Բակունց Ակսել՝   Վեպեր և վիպակներ

Այնտեղ հիմա վար են անում, հարաքաշ են իրենք, Միրզամը, Ղլիճ Ղազարի խալխը: Ամբոլին լծել են իրենց Ջեյրան եզը և Ղլիճ Ղազարենց Ծիրանը: Մալաղոնդի Ղևոնդը չուխան մեջքին քլավանդ արած բռնվել է վեսկու պոզերից, իսկ հայրը հորովել է ասում, և նրա ձայնից թնդում են Քանաքեռի քարափները: Ագռավները ծանր-ծանր գնում են ակոսների հետ և կտցում են արևերես ընկնող ճիճուներին: Նոր ակոսներից տաք գոլորշի է բարձրանում: Նանին աղլուխի մեջ հաց է կապել և ասում է. «Խաչեր, սիրտս հանդի հաց ուզեց... Ղադեդ առնի նանին, մի էս հացը տար հանդին նշանց տուր, բեր: Հրեն զագարակի արտերը վարում են... Տար, բալա ջան»: Հացն առնում էր և չէր գնում զագարակի արտերը, այլ գնում էր Ապրանքափոսի բաղը՝ պարսատիկով քար գցելու կաչաղակի բներին կամ քչքչան առվի վրա ջաղաց շինելու...

Իսկ ինչ կասեն վանքում, եթե իմանան այդ պատմությունը, եթե Խաչատուր դպիրին տեսնեին տիկին Էլոիզի հետ... Նա հեգնոտ ժպտաց: Եվ աչքին պատկերացան խցերը, վանքի գավիթը, ձիթհանքի քարերը, որտեղ հիմա արևկող են արել վանականները... Ահա կարծես գետնի տակից դաշտամուկի նման դուրս եկավ Կուզ Բաղդասար վարդապետ Խըդր օղլին: Նա հոտոտեց մուկի նման և մանր քայլերով արագ-արագ գնաց և իսկույն մտավ Շիրաճի Բարսեղ սարկավագի խուցը. «Խաբա՞ր ես, խաբա՞ր ես, քանաքեռցի Խաչատուր չիք-դպիր լյուտերականաց հետ... միանգամա՛յն է...»: Իսկ Շիրաճին դեռ նոր է զարթնել քնից և կեղտոտ եղունգներով քաղցր քորում է մարմինը և միայն մնչում է... Մուկը դուրս է վազում մի ուրիշ խուց, որտեղ ամբարապետ Կյուրեղ հայր-սուրբը վիթխարի քրեղանի մեջ մածնաբրդոշ է արել և թոնրի կրակով խորոված ուլի մսերը բրդոշի հետ մատներով մղանում է բերանի քարանձավը: «Ինքյար օլանըն իմանը(...» և ամբարապետն ավելացնում է այնպիսի բառ, որ խցի մոնթը, որը ջրամանը ձեռքին կանգնել է, — ամոթից շրջում է երեսը: Եվ ի վերջո Խըդր օղլին լուրը տանում է ձիթհանքի քարերի վրա արևկող արած վանականներին՝ Զըպուն Բարսեղ եպիսկոպոսին, Մարտիրոս վարդապետին, որ կոչվում է «կենդանի նահատակ», տիրացու Իգնատիոսին, որ ճան է խաղում դուքանչի Դանել վարդապետի հետ, ապա գալիս են Շիրաճի Բարսեղը, ամբարապետ Կյուրեղ հայր-սուրբը և ահագին աղմուկով բոլորը ղռղռում են, բամբասում, քրքրում են նրա անունը, ինչպես ագռավները լեշի միսը...

Հետզհետե մտքի թելը բարակեց: Քնի և երազի սահմանում նորից երևաց տիկին Էլոիզը... Ինչքան չքնաղ էր նրա դեմքը կիսաստվերում... Աչքերի մեջ պղտոր փայլ կար, շրթունքները լցվել էին մուգ կարմիր արյունով: Երբեմն նա աչքերը փակում էր և կույրի նման շոշափում նրա գլուխը, դեմքը, կարծես ուզում էր հոգու մեջ հավիտյան դրոշմել նրա պատկերը: Երբեմն մոտ էր պահում նրա գլուխը և նայում էր առանց աչքերը թարթելու, կարծես ասում էր. «Ի՞նչ կա քո աչքերի մեջ, սիրելի երեխա, որ գրավել է ինձ... Ասա, ի՞նչ կա...»: Բայց նա բառ չէր արտասանում, այլ երբ այդպես մոտ նայում էր նրան, ամուր գրկում էր և երկար-երկար համբուրում...

Շոգ էր... Վանքի հարավային դարպասը փակ էր: Ինքն իջնում էր դիվանատան նարդիվաններով: Ատենադպիր Թադե վարդապետը նրան ուղարկել էր ձեթի: Վանքի գավթով արագ անցավ թվանքչի Թումասը... Նրա ետևից հազիվ էր հասնում կոնդեցի Սահակ եպիսկոպոսը: Նա գնում էր, և վեղարը փռփռում էր: Նրանք մոտեցան դարպասին: Թվանքչի Թումասը դարպասի փոքր դուռը բաց արեց, իսկ կոնդեցին ամբողջ մարմնով դուռը կալնեց: Կարծես ուզում էր դուրս գալ, և դուռը նեղ էր: Նա հետ քաշվեց... Իրար ետևից ներս մտան վեց-յոթ օտարականներ, տարօրինակ զգեստներով: Ապա թվանքչին բացեց մեծ դարպասը և ձիերը քաշելով՝ ներս մտան հրացանավոր մարդիկ: Նրանք ձիերը տարան ախոռատան կողմը, իսկ օտարականները՝ կոնդեցուն շրջապատած եկան դեպի վանք... Ինքը ձեթի ամանը ձեռքին կանգնել էր: «Է՛յ, տանձի գող քանաքեռցի, — բղավեց կոնդեցին, — ի՞նչ ես ճանառի նման ռեխդ բաց արել... Մեռա նիզնայթ ասելով: Արի ջուղաբը տուր է, ուսյալ անզգամ»: Մոտեցավ նրանց: Այդպիսի դիմագծեր նա իր կյանքում չէր տեսել... Ռուսներ չէին... Մի նիհար մարդ խմբից անջատվեց և նրան ռուսերեն հարցրեց. «Դո՞ւք եք հերր դիակոնուս Աբովյանը...»: «Այո, ես Խաչատուր դպիրն եմ, գրագիր դիվանատան և թարգման»: «Ձեր ուսուցիչը` հայր Ալեմդարը, Թիֆլիսում մեզ ասաց, որ վանքում միայն դուք կարող եք թարգման և ուղեկից լինել մեզ: Ես պրոֆեսոր Պարրոտն եմ...»: «Էս ղարիբականներին տար աթոռակալ սրբազանի կուշտը, տես ինչ կասի... կարող են զիանլու մարդիկ լինեն, մղայիթ կաց»: Պարրոտը նայում էր մեկ դպիրին, մեկ եպիսկոպոսին և ոչինչ չէր հասկանում: Ձեթի ամանը դրեց նարդիվանի վրա և նրանց առաջնորդեց Ծաղկավոր Էյվանի հայաթը:

Շոգ էր: Արևն այրում էր: Նա գրատը քաշեց քարի ստվերը և կողքի վրա դարձավ: Շորի մեջ փաթաթած գիրքը դրեց գլխատակին... Քունը հաղթում էր: Մտքի մեջ հարավային դարպասն էր: Ամառվա շոգ ցերեկը, երբ վանքի բակում օքմին չէր երևում, թվանքչի Թումասը մեկնվում էր դարպասի ստվերում: Նա ասում էր, թե դարպասի տակով զլզլան հով է փչում... Էլոիզը երեկոյան ինչքան նման էր իր պատկերին: Երիտասարդ, բոլորովին երիտասարդ աղջիկ էր, երբ պռոշները կարմրել էին. ուսը շափաղ էր տալիս, սպիտակ ուսը... Գնում են՝ ինքը և աղջիկը... Թվանքչի Թումասը դուռը բա՞ց կանի, թե՞ ոչ: Դուռն ինքն իրեն բացվում է և փակվում: Բոլորովին մենակ կանգնել է վանքի բակում: Աղջիկը չկա... Բայց ո՛չ վանքն է երևում, ո՛չ խցերը, ո՛չ Ղազարապատը: Մացառներ են, վայրի խոտ և ուղտափուշ... Այնպես են խճճվել, կարծես երբեք արորի խոփը չի առել այդ հողը: Մի բարակ ճանապարհ է նշմարում խոտերի մեջ... Գնում է ճանապարհով, օձ է երևում՝ կանգնում է: Մի ձայն ասում է. «Խաչատուր, վանքի քանքանի օձերն են, մի վախի...»: Գնում է նեղ արահետով: Լափռի փշեր են՝ վրան սև թրթուրներ... Թրթուրե բարակ ոստայնի թելով կախվում է մի կարմիր կարիճ: Վախեցած առաջ է վազում և ինքն իրեն հարցնում. «Կարիճը մի՞թե կբարձրանա ծառը...»: Ետ է նայում` կարիճը գալիս է, ոնց է գալիս, պոչը մեջքի վրա պահած վազում է, ինչպես բրդոտ շուն... Բողարն է... Բողար, անիրավ, էս ո՞րտեղից... Այլևս արահետը չկա, այլ կանաչ բլուր է, գագաթին մի քար: Բարձրանում է քարի վրա, ուզում է տեսնի, թե ո՞ւր է վերջը մացառուտի. չորս կողմը մարդու հետք չկա, ո՞ւր է ընկել ինքը... Կանգնել է ոչ թե քարի վրա, այլ մի ավերակ եկեղեցու բեմի վրա: Ո՛չ զարդ կա, ո՛չ ջահ, ո՛չ վարագույր... Եկեղեցին սյուներ չունի և գմբեթ չունի: Բաց դռնից նայում է դուրս: Հանկարծ թփերը շարժվում են, խոտերն օրորվում են: Եվ մեկ-մեկ թփերի արանքից, խոտերի միջից դուրս են գալիս երեխաներ և մտնում են դռնով: Նրանք երկար ճանապարհ են անցել և չարչարվել են: Ահա մեկի ճակատը փուշն արյունոտել է, այն մյուսի թշերն է չանգռել, երրորդը քրտնած հևում է... Բոլորը նայում են խելոք աչքերով: Նրանք դեռ գալիս են, գալիս են և վերջը չի երևում... Ինչքան գալիս են, այնքան եկեղեցու պատերը հեռանում են: Ներս մտնողները նստում են քարերի վրա և լուռ նայում են իրեն: Ինքը թևի տակ ունի մի գիրք... Բաց է անում այդ գիրքը: Բոլոր բառերը կարմիր են, միայն իր անունն է սև թանաքով: Կարդում է, և կարդացած բառերն իսկույն չքանում են, կարծես իր շնչով այրվում են կարմիր բառերը և կայծերի նման թռնում են... Հանկարծ երեխաների միջից ոտքի է կանգնում պրոֆեսոր Պարրոտը և ձայն է տալիս. «Բարձր կարդա...»: Եվ նա ձայնը բարձրացնում է... Բայց ինչո՞ւ թևը ծանրացավ և այլևս չի կարողանում շրջել էջը: Գիրքն էլ ծանրացավ: Մատներն այրվում են, գիրքը կարծես պղնձից է ձուլած և տաքացել է... Նա ուզում է գիրքը վայր դնել, բայց մատները ձուլվել են գրքին: Ու մեկ էլ բռնկվեց գիրքը: Շորերի վրա կաթկթում է կարմիր պղինձը... Կաթում է և այրում: Ծուխ է... Էլ ոչ ոք չի երևում: Ուզում է կանչել, բայց ձայնը կոկորդից չի ելնում... Նա բարձր է պահում վառվող գիրքը, որ կրակը հեռվից տեսնեն... Կապույտ ծուխի մեջ երևում է նանին... Գալիս է դանդա՛ղ, պառավ կնոջ քայլերով: Գալիս է և հաճախ կռանում. կարծես «ծտի պաշար» է քաղում: Նրա հետ գալիս է մի աղջիկ, զառ մանդիլը գլխին... Ինչո՞ւ է այդպես հագել Էլոիզը: Եվ ո՞րտեղ է հանդիպել մորը: Կանչում է, բայց ձայնը նրանց չի հասնում, կանչում է ոչ յուր ձայնով, այլ բարա՛կ ու քաղցր ձայնով: Էլ չի կանչում, բայց այդ ձայները գալիս են, այդ ձայները դեռ հնչում են:

Նա աչքերը բաց արեց: Ի՞նչ ձայներ են... Երազի մե՞ջ է, թե արթուն է... Աչքերը տրորեց և նստեց: Իսկ այն ձայներն ահա պարզ լսվում են և հնչում են ինչպես երազի մեջ: Նա շուրջը աչք ածեց, ապա նայեց վերև:

Կռունկները, կռունկները...

Եվ ձեռքերը վերև պարզեց:

Կռունկների երամը գնում էր բարձրերով: Նրանց կանչերը զրնգում էին ջինջ օդի մեջ, և երկնքի յոթ կամարն արձագանքում էր այդ ձայներին:

16

Էմբախի վրա լողում էր մի նավակ:

Արմենիերը վերևից ձայն տվեց, և նավավարը, որ կարծես նիրհել էր, գլուխը բարձրացրեց վեր: Այդ ամայի ափերին նրա համար անակնկալ էր որևէ մեկին հանդիպել: Նավակը նա մոտեցրեց ափին:

Արմենիերն արագ իջավ, ցատկեց նավակը և միայն այդ ժամանակ նկատեց մի փոքրիկ աղջկա, որ անշարժ նստել էր նավավարի դիմաց: Արևը ողողել էր նրա մուգ դեղին մազերից մինչև բոբիկ ոտքերը: Առաջին հայացքից փոքրիկ աղջիկը թվաց դեղնամոմից սարքած տիկնիկ, որ չի թարթում աչքերը, չի խոսում, այլ միայն նստում է՝ ձեռքերն անշարժ: Սակայն աղջիկն աչքերը թարթեց և միամիտ անմեղությամբ նայեց պղտոր ջրին, որի երեսին լողում էին տերևներ և չոր ճյուղեր, որ ո՛վ գիտե ինչ դաշտերից հավաքել էր գիշերվա հեղեղը:

Աղջիկս է, — ասաց նավավարը, որսալով նրա ուշադիր հայացքը. — հիվանդ է, պարոն... Ասում են արևը և գետի զովը նրան օգտակար է:

Իսկ ինչո՞վ է հիվանդ:

Չգիտեմ... Այսպես մոմի նման հալվում է, հալվում է և մի օր էլ... Ի՞նչ ասեմ: Չորրորդ երեխաս է, պարոն

Եվ չորսն էլ այսպե՞ս են:

Չորսից երեքն այսպես էին և հիմա չկան: Սա չորրորդն է: — Հայրական այնպիսի քնքշանք կար նրա դեմքին, — ասում են, որ պետք է լավ սնել, կաթ և յուղ և ձու տալ: Իսկ ո՞վ է մեզ տվել կաթ և յուղ և ձու... Ահա իմ ամբողջ օրվա աշխատանքը, — և նա ոտքով հրեց ուռկանի կույտը, որի տակ, նավակի հատակին, թարմ ձկներ էին, — այս էլ դժվար էՀիմա ձուկը սիրում է ծանծաղ ափ, որտեղ և արև կա և խոտ: Իսկ ծանծաղ ափերը մերը չեն...

Հապա ո՞ւմն են:

Պարոններինն են... Այ, տեսնո՞ւմ ես այն կաղնին: Նրանից այն կողմ բարոն Կելենբախի հողերն են: Եվ գետն է նրանը, և ձուկը, և հողը, և անտառը, և մարդիկ էլ նրանն են... Իսկ ի՛նչ ձուկ կա, ի՛նչ ձուկ կա, — նա լռեց, հասկացնելով, որ այնտեղ շատ լավ ձուկ կա, — ձուկն էլ գիտի, թե որտեղ է ապահով: Այս կողմերում այնքան սոված մարդիկ են շրջում... Եվ ձուկը մեր կողմերով խորքով է գնում և այնպես զգույշ է, որ չես բռնի: Իսկ այնտեղ՝ այնտեղ ուրիշ բան է: Կարող ես ձեռքով էլ հանել, ինչպես թե տակառից հանես: Այդպես է: Աստված այդպես է բաժանել. լավ հողերը և դաշտերը տվել է պարոններին, անտառներն արջերին է տվել, իսկ մեզ... Այ թե ինչ է տվել, — և նա թիակը թողնելով օդի մեջ, ձեռքով կիսաշրջան գծեց: Նա պղտոր գե՞տն էր ցույց տալիս, գետի աղքատ ափե՞րը, դիմացը նստած հիվանդ աղջկա՞ն, թե՞ այդ ամենի հետ միասին նաև իր ցնցոտիները:

Իսկ մեզ մոտ այդպես չէ... Այնտեղ ամեն մարդ կարող է ուզած ջրում ձուկ բռնել:

Ո՞րտեղ ձեզ մոտ:

Հայերի երկրում:

Նավավարն այդպիսի երկրի անուն չէր լսել: Եվ այդ նրան ճնշեց այնպես, ինչպես հասարակ մարդկանց ճնշում է խրթին բառը:

Չեմ լսել և չեմ կարող ասել, — մռմռաց մարդը, — բայց կարող եմ ասել, որ ես էլ օտարական եմ, և այս կողմերի մասին էլ ասում էին, թե ազատ երկիր է և ապրելը հեշտ է... Բայց այդպես չէ: Աշխարհում որտեղ մի կուշտ կա, այնտեղ հարյուր քաղցած կա: Ահա ես հիսուն տարեկան եմ և շատ աշխարհներ եմ տեսել, Մոսկվայի հրդեհն եմ տեսել, եղել եմ Բերեզինայի կռվում և նույնիսկ մինչև Պրուսիա քշել եմ ֆրանսիացիներին և երկու ձմեռ ձմեռել եմ Ստոչեկում... Կա այդպիսի տեղ Լեհաստանում: Այնտեղ է, որտեղ, ասում են, պան Տվերնիցկին մերոնց լավ ջարդել է... Տոնավաճառի մի զինվոր պատմեց ինձ: Նա էլ մեր կողմերից է և վիրավորվել է, բայց ոչ Ատոչեկում, այլ Կավրենիշկի մոտ... Եվ ահա, — բայց այդ խոսքին մի ուժեղ ալիք խփեց նավակին, ջուր ցայտեց, և փոքրիկ աղջիկը վախից աչքերն արագ թարթեց. — վախեցա՞ր, Մարֆուշա, — աղջիկը թույլ ժպտաց:

Նավավարը լռեց, մոռանալով ասելիքը: Նրա հայացքը պղտոր և մութ էր, ինչպես Էմբախը, որ անաղմուկ հոսում էր, լռության մեջ թաքցնելով մի ահավոր ուժ: Նավակն էլ հնադարյան էր, նավավարն էլ քրքրված և թրջված զգեստով, նույնիսկ ուռկանի շատ հանգույցներ կապկպված էին զանազան թելերով, — բայց և այնպես թե՛ նավակը և թե՛ նավավարը դեռևս այնքան դիմացկուն էին, որ այդպես կարող էին լողալ թեկուզ մի դար:

Արմենիերը նայում էր աղջկան. «...Մոմի նման հալվում է, հալվում է և մեկ օր էլ...»: Նրա մանկական ուսերն այնքան նիհար էին: Աղջիկը բոբիկ ոտքերը մեկնել էր արևի տակ և չէր հագենում ջրին նայելուց: Երբ երկու ալիք իրար էին զարնվում, նա ժպտում էր, ինչպես հիվանդ երեխան, որին մայրը մոտեցրել է պատուհանին, և պատուհանից նա նայում է իր ընկերներին, որոնք բակի մեջ խաղում են շան լակոտի հետ: «...Ճշմարիտ որ հալվում է... Եվ շուտով կհանգչի նրա ճրագը...»:

Նա մի ինչ-որ նմանություն տեսավ այդ աղջկա և Եղսան հոքիրի Մայրանի միջև. երկուսն էլ վտիտ էին, համարյա հասակակից, երկուսն էլ պատառոտված շորերով և ոտաբոբիկ: Մայրանի հյուսերը սև էին, իսկ Մարֆուշան ուներ մուգ դեղին մազեր: Բայց երկուսի աչքերը նույնն էին արտահայտում: Կարծես այդ մանուկներն իրենց կյանքում տեսել էին մի ահավոր սարսափ, որ նրանց մինչև մահ պիտի հալածեր:

Արմենիերը երեսը շրջեց: Գետը հետզհետե հանգստացրեց նրան... Այլևս չէին լսվում կռունկների կանչերը: Միայն երբեմն մանր կոհակները գետի միջից երամ-երամ վազում էին դեպի ափերը և երբ ընկնում էին ավազի վրա, ավազը խուլ զնգում էր:

Իսկ նա ուզում էր մեզ ազատություն տալ, — ինքն իրեն խոսելով մտածում էր նավավարը. — և կտար, բայց մեր թագավորը չթողեց, և պրուսացին չթողեց, և անգլիացին չթողեց... Այսպես էլ մնացինք, պարոն...

Ինձ ինչո՞ւ պարոն ես ասում, — սրտնեղեց Արմենիերը:

Ինչո՞ւ, — նավավարը դառն ժպտաց, — որովհետև այդպես է... Ամեն բանից երևում է, որ պարոնը ես չեմ:

Ես գյուղացու որդի եմ:

Կարող է... Այժմ ասում են այնպիսի պարոններ են դուրս եկել, որոնք ժողովրդի հետ են: Այ հենց նրանք, որոնք Պետերբուրգում կրակեցին թագավորի վրա: Իսկ Վարշավայում նույնը չի՞... Դպրոցի աշակերտները և պարոն ուսանողներն առաջինն են հարձակվել բերդի վրա: Իսկ Վարշավայի բերդը, կարող եմ ասել, որ բերդ է, և ոչ թե հողե ֆորտեցիա... Իսկ ժողովուրդը տեսել է, որ պարոններն իրենց հետ են, ուրեմն` տվե՛ք գեներալներին... Դեռ երկար կքաշի այս պատերազմը... Եվ ո՞վ է իմանում, գուցե մի բան լինի:

Ի՞նչ ես սպասում, որ լինի:

Նավավարը շեշտակի նայեց Արմենիերին:

Պարոն... Եվ կամ եթե այդ ձեզ հաճելի չէ՝ եղբայր, սիրելի եղբայր, այստեղ ես եմ և դու ես, վերև Աստված է լսում, ներքև միայն այս խեղճ երեխան: Եվ ուրիշ ոչ ոք չի լսում մեզ, — նա կռացավ դեպի Արմենիերը, — ինչի՞ է սպասում աղքատ գյուղացին: Աղքատ գյուղացին սպասում է մի կտոր հողի և ազատության: Եվ ուրիշ ոչինչ չի սպասում: Եթե նա հաղթեր, մեզ կտար և՛ հող, և՛ ազատություն:

Ո՞վ կտար:

Կատակ եք անում, պարոն եղբայր... Դուք ինձնից լավ գիտեք, թե ով կտար:

Պատվովս եմ երդվում, որ չգիտեմ: Եվ որտեղի՞ց պետք է իմանայի: Ութերորդ ամիսն է այս երկրումն եմ և ուսանում եմ միայն գիտություններ: Իսկ այդպիսի բանի տեղյակ չեմ...

Եվ տեղյակ չեք լինի, ձեր գրքերում չեք գտնի իմ ասածը: Իսկ ով գիրք չի կարդում, այլ ժողովրդի մեջ է, նա գիտի, թե ով կտար հող և ազատություն, — և կարճատև լռությունից հետո շարունակեց. — ֆրանսիացին կտար, ինքը Նապոլեոնը կտար... Ստոչեկում, որտեղ մեր գունդը ձմեռել էր, կար մի գերի ֆրանսիացի: Նրա մի ոտքը ցուրտը տարել էր, և նա մեր գնդի խոհանոցում սպասավոր էր: Իսկ անունը Միշել էր, Միշկա, եթե մեր լեզվով ասենք... Մի գիշեր ես պահակատեղից վերադարձա խոհանոց, որ տաքանամ: Տեսնեմ Միշկան կրակի առաջ նստել ծխում է: Ծխում է և միտք է անում: Իսկ թե ի՞նչ է միտք անում, հայտնի բան է, թե ինչ միտք կանի գերի զինվորը, որը չգիտե, թե ինչպես են տունը, երեխաները, արդյոք մեռե՞լ են, թե՞ դեռ հիշում են... Վերջապես: Իրար ողջունեցինք, և ես էլ սկսեցի ծխել: Խոհանոցում մեզնից բացի ոչ ոք չկար, այ ինչպես հիմա... Եվ այսպես էլ դիմաց-դիմաց նստած էինք: Ի՞նչ ասաց Միշկան: Նա հառաչեց և ասաց. «Է, Վասիլիյ (այդպես են կոչում ինձ), հիմարացաք, դուք շատ հիմարացաք: Ախր արդեն գրված պատրաստ էր մանիֆեստը: Եվ նա պետք է ինքը կարդար Կրեմլի հրապարակում: Իսկ դուք լսեցիք Կուտուզովին և թագավորին լսեցիք: Գոնե սպասեիք մի տարի, ազատություն ստանայիք և հող ստանայիք և ապա մեզ խռկեիք»... Միշելն էլ այսպես ասաց, և այս իսկական ճշմարտություն է, որ ոչ մի գրքում չի գրված:

Նա պատմում էր հմայիչ ձայնով, նրա խոսքերից ճառագում էր մի ջերմություն, որ հետզհետե գրավել էր Արմենիերին: Նրա պարզ բառերի մեջ ինքը՝ իմաստուն ճշմարտությունն էր՝ արևի նման հստակ... Նա քաղցր էր պատմում, ինչպես Միրզանը ձմռան գիշերին պատմում էր Շարմաղ աղջկա և յոթ եղբոր հեքիաթը:

Ճշմարիտ է և այն, որ հասել է ահեղ դատաստանի օրը: Ամեն տեղ կռիվ է, պատերազմ: Ժանտախտը, որ ուղղակի հնձում է... Ասում են, Տուլայի նահանգում գյուղացիները հրդեհել են իրենց տերերի ագարակները, որովհետև հայտնվել է մի սուրբ, որ քաղաքի հրապարակում երեք անգամ ասել է. «Հրդեհեցեք հարուստ տները և վաճառատները, որովհետև նեռը այնտեղ է բնակվում»: Ինքը նահանգապետը հրամայել է սպանել խռովարարին, բայց ժողովուրդն սկսել է կրակի տալ խանութները և հարուստ տները... Իսկ Խերսոնի նահանգում, ասում են, ժողովուրդը փախել է ստեպները, փախել է թաթարների երկիրը, և ամբողջ քաղաքում մնացել է միայն քաղաքապետը, և նա էլ հրամանի է սպասում, թե ում հանձնի պաշտոնը: Դոնի կազակները իրենց ատամանին գաղտնի ուղարկել են անգլիական թագավորի մոտ՝ «չենք ուզում այլևս հպատակ լինել ռուսաց թագավորին, այլ կամենում ենք քեզ ենթարկվել...»: Իսկ Վոլգայի կողմերում սով է. ժողովուրդն, ասում է, ամեն ինչ կերել է, ծառերի կեղևն է կերել և կավ է կերել, և հիմա բոլորը ճանապարհ են ընկել դեպի Մոսկվա, ամբողջ ժողովուրդը՝ ծերեր, երեխաներ, կանայք, աղջիկներ, ռուսներ, թաթարներ, ղալմխներ, բաշկիրներ, բոլորը, բոլորը... Եվ գալիս են ասելու՝ կամ հող տվեք, հաց տվեք, կամ մենք մորեխի պես կոչնչացնենք ձեր քաղաքները: Հապա, այսպես է... Թեև մենք գիրք չենք կարդում, բայց տեղյակ ենք աշխարհի բաներին: Պատահում է, որ տոնավաճառում ենք լսում, պատահում է, որ զինվորներից ենք լսում, իսկ անցած օրը, երբ ես Քարե կամորջի տակ պարապ կանգնած էի, մոտեցան երկու լեհ ուսանող և կանչեցին ինձ: Ես ասացի, որ իմ նավակը նրանց վայել չէ, որովհետև ես ալյուր էի տեղափոխել: Նրանք զայրացան և համառեցին: Այն ժամանակ ես նրանց տարա մինչև հին զորանոցները... Իսկ նրանք, տեսնելով, որ ռուս եմ, սկսեցին խոսել իրենց մայրենի լեզվով: Ես թիավարում էի և լսում... Ես մինչև անգամ դանդաղ էի թիավարում, որովհետև շատ էի ուզում լսել նրանց խոսակցությունը: Իսկ նրանք պատմում էին, որ պրուսացիք միացել են ռուսներին և ուրեմն լեհացիների բանը վատ կլինի, և որ իբրև թե պան Խլոպիցկին վիրավորվել է, բայց և մարշալ Դիբիչն է լավ կերել... Եվ ասում էին, թե մի ուրիշ գեներալ է գալիս և որ Դիբիչին կանչել են Պետերբուրգ, գլուխը կտրելու, որովհետև նրա պատճառով շատ ժողովուրդ է փչացել:

Արդեն երևացին ձկնորսների հյուղակները և այն ավերակ հողմաղացը, որ այդպես էլ պիտի մնար մինչև ինքն իրեն փտեր: Նրանք հանդիպեցին մի քանի նավակների, որոնք վերադառնում էին քաղաքից:

Վասյա, Վասի՛լիյ... — և մեկը ձեռքով արեց:

Սատանա, դև... Առանց լակելու չի կարող, — մռմռաց նավավարը:

Շուտով երևաց «ռուսական ծայրամասը»:

Այ, մայրիկը... Տես, — և աղջիկը ձեռքը մեկնեց, — մա՛... — թույլ ձայնով կանչեց նա:

Մոտեցան ափին:

Գուցե ձեզ տանեի մինչև Քարե կամուրջը, — առաջարկեց նավավարը:

Մի կին գրկեց աղջկան և նավակից հանեց: Արմենիերը ոտքը դրեց ցամաքին: Մայրն աղջկա հետ գնաց դեպի գետնափոր տնակը:

Նավավարը նավակը քաշում էր ցամաքի վրա:

Արմենիերը դատարկեց բոլոր գրպանները և ամաչելով մոտեցավ նրան:

Շատ եք վճարում, պարոն...

Ավելին չունեմ, որ վճարեմ, — ապա արագ հեռացավ:

Արվարձանի ցեխոտ փողոցներով նա գնում էր գլուխը կախ: Նույն ճանապարհով նա տուն էր վերադառնում: Այլևս չկար լուսաբացի մշուշը: Փողոցներում գորշ առօրյան էր... Ահա այստեղ նա զգաց թարմ հացի հոտը: Բաց դռնակի մոտով նա անտարբեր անցավ: Նրա գլխում ուրիշ մտքեր էին... Խշխշան շորերով այն կինը մնաց ծառերի մթին խորքում: Նույնիսկ արևը այն չէր, այն ոսկի արևը, որի տակ կողք-կողքի պառկել էր խլեզների զույգը և կարմիր զատիկները շղթայվել էին ձու դնելու մոլուցքով:

Քաղաքում ուրիշ արև էր, գնդլիկ և սպիտակ երեսով մի տանտիրուհի, որ չորացնում էր գուբերի ջուրը, եղաններով ցանցում էր խոնավ խոտը: Լվացքը փռել էր ցանկապատի վրա, նայում էր լվացքաջրի գոլորշու միջից և չէր թափանցում գետնափոր տնակները:

ԴԵՊԻ ԼՅԱՌՆ ՄԱՍԻՍ

Դեմը դաշտն էր անծայր, իսկ հեռվումՄասիսը,
Լյառն այն վսեմ, որի ճանապարհով մի օր
Բարձրացել էր ինքը և սառցանիստ
Գեղեցկությամբ գերվել:

Ե. Չարենց

1

Ընթրիքից հետո պրոֆեսորը երիտասարդին դիմելով, ասաց.

Այժմ անցնենք մեր գործին, սիրելի դիակոնուս...

Նրանք քաշվեցին պրոֆեսորի առանձնարանը: «Գործը» — ծխելն էր և այն զվարճալի զրույցը, որ ծխելու հետ սկսում էր պրոֆեսոր Պարրոտը: Բայց այս անգամ նա սենյակի դուռը ամուր փակեց և. երբ ընկղմվեց վոլտերյան բազկաթոռի մեջ, չասաց, ինչպես միշտ. «Ծուխ է և ունայնություն աշխարհը, Սաադի, — եթե քեզ ճիշտ է թարգմանել իմ Liebling-ը»: Նա վառեց պարսկական կեռասյա կոթով ծխամորճը: Մոմը լուսավորում էր նրա դեմքի կեսը, և երբ կապույտ ծուխը բարձրանում էր այդ լուսավոր կողմով, թվում էր, թե շարժվում էին նրա գանգուրները ծխագույն և ծխի նման ոլորուն:

Երիտասարդը նստել էր մոմակալի մոտ, ձեռքին՝ ունելին, որ այն ժամանակ անբաժան էր մոմի ճրագից, որովհետև նրանով էին սարքում ճրագի պատրույգը: Երբեմն ծխի միջից երիտասարդին էր նայում մի զննող աչք: Դիակոնուսը հիշեց, որ այդ երեկո պրոֆեսորը տուն եկավ մտազբաղ և մռայլ: Նա ամբողջ օրը եղել էր Դոմբերգի գագաթին՝ նոր աստղադիտարանում... Երբ տուն եկավ, նույնիսկ չգգվեց երեխաներին: Երիտասարդը ծուխի մեջ որոնեց նրա աչքը: Բայց աչքը փակ էր... Պրոֆեսորը ննջում էր... Գուցե ցավում է մի տեղը: Երիտասարդը կարեկցանքով նայեց այդ փոքրիկ և թեթև մարդուն, որի նիհար և ոսկրոտ դեմքի վրա շատ պարզ երևում էր մոմի լույսը և ստվերը: Նա այլևս չէր ծխում:

Պարրոտը խուլ ձայնով ասաց.

Ես ձեզ, սիրելի Աբովյան, այժմ կհայտնեմ մի տեղեկություն, բայց պետք է խնդրեմ, որ ոչ ոքի չասեք, նույնիսկ տիկին Աուսլենդերին:

Այդ ամենը հանկարծակիի բերեց երիտասարդին: Կար մի սառնություն պրոֆեսորի խոսքի մեջ: Նա ուրիշների ներկայությամբ էր նրան ազգանունով կանչում: Իսկ ինչո՞ւ հիշատակեց տիկին Էլոիզին: Կարծես թե ներս մտավ այդ կինը, և խշշաց զգեստը, ինչպես թե քամի անցավ չոր խոտերի վրայով... Ոչ, այդ պատրույգն էր, ճարճատեց մի վայրկյան, թրթռացին ստվերները, և նորից լույսը խաղաղվեց:

Իմ սիրելի Արմենիեր, այսօր ես նամակ ստացա իմ մի բարեկամից, որը վերջերս եղել էր ձեր երկրում և այժմ Սանկտ-Պետերբուրգումն է: Նա ինձ միանգամայն ծածկաբար տեղեկացնում է, որ ձեր հայրենակիցները հետ են առել իրենց երդումը և նոր վկայություն են տվել, որ մենք Արարատի գագաթը չենք բարձրացել...

Ինչպե՞ս, — ճչաց երիտասարդը և թռավ ոտքի: Նա նման էր դատապարտյալի, որին հայտնում են, թե վեր կաց, ահա գալիս են քեզ տանեն այնտեղ, ուր պատրաստ է գերեզմանի փոսը: Նա լսում է դահիճի քայլերի ձայնը և մի վայրկյան սառած կանգնում է, բռունցքները սեղմած, աչքերի մեջ և՛ ահ, և՛ ցասում:

Ինչպե՞ս թե չենք բարձրացել, — բոլորովին մեղմ հարցրեց երիտասարդը, սակայն այդ մեղմությունն ավելի զարհուրելի էր, քան առաջին ճիչը:

Ես խնդրեցի, որ չվրդովվեք, իմ ազնիվ բարեկամ, — կարեկցանքով ասաց պրոֆեսորը:

Գուցե լուրը սխալ է:

Դժբախտարար ճիշտ է: — Նրանք լռեցին: Մոմն ուրախ վառվում էր: Պահարանի ետևը մի մուկ սղոցում էր տախտակը: Նա ևս լռեց, իր համար մի չարագուշակ բան զգալով ընդհատված ձայների մեջ:

Այնուամենայնիվ, հարկավոր չէ հուսահատվել, — և պրոֆեսորն սկսեց քայլել մանր և համաչափ քայլերով, ձեռքերը մեջքին բռունցք արած: Նա մոտեցավ պահարանին և դառնալով երիտասարդին՝ հանդարտ և ինքնավստահ ասաց, — ճշմարտությունը մի օր կհաղթի... Մեզնից հետո ուրիշները կբարձրանան, և նրանք կտեսնեն մեր հետքերը: Իսկ մինչ այդ ես կարագացնեմ իմ գրքի լույս տեսնելը, և թող այն ժամանակ խոսեն, որքան կամենան:

Դիակոնուսը լուռ մտածում էր: Ինչքան մտածում, այնքան նենգ և ստոր էր երևում այդ դավադրությունը: Ո՞վ կազմակերպեց. Հովհաննես վարդապե՞տը, լուսարար Սիմեո՞նը, թե՞ այն կիսախելագար եպիսկոպոսը, որ կատաղի հայհոյանքով հարձակվեց նրա վրա, երբ ներս մտան վանքի բակը: Հայհոյեց, բայց երբ վանքի դպիրը ծոցից հանեց այն սրվակը, որի մեջ արդեն հալվել էր Արարատի գագաթից վերցրած սառույցը, այդ կիսախելագար վանականն առաջինը հարձակվեց նրա վրա և սրվակը խլելով, սկսեց ճակատին և ձեռքերին քսել այն ջուրը, որ բերել էին Նոյյան տապանի սառցադաշտից: Հետո հարձակվեցին ուրիշ վանականներ՝ ճպռոտ և թարախոտ աչքերով, ինչ-որ անդամալույծ մուրացիկներ, այլանդակ մարմնով խենթեր, որոնք անտիրական շների նման թափառում էին վանքի բակում և շուտով բորբոսնած կիսամերկ և զարհուրելի մարմինների մի գունդ խլրտում էր ահռելի գոռում-գոչյունով, կարծես թպրտում էր մի վիթխարի մորմ, որի մարմնի վրա վխտում էին նրա անթիվ ձագերը:

Վանքի երբեմնի դպիրը մոռացել էր այդ և այդպիսի դառնություններ: Նրա հիշողության մեջ պարզվել էր պղտոր դիրտը, և ինչպես քարից ընկնող կաթիլներ, մաքրվել էր հինը ժամանակի ընթացքում, և նա հիշում էր վանքի չինարիները, որից այն կողմ անեզր դաշտն էր՝ Բարդողյան լեռները, դեպի արևմուտք՝ մի այնպիսի հարթավայր, որ նման էր ծովի, և որի մեջ ընկղմում էր արևը: Նրա աչքերի առաջ հառնում էր վանքը՝ դարմանի և ցորենի շեղջակույտերով, նախիրներով, որոնց բառաչը խլացնում էր երեկոյան զանգահարությունը, և այդ ժամանակ վարժատան սաներն ու խցի մոնթերը վազում էին դեպի գոմերը, որպեսզի մածնատան պառավներից խնդրեն մի-մի քրեղան թարմ կաթ: Նա հիշում էր զրույցներն այն թափառական գզրարների, որոնք ձմեռներն ապրում էին ճգնավորի անմարդաբնակ խուցերում, գզում էին բուրդ և բամբակ, և միալար աղմուկի մեջ գզրարը պատմում էր երգելով և երգի հետ ա լիք-ալիք դիզվում էր բամբակը...

Նրա աչքերն արցունքով լցվեցին, նա սեղմեց շրթունքները և ջանաց, որ արցունքները սառչեն և չթափվեն: Ձախ այտի մկանները խաղացին:

Մի քիչ հեռու կանգնել էր պրոֆեսորը և ինչ-որ բան էր մտածում. գուցե և աննպատակ նայում էր դարակի գրքերին:

Հանկարծ երիտասարդը գրկեց նրա երկու ձեռքը, և նրա ձայնը դողաց.

Ես խնդրում եմ ներեք իմ հայրենակիցներին... Այս գործի մեջ խառն է մեկի չար ձեռքը, և իմ հայրենակիցները իրենք էլ չեն իմացել թե ինչ են արել: Իսկ ես գիտեմ, թե ինչքան են ծեծել այն խեղճ գյուղացիներին, մինչև նրանց ստիպել են հետ առնել առաջին երդումը... Բայց ե՛ս եմ վկան, ե՛ս, — և նա ուժգին զարկեց կրծքին: Նրա ջինջ աչքերի մեջ արցունքի շղարշի միջից ցոլանում էր անխարդախ կիրքը, — պատվո խոսք եմ տալիս և երդվում եմ իմ կյանքով...

Ես քանի անգամ խնդրել եմ, որ այդպիսի բառեր չասեք, — ընդհատեց պրոֆեսորն այն տոնով, որով նրան սովորեցնում էր պարզ հնչել բառերը, բարձրաձայն ընթերցել, արտահայտությունների մեջ զուսպ լինել, չերդվել ո՛չ Աստծո անվամբ և ո՛չ ազնիվ խոսքով, այլ ասել միայն ճշմարիտը, — մի խոսքով դաստիարակի այն սառն եղանակով, որով գերմանացի պրոֆեսորն անխնա մկրատում էր արևելցու հախուռն բնավորությունը, համարելով այն հետևանք ասիական խավար միջավայրի: Դիակոնուսն ուրիշ ժամանակ դպրոցականի նման կուղղեր իր սխալը, բայց այս անգամ նա ազատ արձակեց սանձերը.

Следующая страница