Բակունց Ակսել՝   Վեպեր և վիպակներ

Մի փողոցում դիմաց-դիմաց երկու չինարի սաղարթը խառնել էին իրար: Նրանք փողոցի վրա կապել էին կանաչ կամար և սարյակների ժիր երամը ճռվողում էր սաղարթի թանձրության մեջ: Պատի տակ սալ քար էր: Նրանի՞ց էր, որ հազար-հազար մարդ նստել էր այդ քարի վրա, թե անձրևն ու քամին էին լվացել, — ստվերի մեջ քարը կապույտ ցոլք էր տալիս, ինչպես ջնարակած կավե անոթը:

Միրզամը նստեց քարի վրա: Նա շատ լավ գիտեր այդ տեղը: Պատի ետևը սեյիդ Էհսանի տունն էր, այն նշանավոր սեյիդի, որի անվան հետ կապված պատմությունները աշուղական երգերի նյութ դարձան: Սեյիդ Էհսանը Միրզամի հոր քիրվան էր: Աշնանը, երբ նրանք վերադառնում էին ուխտից, մի գիշեր հյուր էին մնում այդ տանը: Ամեն տարի նույնն էր ու թեև ուղղափառ մուսուլմանները նզովում էին այդ բարեկամությունը, սեյիդ Էհսանը շարունակում էր այն, յուրաքանչյուր տարի Միրզամի հորը պարգևելով նոր խալաթներ և նրանից ստանալով նույնքան և ավելի արժեքավոր ընծաներ: Սեյիդն ուներ մի աղջիկ, անունը Ֆաթմա: Աշուղի երգը նրան անվանում է «դրախտային հավ և դաշտի շուշան»: Միրզամն աղոտ հիշում էր աղջկա նշաձև աչքերը և սպիտակ ատամները, որոնք լույս էին տալիս թուխ երեսին: Եվ ահա տեղի է ունենում մի սովորական դեպք, որով այնքան հարուստ էր սարդարների Արևելքը: Քոռ-Հուսեյն խանը փախցնում է Ֆաթմային: Սեյիդ Էհսանը հնար չի գտնում հարեմից ազատելու Ֆաթմային: Գալիս է մի դերվիշ և սեյիդին սովորեցնում հմայելու գաղտնիքը: Նրանք երկուսով դուրս են գալիս դաշտը, ուր կանայք խմբերով չանաքում էին բամբակը: Կախարդությամբ և, ով գիտե, ինչ կերպ դերվիշը կանանց աչքերի առաջառ աչոք տեսիլ», ինչպես նույն մարդու մասին գրել է ժամանակակից մի գրիչ) երևացնում է պղտոր գետԿանայք բարձրացնում են փեշերը և սրունքները մերկ քայլում, իբրև թե անցնում են պղտոր ջրով: Քաղաքում իրար են խառնվում, և ամբոխը վազում է տեսնելու հրաշքը:

Մյուս օրը այդ անմեկնելի և խորհրդավոր ուժը դուրս է հանում սարդարի կանանց. Ջավահիր ամարաթի ներսից ելնում են չքնաղ վրացուհիներ, խափշիկ կանայք, հայուհիներ՝ ցորնագույն մորթով, Լազստանից գերի առած աղջիկներ, չերքեզ կանայք և պարսիկ գեղեցկուհիներ, — մի խոսքով Քոռ-Հուսեյն սարդարի ամբողջ հարեմը: Սեյիդ Էհսանը սրունքները մերկ կանանց մեջ ճանաչում է իր աղջկանը և վազում է դեպի ամարաթի դուռը: Բերդի պահակները հազիվ են փակում դարպասները, որպեսզի անդիմադրելի այդ զորությունը չխայտառակի սարդարին:

Դերվիշը նույն գիշերը փախչում է քաղաքից: Սեյիդ Էհսանին կուրացնում և քշում են Ղազվին: Ասում են, որ դեռ շատ տարիներ ապրել է կույր սեյիդը: Նա դուրս է գալիս Ղազվինից և նստում հյուսիսից եկող ճանապարհի եզրին: Երբ գալիս էր քարավանը, նա ողջունում էր քարավանի պետին և հարցնում «Իրավան շհարից»: Եվ այդպես շատ տարիներ նա ողբացել է իր գերությունը:

Այդ պատի հետևն էր սեյիդ Էհսանի տունը, և երբեմն հենց այդ քարի վրա նստում էին Միրզամի հայրը և նրա քիրվան:

...Փողոցով անցան երեք թուրքեր, որոնցից մեկը թաբաղի մեջ գլխի վրա տանում էր խոնչան: Միրզամը լսեց, թե ինչպես նրանք ասացին իրար.

Մեր քուչաներում ինչ գործ ունի էս հայը...

Ապա նրանցից մեկը հետ նայեց: Նա տեսավ Միրզամի դեմքի ալեզարդ խաղաղությունը և գլուխը կրծքին կախեց:

Ծերունին վեր կացավ:

3

Դեպի Կոնդը Գյուրջի քարվանսարան էր, գդակ կարողների և մաշակարների փոքր ու միանման կրպակներով: Դեպի հարավ՝ բերդի կողմը, խուրդավաթ վաճառողների մրջնոցն էր: Այդտեղ էին նաև պղնձագործները, դարբիններն ու պայտարները, որոնց մուրճերի աղմուկը, քուրաների բոցը, պողպատի ու պղնձի սուր զրինգը խլացնում էր Չարսուի բազմաձայն ժխորը: Առանձին թաղ էին կազմում ներկարարները, համետ կարողները, բրուտները և կաշեգործները: Երբ իջնում էր մառախուղը, դարբինների և պղնձագործների կրակները մառախուղների մեջ առանձին խորհրդավորություն էին տալիս մրից սևացած մարդկանց, որոնք ծանր մուրճերով կարծես գետնին էին զարկում, և գվվում էր գետինը, կայծերի շատրվանով լուսավորում մառախուղը: Արհեստանոցների մյուս թաղերն ընկղմում էին մառախուղի մեջ:

Եվ ընդհակառակը, արև օրերին առաջինները նման էին հրդեհից խանձված գետնափոր տների, այնինչ ներկարարների թաղում ծփում էին լաջվարդ, ալաջա «գյուլգյազ» և այլ գույնի կտավե զոլերը: Անխտիր բոլոր թաղերն էլ կեղտոտ էին, պայտարների առաջ աղբի և սմբակների քերվածքի դեզեր էին, կաշեգործների դիմաց մազեղեն, հում և բորբոսնած կաշվի կտորներ: Ներկարարները քացախած ներկերը թափում էին հենց արհեստանոցի առաջ, և այդ գունավոր ջրերի գուբերից բարձրանում էր կծու գարշահոտ: Նույնիսկ անտիրական շները, որոնք հարյուրներով էին վխտում, մանավանդ ղասաբխանայում, չէին մոտենում այդ աղտոտությանը և բաղնիսների տաք մոխրակույտը գերադասում էին բորբոսնած կաշվի դեզերին:

Հազարավոր արհեստավորների մեջ չէր կարելի տեսնել առողջակազմ և վարդերես մեկին: Նրանք վտիտ էին, մեռելագույն և անկրակ աչքերով: Միայն դարբիններն էին հաղթամարմին, բայց նրանք էլ կուզ էին. կայծերից այրված նրանց աչքերը ուռել էին ցավագար կարմրությամբ և ավելի ահարկու էին մրից սևացած երեսի վրա: Ոմանք, ինչպես ներկարարները, համարյա ամբողջ օրը արևի երես չէին տեսնում, նրանք գետնի տակն էին, որտեղ թաղված էին ներկի խոր կարասները: Մշտական խոնավության մեջ ներկերի թույնը հյուծել էր նրանց: Նրանք ավելի նման էին վհուկների, որոնք գետնի խավարից երկար ձողերով դուրս էին քաշում վառ գույներով ներկած կերպասներ, կտավ և բրդե գործվածքներ: Առավոտից մինչև մութը աշխատում էին, ոմանք` ինչպես կաշեգործները` մինչև ծնկները ջրի մեջ, ոմանք` գլուխը վեր չհանելով, ոմանք` թանձր ցեխի մեջ, ինչպես բրուտները: Նրանք նման էին թիապարտների, որոնց անողոք կարիքը ցմահ շղթայել էր անուրախ և անհուսաշող կյանքին: Շատ հազվադեպ էր հնչում երգը, և եթե այնուամենայնիվ երգում էին, ապա կսկծում էին իրենց օրերի դառնությունը, երգում էին լացի և անել կյանքի երգը, սիրտ մաշող արևելյան մի երգ այն մասին, որ կյանքը փակ դուռ է, ուզում ես լաց եղիր, ուզում ես ծիծաղիր, միևնույն է, նա երբեք չի բացվի: Եվ պատահում էր, որ մի ծեր դարբին ծանր մուրճին կռթնած լսում էր այդ երգը և կաշվե գոգնոցով սրբում կարմրած աչքերը:

Բայց միայն այդ չէր Երևանի հռչակավոր Չարսու բազարը: Ավելի ճիշտ՝ խլուրդի այդ բները ամենևին էլ բազար չէին համարում նրանք, որոնց կրպակները ծածկված շուկայումն էին: Նրանք ծաղրում էին այդ խեղճ արհեստավորներին և նրանց շուկան անվանում «Քյուլխանե», այսինքն մոխրանոց և կամ «Բիթ-բազար», այսինքն ոջլի բազար, որովհետև այդ արհեստավորները գործ ունեին չունևոր մուշտարիների հետ, և բացի այդ, նրանց թաղումն էին գտնվում այն մանր սարաֆները, որոնք չնչին գնով գնում էին պարտքի տակ խեղդվող գյուղացիների վերջին թաղիքը, միթել վերմակը, չուխան: Սակայն տարբերությունը միայն այն չէր, որ ծածկված Չարսուի սովդաքյարները արհեստավորների շուկային անվանում էին «Բիթ-բազար», իսկ իրեևնցը՝ «Խան-բազար»: Տարբերությունն ավելի խորն էր. մաշակարի համար մուրազ էր խմել Չարսուի չայխանեի թեյը՝ ծաղկավոր և ոսկենկար ֆինջաններից, այն նշանավոր թեյը, որ ուներ վարդաջրի բուրմունքը: Նա խմում էր առվի պղտոր ջուրը և կամ այն հասարակ թեյը, որ ինքը չայչին էր պտտացնում արհեստանոցից արհեստանոց: Այնտեղ նստում էին Խորասանի խալիների վրա, այստեղ՝ մաշված փոստի կամ խսրի վրա: Այնտեղ օդը հագեցած էր չորացած մրգերի, հնդկական հիլի, պարսկական ղումաշ կտորների, հոտավետ թութունի, Հալեպի սապոնի, քեահրաբահրի, ռահաթ լոխումի, Ջուղայի ջավզի, քաղզի բադամի և այլ տեսակ քաղցրավենիների, օծանելիքների և թանկարժեք կերպասների բույրով... Նույնիսկ անօթևան շները, որոնք ցնկնում էին տաք աղբակույտերի մեջ, — նույնիսկ շներն էին երկյուղում նշանավոր Չարսու բազարից: Նրանք մթնով մոտենում էին նրա բարձր կամարներին, և հարբեցած այն եդեմական բույրով, որ ելնում էր կողպած դարպասների ճեղքերից, — շները ոռնում էին և հուսահատությունից հաչում լուսնի վրա:

Անհայտ ճանապարհորդ Անտոնիո Ջիովանելլին, կապուցին վանական, որ ճանապարհորդել է Տրապիզոնից մինչև Պարսից ծոցը, այսպես է նկարագրում Երևանի նշանավոր շուկան. «Գլխավոր դարպասից կարող են ներս մտնել զույգ ուղտեր կողք-կողքի, եթե նույնիսկ նրանք բարձված են բեռներով: Մի հույն ոսկերիչ, որ բազմաթիվ անգամ ճանապարհորդել է Թավրիզից Տրապիզոն և հակառակը, ինձ վկայեց, որ իբր թե դարպասի ճակատին զարդերով քանդակված է Շիր-Խոսրով շահի ֆերմանը, որով շահը սահմանել է առևտրի կանոնները: Իսկ մի տեղացի վաճառական, որի խանութում ես եղել եմ չորս անգամ և տեսել եմ այնպիսի գորգեր, որոնք արժանի են իմ հայրենի Ֆլորենցիայի Santa Maria Novella տաճարի հատակը զարդարելու, — ինձ ասում էր, որ հույնը խաբել է և որ ճակատի զարդերը ոչինչ չեն վկայում, բացի կառուցող վարպետի շնորհքը: Ես ավելի եմ հավատում այդ տեղացի վաճառականին, որ հայ էր ազգով, քան հույնին, որովհետև, ինչպես հիշատակեցի իմ ուղեգրության սկզբում, հույները ինձ նենգությամբ խաբեցին, ինչպես նենգ և խարդախ է նրանց հավաար(:

«Ես ականատես եմ եղել, թե ինչպես քարավաններն անվերջ մտնում էին դարպասներից ներս, և նրանց բեռները գոյացնում էին բլուրներ: Մի անգամ նույնիսկ հաշվեցի, թե քանի ուղտ եկավ մի քարավանի հետ: Ես հաշվեցի մինչև չորս հարյուր տասը, բայց իմ բարեկամը խանգարեց ինձ, հայտնելով, որ իրենց երկրի սովորությունն արգելում է օտարին հաշվել ուրիշ վաճառականի քարավանի ուղտերի թիվը:

«Շուկայի ընդհանուր ձևը նման է քառակուսու, բայց ունի երեք գլխավոր դուռ, որոնք գիշեր-ցերեկ բաց են: Մեջտեղն ընդարձակ տարածություն է, որտեղ կարող են նստել մինչև տասը հազար ուղտ և դեռ ավելի: Կան անհամար շատրվաններ և ավազաններ. բացի այդ, կան անասունների ջրի ամբարներ՝ զանազան բարձրության, նայած անասունի վզի երկարության: Ես չեմ կարող պատմել բոլոր հրաշալիքները, որին ականատես եմ եղել այս քաղաքում: Այսպես, օրինակ, մի անվանի պարսիկի խանութ, որի տերը հսկում էր նաև արքունի գանձարանին, — նման էր գոհարի: Խանութի առաստաղը գունավոր ապակի էր, իրար շատ սեղմ հագցրած: Ապակու վրայով հոսում էր ջուրը, վերևից արևն ընկնում էր ջրի վրա, և ջրի ու գունավոր ապակիների միջով հատակի գորգերի վրա նկարում էր այնպիսի տեսարաններ, որ միանգամայն կախարդական էին: Յուրաքանչյուր ակնթարթ նրանք փոփոխվում էին, և երկար նայելուց չէր զգացվում հատակը, կարծես գտնվում եք երկնքի խորքում, և ձեր ոտքերը կախված են տիեզերքի վրա:

«Շատ վաճառականներ այնքան ոսկի և ակնեղեն ունեն, որ կարող են գնել ամբողջ քաղաքներ: Սակայն նրանք զուրկ են նախաձեռնության ոգուց: Այդ առաքինությունից մասամբ օժտված են հայ վաճառականները, բայց բնությունը միաժամանակ նրանց այնքան թերություններ է ընծայել, որ ընդհանուր առմամբ նրանք ավելի վատթար են, քան պարսիկները: Հայերը ծածկամիտ են, ձևանում են թշվառ, որպեսզի իրենց գանձերը փրկեն իշխանության արթուն աչքից: Նրանք ինձ հիշեցնում են այն միայնակ ծառը, որ բուսել է անտառի եզրին, և որին առավել զայրությամբ խփում է հողմը և չար կայծակը, որին կրծում են որդերը և բզեզները, և որը ենթակա է անտառի եզրով անցնող անասունների հարձակման: Բայց և այնպես նա մնում է, թեև անպտուղ և առանց նոր ընձյուղների»:

Անտոնիո Ջիովանելլին պատմում է սիրամարգների և դրախտային թռչունների մասին, որոնք ազատ շրջում էին Չարսու բազարի բակում: Նա գրում է, թե շուկայում այնքան ուտելիք կար, որ կբավարարեր քաղաքին հինգ տարի, եթե այդքան ժամանակ քաղաքը պաշարված մնար: Նա գրում է և շատ միամիտ բաներ. նկատելով գորգերով պատած մի ընդարձակ տարածություն, որտեղով անցնում էին ուղտերը, ձիերը և մարդիկ, Ջիովանելլին աննկարագրելի վրդովվում է, որ ասիացիները շռայլությունը հասցրել են խելագարության: Նա այդպես էլ չի համոզվում, որ գորգերը հնացնելու ընդունված ձևն էր այդ՝ փռել արևի և անձրևի տակ, որպեսզի ավելի պայծառանան գույները: Հետաքրքիր է այս անհայտ ճանապարհորդի դիտողությունն այն մասին, որ Չարսու բազարում գողություն չկար, և սինիների մեջ ոսկին թողնում էին խանութում և միայն մի գույնզգույն թել, որ կապում էին որմից որմ, ցույց էր տալիս խանութի տիրոջ բացակայությունը:

Իտալացի վանականի նկարագրությունը վերաբերում է 18-րդ դարի առաջին կեսի Երևանին: Ու թեև անցել էր մի դար, այնուամենայնիվ, մնում էին այդ անհուն հարստությունը վկայող բազմաթիվ կիսախարխուլ կրպակներ, որոնց մի մասն իսպառ քանդել էին ռուսները և աղյուսներն օգտագործել բերդի նոր զորանոցի համար: Քառասնական թվականներին դեռ շատ բան էր մնում այդ երբեմնի շահաստանից: Ճշմարիտ է, այլևս չէին զարկում շատրվանները, բայց Չարսու բազարի ներսը դեռ երևում էր այն բակը, որտեղ իջևանում էին քարավանները և օտարերկրյա վաճառականները: Այդ բակի ներսն էին նաև առևտրական տների պահեստները, որոնց արտաքինը բոլորովին չէր մատնում գետնահարկ նկուղներում դարսած ահագին հարստությունը: Անփոփոխ էին առևտրի կարգը և առևտրականների սովորությունները: Շարք-շարք կրպակները կազմում էին միջանցքների լաբիրինթոս, ծածկված աղյուսների բարձր թաղբանդով, որի կլոր լուսամուտներից արևը կախում էր ոսկե սյուներ:

Միջանցքներում լուսավորությունն ավելի չէր, քան ասիական բաղնիսում: Եվ այդ անրջական լույսի մեջ օրորվում էին բարակիրան և դանդաղաքայլ պարսիկները. նրանք քայլում էին օրորալով, գլորում էին ոսկեհատ թազբեհները, կարծես զբոսնում էին մզկիթի բակում: Խանութները ցուցանակ չունեին. ապրանքը կիսով չափ դուրսն էր, և նրանց շողշողուն գույները զվարթացնում էին հին կամարների մռայլությունը: Պատերից կախված էին զառ լաչակներ, վարդագույն աղլուխներ, ղալամքյար և եզերքը հաշյա կերպասներ. ղանավուզի և պարսկական թավիշի թոփերը կազմում էին բարձր սյուներ: Կրպակների մի շարքում ոսկերիչներ էին, մյուսում վաճառում էին արծաթե կոճակներ, արմավե թասեր, ուլունքե քսակներ, պարանոցի մարջան, էբենոսյա սանրեր, յահուդ մատանիներ, սուրմա-դուգմա, կրծքի քորոցներ և օղեր, նաև այն յալդուզ ոսկիները, որով այն ժամանակ գեղեցկուհիները զարդարում էին իրենց լույս ճակատները: Կային խանութներ, որտեղ կարելի էր տեսնել բոլոր տեսակի թրերը և դաշույնները. Դամասկոսի պողպատյա թրից, որի փղոսկրե կոթի վրա փորագրված էին տիրոջ բազուկը զորացնող աղոթքներ, — մինչև ղարափափախ թարաքյամաների ահարկու խանչալը:

Ինչպիսի գորգեր չկային Չարսու բազարում՝ Բայբուրթի խորանավոր խալիչայից մինչև Թաքյանահմադի թաղիքները: Կային խալիներ, որոնց լայնքը ավելի էր քսան խան արշինից. կային և մետաքսե թելերով հյուսած մանր գորգեր, որ կարելի էր թաշկինակի նման դնել գրպանը: Շատ գորգերի վրա կարելի էր տեսնել մի ամբողջ դիցաբանություն, բոլոր մանրամասնություններով, կարծես չնաշխարհիկ նկար էր, որ հարկավոր էր շրջանակել և դնել ապակու տակ: Ինչպիսի՛ ծաղիկներ, ի՛նչ մրգեր, ի՛նչ անդրծովյան թռչուններ, որոնք ասես կենդանի էին և թաքնվել էին կախարդական պարտեզներում: Մի քանի գորգերի վրա հյուսել էին որսի տեսարաններ, անապատ՝ ուղտերի հեռացող քարավանով, բաշը կրակե գույն առյուծ, որ դուրս է գալիս որջից ավելի ահավոր, քան ինքը կենդանի առյուծը: Բայց ամենից ավելի բազմություն հավաքվում էր այն գորգերի առաջ, որոնց այրում էր կանացի մերկ մարմինների նկարը: Նույնիսկ մորուքները հինայած և պատկառելի ախունդները չէին կարողանում անխռով անցնել առանց մի ակնթարթ նայելու: Երիտասարդները երազում էին նրանց, ինչպես այն փերիներին, որոնք ապրում են ջեննաթի մշտադալար պարտեզներում: Հաշիշից դեղնած մի դերվիշ ժամերով նայում էր այն գորգին, որի վրա հյուսել էին մերկ տղայի վարդագույն մարմինը, ձեռքին ոսկեթև բազե:

Կրպակների առաջ ծփում էր բազմազգի և բազմալեզու մարդկանց ծովը: Հայեր, թուրքեր, պարսիկներ, սեյիդլի թաթարներ, թարաքյամա՝ որոնք աչքի էին ընկնում գլխի սև ապարոշներով, եզիդի քրդեր, վերջապես լեռնական հրեաներ, որոնք տարբերվում էին իրենց քաղդեական ծալ-ծալ միրուքներով և երկար ջյուբբաներով: Արևելյան խայտաբղետ տարազներին չէր մերվում «կվարտալնի դեսյատնիկների» գորշ մունդիրը: Բոլորը նրանց անվանում էին «սալդաթ» կամ «ղազախ»: Այդ ոստիկանները մեծ մասամբ նախկին զինվորներ էին, որոնք մասնակցել էին ռուս-պարսկական պատերազմներին: Նրանք արդեն հասակավոր մարդիկ էին, և ոմանց կուրծքը զարդարված էր արծաթյա մեդալներով: Նրանք ունեին մինչև ականջները հասնող փարթամ բեղեր և ճյուղավոր մորուք, որ ծփում էր կրծքի վրա: Ծանր թուրը և ալեբարդն ավելի էին խստացնում նրանց անհրապույր արտաքինը: Նրանցից մի քանիսը հանդարտ ննջում էին գլխավոր մուտքի պահականոցում, իսկ մյուսներն իբրև օրենքի պահապաններ, շրջում էին միջանցքների լաբիրինթոսում, իսկ ավելի շատ այն կրպակների առաջ, որտեղ վաճառում էին չոր մրգեր: Նրանք կերակրվում և ապրում էին Չարսու բազարում: Հաղթողի գերագույն իրավունքով նրանք մտնում էին չայխանե և իսկույն տերը ինքն էր մատուցում մի բաժակ:

Նրանք անցնում էին մրգավաճառի խանութի մոտով, և մի անհաղթահարելի ուժ նրանց մղում էր հաճելի նախունայի: Եվ վերջապես պարապ ձանձրույթից նրանց բռունցքն իջնում էր մի համշարու վզակոթի, և պարսիկ մշակն առանց բողոքի գետնից բարձրացնում էր գդակը, իսկ նրա շուրջը հնչում էր ստրկական քծնող քրքիջը:

Նրանք չէին մոտենում ո՛չ գորգավաճառի, ո՛չ ոսկերիչի և ո՛չ էլ ճոթեղենի խանութներին: Այդ շարքերում ավելի հաճախ, մանավանդ ճաշից հետո, թափառում էին մանր չինովնիկները՝ ջերմախտից դեղնած ռուսներ, որոնց, ով գիտի, որ հանցանքի համար ներքին նահանգներից քշել էին «աշխարհի ծայրը»: Վաճառականները նրանցից չէին վախենում, այնինչ «ուռուս սալդաթները» քաշվում էին չինովնիկներից, որոնց ներկայությունը ոստիկաններին ստիպում էր ավելի հարգել օրենքի տառը: Այդ չինովնիկներից ոմանք ունեին իրենց սիրած իրը՝ մի թանկարժեք գորգ կամ արծաթյա գավաթ և կամ պարսկական թուր: Նրանք երազում էին գնել այդ իրը, որպես հիշատակ ասիական աշխարհից: Սակայն չէր գալիս այդ երջանիկ օրը, որովհետև թղթախաղն ու գինին կլանում էին նրանց ռոճիկը: Այնուամենայնիվ, նրանք հույս ունեին, իսկ մինչև այդ երբեմն դիտելով բավականություն էին ստանում և կամ սև պղնձադրամով գնում էին պարսկական պարզ մի չիբուխ, դարձյալ որպես հիշատակ: Չարսուի սովդաքյարները նրանցից այլ օգուտ էին ստանում: Այդ կորած մարդիկ չնչին վարձով վաճառականներին ցույց էին տալիս օրենքը ոտնահարելու ամենադյուրին ձևը, երբեմն նրանց համար խնդրագրեր էին գրում և առհասարակ իրենք ևս աշխատում էին բարեկամություն պահել որևէ խանութպանի հետ՝ ավելի հեշտ ապրելու համար:

Վերջապես, նրանցից ոմանք Չարսու էին մտնում իրենց կանանց հետ: Նրանց հետ գալիս էին և այն կանայք, որոնք ըստ հին սովորության կրնկակոխ գնում էին զորամասերի հետևից, կազմելով բանակի անխուսափելի մասը, ինչպես այն մարկիտանտները, որոնք անհայտ է, թե ինչ կերպ երևվում էին դեռ ծխացող ռազմադաշտում՝ ասեղներով, հայելիներով և հազար մանրուքով: Ահա այդ կանայք, ինչպես և իրենց ամուսինների հետ եկող կանայք էին, որոնք, կարելի է ասել, կենդանացնում էին Չարսու բազարը, որի կամարները հազիվ թե մինչև ռուսների մուտքը տեսած լինեին որևէ կնոջ: Նրանց բոլորին անվանում էին «մաթուշկա», երբեմն «հանըմ», ինչպես բոլոր ոստիկաններին՝ «սալդաթ»: Հին Չարսու բազարում օտարոտի և զարմանալի էին այդ կանանց զգեստները, բաց երեսները և այն, որ ուրիշները տեսնում էին շարժվող մարմնի ձևերը: Նրանց մեջ կային շեկ ու կապուտաչյա կանայք, որոնք բարձր ծիծաղում էին առողջ կրծքով: Այդ ծիծաղը հնչում էր սանձարձակ կրքով. կարծես կանաչ մարգագետնի վրա վրնջում էր էգ ձին: Եվ այդ ժամանակ երիտասարդ վաճառականներին թվում էր, թե գորգի միջից դուրս է եկել այն կինը, որի մարմինը հրդեհվում էր գորգի գույների հետ...

Չարսու բազարում կար և մի խորշ, որտեղ չէին մտնում ոչ միայն ոստիկանները և ռուս չինովնիկները, այլ նույնիսկ տեղացի վաճառականներից ոմանք: Այդ մասում ևս նույն ձևի կրպակներ էին, ինչպես մյուս միջանցքներում: Սակայն կրպակների առաջ ապրանք չկար, և չէր աղմկում մարդկային ժխորը: Սովորաբար շքեղ չէր և այդ կրպակների ներսը: Գորգերի վրա նստած մարդիկ կամ քաշում էին ղայլանը և կամ դանդաղ զրուցում թեյի բաժակները դատարկելով նույն դանդաղկոտությամբ: Երբ մտնում էր հաճախորդը, նրանք առաջարկում էին թեյ կամ մոտակա սրճարանից բերել էին տալիս մի գավաթ սուրճ:

Այդ անշուք արտաքինով կրպակները ողջ շուկայի կենտրոնն էին, այն ժամանակվա բորսան: Այդտեղ սարաֆներն էին, որոնք իրար էին փոխանակում բազմատեսակ դրամները` պաճախ ոսկի, մինալթուն, աբասի, ղռան, արծաթ մանեթներ, ռուսական թղթադրամ՝ «ասեղնացի»: Նրանց մոտ կարելի էր գտնել անգլիական, հոլանդական և այլ երկրների դրամներ: Սարաֆները և փոխանակում էին, և մանրում, և դրամ փոխադրում Տրապիզոնից մինչև Բուշիր և ավելի հեռու: Միաժամանակ և այդ խանութները քաղաքական լուրերի կենտրոն էին, և նույն ճանապարհներով, որոնցով նրանք ստանում էին այդ լուրերը, Երևան էին մտնում և դուրս գալիս մաքսանենգները:

ԹավրիզՏրապիզոն առևտրական ճանապարհի Բայազետի վրայով ընկնելը, — որով օտարերկրյա վաճառականներն ազատվել էին ռուսներից սահմանված տրանզիտային բարձր մաքսից, — սաստիկ հարվածել էր Չարսու բազարի առևտրականներին: Եվ միայն սարաֆներն էին, որոնք ոչ միայն տեր էին մաքսանենգների խոտոր ուղիներին, այլև ճարպկությամբ օգտվում էին բազմաթիվ դրամների անընդհատ փոփոխվող արժեքից: Նրանցից շատերն իրոք ունեին այնքան հարստություն, որ կարող էին գնել ամբողջ քաղաքներ, ինչպես նկատել է Անտոնիո Ջիովանելլին:

* * *

Խոշ եկար, սաֆա եկար, Արթին քիրվա...

Այդպես ասաց Միր Բաղիր Իսֆահանլին, Երևանի հայտնի սարաֆներից մեկը, երբ Միրզամը կռանալով ներս մտավ նրա կրպակը:

Ղայֆե բերեք Արթին քիրվայիս... Ինչպե՞ս ես, հալդ, ավհալդ...

Միրզամը հրաժարվեց սուրճից: Նա հարցրեց սարաֆի ողջությունը:

Ի՛նչ հալ, Արթին քիրվա... Մերը գնա՛ց. գնդակ էլ գցես չի հասնի անցածին: Գնաց խեր բարաքյաթը...

Միրզամը բարի և միամիտ նայեց սարաֆին: Մի՞թե նրա համար ևս ցամաքել է երբեմնի լիությունը: Միրզամը կսկիծով հառաչեց: Կարծես սարաֆը նրան հիշեցրեց մեռած հարազատի սիրելի անունը: Ապա նա գրպանից հանեց մի մեծ ոսկեդրամ, որ հայտնի էր «պոլումպերյալ» անունով: Սարաֆը ձեռքի փոքրիկ կշեռքով կշռեց դրամը և պահեց ծնկի տակը: Նա փոխարենը համրեց արծաթե և պղնձե դրամների մի բուռ և ռուսական մի քանի ասիգնացիաներ:

Նա կոտրեց մեր մեջքը, Արթին քիրվա, — և սարաֆը խշշացրեց թղթադրամը. — ի՞նչ կա սրա մեջը, ախր...

Հեչ զատ, Միր Բաղիր, հեչ զատ...

Եվ Միրզամը հրաժեշտ տվեց հին ծանոթին:

Թելումով Սիմոնի «մաղազայում» նա գնեց սաղրի քոշեր, մի կապ քթախոտ և երեխաների համար խոշկյաբար: Երբ նա հագնում էր նոր քոշերը, Թելումով Սիմոնը նկատեց նրա զարմանալի գեղեցիկ գուլպաները:

Թազա փեսայի ջորաբ ես հագել, Միրզա ամի...

Միրզամը թափ տվեց գուլպաների փոշին և ինքն էլ հիացավ, կարծես գուլպաները նոր էր տեսնում: Եվ նորից հիշեց Մայրանին: Առավոտյան, երբ նրանք պատրաստվում էին քաղաք գալու, երևաց Մայրանը՝ մաշված չարսավի մեջ: Կինը չարսավի տակից մեկնեց այդ գուլպաները և ձեռքերով հասկացրեց, որ գործել է Միրզամի համար:

Ծերունին գնեց նաև մի գյուլի աղլուխ և դուրս եկավ Չարսու բազարից: Կարծես մի ծանրություն ընկավ այդ ալեհեր երեխայի սրտից, երբ մտածեց, որ երեկոյան, երբ խոշկյաբարը կբաժանի մանուկներին, քթախոտը կտա պառավին, ծաղկավոր աղլուխն էլ կտա Մայրանին, որ ինչպես ամաչկոտ օտարական, նրանց էյվանում սպասելու է մինչև Միրզամի վերադարձը:

...Միրզամը գնում էր ճահճուտների միջով՝ այն բարակ ճանապարհով, որ Չարսու բազարից անցնում էր դեպի Շիլաչի մահլան: Շուրջը՝ կիսավերակ այգիներում փոքրիկ տնակներ էին՝ հնձանների նման: Բարդիների արանքից նշմարվում էր Պողոս Պետրոս եկեղեցին: Ճահճուտի մեջ նստել էին գոմեշները: Ծխում էր այն բաղնիսը, որի ջրերը գալիս էին ճահճուտներից:

Միրզամն արդեն մոռացել էր Չարսուն, սեյիդ Էհսանի տան կապույտ քարը, իր սրտի մորմոքը հին քաղաքի և նրա լիության հանդեպ, որ թռել էր ինչպես Չարսուի սիրամարգը: Նորից զարթնել էր Մայրանի հոգսը, այն, որ ճնշում էր նրան, սրտի արյունոտ այն խոցը: Մի անբացատրելի վախ կաշկանդում էր նրան. թվում էր, գնում է մի մութ անտառով, որտեղ հազար հարամի նրան սպասում են ծառերի ետևը:

Գնում էր վախից ու կասկածից խեղճացած, կարծես քաշում էին ահեղ դատաստանի:

4

Երևանի արքունի դպրոցինահանգային վարժարան») արտաքինը դաժան և անհրապույր էր, ինչպես Նիկոլայ կայսեր կազարման: Մի հարկանի քարե տան երկու թևերին ռուսների օրոք կառուցել էին ֆլիգելներ, որոնք դպրոցի շենքից անջատված էին ներսի բակով: Թե՛ ֆլիգելները և թե՛ դպրոցի շենքը շրջապատված էին հաստ պարսպով, որի վրա, ինչպես փայտե զինվորների տողան՝ երևում էին սուր ցցերը: Այդ պարիսպը և ցցերի շարքը դպրոցը նմանեցնում էին նաև բանտի: Դարի ոճն էր այդ, դպրոցը բանտ էր, երկուսը միասին՝ արքունի զորանոց՝ ծանր, մռայլ և ամենը unheimlich, ինչպես ասել էր Էմիլիա Լոոզեն՝ նահանգային վարժարանի տեսչի գերմանացի կինը, երբ ամուսինը նրան ցույց էր տվել իրենց բնակարանը՝ ներքևի ֆլիգելում:

Բոլոր պատերը դրսից ծեփած էին դեղնակարմիր կրաքարով, որ արևից կորցրել էր կարմիրը և նման էր վառած կավի: Բայց ամենամռայլը ծանր դարպասներն էին և պողպատե զինանիշները, որոնք ամրացված էին դարպասների ճակատին: Երբ արևը խփում էր դարպասներին՝ զինանիշի երկգլխանի արծիվների ստվերը բաց պատուհանից ընկնում էր դասարանի ներսը: Արծիվներն անցնում էին պատերի վրայով, և երկյուղած աշակերտները չէին համարձակվում նրանց ձեռք տալ: Իսկ Իվան Բոնդարչուկը՝ առաջին կլասսի վայելչագրության դասատուն, ձգվում էր ճակատի, կարծես պատի վրայով անցնում էր իմպերատորի ստվերը:

Սովորաբար երկաթե դարպասները կողպ էին: Անցուդարձը լինում էր այն փոքրիկ դռնակներով, որ բացվում էին հենց դարպասների մեջ: Աշակերտներից շատերը դպրոցի բակն էին մտնում կողքից, որտեղ պարիսպն ավելի ցածր էր և մի քանի տեղ փշրվել էին փայտե ցցերը:

Դպրոցի երեք կողմն անմարդաբնակ տարածություն էր: Հետևի մասում պարիսպը սահմանակից էր մի կիսավեր այգու: Շրջապատի ամայությունն ավելի էր խստացնում շենքի մռայլությունը, մանավանդ ամառը, երբ աշակերտները ո՞վ գիտե որտեղ էին, իսկ դիմացի հատ ու կենտ մացառները և արևից խանձված խոտը ծածկվում էին փոշու ծանր շերտով: Միայն կանաչ էր մի հին չինարի, որի կլոր ստվերում հանգստանում էին հիվանդ հորթերը և էշերը, որոնք խանձված խոտի համար ամառվա շոգին գալիս էին նույնիսկ Զորավորի թաղից:

Այդ ամայի տարածությունը, որ քաղաքի կամերալ մատյանում արձանագրված էր իբրև «ոչ ոքի չպատկանող անապատ առանց սահմանի», — կենդանացնում էին ուղտերի քարավանները, որոնք Նախիջևանից բերում էին աղ և բրինձ, Օրդուբադից՝ չոր միրգ: Ուղտապանները այդտեղ էին գիշերում և նրանց խարույկը բարձրանում էր մինչև չինարու ճյուղերը: Ընթերցելով Անտոնիո Ջիովանելլու ուղեգրությունը, կարելի է կասկածել, թե արդյոք նրա նկարագրած ծառը այն չինարին չէ՞ր, որին խանձում էր խարույկի բոցը, մաշկում էին ուղտերը՝ իրենց կեռ պարանոցները քսելով նրան և բազմաթիվ կեղևակեր բզեզներ ձմեռում էին նրա կեղևի տակ: Երևանի արքունի դպրոցի գործերի մեջ դեռ մնում են գրություններ՝ ուղղված այդ չինարու դեմ: Տեսուչ Լազարիյ Հաջի-Ֆոտիևը գրում է, որ այդ մենավոր ծառը աշակերտների մեջ առաջացնում է «թախիծ և հանցավոր ցրվածություն» («наводит уныние, а так-же преступную рассеянность»), իսկ առաջին կլասի վերակացուն տեղեկացնում է տեսչին, որ աշակերտները գերադասում են դուրս փախչել դեպի չինարին, քան թե խաղալ դպրոցի բակում՝ ըստ դպրոցական կանոնադրության: Կա և գրագրությունների մի ամբողջ կապ, որ կոչվում է «գործ անտիրական ուղտի, որ հայտնվել է դպրոցի բակում անհայտ կերպով»:

* * *

Հետկեսօրյա ժամն էր: Դասարանները դատարկ էին. դատարկ էր և դպրոցի բակը: Վերի ֆլիգելից լսվում էր աղմկալի խռմփոց: Իվան Բոնդարչուկը` առաջին կլասի դասատուն, խմել էր կես փարչ պղտոր գինի և ընկել մեջքի վրա: Ջերմախտի «չար ոգուն» նա հալածում էր այդ ձևով, միաժամանակ և կարճելով երկար օրը: Նրա ծառան` յասաուլ Ֆեդրոն, լիզել էր պնակները, խմել գինու մնացորդը և գլուխը կախ ձայնակցում էր տիրոջը՝ խռռացնելով նրանից ավելի սաստիկ: Նրանց երկուսի դիրքը, ինչպես և սենյակի խառնիխուռն իրերը հիշեցնում էին ռազմադաշտը, որտեղ Իվան Բոնդարչուկը կարծես խփվել էր մեջքից և միանգամից սառել, իսկ նրա թիկնապահը գրկել էր փշրված ոտքը և արդեն ավանդում էր վերջին շունչը:

Դպրոցի բակում արթուն էր միայն մի մարդ՝ ոմն Հովհաննես, որ յուրաքանչյուր ամիս «մի մանեթ արծաթը ստացա» նախադասության դիմաց դրոշմում էր բութ մատը: Նա լվացել էր դասարանների հատակը, հոլանդական վառարանները և հորի մեջ դատարկում էր արտաքնոցի աղբի սայլակները, որոնք Երևանում նշանավոր նորամուծություն էին և իբրև այդպիսին՝ ծաղրի առարկա:

Հանդարտ էր նաև ներքևի ֆլիգելում: Սենյակներից մեկում, որի պատուհանները նայում էին դեպի չինարին, — այդ ժամին մի մարդ գորգի վրա չորեքթաթ գնում էր: Մարդը հանել էր սյուրտուկը և շտիբլետները: Նրա մեջքին, ինչպես ձիու վրա, նստած էր կապուտաչյա մի երեխա՝ սպիտակ և կլոր երեսով: Երեխան քաշում էր մետաքսե ղեյթանը, որ սանձի նման հագցրել էր հոր գլխին և միաժամանակ հոր երկար ծխամորճով խփում էր «ձիուն», որ պտույտ էր անում, երբեմն մեջքը ցնցում, որից երեխան զվարթ ծիծաղում էր: Ներսի սենյակից լսվում էր կանացի ձայն և օրորոցի թրխկոց: Մայրը կռացել էր օրորոցի վրա, օրորում էր և երգում:

Այդ մարդը արքունի դպրոցի տեսչի պաշտոնակատար Խրիստաֆոր Արտեմիչ Աբովյանովն էր, Խաչատուր Աբովյանը, իսկ երգող մայրը՝ նրա կինը՝ Էմիլիա Լոոզե-Աբովյան:

«Ձին» գլուխը դարձրեց դեպի լոյդ քարտեզները, որ ծածկում էին սենյակի մի պատը, երբ զգաց, որ հեծվորն այլևս չի քաշում սանձը: Երեխան նույնիսկ փորձեց իջնել: Հայրը գլուխը բարձրացրեց: Դռան մոտ կանգնել էր Միրզամը. կանգնել էր և բարի ժպիտով նայում էր այդ անմեղ տեսարանին:

Միրզա ամի, — և նա վազեց դեպի դուռը: Ներսի սենյակից կինը գլուխը դուրս հանեց, աչքերով բարևեց, ապա փակեց դուռը, որպեսզի աղմուկ չլսվի:

Տիկին Էմիլիան արևելցիներին չէր սիրում: Նրանք բոլորը բարձրախոս էին և չունեին հանդարտ ու խուլ ձայն, ինչպես ինքը և յուր ազգակիցները: Գերմանուհին չէր սիրում մանավանդ ամուսնու գյուղացի բարեկամներին, որոնք նրա սենյակների մաքուր հատակին թողնում էին տրեխների փոշոտ հետքը, ծղնոտի փշրանք, իսկ ներսը՝ կծու և անախորժ հոտ, որ բարձրանում էր նրանց չուխաներից, կեղտոտ փափախներից և տրեխների հում կաշվից: Նրանց հեռանալուց հետո նա քթին էր մոտեցնում վարդաջրի մեջ թաթախած թաշկինակը, իսկ սպահանցի Ասատուրը՝ նրանց տան սպասավորը, բաց էր անում պատուհանները, հատակը սրբում, մինչև «այլազգի կինարմատը» հանգստանար և այլևս քթի տակ չասեր անհասկանալի բառեր, որ մոգական զորություն ունեին Ասատուրի համար: Բայց նույնիսկ խստապահանջ գերմանուհու համար Միրզամը բացառություն էր: Նրան նույնիսկ հաճելի էր Edelmann Mirsaam-ի ներկայությունը:

Следующая страница