Բակունց Ակսել՝   Վեպեր և վիպակներ

Եվ կաղ ոտի կողմը ծռվելով, արագ անհետացավ մթին թավուտներում, ինչպես գազանը: Նա գնում էր, կարծես իր կյանքում միայն մի անգամ էր մարդուն տեսել, նրա գործը, նրա կյանքը և սարսափահար շտապում էր տեսածը պատմելու Կաղնուտի ձորի միամիտ մարդկանց:

Երեկոն իջավ խաղաղ, ինչպես իջնում է գարնանամուտի մաքուր և անփոշի երեկոն:

Խաղաղվեց Զեյթան, ձորը, անտառը: Ոչ տուն էր երևում, ոչ ճրագ, ոչ շան հաչոց էր լսվում: Միայն հրապարակի խարույկն էր, որի կարմիր լույսերի տակ, ծխի քողի արանքով երևում էին ձիու հաստ գավակներ, գլուխներ: Խուրձերի վրա նստոտել էին Քյուրդ Մուրոյի գիշերապահ ձիավորները: Կրակը կարմիր շողք էր գցում արծաթ թրերի ու պողպատի վրա:

Խարույկը հաստ գերաններից էր, որ հավաքել էին մոտակա տներից: Նրանց ծայրերը վառվելուց հրում էին: Երեք վիթխարի գերան եռոտանու ձևով դեմ էին արել իրար: Ու գագաթից, ճիշտ խարույկի վրա, կախել էին գոմեշի չափ խոշոր տավարի մարմինը, որ թեժ կրակից կարմրել ու ճարպ էր կաթկթում: Դրանից բոցն ավելի էր բռնկվում:

Երեկոյան դեմ, երբ Զեյթան դատարկվել էր, հանկարծ ձիավորները նկատել էին ամեհի ցուլը, որ սարից պոկված ժայռի նման, գլորվում էր դեպի գյուղը: Նա մռնչում էր կատաղությամբ, փորփրում ձյունը, ամուր ճակատը խփում քարին, սառած գետնին, կարծես ուզում էր գլուխը ջարդել:

Ձիավորներից մեկն ասել էր, որ ցուլը կատաղած է: Մի քանիսն իրոք հավատացել էին և մոտեցել ձիերին: Եթե ցուլը հարձակվեր, նրանք պատրաստվում էին ձիերը հեծնելու: Իսկ ցուլը գյուղի վերևը մռնչացել էր, թաց ռունգով հոտոտել գարնանամուտի գետինը: Նախիրի՞ց էր ետ ընկել, ճանապա՞րհն էր մոլորել, թե՞ երնջի հոտ էր ընկել քթովն ու վերադարձել էր գյուղը:

Աղբյուրից ցուլը կուշտ ջուր խմեց, հանգստացավ: Զինվորներից մի քանիսը մոտեցան, ցուլն արնոտ աչքերով նայեց նրանց: Նրա ճակատից արյուն էր կաթում, կաշին քերծել էր: Ցուլը նայեց, ապա հաղթ վիզը կեռացրեց, գլուխը խոնարհեց, որպեսզի ոստյուն գործի: Այդ վայրկյանին երկու հրացան միասին պայթեցին ու նա ոստյունի փոխարեն գլորվեց մահվան ցնցումներով: Մեկի լայն թուրը վերջ տվեց նրա ցնցումներին ու խռոցին:

Այդ ցուլն էին կախել գերանների եռոտանուց: Նրա մարմինը կարմրել էր, և կրակի ցոլքը խաղում էր մկանների ողորկ խուրձերի վրա: Եթե զինվորների շողշողուն զենքերը չլինեին, հեռվից դիտողը կկարծեր, թե քարե դարի մարդիկ են հավաքվել խարույկի շուրջը և կրակի վրա կախել մի կենդանի, որից այժմ մնում են բրածո ոսկորներ:

Գիշերը թանձրանում էր: Խարույկի լույսը հասնում էր մինչև դիմացի անտառը: Լուռ տները չէին նմանվում ավերակների, որովհետև ոչ նրանց պատերն էին մամռոտ, ոչ սևացած գերաններ էին երևում: Կարծես համր տների տակ քնել էր հողի մշակների հոգնած բազմությունը, քնել էր վարուցանքից հետո ու գիշերապահների կրակն հսկում էր նրանց անվրդով քունը:

Սարից քամի իջավ: Քամին խաղում էր կրակի ալիքների հետ, մերթ կրակը պառկում էր գետնի վրա, մերթ ծուլ լինում մինչև եռոտանու գագաթը: Ցուլը ոսկեգույն էր դառնում: Կրակի շուրջը հավաքվածների ստվերը ձգվում էր մինչև անտառը:

ՈՐԴԻ ՈՐՈՏՄԱՆ

(Պահպանված հատված)

1. ՄԵՐ ԾԱՆՈԹԸ

Գիշերվա այն ժամն էր, երբ պոստի միլիցիոները չի կարողանում հաղթահարել հոգնությունը և նիրհում է ամայի փողոցում: Քամուց դժժում են հեռագրալարերը և լապտերներն օրորվում են, կարծես փողոցը թեքվում է մեկ մի կողքի, մեկ մյուս, ինչպես լույսերը հանգցրած նավը: Այդ ժամին ձիերը պառկում են և վիզերը երկարում գետնի վրա:

Քաղաքի վրա սառը լուսինն էր, նրա ցուրտ լույսն աննշմար էր էլեկտրական լապտերների լուսեղեն լճում: Միայն բարձր տների տանիքների թիթեղն էր անպտուղ շողշողում լուսնի լուսով: Այդ ժամին նիրհում էին և կատուները, նրանց ոչ մի զույգ չէր մլավում գազանային կրքից: Լուսնին մնում էին քաղաքամերձ բանջարանոցները, որտեղ սպիտակին էին տալիս կաղամբի հասուն գլուխները, որովհետև արդեն աշնան դեմ էր, — և ջրերը, որոնք տխուր խոխոջում էին հնձած արտերի ամայի դաշտերում: Կարող էր պատահել, որ հեռվից մթնում մի սայլ ճռնչար ու սելվորն ուրախ լիներ, որ լուսնյակ գիշեր է և ուրախությունից տխուր երգեր. — գուցե սառը լուսինը ողողում էր գետափնյա եղեգնուտը, որտեղ բադերը մրսում էին հովից և խոր թաղվում տաք ճլկուտներում, — բայց այդ ամենը քաղաքամերձ էր, քաղաքից դուրս և ոչ քաղաքի ներսը, որտեղ, ինչպես ասացինք, լուսադեմի խաղաղությունն էր, օրորվող փողոցներ և փողոցի ծայրին նիրհող պահակը, ինչպես արագիլը քամուց շարժվող բարդու գլխին:

Մարդը, որի անունը և ով լինելը մենք հաջորդ գլխում կասենք, ահա այդ ժամին նայեց ժամացույցին, ուսն առավ պայուսակը, լույսը մարեց և դռան բանալին գլորեց գրպանը: Հետո նա իջավ մաշված սանդուղքով, անցավ բակը, որ անձև էր, որովհետև երկու կողմից բաց էր, և գնաց դեպի անորոշություն, այսինքն աղիքի նման ծալվեծալ նեղ փողոցով, որ սկիզբ էր առնում հենց այդպիսի անորոշ բակերից և կայարան տանող փողոցին մոտենալով մի քիչ շտկվում, մի քիչ լայնանում, դառնալով ճանապարհանման մի փողոց, որտեղ տները համազգեստով են, այսինքն՝ նոմեր ունեն և պատշաճ լապտեր, ոմանք նույնիսկ ցուցանակներ և ամենևին նման չեն այն խառնիխուռն հողակույտերին, որտեղից ելավ մարդը և որտեղ մի փոքրիկ լապտեր լույս է տալիս չորս-հինգ բակի, որտեղ խսիրով ծածկած արտաքնոցի կողքին հավաբունն է և անխուսափելի մոխրակույտը, ուր ցերեկը խաղում են երեխաները, իսկ գիշերը թազնում են մրսկան շները:

Մինչև կայարան նա համարյա ոչ ոքի չհանդիպեց: Մի տնից երեխայի լացի ձայն լսեց և օրորոցի թրխկոց: Լավաշի փռից մխի և հասած խմորի հոտ առավ: Նա նույնիսկ գլուխը բարձրացրեց և տեսավ ծանոթ թիթեղյա լավաշը, որ կախված էր ձողից՝ ցուցանակի փոխարեն և վրան կապույտ ներկով գրած՝ «Հաց կա», «Հաց չկա»: Փողոցին նայում էր «Հաց կա» երեսը: Դիմացը գալիս էր մի կառք: Ձիերը քայլում էին դեպի գոմը, նա տեսավ կառապանին, որ գլուխը կախել էր կրծքի վրա, փաթաթվել մուշտակի մեջ: Կարծես անգլուխ էր կառապանը, ձիերը քաշում էին մի խորհրդավոր մարմին:

Կայարանի հրապարակում նա շարժում տեսավ: Գիշերային կառապանները հավաքվել էին իրար մոտ: Նրանք թեթև կրակ էին արել և շուրջը նստել: Ձիերը խժռում էին հարդը: Մի քանի հոգի դուրս եկան կայարանից, գնացին քաղաքի կողմը: Մեկը նրանցից բաժանվեց և բաժանվելիս կանչեց՝ «Ալյոշ, էքվան թեզմ արի»:

Քթին խփեց վակզալի հոտը: Նա անցավ հանդարտ դահլիճով, որտեղ նստարանների վրա փռվել էին ուղևորները, որոնք ստիպված էին գիշերել: Նա անտարբեր նայեց շուրջը, ահա մեկը խուրջինը գլխի տակ, ոտքերը փռել է և քնի մեջ քորում է մարմինը: Մի ուրիշը կռթնել է չեմոդանի վրա և դիրքն այնպես է, կարծես խոր միտք է անում. երրորդը գլուխը դրել է պատուհանին, չորրորդը ոչ գետնին է փռվել, ոչ գլուխն է դրել պատուհանին և ո՛չ էլ խոր միտք է անում, այլ պարապությունից, թե ձանձրույթից հագեցնում է քաղցը և ուղտի նման չոքած, բացել է պաշարը, ուտում է ձու, պանիր, հաց, խաշած միս և ով գիտե ինչ բարիքներ, որ հոգատար մի ձեռք եփել է, թխել, փաթաթել, կապել: Հինգերորդի քունը չի տանում և նստել չի ուզում, տասն անգամ կարդացել է չվացուցակը, քսանվեց անգամ մոտեցել ժամացույցին և հիմա հետաքրքիր նայում է, թե ինչպես է չոքած ուղտը լավաշները կլանում:

Մեր ծանոթը, որի հետ դեռ մենք պիտի գնանք և ականատես լինենք նրա գլխով անցած դեպքերին մինչև եղերական վախճանը և նրա շնորհիվ ծանոթանանք շատ մարդկանց և մի պառավ ձիու հետ, — մեր ծանոթը բոլորովին անվրդով անցավ այդ տեսարանների կողքով և դուրս եկավ պերրոնը, ստուգելու ժամացույցը:

Այստեղ էլ խաղաղություն էր: Ռելսերի զույգերը շողշողում էին, և երբ լապտերները օրորվում էին, թվում էր, թե ռելսերը շարժվում են, օձաձև գալարվում, ուռչում և փոս ընկնում, ինչպես ջրի մակերեսը: Մի շոգեմեքենա մանյովր էր անում, կարծես պարապությունից ման էր գալիս գծի վրա, աննպատակ հետ ու առաջ գնում: Հեռվում մի քանի շոգեմեքենա հանգցրել էին ճրագները և շար ընկել: Կանաչ լապտերով մի մարդ նրանց անիվների արանքում ինչ-որ բան էր սարքում:

Մեր ծանոթը գոհունակությամբ նկատեց, որ իր ժամացույցը ճիշտ է աշխատում և վերադարձավ մյուս դահլիճը, որտեղից լսվում էին աղմուկի խուլ ձայներ: Տոմսերի կասսի առջև խռնվել էին 40-50-ի չափ գյուղացիներ, որոնք իրար հրում էին, սեղմում երկաթե ոլոր-մոլոր այն միջնորմների արանքում, որ, ինչպես հայտնի է, կառուցված է հերթ սպասելը դյուրացնելու համար: Գյուղացիները բոլորն էլ տղամարդիկ էին, կային երիտասարդներ: Տիրապետողը գորշ գույնն էր, որ իշխում էր նրանց պատառոտած զգեստների և հողագույն դեմքերի վրա: Հերթում սպասելը դժվարանում էր և նրանով, որ յուրաքանչյուրն իր ձեռքին ուներ իր կապոցը՝ մեշոկ, ջուալ, փայտե սնդուկ և կամ նույնպիսի հողագույն քաթանի վերմակի մեջ պարանով կապված պաշար: Նրանցից յուրաքանչյուրն աշխատում էր ազատվել հարևանի բեռան անախորժ ծանրությունից, որ իջնում էր ուսերի վրա, կամ հրում էր մեջքը, ծակում էր, եթե հարևանը վերմակի մեջ փաթաթած ուներ «սալդաթի վախտը» բերած պղնձե թեյամանը (մեկի տոպրակի միջից երևում էր կացնի կոթը), — միաժամանակ յուրաքանչյուրն աշխատում էր կապոցը հարմար տեղ դնել: Բայց գլխավորը հերթն էր, և այն սպասումը, թե երբ պիտի բաց անեն կասսը, որի համար ոմանք բռունցքի մեջ պինդ բռնել էին տոմսակի մի քանի անգամ հաշված գինը:

Աղմուկը բարձրանում էր ոչ միայն նրանից, որ վերջինները հրում էին առաջիններին, և լսվում էին ահեղագոչ աղաղակներ, թե մեկի ոտքը տրորվեց կամ մյուսի թևը մի բանի տակ մնաց, — աղմուկն ավելի անսովոր վիճակից էր. անասնական երկյուղից, թե կարող է մի բան պատահել, ինքը կմնա, իսկ Օննիկը կերթա պովեզով: Կային և անհանգիստ երիտասարդներ, որոնք աննպատակ հրում էին և բոռում, ինչպես ջահել բուղան, երբ քթովն է ընկնում հողի առաջին խոնավությունը: Նրանք բոռում էին և ծիծաղում, իսկ նրանք, որոնք սեղմվում էին մարդկանց և իրերի միջև, սեղմվում էին երկաթե միջնորմի արանքում, հուսահատությունից թափում էին հայհոյանքների քարե կարկուտ և կատաղության սև ջուր:

Եվ ահա բացվեց այս տեսարանը մեր ծանոթի աչքերի առաջ, երբ նա պերրոնից ներս մտավ: Նայեց նա, ինչպես նկարիչը կնայի փրփրած ծովին: Սակայն նկարիչ չէր մեր ծանոթը, այլ կարգի և միօրինակության մոլեգին երկրպագու: Եվ շատ վրդովվեց նրա սիրտը, երբ տեսավ, որ գորշ բազմությունը երկաթե միջնորմի մեջ, ինչպես անտառի գազանները վանդակների մեջ, աննպատակ հրմշտում են, բոթում, բոթբոթում, աղմկում, այնինչ դեռ մի ժամ և քառորդ կար մինչև կասսը բացվեր և մի ժամ էլ՝ մինչև առաջին զանգը:

Եվ որոշեց սանձահարել հողմը:

Այն խոսքը, որով նա դարձավ հերթի կանգնածներին, կարճ եղավ, և մի պահ հանդարտվեց աղմկահույզ ծովը: Նա առաջարկեց իրենից նոմերներ ստանալ այն կարգով, ինչպես կանգնել են, ապահովել հեռանալ ու հանգստանալ մինչև տոմսերի վաճառելը: Նրա խոսքից հետո նախ տիրեց լռություն, որի ընթացքում հերթի կանգնածները կասկածախառն զննեցին նրան, ապա վերջինները աղմկելով համաձայնություն հայտնեցին. միջինները տատանվեցին, իսկ կասսային մոտ կանգնածները համառեցին: Մարդը հաստատ և հավասար քայլերով, ինչպես զինվորական, մոտեցավ նրանց և հարցրեց ամենաառաջինին, որը երկու ձեռքով ամուր գրկել էր կասսի դուռը. — հարցրեց նրա ազգանունը, հանելով բլոկնոտը: Միջինները միացան վերջիններին. այնտեղից մի քանիսը պոկվեցին և եկան հանդիմանելու առաջիններին: Րոպեն վճռական էր: Մեր ծանոթը համառությամբ կրկնեց իր պահանջը և մարդը վերջապես ասաց ազգանունը՝ հողագույն և հասարակ, ինչպես ինքը՝ Գրիգոր Կարապետյան, ինչպես պատի աղյուսներից մեկը: Նա տարիքով էր, աշխարհ տեսած չէր և այն հաստատ համոզմանն էր, թե ով հարցնի իր անունը և ազգանունը, նա «օրենքի մարդ է», այսինքն բարձր է իրենից:

Նա ասաց իր ազգանունը և ստացավ «պերվի նոմերը»: Մեր ծանոթը մտադիր չէր ազգանունները գրելու, նա միայն ուզում էր նոմերներ բաժանել, բայց առաջինի համառություննը պատճառ եղավ, որ բլոկնոտի շատ թերթեր սևանան: Երբ գրեց վերջին 47-րդ ազգանունը (43-րդը ավելացրել էր «կոմսոմոլ», իսկ 19-րդը՝ «հինգ նաֆարից բաղկացած չքավոր եմ») և հանձնեց 47-րդ նոմերը, ոչ ոք դեռ տեղից չէր շարժվել, միայն աղմուկը և հրմշտելը հանդարտել էր: Նա առաջարկեց ցրվել և հանգստանալ: 43-րդը, որ իր ազգանվան դիմաց ավելացրել էր «կոմսոմոլ», առաջինը դուրս եկավ: 5-րդ նոմերի տերը առարկեց:

Չի՞ եղնի, որ համ մեր տեղեն չհեռանանք, համ էլ նոմերը պահենք...

Այս առաջարկը կասկածներ ծնեց, և որովհետև կարող էր գործը քանդվել, մեր ծանոթը երկրորդ անգամ խոսեց. այս անգամ դառնությամբ, դեմքը խոժոռելով միայն 5-րդ նոմերի կողմը: Ազդեցությունը փայլուն եղավ: 5-րդ նոմերի տերն էլ նոմեր առաջինի պես մտածեց, թե ո՞վ գիտե, ինչ կարող է լինի, ինչո՞ւ վատամարդի լինել ուրիշների համար, գուցե այն մարդը, որ գրեց իր ազգանունը, «մենձավոր» էր: Նրան հանդիմանեցին հարևանները, որոնք դեռ շարունակում էին պինդ բռնել միջնորմի երկաթներից: Մեկը նույնիսկ 5-րդ նոմերի հասցեին բղավեց, թե նա «քյալարեցի» է, իսկ քյալարեցիք իբրև թե «իշու ախպեր են»: Իհարկե իզուր ասաց, որովհետև 6-րդ, 9-րդ և 10-րդ նոմեր ունեցողները ևս քյալարեցի էին, որոնց սաստիկ վիրավորեց «կախ շալվար» հոռոմեցին: Միջնորդությամբ մյուսների, որոնք ոչ քյալարեցի էին և ոչ հոռոմեցի, այլ դանաղռանցի, քավթառքոսեցի, քուլլուբուլաղցի և Մեծ Օքուզյաթաղ գյուղում բնակված գաղթականներ՝ ջուրը պարզվեց, որը պղտորելու նպատակով էր հոռոմեցին «շոշափել» քյալարեցու «պատիվը»: «5 նաֆարից բաղկացած չքավորը» աղմուկի մեջ մի խոսք շպրտեց բոլոր «եռլականների» հասցեին և ապա ձայնակցեց նրանց, որոնք չեզոք մարդու լրջությամբ հանդիմանում էին կռվող կողմերին:

Սակայն այս միջադեպը մեր ծանոթի առաջարկի օգտին եղավ: Դիմադրության բոլոր միջոցները սպառված էին, չէր կարելի ոչ նոմերը ձեռքին տեղը կանգնել և ոչ էլ դիմանալ այն հանդիմանություններին, որ անում էին հետինները և միջինները: Եվ 5-րդ նոմերի տեր քյալարեցին կատաղի վճռականությամբ իրեն գցեց հերթից դուրս, կարծես ամեհի ցավով պոկվեց մի արյունոտ ող հերթի երկար ողնաշարից: Ապա նա հետ եկավ և սկսեց մյուսներին հանել հերթից: Նրան միացան ուրիշները, որոնք հռհռոցով քաշքշեցին մարդկանց և նրանց իրերը, միջնորմի երկաթների արանքում մի անգամ էլ ճխլելով (մեկի ձեռքից փողերը զրնգալով թափվեցին, գլորվեցին արծաթները և պղինձները և բազմաթիվ գլուխները կռացան, սրա-նրա ոտքերի արանքով անցան, գտնելու փողը, որի տերը լեղապատառ բղավում էր): Բայց և այնպես կասսի առաջն ամայացավ, և նոմերները պինդ բռնած մարդիկ օրհնության և շնորհակալության անձրև թափեցին մեր ծանոթի գլխին: Իսկ նա այդ աղմկահույզ իրադարձությունների ժամանակ անշարժ նույն տեղն էր, որպես մի քարե սյուն, որի ստորոտին զարնվում են պղտոր ալիքները և ամոթով հետ փշրվում:

Ի՞նչ էր մտածում նա, երբ հերթից դուրս եկածներից մեկը բարձրաձայն հայտնում էր իր գովքը մեր ծանոթի հնարագիտության կամ ինչպես ինքն էր ասում, «ֆահմի» հանդեպ, մյուսը իղձ էր հայտնում ուտելու նրա ուսումի այն մասը, որ, ինչպես հայտնի է, ուսումը չունի և միայն ոչխարի այդ մասն է համեղ, երրորդը խորհրդածություններ էր անում այն մասին, թե «էշ ապրած, էշ մեծացած» են իրենք և դեռ չգիտեն «զակոնի պռավիլը»: Այս կարգի միտք զարգացնում էին և մյուսները, որոնք քիսաներից, «կութիներից» և ո՞վ գիտե որպիսի տուփերից հանում էին թութուն ու խորը ծխում, որովհետև հերթի հրմշտկոցը նրանց չէր թողել այդ պահանջին հագուրդ տալու: Սակայն ի՞նչ էր մտածում մեր ծանոթը, երբ նրա շուրջը քյալարեցիների, դանաղռանցիների, քուլլուբուլաղցիների, քյավթառքոսեցիների և Մեծ Օքուզյաթաղ գյուղում բնակված գաղթականների բերանից ծխի հետ դուրս էին ելնում օրհնության, գովեստի և երախտագիտության քուլաներ...

Որքան էլ խուզարկու աչքով դիտում ենք նրա երեսը, չենք նկատում մի նոր կնճիռ կամ մկանի որևէ շարժում: Աչքերը նույնպես սառն են, հայացքը խոժոռ, այնպես, որ մենք ինքներս երկար չենք կարողանում նայել նրան, առանց խոնարհելու մեր սեփական աչքերը: Եվ մի կասկած է ծնվում մեր մեջ, թե չլինի՞ նրա աչքերից ելնում են ահռելի հզորության քիմիական ճառագայթներ, որոնք չեզոքացնում են մեր տեսողությունը և ենթարկում իրենց, ինչպես օձի աչքերը երկչոտ գորտին: Ուրիշը նրա փոխարեն կապրեր հաղթանակի հաճույքը. գոնե անբարբառ կշոյեր և կմեծարեր ինքն իրեն շրջապատված բարերարված բազմությամբ, որոնցից ամեն մեկը իր ձեռքին բռնել էր նրա նշանը, նրա դրոշմը, ինչպես հպատակները թագավորական պասպորտը: Գուցե մի ուրիշը առիթից օգտվելով նոր քարոզ կարդար կամ թե մի քննադատ բարձրանար միջնորմի մեջքին և հմայված բազմությանը գերեր «ընդհանուր ակնարկներով» կամ «ներածական երկու խոսքով» — բայց այդպես կաներ քննադատը կամ մի ուրիշը, մի երկրորդ ուրիշը, և ոչ թե մեր ծանոթ քարե սյունը:

Սակայն չի կարելի ասել, որ նրա գլխում այդ րոպեին մտքերը անշարժ և հանդարտ էին, ինչպես գլխի՝ խնամքով սանրած դեղին մազերը: Նրա սառը հայացքը միջնորմի կողմն էր, կասսի ուղղությամբ: Նա նկատել էր, որ ոմանք շատ են մոտենում միջնորմներին, իսկ երկու հոգի փողերը որոնելու պատրվակի տակ չեն հեռանում կասսի առաջից, կարծես դրամները գլորվել են այն կողմը՝ տոմսակի համար:

Հեռացե՛ք, — և մեր ծանոթի ձեռքը թրի նման օդը ճեղքեց, կարծես յաթաղանով գլուխ կտրեց: Այս կանչի վրա վազեցին նրանք, որոնք կապոցները թողած դուրս էին եկել պերրոն, դահլիճ, փողոց: Եվ բոլորը հարձակվեցին դրամ որոնող երկուսի վրա և նրանց, որոնք շատ էլ չէին հեռանում միջնորմից: Այս լուրջ ընդհարում էր: 5-րդ նոմերի տերը իբրև տրիբուն մի կրքոտ ճառ ասաց նրանց «մուխաննաթ» և ծուռ միտք լինելու մասին: Նույնիսկ կասկածներ հայտնեցին, որ ոչ մի փող չի ընկել, գրպանումն է զրնգացել: Իսկ փող կորցնողը կրկնակի վիրավորված բղավեց, որ «բլեթի» փողն է կորսվել և դեռ չի գտել երկու «աբբասի» և մի թաք շահանոց: Բայց և այնպես նրանց հեռացրին այդտեղից, և էլ ոչ ոք չկար կասսին մոտիկ:

Մեր ծանոթը հանեց ժամացույցը: Գնացքը պիտի դուրս գար մոտակա կայարանից: Հանկարծ հնչեց դրսի զանգը և նրա ղողանջը խլացավ մի զարհուրելի աղմուկի մեջ: Պերրոնից, դահլիճներից, փողոցից հետ եկավ բազմությունը, որպես պղտոր հեղեղ: Թռան նստարանների վրայով, թռան բագաժի կշեռքի վրայով, թռան նույնիսկ իրենց շալակի կապոցների վրայով: Իբրև թե հրդեհվում է պերրոնը, դահլիճները, փողոցը, բոլոր պատուհաններն ու դռները, և մխի ու ծխի ալիքների մեջ իբրև փրկության փարոս կանչում էր միայն կասսի փոքրիկ դռնակը, որտեղով միայն պիտի դուրս գնար այդ բազմությունը: Եվ ով արագ թռավ, եղավ առաջինը, ով ճխլեց մեկի ոտքը, մյուսի փորը, եղավ երկրորդը, ով խուրջինը բռնեց ատամներով, որ թևերը ազատ լինեն, եղավ երրորդը, ով իբրև սառցահատ կտրեց թևեր ու թիկունք, եղավ չորրորդը, և իրար հետևից մյուսները իբրև բարժ, բարկաս, առագաստանավ, նավակ և հասարակ տախտակ, որպիսին եղավ 5-րդ նոմերի տերը:

Եթե ութնյակով գրած պոեմ լիներ այս գործը և ոչ արձակ պատմություն, հեղինակը այստեղ ութ տող կամ ավելի բազմակետ կշարեր և ընթերցողին կթողներ հերթն էլ, աղմուկն էլ, մեր ծանոթին էլ, և ինքը մի կողմ կքաշվեր: Թող ընթերցողը պատկերացներ, թե ինչպես խառնվեց սահմանված կարգը, ինչպես հետինները եղան առաջին և առաջինները վերջին, ինչպես հարևան սենյակներից վրա հասան ուղևորներ, որոնք մինչև այդ ուղտի պես չոքել էին լավաշի առաջ և կամ քնել էին չեմոդանների վրա, եկան և գրավեցին տեղերը և իբրև նվաճողներ չճանաչեցին ոչ մի կարգ, ոչ մի կանոն, որ սահմանել էին նրանից առաջ, հերոսական ջանքերով սահմանել էր մեր ծանոթը և նրանով հմայված բազմությունը: Նվաճող բարբարոսներին միացան և դանաղռանցի, քավթառքոսեցի և քյալարեցի դավաճաններ, որոնք ոտնակոխ արին հայրենի կարգը, այսինքն մեր ծանոթի բաժանած նոմերները և պոչում թողեցին միամիտներին, որոնք ուշացան, ինչպես հիմար կույսերը:

Ընթերցողը նաև թող պատկերացնի այն ժխորը, որ բարձրացավ, երբ հնչեց չարաբաստիկ զանգը: Կանչում էին, որովհետև նոմերները խառնվել էր, կանչում էին, որովհետև կատաղությունից ավելի անգութ էին իրար սեղմում (մեկի կացինի կոթը արդեն մտել էր դիմացինի շեքի մեջ): Վերջապես կանչում էին իրար, որովհետև անակնկալի հետևանքով մեկի փողը մնացել էր մյուսի ձեռքին, կապոցներն էին խառնվել, և թվում էր թե թիփի բորան էր և թանձր մառախուղ, ու կռնչում են իրար կորցրած կռունկները:

Ու կանգնել էր իբրև քարե սյուն մեր ծանոթը: Քունքերի մոտ միայն դեղին մազերի երկու փունջ շարժվում էին, կարծես այդտեղից պիտի դուրս գային եղջյուրներ կամ ով գիտի ինչպիսի չտեսնված բան և նորից պիտի սանձահարեր հողմը: Նա ուզեց մի քայլ անի դեպի առաջինը և հանեց բլոկնոտը, որ կարդար ազգանունները, երբ հանկարծ անեծքի, հայհոյանքի, ատելության և նախատինքի մի ամբողջ ծով տրաքեց նրա կողմը: Կարծես ժխորի առաջին պահին նրան չէին տեսել, և բլոկնոտը եղավ կարմիր փալաս, և ծառս եղան գազազության ցուլերը:

Անհնար է մի առ մի գրել նրանց ասածները, որովհետև բոլորը միանգամից էին գոռում, և լսվում էին միայն առանձին բառեր, ինչպես օրինակ՝ «Դժոխքի շուն, Կայենի կոտոշ», և զանազան թիկունքներից ցցվում էին բռունցքներ: Մեկը պինդ թքեց և ասաց, որ իբր թե նրա ուսումի վրա է թքում: Այդ նա է, որ կես ժամ առաջ իղձ ուներ ուտելու նրա ուսումի «որոշ մասը»: Հայհոյում էին և նրանք, որոնք հուսախաբվել էին նրա «մենձըվոր» լինելու մեջ, սակայն դեռ պինդ բռնել էին նրա բաժանած նոմերները, իբրև թալիսման:

Քո կուշտ կերած օր զատկի իրիկուն էղնի, — ասաց «հինգ նաֆարից բաղկացած չքավոր գաղթականը», որը բավական հետ էր ընկել:

Իշալլահ հետ չդառնա...

Խաբարըդ քոռ ակռավը բերի...

Դաստեմ քուքուրդ դնեմ հոգուդ, դժոխքի կոճ, ա՛յ օղուլ... Էսման էլ բոզութեն, — խանձված հոգով մղկտաց 5-րդը, որը այժմ այդ հսկա ողնաշարի ամենավերջին ողն էր, մի չնչին կճիպ:

Եվ ո՛վ հրաշք... Մեր ծանոթը հաստատ քայլեց դեպի առաջինը, որ տիզի նման փակչել էր կասսի դռանը: Ամբոխը գազազեց, ոռնաց` «հեռո՛ւ, հեռո՛ւ...»: Ներս մտավ միլիցիոները, որ մինչ այդ դուրսը ֆայտոնչի Հաջի Գևոյի հետ «ուսուլ խորաթա» էր անում:

Միլիցիոները մոտեցավ մեր ծանոթին, որովհետև միայն նա էր հերթից դուրս:

Քաղաքացի, — և թևը բռնեց, — օչերեդ կայնի...

Նրանք նայեցին իրար՝ կարգի և միօրինակության ուխտյալ զինվորը և կարգապահության զինվորը: Նախկին 5-րդ նոմերի տերը չարախինդ քրքջաց, երբ մեր ծանոթը դարձավ վերջին ողը:

Էլի քեզնեն առաջ եմ...

Կասսը աղմուկով բացվեց:

2. ՎԱԳՈՆ ՄԻ ԺԱԺ ԳԱՐ

Սլուժբի պռավիլ է, հանաք մասխարութեն չի

Կոնդուկտոր Արտաշ

Չորրորդ ռայո՛ն, «հայոց ռայո՛ն...»:

Ընթերցող, եկե՞լ եք դուք հեռու վայրերից արագընթաց գնացքով՝ կապույտ շոգեշարժը գլուխը, և չքնաղ, ապակեպատ վագոններով, որտեղ ամեն մի նստարան խնդրում է, որ մի քիչ նստեք և մաքուր պատուհանից դիտեք սլացող դաշտերը, ստանիցները և սարաֆանով աղջիկներին, որոնք արծաթահնչյուն ծիծաղով ճանապարհ են գցում ձեզ: Տեսե՞լ եք այն զուսպ ու կիրթ ձևերը, որով խոսում է ձեզ հետ վագոնավարը, և ապա հետո մտե՞լ եք այն մյուս գնացքը, որ ձեզ տանում է չորրորդ ռայոնի սահմաններով դեպի Երևան, դեպի Չսլֆա...

Չորրորդ ռայո՛ն, «հայոց ռայո՛ն…»:

Որքան էլ պախարակեն քեզ վագոններիդ համար, որքան էլ ասեն, թե երբեմն ապակիները ջարդված են, և կպատահի, որ էլեկտրական լամպի փոխարեն ճրագուի մոմ վառեն, որքան էլ խիստ կոշտությամբ հրեն կոնդուկտորները մթնում վագոնները փնտրող պասաժիրներին և խոսեն նրանց հետ անըմբռնելի ժարգոնովայնուամենայնիվ, քո երաժշտությունը չունի ոչ մի էքսպրես: Հողի՞ցն է, օդի՞ց, թե՞ այն ջրից, որ խմում է շոգեշարժը, — չգիտեմ, միայն թե քո վագոնները հագեցված են մի բույրով, որ հիշեցնում է քամուց և արևից խանձված կավահողը:

Գուցե այդ բույրը ոչ հողիցն է, ոչ ջրից և ոչ էլ շոգեշարժի խմած ջրից, այլ այն յուղից, որով օծում են անիվները, սռնիները, որոնք այնպես, «ազգային հանգով», ներդաշնակ ճլվստում են, ճռճռում, սիրտ մաշելու չափ տնքում և մղկտում:

Տա՛նում են, ադե ջան, տա՛նում են...

Ահա խոր մրափի մեջ է անպլացկարտ մի վագոն: Ալագյազը ամպերի մեջ է, և դուրսը անձրև է մաղում, և անձրևը թմբկահարում է վագոնի թիթեղյա կտուրը, և ջուրը նովդաններից թափվում է, ինչպես գյուղի աղբյուրի ծորակից: Լուսադեմ է, լուսադեմի քաղցր քուն, այն էլ չորրորդ ռայոնի սահմաններում: Քնել են այնպես, կարծես մայրենի օդան է գլորվում ամայի դուրանում: Մեկը խուրջինը դրել է գլխատակը, պարաններով կապկպել և պարանի ծայրը սեղմել բռունցքում: Կուպեների կիսամթնում երևում են գլուխներ, առանց իրանի, որովհետև իրանը թաղված է կապոցների, սնդուկների, բալուլների, մաֆրաշների, բարձերի, տաշտերի և էլ ինչպիսի ամանների և բեռների կույտի տակ, ազդրեր` ոտքերով և առանց ոտքի, իրաններ առանց գլխի, որովհետև գլուխը կապոցների արանքում մի տեղ է կոխել և խռռացնում է՝ թևերը փռած իրերի վրա: Ահա մայրը կերակրում է երեխային, օրորում է ճոճքը և մի տխուր երգ է դնդնում, մի ուրիշը փռել է լվացքը, իսկ մի խաթուն մարե, որ անքուն է մնացել ամբողջ գիշերը, միտքը դրել է սամավարը գցի:

Սակայն դեռ լռություն է և խոր մրափ: Եթե կան արթուն պահակներ, որոնք հսկում են իրերը, նրանք ճակատները հենել են պատուհանի սառն ապակուն և նայում են դուրսը, ամպի մեջ կորած լեռներին, ամայի դաշտերին, ուր անձրևը մաղում է ցուրտ տխրությամբ: Միայն մի քանի հոգի, որոնց սիրտը մորմոքել է ինչ-որ հիշատակ, թախիծ և անձկություն, կանգնել են տամբուրների վրա և փակ դռների ետևը, անիվների միալար չափով բարձր-բա՛րձր երգում են խեղճ երգեր...

Եվ ահա ներս է մտնում ինքը, կոնդուկտորը, ներս է մտնում և բղավում.

Վաշ բլեթ...

Վերջացավ լռությունը, քունը, նիրհը, անիվների օրորը: Երեխան բերանը պոկեց մոր կրծքից, խաթուն մարեի լյարդը ցամաքեց, քնաթաթախ վեր թռան նրանք, որոնք քնել էին կտուրի տակ և հանկարծ արթնանալուց գլուխները թրխկացրին կտուրին:

Սակայն ցավ չզգացին, որովհետև ներքևը կանգնել է ինքը, ֆանառով մարդը և կանչում է` «վաշ բլեթ...»:

Ահա շարժվեցին կապոցների կույտերը, գլուխները նստեցին իրանների վրա, և իրաններին միացան ոտքեր և ձեռքեր, որոնք հուզված սկսել էին փնտրել տոմսերը, որ մի հատ չէ, երկու հատ չէ: Ահա մեկը ներկայացրեց, և կոնդուկտորը քննում է տոմսը ֆանառի լույսով, նայում է ասեղով ծակծկված թվերին և տոմսի տիրոջը, կարծես ստուգում է, թե արդյոք նա չի ծակծկել: Իսկ տոմսի տերը հլու-հնազանդ նայում է, կարծես գլխին կախվել է մի փորձանք, որ եթե անցնի, նա հանգիստ շունչ պիտի առնի և բաց անի ճանապարհի պաշարը: Մի ուրիշը փնտրում է բոլոր գրպանները, ստիպում է, որ կինը, մայրը ևս փնտրեն, շարժում են ծանր կապոցները, կիսամթնում ձեռքերը քսում են գետնին, և բոլորի հուզմունքը բարդանում է, կոնդուկտորն անհանգստության նշաններ է ցույց տալիս, և հանկարծ երեխան հիշեցնում է, որ հայրը բլեթները շափղայի մեջն է կոխել:

Կոնդուկտորն անցնում է մյուս կուպեն և այնտեղ մի կին ուրախությունից բարձր կանչում է, որ կոնդուկտորն իր եղբոր հարսի եղբայրն է և թոթվում է ձեռքը:

Քա կեցի՛, հաց կե՛, Արտաշ... — թախանձում է կինը:

Այդ լուրը տարածվում է ամբողջ վագոնում, և հանգստություն է իջնում մարդկանց հուզված հոգիների վրա, և իրար հաղորդում են, թե Արտաշը մեր եգանի հորեղբայրն է, Արտաշը օրթաքիլիսեցի սև Յագորի միջնակ տղան է, մայրը մաստարեցի: Իսկ Արտաշը կարծես դժգոհ է, որ միամիտ կինը պատռեց նրա խորհրդավորության վարագույրը, և նույն լրջությամբ շարունակում է ստուգել տոմսերը: Ահա նա անցնում է մյուս կուպեն և կինը, որ շտապ բաց է արել սուփրեն, նորից է կանչում:

Չի եղնի, խնամի... Պռավիլը պազվոլիտ չի էնի... Սլուժբա է, հանաք մասխարութեն չի:

Քա մի թիքամ...

Չորրորդ ռայոն, «հայոց ռայոն...»:

Որքան էլ սիրենք քո գնացքները, քո պասաժիրներին և «պռավիլը» պաշտպանող կոնդուկտորներին, այնուամենայնիվ, այստեղ մենք հրաժեշտ պիտի տանք բոլորին և մոտենանք միայն մի պասաժիրի, որ վաղուց է անշարժ նստել անկյունում, և չի իմացվում, քնա՞ծ է, թե արթուն, որովհետև, ինչպես ասաց Արտաշը, մերն էլ «սլուժբա է, հանաք մասխարութեն չի», և չի կարելի այսպիսի լիրիկական զեղումներ ունենալով հեռանալ մեր ծանոթից, որին մենք վերջին անգամ տեսանք կասսի առաջ, իսկ այժմ ահա նստած է մի մութ անկյունում և չի իմացվում քնա՞ծ է, թե արթուն, լսո՞ւմ է, որ դուրսը մաղում է անձրև:

Վակզալի պատահարը նրա հիշողությունից ցնդել էր: Մեր ծանոթը, որին վերջին անգամ ենք այդպես կոչում, որովհետև մեկի հետ ծանոթանալու և նրա ով լինելը իմանալու ամենահարմար վայրն առհասարակ ճանապարհն է, մանավանդ չորրորդ ռայոնի երկաթուղին, որտեղ սրտակից բարեկամության շատ դաշինքներ են կնքվել, — մեր ծանոթը վերլուծել էր ամբողջ պատահարը և որակել իբրև «կազմակերպչական թերություն», գտնելով նաև «սկզբունքային տարաձայնության որոշ տարրեր» (5-րդ նոմերի դիրքը): Բանն այն է, որ նրա համար այդ երկու բաժանումների վրա էին կռթնում աշխարհի, նրա շրջապատի և նրա գլխով անցած բոլոր իրադարձությունները: Նա ոչ միայն երկրպագու էր կարգի ու միօրինակության, մոլեգին սիրահար պատրաստի սխեմայի, այլև ուներ մտածողության մի առանձին ընթացք, իրերը և երևույթներն ըմբռնելու մի յուրահատուկ ձև: Նա չէր մտածում, այլ առաջարկում էր և կամ առաջարկը կատարում: Նա մեծ երկրպագու էր վերջակետների, պարագրաֆների, թվերի և դիագրամների և մանավանդ ստորագրությունների: Եվ եթե պատահեր, որ ինքը ստորագրեր, մանավանդ այնպիսի թուղթ, որ սկսում է «սույնն ստանալուց առաջարկվում է ձեզ անհապաղ» և վերջանում «ժամկետ 3 օր» բառերով, — միայն այդ դեպքում նրա դեմքը պայծառանում էր և երկար ժամանակ ցցված էին մնում երկու քունքերի դեղին մազերը:

Следующая страница