Թումանյան Հովհաննես՝   Քննադատություն և հրապարակախոսություն, Նամակներ

Գերագույն ապավեն էր որոնում, Աստված էր որոնում տառապող ու դժբախտ մարդկության համար և գտնում էր նրան ոչ թե ուժի մեջ, այլ արդարության, ճշմարտության, ներքին, բարոյական մաքրության և այն սիրո մեջ, որ հավասարեցնում ու եղբայրացնում է մարդկանց, թշնամի չի ճանաչում աշխարհքում, չի հակառակում նույնիսկ չարին. և ազատությունն էլ հենց սրա մեջ էր դավանում:

Մահվան հանդեպ հաշվելով մարդու կարճօրյա կյանքի օրերը՝ իջեցնում է նրա արժեքը ու քարոզում է այն էլ նվիրել սիրո ու բարության Աստծուն:

Դեռ երիտասարդ հասակից նրա միտքը քաշում է դեպի բնությունն ու գյուղացինմուժիկը: Այնտեղից տարածվում է բոլոր արհամարհվածների ու զրկվածների վրա ու մի օր էլ բացականչում է. «Չեմ կարող չտեսնել մերկերին ու քաղցածներին»: Իհարկե, այս այն տեսնելը չի, որ տեսնում են սովորական աչքեր ունեցողները: Եվ այսպես տեսնելուց հետո ութսունական թվականներին գրում է. «Քաղաքային կյանքը, որ առանց այն էլ խորթ էր իմ հոգուն, զզվեցրել է արդեն և փարթամ կյանքի վայելքները, որ երբեմն հաճույք էին տալիս, այժմ տանջանք են դարձել ինձ համար»: Եվ ահա նա վաղուց խորշում էր այս կյանքից ու սրա վայելքներից, որ հիմնված են ուրիշների տառապանքների վրա, վայելքներից, որ նա համարում է կեղծ քաղաքակրթության արդյունք ու ընդհանուր առումով կոչում է անառակություն: Բայց խորշում էր շրջապատված այդ վայելքներով, ապրում էր իր համոզմունքներին հակառակ պայմաններումմի ծանր դրամա, մի ներքին կռիվ, որ պետք է մի օր մի լուծում, մի ելք ունենար:

Այսպես առաջ գալով մենք գտնում ենք, որ նրա գործերից ամենամեծն ու բնորոշը, նրա գլուխ գործոցը եղավ վերջին փախուստըելքը Եգիպտոսից:

Նրա դժգոհ հոգին այլևս չկարողացավ հանդուրժել այս կյանքին, կամ, ավելի ճշմարիտը՝ կյանքի այս եղանակին, ու մեջքն արավ նրան, երեսը դեպի անապատ, այն մեծ դժգոհների նման, որոնք անապատ են քաշվել իրենց հոգու հետ այնտեղ ապրելու և խորհելու, այնտեղ վայելելու այն ցանկալի խաղաղությունը, որ ստեղծագործող ու բարի հոգիների հայրենիքն է, այնտեղ մտածելու կյանքի անառակության ու մարդու փրկության վրա:

Այդ ճանապարհին էլ գտավ իր մահը:

Տրտմության օր է համայն Ռուսաստանի և ամբողջ լուսավոր մարդկության համար, տրտմության օր է ռուսական, այլև համաշխարհային գրականության համար, տրտմության օր է բոլոր նեղվածների ու ճնշվածների համար, որոնք իրենց նեղության մեջ սովոր էին լսելու նրա հուժկու ձայնը, տրտմության օր է բոլոր բարի սրտերի համար, որոնք գիտեին, որ դեռ կենդանի է Տոլստոյը...

Ընկավ մեծ գեղարվեստագետը, մեծ քարոզիչը ու մեծ դժգոհը:

Երախտագետ սրտով ու խորին պատկառանքով խոնարհվում ենք մեծ մարդու հիշատակի առաջ:

ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ

Հրապարակի վրա դրված է մեր նշանավոր վիպասան և դրամատուրգ Շիրվանզադեի գրական գործունեության 30-ամյակի խնդիրը: Թիֆլիսի հայոց Դրամատիքական Ընկերության վարչությունը, որ գործի նախաձեռնությունը առել էր իր վրա, ընդհանուր ժողով հրավիրեց, ուր և ընտրվեց հոբելյանական հանձնաժողով: Այսպիսով առաջներս է գրական մի տոն1:

Այստեղ մենք խոսք չենք անելու Շիրվանզադեի տաղանդի ու նրա գրական արժանիքի վրա, այլ միայն ուզում ենք վկայել, որ հայ ժողովուրդը եթե մարդիկ ունի, որոնց պետք է հարգի հոբելյանով, դրանցից մինը Շիրվանզադեն է: Հոբելյանական տոներին ամեն մի ժողովուրդ՝ հանձին հոբելյարի, գալիս է հարգելու, պսակելու ինքը իրեն, իր շնորհքը, իր մտավոր-հոգեկան ուժերը, ուժեր, որ ընդունակ լինեին պատկառանք ներշնչելու ո՛չ միայն ազգի ընդհանրությանը, այլև օտարին: Այդ տեսակետից «Ցավագարի», «Քաոսի», «Արտիստի» և շատ ուրիշ վիպական ու բեմական գրվածքների հեղինակը հանդիսանում է անվիճելի արժանավոր հոբելյար: Մենք միայն կցանկանայինք, որ արժանավոր մարդու հոբելյանն էլ տոնվեր արժանավայել կերպով: Կցանկանայինք՝ ավելի մեծ տարածության վրա լսվեր հայ ժողովրդի խրախուսական ձայնը, որ երեսուն տարուց հետո գալիս է մայրական խոսք բերելու իր տաղանդավոր զավակին: Կցանկանայինք, որ գրական այս տոնին հայտնվեին և՛ ռուսահայը, և՛ տաճկահայը, և՛ պարսկահայը, և՛ Հնդկաստանի, Ամերիկայի ու Բուլղարիայի գաղթական հատվածները, և ոչ միայն այս տոնին, այլև միշտ, նման տոներին, և դա դառնար սովորություն:

Եվ հենց այդպիսով էլ արդարացրած կլինեինք այս տեսակ տոների բարոյական մեծ նշանակությունը: Կցանկանայինք, որ տաժանելի երեսուն տարիներից հետո տևական հանգստի հնարավորություն տրվեր նրան, միայն մի պայմանովվերացած լինեին հարգանքի այն բոլոր միջոցներն ու ձևերը, որ մեր հոբելյարների ստացած պսակների փշերն են կազմում և մարդ չի հասկանում հարգանքի՞ համար են, թե՞ վիրավորանքի: Մանավանդ Շիրվանզադեն, որպես դրամատուրգ, այդ կողմից մեծ հարմարություն է տալիս: Ամեն մի քաղաքում կարելի էր դնել նրա դրամաներից և տալ հոբելյանական ներկայացումներ: Այդ ներկայացումները և նրա երկերի մասին եղած դասախոսությունները շատ բան կապահովեին միանգամայն գեղեցիկ ճանապարհով և կհեշտացնեին հանձնաժողովի գործըմնացածը հոգալու նույնպես պատվավոր ձևով:

Վերջապես կցանկանայինք, որ մեր ազգն էլ կարողանար տեսնել, տեսնել, գնահատել ու պաշտպանել իր ծնած ուժերը: Եվ երբ որ տեսնիկհամոզվի, որ նրանց մեջ էլ կան այնպիսիները, որոնք իրենց տաղանդով մրցում են ու հավասար են եվրոպական ժողովուրդների սիրված, հանրահռչակ հեղինակներին, տարբերությունը միայն սրանց ու նրանց բախտի մեջն է:

ԱՄԵՆՔԸ ՄԻԱՍԻՆ

Այժմ ի՞նչ պետք է անեք Խ. Արովյանի արձանի համար, երբ միայն 200 ռ. ունեք 18,000-ի փոխարեն, հարցրի Կուլտուրական Միության պ. նախագահին1:

Երեկույթներ պետք է սարքենք, հարուստներին պետք է դիմենք, ուրիշ ի՞նչ անենք, պատասխանեց նա:

Ու սիրտս մի երկյուղ ընկավ: Ուրեմն կարող է պատահել, որ այս ճանապարհով կանգնի Խ. Աբովյանի արձանը, երևի վրեն էլ գրած «Հայ ազգըիր մեծ զավակին»:

Ո՛չ, այդ անկարելի է, այդպես չպետք է լինի: Հայ ժողովուրդը, ինչքան էլ անտարբեր ասենք, ինչքան էլ հոգնած ու աղքատ, թույլ չի տալ և թույլ չպետք է տա, որ այդպես լինի: Դա մի տաղանդավոր գրողի արձան չի, դա մի անհատի արձան չի, դա հայ ժողովրդի վերքոտ սրտի արձանն է, որ կանգնելու է այնտեղ՝ Արարատի սրբազան դաշտում սերունդներին ու դարերին ի տես, որ տեսնեն թե քանի սուր կա ցցված նրա մեջ, քանի դարդ ու ցավ:

Պետք է կանգնի հավիտյան ու անլռելի պատմի աշխարհքին հայի տանջանքն ու տենչանքը: Սրա նման մի կոթող էլ կա, որ թերևս մի օր հայությունը կբարձրացնի Վանա ծովի ափերին, Նարեկա ժայռերի վրա, որ նա էլ երկնքին պատմի, «ի խորոց սրտի» Աստուծո հետ խոսի և դեպի վեր ուղղի «Ձայն հառաչանաց հեծութեան սրտի ողբոց աղաղակի»...

Եվ կատարյալ կլինի: Թող լսեն և՛ երկինքը և՛ երկիրը: Եվ պետք է լսեն, որովհետև այստեղ արդեն հայի լեզուն չի, որ խոսում է, բերանը չի, որ պատմում է, կրակված սիրտն է, որ այրվում է երկիրը բռնած, տանջված հոգին է, որ մռնչում է մինչև երկինք:

Սրանց արձանները երեկույթներով ու հարուստների փողով չեն կանգնելու, այլ ազգի ընդհանրության: Սա մի պարտականություն է, բայց միաժամանակ և մի իրավունք, որ վերապահված է ամեն մի հայի:

Խ. Աբովյանի արձանն էլ թող ուշանա մինչև հարկավոր գումարի լրանալը, ՜միայն թե՜ հայ ժողովուրդր կանգնի: Նրա արձանը պետք է կանգնի այն տեսակ երեք ռուբլիներով, որ այսօր նվիրաբերում է մի դառն աշխատավոր, մի Անուշավան Աբովյան2 իր սրտի անկեղծ հրճվանքի ու ազգային հպարտության հետ միասին: Բայց այդ երեք ռուբլին շռայլ է. կոպեկներ լինեն թող, միայն թե ամենքը, ամենքը գան ու մասնակցեն, որովհետև նա ամենքինն է և ամենքը նրա մեջ են:

1911

ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻՆ

Սիրելի ընկերներ.

Շատ քիչ է պատահում մեզ համար ուրախ բան բերի Նոր տարին, որ կարողանանք շնորհավորել սրտալի: Սակայն այսօր, լքումի և ամենքի մենակության օրերին, մի գեղեցիկ երևույթ ժպտում է իմ սրտին այնքան զվարթ, որ ստիպում է շնորհավորել հրապարակավ ի լուր ընդհանուրի: Դա հայ գրողների այն պատկառելի համախմբումն է ու ընկերական այն սրտառուչ կապը, որով այսօր շաղկապված հայտնվում ենք մեր ժողովրդի առաջ1: Մի կապ, որ վաղուց պետք է լիներ, քանի որ մենք իրար հարազատ ենք ի ծնե, հոգով, քանի որ մին ենք արդեմ սիրով ու ձգտումով դեպի բարին, գեղեցիկն ու ճշմարիտը, քանի որ երազում ենք նույն երազները ու տառապում ենք նույն վշտերով:

Մենք քիչ մխիթարանք ունենք մեր կյանքում, թող դա լինի մեր հաստատուն մխիթարանքը: Եթե չունենք գրականությունը սիրող հասարակություն, թող մենք ինքներս իրար համար փոխարինենք այդ հասարակությունը, եթե պակասում են ոգևորիչ հանգամանքներ, իրար ոգևորենք ու միասին զորացած խմբով գնանք այն բարձր ճանապարհը, որ գծել է մեզ համար նախախնամությունը:

Ազնիվ ընկերներ, մեր ժողովուրդն էլ քիչ մխիթարանք ունի:

Անշուշտ նա էլ է ուրախանալու՝ տեսնելով մեզ միացած և ուժեղ: Երբ ասում են հայոց գրականությունն աղքատ է՝ նա մեր երեսին է նայում ու սպասում: Ու մխիթարվում է մեկիս գրական տոնին գալով իր մայրական նվերներով, մյուսիս թաղմանը իր պսակներով: Մխիթարվում է, որ տաղանդավոր զավակներ ունի և սիրում է ու հարգում: Թող բարձր զորավիգ լինի մեզ համար նրա մայրական սերը և այն գիտակցությունը, որ կարող ենք ուրախացնել մեր հեգ ժողովրդին, և սերն ու հարգանքն էլ դեպի տաղանդավոր մարդը՝ թող մեր մեջը լինի ամենից առաջ:

Գրական կյանքի հիսնամյակը բոլորած մեր ազնիվ նահապետըՂ. Աղայանը մեր աշխարհքի խեղդուկ մթնոլորտից նեղվելով եթե աղաղակում է թե՝ քիչ է մնում փախչեմ և՛ գրականությունից և՛ մեր միջավայրից2, չի փախչիլ ու շատ ուրախ օրեր կտեսնի, քանի որ մեզանով կլինի շրջապատված, երեկվա սկսնակն էլ, որ մեզ նայեյով գալիս է մեր ետևից, ուժ կառնի ու չի հուսաահատվիլ իր գեղեցիկ ճանապարհին՝ իր առջև տեսնելով մեզ բարձր ու զորեղ միության մեջ:

Եվ, ով գիտի, գուցե մոտիկ է օրը, երբ հայ մարդը, որ երեկ-մյուս օրը եկեղեցու շուրջն էր պտտվում, այնուհետև անցավ ուսումնարանին, գալու է հասնի և գրականությանն ու արվեստին:

Թող այդ նշանավոր օրը գա ու գտնի հայ գրական ընտանիքը միասիրտ ու միահամուռ բարու, գեղեցկի ու ճշմարտության ճանապարհի վրա:

Սրտագին շնորհավորում եմ այս վսեմ կապը, անգին ընկերներ:

ԳԱՎԱՌԱԿԱՆ ԵՐԵԿՈԻՅԹՆԵՐ

Փետրվարի 2-ին Թիֆլիսի ժողովարանում բժ. Ա. Զարգարյանը կազմել էր զոկական երեկույթ, ուր ներկայացնելու էին իր զոկերեն գրած պիեսը — «Ադաթ չի»1, երգելու էին զոկական երգեր, նազանքներ, արտասանելու էին զոկերեն ժողովրդական ոտանավորներ և պ. Հար. Թումանյանի զոկերեն կուպլետները2, պարելու էին զոկական պարեր:

Եվ ահա այդ գիշեր այս փոքրիկ երեկույթի մեջ հանդես եկավ հայ ժողովրդի թերևս ամենակուլուրական այս հատվածը՝ այնքան ինքնուրույն, այնքան առանձնահատուկ համով ու հոտով և այնքան սրտալի ու շնորհալի, որ հանդիսականների հիշողության մեջ անջինջ կմնա այդ երեկույթի գեղեցիկ տպավորությունը: Եվ ես այդ տպավորության տակ մտածում էի, թե ինչքան լավ կյիներ, եթե մեր գավառները իրար ետևից հանդես գային Թիֆլիսում այսպիսի երեկույթներով՝ իրենց առանձին տարազով ու բարբառով, իրենց սարք ու կարգով, վարք ու բարքով, իրենց ադաթով, լավով-վատով, և ի՛նչ հաճույք կտան այդ երեկույթները, և ի՛նչքան բան կսովորեցնեն:

Մեզանում, Թիֆլիսում, այս կամ այն նպատակով երեկույթներ կազմելու ժամանակ նստում են գլուխ տրաքեցնում, մտածում, որ մի գյուտ անեն, մի նորություն հնարեն ժողովրդին հրապուրելու: Ահա ձեզ գյուտը: Եվ ասեղ գցելու տեղ չկար փետրվար 2-ի գիշերը Թիֆլիսի ժողովարանում, ոչ վերջ հրճվանքին: Թող գան իրար ետևից Արարատը, Շիրակը, Ղարաբաղը, Լոռին, Ջավախքը, Զանգեզուրը, Նուխին, Շամախին, նույնիսկ Տաճկաստանի գավառները: Եվ ի՛նչ գեղեցիկ կլինի:

ԱՆՑՆԵՆՔ ՏՈՆԻՆ

Վերջացավ Շիրվանզադեի հետ սկսած աղմուկը1: Վերջապես իմացանք, որ ամենքն էլ իրավունք ունեն քննադատելու, լավն ու վատը իրարից ջոկելու, վատը մերժելու, լավը վեր հանելու: Եվ այս շատ լավ եղավ հենց իրեն` Շիրվանզադեի համար: Այսօր տեսնում ենք նրա երեսնամյա գրական գործունեության հաշիվը և նրա լավ գործերի համար ցույց ենք տալու մեր հարգանքը: Արդ, այն մարդիկ ու այն մամուլը, որ նրա մի անհաջող նախադասության վրա այսքան կանգնեցին ու զբաղվեցին2, եթե անկեղծ ու շիտակ մարդիկ են, ո՛րքան պիտի կանգնեն նրա տաղանդավոր գործերի առաջ ու ո՜րքան պիտի զբաղվեն նրա հատորներով: Եթե մի ձախորդ խոսքի համար այսքան նախատեցին ու քաշքշեցին, ո՛րքան պիտի հարգեն ու գովեն ամբողջ գեղարվեստական գործերի համար: Ամեն մարդ էլ խոսելու իրավունք ունի, իսկ նրանք, որ իրենց պարտականությունն են համարում երկար խոսելու նախադասությունների մասին, իրավունք չունեն լռելու երեսուն տարվա գրական գործունեության հանդեպ:

Անցնենք այդ երեսուն տարվան գրական տոնին:

Եվ չէ՞ որ գրական հոբելյաններին չեն գալիս անհաջող գործերն ու սխալները թմբկահարելու, այլ հանդես դնելու այն, ինչ որ թանկ է մի ժողովրդի համար, այն, ինչ որ մի հեղինակ ավելացրել է իր մայրենի գրականությանը, այն, ընչի համար որ գալիս են նրան պսակելու:

Ամեն մարդ խոսելու իրավունք ունի. իսկ դուք և իրավունք ունիք և պարտականություն:

Դե խոսեցե՛ք:

ԶԳՈՒՅՇ ՊԵՏՔ Է ԼԻՆԵԼ

Հերիք չի, որ հայոց գրականությունը ունի իր երդվյալ թշնամիները, որոնք իրենց փեշակ են շինել հայհոյել ու անվանարկել հայ գրողներին, կա և մի այլ անախորժ դեպք, երբ վշտացնում ու վիրավորում են նրանց առանց չար դիտավորության, մինչև անգամ բարեկամությունից ու սիրուց, հրապարակական քննության առնելով նրանց ապրուստն ու նյութական անապահովության խնդիրը: Վիրավորական ու դատապարտելի մի սովորություն կրկին պատճառներով. առաջինը՝ որովհետև այդպես չի, երկրորդը՝ որ տգեղ է:

Այդ անապահովության անախորժ ողբերը հաճախանում են մանավանդ հոբելյանների ժամանակ: Ահա նորից հոբելյան, նորից մեզ ծանոթ վիրավորական կարեկցությունները և նորից ստիպված ենք հիշեցնելու, թե՝ զգույշ եղեք: Եթե դուք գալիս եք ողջունելու մի տաղանդավոր գրողի իր երեսուն տարվա գրական հոբելյանի օրը և գալիս եք ձեր դրամական ու այլ ձևի նվերներով, այդ հիրավի նրա համար հո չի, որ նա սոսկ մի անապահով մարդ է: Եթե այդ լիներ պատճառը, էլ ինչո՞ւ օտարները գումարներ կնվիրաբերեին իրենց ունևոր գրողներին այդպիսի դեպքերում: Բայց թողնենք օտարներին: Այո՛, շատ ու շատ է ցանկալի, որ այդպիսի օրերը դրամականի խնդիրը չգար մեջտեղ, և ով ավելի շատ կցանկանար որ այդպես լիներեթե ոչ հենց ինքը գրողը: Ամեն մինը, որ կարծում է թե անհարմար մի բան կա, չգիտեմ ինչու՝ կարծում է, թե միայն գրողն է, որ չի զգում այդ: Գտեք ձեր գրականությունը պահելու և ձեր հարգանքն արտահայտելու հարմար ու վայելուչ ձևը:

Այդտեղ էլ հո գրողը չի մեղավոր, որ դուք չեք կարողանում գրականություն պահել կամ արժանավայել կերպով ցույց տալ ձեր հարգանքը:

Մտածում եք գրողի մասին, հոբելյան եք տոնում, չպետք է մոռանաք, որ նա զգալ գիտի. պետք է միշտ ի նկատի ունենաք նրա ինքնասիրությունը, նրա հոգու հպարտությունը, նրա սրտի քնքշությունը. այլապես կարող եք աղավաղել ու աղճատել այն, որ ամենասուրբն ու ամենանուրբն է նրա մեջ և որ ամենաթանկը պիտի լինի ձեզ համար:

Տողերիս գրելու աոիթը տվեց «Тиф. листок»-ում տպած մեր սիրելի նկարիչ Գ. Բաշինջաղյանի հոդվածը Շիրվանզադեի հոբելյանի առիթով1, որի մեջ խոսում է վիպասանի նյութական կացության մասին թեև բարեկամավարի ու սիրով, բայց և այնպես ծանը տպավորություն է անում:

Ցավում ենք մանավանդ, որ Բաշինջաղյանն է այդպես խոսում:

Զգույշ պետք է լինել:

ՍԻՐԵԼԻ ՇԻՐՎԱՆ

Երկար տարիների ընթացքում շատ ուրախ ու տխուր օրեր ենք անցկացրել միասին: Բայց այնպես է մեր կյանքն ու ճակատագիրը, որ ուրախության ժամանակ էլ՝ չես իմանում՝ ուրախությունն է շատ, թե տխրությունը: Հոբելյանի ժամանակ էլ՝ չես իմանում որն է ավելի շատուրախությո՞ւնը, թե՜ տխրությունը: Սակայն այս ամենը չեն կարող ու չեն կարողացել ընկճել էն հոգին, որ կրում է իր մեջ աստվածային ուժն ու ստեղծագործական շնորհքը, ամենաբարձրը, ինչ որ կարող է աշխարհքում վիճակվել մահկանացուին: Եվ բոլոր ծանր տպավորություններն ու դաժան դեպքերը դատարկ բաներ են այն չքնաղ գիտակցության հանդեպ, թե դու պաշտոն ես տանում գեղեցկին ու ճշմարտին, ու կյանքի բոլոր անախորժ օրերը ոչինչ են ոգևորության սրբազան վայրկյանի առաջ, որ ընդունակ է վայրկենաբար թոթափել այդ ամենը ու մարդուն միշտ վերածնել հավերժական ֆենիքսի նման: Դու ունիս այս երջանկությունը: Բայց բանաստեղծի այս գաղտնի երջանկության հետ միասին կա և մի այլ հզոր մխիթարություն մեր անհամբույր կյանքի մեջ, որ դու այնքան թանկ ես գնահատել. դա գրող-ընկերի վսեմ կապն ու անվերջ սերն է: Եվ ահա այսօր, քո երեսուն տարվան սրբազան ժամերի ու ծանր օրերի հիշատակելի տոնին գալիս եմ՝ ընկերական ջերմ համբույրով: Դարձյալ օրեր անցկացնենք միասին, շատ կլինեն այդ օրերը թե քիչչգիտեմ, ուրախ կլինեն թե տխուրչգիտեմ, բայց միշտ քեզ հետ կլինի ընկերներիդ սիրող սիրտը:

ԱՐՁԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻՆ

Խաչ. Աբովյանը ծնվել է Երևանի Քանաքեռ գյուղում 18045 թվականին: Նա երեխուց աչքը բաց արավ՝ տեսավ՝ թե ինչ անասելի նեղություն էր քաշում մեր ազգը էն ժամանակվա պարսից տերության ձեռքին ու ազգի էս ծանր վիճակը վերք դառավ՝ կպավ սրտին: Մեծացավ, օտար երկիր գնաց ուսում առավ, իր սրտի վերքն էլ հետը մեծացավ ու խորացավ: Ահա էս խոր վերքը, իր աչքի տեսած տանջանքն ու տառապանքը, կռիվն ու քաջությունը հրեղեն լեզվով նա պատմեց մի գրքի մեջ՝ անունը դրեց «Վերք Հայաստանի»: Մեր ազգի սիրած «Վերք Հայաստանին»:

Բաքվի Հայոց Կուլտուրական Միությունը ձեռնարկել է արձան կանգնելու Խաչ. Աբովյանին իր հայրենիքում:

Աշխարհքի ամեն կողմից հայ մարդիկ ուղարկում են իրենց նվերները, ամենքն էլ ուզում են մասն ունենան Խաչ. Աբովյանի արձանի մեջ: Շատն ու քիչը էստեղ նշանակություն չունի. բանը սիրտը, սերը, զգացմունքն է: Թող հինգ կոպեկ լինի տվածը: Միայն թե ամենքն էլ լինեն:

Երեխեք ջան, «Հասկերի» ընթերցող երեխեք, դուք էլ՝ ամեն մեկդ ինչքան կարող եք՝ ղրկեցեք, որ դուք էլ մասն ունենաք մեր անմահ Աբովյանի արձանի մեջ: Էն Աբովյանի, որ կանչում է.

«Ձե՛զ եմ ասում՝ ձեզ՝ հայոց նորահաս երիտասարդք՝ ձեր անունին մեռնիմ, ձեր արևին ղուրբան. տասը լեզու սովորեցե՛ք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցե՛ք: Մեկ դարդակ լեզուն ի՞նչ ա, որ մարդ չկարենա սովորիլ: Բաս չե՞ք ուզիլ, որ դուք էլ գրքեր գրեք, ազգի միջումն անուն թողաք, ձեր գրքերն էլ օտար ազգեր թարգմանեն, ձեր անունը հավիտյանս հավիտենից մնա անմահ»:

«Էրեխեք, ձեր ջանին մեռնիմ, ձե՛զ եմ ասում իմ դարդը. ձեզ համար եմ գրում. ձեր երեսին ղուրբան՝ հողումն էլ ըլեմ, եկե՛ք, վրես կանգնեցե՛ք, թե ազգասիրությունն ու հայրենասիրությունը ձեզ վնաս տա, անիծեցե՛ք ինձ, թե օգուտ, օրհնեցե՛ք, ու լսեցե՛ք ձեր ընկերների լացն ու սուքը. նրանց հորն ու մոր կսկիծն և ձեր հորն ու մոր ծոցումը դինջ հանգստանալիս` ասածներս մտքներդ բերե՛ք»: (Վերք Հայաստանի)1:

Նվերները կարելի է ուղարկել «Հասկերի» խմբագրությանը կամ «Հորիզոն» լրագրին:

ԳՐԱԿԱՆ ՖՈՆԴ

Ինչ խոսք, որ Լեոն պետք է գտներ ու հայտարարեր հայոց տպագրության չորսհարյուրամյակը՝ ինչպես և արավ երեկվան «Հորիզոնում»1: Եվ ահա առաջներս է այդ մեծ կուլտուրական տոնըընդհանուր հայոց գրականության տոնը, մեծ հիշատակների, հոյակապ գործերի, փառավոր անունների տոնը: Տոնը այն ամեն նվիրականի ու վսեմի՝ ինչ որ կարողացել է տալ և տվել է հայ ազգը: Բարձր ու լուրջ խորհրդածությունների առատ ու գեղեցիկ նյութ: Եվ անկասկած շատ խոսք կլինի այդ տոնի նշանակության ու հայոց գրականության վրա. բայց չորս հարյուր տարուց հետո հայոց տպագրությունը, հայոց գրականությունը ինչ խնդիրներ, ինչ հոգսեր է հանում մեր առջև: Սրանց հանդեպ էլ պետք է լինեն այն առաջարկությունները, որոնց մասին խոսում է մեր ընկերը:

Այդ խնդիրներից, այդ հոգսերից մեկը, թերևս կենտրոնականն ու մեծը այն է, որ աշխարհքի ամեն ծայրում հայ գրողը չի կարողանում նվիրվել գրականությանը և իր գործով պարապում է ի միջի այլոց: Հույս էլ չկա, որ կփոխվի այդ դրությունը, որովհետև պատճառը շատ է հիմնական. ազգը փոքր է, ընթերցող հասարակությունը քիչ է, գրականության շուկանսահմանափակ: Այս տեսակ փոքր ազգերի մեջ գրականությունը միշտ պահվում է անհատի, հասարակության թե պետության՝ արտաքին միջամտությամբ ու օժանդակությամբ: Մեր մեջ էլ մի քանի անգամ հրապարակավ խոսք է եղելգրականությունն ապահովելու մի ձև գտնել, բայց միայն խոսք է եղել և երբեք գործի չի անցել: Այժմ պատեհ ժամանակ է և գրական այս համազգային տոնին հեշտ կարելի էր մի անգամ ընդմիշտ վճռել այդ հին խնդիրը՝ հիմնելով ու հաստատելով մի ուժեղ գրական ֆոնդ: Ընդհանուր հայոց ազգի հիմնած մի ուժեղ ֆոնդհայոց գրականության համար: Այդ ֆոնդը կփոխեր հայոց ամբողջ գրականությունը, կյանքի քմահաճույքներից կազատեր տաղանդավոր մարդկանց, խանգարված հներին գործի կդներ, սկսնակ նորերին ուժ կտար ու առաջ կքաշեր: Դա կլիներ առաջիկա մեծ տոնի ամենագեղեցիկ հավերժացումը: Եվ անպատճառ պետք է լինի այդ համազգային հոգացողությունը՝ եթե ճշմարիտ է, որ ամբոխներն ու ժողովուրդները գրականությամբ են ազգ դառնում ու մտնում կուլտուրական ազգերի շարքը, եթե գրականությունը ազգի հոգին է, եթե նրա փառքն ու պարծանքն է, ինչպես հայտնի է լուսավոր աշխարհքներում ամեն օր, իսկ մեզանում կրկնվում է հոբելյանների ժամանակ:

ՊԱՏԱՍԽԱՆ Պ. ԿԱՏՈՆԻՆ

Հարգելի պ. Կատոն. «Սուրհանդակ»՝ թերթի408-ում1 տված ձեր պատասխանից երևում է, որ ձեզ իսկի դուր չի եկել իմ տված այն հարցը, թե արդյոք դո՞ւք եք նաև «Կ-ն», «Իրազեկ» և Ս. Չերքեզյանը2: Մի հարց, որ ես շատ գեղեցիկ եմ գտնում և շատ է հարկավոր, որ իմ հերթին կարողանամ ձեր հարցի պատասխանը տալ:

Դուք իմ հարցից խուսափելու, այլև ինձ շփոթելու համար պայման եք դնում, որ նախ և առաջ ես հայտնեմ, թե խուզարկու ոստիկանության պաշտոն ունեմ: Եվ սպասում եք, որ պիտի սարսափեմ:

Ընդհակառակը: Դուք իսկի չեք սխալվում, պ. Կատոն, որ խուզարկուի պաշտոն ունեմ, բայց ոչ թե գաղտնի ոստիկանության, այլ այն ժողովրդի, որի բանաստեղծներից մինն եմ, և եթե կուզեք, նրանից էլ դուրս, մինչև ուր կկտրեն աչքերս ու կհասնի ձեռքս: Եվ չեք սխալվում, եթե բացականչում եք՝ չգիտենք որտեղ է վերջանում բանաստեղծությունը և որտեղ է սկսվում գաղտնի խուզարկուի պաշտոնը:

Գրողները, բանաստեղծները միաժամանակ ոչ այլ ինչ են, եթե ոչ գաղտնի խուզարկուներ, որ, ոչ միայն ձեր կեղծ անունները հրապարակ կբերեն, այլև ձեր կեղծ հոգին ու կեղծ մտքերը, որ ավելի խորն են ծածկված:

Այդ աստվածային գաղտնի խուզարկությունն է, որ հայտնագործում է մութը արարածների գաղտնի գործերը և աղաղակում է հրապարակում, և այդպիսով հսկում է բարոյական օրենքներին ու շատ նվիրական բաների՝ գաղտնի սրիկայությունների դեմ:

Գաղտնի խուզարկո՛ւ...

Գիտե՞ք, գաղտնի պարոն Կատոն, եվրոպական մեծ բանաստեղծներից մինը, կարծեմ Հեյնեն, իր հայրենիքին դիմելով՝ ասում է. «Ես քո պահապան շունն եմ»: Ի՞նչ կա որ, թող ես ել իմ համեստ ուժերով իմ հայրենիքի պահապան խուզարկուն լինեմ: Եվ ահա բռնել եմ ձեզ. պատասխան տվեք իմ հարցին, դուրս եկեք հրապարակ: Ոչ մի բարոյական օրենք չկա, որ մի մարդ խոսի, գործ տեսնի միաժամանակ մի քանի կեղծ անուններով, մի անունը մի բան գրի, մյուսը նրան վկա գա, երրորդն էլ հաստատի, իբրև թե երեք մարդ են մեջտեղը: Մի անունով հայհոյի, զրպարտի, մյուս անունով կանգնի իբրև բանից անտեղյակ ու անմեղ մեկը: Մարդ մի երես պետք է ունենա ու մի անուն, մանավանդ նա, որ առաջ է անցնում խոսելու հասարակական ծանր խնդիրների մասին, անհատների ու հոսանքների դեմ:

Այո՛, հասկանում եմ կեղծ անունը, երբ մարդ մի լավ բան է անում կամ գրում ու ծածկում է իր անունը: Նա փախչում է փառքից ու պատվից: Բայց երբ մեկը հարձակվում է սրա նրա դեմ, զրպարտում, հայհոյում, կասկածների տակ գցում ու թաքնվում կեղծ անունների տակ, նա փախչում է պատասխանից ու պատժից: Երբ բարի գործ անողի, հերոսի անունն են են հարցնում, նա իրավունք ունի նեղանալու և խոսելու բարոյական օրենքից, բայց երբ զրպարտչի, հայհոյիչի ու նման մի վատի օձիքը բռնած ժամանակ նա էլ է համարձակվում աղմուկ հանել ու դիմել նույն բարոյական օրենքներին ու էտիկային, և դեռ ուզում է դրանցով վախեցնել իրեն բռնողին, այդ ես չեմ հասկանում, և ոչ ոք էլ չի կարող ինձ հասկացնել, թե հանդուրժելի է:

Դո՜ւրս եկեք արևի տակ: Այսպես է ասում ձեռզ խուզարկու Հով. Թումանյանը:

1912

«ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈԻԹՅՈւՆ»

Վաղուց է, որ մեզանում զգացվում է մի կարգին «Հայոց պատմության» կարիքը: Վաղուց է, որ նշանավոր դեպքերն իրար ետևից գալիս են ու աղաղակում թե՝ հայ ժողովուրդը չունի և չգիտե իր պատմությունը, նույնիսկ երեկ մեկել օրվա պատմությունը, չգիտի թե ո՞վ է ինքը, ո՞րտեղից է գալիս և ո՞ւր գնում: Հոգեկան ու մտավոր կուրության մեջ այս տեսակ ժողովուրդը, անուղեցույց խարխափում է նա ինչպես անգիտակից մի խալխ՝ միշտ ենթակա այս կամ այն պատին ու պատահարին զարկվելու փորձանքին: Եվ փորձանքներն էլ դաս ու խրատ չեն լինելու նրա համար՝ մինչև որ այդ փորձերի ու փորձանքների պատմությունը չունենա աչքի առաջ ու մտքի մեջ, մինչև որ չհասկանա նրանց իմաստն ու փիլիսոփայությունը: Եվ եթե սխալի ու փորձանքի մեջ ընկնի և պատասխանի կանչվի այս տեսակ ժողովրդի մարդը՝ վերջ ի վերջո նա մի արդարացում կունենա միայն, որ ինքը չի հասկանում իր արածն ու իրեն: Չի հասկանում ինքը, չի հասկանում և նա, ով պետք է պաշտպանի, չի հասկանում և նա, ով պետք է դատի: Մի՞թե սրանից ավելի ողբալի դրության մեջ կարող է հայտնվել մարդ արարածն աշխարհքում: Եվ զարմանալու ի՞նչ կա, որ նա հաճախ կարող է դատապարտվել ու կորչել և անմեղ:

Այժմ հրապարակի վրա դրված է Հայկական տպագրության չորսհարյուրամյակը տոնելու և այդ տոնը զանազան ձեռնարկություններով հավերժացնելու խնդիրը: Բավական ժամանակից ի վեր կտրված լինելով արտաքին աշխարհից՝ չգիտեմ դրա համար ինչ առաջարկներ են եղել՝ բայց որոշ տպավորությունների տակ՝ կուզենայի, որ ամենալուրջ առաջարկների հետ դրված լիներ և «Հայոց պատմության» խնդիրը: Մի «Հայոց պատմություն»: Մի «Հայոց պատմություն» պետք է տալ այս ժողովրդին, որ նրան դատողը դատելիս կարողանա ծանոթանալ ու այնպես դատել, որ նրան պաշտպանողը պաշտպանելիս առաջ քաշի այդ պատմությունը և այնպես պաշտպանի, որ նա ինքը՝ պատասխանի կանչվելիս բաց անի այդ պատմությունն ու այնտեղից հանի իր պատասխանը, որ ուրիշներն էլ ճանաչեն նրան, ինքն էլ ճանաչի իրեն:

Մի «Հայոց պատմություն»:

ՀԱՅԱԳԻՏՈԻԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՖՈՆԴԸ

Մի քանի շաբաթ սրանից առաջ Պետերբուրգի հայ գաղութը՝ ուշադրության առնելով հայոց պատմագրության և հայագիտության խեղճ վիճակն ու մեծ կարևորությունը՝ խորհրդակցություն ունեցավ հայկ [ական] տպագր [ության] 400-ամյակին նախաձեռնել հիմնելու հայոց պատմագրության և հայագիտության ազգային ֆոնդ, որի նպատակը լինելու է.

Հավաքել, թարգմանել, ուսումնասիրել և հրատարակել.

1) Հայկական, հունական, հռովմեական, ասորական, պարսկական, արաբական, վրացական, ռուսական և այլ ազգերի պատմագիրների տեղեկությունները հայ ազգի մասին:

2) Ռուսական, տաճկական, պարսկական և այլ տերությունների պետական դիվանատներումարխիվներում գտնվող հայոց պատմ [ագրության] վերաբերյալ նյութերն ու դոկումենտները:

3) Էջմիածնի Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Սըսի ու Ախթամարի կաթողիկոսարանների, Պոլսի ու Երուսաղեմի պատրիարքարանների, այլև Հռովմի Վատիկանի և այլ հոգևոր իշխանությունների արխիվների հայոց պատմ <ության> վերաբերյալ դոկումենտներն ու նյութերը:

4) Էջմիածնի, Վենետիկի, Վիեննայի, Պետերբուրգի, Բեռլինի, Փարիզի, Լոնդոնի և այլ տեղերի թանգարանների ու մատենադարանների հայոց պատմ <ության> վերաբերյալ նյութերն ու ձեռագիրները և հայոց վանքերի ու հին հիշատակարանների արձանագրությունները:

5) Հայոց լեզվի, կրոնի, հին ու նոր բանավոր և գրավոր գրականության, երաժշտության, նկարչության, ճարտարապետության և այլ արվեստների վերաբերյալ նյութերն ու ուսումնասիրությունները:

6) Լայն ծավալ տալ պեղումներին և հրատարակել նրանց արդյունքներն ու հետազոտությունները:

7) Հավաքել հայոց և օտար մամուլի մեջ եղած հայոց պատմ <ության> համար կարևոր նյութերն ու տեղեկությունները:

8) Բոլոր նյութերը հավաքել Էջմիածին և այնտեղ ամեն հարմարություն տալ այս գործով պարապող ձեռնհաս մարդկանց:

9) Սրա համար կազմել մի ընկերություն, կամ կապել այս գործը եղած ազգ [ային] հիմնարկություններից մեկի հետ:

Եվ 10) Որովհետև այս ամենը երկար տարիների կատարելիք գործեր են՝ առանձին ուշք դարձնել ըստ կարելույն շուտով տալու վերջին դարերի պատմությունը՝ հայերը Ռուսատանում, հայերը Տաճկաստանում, հայկական գաղթականությունը և հայկական խնդիրը:

Նպատակի այս ձևակերպությունը, հարկավ, վերջնական խմբագրությունը չի և ենթակա է շատ նկատողությունների ու լրացումների, այլև միանգամից պարզ չի որոշված միտքն իրագործելու գործնական միջոցն ու ճանապարհը: Այս մասին լուրջ դիտողություններ եղան ժողովում, որին մասնակցում էին նշանավոր գիտնականներ և գաղութի ականավոր անդամները: Ապա թե ընտրվեց մի հանձնաժողով, որի մեջ մտնում էին պ. պ. ակադեմիկ Մառ, պրոֆ. Գարագաշ, պրոֆ. Վարդանյան, պրիվատ-դոցենտ Ադոնց, պետ <ական> խորհրդի անդամ պ. 0. Ղուկասյան, պետ <ական> դումայի անդամ Հովհ. Սաղաթելյան, իսկ <ական> պետ <ական> խորհրդական Գր. Տիգրանյան, Սիր. Տիգրանյան, նկարիչ Վ. Սուրենյան և Պատկանյան:

Հանձնաժողովը հարաբերության մեջ է մտնելու ուրիշ հայաբնակ քաղաքների հոբելյանական հանձնաժողովների հետ թե՛ առաջարկի խմբագրության և թե՛ գործադրության միջոցի վերաբերությամբ վերջնական եզրակացության գալու և համազգային հանգանակություն բաց անելու համար:

Պետք է ասեմ, որ Պետերբուրգի խորհուրդը ի միջի այլոց արծարծեց Էջմիածնի ճեմարանի լսարանները Հայագիտության հայկական Ակադեմիա դարձնելու և գրական ֆոնդն էլ պատմագրական կամ հայագիտական ֆոնդի հետ միաժամանակ դնելու խնդիրը, և այս խնդիրները ավելի պաշտպանություն գտան Մոսկվայի հայ ինտելիգենցիայի մի շրջանում, որը պատրաստվում է Մոսկվայի հայ գաղութը ժողովի հրավիրելու և Մոսկվայի հանձնաժողովն ընտրելու:

Следующая страница