Բակունց Ակսել՝   Վեպեր և վիպակներ

Լուսաբացին Քառասնաջրի ուղղությամբ գնացողները ջրամբարտակի մոտ տեսան Մկրտումին. կանգնել էր քարի գլխին ծիլավոր յափնջու մեջ կոլոլված և ինչպես ցինն է նայում վերից վար ու հետևում որսին, այնպես էլ նա նայում էր Քառասնաջրի պղտոր ալիքներին, որ թափով գալիս էին, ամբարտակին չհասած հանդարտվում, լճանում և ապա դեղնավուն փրփուրով թափվում ցած: Գիշերով մի քանի անգամ էր եկել: Մի անգամ, անձրևի վարար ժամանակ, նա Գոդուն իջեցրել էր ներքև՝ ստուգելու հո չի՞ քանդվել ամբարտակը: Ամեն անգամ վերադարձել էր ուրախ, սակայն հենց սանդուղքի գլխին մի կասկած փշի պես ծակել էր միտքը. չլինի՞ մի բան պատահի, հազար շառ ու դուշման, գան... Հը՞... Եվ նորից էր վերադարձել:

Մկրտումը քարի գլխից նայում էր ցած և անհամբեր սպասում, թե երբ պիտի երևա ամբարտակի պատը... Ջուրը ամբարտակի մեջտեղից, շլյուզի համար թողած բացվածքից ահռելի շառաչով ցած էր թափվում: Ջուրն այնքան շատ էր, որ այդ բացվածքը հերիք չէր անում ու թափվում էր պատերի վրայով: Մկրտումը նայում էր համառ ու շեշտակի, նայում էր ջրի ընթացքին, ասես ուզում էր հանդարտեր նրա թափը: Եվ ինչքան բարակում էր, ջրի տակից դուրս էին ցցվում ամբարտակի սպիտակ քարերը, այնքան էլ նրա դեմքի լարվածությունը մեղմանում էր, մկանները թուլանում էին: Դիմացի քարափի կրաքարը ապակու պես շողշողաց... Նրա փայլն ընկավ ջրի մեջ, պղտոր ջրի մթությունը կորավ, ջուրը դարձավ դեղին: Մկրտումը ժպտաց: Մանր վտակները չքացան, և ջուրը խոնարհ գառան պես ընկավ շլյուզի բացվածքը:

Ամբարտակը դիմացել էր. այդ էր ասում նրա հաստ և բարձր պատը, որ բազկի պես այս ափից մյուսն էր մեկնված: Ջրի տակից դուրս եկած քարերն ու կրածեփ պատերը պսպղում էին ճարպոտ փայլով: Մկրտումը վայր իջավ, կանգնեց պատի գլխին ու նայեց ջրվեժի ցնցուղներին: Ու նոր միայն զգաց, որ արևի սպիտակ սկավառակը արդեն բարձրացել է: Գոլորշի էր ելնում յափնջուց... Մկրտումը նայեց ջրին, մեկ էլ վեր բարձրացավ... Ներքևում գյուղն էր: Գոլորշին խառնվել էր կապույտ ծխի հետ: Եվ այդ քողի հետևից երևում էին կանայք, որոնք արևի տակ փռում էին կարպետ ու վերմակ, երեխաները կտուրների վրա վազվզում էին... Տղամարդիկ չէին երևում: Մի կին վազում էր պոչը ցցած ու կետ անող հորթի հետևից:

Մկրտումի նինջն եկավ... Հոգնել էր: Ու թիկնեց քարին. յափնջու մեջ կոլոլվելով: Ինչ լավ է՛ աշխարհը... Կարմրաքարը: Եվ ինչքան բան կա դեռ անելու այնտեղ... Մկրտումը հիշեց այն, որ գյուղում իրեն ու իրենց տունը չեն սիրում, թեկուզ երեսին չեն ասում... Վախենում են, հը՞, — մտածեց նա ու ձեռքը յափնջու տակից հանեց... Արևի շողերը խաղացին նրա կարճ ու մազոտ մատների հետ: — Փողը, հը՞, — հարցրեց ու բուռը սեղմեց, ասես արևի շողերը ոսկի էին թափել բռան մեջ:

Անհասկ մարդիկ... Ես ձեզ ի՞նչ եմ արել... Սպասեք մի քիչ էլ... կտեսնեք, թե ես ինչ կանեմ, ես՝ Մկրտում Խոջա Հիբանի տղան... Ինչ կանե՛մ...

Թեկուզ հեղեղը վնասել էր գյուղին, և մարդիկ դառնացած էին այդ առավոտ, — բայց և այնպես արևի ելքը, նրա առատ ջերմությունն ու փայլը մոռացնել տվավ գիշերվա սարսափը: Փայլում էր ամեն ինչ. եկեղեցու պղնձյա խաչին նայել չէր լինում, և երբ սարյակները թռչում էին, որ նստեն նրա թևերին, թվում էր, թե ընկնում էին կրակի մեջ:

Տեր Նորընծան սովորականից կանուխ էր զարթնել: Բաց արել երազահանը և կարդացել. «Երազն չար է և օրն կատարի»... Դողացող ձեռներով շալն ուսն էր գցել և Նռանձորի ճանապարհը բռնել: Վա՛տ, շատ վատ երազ էր տեսել... Իբր թե պատարագի ծանր ժամին, սկիհը ձեռին, շրջվում է, որ խաչակնքի բազմությանը, տեսնում է, որ բազմություն չկա, մարդ չկա եկեղեցում ու միայն իր աղջիկը՝ Հեղնարը, փայտին հենած, ոտները քարշ տալով մոտենում է հաղորդություն առնելու... Եվ իբրև թե դրսում աղմուկ է, ներս են վազում մարդիկ: Խոջա Հիբանի տղան պար է գալիս ու կանչում՝ որ կայծակը վառել է նրա խնձորենին, Նռանձորի արքայական խնձորենին: Մինչև այստեղ սրտի դողով կարողանում էր հիշել Տեր Նորընծան: Բայց շարունակությունը մտաբերելիս քիչ էր մնում դատողությունը խանգարվի... Իբրև թե սկիհից կաթ-կաթ արյուն էր թափվում ոսկենկար և ասեղնագործ շուրջառի փեշերին:

Այգիների ճանապարհով անցնելիս՝ նա տեսավ ջաղացպանին... Ուստա Նազարն էր, կանայք, որոնք նրան տեսնելուց գլխաշորով երեսի մի մասը ծածկեցին. ջաղացպանը տեղից վեր կացավ, «օրհնյա ի տեր» ասաց, բայց Տեր Նորընծան չլսեց:

Տեր հայրը հիվանդի պես էր, — ասաց ուստա Նազարը ջաղացպանին: Նա չլսեց: Արզումանը պատասխանեց.

Բաղի դարդն ընկել է ջանը, ուստա... Դու մեր դարդը քաշի...

Եվ մոտեցավ քարերին: Ուստան գոգնոցը կապեց, մալան առավ:

Ուստա, մի պատ կշարես, որ Պորտ-Արտուրի կրեպոստիցն էլ պինդ լինի... Դե երգդ ասի...

Տան առաջ Սիմոնի կինը և Սալբին արևի տակ փռում էին թաց ձավարը, չորաթանը և բարակ միթելները:

...Կեսօրի մոտ գյուղում իրարանցում ընկավ: Լուրը կայծակի արագությամբ կտուրից կտուր թռավ, հասավ մինչև այգիները: Ավան ամին մեղրաճանճի քթոցներն էր տեղափոխում, երբ Բարիկոյին տեսավ այգիների ճանապարհով վազելիս...

Բարիկո, ախչի, էդ ո՞ւր...

Ջաղացը... Ավան ամի, ղազախները գալիս են...

Ի՞նչ ղազախ... Կաց տեսնեմ, — սակայն Բարիկոն արդեն կամրջի գլխին էր: Ավան ամին գոտու տակ խրած արխալուղի փեշերն արձակելով, ճանապարհ ընկավ, չուխայի մի թևը կախ:

Արզումա՛ն...

Հե՛յ...

Տերության մարդ է գալիս:

Հե՛... Գալիս եմ հրե՛...

Տներից, բակերից դուրս էին գալիս տղամարդիկ, կանայք: Երեխաները նրանցից առաջ էին վազում: Գյուղը մրջնոցի նման իրար էր խառնվել, բոլորը շտապում էին դեպի գլխավոր փողոցը, ոմանք բարձրանում էին կտուրը և ձեռքները ճակատին դրած նայում հեռուն, ուր մի բան սևին էր տալիս: Երևվում էին երկու ձիավոր, որոնցից մեկը առաջ էր ընկնում, երբեմն էլ ձիու գլուխը ետ դարձնում: ...Մեկն ասում էր, թե վերի գյուղի համար են գալիս, մյուսը` թե երևի ձիավոր զորքը պիտի սարը բարձրանա, որովհետև նրա լսածով քաղաքում խոտ չի ճարվում: Արզումանը, խոր նայելուց հետո, բարձր ծիծաղեց...

Այ խամ հեյվան... Էն հո մեր խազեյինանց ստրումենտն են բերում... Պիլնու համար...

Ա հե՛... Սրա ասածը կլինի, հը՞, — ասաց մեկը:

Ղազախն էստեղ ինչո՞ւ պիտի, ի՞նչ բան ունի...

Կարելի է՛... Սպասի տեսնենք... Հրեն գլուխը հասավ Լուս Խաչերին...

Էն առաջինն էլ Եփրեմն է... Ես ձի քշելուցն եմ իմանում, — ասաց ԱրզումանըՈւ մյուսն ավելացրեց, — հրեն հա՛, կարմիր մադյանն է, էլի... Ես չեմ ճանաչո՞ւմ նրանց մադյանը...

Եվ սկսեցին ծիծաղել ղազախների գալու լուրը տարածողների վրա:

Ա դե ես իմ, է՛Բռիցս հոտ չեմ արել, որ իմանամ... Ինձ էլ Մուքելի տղան ասաց...

Ես էլ կտրանը կանգնած էի, ականջովս ընկավ...

Առաջինը Թելունց պառավն ասեց

Էնենց է ասել, որ հավերը ճարի...

Ու ծիծաղն ավելի թնդաց: Թեկուզ արդեն համոզվում էին, որ եկողները կազակներ չեն, դարձյալ չէին ուզում ցրվել: Հավաքվել էին խումբ-խումբ, տղամարդիկ ջոկ, կին ու աղջիկ՝ ջոկ: Շատերը գրկել էին մանուկներին: Ու միայն երեխաներն էին, որ այս խմբից այն խումբն էին անցնում, վազում շարքերի արանքով:

Ա թուլա, դե դադար կաց, է՛, — ասաց մի ալևոր, որին մի երեխա հրեց ու ձեռքի թութունից մի քիչ թափեց: Երեխան վազեց ու բազմության մեջ գտավ մորը:

Ինչ խաչը ջուրը քցելու ժողովուրդ կա, — ասաց մեկը:

Հավատաս, որ ջրօրհնեքին էլ էսքան մարդ չի հավաքվի... Հրեն հա՛... Քաչալ Սային էլ է եկել...

Քաչալ Սային մի կույր ծերունի էր, որ կամ իր բոստանի շվաքում էր պառկում կամ տանը՝ քուրսու տակ: Ոչ գյուղամեջ էր դուրս գալիս և ոչ էլ երևում էր գյուղական տոներին: Կողքի գյուղերն էլ էին նրան ճանաչում, մի կարմրաքարցու հանդիպելիս, եթե հարցնեին գյուղի անց ու դարձից, կարմրաքարցին ծիծաղելով պատասխանում էր, թե «Քաչալ Սային հլա բոստանումն է», այսինքն գյուղում նորություն չկա...

Տեր Նորընծան չկա՛ ...

Գնացել է ստրումենտ սարքի, որ գա ժողովրդին օրհնի...

Տնաշեն, խաչը ջուրը քցելիս օրհնում է... Բա մենք սաղ գեղով էս գիշեր ջրի մեջ ընկանք, ուրեմն չօ՞րհնի, — ասաց Արզումանը:

Այդ խոսքի վրա փողոցի ծայրում երևաց Եփրեմը: Նա ձիու գլուխը ձգեց, ձին հետևի ոտների վրա բարձրացավ ու պրտույտ արեց:

Շան որդու փորսին տես...

Մարդ է զարմացնում, կակ բուդտո ձի չենք նստել, — ասաց Արզումանը:

Էն մադյանը որ քու տակին լիներ, հավատա, ուրախությունից երկինք կթռչեիր...

Իմ տակին մին ռիսակ կար, որ քեզ պոչից կապած կտանեի Սուտիկ պապիդ մոտ, — պատասխանեց Արզումանը և խեթ նայեց Սուտիկ Ոսկանի թոռ Գըդըլ-Պուղուն, կարճլիկ ու հաստ մի երիտասարդի, որին գյուղում չէին սիրում: Նրան անվանում էին «պրիստավի թազի»: Երկուսն էլ իրար աչքով չափեցին. այդ րոպեին մեկը կանչեց.

Ֆուրգունները... — և Եփրեմը ձին արագ քշելով անցավ փողոցով, ցեխի շիթեր շպրտելով այս ու այն կողմ:

Ձիդ թրքեց... խազեին, — բազմության միջից կանչեց մեկը. ոմանք ծիծաղեցին: Եփրեմը ետ նայեց ու գոռաց պատերի տակ շար ընկած երեխաների վրա.

Դենը փախեք, շան լակոտներԸնկնելու եք տակը, սատկեք...

Եփրեմի բարկությունը մեղմելու նպատակով, թե բազմության մեջ աչքի ընկնելու համար Գըդըլ-Պուղին հարցրեց.

Եփրեմ, վերի կապովն եկա՞ք, թե ներքի ճամփով...

Վերի կապն էլ քանդվի, ներքինն էլ... Սա երկիր է՛... Շան օր քաշեցինք... — և ձին քշեց:

Պո-պոպո... Էս ինչ քոսակ է՛...

Կրիբալդի՛... Կրիբալդի...

Փողոցի ծայրին երևաց մի ձիավոր, երկար պլաշչը հագին: Գլխին դրել էր գյուղի համար արտասովոր գլխարկ, որի ծայրերը երկու կողմից լոշ-լոշ ականջների նման կախվել էին: Մարդն անբեղ, անմորուս էր: Նա նստել էր ձիուն այնպես, ասես պարաններով կապկպած էր: Գլուխը մազաչափ անգամ աջ ու ձախ չէր դարձնում: Կարծես գյուղի փողոցը նույն ձանձրալի ճանապարհի շարունակությունն էր, որով եկել էր նա մի օր շարունակ: Այդ ձիավորը գերմանացի էր, ներկայացուցիչն այն ֆիրմայի, որ փայտամշակման գործիքներ ու ստանոկներ էր մատակարարում ռուսական առևտրական տներին ու ստանոկների հետ միասին էլ առևտրական տների տրամադրության տակ ուղարկում իր վարպետներին, որոնք պիտի սարքեին սղոցարանները և սարքած հանձնեին տերերին: Իր կյանքում նա շատ տեղեր էր ման եկել և ամեն տեղ էլ տեսել նույն հետամնաց ու կիսավայրենի վիճակով մարդիկ և եկել այն համոզման, որ աշխարհի աչքը` իր հայրենիքն է, որ մյուս երկրներին մատակարարում է բազմաթիվ մեքենաներ և իրեն նման մարդիկ, որոնք մեքենայի մի մասն էին: Նա գլուխը չթեքեց նայելու ոչ Կարմրաքարի եկեղեցուն, ոչ այն քարաշեն տներին, որ խմբված էին հին եկեղեցու շուրջը: Նա տեսել էր այդ մի անգամ և համոզվել, որ ինչքան էլ գնար այդ երկրում, պիտի տեսնի նույնը` սարեր, ձոր ու անտառ, ջրեր, — որոնց ուժով քանի՛ սղոցարան կբանեին և մարդկանց` խեղճ, ռամիկ, մի քիչ էլ խորամանկ մարդկանց:

Աջ ու ձախ կանգնած ամբոխը զանազան նկատողություններ էր անում «Կարիբալդու» մասին, բայց հենց նա մոտենում էր թե չէ, խոսողները լռում էին և պլշած աչքերով նայում նրա տարօրինակ կոշիկներին, գլխարկին և կաշվե պայուսակին, որ մեջքին էր կապել և ոչ ձիու թամբին: Այս էլ սրախոսության նյութ դարձավ կտուրի վրա կանգնած տղամարդկանց համար: Բայց հենց այն ժամանակ, երբ մեկն ակնարկ էր անում Խոջա-Նասրեդինի և էշի փալանի պատմությանը, «Կրիբալդին» հանկարծ ձիու գլուխը բռնեց և վեր հանեց իր գլխարկը, ճոճելով Արզումանի կողմը:

Կտուրի վրայից Արզումանը նրան ասել էր «գուտտեն մորգն»... Գերմանացին անչափ ուրախությունից գլխարկը հանել էր:

Նա գերմաներեն մի քանի խոսք ասաց, սակայն համոզվելով, որ կտուրի վրայի մարդն ավելին չգիտե, գլխարկն նորից հագավ ու սանձը բաց թողեց: Բայց և այնպես այդ խոսքն էլ նրան դուր եկավ:

Մալադեց Արզուման...

Արզումանը լեմսի լեզու է խոսում...

Եվ շշուկը տարածվեց, հասավ մինչև կանանց բազմությանը, ու գունավոր շորերի, թաշկինակների ծովի մեջ մի դեմք վարդագույն դարձավ, գլուխը խոնարհեց: Քանի՛ անգամ նրա անունը տվին ու մատով ցույց տվին կտուրը, որի ծայրին նա կանգնած էր, զինվորական բաճկոնն ուսին: Սալբին հիշեց գիշերվա հեղեղը...

Իրար հետևից երևացին ֆուրգոնները: Հոգնած ձիերը կապույտ փրփուրի մեջ վերջին ճիգերն էին անում ծանր բեռը քաշելու: Գոլորշի էր բարձրանում նրանց քրտնած մարմիններից: Ֆուրգոնի անիվները, ճաղերը, ձիերի ոտները, նույնիսկ կուրծքը ցեխոտ էին, ասես ճղփալով անցել էին ցեխի հեղեղի միջով: Առաջին ֆուրգոնի մեջ մի հսկա արկղ էր, երկաթե ձողերով կապկպած: Երկրորդ ֆուրգոնի հատակին ընկած էին երկաթե երկար ու զանազան հաստության ձողեր, որոնց ծայրերը ցեխի մեջ քարշ էին գալիս, ակոսներ քաշում: Երրորդ ֆուրգոնը երկրորդից բավական հեռավորության վրա էր: Չուգունի պտուտակներ էին, տարբեր մեծությամբ, կտրատված երկաթներ, փոկերի ծալ-ծալ կապեր, փայտի արկղներ և ուրիշ մանրուք: Վերջին ֆուրգոնը բերնե բերան լցված էր թիթեղներով, և դրա համար էլ ամենից շատ նա էր աղմկում, զրնգացնում:

Կարմրաքարն առաջին անգամ էր տեսնում այդքան ֆուրգոն և այդպիսի ապրանք: Ճիշտ է, մի քանի անգամ Խոջա Հիբանի որդիների խանութի ապրանքը դարձյալ ֆուրգոնով էին բերել, բայց նրանք երկձի էին, սովորական սայլից մի քիչ մեծ: Մի անգամ էլ պրիստավ Բեկտաբեգովն էր եկել այնպիսի փոքրիկ կառքով, որին գյուղում անվանել էին ծտի բուն: Բայց այս անգամ չորս ֆուրգոն, չորսն էլ քառաձի և ի՛նչ ձիեր, ի՛նչ սարք ու կարգ: Կային այնպիսիները, մանավանդ կանանց մեջ, որոնք չէին տեսել նույնիսկ այն երկձի ֆուրգոնը, որ խանութի համար ապրանք էր բերում: Եվ զարմանքով, զմայլանքով էին նայում ֆուրգոնի ներկած ճաղերին, որ վրանի նման օրորվում էր:

Այ, ինչ ուխտ կգնամ դրանով... Մեջը քնի, ոչ արևն այրի, ոչ կարկուտը տա...

Լավ ալաչուխ կլինի դրա գլուխը...

«Աշխարհ տեսած» կանայք ծիծաղում էին նրանց վրա: Տեր Նորընծայի կինը մի անգամ որդուն ուղեկցել էր քաղաք և տեսել կառքը:

Անտերը ղուշի նման է գնում... Անսա՛ս... անսաո՛ւր... Էնքան էլ կակուղ...

Բա որ Բաքվա վագոնը տեսնես, — վրա բերեց մի ուրիշը, — ոտդ տափից կտրում ես թե չէ, պոկ է գալիս... Մին Գյանջա ես տեսնում, աչքդ խփում ես թե ննջաս, ըհը Բաքուն...

Իսկ նրանք, որոնք ոչ կառքն էին տեսել, ոչ Բաքվա վագոնը, ուշադրությամբ լսում էին թե՛ նրանց պատմածը և թե աչք չէին հեռացնում օրորվող ֆուրգոններից:

Չէ՛Կարմրաքարն էլ լուսավորվեց... Զավոդ բերին Հիբանի տղերքը...

Բալադ մեռնի, փո՛ղ... Տես ինչը որտեղ դուրս բերեց... Չորս ձիանի փրգոնը Կարմրաքար հասնի՛... Որ աչքովս էլ տեսնայի, էլի կասեի սա մեր գեղը չի, — վրա բերեց Ունանը, որ ցաքանը ձեռին այգուց եկել էր մի կապ ցախ թևի տակ:

Հմի կհավատա՞ս:

Էլ չհավատա՞մ... — տխուր ասաց Ունանը: Ասաց և հառաչեց, կարծես խոստովանեց մի դառն ճշմարտություն, որ ակնհայտ էր գարնան արևի նման, որի շողերն անտարբեր խաղում էին և պղնձե խաչի, և փայլուն թիթեղների հետ:

Հաղթական երթի նման էր ֆուրգոնների անցնելը: Գեր ձիերը, նրանց նոր սարքը, արծաթե կոճակները, որ շարված էին սարքի կաշիների վրա, ձիերի վզից կախած գունավոր փնջերն ու զանգուլակները, որ ավելի զորեղ էին հնչում, երբ ձիերը ուժ էին անում ֆուրգոնը քաշելու, վերջապես ֆուրգոնների տեսքը, նրանց վրա դարսած իրերը, որոնք ֆուրգոնի նման նոր էին, առաջից գնացող ձիավորները, — այս ամենը մայիսյան արևի տակ փայլփլում էին, շլացնում և հաղթական երթի նմանություն տալիս: Արզումանը նայում էր ֆուրգոնների շարքին. նա մտքում ասաց. «Հիբանի տղորց աբոզը»: Մանյովրի ժամանակ այդպես էին նրանք մտնում անծանոթ ավաններն ու քաղաքները: Եվ ժողովուրդը շարք կազմած թամաշա էր անում: Իսկ զինվորները, մանավանդ ձիավորներն, ավելի զիլ էին երգում գյուղը մտնելիս: Ինչ «հրեշտակներ» կային...

ՕՀո՛... Խրվեց... Նո՛ւ... — լսվեց մի խուլ աղաղակ: Ոմանք կտուրներից թռան և առաջ վազեցին: Առաջին ֆուրգոնի շուրջը խմբվել էր բազմություն: Խանութից քիչ ներքև, ճանապարհի այն տեղը, ուր տարին բոլոր ցեխը չէր չորանում, որովհետև գետինը ջուր էր դուրս գցում, ինչպես հիվանդ ու միշտ ճպռոտ աչքը, — ֆուրգոնի առաջին անիվը մինչև սռնակը խրվել էր:

Նո՛ւ... Ե՛... — կանչում էր ֆուրգոնչին, մտրակն օձի նման պտտացնում և շրափ իջեցնում միջի ձիերի գավակին: Ձիերն ուժ էին տալիս այնքան, որ պաստրոմկաների հետ միասին ասես իրենց ջլերը պիտի կտրատեին, ուժ էին անում, դես ու դեն ծռվում և չէին կարողանում մի քիչ էլ առաջ անել:

Սրան փոսի ցեխ կասեն, է՛... Շատ նու մի անի... Ձիերը մեղք են, — ասաց մեկը:

Սիմո՛ն, Արտե՛մ... Մոտեցեք, է՛… — կանչեց Ունանը, — բա էս ղարիբ մարդիկ ինչ կասեն: Արզուման, առաջ ընկի...

Երիտասարդները կարծես այդ խոսքին էին սպասում: Մինչ այդ նրանք վարանած կանգնել էին ու չգիտեին մոտենա՞լ, թե ոչ: Արզումանն առաջ քաշեց:

Ձիերի գլուխը պահի, — ասաց նա ֆուրգոնչուն և ուսը դեմ տվեց:

Հը՛... — և բազմաթիվ ձեռքեր հրեցին ֆուրգոնն ու անիվները: Կաս-կարմիր էին կտրել նրանց դեմքերը: Սալբին գաղտագողի դիտում էր: Նրա սիրտը թրթռում էր: Հանկարծ ֆուրգոնը շարժվի՛, հետի անիվը վրան գլորվի... — Շուռ չգա՞, — ասաց մի կին: Աղջկա սիրտն ավելի արագ բաբախեց: Այդ րոպեին երիտասարդների խմբի մեջ նա տեսնում էր միայն Արզումանին, նրա թիկունքը և աղեղի պես ձգված ոտքը:

Նո՛ւ, — և ձիերը դուրս քաշեցին ֆուրգոնը: Օգնողները ետ փախան: Միայն մեկի գլխարկը ընկավ անիվի տակ ու խոր թաղվեց ցեխի մեջ:

Ֆուրգոններն անցան:

* * *

Խանութի դիմաց, փոքրիկ հրապարակում շարժվելու տեղ չկար: Շարեշար կապած ձիերը փռնչացնելով ուտում էին Հարդախառն գարին, երբեմն էլ մռութով փորփրում լայն տոպրակները և հարդը թափում ոտների տակ: Ֆուրգոնների վրա մուշտակների մեջ կոլոլված պառկել էին հոգնած տերերը, որոնցից մեկը երբեմն գլուխը վեր էր հանում, «նո՛ւ» ասում ուտելիս իրար հետ կռվող ձիերին և նորից գլուխր դնում հարդի տոպրակին:

Ֆուրգոններից քիչ հեռու դարսված էր ապրանքը: Ինչեր չկա՛ր... Արկղներ, երկաթալարի կապեր, հաստ մեխերի կիտուկներ, թիթեղ, բարակ ռելսեր, վագոնետների երկաթե մասեր: Մեծ ստանոկը հինգ-վեց մարդու օգնությամբ իջեցրել էին և դրել խանութի դռանը: Ձողերը հենել էին խանութի պատին:

Տղամարդկանց մի բազմություն նայում էր յուրաքանչյուր իրը, տեղեկանում, թե ինչու համար է, ինչ գործ պիտի անի: Եվ հակասական բաներ էին ասում: Ոմանց ասելով վագոնետները պիտի փայտը սղոցեն, երկար ձողերը կամուրջի համար են, որի վրայով գերանները պիտի քարշ տան: Իսկ երեխաների խումբը չէր հեռանում վագոնետների մոտից. «Ի՛նչ կգլորվի գերեզմանատան բլուրից...», «Իշու արաբա է», ասում էին նրանք: Կանայք հեռվից էին նայում կամ փողոցով անցկենալիս քայլերը դանդաղեցնում, որ մի քիչ ավելին տեսնեն: Հարս ու աղջիկ իրենց տների առաջ փոքրիկ խմբերով կանգնած սպասում էին, որ երեխաներից մեկն ու մեկը գա, և նրանից տեղեկանան, թե ինչ «մաշիններ» կան արկղների մեջ, ճի՞շտ է, որ երկար ձողերով հոր են քանդելու, ինչպես ասում էր Շուղանց հարսը: Եվ երեխաներն ինչպիսի՛ առասպելներ էին պատմում...

Թոռան ուսից բռնած, մահակը գետնին տափտափելով, երեկոյան դեմ եկավ և կույր Սային: Ոմանք ծիծաղեցին նրա վրա, ինչ պիտի տեսներ նա. մյուսները սաստեցին ծիծաղողներին և հետ-հետ քաշվելով ճանապարհ բաց արին: Կույրը մոտեցավ, փայտն առջևն օրորալով, դիպավ ծանր պտուտակներին, կռացավ, սկսեց շոշափել: Ապա մոտեցավ վագոնետներին:

Սայի դայի... Մեծ մաշինը հրեն դուքանի առաջը... — ասաց մեկը: Ծերունին ու թոռը շրջվեցին այն կողմը: Ստանոկն արդեն բաց էին արել: Արևամուտի լույսի տակ պողպատի գորշ փայլով շողշողում էին նրա ողորկ լանջն ու ծանր ոտքերը: Ծերունին գրկեց, ականջը կախեց, ասես լսում էր, և բոլոր մասերը շոշափելուց հետո, տեղում ձգվեց:

Մկրտո՛ւմ...

Ի՞նչ է, Սայի ամի, — պատասխանեց Մկրտումը խանութից:

Էլ հունար ունե՞ս, թե էս է... Բե՛ր էն էլ տեսնեմ: Հոգի ունեմ տալու: Գնալու եմ, Հիբանը հարցմունք է անելու, թե ի՞նչ տեսար ինձանից հետո: — Ու քիչ անց հարցրեց. — սաս չունի՞ սրան...

Ունի, Սայի ամի, որ սարքենք, կլսես...

Էդ էլ լսե՛մ..., — ու դարձավ թոռանը, — գնանք, բալաս... Տավարի գալու վախտն է:

Եվ փայտը գետնին խփելով ծերունին հեռացավ: Կանգնածները լուռ նայեցին նրա հետևից:

Մինչև մութն ընկնելը մարդիկ չէին հեռանում խանութի մոտից: Երեխաները, անսալով ծնողների կանչին, ֆուրգոնի ձիերի սանձից բռնած ութ-տասը հոգով, ձիերը տանում էին ջրելու: Ինչ հպարտությամբ էր քայլում սանձ բռնողը, իսկ մյուսները հետ ու առաջ էին վազում, զմայլանքով ձիերի փնջերն ու զանգուլակները նայում: Նրանք երբեք այդպիսի գեղեցիկ ձիեր չէին տեսել:

Գիշերով նրանց տանը հավաքվել էին տասը-տասնհինգ հոգի: Ֆուրգոնչիներն էին, գերմանացին, պամոշնիկ Անտոնը, ուստան, Գըդըլ-Պուղին, Շալուն Սիմոնը և մի քանի մոտ ազգական ու բարեկամ: Երկու անգամ մարդ էին ուղարկել քահանայի հետևից:

Բակում, խարույկի առաջ մի մարդ կտրատում էր սյունից կախած ոչխարը: Սիմոնի կինը մեծ շերեփով խառնում էր կաթսան, շուտ-շուտ ածխակոթերը կաթսայի տակ հրում: Շողերը, Եփրեմի կինը, նրա մայրը շտապ-շտապ սանդուղքով վեր ու վար էին անում, տանում հաց, գինի, միս, պանիր, կանաչեղեն... Ընթրիքը գնալով թեժանում էր: Լայն պատնոցների վրա դարսած խաշլաման ու խորովածն իրար հետևից էին տանում: Եփրեմը գինու մի փոքրիկ կարաս էլ էր բաց արել: Ֆուրգոնչիները ձիու նման էին խմում քաղցր գինին և ճաքճքած մատներով, կեղտոտ եղունգներով բռնում մսի մեծ կտորները: Նրանց ձեռքերից ձիու քրտինքի և կաշվի հոտ էր գալիս, սակայն նրանք այդ չէին զգում: Գերմանացին էլ էր տաքացել: Նա դեն էր գցել պլաշչն ու պայուսակը և ագահությամբ դատարկում էր գինու գավաթները, ուշադրություն չդարձնելով այն կենացներին, որ ասվում էին, և ոչ էլ խմելու կարգին: Ուստա Նազարը փորձեց երգ ասելու, բայց ֆուրգոնչիներից մեկը քթի տակ ծիծաղեց: Սիմոնը գլուխը կախ ուտում էր, ինչպես կուտի առատ սեղանի մոտ նստած աղքատը: Եփրեմը բացվել էր. շատ հազվագյուտ էր լինում նրանց տանը այդպիսի ճոխ ընթրիք: Եվ խմում էր առանց քաշվելու եղբորից, խմում էր ու պարապ գավաթը գլխիվայր շրջում: Իսկ գերմանացին հռհռում էր

Ես տեսնում եմ, որ հայերը գործունյա մարդիկ են, — ասաց նա:

Ասա՝ հայի մեռել գետնի տակ էլ կբանի, — վրա բերեց ուստա Նազարը: Սակայն նրա ասածը Եփրեմը չթարգմանեց:

Հենրիխ ջան, — ասավ Եփրեմը, — խմի, գործի ժամանակ էլ քրտնի... Խարաշո, էյ բող:

Ես մի այդպիսի սղոցարան էլ սարքել եմ Լոռի... Ըմ... Էլի հայ էր, հարուստ հայ... Թիֆլիս էլ տներ ունի...

Եփրեմ, մի հարցրու տես նրանց մաշինն ինչ թավուր էր, — ասաց Մկրտումը:

Սաղ մի ֆիրմայի է, բրատ ջան, արխեին կաց, — ասաց Եփրեմը գլուխն օրորելով:

Քեֆի տաք ժամանակ Մկրտումը վեր կացավ և աննկատելի դուրս եկավ:

Էն տղայի համար մի քիչ հաց-մաց շինի, — ասաց նա կնոջը: «Էն տղան» Գոդին էր, որ այդ գիշեր պահակ էր մնացել ֆուրգոնների և խանութի առաջ շարած ապրանքի մոտ:

Գոդին յոթ-ութ տարի էր, որ նրանց տան մշտական ծառան էր: Նրա չեչոտ, անմազ երեսին նայողը դժվար կորոշեր տարիքը: Վանող մի արտահայտություն կար նրա աչքերում: «Լորդուն ինչքան էլ վնասատու չի, բայց էլի կերպարանքն օձի է», ասել էր նրա մասին Ավան ամին: Եթե գյուղում մեկի շունը օր ցերեկով գետնին զարկեր իրեն, գետինը չանգռեր, փսխեր և շնչահեղձ լիներ, պիտի ասեին, որ Գոդին է ասեղ տվել: Բայց մի քանիսն էլ ուրիշ կարծիքի էին՝ որ նա խեղճ է, վախկոտ է, «աստծու թակածը»: Համենայն դեպս նա Կարմրաքարի առեղծվածներից մինն էր: Եվ ինչեր չէին ասում... իբր թե, ինչպես ասում էին պառավներից մի քանիսը, Գոդու աչքերը հետևն էլ են տեսնում, և դրա համար էլ վախենում էին ափաշկարա նրա հետևից չանչ անել: Նա կարմրաքարցի չէր և այդ շրջանից էլ չէր: Տեր Նորընծան հաստատում էր, որ նրա «գրոց անունը» Գեդեոն է: Մի քանի անգամ հարցրել էին նրան այդ մասին, Գոդին ուսերը թոթվել էր և ծիծաղել սառն ու չար ծիծաղով: Նրա մասին հաստատը հետևյալն էր` նա օձ էր որսում, կարողանում էր առանց վախի ձեռք տալ նույնիսկ թունավոր օձին և ապա` սուլում էր այնքան հիանալի, որ ոչ մի հովիվ սրնգով նրան չէր հասնի: Եվ երբ գիշերները նրա սուլոցն էին լսում՝ խեղճ, սիրտ կտրատող երգը, ասում էին, որ Գոդին «աստծու թակածն է»:

Գյուղը քնել էր, ու միայն Հիբանի տանն էր աղմուկ, ծափ, հռհռոց: Խանութի մոտ, կրակի առաջ Գոդին նստել էր ու ննջում էր: Մկրտումի ոտնաձայնից վեր թռավ:

Հը՞... հո սովել չես, — ասաց Մկրտումը, — առ:

Մարդմուրդ հո չի երևացել, — հարցրեց:

ՉէՀամա խոսում էին Բոլոր քարի մոտ, — ասաց Գոդին:

Ո՞վ էր...

Ավան ամին էր, Չետանց Ուհանը, Արզումանը...

Հը՞:

Ավան ամին ասում էր, թե սրա վերջը լավ չի լինելու: Ժողովրդական հողում բերես զավոդ սարքես, առանց մի թույլատրության, մի թղթիչի կարելի... Ասում է ջամահաթի որոշը պիտի լինի, թե չէ, զակոնին անունդանակ է...

Հետո՞... — անհամբեր հարցրեց Մկրտումը:

Ասում է ժողովուրդով պետք է միրսկի տանք, թող Քառասնաջուրը խազնեն մեզ ծախի...

Մկրտումը քահ-քահ ծիծաղեց. գարու տոպրակի վրա կռացած ձիերը ականջները խլշեցին և մի պահ չծամեցին:

Քառասնաջուրը… — Ու կամաց հարցրեց. — Հո քեզ չտեսան...

Չէ...

Լավ: Դե մղայիթ կաց: Ֆուրգոնչիները մի քիչ քեֆով են: Ուշքդ վրադ պահի, քնով չանցնես, — ասաց Մկրտումը և շրջվեց տան կողմը: Նա մի քանի քայլ էր արել, երբ Գոդին հետևից կամացուկ ասաց.

Մկրտում ափի... — Մկրտումը հետ նայնց: — Բա մեր բանը ե՞րբ պիտի գլուխ բերես... Ախր վախտ է անց կենում... Վախենում եմ, որ...

Ինչը՞:

Էն էլի, որ քեզ գոմումն ասի...

Մկրտումը ծիծաղեց:

Չես դիմանում, հը՞... Լավ, իրիկունս անպատճառ կասեմ: Սիմոնին էլ, մորն էլ: Իմ հոգուս պարտքը: Էս անտերը մի խոդ քցենք: Հարսանիքդ ալբհալը գլուխ բերեմ: Մի հարսանիք անեմ ո՛ր...

Եվ գնաց: Գոդին ժպիտն երեսին դեռ երկար ժամանակ նայում էր մութին և լսում հետզհետե հանգչող ոտնաձայնը:

5

Փոշին հաստ շերտով նստել էր ճանապարհի եզրին բուսած արևածաղկի թերթերի ու կարտոֆիլի թփերի վրա, առուն բարակել էր և օձանման պտույտներով բակերն էր մտնում, շտապ կտրում փողոցի լայնքը և արևի տապից փախչելով, իջնում բանջարանոցները, ուր արևածաղիկն ու եգիպտացորենը բարդիների պես ստվեր էին գցում առվակի վրա:

Գյուղի փողոցներում անց ու դարձը դադարել էր, բակերում մարդ չէր երևում: Միայն Բոլոր քարի մոտ աշխատանքի անընդունակ երկու ծերունի, որպես լուծից բեզարած եզներ, նստել էին, ջրակալած աչքերը հառել առվակին: Ով գիտե ինչ էին մտաբերում ծերերը վազող ջրին նայելիս: Երիտասարդ օրերի կարո՞տն էին քաշում, երբ ամառվա տապին հանդից տուն չէին գալիս և քնում էին թարմ խոտի վրա` երեսն աստղկա երկնքին, թե՞ հաշտ էին և դատապարտվածի նման սպասում էին անողոքին, որ պիտի գար և ուշանում էր: Գուցե և ոչ մի միտք պտույտ չէր անում նրանց ուղեղում, ինչպես կամնը կալում և հենց այնպես նստել էին քարացած, իբրև արձան, իբրև Բոլոր քարի մի մասը:

Նրանց դիմաց, կիսաքանդ մարագի ստվերում, երկու հորթ ականջներն էին շարժում և որոճում: Եկեղեցու գավթում հոտից հետ մնացած ոչխարը, որի դմակը փաթաթված էր թաղիքի մեջ, պոկոտում էր պատերի տակ բուսած չոր խոտը: Գայլը ցրիվ էր տվել դմակը, տերը փաթաթել էր վերքը, որ շոգից ու կեղտից որդնոտել էր: Քաղցած ոչխարը և՛ պոկոտում էր խոտը, և՛ ցավից դմակը պատերին ու քարերին քսում: Գավթի ստվերում, փալանը փորի տակ կախ, շշմած կանգնել էր մի էշ և նայում էր ոչխարի շարժումներին: Արթուն և առույգ էին միայն աքլորները, որ քրքրում էին փողոցի աղբն ու արուի հպարտությամբ կանչում հավերին:

Ծառի տերևն էլ չէր դողում: Եվ տոթին, երբ մեղուներն էլ էին խմբերով իջնում առվակի խոնավ ափերին, — Բոլոր քարի մոտ նստած երկու ծերունի լսում էին Քառասնաջրում թափվող ջրի ձայնը և բարակ զրնգոցը: Նրանց համար նորություն էր այդ. կարծես երկաթյա թևերով մի թռչուն իջել էր ձորը և նվում էր՝ թևն արնոտ բուի նման:

Էլ էն Քառասնաջուրը չի, հե՛յ… — ասաց ծերունիներից մեկը ննջացող ընկերոջը:

Ասում է ձորի մասրիքը չորացել են, — պատասխանեց նա և աչքերը՝ շոգից, հոգնածությունից, ծերությունից փակվեցին:

Ծերունին ճիշտ էր ասում: Քառասնաջուրն էլ առաջվա փոքրիկ ձորակը չէր, ուր այնքան առատ էր լինում մասուրը, իսկ քարերի արանքում՝ մանուշակի ու մորենու թփեր: Թիթեղյա ծածկոցը թուխպի պես թևերը փռել էր, հենվել սյուների վրա, որոնց արանքում վագոնետները բարակ ռելսերի վրա հետ ու առաջ էին գլորվում: Ճիշտ մեջտեղը, գերանների վրա ամրացված էր ստանոկը:

Պողպատյա սղոցը պտտվում էր, գերանը դժկամությամբ էր իր սպիտակ բունը մոտեցնում, սակայն վագոնետը գլորվում էր և սղոցի սրածայր ատամները քրքրում էին փափուկ միջուկը, ավազի նման շպրտում: Սղոցը զիլ էր զրնգում, երբ դեմ էր առնում կարծր կոշտի, ավելի արագ էր պտտվում, տաքանում և կոշտը ճեղքում: Գերանը երկու կտոր անելուց սղոցն ավելի հանդարտ էր զրնգում, նեղ ձորից դուրս եկող գետակի պես, և սպասում, որ մի այլ գերան, սպանդանոց քշվող եզան նման, վիզը մեկնի սուր դանակի տակ:

Ամբարտակից ջուրը բաց խողովակով թափվում էր հսկա անիվի վրա, որ հագցրված էր երկաթյա երկար ձողին: Քառասնաջրի երկու ափին գտնվող փայտի սյուներն իրենց վրա էին կրում ոչ միայն գլխավոր անիվի և ձողի ծանրությունը, այլև նույն ձողին հագցրած փայտյա մի ուրիշ անիվի, որի՝ բոխի փայտից շինած ատամները խրվում էին չուգունե պտուտակի ատամների մեջ: Տասը փութ ծանրություն ունեցող այդ պտուտակը, որ ավելի կարճ ձողի էր հագցրած և հենվում էր ցածր սյուների վրա, — իր հերթին դարձնում էր մի այլ պտուտակ, որի ձողին ամրացրած երկաթյա անիվը հաստ փոկերով միացված էր ստանոկին: Այդ ամենը շարժվում էր, վզզում, զրնգում այն ջրով, որ ամբարտակի բարձրությունից թափվում էր մեծ անիվի վրա: Ինչքան մոտենում էին ստանոկին, այնքան պտուտակներն ավելի արագ էին դառնում, և մեծ անիվի ծանր պտույտը փոկերը հարյուրապատիկ արագ էին հաղորդում վերջին պտուտակին: Հերիք էր շլյուզի փականն իջեցնելու, որ նույն վայրկյանում դադար առնեին փոկերը, պտուտակներն ու անիվները, և սղոցները մնային գերանի մեջ խրված, ինչպես թափով նետած սկավառակ:

Следующая страница