Թումանյան Հովհաննես՝   Քննադատություն և հրապարակախոսություն, Նամակներ

Մեծ բան է՝ լինել Կովկասի որդեգիրը:

Հազար հազարավոր մեծ մարդիկ են եկել անցել Կովկասից, բայց նրանք բոլորը Կովկասի համար եղել են անցվորներ, ախոյաններ, բարեկամներ կամ հյուրեր, իսկ որդեգիր՝ նա շատ քիչ է ունեցել:

Էդ երջանիկ քչերիցն եղան երկու մեծ ռուս բանաստեղծներըՊուշկին և Լերմոնտով: Արդյոք հարավի ու լեռնաստանի ժառանգական արյո՞ւնն էր, որ խոսեց նրանց մեջ, թե՞ ջինջ ու հստակ մեծություններին ձգտող բանաստեղծի ոգին, ո՞վ գիտի, թերևս և՛ մինը և՛ մյուսը, բայց նրանք Կովկասը սիրեցին, Կովկասը նրանց, ու մեծ Կովկասին մեծ որդեգիրներ եղան հավիտյանս հավիտենից:

Եվ ահա էսօր լրանում է ռուս ժողովրդի մեծ զավակներից մեկի և Կովկասի մեծ որդեգիրներից մեկիԼերմոնտովի ծննդյան հարյուրամյակը1, բայց պատերազմի պատճառով հետաձգվում է էդ պայծառ, էդ ցանկալի տոնը, որ Ռուսաստանի մի ծերից մինչև մյուսը պետք է խնդացներ ու թնդացներ շատ միլիոնավոր սրտեր ազնիվ ու խոր զգացմունքներով առանց ազգի ու ցեղի խտրության:

Հետաձգվում է:

Ամենքս էլ հետաձգում ենք: Բայց բոլորովին լռել չի կարելի: Եվ ինձ էսօր համակում է մի խոր տխրություն:

Ես մտածում եմ. ինչպես էսօր ժամանակը չի, որ Լերմոնտովի ծննդյան հարյուրամյակի տոնը գար, էնպես էլ հարյուր տարի առաջ ժամանակը չէր, որ Լերմոնտովը ծնվեր. բայց ծնվեց. ծնվեց հրեղեն ու վերասլաց մի հոգով, որ դեռ մանկուց չնաշխարհիկն էր որոնում հարյուր տարի առաջ եղած Ռուսաստանի միջավայրում, չինովնիկական մունդիրի մեջ ամուր սեղմված ու չորացած մի կյանքում, ու կատարվեց մեծ դրաման:

Այո՛, դրամաների մեջ ավելի զարհուրելին չկա, քան մեծ հոգիների դրաման:

Լերմոնտովն էլ ունեցավ իր մեծ ընկերիՊուշկինի ճակատագիրը: Մինը եղավ որպես ջինջ երկնակամարի վրա թափառող մենակ մի ամպ:

Последняя туча рассеянной бури!
Одна ты несешься по ясной лазури,
Одна ты наводишь унылую тень,
Одна ты печалишь ликующий день2.

Մյուսը՝ որպես ծովի ընդարձակության վրա, կապույտ մշուշի մեջ հածող մենակ մի նավ:

Белеет парус одинокий
В тумане моря голубом3...

Եվ երկուսն էլ Ռուսաստանի լայնածավալ տափաստանների վրա չհասկացված ու հալածված մենակ հոգիներ...

Բայց ինչո՞ւ էին նրանք հալածված իրենց հայրենիքում: Մի՞թե իրենց հայրենիքը չէին սիրում: Մի՞թե Լերմոնտովը իր հայրենիքը չէր սիրում:

Սիրում էր, այո՛, բայց «տարօրինակ» սիրով, ոչ էն սիրով, ինչ սիրով որ սիրում Էին մնացած շատերը: Եվ ինքն էր խոստովանում հրապարակով, թե՝ ոչ արյունով գնած փառքը, ոչ գոռոզ ինքնավստահությունով լիքը հանգիստը, ոչ խավար անցյալի նվիրական ավանդներըուրախության ոչ մի զգացմունք չեն շարժում իր մեջ: Իսկ էն «տարօրինակ» սերը, որով սիրում էր, և որը չէր մկրտում ոչ մի անունով, սակայն շռայլորեն փռում էր իր երկերում ու երգերում, ոչ հասկացող կար, ոչ գնահատող: Կյանքի ասպարեզը բռնած էին կամ ոչնչությունները և կամ նրանք, որոնց մասին ասում է՝ «իրենց սրիկայի սիրտը ծածկած էին մունդիրով»: Հասկացող, գնահատող հասարակություն չկար, և «տարօրինակին» հազարավոր աչքերով հետապնդում, հազարավոր ձեռքերով մերժում, քշում էին իրենց շրջանից: Մի շրջան, որից Պուշկինն ուզում էր մինչև Չինաստան մին փախչի, որից զզված Գրիբոյեդովը Պարսկաստան ընկավ...

Էս ամենի վրա ավելացավ և էն ամենամեծ վիշտը, որ Լերմոնտովը ունեցավ իր կյանքում: Նա պաշտում էր Պուշկինին, և տեսավ Պուշկինին... բամբասված ու գնդակահար: Որոտաց մի հրաթափ, մի անուն զայրույթով, որի անունն է «На смерть Пушкина»4, ամբողջ Ռուսաստանի երեսին նախատինքի ու դատապարտության էն տեսակ խոսքեր շպրտեց, որ մինչև էդ օրը Ռուսաստանը դեռ չէր լսել, ու սրանով ամեն բան լրացավ:

Պետք է հեռանար:

Հեռացավ՝ մնաս բարով ասելով «տերերի ու ստրուկների Ռուսաստանին, կապույտ մունդիրներին ու նրանց նվիրված ժողովրդին: Գուցե, ասավ, էնտեղ, Կովկասի սարերի ետևը կարողանամ ծածկվել քո (ժողովրդի) ղեկավարների ամենատես աչքերից ու ամենալուր ականջներից»5:

Էսպես ժամանակը, երբ իրեն շրջապատող ամեն բան ընկած է մարդու աչքից ու սրտից, հիսաթափված մարդը կյանքի մեջ մի նեցուկ, մի ապավեն է որոնում ու նրան է փարում, նրան է փաթաթվում իր բոլոր հույսերով ու սիրով: Կովկասը էդ ապավենն ու մխիթարանքը եղավ Պուշկինի ու Լերմոնտովի համար: Եվ երբ նրանք իրենց ժամանակի ռուսական կյանքի ու իրենց հիասթափության անապատից քշված, հալածված դիմում էին դեպի հարավ՝ նրանց խոցված ու գազազած սրտերին հեռվից ամպերի միջից առողջ ու պայծառ ժպտացին Կովկասի ձյունափառ գագաթները՝ հոյակապ ցնորքների նման, նրանք էլ իրենց հոգու ամբողջ ուժով ու աշխուժով փաթաթվեցին Կովկասին, որդեգրվեցին Կովկասին ու ախպերացան մեզկովկասցիներիս:

Եվ երբ կգա Լերմոնտովի հարյուրամյակի կատարման օրը, մենք, կովկասցիներս, կտոնենք՝ ոչ միայն որպես մի մեծ ռուս բանաստեղծի տոն, որին, ինչպես և առհասարակ ռուս գրականությանը, շատ բան ենք պարտական, այլև որպես մի բանաստեղծի, որ հոգով հարազատ է մեզ, որ մեր ընդհանուր մորԿովկասի աննման որդեգիրն է, որ դեռ մանուկ օրից երկինքն ու Կովկասի կապույտ սարերը միասին է երազել:

«ՍՐԱՆՈՎ ԿՀԱՂԹԵՍ»

Սրանից ուղիղ մի դար առաջ էր, որ Ռուսաստանն ու Անգլիան հազիվ կարողացան հաղթահարել ու զսպել մի Նապոլեոնի, որ ֆրանսիական ազգը ռազմական փառքի ու աշխարհակալության տենչով հարբեցրել, վեր էր կացրել ու ետևից քարշ էր տալիս եգիպտական ավազներից սկսած մինչև ռուսական ձյունապատ դաշտերը՝ զանազան ժողովուրդների հողերի վրա ավերելու, տիրելու, կարգադրելու, ինչպես իր քեֆը կուզեր:

Ուղիղ մի դարից հետո, էսօր էլ դարձյալ Ռուսաստանին ու Անգլիային է վիճակված, այժմ էլ ուրիշ դաշնակիցներով, մի գերմանական Վիլհելմի և ինքնամոլությունից հարբած ու Կրուպպի գործարանների ծխից կուրացած Գերմանիայի խելագար թափը խորտակելու, որ «Դեյչլանդ, Դեյչլանդ, յուբեր ալլես»1 (Գերմանիա, Գերմանիա, ամեն բանից վեր) մռմռալով ու մռնչալով վեր է կացել աջ ու ձախ ոտի տակ տալու: Եվ անմեղ, խաղաղ ու բարեկեցիկ Բելգիայի բնակիչներն արդեն դարձել են Մուշի հայ գաղթականներ, իսկ Լոնդոնում լույսերը հանգցնում են գիշերները, որ երկնքից ռումբեր չթափեն իրենց գլխին:

Եվ այժմ ամեն մարդ զբաղված է մի հարցով, թե ո՞ր կողմն է հաղթելու և ի՞նչով է հաղթելու: Արդյոք զորքերի քանակությա՞մբ, լավ զենքերով ու մեծ թնդանոթներո՞վ, թե նյութական մեծ կարողությունով:

Իհարկե, սրանք ամենքն էլ մեծ բան են. սակայն մենք լսել, նույնիսկ տեսել ենք, որ մեծ զորքերն էլ իրենց կատարելագործված զենքերով խուսափել են պատերազմի դաշտերից, իրենց հարստությունն էլ թողել են թշնամուն: Միմիայն մի ուժ կա, որ չենք լսել, թե հեշտությամբ խորտակված լինի երբևիցե, մի ուժ կա, որ փոքրին էլ դարձնում է մեծ, տկարին դարձնում է հզոր և հաղթություններ է ապահովում ու սխրալի գործեր: Դա ժողովուրդների ոգևորությունն է:

Ժողովուրդների ոգևորությունը վճռական դեր է կատարում և ներկա մեծ պատերազմում:

Էսօրվան կուլտուրական ժողովուրդները, ինչքան էլ հարկադրված լինեն պատերազմի գնալու, այնուամենայնիվ պատերազմը չեն սիրում: Էդ լավ գիտեն կառավարությունները, որոնցից ամեն մինը, վերջին ժամանակներս պատերազմներում, աշխատում է աշխարհի առաջ արդարանալ, թե ինքը չի պատերազմի պատճառն ու սկսողը: Սակայն հեշտ բան չի աշխարհքին խաբելը, — մանավանդ քառասուն տարվան ամեն տեսակի պատրաստություններն ու ազգերի դեմ սարքած դավադրությունները հրապարակ ելնելուց հետո, և ահա ժողովուրդները կատաղորեն ծառացած են Գերմանիայի դեմ, որպես պատերազմի սկզբնապատճառի ու ազգերի խաղաղության դավադիրի դեմ: Առանց դիրքի ու դասակարգի խտրության, առանց համոզմունքի ու դավանանքի խտրության, գրեթե ամենքը Գերմանիայի հակառակորդների հետ են և ոգևորվում են նրանց հաղթանակով: Պատերազմի բնավորությունն էնպես է, որ ամեն մեկին թվում է, թե ի դեմս Ռուսաստանի, Անգլիայի ու Ֆրանսիայի Տոլստոյը, Գլադստոնն ու Ժորեսն են դուրս եկել կռվի (թեկուզ Բելգիան էլ թողնենք իր Մետերլինկով), մյուս կողմից Բիսմարկն ու Մետերլինկը, իսկ նրանց ետևից էլ Աբդուլ Համիդի դաժան դեմքն է երևում ստվերում:

Սրա համար էլ մի կողմից ժողովուրդների բուռն սերն ու ոգևորությունն է գալիս օվկիանոսի հորձանքի նման, մյուս կողմից թշնամու ատելությունն ու գազանական կատաղությունը, որ արտահայտվում է անլուր ոճիրներով ու բարբարոսական ավերածություններով:

Սրանից հետո որքան էլ ահռելի լինի Գերմանիան իր քառասուն տարվա պատրաստություններով՝ իր զինակիցներով հանդերձ խորտակվելու է Եռյակ համաձայնության առջև, որովհետև սրանք վեր են կացել ժողովուրդների թե նյութական, թե բարոյական գերագույն շահերի անունով և որովհետև սրանց հետ է աշխարհի ամենամեծ ուժըժողովուրդների սերն ու ոգևորությունը:

Սրանով կհաղթեն:

Պատմությունն ասում է՝ քրիստոնեության արշալույսին, հեթանոս Կոստանդին մեծ կայսրը մի պատերազմի ժամանակ տեսավ՝ երկնքում փայլատակեց քրիստոնեության խաչը՝ վրեն գրած` «Սրանով կհաղթես»: Հավատաց, ընդունեց, նրանով ոգևորված առաջ վարեց իր գունդերն ու հաղթանակը տարավ: Եվ նրանից հետո երկար դարեր էդ նշանով էին ոգևորվում ու կռվում ազգերըքրիստոնյաները Քրիստոսի խաչի ետևից, ինչպես նրանցից հետո մահմեդականներն էլ Մահմեդի աջի ետևից:

Միջին դարերի հետ անցկացավ և կրոնամոլության շրջանը: Եկավ նոր ժամանակ, աբսոլյուտիզմի, միահեծան իշխանության արշալույսը. սրա թարգմանն էլ հանդիսացավ մի ուրիշ թագավոր` Լյուդովիկոս մեծը2. «Պետությունըես եմ»: Ազգերին տրվեց նոր նշանաբան, թե ամեն բան աստծուց սահմանած թագավորն է, և նրանից հետո էլ երկար ժամանակ էդ անունով էին ոգևորվում ու կռվում ազգերը:

Այժմ մենք մտնում ենք մի նոր դարաշրջան, նոր արշալույս ենք ողջունում, հետզհետե իրար հետևից լսվում ու ավելի բարձր են հնչում ժողովուրդների ձայները...

Այժմ առանց սրան. անկարելի է ի մի բերել ժողովուրդներն ու ոգևորել, մի առողջ ամբողջություն, մի անխորտակելի ուժ կազմակերպել և թե արտաքին հաղթանակն ապահովել, թե ներքին խաղաղությունը: Ներկա մեծ պատերազմում էս նոր խաչն են իրենց նշանաբան առել Ռուսաստանը, Անգլիան ու Ֆրանսիան: Սրանով էլ ուժեղ կլինեն ու կհաղթեն անկասկած: Եվ սա է էն ճանապարհը, որ տանում է դեպի հետևյալ սրբազան արշալույսը, դեպի ազգերի ու ժողովուրդների խաղաղ եղբայրությունը:

1915

ՄԵՐ ՍՐԲԱԶԱՆ ՀՈՎԻՏՆԵՐԸ

Թեև դեռ շարունակվում է պատերազմը, բայց Ալաշկերտի հայ ժողովուրդը, որ հեռացել էր ռուսաց զորքի նահանջի ժամանակ, նորից ռուսաց զորքի հետ վերադառնում է իր տեղըԵփրատի հովիտը:

Էսպես է եղել ռուս-տաճկական և ռուս-պարսկական բոլոր պատերազմների ժամանակ: Հայ ժողովուրդը միշտ ետ ու առաջ է խաղացել ռուս զորքի հետ միասին, ինչպես և պարսիկ, քուրդ ու թուրք ժողովուրդը պարսիկ ու թուրք զորքի հետ միասին: Քանի ռուս զորքը հաջողություն է ունեցել ու առաջ է անցել, էնքան էլ ետ է գնացել պարսիկ, քուրդ ու թուրք տարրը Հայաստանի հողի վրա և տեղի է տվել հայ ժողովրդին: Սա մի հանգամանք է, որ պետք է լավ իմանանք միանգամ ընդմիշտ:

Էսպեսով է կարողացել և էսօր էլ էսպեսով է կարողանում մեր ջախջախված, ցաք ու ցրիվ եղած ժողովուրդը հանգիստ նստելու տեղ գտնի իր հայրենիքում: Էսպեսով էր, որ Արարատյան դաշտում, Արաքսի հովտում, որ ռուսներից առաջ գրեթե ամբողջովին պարսկաբնակ էր, առաջ եկավ, ստեղծվեց և էսօր նստած է մի հոծ հայ զանգված:

Նույնը պետք է լինի և Եփրատի կամ Ալաշկերտի հովիտում: Էդ երկու հովիտները, Արաքսի ու Եփրատի հովիտները, մեր սրբազան հովիտներն են:

Մեկը մեր Մայր Գետն է, մյուսը մեր Սրբազան Գետը: Մեկի հովիտում մեր անցյալ քաղաքական կյանքն է զարգացել ու անցել, մյուսի հովիտում մեր հին ու նոր կրոններն են ծաղկել, մեր ազգային սրբությունները, մեր ազգային դպրությունգրականությունը:

Էջմիածնից թերևս ավելի հեշտ լինի դուրս անել հայ Ժողովրդին, քան թե Արաքսի ու Եփրատի հովիտներից:

Ահա էսօր էլ մեր աչքի առջև՝ տեսնում ենք, թե ինչպես մերթ ռուս զորքի հետ հայն է առաջ շարժվում ու լցվում Արևելյան Եփրատի կամ Արածանու հովիտը, Ալաշկերտի շրջանը, մերթ թուրքն ու քուրդն են լցվում թուրք զորքի հետ միասին: Եվ հենց էս րոպեին, երբ գրում եմ էս տողերը, թուրք բանակն ու քրդական ալայները, որ մի քանի օր առաջ գազանաբար հոշոտեցին Զեթկանի, Մոլլա Սուլեյմանի, Խաստուրի և այլ գյուղերի իրենց ձեռքն անցած հայ ժողովրդին, ռուս զորքի առջև նորից ետ քաշված` երախներն արյունոտ, Ղլիջ-Գյադուկի բարձրությունները բռնած, նորից հառել են իրենց արյունակալած աչքերը ներքև, Եփրատի հովիտի վրա: Էն հովիտի վրա, ուր հեթանոս հայը Վարդավառ ու Ծաղկազարդ պաշտել է իր Անահիտն ու Աստղիկը, իր Արամազդն ու Վահագնը. էն հովիտի վրա, ուր հայ ժողովուրդը իր Մեծ Տրդատի հետ միասին մկրտվել է Արածանու սուրբ ջրերում, քրիստոնեություն է ընդունել, ու իր մկրտության տեղը տաճար է կանգնել, ճակատին դրոշմել. — Ով կընկնի էս վեմի վրա՝ կջախջախվի, իսկ ում վրա սա կընկնի՝ կհոսի ջրի պես: Էն հովիտի վրա, ուր հայ ժողովուրդը դարերով ճակատ-ճակատի է զարկել հին Պարսկաստանի ու Արևելքի բոլոր աշխարհակալների հետ: Էն հովիտի վրա, ուր փռված է Ձիրավի դաշտը, որի վրա էնքան ու էնքան հաղթանակներով խոյացել են Արշակունիները, Բագրատունիները, Մամիկոնյաններն ու Արծրունիները: Էն հովիտի վրա, որին շրջապատել են Ծաղկանց լեռները, Բարթողի շղթան, Նպատն ու Սուկավետը, որի վրա, իր ալևոր գլուխը մինչև երկինք բարձրացած՝ հսկում է Ազատ Մասիսը:

Էն հովիտը շարունակ լցվել է հայի արյունով ու արտասուքով, ավերակով ու դիակով: 1878 թվին էլ եղած հոծ հայությունը դուրս եկավ, գաղթեց ռուս զորքի հետ և միայն մի մասը նորից ետ դարձավ: Էդ մի մասն էլ էսօր է հոշոտվում, դիակները դեռ չեն թաղված, կենդանի մնացածների գլխին էլ դեռ ոռնում են Ղլիջ-Գյադուկից քուրդն ու իր գնդակը, բայց դարձյալ դեպի էն հովիտը... Անդիմադրելի դեպի էն հովիտն են ձգտում մեր սրտերը, մեր մտքերը, մեր հոգիները: Էնտեղ են մեզ համար էն ամենը, ինչ որ մի ժողովրդի դարձնում են մեծ ու գեղեցիկ, էն ամենը, ինչ որ մի ժողովրդի կյանք ու ոգի են տալիս: Դեպի մայր Արաքսի ու Եփրատի հովիտները:

ԴԵՊԻ ՄԵԾ ԿՅԱՆՔԸ

(Հայ օպտիմիստի խորհրդածություններիցմեծ պատերազմի ու հայկական խնդրի առիթով)

«Բնությունը կենդանի է ստեղծել, — մարդը հառաջադիմության արդյունք է»:

Էսպես են որոշել մարդկային իմաստությունն ու գիտությունը:

Հիրավի, երբ խորաթափանց հայացքով նայում եք դեպի ետ՝ անցած հեռավոր ժամանակների աղջամուղջում ձեր աչքին մռայլ պատկերանում է մարդակեր մարդը, ապա երբ նորից դառնում եք դեպի ձեր չորս կողմը՝ տեսնում եք, որ մարդը էսօր ոչ թե մարդակեր չի, այլև մարդասպանությունն էլ նրա կյանքում արդեն համարվում է մի դժբախտ դեպք, որի վերացման համար նա մեծ մտահոգություն ունի՝ բարոյական պատվերներով, պետական օրենքներով, գեղարվեստական և ուրիշ հազար ու մի արտահայտություններով:

Դեռ սրանից էլ ավելին: Տեսնում եք՝ նրա մեջ արմատանում, զարգանում ու ծավալ է առնում ալտրուիզմիայլասիրության լայն զգացմունքը, որ առաջնորդում է դեպի հանրամարդկային եղբայրությունը:

Եվ դեռ սրանից էլ դենը: Նրա մեջ հետզհետե որոշվում, շեշտվում ու հաստատվում է կենդանասիրության խոր ու վսեմ զգացմունքը, որ տանում է դեպի տիեզերական մեծ կյանքը:

Եվ, անշուշտ, ուրախությունով պետք է նկատեինք էս հառաջադիմությունը, եթե մեր հեռավոր գեղեցիկ երազները չլինեին ու մեր ազնիվ անհամբերությունը:

Այո՛, մենք շատ ենք հեռու էն լավ մարդուց ու լավ կյանքից, որ երազում են լավագույն երազողները, բայց ակներև հառաջադիմությունը դեպի նրանց է տանում:

Էսպիսով առաջադիմությունը, ամենակողմանի կերպով առած, մի աստվածային աշխատանք է, որ կատարում են ընտիր անհատներն ու ազգերը, լավ մարդն ու լավ կյանքը ստեղծելու համար: Եվ անհատը կամ ազգը ինչքան ազնիվ է՝ էնքան էլ շատ է նախանձախնդիր հառաջադիմության ճանապարհը շուտով բռնելու և էնքան էլ ուժեղ թափով ու սրտով է շարժվում էդ աստվածային գործը կատարելու:

Սակայն ամեն հառաջադիմություն պայմանավորվում է ինքնուրույն քայլեր անելու, ունեցած լավագույն ձիրքերը մշակելու և լավագույն զգացմունքները զարգացնելու ազատության պայմանով: Մի ժողովուրդ, որ կլանված լինի իր գլխապահության հասարակ խնդրով, ինչպես մեր ժողովուրդն է եղել կլանված ասիական բռնակալությունների տակ «կյանքի, գույքի ու պատվի» մշտական բռնաբարումի խնդրով, էլ նա ի՞նչպես կարող է մասնակից լինել մարդկության ընդհանուր հառաջադիմության գործին: Մեր կյանքը դժոխք են դարձրել նրանք, մեզ համար մարդուն անվայել ստոր վիճակ են ստեղծել ու ստոր խնդիրներ, մեր ուշքն ու միտքն էլ հետը ցած տարել: Դառնացրել են մեր հոգին, նրա մեջ զարգացրել են վրեժի ու թշնամության զգացմունքները, ստիպել են երգել «Արյան երգեր», և մեր լավագույն մարդիկն էլ չեն կարողացել դուրս գան մեր իրականության անձուկ ու արյունոտ շրջանակից, հեռու նայեն ու մասնակից լինեն համաշխարհային մեծ խնդիրների մշակումին՝ գրական լինի, գիտական, թե հասարակական:

Այժմ համաշխարհային մեծ ցնցումով՝ շատ ու շատ բան է հեղաշրջվում ազգերի հոգում ու կյանքում. չտեսնված մեծ պատերազմը խոստանում է չտեսնված մեծ էլ բարեփոխություններ: Մեծ պետությունները իրենց սրերը մերկացրել են նաև հանուն ճնշված ազգերի ազատության: Սրանով նրանք գալիս են վերացնելու էն անվերջ ու արդար խռովությունը, որ հարուցանում են հալածված ազգերը իրենց վիճակի հանգամանքով և էսպեսով էլ խռովարարների փոխարեն նրանք, մեծ պետությունները ստեղծում են իրենց համար բարեկամներ ու գործակիցներ խաղաղ առաջադիմության ասպարեզում:

Մենք՝ հայերս էլ էդ փոքր ազգերից մինն ենք: Տաճկական բռնակալության անկումով ու հայկական հարցի բարեհաջող լուծումով մեր առջև էլ նոր հորիզոններ են բացվում: Հնարավորություն ենք ստանում ապրելու շատ ավելի գեղեցիկ ու խոր զգացմունքներով, զբաղվելու մեծ խնդիրներով, մտնելու հառաջադեմ ազգերի եղբայրության մեջ ու նրանց հետ միասին երազելու կյանքի վսեմ երազները, նրանց հետ միասին մասնակից լինելու համամարդկային մեծ խնդիրների մշակույթի ազնիվ գործին ու նրանց հետ միասին գնալու դեպի մեծ կյանքը:

Եվ մեր բախտավորությունն այն է, որ մենք միանգամայն ընդունակ ենք սրան, ու էստեղ է, որ կարող ենք ասել՝ փոքր ժողովուրդ չենք մենք:

Եվ սրանով է թանկ մեր հարցը, սրանով է իմաստալի մեր կռիվը, սրա մեջ է մեր իրավունքի ամբողջ վսեմությունը:

ՀԱՆԳԻՍՏ ՈԻ ԼԻՔԸ ՀԱՎԱՏՈՎ

Քյուրդ-տաճկական սրածությունն ու ավերածությունն ամայացնում է տաճկական Հայաստանը: Մինչև ուր հասնում է իրենց միշտ արյունոտ ու հավիտյան նզովված ձեռքը՝ համատարած կոտորածով ճգնում են բնաջինջ անեն մեր հին ու ազնիվ ցեղը, մեր շատ տառապած ու ծվատված ցեղը, և կոտորածից ազատվածները քյուրդ-տաճկական սահմաններից հարյուր հազարներով հոսանք են առել դեպի մեզ, դեպի ռուսական Հայաստան:

Մեծ է փորձությունը ու աղետն ահռելի:

Բայց մենք երեկ մեկել օրվա ժողովուրդը չենք, առաջին անգամը չենք տեսնում էդ տեսակ աղետ և՝ ինչ որ տեսնում ենք՝ անօրինակ չի մեզ համար:

Սրանից շատ ավելի մեծ աղետներ ենք տեսել, շատ ավելի մեծ տարածությունների վրա, շատ ավելի երկար ժամանակներով, շատ ավելի ծանր կորուստներով, փախչողն ու գաղթողն էլ չի իմացել թե ո՞ւր ապաստանի, ու ոչ մի տեղից էլ ոչ մի օգնություն կամ օգնության հույս չենք ունեցել: Բայց այսուամենայնիվ անց ենք կացրել էս ամենը:

Էսօր շատ ավելի բարեհաջող են պայմանները: Էսօր մենք մարտնչում ենք մեր թշնամիների դեմ, մեր գաղթականն ապավեն ունի ռուսական Հայաստանում, իր եղբայրների մոտ, և սովածը այլևս իր տրեխը չի ուտում կամ իր հարազատին, էսօր մեզ հետ է ռուսական մեծ բանակն ու բովանդակ Ռուսաստանը, նրա միջոցով էլ աշխարհքի մեծագույն պետություններն ու լուսավոր ազգերը, և՝ համաշխարհային թոհուբոհի մեջ՝ մեր վիճակի մասին խոսք են հանում Ռուսաստանից մինչև Ամերիկա, վերջապես էն հաստատ հավատն էլ ունենք, որ ինչքան էլ կատաղի լինի թշնամու վայրագությունըվերջինն է լինելու:

Էս ամենը լավ պետք է իմանա ամեն մի հայ ու միշտ հիշե, ոչ ոք հուսահատի ու վհատի խոսքեր չպետք է անի, որ հատուկ է ձախորդ վայրկենին, փորձությունը, ինչքան էլ մեծ լինի, պետք է տանենք արիությամբ ու վեր կենանք միասին, միահամուռ ուժերով դիմագրավելու մեր վատթար թշնամիներին և դարման տանենք ընդհանուր ազգային աղետին հանգիստ ու լիքը՝ մոտիկ լավագույն ապագայի անսասան հավատով:

ՔՈԻՉԱԿ ՆԱՀԱՊԵՏԻ ԵՎ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՌՈՒՍԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ

«Русская мысль» ամսագրի սեպտեմբերի №-ում տպված են մեր Քուչակ Նահապետի և Սայաթ-Նովայի երգերից մի քանիսի թարգմանությունները, որ կատարել է ռուսաց նշանավոր բանաստեղծ Վ < ալերի > Բրյուսովը: Հարգելի թարգմանիչը իր թարգմանություններին կցել է մի հառաջաբան, որի մեջ մեծ սիրով ու հարգանքով է խոսում հայ ազգի և նրա հին գրականության վրա:

Ասում է` «Ժամանակակից պատերազմը նորից հերթի հանեց էն ժողովրդի վիճակի հարցը, որ գրեթե երկու հազար տարի «Եվրոպայի առաջապահն է եղել Ասիայում»: Իհարկե, ոչ ոք չի երկբայում, որ հայերը արժանի են կարեկցության էն անպատմելի տանջանքների համար, որ արդեն մի քանի դար է քաշում են թուրքական լծի տակ: Բայց հայ ազգը ուշադրության առնվելու բարձրագույն իրավունքն ունի, և դա բարձրկուլտուրական ժողովրդի իրավունքն է՝ խոսքի ամենալավ իմաստով:

Հայոց գրականությունը, որ իր գոյությունը հազար հինգ հարյուր տարու է հասցնում՝ սրա ամենալավ ապացույցն է: Հայոց բանաստեղծությունը, Ֆետի խոսքով ասենք, հայ ժողովրդի «ազնվականության վկայականն է»2...

Ապա թե կանգ առնելով մեր երկու հին բանաստեղծների՝ Քուչակ Նահապետի ու Սայաթ-Նովայի վրա, որոնց երգերից թարգմանություններ է տալիս, շեշտում է, թե՝ հենց միայն էս երկուսը հերիք են, որ նրանց ծնող հայ ժողովուրդը միանգամ ընդմիշտ մտնի էն կուլտուրական ժողովուրդների շարքը, որոնք միասնաբար մասնակից են մարդկության ստեղծագործությանը, և հարակցում է, թե ինչ առանձին խնամքով է վերաբերվել նրանց երգերի թարգմանությանը: Դժբախտաբար էս պատկառանքով լիքն զգացմունքի ու վերաբերմունքի հանդեպ խոչընդոտներ կան, որ մեծ չափով ի դերև են դարձնելու ամեն ջանք ու աշխատանք: Դրա համար էլ ուզում եմ իմ մի քանի դիտողություններն առաջարկել ազնիվ թարգմանչին ու իր աջակիցներին՝ թե Քուչակի և, թե Սայաթ-Նովայի երգերի բնագիրների տպագրական և բացատրական ինչ-ինչ սխալների ու մութ տեղերի վրա և նախազգուշացնել, քանի դեռ գործի սկիզբն է: Գուցե թե ավելի զգուշավոր վերաբերմունքով ավելի շատ կարողանան խուսափել ակամա սխալներից:

Սկսենք տպագրած թարգմանական կտորներից:

Իմ կարծիքով սխալ է թարգմանված Քուչակ Նահապետի հետևյալ քառյակը».

«Իմ եար բարձրագնայ լուսին, յո՞ւր կ,երթաս գիշերդ անհուն.
Շատ յերդիք ,ի վար հայիս, կու տեսնես շատ կիւզէլ ,ի քուն,
Եւ զկոճկիկս ալ արձակ արեր, լոյս դիպեր ,ի մէջ ծըծերուն,
Շառաւիղ յերկինս տուեր, խաւարեր լոյսն աստղերուն»:

(Քուչակ Նահապետ, էջ 49)3:

Թարգմանած է.

Скажи, мой милый месяц, мне: куда спешишь, дробясь в волне?
Сквозь окна много милых дев ты видишь, дремлющих во сне:
Оне, полураздеты, спят; ты их ласкаешь в тишине,
И после, в небе покраснев, ты звезды гасишь в вышине.

(Русск. Мысль, стр. 3).

Ռուսերեն թարգմանության մեջ լուսինն է շառագունում ու աստղերը մարում, այնինչ հայերենի մեջ ծըծերի շառավիղն է երկինք տալիս ու աստղերի լույսը խավարեցնում:

Նույնպես սխալ է թարգմանած «Կռունկի» էն տողը, որ ասում է.

«Զարկած է զիս շամփուրն, բռնած կրակին».
«Вертель бьет меня, на огне согрет».

Հայերենի պարզ միտքն էն է, թե ինձ շամփուրն են անցկացրել ու բռնել կրակին, ոչ թե տաքացրած շամփուրը ծեծում է ինձ:

Սայաթ-Նովայի

«Մեչկըդ սալբու չինարի պես...»4

Թարգմանած է.

«Твой станчинарный кипарис»...

Ճիշտ է, սալբուն կիպարիսն է (նոճին), և էդպես էլ բացատրել է հանգուցյալ Ախվերդյանը, բայց սալբու փոխաբերաբար կնշանակի բարեկազմ, վայելչահասակ, ուղղաձիգ, стройный:

«Կրակե ծովեմեն դուս էկած՝ ռաշ, ջեյիրան իս ինձ ամա»5:

Թարգմանած է.

«О, дочь огня! крылатый конь, степная лань ты для меня».

Մինչդեռ Սայաթ-Նովեն ակնարկում է կովկասյան առասպելների, հեքիաթների հրեղեն ծովից դուրս եկած հրեղեն ձին ու հրեղեն ջեյրանը:

«Շուխկըդ աշխարըս բռնիլ է՝ արեգակի դեմըն փար իս»...6

Թարգմանած է.

«Ты блеском озаряешь мир, ты солнцущит средь синевы

Ախվերդյանն էլ է բացատրության մեջը փարնշանակել վահան, բայց փար իսկապես կնշանակե լույս, փարեղենլուսեղեն, սրանից էլ փարի, փերի: Ինչպես մի ուրիշ տեղ էլ գործ է ածում Սայաթ-Նովեն ավելի պարզ.

«Արեգագի նըման՝ փարա իս, գոզալ» (էջ 88)7

Եվ Ախվերդյանն էլ, թեև ասում է բառի միտքը չի իմացվում, այսուամենայնիվ նշանակում է, թե՝ պարսկերեն փեր, փերթեվ նշանակում է լույս, ճառագայթ: Էսպեսով էլ Սայաթ-Նովայի միտքն էն չի, թե արեգակի դեմը վահան է իր սիրուհին կամ արեգակի վահան, այլ թե՝ արեգակի դեմը նույնիսկ՝ լուսավոր ու լուսեղեն է, իբրե մի այլ արեգակ:

«Հենց իմացի՛, յա՛ր, քու ղուլն իմ, թանգ հախով գընած չըրաղ իմ»8:

Թարգմանած է.

«Причти меня к своим рабам, верь, что твоя лампада я»...

Էստեղ չըրաղը лампада չի և բնավ ճրագի նշանակություն չունի: Ախվերդյանը, ճշմարիտ է, բացատրությունների մեջ դրել է ճրագ, բայց նշանակել է և բառի երկրորդ նշանակությունը, թե՝ մեկի չրաղը էն մարդն է, որին նա նվաստ վիճակից առաջ է քաշում, պահպանում ու մարդ շինում: Սայաթ-Նովեն էլ իր յարին ասում է՝ հաշվի՛ր, թե դու ես ինձ մարդ շինել, թե ոչնչութունից՝ քո ստեղծած մարդն եմ ես ու «թող դըրանըտ նընգած ըլիմ»...9:

Էս տեսակ սխալների մեջ կարող են ընկնել տեղ-տեղ նաև մեր բանաստեղծների մյուս երգերը թարգմանելիս, եթե թարգմանեն էնպես, ինչպես տպագրված ու մեկնաբանած են թե Քուչակը, թե Սայաթ-Նովեն, թեպետ և երկու գիրքն էլ շատ բարեխիղճ ու հմուտ մարդկանց ձեռքով են անցել:

Օրինակ.

Քուչակի մեջ 66 երեսում ասված է.

«Ով իմ եարիս պագ առնու, նա պակսի՛ աղջկանցն ի լուսոյն»:

Ես կարծում եմ, պետք է լինի.

«...աչացն ի լուսոյն»:

68 երեսում ասում է.

«Երթամ չի կենամ ի հոս, ուր երթամ հոն ալ չի կենամ.
Երթամ քանց Հռոմն ի վար վտարիմ, այլ իսկի չի գամ.
Թէ գան ու զիմ տեղն ասեն, նա հեռու եմ, այլ հեռանամ:
Թէ գան ու զիմ տեղն ասեն, նա զընճիլն եմ, կտրեմ ու գամ»:

Ես կարծում եմ պետք է լինի.

«Թե գան ու քո տեղն ասեն, նա զնճիլն իմ, կտրեմ ու գամ»:

Սայաթ-Նովայի 59 երեսում ասված է.

Իմ հուքմի հեքիմըն դուն իս, ես էլ ուրիշ Շահ չիմ ասի:

Շահը դրված է թագավորի իմաստով, էնպես էլ հասկանում են: Պետք է լինի փոքրատառով շահ, որ կնշանակի օգուտ, օգնության, դեղ, ճար10:

64 երեսում ասում է.

Չ՛իմանա քալագըն, չիմանա ղալըն:

Քալագն ու ղալըն նշանակված են իբրև մութը բառեր. մինչդեռ քալագըն Թիֆլիսի քաղաքն է նշանակում, ղալընբերդը:

74 երեսում խար, բացատրած է փուշ: Խար, որ շատ հաճախ գործ է ածվում Սայաթ-Նովայի երգերի մեջ, էն բողոճն է, որ ուտում ու փչացնում է վարդը:

81 երեսում ասում է.

«Էրած, խորված ման իմ գալի, մե տիղ չը կա մար ունենամ».

Եվ մար նշանակած է իբրե մութն ու անհայտ բառ. մինչդեռ հասարակ գրչի սխալ է, և պետք է լինի.

...մե տիղ չըկա մարդ ունենամ»11...

108 երեսում ասում է.

«Թե վուր քաղաք տիղ հանդիբիս` կու քանդիս, — վար չիս անի»:

Պետք է լինի վառ12 չիս անի, այսինքն չես շենացնիլ, չես պայծառացնիլ: Իր սիրուհու անգթությունն է ակնարկում:

Սայաթ-Նովայի հայերեն երգերը գրած են վրացական տառերով, իսկ վրացական տառերի մեջ ռ տառը չկա, և ամեն տեղ ռ-ի տեղ գործ է ածած ր: Հանգ<ուցյալ> Ախվերդյանը որտեղ րռ է կարծել, փոխել է գրել ռ, որտեղ չէ՝ թողել է ր: Եվ հենց դրանից է առաջացել վերևը բերած վար չիս անիսխալը, որի դեմը գրել է՝ շինել և տարակուսանքով հարցական է դրել: Իսկ մի ուրիշ տեղ, 142 երեսում գրել է.

«Սայաթ-Նովու բաղըն դուն իս, —
Կարոտ իմ, բառ իմ ասում»:

Բարը շինել է բառ, մինչդեռ հենց էստեղ պետք է մնար բար, որ պտուղ, բերք կնշանակի: Իր բաղից պտուղ է ուզում:

Կարծում եմ նույնպես սխալ է բացատրած հետևյալ տողը և վտանգավոր է թարգմանության համար:

«Սայաթ-Նովեն ասաց՝ դարդըս քանց մե ճարըն շատացիլ է...»13:

Բացատրած է վրաց այբուբենի ճարճ տառով, որ կնշանակի հինգ հազար, իբր թե՝ դարդս քանց հինգ հազարն՝ շատացել է: Մինչդեռ ճարը՝ դեղ կնշանակի, և ասում է՝ դարդս էնքան շատացել է, որ էլ ոչ մի դեղ չկա, շատացել է՝ ամեն մի ճարից վեր:

Իհարկե՝ սրանք իմ կարծիքն ու բացատրությունն են և կարող են նույնպես սխալ դուրս գալ, սակայն եթե ոչ բոլորը՝ գոնե էս կամ <էն> նկատողությունը կարող են ճշմարիտ լինել և դարձյալ ես հասած կլինեմ իմ առաջադրած նպատակին, որ էթե Քուչակ Նահապետի, թե Սայաթ-Նովայի և թե նրանց նմանների գործերի բառացի թարգմանությունը ռուս բանաստեղծներին տալիս՝ տալ շատ զգուշավոր ու ստուգված, քանի որ հարգելի թարգմանիչները իսկի ժամանակակից հայերեն լեզուն չգիտեն, ուր մնաց նրա միջնադարյան բարբառները և կամ գրաբարը: Եվ մանավանդ, որ էսքան մեծ արժեք ու նշանակություն ունին էդ երկերը թե մեզ համար, թե օտարների աչքում, և գործի գլուխ էլ կանգնած է հայտնի գործիչներից ընտրված մի հասարակական մարմինՄոսկվայի Հայկական Կոմիտեն:

Ռուսաց բանաստեղծներից, եթե չեմ սխալվում, առաջինը Պոլոնսկին է եղել, որ ուշք է դարձրել Սայաթ-Նովայի վրա ու հիացել: Պոլոնսկին հանգ[ուցյալ]) Ախվերդյանի մոտիկ բարեկամը՝ թերևս ընկերն է եղած: Նրա մոտ է տեսել Սայաթ-Նովայի երգերի տետրակը և, ծանոթանալով, 1851 թվականին «Кавказ» թերթի № № 12-ում մի ոգևորված հոդված է գրել, բնորոշել, գնահատել ու երգերից էլ մի քանիսը թարգմանել:

Следующая страница