Բակունց Ակսել՝   Վեպեր և վիպակներ

Նա սակավ էր մասնակցում այդ զրույցներին: Ջաղացը Մարցա ջրի մյուս ափին էր, գյուղի դիմաց, և եթե գյուղամեջ էր դուրս գալիս, ապա կամ ջաղացում աղուն չկար և կամ աղունատերն այնպիսի մարդ էր, որ ջաղացում մի բան պատահելուց կարող էր ջրատունը կալնել, մինչև նրա գալը: Պատահում էր, որ զրույցի նստած ժամանակ գետի մյուս ափից կանչում էին: Նստածներից մեկը նայում էր ջաղացի կողմը, տեսնում, որ փափախով են անում, թևով բոթում էր ջաղացպանին: Անդրին խոսքը կիսատ էր թողնում, վեր կենում և դանդաղ քայլերով գլուխը կախ հեռանում, փայտը կույրի նման քարից քար խփելով:

Այդ զրույցների ժամանակ ջաղացպանը երիտասարդներին ավելի լավ էր լսում. նրանք տաքանում էին և ձայնը բարձրացնում: Նրանց խոսելուց ջաղացպանը հասկանում էր, թե ինչ պատասխան է տվել Տեր Նորընծան: Եվ երբ զրույցի տաք ժամանակ Ավան ամին նրան էր դիմում, Անդրին մի պահ ձեռքի փայտով ավերում էր գետնի գծած նախշը: Նա շատ դանդաղ էր մտքինն ասում, ասես գետնի նախշը իր մտքերն էին, և զգույշ ջնջում էր այն, ինչ որ չէր ուզում ասել:

Առաջ հողը պտուղ էր տալիս, հիմա հողը խռովել է: Հին խոսք է, որ հողը կռիվ չի սիրում... Հիմա էլ կռաժմունքը շատ է, մարդոց մեջ լիությունը խանգարված է: Կովը, որ կով է, էլի չարացած ժամանակ կաթը քաշում է... Հողն էլ էդպես: Երեսը հազար մեղավոր մարդ է կոխ տալիս, թքում են, արյուն են թափում... Արտի մեջ սատկած շուն են քցում... Էլ էն հողը պտուղ կտա՞: Մի խոսք, հողը խռովել է:

Խոսելուց, նրա բարակ շրթունքները կլորանում էին, ներքին ծնոտի մի հատիկ դեղնած ատամի հետև, բերանի խոռոչում, խմորի գնդի պես թոլոլվում էր լեզուն: Կարծես ոչ թե խոսում էր, այլ ծամծմում մի պատառ, որ հիմա պիտի կուլ տա: Եվ եթե չլիներ մի հատիկ ատամը, այդ պատառը պիտի սահեր, ընկներ:

Հնում մարդը ռամիկ էր, միամիտք, — շարունակում էր մի քիչ շունչ քաշելուց հետո: — Հիմա մարդու ոսկորն էլ է փոքրացել. չեմ իմանում ինչի՞ցն է, խորամանկությունի՞ց, թե՞ ուսմունքից: Պապս էսքան էր, — և փայտը բարձրացնում էր վեր, — հորս էլ հո տեսել ես, տերտեր... Դե ինձանից արշա եկածն ի՞նչ պիտի լինի...

Ինչո՞ւ. Անդրեաս, Բարիկոն հասակով է, — պատասխանում էր Տեր Նորընծան: Նա ոչ ոքի չէր կանչում գյուղում ընդհանրացած անունով, այլ ըստ իր չափաբերական մատյանի:

Էհ, ո՛սկորն ասի, ոսկորը... Ամեն ինչը ոսկորի վրա է... Այրումի ջուրը մին-մին որ խփում է գերեզմանատան կողմը, տեսնում եք ինչ ոսկորներ է հանում: Մարդ մնում է զարմացած... Հավատալու չի, թե էն ոսկերքը մարդ արարածինն են... Արմունկը մի տղամարդի գլուխ, էնքան էլ սափ, որ երկաթն էլ չի աղալ: Դե էն ոսկորի տերն էլ, տես ինչ մարդ է եղել, ինչ ուժի տեր: Հիմա ասում ես Բարիկոն... Աղանձած հասկի պես բռանդ մեջ կփշրես: Էդ բոլորն ինչի՞ցն է` մարդու շատությունից, տերտեր... Լցվել են` էս սարի տակ մի գյուղ, էն քարի տակ մի շհար, էլ տեղ չկա: Առաջ ի՞նչպես էր: Ողորմած հոգի պապս էր պատմում, որ երեք օր, երեք գիշեր մեր գյուղից որ կողմի վրա էլ գնայիր, ճանապարհին մի մարդու չէիր ռաստ գա, բարի օր ասեիր: Հրեն Զրիկը, էս թումբի հետևը Զեյթան, հրեն հա՛, ծուխը... Դե շհարի մասին խոսք չեմ ասում: Ապականությունը, որ էնտեղից է... Բա՛... հիմի ասի, թե Հիբանի տղերքը: Նրանք չլինեին, մի ուրիշը տեղը պիտի բսներ: Անհնարին բան է: Մարդը որ էս ոսկորի տերն է, նա սոված էլ կմնա, նրա գլխին կբամփեն էլ, նրա արյունն էլ կխմեն: Բա ո՞նց... Երկու սոված կատու, որ քցես պարկի մեջ, անհնարին բան է, մինը մեկէլին պետք է ուտի: Մենք երկու չենք, հազար չենք, շատացե՛լ ենք, էս ձորերն ապականել...

Չէ՛, էսօր գիրդ շաղվել է, Անդրի: Մին նալին ես խփում, մին մեխին, — պատասխանում էր Ավան ամին: — Ուրեմն ոնց անենք, քու ասելով մեր հիմիկվա հազար մինին էլ չարժի՞: Բա ուսմունքի օգուտն ի՞նչ է, լուսավորությունի: Ուրեմն քու ասելով էս ջահելները մեզանից վա՞տ օր են ապրելու... Պա հո՛... Վա՛յ ձեզ, վա՛յ ձեր օրին, ա՛յ ջահելներ:

Անդրի ամի, Հիբանի տղերքն էլ են մեր ոսկորից, չէ՞, — հարցնում էր մեկը:

Հը՞, — ջաղացպանի դեմքի մկանները կծկվում էին, լսողությունը լարում էր: Հարցը տվողը կրկնում էր և ավելացնում.

Դե թող նրանք էլ մեզ պես ապրեն... Շալուն Սիմոնի ոսկո՞րն է հաստ, թե՞ Եփրեմի:

Այ հա՛յ... Անդրի՛, դե պատասխան տո՛ւր:

Շալուն Սիմոնը Կարմրաքարի այն բնիկներից էր, որոնք ընչազուրկ դառնալով, տնից ու հողից զրկվելով, տեղավորվում էին գյուղից մի քիչ ներքև, գետի ափին ընկած հին և կիսավեր մարագներում: Գյուղի այդ մասում ապրողների ամենից «հարուստը» մի քանի ժանգոտած պղինձ ուներ, կոծկած կարասի և կուժ ու մի քլունգ, որով փորփրում էին անտեր և անբերրի հողերը ու ձեռքով շաղ տալիս կորեկ:

Ջաղացպանը նեղն էր ընկնում և փայտի ծայրով գետնի վրա մի քանի խազ ավելի արագ քաշելուց հետո, չարացած պատասխանում.

Նրանց էլ պատիժ է ուղարկել, որ միշտ գլխիդ վայ տաս...

Հենց այդ ասեր թե չէ, Ավան ամին զրույցի նյութը փոխելու համար ասում էր ջաղացպանին.

Քո ի՞նչ բանն է, էս ջահելի հետ գլուխ ես դնում: Քոնը Ռուստամ Մայիֆի պատմությունն է: Մի ասա է՛, շահը ոնց կանչեց նազիր վեզիրներին...

Ավան ամին գիտեր նրա թույլ կողմը: Ջաղացպանի դեմքը ուրախությունից պայծառանում էր, զրույցն էլ հանդարտում էր, ինչպես ծանծաղուտում կորչող լեռան սրընթաց գետակ:

Կարմրաքարում ոչ ոք ջաղացպանի նման պատմություններ չգիտեր: Ավան ամին էլ էր ծանոթ հին կյանքին, Տեր Նորընծան կարդացել էր «Սրբոց վարքը» և ուրիշ գրքեր, բայց ջաղացպանի նման ոչ ոք չէր կարողանում պատմել: Նա հնարում էր, ստեղծում: Ինչքան ավելի էր հնարում, ավելի էր ստեղծում, նրա ոգևորությունն այնքան կրկնապատկվում էր, ձայնը դողում էր, և լսելն ավելի ախորժալի էր դառնում: Նա պատմում էր ամեն տեղ` ջաղացում, ձմեռվա երկար գիշերներին, նրանց համար, որոնք աղուն էին բերել, գյուղի պատերի տակ՝ եթե ազատ էր և գյուղամեջ էր դուրս եկել, գետի ափին, ուր նա ժամերով նստած նայում էր Մարցա ջրի պղտոր ալիքներին:

Նա գիտեր ինչ աստղ երբ է դուրս գալիս, եթե լուսադեմին մառախուղ է լինում, ապա ցերեկով ի՞նչ եղանակ պիտի լինի, եթե երաշտ է, ու հանկարծ պարզկա երկնքում որոտում է կայծակը, ինչու պիտի դեղնաջուր թափի և ոչ մաքուր անձրև: Մարցա ջրի բնույթը նա ուսումնասիրել էր շատ մանրամասն: Ձմեռվա կեսին, երբ սար ու ձոր ձյունով էին պատած, իսկ գետակը սառույցի տակ դժգոհ մռռում էր, ջաղացպանը զրույցի մեջ հայտնում էր, որ գարունը բացվելուց Մարցա ջուրը շատ չարություններ է անելու: Այդպես էլ պատահում էր. գարնանը գետը հորդանում էր և, ափերից դուրս գալով, վնասում մարագներին, քանդում գետափի բոստանների պատը և հաստաբուն ծառերը բերանն առած փախչում կամ ծառս տալով իր պղտոր գրկի մեջ առնում սպիտակ գառնուկին, որ խաղալով ու թռչկոտելով մոտենում էր, ապուշ-ապուշ և զարմացած նայում գետի վեր թռչող ալիքներին, որոնց ցայտունը մի վայրկյան դիպչում էր դնչին ու մեկ էլ ոտքերը կտրվում էին գետնից:

Ջաղացպանը լավ հեքիաթներ գիտեր: Ինչ էլ պատմեր՝ շահի օրերից մի առասպել, Ռուստամ Մայիֆի պատմությունը, թե հին հեքիաթ, — նա վերջացնում էր առակով, ինչպես Տեր Նորընծան էր ասում՝ «իմաստության քաղմունք» անելով: Երբ ունկնդիրները ազդվում էին նրա պատմածից, ամեն մեկը հայացքը մի բանի հառած, մտքում կրկնում էր պատմությունը կամ ինքն իրեն հարց տալիս, թե ինչու է այդ պատմությունը դուրեկան, — ջաղացպանը վիզը թեքում էր, ձեռքով ալյուրի փոշին քուրքից կամացուկ թափ տալիս և քթի տակ չքմեղ ժպտում: Նրա նստվածքը, թեք պահած վիզը, ջրակալած աչքերը, որ պարզ չէին երևում ալրոտ մազերի ու սպիտակ դեմքի վրա, այդ ամենը ասում էին ունկնդիրներին, թե պատմածի մեջ ինքը ոչ մի դեր չունի. նրանցից ամեն մեկն էլ կարող է պատմել իր նման, միայն գիտենա այն, ինչ ինքն է ձեռք բերել տարիների փորձով:

Իսկ այդ գիտեցածը այն անտարբեր, կես արհամարհական վերաբերմունքն էր, որ նա ուներ դեպի մարդը, նրա հոգսերն ու շահերը: Ջաղացպանի ասելով մարդու պատմության լավ մասն անցել է: Աստված մի անգամ է սփռոցը բաց արել, շուրջը նստել են նրանք՝ հին հսկաները, որոնց ոսկորները հողի խորունկ ծալքերից այժմ լույս աշխարհ է հանում Այրումի բարակ առուն:

Հիմիկվա սերունդը ժեռ է, մանր, նրա պտուղը դառնահամ, և ինչ էլ անեն, ետ չի գա այն ժամանակը, երբ ցորենն ինքն իրեն էր բսնում, մարդ ամեն ծառի տակ կարող էր օթևան ունենալ, և ինչպես պապն էր պատմել՝ Կարմրաքարից որ կողմն էլ գնայիր, երեք օր, երեք գիշեր մարդու չէիր հանդիպի՝ բարի օր ասելու: Այդ ժամանակներն անցել են, սփռոցը մնացել է... Այժմ մարդիկ կրծում են նրանց թողած ոսկորները, գլուխ են ջարդում նրանց փշուրները հավաքելու: Երբեմն նա Տեր Նորընծայի հետ, ինչպես Ավան ամին էր ասում, «ծնոտ էր ծեծում» ապացուցելու, որ դրախտը եղել է, ու դռները փակվել են: Եթե մարդուն մի բան է սպասում գալիք կյանքում, — այդ դժոխքի կուպրի կարասն է:

Ինչքան էլ մարդ արդար մնա, միևնույնն է, պրծնում չկա... Շատ-շատ կուպրը մի քիչ պակաս կանի:

Ջաղացպանը Ավան ամուն ոչ միայն հասակակից էր, այլև մանկության ընկերը: Երիտասարդ ժամանակ քանի՛ ձմեռ են միասին անտառում խոզ պահել, ինչե՛ր չի անցել նրանց գլխով:

Նա հենց էն ժամանակն էլ էդպես էր, — պատմում էր Ավան ամին, հազվագյուտ դեպքում, երբ լսողներն իր մարդիկն էին, և կամ մի առիթով սրտաբաց էր եղել, — մեկ էլ տեսար վրաս կնեղանար, թե խոզն ինչ է, որ մարդ նրա համար ծմակներն ընկնի, արի՛ գլուխ առնենք, կորչենք, տեսնենք աշխարհը որտեղ է վերջանում... Ա՛յ Անդրի, գլխիդ ձի չի քացի տվել, կրակը թեժ արա... Էս մթնկա գիշերին ձորերում հազար ահ, հազար փորձանք: Ո՞ւմ ես ասում: Ածխակոթը վեր էր առնում, դուրս գալիս: Էն անտեր խոզերն էլ հենց իմանում էին, թե գայլի վրա է վազում, ճղրտում էին, իրար տալիս, բղղում: Հա կա՛նչի, հա սպասի: Մեկ էլ լուսաբացին գալիս էր` բեզարած, ջարդված, ցեխոտ: Ունքամեջը չէր բացվում... Անդրի, էդ ո՞րտեղից: Պատասխան չէր տալիս: Հենց ուզում էի բռնեմ, տակս կոխեմ, մի լավ վեր հատեմ, համա ինձանից ուժով էր: Էդ օրը բերանը երկու կտոր չէր անի, գլուխը կախ, էս ծառի տակ կնստեր, էն քարը շուռ կտար... Որ հանդարտվեր, էլի էն ընկերն էր, ասող, խոսող: Հարցնում էի Անդրի, ո՞ւր էիր էն գիշեր: Ծիծաղում էր... Էն քարերն ինչի՞ էիր շուռ տալիս... Թե տակին ոսկի կա, համա չգիտեմ որ քարի տակին է: Էն է, վերջին տարին պսակեցին, հանդարտեց:

Ու մի քիչ ինքն իրեն մտածելուց հետո ավելացնում էր, ասես ինքն իր հետ էր խոսում.

Էն փորձանքն էլ թե չէ՛ր եղել, հիմի նա ուրիշ մարդ կլիներ, — վերջացնում էր և մեղմ հառաչում:

Անդդրու կինը ամուսնության առաջին տարին մեռել էր դժբախտ պատահարի հետևանքով: Տարին եկահալ էր, մեկ ձյուն էր անում, մեկ արև, ձյունը հալվում էր, կտուրները ցեխ էին, գերանները ճռռում էին, երբ բարձրանում էին ձյունը մաքրելու, երբ կտուրի վրայով մարդ էր անցնում: Ու հենց այդ գարնանը գերանը դուրս է պրծնում, իջնում հարսի գլխին... Մի ամբողջ տարի Անդրին տանը չէր մոտենում, վախենում էին, որ կխենթանա: Մի անգամ նրան գտել էին անտառի խորքում` Պղնձաքարի մի ճեղքում կուչ եկած: Երկյուղն ավելի էր սաստկացել. կասկածել էին, թե Անդրին ուզում է ճգնի... Տարին անց, հայրն է մեռնում: Հոր մահն ուշքի է բերում նրան: Տուն է դառնում և գլուխը քաշ ապրում, տիրություն անում հորից ժառանգություն մնացած ջրաղացին:

Շատ տարիներ հետո, երբ սպիտակած մազ ուներ, Անդրին համաձայնվում է ամուսնանալ, լսելով Տեր Նորընծայի հորդորը, բայց ավելի շուտ Ավան ամու թախանձանքը և կնության է առնում Զրիկ գյուղից որբևայրի Եղսանին, որից և ծնվում է Բարիկոն:

Ջաղացն Անդրու համար կենտրոն էր, ուր ամեն ինչ կարելի էր իմանալ: Բերում էին աղալու ցորեն, գարի, գալիս էին մոտակա գյուղերից հայ, թուրք: Բազմաթիվ ճանանչ ուներ և բոլորի տան ու տեղին, ունեցվածքին, նրանց հետ պատահածին նա տեղյակ էր: Բերած աղունից նա գիտեր, թե բերքն ինչպես է: Երբ նոր ցորենի բեռներն իջեցնում էին, ջաղացպանը մոտենում էր, ձեռը կոխում պարկի մեջ, ապա բուռը մոտեցնում աչքերին: Ցորենի ձևը, մաքրությունը, լղարակն ու տռուզը, բարակ փոշին, որ նստում էր ձեռքին, — բոլորը մի-մի նշան էին, որից նա հասկանում էր, թե տարին ինչպես է անցել, ինչ հողումն է ցանած և ինչից է, որ ցորենի հատիկը մեծ է, բայց մեջը փուչ: Աղքատին և հարուստին նա գիտեր ջոկել ոչ միայն պարկերից, հագուստից, ձիերի և ջորիների սարքից, այլև ցորենից: Հարյուր միանման պարկ եթե կողք-կողքի շարեին, նա կճանաչեր այն պարկը, որի մեջ էր Դերվիշ Հյուսեյնի ցորենը: Դերվիշը Զեյթա գյուղից էր: Նա ոչինչ չէր ցանում, նրա պարկինը հարյուր կալից մի-մի գուշով էր հավաքված:

Մարդը շատ լինելուց, զրույցն էլ հետաքրքիր էր անցնում: Եթե լուսնկա և զով գիշեր էր, նստում էին ջաղացի դռանը, ընկուզենու տակ: Երբեմն կրակ էին անում և փոքրիկ թոնրի մեջ ջրաղացի անալի բլիթներ թխում, նոր աղած և դեռ տաք ալյուրից: Զրույցն ավելի հետաքրքիր էր դառնում, երբ եկողների մեջ լինում էին այնպիսի մարդիկ, որոնց հետ դեռ անցյալ տարի ու դեռ ավելի առաջ ջաղացպանը վեճի էր բռնվել: Նա հիշում էր ում հետ ինչ խոսակցություն է ունեցել: Զեյթա գյուղի մոլլայի հետ քանի անգամ էր վեճի նստել ու նրան նեղը գցել, համոզելով, որ Աստված ամեն բանի մեջ կա, նույնիսկ ծառի փչակում: Մոլլան երկյուղում էր, երբ ջաղացպանը մատը մեկնում էր ծառի փչակին: Եթե Դերվիշ Հյուսեյնը գար, Անդրին նրան կամուրջի մոտ տեսնելուց նույնիսկ առաջ էր վազում, թևից բռնած բերում, նստացնում քեֆ-հալ հարցնում: Դերվիշը չէր տրտնջում, երբ ջաղացպանն իր աղունի հերթն ուշացնում էր: Երկուսի զրույցը երբեմն մինչև լուսաբաց էր տևում: Դերվիշն էլ աշխարհի և մարդկանց մասին ջաղացպանի նման էր մտածում, նրանցից յուրաքանչյուրը տարբեր ճանապարհներով խլուրդի պես համառորեն փորելով, փորփրելով հասել էին նույն բարձրության, որից շատ հարմար էր դիտել իրերն ու դեպքերի ընթացքը: Երիտասարդ օրերի բուռն ցանկությունը՝ իմանալու, թե որտեղ է վերջանում աշխարհը, նրա հետ պատահած դժբախտությունը, ջաղացը և այն բազմաթիվ մարդիկ, որոնք գալիս էին, գնում, որպեսզի մի օր էլ նրանցից մեկնումեկը չգա և մյուս եկողները ջաղացպանին պատմեն, թե ինչից նա մեռավ, ծեր ընկուզենիները, որ ամեն գարնան տերևակալում էին, պտղակալում և ուշ աշնանը դողալով տերևաթափ լինում, Մարցա ջուրը, որ գարնանը ուռչում էր, ափերից դուրս գալի, իսկ ամռանը բարակում այնքան, որ հորթերն էլ էին անցնում, — այս ամենը մի՛ խորհուրդ ունեին, մի՛ ներքին իմաստ, որ ոչ միայն վաղուց ծանոթ էր նրան, այլև ինքը մերվել էր այդ իմաստի հետ: Վարարում է գետը, հետո բարակում, ձմեռը սառչում և սառույցի տակ մռռում... Ինքն էլ ջահել էր, հիմա աշնան գիշերներին ցուրտ է զգում, և դուրեկան է կրակը, ընկուզենիներն էլ են դողում: Ոչինչ չկա սարսափելի, ոչ ծանր կսկիծ և ոչ անսահման ուրախություն: Շատ կածաններ կան, բայց մի լայն ճանապարհ կա, և բոլոր կածաններն էլ ի վերջո գալիս են միախառնվում այդ ճանապարհին, ինչպես Այրումի առուն Մարցա ջրին, Մարցա ջուրն էլ ով գիտե որ մեծ գետին:

* * *

Այսպես էին ապրում Կարմրաքար գյուղում:

Ունեին մի եկեղեցի և մի Տեր Նորընծա, որ այդ եկեղեցու, մասին պատմում էր, թե նա կառուցված է հին տաճարի ավերակների վրա և ջեյրանի կաշվից կազմած գրքից վկայություն բերում, որ դարեր առաջ «հագարացոց աշխարհից» իրենց պապերը Մարցա ջրի ընթացքով հասել են մինչև գյուղի տեղը, անտառը կտրատել, շքել՝ այգի և անդաստան: Խաղաղ այդ պատմությունը, երբ հասնում էր Կարմրաքարի առօրյային, դառնում էր խճճված և շատ մութ, համարյա անլուծելի առեղծված, որի մասին ոչինչ չի ասել ոչ այն վարդապետը և ոչ էլ Կարմրաքարը տեսած մի ուրիշ մարդ:

Տեր Նորընծան, երբեմն, մանավանդ այն ժամերին, երբ երեկոյան արարողությունն արագ վերջացնելուց հետո Ավան ամու հետ մոտենում էր Բոլոր քարի շուրջը նստածներին, — հեզ էր և հանդարտ, եթե զրույցը թեթև էր և սահում էր, ինչպես ձյունի գնդակը սառույցի վրա: Բայց այդ խաղաղությունը պղտորվում էր, երբ հանկարծ մի հարց էր ընկնում մեջտեղ: Օրինակ՝ մեկը պատմում էր, որ հարևանի տանը նամակ են ստացել իրենց որդուց և ահա ծայրը բացվում էր, կծիկը ետ էին տալիս... Խոսակցությունը սկսվում էր այն քաղաքից, որտեղից նամակ է եկել, հետո անցնում նամակ գրողին, և վերջապես Ավան ամին ձևակերպում էր.

Մի խոսք՝ Կարմրաքարն ապրելու տեղ չի, էստեղ ապրելն էլ հարամեց:

Խոսակցությունն այդ կետին հասներ թե չէ, Տեր Նորընծան կամ շոյում էր ծալ-ծալ մորուքը և թազբեհը խաղացնում ոսկրոտ մատների արանքում և կամ փնտրում էր թամբաքուի ամանը փարաջայի երկար ու խոր գրպանների մեջ և չգտնելով տնեցոց հասցեին թոնթորալով՝ կողքին նստողից խնդրում էր թամբաքու:

Նրան հաճելի չէին այդ խոսակցությունները և ոչ էլ այն հարցերը, որ տալիս էին իրեն: Ո՞րտեղից գիտենար Տեր Նորընծան, թե ինչ է լինելու Կարմրաքարի վերջը, մինչև ե՞րբ, ինչպես Ունանն էր ասում, «տարին տասներկու ամիս քարի, քոլի հետ կռիվ տաս, էլի ձմեռվա կեսին տաշտը ցամաք»... Այդ մասին ոչ «Սրբոց վարքի» մեջ կա գրված և ոչ էլ ինքն էր կարողանում պատասխանը գտնել:

Իհարկե, Տեր Նորընծան չէր լռում: Մեկին համոզում էր, թե ամեն տեղ են մարդիկ այդպես ապրում, ջաղացպան Անդրու հետ համաձայնվում էր, որ Կարմրաքարի դառը կյանքը վերուստ ուղարկած պատիժ է, երրորդին մխիթարում էր և հոգոց քաշելով հայտնում, որ վերջ ի վերջո հողն է մարդուն պարտակելու, «Հող էիր և անդրեն հող դարձար»…

Բայց ինքն իր հետ մնալուց, երբ հաշիվ էր տալիս, թե ինչ փոփոխություններ են կատարվել ծուխի մեջ, տերհայրը սոսկում էր և դողացող մատները մեկնում թամբաքուի տուփին: Իր մանկությունն էր հիշում... Լիություն կար, աղքատը քիչ էր, ամեն ինչ տանից էր դուրս գալիս: Եվ ինչպե՞ս եղավ, որ գետափի մարագներում մարդիկ բնակություն հաստատեցին... Առաջ այնտեղ խոտ ու դարման էին լցնում: Ու մի օր էլ գյուղում «հայաստանցի» մի գաղթական եկավ իր մոր հետ: Ինքը դեռ ջահել քահանա էր, տերտերակինը` առաջնակով ծանր: Մի քանի ամիս գաղթական Նազարն ու մայրն ապրեցին իրենց տան ներքևի հարկում, հետո խնդրեցին մի մարագում տեղ տալ: Մարագները դեռ կանգուն էին: Եվ այն օրից մարագների թաղը կոչվեց Ղարիբանոց: Շալուն Սիմոնի հայրը հիվանդ էր, պարտքատերն եկավ հիվանդի տակից կարպետը քաշեց, եղած պղինձները հավաքեց. մի հորթ էլ ունեին, այն էլ տարան: Ինքը գնաց, որ հորդորի, խնդրի... Խոջա Հիբանը պառավ մարդ էր, վրան նեղացավ և ասաց, թե հոգևոր մարդը աշխարհի գործերին չպիտի խառնվի: Հետո մի քանի հոգի էլ գնացին... Որի տունն էր փլվել, որն էլ հորից բաժանվել և մի կարպետ թևի տակ՝ երեխաների ձեռքից բռնած, գյուղից առանձնանում էր, որ իրեն է՛լ չտեսնեն գյուղամիջում:

Մի անգամ Տեր Նորընծան գնացել էր Ղարիբանոց: Մեկը մեռնում էր, հաղորդության էր սպասում... Աստված իմ, ի՛նչ աղքատություն... Տկլոր երեխաներ, մի քանի պղինձ, մի կապ ցախ և աթարի մուխով լցված կիսաքանդ մարագ: Ոչ ծալք ունեին, ոչ փալաս ու կարպետ, երեխաները մտնում էին հարդի մեջ, կուչ գալիս... Ի՞նչ աներ Տեր Նորընծան: Այդ օրը դառնացած եկավ: Երեկոյան տիրուհին հիվանդի համար հաց ուղարկեց: Ինքը մյուս օրը քարոզ կարդաց եկեղեցում, և չվերջացավ, աղքատությունը չվերջացավ... Ղարիբանոցի մի քանի մարագներից բացի, գյուղում էլ կային աղքատ մարդիկ: Հարևանի տանը երկու ամիս կորեկ հաց էին կերել, մինչև տղան քաղաքից օգնության էր հասել: Ո՞ւր է վերջը: Ուրեմն ճիշտ է ասում ջաղացպանը, որ արքայությունը գնաց, և մարդուն միայն Տերը բաժին է պահել կուպրի վառվող կարասներ:

Կարմրաքարի ծխատեր քահանան մտածում էր իր հոտի մասին, սրտանց ուզում էր դարման գտնի, մտածում էր երկար, բայց տիրուհին վրա էր հասնում, մտքերը խանգարում:

Ճրագում նավթ չկա, վե՛ր կաց հացդ կեր:

Տերտերը մոտենում էր սեղանին և՛ ուրախ, որ ազատվեց հոգսից, և՛ չարացած, որ նավթ չեն լցրել ճրագի մեջ, ու տիրուհին ասեղի ծայրով պիտի պատրույգը բարձրացնի: Երբ հոգնածությունը հաղթում էր, կոպերը ծանրանում էին, մոտենում էր անկողնուն, գիշերվա աղոթքը համառոտ ասում և հանգստանում այն մտքի վրա՝ թե «Հող էիր և անդրեն… »:

Կարմրաքարում կար և՛ Ավան ամի, և՛ Ունան, և՛ ջաղացպան Անդրի: Հող ունեցողը վարում էր, ցանում, հնձում: Տարվա չորս եղանակները անիվի պես դառնում էին, և ամեն մեկն իր հետ բերում էր ցավ, ուրախություն, աշխատանք: Ծնվում էին, մեռնում: Գյուղի գլխի գերեզմանատանը նոր հողաբլուրներ էին ավելանում, մի կողմից էլ Այրումի առուն էր հին գերեզմանատունը քանդում, ոսկորները բերանն առած, ո՛վ գիտե որ քարի տակ պահ տալիս: Անտառը տարեցտարի փեշերը քաշում էր, գյուղից ավելի հեռանում, և սարերի ստորոտները մերկանում էին... Ձորերում կամ անմատչելի առապարների վրա սակավաթիվ ծառեր դեռ մնում էին, որպես ցնցոտիներ, սարի մերկ սրունքները ծածկելու: Ոմանք հարստանում էին, ոմանք աղքատանում: Հարստացողը մի աչք ավել էր տուն շինում կամ մի կտոր հող առնում, զույգ եզը դարձնում երկու-երեք, ընկնում էին, բարձրանում: Մեկը մյուսին ոտնատակ էր տալիս: Կռվում էին, գլուխ ջարդում, պատահում էր, որ մարդ էին սպանում: Ոմանք ուրիշ քաղաքներ էին գնում վաստակի և այդ վաստակը, որպես հնչուն արծաթ, քանդում էր, խարխլում այն, ինչ սպասում էր թեթև շնչի` փչելու համար:

Ավան ամին էլ էր տեսնում, որ Կարմրաքարը փոխվել է: Նա հիշում էր այն, ինչ եղել է և համեմատում էր առօրյայի հետ: Նրա համար պարզ էր այն ճանապարհը, որով Կարմրաքարը եկել էր և հասել այդ առօրյային:

Ի՞նչ էր այդ հինը... Սամավար չկար, մարդիկ չգիտեին, թե ինչ է թեյը... Եկավ խոլերի տարին, փախան, պահվեցին անտառի խորքերում: Առաջ մարդիկ ղադաք էին հագնում, կանայք՝ դարայի... Մարցա ձորը մի անանց անտառ էր, հիմա քարերը երևում են... Հեղեղը սրբել է հողն էլ, արմատներն էլ: Տեր Նորընծայի հայրը երեխաներին սովորեցնում էր «Ութ կանոն սաղմոս»: Կխտորից թանաք էին շինում և փետուրե գրիչներով հաստ թղթի վրա ընդօրինակում ժամագրքի գլխատառերը... Քաջքուտ մարդ էր Տեր Նորընծայի հայրը. աշակերտի մատներն իրար էր հավաքում, երկաթ օղ հագցնում և մատների ծայրին հոնի ճիպոտով այնքան ծեծում, մինչև արնոտեին: Մի անգամ էլ Ավան ամու եղունգը պոկ եկավ:

Այն ժամանակ քաղաքը մեծ չէր, դերձակը դուքան չուներ, ձեռքին մի ասեղ էր, մի մկրատ, տնետուն ման էր գալիս, և՛ աշխատում, և՛ տանն էլ հաց ուտում: Երեք օրում մի արխալուղ էր կարում: Քաղաքում մի քանի դուրգար կային և ներկարար, բայց դուքանդարը շատ էր: Թավրիզից ուղտերի քարվանով ճոթ ու կտոր էին բերում, շիլեյի, գյուլի աղլուխ, շաքարը փափուկ էր, մի քիչ դեղին... Հիմա Հիբանի որդի Մկրտումի խանութում տասը փութով էլ կարելի է շաքար առնել և այն էլ լավը, կապույտ խալերով, շուտ չհալվող... Նրանք հիմա շիլեյ չեն ծախում, ուզող չկա:

Առաջ նեղ կածան էր, բայց քանի՛-քանի մարդ ծեծեցին, ու կածանը մի քիչ լայնացավ, ճանապարհ շինվեց մինչև քաղաք: Իսկ ի՞նչ է դառել այդ քաղաքը, ինչ տնե՛ր, ինչ խանութնե՛ր, ո՞ւր է առաջվա դերձակը, որ մկրատը թևի տակ տնետուն էր ման գալի: Ճանապարհը բացվեց, Կարմրաքարից շատ մարդ դուրս գնաց: Եվ Ավան ամին մտքում մեկ-մեկ հաշվում էր նրանց, որոնք հեռացել էին գյուղից: Տասներկու հոգի Բաքու են, Ծատուրի թոռը Պետրպոլկ է լինում:

Ավան ամին այդ իրադարձությունների մեջ աշխատում էր կարգ սահմանել, գտնել մի ձող, որի վրա կարելի լիներ դեպքերը քաշել: Նա լավին էր սպասում ու միտք էր անում, թե ինչպես պիտի գա այդ լավը: Երբեմն մտածում էր, որ ուսումով մարդկանց թիվը ավելանում է, և համոզված հայտարարում էր, որ ճանապարհը ուսումով առածները պիտի քաշեն, երբեմն կասկածում էր և ավելի ճշմարիտ համարում այլ ուղի: Իրենց գյուղից դուրս պիտի գա աստղով մի մարդ, և ամեն գյուղից պիտի հավաքվեն աստղով մարդիկ, խելք խելքի տան:

Էնպես պլան քաշե՛ն, Անդրի, — ասում էր նա ջաղացպանին, երբ սրտնեղում էր մենակությունից և գնում էր նրա հետ զրուցելու, — էնպես ամեն ինչ իր տեղը քցե՛ն, որ մնաս զարմացած... Թե չէ էսպես ո՛ւր կհասնենք... Մարդիկ իրար միս կուտեն: Հրեն էսօր վարժապետն էր ասում, թե Հնդստանում չեմ իմանում ո՞ր քաղաքում, իրար մեջ ժերբ են քցել, թե ո՞ւմ ուտեն:

Գյուղ վերադարձող երիտասարդին նա գալու մյուս օրը պիտի տնտղեր, ծանր ու թեթև աներ, հարց ու փորձ՝ տեսածից ու լսածից, և հայտներ իր կարծիքը՝ կամ մեջը փուչ է (այդ դեպքում նա պիտի ասեր, թե ո՞ւմ կողմն է քաշել) և կամ տարակուսանքով եզրակացներ, որ դեռ խակ է, սերմը չի բռնել:

Երբեմն էլ հուսահատվում էր, հուսահատությունից չարանում ու չարությունը, որպես մաղձ, թափում աշխատանքի ընթացքում: Ինչ գործ էլ աներ, արագ էր կատարում, չէր խոսում, գանգատվում էր բոլորից: Նրա բարի դիմագծերն էլ էին փոխվում, կապույտ աչքերը փոքրանում էին, ներս քաշվում, մարդիկ ուրիշ կերպ էին երևում աչքին: Այդ օրերին նրա դեմքին չէր երևում այն ժպիտը, որ լուսավորում էր նրա երեսը, լուսեպսակ կազմում սպիտակած գլխի շուրջը:

Նրան թվում էր, թե կյանքը խեղդ է, մի նեղուստ, ճիշտ այնպես, ինչպես ջաղացի կամուրջի տակ... Երկու կողմից բարձր ու կապույտ ժայռեր, ու մի ժայռ այնքան է կռացել ջրի վրա, որ ալիքները գալիս են ու դեմ առնում: Եվ ինչ որ բերում են՝ տերև, ճյուղ, խոտ, — այդ ամենը պղտոր փրփուրի հետ դեմ է առնում ժայռին... Ջուրը քարի տակով անցնում է, իսկ փրփուրն ու տերևը, ճյուղը, խոտը մնում են, պտտվում, պտտվում, իրար վրա դարսվում, մինչև քամին կամ ջրի թափը նորից շպրտի քարի վրա: Գուցե կյանքն էլ այդպես է... Իզուր տեղը պտտվում են, իրար միս կրծում:

Այդ օրերին նա չիբուխը միշտ թեժ էր պահում, մատը կրակի վրա: Նստում էր տան առաջ, երբ մութն ընկնում էր: Նայում էր խավարին, լսում էր ինչ-որ ձայներ՝ մարդու, կովի, շան, դիտում էր գյուղը, մինչև թանձր խավարը ծածկեր ամեն ինչ, հանդարտվեին ձայները, կրակները մարեին ու միայն խավարի մեջ վշշար Մարցա ջուրը:

2

Խոջա Հիբանի տունը, կամ, ինչպես Կարմրաքարում ասում էին, ամարաթը գտնվում էր գյուղի վերի թաղում, մի փոքրիկ բլրակի վրա, որ գերեզմանատան թմբից բաժանվում էր բարակ ձորով: Տան հետևով անցնում էր Քառասնաջրի անտառը տանող ճանապարհը, որ հենց տան մոտն էլ ծռվում էր և կորչում ծառերի արանքում: Եվ ձմռան լուսնկա գիշերներին գայլերն առանց վախի ոռնում էին տան բարձր պատերի տակ և ոտնաձայն լսելուց մի ոստյուն անում ու կորչում անտառում:

Հիբանի ամարաթից վերև տուն չկար, իսկ ներքև՝ դեպի գյուղի գլխավոր փողոցը, որ միևնույն ժամանակ և քաղաք տանող ճանապարհն էր Կարմրաքարից հյուսիս ընկած գյուղերի համար, — նրա որդիների խանութն էր: Տնից խանութ գնացող կածանը կեռմաններով իջնում էր, անցնում բարակ ձորակն ու միանում փողոցին:

Կարմրաքարի շինությունների մեջ Խոջա Հիբանի տունն իր մեծությամբ և նստվածքով հետ էր մնում միայն եկեղեցուց: Տան չորս բոլորը բարձր և ամուր պարիսպն էր, որի գլխավոր դուռը նայում էր գյուղին, իսկ փոքր դուռը բացվում էր անտառը տանող ճանապարհի վրա:

Պարսպի տակ ցածր կտուրով, զանազան կառուցվածքներ էին՝ գոմ, մարագ, ախոռներ, փարախ, ամբարներ և այլն: Այդ ամենը միանգամից և միակերպ չէր շինված: Գլխավոր դռնից մտնողը պիտի անցներ աջ ու ձախ ընկած շինությունների միջով, հասներ փոքրիկ հրապարակին, որի կենտրոնում, ճիշտ դռան դիմաց, նրանց երկհարկանի տունն էր: Երկրորդ հարկի քարե սանդուղքը բակի կողմից է, ներքի տան պատուհանի դիմաց: Դրա համար էլ ներքի տան նստողը կարող էր տեսնել, թե ով է իջնում և բարձրանում սանդուղքով:

Թե տունը և թե մնացած շինությունները Խոջա Հիբանի օրոք էլ կային:

Իսկ ավելի առաջ նրանք ապրում էին ներքի տանը, որի ծխից սևացած օճորքի հաստ գերանները այն ծառերից էին, որ հենց այդ բլրակի գլխին էլ բուսել էին և կտրված էին այն ժամանակ, երբ «հագարացու աշխարհից» եկել էին Կարմրաքարի նախահայրերը: Հիբանն էր կառուցել երկրորդ հարկը՝ սրբատաշ քարերից, նեղլիկ ու փոքր պատուհաններով երեք սենյակ, որոնցից մեկը` ամենափոքրը, պատուհան էլ չուներ, և ցերեկով կիսամութ էր ներսում:

Следующая страница