Թումանյան Հովհաննես՝   Քննադատություն և հրապարակախոսություն, Նամակներ

Մինչդեռ մեր աշխարհքում հետզհետե մեծանում էր մեզ ու ռուսին իրարից բաժանող տարածությունը, պաղում էին հին լավ հարաբերությունները, ստեղծվում էին նոր հարաբերություններ անպայման վնասաբեր երկու կողմի համար էլ, թե մեծի թե փոքրի, թե ռուսի թե հայի:

Եվ ահա վրա հասան 1894-96 թթ. կոտորածները, երբ Կովկասում հայ-ռուսական հարաբերությունների պաղությունը հասել էին գալիցինյան ռեժիմին և Վելիչկոյի հրապարակախոսությանը, իսկ Անգլիայում մեր բարեկամությունն և հոգատարությունը հասել էր իր գագաթնակետին Գլադստոնի ճառերում...

Եվ ի՞նչ...

Վերջ ի վերջո դուրս եկավ, որ Գալիցինը գոնե տաճկական սրից ազատված 40 հազար հայ գաղթական ընդունեց Կովկաս, իսկ հայկական հարցի ու հույսերի տերըԱնգլիան հայ ժողովրդի սարսափին ու աղերսախառն դիմումին տվեց հայտնի պատասխանը — «Մեր նավերը չեն կարող լողալ հայոց լեռների գագաթներին»8:

Մինչդեռ աշխարհքին հայտնի է, որ սուլթան Աբդուլ Համիդը նստում էր ոչ թե Հայոց լեռների գագաթներին, այլ Բոսֆորի ջրերի ափերին, ուր միշտ կանգնում են անգլիական նավերը:

Էսպես է եղել Անգլիան մինչև վերջին տարիներս:

Իսկ Ֆրանսիա՞ն:

Տասնվեցերորդ դարից սկսած սուլթանի հետ կապած պայմանագրերով ձեռք բերելով Թյուրքիայում բացառիկ դեր ու դիրք, Ֆրանսիան դարձավ Արևելքում պաշտպանը եվրոպական քրիստոնյաների, որոնք նույնիսկ ֆրանկ կոչվեցան անխտիր, եղան Թյուրքիայում արտոնյալ ու ազատ բնակիչներ, լցվեցին ծովեզրյա քաղաքները և միշտ, մինչև Պոլսի վերջին ջարդը, իրենց լուսամուտներից տեսան հայերի կոտորածը: Եվ հայերը երբեք չնկատվեցին քրիստոնյա ու չտեսան Արևելքում քրիստոնեության մեծ հովանավորի հովանին, որովհետև տաճկահպատակ էին ու ռայա:

Եվ հենց Փարիզումն էր (1856 թվին), Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի նախագահությամբ եղած վեհաժողովում4, որ առաջին անգամ Տաճկաստանն ընդունվեց եվրոպական քաղաքակիրթ մեծ պետությունների շարքը, միջազգային երաշխավորությամբ ապահովեց նրա հողայինն անձեռնմխելիությունը, սուլթանի անկախության սկզբունքը, նրա` իր հպատակ քրիստոնյա ազգերին հոշոտելու խնդիրն անվանեց Տաճկաստանի ներքին գործ և նրանց, բարօրության, համար միանգամայն բավարար նկատվեց սուլթանի Հատտը-Հումայունը:

Էստեղ, Փարիզում ստեղծվեցէԷն ամենը, ընչով որ սուլթանն իրեն զգում էր ուժեղ ու ապրում էր նրա բարբարոսական կառավարությունը, իսկ նրա հպատակ քրիստսնյա ժողովուրդներըդժբախտ ու տառապում էին՝ օրհասական մաքառումներով, ցույց տալով իրենց կենդանությունն ու վերածնվելու ձգտումը:

Եվ ահա Փարիզյան կոնգրեսի ու դաշնադրության վրա խոսելուց հետո էսպես է եզրափակում իր խոսքը մարդկության պատմությունը:

«Եվ էսպես, — ասում է, — քրիստոնյա պետությունների և ժողովուրդների մեջ եղած հակամարտության պատճառով, նրանց <հան>դեպ իրար ունեցած նախանձի պատճառով, էն մշտական անվստահության պատճառով, որով նրանք հսկում էին իրար, և վերջապես, էն երկյուղի պատճառով, որով նրանցից ամեն մինը վերաբերվում էր մյուսի ազդեցության շրջանի միակողմանի ծավալումին ու զորացմանըեվրոպական պետությունները իրանց հովանու տակ առան տաճկական գիշատիչ պետությունը և երկարացրին նրա գոյությունը, մտիկ չտալով, որ նա խորտակում է իր ազգաբնակության կուլտուրան և ինչպես իր մուսուլման, էնպես էլ քրիստոնյա հպատակների վերաբերությամբ անընդունակ է կատարելու իր պետական պաշտոնը: Էդ ժամանակից տաճկական պետության գոյությունը միայն մի նպատակ է ունեցել. — արգելել իր սահմաններում ապրող ժողովուրդների պատմական զարգացումը ու ձգձգել Բալկանյան թերակղզու նահանգների վիճակի որոշումը» («История человечества», т. VIII, под ред. Гельмольдта)5:

Եվ ահա տաճկահայ ժողովուրդն իր հարցով նույնպես եղել է եվրոպական պետությունների հակամարտության դժբախտ զոհերից մինը, և անպայման ամենադժբախտը:

Ամենադժբախտը, որովհետև գտնվում էր Թյուրքիայի սրտում, ամենադժվար ու ամենավտանգավոր տեղում, և Թյուրքիան նրան բաց պիտի թողներ միայն իր վերջին շնչի հետ:

Եվ նա՝ Թյուրքիան, դիմել է, դիմում է ու կդիմի ամենահրեշավոր միջոցների՝ վերջ դնելու էդ ժողովրդին իր հարցի հետ միասին, հայի հայրենիքի ու ազգային իրավունքների խնդիրը միանգամ ընդմիշտ փակելու համար:

Իր հերթին Ռուսաստանը զարկել է, զարկում է և կզարկի Թյուրքիային, մինչև ուժասպառ չանի նրան՝ հասնելով իր նախորոշած նպատակին ու կատարելով մի մեծ պատմական միսիա թե Բալկաններում և թե Արևելքում: Իսկ եվրոպական մեծ պետությունները աշխատել են ամեն կերպ առնել Ռուսաստանի ծավալման ու զորացման առաջը: Իրերի պատմական էս դասավորությունից ափաշկարա պարզ է, որ հայ ժողովուրդը պետք է լիներ ռուսի հետ և իր կյանքի, գույքի ու պատվի ապահովության հույսը պետք է կապեր Ռուսաստանի հաջողության հետ:

Պարզ է նույնպես, որ եվրոպական մեծ պետությունները, որոնք դեմ են եղել Ռուսաստանի զորացմանն Արևելքումպետք է պաշտպանեին Տաճկաստանին և դեմ լինեին հայկական հարցին:

Եվ էսօր, եթե հայկական հարցը, ինչ ձևով ուզում է լինիմի լուծում է առնելու, դա լինելու է Ռուսաստանի հաղթանակը կամ նրան փոխադարձաբար արած մի զիջում: Եվ հավանորեն փոխադարձ զիջում է լինելու, քանի որ Անգլիան ու Ֆրանսիան էսօր հաշտ ու համերաշխ են Ռուսաստանի հետ: Եվ էդ հաշտությունը, եթե կա, զարհուրելի է Տաճկաստանի համար, որ ապրել է նրանց անհաշտության պատճաոով, հետևաբար կլուծվի և հայկական խնդիրը, և կլուծվի Ռուսաստանի նախաձեռնությամբ:

Էսպեսով 35 տարվան շեղումից հետո՝ մեզ պատմության ընթացքը բերում է դարձյալ նույն տեղը:

Դարձյալ հայկական հարցը Ռուսաստանի պաշտպանությանն ապավինած և Ռուսաստանի հետ:

Դարձյալ ռուսական մամուլն է արծարծում հայկական հարցը, և դարձյալ ոուսական զորքն է կանգնած էն դժոխք երկրի սահմանի վրա, ուր դարձյալ կոտորածի սարսափի տակ ալեկոծվում է հայ ժողովուրդը:

Էս 35 տարվա ընթացքում ծանր տպավորությունների տակ ծնվել ու մեծացել է մի սերունդ, որ շատ հասկանալի հոգեբանական ու իրական պատճառներով թերահավատ է տակավին. բայց էն մարդիկ, որոնք լավ գիտեն, թե կարճատև ու անցողական են ամեն վատ մարդիկ ու վատություններ, էն մարդիկ, որ անսասան հավատում են լավ գաղափարների աստիճանական, բայց հաստատուն զարգացումին ու հաղթանակներին, ինչպես անհատների մարդասիրությանը, էնպես էլ ազգերի առաջադիմությանն ու ազնվացումին, էն մարդիկ, որ պարզ աչքով տեսնում են պատմական ու իրական էն հիմունքները, որ ապահովում են ազգերի լավ հարաբերությունները, — պետք է հավատան լավ օրերին ու լավ հարաբերություններին և պետք է ակնկալեն հայի համար մի մարդավայել ազգային վիճակ ու մի ցանկալի ապագա, որի մեջ Ռուսաստանն ունեցել է ու կունենա վճռական ազդեցություն:

ԵՐԿՈՒ ՄԵԾ ԹԻՖԼԻՍԵՑԻՆԵՐ

Թիֆլիսը: Բայց հին Թիֆլիսը:

Էն մի առանձին, յուրատեսակ աշխարհք էր, որի մեջ եկել միացել էին կովկասյան ժողովուրդներն ամենքն իրենց առանձնահատուկ կյանքով ու երանգով և հորինել էին ազգերի մի վերին աստիճանի գրավիչ ու հետաքրքրական խառնուրդ ու կյանք: Եվ որովհետև էդ կյանքին տոն տվողը վրացական անհոգ ու զվարթ ոգին էր, էդ պատճաոով էլ հին Թիֆլիսը իրարու խորթ տարրերի էտնոգրաֆիական մի ժողովածու չէր հանդիսանում, այլ մի ուրախ հարսանքատուն, ուր հրավիրված էին Կովկասի բոլոր ազգերն ու ցեղերըքեֆ քաշելու:

Եվ հիրավի, 1883 թվին, երբ ես առաջին անգամ Թիֆլիս եկա ուսումնարան մտնելու, ինձ թվաց, թե ընկա մի հսկայական հարսանքատուն: Զուռնա, դհոլ, դայիրա, նաղարա, ծափ-ծիծաղ, պար, երգ ... Էն էլ ոչ թե տներում, այլ դուրսը, դռներին, կտուրներին: Մանավանդ իրիկնապահերին: Կիրակի ու տոն օրերս հոգլուխ բեր, որ դիմանա: Զուգված, զարդարված շրըխկում ու զրընգում էր ամբողջ քաղաքը:

Տեսնողը զարմանում էր, թե՝ էս մարդիկը ե՞րբ են աշխատում, որ էսպես շարունակ ուրախանում են ու պար գալի: Էսպես էր ապրում հին Թիֆլիսըգժի նման: Եվ դեռ ես հին Թիֆլիսի վերջին օրերին վրա հասա: Ասում են՝ ութսունական թվականներից. սկսած Թիֆլիսն սկսեց փոխվելփչանալ, ուրիշ խոսքով, ասում էին՝ վելիկի կնյազից, (մեծ, իշխան Միխաիլ Նիկոլաևիչից) ետը մեր քաղաքը խարաբ էլավ:

Մեր Րաֆֆին մի բանաստեղծության մեջ շատ հաջող արտահայտել է թիֆլիսեցու էս վիշտը.

«Վատ ադաթներ ներս բերավ
Միր քաղքումը Եվրոպեն,
Քեփն ու սափեն դիփ կորավ,
Փըչացավ Էսղանց օբեն...»1:

Եվ ճիշտ որ փչացավ: Մի կյանքից եթե զվարթությունըքեփն ու սափեն հանես, էլ տեղն ի՞նչ մնաց: Մնաց հոգսն ու շափեն: Եվ գնա տարին տասներկու ամիս հոգս ու ջափ տակին անքաթե ապրում եմ: Եվ ամեն օր հաշիվ արա, թե սա իրեն ջուրը գցեց, նա կախվեց, մյուսը կարբոյկա խմեց, չորրորդը, ինչպես մեր լրագիրներն են ասում, ատրճանակից իրեն զարկեց, և... ետևից էլ զանազան դատողություններ, որոնք սակայն ինչքան էլ խելոք լինեն, կյանքին ոչ մի ժպիտ չեն տալիս:

Դրա հետ միասին նկատեցեք, որ կորչում է ժողովուրդների անհատականությունը, առանձին ոգին, սեփական գույնն ու երանգը, էն ամենը, որ էնքան բնական են, ինչքան նրանց երկրի կլիման ու բնությունը և ինչով որ նրանք կենդանի են, գեղեցիկ են, մեծ են:

Չէ՛ որ ամեն ուժ սնունդ է առնում, զարգանում ու մեծանում իր հարազատ կլիմայի մեջ, ու ինչքան էլ մեծանա, թեկուզ գլուխն էլ երկինք հասնի ու աշխարհքն առնի իր հովանու տակմիշտ ոտը դրած է մի հողի վրա, ու էդ հողը իր հարազատ հողն է, իր հարազատ աշխարհքն է:

Ասինք հին Թիֆլիսը, որ մի առանձին ինքնուրույն աշխարհք ու զվարթ կյանք էր ներկայացնում իր համով ու հոտով, լեզվով ու ադաթով, աղ ու հացով, նիստ ու կացովանցել է արդեն: Անցել է, և անդառնալի: Ինչ որ տվել է, էլ չի կրկնելու: Բայց ի՞նչ է տվել, ի՞նչ ժառանգություն է թողել սերունդներին, աշխարհքին, պատմությանը:

Էս հաշիվը կտեսնվի անշուշտ, և կասվի թե՝ հին Թիֆլիսը հայոց գրականությանն էլ երկու մեծ անուն է թողելՍայաթ-Նովա և Գաբրիել Սունդուկյան: Հարազա՛տԹիֆլիսի լեզվով, Թիֆլիսի շնչով, Թիֆլիսի հոգով:

Եվ մեծ:

Ու անվերջ մեծ Պեպոն կյանքի բեմի վրա մաքուր, հաղթական՝ Զիմզիմովի դեմը կանգնած իր հալալ աշխատողի կոշտ ձեռքը կզարկի մուրհակին ու Թիֆլիսի բարբառով կորոտա. — քու սրտումն ի՞նչ է գրած... ու կվարի իր ազնիվ կռիվը, ոչ թե մուրհակի համարայլ ճշմարտության համստ, արդարության համար:

Ու անվերջ կհնչի Թիֆլիսի բարբառով դժբախտ սիրո մեծ երգչի՝ Սայաթ-Նովայի ձենը իր «զալում» յարին, որ ինքն էլ է կրակ, հագածն էլ.

«Կըրակե ծովեմեն՝ դուրս էկած՝ ռաշ, ջեյիրան իս ինձ ամա...»2

Էն բանաստեղծական խոստումը.

«Թեգուզ անմահութին ուզիս՝ սիրով կու ճարիմ քիզ ամա...»3

Նրա փիլիսոփայական, խորիմաստ հորդորը.

«Անգաճ արա՛, մատաղ իմ քիզ, մէ քիչ կամաց գընա՛, գոզալ.

Անխարհըս ո՞ւմն է մընացի՝ վուր ինձ ու քիզ մընա, գոզալ...»4

Նրա առողջ հոյակապ տխրությունը.

«Սիրտըս փուրումըս սըքվուր է,
Ալ աչկիրըս լաց է անում.
Ծովըն նընգած ամբի նըման
Դոշս ու եախես թաց է անում»5

Վերջապես.

«Գո՛ւզիմ թռչի բըլբուլի պես, —
Բաղերումէն բեզարիլ իմ...»6

Եվ ահա էսօր էս երկու մեծ թիֆլիսցիների անունները գալիս են հրապարակ:

Գ. Սունդուկյանի մահվան տարելիցն է7, ու Հայոց Գրական Ընկերությունը հարգանքի գրական երեկույթ է կազմակերպում Արտիստիկական թատրոնում, իսկ Սայաթ-Նովայի մահարձանի խնդիրն է մեջտեղը, և նույն Ընկերությունը պատրաստել է տալի նրա մահարձանը ու գրական-երաժշտական երեկույթներ է նվիրում աննման երգչի ու նրա երգերը ամենակուլ ժամանակի բերանից խլողի՝ Գ<եորգ>Ախվերդյանի հիշատակին: Հայ ժողովուրդը և հատկապես Թիֆլիսի ժողովուրդը էս անունները տալիս պետք է թնդա ու միշտ հարազատի սիրով հավաքվի ամեն տեղ, ուր խոսում են նրանց մասին, ու ամեն մինը անկեղծ ուզենա մասն ունենալ նրանց տված հարգանքի ու նրանց վրա դրած արձանի մեջ:

Նրանք կան և մնալու են Թիֆլիսի, և հին Թիֆլիսի մեծ ու հարազատ զավակները:

ԽՈՍՔ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՐԵԿՈԻՅԹԻՆ

Հարգելի տիկիններ և պարոններ.

Մեր սկսնակ գրողների ավագներից մինը, մեր տաղանդավոր սկսնակ պ. Սեյրին, բաց անելով էսօրվան իրենց գրական-երաժշտական երեկույթը, ջերմ հարգանքով և անկեղծ սիրով խոսեց Հայոց Գրական Ընկերության և հայ գրողների մասին ու նրանց հետ կապեց իրենց ջահել հույսերը:

Էս դալար բազմությունը ու սրանց թրթռուն զգացմունքը, սրանց ոգևորված վերաբերմունքը, ինչպես ամեն մի հայ գրողի՝ էնպես էլ ինձ համար էնքան բացառիկ կերպով թանկ են, որ ես ուզում եմ դեպի նրանց դառնալ:

Մեր երիտասարդ և պատանի ընկերներ:

Եթե գրականությունը ազգի հոգին է և գրողները էդ հոգու ծնունդներն ու արտահայտիչներն, ապա դուք մեր գրականության, մեր ազգի հոգու, մեր հոգու ամենամատաղ և դրա համար էլ ամենասիրելի զավակներն եք:

Դուք պատանեկան սրտալի սիրով մեզ մեծարելով անվանում եք հայոց ներկա գրականությունը:

Եթե մենք էդ գրականության ներկան ենք, ապա կանգնած ենք մեջտեղը և նայում ենք մի կողմից դեպի նրա անցյալը, մյուս կողմից դեպի նրա ապագան:

Անցյալը, որ շատ ջանքեր ու խրատներ ունի մեզ համար թողած, համոզում է, ցույց է տալիս, որ գրականության ամենաանաչառ ու անողոք քննադատն ու գնահատողը [ժամանակն է]: Ժամանակի ընթացքում շատ շատերը կորցնում են իրենց հմայքն ու հռչակը, ոմանք էլ ընդհակառակը, և ամեն մինը վերջ ի վերջո գրական մեծությունների համաստեղության մեջ գտնում է իր տեղը՝ որը համեստ, որն ավելի պայծառ փայլով:

Եվ ահա նրանք անցյալի հեռվից, ժամանակների խորքից իրենց պայծառ ու մաքուր լույսով մեզ հրապուրում ու ոգևորում են լավագույն գործերի համար և ներշնչում են հիացում ու հարգանք:

Մյուս կողմից նայելով ետ, թե ով է գալիս մեր ետևից, տեսնում ենք մեր գրականության ապագան, տեսնում ենք ձեզ, ձեր ոգևորված, զվարթ, ջահել խումբը, որ թարմ ոգևորությամբ ու հարազատ աղմուկով գալիս է մեր ետևից ու մեր սրտերը լցվում են անխորտակելի հույսերով ու անհուն հրճվանքով:

Եվ նրանք, որոնք իրենց կարճատեսությամբ կամ իրենց հոռետեսությամբ մռայլի միջից չէին նկատել էդ թարմ ու մատաղ շարժումը և ասում էին, թե մեռնում է հայոց գրականությունը, թող գան տեսնելու ձեր ոգևորությունը, թող գան լսելու ձեր կյանքով ու շնորհքով լիքը աղմուկը ու համոզվեն, որ հայոց զորականությանը ոչ թե չի մեռնում, այլ առաջ է խաղում ավելի մեծ ուժով ու աշխուժով:

Մեր սիրելի, մեր ջահել ընկերներ: Ձեզ հետ էսօր էն մասին էին խոսում, թե գրականությունը կյանքի հայելին է: Ես շատ էլ համաձայն չեմ, թե գրականությունը կյանքի հայելին է միայն: Եվ արդեն ինքը, դասախոս պ. Իփեկյանը, իր գողտրիկ ճառի մեջ ասավ, թե նա միաժամանակ և ազդակ է կյանքի մեջ:

Այո՛, գրականությունը հայելի չէ լոկ. և եթե հայելի էլ ասենք, ապա շատ տարօրինակ ու կախարդական մի հայելի է նա: Նա ոչ միայն արտացոլում է ժամանակը և իր դեպքերն ու դեմքերը, այլև տալիս է իր լույսն ու ջերմությունը կյանքին, և ձգտում է կյանքում ստեղծել էն վեհ ու վսեմ, էն մաքուր ու անաղարտ պատկերը, որ տվել է նրան աստված, կազմված ու հյուսված բնության ամենամաքուր տարրերից:

Եթե գրականությունը կյանքի հայելին է ասենք, ապա գրականության ամեն տեսակի ստեղծագործությունների աղբյուրը ամենից առաջ մարդու սիրտն է:

Եվ երբ էսպես է, աշխատեցեք ձեր սրտերը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով և աշխարհքին ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով: Եվ արդեն իրեն ստեղծագործական շնորհքի, բանաստեղծության բնությունն էդպես է իր ծնունդից: Դիցաբանությունն ասում է, թե Ապոլլոնը, որ բանաստեղծությունն է ներկայացնում և արևն է միաժամանակ, իր կյանքում երբեք մութն ու մռայլ չի տեսած: Որովհետև արևն է ինքը և իր հայացքն արևի, և ամեն մռայլ չքանում է նրա հայացքից:

Արևի նման նայեցեք աշխարհքին:

Խոսքս վերջացնելով, սրտագին կցանկանայի, էդ ոգևորությունը, որ ունեք էսօր ձեր պատանի հասակում, միշտ ձեզ հետ լիներ ձեր կյանքում, որ դուք չնկատեիք էն նեղություններն ու դժվարությունները, որ պահված են ձեզ համար և սիրով ու հրճվանքով անցնեիք էն անդարձ ու դժվար ճանապարհը, որ ընտրում ու բռնում եք ձեր կյանքի արշալույսից: Եվ որովհետև ձեզ անվանեցի մեր գրականության, մեր ազգի հոգու զավակները, ապա էն կցանկանայի ձեզ համար, ինչ որ կցանկանա ամեն մի սիրող ծնող իր զավակների համար. կցանկանայի, որ դուք ավելի բախտավոր լինեք և ավելի բարձր ու մեծ, քան մենք ենք եղել:

«ՀՈՎԻՏԻ» Ս. Հ-Ի ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆԻ ԱՌԻԹՈՎ

Մի ժամանակ մի Դրամբյան դուրս եկավ: Էս Դրամբյանը մտածել էր, որ գրականությանն անտեր է մնացել, մեջտեղը «լուրջ կրիտիկա» չկա ու էդ ջափեն իրեն վրա առնելով՝ գլուխը տաքացրել էր ու Երևանի գյուղերի մեկից վեր էր կացել շիտակ եկել Թիֆլիս հայոց «գրական մեծություններին սանձահարելու»: Հենց էսպես: Եվ առաջին հարվածը հասավ իմ գլխին1:

Ա՛յ Դրամբյան, ախր ի՞նչ ենք արել:

Թե` դուք վերցրել եք այսինչ հեքիաթը Հայկունուց և փող եք դիզում ու փառք վաստակում:

Եվ «Մշակի» «լուրջ կրիտիկոսին» առաջնորդում էին երկու լուրջ հանգամանքմինը տգիտությունը, մյուսը հոգու չարությունը:

Այո՛ և հոգու չարությունը, նրա համար էլ ես լուրջ նշանակության տվի ու մի քիչ էլ կոշտ բռնեցի:

Եթե միայն տգիտությունը լիներ, էն առատ տեղեկություններից ու բացատրություններից հետո, որ ես փռեցի մեջտեղը, նա անպայման պետք է խոստովաներ, որ սխալվել է, կամ գոնե լռեր:

Բայց որովհետև հոգու չարությունն էր, որ տաքացրել էր նրա շատ խեղճ գլուխը և չարության թույնն էր եռում նրա նեղ սրտում, նա տեղի չտվեց ոչ մի փաստի ու ապացույցի առջև, շարունակեց կատաղորեն ձեռին ոտին անել էնքան, մինչև ես բաց թողեցի, որ գնա սկի ջրի տակը:

Ես նրան, իր էդ հատկության համար, անմահ էի անվանել: Եվ ահա, ճշմարիտ որ՝ դարձյալ նա, թեև ուրիշ թերթում, ուրիշ կերպարանքով «Հովիտում», Ս. Հ. տառերի տակ կուչ եկած2: Բայց ի՞նչ նշանակություն ունի թերթի անունը «Մշակ» է թե «Հովիտ», կամ իրեն անունը Դրամբյան է թե Ս. Հ., էականը նույնն է. նույն բթության հետ նույն չար հոգին, նույն դառը շունչը:

Սակայն սա ի՞նչ է գտել, էս «Հովիտի» չգիտեմ սարկավագ, տիրացու թե պարոն Ս. Հ-ն:

Նույն բանը:

Սա էլ գտել է, որ «Գառնիկ ախպեր» հեքիաթը ես թարգմանել եմ ռուսական «Сестрица Аленушка и братец Иванушка» հեքիաթից: Գտել է, որ ռուսական Ուլիկը դարձրել եմ Գառնիկ, հորթըկով, — Аленушка-նՄանուշ, Иванушка-նՄանուկ, և այլն և այլն:

Եթե միայն էսքանը լիներ, այսինքն գործից բացարձակ անգետ ու անտեղյակ լինելը, ես էս «և այլն և այլն» Ս. Հ-ին կասեի. — տեր հայր, տիրացու կամ պարոն Ս. Հ., էդպես չի, դուք սխալվում եք, էդ հեքիաթը, որ ռուսներն ունեն, հայերն էլ ունեն, և հայերինը թերևս ավելի հին է, քան ռուսներինը: Գերմանացիք էլ ունեն, նրանցն էլ մինչև անգամ հին հայոց հրատարակչական ընկերությունը թարգմանել է, քրոջ ու եղբոր անուններն էլ փոխել, դրել Կարեն ու Մանեն: Թուրքերն էլ ունենասում են Ասկյար ու Բիբլի, վրացիք էլ ունեն, էդպես և բոլոր ազգերը:

Ես ռուսականը չեմ թարգմանել, տիրացու Ս. Հ. կամ պարոն Ս. Հ., այլ հայկականն եմ առել ու մշակել: Եվ հայկականն էլ մի հատ չի, տիրացու Ս. Հ. կամ պարոն Ս. Հ., Արարատյան տարբերակը կա, Վասպուրականինը կա, Տարոնինը կա, Շահրիարինը կա, Թիֆլիսինը կատպված: Դուք միայն ռուսականն եք տեսել, ինչպես երևում է Դրամբյանի նման դարձյալ «դիպվածով» և էն էլ ռուսական միայն մի տարբերակը գիտեք, որ ուլ է դառնում, կան և ուրիշ տարբերակներ, ուր հենց գառն է դառնում: Եվ տիրացու Ս. Հ. կամ պարոն Ս. Հ., ես ոչ ռուսական Аленушка-ն եմ փոխել Մանուշի, ոչ Иванушка-ն եմ փոխել Մանուկի, ոչ Ուլիկը Գառնիկի, էդ ամենը զուտ հայկական են, հայ ժողովրդական հեքիաթից, Վասպուրականի վարիանտից, որ գրի է առել հանգ<ուցյալ> Սրվանձտյանը և տպված է նրա «Մանանայում»3, հեքիաթի անունն էլ հենց Գառնիկ ախպեր, ինչպես կոչվում է նաև հայկական ուրիշ շրջաններում, օրինակ Արարատյան երկրում:

Էսպես կխոսեի ու կպատասխանեի: Բայց որովհետև նրա ոճից ու շնչից, տգիտության հետ կաթում է և հոգու վատությունը, չարությունը, ստիպված եմ էսպես ասելու:

Տիրացու Ս. Հ. կամ պարոն Ս. Հ., գնացեք կարդացեք «Մշակի» 1910 թվականի 169 և 170 համարներում Դրամբյանին տված պատասխանս4, դա կլինի պատասխան և ձեզ, այլև իմացած եղեք ու միշտ միտներդ պահեցեք, որ եթե աստված ձեզ բերան է տվել՝ սրա համար հո չի տվել, որ էդպես անմիտ ու անքաղաքավարի կերպով լեն-լեն բաց անեք, ձեր խելքիցը դուրս բաներից խոսեք ու գրողներին քննադատեք, այլ նրա համար, որ հաց ուտեք:

ԽՈՍՔ ՐԱՖՖՈԻ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՎՐԱ

Ճապոնացիների մեջ մի գեղեցիկ սովորություն կա, որ դիմում են իրենց մեռած գործիչների հոգիներին, ինչպես կենդանի մարդկանց: Հետևելով էս գեղեցիկ սովորությանը, էսօր Հայոց Գրողների Ընկերության անունից ես դիմում եմ Րաֆֆու հոգուն:

Անմահ հոգի՜, որ հայի բազմադարյան տառապանքով ու նրա լավ ապագայի կարոտով լցված՝ քո տաղանդի կախարդական ուժով դուրս կանչեցիր անցյալի մութից ու ապագայի անհայտությունից հրապուրիչ պատկերներ ու հերոսական դեմքեր ու նրանցով վառեցիր, ոգևորեցիր վհատներին, որ տկարներիս համարձակություն ներշնչեցիր ու ղրկեցիր հզորների դեմ նահատակության արյունով լվանալու և սրբելու ստրկության արտասուքը, որ անհանգստություն տվիր հայ ժողովրդի հոգուն և ուղղեցիր նրան դեպի ազատագրության ճանապարհը, էսօր եկել ենք քո գերեզմանի վրա դնելու թարմ ծաղիկների հետ և մեր ցավերը, որ միշտ մնում են թարմ, և մեր զգացմունքները, որ համակված են քո շնչով ու հիշատակով: Եկել ենք քո գերեզմանի վրա օրհնելու և փառաբանելու քո տված անհանգստությունը, էն ճանապարհը, որ ցույց տվիր և էն նահատակների շարքերը, որ գնացին քո ցույց տված ճանապարհով:

Անհանգիստ հոգի՜, անշուշտ այժմ դու սավառնում ես էն դժբախտ աշխարհի երկնքում, որ քո մահից 25 տարի հետո՝ դարձյալ մի անգամ ավելի մեծ թափով ու սարսափով բարձրացել են հույզերն ու հույսերը, և թերևս հեռու չի օրը, երբ մենք կկարողանանք կրկին գալ քո շիրմի վրա ու կանչել. — Արդեն կատարված է քո իղձը, ո՛վ անհանգիստ հոգի, ընդմիշտ վերացած ու վերջացած են էնքան արյուններ, էնքան կոտորած, և «ամեն կողմից պանդուխտ հայազգիք դիմում են իրենց սիրուն հայրենիք...»: Արդեն կատարված է հայ ժողովրդի ազատագրության մեծ գործը, հանված է նա հին դժոխքից, ապահով է անվերջ կոտորածներից ու հանգիստ անլուր հալածանքներից, դու էլ հանգստացիր քո հավիտենական կայանում, ո՛վ անհանգիստ հոգի:

ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒԹՅԱՆ ՄԵԾ ԿՈՉԸ

Հայկական գրի ու գրականության մեծ տոնը հայությունը հավերժացնում է երկու ֆոնդովդպրոցական և գրական:

Դպրոցական ֆոնդի հիմքը իր անձնական մի քանի հազար ռուբլով դրել է հանգ<ուցյալ> Իզմիրլյան կաթողիկոսը, իսկ գրական ֆոնդի խնդիրը մի քսան տարի առաջ առաջադրեց Թիֆլիսի ինտելիգենցիան ու մի քանի անգամ փորձ արավ իրագործելու, բայց անկարելի եղավ մինչև անցյալ տարի:

Անցյալ տարի երկուսն էլ, մինը Էջմիածնի, մյուսը Թիֆլիսի հոբելյանական հանձնաժողովի նախաձեռնությամբ հաստատվեցին ու կյանք առան:

Մեր ազգային-կուլտուրական հառաջադիմության համար երկուսի կարևորությունն ու մեծությունն էլ էսօր դժար թե կարողանանք չափել ու որոշել:

Երևակայեցեք թե հայ ազգը ճշմարիտ որ բռնկի էդ լուսավոր գործերի սիրով և Կովկասից մինչև Եգիպտոս ու Ամերիկա, Եվրոպայից մինչև Պարսկաստան ու Հնդկաստան ամեն մի գիտակից հայ վեր կենա էդ օրը իր զգացմունքն ու լուման մեջ բեր [ի`] դնելու իր ազգի վերածնության մեծ գործի վրա:

Անխորտակելի ու անսասան կապահովվի մեր ազգային ինքնուրույնությունը աշխարհքում ու ազգերի շարքում:

Ունենալ հարուստ, ապահով դպրոցներ և ուժեղ գրականությունկնշանակի ամուր ու պատվավոր կանգնել լուսավոր ազգերի շարքում: Եվ գոնե ես խորապես հավատում եմ հայի էդ կուլտուրական ուժին. մենք կարող ենք էդպես լինել և պետք է լինենք: Դրա հետ միասին էս տոնն էլ էնքան մեծ առիթ է ու ներկա հանգամանքներն էլ էնքան նպաստավոր, որ հաջողությանը կասկածելու ոչ մի պատճառ չկա:

Չէ՞ որ մենք գանգատվել ենք, թե մեզ հնարավորության չեն տալիս. ահա և պատշաճ օրը և ամեն իրավունք ու ազատության:

Վեհափառ կաթողիկոսի հսկողության ու հովանավորության տակ են հայոց դպրոցները, դպրոցական ֆոնդի իրավունքն էլ տված է նրան և գտնվում է նրա հսկողության տակ, իսկ գրականությանը, որ ոչ ոքի հովանավորության տակ չի և չի էլ կարող լինել, ունի իր ազատ ու անկախ Ընկերությունը օրինավոր կանոնադրությունով և իր առանձին ֆոնդը: Գումար հատկացնողները առաջուց պետք է որոշեն ու նշանակեն, թե ինչքան են հատկացնում որինդպրոցին և գրականությանըերկուսը միասին մեր ազգային վերածնությանը:

Իսրայելի մարգարեն երբեմն մարգարեանում է իր ժողովրդի ցրված ու ցամաքած ոսկորների վրա, կենդանության շունչ էր կանչում նրանց վրա, և չոր ոսկորները մարմին ու շունչ էին առնում, ու նորից երկրում կանգնում էր նորոգված Իսրայելի ժողովուրդը:

Մեր ժողովրդից էլ երկար դարերի տառապանքից ու տանջանքից հետո թեև գրեթե ոսկորն է մնացել ցրված աշխարհքի երեսովը մին, բայց մեր ոսկորն էլ էն ոսկրիցն է, որ ընդունակ է կյանք ու շունչ առնելու ու վերկենալու մարգարեական ձայնի վրա: Եվ ահա մեզ էլ էսօր կանչում է մեզ գիր ու գրականություն տվողների ՍահակՄեսրոպի ու նրանց հոգեշունչ հետնորդների, մեր բազմաթիվ հոյակապ ուսուցիչների ու գրողների միահամուռ մարգարեական ձայնը: Եզեկիելի ձայնի նման, — «Ել տաց զոգի իմ ի ձեզ, և լինիջիք կենդանի, և եդից զձեզ երկրի ձերում»1...

Եվ ամեն մի հայ պիտի լսի էս մարգարեական ձայնը հայոց գրի ու գրականության մեծ տոնի օրը ու պիտի թնդա էս ձայնից:

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ԵՐԳԵՐԻ ԲՆԱՎՈՐՈԻԹՅՈԻՆԸ

Ժողովրդի բուռն ցանկության ընդառաջ գնալով Հայ Գրողների Ընկերությունն էսօր Թիֆլիսում կրկնում է Սայաթ-Նովայի երեկույթը1:

Մեզանում էնպես մարդիկ կան, որ կարծում են, թե Սայաթ-Նովայի երեկույթի արտակարգ հաջողության պատճառը նորությունն էր, իբրև թե մի մոդա էր նա, որ բերեց Գրական Ընկերությանը, և անցնելու է երբևիցե:

Ի՛նչքան են սխալվում էն տեսակ մարդիկ, ի՛նչ մակերեսային հայացք են հայտնում, ի՛նչ անծանոթություն Սայաթ-Նովայի հետ, ի՛նչ թեթև կարծիք նրա մեծ տաղանդի ու ստեղծագործության վրա:

Ո՛չ, նա մի նորօրինակ ձև չի, մոդա չի, որ ժամանակի ընթացքում ձանձրացնի ու փոխվի. նրան մին լսողը երկրորդ անգամ լսելիս ավելի պիտի սիրի, և մին հասկանալուց ու սիրելուց հետո երբեք չպիտի մոռանա: Գեղեցիկ ձևի մեջ մի մշտավառ հուր հոգի է նա, մի ազնիվ ու լիքը սիրտ, մի հարազատ հզոր շունչ, որ մեր աշխարհքի հարազատ շնչի նման միշտ խաղալու է Կովկասի ժողովուրդների վրա, և հայի, և վրացու, և թուրքի վրա, որովհետև հավասար ուժով երգել է և հայերեն, և վրացերեն, և թուրքերեն:

Թիֆլիսը Կովկասի լեռների անցքի առջև տարածված մեծ հանգույցն է եղել հին ժամանակներից, նրա մեջ եկել, խառնվել, միացել էին Արևելքի զանազան ժողովուրդները իրենց բարբառներով, կրոններով, փիլիսոփայություններով ու ազգային ստեղծագործություններով ու ստեղծել էին մի ինքնատիպ քաղաք, որի վրա հիանում էր ամբողջ Փոքր Ասիան ու Մերձավոր Արևելքը: Եվ հեռավոր ժողովուրդները ամեն անգամ երբ պատերազմով վեր էին կենում դեպի Կովկաս՝ Թիֆլիսն էին երազում ու Թիֆլիսի «գյոզալները» — սիրունները:

Ահա, ինչպես մի ուրիշ անգամ էլ նկատել եմ2, էդ Թիֆլիսի նման մի ինքնատիպ մեծություն էր Սայաթ-Նովան, իբրև Արևելքի բանաստեղծ: Եվ եթե Արևելքի ժողովուրդները հեռվից հեոու վառվում էին Թիֆլիսի սիրունների կարոտով՝ ինչ ասել կուզի, որ էս հոյակապ աշուղը, աշուղ, որ Արևելքում շատ իմաստուն կերպով և բանաստեղծ կնշանակի և սիրահար միաժամանակէդ միևնույն սիրունների սիրով պետք էբռնկեր անմարելի ու իր կրակով վառեր թե իր ժամանակակիցներին և թե գալոց սերունդներին, ինքն էլ այրվեր, հատներ իր կրակի սաստկությունից, որովհետև, ինչպես ասում է իր անտիպ թուրքերեն երգերից մեկի մեջ — «Աշուղլուղ քուրա դուր, յախար, յանդըրար»3աշուղությունը հնոց է, կէրի, կավերի:

Եվ ի՛նչ գեղեցիկ է, ճշմարիտ, որ էսպես է մեր վիթխարի Սայաթ-Նովան. մի հոյակապ սիրահար է, բռնված ու բռնկած սիրո հրդեհով, նրա լուսի տակ էլ նկատում է աշխարհքն ու իրերը, զգում է, որ էրվում, վերջանում է ինքը, բայց մնում է արի ու բարի, անչար ու անաչառ, վեհ ու վսեմ, որպես աշխարհքի ու մարդու մեծ բարեկամը, հաստատուն սիրով և՛ դեպի էն «զալումը», որ իրեն կրակ տվեց ու միշտ մնաց անտարբեր, և դեպի նրանց, որոնք չորս կողմից տաքացան ու հրճվեցին էն կրակով, որի մեջ էրվում էր ինքը, և դեպի նրանց, որոնք հազար ու մի տեսակ իրեն վշտացրին կյանքում: Զայրացավ, բայց երբեք չչարացավ, ցավեց, բայց երբեք չանիծեց:

Ռուս հայտնի բանաստեղծ Я<ков> Полонский-ն, որ երևի Մոսկվայում մեր Գ<եորգ> Ախվերդյանի ուսանողական ընկերներից է եղած, անցյալ դարու հիսնական թվականներին Կովկաս եղած ժամանակ Ախվերդյանի մոտ տեսել է Սայաթ-Նովայի երգերի տետրակը, նրա միջոցով ծանոթացել Սայաթ-Նովայի հետ և երգերից մի քանիսը թարգմանել, հիացմունքով է խոսում մեր Սայաթ-Նովայի երգերի բնավորության վրա*:

Ասում է՝ Սայաթ-Նովայի երգերի բնավորության մասին ընդհանրապես խոսելով, դժվար թե սխալվեմ, եթե ասեմ, որ նրանք իսկի նման չեն ոչ հարևան ցեղերի երգերին, ոչ էլ էն երգերին, որ եկել են Արևելքից, թեև հիշեցնում են նրանց: Էսպես, օրինակ, կովկասյան բոլոր լեռնական ժողովուրդների երգերի ոգին ռազմական է: Ձին ու թուրը, սերն ու վրեժը, արյունն ու սպանվածի դիակի վրի ողբն են նրանց երգերի հատկանիշները:

Սայաթ-Նովան հեռու է կռվից, Քուրդիստանի լեռներում ապրող Վանա հայերի ռազմական ոգին չէր կարող նրան ոգևորել, նրան, որ ծնվել էր Թիֆլիս, ուր, օտարության մեջ, հայերն առել էին ուրիշ բնավորություն, ուրիշ ուղղություն:

Թաթարական երգերում պատմվածքը վերջին տեղը չի բռնում: Նրանցից շատերը լեգենդի բնավորություն ունեն, շատերն էլ կարծես թե ինչ-որ անհայտ ժամանակներից եկած ու անհայտ երգիչների երգած՝ երկար պոեմների հատվածներ են, ինչպես օրինակ Քեոռ-Օղլու և իր ձիու երգը:

Սայաթ-Նովան, ընդհակառակը, զուտ քնարական բանաստեղծ է, և, թերևս, մեր ժամանակի հասկացողությամբ, չափազանց անհատական:

Следующая страница