Թումանյան Հովհաննես՝   Քննադատություն և հրապարակախոսություն, Նամակներ

Շատ ենք անհանգիստ ձեր կողմից, թե ոնց եք ապրում, փող ունեք, թե չէ: Ոչ մի տեղեկություն չի գալիս: Ահա առաջին անգամն է, որ մի պատահական մարդու միջոցով կարողանում ենք նամակ ուղարկել: Չեմ իմանում ով է, որ փող էլ ղրկեմ: Երկու օրից հետո ուրիշն է գալիս, փող էլ կղրկեմ երկու օրից հետո:

Որովհետե բոլշևիկների և իմ բարեկամությունըՄոսկվայից սկսած մինչև Երևանսերտ է և հայտնի եմ իբրև համոզված ռուսոֆիլէդ ամենի վրա հենվելով մի դիմում եմ անում Ռևկոմին և Լենինին2 (էս էլ ուրիշ) — իհարկե, ընդհանուր շահերն ունենալով ինկատի:

Մենք ամենքս շատ լավ ենք, բայց ձեզանից նամակ չստանալը մեզ շատ է տանջում:

Հույս ունեմ, որ ամենքդ էլ գործի կլինեքգուցե Հովիկն3 էլ:

Լսում ենք, որ էդտեղ ձերբակալություններ են եղած, բայց իհարկե, հաստատ բան չենք իմանում:

Այժմ երևի, շատերը ինձ կհիշեն: Հույս ունեմ, որ էս եկողի հետ ձեզանից նամակ կունենանք:

Ռևկոմի մեծ մասին ծանոթ եմ անձամբ. շատ լավ մարդիկ են: Եթե տաճիկների հետ էլ մեզ հաշտեցնենհրաշալի կլինի:

Մարուսյայից4 Մուշեղը երևի տեղեկություն կունենա: Շաղիկը5 լավ է, խոսում է կարգին: Բաբոն լ լավ է, բայց տերտերը6 հիվանդ է և հաճախ պառկում է: Աշխենի իրերը, մեծ մասամբ այժմ՝ Թամարի մոտ են (իրենց հարսի): Գիգային7 Աջեմյանը (Մոսիան)8 գործ է առաջարկել: Ընդունելու և գնալու տրամադրություն ունի:

Դերենիկի9 կինն ու երեխան էլ լավ են: Կարողացա, նրան էլ մի 16000 ռ [ուբլի] հասցնել:

Կարծում եմ այժմ երկաթուղին կարգի կընկնի և առջիկա տոներին կտեսնվենք, կամ դուք կգաք կամ ես կգամ: Հա, մոռացա գրել, որ Արեգը10 միսիայում պաշտոն կունենա:

Գրվածքներիցս տարան Ամերիկա հրատարակելու:

Էստեղ թուղթ չի գտնվում միանգամայն, իհարկե, գրքի եմ ասում: Թեև առանց սրան էլ համոզված եմ, բայց էլի ասում եմիմացած եղեք, որ էդ կատարված՜ դեպքերը պատահական չեն, պատմության ուղիղ ընթացքն է, մեր ապագան, ինչպես միշտ ասել եմ և դուք էլ գիտեք, կապված է Ռուսաստանի հետ, իսկ Ռուսաստանն ինչքան ազատէնքան լավ, թե մեզ համար, թե աշխարհքի:

Հիմի ամեն մի մարդ, հանգիստ կքնի իր տանը և կիմանա, որ էլ կոտորածի վտանգ չկա և մի լայն կուլտուրական կյանք կսկսվի: Թե չէ էն վանդակում-դռանն էլ միշտ մի Կարաբեքիր11 կանգնածներսն էլ էդ տեսակ ապիկարներ ու անբարեխիղճներինչ էինք անելու:

Այժմ միայն մի բան է պետքոր հանգիստ անցնի ամեն բան և հաշտ ու խաղաղ:

Նամակս շատ կցկտուր դուրս եկավ, որովհետև հանկարծ իմացրին և պետք է շտապ գրեի ու հանձնեի:

Չեմ իմանում ումն եք պատահում և ով [քեր] են լինում ձեգ մոտ, ով որ լինենբարևեցեք: Եվ գրեցեք ով կա նոր, ով չկա մեր ծանոթներից ու բարեկամներից:

Հովիկին շատ համբույրներ պապիկից ու ամենքից և ձեզ ամենքիդ:

Հայրիկ

Ինչպես տեսնում եք՝ էս նամակը ութ օր առաջ է գրած ու նույնիսկ ղրկած: Էսօր 25-ն է, ետ են բերել, չեն գնացել: Վրեն ավելացնում եմ: Էս ութ օրվա ընթացքում շատ բան իմացանք: Եկավ Ալ<եքսանդր> Իվանիչն իր ընկերների հետ, պատմեց էդտեղի մասին, ձեր ամենքիդ մասին:

Շատ ուրախացանք, որ ամեն բան լավ է գնում, ու դուք էլ ամենքդ գործի եք, մանավանդ շատ ուրախացա, որ վերջապես Մուշիկն իր գործին էերաժշտությունով է զբաղվելու: Ես էլ նրա պես եմ անելու:

Էստեղ էլ ամեն բան լավ է: Ռևկոմի ներկայացուցիչն է Դանուշը12, իսկ Դանուշը գիտեք, թե ինչ հրաշալի մարդ է: Կարծում եմ ամեն բան լավ կլինի, միմիայն մի պայմանով, որ տաճիկներն ու Անտանտան էլ խելքի գան, վատությանը վերջապես մի վերջ պետք է լինի: Իսկ եթե սրանք խելքի չեկանշատ վատ գարունք կունենանք: Ալ. Իվանիչն ասավ, որ ձեզ մոտ է, փող է թողել, էստեղ կվճարենք իրեն, դրա համար էլ ձեզ ուղարկում եմ մեկ հարյուր հազար չեկերովտոների համար: Իսկ եթե պարտքբան ունեք, գրեցեք կամ Գեորգի հետ, որ էսօր է գալիս, կամ Դանուշի հետ, որ մի երկու օրից կգա:

Մեր մասին էլ ինչ գրեմբոլորը լավ են, ասել Անուշը՝ իրենց համար «հռհռոցը գցած» ապրում են անպակաս:

Բերելը դժար է, նրա համար էլ շատ բան չենք ղրկում, մի երկու բան են ղրկումկգրեն:

Դե, ամենքիդ համբույրներ:

Հայրիկ

Վերնատանից գրեցեք, ասեք որ համբուրում եմ ամենքին: Կգրեմ:

44. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԵՎԿՈՄԻՆ

ԹիֆլիսԵրևան

1920 թ. դեկտեմբերի 18.

Հայաստանի Ռևկոմին.

Դաշնակից պետությունների ագահ ու հավիտյան հանցավոր քաղաքականությունը, հայ ղեկավար շրջանների անկարողությունն ու քաղաքական անհեռատեսությունը և հայ-թուրքական վայրենի ու անզուսպ թշնամությունը Հայաստանը հասցրին օրհասականի դուռը:

Ամենքից լքված ու հուսահատված հայ ժողովուրդը իր հայացքը դարձրեց դարձյալ դեպի Ռուսաստանը: Եվ եկավ նա, նոր Ռուսաստանը:

Այժմ նոր, ազատ Ռուսաստանից է կախված՝ ոչ միայն հայ ժողովրդին ազատել վերահաս վտանգից՝ այլև ապահովել նրա անկախ քաղաքական կյանքը, խաղաղ վերջացնել հայկական արյունոտ խնդիրը, հայ ժողովրդին հաշտեցնել մահմեդական հարևանների հետ և արդար աշխատանքի ճանապարհով առաջնորդել դեպի նոր կյանք:

Փոքր ժողովուրդները, հիրավի, զրկված բանվորներ են ագահ ու անխիղճ իմպերիալիստական հզոր պետությունների ճանապարհների վրա:

Նոր Ռուսաստանը, որ գալիս է նրանց հանի էդ ստրկական վիճակից՝ նոր դարաշրջան է բաց անում մարդկության պատմության մեջ, և երանի, վերջապես, ստեղծվեր մի ուժ, որին հավատար ամեն մի ժողովուրդ ու մարդ:

Խորապես ցանկանում եմ, որ Ռուսաստանը շուտով ազատվի անցողական շրջանի դժվարություններից ու դեֆեկտներից և ժողովուրդները նրա հետ կապվեն ոչ թե վախով, այլ սիրով:

Էս զգացմունքով էլ՝ Հայաստան մուտք գործելու հենց առաջին օրերից՝ առաջին հերթին՝ Հայաստանի Ռևկոմի ուշադրությունը ես ուզում եմ հրավիրեմ երկու կարևոր հանգամանքի վրա:

Առաջինը սա է:

Անցյալներում, հայ-թուրքական դժբախտ ընդհարումների ժամանակ դաշնակցությունն է գլխավոր դերը խաղացել, վերջերս էլ նա է եղել կառավարական կուսակցությունը: Էդ պատճառով էլ հայ ժողովրդի լալն շրջանները հարած ես դաշնակցությանը:

Հեղաշրջումից հետո շատ մարդիկ, որ անձնական հաշիվներ ունեն իրար դեմ, էդ հանգամանքից առատ նյութ կարող են առնել դավեր լարելու և իրենց հաշիվները մաքրելու իրենց անձնական թշնամիների հետ:

Հայաստանի Ռևկոմը պարզ գիտենալով, որ նրանք նույնքան հեշտ դաշնակցական են եղել երեկ, ինչքան հեշտ կոմունիստ են դարձել էսօր՝ լուրջ նշանակություն չպիտի տա նրանց դաշնակցական լինելու հանգամանքին և ընթացք չպիտի տա էդ դավերին, որ կարող են ծավալվել ու դառնալ համատարած չարիք:

Երկրորդը:

Հեղաշրջումի հետևանքով երկյուղ է տարածվել հայ մտավորականության վրա, որի մի մասը նախորդ կառավարության օրով ծառայության մեջ էր: Նոր դրության անորոշության հանդեպ տարածված երկյուղը կարող է քայքայել ու ցրել մեր առանց էն էլ փոքր մտավորականությունը և առաջ բերել անցանկալի հետևանքներ:

Հայաստանի Ռևկոմը պետք է պարզի, մթնոլորտը և մարդկանց հանի էդ շվար ու շփոթ դրությունից՝ ցանկացողներին հրավիրելով ազատ ծառայելու իրենց ժողովրդին:

Ամենքի սրտից ասած կլինեմ, եթե ասեմ, թե՝ սպասում ենք էդ կոչին:

Նոր, ազատ Ռուսաստանն էլ որ գալիս է հաշտեցնի հային ու թուրքին, էսքան մեծ ու փրկարար մի գործ անելու, անշուշտ ինքն էլ հաշտ աչքով կնայի հայ մտավորականությանը, կնդունի նրա մեծ կարևորությունը և ուշադրություն կդարձնի հայ ժողովրդի բանաստեղծի հաշտարար միջամտությանը:

Հովհ. Թամանյան

45. ԻՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ

ԵրևանԹիֆլիս

1921 թ. ապրիլի 8.

Դուք չեք կարող երևակայել, իմ ջանիկներս, թե ինչքան եմ ձեզ կարոտել և թե ինչքան եմ ուզում շուտով հասնեմ ձեզ մոտ:

Սրանից հետո հիմի կարճ պատմեմ, թե ինչ պատահեց ինձ հետ, է՛ն, ինչ որ հետո երկար կպատմեմ, և սակայն երկար պատմելով էլ չի վերջանալ ու չեք հասկանալ:

Գուցե արդեն լսած լինեք, թե ինչպես մի ֆրոնտից մյուսն անց կենալու ժամանակ, թե ուրիշների և թե իմ անզգուշությունից, ընկա երկու կողմից էլ հրացանային ու պուլեմյոտային կրակի տակերկու անգամ, երկարատև ու սաստիկ, և էսպեսով ձյունի միջով անցա մոտ տասը վերստ, մինչև գիշերվա կեսը մնացի դիրքերի առաջին: Վերջին մի քանի գնդակն էլ, որ արձակեցին վրես, էն էլ վերջում հայտնվեց, որ Նիկիտն է եղել, Ջաղեթյանը, Միշայի եղբայրը, որ գնդապետ է այժմ:

Ես այժմ էլ չեմ հասկանում, թե ինչպես ազատվեցի էն կրակի տակից ու էնքան կարմիր գնդակների տարափի միջից: Բայց զարմանալին էն է, որ հենց նույնիսկ էն րոպեներին՝ մի կողմից գլխարկս բարձրացրած ձեն էի տալիս, որ չարձակեն, մյուս կողմից մտածում էի, թե չեմ սպանվելու: Ասում էի՝ եթե սպանվելու լիներ՝ առաջուց նախազգացած կլինեի:

Հենց էն րոպեին զարմանքով մտածում էի, թե ահա թե ինչու պատերազմում էնքան քիչ մարդ է սպանվում. — էսքան գնդակ է գալիս ինձ վրա և ոչ մինը չի դիպչում: Մտածում էի ձեր մասին և այլն, և այլն: Վերջապես մի կատարյալ հրաշք:

Երբոր կես գիշերին ինձ եկան տարան շտաբըարդեն հեռախոսով տեղեկություններ էին եկել, թե էսինչ ժամին թշնամու կողմից разведка երևաց և կրակ բաց արինք, անցավ էսինչ կողմը: Էն կողմից էլ եկավթե մենք էլ կրակ բաց արինք: Էդ թշնամին ես էի...

Նիկիտն էլ, որ արդեն մոտս էր, հայտնեց, թե էն վերջին գնդակներն արձակողն էլ ես էի:

Վերջապես, ճշմարիտը էն է, որ կենդանի եմ:

Ճանապարհի մասին չեմ գրում, անկարող եմ և շատ է երկար:

Ամսի 20-ին հասա Երևան: Աշխենին, Համլիկին ու Հովիկին գտա առողջ և մինչև անգամ ուրախ, եթե կարելի է ուրախություն անվանել էն դրությունը, երբ մարդիկ ձեռքները թափ են տալիս կյանքի վրա ու վճռումինչ կըլիկըլի: Քաղաքում խուճապը հանկարծ պատահեց, ոչ ոք չէր իմանում, թե էդ օրը կարող էր պատահել:

... Էդ նույն օրը քիչ մնաց ես ու Հովիկն էլ զոհ էինք գնում մի գնդակի...

Բայց առհասարակ քաղաքում ոչ մի զոհ չեղավ: Անշուշտ շատ ավելի լավ էր լինելու, շատ ու շատ ավելի լավեթե իմ միսիան հաջողեր, բայց մեջտեղը հավատ չկար... և շատ զուր:

Բայց այսուամենայնիվ լավ արի, որ եկա, երբ ամեն բան իմանաք, կտեսնեք, որ շատ լավ արի, որ եկա: Շատ կյանքեր են ազատվել, և մարդ զարմանում է, երբ տեսնում է, թե ինչ տեսակ դրություններ կարող են լինելերբ մարդկանց ինչպես կորուստըէնպես էլ փրկությունը էնքան հեշտ է լինում:

Չգիտեմ, արդյոք տեղեկություն է հասել Թիֆլիս խեղճ Լևոնի1Լիսիցյանի սպանության մասին թե չէ: Չեք կարող երևակայել, թե ինչպես շանթահարեց ինձ նրա սպանության պատմությունը: Փ[ետրվարի] 18-ին, հեղաշրջումի օրը, հրացան է առել դուրս եկել փողոց (Էջմիածնում): Հրացան է արձակել մի սասունցու թևը վիրավորել ու փախել մտել Հովհ. Հովհաննիսյանի տունը: Եկել են էնտեղից տարել բանտարկել, իսկ մյուս օրը բանտից հանել ու տարել նոր վեհարանի, առաջ սպանել:

Խե՛ղճ Ստեփան, խե՛ղճ տիկ. Կատարինե: Էլ նրանք ի՛նչպես են ապրելու: Խեղճ Լևոն, էնքան ջահել, էնքան պատրաստված...

Ես գալուց մի երեք օր հետո հիվանդացա: Գրեթե նոր եմ վեր կացել անկողնից: Այժմ լակ եմ: Բայց էլ չեմ ուզում էն նույն ճամփով վերադառնամ, մանավանդ Աշխենն ու Հովիկն էլ հետս են լինելու: Սպասում եմ երկաթուղուն, իսկ եթե երկաթուղին ուշացավ, էնպես կգամ: Վերջապես էստեղ դեռ գործ ունեմ, պետք է վերջացնեմ: Դե՛հ, բարի գիշեր, քնում եմ, որ ձեզ տեսնեմ երազում, մինչև իրոք կտեսնեմ էսքան երկար տարիներ չտեսնելուց հետո: Ասում եմ էսքան տարիայո՛, էս, ինչ որ ես ապրեցի, շատ ու շատ տարի արժեր... և այժմ միմիայն դեպի ձեզ է ձգտում ձեզ շատ ու շատ կարոտած

Հայրիկը

46. ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ

ԹիֆլիսՎենետիկ

1921 թ. հոկտեմբերի 4.

Ավո ջան.

Ստացել եմ նամակդ: Ասում ես՝ եթե հարմար ժամանակ է՝ կանչի՛ր, ես կգամ:

Հարմար ժամանակը՝ ես չգիտեմ դու որ ժամանակին ես ասում, բայց ասում եմ.

Արի՛:

Արի՛, Ավո ջան:

Մեզ համար հարմար ժամանակ չեղավ և գուցե չլինի էլ, բայց արի:

Կգաս, կտեսնես մեր աշխարհքը ավերված, մեր ժողովուրդը կոտորված, կենդանի մնացածն էլ կոտոված, ջարդված, մեր հարազատների ու ընկերների շրջանները նոսրացած: Կտեսնես թե աշխարհքի էս ծով վշտից ինչ ահագին բաժին է ընկել առանձնապես ինձ ու քեզ, բայց արի:

Ես գիտեմ, որ էդտեղ էլ քեզ համար հարմար բան չկա, ոչ տեղ, ոչ ժամանակ, ոչ շրջան, ոչ միջոց:

Վերջապես՝ երևի կարոտել ես մեր հող ու ջրին, քո հարազատներին ու ընկերներին: Էդ ամենի հետ միասին քեզ պետք է ասեմ, որ մեր այժմյան կառավարությունը շատ ավելի լավն է՝ քան կարող ես երևակայել: Մանավանդ գրականությունն ու գեղարվեստը երբեք էսքան ուշադրության առարկա չեն եղած մեր աշխարհքում:

Մինչև իմ նամակի քեզ հասնելը դու արդեն իմացած կլինես, որ մի շարք գրողների ու գեղարվեստագետների կենսաթոշակ են նշանակել, իսկ շուտով կհրատարակվի և կիմանաս, որ տալիս են ամեն արտոնություն, ամեն հարմարություն ու հնարավորություն: Նրանց թվում կկարդաս և քո անունը: Քեզ համար խոսել ենք բոլոր կոմիսարների հետ, առանձնապես լուսավորության կոմիսարի և նախագահի, Մյասնիկյանի, որը քեզանից նամակ ուներ: Եվ ինձ հանձնարարել են, որ քեզ կանչեմ, որ դու կունենաս ամեն հեշտություն, ինչ որ իրենք կարող են տալ: Ահա գալիս է և Արտ[աշես] Կարինյանը նրանց կողմից: Կծանոթանաս, կտեսնես ինչ հրաշալի մարդ է և մեծապես գրական մարդ: Նա քեզ հնարավորություն կտա գալու:

Նույնն են անում այժմ և էստեղՎրաստանում: Ես նոր եմ վերադարձել Երևանից: Գնացել էինք Հայաստանի Օգնության Կոմիտե կազմելու: Կազմեցինք: 80 անդամ ունի: Ամեն հոսանքից ու կուսակցությունից: Անկուսակցական ու չեզոք մի մարմին, որ պիտի գործակցի կառավարությանըսովը վերացնելու և երկիրը վերաշինելու: Ինձ էլ հարկադրեցին նախագահությունն առնելու ինձ վրա, իբրև թե իմ անունը կարող է համերաշխությանը նպաստել: Ես ստիպված եղա համաձայնելու, և մոտ առաջիկայում թերևս նույնիսկ գամ Պոլիս: Ես կարծում եմ, էս տեսակի կոմիտեները եթե հիմնվեն ամեն տեղ՝ շատ կօգնեն մեր գժտված շրջանների հաշտությանն ու համերաշխ գործակցությանը: Եվ կուսակցական. կռիվները կմեղմանան:

Լավ կլինի, որ դու էլ նպաստես էս գործին էդտեղ:

Երկիրն ավերված է: Երաշտն էլ մյուս կողմից է շատ վնասել: Բայց մեծ ջանք են թափում փրկելու և շինելու, և ամեն կերպ պիտի օգնենք: Շատ բան ունեմ գրելու, բայց սպասում եմկգասկխոսենք և կանենք, ինչ որ կարող ենք անել:

Մի խոսքով՝ իմացիր, որ արդեն ապահով ես էստեղ և կարոտով սպասում ենք ամենքս: Թերևս այժմ կազմենք մեր Վերնատունը մեր երկրում ու վերջին օրներս միասին անցկացնենք: Բոլորն այժմ կարող են լինելու իրենց գործով զբաղվեն: Եվ էս բոլոր թշվառությունների ու դժվարությունների մեջ էս ահագին բան է:

Իմ Համլիկն էլ գալիս է էդ կողմերըիբրև թե ուսանելու: Չգիտեմ ուսանելը կհաջողի թե չէ, բայց, գոնե մի քիչ շունչ կքաշի, շատ է տանջվել: Թե պատահեսօգնիր քո խորհուրդներով: Նրա հետ եմ ղրկում նամակդ:

Դե արի՛, Ավո ջան: Իսկ մինչև գալդ կարոտով համբույրներ ենք ղրկում Չուչիկին1, Սոֆիկին2 ու քեզ:

Քո Օհաննես

47. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ1

1921թ., 6 հոկտեմբերի

Թիֆլիս

Սիրելի Չոպանյան.

Մի քանի ժամանակ առաջ ստացա Ձեր նամակը և՝ հուզմունքով տեսա, թե ինչպես է կենդանի Ձեր մեջ ընկերական սերը դեպի ինձ:

Լիասիրտ շնորհակալ եմ, իմ ազնիվ ընկեր, և փոխադարձ համբույրներ եմ ղրկում: Անհամբեր սպասում եմ, թե երբ պիտի վերջանա մեր դժբախտ խնդիրը իր ամբողջությամբ, որ կարողանանք անցնել մեր սիրած գործինշինարարական գործի, կուլտուրական աշխատանքի, և Դուք էլ էդքան նուրբ ու ճաշակավոր մի գեղարվեստագետ՝ Ձեր գործին անցնեք:

Ես նոր եմ վերադարձել Երևանից2: Մեր երկիրը շատ է ավերվել վերջին տարիների ընդհարումներից: Ամեն անգամ, որ թուրքերն առաջ են անցել, աշխատել են հիմնովին փչացնել երկիրն ու ցեղը:

Դուք արդեն գիտեք իմ հին կարծիքը, թե էս հանգամանքներում՝ Ռուսաստանն է մեր փրկությունը: Եվ էս անգամ էլ, նույնիսկ էս հարբած վիճակի մեջ, ռուսները մեզ ազատեցին վերջնական փչացումից:

Ավերումի վրա ավելացավ էս տարվան երաշտը մեր երկրում: Բայց պետք է վկայեմ, որ մեծ թափով ու մեծ անկեղծությամբ են մարդիկ աշխատում փրկել ժողովրդին ու վերաշինել երկիրը: Եվ անշուշտ պիտի հաջողեն, եթե արտաքին մի որևէ դժբախտ անակնկալ չխանգարի:

Նախագահը՝ Մյասնիկյանը3 և իր ընկերները արժանի են ամեն գովասանքի և աջակցության:

Եվ համոզված եմ, մոտիկ ապագան պիտի ապացուցանի իմ խոսքերի ճշմարտությունը: Ամեն կողմից պիտի նրանց սիրեն ու գործակցեն:

Հենց նրանց գործակցելու համար էր, որ հավաքվել էինք Երևան և կազմեցինք Հայաստանի օգնության կոմիտեն4, որի մեջ մտնում են ամեն կուսակցության մարդիկ՝ 80 հոգի: Կոմիտեն անկուսակցական է և չեզոք, երկրի մեջ գործելու է ազատ ու արտոնյալ և իր ճյուղերը կունենա բոլոր գաղութներում: Միանգամայն անկախ արդեն Պոլիս կազմած են էդ տեսակ մի մարմինապացույց, թե ինչքան հասունացած է գործը: Նպատակն է ժողովրդին ազատել սովից և երկիրը վերաշինել...

Ռուսները խոստացան ամսական 25 հազար փութ ալյուր: Եվ պետք է ասել, որ Ռուսաստանը շատ բան է ղրկում՝ գյուղատնտեսական գործիքներ մանավանդ: Շուտով ուղարկելու են չթի ու այլ գործարաններ:

Հակառակ իմ կամքի, որ ուզում էի նվիրվել գրականությանը, և խուսափում եմ էս տեսակի գործերից, էս անգամ էլ ինձ ստիպեցին հանձն առնել Կոմիտեի նախագահությունը: Հանձն առա պայմանավոր, որ ավելի անվանական լիներ, քան իրական: Ասում էին և պնդում, որ իմ անունը իբրև թե կօգնի հաշտության և ընդհանուր համերաշխության գործին: Սրա համար, հարկավ, ես ոչ միայն անունս, այլ շատ ավելի բան կտայի: Հեռավոր ճանապարհորդությունները էս նպատակով մերժելով՝ առայժմ հանձն եմ առել Պոլիս գալու մոտ առաջիկայում5:

Սակայն, ինձ թվում է, որ շուտով էնպես մի հոսանք է սկսելու ինքն իրեն, որ ճանապարհորդություններ ու հորդորներն ավելորդ են դառնալու: Թերևս Ձեզ առանձնապես հետաքրքրեր սրանց վերաբերմունքը դեպի գրականությունն ու գեղարվեստը:

Պետք է պատասխանեմ, որ աննախընթաց լավ է: Դեռ սկիզբն է: Բայց եթե էսպես էլ շարունակվի, որին չեմ կասկածում, մեր աշխարքում, կարող եմ ասել, արդեն ապահով են գրականության և գեղարվեստի մարդիկ:

Շուտով կկարդաք դեկրետները6, որով կենսաթոշակ են նշանակում 18 հոգու առաջին հերթին:

Բայց գլխավորը կենսաթոշակը չէ, այլ էն պայմանները, որ նույնպես շուտով կհրատարակվեն: Նույնն են անում և Վրաստանում:

Ես համոզված եմ, որ Եվրոպայում էլ կկազմակերպվի Հայաստանի օգնության կոմիտե և Դուք ջերմ մասնակցություն կունենաք էդ գործի մեջ:

Սիրելի Չոպանյան, խնդրում եմ իմ ջերմ բարևներն ու հարգանքը հայտնեք մեր վաստակավոր Նուբար փաշային7: Մի քանիսին էլ նամակներ եմ գրում:

Ընկերական բարևներով ու համբույրներով՝

Ձեր Հովհ. Թումանյան

48. ԻՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ

Պոլիս-Թիֆլիս

1921 թ. նոյեմբերի 2

Իմ ջանիկ-մանիկներս: Էսքան ժամանակ, որ ինձանից տեղեկություն չունեք, երևակայում եմ, թե ինչքան եք անհանգսատցել, ու ինչեր եք մտածել: Դժբախտաբար, ինչ եկել եմ-վերադարձողի չեմ պատահել, որ նամակ գրեի-մի կողմից, մյուս կողմից էլ` ասել եմ` էսօր կգնամ, էգուց կգնամ ու էդպեսով էլ ետ է ընկել:

Ստացել եմ երեքիդ նամակն էլ: Արոյանն էլ պատմեց, որ ձեզ մոտ էր եղել, տեսել, է, հետներդ խոսել է: Մի խոսքովդուք իսկի չեք կարող երևակայել, թե ինչքան եմ կարոտել և ինչքան եմ անհանգիստ: Էստեղ շատ են զարմանում ու զգացվում հաճախ, երբ տեսնում են էս ամենը: Իրիկունները պսակում եմ թե չէ՝ սկսում եմ ձեզ վրա մտածելև ամբողջ գիշերները քնել չեմ կարողանում: Անդադար երևակայում եմ ճանապարհն ու տուն հասնելը և ձեզ:

Թեև, կարծում եմ, ապահով պիտի լինեք, բայց միշտ մտածում եմ, թե ով գիտի ինչ նեղություններ եք քաշում:

Եկա էստեղ էլ հասա Համլիկին: 1 Մի ամիս ինձ հետ էր: Նոր գնաց: Գիրքս տվի տպագրության2: Համլիկի համար էլ լավ եղավ: Լևուսի3Զարգարյանի հետ միասին էին ապրում: Լևուսը առայժմ մնաց:

Ինչպես երևում է լրագիր չեք կարդում, և չեք իմանում, թե ինչ օրի եմ էստեղ: Օրը մի քանի տեղհանդեսներ ու աղմուկներ, իսկ գնացող եկողէլ մի՛ հարցնեք: Շատ օր ոչ թե չեմ կարողանամ ճաշել, ժամանակ չի լինում, մինչև անգամ թեյ չեմ կարողանում խմել: Իսկ երեկերեսս լվանալ անգամ չկարողացա:

Եվ երեկվանից էլ հրաժարվեցի էն բոլոր տեղերից, որ խոսք էի տվել գնալու: Այժմ պատրաստվում եմ գալու: Էս նավին չհասանքև դրանով էլ ուղիղ տասն օրով ետ եմ ընկնում, ուղիղ 10 օր կամ 10 տարի ձեզ ուշ եմ տեսնելու:

Չեմ ուզում շատ բան գրեմ, քանի որ գալու եմ: Միայն էնքանը, որ ամեն բան հաջող անցավ և դեռ մի բան էլ ավելի եղավ:

Շատ եմ զղջում, որ մեկիդ կամ երկուսիդ, չբերի: Մի որոշ անգամ գալու եմ ձեզ հետ մի ամսովավելին չարժե: Առայժմ անվերջ համբուրում եմ ամենքիդ և բարևում մեր բոլոր մոտիկներին: Շատ ու շատ եմ ցավում, որ էնպես չտարա բանը, որ գուցե հաջողերԳրիշեն4 հետս լիներ:

Է՛հ, մախլաս:

Նորից ու նորից համբուրում եմ ձեզ ամենքիդ:

Հայրիկ

Նամակս գրում եմ վռազԿարինյանի5 մոտ:

49. ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻՆ1

ԹիֆլիսԵրևան

1922 р. հունիսի 17.

Ազնիվ բարեկամ Ալ. Ֆյոդորովիչ.

Մինչև օրս չկարողացա էնքան կազդուրվեմ, որ տանից դուրս գամ և անձամբ շնորհակալություն հայտնեմ Ձեզ մեր կառավարության ցույց տված վերաբերմունքի համար իմ հիվանդության ժամանակ:

Ես համոզված եմ, որ էդ վերաբերմունքը միանգամայն ուրիշ կերպարանք ու հետևանք էր ունենալու, եթե խորհրդային դրամանիշների հայտնի կարգադրությունը չլիներ Վրաստանում:

Եվ ահա այժմ էլ, տեղեկանալով իմ հանգամանքների մասին, երբ նորից մտահոգված եք իմ խնդրով, հայտնում եմ լիասիրտ շնորհակալություններս և իմ ցանկությունն ու խնդիրը, որ ամեն դեպքում ինկատի ունենաք, թե իմ ունեցած արժեքավոր գրքերն ու հին նկարները, որոնց որոշելն ու գնահատելը թողնում եմ կառավարությանը, և թե իմ մանկական գրվածքների ժողովածուն, և թերևս նաև գրելիքները, որոնց համար, հարկավ, պետք է բանակցության մտնենք մեր Լուսժողկոմատի հետ:

Ձեզ խորապես հարգող

Հովհ. Թումանյան

50. ՊՈՂՈՍ ՄԱԿԻՆՑՅԱՆԻՆ1

ԹիֆլիսԵրևան

1922 թ. 22 հուլիսի.

Սիրելի Պողոս.

Էսօր քեֆս շատ է խարաբ: Պոլիս տպագրության էի հանձնել բանաստեղծություններիս մի ժողովածու2: Ստացել եմ դեռ չկազմած մի օրինակը լիքը տպագրական սխալներով, մի շատ անբարեխիղճ կամ անփորձ սրբագրչի ձեռքի տակից անցած մի գործ: Գրում եմ, որ ինչ որ կարելի է ուղղելուղղեն:

Տեսնենք ինչ դուրս կգա:

Գանք մեր գործին:

Ասում ես՝ մի գումար ես ձեռք բերել և ուզում ես ինձանից մի քանի բան գնես: Շատ լավ. բարով հազար բարի: Ինձ էլ մի էդտեսակ մուշտարի է հարկավոր էս վատ ժամանակս, որ համ փող ունենա, համ էլ շաշ ըլի:

Ասում ես՝ ինչ ունեմ:

Ասեմ ինչ ունեմ, ախպեր:

1. Ունեմ սրանից մի 17 թե 18 տարի առաջ գնած հին դոկումենտներ Ներսես V3-ի կոնդակների սևագրության դավթարը, որի մեջ շատ բան կա մեր հասարակական-գրական (մանավանդ Միք. Նալբանդյանին) և քաղաքական կյանքին (կաց գրիչս փոխեմ) վերաբերող նյութեր: Նույնպես և իր ժամանակին հայտնի Ջալալյան4 արքեպիսկոպոսի գրությունները Պոլսի մեծամեծների և պաշտոնական մարդկանց, ինչպես և ռուս բարձր պաշտոնյաների հետ:

Գնել եմ երկու տեղից: Երկուսն էլ կան: Վճարել եմ 200300 ոուբլի: Էս մին:

2. Ունեմ հոլանդական մեծ մինիատյուրիստ Կալֆի5 գործը, որ կլասիկ գործ է: Կարող ես կարդալ Բրոկկաուզի6 էնցիկլոպեդիայում (հավելվածում) կամ Большая энциклопедия-ում, և, կտեսնես, որ ասված է, թե եվրոպական մուզեյները Կալֆ են որոնում, և որ Ռուսաստանը ունի 2 թե 3 հատ, լավ չեմ հիշում, էրմիտաժում, համարներն էլ նշանակված են էնցիկլոպեդիայում:

Անցյալները մոտիցս տարան ստուգելու: Եկան հայտնեցին, թե իսկական Կալֆ է, և պատերազմից առաջ գինը (Կալֆի) եղած է քսանհինգ հազար ոուբլի ամենաքիչը: Ռուսներ էին: Ես իհարկե շատ քիչ եմ հասկանում, եթե ավելի պակասը չասեմ:

Եթե ձեզ հարկավոր է, և եթե ճիշտ Կալֆ է, եթե էդքան էլ թանկ արժիվճարեցեք մի քսանհինգերորդ մասը գնի, ու տարեք, ձեզ հալալ: Դրանից հետո 3. Ունեմ «Գրաֆիշե Կունստի» և «Մոդեռն Կունստի»7 50 տարին, ամեն մեկից 25 տարի: Էստեղ ստացված են Գերմանիայից կատալոգներ, որոնց մեջ նշանակված է, թե դրանք բարձրացել են 10 անգամ: Մանավանդ նշանավոր է Գրաֆիշե Կունստը: Ես, իհարկե, դարձյալ հմուտ չեմ սրան էլ: Եթե ախորժակ ունեք, էս էլ լավ ապրանք է:

4. Ձեզ համար, իհարկե, ինչպես և գրում ես, շատ լավ ապրանք է իմ մանկական գրականությունը: Կուզեք մի գրքի մեջ միասին հրատարակեցեք, կուզեք առանձին-առանձին, հարկավ պատկերազարդ: Կլիշեներն էլ հազիր կան:

Իհարկե առանձին-առանձինը ավելի լավ է և ձեռնտու երեխաների համար: Ընտրությունը կանենք միասին:

Բայց ասեմ, որ դրանց մասին էստեղ ուզում են խոսք գցեն ամերիկացիների հետ, որ նրանք հանձն առնեն: Էդ հեշտ է:

5. Սրանից պատրաստի ու տպագրված և սպառված նյութերից ավելի ձեզ վայել գործ է, եթե նոր մանկական գրվածքների համար ինձ հետ առուտուր անեիք: Օրինակ. եթե հարմարություն տաք նոր մանկական գրվածքներ տալու մի «Հազարան բլբուլ», իբրև հեքիաթ, երգախառն, որ թերևս ավելի պատանիների համար լինի, էնպես էլ շատ ու շատ և լավ նյութեր ունեմ հավաքած կամ կիսատ-պռատ ընկած:

Մինչև էսօր չեմ կարողացել պարապեմ, մշակեմ՝ քեզ էլ, աշխարհքին էլ շատ հայտնի պատճառներով:

Հիմի էլ եկավ էս հիվանդությունս վրա հասավ. երկու հարյուր միլիոնից8 ավելի պարտք է ծանրանում վրես: Ամիսը քսան միլիոն միայն տոկոս եմ վճարում: Դեռ ողորմի շատերի հորը, որ տոկոս չեն առնում:

Համ էս պարտքերի տակիցը պետք է դուրս գամ, համ ինձ ու երեխաներիս կազդուրեմ, որ կես տարի գիշեր-ցերեկ ոտի վրա անքուն հսկելուց ուժասպառ են եղել, համ էլ պետք է սովորական ծախքերը հոգամ մնացածի: Համ էլ գրեմ:

Եվ ինչ ես կարծում, էս ամենի վրա ծիծաղելով՝ մեմեն գրում եմ, էն էլ էդպես բաներ, ինչ որ ղրկել եմ ձեզ9, իսկ ավելի երկարաշունչ գործերը մնում են մոտս, ինչպես ասի, կիսատ-պռատ:

Անշուշտ մի նոր «Քաջ Նազար» կամ մի նոր «Մի կաթիլ մեղրը» ձեռք բերելը ձեզ համար ավելի թանկ բան պիտի լինի, քան ուրիշ շատ թանկագին պատրաստի բաներ: Սրանց եմ օրինակ բերում, որովհետև իմ կարծիքով սրանք եվրոպական մանկական գրականության մեջ էլ պիտի որ նկատվեն: Համարձակություն ունեմ էսպես ասելու. թող ամբողջ գրական աշխարհքի քննությանը առաջարկվի «Քաջ Նազարը» և Գրիմմի10 «Անվախ դերձակը», որ թարգմանված է ամեն լեզվով և գովված ու հռչակված ամեն լեզվով:

Ես ձեզ էս տեսակ հեքիաթներ կամ այլ մանկական գրվածքներ կարող եմ տալ: Եվ ոչ կզղջաք, ոչ վնաս կանեք:

Սա է ամենից ուղիղ ճանապարհը. ինչ որ ունեի՝ բոլորն ասի: Հիմի դուք գիտեք:

Միայն եթե օգնելու եքայսինքն սրանց դիմաց բան եք տալու՝ շուտ արեք:

Թեև առանց էն էլ ուշ է, որովհետև ոչ ամառանոց կարողացա գնամ էսքան տանջվելուց հետո, ոչ էլ էստեղ կազդուրվել, ոչ էլ երեխաներին հոգալ:

Ասում ես՝ մանկական գրականության սով է:

Ճիշտ ես ասում: Բայց միայն էսօր չի էդ սովը: Էդ սովը միշտ եղել է և էսքան մանուկներ ունեցող էս ժողովուրդը կամ նրա մտավորական ղեկավարները երբեք չհասկացան, թե ինչքան ահռելի աղետ է էդ սովը և ինչ պետք է անեն սրա առաջն առնելու համար:

Եթե ավետարանից խոսենք, ծարավ մանուկներին մի բաժակ ցուրտ ջուր տվողը արքայություն է գնալու, ապա էս դեպքին հարմարացնելով հոգով սոված հայ մանուկներին մի լավ մանկական գրվածք, մի լավ հեքիաթ հոգացող շաշ Նարպողոսն էլ գուցե էսքան մեղքերից հետո՝ արժանանա հայր-Աբրահամի և բոլոր քաչալ ծերունիների հետ միասին բազմելու և հավիտյան տերօղորմյա քաշելու դրախտի խնկի ծառերի տակ:

Մի ժամանակ Հայոց Հրատարակչական Ընկերություն կար: Օրերից մի օր էդ հանգուցյալի քիթն էլ մի էդ տեսակ քամի մտավ, թե մանկական գրականության սով է և էդ սովը պետք է վերացնել: Ինձ առաջարկեցին թարգմանել Գրիմմի բոլոր հեքիաթները: Էջը մի ոսկով (տասն ռուբլի*): Նայեցի Գրիմմի հեքիաթները և հայտնեցի, որ ես միայն մի քանիսը կթարգմանեմ: Նրանք կարծում էին, թե փողը ինձ կարող է հրապուրել և տանել ուր ուզի: Էդպես էլ արի: Մի քանիսը թարգմանեցի, դեռ նրանց մեջ էլմի երկուսի մեջորոշ փոփոխություններ արի ու պատճառաբանած տվի իրենց: Իհարկե տպեցին: Կարծում են թե էն է՝ հենց անունը հեքիաթ է, վերջացավ: Գրիմմի անունն էլ վրեն: Կարծում են հեշտ բան է հեքիաթ մշակելը: Գրիմմները հազիվ մի քանի հեքիաթ ունենան մշակված: Մնացածը ժողովրդական հեքիաթներ են, խառնած, աղավաղած ու փչացրած:

Следующая страница