Բակունց Ակսել՝   Վեպեր և վիպակներ

Անշուշտ, երբ Պետրոս Մեծը ճահճուտների մեջ կանգնած, աչքը ծովախորշին, իր խոսքն էր ասում, անշուշտ, ռուսական արքայի դեմքին էլ նույն արտահայտությունը կար, ինչ որ Հովնաթան Մարչի դեմքին, որի քնքուշ մորթը արևից մի քիչ խանձվել էր: Ճիշտ է, տարբերություն կար, ինչպես օրինակ այն, որ ռուսական արքան երկարավիզ կոշիկներով էր, իսկ Մարչը դեղին բոտերով կամ այն, որ Մարչը երկրորդ անգամ էր պատմությունը կրկնում (իսկ այդ հայտնի ֆարս է), — բայց և այնպես նմանությունը ակներև էր:

Հովնաթան Մարչը շատ քայլեց ամայի տափարակում: Հին, հայրենիքի փոշին նստեց նրա դեղին կոշիկներին: Մարչը քայլում էր, նայում աջ ու ձախ, մտքում հաշիվներ անում, տների, ագարակների հաշիվներ, պարտեզներ տնկում, փողոցներ անցկացնում և ընդարձակ հրապարակ, կենտրոնում հսկա մի շենք, ամենաքիչը իններորդ դարու ոճով կառուցած, փղշտական հանդեսների ու եթովպական հավաքույթների համար: Նա տեսնում էր այդ քաղաքը և քայլում էր այնպես, ասես ասֆալտած են մայթերը:

Մի օձ, մաշկն սպիտակ բծերով մի օձ, քարի վրա տաքանում էր: Ոտնաձայնից գլուխը վեր հանեց և, հավատու՞մ եք, գլուխն այնպես տնկեց, ասես օձային իր լեզվով հարց էր տալիս նորեկին` ո՞վ ես, ի՞նչ ես ուզում ամայի այս դաշտում: Մարչը չտեսավ օձին: Գուցե դրանից նեղացած օձը բարվոք համարեց շուլալվել քարի տակ և շարունակել օձային յուր մտքերը ակնոցավոր նորեկի մասին:

Բայց զայրացածը արևն էր: Ասես ուրիշ երկիրներից իր շողերը հետ էր կանչել, որպեսզի այդ ժամին խիտ շարքերով շիկացնի քարերը, մինչև կարիճներն էլ արևահար լինեն և քարերը ճաքեն: Սակայն Մարչը չէր զգում ոչ արև, ոչ լուսին: Եվ այդ ավելի էր զայրացնում արևին: Ո՞վ էր նա, գուցե վաղուց մեռած մի արքա, մի Արշակ թագավոր կամ Գագիկ զորավար, որ ամերիկյան տուրիստի տարազ հագած` հարություն էր առել և շոգ ցերեկին անմարդաբնակ դաշտում իր դղյակի հետքերն էր որոնում և ստուգում, թե ի՞նչպես է հիշում իրեն սերունդների սերունդը

Մի հավաքույթ, բաժակաճառեր, կենաց խոսքեր, օտարազգի հյուրեր և հայրենական երգեր, որոնցից օտարազգի հյուրերի լսողությունը սակավ էր շոյվում, սակայն ժպտում էին` վայելուչ մնալու համար: Հովնաթան Մարչը խոսում էր.-Օտար հորիզոնԱյնտեղ, հայրենի հողի վրա, ուր ջուրը մայրենի բարբառով կկարկաչեՄարչը խոսում էր ոսկեբերան լեզվով, և Մարչի լեզվով խոսում էին բոլոր մատենագիրները, զորավարները, ժպտում էին ոսկեգանգուր խոպոպիկները: Մեկի կուրծքը հևիհև բարձրանում էր, երբ Մարչը հնչեցնում էր իր ձայնը, որպես բամբիռ` բամբ որոտան և իջնում, երբ նրա ձայնը դառնում էր առավոտյան զեփյուռ ու շոյում կտավատի կապույտ ծաղիկները:

Հովնաթան Մարչը ճակատը տրորեց, թեթև գլխապտույտ զգաց: Արևը միամտորեն կարծում էր, թե նրա գլխարկի տակ հաստակլեպ դդում է և ուզում էր խաշել այդ դդումը:

Հովնաթան Մարչը այդ գիշեր հերոս էրԱ՛խ, եթե տեսնեին նրան այդ դիրքով, հայրենի հողը կոխելիս, ինքն իրեն զրուցելիս, որպես մի Լիր արքա, ո՜չ, որպես աշխարհակալ, որի վայրկենական մտքերը պատգամներ են գալիք սերնդի համար:

Հովնաթան Մարչը կռացավ, քարերի արանքում բուսած խոտերից մի փունջ պոկեց և մետաքս թաշկինակի մեջ լցրեց մի բուռ հող: Մետաքս թաշկինակԱյրիացյալ տիկին Մարինե Քրաջյան

Երեկոյան Մարչն աչքերը բաց արեց, նայեց չորս կողմ ու նորից փակեց: Երա՞զ էր: Ո՞վ կառուցեց այս խրճիթը տափարակում: Քներակները զարկում էին և ամեն մի զարկի հետ ծակոցներ էր զգում գլխում: Մարչը ձեռքը ճակատին տարավ և զովություն զգաց ճակատին դրած թաց շորից: Երբ շորը փոխեցին, Մարչը նորից աչքերը բաց արեց, ճրագի լույսի տակ տեսավ շոֆերի դեմքը և մի ուրիշ դեմք: Մի կին ճրագը բարձր բռնել էր, ասես գլխին էր դրել: Նա փորձեց խոսել, բայց հազիվ կարողացավ ջուր ուզել ու աչքերը նորից փակեց:

Հովնաթան Մարչը արևահար էր եղել այն ժամանակ, երբ հուլիսյան արևի տակ, ցամաք տափարակում, որպես միրաժ, նա տեսնում էր նոր Եթովպիո սպիտակ տները: Շոֆերը սպասել էր մի ժամ, երկու, վերջը մոտեցել էր և նրան տեսել արևի տակ ուշաթափ ընկած:

Երբ մի անգամ էլ նա աչքերը բաց արեց, մի մարդ ամանի մեջ մածուն էր խառնում ջրին, կինը կանգնել էր կողքին, ինչ-որ երեխաներ կախվել էին կնոջ փեշերից և զարմանքով նայում էին խսիրի վրա պառկած մարդու շորերին, կոշիկներին, ակնոցների ապակիներին, որոնց մեջ արտացոլում էր ճրագի լույսը: Եվ մանուկներին այնպես էր թվում, թե մարդը կրակե աչքեր ունի:

Ու՞ր եմ, — հարցրեց Մարչը, և մինչ շոֆերը պատասխան կտար, նրա սնարի վերև տնկվեց երկարահասակ մեկը և ասաց.

Անհոգ եղեք: Հաջի Խարաբ գյուղն է կամ հին հայոց Բագնարանը:

Հին հայո՞ց... Հրամանքնիդ ո՞վ եք:

Անթանոսյան Հմայակ, գյուղի վարժապետը: Ես էլ օտարական եմ, այս հեռու գյուղում եմ աշխատում:

Եվ Անթանոսյանը շատ կցկտուր պատմեց իր կյանքն ու գլխով անցածը, ամեն ինչ համեմելով այնպիսի բառերով, որոնց քաջ ծանոթ են հին գրաբար գիտցողները: Շոֆերին այնպես էր թվում, թե մարդը պոչ ունի և խոսելիս պոչը գետնովն է տալիս:

Տանտերը առաջարկեց հիվանդին կտուրի վրա տեղավորել:

Վերև քամի կլինի, լավ կքնեք: Համ էլ կարիճից, մժեղից երկյուղ չի լինի:

Մարչին վերև տարան: Սանդուղքով բարձրանալիս նա թեթև գլխապտույտ զգաց ու հենվեց Անթանոսյանի թևին:

Վաղը եղեգնուտը պիտի տեսնեմ: Ինչպե՞ս է անունը:

Տեղացիք Ղամըշլու են ասում, — ասաց Անթանոսյանը: — Պատմական...

Ղամըշլուի պատմական անունը Հովնաթան Մարչը այնպես էլ չլսեց: Կտուրը բարձրանալիս զգաց, որ ոտքերը դողում են, հազիվ հասավ թախտին ու մեկնվեց:

Երկինքն աստեղազարդ էր, իհարկե, որովհետև հուլիսյան գիշերը բոլոր հորիզոնների տակ էլ աստղազարդ է: Հովնաթան Մարչը աչքերն աստղերին ուղղելուց առաջ հարկ համարեց, անձի ապահովության համար, հարցնել կարիճների մասին և տեղեկանալով, որ այդպիսիք կտուրների վրա հազվագյուտ են, երեսը դարձրեց Անթանոսյանը կողմը:

Այդ այնպես հանկարծ եղավ, ասես մինչ այդ նա չէր զգացել նրա ներկայությունը: Մարչը նրան հարցրեց հողի, ջրի մասին, ոչ վերացական մի ինչ-որ հողի կամ ջրի, այլ որոշ` մեր, այս, հին, հայրենի և այլն: Այդ խոսակցությունը այնքան հաճելի թվաց Մարչին, որ նա գլուխը վեր հանեց, նստեց տեղում ու ցնծության աղաղակ արձակեց:

Ահա փղշտացի մը...

Շոֆերը կարծեց, թե կարիճը խայթեց պասաժիրին: Խրճիթում քնած տանտերը կնոջը հարցրեց:

Ինչու՞ ճվաց:

Երկինքն աստղազարդ էր: Սակայն այդ չէր կարևորը, այլ այն, որ Հաջի Խարաբ գյուղի ծայրին, կտուրի տակ Հովնաթան Մարչը զրուցում էր մի մարդու հետ, որ իր նախատիպն էր, սակայն մի քիչ ավելի պակաս աշխարհ տեսած, ավելի բարձրահասակ և գյուղի ուսուցիչ, այն ժամանակ, երբ ինքը... Նու՜, ինքը, իհարկե...

Խոսքը դարձավ Նոր Եթովպիո մասին: Հովնաթան Մարչը պատմում էր, ավելի ճիշտ զառանցում, որովհետև քներակների մեջ ծակոցները շարունակվում էին: Իսկ Անթանոսյանին թվում էր, թե այդ ձայնը մոռացված, բայց հարազատ հեռուներից է գալիս:

Նրանք անվերջ կզրուցեին, եթե մի դիպված չլիներ, անմեղ մի քայլ: Երբ Անթանոսյանը պատմում էր հին օրերից, երկուսին հասկանալի լեզվով: Հովնաթան Մարչին այնպես էր թվում, թե ինքը ինչ-որ կղզիների վրա է և ոչ հայրենի երկրում: Մի Տաիտի, Ֆորմոզա կամ անհայտ այլ կղզի, ուր ապրում են կարմրամորթներ և ջրերի վրա գերաններից տներ կառուցում ճիշտ այնպես, ինչպես տան կտուրը:

Անթանոսյանը պատմում էր: Կարո՞ղ էր անհայտ կղզու բնակիչը պատմել, թե ի՞նչ գեղաքանդակ է Ղամըշլուից ոչ հեռու ընկած ավերակ եկեղեցին, ուր եզիդի հովիվները ձմեռը ոչխար են պահում: Կարո՞ղ էր Տաիտիի բնակիչը պատմել...

Միայն փղշտացին կարող էր արտասվել հուլիսյան աստղազարդ երկնքի տակ, լսելով Հովնաթան Մարչի խոսքը այն մասին, թե ինչպես տափարակի մի քարի տակ, թաշկինակը հողով լցնելուց հետո, նա մի թուղթ է թաղել, որպես հիմնադրեք Նոր Եթովպիո, որպես նոր ուխտ:

Եվ այդպիսի զրույցները վերջ չէին ունենա, եթե չլիներ մի դիպված, որի պատճառը այն էր, որ Հովնաթան Մարչի քներեկները ցավում էին, ու կարծում էր, թե Հաջի Խարաբ գյուղը անհայտ կղզու վրա է, տները ցցաշեն են, պատերի տեղ` գերաններ են ջրի մեջ: Երբ Անթանոսյան Հմայակը հայրենի երկնքում մի համաստեղություն էր փնտրում և Հարդագողի ճանապարհից մտքով գիծ անցկացնում մինչև β աստեղաշարը, Հովնաթան Մարչը վեր կացավ, մոտեցավ կտուրի ծայրին ցցած կոտրած կարասին, որով ամեն առավոտ օջախի ծուխն էր բարձրանում:

Դիպվածը, ճիշտ է, վերևից սկսվեց, հենց ծխնելույզի կարասից, բայց աղմուկը խրճիթից ելավ, որովհետև վերից ծլլացող հեղուկը հանգցրեց ճրագը և Հովնաթան Մարչին այնպես թվաց, թե պետքարանում մարդիկ են խեդվում: Այդպես չէր կարծում, սակայն, տանտերը, որի խոր համոզմամբ, հուլիսյան աստեղազարդ գիշերին, երկինքը երբեք անձրև չի թափում և այն էլ ծխնելույզով:

Աղմուկի վրա շոֆերը դուրս թռավ, և մինչդեռ Հովնաթան Մարչը Անթանոսյանին ապացուցում էր, որ պետքարանում մարդիկ են խեդվում, իսկ փղշտացի Հմայակը մեջքով կտուրն էր հրում, ուզում էր, որ կտուրը տեղ անի և պարտակի իրեն, շոֆերը բակում շապկանց կանգնած և բռունցքը դեպի կտուրը ճոճող տանտիրոջ հետ` մոտավորապես այսպես էր խոսում.

Լա՜վ, հերիք է, գուցե էն չէր, խմելու ջուր էր:

Ի՞նչ ես ասում, էնպես խմելու ջուր կլինի՞: Էս էլ իմ պատվի տե՞ղն էր: Երեխեքս վեր թռան...

Դե չիմացա՛վ, մեր տեղին ծանոթ չի, Ամերիկայից է եկել...

Է լա՛վ, էդ անտեր երկրում բա կտուրով տուն չկա՞...

Խնդրին վերջնական լուծում տվին այն արծաթները,որ Անթանոսյանի բռի մեջ իջան սանդուղքով և զրնգոցով թափվեցին գյուղացու բուռը, որպես երկնքից իջած աստղեր:

Ահա այդ դիպվածն էր, որ ընդհատեց նրանց քաղցր զրույցը: Ասվում է ընդհատեց, քանի որ խաղաղություն տիրելուց հետո, Հաջի Խարաբ գյուղում, խղճուկ մի կտուրի վրա, երկու փղշտացիների զրույցը նորից ծայր առավ:

Լուսաբացը այսպիսի պատկեր տեսավ: Անթանոսյանը պառկել էր գետնին,մեջքի վրա, դեմքին` երանության ժպիտ: Ընթերցո՜ղ, մանուկ ժամանակ սպանե՞լ եք գորտ ու տեսե՞լ եք, թե ինչպես գորտը դառնում է մեջքին, ոտքերով չանչ անում, ասես գանգատվում է երկնքին: Այդպես պառկել էր Անթանոսյանը,սակայն ոչ ոքի գանգատ չէր անում: Թախտի վրա Հովնաթան Մարչն էր պառկել, ձեռքը գլխի տակ, երեսը դեպի հեռու` մշուշի մեջ երևացող տափարակը:

Այդպես քնել էին խաղաղ ու անխռով երկու փղշտացի:

Եվ էին նրանք անձինք նվիրյալք սիրույն Արմենիո...

4

Այդ օրը պատարագիչ Արիստակես եպիսկոպոսը, երբ երեսը դեպի աղոթողները դարձրեց և սկիհը բարձրացնելով ասաց`

Առե՛ք կերեք, այս է մարմին իմ, — մյուսների հետ մոտեցավ և Հովնաթան Մարչը, ուտելու այն մարմինը, որ ամփոփված էր եպիսկոպոսի ձեռքին բռնած անոթի մեջ: Եվ երբ սրբազանի մատները շոյեցին նրա լնդերքը, բերանում գինու համ զգաց, Հովնաթան Մարչի երակներում արյունը խաղաց, որպես եռման հասած ջուր: Երջանկության գագաթնակետն էր նրա համար:

Ա՛խ, այդ երջանկությունը... Կատուն դռան շեմքին, արևի տակ ծուլորեն պառկում է, հորանջում և երբ արևից խաղում է արյունը, թաթերն այնպես նազանքով է մեկնում, ասես երջանկությունն արևի շողերի մեջ լողացող դեղին թիթեռնիկ է:

Պատարագը շարունակվում էր: Մերթ բեմից էին երգում, մերթ ներքևից պառաված ու երեր ձայնով մեկը պատասխանում էր, գովում լուսավորչական աստծուն, որ մուտքի առաջ չոքած գաղթական բիձայի համար բավական նման էր պատարագիչ Արիստակես եպիսկոպոսին: Նույն ալեհեր միրուքը, փառահեղ մալանչներով մինչև գոտին կախ ընկած, նույն սպիտակ ու կակուղ մատները, որ դեղին մոմի էին նման և բույրը` կնդրուկի, խունկի և զանազան անուշահոտ յուղերի միախառնված բույրը, որ օդում բարակ հետք էր թողնում ամեն անգամ, երբ Արիստակես եպիսկոպոսը մայր դռնից ներս էր մտնում, վիզը վեհորեն ար ու ձախ դարձնում` տեսնելու, թե քանի՞ հոգի են չոքել վանքի սառը քարերին: Համարյա ամեն օր նույն տեղում գաղթական բիձային էր տեսնում, մի քիչ մշեցի տեր Հուսիկ քահանային, մոմի արկղի առաջ կանգնած:

Այն բառերը, որ ելնում էին պատարագիչ սրբազանի բերանից, որ հնչում էին դպիրներն ու երգասաց տիրացուները, — Հովնաթան Մարչի համար սոսկական գրաբար չէր, այլ աստվածաիյն երաժշտություն, մի անտես երգեհոն, որի ամեն մի ելևջի հետ հոգին ոչ միայն բարձրանում էր մինչև վանքի գմբեթը, այլև աղավնակերպ դուրս թռչում նեղլիկ պատուհանից և ո՞վ գիտե, ի՛նչ հրաշքով խառնվում հուլիսյան կապույտ երկնքին:

Խոնավությունից պատերի կրածեփը տեղ-տեղ ճաքել էր, թափվել: Հին յուղաներկ նախշերն ավերվել էին, ասես ժամանակը կեղտոտ լաթով սրբել էր պատերը, ցեխոտ ջուր շաղ տվել, մի տեղ սևսցրել, մի տեղ էլ գույները առաջվա պայծառությամբ թողել: Ժամանակը վաղուց էր իր վճիռը կարդացել վանքի համար, մնում էր, որ նույն ժամանակն ուղարկի դատական կատարածուին ըստ ցուցակի եղած գույքը հանձնելու այն անհատակ անդունդին, որ պատմություն է կոչվում:

Հովնաթան Մարչի աչքերը սահում էին պատերի վրայով, նայում նկարներին, նախշերին: Ահա հրեշտակապետը` թրով ու կշեռքով...Հին առասպել մեղքի ու արքայության մասին: Քանի՛ դար նա արնոտ աչքերով նայել է միամիտ պառավներին, նրանց հոգում սարսափ ծնել և սնոտի ջերմեռանդություն, որ վախճան է ստացել կեղտոտ թաշկինակի ծայրին կապած պղնձե դրամը հրեշտակապետի նկարի ներքևը կախած գանձանակի մեջ գցելով:

Տիրամայրը ... Բավական համակրելի դեմքով մի կին և այնքան ճերմակ ուսեր ու կարմիր շրթունքներ, որոնցից մայրությունը կաթում է, որպես հասած նռան ջուր: Տիրամոր նկարը, որին ի տես շարվեշար կանգնած միաբանները շատ որոշ տեսել են և մարմնի այն մասերը, որ չկան նկարի վրա:

Որտեղի՞ց ներս ընկավ մեղրաճանճը և տզզալով պտույտներ գործեց, մոտեցավ, նստեց տիրամոր նկարի վրա, թևերն իրար քսեց, հետո թռավ, կորավ գմբեթի տակ:

Երբ որ հիմնվի Նոր Եթովպիան, ուրիշ նորանոր քաղաքներ , այս երկիրը կդառնա ամենից չքնաղը գլոբուսի վրա, հին քաղաքների ոգին հարություն կառնի, փղշտացոց ցեղը նորից կդառնա հզոր ու անպարտելի:

Այսպես մտածելուց հետո Հովնաթան Մարչը տեղը փոխեց, որովհետև պատուհանից արևի շողերի մի խուրձ տաքացնում էր այն գլուխը, որ հարբել էր լուսավորչական պատարագից ու հայրենաբաղձ մտքերից: Տեղը փոխելիս Մարչը տեսավ գաղթական երկու բիձայի հետև կանգնած Անթանոսյան Հմայակին: Նրանց հայացքներն իրար հանդիպեցին:

Ես էլ Ձեզ պես, — ուզում էր ասել Անթանոսյանը:

Կսքանչանա՛մ, հավատարիմ զինակից , — այսպես կարելի էր խմբագրել Մարչի դեմքի արտահայտությունը, հիմք ընդունելով նրա աչքերի փայլը, որ և՜ կրոնական էքստազ էր, և՜ փղշտական հայրենասիրություն, և՜ մեղմ քնքշանք ի տես Անթանոսյանի նիհար ու բարակ մարմնի, գզգզված մազերի և այն խեղճ կեցվածք, որպիսին ուներ Անթանոսյանը աղոթող բիձաների կողքին:

Այն առավոտ, երբ լուսաբացը Հաջի Խարաբ գյուղում տեսավ նրանց որպես անձինք նվիրյալք, այն առավոտ արևի շողերի խտղտոցից զարթնելով, Հովնաթան Մարչը տրորեց աչքերը և նայեց տափարակին: Նրա հոգին թունդ առավ, կոշիկի թելերը կապելուց հետո, վճռականորեն մոտեցավ կտուրի ծայրին որպես լուսնոտ մի մարդ, որ թևերը ձգելու է վեր և իջնելու կտուրից:

Շունը մռռաց: Մարչը հետ նահանջեց, և նահանջելու հետ միասին աչքին շատ պարզ երևաց Հաջի Խարաբ գյուղը, հողաշեն տները, անկարգ փողոցները, բամբակի ու ցորենի արտերը և կտուրի կարասե ծխնելույզը:

Անթանոսյանն էլ զարթնեց, վեր թռավ և այնպիսի ժպիտով մոտեցավ նրան, ասես աչքն էլ չէր փակել և ամբաղջ գիշեր ժպտացել էր:

Դիտու՞մ եք: Հրաշալի՛ է, — ասաց նա:

Մարչը մռմռաց, որից երևաց այն, որ տեսարանը հրաշալի լինելով հանդերձ, նրա հաղթ մարմինը ուտել էր ուզում: Եվ երբ շոֆերը ներքևից ձայն տվավ, որ թեյը պատրաստ , Մարչը ժպտաց:

Ոչ ոք չլսեց, թե ի՞նչ խոսեցին Հովնաթան Մարչն ու Հաջի Խարաբ գյուղի ուսուցիչ Հմայակը տան ստվերում, այն ժամանակ, երբ շոֆերը մեքենայի փոշին էր սրբում, իսկ տան տերը հողուրագն էր սարքում:

Ու՞ր, վարժապետ, — հարցրեց տանտերը, երբ մի քիչ հետո Անթանոսյանը նստեց ավտոմոբիլի մեջ:

Նոր երկիր, — եղավ պատասխանը: Գյուղացին ոչինչ չհասկացավ: Եթե նա լսե՛ր, թե ի՞նչ խոսքեր ասացին իր հողաշեն խրճիթի ստվերում, այնտեղ, ուր հորթերն են պառկում:

Վանքի մայր դռնից ներս մտավ պարարտամարմին մի կին, սև վուալով: Կինը խաչակնքեց այնպես արագ, ասես մատների ծայրին բամբակ կար, պուդրայի մեջ թաթախած: Այդ արարից հետո վիզը թեքեց այնպիսի խեղճությամբ, կարծես ամենքին ասում էր.

Ես եմ հոգով աղքատը, որի համար է կահավորած երկնի արքայությունը: Ես եմ կայծակից խանձված ծառ` կանաչ պարտիզում:

Վեղարավորներից մեկը ետ նայեց պառավ եզի դանդաղկոտ շարժումով: Հովնաթան Մարչը չիմասավ վեղարավորը բուրվառող սարկավագի՞ն խոնհարեց, թե՞ կնոջը ողջունեց:

Զանգերը զարկեցին: Սառը քարերի վրա չոքած պառավ կանայք օրորվեցին, արտի մեջ տնկած խրտվիլակների նման, երբ թեթև քամի է ելնում:

Դձի՜ն-բոմ-բոմ..., դձի՜ն-բոմ-բոմ...

Եվ երկիր և երկին անցցեն, բայց բանք իմ մի անցանիցեն...

Արիստակես եպիսկոպոսի ձայնը բեմի վրայից աղոթողներին ազդարարում էր գալիք կյանքի մասին, և ոչ ոք չէր զգում բորբոսնած այն ձանձրույթը, որ կար պատերի վրա,մոմովաճառ տեր Հուսիկի դեմքին, Գաբրիել հրեշտակապետի աչքերում, թեկուզ այդ աչքերը սարսափ էլ ծնեցրել են միամիտ պառավների հոգում:

Հովնաթան Մարչի մտքերը հեռու՛ էին, շատ հեռու: Ահա մանկության օրերը, ապա վանքի դպրանոցը շատ հեռու մի քաղաքում, ուր բարձր մայրիներ կան, չնաշխարհիկ պուրակներ: Հայրը` բարեպաշտ լուսավորչական, ավանի Սերոբ աղան, գորգագործարանի տեր: Ու միշտ հայրը կասեր.

Ձգե՜ յավրիս, այդ քու գործը չէ:

Այդպես էր ասում հայրը որդուն, երբ վերջինս հարևան տղաներից խումբ կազմած, պարսատիկներով ու կեռ փայտերով զինված, դպրոցից գալիս հոռոմ ու տաճիկ տղաների հետ կռվի էր բռնվում: Օ՛, հերոսական մանկություն, որ կնիքդ դրիր Հովնաթան Մարչի հետագա տարիների վրա և նրան դարձրիր որոտման որդի:

Մի անգամ էլ թշնամին հարձակվեց և հայրական տան ապակիները փշրեց: Այդ գիշեր, ծեծի ու լացի անմոռաց գիշեր. պահվել էր սնդուկների հետև, մայրը որպես պահապան հրեշտակ պտտվում էր սենյակում, մինչև հայրը տուն գար և իմացներ: Հետո ծեծ, քաշկռտուք, թուք ու մուր և մառանը, չոր մրգերով լեցրած մառանը, որպես աքսորավայր:

Ապա Պոլիս, ազգային վարժարան, ճառեր, ցույցեր... Երազներ, մոտ, շա՛տ մոտ: Հարկավոր էր միայն ցանկանալ, ուժեղ ցանկանալ ոչինչ չանել, նստել սրճարանում, ծխի թանձր քուլաներ արձակել, բերանը ողողել դառնահամ սուրճով, ծամել սուրճը, մինչև նյարդերը սրվեն և ձգված նյարդերը պատկերացնեն երազը:

Պատարագը վերջացավ, — ձայն տվեց Անթանոսյանը: Հովնաթան Մարչը ցնցվեց: Կաղլիկ լուսարարը, փայտը գետնին դեմ տալով, մեկ-մեկ հանգցնում էր մոմերը, բաց գրքերը ծալում: Տեր Հուսիկը պղնձե դրամն էր հաշվում: Եկեղեցում ուրիշ ոչ ոք չկար:

Մարչը մոտեցավ տեր Հուսիկից դեղին մոմեր գնելու, մայր աթոռի մոմեր:

Հավատացյալ հայրենակից մը ունիմ Բուենոս Այրես: Անոր բաղձանքն է, երբ վախճանը մոտիկնա, սնարի վերև մայր աթոռի մոմ վառել, — ասաց Մարչը մանրիկ արծաթներ գլորելով մոմովաճառի առաջ:

Աստված թողություն շնորհեսցե, — պատասխանեց մշեցի քահանան ու կռացավ գետնին ընկած արծաթը վերցնելու:

Եվ հանկարծ մի միտք, որպես կայծակ, փայլատակեց Հովնաթան Մարչի գլխում: Ահա նա, արծվաքիթ, տիպար քահանան, որի միրուքի մազերի արանքում հացի փշրանք ու պանրի կտորներ կային, կատարյալ քահանա, այն երկրից, հասկանու՞մ եք այն մեռած երկրից, ու կար Մշո Սուլթան սուրբ Կարապետ և մեղրագետեր և որի անունը էլեկտրական հոսանք էր նրա նյարդերի համար: Ահա նա, հայրենի երկրի սխտորահոտը կարկատած ֆարաջայի փեշերին, ճակատի կնճիռները որպես անընթեռնելի հիերոգլիֆ:

Տեր Հուսիկը միրուքն առավ ոսկրոտ մատների մեջ և ներքին հրճվանքից այնպես տրորեց միրուքը, ասես հիմա պիտի պոկեր, որպես սոսինձով փակցրած գրիմ: Սակայն ոչինչ չեղավ արտառոց: Հուլիսյան այդ օրը, հենց մայր տաճարի կամարների տակ , բոլոր հրեշտակների ու առաքյալների ներկայությամբ, մշեցի տեր Հուսիկ քահանան նշանակվեց Նոր Եթովպիո ծխատեր:

Ինչու՞, ինչու լաց եղավ Գաբրիել հրեշատակապետը, և ձեռքի կշեռքը դողաց թեթև, շա՛տ թեթև...

Մինչև ճաշ բավական ժամանակ կար:

Հայրենի հուշարձանները տեսնելու երթանք, — ձայնեց Մարչը: Անթանոսյանը հետևեց նրան որպես և՜ թիկնապահ, և՜ զրուցընկեր: Անթանոսյանից քիչ հեռու քայլում էր տեր Հուսիկ քահանան:

Այդպիսի շքախմբով Հովնաթան Մարչը վանքի դռան գերեզմանաքրերը դիտելուց հետո, տեր Հուսիկի առաջարկությամբ, գնաց Գայանեի վանքը:

Օտարը պարծանք կսեպե մեր վանքի պատի տակ թաղվիլ, իսկ մենք չենք հարգեր նախնյաց հիշատակը, -ասաց Մարչը, որից հետո տեր Հուսիկն ավելացնելու ոչինչ չունենելով, ա՛խ քաշեց, հասկացնելու համար, թե Մարչն իր սրտից խոսեց:

Ամայի էր ճանապարհն էլ, վանքի շրջապատն էլ: Եվ երբ դռնով ներս մտավ, վանքի բակում մի շուն հաչեց նրանց վրա, այնպես անտարբեր, ասես շնական իր լեզվով ասում էր.

Միևնույն է, էլ հաչելու չեմ, եթե դուք վանքն եք ուզում տեսնել, որովհետև այնտեղ ինձ պահ տված ոչինչ չկա:

Բայց այդ չէր կարևորը, և դրանից չէր, որ Մարչը ցնցվեց: Մեկը թրի ծայրով եթե նրա սիրտը ծակեր և դրանով էլ չբավականանալով, սիրտը տեղահան աներ, Մարչն այդպիսի ցնցում չպիտի աներ: Սրբապղծություն չէ՞ հնադարյան վանքի բակում շուն կապել, բուրդը գզգզված քոսոտ շուն, լեզուն շոգից կես արշին կախ և այդ այն ժամանակ, երբ նրա մտքի առաջ Գայանե կույսն էր, մազերը թիկունքին կախված, երկար զգեստով և հողե հնձանը, ուր կույսերն ուլունքներ էին պատրաստում և պահվում Տրդատ թագավորի անսանձ կրքերից:

Ու՞ր կերթաք, — ձայնեց մի կին, որ շան հաչոցից տնից դուրս էր եկել ու, ձեռքով երեսն արևից պահելով, նայում էր նրանց:

Վանքի դուռը բա՞ց է, քույրս, — հարցրեց Անթանոսյանը:

Ապա ի՞նչ, — ասաց կինը և ներս մտնելուց առաջ կանչեց.

Հորթը չթողեք, որ դուրս ելնի:

Սակայն երեքից և ոչ մեկը չլսեց կնոջ կանչը: Այդ ժամանակ տեր Հուսիկը Հովնաթան Մարչին ինչ-որ պատմություն էր անում, ավելի ճիշտ հնարում, իսկ Հովնաթան Մարչը մերթ գլուխն էր օրորում, մերթ ակնոցների արանքից նայում տեր Հուսիկին,ասես ուզում էր ստուգել, թե որքան հաջող է Նոր Եթովպիո ծխատեր քահանայի ընտրությունը:

Այստեղ թաղված է Հովհաննես երկրորդ կաթողիկոսը, — ասաց տեր Հուսիկը: Եթե նա մի քիչ նրբազգաց լիներ, կտեսներ Հովնաթան Մարչի այլայլված դեմքը, երբ աչքը գցեց դամբարանին, և աչքն ընկավ մարմարի վրա մատիտով գրածին.

Այստեղ ես ՍիրուշինԻնչ լազաթ էր

Ընթերցո՜ղ, դուք հասկանում եք (դուք, իհարկե, հասկանում եք), թե ի՞նչ է կատարվել վեհապետի շիրմաքարի վրա և ինչպես նրա ոսկորները շուռ են եկել մյուս կողքին, երբ որբանոցի աղջիկ ՍիրուշինՄի՞թե այդքան անհոգի են մաշտոցյան գրերը: Նոքա պատմում են փառապանծ օրերի մասին ու նույն սառնությամբ շարվել են կողք կողքի, մեկի պղծությունը ավետելու այն խաղաղ ու սրբազան անկյունում, ուր ննջել են հոգևոր հայրերը:

Մարչը թուքը հաճախ էր կուլ տալիս, շրթունքները շարժում: Այդ ամենը հուզմունքի և ներքին զայրույթի նշան էր: Սակայն դիմացի՜ր Մարչ, որովհետև հեռու չես զայրույթի նոր պոռթկումից:

Վանքի արևմտյան մասում ուրիշ գերեզմաններ էլ կային, և նրանցից ամենից հասարակի քարին, որի տակ հանգչում էր 18-րդ դարու նշանավոր հայրենասերի աճյունը, այդ քարի վրա որպես ապահով վայր, կինը փռել էր իր կարկատած

Մանրացած սերունդ, որի սրտում նախնի փառքը տեղ էլ չունի`սարդի ոստայնի պես գոնե օճորքից կախվելու: Ի՞նչ ուրագան էր, որ սրբեց, տարավ: Եղե՞լ է արդյոք այդ հինը

Ահա այդպես էր մտածում և ինքն իրեն հարց տալիս Հովնաթան Մարչը այն ժամանակ, երբ տեր Հուսիկը երեսը մի կողմն էր դարձրել քահանայական իր անարատությունը զերծ պահելու, իսկ Անթանոսյանը ոգևորված պատմում էր այն օրերից, երբ հենց այդ վանքի պատերի տակ կամավորների վեցերորդ գունդը բանակ էր զարկել: Ոչխարները մայում էին վառվող խարույկի մոտ, եռանդով ու ավյունով լցված կամավորները թրի հարվածով վանքի թթենիներն էին կտրատում:

Ես էլ էիՀավետ անմոռաց օրեր:

Վանքի դուռը բաց արին: Աղավնիները թռան, պահվեցին գմբեթի ճեղքերում: Կիսամութի մեջ Հովնաթան Մարչը տեսավ լղարիկ հորթին, որ աղավնիների աղմուկից վախեցած կանգնել, նայում էր եկողներին:

Մարչը տեղում մեխվեց: Ոսկի հո՞րթ, կուռքՍակայն հորթը շարժվեց դեպի դուռը և դռան մոտ բառաչեց այնպիսի ուրախությամբ, որ միայն հորթին է հատուկ:

Իզուր էր տեր Հուսիկը այս ու այն խաչքարի կամ քանդակի մասին մի բան պատմում և ամենը շաղկապում Գայանե կույսի անվան հետ:

Այս քարով են անիրավները ջարդել խեղճին, — ասաց տեր Հուսիկը, ցանկանալով միանգամից ցույց տալ և՜ ջերմեռանդ, և՜ գիտուն լինելը: Եվ այդ բուռն ոգևորությունից այնպիսի մի քար ցույց տվեց տեր Հուսիկը, որ անհնար էր տեղից շարժել, թեկուզ ա՜յն ժամանակ:

Վանքի բակում շունը մի անգամ էլ հաչեց: Կինը թոնթորաց, երբ տեսավ, որ հորթը բաց դռնով դուրս է եկել և կրծում է բակի կաղամբը: Այդ ամենին անտարբեր Հովնաթան Մարչը անցավ բակի երկայնքով, նրանից պատշաճ հեռավորության վրա` Անթանոսյանն ու տեր Հուսիկ քահանան:

Երբ Մարչը թաշկինակով ճակատի քրտինքն էր սրբում և քայլում փոշոտ ճամփով, նա իր մտքերի ծովումն էր, որպես անղեկ, անառագաստ նավ: Լավ չէր զգում իրեն, նեղվում էր հով ու տաքից: Եվ եթե փոշի էր բարձրանում նրա քայլերից, շիկացած մտքերն էլ պաղ գոլորշի էին արձակում, երբ այդ մտքերը թաղվում էին առտնին առօրյայի սառը ջրում:

Դուք սիրում եք մի սիրուն աղջիկ, որի մեջ թերի ոչինչ չեք տեսնում և որը ձեզ համար կատարյալ տիպ է, խտացրած գեղեցկություն , բարի սիրտ, մի խոսքով մարդկային բոլոր առաքինի բարեմասնությունների գումար: Եվ հանկարծ հայտնվում է, որ աղջկա ատամները անմաքուր են, գարշահոտ կա այն շրթունքների հետև, որոնց կարմիրը ձեզ համար և՜ վարդ էր, և՜ նռան կլեպ:

Այսպես էր և Հովնաթան Մարչը: Մերթ տաք, մեկ հով: Մերթ հերարձակ Գայանեն` ուլունքների շարանը պարանոցից կախ, մերթ լղար հորթ, խոնավ ճաքճքած պատեր, որբանոցի աղջիկ Սիրուշ

Մռայլ էր և Անթանոսյանը: Եվ երբ ճամփի եզրին կապույտ քարը ցույց տվեց ու ասաց թե`

Այստեղ թաղված է Խենթի սիրած աղջիկ Լալան, — Անթանոսյանն իր դերը պահ մի վերջացած համարեց, որովհետև մտքերը մի ուրիշ հողաբլրի շուրջ ցատկոտեցին, կապույտ քարից ոչ հեռու, որի տակ թաղված էին մայրն ու կինը, իր` Անթանոսյան Հմայակի, վեցերորդ կամավորական գնդի զինվոր Անթանոսյանի հարազատ մայրն ու կինը:

Խոլերի տարի էր, թեկուզ հույսի բոլոր դռները կրնկահան էին, և ուխտերի քարավանը խոստումներով բարձած Վանա երկրի ճանապարհն էր բռնել: Մի բան ճմլտկաց նրա սրտում: Մոխիրների տակ մոռացված մի կայծ էլ պսպղաց: Ունեցե՞լ է կին ... Ինչու՞ է մոռացվում դեմքը, և ինչ ծա՛նր է, երբ մարդու հիշողության առաջ մեռած մի հարազատ կանգնում է անիմաստ ժպիտն երեսին: Չգիտես հանդիմանու՞մ է, թե՞ շոյում:

Թեև շոգ կեսօր էր, պլպլում էր արևը, բայց Անթանոսյանը սառնություն զգաց, կուչ եկավ: Երբ հրդեհում են երիտասարդ օրերը, առատաձեռն ու սրտաբաց ցրիվ տալիս, հանկարծ, մի վայրկյան միայն, երիտասարդ օրերի տերը իրեն հարց է տալիս.

Վաղն էլ, մյուս օրն էլ, և ապա առաջին ճերմակ մազը...

Սակայն այդ տևում է միայն մի վայրկյան, որովհետև հաջորդ վայրկյանին երիտասարդը դառնում է նույն հրձիգը:

Այդպես մտածեց Անթանոսյանը:

Անցա՞վ ամեն ինչ... Ու՞ր են կրակները:

Սակայն նորից սիրտը թունդ առավ... Հովնաթան Մարչի առողջ պարանոցից, լայն թիկունքից, վճռական քայլերից:

Ահա՜ մարգարեն: Ու ծովը պիտի ճեղքի, պիտի գան փղշտացիք, եթովպացիք, կեսարացիք, ուռհայեցիք, բոլորը, բոլորը, և երկիրը պիտի դառնա մրգաշատ պարտեզ, աղբյուրները պիտի ծորան մեղր ու կաթ:

Ճաշի ժամանակ չէ՞, հայրենակից, — դարձավ Մարչն Անթանոսյանին: Տեր Հուսիկը այնպիսի ցատկումով մոտեցավ նրան, որ ուզում էր ասել.

Ի՜նձ հարցրու...

Սակայն իզուր: Հենց այդ վայրկյանին Արիստակես եպիսկոպոսի ծառան, որ հեռվից տեսել էր նրանց, մոտեցավ և Մարչին սրբազանի անունից հրավիրեց ճաշի:

Մարչը հետևեց ծառային: Տեր Հուսիկը տուն գնաց: Մնաց Անթանոսյանը`գլուխը կախ, որպես հարցական նշան:

Մոտակա տափարակում ցել անող տրակտորը, ասես, ոչ թե ֆրթֆրթում էր, այլ քրքջում և թքում բենզին:

5

Ծղրիդները գիշերվա կեսին այնքան միալար ու մեղմ էին ձայնում, որ եթե Հովնաթան Մարչի ծանր մտքերը չլինեին, նրանց երգը քնաբեր օրոր պիտի լիներ, և նա մուշ-մուշ պիտի քներ փափուկ անկողնում: Սակայն կային այդ մտքերը, և դրա համար էլ Արիստակես եպիսկոպոսի ննջարանի ծղրիդներն այդ գիշեր ոչ թե քուն բերին, այլ ջղայնություն:

Հովնաթան Մարչին թվում էր, թե պատի ճեղքերում անթիվ, անհամար մանրիկ ժամացույցներ են, և բոլորն էլ նույն ձայնն են հանում, որպես ծղրիդներ:

Ծղի՜-տակ, ծղի՜-տակ...

Դրանից էր, որ նա երբեմն մեջքին էր պառկում, երբեմն աջ ու ձախ դառնում, վերմակը մի կողմ նետում: Երանի թե միայն դրանով վերջանար, և Հովնաթան Մարչը քներ:

Այդ օրն այնքան բան անցավ նրա գլխով: Եվ ահա այդ անցածն էր նր քունը խանգարում, նստում կրծքին, երբ Մարչը պառկում էր մեջքին: Կողքին դառնալիս մտքերն էլ շրջվում էին: Մի ուրիշն էր ցցվում և հարցնում.

Ինձ մոռացե՞լ ես...

Եթե միայն այդ օրվա մտքերը լինեին: Ի՞նչ կապ, օրինակի համար, Բուենոս Այրեսում կատարած հանգանակության մի հաշվեկշռի հետ, երբ պակասում էր միայն երկու հարյուր դոլլար, և Մարչը տքնում էր վաղվա ժողովին արդարանալու պատճառ երկնել, ի՞նչ կապ այդ երկու հարյուր դոլլարի մոռացված պատմության և թղթադրամի այն կապի հետ, որ սրտի ներքին թրթիռով, Արիստակես սրբազանի սեղանին խմած վանքի հին գինուց գլխի պտույտով, ճաշից հետո նա դրեց ամենից գերազնիվ և վեհ պատրիարքի պառավ ու համարյա կանացի ձեռքին:

Բարի, շատ բարի ժպտաց ծերունին, շոյեց Հովնաթան Մարչի փղշտական ճակատը, հարցրեց օվկիանոսի մյուս ափին մակաղած հոտի վարք ու բարքից, իղձերից:

Հավիտյան անջնջելի վայրկյաններ, որ այնքան կարճատև եղան, որովհետև ծերունին խոսքը` չծամած պատառի պես կիսատ թողեց ու քնեց փափուկ բազմոցի մեջ ընկղմված:

Պատկերը սրտառուչ էր: Կարճահասակ մի վարդապետ ծերունու ձեռքից կամացուկ վերցրեց թղթադրամի կապը, համրեց ու պահեց: Մարչի աչքերը գամված էին ծերունու պատկառելի արտաքինին և նրա մարմնի կանոնավոր մակընթաց ու տեղատու լինելուն, որ կուշտ ու փափուկ ապրած մարմիններին է հատուկ: Երբ նա տեսավ թղթադրամը... Պատկերն, այո՜, սրտառուչ էր:

Следующая страница