Պատկանյան Ռաֆայել՝   Արձակ երկեր

Մնամ խոնարհ աղախին քո Եկատերինե Մերջանյան

Տաք-ջուր

18** հուլիսի 14.

Նամակաբերին որքան և աշխատեցա հարց ու փորձ անելու Կատյայի մասին ինչ ու ինչ կարևոր գիտելիք, բայց նորանից ոչինչ չիմացա, բացի այն թե` մի աղջիկ տվել է նորան այս նամակը և պատվիրել է ինձ հասցնելու. ինքն էլ պատրաստված է եղել գնալու յուր քաղաքը. այժմ, անշուշտ, Տաք-ջուրից դուրս ելած պիտի լինի: Ավել ոչինչ չկարողացավ պատմելու, վասնզի ինքն էլ ավել բան չգիտեր: Այս էլ ավելացրեց նամակաբերը, որ աղջիկը իրան էլ ընծայել է հինգ մանեթ:

Աչքերիս չէի հավատում: Առանց այլևայլության այս նամակը Կատյայի իրա գրածն էր. բայց ես հինգ տարվա մեջ իմացած չէի, որ նա գրել-կարդալ գիտե, ո՞վ և ե՞րբ սովորեցրել էր նորանխելքս բան չէ կտրում: Ես սովորեցրած չեմ, այդ շատ լավ միտս է, եթե Սոֆիան սովորեցներ, անշուշտ, հազար անգամ արդեն ինձ ասած կլիներ: Երևի ինքն իրան էր սովորել. թաքուն առնելով Սոֆիայի գրքերը և պատի ետևից լսելով Սոֆիային ասածներս ու միտը պահելով: Բայց այս փո՞ղը: Մի խեղճ նաժիշտ խնայողությամբ, մսից կտրելով, կոկորդից խլելով, յուր աղքատիկ ռոճիկը կոպեկ-կոպեկի վրա դնելով` երկու հարյուր մանեթ դարձնել (որ մի որբ աղջկա համար ահագին գումար է) և այդ հինգ տարվա աշխատանքի պտուղը մի օտար մարդու տալայս ոչ թե սիրո, այլ կանացի դյուցազնության նշան է: Ա՛խ, Կատյա, Կատյա՛, ինչո՞ւ քեզ ուշ ճանաչեցի. ինչո՞ւ իմ աչքերս մինչև այժմ կույր էին. ո՛րպիսի մեծ հոգի ունիս դու ամփոփված մի համեստ անձնավորության մեջ, ո՛րքան փոքր եմ ես քու առջև...

Այժմ ես սկսա կամաց-կամաց հասկանալու, թե ինձ Տաք-ջուրից Էսենտուկ ո՛վ բերած պիտի լիներ, ո՛վ վարձած պիտի լիներ, այս սենյակը և ո՛վ պիտի ժողոված և այստեղ բերած լիներ իմ առարկաներս:

Գնացի տանտիրոջս մոտ և հարցուցի.

Ասացե՛ք, խնդրեմ, ինձ հիվանդ-հիվանդ ո՞վ այստեղ բերեց և ո՞վ վարձեց այս սենյակը:

Տանուտերս ասաց.

Մի դեռահաս կնիկ բերեց ձեզ այստեղ, վարձեց ինձանից այս սենյակը և մի ամսվա բնակարանի և կերակուրի վարձը կանխիկ վճարեց. չայ, շաքար, սուրճ, ճրագ, օճառ ևն. նմանապես նա բերեց ձեզ համար: Ձեր կտավիքը նա ժողովեց, տվեց լվացարարին լվանալու, որի համար փողը նմանապես կանխիկ վճարեց նորան, և ամենիս խստիվ պատվիրեց, որ ձեզանից երբեք փող չպահանջենք, անհանգիստ չանենք ձեզ: Եթե դուք ամսից ավելի մնալու լինիք` պատկանյալ փողը նա կհասցնե մեզ: Բայց չասաց յուր անունը, և աղաչեց որ նորա մասին ձեզ ոչինչ չասենք:

Այսպիսի քնքուշ վարմունք, այսպիսի մարդավարություն, այսպիսի մարդասիրական ընթացք միայն կարելի էր կրթյալ եվրոպացի կնոջե սպասել, բայց մի հայ աղախինե` որի սպասավորությունը մի հարուստ վաճառականի տան մեջ ոչինչով չի զանազանվում անբարոյականացնող ստրկությունից, առաջացած, այդ ամենը, պետք է հոժարել որ` գրեթե մի անհավատալի մեծագործություն է: Ես արդեն դադարեցա Կատյայի վրա նայելու ինչպես մի հասարակ հայ կնոջ վրա. ես նշմարում էի նորա մեջ երկու անգնահատելի հատկություններ` կորովամտություն և ազնիվ արյուն: Այդ կոպիտ կեղևի մեջ, եթե աշխարհք էլ ինձ հավատացներ, որ անազնիվ սերմ կա` ես չէի հավատալ: Մարդուս մեջ կան այնպիսի հատկություններ, որոնք պատահական և ստացական չեն, այլ ծննդական ժառանգություն են ծնողներից: Այժմ որ Կատյան աչքերես հեռացավ, ուրեմն և նորա հիշատակը ինձ համար թանկ է` միտքս բերելով նորա ամեն խոսքը, վարքը և բնավորությունը` սկսում եմ գնահատելու նորան և բարձր դասելու: Բայց անագան ստրջութենից ի՞նչ շահ, գուցե մյուս անգամ երբեք նորան չտեսնեմ. գուցե նա ինձ արդեն արհամարհում է ինչպես անզգա, ապերախտ և պակասամիտ մարդ: Ի՞նչ պետք է մեղքս ինքս ինձմեն թաքցնեմ, ես սև ապերախտությամբ հատուցել եմ Կատյայի ամեն մի մարդավարի վարմունքը ինձ հետ: Չէ՛, ինքս ինձի խոսք եմ տալիս` հենց որ առողջացա, իսկույն գտնել այդ աղջկան և

Սոֆիայի հիշատակը ոչ թե ջնջվել է մեջս, ո՛չ, այլ նա երևում է իմ կյանքի թերթերի մեջեն իբր աղճատած, արատավորած ու զզվելի թերթ, ուր գրված է իմ բարոյական անկումը, իմ ամոթալի ախտերը և իմ ամենամեծ թշվառությունը: Միայն այժմ ես լիապես հասկացա, թե կիրքը մինչև ո՛ր աստիճան կարող է մարդուս ստորացնելու, կուրացնելու. ես միայն այժմ հասկացա, որ սարսափելի անբախտություն է այն ամուսնությունը, ուր խոհեմ սիրո տեղ թագավորում է կույր կիրքը:

Հուլիսի 29.

Երբ որ առողջությունս մի փոքր կազդուրվեցավ առաջին գործը այն եղավ, որ նորից գնացի Տաք-ջուր (Էսենթուքից 12 վերստ հեռի է), ամբողջ շաբաթ գործածեցի պտրելով Կատյային, էլ ո՛չ մի տուն, ո՛չ մի բնակարան, ո՛չ մի հյուրանոց չթողի, ո՛չ մի ծառա, ո՛չ մի՛ աղախին, ո՛չ մի կառապան չթողի, ամեն տեղ և ամենին հարցուցի, հարց ու փորձ արի, փնտրեցի, բայց չկարողացա Կատյային գտնելու: Ո՛չ մի ճեպակառքի քոնդուքթոր և ո՛չ մի կառապան չկարողացավ ինձ տեղյակ պատմելու թե` այս ինչ նշաններով աղջկա ուր և իցե տարել է: Նամակներ թռուցի մերձավոր իջևանները, հեռագիրներ քաշեցի զանազան քաղաքներ, բայց ոչինչ բավարար պատասխան չի ստացա. «չը գիտենք, լսած չենք», ահա այս այն պատասխաններն էին, որն ես ստանում էի իմ աղաչանքով լցված ամեն մի նամակին: Կորա՛վ, կորա՛վ ինձ համար Կատյան և ինձ չարժանացուց գեթ խոսքով շնորհակալիքս լսելու: Հաշտարխանցի բարեկամներս էլ ինձ ծանուցին, որ այդ անունով աղջիկ չեն ճանաչել երբեք և այժմ էլ Հաշտարխանի մեջ չի կա:

Թեև Կատյայի մասին ոչինչ տեղեկություն ստանալ չի կարողացա, բայց Սոֆիայի մասին շատ բաներ լսեցի, և այժմ ևս հետզհետե լսում եմ:

Այն օրը տեղի ունեցած չէ՛ մատանեփոխությունը Դռոզդովի հետ, բայց երեք օրից, ինչպես որ Կատյան էլ հիշում էր յուր նամակի մեջ, մեծ խայտառակությունով կատարվել է: Ասատուր-աղան ասել է Դռոզդովին որ «ես հայեր հրավիրելու չեմ. ես այսուհետև նոցա հետ ամեն բարեկամական և արենակցական կապերս կտրելու եմ. դու հրավիրե քու ծանոթներին և բարեկամներին իմ տուն, և միասին ուրախությամբ կատարենք դստերս հարսնախոսության ծեսը ռուսաց քահանայի օրհնությամբ»: Իսկ Դռոզդովը գնացել է մի քանի յուր նման սպաների մոտ և ծիծաղելով հրավիրել է նոցա «մի ճոխ գիներբուքի», որն պիտի կարապետե նորա «քաղաքական ամուսնությունը», և քահանային պատվիրել է, որ գա և յուր տիրացուների հետ միասին «բազում ամք» բարեմաղթե Վլադիմիրին և Սոֆիային, մատենափոխության մասին ոչինչ հիշված չէ՛: Թեև սպաները այդ օրը շատ խայտառակ վարել են իրանց, բայց Դռոզդովը աշխատել է թեթևացնել նոցա հանցանքը` պատճառաբանելով գինիի առատությունը: Այսպես բոլոր տնեցիք խաբվել են և կարծել են թե օրինավոր կերպով կատարվել է Սոֆիայի մատենափոխության ծեսը, և միամտվել են:

Մի քանի օրից եկել է Դռոզդովը Սոֆիայի մոտ և ասել է թե` եթե հայրս իմանա, որ ես մի հասարակ հայ աղջկա վրա պետք է պսակվիմ` երբեք չի տալ յուր հոժարությունը և օրհնությունը, իսկ եթե ես հակառակ նորա կամքին երթամ` անպատճառ կզրկե ինձ այն միլիոններեն, որն պիտի ժառանգեմ ետ նորա մահվան. բայց եթե ես գաղտնի կերպով պսակվիմ և հետո գամ ընկնեմ նորա ոտքերը` նա ինձ կներե, չի զրկիլ ոչ օրհնությունեն և ոչ ժառանգութենեն. ուրեմն` այժմ մեզ ուրիշ բան չի մնալ անելու, բայց եթե փախչել Փարիզ և այնտեղ պսակվել: Այժմ դժվարությունը այն է, որ ես այդ ճանապարհորդության համար փող չունիմ: Եթե դու ինձ անկեղծ և մտերմաբար սիրում ես` պարտավոր ես ինձ մի աննշան զոհ բերելու, որ է` հորդ դրամարկղը թաքուն բանալ և միջից որքան կարելի է շատ փող առնել, և ժողովել քու թանկագին զարդերը ու ակնեղենները ու գիշերով փախչել տանից»:

Սոֆիան առանց ընդդիմախոսության հոժարել է նորա առաջարկությանը, հավաքել է յուր բոլոր և մասամբ մոր ակն ու մարգարիտները, դրել է մի արկղիկի մեջ, թաքուն բացել է հոր դրամարկղը, միջից հանել է քսան հազար մանեթ և նույն օրն Դռոզդովի հետ միասին փախել են Ստավրապոլ, այնտեղ մի պանդոկում մնացել են երեք օր և ապա շինծու անցագրով գնացել են Փարիզ:

Հայրը իմանալով այս փախուստը (Սոֆիան բոլոր այս հանգամանքը նամակով հայտնել է նորան) ամենևին շփոթված և բարկացած չէ, այլ ընդհակառակն, անցնող-դարձողին պատմել է թե` արիստոկրատների մեջ այդպիսի ռոմանտիքական պսակը շատ սովորական բան է և հաճախ կպատահի, և բոլորովին հանգիստ սրտով սպասում է եղել յուր սիրական դստեր և ազնիվ փեսայի վերադարձը քանի մի շաբաթից:

* * *

Այստեղ վերջանում է բժիշկ Վարդան Հուսիկյանի հիշատակարանը, որ ես Էսենտուկի պառավից գնեցի տասնհինգ մանեթով: Բայց, ինչպես ներողամիտ ընթերցողս տեսնում է, պատմությունը թերակատար է մնում: Ինձ շատ հետաքրքիր էր իմանալ` արդյոք այս ճշգրիտ դեպքը ինչո՞վ վերջացել է, ի՞նչ եղան ազնվահոգի Կատյան, թեթևամիտ Սոֆիան, հայատյաց Ասատուր-աղան և անբարոյական Դռոզդովը. կենդանի՞ են, ո՞ւր են. ի՞նչ վիճակի մեջ են. եթե մեռած են, արդյոք ի՞նչը կարճեցուց նոցա կյանքը այդ ծաղիկ հասակի մեջ (իհարկե, բացի Ասատուր-աղայից), նոքա էլի միմյանց հանդիպեցան, թե՞ առ հավիտյան բաժանվեցան իրարմե և մյուս անգամ մեկ մեկի երես չտեսան:

Հայկական կյանքը ցայն աստիճանի միաձև, առօրեական և ձանձրալի է, որ փոքր ի շատե սովորականեն դուրս կենցաղ վարող հայը միշտ շարժել է իմ հետաքրքրությունը. ես միշտ ցանկացել եմ իմանալու` ի՞նչ է եղել պատճառը, որ նա ընդհանուրի օրինակին հետևած չէ` և հայկական կյանքի սովորական ճանապարհեն խոտորվել է: Այդպիսի անձինք թե՛ առաքինի լինեին և թե՛ մոլեկան, միշտ գրավել են իմ կարեկցությունը:

Շատ հարց ու փորձից հետո, մի օր հանկարծ հիշեցի, որ Ռուսաստանի բոլոր բժիշկների ցուցակը կա, որն ամեն դեղագործ պարտավոր է ունենալու: Երբ որ այդ ցուցակը ձեռքս առի և այբուբենի կարգով գտա Վարդան Հուսիկյանի անունը, կարդացի որ նա Վ. քաղաքումը քաղաքական հիվանդանոցի գլխավոր բժշկապետն է:

Բժիշկ Վարդանի բնակության տեղը իմանալեն ետ, արդեն դժվար չէր նորա և նորա ընկերների պատմությանը տեղեկանալու. պետք է միայն մի քաղաքավարի նամակ գրել նորան և հարցնել մանրամասն տեղեկություն տետրակի մեջ հիշած անձանց մասին, որ և արի իսկ: Իսկույն նստա ու մի նամակ գրեցի Վարդան Հուսիկյանին, որի բովանդակությունը այս էր, թե` պարոն բժիշկ, քու հիշատակարանը պատահմամբ ընկավ իմ ձեռք, որի համար փող վճարելով իմ սեփականությունը դարձրի: Բայց, ինչպես գիտեք հիշյալ հիշատակարանը պարունակում է քու, Կատյայի, Սոֆիայի, Դռոզդովի և Ասատուր-աղայի կյանքի առաջին մասը, բայց ի՞նչպես շարունակվում է կամ վերջացել է մնացած մասը` ես չգիտեմ, բայց ինձ շատ հետաքրքիր էր իմանալ այդ: Եթե արքունական պաշտոնեդ ազատ ժամանակ ունիս, քեզ շատ կխնդրեմ, վրադ ծանրություն առնուս, մանրամասնաբար գրես վերը հիշած անձանց կյանքի մնացորդը, ուստի և ես կարողանայի եզրակացնել, թե ինչպես վերջացավ ձեր հարաբերությունը: Քեզ խոսք եմ տալիս, որ այդ պատմությունը ինչպես և այն տետրակը, որ մոտս է, մարդոցմե առմիշտ ծածուկ կմնա (պատվական կարդացողս տեսնում է, թե ինչպես ճիշտ կատարեցի խոստմունքս):

Այս էր իմ երկար նամակի բովանդակությունը:

Երկու ամսից ստացա մի փոքրիկ տետրակ և հետը մի նամակ, որն բառ առ բառ այստեղ առաջ կբերեմ:

ՊԱՐՈՆ ՍՅՈՒԼՅՈՒԿ.

Ձեր հիշած տետրակը իրավ ես կորցրել էի, բայց չգիտեի որ նորան մոռացությամբ թողել էի Էսենթուքի հյուրանոցի պահարանի մեջ: Եթե փող վճարել եք ու գնել եք` կնշանակե որ նա ձեր անկողոպտելի սեփականությունն է և ես իրավունք չունիմ ձեզանից պահանջելու. ճշմարիտը ասեմ հարկավորություն էլ չունեմ: Եթե ձեզ, պետքական է` պահեցեք ձեր մոտ, միայն թե ցույց մի՛ տաք մարդոց` ես չուզեի որ հաշտարխանցիների բարոյական թերությունները, որն ես անխնայաբար մտրակել եմ, հռչակվի մյուս հայերի մեջ, թեպետև գրավոր կերպով մարդկության պակասությունները ցույց տալը, բացի օգուտին, ուրիշ բան հառաջացուցած չէ՛:

Թեև ինձ շատ դժվար էր մտքով վերանորոգել տխուր անցյալիս հիշատակարանները, բայց որովհետև դուք համոզիչ խոսքերով խնդրում եք ինձ` ես չկարողացա մերժել ձեր խնդիրը, ուր դուք նյութական շահ չունիք: Բայց եթե այս նոր հիշատակարանիս մեջ հայկական լեզվի դեմ սխալներ գտնեք` շատ մի մեղադրեք ինձ: Ահա քանի տարի է, որ ես ո՛չ հայի գիրք առել եմ ձեռս, ո՛չ հայի երես եմ տեսել և ոչ հայի ժամերգություն եմ լսել. միայն Կատյաս է, որ իմ հայ լինելս միտս է ձգում. եթե նա չլիներ` կրոն, ազգային ծեսեր և ավանդություններ և հայոց լեզու բոլոր ցնդած կլինեին իմ մեջեն:

Չեմ ուզում ձեզանից թաքցնել. ես սաստիկ դառնացած եմ հայերից: Առաջները ես կարծում էի թե` անհնար է միայն հայ ազգի քահանա և վարժապետ լինելը. այժմ տեսնում եմ, որ հայ բժշկին հայ քաղաքի մեջ պաշտոն վարելն ևս դժվար է, եթե չասեմ անհնար է: Այդ ևս բավական չէ` մի հայ աշխատավորի հայ քաղաքի մեջ յուր գիտությունը մշակելն ևս դժվար է: Ես ինձ համար մեկ առած եմ շինել, որի կազմվածքը թեև բանաստեղծական ոճի գեղեցկություն չունի, բայց նորա մեջ բովանդակած իմաստը զուտ ճշմարտություն է. «եթե հայից ապրուստ սպասես, ունեցած քանքարդ անօգուտ կդարձնես»: Հայի մեջ գործող լինելու համար մեկ կարի հարկավոր պայման է պետք, և այդ պայմանն է` հարստությունը: Հարուստ հայը, եթե կամենա, հայ ժողովրդի մեջ միշտ օգուտ կբերե, վասնզի հայ ազգը միայն հարստի խոսքին սովորել է հավատալու և հնազանդելու. չքավորի խոսքը երբեք արձագանք գտած չէ՛ և գտնելու էլ չի՛ հայի սրտի մեջ:

Երբ որ ես բժշկապետության հարցաքննությունս ավարտեցի, քանի քանի հայաբնակ քաղաքներ գրեցի չէի՞ն կամենալ արդյոք ինձ քաղաքական բժշկի պաշտոն տալ. և բոլոր նամակներս անպատասխան մնացին: Երբ որ ռուսաց քաղաքներ գրեցի, գրեթե ամենից հրավերներ ստացա, մինը մյուսից օգտավետ պայմաններով: Ես ընտրեցի Վ. քաղաքը, ուր ահա վեց տարի է, որ փառքի, պատվի և ճոխության մեջ ապրում եմ իմ փոքրիկ հայ ընտանիքովն: Բայց ինչո՞ւ ես այս մասնավոր նամակիս մեջ թափում եմ իմ սրտի ցավն ու դարտը. երկու տետրակներումը բավականին գրել եմ այդ ձանձրալի նյութի վրա... Կատյաս ձեզնից հոգվով չափ շնորհակալ է, որ դուք նորա և իմ կյանքովս հետաքրքրվում եք:

Ողջ և հաջող եղեք:

Բժ. Վարդան Հուսիկյան

ԵՐԿՐՈՐԴ ՏԵՏՐԱԿ

Ամիս ու կես իզուր պտրելով Կատյային և ամեն աշխատանքս կորած տեսնելով` ես բոլորովին ատեցի կյանքը, վասնզի կյանքը մեզ այն ժամանակ է քաղցր, երբ որ նա մեկ թանկագին էակի կամ մեկ քաղցր հույսի հետ կապված է. իսկ եթե ոչինչ սուրբ կապեր չունի` կյանքը դառնում է մարդուս համար անտանելի բեռ:

Մի օր տխուր նստած էի սենյակի մեջ, ուսանողական տարիներս հիշողությանս առջև կարգավ անցնում էր. հանկարծ պրոֆեսորներիցս մինի խոսքը միտքս եկավ թե` ձանձրույթի դեմ ամենահզոր դեղը աշխատանքն է: Իսկույն մտքիս մեջ խորհուրդ ծագեցավ. «արի նորից գնամ Մոսկով, ասացի ինքս ինձ, շարունակեմ ուսումս և բժշկապետի հարցաքննություն տամ: Եթե մի առանձին շահ էլ չունենամ դորանից, գոնե կմեղմացնեմ ձանձրույթս և վիշտս, որ մաշում են իմ կյանքը»: Ինչպես ասացի, այնպես էլ արի: Նույն երեկոյին ժողովեցի իրեղեններս, դրի պայուսակի մեջ, մյուս առավոտ կանուխ զարթեցա, թեյս խմեցի ու ընկա ճանապարհ: Չորս օրից հասա Մոսկով, Մոսկով-գետակի մյուս կողմը վարձեցի բնակարանս ու վերանորոգած աշխուժով սկսա մասամբ քաղվածք անելու բժշկական գիտության առարկաները և մասամբ այցելելու լսարանները և մասամբ թեթև վարձատրությունով մերձավոր թաղերի հիվանդներին դարմանելու: Ստացածս շատ չէր. բայց իմ այս ժամանակվա սակավապետ կյանքիս համար բավական էր: Ժամանակիս մեծ մասը անցնում էր սովորելով: Այդ միջոցին շարադրությունս էլ բավականին հառաջացել էր:

Բժշկապետության աստիճան ստանալու համար ես ինքս ինձի երկու տարի ժամանակ էի որոշել, տարի ու կեսը պարապելու և հարցաքննություն տալու, իսկ մնացած կես տարին ուսումնական շարադրությունս գրելու, մշակելու և պաշտպանելու համար. տարի ու կեսը անցել էր և ես մի քանի առարկաներե հարցաքննությունն հաջողակ տվել էի: Այդ միջոցին մեկ աշնան գիշեր հանկարծ դուռս ծեծեցին և հրավիրեցին ինձ մի ծննդկանի մոտ: Հիվանդը չքավոր էր, հետևես կառք չէին ուղարկել, և որովհետև հենց այն օրը կրկնակոշիկներս կարկատելու էի ուղարկել` ստիպվեցա թաց ու ցեխոտ փողոցների միջից բարակ կոշիկներով անցնել: Երկու ժամ չարչարվելից ետ, երբ նորածինին ընդունեցի ու առավոտյան ժամը երեքին ազատվեցա հիվանդից, դարձյալ ստիպված էի ոտով տուն վերադառնալու, վասնզի այդպիսի ուշ ժամանակ Մոսկովի հեռավոր և սակավամարդ փողոցների մեջ երբեք կառապաններ չեն լինում, իմ անբախտութենից վերևից էլ մանր և սառ անձրև էր գալիս, վրայիս բոլոր հալավը, կոշիկներս, գուլպաներս թաց էին, ջուրը, ինչպես ասում են, մինչև ոսկորներս էր հասել: Երբ որ տուն եկա, թեև իսկույն հանվեցա, կտավիքս փոխեցի, անկողինս մտա ու տաք-տաք ծածկվեցա, բայց բանը բանից արդեն անցել էր. մեկ սարսռալի դողում էի, մեկ կրակի մեջ էրվում էի բոլոր գիշեր քուն չեկավ վրաս և անդադար բանդագուշում էի. էլ ոչինչ չեմ հիշում: Երբ նորից աչքս բացի, ինձ տեսա պառկած քաղաքական հիվանդանոցի մեջ: Յոթ օր (մոտիս պառկած մեկ հիվանդի ասելովն) բժիշկներն ամենևին հույս ունեցած չեն, որ ես կենդանի կմնամ. մահճակալիս տախտակի վրա գրած էր լատիներեն Typhus recurrens որն այդ միջոցին Մոսկովի մեջ սաստիկ կոտորած էր անում:

Ես, ինչպես տեսնում եք, թեև չմեռա, բայց իմս էլ ինձ հասավ. մարմինս բոլորովին հալել էր. վրաս մնացել էր միայն ոսկոր և կաշի, եթե ինձ կշռեին` փութ ու կես կամ լինեի, կամ ո՛չ: Այսպես անցան աշունը և ձմեռը. սկսեցավ գարունը: Բայց իմ տկարությունս անփոփոխ մնաց. ո՛չ վատթարանում էր առողջությունս, որ մեռնեի, և ո՛չ բարվոքվում էր, որ ազատվեի հիվանդանոցի անտանելի օդեն, սպասավորների ձանձրալի երեսներեն և իմ հիվանդ ընկերների սրտմաշուկ պատմություններեն, — ամենքը ինձ իրանց միևնույն ցավերն ու դարդերն էին պատմում ամեն օր, ասես թե իմերը ինձ բավական չէին:

Վերջապես հասավ ապրիլ ամիսը. ձյունահալքը սկսեցավ. արեգակը արձակեց յուր կենսատու ճառագայթները գետնի վրա. երկաթի նման կարծր սառույցները լուծվեցան ու քայքայվեցան. ձյուները հալեցան ու խոխոջալով հեղեղներ կազմեցին ու գլորվեցան դեպի գետը, օդը լցվեցավ տեղափոխիկ թռչունների և հավերի ձայներով, որոնք օրհներգում էին նորածին գարնան գալուստը. ձյունի տակից գլուխները բարձրացուցին ձյունաձաղիկը, արջի ականջը, մանիշակը, վայրի քրքումը և բյուր տեսակ դալարիք և ծաղիկներ: Վեր, վայր, աջ ու ձախամեն տեղ ուրախություն և բերկրանք էր. միմիայն իմ սրտումը յուր արմատները խոր տարածել էր վիշտը: Ո՞վ յուր ուշքը պիտի դարձներ մի խեղճ պանդխտի վրա, ո՞վ պիտի հոգար նորա մասին, ո՞վ մի թեթև ախ պիտի քաշեր նորա անբախտ վիճակի վրա: Լուռ ու անտրտունջ արագ քայլերով մոտենում էի առջևս վաղ փորված գերեզմանին:

Մի այսպիսի պայծառ օր մեզ հիվանդներիս թույլ տվին ման գալու հիվանդանոցի պարտեզի ու բակի մեջ: Զբոսնելու ժամանակ հանկարծ տեսա մի գեղեցկադեմ, թանկագին հալավներ հագած կին, որ հեռվից ուղիղ դեպի իմ կողմն էր գալիս. երկու աղախին էլ կտավիքով լցրած մի ահագին կողով բերում էին նորա հետևից. երբ որ կինը ինձ մոտեցավ` աչքերիս չհավատացի, կարծում էի թե երազիս մեջ եմ. «Կատյա՛, ասացի. այդ դո՞ւ ես, ո՞րտեղից ես գալիս, ի՞նչ գործ ունիս այս անիծած տեղը, ուր ամեն ծակուծուկ զանազան տեսակ մահերով է լցված»: Իմ ձայնս երևի շատ փոխվել էր և խռպոտ էր դարձել, որ Կատյան լսելով` սաստիկ վախեցավ:

Տե՛ր աստված, — ասաց Կատյան, — Վարդա՛ն, մի՞թե դուք այստեղ էիք. այս ի՛նչ ողորմելի վիճակի մեջ եք. այս ինչպե՛ս նիհարել եք. եթե անունս չի տայիք, եթե հետս չխոսեիք, տասը տարի էլ որ ձեր երեսին նայեի` չէի ճանաչիլ, — այնքան փոխվել եք: Ի՞նչ կերպով ընկաք այստեղ, ի՞նչ պատահեցավ ձեզ:

Ես համառոտ խոսքով պատմեցի նորան վերջին երկու տարվա իմ գլխով անցած ամեն բաները: Կատյան ինձ լսելով` թաշկինակը անդադար աչքերին էր տանում և սրբում էր արտասուքը: Տեսնելով նորա անկեղծ արտասուքը, ես էլ շատ լացի այնտեղ: Վերջապես Կատյան ինձ ասաց.

Պարոն Վարդան, գիտե՞ք ես ձեզ ինչ ուզում եմ ասելու. ձեր այստեղ մնալը անհնար է. այս հիվանդանոցի մեջ (սորա հանգամանքը ես շատ լավ գիտեմ) չեմ ասում, որ դուք կմեռնիքԱստված մի արասցե, — բայց երբեք, ինչպես որ պետք է, չեք կազդուրվիլ և չեք առողջանալ: Որքան կարելի է շուտ պիտի փոխել թե՛ ձեր բնակարանը, թե՛ կերակուրը և թե՛ բոլոր ապրուստը: Ես իսկույն կերթամ, կխոսեմ այս մասին գլխավոր բժշկի հետ...

Կատյա՛, — ասացի, — ինչ որ ասում ես` շատ լավ է, ես քեզ հետ չեմ վիճիլ, բայց դու գլխավորը ինձ չպատմեցիր, ինչպե՛ս պատահեցավ, որ դու մյուս անգամ հայտնվեցար Մոսկովի մեջ... Ես քու հետքը Տաք-ջուրումը կորցրի, դու այնտեղից ո՞ւր գնացիր և այս երկու տարին ո՞ւր էիր և ի՞նչ էիր անում:

Կատյայի պատմածի համառոտությունը այս է, որ նա երբ որ ինձ տեղավորեց Էսենթուքի հյուրանոցի մեջ, նույն օրը նստավ շոգեկառք և ուղիղ գնաց Մոսկով: Ի բնե առողջակազմ և աշխատասեր լինելով, նա Մոսկով հասած-չհասած պտրել է աշխատանք և անհապաղ մտել մի ֆրանսիացի լվացարար կնոջ գործարան: Ֆրանսիացի կինը առաջին ամսվա վարձ նշանակել է նորան երեք մանեթ. երկրորդ ամիս, տեսնելով Կատյայի հմտությունը, ժրաջանությունը և պարտաճանաչությունը, կրկնապատկել է նորա ռոճիկը. չորս ամսից ֆրանսիացի կինը յուր բոլոր բանվորների վրա կարգել է վերատեսուչ և նշանակել քսանևհինգ մանեթ ռոճիկ. այսպես շարունակվել է այլևս երեք ամիս: Հանկարծ Ֆրանսիայից նամակ է նա ստացել, որ նորա մերձավոր հարուստ ազգականներից մինը մեռել է, բայց մահից առաջ նորա անունով կտակել է յուր բոլոր ինչքը և փողը: Որովհետև այս յոթն ամսվա միջոցին Կատյան յուր հավատարմությունով, ժրաջանությունով և քաղաքավարությունով կարողացել է նորա սիրտը սաստիկ գրավելու այդ պատճառով, ի նշան յուր բարեկամությանը յուր բոլոր գործարանը շատ աժան, գրեթե չնչին գնով, ծախել է նորան և ինքը գնացել է յուր հայրենիքը: Թեև այս գործարանը ֆրանսիացի կնոջ ձեռքին մեծ անուն է ունեցել, բայց Կատյան յուր խոհեմ ընթացքովն կարողացել է շատ ու շատ ավելի բարձրացնելու Մոսկովի մեջ, այնպես որ` քառապատկելով գովողների թիվը, ընդնմին և քառապատկել է յուր արդյունքը: Այժմ նորա գործարանին քսան հազար մանեթ տվող գնող կա: Այս է համառոտիվ Կատյայի պատմությունը այս երկու տարվա միջոցին, երբ մենք երկու տարի առաջ Տաք-ջուրումը միմյանցից բաժանվեցանք:

Երբ որ երկուսս բավական լացինք և տխրեցինք, ես հարցուցի Կատյային` բայց ա՞յս հիվանդանոցումը դու ինչ գործ ունիս: Նա ինձ ասաց որ` կապալով առել է ոչ միայն այս, այլև շատ հիվանդանոցների, արքունի վարժարանների և ուրիշ հաստատությունների կտավիքի տարեկան լվացքը, ունի հարյուր հիսուն վարձկան, որոնք գիշեր ցերեկ աշխատում են նորա գործարանի մեջ. իսկ այժմ այս մեծ կողովը բերել է լվացած կտավիքը և պիտի ստանար յուր ամսական վարձը:

Այժմ, — ավելցուց նա, — ես կերթամ հիվանդանոցի վերատեսչին, ստանալիքս կստանամ և քու մասին ևս կխոսիմ: Դու հանգիստ սպասե մինչև իմ գալս: Եվ գնաց:

Այսպես` նախախնամությունը նորից մոտեցուց մեզ, և ես արդեն նախազգում էի, որ Կատյան իմ կյանքի մեջ մեծ դեր պիտի խաղա և ինձ համար պահապան հրեշտակ պիտի լինի: Եթե իմ մեջ չլիներ այն խոտելի նախապաշարմունքը, որ թանձր քողով ծածկում էր աչքերս, ես պետք է վաղուց նկատած լինեի, որ մի գերբնական զորություն օրեօր ավելի և ավելի մոտեցնում էր մեզ մին մինի, և ասես թե մենք անդուստ ի վերուստ միմյանց համար աշխարհք էինք եկած: Իմ ժամանակավոր կուրությունը պատճառ եղավ իմ այսքան տանջանքիս:

Հազար անգամ արդեն ես պատրաստ էի ընկնիլ Կատյայի ոտերը և խնդրել թողություն իմ կատարած ամեն կոպտության համար. բայց մի բան ինձ կանգ առնել էր տալիս. Կատյան չէ՞ր կարող կարծել, որ ես ծունր եմ դնում ոչ նորա անձին, այլ նորա ունեցած հարստության առջև. չէ՞ր կարող նա մտքի մեջ այսպես խորհել` «քանի որ ես մի աննշան փոքրավոր աղջիկ էի` դու ինձ արհամարհում էիր, վրաս նայելու անգամ չէիր արժանացնում ինձ, և երբ որ դու փայլուն հույսերիդ մեջ սխալվեցար, երբ ես քեզ օգնության ձեռք կարկառեցի, երբ ակներև փաստերով ցույց տվի, որ քու կարծածի չափ անպիտան անարժան աղջիկ չեմ, այն ժամանակ դու սկսար առջես սողալու»: Իհարկե, եթե նա այսպես կարծեր կամ ասեր` պիտի մեղանչեր իմ առջև, վասնզի ես երբեք հարստության առջև ծունր դրած ու երկրպագություն արած չեմ. բայց միայն կանանց արտաքին փայլեն խաբվել են իմ աչքերը և ես այնքան խորագիտություն ունեցած չեմ, որ կոշտ կեղևի տակից նշմարեմ թաքուցած թանկագին ակը: Հայաստանի կիսավայրենի քաղաքագյուղի մեջ մեծացած, աչքս ճոխության և զեխության փայլին չընտելացած, կյանքի ամեն գեղեցկություններեն զրկած` մի՞թե զարմանալի բան է, եթե Սոֆիայի արտաքին փայլն ինձ լուսավորության արգասիք երևեր ու ես բոլոր պատանեկական եռանդովս անձնատուր լինեի նորան, ինչպես մեկ չնաշխարհիկ, եթերական էակի: Սիրելու համար պետք է բավականին հոգեկան զարգացումն. արդյոք ունեի՞ ես այդ, իսկ մարդուս կիրքը շարժելու համարկիրքը` որք շատերը, և գրեթե ամենքը մեր համազգիներեն ընդունում են զուտ սիրո տեղպետք է դեռահաս տարիք, եռացող արյուն, երեսի նախշուն տիպարք, աղվաշ աչքեր, թարմ թշերահա պատրաստ է ասիական սերը, որի համար վարդն էլ յուր թերթիկները բացում է, սոխակն էլ արևագալից մինչև արևի մուտքը հնչեցնում է յուր դայլայլիկները, սյուգն էլ հրեշտակի բերանից դուրս եկած ման ու ման է գալիս դալարազարդ ծառի պտուտը...

Իհարկե, ես այժմ գարշում եմ Սոֆիայից, և այս գարշանքի մեջ կա կշիռ և գիտակցություն. ես և միայն ես գիտեմ, թե մինչև ո՛ր աստիճան անբարոյական, անուղղա ու թշվառ արարած է նա. ես հրաժարվում եմ այն զգացմունքներեն, որ անխոհեմաբար սնուցանում էր մեջս դեպի նա... Բայց այդ ամենը կհավատա՞ արդյոք հարստացած և յուր գինը արդեն ճանաչող Կատյան... Տեր աստված, տեր աստված, ինչպես անբախտ մարդ եմ ես. իմ սիրտը տակավին սիրո համը ու հոտը չառած` պիտի ջախջախվի և անպտուղ թառամի. ինչո՞ւ, ինչո՞ւ: Մի՞թե քսանհինգ տարեկան հասակիս մեջ ես արդեն աշխարհքես խաբված, նորա ամեն քաղցրութենեն զրկված պիտի համարեմ ինքս ինձ: Ինչո՞վ մեղանչել եմ մարդոց առջև: Կատյան վաղուց ինձ սիրում էր, և իմ հոգիս վկայում էր, որ նա մի օր ինձ պիտի հաղթե, ինձ էլ սիրել պիտի տա իրանինչպես որ կատարվեցավ իսկ. — բայց արդյոք մի օր նա իմ երեսով չի՞ տալ այսքան ժամանակվա սառնությունս դեպի նորան և ձգտումս դեպի Սոֆիան. նորա հոգու մեջ բույն չի՞ դնիլ արդյոք հավիտենական կասկածը, որ իմ սիրտը կիսված է արդեն, կուսական անարատություն չունի... Ո՛չ, ո՛չ, Կատյան թող վստահ լինի (այս ամենը ես նորան հենց այսօր կասեմ), որ իմ սիրտը ամբողջ է, կիսատ չէ՛, ապականված չէ. այո, Սոֆիան նորան խոցոտեց, բայց չի կտրեց ու կեսը հետը չի տարավ: Այժմ իմ սիրտը բոլորովին բուժած է, ամբողջ է ու ազատ է. որին ես կուտամ` ամբողջ և առողջ կուտամ, և կուտամ, իհարկե... Կատյային վասնզի...

Այդ միջոցին Կատյան ուրախ դեմքով մոտեցավ ինձ.

Դե՛հ, սիրական Վարդան. գնա ներս ու պատրաստվիր, ես կերթամ, քեզ համար ինչ ասես հարկավոր բաներ կպատրաստեմ և իսկույն կվերադառնամ, որ քեզ ազատեմ այս ապականված, ձանձրալի տեղեն, որ քու կյանքը ամեն րոպե ավելի և ավելի թունավորում է: Շատ համբերել ես, էլի մի փոքր համբերե, սիրտդ պինդ պահե` զվարթ կաց. տկարությունդ թող չի ընկճե քեզ. միայնակ եմ, անտեր եմ է՛լ մի՛ ասիլ. երկու առողջ ձեռքեր ամեն օր կաշխատեն քեզ համար և մեկ տաք սիրտ էլ ամեն րոպե պատրաստ է քու արենաթոր, հիվանդոտ սիրտը գրկելու ու նորա մեջ կենսատու ջերմություն մտցնելու...

Կա՛տյա ջան, Կատյա ջան, մի՞թե ես արժանի եմ քու այդքան գորովին, — ասացի ու ոտքերին փաթաթվեցա. Կատյա՛, մի՞թե դու ինձ կարող ես ներել: Մի՞թե ես արժանի եմ, որ իրավունք ունենամ ուղիղ աչքիդ մեջ նայելու. մի՞թե դու բացի արհամարհանքեն ուրիշ բան կը զգաս դեպի ինձ: Չէ՛, չէ՛, դու ինձ մի՛ խաբիլ, դու ինձ երբեք չես սիրել, վասնզի ես քու սիրտը խոր խոցել եմ, — ասացի ու երեխայի նման լալիս էի:

Ի՞նչ իլավ քեզ, ի՞նչ իլավ, Վարդան ջան, երեխա մի՛ լինիլ, մարդիկ կան, նայում են մեր վիրա, ամոթ է, տղամարդ իլիր, ղոչաղ կաց, այդ ի՞նչ փոքրոգություն է, — ու գրկեց ինձ, գետնեն բարձրացուց. — նի՛ստ այստեղ, հանգստացի՛ր (նստեցուց ինձ մի մոտավոր նստարանի վերա): Դու ինձ ի՞նչ վնաս ես արել, ե՞րբ և ինչո՞վ ես իմ սիրտը ցավցրել. ընդհակառակը, դու դեպի ինձ միշտ քաղաքավարի և մարդասեր ես եղել: Եթե երկու տարի առաջ հավանել էիր Սոֆիային` մի՞թե այդ մեկ հանցանք է, Սոֆիան չի կարողացավ քեզ հասկանալու և սիրելու, այժմ ես եմ քեզ սիրում: Տխրելու, լալու, հուսահատվելու տեղ, դու, ընդհակառակն, պետք է ուրախ լինիս և զվարճանաս: Դե՛հ, երեխա մի՛ լինիլ, ղոչա՛ղ կաց, ես շուտ կվերադառնամ ու կառնում, կտանեմ քեզ: — Ասաց ու համբուրեց ճակատս. ես առի նորա ձեռքը ու երկար ու տաք համբույր կնքեցի վրան:

Следующая страница