Շիրվանզադե Ալեքսանդր՝   Ուղեգրություններ և ակնարկներ հրապարակախոսական

Բայց դառնանք դարձյալ մանր գործարանատերերին, որոնց դրությունը ուշադրության արժանի է, մանավանդ հայերինը: 187677 թվերին, երբ ֆոտոգենի, այսպես ասած, ոսկի ժամանակն էր, ամենքը սկսեցին մի կերպ ձեռք բերել մի գործարան կամ մի հանք, մի խոսքով ամենքը սկսան վազ տալ նավթի հետևից: Դերձակը կամ կոշկակարը, որ իր արհեստով շատ բախտավոր էր ապրում, չբավականանալով իր վիճակով, կամ լավն ասած, նախանձելով հանքատերերի և գործարանատերերի ժամանակավոր բախտին, թողնում էր իր ոսկի արհեստը և ընկնում նավթի հետևից: Նա իր դառն քրտինքով աշխատած կոպեկները վատնում էր մի գործարան կամ մի հանք ձեռք բերելու համար, ձգտելով դեպի հանկարծակի հարստություն: «Բա՛հ, ինչո՞ւ Կրասիլնիկովը, Բաղիրովը կալյասկա, դրոշկա ունենան, ես չունենամ, ես էլ բախտս կփորձեմ», այսպես ասում էր դերձակը, ասեղը շպրտում, երևակայելով իր ապագան փառավոր պալատներում: Մի խոսքով, այս ժամանակակից դոն քիշոտները ժողովվելով 7 կամ 8 հոգի միասին կազմում էին ընկերություններ (այդ ընկերությանց մեկի անունը այստեղ ծաղրելով «Չամբարաքանդ» են դրել) և սկսում էին գործել. միայն, վա՛յ այն գործելուն, որ նրանք էին գործում: Ինչ տեսակ խաբեբայություն ասես գործ էին դնում իրանց միամիտ մուշտարուն խաբելու համար, մոռանալով բոլորովին իրանց խիղճը ու խղճմտանքը: Երբ ֆոտոգենը լավ գնումն էր, սորանք օգտվելով հանգամանքից, Ռուսաստանից եկող ռամիկներին և հրեաներին ծախում էին առաջին տեսակի տեղ երկրորդ տեսակը կամ անիստակ (неочищеный) ֆոտոգենն և, այսպիսով, խայտառակում էին խեղճ մեծ գործարանատերերի անունն էլ: Ահա ինչ տեսակ էին գործ դնում այդ հերոսները իրանց խաբեբայությունը. տակառի տակից լցնում էին անիստակը, իսկ երեսից լավ տեսակը և լավի տեղ ծախում. առնողը, իհարկե, չգիտեր, թե տակառի ներքևում ինչ կա: Բայց երկար չժպտաց սորանց բախտը, հասավ 187879 թթ., և առնողները սկսեցին լավ ուշադրություն դարձնել ֆոտոգենի հատկության վրա, և նոքա այժմ ուղղակի դիմում են մեծ գործարանատերերին:

Ահա այսպիսիներից է կազմված փոքր գործարանատերերի մեծամասնությունը: Այժմ տեսնելով այդ պարոնները, որ էլ իրանց բազարը չէ, սկսում են փոքր առ փոքր թողնել և դառնալ իրանր արհեստին, բոլորովին մոռանալով հարուստների «դրոշկան և կալյասկան»:

1880 թ.

ՆԱՄԱԿ ԲԱՔՎԻՑ

Ապրիլի 20

Շատ հասկանալի է, որ ոչ մի հասարակություն կրթության գործի մեջ չի կարող շատ առաջ գնալ, եթե ուսման հետ միացրած չլինի և արհեստագիտությունը: Այդ կողմից Բաքվի հայ հասարակությունը պետք է կրթության խիստ ստորին աստիճանների վրա դասել: Նա ոչ միայն չի աշխատում զարգացնել արհեստը, այլ տակավին մի հին նախապաշարմունքով բավական արհամարհանքով է նայում դեպի արհեստավորը: Այսօր մեր հասարակության մեջ մի հարստահարող չարչի, մի ստոր գրագիր ծառայող, կամ մի հազար ու մեկ խարդախությամբ հարստացած պարոն ավելի մեծ պատիվ ունի, քան իր արդար աշխատանքով ապրող արհեստավորը:

Բոլորին հայտնի է, որ Բաքուն, որպես ծովեզրյա քաղաք և որպես ամենահարմար նավահանգիստ, մեծ ապագա ունի, մանավանդ այն ժամանակ, երբ այդ քաղաքը միացած կլինի Փոթի-Թիֆլիսյան երկաթուղու գծի հետ: Նա և այժմ, Անդրկովկասյան քաղաքներից առաջինը կարող է համարվել իր արդյունաբերություններով: Այսքանը բավական է միայն հիշել, որ ամեն տարի մի քանի միլիոն փութ նա ֆոտոգեն է աիդյունահանում: Դրա համեմատ արհեստագիտությունը պետք է ծաղկած լինի, որի վրա ամենևին ուշադրություն չէ դարձնում մեր հայ հասարակությունը: Իբրև օրինակ ես կհիշեմ մի քանի փաստեր: Բաքվի մեջ այժմ կան վեց գքխավոր գործարաններ մեքենաներ պատրաստելու համար (железный завод), որոնց մեջ աշխատում են հարյուրավոր գործավորներ: Այդ գործավորները, սկսյալ առաջին վարպետից մինչև վերջին աշակերտը, բոլորը ռուսներ, շվեդացիներ կամ եվրոպացիք են, բայց ոչ մի հայ: Դրա հակառակ, մտեք մեր դատարանները, մեր պոլիցիան, մեր մաքսատունը և մեր պաշտոնական այլ հիմնարկությունների մեջ, այնտեղ կտեսնեք բազմաթիվ հայ ծառայողներ, որոնց մեծամասնությունը հասարակ գրագիրներ են: Մեր ծնողները ավելի բարվոք են համարում, որ իրանց որդիները ամբողջ կյանքում գրագրի սեղանի առջև մաշվեն, բարակացավ ստանան, որ վերջապես չինովնիկ դառնան, քան թե, մի գործարան հանձնելով, նրանցից օրինավոր արհեստավորներ պատրաստեն: Հուսով եմ, որ ծնողները, մանավանդ աղքատ ծնողները, ուշադրություն կդարձնեն այդ կետի վրա:

Վերջացնելով նամակս, հարկավոր եմ համարում մի քանի խոսք ասել մեր դպրոցների պարոն տեսչի վրա: «Մշակ»-ի անցյալ տարվա համարներից մեկի մեջ տպված էր մի նամակ, որի մեջ, ի միջի այլոց, ուշադրություն էր դարձրած տեսուչ պ. Ստեփանյանցի վրա, հայտնելով այն միտքը, թե նա չի կարող կատարել հայոց ուսումնարանի տեսչի պաշտոն, երբ միևնույն Ժամանակ կատպրում է Բաքվի ամբողջ նահանգի դիրեկտորի պաշտոնը: Այդ լուրը այժմ հաստատվում է, որովտետև, որպես լսում ենք, պ. Ատեփանյանցը այժմ դիտավորություն ունի թողնել Բաքվի ուսումնարանը և այցելություն անել գավառների ուսումնարաններին և նրանց քննություններին ներկա գտնվել: Բայց թե ո՞ւմ է հանձնելու նա մեր դպրոցի տեսչությունը, չգիտենք: Մենք զարմանում ենք, թե ինչո՞ւ «Մարդասիրական ընկերությունը» վարձեց այդ պարոնին, երբ նա կանխապես գիտեր, որ պարոնը տերության ծառայության մեջ է գտնվում, ուրեմն և՛ չէր կարող, և՛ ժամանակ չէր ունենա մեր ուսումնարանի վերաբերությամբ իր հանձն առած պաշտոնը խղճմտանքով կատարել: Մի՞թե չէր կարող պ. Ստեփանյանցին տված 1 400 ռուբլով վարձել մի ավելի հարմար տեսուչ, որ գոնե հայերեն խոսել գիտենար, որից զուրկ է պ. Ստեփանյանցը, այլևս չենք խոսում նրա մանկավարժական թերությունների մասին: Բայց «Մարդասիրական ընկերությունը», բացի տեսչության պաշտոնից, պ. Ստեփանյանցին ուսուցչի պաշտոն էլ հանձնեց, և նա իր դասերը հին խալիֆաների նման ավանդում էր գավազանների հարվածներով: Շատ հասկանալի է, որ այդ տեսակ տեսուչը ինչ ուղղություն կարող է տալ մյուս վարժապետներին:

1880 թ.

ՆԱՄԱԿ ԲԱՔՎԻՑ

13 սեպտեմբերի

Հասարակական կյանքը Բաքվի մեջ այժմ գտնվում է կատարյալ թմրության մեջ: Այդ տխուր երևույթի պատճառը պետք է վերաբերել մեր երիտասարդության դեպի հասարակական շահերը ունեցած անտարբերությանը: Շատ պարզ և հասկանալի է, որ մի ժողովրդի, մի հասարակության կյանքին այսպես թե այնպես լավ կամ վատ ուղղություն տալը գլխավորապես կախված է նորա երիտասարդությունից: Եթե նորա այդ թարմ ուժը, այդ կենդանի տարրը որքան և իցե կարողանում է ճանաչել և կատարել իր պարտականությունները հասարակական բարօրության վերաբերությամբ, այն ժամանակ գուցե ժողովուրդը կարող կլինի պարծենալ, որ նա հասել է զարգացման մի որոշ աստիճանի: Բայց ի՞նչ աստիճանի կարող եմ դասել մեր ժողովրդի զարգացումը, որի երիտասարդությունը, կուրացած անձնական շահերի անազնիվ զգացմունքներով, ընկած տգիտության և անբարոյականության մեջ, ներկայացնում է մի փչացած սերունդ: Ինչ ապագա կարելի է նախագուշակել այն հասարակության համար, որի որդիքը նույնիսկ մանկական հասակից շաղախվելով վարակիչ ախտերով, օրըստօրե մահանում են բարոյապես: Շատ հասկանալի է, որ այդ տեսակ հասարակությունը երբեք չի կարող սպասել մի նախանձելի ապագայի: Ահա այդ դրության մեջ է գտնվում Բաքվի հասարակությունը, երբ մի կողմնակի հայացք ենք ձգում այն կորստաբեր ուղղության վրա, որին կուրացած հետևում է նոր սերունդը:

Դեռ երիտասարդ հասակում հայ վաճառականը, թողնելով իր հայրենի երկիրը և հեռանալով դեպի Ռուսաստանի զանազան քաղաքները, սկսում է շռայլել և ծախսել իր ձեռքի փողերը անբարոյական զվարճությունների մեջ և դրանով սպառում է թե՛ իր նյութական և թե՛ ֆիզիկական ուժերը: Նա դառնում է իր հայրենիքը դեղնած, մաշված, հարյուր տարեկան ծերունու քայքայված կազմվածքով: Նա չի բավականանում նրանով, որ սպառել է իր կյանքը. շուտով ամուսնանում է և դրանով խավարեցնում է մի ուրիշ անբախտ էակի կյանքը, որին վիճակվում է համբերությամբ մինչև մահ տանջվել անտանելի ամուսնու հետ: Այդ մի բարբարոսական մարդասպանություն է, որի վրա մտածելու ժամանակ մարդ սարսափում է: Ես կամենում եմ մի քանի խոսք ևս ասել այն պարոնների մասին, որոնք իրանց աշխատում են հեռու պահել հասարակությունից: Սրանք լուսավորված կոչված երիտասարդներն են: Բայց կարելի՞ է պահանջել սրանցից որևիցե օգուտ, մինչդեռ դրանք անմատչելի են հասարակ մահկանացուներին, մինչդեռ դորանց և հասարակության մեջ կա մի չինական պատ: Հարկավոր է շատ մոտիկ ծանոթ լինել այն ֆանֆարոնների հետ և հասկանալ, թե որքա՛ն դատարկություն, որքա՛ն անմիտ ինքնասիրություն է տիրում սրանց մեջ: Ազգային գաղափարը սրանց համար ոչինչ նշանակություն չունի, սրանք միայն անձնական շահի գաղափարով են հետաքրքրված: Այդ է պատճառը, որ սրանք նույնպես հասարակության համար անօգուտ են հանդիսանում:

Մեր ամրոխի ամենավատ և միանգամայն վնասակար սովորություններից մեկն էլ անշուշտ պետք է համարել նրա եվրոպական շռայլ մոդային հետևլը: Բաքվի ոչ մի ազգաբնակչության մեջ արտաքին անմիտ պճնասիրությունը այնքան զարգացաձ չէ, որքան հայ ազգաբնակչության մեջ, մանավանդ նրա իգական սեռի մեջ: Այդ շատ բնական է այն ժողովրդի վերաբերությամբ, որը դեռ չի կարողանում ըմբռնել այն ամենահասարակ միտքը, թե լուսավորությունը չէ պարունակվում լոկ արտաքին ձևերի փոփոխության մեջ: Հայ օրիորդի, հայ երիտասարդի ուշադրությունը ոչ մի բան, ոչ մի առարկա այնքան շուտ չի գրավում, որքան մի նոր տեսակի հագուստն է գրավում: Հենց որ մեկի վրա տեսնում են հագուստի մի նոր ձև, բոլորն էլ թե՛ հարուստ, թե՛ աղքատ, հիմար ոչխարների նման, կշտապեն հետևել նրա օրինակին, չնայելով իրանց կարողության չափի վրա: Այդ տխուր իրողության մեջ առավել հաստատ համոզվելու համար բավական է մտնել կիրակի կամ տոն օրերը մեր եկեղեցիները և ուշադրություն դարձնել, առհասարակ, հանդիսականների և մասնավորապես կանանց դասակարգի վրա:

Թեթևամիտ հայ աղջկա մոդամոլությունը այն տեղն է հասցնում նրան, որ նա սկսուսմ է հետզհետե մոռանալ իր տնային գործերը, իր ընտանեկան պարապմունքը, ուսումնարանի կրթությունը և գիշեր-ցերեկ զբաղվեք «Русский базар», «Модный свет» և այլն սոցա նման շռայլություն տարածող օրագիրներ թերթելով: Աղջկա մեջ այդ վնասակար ձգտողությունը զարգանալուն մեծ մասամբ նպաստում են նրա ծնողները, որոնք իրանց զավակների մանկական հասակից սկսում են մի առանձին ուշադրություն դարձնել նրանց արտաքին զարդարանքի վրա, միևնույն ժամանակ անուշադիր թողնելով նրանց մոտավոր և հոգեկան կրթությունը: Ես հավատացած եմ, որ այսպիսով հայ ծնողները վատ ներգործություն են անում իրանց զավակների կրթության վրա. նոքա ծնեցնում են երեխայի մեջ նեղ անձնասիրության զգացմունքը, որը, ապագայում զարգանալով նրա մեջ, սպանում է ուրիշ ազնիվ ձգտումներ: Երեխան` աղջիկը ծնած օրից, ծնողները աշխատում են որքան կարելի է ամուր լցնել նրա համար նշանակված սնդուկը զարդարանքներով: Ինձ շատ անգամ պատահել է տեսնել այնպիսի ընտանիքներ, որոնք իրանց երկու, երեք տարեկան աղջկա համար պատրաստում են 1015 տարեկանի հագուստներ: Հարցնում ես` թե ինչո՞ւ համար են նոքա այդ անում. պատասխանում են` «Ինչո՞ւ ես, չանեմ, երբ Փամբուխչյանցի կամ Պետրոսյանցի տանը անում են»… Վերջացնելով նամակս, մյուս անգամ կաշխատ եմ մի քանի խոսք ասել նաև արական սեռի մասին, որը գուցե կանանցից շատ ետ չի մնացել շռայլության մեջ:

1880 թ.

ՆԱՄԱԿ ԲԱՔՎԻՑ

25 հոկտեմբերի

Մեր լրագրության մեջ եթե ոչ ամենևին, գոնե շատ քիչ են պատահում հոդվածներ առհասարակ մշակների դրության առթիվ: Միայն, անցյալ տարի և, եթե չեմ սխալվում, այս տարվա սկզբում «Մշակ»-ի էջեթում երևեցան մի քանի հոդվածներ Մոսկվայից գրված, որոնց հեղինակը` պ. Ն. Աբելյանցը, հասարակության ուշադրությունը դարձնելով Կովկասի մշակ դասի աննախանձելի դրության վրա, առաջարկել էր մինչև անգամ հիմնել Կովկասի զանազան քաղաքներում այնպիսի ընկերություններ, որոնց նպատակը լիներ մշակների գոնե տնտեսական դրության բարվոքումը: Բայց, դժբախտաբար, այդ կարևոր առաջարկությունը մնաց, ինչպես ասում են, «Ձայն բարբառո հանապատի»: Նա արձագանք չգտավ ո՛չ հասարակության և ո՛չ էլ, պետք է խոստովանած, հայ լրագրության կողմից: Իսկ պ. Աբելյանցը, երևի հուսահատվելով, դատապարտեց իրան լռության: Սակայն մի այդպիսի կարևոր հարցով զբաղվելը անհրաժեշտ է, եթե աչքի առաջ առնեք մշակների, մանավանդ գավառական քաղաքներում բանող մշակների, ներկա սարսափելի վիճակը: Չգիտեմ գուցե ուրիշ տեղ, ուրիշ քաղաքներում մշակ դասի կյանքը բարվոք է, բայց Բաքվի մշակների կյանքը կարելի է ամենադառն և ողբալի համարել: Բաքվի` Անդրկովկասի այդ, եթե չեմ սխալվում, առաջին արդյունաբերող քաղաքի, մեջ այժմ կենտրոնացած է մեծ քանակություն մշակների, որոնք մեծ մասամբ բանում են նավթային գործարաններում, իսկ փոքր մասամբ բեռնակիրներ են: Մարդ քարացած սիրտ պետք է ունենա, որ անտարբեր մնա` տեսնելով վշտերը, տանջանքները, այն հալածանքը, որ կրում են գործարաններում բանող մշակները իրանց թշվառ գոյությունը շարունակելու համար: Այդ գործարաններում մշակների բանելու համար նշանակված չէ մի որոշ ժամանակ: Կան այնպիսի գործարաններ, որոնց տերերը իրանց շահերի համար անգթությամբ ստիպում են նրանց գործել օրը 20 ժամ, մինչդեռ եվրոպական գործարաններում մշակները բանում են օրական ոչ ավելի, քան տասը ժամ և դեռ այդ էլ շատ է համարվում: Օրական 20 ժամ գործելով և ապրելով խոնավ բնակարաններում, կերակրվելով անսնունդ կերակուրներով, մշակը, իհարկե, մի կարճ միջոցում կարող է կորցնել իր առողջությունը և այդ այդպես էլ պատահում է: Նայեցեք առաջին օրը, երբ նա ոտ է դնում գործարան, որքան առողջ ու զվարթ է նրա դեմքը, որքան վստահ նրա քայլվածքը, բայց նայեցեք, թե նա որքան փոխվել է երկու կամ երեք ամիս գործարանում բանելուց հետո: Նրա երեսը իր առաջվա զվարթությունը, կարմրությունը կորցրել էարդեն, նրա աչքերը խորն են ընկել, երեսի ոսկորները դուրս են ցցվել: Բայց նա այդ բոլորի փոխարեն ի՞նչ վարձ է ստանում գործարանատիրոջից, ոչի՛նչ, ամենաչնչին վարձ, ամսական максимум 16 մանեթ, իսկ минимум 10 մանեթ, այն է` հազար տեսակ արհամարհանքների, հայհոյանքների և շատ ժամանակ թակի ու ծեծի հետ: Վայ այն մշակին, որը համարձակվել է իր տիրոջ հրամանից գեթ մազի չափ շեղվել, այդպիսի դեպքերում նա խոհեմություն կանի, եթե չերևա, թե չէ գործարանատիրոջ կամ նրա հավատարիմ գործակատարի անսանձ լեզուն չի դադարի հազար ու մի անվայել ու կեղտոտ հայհոյանքներով վիրավորել ո՛չ միայն նրա անձնավորությունը, այլև նրա անմեղ ընտանիքը, ծնողները և մինչև անգամ նրա մեռելներին ևս չի խնայի: Գործարանում հրդեհ է պատահում, մշակին են մեղադրում, գործարանում մեկ բան է կորչում, մշակն է գողության կասկածանքի տակ ընկնում, վերջապես, ամենայն մի քայլում, ամենքի հանցանքի համար մշակն է պատասխանատու, նա է ենթարկվում հալածանքի: Այդպես են վարվում այդ անբախտ և միանգամայն թշվառ արարածների հետ անխտիր թե՛ հայ, թե՛ թուրք և թե՛ ռուս գործարանատերերը: Հայ մշակը առաջին դեպքում կարծում է, թե նա կարող է ապահով լինել հայ գործարանատիրոջ մոտ, բայց նա չարաչար սխալված է համարում իրան, երբ տեսնում է, որ իր արյունակիցը ևս այնպես կոշտ, կոպիտ և անխիղճ է վարվում, ինչպես, գուցե, չէր վարվի նրա հետ այլազգին: Հոգ չէ, թող մշակը հարստահարվի, թող նրա թշվառ կյանքը մաշվի, միայն թե իր տիրոջ անհատակ սնդուկը հարստությունով լցնելու համար գիշեր ու ցերեկ, ժամանակ ու անժամանակ գործե: Փույթ չէ գործարանատերին, թե նրա մշակները բնակվում են այնպիսի բնակարանում, ուր միայն խոզերը կարող են բնակվել, փույթ չէ, թե նրանք հիվանդանում են, դեղ չեն ճարում և այլն: Այդպիսի բաների համար մտածել, գլուխը ցավացնել չգիտե մեր գործարանատերը, որովհետև նա իր պարտքը կատարած է համարում ամսական մշակների երեսին մի քանի մանեթ շպրտելով, այն էլ, աստված գիտե, ինչպիսի խարդախ հաշիվներով, և ինչո՞ւ չանեն խարդախություն, երբ այդ հասարակ մշակները ոչ գիր են գիտում և ոչ էլ Կիրակոս են ճանաչում: (Այդպես են ասում իմ հայրենիքում): Այո, տխուր և շատ տխուր գույներով կարելի է նկարագրել այստեղի մշակ դասի կյանքը, որը սիստեմատիկաբար հարստահարվում է գործարանատերերից: Այդ բոլորը այդպես տեսնելով, էլ ի՞նչ իրավունք ունենք մենք, քաղաքակրթվածներս, գանգատվել Փոքր Ասիայի խորքերում ապրող վայրենի բաշիբոզուկների, քուրդերի և չերքեզների անխղճության վրա, մինչդեռ ինքներս այդչափ անգութ և անխիղճ ենք դեպի մեր մերձավորները:

Բավական համարելով այդքանը Բաքվի մշակների դրության մասին, մեծահույս եմ, որ արդարադատ «Մշակ» լրագիրը, որը միշտ չէ զլացել պաշտպան հանդիսանալ ամենայն տառապյալների և հալածյալների, պաշտպան կհանդիսանա և հասարակության այդ թշվառ դասակարգին` մշակներին, որոնք այդչափ բարբարոսաբար հարստահարվում են: Իսկ ես ժամանակ առ ժամանակ կաշխատեմ դիմել այդ հարցին:

1980 թ.

ՆԱՄԱԿ ԲԱՔՎԻՑ

4 նոյեմբերի

Ամսույս 2-ին, երեկոյան ժամը 6-ին, հայոց «Մարդասիրական ընկերության» դահլիճում առաջին անգամ, հայոց ուսումնարանի տեսուչ բժիշկ Արամյանը կարդաց մի դասախոսություն երեխաների առողջության վերաբերությամբ: Հանդիսականների թիվը շատ քիչ էր, չնայելով, որ մուտքի համար նշանակված էր ամենաչնչին գին (20 կոպեկ): Շատերն էլ, թեպետ գնել էին տոմսակներ, բայց չգիտենք ինչու չէին բարեհաճել ներկայանալ դասախոսության, երևի, արժան չէին համարել: Իսկապես պախարակելու արժանի են Բաքվի հայերը, մանավանդ երիտասարդները, որոնք առավել բարվոք են համարում` աննպատակ շրջել քաղաքի հրապարակի վրա, որ շատ մոտ է նույնիսկ դասախոսությունը եղած տեղին, ընկնել զանազան կեղտոտ էակների հետևից և թափառել նրանց հետ մի հյուրանոցից մյուս հյուրանոց, փողեր շռայլել, քան թե 20 կոպեկ նվիրելով մի բարեգործական նպատակի, գեթ մի ժամ լսել դասախոսություն, որից կարող են օգուտ քաղել: Ես դիտավորություն չունեմ այս անգամ ևս խոսել Բաքվի հայ հասարակության այլևայլ վատ կողմերի մասին, որոնց հետ ընթերցողը փոքրիշատե ծանոթ է, միայն իմ ներկա նամակիս նպատակն է մի քանի համեստ նկատողությոմ անել պ. դասախոս Արամյանին:

Հայտնի է, որ գրականական լեզուն մեզանում դեռ ընդհանրացած չէ, այսինքն` նա այնքան խորը արմատներ չէ գցել հասարակության մեջ, որ մեծամասնության համար դյուրըմբռնելի լինի: Այդ շատ զարմանալի չէ հայերի վերաբերոմթյամբ, որոնց մեջ գրականական աշխարհիկ լեզուն հազիվ թե մի քանի տասնյակ տարիներ է, որ մուտք է գործել: Մեր ուսումնարանների մեջ շատ ժամանակ չէ, որ սկսել են գործածել հայերեն մաքուր աշխարհաբարը: Մինչև այսօր մեր եկեղեցիների մեջ դեռ անմարսելի գրաբարն է թագավորում: Մեր հոգևորականները, որ իրանք մեծ կարոտություն ունեն սովորելու, անկարող են ժողովրդի մեջ տարածել կենդանի աշխարհաբարը: Վերջապես, մենք չունենք բավականաչափ աշխարհաբար լեզվով թե՛ ինքնուրույն գրվածները և թե՛ թարգմանություններ, որոնց միջոցով հասարակությունը ծանոթանար դրա հետ: Իսկ եթե մենք այսօր քիչ թե շատ ծանոթ ենք գրականական բարբառի հետ, սրանով գլխավորապես պարտական ենք մեր լրագրությանը, որը մինչև այսօր գրեթե միակ միջոց է հանդիսացել նրա տարածվելուն: Համարձակապես կարող եմ ասել, որ հայ հասարակության միայն այն դասակարգը փոքրիշատե գիտե հայերեն, որ հայ լրագիրներ է կարդում, իսկ այն դասակարգը կազմում է հասարակության աննշան մասը. մեծամասնությունը, որ հայ գրագրությունով չի զբաղվում, զուրկ է կենդանի մայրենի գրականական բարբառից: Գոնե Բաքվի մեջ հազվագյուտ է այն հայը, որ փոքրիշատե գիտե իր մայրենի գրական լեզուն:

Այդ հանգամանքը աչքի առաջ ունենալով, ես համոզված եմ, որ այն անձնավորությունը, որ հանձն է առնում մի որևիցե գավառական քաղաքում ժողովրդական դասախոսություններ անել, գլխավորապես պիտի հոգա, որ դասախոսության ոճը, լեզուն մատչելի լինեն հասարակության, որ նա կարողանա հասկանալ դասախոսության միտքը և, հետևաբար, օգուտ քաղե նրանից: Թող ներե ինձ պ. Արամյանը նկատել, որ նա այդ անհրաժեշտությունը աչքաթող էր արել իր առաջին դասախոսությունում: Նրա դասախոսության լեզուն այնքան դժվարըմբռնելի էր, նախադասություններն այնքան երկար ու դժվար հասկանալի էին, որ հանդիսականներից հազիվ թե տասից մեկը հասկացավ նրա միտքը, և այն ևս մեծ դժվարությամբ: Բացի այդ, պ. դասախոսը, չգիտեմ ինչու, չափազանց վռազում էր կարդալու ժամանակ, այնպես, ոբ նախադասությունները ունկնդիրը չէր կարողանում ջոկել միմյանցից: Այս երկու մեծ պակասությունները համարյա թե կորցրին պ. Արամյանի դասախոսության նշանակությունը և այս անգամ, կարելի է ասել, նա անհաջող անցավ: Սակայն թող պ. Արամյանը չհուսահատվի, միմիայն խորհուրդ ենք տալիս նրան մյուս անգամ աշխատել, որքան կարելի է պարզ խոսել, որովհետև գիտության ամեն մի ճյուղը ժողովրդին չի կարելի այլապես բացատրել, եթե ոչ պարզ, ժողովրդական լեզվով և ոչ խորը գրականական բարբառով, մութ ֆրազներով: Մենք կարդացել ենք Թիֆլիսում եղած դասախոսությունները, նրանք տասնապատիկ պարզ և ժողովրդի համար դյուրմբռնելի լեզվով են կարդացվել, քան թե պ. Արամյանի դասախոսությունը, որը, կրկնում եմ, շատ անհասկանալի էր այս անգամ: Բայց և այնպես, շնորհակալության արժանի է պ. Արամյանը, որ նա Բաքվի մեջ ժողովրդական դասախոսությունների սկիզբը դրեց: Հուսանք, որ կգտնվեն այդ հասարակաօգուտ նպատակին հետևողներ, որովհետև Բաքվի հայ հասարակությունը ոչ միայն ֆիզիկապես բժշկվելու կարոտություն ունի, այլև մտավորապես, բարոյապես, և, որ ամենահարկավորն է, տնտեսապես:

1880 թ.

ՆԱՄԱԿ ԲԱՔՎԻՑ

Հոկտեմբերի 2-ին

Մեր ամբոխի անվան վարկը օտար հասարակությունների աչքում վայր գցող գլխավոր պատճառներից մեկը կարող է համարվել հայ վաճառականներից շատերի անազնիվ վարմունքը օտարների առաջ, նամանավանդ մի շատ տխուր երևույթ, որ նրանց շրջանում վերջին ժամանակները շատ հաճախ է կրկնվում: Հայտնի է, որ կովկասցի վաճառականների մեծամասնությունը երկար տարիներ Ռուսաստանի հետ անմիջական առևտրական հարաբերություններ ունենալով և շատերը իրանց հավատարմությամբ գրավելով հայտնի ռուս ֆաբրիկանտների և վաճառականների հավատը, շատ ժամանակ վերջիններից մեծ քանակությամբ ապառիկ ապրանքներ առնելով` տեղափոխվում են Կովկաս, և այդպիսով նա, որի սեփակա կապիտալը հազիվ թե տասը հազարի է հասնում, կարողանում է տարվա ընթացքում մի քանի հարյուր հազարների չափ առևտուր կատարել: Այդ տեսակ հավատ ռուսաստանցիների կողմից իհարկե անհրաժեշտ է մեր վաճառականների համար, և թանկ արժե մանավանդ հայ վաճառականների համար, որոնք այդ հանգամանքով առավել են օգտվում, քան թե ուրիշները: Բայց, դժբախտաբար, վերջին տարիները ռուսաստանցիները հետզհետե սկսում են թուլացնել իրանց հավատը դեպի կովկասցիները, շնորհիվ մեր մի քանի վաճառականների, այն էլ գրեթե բացառապես հայերի անազնվության: Մի քանի տարիներ շարունակ Ռուսաստանից ապառիկ ապրանքներ բերելով Կովկաս, հայ վաճառականը կանոնավորապես վճարում է ամենայն տարի իր պարտքերը մինչև այն ժամանակ, երբ նա արդեն լիովին համոզեցնում է ռուսաստանցիներին իր ազնվության մեջ և տակավին գրավում նրանց հավատը:

Այդ ժամանակ հայ վաճառականի ագահության կապանքները բոլորովին թուլանում են, և նա, մի տարի ևս կապելով մեծ գումարի ապրանք, տեղափոխելով նրան իր հայրենիքը, հանկարծ հրատարակում է իրան պարտատերի առաջ սնանկացած և` իր բոլոր կայքը գրելով մի որևէ մոտ ազգականի կամ բարեկամի անունով, առաջարկում է կրեդիտորներին բավականանալ մի ռուբլու տեղ 10 կամ 20 կոպեկով, կամ թե չէ բոլորովին հրաժարվում է նրանց վճարելուց: Այդպիսի դեպքեր շատ են պատահել և միշտ գրեթե անողները եղել են հայ վաճառականներ, ինչպես անցյալ տարիները մի ժամանակ արին` Բալասի Միրզաբեկյան, Ստեփանոս Թառայան, Աշուղյաններ և ուրիշ շատերը, որոնց անունները չպիտի հասարակությունից ծածկվեն: Բայց այս քանի օրերս մի այդպիսի քաջագործություն արավ մի ինչ-որ ղարաբաղցի Հ. Պ-յան անունով վաճառական, որը այս րոպեիս Բաքվի հասարակության հետաքրքրության առարկան է դառել:

Գարնանը, Մոսկվայում հավաքելով մոտ 400 հազարի ապրանք և տեղափոխելով այն Բաքու, Պ. — ն գնում է Նիժնի-Նովգորոդյան տոնավաճառը և, այստեղ հրավիրելով կրեդիտորներին հացկերույթի, առաջարկում է նրանց 25 կոպեկ մի ռուբլու փոխարեն և խոստանում է մի տարուց հետո տալ ևս 25 կոպեկ: Կրեդիտորներին առաջին անգամ այդ տարօրինակ առաջարկությունը անհավատալի է թվում, բայց երբ ճշմարտախոս Պ.-ն հավատացնում է նրանց, թե ինքը ճշմարիտն է ասում, այն ժամանակ նրանք, իհարկե, չեն համաձայնվում, չհավատալով նրա խոսքերին, թե իբրև ապրանքը բաց թողնելով Բաքվի մեջ զանազան անգրագետ պարսիկ վաճառականներին, սրանցից ոչ մի ապահովաթուղթ չէ ստացել և այժմ նրանք բոլորովին հրաժարվում են Պ-յանին իրանց պարտքերը վճարելուց: Պ-յանը շատ է աշխատում համոզել կրեդիտորներին առաջարկած գումարով բավականանալ, բայց երբ բոլոր ջանքերը ապարդյուն են մնում և նրան չի հաջողվում մոլորեցնել պարտատերերին, այն ժամանակ նա գալիս է Բաքու, և այստեղ բոլոր ապրանքները և ուրիշ կայքերը հաստատելով իր աներոջ` Վ-յանի վրա, ինքը աշխատում է արտասահմանյան անցաթուղթ ձեռք բերել և փախչել արտասահման, բայց այդ քայլը ևս չի հաջողվում նրան, որովհետև այս քանի օրերս հասնելով Բաքու, հայտնի ֆաբրիկանտների` Մորոզովի և Յակունչիկովի, հավատարմատար Զակոլինսկին արգելք է դնում Պ-ի ճանապարհորդության, քանի որ նա միայն Մորոզովին պարտ է, ինչպես ասում են, մոտ 30 հազար ռուբլի:

Իսկ ինչ վերաբերում է Վ-ին, որի անունով Պ-յանը հաստատել է իր բոլոր կայքը, նա ևս անգործ չէ և ինչպես հավատացնում են, ամենայն օր մեծ գումարների վեքսելներ է ներկայացնում դատարանին, որոնցով նա իր փեսայից պահանջում է իբրև թե իրան հասանելի գումարը:

Այդ վեքսելները իհարկե սուտ են, և Վ-յանը այդ անում է լոկ այն մտքով, որ իր փեսայի պարտատերերին հուսահատեցնե, բայց վերջինները հաստատապես վճռել են գործը դատաստանի միջոցով առաջ տանել և այժմ պահանջում են օրինավոր հաշվապահական գրքեր, որ նա օրենքի համաձայն պարտավոր էր ունենալ, քանի որ առաջին կարգի վաճպռական է: Ասում են, որ կապած ապրանքներից մոտ 40 հազար ռուբլի ուղարկվել է Լենքորան:

Այդպես ուրեմն, ինչպես երևում է, գործը շատ հետաքրքրելի պիտի դառնա, և ես հետևանքի համար, կհաղորդեմ իր ժամանակին «Մշակ»-ի ընթերցողներին: Հարկավոր չէ մոռանալ, որ Վ-յանը մի հայտնի աստիճանի բարոյական դիրք է բռնում հասարակության մեջ: Այդպիսի դեպքերի վրա, իմ կարծիքով, հայ հասարակությունը չպիաի թեթև աչքով նայի, կարծելով, թե նրանք վերաբերվում են մասնավոր կյանքին և չունեն ոչ մի հասարակական նշանակություն: Եթե այսօր հայ հասարակությունը քիչ թե շատ ծանոթ է օտար ազգերին, սրանով մենք մեծ մասամբ պարտական ենք մեր վաճառականներին, որոնք միայն անմիջական հարաբերություններ ունեն օտարների հետ և որոնք մի հայտնի աստիճանի ներկայացուցիչներ են համարվում մեր հասարակության կողմից: Սակայն ինչ գաղափար կարող է կազմել օտար ազգին հայ ժողովրդի մասին, հանդիպելով այնպիսի անձանց, որոնք, կուրացած լինելով նեղ և կեղտոտ շահասիրության զգացմունքով, չեն ճանաչում ո՛չ թե միայն ազգային, այլ նաև անձնական ինքնասիրության գաղափարը: Հայ հասարակությունը առհասարակ և մասնավորապես հայ վաճառականները եթե համամիտ չեն այդպիսիների հետ, պետք է միշտ թշնամական աչքով նայեն նրանց վրա, թույլ չտան նրանց մտնել ոչ մի հասարակական շրջան, անվայել համարեն մինչև անգամ նրանց երեսին նայելը, որպեսզի օտարները չկարծեն, թե ամբողջ հայ հասարակությունը կազմված է վերև հիշվածների նմաններից: Բաքվի հասարակությունը կարծես, թև հասկացել է այդ, և Պ-յանը այժմ ոչ մի տեղ ընդունված չէ: Բայց երկա՞ր կտևի արդյոք այս արհամարհանքը. մի քանի տարուց հետո հասարակությունը չի՞ ընդունի արդյոք, դարձյալ նույն մարդուն, մոռանալով նրա անցյալը:

1881թ.

ԲԱՔՎԻ ՆԱՎԹԱՅԻՆ ՀԱՐՑԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ

Բաքվի նավթային գործարանատերերի և հանքատերերի վիճակը շատ կարճ ժամանակում մեծ փոփոխությունների կենթարկվի: Այդ շահավետ արդյունաբերությունով պարապողների թիվը, որի մեծամասնությունը կազմում են հայերը, օրեցօր նվազելու վրա է հօգուտ մի քանի գլխավոր ձեռնարկողների (предприниматели), որոնցից ամենաառաջինն է հայտնի գործարանատեր շվեդացի Նոբելը: Ոչ թե միայն մանր, այլ նաև շատ նշանավոր գործարանատերեր սարսափով են նայում այդ վերջինի զանազան ձեռնարկությունների վրա, նախազգալով իրանց անկարողությունը ապագայում մրցել մի այնպիսի համարձակ ձեռնարկողի հետ, որը ձգտում է, կարծես թե, կատարելապես իր ձեռքը առնել Բաքվի ամբողջ նավթային արդյունաբերության հարցը: Մի կողմ թողնելով այս անգամ ընդհանրությունը, ես ներկա հոդվածովս կաշխատեմ մի քանի նկատողություններ անել միայն հայ գործարանատերերի և հանքատերերի մասին:

Սրանից դեռ երկու տարի առաջ «Մշակ» -ը, իր առաջնորդող հոդվածներից մեկը նվիրելով Բաքվի նավթային արդյունաբերության հարցին, այն կարծիքն էր հայտնել, թե Բաքվի հայերը, որոնց ձեռքումն է գտնվում այդ արդյունաբերության գլխավոր ճյուղը, եթե չաշխատեն լայնացնել իրանց գործունեության ասպարեզը, հիմնելով զանազան ընկերություններ զորեղ կապիտալներով և միևնույն ժամանակ արդյունաբերության հին նահապետական ձևերը փոխարինելով նոր, գիտության պահանջներին համապատասխան ձևերի, բնության այդ հարստությունները բազմակողմանի կերպով հարստահարելու նպատակով, — այնուհետև էլ նրանց համար դժվար կամ միանգամայն անհնարին կլինի մրցել եվրոպացի արդյունաբերողների հետ, որոնց թիվը օրըստօրե աճում է Բաքվի մեջ և որոնք վաղ թե ուշ, օգտվելով տեղացիների տգիտությունից` կխլեն նրանց ձեռից մի այնպիսի շահավետ արդյունաբերություն, որպիսին է անշուշտ նավթայինը: Մոտավորապես միևնույն միտքը հաստատել էի և ես անցյալ տարվա «Մշակ»-ի76 մեջ տպված նամակիս մեջ, առաջ բերելով մի քանի շոշափելի փաստեր: Առաջին դեպք կարելի էր կարծել, որ մամուլի այդ կարևոր նախազգուշությունը բարի գրգիռ կզարթեցնի հայ գործարանատերերի և հանքատերերի մեջ և կդրդե նրանց առավել խոհեմությամբ վարել իրանց գործերը, բայց դժբախտաբար հակառակը պատահեց: Հայ գործարանատերերը և հանքատերերը, մանավանդ նրանցից գլխավորները, փոխանակ լրջմտորեն քննադատելու հայ լրագրի խելացի դատողությունը, սկսեցին զանազան երեխայական ծաղրածությունների ենթարկել նրան և, որքան մտաբերում են մի քանիսը, մինչև անգամ կամենում էին լրագրության միջոցով ևս հերքել նրան, հիմնվելով այն թույլ և տակավին ծիծաղաշարժ փաստի վրա, թե հայերը, իրանց պատմության սկզբից վաճառականության մեջ լինելով ճարպիկ, գործունյա, խոհեմ և այլն, միշտ աջողությամբ են մրցել օտարազգիների հետ, ուրեմն հետևաբար նավթային արդյունաբերության մեջ էլ նրանք երբեք չեն հաղթվի ոչ եվրոպացիներից և ոչ էլ ուրիշներից, քանի որ նրանք կրում են իրանց վրա «հայ» անունը: Այդպես կամ գրեթե այդպես էին դատում այդ ժամանակ մեր պատվելի «վաճառականները» իհարկե, չկարողանալով ըմբռնել այն հասարակ միտքը, թե «վաճառականություն» և «արդյունաբերություն» — սրանք երկու միմյանցից տարբեր ֆակտորներ են տնտեսականության մեջ: Իբրև հայի վաճառականական հանճարի օրինակներ, հայ գործարանատերերը և հանքատերերը ցույց էին տալիս իրանց վրա, թե մի տասնյակ տարի սրանից առաջ աղքատության մեջ տնքում էին, իսկ այժմ լողում են անհամար հարստության մեջ` շնորհք իրանց սեփական խոհեմության, ճարպկության, գործունեության և չգիտեմ էլ ինչ ուրիշ երևելի հատկությունների: «Նայիր և տես թե ես ի՞նչ էի տասնևերկու տարի սրանից առաջ և ես ի՞նչ եմ այժմ», — գոռում էր իմ այդ ժամանակվա պրինցիպալը, հպարտ հայացքը դարձնելով իրան սենյակի շքեղ զարդարանքի վրա և շպրտելով խեղճ «Մշակ»-ի անմեղ թերթը սենյակի անկյունը: Կարո՞ղ էիր արդյոք, սիրելի ընթերցող, այդ տաք գլուխը համոզել, թե հայը վաճառականության մեջ այն ժամանակն է հաղթող հանդիսանում, երբ գործ ունի իրանից թույլ և տգետ ազգաբնակության հետ, իսկ երբ նա այդ ասպարիզում հանդիպում է գիտության զենքով զինվորված եվրոպացի վաճառականին կամ արդյունաբերողին, այն ժամանակ հայի լոկ բնական վաճառականական հանճարը, եթե հիրավի նա կա, անկարող է լինում մրցել գիտության հետ: Կարո՞ղ էիր արդյոք, ընթերցող, հավատացնել, որ Բաքվի հայերին հարստացնողը եղել է ոչ թե նրանց հանճարը, այլ բարեհաջող հանգամանքները, այսինքն այն, որ սրանից դեռ մի տասնյակ տարի առաջ Բաքվի անունը խորխորատի մեջ լինելով` հայտնի չէր ոչ միայն եվրոպացիներին, այլև ռուսաստանցիներին, քանի որ սրանք չգիտեին, թե Անդրկովկասի այդ աննշան անկյունում երկիրը պարունակում է իր մեջ անհուն հարստություններ: Ուրեմն քանի որ Բաքուն անհայտության մեջ էր, հայտնի բան է, որ նավթային արդյունաբերությունը պիտի մնար միայն տեղացիների ձեռքում, որոնց թվում առաջին տեղն էին բռնում հայերը: Պարզ է, որ այնպիսի հանգամանքներում, երբ մի կողմից բնությունը ինքնին առատորեն դուրս էր հոսում անթիվ հարստություններ, իսկ մյուս կողմից չկային ավելի զորեղ մրցողներ, հայերին էր մնում կատարել առաջնական դեր նավթային արդյունաբերության մեջ: Մեզ բոլորովին չէ զարմացնում այն հանգամանքը, թե այդ ժամանակվա դերձակ Մաթոսը այժմ աղա Մատվեյ Իվանիչ է դառել: Նրա համար այդ ժամանակ հեշտ էր ձեռք բերել մի հասարակ հիսուն փութ տեղավորվող կաթսա (куб), դնելով նրան բաց օդի տակ, այդպիսով «գործարանատեր» տերմինը ստանալով, օրական քսան կամ երեսուն փութ ֆոտոգեն պատրաստել և ամենայն մի փութից 50 կամ 60 կոպեկ զուտ արդյունք սтանալ, կամ Բալախանիի և Սաբունչու հողերից մի կտոր ամենաչնչին գումարով ձեռք բերել, տասը կամ տասնհինգ սաժեն հոր փորել և այնտեղից մարդու կամ ձիու ուժով8 օրական մի քանի հարյուր փութ սև նավթ դուրս հանել, որը այդ ժամանակ ծախսվում էր 2040 կոպեկով մի փութը: Կրկնում ենք, մեզ այդ տակավին չէ զարմացնում, որովհետև այստեղ ոչ հայի հանճարն էր գործ տեսնում և ոչ էլ նրա ճարպկությունը, այլ բնության պարգևած աջող հանգամանքները. պետք է կույր լիներ հայը, որ չշահվեր, գոնե ամենահասարակ միջոցով, իրան շրջապատող երկրի արդյունքով, քանի որ բնությունը ինքն էր հրավիրում: Բայց մի՞թե Բաքվի անհայտության ժամանակ միայն հայերն են կարողացել հարստություններ դիզել նավթային արդյունաբերության միջոցով, չէ՞ որ հայտնի են շատ թուրք հարուստներ, որոնք տասն կամ տասնուհինգ տարի սրանից առաջ հասարակ սայլապաններ, ծառաներ և մշակներ են եղել:

Next page