Չարենց Եղիշե՝   Երկիր Նաիրի, Երևանի ուղղիչ տնից

«Տա՜նը՜ը՜ը՜մե՛նադե՛ ջանտա՜ա՜նը՜ը՜ը՜մե՜-ե՜ե ե՜ն...»:

Իսկ մյուս կողմից, գալիս էին գնացքներ, ամեն օր, ամեն գիժեր գալիս էին գնացքներ անհայտ հեռուներից դեպի Նաիրյան այդ քաղաքը: Ու լցվում էր քաղաքը զինվորներով, լցվում էր քաղաքը օր օրի վրա, վայրկյան վայրկյանի ետևից: Ուրախ էինԵգոռ Համբարձումովը, Բոչկա Նիկոլայը, մանրավաճառ Կոլոպոտյանը: Ուրախ էր, ընդհանուր առումով, ամբողջ Լորիս-Մելիքյանը՝ կայարանիցմեյդան: Էլ, իհարկե, առավոտ կանուխ, մշուշի միջից իր խանութը վազող նաիրցի վաճառականը, մանրավաճառը, չարչին, Հաջի Մանուկոֆն ու Կոլոպոտյանը չէին մտածում, որ մինչև ինը տասը, ինչպես այդ տեղի էր ունենում առաջ, պետք է իրենց խանութների դռանը անգործ կանգնած, ձանձրությունից հորանջեն: 0, ո՛չ, իհարկե, ոչ: Առավոտվա ծեգից մինչև երեկոյան մութը լի՛քն էր, լի՛քն էր լինում փողոցը հիմա «սոխով ու սխտորով», ինչպես անվանում էին խանութպանները ռուս զինվորներին և գյուղացի նորահավաքներին: Եվ ի՞նչ, վատ չէ՛ր: Որը մի քառորդ շաքար, որը հինգ կուղեկի հալվա, որն էլ ուրիշ մի բանամենքից «մի կուղեկ, հաշիվըհարյուր՝ մանեթը կա: Այդ դեռ մանըրմունրը: Սրա հետ համեմատածթալան էր, ինչպես, նախանձելով, ասում էր Կոլոպոտյանը, — Հաջի Մանուկոֆինը, պարսիկինը և ուրիշ մեծ մաղադաներինը՝ փոդրաթչիներինը: — «Տասը վագոն սապոն, 10 խոզի ճարպ, տասն էլ չգիտեմ ի՞նչ զահրումար» — ահա, Կոլոպոտյանի հաշվով, նրանց «տոմարը»: Մենակ Մեռելի Ենոքն էր, խեղճը, հին օրերի օրը. սկզբում նա կարծեց, որ իր գործը ևս աջողակ կգնա, բայց չարաչար սխալվեց, մեռնողները, ճիշտ է, շատացան աշխարհում, բայց ո՛չ այնպիսիքը, որոնք պետք ունեին դագաղի, «սոխերին», ինչպես նա էր ասում, «կադյոնի» էին թաղում, այսինքն՝ առանց դագաղի, իսկ «սխտորները»... Դե՛, ե՞րբ էին այդ տրեխավոր «բոիները» մարդավարի ապրել: Այնպես որ նա, ինչպես առաջ, օրվա մեծ մասն անգործ, ձանձրույթից ձանձրացած՝ թիթեղե սպիտակ հրեշտակներ էր փակցնում պատրաստի դագաղների վրա, իսկ երբ դրանից էլ էր ձանձրանում Մեռելի Ենոքըգնում էր Տելեֆոն Սեթոյի սրճարանը՝ վերջինիս եղբոր, հիսունն անց Քոռ. Արութի հետ դոմինո խաղալու: Վերջինս ճիշտ որ կույր էր, բայց, բարեբախտաբար, մի աչքից միայն, այդ մի աչքը Քոռ Արութը կորցրել էր երիտասարդ ժամանակ՝ Բարեկենդանի օրը մեյդանում «ղոչի» հետ մենամարտելիս: Նրա մոտ էր գնում Մեռելի Ենոքը իր ձանձրույթը փարատելու, որովհետև իր նման անգործ էր լինում Քոռ Արութը. եղբոր սրճարանում Քոռ Արութը, եթե կարելի է այսպես արտահայտվել վարում էր մշտական խաղակցի պաշտոն: Մեկմեկ էլ կայարան էր գնում Մեռելի Ենոքը եկող-գնացողին նայելու, որտեղից նա վերադառնում էր տխրած կամ ուրախացած, տխրած, որ ինքը ո՛չ մի շահ, ո՛չ մի հասույթ չունի գնացող-եկողներից, և ուրախացած, որ ինքը չկա և, երևի, երբեք էլ չի լինի ուղարկվողների շարքերում: Բայց Մեռելի Ենոքի այդ եթերային ուրախությունը տեղի էր տալիս ծայրահեղ տխրության, երբ նա, քաղաք վերադառնալով, տեսնում էր խանութներում տիրող եռուզեռը: — Բոլորը աշխատում էին, բոլորը շահումբացի իրենից միայն և մեկ էլ իր միակ սրտակից՝ Քոռ Արութից: Բայց նրան վիճակված էր զրկվել և իր այդ միակ սրտակցիցմի հանգամանք, որ խոր տպավորություն թողեց նրա ինքնասիրության վրա և մտցրեց նրա կյանքում ևս որոշ փոփոխություններ...

Մի անգամ, իր անպետք դագաղներից ու հրեշտակներից ձանձրացած, Տելեֆոն Սեթոյի սրճարանը գնաց, ըստ սովորության մի ձեռք դոմինո խաղալու, Մեռելի Ենոքը, բայց մեծ եղավ զարմանքը, երբ տեսավ, որ Քոռ Արութը սրճարանում չկա: Կարծեց թե դուրս է գնացել, սպասեց, սպասեցբան դուրս չեկավ. Քոռ Արութը չկար: Տելեֆոն Սեթոն էլ, դե, առաջվանը չէր. նրա սրճարանը ավելի քան լիքն էր լինում հիմա, դժվարանում էր հարցնի: Վատ զգաց իրեն Մեռելի Ենոքը, սիրտը պայթում էր սրտմտությունից, այնպես որ չկարողացավ համբերել, մոտեցավ հարցրեց: «Գործի եմ դրե վակզըլի մեյդանը»–եղավ Տելեֆոն Սեթոյի պատասխանը. «չայ կծախե»: Չհասկացավ առաջին վայրկյանին Մեռելի Ենոքը, բայց մտաբերեց կայարանը, հիշեց, հիշեց վակզալի մեյդանը: Սուսուփուս դուրս եկավ Սեթոյի սրճարանից ու շտապ քայլերով դիմեց կայարան: Գնում էր, խոշոր քայլերով, հևիհև վազում էր փողոցի մեջտեղից Մեռելի Ենոքը. հրում էին նրան, հայհոյում էին երբեմն, երբ դիպչում էր նրանց, բայց ուշադրություն չէր դարձնում, գնում էր գլուխը կախ և ձեռքերը թափահարելով: Երկար, սև, խունացած չուխի առանց այդ էլ բորբոսնած փեշերը քսվում էին փողոցի փոշուն, ավլում էին փողոցը. նա գնում էր անկանգ, Լիր Արքայի նման սրտում դառնություն ու կսկիծ՝ Մեռելի Ենոքը գնում էր կայարան: Վերջապես նա հասավ կայարան և նո՛ր գլխի ընկավ կարծես, որ նրա դիմացը գտնվող նախկին ամայի տարածությունը դարձել է արդենբազար, դարձել է, ինչպես Տելեֆոն Սեթոն հորջորջեց — «Վակզըլի մեյդան»: Նույն խոշոր քայլերով մտավ վակզալի մեյդանը Մեռելի Ենոքը և այն է, դեռ նոր էր սկսել, դեռ նոր էր ուզում փնտրել իր ընկերոջը՝ Քոռ Արութին, երբ մեկը քաշեց նրա փեշից: — «Պաշոլ, հայվարա» — կարծելով, որ ռուս զինվորներն են չուխիցը քաշում, հայհոյեց Մեռելի Ենոքը բարկացած, բայց... «Ե՛ս եմ, մա՛րդ Ասսու, հաչք չունի՞ս» — լսեց Քոռ. Արութի ձայնըև շուռ եկավ դեպի նա: Ու մնաց, արձան կտրեց՝ տեղնուտեղը քարացավ Մեռելի Ենոքը տեսած տեսարանից: — Փոքրիկ մի սեղան. Առաջին կանգնած թեյ էր լցնում թիթեղե թեյամանից քոռ Արութը. կողքին մի ռուս զինվոր պարզել էր ձեռքը, որ վերցնի: «Յա՛, տո. գործի՞ ես էղե, Հարութ...» — բացականչեց Մեռելի Ենոքը՝ հայացքը, պուշ, Քոռ Արութին հառած: — «Հա՛, ի՞նչ էնենք, Ենոք՜ ջան, յավաշ-յավաշ փարա կաշխատինք, ի՞նչ կա օր–»: — Կարծես արդարանալով, կարծես պարծենալով պատասխանեց Արութը. սկսեց դեմը դրած բաժակները մաքրել նայե՜ց նայե՜ց, կոտրած ժպիտը դեմքին, իր նախկին խաղընկերոջը Մեռելի Ենոքը, մի երկու կցկտուր հարցուփորձ արավ առևտրի մասին. — «Է, էրթամ» — ասաց, ապա, առանց ընկերոջը նայելու, Մեռելի Ենոքըև շուռ եկավ անսպասելի կերպով, խոշորագույն քայլերով վերադարձավ քաղաք:

Հաջորդ օրվանից, փոքրիկ սեղանի դեմը կանգնած, հաց ու կալբաս էր ծախում վակզալի մեյդանում Մեռելի Ենոքը, իսկ մի շաբաթ անց այլևս չէին վախենում, նրա խանութի առաջով անցնելիս, քաղաքի երեխաները. Մեռելի Ենոքը լիկվիդացիայի էր ենթարկել դագաղագործությունը և զբաղված էր այժմ «ձեռքի առուտուրով»:

Ահա՛ թե ինչ փոփոխություններ էին արդեն տեղի ունեցել, մի երկու ամսվա ընթացքում, քաղաքի կյանքում, — իսկ ընկ. Վառոդյանը դեռ սպասում էր, հիմարը, որ «կենտրոնը» տեղեկացնի իրեն ինչ-որ խորհրդավոր որոշումների մասին, որից հետո միայն, ընկ. Վառոդյանի կարծիքով, պիտի տեղի ունենային որոշ փոփոխություններ...

Եվ ահահիշում եմ, ինչպես օրս, սիրելի ընթերցող. — նորի՛ց, նորի՛ց, և ամեն ինչի սկզբում, ամեն ինչ սկսողը, ամեն հասարակական քիչ թե շատ աչքի ընկնող երևույթի մասին առաջին շեփորողըսա ի՛նքն էր, Համո ՀամբարձումովիչՄազութի Համոն էր Նաիրյան այդ քաղաքում: Եվ այս անգամ էլ էլի նա՛ էր, էլի նա ինքը, քաղաքի ամենաազդեցիկ մարդը, «Լույսի» կառավարիչը և «Ընկերության» տեղական կոմիտեի նախագահըՄազութի Համոն: Իհարկե, «Ընկերության» ազդեցիկ անդամ լինելուն էր հարկավոր վերագրել այն հանգամանքը, որ Մազութի Համոն ամեն ինչ գիտեր, ամեն ինչ իմանում էր ժամանակին և ժամանակին էլ հայտնում էր, ում որ հարկն էր, ում որ հարկավոր էր հայտնել: Բայց այս դեպքում հարկավոր էր հայտնել ի լուր բոլորի, «հայտնի՛ր բոլորին» — այսպես էր գրված, ասում էր ընկ. Վառոդյանը, այն գրության վրա, որ ստացվել էր, ավելի ճիշտ կլինի ասել` որ ստացել էին «Կենտրոնից»: Ընկ. Վառոդյանը իր սեփական աչքերով տեսել էր այդ գրությունը Մազութի Համոյի գրասենյակում. Համո Համբարձումովիչն ի՛նքն էր ցույց տվել այդ հետաքրքիր գրությունը ընկ, Վառոդյանին: Ընկ. Վառոդյանն էլ, չգիտենք թե ինչու, հարկ էր համարել հայտնել ամենից առաջ պ. Մարուքեինբայց ոչ թե «Կենտրոնից» ստացած այդ գրության, այլ այն «ըղձալի տեղեկության» մասին, որ բերել էր գրությունը: Պ. Մարուքեն այնքան էլ չէր սիրում ընկ. Վառոդյանին, այդ, ինչպես արտահայտվում էր նա — «Նաիրցի վարժապետին», որի կռնակի վրա, ինչպես հայտնի է արդեն քեզ, սիրելի ընթերցող, «Դառնության կենտրոնից» հիշատակ էին մնացել հետաքրքիր հետքեր: Ընկ. Վառոդյանն էլ, իր հերթին, վերևից էր նայում այդ «Եվրոպացի ավանակ Դրաստամատյանին», որի պատմական ազգանվան սկզբնատառը այդպես անբարեխղճաբար փոխելով բավականին զվարճություն էր պատճառում ընկ. Վառոդյանը ծանոթ օրիորդներին: Բայց ընկ. Վառոդյանի նման, ոչ այնքան էլ բարյացակամ, վերաբերմունքը դեպի պ. Մարուքեն բխում էր ո՛չ թե անձնական, այլ ավելի քան օրյեկտիվ, հասարակական պատճառներից, բանն այն է, որ պ. Մարուքեն երբեմն թույլ էր տալիս իրեն բավականին երկիմաստ հայտարարություններ անել «Ընկերության» հասցեին, ահա՛ թե ինչ... Այս բանը նրան ո՛չ միայն ընկ. Վառոդյանը, այլև Կլուբի Մեյմունն անդամ չէր կարողանում ներել, թեկուզ նա, այդ կոշկակար Սիմոնը, ոչ թե անգամ էր «Ընկերության», այլ սոսկական համակրող: Եվ ինչպե՞ս էր համարձակվում պ. Մարուքենահա՛ զարմանալին, ո՞վ, ո՞վ չգիտեր, որ ավելի հեշտ էր «Մութ սենյակում»հայհոյանք շպրտել «Նիկոլի» հասցեին, քան, անգամ երազում, անբարյացակամ վերաբերմունք ցուցահանել դեպի «Ընկերությունը»: — «Ընկերությունը», ինչպես առաջին մասում առիթ ունեցանք ասելու, «Կենտրոն» էր, է այն էլ — «Գերկենտրոն»: Եթե դու ցանկություն ունես, սիրելի ընթերցող, թեկուզ ամենահեռավոր, ամենանսեմ կերպով պատկերացնել այդ «Կենտրոնը» — երևակայիր հետևյալը: — Ինչ-որ անհայտ մի տեղ, մի տեղ, որի ուր լինելը ոչ ոք, նույնիսկ ընկ. Վառոդյանը չգիտե. Նաիրյան, չինական, կամ, ո՞վ գիտե, կարող է պատահել, որ ասորա-բաբելական իքս, իգրեկ, զեթԱնհայտ քաղաքում, քաղաքի ծայրամասում, կենտրոնում, կարող է գերեզմանատանըմի խոսքով այնպիսի մի տեղում, որի գոյությունն անգամ կասկածի է ենթարկվումկա, գոյություն ունիչգիտեմ, ինչպե՞ս ասեմ, որ գլխի ընկնեսնու, անհայտ մի սենյակ, կամ խցիկ, կամ ներքնահարկ: Այդտեղ, այդ ներքնահարկում ահա, որի ուր լինելը, ինչպես ասացինք, ո՛չ մի մարդ չգիտեապրում է հսկայական մի սարդ, աներևույթ մի սարդ, սարդանման ուղեղ: Եվ այդ սարդը ահա, սարդանման այդ ուղեղը, իր անհայտ տեղից, իր այդ անորոնելի բնակարանից պարզում է իր ճանկերը, այնտեղից սկսած հյուսում է իր ոստայնը, կամ, հյուսում է անողոք: Պարզում է իր ճանկերը, թելավոր, դեպի քաղաքները Նաիրյան, դեպի ուղեղները, սրտերը, կամքերը Նաիրյան. — պարզում էՄուշ, Բիթլիս, Դիարբեքիր. պարզում էԹիֆլիս, Թեոդոսիա, էնզելի. պարզում էԵրուսաղեմ... Մի խոսքով՝ ամեն, ամեն անկյուն, ուր կա մի, գոնե մի նաիրցի: Նյու-Յորք, ժնև, Կալկաթա, Պերու, Րիո-ժանեյրո, Աննամ.— ի՞նչ, ի՞նչ քաղաք, կամ երկիր հիշատակեմ, ուր չկա, ուր չեն հասել թելերը, երկաթյա թելիկները Ուղեղասարդի: Հյուսում է, հյուսում է իր ոստայնը նա. կուռ, երկաթե՝ հյուսում է քաղաքից քաղաք, երկրից երկիր, իսկ ինքը չի երևում, անխուսափելի, անշոշափելի է ինքը, որպես հրաշք, հրաշք է, չես հասկանում, սարսափելի գաղտնիք զարմանալի զարմանք...Ահա՛ թե ինչ է «Ընկերությունը» որպես «Կենտրոն», որպես, ինչպես ընկ. Վառոդյանն է շատ հաջող բնորոշում՝ «Գերկենտրոն», սիրելի ընթերցող: Բայց ես դեռ ամենազարմանալին, ամենագլխավորը չասի, վախեցա չհավատաս: Բայց ի՞նչ կասես փաստերին, աչքի առաջ են փաստերը, փաստերը պերճախոս: Բանն այն է, սիրելի ընթերցող, որ այդ Ուղեղասարդը որ վայրկյանին ուզենա կարող է քաշել դեպի էնքը, գործողության դնել, շարժել, ինչպես որ կամենա, տիեզերական իր ոստայնը, ոստայնի թե՛լը ամեն մի, ամեն մի ամենահեռավոր թելիկը, թելիկի ծայրը, ծայրի ծայրածիրը... Ահա՛թե ինչ: Երևակայո՞ւմ եք այնտեղ, իր անհայտ տեղում, սեն՛յակում իր նստած սարդային այդ ուղեղը, կամ ուղեղային այդ սարդը կարող է շարժել, մի փոքր ձգել, տատանել հազարերորդ իր ճանկը, ճանկի ամենածայրը, — և ահա Նյու-Յորքում այսինչ-այնինչ թելիկները, թելիկային մարդիկ, կանեն, ինչ որ ինքը, Կենտրոնը կամենա, Կենտրոնաուղեղասարդը ուզե... Կշարժե նա, Կենտրոնաուղեղասարդը, իր հազար և մեկերորդ թելիկըև ահա ժնևում, Եվրուղի մեջտեղում, նա իր ատառ «Դրոշակի» վրա կշարվեն, ահեղամռունչ, գահակործան կոչեր... Բայց դա՞ էլ դեռ ոչինչ, դեռ ամենաաներևակայելին կա, ամենահրաշանմանը: Ընտանեկան հարկում, կնոջդ, երեխաներիդքրոջդ կամ մորդ հետ նստած քեզ համար թեյ էիր խմում, կամ ճաշում, կամ ընթրում էիր դու, սիրելի ընթերցող, երբ քսանհինգ տարի առաջ, գեղեցիկ մի օր շարժեց իր ամենաբարակ ճանկը, ճանկի ամենածայրը Կենտրոնաուղեղասարդը աներևույթ իր տեղիցև ահա, երևվակայում ես, — այնտեղ, Վոսփորի դալարագեղ ափերին, սուլթանների լպիրշ մայրաքաղաքում, լիմոնադի խցանի մի նման՝ թավ, թեթև թռավ անսիրտ դիվանագետների ժանգոտած ուղեղներում, որպես Նաիրյան, այսինքն «Ընկերության» ոգու ցասումնալից մի ցույց, արդարության բողոքպայթեց, օդը ցնդեց Բանկը Օտտոման... Եվ ի՞նչն էր, ի՞նչն էր, եթե ոչ նո՛ւյն Կենտրոնասարդի ամենաաննշան թելերի ամենաաննշան շարժման ամենաչնչին հետևանքըայն, որ թռավ, գահընկեց, էլդզի մեծաշուք պալատներից էլդզի ճիվաղընա, որի արյունարբու հայրենիքի մասին դրել էր, իր հեռու թելիկների միջոցով, դրել էր Կենտրոնասարդը, աշխարհիս առաջին մարդու անկաշառ նաիրասերի բերանը՝ «Հիվանդ մարդը պետք է մեռնի» ճակատագրական պատգամը: 0, ո՞րը, ո՞րը պատմեմ, քանի որ բազում են մեծագործությունները նրա, բազում ու անհատնում: Եվ ինչքա՜ն, ինչքա՛ն, ինչքան պիտի ծիծաղելի թվա այս ամենից հետո այն, միանգամայն ճի՛շտ որ անհանդուրժելի, հանգամանքը, որ այնպիսի մի մեծամիտ ոչնչության, ինչպիսին էր պ. Մարուքեն, այդ ողորմելի «Դրաստամատյանը», հանդգնում էր զանազան երկմիտ, անթույլատրելի ակնարկներ անել, թղթե սլաքներ թռցնել «Ընկերության» հասցեին... Գիտեր, իհարկե, վաղո՜ւց շոշափել էր արդեն տեղական իր շնորհալի թելիկների միջոցով, այդ հանդուգն հանգամանքը Կենտրոնաուղողասարդը. բայց շատ էր չնչին, շատ էր անարժան մժեղը, որպեսզի ճանկերը շարժվեին և թռներ, հոդս ցնդեր պ. Դրաստամատյանը Բանկ Օտտոմանի նման... այո: Ավելի քան ճշմարիտ կլինի կարծել, որ պ. Մարուքեի հենց այդ չնչինությանը, այդ ոչնչությանը պետք է վերագրել այն, այլապես միանգամայն անհասկանալի, հանգամանքը, որ նա մնում էր անպատիժ, և նույնիսկ շարունակում էր Նաիրյան այդ քաղաքում իր աննշան ծանրությամբ աննշան տատանումներ պատճառել Կենտրոնաուղեղասարդի թելիկներից ամենաթելիկինընկ. Վառոդյանին: Բայց ընկ Վառոդյանն էլ հո գիտեր իր գործը. օ, նա շատ սքանչելի էր տիրապետել թելիկատատանման նրբագույն արվեստին, այդ բանում խրատական նշանակություն էր ունեցել ընկ. Վառոդյանի համար իր կարճատև մտերմությունը հանգուցյալ ընկ. Կարոյի հետ, այն տարաբախտ ընկ Կարոյի, որ այնպես վաղաժամ, ինչպես ընթերցողին հայտնի է արդեն վեպիս առաջին մասից, զոհ գնաց Վարդանի կամուրճի, այսինքն նրա դիմացը գտնվող աննշան խրճիթի պայթման դեպքից: Նրանից, այո՛, ընկ. Կարոյից էր առաջին անգամ, իր հեղափոխական գործունեության վաղ արշալույսին, առաջին հրահանգներն ստացել ընկեր Վառոդյանը: Նրանից էր ստացել առաջին անգամ ընկ. Վառոդյանը և հեղափոխական ընդվզումի կարմիր ավետարանը — «Ամբոխային տրամաբանությունը»: Կարծում ենք, ավելորդ է վերստին հիշատակել և այն ճակատագրական դասը, որ իր հերոսական կռնակի վրա , «շոմպոլի» կապո՛ւյտ-կապո՛ւյտ հետքերի ձևով, ստացել էր ընկ. Վառոդյանը «Դառնության Կենտրոնից»: Այսպիսի պատկառելի հեղափոխական անցյալից հետո դժվար էր, իհարկե, գործ ունենալ ընկ. Վառոդյանի հետ, մանավանդ որ վերջերս նա կամաց-կամաց ավելի և ավելի խոշոր ուշադրության էր սկսում արժանանալ Կենտրոնաուղեղասարդի տեղական գլխավորաթելիՀամո Համբարձումովիչի-Մազութի Համոյի կողմից:

Եվ, այստեղ ևեթ հարկավոր է ասել, որ հենց այդ օրերից է, որ սկսեց սարն ի վեր բարձրանալ ընկ. Վառոդյանը, հետագայում Նաիրյան այդ քաղաքի կյանքում այնքան խոշոր դեր խաղացող ա՛յն ընկ. Վառոդյանը, որը, վերջ ի վերջո, ոչ այլ ինչ էր, եթե ոչ խղճուկ մի վարժապետ, «Նաիրյան մի բթամտություն». — ինչպես ասում էր պ. Մարուքեն: Ինչո՞վ, ինչո՞վ նա Մազութի Համոյի աչքը մտավաստված ինքը գիտե, բայց փաստը մնում է փաստ, որ, այդ օրերից սկսած, նա ավելի խոշոր մասնակցություն ունեցավ քաղաքի անցուդարձում, քան ինքը Սերգե Կասպարիչը, բժիշկըայդ երկրորղ, կամ, ավելի լավ է ասելաջ ձեռքը Մազութի Համոյի: Ես էլ չեմ խոսում Օսեփ ՆարիմանովիՀամո Համբարձումովիչի ձախ ձեռքի մասին, որը կամաց կամաց, դեպքերի զարգացման ընթացքում, համարյա թե կորցրեց իր ամբողջ նշանակությունը: Այս հանգամանքն ավելի զարմանալի կթվա, եթե ասեմ, որ նախքան այդ, ինչպես Սերգե Կասպարիչը, այնպես էլ Օսեփ Նարիմանովը «Կենտրոնից» նշանակված անդամներ էին Տեղական Կոմիտեում, որի նախագահն էր, ինչպես արդեն գիտենք, և մինչև վերջը մնացՄազութի Համոն: Սա նշանակում է, որ, ինչպես բժիշկը, այնպես էլ հաշտարար դատավորը, երկուսն էլ Մազութի Համոյի հետ հավասարապես, ենթակա էին Կենտրոնասարդի անմիջական, այո՛, տատանումներին` ուղեղահրահանգներին. իսկ ընկ. Վառոդյա՞նը... նա ի՞նչ էր որ. նա իսկի էլ կարծես գոյություն ունենալիս չլիներ առաջներում: Ինչքա՜ն, ինչքա՜ն էր պատահել, երբ նա, ընկ. Վառոդյանը, կարծես թե պատահմամբ, մտել էր Մազութի Համոյի գրասենյակը, երբ այնտեղ «նիստի» են նստած եղել Տեղական Կոմիտեի «Երեքը», և ի՞նչ» պատահում էր հետևյալը, նա, ընկ. Վառոդյանը, հազիվ էր կարողանում գլուխը ներս խոթել, երբ բժիշկը, և միշտ այդ մեծամիտ բժիշկը, բարձրացնում էր քիթը վեր` հոտոտում էր օդը նայելով ընկ. Վառոդյանի դեմքին, և — «ներողություն» — ասում էր բժիշկը կիսաժպիտ, որից հետո զսպանակի նման դռնից դուրս էր թռչում ընկ. Վառոդյանի գլուխը ու մնում էր դռան, փակ դռան ետևում՝ որսորդական բարակի նման ներսի շշուկներին ունկնդիր: Այսպես էր, այո՛, առաջներում, բայց հետո... Հետո ընկ. Վառոդյանը դարձավ նշանավոր գործիչ, պատկառելի անձնավորություն, և շա՛տ, շա՜տ անգամներ առիթ ունեցան բժիշկ Սերգե Կասպարիչը և հաշտարար դատավոր Օսեփ Նարիմանովը նրա ընդունարանի առաջ հերթի սպասելու...

Բայց ներիր, ընթերցող, որ ես պատմությանս թելը բավականին խճճեցի, թեկուզ, գիտե՞ս, Նաիրյան այդ քաղաքի այն նշանավոր օրերի պատմությունը գրողը հիմա, ուզած-չուզած, պիտի զգա իրեն այն դժբախտ երեխայի դերում, որը, ինչպես այդ հաճախ տեղի էր ունենում հենց նույն այդ քաղաքի երեխաների կենցաղում, գետում լողանալուց հետո ուզում է հագնվել, բայց գտնում է շապիկի թևերը թրջած և այնպես պինդ հանգուցած, որ սատանան ինքը կդժվարանա արձակել, նա գիտե, նա հասկանում է, որ իր շուրջը հռհռացող երեխաներն են այդ արել, նրա սիրտը պայթում է ոխից ու բարկությունից, բայց նույնպես ավելի քան լավ հասկանում է նա, որ եթե ընկնի ընկերների ետևիցշատ են, մի երկուսը ետ կմնան և մնացած շորերը ևս կթրջեն ու կհանգուցեն. ուստի մնում է նրան հանգուցած շապիկը մի կողմ թողնել և հագնել շորերն առանց սպիտակեղենիինչպես և մեզ, ընթերցող, գոնե անհանգույց դեպքերն ու իրողությունները մոռացության չտալու նպատակով մնում է մի կողմ թողնել բոլոր խճիճներն ու հանգույցները և անցնել վեպի շարունակությանը:

Ինչպես ասացի՝ ընկ. Վառոդյանը սեփական աչքերով տեսել էր Մազութի Համոյի գրասենյակում «Կենտրոնից» ստացած գրությունը, որի մեջ գրված էր, ի միջի այլոց, «Հայտնի՛ր բոլորին» հրահանգը: Եվ ահա, Մազութի Համոյի գրասենյակից ելնելով, հանդիպեց, պատահմամբ, պ. Մարուքեին ընկ. Վառոդյանը և մտածեց, որ առաջին հերթին հենց այդ հաստամիտ Դրաստամատյանին է հարկավոր հայտնել հետաքրքիր նորությունը: Այդ միտքը հղացավ ընկ. Վառոդյանի գլխում երկու պատճառով, նախ՝ ինքը ցույց կտա այդ հաստամիտ պարոնին, որ այնքան էլ հասարակ անձնավորություն չէ ընկ. Վառոդյանը, որ, այո, ինքը կապեր ունի այնպիսի կենտրոնների հետ, որ կարող է ամեն նորություն իսկական աղբյուրից իմանալ,— և ապա՝ ինչպես հրահանգել էր նրան Մազութի Համոն, «կշոշափե հողը»... Իսկ պ. Մարուքեն, այսպես թե այնպես, որպես հակառակորդ, բավականին հետաքրքիր «հող» էր՝ հասարակական տրամադրություններ շոշափելու համար...

«Հետաքրքիր նորություններ» — ասաց ընկ. Վառոդյանը, այնպես, ի միջի այլոց, պ. Մարուքեին: — «Բավականին հետաքրքիր...»:

«Հը՞» — ակնոցների տակից վեր, ընկ. Վառոդյանին նայեց պ. Մարուքեն. — «Ի՞նչ կա»:

Ընկ. Վառոդյանը ժպտաց: Ու հազաց հետո, ձեռքը շըրթունքներին տանելով. «Ըհը՛», ըհր՛, ըհը՛»,— ճիշտ և ճիշտ Սերգե Կասպարիչի նման:

Պ. Մարուքեն բարկացավ.

« — Մի բան գիտեսասա՝ ի՞նչ ես պոչդ գետնովը տալիս»:

Ընկ. Վառոդյանը շիկնեց. աչքերից արյուն կաթեց ընկ. Վառոդյանի. —

« — Յոթ օրից էրգրում կլինենք» — պայթեց ռումբի նման, կրկնելով Մազութի Համոյի խոսքերը, ընկ. Վառոդյանը պ. Դրաստամատյանի զլխին, ու նայեց նրան, հաղթական:

Նայեց, նայեց նրան, արհամարհանքը ակնոցների տակից դառը պսպղացնելով, պ. Մարուքեն. — «Իդիո՛տ» — կարծես թքեց, կարծես ձգեց, ծանր մահակի նման, ընկ. Վառոդյանի դեմքին պ. Մարուքեն, ու շուռ տվեց դեմքը, աջ ուսը ցնցելով հեռացավ:

Նա գիտեր, քչերից մեկն էր պ. Մարուքեն Նաիրյան այդ քաղաքում, որ թերթեր էր կարդում, — կարդացել էր արդեն պ. Մարուքեն, որ արդեն, արդեն՝ պատերազմ է հայտարարված Տաճկաստանին: Եվ, երևակայո՞ւմ եքդժգոհ էր դրանից: Տարօրինակ, այո, զարմանալի մարդ էր այդ պ. Դրաստամատյանը, և ինչքան էլ նրան, խորին արհամարհանքով, պ. Դրաստամատ անվաներ ընկ. Վառոդյանը, ինչքան էլ նրա, առանց այն էլ աչքի ընկնող քթի ծայրը, համարյա թե միշտ ավելի ևս աչքի զարկեր իր անհաճո կարմրությամբ, որ, ինչպես ասում էին, հետևանք էր ոգելից ազդեցությունների, — չնայած, կրկնում ենք, այս բոլոր տարօրինակություններինպ, Մարուքեն է՛ր և արժանի է ամենայն ուշադրության: Երևակայո՞ւմ եք, նա, այդ հարբեցող «Եվրոպացին» այդ երեկո հանդգնություն ունեցավ կատարելու այնպիսի մի մեծագործություն, որի համար արժե որ նա համարվի իմ միակ հերոսը, այդ կարմրաքիթ Դրաստամատյանը...

Նա գիտեր, այոկարդացել էր արդեն պ. Դրաստամատյանը, որ պատերազմ է հայտարարված Տաճկաստանին, և միակ մարդն էր գուցե, որ, իրեն միայն հայտնի պատճառներով, դժգոհ էր դրանից: Կային ասողներինչպես, օ՛րինակ, Հաջի Մանուկոֆ էֆենդին, — որ «անարխիստ» է պ. Մարուքեն, այսինքն «անիշխանական», այնինչ ընկ. Վառոդյանն այն կարծիքն ուներ, որ նա, այսինքն պ. Մարուքեն, ոչ «անարխիստ» է, ոչ բան, այլ, պարզապես մի «մխի գլոխ», որին հարկավոր է «խփել»: Չգիտենք, որքա՞ն էր համապատասխանում իրականությանը ընկ. Վառոդյանի այդ կարծիքը պ. Մարուքեի մասին, բայց, հարկավոր է ասել, որ ընկ. Վառոդյանի այդ օրիգինալ կարծիքում կար, եթե ոչ ուղղակի, գոնե կողմնակի ճշմարտության որոշ տոկոս. գուցե, այո, ընկ. Վառոդյանի տեսակետից, այդ «մխի գլխին» հարկավոր էր «խփել», քանի որ, այո, — մենք չգիտենք, թե ուրիշ ինչ պատճառներ կային պ. Մարուքեի համար, իրեն չվերաբերող մի խնդրի, — Տաճկաստանին հայտնած պատերազմից դժգոհելու, բայց մի բան պարզ էր ինքնըստինքյան, այդ այն է, որ պ. Մարուքեն նկատել էր, որ արդեն շարժվում է «Ընկերությունը», — և սա՛ էր, ամենից առաջ, նրա դժգոհելու պատճառներից մեկը: Ո՛չ անարխիստ, ո՛չ բան: Նա, պ. Մարուքեն, իրեն միայն հայտնի պատճառներից դրդված, դեմ էր «Ընկերությանը», այսինքն, կոնկրետ ասած՝ տեղական «երեքին»,ու նրա արբանյակներին, նրանք սև ասեին, պ. Մարուքեն կասեր՝ սպիտակ, նրանք հա ասեին պ. Մարուքեն կասեր՝ չէ: Եվ այսպեսամեն ինչում, այսպես էլ հիմա: Արդեն խոսում էին քաղաքում, արդեն շշնջում էին, խորհրդավոր, զանազան բերաններ: Արդեն տալիս էին հայտնի անուններ... Անհամբերությամբ սպասում էին այդ ըղձալի օրվան, այս ըղձալի օրը, ինչպես ընկ. Վառոդյանն էր ասում քաղաքային այգում ծանոթ օրիորդներին, պիտի բանար իրենց՝ Նաիրիի առաջ ըղձալի հորիզոններ: Դեռ երեկ, դեռ առաջին օրը, այգու ակումբում պարծենում էր, «ագռավի աղջիկը» սեղանին խփելով, Կինտաուրի Սիմոնը, որ «կամավոր կգնա»: Հասկանում էր, իհարկե, զգում էր արդեն պ. Մարուքեն, որ շուտով «պարը կսկսվի» և գլխապտույտ կգնա, հասկանում էր և, դժգոհելով, սպասում: Իսկ հիմա ահա, ընկ. Վառոդյանին հանդիպելուց հետո, հասկացավ, զգաց պ. Դրաստամատյանը, որ արդեն գլորվել է քարըև քթի տակ, դժգոհ, փնթփնթալով քաղաքային այգու ակումբը գնաց պ. Մարուքեն, մտածելով, որ այնտեղ, երևի, ամեն ինչ կիմանա:

Իրիկուն էր արդեն, արդեն վառվում էին լույսերը քաղաքային այգում: Նվագում էր զինվորական երաժշտախումբը, նվագում էր «Բոժե ցարյա»: Հասկացավ պ. Մարուքեն, որ «սկսվել է պարը»: Հիշեց այն մյուս կիրակին, կանգնեց, կանգնեց նորից պ. Մարուքեի ուղեղումկանգնեց, այծագլուխ, Մազութի Համոն: Լիքը, խիտ կանգնած հասարակության միջով մոտեցավ ակումբին պ. Մարուքենև, հրաշքի մի նման, ելնելով կարծես իրա, պ. Մարուքեի ուղեղիցկանգնեց, դեմը, նույն թղթախաղային կանաչ սեղանի վրա կանգնած էրՄազութի Համոն: Ներքևում, այսինքն՝ սեղանի կողքին, գլխաբաց կանգնած էին՝ բժիշկը, Օսեփ Նարիմանովը, Արամ Անտոնիչը, Գեներալ Ալոշը, ընկ. Վառոդյանը և Կինտաուրի Սիմոնըկոշկակարը: Բերանները բաց՝ բղավում էին «ուռա»: Դեռ չէր ուշքի եկել պ. Մարուքեն, երբ մեկը ետևից հրեց նրա կողին և ականջին բղավեց. «Գլխարկդ հանե՛, տո՛, չե՞ս հասկընա»: ՆայեցԱբոմարշն էր. ակնոցը քթին, այծամորուք: Դեմքինպատկառանք էր խորհրդավոր, ակնոցը թեքվել էր մի կողմ. գլուխը նման էր «Խաթաբալայից» հանած ծաղրանկարի: Հանեց գլխարկը, առանց բան հասկանալու, պ. Մարուքեն. բայց մինչ այդ նվագը դադարեց, բոլորը ծածկեցին գլխարկները և այս անգամ պ. Մարուքեն ինքը մնաց՝ քիթը վեր, գլխարկը ձեռին: «Հայրենակիցնե՛ր» — սկսեց, երևի ընդհատված ճառը շարունակելով, Մազութի Համոն, և տիրեց լռություն՝ լսողություն տիրեց: «Մոտ է, մոտենում է օրը» — շարունակեց ապա Մազութի Համոն, — «երբ, ելած մոխիրից, դարերի քնիցհառնե՛ պիտի, ազատ, երկիրը հազարամյաազատ Նաիրին»: Այս իմաստով ահա խոսում էր, բավականին հուզված, Մազութի Համոն. բայց ահա նրա ձայնը բարձրացավ, ձեռքը վեր մեկնվեց և աչքերը վառվեցին.

Նա, ինչպես երևում էր, վերջացնում էր ճառը. — «Ամեն ոք մեզանից պարտավոր է օգնել, ինչով որ կարող է, այսօր. Ես չեմ կասկածում», — վերջացրեց խոսքը Մազութի Համոն, — «որ մեր հաղթապանծ զորքերը մի շաբաթից հետո էրզրում կմտնեն»: Այսպես վերջացրեց իր ճառը Մազութի Համոնև նորից թնդաց երաժշտությունը հասարակությունը ոռնաց: Ոգևորության հենց այս ծայրահեղ վայրկյանից հետո էր ահա, որ տեղի ունեցավ անսպասելի, աներևակայելի, անթույլատրելի մի բան. երևակայո՞ւմ եք` պ. Մարուքեն, այդ «ախմախ անասունը, որպիսի հորջորջում տվեց նրան, դեպքը կատարվելուց հետո, Գեներալ Ալոշը, — այդ ողորմելի պ. Մարուքեն ահա, իր կանգնած տեղից, հենց որ Մազութի Համոն իր խոսքը վերջացրեց — «Իդիո՛տ» — բացականչեց, ինչքան որ ձայն ուներ, Համո Համբարձումովիչի հասցեին, տիրեց մեռելային լռություն՝ ապշանք, էլեկտրական լարում: — «Բա՛յց» — իջավ, չոր, հնչուն, շխկալով ընկավ ընկ. Վառոդյանի ապտակը պ. Մարուքեի այտին: Պ. Աբոմարշը շտապեց, ոտքի մի խրատական հարվածով օգնության հասնել ընկ. Վառոդյանին: Պ. Մարուքեն, երեսնիվայր, ընկավ. ակնոցը, պսպղուն, թռավ մի կողմ: «Հարբած է» — հայտնեց Սերգե Կասպարիչը, դեպքի տեղը հասնելով: «Հարբած է» — հաստատեց ընկ. Վառոդյանը. — «պետք է ոստիկանատուն ուղարկել, որ ուշքի բերեն»: Ու պատմեց, որպես ապացույց, ընկ. Վառոդյանը, որ նույնը, բառացի, կես ժամ առաջ ասաց իրեն, փողոցում, առանց որևէ առիթի, պ. Մարուքեն: Պ. Մարուքեին տարան ոստիկանատուն:

Չգիտեմ, հարբած էր թե չէ պ. Մարուքեն, բայց մի բավականին հավաստի աղբյուրից ես հետո տեղեկացա, որ, ճիշտ որ, ինչպես այդ հավաստի աղբյուրն էր ինձ տեղեկացնումպ. Մարուքեն հարբած էր եղել: Նույնն էր հաստատում և Բոչկա Նիկոլայը հետո, պատմելով, որ այդ օրը, դեպքը պատահելուց երկու ժամ, մոտավորապես, առաջ պ. Մարուքեն իրա, Բոչկա Նիկոլայի դախլի դիմացը կանգնած՝ գլուխն է քաշել «մե բոթիլ սմիրնովկա» — դառնահամ օղի: Բայց այս դեպքում արժեքավոր է, իհարկե, ոչ այնքան Բոչկա Նիկոլայի ցուցմունքը, մանավանդ որ օղու նրա հիշատակած քանակը դժվար թե ընդունակ լիներ «խելքից հանելու» պ. Մարուքեին, — որքան, այ՛ո, վերևում հիշած «հավաստի աղբյուրի» ցուցմունքը, որովհետև.. Բայց այս ենթադրությունս հիմնավորելու համար նախ և առաջ հարկավոր է ասել, թե ի՞նչ «աղբյուր» էր այդ, որին կարելի էր հավատ ընծայելև այն էլ այնպիսի մի նուրբ և անհասկանալի հարցում, որպիսին էր պ. Մարուքեի վարմունքը պատմական այն ահավոր, այն նշանակալից վայրկյանին: Այդ «աղբյուրը», դե, մի մարդ էր, երեսունին մոտիկ մի երիտասարդ նաիրցի, որը վերջին օրերս էր միայն երևացել Նաիրյան այդ քաղաքում, բայց որին ճանաչում էին տեղացիք նրա մանկությունից, ռեալական դպրոցի տեսուչ Արամ Անտոնիչի մորեղբոր որդին էր դաԿարո Դարայանը, որին յոթ-ութ տարեկան հասակից Մոսկվա, Լազարյան ճեմարանն էր ուղարկել Արամ Անտոնիչը. սրա խնամքին էր մնացել, ծնողների մահվանից հետո, դեռ մանուկ հասակից Կարո Դարայանը: Արամ Անտոնիչը նրան Մոսկվա ուղարկելով հասել էր երկու նպատակի միանգամից, նախ ազատվել էր նրա հոգսից, երկրորդ` իր վերջին պարտքը դրանով հատուցած էր համարել իր ազգակցի հիշատակին: Ինչպես որ գնացել էր Մոսկվա Կարո Դարայանըայնպես էլ մնացել էր այնտեղ մինչև ավարտելը, որից հետո ևս, թեկուզ տեղափոխվել էր ԿովկասԲաքու, բայց չէր երևացել հայրենի քաղաքում, չնայած Արամ Անտոնիչի հաճախակի խնդրանքներին: Արամ Անտոնիչը, մանավանդ երբ Դարայանը վերջացրեց դպրոցը, երբ արդեն վերջացած էր համարում ամեն մի հոգատարության խնդիր մորեղբոր որդու նկատմամբ, շատ էր ցանկանում նրան իր մոտ տեսնել, գուցե հենց նրա համար միայն, որ, ինչպես ասում էր նա հաճախ Գեներալ Ալոշին, «ցանկանում էր իր ազնվության պտուղը մոտիկից ճաշակեը: Բայց հետո, Կարո Դարայանի Բաքու գալուց մի քանի ժամանակ անց, Արամ Անտոնիչը դադարեց հանկարծ իր «ազնվության պտուղի» մասին առհասարակ խոսելուց, իսկ երբ, լինում էր, հիշեցնում էին նրան իր «սանիկի» մասինԱրամ Անտոնիչը թթու դեմք էր շինում: Արամ Անտոնիչը ծամծմում էր զրույցը: Գեներալ Ալոշը սկզբում չէր հասկանում, ավելի շուտ՝ չէր իմանում բանի եղելությունը, բայց հետո նա իմացավ, և ահա բանը մինչև այնտեղ հասավ, որ Արամ Անտոնիչը մի գեղեցիկ օր էլ վերցրեց գրեց իր սանիկին, որը, ի դեպս, համարյա թե չէր էլ պատասխանում իր «բարերարի» նամակներին և ո՛չ մի նշան չէր էլ ցույց տալիս այդ կողմերը երևալու, — Արամ Անտոնիչը, ինչպես ասացինք, վերցրեց գրեց Կարո Դարայանին, որ չլինի թե վերջինս իր աչքին երևա. իսկ եթե պատահի գալու լինի հայրենի քաղաքըչլինի թե մտաբերե իր քեռու բնակարանը. քեռու բնակարանը «փուչ» սանիկի համար փակված կլինի: Այսպես էր գրել իր մորեղբոր որդուն Արամ Անտոնիչը իր վերջին նամակումև ահա, այդ նամակը գրելուց երկու ամիս անց, որտեղից-որտեղ, մեր պատմած դեպքերի նախօրյակին, մի գեղեցիկ առավոտ եկավ Կարո Դարայանը Նաիրյան այդ քաղաքը և կառքը կանգնեցրեց... ճիշտ պ. Մարուքեի բնակարանի առաջ: Այս վերջին հանգամանքը խիստ զարմանալի թվաց ոչ այնքան քաղաքացիների, որքան իրաԱրամ Անտոնիչի աչքին, բանն այն է, որ ճիշտ է, Մոսկվա գնալուց առաջ երկու երեխաներ, ավելի լավ է ասել` երկու փողոցային խաղընկերներ, թեպետև ճանաչելիս լինեին իրար՝ պ. Մարուքեն և Կարո Դարայանը, բայց չ՞է որ դրանից հետո այնքան էր ջուր հոսել, և այն էլ տարբեր հուներով, որ ոչ մի հնարավորություն, թվում է թե, չպիտի մնար նրանց մտերմանալուն: Դրանից հետո պ. Մարուքեն, ինչպես գիտենք, տեղական քաղաքային յոթնամյա դպրոցն էր ընկել, որից հետո, չգիտենք թե ի՞նչ զարմանալի հրաշքով, եղել էր Բեռլինում, այնինչ Կարո Դարայանը գնացել էր Մոսկվա, ապա Բաքու, այնպես որ ո՛չ մի առիթ, ո՛չ մի հնարավորություն, թվում է թե, չեն ունեցել իրար հանդիպելուև հանկարծ... Կարո Դարայանը վերադառնում է այդ քաղաքը և կայարանից քշում է ուղի՛ղ պ. Մարուքեի բնակարանը, ամենայն ճշտությամբ ասում է կառապանին պ. Մարուքեի հասցեն... Հասկանո՞ւմ եք՝ Կարո Դարայանը, ամբողջ քսան տարի ո՛չ հայրենի քաղաքի և ո՛չ էլ պ. Մարուքեի դեմքը տեսնելուց հետոասում է կառապանին պ. Մարուքեի հասցեն և հին բարեկամի նման իջնում է նրա տանը, նախքան վերջինիս սենյակ մտնելըդուրսը, հենց դռան առաջ, կառապանի կողքին մի պինդ համբուրվելով իրեն միանգամայն անծանոթ, բայց հրաշքով մտերմացած պ. Մարուքեի հետ...Այս բանն իր սեփական աչքերով տեսել է Կինտաուրի Սիմոնը կոշկակարը, և ամենայն մանրամասնությամբ պատմել է ընկ. Վառոդյանին: Եվ ահահենց այդ Դարայանը, նա ինքը, ինչպես այս բոլորից կարող եք եզրակացնել` պ. Մարուքեի այդ հոգեկից ընկերն ահա, վերջինիս հետ քաղաքային այգում տեղի ունեցած այն ցավալի դեպքի երկրորդ օրը հավատացնում էր բոլորին, որ պ. Մարուքեն, ճիշտ է, հարբած է եղել: Կարծում եմ, որ ես իրավունք ունեմ Կարո Դարայանին, այդ, իմ կարծիքով ամենահավաստի աղբյուրին, լիովին հավատալու, նախ նրա համար, որ նա հետագայում հայտնի դարձավ քաղաքին, որպես միանգամայն մաքուր, անկաշառ մի անձնավորություն, և ապա՝ նրան, պ. Մարուքեի այդ սըրտակից ընկերոջը, իսկի էլ ձեռնտու չէր հարբեցողի դիպլոմ կպցնելը իր «հոգեկցի» ճակատին, մանավանդ որ այդ չարաբաստիկ «դիպլոմը» շատ շուտով պատճառ դարձավ պ. Մարուքեի ուսուցչական դիպլոմից զրկվելուն: Մի հանգամանք, որի մեջ խառն էրև նա ինքն էլ չէր թաքցնումՄազութի Համոյի մատը: Նա, Մազութի Համոն, որպես ծխական դպրոցների ավագ հոգաբարձու, ասել էր հոգաբարձական ժողովին, որ շտապ կարգով, որպես բացառություն, տեղի էր ունեցել ո՛չ թե Համո Համբարձումովիչի գրասենյակում, այլ եկեղեցու մոմավաճառքի խանութում, որտեղ միշտ պատրաստ էր լինում ծխական դպրոցների հոգաբարձական կազմը, — այդ կազմին ահա ասել էր, զայրույթի փրփուրը բերանին, Մազութի Համոն, որ «Նաիրյան դպրոցում, ուր կրթվում, հասունանում և թև է առնում մեր մատաղ սերունդը, որի ուսերի վրա, որի վտիտ ուսերի վրա վաղը պետք է ծանրանա Նաիրյանօ, ես հավատում եմ դրան, — պայծառ ապագան դարձնելու գործը, — հարգելի ժողովականնե՛ր, ես ասում եմ, այո, որ նման մի սրբազան վայրում, և այն էլ ուսուցչի բարձր կոչումով, տեղ չպետք է ունենան պ. Դրաստամատի նման հարբեցող ավարաները...»: Այսպես էր ասել ծխական դպրոցների հոգաբարձական կազմին, միանգամայն արդարացի լինելով, Մազութի Համոն, — և նրան, այդ կազմին, ոչինչ ուրիշ չէր մնում անելու, քան հաստատելու նրա կարծիքը և հեռացնելու պաշտոնից պ. Մարուքեին, որը և տեղի ունեցավ, ի մեծ անտարբերություն պ. Մարուքեի և ի մեծ ուրախություն ամբողջ քաղաքիերկու օր անց:

Следующая страница