Բակունց Ակսել՝   Վեպեր և վիպակներ

Լռում են: Սպաներին իջեցրին:

Այնտեղ, որտեղ նրանք հանդիպեցին սպաներին, փոքրիկ կիրճ է, որի միջով ճանապարհը բացվում է սարահարթի վրա: Այդ միակ ճանապարհն է: Մակիչը այդտեղ չորս հոգու պահակ է նշանակում, նպատակ ունենալով գյուղից ավելորդ մարդկանց երթևեկությունը կտրել:

Պուղանը Մակիչին է հանձնում մի հեռադիտակ:

Պարուչիկ Ամիրջանովն արշավում է՝ ետևից ձիավորների խումբը:

Հինգ հոգի ճեղքում են կիրճը և գնում են դեպի դիրքերը: Նրանք ուշացած ապստամբներն են:

Մակիչը Պուղանին ինչ-որ դիրքեր է ցույց տալիս: Այդ մի բլրակ է՝ ճանապարհի աջ կողմը:

Արտերի մեջ թաքնված պահակը, որ բավական առաջ է, մի անգամ կրակեց:

Պարուչիկ Ամիրջանովը կանգ առավ:

Ապստամբները դիրքերումն են:

Իր տան պատուհանից քյոխվան նայում է սարահարթին: Նա սպասում է, տատանվում է:

Ձիավորներն արշավում են:

Մի խումբ ապստամբներ պառկել են թփերի ետևը: Նրանք նկատեցին արշավող ձիավորներին, որոնք ճեղքվեցին երկու մասի:

Բլրի գլխին ծփում է դրոշակը:

Մակիչը նայում է հեռադիտակով:

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

1

Փոքրիկ բլրակ: Միայնակ ծառ:

Մակիչը նայում է հեռադիտակով: Ձիավորների մի խումբ արշավում է դեպի այն թփերը ձորի գլխին, որոնց ետև թաքնված է Կարագինի գնդացիրը:

Մակիչն ատրճանակից կրակում է ազդանշանը:

Ձիավորները՝ թրերը հանած արշավում են՝ ինչպես հեծելազորը շեղ գծով, իրարից հեռու:

Գնդացիրը բացվեց:

Գլորվեց մի ձի: Ձիավորն ընկավ: Մի ձի ծառս եղավ: Ձիավորների աջ թևը դարձրեց ձիերի գլուխը: Գնդացիրը «որոնում է» նրանց: Ձիավորները նահանջում են դեպի ձորակը:

Մի ձիավոր մտնում է ձորակը: Ձիերը արածում են ձորի արտերի մեջ: Պարուչիկ Ամիրջանովը մեկին ինչ-որ հրամայում է: Այդ ձիավորը վազում է, նստում է ձին, ձիերը նստում են՝ 15-20 զինվոր:

Պարուչիկ Ամիրջանովը նրանց առաջարկում է աջ կողմով մոտենալ գյուղին և կտրել նահանջի ճանապարհը:

Պուղանի տղաները սողում են կանաչի միջով: Նրանցից մեկը ետ է մնում, գլորվում է փոքրիկ փոսը և տապ է անում, հրացանը թաքցնելով խոտի մեջ...

Պուղանը նկատեց ձիավորներին, որոնք ձիերը դեպի աջ էին քշում...

Կրակեցին...

Ձիավորները հեռացան, թաքնվելով բլրի ետևը:

Մակիչը՝ միջին զորամասով սողում է առաջ՝ դեպի քարափները...

Պարուչիկ Ամիրջանովը զինվորների գլուխն անցած սողում է դեպի նույն քարափները:

Գնդացիրը կտկտում է:

Ձորում ձիերն անհանգիստ են: Մի ձի վրնջում է:

2

Մակիչը մոտենում է քարափներին:

Պարուչիկը քարափներից հարյուր քայլի վրա է...

Կարագինը նկատում է սողացող դաշնակցականներին:

Մակիչը մոտեցավ քարափներին:

Գնդացիրը բացվեց դեպի կանաչ արտերը:

Քարափի գլխից կրակում են Մակիչի հետ եղած ապստամբները:

Պարուչիկ Ամիրջանովը նահանջում է: Նրա տղաներից մեկը կողքը բռնեց, երկու քայլ գնաց, օրորվեց և, ընկավ:

Պարուչիկը մտավ թփուտը:

Կարագինը գնդացիրն ուղղեց դեպի թփուտը:

Գնդացիրը կտկտում է:

3

Գնդացիրի կրակոցի ձայները հասնում են գյուղը:

Պաշտոնավորը և քյոխվան. ապա շրջանը հետզհետե բացվում է, և երևում է մի կտուր, կտուրի վրա հավաքված կանայք և տղամարդիկ:

Լեղապատառ վազում է գզիրը: Նա բղավում է:

Վայ ամա՛ն, հայերն իրար կոտորեցին:

Քյոխվան քաշվում է տուն, ճակատին շոր է կապում, մտնում է անկողին: Պաշտոնավորը`

Ժողովուրդ, բա հի՞նչ եք ասում... Ախր, «մեր տղորցը» կոտորեցին:

Բա դու մայրը՝ (նա, որ ասաց. «Սև լինի Բաքուն...» և ուզեց որդուն դուրս հանել շարքից) լսելով այդ, ծնկներին է խփում, կրծքին է խփում և ճչալով վազում է.

Ամա՛ն, երեխայիս սպանեցին...

Ժողովուրդն իրար է անցնում:

4

Մակիչը վայր դրեց հեռադիտակը, և չորս հոգով շտապում է դեպի Պուղանը:

Ձիավորները աջ թևից քաշում են դեպի գյուղը: Նրանց մտադրությունն է գյուղը մտնել թիկունքից, շրջապատել ապստամբներին:

Պուղանը կռվի է բռնվել:

Ձիավորները դանդաղ, բայց քայլ առ քայլ իջնում են գյուղի վրա...

Թփուտների միջից մեկ-մեկ դուրս են սողում դաշնակները: Նրանք կուզեկուզ գալիս են: Նրանք գալիս են դեպի քարափը, որ սարահարթի գլխավոր դիրքն է:

Մակիլը Պուղանի դիրքից կրակում է:

Գրոհում են... Ձիավորները նահանջեցին:

Դեպի միջին դիրքն են մոտենում դաշնակները... Այնտեղից Հայկը բարձրանում է և բղավում է.

Մակիչ, հե՛յ, — և ձեռքով անում` թե վերադարձիր, թշնամին երևաց:

Հենց այդ րոպեին նրան խփում են:

Մակիչը նկատեց և վազում է դեպի միջին դիրքը, դեպի քարափը:

Մեռնող կոմունարը կանչում է.

Ջո՛ւր...

5

Այն կիրճը, որտեղ Մակիչը չորս հոգու պահակ է թողել...

30-40 կին, տղամարդ խռնվել են, աղմկում են: Նրանք ուզում են անցնել սարահարթը:

Հեռու կանգնել է Պաշտոնավորը և մի գյուղական կիսաինտելիգենտ տիպ: Նրանք իբրև թե բանից տեղյակ չեն և մի դարպասի առաջ նստել են: Նստել են, բայց ականջը դեպի ժողովուրդն է: Անցնում է գզիրը, որ լեղապատառ վազել էր, բղավելով, թե հայերն իրար կոտորեցին: Պաշտոնավորը նրա ականջին ինչ-որ բան է ասում: Նա գնում է դեպի ժողովուրդը:

Խռնված ժողովուրդի մեջ երևում է Աթա ապերը:

Բադու մայրը հարձակվում է նրա վրա.

Բա հայը հային կսպանի՞...

Աթա ապերը հանդարտ պատասխանում է.

Բա իմ տղան հայ չէ՞ր...

Ժողովրդի միջից գզիրը բղավում է.

Թողեք հաց տանենք, ջուր տանենք

Պահակ զինվորներն իրար են նայում: Նրանք բաց են թողնում ժողովրդին:

Պաշտոնավորը և «կիսաինտելիգենտ» տիպը դարպասով ներս մտան: Բակում նրանց դիմավորեց քահանան:

6

Քարափի գլխին Մակիչը նկատում է ինչ-որ գլուխներ, որոնք խոտերի մեջ կռանում-բարձրանում են: Նրանք բավական մոտեցել են գնդացրին:

Նկատելով նրանց, Մակիչը կրակ է բաց անում և գրոհում է...

Դաշնակները գրոհում են միջին դիրքի վրա:

Սարահարթով վազում է մի կին:

Մակի՛չ, ժողովուրդը...

Մակիչը տեսավ ժողովուրդին:

Ժողովուրդը սարահարթի վրա: Մեծ մասը գնում է դեպի Պուղանի դիրքերը:

Բլուրի վրա, որտեղ միայնակ ծառն էր, ծածանվում է դրոշակը:

Դաշնակները գրոհում են:

Ետ քշեք ժողովուրդին, — բղավում է Մակիչը:

Երեք զինվոր վազում են դեպի ժողովուրդը: Նրանք ինչ-որ բղավում են դեպի կիրճը, որտեղ պահակ զինվորներն արդեն իզուր, աշխատում են պահել ժողովրդի նոր ալիքը:

Գյուղացիներից մի քանիսը հրացանով են:

Նրանք վազում են դեպի միջին դիրքը:

Պինդ կացեք, տղերք, — բղավում է մեկը և դիրք է մտնում:

Ժողովուրդի ներկայությունը բարոյալքում է զինվորներին, ոմանց ոգևորում է: Կանոնավոր ճակատը դարձավ խռնված ամբոխ, որտեղ մի կին քաշում է ամուսնու թևից, մի մայր համարյա դիրքերի մոտից բղավում է.

Արյուն մի՛ արեք, հե՛յ, ձեզ մատաղ...

Պուղանը չգիտի ինչ անել... Ետ է նայում: Մի քանի հոգի չկան: Իսկ թշնամին ահա աջ կողմից շրջապատում է, և առաջին ձիավորներն արդեն մարագներն են հասել:

Խոտերի մեջ ընկած է Հայկը:

Աթա ապերը գրկում է նրան...

Ջո՛ւր, — ասում է վիրավորը, Աթա ապերը մոտեցնում է ջրի կուժը:

7

Բախշին, որ միջին դիրքումն է, տեսնելով մոտեցող թշնամուն, դուրս է թռչում դիրքից և բավական մոտենալով, պառկում է քարի տակ:

Նա կրակում է:

Դաշնակներից երեքը մտել են արտի «միջնակը» և քարափից 50 քայլի վրա են: Նույնիսկ Բախշին չի նկատում, որ կողքով սողում են դաշնակները:

Դաշնակները, թվում է, թե հեռացան գնդացիրից:

Մակիչը միջին դիրքերումն է...

Կիրճի կողմից մեկը բղավեց.

Փախեք, հե՛յ... ձիավորները մտան գյուղը...

Պուղանի դիրքերը դողացին... Մեկը հրացանը գցեց: Վազում է դեպի ժողովուրդը: Երկու հոգի հրացանով են փախչում: Պուղանը բղավում է.

Ո՞ւր եք փախչում...

Հանկարծ բլուրի ետևից, թրերը հանած, դեպի Պուղանի դիրքերն են արշավում քսան ձիավոր: Կանայք ճչալով ետ են գնում: Պուղանը վազում է դեպի միայնակ ծառը, դեպի դրոշակը:

Քարափի վրա ձեռնառումբ գցեցին: Փոշի:

Կարա՛գին, գնդացի՛րը, — որոտում է Մակիչի ձայնը:

Աթա ապերը, Գիլա բիբին, մի ուրիշ գյուղացի վազում են դեպի քարափի դիրքերը: Այնտեղից էլ հետ են փախչում մի քանի հոգի, որոնք նկատեցին Պուղանի թևի նահանջը:

Կիրճը պահող ապստամբները վազում են դեպի դիրքերը, մեկը տատանվեց, հետ մնաց: Փախչում է դեպի գյուղը:

Գնդացիրը կտկտաց և կտրվեց:

Մի կոմունարի խփեցին թիկունքից:

Ձեռնառումբի ծխի մեջ կրակում է Մակիչը:

8

Կարագինը գնդացիրը գլորեց ձորը:

Խճաքար լանջով գլորվում է գնդացիրը: Մի բակ: Մի կին՝ ձեռքը ճակատին պահած նայում է վերև: Շղթայած շունը հաչում է: Գնդացիրը գլորվելով մտավ այդ բակը: Շունը հետ փախավ: Կինը և վախեցած, և զարմացած ասում է՝

Վըիա՛... Էս աղքատի գութանն ումն ա՞:

Գնդացրորդները նահանջում են կրակելով:

Կարագինը երեք հոգով վազում է դեպի քարափի դիրքերը:

Պուղանը, խլելով դրոշը, վազում է դեպի քարափի դիրքերը, ետևից մի քանի զինվոր:

Փախչում են կիրճով: Փախչողների մեջ կան՝ ապստամբներ, կանայք, տղամարդիկ: Ոմանք շվարել են: Չետանց Վանեսը, նաև երկու ծերունի առաջ են գնում:

Պարուչիկ Ամիրջանովը նստեց ձին, նստեցին նաև նրանք, որոնք ձիերը պահել էին ձորում:

Քարափի դիրքերը դաշնակների ձեռքին են:

Աթա ապերը վազում է: Վազում են Չետանց Վանեսը, երեք-չորս գյուղացի:

Կիրճի մոտ՝ ուշագնաց լալիս է Մինա զիզին:

Կարագինը կրակելով քարափից թռավ ներքև:

Գիլա բիբին ծնկները խփելով՝ վազում է գյուղի փողոցներով:

Դռան շեմքին` Սոնան...

Գնդակը դիպավ Մակիչի ձեռքին: Ատրճանակն ընկավ: Երկու ձիավոր թրերը հանած տասը քայլի վրա են:

Քարափը դաշնակների ձեռքին է:

Բախշին իրեն գցեց մի պատից: Պաշտոնավորը վեր թռավ, բռնեց նրա փեշից`

Ո՞ւր ես փախչում, ինկեր... — Բախշին դարձավ դեպի նա, որ խփի, Պաշտոնավորը սարսափած, բաց թողեց փեշը: Բախշին թռավ ներքև:

Էդ ո՞ւմ եք սպանում, — որոտաց Աթա ապոր ձայնը: Գյուղացիները՝ Աթա ապերը, Չետանց Վանեսը և մյուսները ձիավորների արանքում են: Ձիերը կանգ առան:

Մակիչ, քեզ ազատիր, — բղավում է Պուղանը:

Թիկունքից երկու հոգի բռնում են Մակիչին՝ հենց ժողովրդի մեջ, — Քյոխվան դեն նետեց գլխաշորը, դուրս եկավ վերմակի տակից և հարդարելով իրեն, կախեց տանուտերության նշանը:

Պուղանը փախչում է, ետևից ձիավորը: Պուղանը թռավ պատի վրայով:

9

Գյուղի փողոցներով արշավում են ձիավորները:

Անկարգ կրակոցներ: Գյուղացիների սարսափած դեմքերը:

Երկու հոգի թաքնվեցին մարագի մեջ:

Անկյունից մեկը կրակում է:

Կարագինը գլխաբաց փախչում է:

Ձիավորները նրա ետևից, կորցրին նրան: Մի ուրիշը` ձիուց իջնելով, վազում է կտուրով:

Կարագինն ընկնելով ծուղակը, ներս է մտնում մի պատահական բակ: Այդ Գիլա բիբու բակն է, որտեղ առավոտյան Գիլա բիբին կով էր կթում:

Կարագինը մտնում է տուն, դուռը դնում:

Ամայի բակ: Քարափոր տուն՝ ժայռի մեջ, մի բարձր և վանդակապատ լուսամուտ, դարձյալ ժայռի մեջ: Կտուրով վազող ձիավորն իրեն գցում է այդ բակը: Դռնով ներս են մտնում երկու ձիավոր:

Նրանք մոտենում են: Կարագինը ներսից կրակում է: Ձիավորներից մեկը բռնում է թևը. նա վիրավորվեց: Գալիս են ուրիշ երկու հոգի: Նրանցից մեկը ձեռնառումբը բարձրացնում է, որ խփի: Այդ վայրկյանին Գիլա բիբին ճչալով ներս է վազում, ընկնում է ձեռնառումբով ձիավորի ոտքերը:

Ամա՛ն, հարսս, հիվանդ հարսս

Ձիավորը տատանվում է:

Գիլա բիբին մոտենում է դռանը: Կամաց ասում է Կարագինին, որ դռան ետևից լսում է.

Ես եմ, բաց արա...

Դուռը բացվում է և իսկույն փակվում: Գիլա բիբին վազում է տան անկյունը:

Քիչ հետո դուրս են գալիս Գիլա բիբին և «հարսը», նրա թևին կռթնած: Դուռը դնում են: Նրանք անցան բակի կողմով:

Դե, հիմա ի՞նչ կասես, — ձեռնառումբը պայթում է: Փոշի:

Ամայի մարագի մեջ. Գիլա բիբին և «հարսը»: Կարագինը հանում է «հարսի» շորերը: Գիլա բիբին ասում է.

Մակիչին բռնեցին:

10

Խոր ձոր է:

Հինգ ձիավոր դեռ շարունակում են հետապնդել:

Պուղանը երեք հոգով հետ է նահանջում: Ձիավորներից մեկը կանգնում է: Նեղ կապ է, ձիերը դժվար պիտի անցնեն:

Պուղանը և ընկերները կրակում են:

Ձիերից առաջինը խրտնում է: Վերջին ձիավորը հետ է փախչում:

Ձիավորները շրջում են ձիերի գլուխը: Այլևս չեն հետապնդում:

Պուղանն ընկերների հետ կորչում է ձորում:

Խավարում:

11

Գնդապետ Կուռոյի դեմքը: Խոսում է հեռախոսով:

Բռնե՞լ եք: Շնորհավորում եմ, պարուչիկ... Այո՛, այո՛, խիստ հսկողությամբ...

Հետզհետե բացվում է պատկերը:

Նստած է Գեդեոն վարժապետը, Կուռոն նայելով Գեդեոն վարժապետին, ասում է հեռախոսով.

Ո՛չ, պարուչիկ... Չէ որ մենք դեմոկրատիկ հանրապետություն ենք, — և հեռախոսի փողի միջով քրքջում է:

Խավարում:

ԵՐՐՈՐԴ ՄԱՍ

1

Պարուչիկ Ամիրջանովը կախում է հեռախոսը: Նրա կողքին կալանքից ազատված սպան է՝ կապիտան Տեր-Պետրոսովը: Դիմացը՝ երբեմն ահով, երբեմն շողոքորթ սիրալիր կանգնել է քյոխվան, տանուտերության նշանը կրծքին:

Պարուչիկը`

Գյուղից կհավաքես ութ հարյուր փութ ցորեն... Եթե փախածներին չբռնեն բերեն...

Քյոխվան ցնցվում է: Հեռվից զուռնա-դհոլը նվագում է մարշը`

Քար քարի վրա չի մնա, Բայբուրտ...

Քյոխվան հանդգնում է ասել`

Ութ հարյուր փո՞ւթ... պարուն պարուչիկ...

Ոչ մի խոսք... Մարշ...

Քյոխվան նայում է վախեցած՝ նաև սիրալիր շողոքորթությամբ հետ է գնում:

Հետզհետե խավարում է:

2

Հրապարակն է, գյուղական կանցելարի առաջ, իսկ վերևը՝ «շտաբի օթախներն» են, որտեղ է Ամիրջանովը և կապիտանը:

Դհոլ-զուռնան «Բայբուրտի» մարշով կանչում է ժողովի: Հրապարակում երևում են գյուղացիներ: Նրանք հավաքվում են: Դրնգում է գզիրի՝ մեզ ծանոթ այն գյուղացու ձայնը, որը լեղապատառ վազեց, բղավելով, թե՝ «հայերն իրար կոտորեցին»: Մի քարափից նա կանչում է`

Էհե-հե՛յ ժողովուրդ... մեյդանում ժողով է, հե՛յ...

Ձայնը արձագանքում է:

Մի կին «չանչ» է անում, ասելով`

Չոռը քեզ, բայղուշ...

Հրապարակ են մտնում երկու գյուղացիներ: Նրանցից մեկը՝ անունը Մինաս, մոտենում է զուռնաչուն: Երբ վերջինս շունչ է առնում, Մինասն ասում է նրան.

Էս ոնց է քո բանը... Երեկ «ուռա», էսօր «տարանինայ»..., — այսինքն՝ երեկ ապստամբների երգն էիր նվագում, այսօր դաշնակցականների մարշը:

Զուռնաչին նվագում է և զուռնայի ծայրը դարձնելով դեպի քյոխվան, որը սանդուղքի գլխից նայում է հրապարակի ժողովուրդին, — ուսերով հասկացնում է, թե` «ի՞նչ անեմ, ահը մեծ է, քան մահը»: Քյոխվան իջնում է սանդուղքով: Մի գյուղացի Մինասին ասում է.

Կամ աղն է պակաս, կամ՝ մաղը...

Ժողովուրդ, լսողություն, — կանչում է քյոխվան:

Խավարում:

3

Այն ձորը, որտեղ Պուղանը հետ քշեց հետապնդող ձիավորներին:

Քերծի տակ կանգնել են Պուղանը, Կարագինը, «Արջը» և Բախշին:

Ո՞նց անենք, — հարցնում է Պուղանը:

Իրար երեսի են նայում:

Գառների մայուն:

Քերծի գլխեց, ձորի խորքում նկատում են մակաղած գառների: Մի տղա թաքնվել է թփի տակ:

Իջնում են ձորը: Մյուսները պահվում են, որպեսզի տղային չվախեցնեն, և մոտենում է միայն Պուղանը:

Զիլֆի՛, — տղան ոտքի է կանգնում:

Զիլֆին Պաշտոնավորի գառնարածն է, գզգզված, մեծի հին շոր և փափախ դրած մի գեղեցիկ տղա:

Զիլֆի, վազի մի խաբար բեր...

Տղան մի րոպե տատանվում է, ապա գնում է:

4

Քյոխվան ժողովուրդին արդեն հայտնել է պարուչիկի հրամանը: Ժողովուրդը գրգռվել է: Մինասը մեկին հրելով, առաջ է տանում մինչև կենտրոնը, որտեղ կանգնած են Պաշտոնավորը, քահանան, այն «կիսաինտելիգենտ տիպը» և այս կարգի մարդիկ, նաև քյոխվան:

Մինասը բոլորի առաջ «մաշկում է» մարդու քրքրված չուխան: Մեջտեղ կանգնել է մերկ, կմախքի նման մի մարդ, որ ամաչելուց չուխան իսկույն ծածկում է: Լռության մեջ Մինասը գոռում է.

Բա սրան ո՞վ հաց կտա...

Լռում են, ապա խուլ գոռում են.

Ում ցորեն ունի, շուն լինի...

Կես փութ էլ չեմ տա

Ում տնից փախած կա, թող նա տա, — ասում է Պաշտոնավորը: Մեկը կանչում է՝

Ուռան քցել էին գյուղը... ժողովուրդն ի՞նչ մեղ ունի...

Գառնարած տղան գյուղի մոտ անցավ ձիավորների կողքով, որոնք ճանապարհը կտրել են:

«Պաշտոնավորը» բազմության մեջ նկատում է գզիրին, նրա ականջին ինչ-որ ասում է, գզիրը գնում է:

Ժողովուրդ...

Բայց քյոխվի կանչը ոչ ոք չի լսում: Գոռում են:

Մի ծերունի հարցնում է քահանային:

Տեր հայր, բա ո՞նց կլինի...

Մարդ, ասված է՝ տուր զկայսերն կայսեր և զաստուծույն աստուծո...

Ծերունու և քահանայի խոսակցությունը տեղի է ունենում անակնկալ լռության մեջ, որովհետև ժողովուրդի աղմուկի վրա պատշգամբն է դուրս եկել Ամիրջանովը, նայում է վերևից, և ներքևում իսկույն լռում են:

Պարուչիկը կապիտանին ձեռքով նշան է անում, որ իջնի ներքև:

Ահաբեկված նրան է նայում ծերունին, ասես վերև հենց ինքը «կայսրն» է, որի մասին ասաց քահանան, իսկ նրանից բարձր նույնպես ահարկու աստվածը:

Պաշտոնավորը հիացած նայում է պարուչիկին:

Վլաստն էնպես կլինի, է... մեռնեմ նրա թրին...

Ժողովուրդը լուռ է:

Զուռնաչին ի պատիվ «վլաստի» նվագում է կոխի վայրենի եղանակ:

Կապիտանը իջնում է ներքև, երևում են 4 հոգի հեծելազորից, որոնք ձիերը հանում են հենց հրապարակին կից գոմից:

Տեր-Պետրոսովը գնում է դեպի նույն շենքի ներքին հարկը, որի վերև պատշգամբն է: Պատշգամբի ստվերի մեջ ներքնահարկը չի երևում:

Ժողովուրդն այն կողմն է նայում, իսկ զուռնաչին, զուռնայի բերանը դեպի պատշգամբը ցցած, դեռ փչում է «վլաստի» պատվին: Նվագի զիլ րոպեին Մինասը խփում է զուռնային, զուռնան ճչալով լռում է:

Քար լռություն:

Ներքնահարկից դուրս հանեցին Մակիչին:

Ժողովուրդը սիրտ չի անում նայել, մեծ մասը շրջում է դեմքը, ոմանք հեռանում են, հեռանում է նաև Մինասը և նույնիսկ Պաշտոնավորը շրջում է երեսը:

Ձիերը նստում են. ձի է նստում ուղեկցող սպան:

Պաշտոնավորը, երբ երեսը շրջում է, նկատում է Զիլֆուն, որը հրապարակ է հասել այն րոպեին, երբ հանեցին Մակիչին: Տղան ահից քարացած նայում է և չի զգում, թե ինչպես «աղան»՝ Պաշտոնավորը, կամաց-կամաց մոտենում է նրան: Պաշտոնավորին զբաղեցնում է այն, թե իր գառներն ուր է թողել Զիլֆին:

Այդ նույն ժամանակ Մակիչն ասում է՝

Ժողովուրդ, մենք նորից կգանք...

Խուլ աղմուկ է:

Պաշտոնավորը գոռում է Զիլֆու վրա`

Գառներն ո՞ւր են...

Տղան հանկարծակիի եկավ: Եվ մինչև կարողանում է ասել`

Սոված էի... Եկա հացի, — Պաշտոնավորը նրան ապտակում է: Տղան գլորվում է և՛ հարվածից, և՛ անակնկալից, և՛ նրանից, որ զգեստի փեշերը ոտքերին փաթաթվեց, բայց իսկույն ոտքի է կանգնում՝ փախչելու, հիշելով, որ իրեն լուրի են ուղարկել:

5

Մակիչին տանում են փողոցով:

Դեմքի կեսն արյունլվա է, թաշկինակով կապած:

Նրա ձեռքերը կապկպել են մեջքին, և երկու ձիավոր բռնել են պարանի ծայրերից: Առջևից գնում է կապիտան Տեր-Պետրոսովը:

Մակիչը գնում է՝ գլուխը բարձր պահած: Հարևան կտուրներից նայում են կանայք: Մի կտուրից կանչում են:

Շներ, — այնտեղ կանայք թաքցնում են կանչողին:

Ուղեկցող սպան նույն կողմն է նայում:

Խավար բանտ է: Նեղ երդից ընկել է արևը: Գետնի վրա պառկել են Աթա ապերը, Չետանց Վանեսը և այն երեք գյուղացիները, որոնք վերջին րոպեին, ընկնելով ձիավորների արանքը, Մակիչին փրկեցին թրի մահացու հարվածից:

Աթա ապերը նախազգում է: Վեր է կենում և դռան ճեղքից միայն տեսնում է ձիավորների և սպայի գլուխները: Բայց նա լսում է մի ձայն...

Մակիչ...

Սպան ձիու գլուխը պահում է, նայում է չորս կողմը, ոչինչ չի տեսնում: Մակիչը նկատում է մի կնոջ, որը ծեծում է կուրծքը:

Աթա ապերը լսում է այդ կանչը և հառաչում է.

Ո՞ւր ես, Մակիչ...

Նույն կինը երեսը շրջել և մրմնջում է՝

Քոռանա քեզ բերող մայրը...

6

Գզիրը երեք ձիավորների կանգնեցրել է խոտի «թառի» առաջ: Նա ասում է, ցույց տալով խոտը.

Էս էլ նրանցն է...

Զիլֆին վազում է նրանց կողքով: Ձիավորներից մեկը նրան բռնելով ասում է.

Բարձրացիր, խոտը վերևից թափիր

Հորդ նոքյա՞րն եմ, — պատասխանում է տղան, դուրս է պրծնում նրա ձեռքից, փախչում է:

Գզիրը պարանի ծայրից քար է կապում, գցում «թառի» գերանով:

Ձիավորները գնում են փողոցով: Նրանց դիմաց գալիս է մի կին` ուսին կուժը: Կինը սեղմվում է պատին, որպեսզի ճանապարհ տա: Մակիչը ջուր է ուզում: Կինը մոտեցնում է կուժի բերանը: Ջուր է ուզում և ձիավորներից մեկը: Կինը մեջքը նրան դարձնելով, ասում է.

Աղբյուրն առաջներիդ է

Եվ շարունակում է ճանապարհը:

Զիլֆին ետ է նայում: Գզիրը պարանից բռնած բարձրանում է դեպի «թառը»: Զիլֆին առնում է մի քար, պտտում է պարսատիկը, քարը բաց է թողնում:

Գզիրի ահաբեկված դեմքը: Քարը դիպավ նրա գլխավերևը:

Հեռվում՝ Մակիչը և ձիավորները: Այլևս տներ չկան, այլ միայն երևում է կիրճը, որտեղ պահակ են չորս ձիավոր:

7

Աթա ապոր տան բակը:

Ձիավորները ձիերը կապել են գութանից, սյուներից... Ներսը խուզարկում են: Սոնան, երեխան գրկած, արձանացել է: Խուզարկողներից մեկը ինչ-որ նկար է նայում: Բանտում սպանված բոլշևիկի նկարն է: Փշրում է: Մեկը՝ հացը տաշտից հա թափում է, մյուսը հրացանի կոթով փշրում է «ուրագը», գարին լցնում են հացի տաշտի մեջ և դուրս են տանում՝ դնում են ձիերի առաջ: Մինա զիզին օգտվելով առիթից, վերցնում է որդու նկարը, սրբում և պահում է թևի տակ:

Նկատելով հացի թափելը և տաշտը դուրս տանելը, Մինա զիզին միայն ասում է.

Սրանք հայե՞ր են...

Հետզհետե խավարում է:

8

Նույն ձորն է:

Պուղանը դուրս է թռնում թաքստոցից:

Համարյա գլորվելով, իրեն ներքև է գցում Զիլֆին:

Մակիչին տարան, — և տղան քրտնաթոր հևում է, ձեռքով ցույց է տալիս, թե որ ուղղությամբ տարան: Պուղանը, Կարագինը, նաև երկու կոմունարները մի ակնթարթ իրար են նայում և թռնում են, իսկույն չքանում են, այնպես, որ Զիլֆին զարմացած նայում է, և նրան թվում է, թե այդ ամենը մի տեսիլք էր խոր ձորում:

9

Արև է:

Լեռնալանջի արտերն են, թփերը, — այն լանջերը, որտեղով գյուղ մտավ Մակիչը:

Մի մարդ թփերի մեջ «ցաքի փուշ» է կտրում: Թփերի մեջ նրա էշը: Մարդը գլուխը բարձրացնում և զարմացած նայում է: Ապա հետզհետե անցնում է թփի ետևը, բայց շարունակում է նայել նույն ուղղությամբ:

Ձորի գլխին, այնտեղ, ուր Մակիչը հանդիպել էր թնդանոթ տանող զինվորներին, միայնակ կանգնել է կապիտանը: Նա սպասում է, որ մյուսները ետևից հասնեն: Ապա հետզհետե երևում է մի ձիավոր, վերջապես Մակիչը, որի ետևից պարանի ծայրերը բռնած, գալիս են երկու ձիավոր:

Մակիչը նայում է խոր ձորին:

Հենց այս թփի տակ նստել էր:

Մակիչը մի րոպե կանգնում է, շունչ է քաշում, ապա դառնում է ձիավորներից մեկին (մյուսը ծխախոտ է փաթաթում).

Էս կոճակները քանդես... խեղդում են:

Եվ վիզը մեկնում է մյուս ձիավորին, որպեսզի նա արձակի կոճակները: Երբ ձիավորը կռանում է, որ արձակի, Մակիչը ոստյուն է անում դեպի ձորը, խրվում է լանջի ավազահողի մեջ, քարերը գոռալով գլորվում են, ձիերը խրտնում են, մինչև ձիավորները զենքերը հանեն և կրակեն, Մակիչը՝ երբեմն գլորվելով, երբեմն թռնելով, քարի ետևն է անցնում այն րոպեին, երբ վերևից կրակում են:

Սպան ձիու գլուխը շրջում է հետ, մյուսները ձիերից իջնում են և հարմար տեղ են փնտրում, որ քարափից իջնեն...

Մակիչը վազում է, ետևից քարշ տալով պարանները:

Ձիավորներից մեկը իրեն գցում է լանջով:

Կրակոցի ձայնին՝ Պուղանը, Կարագինը և նրանց երկու ընկերը գլուխները բարձրացնում են: Նրանք վազում են: Նրանք նկատեցին իրար անցած կապիտանին և ձիավորներին:

Կրակեցին: Ձիավորները հետ են փախչում:

Հետապնդողը ձորում լսեց կրակոցի ձայները և շվարած կանգնել է...

10

Անտառի մեջ արագ վազում է Մակիչը:

Պարանի ծայրերը փաթաթվում են թփով, Մակիչը վայր է ընկնում... Շրջվում է, չարչարվում է, ուզում է ազատել ոտքերով, չի կարողանում, բարկացած քաշում է, կապն ավելի է ամրանում, կռանում է ատամներով պոկի, փշերը երեսը ծակծկում են...

Հուսահատությունը հետզհետե հաղթում է:

Մակիչի վայր ընկնելուն և հուսահատության զուգահեռ, կատարվում է հետևյալը:

Մացառուտում թաքնված գյուղացին Պուղանին ցույց է տալիս քարափը, որտեղից Մակիչն իրեն գցեց: Նրանք իջնում են:

Ավազների մեջ խրվելով, դժվար բարձրանում է հետապնդողը:

Նրա կողքով անցնում են: Պուղանն ուզում է նրան խփել, բայց Կարագինը չի թողնում:

Իջնում են:

Խոտերի մեջ նշմարվում են հետքեր:

Մակիչն անցել է ջրով:

11

Մակիչը քնել է, ավելի շուտ նվաղել է:

Հանկարծ լսում է, որ կանչում են.

Աաո՛ւո՛ւ...

Մակիչն արձագանքում է...

Մակիչի կապերը կտրել են: Մեկը հավաքում է պարանի կտորները թաքցնում քարի տակ:

Մակիչը հետզհետե բացում է ընդարմացած թևերը՝ նախ ձեռքերը, ապա բազուկները, ապա ամբողջ թևերը և այդ մարզանքի հետ զարթնում է խինդը և կորովը:

Անտառը, խշխշան հովը, նրանց արտաքինը, — այդ ամենն ասում են, որ նրանք չեն պարտվել և նորից կգան, կգան վերջին անգամ:

Մակիչը ձեռքը տանում է երեսին: Արյունը չորացել է: Ապա առնում է Կարագինի հրացանը և նրան ասում է.

Կգնաս քաղաք, կգտնես կոմիտեից մեկին... կասես այս անգամ դուրս չեկավ, բայց եկող անգամ լավ կանենք: Պատասխանը կբերես կարմիր քարի ձորը:

Նրանք հեռանում են անտառի խորքը...

ՉՈՐՐՈՐԴ ՄԱՍ

1

Լույսը նոր բացվում է:

Զիլֆին գառները քշում է գյուղի ամայի փողոցով:

Նկատելով մարագի կիսաբաց դուռը, տղան ներս է մտնում: Ներսը՝ Սոնան հազիվ նշմարվում է:

Զիլֆին հանում է չուխան: Սոնան նրա մեջքին է փաթաթում հացի պաշարը, որ գառնարածը պիտի տանի թաքնվածների համար:

Զիլֆին չուխան հագնում և դուրս է գալիս:

Ամայի փողոցով տղան քշում է գառները:

2

Լուսաբաց է:

Խոր ձորում դեռ գիշերվա ստվերն է: Ձորի անդնդում խշշում է գետը:

Չորս ձիավոր դանդաղ գնում են, չորս կողմը նայելով: Նրանք այն ձիավորներից են, որոնց դեռ գիշերով պարուչիկ Ամիրջանովն ուղարկել է խուզարկելու թաքնվածների վայրը:

Նրանք դիտելով են գնում, ցրվում են, դուրս են գալիս բարակ արահետից: Երկուսը հասնում են քարափին, որտեղ վերջանում է արահետը:

Լուսաբացի լռությունն է:

Լռության մեջ երեք անգամ լսվում է այսպիսի կանչ`

Դի՛-տա, դի՛-տա..., — ինչպես հոպոպը կկանչի:

Հենց ձիավորների գլխավերև, ժայռի լանջին, թփերի միջից Պուղանը գլուխը հանել է: Այդ նա էր կանչում հոպոպի նման:

Դեռ արձագանքում է կանչը, երբ երկու կոմունար ձորի մյուս ափից ներս մտան քարանձավը. երկրորդը, որ լվացվում էր, առավ հրացանը և թաքնվեց քարի ետև:

Մի տեղ քար գլորվեց: Ձիավորներն իրար նայեցին: Երևի քարայծ անցավ:

Ձիավորները նայում են:

Այլևս գնալու տեղ չկա: Ձորն այնքան ահավոր է և վայրի, որ անհավատալի է թվում, որ այդտեղ մարդիկ լինեն:

Ձիավորները դանդաղ վերադառնում են:

Պուղանը սողում է, ապա թռնում է քարով, ուր որ գնում է՝ ցածր «թառ» է, բերանը թփերով պատած: Թփերի արանքից երևում է մի գլուխ, որ կռացել է ջրի վրա:

Պուղանի ոտնաձայնից գլուխը պահվում է:

Պուղանը թփերը ետ տալով, ներս է մտնում:

Բնական քարայր է: Կիսամթնում՝ Մակիչը: Թիկն տված և պառկած կոմունարների գլուխներ, ոտքեր: Պուղանը կամաց շշնջում է.

Շները հոտ են առել... Նրանք իրար երեսի են նայում:

Երկու հոգու պահակ դիր, — ասում է Մակիչը:

Երկու հոգի քնից վեր են թռնում, բնազդաբար ձեռքը տանում են հրացաններին: «Արջը» խոր քնել է. Պուղանը նրան ցույց տալով՝

Օխտը գիշեր սա պիտի քնի:

«Արջը» շուռ է գալիս մյուս կողքին, ասելով`

Սրանից լավ տեղ չկա...

Ձիավորները գնում են:

Քարատակից ոչ հեռու երկու կոմունար խոսում են:

Մեկը՝

Մինչև ե՞րբ մնանք էս ձորում...

Մյուսը՝ Բադին, լռում է, ապա տխուր ասում է`

Հիմա մորս չարչարում են

Բադին նայում է հեռացող ձիավորների ետևից:

3

Գյուղի փողոցը:

Ձիավորները կտրել են նախիրի առաջը: Նրանց ավագը հրամայում է.

Բոլշևիկի տավարը ջոկիր...

Երկու ձիավոր նետվում են առաջ: Գզիրը ցույց է տալիս, թե որ կովն է «բոլշևիկի»: Ջոկում են:

Գնդակի նման մեջ է ընկնում Բադու մայրը, որ որդուն ուզեց դուրս քաշել ապստամբների շարքից: Կախվում է իր կովի վզից, կանչելով՝

Ամա՛ն, տունս քանդվեց

Նրա ձեռքից կովը խլում են:

Կինը վազում է:

4

Պարուչիկ Ամիրջանովը նայում է մի կետի: Կողքին նստած է մի սպա:

Խավարի միջից դուրս է գալիս Աթա ապերը: Նրան կալանատեղից են բերել: Մի քիչ հեռու կանգնում է ուղեկցող պահակը:

Աթա ապերը գալիս է դանդաղ, նայում է Ամիրջանովին:

Նայեց և ճանաչեց նրան:

Ամիրջանովն ևս ճանաչեց նրան:

Դու Մակիչի հայրն ե՞ս...

Աթա ապերը գլխով պատասխանում է «այո»:

Ո՞ւր է Մակիչը...

Աթա ապերը լուռ է: Ապա հանդարտ ասում է.

Քո զինվորները բռնեցին նրան... Ամիրջանովը ջղայնանում, բայց զսպում է:

Ուրեմն դու չե՞ս լսել, որ նա փախել է...

Աթա ապերը իրոք որ չի լսել փախուստի լուրը: Նա և՛ ներքին ուրախություն է ապրում, լսելով որդու փախուստը, և՛ միաժամանակ աշխատում է չմատնել իր ուրախությունը:

Հո՞ւնց լսեի, — և ցույց է տալիս ուղեկցող զինվորներին, հասկացնելով, որ իրեն ահա բերել են կալանատեղից:

Դու գիտե՞ս նրա տեղը, — հարցնում է Ամիրջանովը, բայց Աթա ապերը դեռ չպատասխանած, աղմուկ-աղաղակով ներս է մտնում այն կինը, որի կովը խլեցին:

Կինը ճչում է.

Ամա՛ն, կովս, — և հանկարծ հարձակվում է Աթա ապոր վրա:

Դու ո՞նց ես... Մակիչին ես իմ ձեռքով պիտի խեղդեմ, որ ջանս դինջանա... Տղայիս խաբեց, սար ու քոլ քցեց. հիմա էլ տունս քանդում են...

Մայրիկ, դու գիտե՞ս, նրանք որտեղ են..., — հարցնում է Ամիրջանովը: Աթա ապերը զգաստանում է:

— ...Ինչի՞, սա չի՞ իմանում, — Կինը ցույց է տալիս Աթա ապորը, — գիտես սա ոնցն է՛... Էս սաղ երկիրը սրա տղեն քանդեց...

Ամիրջանովը նայում է Աթա ապորը: Աթա ապերը հանդարտ նայում է բառաչող կնոջը:

Կարո՞ղ ես գնաս տղայիդ բերես..., — հարցնում է Ամիրջանովը:

Ես հենց գնում էի... կովս որ խլեցին...

Լավ, կովդ ետ կտան, — և Ամիրջանովը նշան է անում ուղեկցող զինվորին:

Կինը զինվորի հետ դուրս է գնում: Ամիրջանովը նայում է Աթա ապորը:

Հիմա ի՞նչ կասես...

Следующая страница