Բակունց Ակսել՝   Վեպեր և վիպակներ

Գորիսի բեյերի մեջ նա միակն էր, որ պատրաստի ծխախոտ չէր ծխում, այլ Եփրատ Կրեմի խանութից գնում էր դատարկ գլանակներ, որոնց Պավլի բեյն իր ձեռքով լցնում էր մեղրաջրով թրջած ծխախոտ: Այդ գլանակների տուփի մեջ լինում էր մի անակնկալ՝ թղթի թիթեռ, գունավոր դրոշակ և այլն... և ահա ամբողջ փողոցի երեխաները հավաքվում էին Պավլի բեյի բակը, երբ նրանք լսում էին, թե Պավլի բեյը բաց է անում նոր տուփ: Եվ այդ օրերին վա՛յ էր Հայաստանցի Ավետիսի աղջիկներին, որովհետև մինչև անգամ վեց տարեկան տղան կծեծեր հարսնացու աղջկան, եթե նրանք չմտնեին ներքնահարկը: Իսկ Պավլի բեյը սպասում էր այնքան, մինչև բակը լցվեր տղա երեխաներով և տուփը բաց էր անում: Տուփի միջի գունավոր դրոշակը կամ թղթի թիթեռը Պավլի բեյը պատշգամբից գցում էր ներքև, երեխաներն իրար վրա էին թափվում, իսկ տան տերը զվարճանում էր: Ամեն կողմից նշանավոր Պավլի բեյը եթե երեխաների մեջ նկատում էր 12-14 տարեկան տղաների, նրանց մեկ-մեկ կանչում էր պատշգամբ և նրանց ականջը թեթև ոլորելով, պատվիրում էր.

Ականջդ կկտրեմ, եթե լսեմ, որ ուրիշ ազգից ես աղջիկ առել... Հայ աղջիկ կառնես, իմացա՞ր...

Իսկ տղաները՝ ականջները քորելով իջնում էին և միտք էին անում, թե ի՞նչ պիտի անեն Հայըստունցի Ավետիսի գեշ, սև և պեպենոտ աղջիկը:

9

Այն փողոցը, որտեղ մեծ մասամբ բեյերի տներն էին և նրանցից մեկի՝ Պավլի բեյի ներքնահարկում ապրում էր Հայաստանցու ընտանիքը, — այդ փողոցը կոչվում էր Մանուչար Բեյի փողոց: Որքան էլ քաղաքը փոքր էր և չուներ ոչ մի ծխնելույզ և գործարանի շչակ չուներ, այլ ուներ հարուստ շուկա, զորք, բանտ, եկեղեցի և ներկայացուցչական վայրեր, այսինքն պետական հիմնարկներ, — այնուամենայնիվ քաղաքը քաղաք էր, ուներ քաղաքագլուխ, քաղաքային դումա, փողոցներն անուններ ունեին հաստատված քաղաքային դումայի և նորին գերազանցության՝ գեներալ նահանգապետի կողմից: Այսպես՝ մի փողոցը կոչվում էր Մանուչար բեյի փողոց, մյուսը՝ թագավորական, երրորդը՝ նահանգապետ Կավալյովի անվան, չորրորդն այն առաջին գավառապետի, որ ռազմա-աչքաչափով նկարահանել էր գետահովիտը, ապա քանոնով բաժանել հավասար վանդակների, յուրաքանչյուրը չորս հարյուր քառակուսի սաժեն: Բայց թեև գեներալ նահանգապետը հաստատել էր, և փողոցների անունները փակցրած էին պատերին, տները համարակալած էին (և դեռևս պրոգրեսիստները դժգոհ էին քաղաքագլուխ Մաթևոս բեյի պակաս կողմից), — այնուամենայնիվ ժողովուրդը, այսինքն Կյորեսը՝ Շենը իր բոլոր թաղերով և հարևան գյուղերը ոչ փողոցի անուն էին տալիս և ոչ տան համար. նրանք ասում էին՝ Կալին պա, և բոլորը պատկերացնում էին հին կալերը քարափների գլխին, որ դարձել էր քաղաքի զբոսավայրը, ավելի ճիշտ, այն վայրը, որտեղ գիմնազիստները մեջքի վրա պառկում էին և կամ նվագում էին կիթառ, ձանձրույթից թքելով դեպի ձորը, դեպի ձորի հին մարագները:

Կյորեսեցիք, եթե ցույց էին տալիս մեկի տան տեղը, ասում էին՝ Սիմոն բեյի տան գլուխը, և բոլորը գիտեին, որ խոսքը այն Սիմոն բեյի տան մասին է, որի շան ահից մինչև անգամ մուրացկանները մուտք չունեին, Միրաքին թումբը, — և նույնիսկ նրանք, որոնք երբեք չէին տեսել այդ երբեմնի բլուրը, գտնում էին քաղաքի այն մասը, որտեղ Ավագիմովների տներն էին, ռուսաց դպրոցը և փոստը, Գոմշի փոսեր՝ շուկայի նոր մասն էր, Պասաժը՝ մինչև քաղաքային դումայի շենքը: Այդ տեղն այդպես էին կոչել շատ հնում, այն ժամանակ, երբ այնտեղ աղբյուրներ կային, որոնց ջրերում նստում էին Կյորեսի գոմեշները: Այժմ ոչ գոմեշներ կային, ոչ նրանց աղբյուրները, բայց հին անունը մնացել էր և դեռ հնչում էր այդ անունը, ինչպես Պասաժի հիմքերի տակ խոխոջալով գնում էին հին աղբյուրները...

Այն փողոցում, որ կոչվում էր Հին ճանապարհ, ապրում էին արհեստավորներ, մեծ մասամբ բնիկ կյորեսեցի: Նրանք ընտրել էին այդ գետափը գուցե նրա համար, որ հեղեղման վտանգի պատճառով այդ փողոցի տնատեղերն աժան են եղել, — գուցե և այն պատճառով, որ գետից այն կողմ նրանց հայրական բոստաններն էին՝ բակլայի, կարտոֆիլի և դդումի անսպառ բերքով, որ այնուամենայնիվ գարնանամուտին սպառվում էր, որովհետև արհեստավորների մեջ այնպիսի ուտողներ կային, ինչպես օրինակ, Չաքմաչի Վեսկանը, հյուսն Ասանը և թամբագործ Թևին, որոնք եթե երեքով միասին մակար գնային, հարսանքատիրոջ շունը սոված կմնար:

Այդ փողոցում ապրում էին հյուսներ, քարտաշներ, կոշկակարներ, թիթեղագործ, ներկարար, նաև մի քանի բեյեր, որոնք մյուս բեյերի շրջանից դուրս էին, ինչպես օրինակ՝ երրորդ Ներսես բեյը, որ կոչվում էր Պրիստավի Ներսես բեյ, որովհետև մի ժամանակ նա եղել էր պրիստավի գրագիրը: Բայց այժմ մնացել էր միայն անունը, և ոչ ոք նրան բանի տեղ չէր դնում՝ ոչ իրենք բեյերը, ոչ կինը և ոչ հարևանները: Մի ռուբլուց ավելի նրան կաշառք չէին տալիս, ավելի հաճախ տալիս էին մի արծաթ աբասի և երբեմն ոչինչ չէին տալիս, այլ միայն ասում էին.

Ներսես բեյ, էս անգամ կներես...

Հին ճանապարհի տները մի հարկանի էին՝ առանց բացառության: Թեև այնտեղ էլ տնատեղերը գնել էին հավասար մեծության՝ յուրաքանչյուրը չորս հարյուր քառակուսի սաժեն, բայց որովհետև եղբայրներն իրար մեջ բաժանել էին միասին գնած տնատեղը, ուստի տների թիվն ավելի էր: Եվ երբ ծայր էր առնում երեխաների մահլակռիվը՝ կռիվը տարբեր փողոցների երեխաների միջև, ձմեռը՝ ձյունագնդերով, աշնան դեմ՝ արևածաղկի գլուխներով, եգիպտացորենի կոթերով, նետ-աղեղով, երբեմն քարերով և նույնիսկ շներով՝ երբ յուրաքանչյուրն իր շան շղթան թևին փաթաթած գնում էր կռվի, — Հին ճանապարհի տղաները միշտ հաղթում էին և պատահում էր, որ հաղթողները հակառակորդին քշում էին մինչև շուկա և մանկական մի նետ դիպչում էր գարադաբուլդի Մուխանին, կամ դդումի կլեպը թռչում էր քաղաքային դումայի պատշգամբը:

Նրանք կռվում էին «ռուսների» դեմ, այսինքն բեյերի և վաճառականների տղաների դեմ, որոնք սովորում էին թագավորական դպրոցներում՝ Գորիսում և այլ քաղաքներում, իսկ Հին ճանապարհի տղաները՝ Կյորեսի հայոնց ուսումնարանում: Վերջիններս չունեին ոչ համազգեստ և ոչ էլ դպրոցի նշան՝ գլխարկի և գոտու վրա: Հայոնց դպրոցի երեխաները տրեխներով էին, տարվա մեծ մասը գլխաբաց: Դպրոցից հետո նրանք աշխատում էին տանը և բանջարանոցներում, օգնում էին ծնողներին՝ արհեստանոցներում, և պատահում էր, որ դպրոցից վերադառնալով, ներկարար Նեսու տղան հագնում էր հոր մեծ կոշիկները և ներկի դույլերը ձեռքին հոր հետ գնում էր աշխատանքի:

Եվ դեպք էր լինում, որ տուն գալուց Մանուչար բեյի փողոցում «ռուսները» կտրում էին Նեսու տղայի առաջը... Այն կողմից մեկը լուր էր բերում, և ահա Հին ճանապարհից թռչում էին նրա ընկերները շներով, քարերով, նետ-աղեղով, մահակներով, և նույնիսկ մեծերը դժվար էին դադարեցնում նրանց քարե կարկուտը:

Ամառը կռվի վայրը գետն էր, Հին ճանապարհի տակով անցնող գետը: «Ռուսները», այսինքն գիմնազիստները, որոնք ամառային արձակուրդին տուն էին եկել, — խմբերով գալիս էին լողանալու, որքան էլ շատ լինեին նրանք և նույնիսկ իրենց հետ բերեին մեծահասակ մեկին, այնուամենայնիվ այդ էլ նրանց չէր փրկում կռվից, երբ նրանք մտնում էին Հին ճանապարհի տղաների կառուցած լողարանները:

Մեր ջրերից դուրս եկե՛ք, — գետի մյուս ափից բղավում էր այդ տղաներից մեկը, երբ վաճառականների և բեյերի տղաներն արդեն հանվում էին, ավազի վրա շարելով իրենց փայլուն գոտիները, սպիտակ գլխարկները, որոնց պղնձե նշաններն արևից փայլփլում էին:

Կորի, ռա՛դ իլ, — բղավում էր մի գնդլիկ գիմնազիստ՝ ձյունաթույր մարմնով, ինչպես ձյունաթույր էր նրա սպիտակեղենը, որ տաժանելի աշխատանքով լվացել էր լվացարարուհի Մինան:

Ասում եմ դուրս եկեք մեր գյոլից, — զայրացած բղավում էր Հին ճանապարհի տղան, որ առավոտ կանուխ տնից փախել էր, որովհետև գետափի ազատ պարտեզները նրան կանչել էին կեռաս ուտելու, փրցնելու մի քանի պատիճ բակլա, մի բանջարանոցից գողանալու կարտոֆիլ և գետափին՝ քարակույտերի հետևը խորովելու բակլան և կարտոֆիլը, որ նրա և՛ ճաշն էր, և՛ ընթրիքը:

Չե՞ք գնում, — և զայրույթից նրա դեմքը կարմրում էր, ինչպես եթե տղան երեսին քսեր գողացած բալը: Ապա առաջին քարն այն կողմից վզզալով ընկնում էր գետի մեջ, լողացողներից մեկ-երկուսը, որոնք սրտով էին, դուրս էին թռչում և նրան քշում էին դեպի պարտեզների խորքը: Եվ հաղթանակով վերադառնում էին...

Բայց նրանք դեռ նոր էին մտել ջուրը, երբ պարտեզներից Հին ճանապարհի տղաների խումբը, որ մինչ այդ, ո՛վ գիտի, որի պարտեզն էր ասպատակում, — նրանց խումբը, ինչպես վայրենիների ցեղ, շրթունքները բալի հյութից կարմրած, բոբիկ և ցնցոտիների մեջ, իսկ ոմանք առանց ցնցոտիների, այլ մի շապիկով, — և արևից սևացած մարմիններով այդ սևամորթներն, ինչպես վայրենիների ցեղ, դուրս էին թռչում պարտեզներից, մոշի թփերից, թրմփալով վայր էին ընկնում ծառերից և վազում էին դեպի գետը՝ ով ձեռքին արևածաղկի կոթ, ով բանջարանոցից պոկում էր մի ձող, որի վրա փաթաթվել էր լոբին, ով կտրում էր ուռենու ճյուղը, ով վազում և գոգը լցնում էր մանր քարերով, և նրանք թռնում էին՝ պատերի վրայով, շամբուտների միջով, բոբիկ ոտքերով կոխելով և՛ ավազ, և՛ խոտ, և՛ փուշ: «Ուռռա՜»... հնչում էր նրանցից մեկի ձայնը, և սևամորթները սլանում էին: Սպիտակներն ահաբեկված իրենց գցում էին մյուս ափը, ոմանք շորերն առած փախչում էին հեռու, ոմանք քարերի ետև դիրք մտած՝ փորձում էին ընդդիմանալ հեղեղին, որ գալիս էր աղմուկ-աղաղակով...

Նրանց բաժանում էր գետը, բայց հաճախ Հին ճանապարհի տղաները գետին չէին նայում, և շոր չէին հանում, այլ շորով իրենց գցում էին ջուրը և լողում էին՝ ջրի մեջ բարձր բռնած ուռենու ճյուղը և արևածաղկի ցողունը, որով մյուս ափին նրանք պիտի ծեծեին:

Երբեմն կռիվը բորբոքվում էր, անցնում էին ձեռնամարտի կամ խլում էին նրանցից մեկի գոտին, մյուսի գլխարկը կամ գերի էին վերցնում մի սպիտակ գիմնազիստի, որ վախից թարս էր հագել շապիկը և չգիտեր ո՞ւր է կոշիկի մեկը: Սպիտակը լալիս էր, կանչում էր մամա... Իսկ Հին ճանապարհի տղաները խոսում էին, թե ինչո՞վ ծեծեն նրա բաց մսերը՝ եղինջի թփո՞վ, թե՞ եգիպտացորենով: Սակայն պատահում էր, որ նրանցից մեկը մեղքանո՞ւմ էր, թե՞ հիշում էր իր մորը, որ այդ գիմնազիստի հոր տան լվացարարուհին էր կամ նրանց վաղեմի հացթուխն էր: Եվ նա երեսը շրջելով ասում էր.

Թողեք կորչի գնա... — և նրանք թողնում էին, որ գերին արցունքը սրբելով շորերը հագնի:

Նրանցից ոմանք զարմացած նայում էին նրա սպիտակ շապիկին՝ եզերքը կարմիր կար, նայում էին մաքուր կոշիկներին, գուլպաներին և նախանձում էին: Նրանց մեջ տղաներ կային, որոնք միայն մի շապիկ ունեին, քաթանե հաստ շապիկ, որ հագնում էին միայն ձմեռը: Եվ այդ փոքրիկ վայրենիներն այնպես էին նայում, ինչպես նախամարդը կնայեր Տեր զի բազում ավագ քահանային:

«Ռուսները» հեռանում էին, սպառնալով հեռվից, երբեմն ապահով հեռվից քար էին շպրտում, և այն ժամանակ Հին ճանապարհի տղաները նրանց քշում էին մինչև թագավորական փողոցը, մինչև Մանուչար բեյի փողոցը և վերադառնում էին գետափ, որտեղ նրանք թագավոր էին:

Հին ճանապարհը թեև խուլ փողոց էր, բայց նշանավոր էր իր ալամ եսիր տղաներով: Նրանց հայրերը՝ արհեստավորներ, ապա խարչևնի Թևատորոսը, որի ճաշարանում երկու կոպեկով «կես պորցի» բոզբաշ էին ուտում Ամիր Աստանը, սալդատ Երանոսը, Ճոլուն Կևին, Քյաթառան, նաև Բազարնիկ Խաչին, որ սեփական տուն ուներ Հին ճանապարհի վրա, — այդ մարդիկ կազմում էին մի առանձին խավ, մի քարացած շերտ, որ գալիս էր հին Կյորեսից, ինչպես Հին ճանապարհը Կյորեսի հին ճանապարհն էր դեպի Միջնահանդ, դեպի Սպիտակ քարերը՝ այն խոտհարքներն ու արտերը, որ վաղ ժամանակ եղել էին Կյորեսի հողագործների կալվածքը:

Այդ փողոցը տանում էր դեպի Շենը հին շուկայի հրապարակով, այնտեղ, ուր ներկարարի կարասներն էին, Մանգասար դայու հնաձև խանութը, համետ կարողներ և դարբիններ և որտեղ Ափունց Ակու ամին աշխարհի չորս ծայրից ստանում էր ձորկեցիների տխուր նամակները...

Հին ճանապարհով էր անցնում Շենի նախիրը, երբ տավարածը նախիրը քշել էր Սանդ աղբյուրի ձորը: Կյորեսեցիներից նրանք, որոնց կալերը ջրաղացների մոտ էին, այդ փողոցով էին խուրձ կրում, որովհետև քաղաքի մյուս փողոցներում արգելված էր երթևեկությունը խոտ և հունձ կրողների, նախրի և նախրապանի: Հին ճանապարհը Կյորեսն էր Գորիս քաղաքի մեջ, Կյորեսն էր երկարածոր լեզվով, դժվար անուններով և խրթին բարբառով, իր գերի երեխաներով, որոնք Շենի տղաների հետ միացած կռվում էին բուլկի ուտողների դեմ, շարունակելով հին կռիվը, որ գալիս էր Ղաթրինի Աղալոյի առասպելական ժամանակներից:

Այդ հին փողոցում հին էին այն մի քանի տները, որոնց մասին դժվար է ասել, թե ինչպես էին ապրում, բայց խոսք պիտի ասել, որովհետև նրանք ըստ ամենայնի հետաքրքիր մարդիկ էին, նրանք հին կյորեսեցիներ էին և իրենց գործերով անուն էին հանել, ինչպես Զիլֆուղար բեյը՝ կաշառակերությամբ, Պավլի բեյը՝ «Մշակ» կարդալով, Քյալլա Ծատուրը՝ ձեռագիր շարադրություններով, լիմոնադի գործարանի տերը՝ Շոր աղբյուրի ջրով և այլն:

Հին ճանապարհի այդ բնակիչները ո՛չ արհեստավոր էին, ո՛չ վաճառական և ո՛չ բեյ: Նրանք երբեք մաճ չէին բռնել և ոչ էլ գիտեին իրենց պապեկան կալի տեղը: Նրանք միայն լավ գիտեին Բարի Աջողումի գինետունը, որի առաջ մեծ ընկուզենին նրանց համար միշտ ստվեր ուներ, ինչպես Բարի Աջողումը՝ գինի: Նրանք լավ գիտեին գետը և գետափի պարտեզները, Կյորեսի բոլոր ձորերը՝ հեռու և ահավոր, գիտեին անտառը, որ ինչպես մութ ճանապարհ սկսվում էր քաղաքի կողքից և անընդմեջ գնում էր մի օր, երկու օր, տասն օր գնում էր և անցնում էր Արաքսը՝ ռուս-պարսկական սահմանը և այնտեղից էլ ով գիտե ուր էր գնում անտառն իր գաղտնի ճանապարհներով:

Նրանք գինի խմողներ էին, նրանք անվանի մակարապետ էին, գլխավորն այն հրոսախմբի, որը երբ հարսանիքի գինին պակասում էր, բղավում էր՝ «մենք հո հայըստունցու հարսանիք չենք անում...»:

Նրանց սննդատու մայրը գետն էր և անտառը: Գարնանամուտին, երբ գետը պղտոր գալիս էր, հունը մինչև ափերը լի և պատահում էր, որ ափերից դուրս գալով գետը հեղեղում էր եզերքը, քանդում էր թույլ կամուրջները, արմատահան պոկում էր ծառերը և խորքում քարեր գլորում այնպիսի դղրդոցով, որ թվում էր թե փլվում են լեռները, — այդ ահարկու ժամին, երբ Հին ճանապարհի բնակիչներն ահ ու դողով էին լսում գետի որոտը, — նրանք՝ աղ ու հացի եղբայրները, ջրերի մեջ որսում էին այն ձուկը, որ հարավից բարձրանում էր դեպի լեռնային աղբյուրները:

Գարնանամուտին Սալյանից, Ղարաբաղի տափաստաններից, մինչև անգամ շոգ Լենքորանից հազար-հազար մարդ, ոչխար, ուղտ, ձի քոչով և քարավաններով բարձրանում էին Զանգեզուրի լեռնային արոտները: Այդ ահագին բազմությունն անցնում էր Դոլուն Կարիի, Խանձատ Խուդու և աղ ու հացի մյուս եղբայրների կառուցած փայտե հասարակ կամուրջով: Նրանք կամուրջի վարձ էին հավաքում, բուրդ, ոչխար, դրամ և այդ ամենը գնում էր գինու և զվարճության:

Նրանք փորձված ձիավարներ էին, և պատահում էր, որ Հաստ Ներսես բեյը կամ մի ուրիշ բեյ Բարկուշատի խաներից ընծա էր ստանում այնպիսի հրեղեն նժույգ, որին բեյը վախենում էր մոտենալ: Եվ ահա կանչում էին Հին ճանապարհի վարժ ձիավորներին, բազմությունը հավաքվում էր հրապարակում և Դոլուն Կարին, մահն աչքի առաջ, խեղճացնում էր կատաղի նժույգին: Վերջապես նրանք որսորդներ էին խուլ ծմակներում և ձորերում, որտեղ ոչխարի մոռացված աղաքարի վրա գիշերով իջնում էին պախրաները:

Ձմեռը գետը սառչում էր, ձուկն իջնում էր հարավ, որսը թաքնվում էր, ով գիտե, ինչ որջերում, և պակասում էր նրանց գինեդրամը: Այն ժամանակ լուրեր էին պտտվում, թե Ձորեկից կորել է մի երինջ, կորել է խոջա Բաղիրենց կովը, գիշերով մարդ է մտել Տեր զի բազումի մեղվանոցը, և ձմեռն ի՛նչպիսի լուրեր չէին տարածում Գորիս քաղաքում: Եվ նաև շշնջում էին, թե Խուռուփի ձորում գտել են կորած երինջի գլուխը, կովի հետքերը գնացել են մինչև գետափ և իբր թե Տեր զի բազումի մեղվանոցից մի արկղ մեղու թափել են ջուրը և ջրի ափին թողել են դատարկ արկղը: Եվ ով շշնջում էր, ավելացնում էր նաև Դոլուն Կարիի, Խանձատ Խուդու և մյուս եղբայրների անունը և լռում էր:

Ճի՞շտ էր այդ, թե չար բամբասանք էր, — դժվար է ասել... Բայց ստույգ է, որ ամառ-ձմեռ, ամեն երեկո Հին ճանապարհով հարբած տուն էին վերադառնում եղբայրներից երկուսը, երեքը, երբեմն մի ամբողջ խումբ: Նրանք քայլում էին, չուխաների փեշը կրծքով պատած մինչև ուսը, գդակները ծուռ, դանդաղ օրորվում էին, օրորալով երգում էին հանկարծ փողոցի մեջտեղը կանգնելով, անհայտ է ինչու, հայհոյում էին, ինչպես մի ժամանակ Գյուրջի Օբին հրապարակում հայհոյում էր:

Երբ որոտում էին նրանց ձայները, Ներսես բեյը, — այն, որ կոչվում էր Պրիստավի Ներսես բեյ, — նա էլ թաքնվում էր դարպասի անկյունում կամ շտապում էր տուն մտնել: Նրանք բեյերին չէին սիրում, նաև չէին սիրում, երբ իրենց փողոցում հանդիպում էին մի վաճառականի, որին մի մութ քամի բերել էր այդ խուլ փողոցը:

Թող կորչի գնա՛... — ասում էր ընկերն ընկերոջը, իսկ վաճառականն արագացնում էր քայլերը, ինչպես սպիտակ գիմնազիստը, որ ահից կանչում էր մորը...

10

Մենք սկսեցինք հին ջրաղացներից, որոնք գետի աջ ափին են, ընկուզենիների տակ, և որտեղ ծերունի ջրաղացպանը, երբ չէր ննջում, պատմում էր Ցուլ Օհանի ժամանակներից, երբ ցորենն իբր թե հոնի կորիզների չափ էր, և չկար այն հավի կուտը, որ շալակով ջաղաց էր բերել մի աղքատ կին: Ապա անցանք նավթի պահեստի մոտով, որտեղից սկսվում էր քաղաքը և նկարագրեցինք հին շուկան՝ Գորիսի շուկայի արհամարհված ծայրը, որտեղ առևտուր անելը հավասար էր կոտր ընկնելուն:

Այնտեղ կային ներկարարներ, որոնք ներկում էին կարասի կապույտ և թուխ մրուր և տորոնի կարմիր և ապա ներկած կտավները զոլ-զոլ փռում էին քարափների վրա և գույների խաղով զվարթացնում էին հին շուկան: Այնտեղ կային կանացի չմուշկ կարող վարպետներ, որոնք կարմիր քոշ էին կարում նորահարսի համար, կանաչ՝ միջահասակ կնոջ և նռան կլեպի գույն՝ այն պառավ այաների համար, որոնք գուցե հագնում էին վերջին զույգը: Այդ շուկայում էր այն ղանավուզը և թիրմահին, որ ամբողջ քաղաքում այլևս չկար, և միայն Մանգասար դային ուներ:

Այնտեղ էին հին դարբինները, որոնք անիվ կապել չգիտեին, բայց խոփը զոդում էին ինչպես պողպատե թուր և այնպիսի շղթաներ էին կռում, որ յոթ զույգ եզ քառասուն օր ծանր գութանը քաշում էին քար հողերում, — և շղթան չէր կտրվում: Այդ շուկայում էին դալլաք Բոզին և նույնպես դալլաք Ասրին, որոնց երբեմն կանչում էին հիվանդից արյուն առնելու, նաև կանչում էին զարդարելու նորափեսայի մազերը:

Շատ հին մանրավաճառներ կային այդ հին շուկայում՝ ընտիր ծամոնի, մեղրամոմի, մախաթ ասեղների, ոսկրե կոճակների, ծիլավոր կանֆետի և քթախոտի այնպիսի մանրավաճառներ, որոնք մի ծամելու ծամոնը փոխում էին երկու ձվի, կես գրվանքա մեղրամոմը՝ մի ծաղկավոր գուլպայի հետ: Նրանք գիտեին, որ ձորկեցի Ադի դային քաշում է ղարա բռնոթի, իսկ նորուեցի Բադի դային՝ կապովի բռնոթի:

Այստեղ նաև կային երբեմնի մանրավաճառներ Ափունց Ակու ամին և Բադամ Բախշին և նրա հարևանը, որոնք ոչ լամպի ապակի էին ծախում և ոչ Ղազանի սապոն, այլ նամակը հեռու բռնած կարդում էին խանգարված ձայնով, կարծես ճռռում էր խանութի ժանգոտ դուռը.

«Եվ կհարցնեմ ձեր որպեսությունը, նաև ինձ բարի հիշողաց...»:

Այդպես էր Կյորեսի հին շուկան՝ խեղճ և խարխուլ ու թեև այնտեղ շաքարի գրվանքան մի կոպեկ թանկ էր բուն շուկայից, այնուամենայնիվ, Ցաքուտ, Նորու, Մեզար և Ձորեկ գյուղերում, ինչպես և Շենում՝ Կյորեսի մեռնող միջնաբերդում գյուղացիներ կային, որոնց ասելով նոր շուկայի շաքարը երեխաների բերանում շուտ է հալվում, և նրանց ատամների տակ կապույտ կայծ չի տալիս, ինչպես հին շուկայի շաքարը: Իսկ ձորկեցի Ադի դային ասում էր.

Կյորեսի ղարա բռնոթին որ չլիներ, հիմա Ադի դային չկա՛ր...

Այդ գյուղերովն էր ապրում Կյորեսի հին շուկան: Նրան պահում էր Շենը, որ ամենքից մոտիկն էր: Պատահում էր, որ երեկոյան Շենից մի երեխա վազելով բարձրանում էր հին շուկան:

Վարդան դայի, նանին ասաց մի չերթ շաքար տա:

Դու ո՞ւմ տղան ես:

Ցամաք Ավանի տղան եմ:

Հիվանդ ունե՞ք...

Չէ՜ , Վարդան դայի, տունը մարդ է գալու...

Չլինի՞ մեծ քրոջդ ուզող կա:

Եսի՛մ... — և երեխան նիհար ուսերն իրար էր անում, և նրա տխուր աչքերի մեջ Վարդան դային տեսնում էր իր հարցի պատասխանը:

Նանուդ ասա՝ թե ձու կա, ձու ուղարկի... Ուզող կա: Հա, էն սապոնի պարտքն էլ թող ուղարկի:

Էգուց նանին գնալու է Սիմոն բեյի տանը խմոր հունցի

Այդպես էր առուտուր անում հին շուկան, որի մանրավաճառները երբ ձանձրանում էին, բերանն էին գցում ծամոնի մի կտոր կամ սկսում էին լույսի դեմ պահել ձվերը, որոնց անարատությունը նրանք ստուգել էին քսան անգամ... Եվ կամ վերցնում էին եզան պոչից ճանճաքշին, և ճանճերի հետ բարձրանում էր փոշու ամպը: Երբեմն Բադամ Բախշին քոշերը քստացնելով մոտենում էր պայտարին, որը ծառի ստվերում ննջում էր.

Հերիք քնես, հարևան...

Է՛... — և պայտարը ճմլթկալով հորանջում էր, հորանջում էր կոտրտելով մեջքի և բազուկների մկանները, և չէր վերջանում նրա հորանջյունը, ինչպես արձագանքը, որ գալիս է բարձր սարից՝ նախրապանի կանչից և դեռ յոթ ձորում յոթ անգամ պիտի դրնգա:

Տաքը զոռում է, հա՛...

Մի բադյա նոր քաղած թութ լիներ, ի՛նչ կուտեի...

Մոտենում էր երրորդ հարևանը՝ ասիական դերձակ Դարզի Վաները, որ շալե շալվարի աղվեսիքի վրա նեղվել էր քաղցր նինջից և ջրակալած աչքերով այլևս չէր ջոկում ասեղը:

Վաներ, ասում եմ մի բադյա թութ լիներ...

Իսկ Վաները դեռ ննջում էր: Եվ հանկարծ քնից զարթնելով, Դարզի Վաներն ասում էր.

Ա՛յ թե մի բադյա նոր քաղած թութ էր եղել...

Բայց պատահում էր նաև, որ Բադամ Բախշին, Դարզի Վաները և այն պայտարը վճռում և գնում էին Մեղրաքերծի տակ թութ ուտելու և հետո, մի քանի ամառ, նրանք պատմում էին, թե ինչպես մի անգամ երեքով գնացին Մեղրաքերծի այգիները...

Մենք սկսեցինք գետափի ջրաղացներից և Կյորեսի հին շուկայի միջով մտանք իսկական շուկան, որ Գորիսի թագն էր, նաև տեսանք այդ թագի գոհարը՝ Պասաժը, գոհարեղենի և ակնեղենի խանութներով, Եփրատ Երեմի կոլոնիալ մագազիններով՝ Կուր դը բեժա, Դրուժբա, Նադեժդա և նույնիսկ Սասուն անունով, որ մյուս անունների մեջ օտարոտի էր, ինչպես Հայաստանցի Ավետիսը բեյերի և վաճառականների փողոցում: Որքան մեր ուժն էր, աշխատեցինք ճշմարիտ նկարագրել Ավագիմովների ավագ եղբայր Սողոմոնին, որին մենք չենք անվանել Ամբարի կատու, այլ գործ ենք ածել ժողովրդական անունը, — Ամբարի կատու Սողոմոնի ծանր զբաղմունքը և անկաշառ մտահոգությունը՝ սոված գյուղացիներին ապահովելու ալյուրով և այն վաճառել առքի գնից պակաս, ինչպես երդվում էր նա, ձեռքը խփելով մեռոնաջրած երեսին: Ոչինչ չենք ավելացրել խոջա Մակիչի բնածին բարության վրա և նորից վկայում ենք, որ նրա սահմանած հաստատուն կանոնն էր հաճախորդին դատարկաձեռն ետ չվերադարձնել, որովհետև այդ նրա համար անպատվություն էր, ինչպես եթե հյուրը նրա սեղանից վեր կենար առանց մի կտոր հաց կտրելու: Իսկ ինչ վերաբերում է նորահարսին նվիրած վարդ թաշկինակին, այդ կարող է հաստատել հենց, օրինակ, նորուեցի Սիմոն ՆարինյանըՆարինի թոռ Սիմին»), որն ի տրիտուր երեք արշին պատանքի կտավի, երեք տարի հետո խոջա Մակիչին նվիրել էր իր միակ կովը, նաև ասել էր.

Աստված թող գլխիդ խռով չանի իմ կովը, խոջա Մակիչ...

Նույն արդարամտությամբ նկարագրեցինք Եփրատ Երեմի առևտրական կշիռը Գորիս քաղաքում, նրա խոսակցությունը Լյուդմիլլա Լվովնայի հետ, հոր՝ խոջա Մակիչի ներկայությամբ: Ասում ենք առևտրական կշիռը, որովհետև Եփրատ Երեմը քաղաքում այլ կշիռ ևս ուներ, ավելի ճիշտ՝ կշիռներ ուներ: Նա պարագլուխն էր երիտասարդ վաճառականների, քաղաքային դումայի դեպուտատն էր, և պրոգրեսիստները, որոնք դժգոհ էին քաղաքագլուխ Մաթևոս բեյից և սպառնում էին նոր ընտրություններին նրան սև քվե տալ, իրար մեջ գաղտնի խոսում էին, որ նոր քաղաքագլուխ պիտի լինի Եփրատ Երեմը՝ Լյուդմիլլա Լվովնայի բարեկամը և գավառապետի հետ բակարա խաղացողը:

Նրա խանութը հավաքատեղի և կենտրոն էր քաղաքի բարձր մտավորականության՝ բժիշկ Տիկրան Պետոիչի, անտառապետ Արամ Արկադիչի, թագավորական դպրոցի տեսուչ Սահակ Սերգեյիչի և հաշտարար միջնորդ Սուդակինի, որը լիբերալ էր, հիանալի գիտեր լատիներեն և իբրև թե ոտանավորներ էր գրում... Այդ ընտիր հասարակության ժամադրավայրն էր Եփրատ Երեմի խանութը: Իսկ ինչ վերաբերում է Լյուդմիլլա Լվովնային, նա այդտեղ միշտ գալիս էր իր շնիկի հետ, տիկին Սարրա Կասպարովնայի ընկերակցությամբ և սուտ է, թե իբր Եփրատ Երեմը այգիներում շոշափել է Լյուդմիլլա Լվովնայի պատիվը:

Գավառային պահակախմբի պետ Ավթանդիլ Խուրշուդ բեյի և Պենզայի 686-րդ դրուժինայի երիտասարդ սպայի մասին հարևանցի ակնարկեցինք, ինչպես հարևանցի հիշեցինք այն հովվին, որ հրապարակի ժխորի մեջ կանչում էր իր կորած շանը՝ անհանգստացնելով քաղաքագլուխ Մաթևոս բեյին: Այդ այն պատճառով, որ նրանք՝ Ավթանդիլ Խուրշուդ բեյը, երիտասարդ սպան և շուն որոնող հովիվը, պատահական էին շուկայում, ինչպես գետնի երեսով անցնող անգղի ստվերը: Այդ սակայն չի նշանակում, թե Ավթանդիլ Խուրշուդ բեյը աննշմարելի անձնավորություն էր Զանգեզուրում... Նա այնքա՛ն ահարկու էր, երբ, օրինակ, անտառից գութանի փայտ կտրած գյուղացիներին կանչում էր հարցաքննության: Նա ծառ շատ էր սիրում և մինչև անգամ ափսոսում էր դալար ճյուղին, ուստի և գյուղացիներին ծեծում էր եզան ջիլերից հյուսած մտրակով

Գորիսում առավոտն էլ այդպես էր բացվում՝ մսագործների խանութների հետ միաժամանակ: Արևն ընկնում էր դեղին դմակների վրա և առաջինը մոտենում էր շուկայի պահակ Կետանը, ապա մյուսները միևնույն կարգով ու ծեսով, ինչպես նույն ծեսով ճաշում էր Հաստ Ներսես բեյը: Գուցե միայն կիրակի՛ օրերն այդ կարգը խանգարվեր, որովհետև երբեմն կիրակի օրերը միս էին առնում ներկարար Նեսին, լվացարարուհի Մինան, և պատահում էր, որ Հայաստանցի Ավետիսն էլ մի գրվանքա միս էր առնում: Այդ ժամանակ խոջաներից մեկն ասում էր.

Շեն քաղաք ես, Գորիս, որ մինչև անգամ ղարիբ Հայըստունցին էլ է միս առնում...

Գարադա-բուլդի Մուխանի ձեռքով միսն ուղարկեցինք Հաստ Ներսես բեյի տունը ոչ այն դիտումով, որ ցույց տայինք, թե ինչքան սերտ բարեկամություն կար Ներսես բեյի՝ գավառային վարչության դիվանապետի՝ Զանգեզուրի կես-գավառապետի և մի խեղճ պաշտոնյայի միջև, որը թեև ոստիկան էր և թուր ուներ նարնջե ծոպերով, բայց լինելով բուն կյորեսեցի, երբեմն տրեխ էր հագնում և գնում էր խոտհնձի: Մեր դիտումը չէր ցույց տալ երանելի համերաշխությունը սանդուղքի երկու ծայրերի, որովհետև այդ նպատակով կարող էինք ասեյ, որ Ներսես բեյը, հետկեսօրյա քնից առաջ, երբ արձակում էր տուժուրկայի կոճակները, հարցնում էր կնոջը.

Վարսեն, Մուխանին բան-ման տվի՞ր

Տվի, Ներսես բեյ, մի հին շալվար ունեիր, տվի...

Միսը Մուխանի ձեռքով ուղարկելով՝ մեր բուն նպատակն էր խոհանոցի խորքից լույս աշխարհ հանել տիկին Վարսենիկին, որը թեև Հաստ Ներսես բեյի կինն էր և ուներ չորս երեխա, բայց միևնույն ժամանակ Գորիսի Հայ կանանց միության փոխ-նախագահուհին էր, և շնորհիվ նրա եռանդուն ջանքերի, Զանգեզուրի գավառապետը մուծել էր տասը ռուբլի՝ հօգուտ որբերի և այրիների... Պատահում էր, որ տիկին Վարսենիկը ճաշից հետո շտապում էր իմանա, թե արդյոք չե՞ն այրվել տիկին Վառինկայի գաթաները, բայց միաժամանակ տիկին Վառինկայից նա տեղեկանում էր Միության առկա գումարի մասին, որովհետև տիկին Վառինկան կանանց միության գանձապահուհին էր և դրամը պահում էր իր սեփական դրամների հետ, հնաձև սնդուկի մեջ, որի բանալին ոսկե շղթայով կախված էր տիկին Վառինկայի կրծքից, իսկ նրա կուրծքը՝ ամենաապահով վայրն էր Գորիս քաղաքում:

Ներկայացնելով Պավլի բեյ Օրբելյանին, նպատակ ունեինք ցրելու այն կարծիքը, թե Գորիսի բեյերը միայն ուտում և քնում էին, որպեսզի երեկոյան բակարա խաղան, մի քիչ բամբասեն, ապա կուշտ ուտեն և քնեն խոր քնով: Այդ կարծիքը կարող էր ստվեր գցել Օրբելյանների տոհմի վերջին շառավիղի՝ Պավլի բեյի անվան և մոռացության տալ այն, ինչ նրա պատմական արժանիքն էր: Պավլի բեյը «Մշակ» էր ընթերցում և ոչ «Ելիզավետպոլի նահանգային տեղեկատու» ռուսերեն լրագիրը. փողոցի տղաներին նա քարոզում էր հայ աղջիկ առնել և վերջապես նա էր հայաստանցու ընտանիքին օթևանել, որովհետև այն ամեհի ժամանակ, երբ Զանգեզուրն ռուսանում էր, Պավլի բեյ Օրբելյանն օր ու գիշեր մտածում էր հայոց թագավորության, ավելի ճիշտ, Սյունյաց նախարարության վերականգնման մասին:

Նրա մահից հետո մնացած գրությունները և մանավանդ անձնական օրագրերը վկայում են, որ երբ Հաստ Ներսես բեյը փոխ-նահանգապետին ռապորտով զեկուցում էր, թե Ծիծեռնավանքի ուխտագնացության օրն անհայտ ավազակներ հարձակվել են ուխտավորների մատաղացու անասունների վրա, և երկու կողմից հրացանաձգություն է եղել, — նույն այդ դեպքի մասին Պավլի բեյ Օրբելյանը, գուցե հենց նույն օրը, այսպես է գրել.

«Արյունարբու և գազանաբարո ավազակներ, ազգով թուրք և ղարա-մամադ ցեղից զինված հարձակվեցան ուխտավորաց վերա, և քաջն Ավան Ղուրդանց ի գեղջեն Մխիթարա սպարապետի, Թորոս Թելունց նույն գեղջեն, Աբեթնակ Տաթևացի և երևելի Զոհրաբ, մականվանյալ Զինջիլ-Ղռան՝ Աղվանից գեղջ, միահամուռ արշավելով դարբադաղ արին ավազակներաց, հետ խլելով գերի վարյալ ոչխարն և ուխտն կատարեցին Սյունյաց Սահակ իշխանի գերեզմանի վերա: Նաև այս իմանալի է, որ Հաջի Սամլուի գավառամասի պրիստավն Վոսկրեսենսկի, ազգով ռուս, հովանավոր է վերոգրյալ ղարա-մամադ ավազակաբարո ցեղին և ինքն է մեծ կաշառու և հայատյաց: Ուրիշ փաստեր նմանապես կհիշատակենք ժամանակին»: Այդպես է գրել Պավլի բեյն այդ սովորական դեպքի մասին, իսկ շատ բեյերի նա այնպես է պախարակել, որ նրա գրածը, ինչպես Գորիսում էին ասում, գազեթ քցելու բաներ են:

«Մելիք-Հյուսեինյանց Խանչալ բեյի պապն եղած է մատուռից մոմ գողացող և Մուհամմեդի կրոնն ընդունելով եկած է հայրենիքն մեծ անիրավությամբ: Ռուսաց տիրապետության օրոքն նա կրկին հավատափոխ է լինում. բայց ժողովուրդն նրան միշտ անվանում է հաջի Հյուսեին... Խուրշուդ բեյի հայր Աթա բեյը յուր կոչումն ձեռք է բերած յուր կնոջ ջանքերովն, որն եղած է գեղեցկադեմ և թեթևաբարո...»:

Следующая страница