Բակունց Ակսել՝   Վեպեր և վիպակներ

Բայց ո՞վ է նա, անունը, ազգանունը, սոցիալական դիրքը, հասարակական ծագումը և ո՞ւր է գնում, ինչո՞ւ համար, — կհարցնի ընկ. Քիթիպիոսը և լուսանցքում նշան կդնի, որպեսզի հանի այստեղից մի մեղադրական ցիտատ ի պետս իմաստավորման և արժեքավորման: Մի րոպե, և մեր պատմության նավը կանցնի աչառության Խարիբդայի և անտաղանդության Սցիլլայի արանքով:

Ահա բարձրացավ նա և հանեց ժամացույցը, հաշվեց հեռագրասյուները և որոշեց գնացքի արագությունը, հետո նայեց անկարգ նստած պասաժիրներին, իրերի խառնափնթոր կոշտերին և հանեց բլոկնոտը: Ինչո՞ւ այս մեկը պետք է փռվի, իսկ մյուսը նստի կրունկների վրա, ինչո՞ւ մեկը բաճկոնը հանած հանգիստ զրուցի, իսկ մյուսը կուչ գա շինելի մեջ: Եվ նա որոշեց կարգ սահմանել: Սակայն հազիվ էր մի քայլ արել, երբ կտուրի տակ պառկած մեկը գոռաց.

Էլի չխրատվեցի՞ր...

5-րդ նոմերն էր: Մյուս կուպեից մեկը ձայն տվեց.

Մացո, վե՞վ է...

Էս գիշերվա փեզեվանգը:

Երկու քյալարեցի իջան թախտերից:

Կճանչե՞ս, — գոռաց նրանցից մեկը և նոմերը հանեց: — Էսիկ էլ աշե, — և մեկնեց պատռված թևը: Քյալարեցին ուզում էր ասել, որ բլուզի թևը պատռել էր հերթի մեջ:

Ընչի՞ հանեցիր դավթարը, — հարցրեց մյուսը:

Մարդը հետ քաշվեց և նստեց տեղը: Այստեղ կար և՛ «սկզբունքային տարաձայնություն», և՛ «կազմակերպչական թերություն»: Իսկ նրանք սկսեցին կուպեում պատմել, որ նա խաբեբա է, կարող է և ջիբկիր է, առհասարակ մութ մարդ է: Խաթուն մարեն այս խոսքի վրա վեր կացավ և համրեց բոլոր կապոցները:

Պզտի մաֆրաշը չեմ տեսնի, մանչս, — և մարեն ձեռքերը ծնեներին խփեց: Իսկույն լուրը տարածվեց, որ վագոնից երեք մաֆրաշ և երկու սնդուկ գողերը տարել են: Բոլորն սկսեցին իրերն ստուգել, ոմանք նույնիսկ սնդուկները բաց արին:

Քա տակդ է, մարե, — կանչեց մանչը: Պառավն ուրախությունից օրհնեց «Յոթ վերքի» զորությանը: Մի ուղևոր, որ պատահաբար անցնում էր այդ վագոնով, լուրը տարավ մյուս վագոնները և ավելացրեց, որ իբրև թե շորերի մեջ քնած է եղել մի երեխա և նրան էլ տարել են իրերի հետ, որ իբրև գողերից մեկին արդեն բռնել են: Եվ պասաժիրները պահանջում էին սոցիալական պաշտպանության գերագույն պատիժը:

Վերջապես եկավ ինքը, Արտաշը, որ վերջացրել էր «աբխոդը», եկավ և նստեց Խաթուն մարեի՝ իր խնամու սուփրի մոտ:

Խորհրդավոր պասաժիրի մասին նրան տեղեկացրին: Խաթուն մարեն Արտաշի ականջին կամաց փսփսաց, թե չի՞ լինի նրան մի հանգով մյուս վագոնը կորցնի, որովհետև գիշերը վատ երազ է տեսել ինքը, և սիրտը կասկածավոր է: Արտաշն ասաց.

Չի էղնի, խնամի ջան... Սարիտ չի էնե, բլեթը թամամ, ուրիշ նարուշեննի պռավիլ չունի, պրիչինմ չկա, որ էնեմ...

Ինչպես ցեխը չի կեղտոտում մարմարը, այնպես էլ այս խոսակցություններին անուշադիր էր ընկեր Իգնատիոս Պեդեյանը, մետրիքական անվամբ Իգնատիոս Մատթևոսյանը կամ «ինքնահոս Մաթոսը», ինչպես կոչում էին նրան դասընկերները այն վաղնջական ժամանակներում, երբ վտիտ երեսը միշտ պեպենոտ և պզուկապատ մի տղա էր ինքը, առանձնությունների, խորհումների և պատանեկան մեղքերի երկրպագու: Նաև հայտնի է, որ նրա հայրը եղել է դագաղագործ, թե մեռելաթաղ, «արհեստավոր», ինչպես գրում է իր անկետաներում Իգնատ Պեդեյանը: Բերանացի ավանդվում է, թե իբրև նա եղել է հանդուգն աշակերտ և իր ուսուցչի կողմից անվանվել է «Որդի որոտման», դասերը չսովորելու և դասադուլ քարոզելու համար:

Բայց այդ բոլոր տեղեկությունները մութ անցյալին են պատկանում: Ստույգ է, որ դեռ պատանի հասակում նա քայլում էր գլուխն ամպերի մեջ, չէր ծիծաղում, չէր ժպտում, լաց չէր լինում և չէր սիրահարվում, չէր կարդում, աշխատանք չէր սիրում և միայն քամի էր կուլ տալիս: Ստույգ է նաև այն, որ դեռ շատ փոքրուց նա վարժվում էր մարդկանց հպատակեցնելու և հպատակվելու նրանց առաջ, որոնք կարող են օգնել իրեն մտքում դրած նպատակների համար: Նրա առաջին հպատակը եղել է պառավ շունը, որ օր ծերության նրա հրամանով անցնում էր հատուկ ձողի վրայով, կանգնում էր ետևի թաթերի վրա և առաջին թաթով զինվորական պատիվ տալիս: Հետո եղան աղավնիները, ապա թաղի մարդիկ, և մի օր էլ տեսավ, որ չորս-չորս շարքերով մի բազմություն ինչ-որ տեղ է գնում, որ վերջի շարքում մեկի տեղը պարապ է, և ինքը՝ «ինքնահոս Մաթոսը», Որոտման որդին, անխոս գրավեց այդ տեղը, և այդ օրից փշրվեցին նրա բոլոր հին անունները, և նա դարձավ Իգնատ Պեդեյան:

Երկար կլիներ պատմել նրա ամբողջ կյանքը, թե ինչպես աղվամազը կոշտացավ, գլխի մազերն ավելի դեղնեցին, ինչպես նեղ ճակատի վրա շարվեցին բազմաթիվ կնճիռներ, որոնք նույնիսկ իջան քթի ուղղությամբ, և ինչպես այդ բոլոր արտաքին ավերածությունների և փոփոխությունների հետ անփոփոխ մնաց նրա ներքինը, ավելի ճիշտ, ամրացավ նրա մեջ այն համոզումը, թե մարդիկ նույն թվերն են. 9-րդն ունի 8 հպատակ և խոնարհվում է 10-րդի առաջ, որ ավելի հեշտ է հրամայել, քան մտածել, «միջոցառումներ կիրառել», քան համառ աշխատել:

Ահա մոտենում է այն կիսակայանը, որտեղ նրան սպասում է մի պառավ ձի, և նրա տերը՝ Եթիմ Մանգասարը, որին այդ մասին կարգադրել էր «Ստավրապոլի» լիազորը: Ինչո՞ւ է գնում Որոտման որդին այն գյուղը, որ ընկած է շատ հեռու և որին հասնելու համար պետք է մի ձմեռվա օր ճանապարհ գնալ: Հողաչա՞փ է նա, բժիշկ, ագրոնոմ, ագիտատոր, ուսուցիչ, — ամենևին ոչ: Նա «կցված է սույն գյուղին աշխատանքները աշխուժացնելու», ինչպես ասված է նրա վկայականի մեջ:

Եվ գնում էր նա հեռվի գյուղը, գլխի մեջ պլաններ, թվեր, առաջադրանքներ և կազմակերպչաւկան եզրակացություններ, տախտակներ տոկոսներով և առանց տոկոսի: Նրա գլխի մեջ պտտվում էր «միջոցառումների» մի չարխ, որ կառուցել էր ինքը մասերի դաժան միօրինակությամբ: Եվ այդ զարմանալի մի չարխ էր: Նրա յուրաքանչյուր ձողիկը կարթ ուներ, որ կարող էր միայն մի երևույթ կամ մի խնդիր դուրս հանել կյանքի աղմկոտ ծովից: Ձայն էր հանում ձողիկը, ինչպես բառաչում է ձուկը, և այդ ձայնից նա հասկանում էր անելիքը: Միայն երկու դեպքում ժխորաձայն աղմկում էին Իգնատ Պեդեյանի չարխի բոլոր ձողիկները. երբ կարթը հանդիպում էր «կազմակերպչական թերության» կամ «սկզբունքային տարաձայնության»:

Նրա հռչակավոր բլոկնոտի մեջ, եթե կարելի է ասել, Պեդեյան համակարգությամբ դասավորված էին բոլոր խնդիրները և նրանց լուծումը, ինչպես սրվակները դեղատան դարակներում: Եվ չի կարելի ասել, թե անօգուտ էր այդ սրվակների պարունակությունը. նրանց մեջ կային և բուժիչ միջոցներ: Սակայն փորձված ճշմարտություն է, որ ամենաթույլ հաբը մահաբեր է, եթե ընդունվի ձիու դոզայով:

Իջավ գնացքից, սառը նայեց ձիատիրոջը և, երբ գնացքը կիսակայանի վրա թողեց ծխի բարակ շերտ և հեռացող անիվների խուլ դղրդոց, Որոտման որդին ձիու գլուխը դարձրեց դեպի հեռվի լեռը և ասպանդակեց ձին:

3. ՍՏԱՎՐԱՊՈԼԸ ԵՎ ՆՐԱ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ

Տեսե՞լ ես գյուղը հովտի մեջ մենակ
Ու շուրջը փռված հին աղբակույտեր...
Հովն. Թումանյան

Ծովի մակերեսից 2337 մետր բարձրության վրա ընկած է այն գյուղը, որի տեղը Շոպենի ժամանակվա քարտեզի վրա նշանակված է Քյառա-Հեյդար-Ուշաղի անունով: Այդ մասին կա և մի ավանդություն, թե իբրև առաջին բնակիչը եղել է Հեյդար անունով մեկը, որի ականջը կտրել է խանը և թաղել կուրգանի տակ, իբրև հողերի սահման: Եվ որպես թե այդ «Քյառա», այսինքն ականջը կտրած Հեյդարի սերունդն են գյուղի բնակիչները: Այս պատմությունը ստույգ կլիներ, եթե ընդունենք, որ Հեյդարը հայ է եղել, որովհետև դեռ Շոպենի ժամանակ այդտեղ հայեր էին ապրում: Սակայն մոտակա գյուղացիք այդ բնակավայրին անվանում են Զկռուտ, իսկ բնիկները` Բովեր: Սակայն մեզ հաճելի է նրա մյուս անունը, որ տրվում է 1917 թ. հետո «Ստավրապոլ», որի դրդապատճառը եղել են տեղացիներից մի զինվորի անվախճան կրկնվող պատմությունները Ստավրապոլ քաղաքի մասին, որ նա պատմել է մյուս գյուղերում ևս: Իսկ հայտնի է, որ գյուղերում իրար հանդեպ մնացած սովորություն կար՝ ավելացնելու ծաղրական «փակ անուն» կամ «մականուն», որի մի օրինակին մենք պատահմամբ հանդիպեցինք առաջին գլխում, երբ ականատես էինք «իշու ախպեր» քյալարեցու և «կախ շալվար» հոռոմցու բանակռվին: Ինչևէ, կարելի է այս բոլորը մոռանալ, միայն հարկավոր է հիշել, որ «Ստավրապոլ» անվան տակ թաքնված է Բովեր գյուղակը, ծովի մակերեսից 2337 մետր բարձր:

Բովերը՝ գյուղ, գյուղակ... Մենք գրեցինք այս տողերը և զգացինք մի ներքին խայթ, որ ճիշտ չենք կատարում մեր «սլուժբի պռավիլը», ինչպես կասեր օրթաքիլիսեցի Արտաշը, և թաքցնում ենք այն ճշմարտությունը, թե այժմ չկա այլևս «Ստավրապոլը», այսինքն՝ Բովերը, բոլորովին չկա աշխարհի երեսին: Բայց մեզ հանգստացնում է այն, որ այն երեկոյան, երբ ընկեր Իգնատ Պեդեյանը, նույն ինքը Որոտման որդին, մտավ այս գյուղը՝ հեծած Եթիմ Մանգասարի ձին, դեռ շեն էր «Ստավրապոլը», և նրա 21 երդիկից ծխի հորդ քուլաները ողջունեցին նրա մուտքը՝ ձգտելով դեպի երկինք:

Այդ մի սքանչելի ժամ էր, երբ ներքևի խոր հովիտների վրա նստել էր աշնան ամպը, իսկ լեռների գագաթները ոսկով ողողել էր արևը: Հովիտի բնակիչները ամպերի միջից չէին տեսնում արևը, իսկ լեռան մարդիկ տեսնում էին, թե ինչպես է ծխում և ծփում ամպերի ծովը և շարժվում, իբրև հրդեհվող անտառ: Այս և նման հրաշալի տեսարաններ այժմ էլ կրկնվում են և հավիտյան կլինեն, քանի մնա արևը, լինեն բարձրագագաթ լեռներ և անդնդախոր հովիտներ: Այժմ էլ կարելի է բարձրանալ Բովերի սարը և այնտեղից դիտել արևածագը, տեսնել, թե ինչպես դաշտն ընկղմված է լուսաբացի խավարի մեջ, և եղեգնուտների արանքում լույս է տալիս Արաքսի արծաթ գոտին, այնինչ Արարատի սառույցներն արդեն հրդեհվում են արևից, գագաթը որպես պղնձաձույլ վահան արտացոլում է արևի կրակը հալվող աստղերի վրա, ինչպես հնոցի բոցը մութ երկնքում: Այդ ժամին գուցե հանդիպեք մի լեռնային նապաստակի, սակայն էլ չեք տեսնի այն բարակ իրան և բարձր հասակ ծերունիներին, որոնք լվացվում էին առվի ջրերում և փառք տալիս ծագող արևին, ինչպես հին արևորդիներ:

Հեռու տարավ մեզ քմահաճ գրիչը, և եթե նրա շնորհիվ գլխապտույտ արեց մեր միտքը, թող ներվի մեզ ի սեր արևի և 2337 մետր բարձրության, որի գագաթին անվարժ մարդը միշտ զգում է հաճելի գլխապտույտ:

Ահա մայր մտնող արևից հուզվել են «Ստավրապոլի» աքաղաղները և «հին աղբակույտերի» գագաթից փչում են հավաքի ժամը: Գերեզմանատանը մի կաղ ոչխար շշմած կանգնել է և չգիտե վերադառնա փարա՞խը, թե՞ մի քիչ էլ արածի: Արդեն լվանում են կովկիթները երեկոյան կիթի համար, և վերջապես մանր աղջիկները ավլում են տները, — սակայն երկու ծերունի պառկել են արևադարձ պատի տակ, պառկել են իբրև հին գերաններ: Նրանցից մեկը նայում է ներքև, դեպի ձորը, իսկ մյուսի մարմինը ցնցվում է ծիծաղից և աչքերը ջուր են լցվում:

Այն մեկը, որ նայում է ձորին՝ Ղուրդի Իսոն է, նրա կողքինը Առչանց Սիմոնը, որ «ավել» անունով հայտնի է նաև Շալվարի Սիմոն: Իբրև թե Սիմոնի հայրը ասել է, թե երբ ինքը խնձոր ուզի, ուրեմն մահն է: Ու մի օր հայրը գալիս է վարատեղից, եզների առաջ խոտ գցում և որդուն ասում.

Սիմոն, հե՛յ... Էգուց մի շելակ խնձոր բեր...

Տնեցիները լաց ու կոծ են անում, մազերը քանդում, երեսներն արյունլվա անում, իսկ նա անվրդով հանում է տրեխները և պառկում: Լուսաբացին Սիմոնը գնում է խնձորի: Սարի գագաթ և խնձորի կարոտ... Գնում է Սիմոնը դաշտի գյուղերը, մի ծանոթի բաղ: Խնձորն առնում է, բայց որովհետև պարկը մոռացել էր հետը տանելու, հանում է բրդի շալվարը, փոխքերը կապում, լցնում խնձորով և բարձրանում սարը: Գյուղի մոտ նրան հանդիպում է հոր թաղման թափորը: Լացախառն գոռում է Սիմոնը:

Ապի հե՛յ... Բա շլվարինս ո՛վ կոտի, — և անունը այդ օրից մնում է Շալվարի Սիմոն:

Այդ երկու ծերունիները՝ Ղուրդի Իսոն և Շալվարի Սիմոնը, Բովերի հին բնիկներից էին: Արդեն վաղուց նրանք անաշխատունակ էին, մահը մոռացել էր նրանց, ինչպես ասում էր Ղուրդի Իսոն, և իրենց օրը անձանձրույթ մթնեցնում էին հին պատերի տակ՝ քանի արև կար և թոնրի կողքին՝ երբ սարերում ոռնում էր բուքը: Նրանք երկրորդ մանկությունն էին ապրում, և հին օրերի միամիտ պատմությունները լցնում էին նրանց խաղաղ առօրյան:

Քիչ առաջ այդպիսի մի դեպք էր պատմել Ղուրդի Իսոն իր ընկերոջը և ծիծաղից Սիմոնը թուլացել, ցնցվում էր, թեև երևի հազար անգամ լսել էր այդ դեպքը հենց իր՝ Ղուրդի Իսոյի բերանից:

Դեպքը եղել էր առաջ, Իսոյի չոբան ժամանակ: Իսոյի շունը խեղդում է հարևանի կյոճուն՝ խոզի ձագին: Գործը հասնում է պրիստավին: Իսոյին կանչում են, հարցնում դեպքը:

Աղա, — ասում է Իսոն, — դու որ մեր Բողարը լինես, ես էլ մի փափուկ կյոճի, առաջովդ անց կենամ, համփ չէ՞ս անի...

Այս է դեպքի եղելությունը, որից այնպես թուլացել էր Սիմոնը: Երբ ծիծաղը բարակեց, Սիմոնը կռթնեց արմունկի վրա և ծոր տալով հարցրեց.

Իսո, յանի ղորթ ասեցի՞ր...

Բա չասեցի... — և լռելուց հետո երանության հառաչով հիշեց իր շունը:

Լա՛վ հեյվան էր մեր Բողարը, — և աչքերը, որ ձորի կողմն էին նայում, փոքրացան, նա լարեց իր տեսողությունը նշմարելու ձորի այն կողմը երևացող ձիավորին:

Սիմոն, հե՛յ...

Հե՛յ...

Գեղը հրե ձիավոր ա գալի...

Աղբրի փոսի է՞ն կողմն ա, թե էս:

Հրեն կախ ընկավ Աղբրի փոսի վրա:

Ճանապարհը շիլ ընկած չլինի՞:

Քանի՛ շիլ գցեն, է՛... Մենք ժողովուրդ չենք, օրենքի դավթարում չկա՛նք:

Ղուրդի Իսոյի այս դառնությունն ուղղված էր Օրթոցի դեմ, որտեղ «նստում էր» նրանց գյուղխորհուրդը, որովհետև Բովերը միայն լիազոր ուներ, որ հենց Իսոյի թոռն էր, Ավագը: Օրթոցը մեծ գյուղ էր և գտնվում էր Բովերից ձախ, 11 վերստի վրա: Եվ ի՛նչ 11 վերստ, անվախճան ձոր ու ձորակ, քար ու քարափ. Օրթոցի բնակիչները նեղում էին Բովերին: Գոնե այդ համոզմանն էր Ղուրդի Իսոն, որը թոռանը միշտ հորդորում էր «բաժանվել» նրանցից: Երբ Սիմոնը առարկեց, թե ձիավորը կարող է «շիլ» ընկած լինի, նա ակնարկում էր այն մասին, թե ձիավորը պիտի գնար Օրթոց և սխալմամբ է Բովերի ճանապարհը բռնել: «Աղբյուրի փոսը» վճռական տեղ էր, այստեղ էր ճանապարհը բաժանվում: Սակայն փոսի այս կողմը ձորից դուրս եկան ձին ու ձիավորը:

Արա Սիմոն, էս հո մեր Եթիմի ձին ա, էն էլ հրեն Եթիմը, — և հանկարծ ձեռքը գլխին խփեց այնպես պինդ, որ Սիմոնը տեղից վեր թռավ, կարծելով թե փորձանք պատահեց ձիավորի հետ: Նրանք այնքան մոտեցել էին, որ Սիմոնն էլ ճանաչեց Եթիմ Մանգասարի ձին: Բայց Ղուրդի Իսոն չլսեց նրա վկայությունը և գլխին նորից խփելով ասաց.

Այ հուշ եմ ասել հա՛... Մեր րեխան երեկ իրա բերանով ասաց՝ պապի, գեղը մարդ ա գալու: Էս ա որ կա... Հմի, որ գլխի եմ, — ասաց և փայտին հենվելով վեր կացավ:

Էդ ա, քո ասածն ա լինելու...

Իմ ասածը ո՞րն ա, որ հենց էդ ա... — և Ղուրդի Իսոն պատի հետևն անցավ, կարճ ճանապարհով, այսինքն կտուրների վրայով հասնելու տունը, որպեսզի կտրի գլխից կանչի մոտակա բոստանում կարտոֆիլը փորող Ավագին:

Մինչև Սիմոնն էլ վեր կենար, ձիավորը հավասարվեց նրան: Եվ սանձը պահելով հարցրեց.

Ո՞վ եք:

Բարի օր, գալուստդ բարի, — և Սիմոնը ձեռքը մեկնեց:

Ձեռք սեղմելը արգելվում է, — պատասխանեց ձիավորը, — որովհետև չարխի մի ձողիկը զրնգաց այն ազդը, որը փակցված էր առբաժնի գրասենյակում: Սիմոն ապերը լավ չլսեց, ավելի ճիշտ չհասկացավ, և նրա մեկնած ձեռքը իջավ ձիու քրտնած բաշին:

Ա՞յս գյուղից եք:

Հրամմեր ես. էս գյուղից ենք, էս էլ մեր բինագարանը: — Լեզուն փոխեց Սիմոնը, փայտը մեկնելով մոտակա խրճիթի կողմը, որի կտուրին ինչ-որ կարմիր բան էր փռած:

Այն ի՞նչ է, — և ձիավորը զարմանքով տեսավ, որ մյուս կտուրներին էլ կան փռված:

Էն վյուլուկ ենք ասում, էն էլ հուն ա:

Արդյունաբերական նշանակությո՞ւնը...

Դե էսպես ա դրա նշանակոլթյունը, որ ձմեռը շորվա ենք եփում, վյուլուկը սխտորում ենք, ապրում է ժողովուրդը, թե չէ դա ինքը մի ոչնչություն է, ոչ թե մի նշանակություն:

Սակայն այդ ժամանակ մի ուրիշ ձողիկ ազդարարեց, թե գյուղացիների հաղորդած տեղեկությունների ճշտությունը կախված է նրանց որ խավին պատկանելուց: Եվ ձիավորը հարցրեց:

Ո՞ր կատեգորիայից եք...

Կատեգորիայից... — և Սիմոնը ժպտաց, — դե քո ասմունք հողը մեր կողմերը չկա... Հողը Օրթոցի հողն է, էստեղ քար երկիր է, բայց շնորհակալ ենք, էլի ամեն կատեգուրուց տվել են, բայց դե էլի քարը...

Եթիմ Մանգասարի ձիու քթովն ով գիտե ինչ հոտ ընկավ, գուցե լսեց գոմի դռան ձայնը և հանկարծ պոկվեց դեպի փողոցը: Սիմոնը նրա հետևից կանչեց, որ ձին աղբյուրը չտանի, որովհետև ձին քրտնած է, բայց ձիավորը չլսեց, ավելի ճիշտ չկարողացավ լսել, իսկ ծարավից նեղված ձին գլուխն առավ դեպի աղբյուրը:

Աղբյուրի մոտ հարս ու աղջիկ մի կողմի վրա քաշվեցին: Նրանք աչքի տակով դիտեցին օտարականի բոլորովին օտարոտի կերպարանքը, պայուսակը, որ մեջքին կապած էր այն րոպեից, երբ տնից դուրս եկավ, և նրանցից ոմանց ամոթխածությունը զգացվեց, երբ տեսան արագ և անվարժ քշելուց մինչև ծնկները վեր քաշած շալվարը, վարտիքի տուտը և բրդոտ սրունքները: Հանկարծ այն կողմից մի տղա վազեց և ձիու գլխին խփեց այն րոպեին, երբ ձին ծարավից տոչորված մռութը կոխել էր սառը ջրի մեջ: Ձին հետ-հետ քաշվեց, ձիավորը, որ թույլ էր նստած մեջքի վրա, ծռվեց, ապա ամբողջ մարմնով կախվեց մի կողմի վրա: Եվ բղավեց.

Ի՞նչ ես անում, — բայց տղան շրջվեց և նրան բարձրացրեց: Կանայք ակնհայտ կերպով իրենց համակրանքը ցույց տվին ճարպիկ տղային: Ձիավորը ձեռքը տարավ բլոկնոտին՝ նշանակելու ներկաների թիվը, գուցե և ազգանունը, բայց տղան սանձից բռնեց և ձիու առաջն ընկավ:

Սատկած, հրես ապին գա կողերդ ջարդի...

Իսկ ապին, այսինքն Եթիմ Մանգասարը իր հորեղբայր Սիմոնին այդ րոպեին գանգատվում էր, թե ինչպես վազեվազ է եկել, ինչպես «էն ընկերը» ձին քշում էր և չէր թողնում, որ ինքը ձորը բարձրանալուց ձիու պոչից կախվի:

Չէ, զորբով մարդ է երևում, Մանգասար... Լավն էդ ա, թող մի քիչ չար լինի, դրանից վնաս չկա:

Ձիավորը, նույն ինքը Իգնատ Պեդեյանը, այնքան էր հոգնել ճանապարհից, բազմաթիվ տպավորություններ այնպես էին խռնվել նրա գլխում, որ խոսել անգամ դժվարացավ: Տղան ձին պահեց մի դարպասի առաջ, իջեցրեց նրան և ձին քաշեց: Հետո հևիհև մոտեցավ մեկը և նրա ձեռքը թոթվեց:

Ո՞վ եք...

Ես գյուղխորհրդի լիազորն եմ...

Ավագն ա, մեր թոռը, — կտուրից կանչեց Ղուրդի Իսոն:

Վերջապես, — մտքում ասաց Որոտման որդին: Ահա նա, այն օղակը, այն պաշտոնական օղակը, որից բռնած կարող է վեր բարձրացնել, շտկել, ուղղել, լրացնել կազմակերպչական ձեռնարկումների և միջոցառումների գլխավոր շղթան: Եվ նա մեկնեց իր վկայականը: Ավագը սրտնեղեց.

Ներս մտեք, հանգստացեք... Մենք ձեզ վաղուց էինք սպասում:

Վկայականը ձեռքին ներս մտավ Իգնատը մի մութ օդա, և ներս մտնելուց թվաց, թե գլխին իջավ մի ծանր հարված: Նա հազիվ բռնեց գլուխը և հենվեց պատին: Դող անցավ մարմնով, և մթնած գիտակցության մեջ մի կասկած հանկարծ զարթնեց, թե չլինի՞ իրեն ուրիշի տեղ են ընդունում կամ ինքն է կայարանում սխալմամբ նստել այն պառավ ձին և ոչ թե մի ուրիշը, որ, ով գիտե, նրան բոլորովին ուրիշ ուղղությամբ պիտի տաներ: Ապա կասկածն այլ ձև առավ, և թվաց, թե բոլորը սարքովի է, նախօրոք կանխամտածված սխեմայով, և կա այստեղ դավադրական պլան. որ այն ծերունին պարզապես լրտես էր և հետևից կանչեց, որ դուրս գա այն տղան, որ գուցե նրան աղբյուրի մոտ ուզեց սպանել, բայց երկյուղելով բերեց այս մութ որջը և շեմքի վրա փայտե բութ հարված իջավ գլխին:

Ճրագ վառեք, — լսվեց մի ձայն...

Էն անտերը մի քիչ տաշեիր... Տասն անգամ ասեցի, — հանդիմանեց Ղուդի Իսոն, թեև առաջին անգամն էր հյուրի գլուխը տրաքում իր դռան սեմին:

Դուք լիազո՞րն եք, — հարցրեց հյուրը:

Էհ, ինչ լիազոր, փոքր գյուղ է, էլի, կառավարում ենք...

Ախչի, շոր քցեք...

Մութ անկյունից դուրս եկան երկու կին, մեկը փրչոտ ավելով սրբեց ցածլիկ և լայն թախտը, մյուսը փոշոտ թաղիքը այնպիսի թափով փռեց, որ ճրագի լույսը նվաղեց: Հետո բերին հաստ և պողպատի ծանրության ներքնակը: Հյուրը թիկնեց:

Ախչի, բարձ դրեք, — կարգադրեց ծերունին:

Կներեք, է, ընկեր... — և Ավագը կմկմաց.

Ինձ անվանում են Իգնատ Պեդեյան:

Ընկեր Պետոյան:

Պեդեյան:

Հա, ասում եմ տեղներս մի քիչ անհարմար է... Հեռու տեղ է, ամեն բան չի ճարվում, — արդարացավ Ավագը:

Ուրեմն օբյեկտիվ պատճա՞ռ, — և տեղը շտկվեց: Չարխը ֆռռաց, և մի ձողիկ զրնգաց. «անհուսալի հիմար է նա, ով ընդունում է օբյեկտիվ պատճառ»:

Պատճառը նա է, որ սարի գլուխ է, — բացատրեց Ավագը:

Տիրեց լռություն: Ղուրդի Իսոն, որ միամիտ խորամանկությամբ ամեն կերպ աշխատում էր սիրաշահել հյուրին, համոզված էր, որ դրանից օգուտ կստանա իր թոռը` Ավագը, իր մոտիկ բարեկամները, որոնցից մի քանիսը արդեն ներս էին եկել և ողջունելուց հետո պատի տակ նստոտել: Ղուրդի Իսոն խոսքը դարձրեց Օրթոցի կողմը, գանգատվեց, որ Օրթոցի կոոպերատիվն ամեն ինչ ստանում է, իսկ իրենց բաժին չի հանում, որ այնտեղ «հակահոգի» մարդ շատ կա, իսկ իրենց գյուղում ամենքը «ասսու գառներ» են` անհովիվ, անլեզու, և որ իրենք շատ ուրախ են, որ կառավարությունը Բովերը չի մոռացել և ուղարկել է «քեզ պես» մարդու:

Նեղություն էլ կտեսնես, աղքատություն էլԱրդար աչքով նայի մեր ապրուստին, ևս գյուղի բոլոր հանգամանքներին և եղիր դու մեզ բարի դատավոր:

Սիրտ առնելով իր բարեկամների խրախուսանքի խոսքերից, Ղուրդի Իսոն իր ողջույնը վերջացրեց առակով:

Չոբան կա, որ ոչխարը հետևից գնում է, թեկուզ ծովն էլ թափի: Չոբան էլ կա, որ աղ էլ տա, ոչխարը չի մոտենում, որովհետև իծի պոզին խփել է... Ավագ, քեզ էլ եմ ասում

Է, պապի, ասել եմ էդ հին խոսքերը թող, — և Ավագը զայրացած նայեց պապի երեսին: Վերջինս, որ արդեն ոգևորվել էր և ուզում էր «երկու վագրի և Շահ Հյուսեյինի» առակն էլ ասի, սրտնեղեց և գնաց մութ անկյունը, որտեղ կանայք ընթրիքի պատրաստություն էին տեսնում:

Ամբողջ այս միջադեպի ընթացքում Իգնատ Պեդեյանը ոչ մի ձայն չարձակեց: Նա պայուսակից հանել էր ընդարձակ հարցացուցակը, ինչ-որ անկետաներ, մի գրքույկ, որի վերնագիրն էր «Հրահանգներ գյուղաշխատավորի», վերջապես՝ բլոկնոտ և ուշադիր ընթերցում էր այն բոլոր հարցերը, խնդիրները, որ պիտի իրագործեր դաժան համառությամբ, պիտի քններ, աշխուժացներ, թարմացներ, շեշտ դներ, իմաստավորեր և այլն, և այլն:

Հոգնությունի՞ց էր, թե այն հարվածից, որ ստացավ գլուխը սեմի փայտից, գուցե և տան գաղջ օդից, որ ավելի էր ծանրանում պատի տակ շարված գյուղացիների կծու ծխախոտից, -գուցե մի ուրիշ պատճառ կար, — համենայն դեպս Իգնատ Պեդեյանի աչքերը փակվում էին, զգում էր մի անսովոր վիճակ, ինչ-որ խորհրդավորություն էր տեսնում մարդկանց շարժումների և խոսքերի մեջ, և թվում էր, թե տեսնում է անիրական երազ կամ երազախառն իրականություն:

Այլևս չէր դառնում չարխը:

Ահա այստեղից էլ սկիզբ են առնում այն դեպքերը, որ նկարագրված են հաջորդ գլխում և որտեղ որպես իսկական հերոս հանդես են գալիս Որոտման որդին ու տանտիրոջ հորթը:

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

ՊԱՏՄԱԿԱՆ ՎԵՊ

(Պահպանված հատվածներ)

«ԼԻԲԵՐ ԱՐՄԵՆԻԵՐ»

1

Ոչ Սուրբ Իոհաննի տաճարը, ոչ գրանիտե դղյակը, որտեղ ըստ ավանդության ապրել է շվեդների Գուստավ Ադոլֆ թագավորը և ոչ էլ Քարե կամուրջը, որ կապել էին Ստեֆան Բատորիի ժամանակ, — չէին ստեղծել այն հռչակը, որ ուներ Դորպատը մի դար առաջ: Օստզեեի երկրներում կային այլ ուրիշ քաղաքներ, որոնք ավելի հնամյա հնություններ ունեին, քաղաքներն ավելի բազմամարդ էին և բնակիչները կարող էին ցույց տալ դաշտեր, որտեղ տեղի էին ունեցել այնպիսի ահեղ պատերազմներ, որոնց հետևանքով ոչնչացել էին ամբողջ թագավորություններ, — բայց այնուամենայնիվ հռչակն, ինչպես անակնկալ փառք, բաժին էր ընկել այդ խուլ քաղաքին, որ ընկած էր Էմբախի երկու ափերի վրա:

Դորպատի այդ հռչակը ստեղծել էր արքայական համալսարանը՝ կառուցված Ալեքսանդր I-ի կայսրության օրոք: Այլևս չկային սուրբ Դիոնիսիոսի տաճարի ավերակները, որ երկու դար կանգուն էին Դոմբերգի գագաթին և դեռևս հեռվից երևում էին նրա կիսավեր պարիսպները: Տաճարի ավերակների վրա կառուցել էին համալսարանի մատենադարանը, իսկ ավելի ներքև, որտեղ եղել էր Գուստավ Ադոլֆի Academia Gustaviana-ն, բարձրանում էր Մայր ճեմարանի սյունազարդ շենքը, սպիտակ կրաքարերից, շրջապատված լորիների և կաղնիների անտառով, որտեղ գուցե դեռևս մնում էր մի նահապետ կաղնի, որի սաղարթն աղմկել էր դեռ այն ժամանակ, երբ Էմբախի ափերին չկար ո՛չ Իոհաննի տաճարը, ո՛չ գրանիտե դղյակը և Քարե կամուրջի փոխարեն գետի ափերն իրար էին միանում կաղնու գերաններով:

Երբ փորում էին նոր շենքերի հիմքը, փորողների բրիչները և բահերը գետնի տակից հանում էին դեղնած ոսկորներ, հողով լցված գանգեր, որոնց աչքերի փոսերից դուրս էին սողում անձրևային կարմիր ճիճուներ: Նրանք կծկվում էին արևի տակ, ապա ներս մտնում գանգի խոռոչը: Փորողները գտնում էին տեգեր, նիզակների կտորներ և կավե կարասի: Եվ որովհետև ավելորդ էր նոր գերեզմաններ փորել նրանց համար, որոնք, ո՞վ գիտե, ինչ մարդիկ էին և ինչ ազգի էին և մեռել էին որպիսի մահով, — որովհետև ոչ մահարձան ունեին նրանք և ոչ տապանագիր, ուստի բոլորի ոսկորները լցրին մի փոսի մեջ, ծածկեցին փոսը և հուշարձանի մարմարի վրա քանդակեցին հետևյալը:

«Այստեղ հանգչում են ոսկորները զանազան ժողովուրդների XIII դարից մինչև XVIII դարը: Դորպատը նրանց հողին հանձնեց սուրբ Մարիամի մատուռի մոտ: Նրանց գանգերի վրա Ալեքսանդրը կառուցեց մուսաների նոր օթևան: Նրանց է հատկացվում այս վայրն ի հանգիստ և ի խաղաղություն: Anno domini MDCCC VI»:

Դորպատն ուսանողների քաղաք էրBurschenburg»): Վեց հազար բնակիչներից երեք հարյուրը ուսանողներ էին՝ «ձեղունահարկի բնակիչները», ինչպես նրանց մասին արտահայտվում էր պոլիցեյմեյստեր գնդապետ Կրուչինսկին: Համալսարանի պրոֆեսորների, սպասավորների և պեդելների հետ միասին (այդպես էին կոչվում այն կես ոստիկան կատարածուները, որոնք ենթարկվում էին կուրատորին և որոնց պարտականությունն էր հսկել համալսարանի ներքին կարգապահությանը), — ուսանողները կազմում էին պետություն պետության մեջ, որոնցից զուրկ էին Ռուսական կայսրության մյուս համալսարանները:

Գուստավ Ադոլֆ թագավորի սահմանած կանոններից մի քանիսը դեռ ուժի մեջ էին Դորպատի «ակադեմիական քաղաքացիների» համար: «Իմ կրած վիրավորանքների համար, — այսպես էր երդվում նոր ընդունվող ուսանողը, — ես վրիժառու չպիտի լինեմ ըստ անձնական քմահաճույքի ո՛չ հայտնի կերպով և ո՛չ գաղտնի. այլ թե այսպիսի, ինչպես և ինձ համար ուրիշ այլ դժվար դեպքերում ես պիտի ենթարկվեմ ռեկտորի կամ համալսարանի սենատի որոշման: Համալսարանից ես կարող եմ հեռանալ միայն ռեկտորի բարեհաճ համաձայնությամբ և, եթե ենթարկվեմ կալանքի, չպիտի խույս տամ այդ պատժից: Տնային կահ-կարասին և իմ բոլոր իրերը ես քաղաքից պիտի հանեմ միայն իմ պարտատերերին ինչպես հարկն է բավարարելուց հետո»:

Բայց և այնպես «ձեղունահարկի բնակիչները», եթե առիթ լիներ, գերադասում էին իրենց կրած վիրավորանքների համար տեղն ու տեղը դատաստան անել, ըստ «անձնական քմահաճույքի» — բռունցքներով, թրադաշույններով և սուսերներով, քան ըստ տառի օրինաց դիմել համալսարանի ռեկտորին: Նրանց համար «Պատվո դատարանի» բանավոր վճիռն ավելի զորավոր էր, քան համալսարանի տրիբունալի սահմանած պատիժները, որոնց հանդեպ կար լռելյայն ընդունած այսպիսի վերաբերմունք. նա, ով կարցեր չի նստել, ում չեն դատապարտել concilium abiundi-իպայմանական վտարման») և, վերջապես, ում անունը թեկուզ մի անգամ չի արձանագրվել ավագ պեդելի մատյանում, — նա ոչ թե ուսանող է, այլ նպարավաճառի որդի, մի խեղճ հրեա, որին բոլորը կարող են արհամարհելնրա հետ մեղրագինի չխմել, չգնալ նրա տունը և առհասարակ նրան ճանաչել հետնյալ մարդ:

«Այն պրոֆեսորները, որոնք որևէ արարքի հետևանքով այլևս հաճելի չեն ստուդենտներին, լավ կանեն, եթե իրենց տան պատուհանները բացեն ոչ թե փողոցի, այլ բակի վրա», — գրել է պոլիցեյմեյստեր Կրուչինսկին Օստզեեի գեներալ-նահանգապետ մարկիզ Լուչինիին. — «Այստեղի ստուդենտն իրենից բարձր ճանաչում է Աստծուն, ապա թագավոր կայսեր և ապա իրեն և այլևս ուրիշ ոչ ոքի» («Der Herr Goott, dann der Kaiser von Russland, dann der dörptsche Bursch…»): Պարտք եմ համարում նաև հայտնել, որ նրանց վրա դաստիարակիչ ազդեցություն չեն թողնում այն պատիժները, որ երբեմն սահմանում է կուրատորների կոլեգիան և կամ թե համալսարանի սենատը: Նրանց համար կարցերը ոչ թե պատժարան է, այլ զվարճության վայր և հազվադեպ չէ, երբ գիշերը կալանավորին այցելում են նրա ընկերները՝ խմիչքով, նվագով և նույնիսկ մարկիտանտ աղջիկներով, որոնց, աննկատ ներս տանելու համար, հագցնում են ուսանողական մունդիր: Հնարավորություն չկա մի առ մի թվել այն մանր հանցագործությունները, որ կատարում են «ձեղունահարկի բնակիչները», մանավանդ, որ այդ հանցագործությունների մեծ մասը մնում է անհայտության մեջ, որովհետև տուժող կողմը, վախենալով նրանց վրեժխնդրությունիցVerschiss»), հաճախ իսպառ չի դիմում օրենքի պաշտպանության:

«Այսպես օրինակ, երբ անցյալ տարի մեզ տեղեկություն հասավ, որ աստվածաբանական բաժանմունքի ուսանող Կարլ ֆոն Զիվերինգն իր երեք ընկերներով, նոյեմբերի 14-ի երեկոյան, երբ փողոցում երթևեկությունը դադարել էր, հարբած վիճակում մտնում է պաշտոնաթող կապիտան Կուրոչկինի բնակարանը և, օգտվելով պարոն կապիտանի ժամանակավոր բացակայությունից, վերջինիս երիտասարդ աղջկանը զրկում է կուսությունից, — տեղեկանալով այդ մասին հենց հոր, պաշտոնաթող կապիտան Կուրոչկինի բանավոր գանգատից, ես կամեցա գործին ընթացք տալ, ինչպես պահանջում է օրենքը: Բայց ի զարմանս մեր, մյուս օրը մեզ ներկայանալով, պարոն կապիտանը հայտնեց, որ այդպիսի պատահար չի եղել և որ ինքն առհասարակ չունի երիտասարդ աղջիկ, և այն աղջիկը, որ ապրում է նրա տանը, ոչ թե նրա աղջիկն է, այլ նրա օրինավոր կինը: Սակայն մենք ստուգելով իմացանք, որ պարոն կապիտանը հուզված վիճակում ընկել է դժբախտ թյուրիմացության մեջ, շփոթելով իր կնոջը, որը նույնպես երիտասարդ է, իր հարազատ աղջկա հետ, որ ծնվել է պաշտոնաթող կապիտան Կուրոչկինի այժմ հանգուցյալ առաջին կնոջից: Իսկ որ աստվածաբանական բաժանմունքի ուսանող Կարլ ֆոն Զիվերինգը, 27 տարեկան, չամուսնացած, Լիֆլյանդիայի ազնվականի որդի, — ունեցել է այդպիսի բռնադատ կենակցություն, հաստատվում է նաև նրանով, որ վերոհիշյալ Կարլ ֆոն Զիվերինգը ֆրաու Ֆոգելզանգի պանդոկում ընկերներին պատմել է եղելությունը, խոստանալով ամուսնանալ թշվառ աղջկա հետ:

Следующая страница