթիկ-տուֆում», նոր շինած տներից մեկի պատերը շարել էին ութ օրում, իսկ տունը երկհարկանի էր, միջին մեծության:

Վերի քարհանքի նորությունը նեղ գծանի վագոնետներն են, որոնցով քարերի փշրանքն են թափում, քարհանքները մաքրում և ապա կտրած քարը դարձյալ ռելսերի վրայով տեղափոխում ցած, կառուցումների վայրը:

Ամենահետաքրքիրը մեքենայացված քարամշակումն է, որտեղ կենտրոնացված է համարյա ամբողջ աշխատանքը: Բլուրի լանջին տեղ-տեղ ռելսերի գծերը խաչաձևում են իրար: Սև խողովակների շարանը ցույց է տալիս, որ հեռվից, Ալագյազի փեշերից ջուր է բերվելու: Տեղ-տեղ անցնում են քառակուսի կտրվածքով հորերի կողքով, որոնց բերանին փայտյա վերելակներ են, հաստ պարանով փաթաթված:

Ինչքան հեշտ են տուֆը փորում: Այդ հորերը կամ ինչպես Արթիկում են ասում՝ շուրֆերն ավելի հաճախակի են երևում: Թեկուզ արևը նոր է ելել, բայց աշխատանքը եռում է: Ահա երկու հոգի բահով հող են քանդում. նրանք փորում են շուրֆի բերանը: Նրա կողքին բավական խոր են գնացել. շուրֆի բերանին կանգնած մեկը փաթաթում է պարանը և բարձրացնում քարի փշրանքով լի վեդրոն: Շուրֆի հատակին նստած է փորողը, նույն սեպերն ու մուրճը, ինչ որ քարհանքում: Մի քանիսն այնքան խոր էին գնացել, որ վերևից նայելով հազիվ կարելի էր նրանց նշմարել հորի մթության մեջ:

Շուրֆը քանդելը քարը մեքենայով հանելու առաջին աշխատանքն է: Շուրֆի խորությունը տուֆի շերտի հաստությունն է ցույց տալիս: Այդ հորերում դրվում են սղոցող սյուները՝ մոնտանսյորները, որոնք հենարան են պտտվող պողպատյա լարի, որը և կտրում է քարհանքն այնքան թեթև, ինչպես տատը թելով կտրում է փափուկ սապոնը:

Ահա և մոնտանսյորները: Եթե ձեզ չբացատրեն, դժվար է կապակցել այն բոլորը, ինչ աչքիդ առաջն է: Շուրֆերի ներսում ցցված են հաստ ռելսերի չափ երկաթներ, որոնց ծայրին անիվներ են պտտվում: Այդպիսի սյուներ շատ են, տարբեր հեռավորության վրա: Պողպատյա լարն անընդհատ շրջան է տալիս. տեսնում եք ինչպես են անիվները դառնում, բայց թվում է, թե լարը չի շարժվում:

Մի գծի վրա ընկած շուրֆերի մեջ մոնտանսյորի սյունից մինչև մյուս մոնտանսյորի լարը թափով իջնում է և սղոցի նման խրվում տուֆի մեջ: Յուրաքանչյուր մոնտանսյորի մոտ փոքրիկ արկղ է, կվարցի կարծր ավազով. ջրախառն ավազը ծորակով թափվում է բարակ նովդանի մեջ, ջուրն ավազը լցնում է լարի կտրած ճեղքի մեջ, ավազն ընկնում է լարի տակ, գոյացնում սղոցի ատամները և լարի թափից ու ճնշումից ավազը սղոցում է տուֆին, ինչպես փափուկ գերան:

Կապույտ բլուզներով 56 երիտասարդներ շուրֆերի մոտ հսկում են. մեկն ավազի հոսանքն է կանոնավորում, մյուսը՝ լարի ընթացքը. մի քանի հոգի փայտյա սանդուղքներով իջնում են ցած՝ ստուգելու արդյո՞ք լարը չի հասել մինչև քարի տակը: Բոլորն էլ նոր են, դեռ սովորում են: Նրանց ղեկավարող վարպետը և՜ բացատրում է մի խումբ այցելուներին, և՜ կարգադրություններ անում երիտասարդներին: Երբեմն նա ձեռքը մեկնում է լարին. ցեխախառն կապտավուն ջուրը կաթկթում է մատների արանքով: Լարի ջերմությունն ու կապտավուն ջուրը նրա համար նշան է, թե ինչ է անում լարը գետնի խորքում:

Շուրֆերը փորված են իրարից հավասար հեռավորության վրա, քառակուսիներով: Պողպատյա լարը այդ քառակուսիները կտրատում է, ապա բաժանում ավելի մանր մասերի. մոտեցնում են բարձրացնող կրանը, քարի սղոցած կտորները մեքենան բարձրացնում է, օդում պտույտ անում և հսկա քարերը դարսում, իբրև աղյուսի կույտ:

Դեռ նոր են՝ շուրֆերն էլ մոնտանսյորն էլ, բարձրացնող կրանն էլ և այն մարդիկ, որոնք աշխատում են և սովորում: Գործը դեռ չի մեծացել. քարհանքերը, ինչպես և հղկող ժամանակավոր գործարանը, որտեղ կարբորունդը և ադամանդյա սղոցները հղկում են տուֆը, կոկում այնպես, որ քարը ապակու նման ողորկ է դառնում: Քարհանքը, ժամանակավոր գործարանն աշխատում են փոքրիկ էլեկտրակայանի էներգիայով:

Շուտով Արթիկն էներգիա կստանա Լենինականից; Եվ երբ կառուցվեն երկաթուղու այն չորս գիծը, որ նոր կայարանից ճյուղավորվելով հասնելու են մինչև քարհանքերն ու ապագա մեծ գործարանը, — այն ժամանակ վիթխարի կաբել կրանը քարերը կբարձրացնի և շարժական կամուրջների վրայով կիջեցնի բաց վագոնների վրա, կդարսի և վագոնները կշարժվեն:

* * *

Երեկոյան, մի ընկեր, որ ղեկավարն է ամբողջ աշխատանքի և որն Արթիկ է եկել դեռ այն ժամանակ, երբ մի քար էլ չէր հանված, դիրեկտորի կաբինետում դարչնագույն թղթի վրա ցույց է տալիս այն ամենը, ինչ կա և ինչ պիտի լինի: Սպիտակ գծերի ու հորիզոնականների այդ կծիկը նա հետ է տալիս հանդարտ ու վստահ:

Ահա նոր կայարանը...Չորս երկաթգիծ...Այ այս մեկը մոտենում է մեր ժամանակավոր գործարանին, որից մի քիչ ներքև գարնանը պիտի շինենք հսկա գործարան...Մեքենաներն սկսել ենք ստանալ, մեծ մասն արտասահմանից է:

Առիթից օգտվելով նա մի անգամ էլ է հիշեցնում գործի դժվարությունը: Միության մեջ տուֆը չի մշակվել, արտասահմանում չկա: Քարի մշակումն ամենից լավ Բելգիայում է դրված, սակայն այնտեղ էլ չկա տուֆ: Բելգիայի գրանիտի և մարմարի մոտ 50 քարհանքերը միասին չեն տալիս այնքան քար, ինլքան պիտի տա Արթիկը եկող տարի: Իսկ հնգամյակի վերջում Արթիկը պիտի տա մի միլիոն խոր. մետր քար: Բելգիական գրանիտն ու մարմարը էժան շինանյութ չեն. նրանց շատ մեքենաները մեզ ձեռնտու չեն: Տուֆի յուրաքանչյուր խորանարդ մետրը փոխարինում է հիսուն աղյուսի: Եվ միայն գործի վիթխարի մասշտաբը հնարավորություն կտա արտադրանքն էժանացնելու:

Ահա մեր ջրմուղը...Սրա վրա էլ բավական աշխատանք է թափվել: Մեզ ջուր հարկավոր է ոչ միայն կոմունալ կարիքների համար, ինչպես բաղնիսը, բնակարանները, այլև քարի հանման համար...ջուրը բերում ենք Մանթաշի ձորից, երևի լսած կլինես...

Ու ժպտում է, երբ խոսքն ընկնում է ապագայի ծաղկանոցներին...փոքրիկ անտառին: Նա զուսպ ժլատությամբ մի քանի խոսք է ասում այդ մասին, և ապա նորից անցնում դժվարություններին:

Ահա Բրեմսբերգի գիծը...Հիսուն վագոն օղակ-օղակ պիտի վերի քարհանքերից իջնեն, քարը դատարկեն պահեստներում և նորից բարձրանան...Բրեմսբերգի նախատիպն ունենք...նորն ավելի մեծ վագոնետներ պիտի ունենա...Ահա մեր պահեստները, երկաթգծերի միջև...էս շենքն էլ փուռն է...ահա ակումբը...շինությունների այս խումբը բանվորական բնակարաններ են...մի քանիսն արդեն պատրաստ է:

Ու նորից է անց կենում դժվարություններին: Բանվորական որակյալ ուժի կարիքը մեծ է. տուֆի մասնագետ բանվոր չկա, պիտի պատրաստել աշխատանքներին զուգընթաց, որովհետև այլ վայրերում տուֆի մշակում չկա, ընդօրինակելը հնարավոր չէ: Աշխատանքը նորանոր խնդիրներ է առաջացնում:

Այ օրինակ էսպիսի բան...Մենք չէինք նախատեսել, որ տուֆը բնական ճեղքվածքներ ունի. — և նկարում է թղթի վրա շուրֆը, նրա չորս պատը, ճեղքվածքները, որոնք դժվարացնում են միահավասար խորանարդներ ստանալը, իսկ այդ հանգամանքը կարող է թանկացնել քարը, եթե միջոցը չգտնենք...պիտի գտնենք և միայն մենք, էստեղ, տեղն ու տեղը...

Գյուղում կան մարդիկ, որոնք փնթփնթում են, թե քարամշակման ընդարձակումը պիտի իրենց հողազուրկ անի: Դեպքեր են եղել, որ չարամտորեն ջուրը թաց են թողել, ճանապարհը քանդելու համար, փայտե կամուրջների գերանները գողացել են:

Դրանք բոլորը գլուխ գալու բան են...մի քիչ թեթևանանք, սկսելու ենք գյուղում աշխատանք տանել: Վերջ ի վերջո մեր ռեզերվը շրջակայքի գյուղերն են: Այ քեզ մի խնդիր էլ. — ու պատմում է, որ հնգամյակի վերջում տրանսպորտը կարող է բավական դանդաղեցնել քարի տեղափոխումը, եթե ԼենինականԹիֆլիս գիծը տեղ-տեղ չլայնացվի:

Նոր գիծ է Արթիկը, բայց մեծ գործ է...Եթե մենք տարին մի միլիոն կուբամետր քար տանք, մոտ չորս հարյուր տարի կհերիքի այն պաշարը, որ ունի ուսումնասիրված ռայոնը...իսկ շատ տեղեր կան, որ դեռ հետազոտված չեն:

...Կես գիշերից անց է: Դուրս ենք գալիս բակը. քնել է գյուղը. շները կենտահաչ են տալիս լուսնի վրա: Հեռվում Լենինականի ճրագները թարթում են: Ալագյազի պաղ քամին սլանում է դաշտն ի վայր: Լեռան ձյունապատ գագաթը շողշողում է...իսկ ներքև դաշտում սպիտակին են տալիս երկաթգծի հողաբլուրը, նոր կայարանը: Շուտով, շատ շուտով, շոգեմեքենայի մուխը կխառնվի Ալագյազի ամպերին:

Следующая страница