Չարենց Եղիշե՝   Երկիր Նաիրի, Երևանի ուղղիչ տնից

Մի բան, որ առաջին հայացքից աչքի էր զառնում այդ վերի կամերաներումդա այն էր, որ դրանց բնակչության մեծ մասը զուրկ էր ամենատարրական հարմարություններից: Շատերը ո՛չ մատրաց ունեին, ո՛չ վերմակ: Շատերը քնում էին երկու ընկերով՝ մի վերմակի ներքո: — Խեղճություն էր, չքավորություն, անտերություն ու կեղտ... Ծանր տպավորություն էին թողնում այդ կամերաները մանավանդ գիշերները:

Խեղճություն է, անսահմա՛ն խեղճություն,— ասում էի ես հաճախ Ուղղիչ Տան պետին, երբ նա գիշերները գալիս էր կամերաները նայելու. — հարկավոր է օգնել:

Էս է՝ արհեստանոցները կարգի բերենքգուցե հնարավոր լինի օգնելու: Գոնե մի-մի մատրաց էլ է տանք՝ էլի բան է:

Չգիտեմ՝ մինչև հիմա եղա՞վ արդյոք այդ հնարավորությունը՝ գոնե մի-մի մատրաց տալու այդ խեթերին, այդ «թշվառներին», ինչպես կասեր դրանց մասին ֆրանսացի մեծանուն վիպասանը:

Կալանավորական կյանքի մի շարք կողմեր, որ մինչ այդ անհայտ էին ինձ, առաջին անգամ իմ ուշադրությունը գրավեցին ութերորդ կամերան տեղափոխվելուց հետո: Սրան թերևս օգնեց և այն հանգամանքը, որ սկզբից ևեթ ես ինձ «հավասար» պահեցի նրանց հետ: Պայմաններն էլ ինձ համար այնպես էին դասավորվել, որ ես ուզած չուզած՝ պիտի ապրեի նրանց պես, համարյա նրանց կենցաղով: Դրսից արդեն ես ոչինչ չէի ստանում՝, սպիտակեղենս, ինչպես և նրանք, տալիս էի լվանալու Անուշին ու Մարգարիտին, որի համար, ինչպես և նրանք, նվիրում էի նրանց հաց, ծխախոտ, կամ էժանագին կոնֆետներ: Ծխախոտի և այլ պետքերի համար փող գտնելու միակ հնարավորությանս այն հնարավորություններն էին, որ ունեին նրանք, ծախում էի իրերս, խանութից պարտք վերցնում և այլն: — Այնպես որ որոշ չափով մենք հավասար մարդ՛իկ էի՜նք, և այս հանգամանքն ինձ օգնեց մասամբ շահելու նրանց ընկերական վստահությունը:

Վերի կամերաների կյանքն ուսումնասիրելու խնդրում ութերորդ կամերան հարմար էր և ա՛յն տեսակետից, որ մի տեսակ ակումբ էր բոլոր վերի կամերաների համար: Մեզ մոտ կային երաժիշտներ, որ երկար նվագում էին երեկոները և ունկնդիրների ահագին բազմություն հավաքում: Մեզ մոտ էր, վերջապես, և լյումպենռեցիդիվիստների շտաբն ու նրանց պարագլուխը Բաղդասարը:

Մեր, այսինքն ութերորդ կամերայում, լյումպեններից բացի կային և մի քանի այլ կալանավորներ: Ամենից առաջ հարկավոր է հիշել երկու թուրք կալանավորների, որ թեկուզ մեր կամերայում էին բնակվում, բայց իրենց առանձնացած էին պահում, համարյա չէին մասնակցում կամերայի ընդհանուր կյանքին: Սպանության գործով դատապարտված երևանաբնակ թուրքեր էին դրանք, որ դրսից միշտ ուտելեղեններ էին ստանում, բայց երբեք չտեսա, որ մեկին հյուրասիրեին: Այնինչ մի անգամառաջին և վերջին անգամերբ Օսը տնից խմորեղեններ ստացավ, — գյուղական գաթաներ և փախլավաներհինգ րուպե անց՝ ոչ մի կտոր չմնաց: Մոր ուղարկած բավականին մեծ սնդուկում: Թուրք կալանավորներն աշխատում էին խոզանականոցում, առավոտները գնում էին, երեկոները գալիս: Ուղղիչ Տան ճաշը չէին ուտում, իսկ հացը հավաքում էին ու տալիս չքավոր կալանավորներին՝ իրենց մատուցած որոշ ծառայությունների հանդեպ, օրինակ՝ լվացքի, ամաններ լվանալու և այլն: Մեզ Հետ համարյա չէին խոսում, բայց չէին էլ խանգարում մեզ: Մինչև լույս էլ աղմկելու լինեինք՝ չէին բողոքի: Չեզոք էին պահում միշտ իրենց՝ երբ կալանավորները վարչության հետ այս կամ այն վեճն էին ունենում: «Անշառ» մարդիկ էին, ինչպես ասում էր Բաղղասարը, և մեր կամերայի բնակչությունը դժգոհ չէր նրանցից:

Մեր կամերայում ապրում էին երկու պոլսեցի Հաջին ու Միհրանը: Հաջին մոտ 35 տարեկան, միջահասակ, բաց կապույտ աչքերով և դեղին մազերով մի կալանավոր էր, խաղաղ, մեղմ բնավորությամբ, ինչպես և նրա ընկերը: Դատապարտված էր սպանության գործովև մարդ դժվար էր հավատում, որ կապույտ աչքերով այդ խաղաղ մարդն ընդունակ է սպանության: Կամերայում հայտնի էր նրանով, որ ուդ էր նվագում: Մանդոլինի նման, սակայն մի փոքր մեծ, գործիք էր դա, տաճկական մանդոլին, որի հնչյունները մեղմ էին, ինչպես Հաջու բնավորությունը: Երեկոները ծալապատիկ նստում էր իր կոյկայի վրա, հավաքում էր շուրջը մի քանի ուրիշ պոլսեցիներ, երկա՜ր-երկա՜ր նվագում էր մեղմ, սրտաբեկ, տխուր երգեր՝ ձայնակցելով ուդին իր նույնպիսի մեղմ, սրտաբեկ ձայնով: Երգերի մեծ մասը տաճկական ժողովրդական երգեր էին, ինչպես և նրանց զրույցն էր տաճկերեն: Բացի պոլսեցիներից ու, կարծեմ, Միսաքից՝ ոչ ոք չէր հասկանում ու սիրում ուդը, այդ բադանման գործիքը, որի ձայնը նման էր մեռնող երեխայի հառաչանքի:

Միհրանը 50-նն անց մարդ էր արդեն, նախկին մսագործ, որ մորթել էր իր ընկերոջը՝ խանութի շուրջը եղած վեճի պատճառով: Նույնպես մեղմ բնավորություն ուներ չնայած աժդահա հասակին և բավականին բռի, կոպիտ արտաքինին: Սա էլ երեկոները ծալապատիկ նստած՝ ունկնդիր էր լինում Հաջու նվագին և մելամաղձոտ ու տխուր օրորում գլուխը: Ինչքան մոտենայի նրան այդ վայրկյանին՝ գլուխը կբարձրացներ ու կասեր.

Շա՛տ անուշ կնվագե... Անո՛ւշ կուգա սրտիս...

Սրանք երկուսն էլ աշխատում էին արհեստանոցներում և օրվա մեծ մասը կամերայից դուրս էին անցկացնում:

Մեր կամերայում էր մնում նաև Միխո անունով մի նախկին բաղնիսպան, որ դատապարտված էր միջնորդության գործով: 50-ին մոտ մարդ էր. բարձրահասակ, գլխակախ, չոր: Մի բան կար դեմքի արտահայտության մեջ, որ հիշեցնում էր ներքինու: Դեմքը երկարավուն էր ու չոր, վրան դեղին մագաղաթ, այտոսկրները ցից, ինչպես մոնղոլի, սպիտակախառն, բորբսնած մազերը խուզած մեքենայով: Աչքերը մանր ու անարտահայտիչ, հայացքն իր մեջ քաշած, փակ, ինչպես բանալին կորած կողպեք: Մտերիմ ձայն ուներ ու խոսում էր կամացուկ, բայց տարօրինակ շտապ՝ բառերի վերջավորությունները կլանելով: Ասում էր նախադասությունը արագու հանկարծ, անսպասելի՝ կտրում: Խոսելիս սովորություն չուներ երեսիդ նայելու. խոսում էր մի կողմ, կարծես երրորդ անձնավորության հետ էր խոսում: Լռակյաց էր. ահռելի քայլվածք ուներ, քարերի վրայով էլ քայլելիս լիներ՝ կարծես քայլում է խալիչայի վրայով: «Երևի մեծ դիվանագետ կլիներ, կամ մեծ ինկվիզիտոր, եթե ապրեր միջին դարերում ու այլ պարագաներում» — մտածում էի ես միշտ՝ Միխոյին նայելիս:

Գլխակախ, լուռ, ինքն իր մեջ խորասուզված՝ անլսելի քայլերով երեկոները քայլում էր Միխոն միջանցքում ու քաշում էր թազբեհը: Կամ մեկի կոյկային նստած՝ գաղտնի զրուցում: Մոտենայիրանպայման կընդհատեր զրույցը՝ ինչի մասին էլ խոսելիս լիներ: Նստելու ձևն անգամ յուրօրինակ էր. նստում էր կոյկայի, կամ նստարանի եզերքին՝ չոր, ցից՝ կարծես հենց այնպես, մի վայրկյանքով է նստելայս րոպեիս կբարձրանա ու կգնա: Խորը հետք են թողնում մարդկանց ամեն ինչի վրա արհեստները, դրա ամենալավ ապացույցն էրԱյդ զարմանալի Միխոն:

Նույն գործով դատապարտված ապրում էր մեր կամերայում և մի երիտասարդ՝ Կարո անունով: Բայց սա, ինչպես երևում էր, պատահական մարդ էր այդ ասպարեզում: Թառի՛ մեծ սեր ուներ և երազանքն էր նվագել սովորել և դառնալ թառիստ: Մի փոքրիկ թառ ուներ, որով և զբաղվում էր ամբողջ օրը, սադափներ էր փակցնում վրան, նախշում, գեղեցկացնում: Նրանից վարակվելով՝ սկսեց իր ուդը սադափազարդել նաև Հաջին, բայց կարծեմ ավելի շուտ փչացրեց իր յուրօրինակ գործիքը, քան գեղեցկացրեց: Բացի սադափազարդելը նա իր ուդը մի անգամ տարավ Եֆիմ Բրավելմանի մոտ և երեսին նկարել տվեց Մասիսները: «Մասիսն ու Արարատը» — ինչպես ասում էր նա՝ ցույց տալով մեծ ու փոքր Մասիսները: Նրա կարծիքով փոքր Մասիսի անունը Մասիս էր, իսկ մեծինը՝ Արարատ...

Կարոն ոչ միայն մեր կամերայում, այլև ամբողջ Ուղղիչ Տանը հայտնի էր և՛ նրանով, որ ասեղների և հասարակ մուրի միջոցով նկարազարդում էր կալանավորների մարմինները: Կրծքերին աղջիկներ էր նկարում, թևերին՝ սիրտ ու խարիսխ: Լյումպեն կալանավորների մեջ չափազանց տարածված էր այս: Կային կալանավորներ, ինչպես օրինակ՝ Լազգին, որոնց ամբողջ մարմինը զարդարված էր նկարներով: Հետաքրքիրն այն էր, որ Լազդու բոլոր հարմար ու անհարմար տեղերի վրա նկարված էին... իհարկե, աղջիկներ: Միխոն ևս իր կրծքի վրա ռուս կին նկարել տվեց, իսկ թևերի վրա մանկահասակ աղջիկներ... Եֆիմ Բրավելմանը նախապես թղթի վրա քիմիական մատիտով նկարում էր հարկ եղած պատկերը, որը և թրջում էին ու փակցնում մարմնին: Հետո թուղթը հանում էին, և մարմնի վրա դուրս եկած ուրվագծով սկսում էր աշխատել Կարոն: Եֆիմ Բրավելմանը սրանից էլ, իհարկե, հասույթի աղբյուր էր ստեղծել, այնինչ Կարոն աշխատում էր միանգամայն անշահ լոկ արվեստի համար, որպես անշահ արվեստավոր...

Բացի սրանցից՝ ութերորդ կամերայում ապրում էին՝ Բաղդասարը, Օսը, Համոն, Լազգին, Դարչոն, Միսաքը և Գլդան անունով մի գյուղացի երիտասարդ, որը դատապարտված էր գողության համար: Սա հենց ա՛յն կալանավորն էր, որ խոսում էր գիշերները ու իր աներևույթ ոսոխների հետ մենամարտում: Կային և երեք գյուղացի կալանավորներ, բայց նրանք շուտով գնացին և չթողին իմ հիշողության մեջ և ո՛չ մի հետք: Ես դիտմամբ հիշատակելու համար առանձին պահեցի ե՛ս երկու կալանավորի, որոնցից մեկը մեր կամերան մաքրողն էր, իսկ մյուսը՝ մեր կամերայի «ավագը»: Կամերայի ավագ առհասարակ ընտրվում էր տվյալ կամերայի ամենաազդեցիկ կալանավորը: Նրա պարտականությունն էր հսկել մաքրությանը և միևնույն ժամանակ նա կուլտբաժնի ներկայացուցիչն էր համարվում տվյալ կամերայում: Այսպես էր, ընդհանրապես, բոլոր կամերաներում: Այսպես չէր սակայն ութերորդ կամերայում: Այստեղ ավագին դարձրել էին ավագ սպասավոր, որ ճաշ ու մթերքներ էր ստանում ու բաժանում և, միևնույն ժամանակ, մաքրում կամերան ու լվանում ամանները: Նրան իբրև օգնական նշանակել էին մի ուրիշին, որի հետ և միասին նրանք հոգում էին մեր «տնային» պետքերը: Առաջինը Անդրկասպյան երկրից մեր Ուղղիչ Տունն ընկած համարյա աննորմալ մի կալանավոր էր, դատապարտված գողության համար, երկրորդը ամերիկյան որբանոցի մի նախկին որբ նույնպես գողության գործով: Առաջինի անունն Արամ էր, երկրորդինը՝ Ազատ, բայց չգիտեմ ինչու ութերորդ կամերայի բնակիչներն այս վերջինիս շնորհել էին «Կնյազ» տիտղոսը...

Սրանցով սպառվում է ութերորդ կամերայի բնակչության անձնական կազմը:

Այս բոլոր կալանավորներից Ուղղիչ Տան զանազան հիմնարկներում աշխատում էին՝ թուրքերը, պոլսեցիները, Համոն, Օսը, Միսաքը, Դարչոն, որ Ուղղիչ Տան սափրիչն էր. Միխոյին բաղնիսպան էին կարգել, Բենժամենը բանսեղանի ցուցակագիրն էր, իսկ Եփրեմը հաշվապահը: Լազգին, ինչպես գիտենք, սանսեկցիայի փոխնախագահն էր. մնացածներն անգործ էին և ամբողջ օրը թրև էին գալիս Ուղղիչ Տանը, կամ կամերաներում նստած զբաղվում էին զանազան գործերով: Կարոն իր թառին անվերջ սադափներ էր փակցնում, Բաղդասարը հացի խմորից համրիչներ կամ վարդատունկեր էր պատրաստում, իսկ մյուսներն անվերջ խազում էին «կատորժանին» կոչված խաղը, որ բավականին անիմաստ մի խաղ էրսակայն ինչո՞վ չէր զբաղվի անգործ կալանավորը, որպեսզի ազատվի ձանձրույթից:

«Կատորժանինը» խաղում էին այսպես: — Քսանևհինգ բարակ սրածայր, կլոր փայտիկներ էին, որոնցից հնգի վրա թվանշաններ կային գրված՝ 5, 10, 15, 20, 25, կային և 2-նոց ու 3-նոց փայտիկներ, որոնց վրա թվանշանի փոխարեն քաշած էին լինում համապատասխան քանակությամբ գծիկներ: Մնացած փայտիկները համարվում էին մեկանոց: Ամբողջ խաղի էությունն այն էր, որ այդ փայտիկները բռի մեջ ի մի հավաքած՝ գցում էին սեղանին, կամ կոյկայի վրա, նայած թե ինչի՛ վրա էին խաղում, — և ապա մեկ-մեկ հավաքում, սակայն յուրաքանչյուր փայտիկ հարկավոր էր վերցնել այնպես, որ մյուսները չշարժվեն: — Վերցնելուց հետո հաշվում էին վերցրած փայտիկների քանակը: — Ահա և ամբողջ «կատորժանինը»:

Առաջին հայացքից կարելի է նկատել, թե որքա՛ն կռիվներ ու վեճեր կարող են ծագել այսպիսի մի «նուրբ» խաղի շուրջը,

Ժաժա՛ց

Չժաժա՛ց...

Անապացուցելի բան է նկատելը, մանավանդ երբ նկատում են շահագրգռված կողմերը. — դե եկ որոշիր «ժաժա՞ց», թե «չժաժաց»...

Եվ ամբողջ օրը, մանավանդ երեկոները, ութերորդ կամերայում այդ վեճն էր՝ ժաժա՞ց, թե՞ չժաժաց: Խաղում էին բացառապես ծխախոտի վրա. վարպետներ էին համարվում Միհրանը և Բաղդասարը:

Դեռ կորպուս տեղափոխվելուց առաջ ես գիտեի, որ կան կալանավորներ, որոնք «անաշա» են ծխում: Անաշան աֆիոնի նման մի բան է, որ հարբեցնում է ծխողին: Վնասակար բան է, թուլացնում է տեսողությունը և զրկում է կամքից ու ընդունակություններից: Դրա դեմ կռվելը չափազանց դժվար է, համարյա անհնարին այն պարզ պատճառով, որ շատ քիչ տեղ է բռնում, մի գրամը բավական է չորսհինգ ծխախոտի, իսկ յուրաքանչյուր ծխախոտը՝ հարբեցնելու համար: Ինչքա՛ն էլ մանրակրկիտ խուզարկեն՝ կարելի է անցկացնել: Եվ կալանավորներն անցկացնում էին ու ծխում:

Անաշայի ազդեցության յուրահատուկ կողմերից մեկն էլ այն է, որ ծխողին միանգամայն հիմարացնում է, համարյա դարձնում իդիոտ: Ծխողը թուլանում է, հիմարաբար ծիծաղում, հետո ծանրանում է գլուխը ու քնում:

Առաջին անգամ երբ ես տեսա անաշա ծխած մի կալանավորի դա ինձ վրա թողեց համարյա միստիկական տպավորություն, որպիսի տպավորություն թողնում են ընկնավորներն ու յուրոդիվիները: Դեռ ես չէի լսել անաշայի մասին, անունն անգամ չգիտեի: Երեկո էր, և ես գնացի 5-րդ կամերան, ուր այն ժամանակ մնում էր Բենժամենը: Դռնից անմիջապես աջ Սուրենի կոյկան էր, երբ մտա ներս տեսա Սուրենին, որ նստած էր իր կոյկայի ծայրին: Շուրջը հավաքվել մի քանի կալանավորներլուռ, խորհրդավոր՝ նրան էին նայում: Բան չհասկացա:

Ո՞նց ես, — հարցրի Սուրենին:

Ուսերը վեր քաշեց, նայեց երեսիս և հիմարաբար ժպտաց: Մեկը ծիծաղեց: Հիվանդոտ, ո՛չ իր, իդիոտային ծիծաղով ծիծաղեց և Սուրենը: Կալանավորները հռհռացին: Ես ապշած սրան-նրան էի նայում, երբ Խաչիկը բռնեց իմ թևից, տարավ մի կողմ և կամացուկ ասաց,

Անաշա է ծխել:

Եվ հետո, երբ տեսավ, որ չեմ հասկանում՝ բացատրեց, թե ինչ բան է անաշան, Ո՞նց են ծխում և ի՞նչ ազդեցություն է ունենում ծխողի վրա:

Ութերորդ կամերայում անաշա ծխում էին շատերը: — Սակայն անաշա ծխելու ամենամեծ վարպետը Հաջին էր, ոչ թե մեր կամերայի ուդ նվագող Հաջին, այլ մի ուրիշ Հաջի, որ ապրում էր հարևան կամերայում, սակայն օրվա մեծ մասը մեզ մոտ էր անցկացնում:

Իր տեսակի մեջ շատ հետաքրքիր մարդ էր այդ Հաջին, որին մեր կամերայի Հաջու հետ չխառնելու համար՝ կանվանենք միմիայն «Հաջի», իսկ մերինին՝ «մեր Հաջի»:

Արդեն քառասուն տարեկան, բարձրահասակ, թխադեմ, սև, դուրս ընկած աչքերով, որոնք ունեին դեղնած սպիտակուցներ (վերջին երկու հանգամանքն էլ հետևանք էին անաշա ծխելու) — ահա Հաջու ընդհանուր նկարագիրը: Սև բլուզ էր հագնում, մազերը սանրում խնամքով: Օձիքի մի կոճակն արձակած: Վիրտուոզ գող էր, ռեցիդիվիստ, որակյալ աֆերիստ: Մի անգամ քաղաք գնաց Հսկիչի ուղեկցությամբև նրա աչքի առաջ կարողացել էր թռցնել մի սքանչելի ջութակ: Բավականին լավ ջութակ էր նվագում և սիրում էր ջութակը ամեն բանից ավելի: Երգում էր խզված, հարբեցողի ձայնով, ասում էր, որ լավ ձայն է ունեցել ժամանակին, բայց ձայնն էլ, ինչպես և տեսողությունը, կերել է անաշան: Արտիստի բարակ, երկար մատներ ուներ, որոնք դողում էին որևէ բան բռնելիսնույն անաշայի հետևանքով: Տաճկաստանցի էր, կարծեմ Տրապիզոնի կողմերից, տաճկական սպա էր եղել, սքանչելի գրում էր ու խոսում տաճկերեն, ասում էր տաճկական կոլեջ է ավարտել, բայց դժվար էր հավատալ: Գրում էր բավականին տգետ բանաստեղծություններ, ասում էր, որ թուրքերեն երկու վեպ ունի գրած, որոնք, իբր, հրատարակել է Ադրբեջանի Պետհրատը: — Սա ևս չեմ կարծում, որ համապատասխանի իրականության:

Վերջին անգամ Հաջին ձերբակալվել ու դատապարտվել էր մի բավականին հետաքրքիր գործով: Բաթումից գալիս է Լենինական ներկայանում, թե Աջաըստանի կոոոպերատիվների ներկայացուցիչն է և եկել է Հայաստանի կոոպերատիվների հետ ծանոթանալու: Ներկայացնում է համապատասխան վկայականներ: Խնդրում է աջակցել, որպեսզի կարողանա ծանոթանալ ապրանքների գներին: Այս ամենի շնորհիվ ամեն տեղ ընդունում են լիակատար վստահությամբ և ցույց տալիս ուզած ապրանքները: Առաջին օրը մի խանութից գողանում է, պահելով վերարկուի տակ, մի քանի հատ շևրո, մի թոփ շևյոտ և մի դյուժին կանացի գուլպաներ: Հետո նորից՛ Երրորդ անգամ նկատում են ու ձերբակալումև այդ համարձակ, բայց վերջ ի վերջո փոքրիկ աֆերիստը դուրս է գալիս Լենինականի քրեական բաժնին իր նախկին քաջագործություններով արդեն իսկ քաջ հայտնի ռեցիդիվիստ Հաջին:

Բայց և այնպես շատ սրտառուչ պատմություն էր Հաջու ջութակագողության պատմությունը: Նախքան այդ՝ Հաջին քանիցս ասել էր մեր կամերայում, ուր գալիս էր հաճախ՝ Բենժամենի ջութակը նվագելու.

Ա՛խ, մեկ ջութակ ձեռք ձգեմ նեբա՛ն չեմ ուզեր...

Մի անգամ էլ եկավ և հայտնեց բորբոքված, հուզմունքից կրակված աչքերով.

Մեկ ջութակ եմ տեսել՝ տասնևութ տարեկան աղջիկ...

Եվ կարոտով ու քնքշանքով համբուրեց իր մատների ծայրերը: Հետո ցուցամատը շարժելով, կարծես սպառնալով մեկին, ավելացրեց.

Ինչպես ալ ըլլա պիտի թռցնեմ... էն աստված՝ պիտի թռցնեմ... Ա՛յ կտեսնե՛ք:

Եվ նա, ինչպես արդեն գիտենք, թռցրել էր այդ ջութակը: Հսկիչի հետ ինչ-որ գործի պատրվակով գնացել էր քաղաք, մտել այն խանութը և թռցրել: Այնպիսի զարմանալի վարպետությամբ, որ ո՛չ հսկիչն էր տեսել, ո՛չ խանութպանը: Սակայն բախտն այս անգամ ևս դավաճանել էր Հաջուն և այն էլ այնպիսի մի տեղում, ուր նա ամենից քիչ կարող էր կասկածել իր ուժերին: Ջութակը պահած է լինում վերարկուի ներքևը, և ահա, Ուղղիչ Տան դարբասներից մտնելիս Հաջին քսվում է դռան երկաթներին, ու դավաճանում է նրան իր այնքան ջանքերով փախցրած սիրուհին... Լարերը զնգում են ու մատնում հսկիչներին Հաջու վերարկուի գաղտնիքը: Բարձրացնում են վերարկուն, տեսնում ջութակը և Հաջուն, ջութակի հետ մեկտեղ, ներկայացնում պետին: Պետը կանչում է խանութպանին և հանձնում նրան թռցրած ջութակը:

Այդ երեկո հուզված, բորբոքված, արյուն կաթող աչքերով մտավ մեր կամերան Հաջին, և նրա ձայնի մեջ լաց կար, տխրություն ու մորմոք, երբ նա ասաց.

Դնգա՜ց շունշանորդին... Ձայն հանեց... Երանի թե ինծի տաս տարու նոր վճիռք տային, միայն թե չխլեին ինծմե այդ ջութակը...

Այդ երեկո մինչև գիշերվա կեսը անաշայով գլանակներ ծխեց Հաջին ու հուսահատ մորմոքաց: Եվ նա, այդ Հաջին, որ շատախոս էր ընդհանրապես լռակյաց էր դարձել այդ երեկո: Դեղին, անաշայից ավելի ևս ուռած աչքերով, երբեմն միայն մոտենում էր մեկնումեկիս ու գլուխը դառնորեն օրորելով, մղկտալով ասում.

Դնգա՛ց շունշանորդին... Այդքա՛ն տեղ հասցուցի՝ դնգաց... Չենե ո՛չ մեկ մարդ կրնար խլել Հաջու ձեռքեն այդ ջութակը...

Եվ հանկարծ սիրտ էր տալիս իրեն՝ սպառնալով ինչ-որ մեկին.

Պիտի թռցնե՛մ... նորե՛ն պիտի թռցնեմ... Ես Հաջին չըլլամթե չթռցնեմ...

Սակայն միանգամայն պարզ էր, որ էլ ո՛չ ինքն է հավատում իր ասածին, ո՛չ ուրիշները:

Խե՛ղճ Հաջի...

XVIII. Դրամախաղը Ուղղիչ Տանը, վերաբերմունքը դեպի մատնիչները և Բաղդասարը՝ իբրև լյումպեն կալանավորների գաղափարախոս ու տեսարան

Մի անգամ ցերեկը ես մտա մեր կամերան տեսնեմ Բաղդասարը ծալապատիկ նստած է իր կոյկայի վրա, դեմն էլ ինձ անծանոթ մի թուրք կալանավոր զար են գցում: Նախ մեկն էր գցում, հետո մյուսը: Խաղը կոչվում էր «բայբուրդ»:

Հետաքրքիր էր նրանց զար գցելու ձևը: Զարը գցում էին մի փոքր ցած կռացած, հետո հետ շրջվում, բարձրաձայն տնքում ու աջ բռունցքը խփում կրծքներին, կամ բաց ձեռքը՝ ծնկներին: Ստացվում էր մի տեսակ շախսեյ-վախսեյի տպավորություն:

Դրամ խաղալը խստիվ արգելվում էր Ուղղիչ Տանը, սակայն կալանավորները, գլխավորապես լյումպենները, խաղում էին գաղտնի: Ինչ միջոցների էլ վարչությունը դիմեր անհնարին էր միանգամայն արմատախիլ անել այն: Հանրակեցության բոլոր օրենքները պարտադիր են բոլոր պայմաններում: Եթե ապրում ես մի կամերայում, որոշ հասարակության մեջ ապա ուրեմն չպետք է դավաճանես նրանց տարբական շահերին: Մատնիչությունը մահացու մեղք է համարվում բոլոր կալանավորների մեջ անխտիր, նրանք ունեն իրենց չգրված բարոյական օրենքներըև վա՛յ նրանց, ովքեր կխախտեն այդ օրենքները: — Նրանք կդառնան կալանավորական հասարակության պարիաները, չանղալաները, և, ինչպես հնդկական Մանուն է ասել իր հռչակավոր օրենսգրքում, թե «չանդալան չպետք է խմե աղբյուրների ջրից» — այնպես էլ յուրաքանչյուր կալանավոր ձեզ կասի, որ «մատնիչը չպետք է նստի այն սեղանի շուրջը, ուր նստում են մյուսները, չպետք է ուտի ընկերական հացը և խմի ընկերական ջուրը»: Անխոս, առանց այլևայլության, նա կենթարկվի բոլորի ատելությանը և արհամարհանքին, այնպես որ ինքն իր աչքին անգամ կդառնա, որպես շունը: Կալանավորական բարոյականության այս նորմերը առանձնապես անխախտ էին պահվում լյումպենների շրջանում, քանի որ սրանք մի տեսակ «պրոֆեսիոնալ» կալանավորներ էին, որոնց համար կյանքի ու մահու խնդիր էր վարչության հետ ունեցած փոխհարաբերությունը: Սրանք առանձին կաստա էին, մի ինքնամփոփ կաստա, որ իրեն հակադրում էր վարչությանը, և ով ընկնում էր նրանց շրջանը կամ պիտի ենթարկվեր նրանց բարոյական նորմերին, կամ հեռանար: Ծայրահեղ դեպքում նրանից պահանջվում էր «խիստ չեզոքություն» — այս իմաստով էր ահա, որ Բաղդասարը մեր կամերայի թուրքերին համարում էր «անշառ» մարդիկ:

Հարկավոր է ասել սակայն, որ նույն այդ լյումպենների շարքում կային մարդիկ, որ մի անգամ քաղաք գնալու համար իրենց բոլոր ընկերներին կծախեին: Վատն այստեղ այն էր, որ դրանք հայտնում էին վարչությանը իրենց ընկերների այս կամ այն անթույլատրելի արարքը ո՛չ թե քաղաքացիական գիտակցությունից դրդված, ելնելով բարոյական ուրիշ, ավելի բարձր նորմերից, այլ անձնական ամենամանր օգուտի համար, մի թաս «ոսպե ապուրի» ակնկալությամբ: Բայց վա՜յ նրանց, եթե նրանց արարքն իմացվեր: — Այդպիսիների թիվը սակայն այնքան էլ շատ չէր: Եթե անողներ էլ կայինանում էին գաղտնի, այնպես որ չէր իմացվում:

Մնում էին հսկիչները: Նրանք էլ հո չէի՞ն կարող միևնույն ժամանակ բոլոր կամերաներում լինել, հինգ կամերային մի հսկիչ կար միայն, որ շրջում էր միջանցքում, այնպես որ դրամ խաղացող կալանավորները, որոնք, ի միջի այլոց, այնքան էլ շատ չէին, այսպես թե այնպես, գտնում էին հնարավորություն քիչ թե շատ խաղալու:

Երբ ես ներս մտա խաղացողները կասկածոտ ինձ նայեցին, միայն այն, որ ես «ինտելիգենտ» էի, արդեն կասկած էր ներշնչում: Սակայն ինձ ճանաչող կալանավորները վստահեցրին նրանց խիստ արտահայտիչ նշաններով ու հայացքներովև խաղը շարունակվեց: Քանի որ ես մտել էի նրանց շրջանը և ցանկություն ունեի շահելու նրանց վստահությունը՝ ինձ մնում էր առնվազն «չեզոքություն պահել» — և ես պահեցի:

Ընդամենը տասը րոպե տևեց նրանց խաղը: Հետո թուրք կալանավորը վերկացավ, ձեռքերը ծափ տալու նման իրար խփեց և հեռացավ: Հարցրի Բաղդասարին.

Որքա՞ն տարար:

Խաղացողին չե՛ն հարցնի, թե որքան տարար, դա խոսք չի՛, դաստիարակի տոնով պատասխանեց Բաղդասարը ու քաշվեց մի կողմ: Նա տարել էր և հուզված էր երևում: Աչքերը փայլում էին, ռունգերը դողում: Շնչում էր ծանր ու ընդհատ:

Հետո ես շատ անգամ տեսա Բաղդասարին խաղալիս, տանելիս նա ավելի էր հուզվում, քան տարվելիս: Տարվելիս, օրվա որ ժամին էլ դա լիներ, հանում էր շորերը, մտնում անկողին, գլուխը ծածկում վերմակով ու քնում: Գուցե և չէր քնում, այլ տառապում էր անհանգիստ, ու ծածկում էր գլուխը, որ չնկատեն հուզմունքը: — Ո՞վ իմանա:

Մի անգամ երեկոյան, երբ ես վերցրել էի մի գիրք և ուզում էի կարդալ, — ութերորդ կամերան տեղափոխվելուս երրորդ, թե չորրորդ օրն էր. — հանկարծ ինձ մոտեցավ Բաղդասարը:

Ընկե ր Չարյանց, եկեք խելք մրցենք:

Ո՞նց թե «խելք մրցենք». ո՞նց մրցենք, Բաղդասա՛ր:

Այ, ձեզ ասեմ: Ուզո՞ւմ եք հետաքրքիր հանելուկներով:

Լա՛վ, տո՛ւր:

Նա ասաց մի քանի հանելուկներ, որոնցից ոչ մեկը ես չկարողացա գուշակել: Նա խիստ գոհ, համարյա արհամարհանքով, սեփական գերազանցության խոր գիտակցությամբ ժպտաց և գնաց իր տեղը: Ես պարտված էի և գիտեի, թե դա ի՞նչ է նշանակում նրանց շրջանում: Ինչ գնով էլ լիներ՝ հարկավոր էր փրկել համարումս: Ուստի ես մոտ կանչեցի նրան և առաջարկեցի, որ լուծի մի հասարակ երկրաչափական խնդիր: Նա իսկի չուզեց էլ մտածել:

Դա ի՞նչ բան է, որ դրա վրա մարդ մտածի... Դա սովորելո՞ւ բան է. ով սովորել էկարող է... Դուք էնպես բան ասեք, որ խելքի բան լինի և ոչ թե սովորելու: Այ, օրինակ ասեմ՝ Æåëåçî ïуçî–… Կարո՞ղ եք ռուսերեն մի բառ էլ գտնել, որ «çî»–ով վերջանա... Ձեզ երեք ամիս ժամանակ:

Մտածեցինք թե՛ ես, թե՛ Եփրեմը, թե՛ Բենժամենը` Չգտանք... Բաղդասարը, գոհ, գնաց պառկեց իր տեղը՝ միանգամայն համոզված, որ հողին հավասարեցրեց մեզ՝ ինտելիգենտներիս: Ու տեղից մեզ ասաց.

Ձեր այդ կարդացած ու գրած գրքերը հենց մի կոպեկի էլ որ տաք չե՛մ գնի... Դուք խե՛լք ասեք:

Պարզ էր. Բաղդասարին հարկավոր էր իր զենքով խորտակել: Հարկավոր էր գտնել մի այնպիսի հանելուկ, որ նա չկարողանար գուշակել, — բայց ո՞րտեղից գտնեինք մի այդպիսի հանելուկ:

Տարօրինակ ամբողջական տիպ էր Բաղդասարը և իր տեսակում կատարյալ: Հզոր մկաններ ուներ և շատ էր պարծենում դրանցով: Կյանքի մեջ դրանք նրա միակ զենքն էին եղել գոյության պայքարում, և նա, դրանց վրա հենվելով՝ ստեղծել էր իր սեփական գերազանցության տեսությունը: Հպարտ էր, որ դեռ ոչ մի կալանավոր չի համարձակվել դիպչել իրեն և համոզված էր, որ ինչ շրջան էլ ընկնի դրանցով կնվաճի իր տեղը: Այս դեռ մենք, իբրև ինտելիգենտներ, որ ա՛յլ պատկերացում ունեինք կյանքի ու պայքարի մասին, կարող էինք ներել: Սակայն նա բնազդով հասկանում էր, որ մենք կարող ենք այլ զենքով պարծենալ ու մրցելև ահա նա այստեղ էլ ամեն կերպ ձգտում էր ապացուցել իր գերազանցությունը միանգամայն անկեղծ համոզված, որ կյանքում, որը նրա համար սոսկ կենդանական պայքար էր եղել, ոչինչ չի կարող տրված լինել մարդկանց, որոնք զուրկ են մետաղյա մկաններից ու երկաթյա բռունցքներից: Այս վերջիններս էին Բաղղասարի աչքին Homo sapiens տեսակի գլխավոր հատկանիշները...

Եվ երբ մենք, ինտելիգենտներս, նրան մի անգամ ասինք, թե այն կյանքում, որով մենք ենք ապրում, շատ քիչ նշանակություն ունեն բռունցքներն ու մկաններընա համոզված պատասխանեց.

Գիտե՞ք ինչ. ես ձեզ կասեմ հետևյալը... նույնիսկ էն շրջանում, որտեղ դուք եք ապրումդուք չեք կարող լինել առաջինները... Իսկ ես իմ շրջանում կլինեմ:

Ինչո՞ւ, Բաղդասար:

Որովհետև, — ասաց նա կուրծքն ուռեցնելով և մկանները լարելով, — որովհետև բռունցքներ չունեք:

Ջեկ Լոնդոնի հերոսներից էր Բաղդասարը, Ալյասկայում իր ժամանակին նա կարող էր լավ «ոսկի որոնող» լինել, վերածնության շրջանում կոնկվիստադոր, կամ կոնդոյտոր

Իսկ հիմա... Հիմա մեր աշխարհում Բաղդասարը շատ-շատ կարող էր լյումպենների տեսաբան լինել, քաղաքի «մութ անկյունների» և Ուղղիչ Տների մեկուսացման կամերաների հերոս: Որովհետև չնայած կամքին, որոշ խելքին և հզոր մկաններին մանկական էր նրա հոգեբանությունը և տարրական էր այն միակ զենքը, որ նա ուներ բանեցնելու գոյության պայքարում:

Լսո՞ւմ ես, Բաղդասա՛ր այն աշխարհում, ուր մենք ենք ապրում ու պայքարում, ո՛չ մի նշանակություն չունի առանձին անհատի մարմնական ուժը. ա՛յլ օրենքներ կան այստեղ և պայքարի ավելի անշոշափելի ու նուրբ զենքեր, որոնք սակայն շատ ավելի են մահացու ու հատու, քան քո մետաղյա մկանները և բրոնզյա բռունցքները

Այսպե՛ս է, սիրելի Բաղղասար:

Մի անգամ կամերայում նստած ես միտք էի անում, թե ի՞նչ է լինելու իմ քաղաքացիական դրությունը, երբ ես դուրս գամ Ուղղիչ Տնից, յուրաքանչյուր հիմնարկության հետ գործ ունենալիս պետք է հայտնե՞մ արդյոք, թե կալանավոր եմ եղել, դա պարտադի՞ր է արդյոք, թե ոչ: Մոտեցավ Բաղդասարը: Հետաքրքրվեցի իմանալ նրա կարծիքի, բայց ոչ թե ուղղակի հարցով, այլ կողմնակի ճանապարհով:

Բաղդասա՛ր, — ասի ես միամտաբար, — . որ դուրս գաս այստեղից ինչո՞վ ես զբաղվելու:

Զարմացած նայեց երեսիս և ժպտաց ներողամտաբար, ինչպես մեծերն են Ժպտում երեխաների միամիտ հարցերին: — Ինչո՞ւ եք հարցնում:

Հենց այնպես...

Ու զգացի, որ սխալ է մոտեցումս: Ուզեցի շտկել սխալս, բայց, ինչպես ասում են հոնքը շինելու փոխարեն աչքն էլ հանեցի: Հարցրի պարզապես.

Եթե, ազատվելուց հետո, գործ ունենալու լինես որևէ հիմնարկության հետ՝ պիտի հայտնե՞ս, որ կալանավոր ես եղել:

Նա ավելի ևս զարմացած, համարյա ապշած, երկար նայեց երեսիս, զննող հայացքով տնտղեց դեմքս, ժպտաց ու կամացուկ ասաց.

Լրտես հո չե՞ք...

Թեկուզ գիտեի կալանավորների, մասնավորապես Բաղդասարի, ծայր աստիճանի կասկածոտ լինելը այնուամենայնիվ նրա այդ խոսքերը ծայր աստիճանի ծանր տպավորություն թողին իմ վրա:

Չե՞ս ամաչում, Բաղդասա՛ր, — ասի ես Բաղդասարին, — պատվաբեր չի տղամարդուն այդքան կասկածոտ լինելը:

Ո՞նց չլինեմ ընկեր Չարյանցառանք զղջալու պատասխանեց Բաղդասա րը. — կյանքումս հենց ո՛ւմ որ հավատացել եմ զղջացել եմ: Մա՞րդ էլ մարդու հավատա... Հարազատ հո՛րս չեմ հավատա, էլ ո՞ւր մնաց ընկերոջ... Հենց ո՛վ ուզում է լինի:

Իր ապրած կենդանական կյանքի դառն փորձն էր խոսում Բաղդասարի շրթունքներովև նրան դժվար էր հակառակը համոզել:

Ես այդտեղ նկատեցի մի հետաքրքիր գիծ ևս նրա հոգեբանության մեջ, որ ընդհանրապես հատուկ էր բոլոր կալանավորներին, իսկ, իհարկե, գերազանց չափերով՝ լյումպեններին: Նրանք չէին հասկանում զուտ տեսական, սկզբունքային հետաքրքրությունը որևէ հարցով: Մի բան, որ բխում էր, իհարկե, նույն կասկածամտությունից: Հեռավոր աստղերի մասին էլ հարցնելու լինեիր նրանց, նրանք կաշխատեին դրա հետևը թաքցրած որևէ գործնական, կոնկրետ նպատակի հետապնդում տեսնել, մի նպատակի, որը կարող է օգուտ տալ նրանց, կամ վնասել: Լինեին կարծես որսորդական շներով շրջապատված գազաններ, որ յուրաքանչյուր կողմից սպասում են վտանգի: Եվ այս տեսակետից էլ ամենաարտահայտված տիպըԲաղդասարն էր: Այդ օրը, երբ Բաղդասարը ցույց ավեց դեպի ինձ այդքան կասկածոտ վերաբերմունք ես որոշեցի «վրեժխնդիր» լինելիհարկե, փորձելու համար նրա բնավորության մի ա՛յլ կողմը ինքնասիրությունը: Այդ նպատակով ես որոշեցի դիպչել նրա ամենանուրբ տեղին «տղամարդ», «քաջ» մարդ լինելու համարումին:

Երեկոյան ժամը 11-ին, կամ 12-ին, երբ բոլորն արդեն պառկել էին տեղերում և պատրաստվում էին քնելուես հանկարծ ասացի Բաղդասարին բարձրաձայն, որպեսզի լսի ամբողջ կամերան.

Բաղդասա՛ր, ա՛յ, դու ամենաքաջ մարդն ես համարում քեզ ամբողջ Ուղղիչ Տանը, այնինչ այսօր մի քանիսն ինձ ասացին, որ քեզանից վախկոտն ամբողջ Ուղղիչ Տանը չկա... Որ դու հերոս ես միայն ռեցիդիվիստ լակոտների շրջանում...

Այդպիսի մի միտք մի քանի օր առաջ ճիշտ որ ինձ հայտնել էին լենինականցի կալանավորները, որոնք առհասարակ, որպես տոհմային Լենինականցիներ տառապում էին պարծենկոտությամբ, — բայց նրանց չէի հավատում: Իսկ Բաղդասարին ես այդ հայտնեցի վերացական ձևով, իբր «ոմանց» կարծիք՝ նախ մի փոքր նրան «խոցելու» և ապա նրա վերաբերմունքն իմանալու համար: Եվ ես ափսոսացի ու զղջացի, որ արի այդ փորձը...

Следующая страница