Րաֆֆի՝   Հրապարակախոսություններ, հոդվածներ

Նամակագրի կարծիքով, այս անցքն առանց նպատակի չէ եղել, իբր թե տաճկաց կառավարությունն յուր այժմյան տագնապի մեջ կասկած է ունեցել Վանա հայերից, չիցե թե ռուսների հետ պատերազմ ծագելու միջոցին նրանք թշնամուն ձեռնտվություն անեն, և այս պատճառով մտածել է առաջուց նյութապես տկարացնել նրանց: Մեր կարծիքով այս ենթադրությունը անտեղի է, որովհետև տաճկաց կառավարությունը շատ լավ է ճանաչում հայերին, նա գիտե, թե որքան ընտելացած են հայերն յուր բռնակալությանը, նա գիտե, թե որպիսի սիրտ են կրում հայերը... Մենք նայում ենք այս անցքի վրա, որպես մի խորամանկությամբ հնարված հափշտակության վրա, ավելի ոչինչ:

Ընդհանուր վնասի մասին նամակագիրը դժվարանում է հաշիվ տալ, բայց կարծում է, թե շատ մեծ պետք է լինի, քանի որ Վանա վաճառականությունը հայերի ձեռքումն է, և Վանը իր շրջակա գավառների առևտրական կենտրոնն է:

Վանա հրդեհի անցքի մեջ նկատվում է միևնույն երևույթը, ինչ որ տեսանք գավառների բոլոր հարստահարությանց մեջ, ուր սպանություններն ամենափոքր թվանշաններն էին կազմում: Այստեղ ևս ոչ մի սպանություն չէ պատահում, երևում է, որ հայերն իրանց ճակատագրական թուլասրտությամբ կանգնած, նայելիս են եղել, թե որպես կողոպտում են իրանց... Բայց Վանա մեջ հայերն ավելի բազմաթիվ են քան մահմեդականները... Բայց հայը կյանքի կռվի մեջ ունի յուր առանձին զենքերն յուր կորուստը դարձնելու համար: Վանեցի հայերը հեռագրում են իրանց Կ. Պոլսում եղած ընկերներին. «մեզ այստեղ կողոպտեցին, դուք էլ այնտեղ ումից որ ապրանք եք առած, փողը մի տվեք...»:

Վանա հրդեհի մասին դրանից ավելի դատել առայժմ անտեղի է, քանի որ գործը բոլորովին պարզված չէ: Կ. Պոլսի լրագրների մեջ արդեն ծանուցված էր, թե Բարձ. Դռնից առանձին մասնաժողով նշանակված է այս անցքը քննելու համար: Կսպասենք, մինչև մասնաժողովն յուր գործը վերջացնե, թեև հավատացած ենք, որ ճշմարտությունը ոչ բոլորովին պիտի երևան ելնի:

ԽԱՎԱՐԻ ԱՐԲԱՆՅԱԿՆԵՐԸ

Մարդկության պատմագրությունը մեզ ուսուցանում է, որ ամեն մի հասարակական գործիչ, — երբ նա փոքր ի շատե բարձրանում է նույն հասարակության ստորացած, մինչև գետին հավասարված մակերևույթից, երբ նա աշխատում է վերականգնել նորան և դուրս քաշել անբարոյականության ցեխից, — նա դառնում է ամբոխի հալածանքին առարկա և զոհ նորա խավար նախապաշարմունքներին: Թողնենք եվրոպական ազգերի կյանքում պատահած բազմաթիվ օրինակները, դառնանք մեր ազգի պատմական անցյալին: Մեծն Տրդատ, որ մտցրուց Հայաստանում քրիստոնեության լույսը, ստացավ ամբոխից այդ սրբագործության փոխարեն թունալի բաժակ. նորա մեծ գործակիցը, Սուրբն Գրիգոր, հալածված ժողովրդից, թողած նորան, հեռացավ և յուր ծերության վերջին մխիթարությունը գտավ առանձնակեցության մեջ Մանյա այրերում, ուր և վախճանվեցավ անհայտությամբ: Արիստակեսը սպանվեցավ, Մեծն Ներսես մահացու թույն ընդունեց և այլն: Ինչո՞ւ ենք քրքրում պատմության խորքերը, գանք ավելի նոր ժամանակներին: Կարապետ վարդապետ Շահնազարյանցը մեռավ Փարիզում, Ալամդարյանցը յուր կյանքի մեծ մասը անցրուց աքսորանքներում մեր եկեղեցականների աններողամտությունից: Ստեփաննոս Շահնազարյանցի և նորա արժանահիշատակ աշխատակցի պատմությունն ամենեցուն հայտնի է, շատ տարիներ չեն անցել, որ մտածում էին «Հյուսիսափայլի» տետրակները հավաքել այրելու համար:

«Հյուսիսափայլի» անկումից հետո տիրեց, եթե կարելի է այսպես կոչել, գրականական մեռելությունը: Երևեցան մի քանի լրագիր, ամսագիր, բայց նոցա չքանալն այնպես շուտափույթ եղավ, որ յուրյանց հետքն անգամ չթողեցին: Շնչասպառ «Մեղուն» դեռ յուր դանդաղ ընթացքը շարունակում էր, վերջապես նա էլ ընկավ: Հայտնվեցավ Գերմանիայից մի ուսանող, նա արհամարհեց փառքը, աստիճանը և աշխարհային բոլոր բարօրությունքը, որոնց հասնելու հարմարություններն ուներ, կամեցավ ծառայել հասարակությանը և յուր ազդին: Նա հիմնեց մի խմբագրություն: Երևեցավ «Մշակը»: Առաջին անգամ մի հայոց թերթ ազդեց ժողովրդի վերա, շարժում ձգեց, վիճաբանություններ հարույց, գրգռեց ժողովրդի հարցասիրությունը, մի խոսքով` էլեկտրական ցնցում տվեց նորա թմրած անշարժությանը: Այդքանը բավական էր բորբոքել խավարասերների նախանձը:

Ազգի լուսավորությունը և նրա տնտեսական բարօրությունը հաստատուն պահպանել «Մշակի» սուրբ նպատակն է, որին նվիրել է յուր գործունեությունը: Այս նպատակին հասնելու համար, այո՜, «Մշակը» չի քարոզել փտած ազգասիրություն, այլ ընդհակառակն, անխնա հարձակվել է, մտրակել է ամեն հասարակական, տգեղ երևույթները: Նա մերկացրել է ժողովրդի կյանքի ամեն մի այլանդակությունները և դառն ատելությամբ պարսավել, պախարակել է նորանց: Նույնիսկ ատելության մեջ կայացած է եղել նորա սերը դեպի ազգը և դեպի ժողովուրդը: Ճշմարիտ է, եզվիտական կեղծ ժպիտը երեսին «Մշակը» չէ շողոքորթել ամբոխի հաճույքներին, այդ անում են նոքա, որք ցանկանում են ավելի ևս ծանրացնել ազգի թմրությունը և նորա անշարժությունից ու տգիտությունից օգուտ քաղել: «Մշակի» ուղղությունը, այո՜ բացասական է, նա խորին ատելությամբ աշխատում է և պիտի աշխատե հեռացնել ամեն մի վնասակար տարր ազգային մարմնից: Այդ յուրաքանչյուր բարեխիղճ վիրաբույժի պաշտոնն է, որ կտրում է մարմնի փտած և ապականված մասը, նորա կենդանությունը պահպանելու համար:

Նա միշտ պաշտպանել է ազգի լեզուն և նորա գրականությունը: Նա միշտ աշխատել է ցույց տալ ուղին, որով նա կարող էր հասնել ճշմարիտ գիտության և լուսավորության: Նորա նյութական և տնտեսական վիճակը բարվոքելու համար ցույց է տվել և պիտի ցույց տա բոլոր միջոցները: Մեզ մեղադրում են, թե մենք հերքեցինք բոլոր ազգային ուժերը: Որո՞նք են մեր ուժերը: Մենք արիստոկրատիա չունենք: Փառք աստուծո, որ չունենք: Մենք ունինք վաճառական դաս... Մենք ունինք արհեստավոր դաս, որ այսօրվա օրս էլ կոշիկը այնպես է կարում, ինչպես մի ժամանակ հագնում էր Արամը կամ Արմենակը: Մենք ունինք երկրագործ դաս, որ մաշվում է յուր նահապետական ծանր աշխատության մեջ և նորա վաստակը խլում են կալվածատերը, մանրավաճառը և այլն: Բայց ինչ որ վերաբերում է ազգային ոգուն, սրա գործիչ զորություններին մենք չունենք այն հին կամ նոր սերունդ կոչված բաները: Մեզանում թե՛ հինը և թե՛ նորը եգիպտական միակերպ մումիաներ են ներկայացնում, այն զանազանությամբ միայն, որ նոր սերունդը բավականին խարդախված, օտարացված և անպիտանացված է, մինչդեռ հինն ապրում է նախկին բնավորությամբ:

Մենք բավականին խաբեցինք մեզ ու մեզ, երեխայի նման ամեն մի ազգային չնչին հայտնություններով ուրախացանք, ոգևորվեցանք այն բոլոր բաներով, ինչ որ հային էր պատկանում, ատեցինք այն ամենը, ինչ որ օտարինն էր, սիրելի էր մեզ ամեն գործ, ուր հայն էր գործում, թող լիներ նա անօգտավետ, փույթ չէ: Մեր որդիների անունը Տիգրան, մեր աղջիկների անունը Աշխեն դրեցինք, մեր գրասեղանների առջև «Ոգի Հայաստանի» պատկերը կախեցինք: Բայց ի՞նչ եղավ այդ մոլի ազգասիրական շնորհքների արդյունքը, մի դառն անձնախաբեություն: Երբ քննեցինք մեզ ու մեզ, տեսանք, որ մի ողորմելի դատարկություն է տիրում մեր կյանքին:

«Օրհնած, ասում էր մեզ, մի քանի տարի առաջ ավելի վատ էր...»: Հայը միշտ այսպես է մխիթարում յուրյան, նա գոհ է, որ կես քայլ առաջ է գնացել, բայց երևակայել անգամ չէ կարող, թե քանի հազարավոր մղոններով ետ է մնացել զարգացած ազգերից: Բարձյալ ազգի անշարժության վերա թուխս նստած պատվելիներն, այդ հնդկական վամպիրները, ուզում են ավելի ևս ծանրացնել նորա շունչը, յուրյանց մաշկաթևիկներով զով սփռելով նորա երեսին, որպեսզի կարողանան ավելի հանգիստ կերպով ծծել յուրյանց զոհերի արյունը... Լույսը միշտ ատելի է նորանց, որովհետև չղջիկները սիրում են թափառել խավարի մեջ...:

Ահա, սիրելի ընթերցող, մեր այժմյան հասարակական կյանքի տխուր պատկերը, բայց մենք ունինք մի բան, որ մոռացա քեզ ասել, մի քանի դեռևս անհայտ երիտասարդներ, որոնց հալածում են ազգուրաց, դավաճան, հերետիկոս և այլն անուններով. — դոքա են մեր ուժերը:

ԴԱՏԱՐԿ ՀՈՒՅՍԵՐՈՎ ԵՆՔ ԽԱԲՎՈԻՄ

Մինչև երեխան լաց չէ լինում
Մայրը ծիծ չէ տալիս:

ԱՌԱԾ

Զարմանալի բան է հույսը:

Նա մարդերի մեջ հայտնվում է երկու կերպարանքով. մեկ, որ մարդը գործում է, աշխատում է և ամենևին չէ թուլացնում իր եռանդը, և հույս ունի, որ կհասնի իր նպատակին: Մյուս, որ մարդը ոչինչ չէ շինում, ծույլ է, հանգիստ իր տեղը նստած է, և հույս ունի, թե մի օր կստանա այն, ինչ որ ցանկանում է:

Մեր խոսքը վերջին տեսակի վրա է:

Կան աղքատներ, որ միշտ երևակայում են, թե մի օր գանձ կգտնեն և կհարստանան: Դուք քննեցեք մի ստրուկ և ծույլ ժողովրդի առակները, առածները, լեգենդաները ու հեքիաթները, և կտեսնեք, որ նրանց մեծ մասը թաքուցած գանձերի վրա է: Աղքատի երևակայությունը մի՜ ուրիշ բան չէ կարող ստեղծել: Այնպես էլ քաղցած հավը երազումը կուտ է տեսնում և սկսում է իր ոտները կտցահարել...

Այս տեսակ հույսերը խանգարված երևակայության և ուղեղի հիվանդության ցնորքներ են: Այս տեսակ հույսերը գժերի երազներ են:

Այս տեսակ հույսերով ապրում են ոչ միայն մասնավոր անհատներ, այլ ամբողջ ժողովուրդներ և ամբողջ ազգեր: Մինչև այսօր հրեից ազգը սպասում է, թե կհայտնվի մի մարդ, որ կնորոգե սուրբ տաճարը, որ կբարձրացնե Երուսաղեմը իր ավերակների փոշիներից և կվերադարձնե Իսրայելի կորած փառքը: Այն ժամանակ աշխարհի հզոր թագավորները, մի հասարակ հրեայի փեշից բռնած ողորմություն կխնդրեն...:

Երուսաղեմը ընկավ, Իսրայելը փոշու նման ցրվեցավ բոլոր աշխարհի վերա, բայց Աբրահամի որդիքը տակավին այդ հուսով են ապրում...:

Հույսը այնքան սաստիկ ներգործություն ունի մարդկային երևակայության վրա, որ բոլոր ազգերի կրոնքները նրան իրանց գլխավոր հիմունքներից մեկն են դրած: Նա է ոգևորում նահատակներին համբերությամբ տանել բռնակալ ձեռքից սարսափելի տանջանքերը: Նա է հանգստացնում` վշտակիր ֆաքիրի անտանելի ճգնությունները: Նա է թելադրում մարդուն զոհել իրական կյանքը, ատել աշխարհը և նրա վայելչությունները, մի գերբնական կյանքի բարություններին սպասել տալով: — Կրոնը, որպես վերացական սահմանադրություն, և վերացական հիմքի վրա է դրված, դա է հույսը:

Հույսը մի անդունդ է, որի անեզրական դատարկության մեջ մարդը մխիթարվում է այն բաներով, որ իսկապես չունի:

Դարտակ հույսը ծուլացնում է մարդուն, խլում է նրանից իր ինքնագործունեությունը և զրկում է տոկուն աշխատութենից: Դարտակ հույսը մարդուն ամեն բան դրսից է սպասել տալիս նա չէ թողնում, որ մարդ կանգնի իր սեփական ոտների վրա: — Նա միշտ նեցուկ է որոնում: Եվ այս պատճառավ մարդկային առաջադիմության մեջ չկա մի ավելի վնասակար բան, քան թե ցնորամիտ հույսըՆրա խաբեական երազների մեջ, - մարդ զրկվում է իր բոլոր ցանկությունների ստվերների հետ...:

Ինչ որ գործում է դարտակ հույսը մի անհատի կյանքի մեջ, նույնը գործում է նա մի ազգի պատմության մեջ: Քննեցեք մի ազգի պատմություն և այդ թո՛ղ լինի մեր ազգի պատմությունը, և կտեսնեք, թե ո՛րքան մեծամեծ վնասներ է կրել նա, ո՛րքան կորցրել է դարտակ հույսերից հրապուրված, և տակավին չէ խրատվել իր սխալներով74:

Ահա 850 տարի է, որ Հայաստանը մոնգոլական ցեղերի լծի տակ հեծում է. քաղաք չմնաց, որ մի քանի անգամ նրանցից կործանված չլինի. մեր աշխարհում մի քիչ տեղ չմնաց, որ նրանք արյունով չողողեին, տաճար չմնաց, որ նրանք չպղծեին, կամ իրանց կիսալուսինը նրա կաթողիկեի վրա չտնկեին: Շատ անգամ ամբողջ գավառներ ամայի անապատ դարձան այս բարբարոսների արշավանքներից. շատ անգամ բյուրավոր ընտանիքներ ոչնչացան գերության և հալածանքի մեջ: Սուլթանները հազարավոր լեզուներ կտրել տվին հայերեն խոսելու համար: Անգորայի, Տիգրանակերտի, Խարբերդի և Փոքր Ասիայի շատ կողմերում մայրենի լեզուն կորավ հայի բերանից: Եվ մոնղոլական այլանդակ կերպարանքը գեղեցկացավ, կանոնավոր ձև ստացավ հայոց գեղեցկուհիներր բռնությամբ դեպի հարեմ քաշ տալով: — Կրկնում ենք. 850 տարի է, որ թուրքերը կատաղի գազանի նման ուտում, մաշում և սպառում են հայոց ազգի մարմինը, և նա համբերում է...:

Ասում են, պատմական հալածանքները թողնում են պատմական ոխակալություն: Մի ազգ չէ մոռանում մի ուրիշ ազգի բարբարոսությունները, որ գործել է իր նախնիքների դեմ: Հույնը, պարսիկը ատում են հայերին, որովհետև հայերը ունեցել են նրանց պապերի հետ փոքրիկ հաշիվներ: Բայց հայը ոչ ոքին չէ ատում, չնայելով, որ նա բոլոր իր շրջապատող ազգերից հալածանքներ է կրել, հարվածներ է ստացել: Եվ հայի այս ներողամտությունը առաջ է գալիս ոչ թե նրա քրիստոնեական եղբայրասիրութենից, այլ նրա հոգեկան անզգայութենից...

Դիակները ատելություն չունեն. դիակները լուռ համբերություն ունեն...

Այո՛, 850 տարի է, որ հայը մոնգոլական կրակի մեջ այրվում է և մի ձայն, և մի բողոք չէ բարձրացնում: Դա հայի մեռելության նշանն է, որ նա պատվի, ինքնասիրության և ազատության զգացում չունի: — Ասում ենք մեռելության, և ոչ ստրկության, որովհետև դրանով չափազանց պատված կլինենք նրան, որովհետև ստրուկը գոնյա իր սրտում թաքցրած ունի մի խուլ ատելություն դեպի իր բռնակալը, և հարմար միջոցում դուրս է ժայթքում: Բայց հայը այդ էլ չունի:

Հայը ունի այն երազական ցնորքը, որ մենք հույս կոչեցինք, որով ապրում են, որով մխիթարվում են ծույլ և դանդաղկոտ ժողովուրդները, թե մի օր գերբնական կերպով ազատված կլինեն...

* * *

Ահա՛ զարկեց ժամը և Տաճկաստանի հարստահարված քրիստոնյաների վիճակը պիտի որոշվի: Քաղաքագետները դրան կոչում են արևելյան հարցի լուծում: Այս բազմադարյան խճճված հանգույցը պետք է լուծվի սրով: Հարստահարված ազգերը սուր բարձրացրին և մի հզոր պետություն նրանց պաշտպան հանդիսացավ, կոտորածը սկսվեցավ, և տակավին շարունակվում է...:

Բայց ի՞նչ արավ հայը:

Ոչինչ: Նա իր տեղում հանգիստ նստեց և խոտի նման կռվողների ոտքի տակ տրորվեցավ, և նրանց պատերազմական փոշու մեջ խեղդվեցավ: Հայի գլխին կատարվեցավ այն առածը, թե «ձին ու ջորին կռվեցան, էշը մեջտեղում սատկեցավ»:

Ի՞նչ կարող էր անել հայը, — հարցրեց բարեկամներիցս մեկը, երբ մի օր այս առարկայի վրա խոսում էինք:

Կարող էր ինքն էլ զենք բարձրացնել, — պատասխանեցի ես:

Նա այդ բանի մեջ շնորհք չունի:

Ուրեմն ոչինչ պահանջելու իրավունք ևս չունի:

Ի՞նչու:

Որովհետև ազատություն տրվում է այն ազգերին, որոնք իրանց ազատությունը սրով պաշտպանել գիտեն: Առանց արյունի ազատություն չկա, որպես առանց զոհերի փրկություն:

Բայց դուք մոռանում եք ընդհանուր մարդասիրությունը, — ասաց բարեկամս:

Դա մի ուռկան է, որով որսում են մեզ նման հիմարներին կրկին ստրկացնելու համար:

Բայց դուք մոռանում եք, որ մեր օգուտը մեր լռության և մեր հանգստության մեջն է...:

Այդ ես հասկանում եմ, հայը միշտ սովոր է այսպես մտածել. «Թո՛ղ ուրիշները փրթեն, ես կխփշտեմ»: — Այժմս էլ երևակայում է նա օգուտ քաղել ուրիշի թափած արյունից:

Բայց ես հույս ունեմ, հաստատ հույս ունեմ, — կրկնեց բարեկամս, — որ այս պատերազմով արևելյան հարցը կլուծվի, և հայն էլ կստանա իր մասն ու բաժինը:

Դարձյա՛լ հույս... Ռամկորեն ասում են, «հույսը ցանեցին ու տեղումը ոչինչ բուսավ»:

Մեզանից շատերը այդ հույսը ունեն: Բայց թե ի՞նչ հիմքի վրա է կայացած նա, հայտնի չէ: Միայն մենք ուրախանում ենք, երբ եվրոպական որևիցե լրագիր հայերի մասին ծուռ ու սխալ կերպով մի բան է հայտնել: Մխիթարվում ենք, որ եվրոպացին արժան է համարել արհամարհված հայի մասին խոսել: Մենք մխիթարվում ենք, երբ Եվրոպայի որևիցե քաղաքում, մի ժողովի մեջ հայկական հարց է բարձրացել: Տեսեք, ասում են, մեզ վրա ուշադրություն են դարձնում, մեր բանը պրծած է... Թուրքիայի հայը այսուհետև ազատ է... Մենք ուրախանում ենք, որ սուլթանը հայոց պատրիարքի հետ ողորմածությամբ է խոսացել, — նրան բարձր պատվանշանի է արժանացրել. — այդ բարձրագույն գութը ազգին է վերաբերում, ասում ենք, և մխիթարվում: Մենք ուրախանում ենք, մտածելով, որ ռուսը պատերազմը քրիստոնյաների իրավունքի և ազատության համար է հրատարակել. ուրեմն հայն էլ օգուտ կքաղի ռուս զինվորի թափած արյունից:

Եվ ուրիշ շատ բաներ մտածում ենք մենք...:

* * *

Շա՛տ լավ: Եվրոպացին խոսում է իր լրագրի մեջ, խոսում է իր ժողովների մեջ, ռուսն էլ արյուն է թափում, բայց ի՞նչ է անում ինքը հայը:

Նա իր տեղում անհոգ նստած է, նա լուռ է:

Մի լրագիր, մի ազգային թերթ միայն իր բողազը պատառում է: Բայց նրա ձայնը կարո՞ղ է հասնել Եվրոպայի ականջներին, քանի որ նույն իսկ հայոց լսելիքը խլացած են նրա համար: Այս լրագիրը առաջարկեց մի խումբ երիտասարդներ ուղարկել Եվրոպայի գլխավոր քաղաքներում մեր ցավերը հրատարակելու համար: Կատարվեցա՞վ: Այս լրագիրը առաջարկեց կազմել մի գիտնական ընկերություն և հայերի բոլոր հարստահարությունները առանձին գրքույկներով և զանազան լեզուներով հրատարակել, ու ամեն տեղ տարածել: Կատարվեցա՞վ: Այս լրագիրը հայտնեց, թե հասել է այն ժամանակը, երբ մեր եղբարց փրկության համար հարուստը չպետք է խնայե իր արծաթը, գիտնականը չպետք է խնայե իր հանճարը, եկեղեցականը չպետք է խնայե իր ազդեցությունը ու ջանքը, իսկ աշխարհականը, ռամիկը չպետք է խնայե իր արյունը: Այս լրագիրը շատ բաներ առաջարկեց, շատ բաներ խոսեց, բայց ի՞նչ արեցին կարդացողները: Ո՛չինչ:

Ուրեմն ի՞նչ կարող ենք հուսալ քանի որ այսպիսի անդամներից է բաղկացած մեր ազգությունը: Հարուստը իր փողն է պաշտում: Գիտնականը եռանդ և անձնազոհություն չունի: Եկեղեցականը անտարբեր է մնում: Աշխարհականը, ռամիկը սիրտ չունի, սիրտը մեռած է

«Մեր լռության մեջ են մեր շահերը», — ասում են հիմար իմաստունները:

Բայց գիտե՞ք հայի առածը` «մինչև երեխան լաց չէ լինում, մայրը ծիծ չէ տալիս»: Եթե այրական քաջություն չունենք, գոնյա երեխայի տրտունջ ունենանք. եթե ոչ, Եվրոպան մեր լռությունը բոլորովին ուրիշ կերպ կբացատրե. նա կմտածե, թե Տաճկաստանի հայը գոհ է իր վիճակից. և իրավունք էլ ունի այսպես մտածելու:

Ո՞ւր մնացին Կ. Պոլսի այն տաք գլուխները, որոնց բերանում անդադար հնչվում էր` «ռևոլյուսիոն մը ընելու է» խոսքը: Ո՞ր ծակը մտան այն ցնորամիտ երգիչները, որոնք իրանց տաղերի մեջ Հայաստանի անկախությունն էին երազում: Եվ ո՞ր օրվա համար էին այն ֆրանսիագետ և անգլիագետ պարոնների գրիչները, որոնք շատ անգամ մտածում էին այդ լեզուներով լրագիրներ հրատարակել հայոց ցավերը Եվրոպային հայտնելու համար:

Բոլորը լռվեցան, երբ տեսան բաշիբոզուկների սվինները: Բավական չէ, որ օտարը հայի մասին խոսում է. պետք է նա ևս, եթե չբարձրացրեց իր սուրը, գոնյա բարձրացներ իր ձայնը: Բայց այս բանի մեջ ևս նա շնորհք չունեցավ: Մինչև այսօր մի պաշտոնական ձև ունեցող բողոք չհայտնվեցավ հայերի կողմից: Մինչև այսօր մի ազգային պատգամավորություն չդիմեց ուր որ հարկն էր: Ժողովուրդը ոչինչ չարեց. ոչինչ չգործեցին և ժողովրդի ներկայացուցիչները:

Կ. Պոլսի հայոց պատրիարքը շողոքորթում է, կեղծավորվում է, և հայ եկեղեցականի հատուկ սովորությամբ` ազգի շահերը իր փառքին է զոհում: Պատրիարքը ստիպված է այսպես վարվել, մտածում են կարճատեսները: Դիցուք թե, նա այնքան անձնազոհություն չունի, որ իր ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար` հունաց Գրիգորի նման իր պատրիարքարանի դռանը կախաղան հանվի, դիցուք թե, նրա լեզուն Կ. Պոլսում կապվում է, բայց ո՞վ էր արգելում նրան թողնել Թուրքիայի մայրաքաղաքը, ընտրել մի եվրոպական քաղաք, թող այդ լիներ Լոնդոն, և այնտեղից իր ժողովրդի բողոքներին թարգման լիներ, ուր որ հարկն էր: Թող պատրիարքարանը նրա ծախսերի համար իր երեք հազար լիրա պարտքի վրա ավելացներ հազար լիրա ևս. պոլսեցիք սովորել են վճարել իրանց պատրիարքարանի պարտքերը:

Բայց ո՛չ, սուլթանի մի ժպիտը պատրիարքին մոռանալ տվեց հայ ժողովրդի արտասուքը և արյունը...:

Ինչո՞ւ ենք մեղադրում պատրիարքին, երբ ընդհանուր հայոց կաթողիկոսը, ազգի հոգևոր ներկայացուցիչը, նույնպես լռություն է պահպանում: Մի խնդիր, որ գուցե դարերով այլևս չպետք է կրկնվի, մի խնդիր, որով պետք է վճռվի Տաճկաստանի հայոց ապագանընդհանուր հայոց հայրապետը իրան անտարբեր է պահում դեպի այն, նա, որին միայն է պատկանում ազգի իրավունքների պաշտպանության ձայնը:

Հայոց կաթողիկոսի հայրապետական աթոռը մի ապահով երկրում է դրած, թուրքը նրան երկյուղ չէ կարող սպառնալ. բայց ինչո՞ւ է լուռ:

* * *

Այսպես չէ, որ մենք ենք մտածում: Մեզանում կան մի տեսակ կարճատեսներդժբախտաբար նրանց թիվը փոքր չէ, որոնք երևակայում են, թե հայի ապագան Տաճկաստանումն է, թե հայի գոյությունը կապված է թուրքաց կառավարության գոյության հետ: Նրանք մտածում են, թե այժմյան բարբարոսությունները, հարստահարությունները մի օր կվերջանան, երբ թուրքը կքաղաքակրթվի, այն ժամանակ, ասում են, հայը քաղաքացու հավասար իրավունք և ազատ կյանք կվայելե:

Այդ ցնորք է:

Թուրքը այսօր անկիրթ բարբարոս է, բայց քաղաքակրթվելուց հետո կդառնա կրթյալ ավազակ, և այն ժամանակ ավելի վտանգավոր կդառնա: Նա այսօր բռնությամբ հայի տղան, աղջիկը և կինը հափշտակում է և մահմեդական է շինում, բայց էգուց այնպիսի հրապուրիչ ձևեր կմտցնե, որ հայերը իրանց կամքով կդիմեն դեպի մահմեդականի մզկիթը: Նա այսօր ավազակի պես է կողոպտում, բայց էգուց այնպիսի օրենքներ կդնե, որ հայը ամենևին չի էլ զգա, որ իր աշխատության վաստակը մեծ մասամբ մտնում է արքունի գանձարանը:

Եվ ուրիշ կերպ լինել կարելի չէ, քանի որ տիրող ազգը աշխատելու շնորհք չունի, և միայն զենքով իշխելու քաջություն ունի: Այսպիսի ազգը պահպանում է իր զորությունը հպատակ ազգերի ձեռքի աշխատանքով: Թուրքը մի զինվորական ազգ է: Երկրի վաճառականությունը, երկրագործությունը, արհեստը, մշակությունը, բոլորը հպատակ և ոչ-մահմեդական ազգերի ձեռքումն է. — հայտնի բան է, որ դրանք պետք է աշխատեն թուրքի համար: Թե միշտ այսպես է եղել զինվորական ուժերի վրա հիմնված ազգերի և պետությունների հարաբերությունը իրանց աշխատասեր, բայց անզեն հպատակների հետ, — դա պատմության մեջ մի ապացուցված բան է:

Զինվորական ուժերի վրա հիմնված պետությունը, այլ խոսքով, մի ազգ, որ ամբողջապես բաղկացած է զինվորականներից, մի վիթխարի վիշապ է, որ կլանում է, ուտում է, ոչնչացնում է ինչ որ արդյունաբերում է ողորմելի հպատակի աշխատասեր ձեռքը: Այս վիշապը կուլ է տալիս ամբողջ ազգեր ու ժողովուրդներ իր մարմինը պարարտացնելու համար:

Մենք ունենք պատմություն, 850 տարվա պատմություն, թե ինչպես է վարվել մեզ հետ թուրքը: Նրա ամեն մի տողը արյունով և արտասուքով է գրված: Ով որ ուրանում է պատմությունը, առաջ ինքն է կնքում իր դատապարտության դատակնիքը:

Մի՞թե երեկվա գազանը կարող է այսօր հրեշտակ դառնալ: Մինչև նրա հրեշտակ դառնալը, Թուրքիայում հայի անունը միայն մնացած կլինի:

* * *

Ժամանակը մոտեցավ, պատերազմը վերջանալու վրա է, բայց հայը տակավին մի նշանավոր տնօրենություն չէ արած իր համար: Մինչև այսօր փոքր ի շատե աչքի ընկնող բան, որ երևցավ, դա էր Սեթ Աբգարի տետրակը: Բայց ի՞նչ մեծ նշանակություն կարող է ունենալ մի փոքրիկ տետրակ այնքան դարերի և մանավանդ այժմյան ցավերը արտահայտելու համար, որոնց ամբողջ հատորներով գրքեր չեն բավական:

Մյուս, ինչ որ լսվել է մինչև այսօր, ճանճի բզզոցներ կարելի է համարել, որոնք կարող են միայն ծիծաղ շարժել, և ոչ ցավակցություն: Եվ ի՞նչ նշանակություն կարող են ունենալ մեր բզզոցները եվրոպական ընդհանուր մարդասիրությունից զուրկ, եսական քաղաքականության առջև, քանի որ սլավոնական ցեղերի թնդանոթների որոտմունքը, և նրանց թափած արյան մրմունջը ազդեցություն չեն գործում:

Իսկ այդ պետք չէ, որ հուսահատեցնե մեզ: Եվ եթե Թուրքիայի հայի դաժանական դրությունը չի բարվոքվի ևս, գոնյա պատմության դատապարտութենից ազատվելու համար, գոնյա ապագա սերունդի մոտ սևերես չմնալու համար մենք պետք է թափենք մեր բոլոր ճիգը ներկա հանգամանքներից օգուտ քաղելու, և եթե չհաջողվի ևս, մեր որդիքը կասեն, թե մեր հայրերը աշխատեցին

ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ

Ծանի՛ր զքեզ

Ինքնախաբեությո՛ւն... դա մի շատ հասարակ բառ է, բայց նրա մեջ թաքնված են մարդու բոլոր թշվառությունները: Տեսնում ես մեկը հիմար է, բայց կարծում է, թե խելք ունի: Մյուսը երկչոտ է, կարծում է, թե առյուծի սիրտ ունի: Երրորդը ոչինչ չէ սովորել, բայց իրան հանճար է երևակայում: Չորրորդը չարագործ մեկն է, բայց իրան առաքինության տիպար է համարում: — Այս բոլորը առաջ է գալիս ինքնախաբեությունից:

Ինքնախաբեությունը մի աչք միայն ունի և նա ամեն բան լավ կողմից է տեսնում, նրա մյուս աչքը կույր է տգեղություններ, այլանդակություններ և մոլություններ տեսնելու համար: Եվ այս պատճառով այն թշվառականը, որ մի այդպիսի ողորմելի դրության մեջ է գտնվում, միշտ գոհ է իր վիճակից, որովհետև իր մեջ թերություններ չէ տեսնում: Եվ դրա համար նա միշտ անշարժ է մնում. ոչ մի ձգտում դեպի առաջադիմություն և ոչ մի պահանջ կյանքից չունի. — իրան ամեն բանով լիացած է համարում:

Ինքնախաբեությունը բարոյական ինքնասպանություն է. մի մեռելություն է, որի մեջ մարդկային բոլոր կրքերը հանգիստ են...

* * *

Ինքնախաբեության հակառակն է ինքնաճանաչությունը, նրա հայրը նախանձն է, իսկ մայրը` դժգոհությունը: Նա ոչինչ բանով բավական չէ: Նա շատ բան ունի, բայց միշտ մտածում է, թե սակավ ունի: Նա միշտ դեպի վեր է նայում, աշխատում է բարձրանալ: Նա ըմբռնել է ընդհանուր մարդկային կատարելությունները, նա ծանոթ է բարձր և վսեմ գաղափարների հետ, և իրան համեմատելով կատարելագործված ընդհանրության հետ, գտնում է շատ փոքր և փոքր...: Դրա համար միշտ դժգոհ է: Նա կրկնում է Սոկրատեսի հետ. «Ես միայն մի բան գիտեմ, այն է, որ ոչինչ չգիտեմ»: Այդ խոսքի մեջն է ինքնաճանաչության բոլոր վսեմությունը:

Երանելի է այն մարդը, որ այսպես է զգում: Այստեղից է առաջ գալիս տոկուն աշխատությունը, դա է ոգևորում մարդուն դեպի անդադար առաջադիմություն, դա է ծնում հանճարները, արհեստը, գիտությունը և աշխարհի բարօրությունը:

Դժգոհությունը իր վիճակից` մի ազնիվ գրգիռ է, որ տանում է դեպի նրա բարվոքումը:

* * *

Որպիսի բնավորություններ հայտնվում են անհատների մեջ, նույնպիսիք և հայտնվում են ամբողջ ժողովուրդների և ազգերի մեջ: Որովհետև բոլորը կազմված է մասներից, ինչ որ մասներն են, այն և բոլորն է:

Կան ազգեր, որ շատ գոհ են իրանց վիճակից, կարծում են, թե ամեն բան ունեն և իրանց թերությունները չեն տեսնում: Կան նաև ազգեր, որքան առաջ են գնում, որքան արդյունաբերում են, որքան կատարելագործվում են, — այնքան դժգոհ են:

Խոսենք մեզ վրա:

Մենք գտնվում ենք կատարյալ ինքնախաբեական վիճակի մեջ:

Ընտանիքը, ազգայնության հիմքը, սկսել է մեզանում փտել, այլանդակվել, - մի կողմից շռայլությունը, մյուս կողմից անբարոյականությունը օրըստօրե ոչնչացնում են նրա մեջ ինչ որ բարի է, ինչ որ ազնիվ է: Նա կորցրել է իր նահապետական պարզությունը, և նոր, այսպես կոչված եվրոպական կրթութենից` սեփականել է միայն վատ կողմերը: — Ո՛չ, ասում են, այդպես չէ, մի բան, որով կարող է պարծենալ հայը, դա է նրա ընտանեկան սրբությունը, որի մեջ տիրում է խնայողություն, անդամների առաքինական ներդաշնակություն և այլն:

Մեր լեզուն, ասում ենք, սկսել է կորչել ազգի բերանից. Տաճկաստանի հայը տաճկերեն է խոսում, Ռուսաստանի հայը ռուսերեն է խոսում, Պարսկաստանի հայը պարսկերեն, Հնդկաստանի հայը անգլերեն. և ամենավտանգավորն այն է, որ այդ ախտը սկսում է ընտանիքից: — Ո՛չ, պատասխանում են, այդպես չէ, մեր լեզվով Ադամն ու Նոյն էին խոսում, ի՞նչ հայ կա, որ իր լեզուն չգիտենա:

Մեր գրականությունը աղքատ է, ասում ենք, ժողովուրդը զուրկ է մնում մտավոր սնունդից. պահանջում ենք մեր հասարակութենից ընթերցանություն, բայց նրան գիրք չենք տալիս: — Իսկույն ցույց են տալիս Եղիշեն և Խորենացին: Էլ ի՞նչ: — Մի քանի էլ կրոնական գրքեր:

Մեր դպրոցները, ասում ենք, ամենաթշվառ դրության մեջ են, նոր իմաստակների ձեռքում խաղալիք են դարձել: Նրանք կորցրել են հին ձևը, որն թեև փտած էր, բայց ինքնուրույն էր և դարևոր փորձերի վրա էր հիմնված: — Ո՛չ, այդպես չէ, պատասխանում են, և իսկույն ցույց են տալիս քեզ եվրոպական մանկավարժությունը: Թեև այդ եվրոպական մանկավարժություն ասած բանը այնքան են հասկանում մեր վարժապետները, որքան հասկանում են մեր աղջիկները եվրոպական մոդայով ձևած մի հագուստ, որ պատրաստ գնել էին ֆրանսուհի դերձակից:

Մեր եկեղեցին այլանդակվել է, ասում ենք, փոխել է իր նախնական պարզ կերպարանքը, դարձել է ծիսապաշտության, շնորհավաճառության և անհավատության մի գործարան: — Դու անկրոն ես, անհավատ ես, պատասխանում են, եկեղեցու սրբության դեմ չէ կարելի խոսել, մեր եկեղեցու նման ազատ եկեղեցի չկա:

Մեր եկեղեցական կառավարությունը, ասում ենք, դարձել է բաշիբոզուկների վարչություն. կամայականությունը տիրում է կարգի և կանոնների վրա. անարժանները առաջ են գնում, արժանավորները ճնշվում են: — Իսկույն ստանում ես միևնույն հիմար պատասխանը, թե դու կրոնի դեմ ես խոսում, և հետն էլ ավելացնում են մի քանի հայհոյանքներ:

Մեր եկեղեցականները, ասում ենք, դարձել են անպիտան մշակներ. նրանց գիտությունը, նրանց վարքը չէ համապատասխանում իրանց հանձն առած պաշտոնին: Նրանք ավելի գայթակղեցնում են մեր ժողովուրդը, քան թե նրան մի բարոյական և հոգևոր ուղղություն են տալիս: — Իսկույն քեզ ցույց կտան Ներսես Մեծին, Սահակ Պարթևին և Մեսրոպին: Իսկ այժմյաննե՞րը: — Այժմյանները քավում են իրանց մեղքերը հների աշխատությամբ...:

Մեր լրագրությունը, ամսագրերը և եռամսյա հանդեսները, ասում ենք, փոխանակ արթնացնելու ժողովուրդը իր նախապաշարմունքներից, փոխանակ նոր և թարմ մտածությունների հետ ծանոթացնելու, փոխանակ նրան դեպի ուղիղ ճանապարհը առաջնորդելուավելի մոլորեցնում են, ավելի թմրեցնում են նրան իր անշարժության մեջ: — Այսպես պետք է կրթել ժողովուրդը, պատասխանում են քեզ:

Վերջապես ամեն բան մեզանում լավ է գնում...: Խոսում ես տնտեսական անկարգության վրա, վաճառականության անկանոնության վրա, երկրագործության հետամնացության վրա, արհեստի նահապետական դրության վրա, գյուղացու` մշակ դասի ողորմելի վիճակի վրա, մի խոսքով, ամեն բանի վրա, ինչ որ պետք է մարդուն, — միևնույն պատասխանն ես ստանում, ամեն ինչ լավ է մեզանում...:

Այս բոլորը առաջ է գալիս ինքնախաբեութենից. այս բոլորը առաջ է գալիս այն միակողմանի հայացքից, որ մենք ամեն բան լավ կողմիցն ենք տեսնում:

* * *

Ինքնախաբեությունը մեզանում ծնեց մի տեսակ «ազգասերներ», որոնց վրա մինչև այսօր ո՛չ մեր վիպասանները, ո՛չ մեր թատրոնական բեմը և ո՛չ էլ մեր լրագրությունը ուշադրություն չեն դարձրել: Դրանց նշանաբանը բովանդակվում է այս սկզբունքի մեջ. «Ինչ որ հայկական է, այն լավ է»:

Այս տեսակ «ազգասերները» մի կատարելագործված տիպ են ներկայացնում մեր հասարակության մեջ, որոնք, կարծես, պատկանում են մի առանձին շկոլայի, որի հիմնադիրը հայտնի չէ:

Դրանք, արդարև, սիրում են ազգը, որպես մի երիտասարդ սիրահարված է լինում մի օրիորդի վրա, որն նրան ամենևին չէ ճանաչում, որը նրա բերանից մի խոսք անգամ չէ լսել, որը նրա կողմից ոչ մի շնորհ չէ տեսել, բայց նա սիրում էՕրիորդի հիմարություններն անգամ սիրելի են նրան...:

Next page