Թումանյան Հովհաննես՝   Քննադատություն և հրապարակախոսություն, Նամակներ

Նրանից հետո էլ են մի քանի անգամ ռուսերեն թարգմանել, բայց առաջին անգամն է, որ պ. Բրյուսովը թարգմանում է վարպետի ձեռքով՝ աշխատելով հաղթել գրեթե անհաղթելի արգելքների և՝ ինչպես Սայաթ-Նովայի, էնպես էլ Նահապետ Քուչակի երգերը տալ ռուսերեն, խորապես ճանաչելով նրանց մեծությունը և ինքնուրույն շունչն ու երանգը, և նրանց գործերը անվանելով հայ ժողովրդի ազնվականության վկայական:

«Այո՛, ճշմարիտ է՝ գեղեցիկ գրականությունը, իբրև հոգու պարզ ու կատարյալ արտահայտություն, ժողովուրդների անխարդախ վկայականն է, և ինչքան բարձր է գրականությունը, էնքան բարձր վկայական է մի ժողովրդի կուլտուրականության, բայց միաժամանակ նաև բարձր հոգեկան կապ է ժողովուրդների մեջ:

Մենք ունեցել ենք էդ բարձր վկայականը, բայց էդ վկայականը մնացել է մեր գրպանում, կարդացող չի եղել, դրա համար էլ չունենք էն մեծ փոխադարձ շաղկապը ուրիշ ժողովուրդների հետ: Մենք ենք միայն օտարների հանճարները ճանաչել, սիրել ու սրտով կապվել նրանց հետ, իսկ մեր ցեղի հանճարը ոչ ոք չի ճանաչել, դրա համար էլ մեզ ոչ ոք չի գնահատել, չի սիրել ու հոգեպես չի կապվել մեզ հետ:

Խոսքիս ամենապերճախոս ապացույցը հենց ռուս ամսագրի էս համարն է, որի մեջ ռուս բանաստեղծը հրճվանքով է նկատում, որ մեր երգիչներս էլ են սավառնում էն «եթերային բարձունքներում», ուր Հաֆիզն է սավառնում: Իսկ «եթերային բարձունքը» էն երջանիկ աշխարհքն է, որ բոլոր հայրենիքներն ու կրոնները միացնում է գեղեցկության, ճշմարտության ու արդարության մեջ, ուր այլևս խտրություն չկա և ամենքից հավասար սիրվում է ամեն մեկը, ով էնտեղ կհասնի:

Վերջապես ժամանակն է, թող իմանան մեր ռուս եղբայրները, էնպես էլ ավելի հեռուները թող իմանան, որ «եթերային բարձունքները» երբեք խորթ ու անմատչելի չեն եղած հայի հոգուն, որ հայի հանճարն էլ է միշտ սավառնացել էն վսեմ, էն սուրբ ու նուրբ ոլորտներում, թեև նա ինքը՝ հայը միշտ լողացել է արյան ծովի մեջ, ահա ճիշտ էնպես, ինչպես մի Սայաթ-Նովա:

1916

ՈՂՋՈԻՆՈԻՄ ԵՆՔ

Լրագրական տեղեկություններից արդեն իմացանք, թե ին՛չ խանդավառությամբ է Բաքվում թատրոնը լցվել հայ հասարակությունը ռուս հայտնի բանաստեղծ Վ<ալերի> Բրյուսովի դասախոսությանը «Հայոց բանաստեղծության մասին»:

Հայ գրողների Ընկերության հրավերով նա հանձն առավ գալ Թիֆլիսում էլ կրկնելու նույն դասախոսությունը: Դասախոսությունը նշանակվեց, և, դեռ աֆիշաները չտպված ու չտարածված, տոմսակները գրեթե վերջացան:

Ինչո՞վ բացատրել էս բացառիկ ոգևորված վերաբերմունքը:

Անշուշտ հասարակությունը մեծապես փափագում է տեսնել ու լսել իրենմեծանուն բանաստեղծին, որին ծանոթ է ու հարգում է հեռվից, բայց մեծ համակրություն է առաջ բերել նաև նրա ու նրա ընկերների ձեռնարկած գործը: Առաջին անգամն է, որ անվանի ռուս գրողները հայ ու վրաց գրականությունները դարձնում են լուրջ ուսումնասիրության առարկա, առաջին հարգանքի խոսքն են արտասանում և էնքան հաջող ու էնքան մեծ ծավալով թարգմանում:

Հանում են, թեև փոքր, բայց հին, կուլտուրական ժողովուրդների հոգևոր գանձերը, հիացմունքով ցուցադրում՝ սեր ու հարգանք առաջ բերելով ոչ միայն ռուս հասարակության մեջ, այլ հենց էդ փոքր ժողովուրդների միջև միջնորդ հանդիսանալով, իրար հետ ծանոթացնում ու կապում փոխադարձ սիրո կապերով:

Եվ անկասկած մեծապես շոյում է մեր ժողովրդի ազգային ինքնասիրությունը և մխիթարում է նրա վշտացած սիրտը էս հարգանքով ու սիրով լիքը վերաբերմունքը՝ մեծ գրականության կողմից:

Ողջունում ենք մեր հոչակավոր կոլեգային ու իր գեղեցիկ գործը:

Բարի գալուստ:

<ԽՈՍՔ Վ. ԲՐՅՈԻՍՈՎԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ>

Էս օրերին, երբ՝ մեր ազգային աղետի ծանրության տակ ճնշված զգում ենք մեզ ֆիզիկապես անզոր ու տկար, էս օրերին հեռու հյուսիսից մեզ մոտ է գալիս ռուս հռչակավոր բանաստեղծը՝ Վ<ալերի> Բրյուսովը և խոսում է մեր բարոյական-հոգեկան ուժի ու մեծության մասին — «Հայոց բանաստեղծության մասին»:

Նա հայոց բանաստեղծությունը անվանում է հայ ազգի ազնվականության վկայական:

Այո՛, հիրավի, հայ հանճարը կարողացել է խոսել մարդկային սրտի ամենանվիրական ու ամենաքնքույշ զգացմունքների հետ և կարողացել է հասնել մինչև Նարեկացին, որ ապաշխարողի կերպարանքով, իր գլուխը բարձրացրել է մինչև երկինք ու զրույց է արել աստծո իրեն հետ երես առ երես:

Եվ նույնիսկ էսօր էլ՝ թեպետև իր հայրենիքի մի ծայրից մինչև մյուսը հոշոտված ու արյունաթաթախ՝ միայն խորապես խոցված ու ծանր վշտացած է հայը և ոչ թե խորտակված ու հուսահատ, և չի դադարել ստեղծագործության ոչ մի ասպարեզում:

Սրանից էլ ավելի մեծ ի՞նչ ազնվականության վկայական կարող է ներկայացնել աշխարհքին մի ժողովուրդ:

Եվ ահա էս տեսակ մի ստեղծագործող ու ազնվական ազգի արժանապատվության զգացմունքով ու ազնիվ հպարտությամբ կարող ենք ասել.

Այո՛, մեր թանկագին հյուր և ազնիվ բարեկամ, մենք միշտ ունեցել ենք էդ բարձր վկայականը: Բայց էդ վկայականը էն վկայականներից չի, որոնց վրա դրված է մարդկային իշխանության կնիքը, էդ էն վկայականներից է, որոնց վրա բնությունն ու աստված են դրել իրենց կնիքը, և, դրա համար էլ, ինչքան դժվար է դրա ունենալը, էնքան էլ դժվար է կարդալը: Սա էն գիրն է, որի մասին մեր Սայաթ-Նովեն ասում է.

Ամեն մարթ չի կանա կարթա իմ գիրն՝ ուրիշ գըրեն է...

Դուք եղաք Էն հազվագյուտ մարդկանցից մինը, որ կարողացաք կարդալ էս կախարդական գիրը ամբողջ աշխարհքի առջև: Մեզ էս կողմից քիչ են ճանաչում լուսավոր աշխարհքում և մանավանդ Ռուսաստանում: Ռուսաց նշանավոր գրողներից առաջինն եք դուք, որ ձեր հռչակավոր ընկերների հետ միասին մեր և մեր եղբայրակից ժողովուրդների ստեղծագործական կարողությունը ու գեղարվեստական գործերը հիացումով հանում եք լայն հրապարակ և փոխադարձ հարգանքի ու սիրո կապերով ժողովուրդները շաղկապում իրար հետ:

Էս բարձր ու գեղեցիկ գործի համար Հայոց Գրողների Ընկերության անունից հայտնում եմ Ձեզ մեր լիասիրտ շնորհակալությունը: Ողջունում եմ Ձեզ, որպես ռուսական գրականության խոշոր ներկայացուցչի, և սիրով ու պատկառանքով խոնարհում եմ ռուսական մեծ ազգի հոյակապ գրականության առջևՊուշկինի, Լերմոնտովի, Գոգոլի, Դոստոևսկու, Տուրգենևի, Չեխովի, Տոլստոյի և իրենց արժանավոր ժառանգների գրականության առջև, որի վրա կրթվել են մեր գրողներից ու մտավորականներից շատ շատերը: Մենք ինքներս մեր կողմից վաղուց ենք կապված ձեր գրականության հետ, այժմ էլ ավելի ուրախ ենք փոխադարձ կապի համար, որ հաստատում եք դուք, և աստված տա՝ դուք միակը չլինեք, որ ռուս բարձր մտավորականության կողմից գալիս եք մեզ մոտ սիրո ու հարգանքի խոսքերով:

ԽՈՍՔ` ՈՒՂՂՎԱԾ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻՆ

Էս տարվա սկզբին մեր անմոռանալի բարեկամն ու ընկերը՝ Վ. Բրյուսովը, երբ Թիֆլիսում մեզ մոտ հյուր էր1, զրույցների ժամանակ հայոց բանաստեղծության հանդեպ միշտ կրկնում էր իր անկեղծ հիացումը և զարմանքով ու ցավով հարցնում, թե ի՞նչպես են իրենք մինչև էսօր անծանոթ մնացել մի էս տեսակ հարուստ գրականության ու արվեստի:

Ու մի օր էլ, խնջույքի մեջ, դիմելով նրան, ես էսպես բացատրեցի նրա համար զարմանալի երևույթը, թե ինչպես է եղել, որ իրենք անծանոթ են մնացել մեր բանաստեղծությանը: Ասի՝ մինչև էսօր Ռուսաստանից մեզ մոտ ոստիկաններ են ուղարկել, թե գնացեք գողեր բռնեցեք ու սրիկաներ: Նրանք էլ եկել են՝ ավազակներ, գողեր ու սրիկաներ են գտել: Դատախազներ են ուղարկել, թե մարդասպաններ ու ոճրագործներ երևան հանեցեք ու դատապարտեցեք: Նրանք էլ եկել են, մարդասպաններ ու ոճրագործներ են գտել: Ժանդարմներ են ուղարկել, թե արթուն հսկեցեք, հեղափոխականներ գտեք: Նրանք էլ եկել են՝ հեղափոխականներ են գտել. Եվ այլն, և այլն: Ու լուրը գնացել է Ռուսաստան՝ թե Կովկասում ավազակներ կան, գողեր ու սրիկաներ կան, մարդասպաններ, խաբեբաներ ու ոճրագործներ կան, հեղափոխականներ կան...

Բայց բանաստեղծներ չեն ուղարկել, թե գնացեք Կովկասում կամ հայերի մեջ բանաստեղծություն որոնեցեք: Ահա, առաջին անգամն է ռուս բանաստեղծը գալիս մեզ մոտ հատկապես մեր բանաստեղծության համար: Առաջին անգամն են ռուս նշանավոր բանաստեղծները մեր բանաստեղծությանը մոտենումև գտնում են լիուլի, և այժմ լուրը կերթա Ռուսաստան, թե Կովկասում կամ հայերի մեջ բանաստեղծություն էլ կա, բանաստեղծներ էլ կան...

Մեր ազնիվ հյուրը պատմում էր, թե առաջին անգամ, երբ նրանց ուշադրությունը խնդրել էին հայոց բանաստեղծության վրա, նրանք ինչ զարմանքով ու անլուրջ էին վերաբերվել էդ առաջարկին, իսկ երբ ծանոթացանք, ասում էր, գրեթե հենց առաջին ծանոթությունից, հենց աոաջին գիշերից միանգամից ամենքս հիացանք ու դարձանք հայասեր: Եվ առաջ էր բերում էն տեսակ ականավոր բանաստեղծների կարծիքները, ինչպես Բայլմոնտ, Վ. Իվանով, Բլոկ և այլն: Բայց ամեն թյուրիմացություն փարատելու համար՝ էստեղ պետք է ասեմ, որ միշտ մեր միջնադարյան բանաստեղծությունն է եղած հիացման գլխավոր առարկան:

Էն ժամանակ նրանք էին հիացած, այժմ հերթը մերն է: Ես քննադատելու չեմ «Поэзия Армении» գիրքը: Քննադատներ շատ կան, նրանք կքննադատեն: Ամենաշատը ես ինչ-ինչ նկատողություններ եմ անելու, մեծ մասամբ մեր հին բանաստեղծության մութն ու վիճելի կետերի վրա: Սակայն չեմ կարող իմ բուռն ու անկեղծ հիացումը չհայտնել հրապարակով մեր լավագույն բարեկամների ու ընկերների էն շնորհքի ու սիրո հանդեպ, որ նրանք հանդես են բերում էս գեղեցիկ գործի մեջ, հաճախ անհաղթելի դժվարությունները հաղթահարելով: Մարդիկ կան, որ բանաստեղծների անհաջող գործերն են որոնում ու նրանցով են զբաղվում: Դրանք անգետ ու անճաշակ մարդիկ են, և նույնիսկ վատ հոգու տեր մարդիկ: Թերությունները պետք է նկատել, բայց բանաստեղծին իր հաջող գործերի մեջ պետք է ճանաչել, նրանցով պիտի գնահատել:

Եվ էս ճշմարիտ է ո՛չ միայն ինքնուրույն գործերի համար, այլև թարգմանության: Չէ՛ որ բանաստեղծության թարգմանությունը, էն էլ առանձին համ ու հոտ, շունչ ու ոճ ունեցող՝ բանաստեղծության թարգմանությունը շատ է դժար ու հազվագյուտ բան: Բանաստեղծության նույնիսկ լավ թարգմանության համար ասված է, թե նա մի վարդ է, որ ապակու տակ է դրված: Այսինքն թե՝ ձևը կտեսնես, բայց բուրմունքը չես զգալ: Ինչքա՛ն շնորհք է հարկավոր, որ ոչ միայն հարազատ ձևը ցույց տա, այլև ինքնուրույն բուրմունքը հաղորդի: Եվ շնորհքի հետ ի՛նչքան սեր...

Եվ ի՛նչ խնամքով կազմած ու ճաշակով տպած գիրք է, ինչքան շքեղ իր պարզության մեջ: Դրա համար էլ ամեն մի ձեռքն առնող, — հայ լինի թե օտար, — համակվում է սիրով ու հարգանքով դեպի մեր շատ թշնամի ու քիչ բարեկամ տեսած ցեղը:

Այժմ ամենքի համար պարզ է «Поэзия Армении» գրքի նշանակությունը: Էն ժամանակ Բրյուսովին իրեն էլ էինք ասում: Եվ բնավ չափազանցություն չէին էն բոլորը, ինչ որ դարձրին բրյուսովյան շաբաթը Թիֆլիսում՝ տոնական շաբաթ:

Եվ ահա էս ամենի համար պարտականություն եմ զգում եղբայրական համբույր ուղարկելու նրանց, Ռուսաստանի լավագույն զավակներին, որ կյանքում լավագույնն են փնտրում, ընտրում ու սիրում:

Վերջապես եկավ վաղուց սպասված գիրքըПоэзия Армении-ն, Հայաստանի բանաստեղծությունը: Եվ ռուսերենից ու ռուսախոս հայերից նրանք, որ միայն Հայաստանի թշվառությունն էին լսել, կոտորածներն ու սարսափները գիտեին, այժմ կտեսնեն և նրա բանաստեղծությունը ու կսիրեն: Չեն կարող չսիրել, որովհետև ինքը ամբողջ սեր է. իսկ, մեր անզուգական Սայաթ-Նովայի խոսքով ասենք, «Սերը սեր կու բերե...» և

«Աշուղի լեզուն բլբուլ է,
Օրհնանք ունի, նալաթ չըկա...»2:

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈԻԹՑՈԻՆԸ

Գրականության միջոցով հոգեկան կապ է հաստատվում հայ ու ռուս ժողովրդի միջև, և էն անարյուն, բարոյական նվաճումները, որ անում է ու պիտի անի հայ ժողովուրդը թե՛ Ռուսաստանում, թե Ռուսաստանի սահմաններից դուրս՝ նոր են ու, անկասկած, շատ թանկ: Եվ լուրջ է գործի սկզբնավորությունը:

Ռուսաց գրողներից շատերն այժմ զբաղված են հայոց գրականության ուսումնասիրության ու թարգմանության գործով: Օրեցօր ավելի ու ավելի են ճանաչում ձեր բանաստեղծությունն ու ձեզ, և ահա թե ինչեր են գրում իրենց նամակներում, ասում է ռուս մեծանուն բանաստեղծը՝ Վ. Բրյուսովը, որ էդ գործի գլուխն է կանգնած Մոսկվայում, և հայտնում է ռուս նշանավոր գրողների կարծիքները՝ լիքը հրճվանքով ու սիրով:

Եվ իր դասախոսությունը «Հայ բանաստեղծության մասին» ընդհանուր առումով թերևս կարելի լինի ռուս գրողների էդ հրճվալից վերաբերմունքի արտահայտությունը համարել:

Այժմ պ. Բրյուսովը հայոց բանաստեղծությունից անցնում է պատմությանը:

Հայոց պատմությանը...

Նախանցյալ դարու վերջերն էր, որ ռուսները նոր ոտք դրին Վրաստանի սահմանները1: Շատ ցավալի պատկերներ բացվեցին նրանց առաջին էդ գեղեցիկ ու դժբախտ երկրում: Էդ տխուր պատկերներից մեկն էլ նոր ավերած Թիֆլիսն էր2, ուր շատ դիակների թվում կար և մի սրահար ծերունի կրոնավորի դիակ` օրերով բերդի եկեղեցու դռան մեջտեղը ընկած: Սայաթ-Նովայի դիակն էր դա, որ իմ կարծիքով, էդ ժամանակ արքեպիսկոպոս էր Դավիթ անունով և թեմի առաջնորդը: Սայաթ-Նովանոր կնշանակի երգի թագավոր, երաժշտության տեր: Հանճարի կնիքը ճակատին, քրիստոնեության խաչը ձեռքին, դաշույնը խրած իր ազնիվ ու մեծ սրտի մեջ:

Եվ ինչո՞ւ չի կարելի Սայաթ-Նովային նկատել որպես հայ ժողովրդի կյանքի ու տանջանքի խորհրդանշանընրա պատմությունը:

Հանճարի կնիքը ճակատին, քրիստոնեության խաչը ձեռքին, դաշույնը սրտի մեջ...

Եվ երբեք չցամաքեց էդ արյունոտ դաշույնը, ոչ նրանից առաջ, ոչ էլ նրանից հետո մինչև էսօր...

Հայոց պատմությունը դարերի անվերջ մաքառում եղավ, որ կարողանար ետ մղել էդ սպանիչ դաշույնը իր սրտից, և իր լավագույն զավակներն էդ կռվի մեջ մաշեց ու սպառեց: Էսօր էլ իր զավակները միացած ռուսական մեծ բանակին ու լավագույն ժողովուրդներին՝ ասես թե հազար-հազար ձեռքերով ձգում են ու ճգնում են հանեն էդ դաշույնը մեծ Սայաթ-Նովայի սրտից:

Բայց պետք է ճանաչել Սայաթ-Նովային ու ծանոթացնել աշխարհքին, որ ամենքն էլ համոզվեն, թե չի կարելի հավիտյան թողնել էդ դաշույնը նրա սրտում...

Գնանք լսելու մեր լավ, մեր հռչակավոր բարեկամին, թե ինչ է ասում հայոց պատմության մասին, հայի դարավոր տառապանքի ու մաքառումի մասին և հայի ապագայի մասին...

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ՏՈՆԸ

1616 թվականի ապրիլի 23-ին Անգլիայամ վախճանվեց Շեքսպիրը, միևնույն օրը Իսպանիայում վախճանվեց Սերվանտեսը:

Մի օրում գերեզման իջան երկու գրական հսկա, որ ոգեպես հարություն առնելով ու բարձրանալով համաշխարհային գրականության հորիզոնի վրա կանգնեն ու մնան ընդմիշտ՝ այլ մեծերի շարքում՝ երկու պայծառ արեգակ կամ բանաստեղծության ամենատես աչքերը՝ հավիտյան բացված մարդկային կյանքի ու բնության վրա:

Էս տարի, ապրիլի 23-ին՝ լրանում է սրանց մահվան երեքհարյուրամյակը:

Համաշխարհային աղետալի պատերազմի ընթացքում շատ տոներ եկան ու անցան չտոնված, բայց էս մի տոնը պետք է տոնի ամբողջ կուլտուրական աշխարհքը: Պետք է տոնեն և՛ պատերազմից հեռու կանգնած ժողովուրդներն իրենց խաղաղ քաղաքներում, և՛ կռվող ազգերը իրենց խրամատներում, և՛ անգլիացին, որ Շեքսպիր է ծնել, և՛ գերմանացին, որ Շեքսպիր է սիրել ու որդեգրել, և' ռուսը, և՛ ֆրանսիացին, և՛ իտալացին, և՛ ավստրո-հունգարացին, — ամե՛նքը, ամե՛նքը, մինչև ուր հասել է Դոնքիշոտի ազնիվ խելառության համբավը, մինչև ուր հասնում է Շեքսպիրի աստվածային բռնակալությունը, որ մարդկային հոգին ազատագրելով ամեն տեսակ բռնակալություններից՝ միայն ստեղծագործական ոգու իշխանությանն է ենթարկում:

Էս տոնը վրա է հասնում սգավոր մարդկությանը՝ որպես մի համաշխարհային միություն, թե՝ ազգերը միայն ավերիչ թնդանոթներ չեն ղրկում իրար, այլև ստեղծագործող հանճարներ, թե նրանք միայն իրար չեն ծվատում ու իրարից խլում, այլև փոխադարձաբար իրար տալիս են է՜ն ամենաբարձրը, ինչ որ կարող է մարդը երազել. թե նրանք ունին էն տեսակ կապեր, որոնք միշտ մնում են սրբազան, ամուր ու անսասան, նույնիսկ և էն ժամանակները, երբ պատառոտված ու ոտնակոխ են եղած արքայական կնիքներով կնքված ամեն դաշնագիր:

Շեքսպիր ու Սերվանտես...

Համլետ ու Դոնքիշոտ...

Նրանք էին, որ հունականի ֆատալիզմից ու միջնադարյան միստերիայից, այլև Իսրայելի Եհովայի ահավորությունից ազատագրեցին մարդկային միտքը, պալատներից ու վանքերից դուրս բերին գեղարվեստն ու գրականությունը էս լեն ու արձակ արև աշխարհքը և տիրողներին բերին ցիփ մերկացրին ժողովուրդների առջև ու ցույց տվին մարդը՝ մինը իր բարձր հումորով, մյուսը Կյանքի ամենակողմանի ու խորին ըմբռնումով ու հանճարեղ վերարտադրումով, և իրական կյանքի վրա դրին համաշխարհային նոր գրականության սկիզբը: Էսպեսով՝ նոր գրականությունը դարձավ էն թարմ, առողջ օդը, որ Վերածնության շրջանից սկսած շնչում է մարդկությունը, և, միշտ նոր ուժ առնելով, իրար ետևից նորանոր հորիզոններ է նվաճում՝ անդադար ընդարձակելով իր կյանքի ու աշխարհայացքի սահմանները:

Մենք էլ՝ ամբողջ քաղաքակիրթ աշխարհքի հետ միասին պետք է տոնենք էս մեծ տոնը:

Հայոց գրական Ընկերություններն ու դպրոցները հանդիսավոր գրական երեկույթներ պիտի կազմեն. հայոց մամուլը պետք է պատշաճավոր հոդվածներ նվիրի, և հայոց թատրոնը տոնական ներկայացումներ պիտի տա՝ Շեքսպիրի մահվան երեքհարյուրամյակին միացնելով և հայ հանճարեղ Համլետի՝ Պետրոս Ադամյանի մահվան քսանհինգամյակը:

ՈՂՋՈԻՆՈԻՄ ԵՆՔ

Զարմանալի է մեր ազգի կենսունակությունը. ես լիքն եմ էդ մեծ կենսունակության անսասան հավատքով: Կենսունակություն է, որ ասում եմ՝ ասում եմ խոսքի բարձր ու ազնիվ իմաստով: Եվ ոչ մի բռնակալ, և ոչ մի բարբարոս երբեք չի կարողացել նվաճել ու ընկճել հայկական ցեղի էդ հզոր հատկությունը: Ամեն անգամ, ամեն մի բռնակալի հայ ժողովուրդը կարող էր կրկնել Վարդանանց խոսքը, թե՝ դու կարող ես հայի մարմինը տանջել, բայց նրա հոգու հետ ի՞նչ ես անելու... Իսկ էդ ոգի ասած բանը անշունչ քարերից էլ կարող է Աբրահամու զավակներ հարուցանել և դաշտերում ցրված ոսկորներից՝ կենդանի ժողովուրդ:

Եվ ահա, ինչպես ամեն ժամանակ, էնպես էլ էսօր շարժվում է հայ ազգի հզոր ու աննկուն ոգին: Մեծ աղետի օրերում էլ նա, ասես թե մի վերածնունդ նախատոնելով, շարժվում է լայնածավալ ու բազմակողմանի: Ընկերություններ են հիմնվում իրար ետևից, գործեր են ծրագրվում ու ձեռնարկվում ամեն ասպարեզում՝ ամենօրվա ապրուստի, մթերքների շուրջը կազմվող կոոպերացիաներից մինչև գրականության ու գեղարվեստի բոլոր ճյուղերը, մինչև գրողների, նկարիչների ու երաժշտական ընկերությունները...

Երաժշտական Ընկերություն... բայց երաժշտությունը ամենանորն է արվեստների մեջ և Երաժշտական Ընկերության լոկ գոյությունն անգամ ապացույց է՝ թե ուր ենք ձգտում մենք: Երաժշտությունը արվեստների մեջ էն կախարդ ուժն է, որ անմարմին արտահայտություններով կարողանում է անմիջականորեն ու միանգամայն տիրել մարդու բովանդակ գոյությանը, նրա մարմնին ու հոգուն և տիրաբար տանել, ուր որ կամենա: Էսպեսով էլ նա, արվեստների մեջ ամենազգայականն ու ամենավերացականը միաժամանակ, հանդիսանում է ամենաուժեղ արտահայտությունը ժողովուրդների ոգեկան կյանքի և բարձրագույն հաճույքներ տալով հանդերձ՝ դառնում է բարձրագույն կրթության միջոց:

Գեորգ կաթողիկոսի ու Չուխաճյանի ջանքերից հետո մեր մեջ եկավ Կարա-Մուրզան, ապա թե Եկմալյանը հայտնվեց, Եկմալյանից հետո նոր երաժիշտները եկան խմբովին, որ իրենց հետ բերին երաժշտական ընկերությունը: Ահա էսօր էլ գալիս է եվրոպական երաժշտական աշխարհքում անուն հանած հայ նշանավոր երաժշտագետը՝ Ալ. Սպենդիարյան, օտար երկրից դեպի հայրենի մթնոլորտը, արևմտյան երաժշտությունից դեպի արեվելյան երաժշտությունը, մեծ ու գեղեցիկ ծրագիրներով, որոնց գործ դառնալուն առհավատչյա են իր խոշոր տաղանդն ու փայլուն պատրաստությունը և էն հանգամանքը, որ իր շարժվելու հնարավորությունով կապված ու կախված չի մեր դժբախտ իրականությունից:

Առաջին անգամ է մեր տաղանդավոր հայրենակիցը հայտնվում մեր մեջ, առաջին անգամ է դուրս գալիս մեր հասարակության առջև1, և առաջին անգամից ողջունում ենք հրճվանքով ու ծափերով:

Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

1847 թվականին 18 տարեկան Միքայել Նալբանդյանը գրագիր է եղել Նոր-Նախիջևանի հոգևոր կառավարության մեջ:

1887 թվականին էլ 18 տարեկան ես էի գրագիր Թիֆլիսի հայոց Կոնսիստորիայում:

Շատերը կհիշեն, թե ութսունական թվականներին ինչքան քիչ էր գիրքը Թիֆլիսում, և ինչ դժվարությամբ էր ընթերցանության գիրք ճարվում՝ թե հայերեն, թե ռուսերեն: Դժվար էր մանավանդ ինձ նման մի օտարական պատանու համար:

Ներսիսյան դպրոցն էլ իսկի չավարտած՝ գրեթե բացարձակ անգետ էի ինչպես ամեն գիտության՝ էնպես էլ գեղարվեստին ու գրականությանը, թեև մեծ սեր ու ձգտում ունեի, մանկուց էլ ոտանավորներ էի գրում: 18 տարեկան էի դարձել և միայն մի քանի գիրք էր անցել ձեռքս, էն էլ մեծ մասամբ պատահմունքով: Եվ ահա էդպես պատահմունքով էլ էդ ժամանակները ձեռքս ընկան «Հյուսիսափայլի» համարները:

Շատ սիրեցի էդ բաց կապույտ, շողարձակ տետրակները և պատանեկան ոգևորությամբ կարդում էի: Առանձնապես դյուր էին եկել Կոմս Էմանուելի հիշատակարանն ու մյուս գրվածքները, Ս. Նազարյանի խորհրդածություններն ու թարգմանությունները և Սադաթյանի թարգմանած՝ Լերմոնտովի «Դևը»1:

Էսպես էլ իմ շատ քիչ կարդացած ու սիրած գրքերից մինը եղավ «Հյուսիսափայլը»: Սրանով էլ պետք է բացատրել էն երեվույթը, որ իմ էն ժամանակներում գրած ու 1890-1892 թվականներին Մոսկվա տպած2 ոտանավորների մեջ պատահում են «Հյուսիսափայլի» ոչ միայն ոճերն ու դարձվածքները, այլև մինչև անգամ բառերն ու բառերի ձևերը, — սեղանակապուտ, գիշերատեսիլ, հարցանել, մեռանել, և այլն:

Չէ՞ որ ամեն մի գրող ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ իրենից առաջ եղածների ազդեցությունների համագումարմեկից շատ, մյուսից քիչ, որ ընդունում, հալում է իր ոգևորության հնոցի մեջ ու ձուլում, ձևակերպում իր ճաշակով:

Եվ էսօր, «Հյուսիսափայլի» մեծ աշխատակցի մահվան հիսնամյակի օրը, առանձին սիրով ու երախտագիտությամբ եմ ետ նայում դեպի էն օրերը, երբ հափշտակված կարդում էի նրա գրվածքները և առհասարակ դեպի «Հյուսիսափայլը», ինչպես իմ պատանեկության հարազատներից մեկին:

Հետո, իհարկե, աչքս ավելի բաց անելով ու ավելի մեծ գրականությանը ծանոթանալով՝ տեսա, որ ես իմ պատանեկան անգիտության ու ոգևորության մեջ՝ ոչ իմացած եմ եղել, ոչ էլ նկատած «Հյուսիսափայլի» պակասությունները, և միմիայն նրա լավ կողմերով եմ եղել տարված: Չեմ իմացել թե պարսավագիր կա Կոմս էմանուելի «Մեռելահարցուկի»3 մեջ, թե «Տեսիլքի»4 մեջ Գիրսասը Սարգիս եպիսկոպոս Հասան Ջալալյանն է՝ անհատական քենից էնքան սևացած, չեմ իմացել, թե իր բանաստեղծությունները առնված են Բերանժեից ու Հայնեից5, մի խոսքով՝ նրանից առել եմ էն, ինչ որ լավն է ու պայծառ, ճիշտ երեխայի կամ լավ ընթերցողի նման: Եվ էսօր օրհնում եմ էդ երջանիկ միամտությունը ու մազաչափ անգամ իմ սերն ու հարգանքը չի պակասում թե՛ դեպի ամբողջ «Հյուսիսափայլը» առհասարակ, թե՛ դեպի Մ. Նալբանդյանը առանձնապես: Ինչ որ պակասություններ են՝ եղել են իրեն ժամանակինն ու պայմաններինը, և շատերը նույնիսկ շատ հեշտ բացատրելի ու հասկանալի են, իսկ միշտ կենդանի, միշտ վառվռուն ու միշտ որոնող հոգին ու ազատ շունչը իր անկապտելի էությունն է եղել: Եվ, վերջապես, ինչի՞ս են պետք նրա մանր մունր անցավոր պակասությունները, որ նրանից հազար անգամ ավելի շատ կյանքում ունի ամեն մի մարդ, ամեն օր, ամեն քայլափոխի վրա, ինձ էսօր նրա հավերժական լավությունն է զբաղեցնում, որ միլիոնավորներից մեկը չի ունենում:

Շատ հալածական ու չարքաշ կյանք է անցկացրել մեր Նալբանդյանը, բայց նույնիսկ էդ հալածանքների մեջ էլ բարձրացել է նա: Հալածվելով էլ միշտ դեպի վեր է գնացել, ոչ թե դեպի վար: Հալածել են, — Նոր-Նախիջևանից Մոսկվա է փախել և եկեղեցու դպրի ու հոգևոր կառավարության քարտուղարի պաշտոնից հասել է Լազարյան ճեմարանի ուսուցչությանը և «Հյուսիսափայլի» գլխավոր աշխատակցի բարձրությանը: Էլի են հալածել. — Մոսկվայից էլ արտասահման է անցել, դարձել իր ժամանակի լուսավոր աշխարհքի սակավաթիվ առաջադեմ մարդկանցից մինը, ճոխացած եվրոպական գիտությունով ու լայն, ազատական մտքերով, լավագույն մտածողների ու գործիչների ընկերն ու մտերիմը: Հալածանքի մեջ էլ վերացել է մեր կյանքի անձուկ ու վատ մթնոլորտից դեպի էն հավերժական բարձրությունը, որտեղից դենը էլ տեղ չկա լավ հոգիների համար, և ընդմիշտ հավերժացել է Հայոց Գրականության համաստեղության մեջ ու դարձել նրա ամենավառ, ամենապայծառ աստղերից մինը:

ՇԵՔՍՊԻՐ ԵՎ ՍԵՐՎԱՆՏԵՍ

Ազնիվ հանդիսականնե՜ր.

Համաշխարհային գրականության պատմության մեջ հազիվ թե էնքան նշանավոր մի թվական լինի, ինչքան նշանավոր է 1603 թվականը, երբ, ասում են, լույս տեսան Անգլիայում Շեքսպիրի «Համլետը», Իսպանիայում Սերվանտեսի «Դոն Քիխոտը»: Մտածող ու տառապող նոր ինտելիգենտի ողբերգությունը և համաշխարհային ազնիվ խենթի արկածների պատմությունը:

Երկուսն էլ, թե Համլետը, թե Դոն Քիխոտը, գիտեն ու տեսնում են, որ աշխարհքը դուրս է եկել իր ճանապարհից, և մարդը տառապում է, երկուսն էլ զգում են, որ իրենց է վիճակվել նորից աշխարհքը ուղիղ ճամփի վրա դնելու մեծ գործը, բայց նրանցից մեկը, Համլետը, դժգոհ է, անիծում է իր ճակատագիրը, թե ինչու իրեն է վիճակվել էդ ծանր գործը ու դժբախտ է իր արքայական զգեստի ու պալատի մեջ, մինչդեռ մյուսը, Դոն Քիխոտը, գոհ է իր բարձր առաքելությունից և երջանիկ է աղքատ գիդալգոյի ցնցոտիներով ու իր ունեցած թշվառ միջոցներով:

Եվ ահա Համլետը թշնամուն հաստատ գտնելուց ու պարզ տեսնելուց հետո էլ՝ կասկածներ է հայտնում, թե գուցե լավ չտեսավ, գուցե լավ չիմացավ և աշխատում է իրեն խաբել ու հանգստացնել և խուսափել իրեն վիճակված արյունոտ գործից, մինչդեռ մյուսը, Դոն Քիխոտը, հենց բավական է աչքը բաց անի, որ ամեն տեղ էլ տեսնի թշնամուն, ինչ ուզում է լինի և ով ուզում է լինի: Եվ երբ Համլետը վճռական վայրկենին վարանում է ու պատյանից դուրս չի քաշում իր սուրը առջևը կանգնած թշնամուն հարվածելու համար, այլ տագնապալի աղաղակում է. — Զսպի՛ր քեզ, հոգիս, թող սուրը իմ խոսքերի մեջ լինի, ոչ թե գործի, — էս միևնույն ժամանակ մյուսը, Դոն Քիխոտը, առանց վարանքի ու տարակուսանքի, լոկ երևույթը նկատելուն պես մերկացնում է սուրն ու հարվածը իջեցնում: Սակայն՝ երկուսն էլ տառապում ու կռվում են իրենց ճամփից դուրս եկած աշխարհքը կարգի դնելու համար, մարդուն երջանկացնելու համար:

Նույնքան նշանավոր է 1616 թվականը, և հատկապես էդ թվականի ապրիլի 23-ը, երբ միևնույն օրը վախճանվեցին՝ Անգլիայում Շեքսպիրը, Իսպանիայում Սերվանտեսը, և էսպեսով համաշխարհային գրականության հորիզոնի վրա միաժամանակ մայր մտան երկու հսկայական արեգակ:

Երկու հսկայական արեգա՛կ...

Սակայն գերազանց է բրիտանական հանճարի փայլը, որ իր ճաճանչները մի կողմից զարկում էր մինչև Էսքիլեսի ու Սոֆոկլեսի ժամանակները, մյուս կողմից դեպի գրականության ապագան: Եվ ամեն մի գրող, ինչ աշխարհքում էլ ասպարեզ իջնի, տեսնում է իր ուղին արդեն լուսավորված նրա շողերով, և գրեթե անխտիր, շատ քիչ բացառությամբ, ամենքն էլ խոնարհել են նրա հանճարի առջև:

Մեծ Գյոթեն, որին մի Ոլիմպիական աստծու են նմանեցնում, որ միշտ հանգիստ կարող է նայել ամեն գրական մեծության երեսի, երբ հասնում է Շեքսպիրին, ասում է.

Ահով ու դողով եմ մոտենում գրական էն հսկա կաղնուն, որի մոտ միանում են ու որից բաժանվում են գրականության բոլոր ճանապարհները

Եվ ահա էսօր՝ գրականության էդ բոլոր ճանապարհներով բոլոր կուլտուրական ազգերը իրենց հիացումն ու հարգանքն են ուղղում դեպի Անգլիա, դեպի Շեքսպիրի նվիրական գերեզմանը և դեպի նրա ծնող ժողովուրդըանգլիական ազգը:

Մենք, հայերս էլ, որ երբեք խորթ չենք եղել գրականության ոչ մի ճանապարհիս և վաղուց ջերմ սիրել ենք Շեքսպիրը՝ նրա մահվան երեքհարյուրամյակի օրը արդեն աճենք մեր արժանավայել ներկայացուցչությանը, և ինձ էնպես է թվում, թե էսօր Շեքսպիրի գերեզմանի վրա արդեն կանգնած է հայկական Համլետը, հոգիացած Ադամյանը, իբրև հայության ներկայացուցիչ, և դժվար թե ուրիշ որևէ ազգ էլ կարողանա ավելի գեղեցիկ մի ներկայացուցչություն ունենալ էսօրվան օրը՝ Ստրադֆորտում իր հարգանքն ու մեծարանքը ցույց տալու համար:

Հարգանք անգլիական մեծ ազգին, որ մարդկությանը էնքան մեծ հանճարներ ու հանճարեղ կարգեր է տվել, հարգանք իսպանական ազգին, որ կարող է միշտ պարծենալ իր շատ մեծ զավակների անուններով, և հարգանք նրանց հանճարեղ զավակների՝ Շեքսպիրի ու Սերվանտեսի անմահ հիշատակին:

ԳՐԱԿԱՆՈԻԹՅԱՆԸ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈԻԹՅՈԻՆ ՊԵՏՔ է ԼԻՆԻ

I

«Հորիզոնի» 89 և 90 համարներում պ. Գ. Չալխուշյանը սաստիկ վշտացած է էն տեղեկություններից, որ տվել է Տորոպովը Ռուսաստանում 1915 թվականին լույս տեսած հրատարակությունների մասին: Էս հաշվետվությունից երևում է, որ հայերը, իրենց հրատարակած գրքերի թվով, իրենց հարևան ժողովուրդների մեջ վերջին տեղն էն բռնում:

1915 թվականին թուրքերը հրատարակել են 325 կտոր գիրք, վրացիները 247, հայերը 159:

Ես ուզում եմ դեռ ավելի սաստկացնել պ. Չալխուշյանի ազնիվ վիշտը:

Թող նայի հայերեն գրքերի ցուցակին և կտեսնի, որ դրա մի մասը արտատպություն է, մնացածի մի մասն էլ անպետք ու տպագրության անարժան գործեր, և վերջ ի վերջո տակը մնում է շատ խեղճ ու ողորմելի մի բան:

Ինչո՞ւ է էսպես:

Պ. Չալխուշյանը էս դժբախտ ինչուի հանդեպ աղաղակում է — «քնե՞լ ենք, թմրե՞լ, թե արդեն հնացել, մաշվել, քամվել, չգիտեմ...»2:

Եվ՝ սրա ճարի վրա մտածելով՝ վերջը գալիս է էն եզրակացությանը, թե չպետք է շատ օժանդակել համալսարանական ուսանողությանը, այլ պետք է ծավալել տարրական ուսումը, կրթել ազգը, ու մենք կունենանք և՛ գրականություն և՛ ճոխ ու շատ հրատարակություններ...

Ո՛չ, և հազար անգամ ո՛չ, ազնիվ հայրենակից, պ. Չալխուշյան. ո՛չ համալսարանական ուսանողության խորթությունն է հայոց գրականության խեղճության պատճառը, ոչ էլ տարրական ուսման պակասը: Սա ունի մի հիմնական պատճառ, որի շուրջը շատ են պտտվել, բայց մեջը չեն մտել և վերացնելու մասին էլ մտահոգություն չեն ունեցել:

Եվ էս հիմնական պատճառը գտնելու համար երբեք չպետք է դիմել հրատարակություններին, գրքերին: Գրքերը անշունչ թուղթ են, նրանք ձեզ ոչինչ չեն ասիլ, նրանցից չեք կարող իմանալ, թե ինչու են իրենք քիչ դուրս գալիս, դրա համար պետք է դիմել էդ գրքերը գրողներին, նրանցից պետք է հարցնել ու իմանալ, թե` ինչո՞ւ են իրենք քիչ գրում:

Այո՛, գրականություն ասելիս պետք է գրողներ հասկանալ, ոչ թե գրքեր, և գրողներին պետք է հարցնել, ոչ թե գրքերին:

Եվ երբ գրողներին կհարցնեք՝ նրանք ձեզ կասեն, որ իրենք գրականությամբ չեն պարապում: Խոսքս գեղեցիկ գրականության վրա է հատկապես, և ասում եմ, որ նրանք, հայոց բանաստեղծներն ու վիպասանները գրականությամբ չեն պարապում, և պարապելիս էլ պարապում են ի միջի այլոց, պատահաբար:

Եթե ճշմարիտ չի ինչ որ ասում եմ, ապա սա մի ծանր զրպարտություն է հայոց գրողների դեմ, իսկ եթե ճշմարիտ է, մի շատ ցավալի հայտարարություն է, որի առջև լուրջ կանգ պետք է առնի ամեն մի գրականություն սիրող ու ցանկացող ժողովուրդ և քննի ու հասկանա, թե ինչո՞ւ չեն իրեն տաղանդավոր մարդիկը զբաղվում իրենց բարձր ու գեղեցիկ գործովգրականությունով:

Ի՞նչն է սրա հիմնական պատճառը:

II

Այժմ գանք հայոց գրականության դժբախտության հիմնական պատճառին:

Следующая страница