Պատկանյան Ռաֆայել՝   Արձակ երկեր

Երբ որ աղբյուրին մոտեցա, որ հանքային ջրեն խմեմ, մի լկտի դեմքով, բայց բավականին գեղեցիկ երեսով և բարեկազմ մարմնով երիտասարդ սպա ինձ ետ մղեց և յուր բաժակը ինձանից առաջ տվեց աղբյուրեն ջուր հանող աղջկան, որ լցնե ջրով: Ես վրդոված նայեցա սպայի երեսին. նա էլ նայեցավ վրաս պայքար հրավիրող կերպարանքով, ասես թե մեղավորը ոչ նա, այլ ես էի: Ես լռեցա, սպան քաջալերվեցավ և առավել համոզվեցավ, որ «համարձակությունը քաղաքներ առնող է»: Այս սպան ինձ բոլորովին անծանոթ չէր: Ես շատ անգամ տեսել էի սորան երկու մայրաքաղաքի մեջ: Օթելների մեջ մեծածախ ճաշի կամ խորակի մասնակցող, գինարբուքի մեջ շիշ ու գավաթ փշրող, ծառա ծեծող, հայելի կոտրող, թատրոնումը չհավանած դերասաններին և դերասանուհիներին թրջած խնձոր ձգող, լիխաչով չափ-տվող մայրաքաղաքի հռչակավոր քոքոթների ետևից և այլն, և այլն, միով բանիվ` այնպիսի «շքեղ ստահակություններ» անող, որոնց համար մինչև այժմ, այսինքն մինչև տասնևիններորդ դարս չի կարմրում այսպիսի սպան: Ասում են թե` այս սպան մի առանձին հատկություն ևս ունի, որն հետն բերել է Փարիզեն յուր վերջին ճանապարհորդութենեն, այսինքն` լավ վարձով ալֆոնսություն անել: Այս նորամուտ բառ է եվրոպական լեզուների մեջ. եթե սորա ճիշտ մեկնությունը կուզեք իմանալ` հարցուցե՛ք հարուստ այրիներին... Այս երիտասարդ սպայի անունը Վլադիմիր Դռոզդով էր:

Սիրտս վրդոված գնացի նստա բազմոցի վրա, իսկ Դռոզդովը մի ուրիշ սպայի հետ կուռ-կռի տված` քանի-քանի անգամ առջևիցս անցավ և ես երկու-երեք անգամ լսեցի նորա բերանից առմյաշքա խոսքը: Ազգային հպարտությունը բարձրաձայն խոսեցավ մեջս. նայեցա չորս կողմս, հեռվումը տեսա երեք-չորս հայ, որոնք արդեն քանի օր է, իրար հետ ականջ ականջի հայերեն փսփսում են. իսկ հրապարակավ, ժողովրդի մեջ պինդ պինդ ռուսերեն են կոտրատում: Եթե հաստ վզերը, կլոր երեսները, տկռած փորերը ու կարճ ոտերը չլիներ` նոցա կարելի էր բոլորովին եվրոպացի համարելու, վասնզի նոցա վրայի հագուստը ավելի եվրոպական, այսինքն վերջին ձևով կարված էր, քան թե նույնիսկ եվրոպացիինը: «Մեկ մարդը դաշտի մեջ մարտիկ չէ» ասացի մտքիս մեջ ու կուլ տվի Դռոզդովի այս նախատինքը:

Ութ ժամին, երբ որ երաժիշտները դադարեցան նվագելու և ժողովուրդը խումբ խումբ սկսավ վերեն վայր իջնելու, ես էլ միայնակ տխուր սկսա իջնել և ուղղեցի քայլերս դեպի բնակարան: Երմալովի լոգարանին որ հասա` հանկարծ առջևս երեք ֆայտոն սրընթաց անցան, վերջին երկու ֆայտոնները ծանր բեռնավորված էին, մեջերը նստողներ չկային, իսկ առաջինի մեջ նստած էին չորս հոգի, երեքի երեսը չտեսա, բայց նոցանեն մինին ես նմանեցուցի ԿատյայինՍոֆիայի հայ նաժիշտին: Սիրտս սաստիկ թունդ առավ. մոռացա Դրոզդովին էլ, իմ այն առավոտ կրած անարգանքն էլբոլորը մոռացա. Սոֆիայի ներկայությունը ասես թե բոլոր քաղաքի մեջ երջանկության հոտ և լույս տարածեց. ծառերն է՛լ ավելի գեղածիծաղ էին երևում, մարդոց երեսն է՛լ ավելի բարի և ազնիվ, ազգ անպատվող հայերն էլ երևում էին ինձ առավել անբախտ, քան թե ցածահոգի:

Գաղտնիք չէ՛, որ ես սիրահարված եմ Սոֆիայի վրա և գլխավորը` սիրահարված եմ առանց հույսի: Սոֆիան որ կա` միլիոնատերի միակ ժառանգն է, իսկ ես հայաստանցի մի խեղճ երիտասարդ, համալսարանեն հենց այս ամառ արձակած բժշկի վկայագրով: Երկինք ու երկիր իրար ավելի մոտ են, քան թե ես ու Սոֆիան:

Հունիսի 18.

Հինգ օր անդադրում գիշեր ցերեկ անձրևներ են գալիս, ո՛չ մի վայրկյան չի պարզեցավ երկինքը, ու գետինը չցամաքեցավ, որ ես կարող լինեի ոտքս շեմքես դուրս դնելու ու Սոֆիայի մասին, ինչ ու ինչ իմանալու, իրա՞վ նա էր եկողը, թե՞ ես խաբվեցա մի օտար աղջիկ Կատյայի տեղ ընդունելով. և այդ շատ հավանական է:

Ձանձրությունը և հոգեկան վիշտը խեղդում է ինձ, սիրտս ուզում է տրաքել: Գիրք չունիմ, որ կարդամ, ծանոթներ չունիմ, որ հետերը նստիմ, խոսակցիմ, սիրտս բացվի, եղանակը պարզ չէ, որ փողոց իջնեմ, մարդ տեսնեմ: Բանտարկյալի նման չորս պատի մեջ փակված, հորանջելով և հեկեկալով մնացել եմ:

Որովհետև առջևս պարապ ժամանակ կա (մինչև Սոֆիայի գալը) և ևս մեկ ուրիշ օգտավետ գործ չունիմ կատարելու, հիշեմ իմ անցյալը, որն այս ներկայիս հետ անխզելի կապ ունի:

Համալսարան մտած տարիս` հայրս մեռավ, հորեղբայրներս, որոնք հորս կենդանության ժամանակ նորա խանութի մեջ հասարակ սպասավորներ էին, չգիտեմ ի՛նչ խարդախություն բանեցուցին, որ մեռելը դեռևս սեղանի վրա կեցած` հայտնեցին, որ հորս մեծ հարստութենեն բացի հիսուն հազար մոսկովցիների պարտքեն ուրիշ բան մնացած չէ: Մայրս, քույրս և ևս մնացինք որբ և աղքատ: (Հորս մահեն ետ սոքա էլ շատ չապրեցան, մի տարիից մեռավ քույրս և տարի ու կեսից մեռավ մայրս): Քանի մի ժամանակեն աղքատ հորեղբայրներս դարձան մեր քաղաքի առաջնակարգ հարուստները, իսկ մայրս և քույրս իրանք իրանց աղքատիկ ապրուստը ստիպված են եղել կար-կարկատով ճարելու: Այսպես` ես Մոսկովումը օխտն-օտար ազգի մեջ, հեռի մայրենի քաղաքես, հեռի սիրելի բարեկամներես, մնացի անտեր, լքված և օրական հացի կարոտ:

Այն ժամանակները Մոսկվա մի բարի քահանա կար` անունը Մովսես: Այս տեր-Մովսեսը, իմանալով իմ նեղ վիճակը, առանց ինձ բան ասելու, գնացել է մի նորեկ հարուստ հաշտարխանցի հայ վաճառականի մոտ և պատմել է իմ որպիսությունը: Իսկ և իսկ այդ վաճառականին էլ յուր միակ աղջկա կրթության համար այդ միջոցին պետք է եղել մի վարժապետ: Եվ այդ կերպով տեր-Մովսեսը և Ասատուր-աղան իրանց մեջ պայման են դրել` ամսական տասներկու մանեթ ռոճկով ինձ կարգել վարժապետ: Երբ տեր-Մովսեսը ինձ հայտնեց այս բանը, այս նեղ դրությանս մեջ այս պայմանն էլ երևեցավ ինձ աստուծո ամենամեծ ողորմություն, թեև այդ ամենամեծ ողորմությունը ամեն օր խլում էր իմ թանկագին ժամանակից ամբողջ երկու ժամ, որն ուսանողի համար անփոխարինելի կորուստ է: Ո՛չ միայն այդքան, այլն Ասատուր-աղան աջ ու ձախ քարոզում էր, թե նա մի հայ ուսանողի մեծ բարերարություն է անում, այսինքն` տալիս է նորան ապրուստ. ոտից գլուխ հագցնում է և լցնում է նորա բոլոր պիտույքը, և խոհեմությամբ լռում էր իմ ծանր աշխատանքի մասին:

Սոֆիան (Ասատուր-աղայի տասներեք տարեկան աղջիկը) բավականին երես-առած աղջիկ էր. և մինչև որ նորան դասի կարողանում էի նստեցնել` իմս էլ ինձ էր հասնում: Առանց մեկ պատճառի կա՛մ գլուխն էր ցավում, կա՛մ տրամադրություն չէր ունենում` պարապելու, կա՛մ դասերը պատրաստած չէր լինում, կա՛մ գրքերը կորցրած էր լինում, եթե խրատում կամ աղաչում էի` սկսում էր լալու ու հազարումեկ նազեր էր ծախում: Սառն քրտինք էր գալիս վրաս մինչև կարողանում էի ամեն բան կարգի բերել ու սեղանի առջև հանգիստ նստեցնել: Աշխարհագրության, կամ քերականության, կամ թվաբանության դասերի ժամանակ ամեն անգամ ստիպված էի անտեղի հարցմունքի պատասխաններ տալու: «Աղջկան ի՞նչ հարկավոր է, թե Լոնդոնը Թեմս գետի կամ Վոլգայի վրա է. աղջկան ի՞նչ հարկավոր է, որ թագավոր բառի սեռականը թագավորի է և ո՛չ թագավորա. աղջկան ի՞նչ հարկավոր է, որ մեկ փութի մեջ կա երեք հազար ութը հարյուր քառասուն զոլոտնիկ. մայրս խո այդ ամենը ո՛չ սովորել է և ո՛չ գիտե, բայց նա շատ լավ մայր է»: Եթե ես նրան մեկնում էի թե` նորա մոր աղջկության ժամանակ այդ ներելի էր, այժմ ուրիշ ժամանակ է, և աղջկանից ավելի է պահանջվում, նա իսկույն ասում էր. «ուրեմն իմ մայրը հիմար է, ուրեմն իմ մոր ծնողքը անպիտան մարդիկ էին, որ չէին կրթել նորան»: Շատ անգամ խաթուն Օսաննան (Սոֆիայի մայրը) ևս ինձանից սիրտը ցաված էր լինում, և ես ստիպված էի լինում գլուխս ցածացնել արդարանալով այնպիսի գործերում, ուր ամենևին հանցանք չունեի:

Չգիտեմ կա՞ արդյոք աշխարհիս երեսին ավելի ստոր և ապերախտ պաշտոն, քանց հայ երեխաների դաստիարակիչ լինելն: Այդ միջոցին հազար անգամ սոսկալի երդումներ եմ կերել, որ եթե ես երբևիցե հայր լինիմ` անեծք կդնեմ իմ զավակների վերա` ո՛չ հայի քահանա և ո՛չ հայի վարժապետ լինել, տասնապատիկ գերադասելի է կառապան կամ փողոց ավելող մշակ լինել, քան թե հայոց քահանա կամ վարժապետ: Այն թշվառ կոպեկները, որ հայը շպրտում է յուր քահանային կամ վարժապետին, ոչինչով ավելի պատվավոր չեն այն կոպեկներեն, որ նա տալիս է մի մուրացիկ աղքատի. թե՛ այս և թե՛ այն դիպվածում նա յուր տվածը համարում է ապարդյուն ծախք: Հայը հավատում է լուսավորության ուժին, բայց ո՛չ այն լուսավորության, որն ստանում է մեկ հայից, այլ որն տալիս է նորան պաշտոնատարը, աստիճանավորը:

Զարմանալի՛ բան, քանի՛ ավելի տանջում էր ինձ Սոֆիան, այնքան ավելի սաստկանում էր համակրությունս դեպի նորան. համակրությունս ժամանակով սերի դարձավ, իսկ սերս փոխադրվեցավ կրքի: Այո՛, այս երես-առած աղջկանը ես կրավոր կերպով սիրեցի: Օրե-օրե նա զարգանում էր մարմնով. առողջությունը խոշոր կայլակներով կաթում էր նորա թշերից, լայն լանջերից ու բավականին բարձր իրանքից. և երբ լրացավ նորա տասնյոթը տարին և ես հինգերորդ դասարան մտա` Սոֆիան արդեն հարսնացու էր: Սերի կամ սովորության նման մի բան նորա կողմից ևս նկատում էի արդեն դեպի ինձ. բայց ծնողաց հոժարության մասին բոլորովին հուսահատված էի: Եվ ունեի պատճառ:

Մի օր Ասատուր-աղայի մոտ Հաշտարխանից հյուրեր էին եկել, երեկոյան թեյ էին խմում: Ես եկա Սոֆիային դաս տալու: Այդ միջոցին Սոֆիան տասնվեց տարեկան կլիներ, ես էլ չորրորդ դասարանի ուսանող էի: Հյուրերեն մինը հարցուց (երևի ականջը փոքր ինչ խուլ էր, վասնզի նկատած էի, որ խուլը կարծելով ուրիշին էլ խուլ` միշտ պինդ է խոսում) — էս ի՞նչ մարդ ա, հա՞յ ա:

Հա, հայ ա:

Ի՞նչ գործի ա:

Աղջկանս վարժապետն ա, սովորցնըմ ա:

Շատ ջահել ա, չես վախենը՞մ:

Քու տունը աստված չի քանդի, ինչի՞ց պետք ա վախենամ. Սոֆինկես էն հոր-մոր զավակ ա, որ էդպես անփոխանների վերա թքել չի ուզիլ, չէ թե մեկ ուրիշ բան:

Նայի՛ր, սա՛խտ կացիր, Բուղդան Նիկիտիչ. կրակն ու բարութը մին-մինի մոտ չեն տինում, մին էլ տեսնիս բիրդան կտռաքի, հա:

Չէ, Սիմոն Մալխասիչ, էտ դումանից դու միամիտ կացի՛ր:

Սոֆինկան իմ մեկ հատիկ զավակն ա, աչքիս լուսն ա, իմ միլիոնի ժառանգն ա, ես գի՞ժ եմ, որ էս անփոխանին տամ. ի՞նչ եմ հոգում, որ նա բժիշկ ա, գլուխն էլ քարը, հիմա էտպես քանավալներով քուչաները մոստիտ են անըմ. պալկովնիկներ, գեներալներ, գուբեռնատորներ քի՞չ են, ի՛նչ, Ռուսաստանըմ...

Աղա՛ Ասատուր, մի՞թե աղջկանդ ռուսի կտաս. հայիֆ չէ՞: Էդ խոմ չիլավ, հաութունը մեղալամ կը մոռանա...

Շատ պետք է ինձ քու հաութունը, — ասաց քիթ պռունկը ծռմռելով Ասատուր-աղան, — ի՞նչ ա, ռուսը կռապա՞շտ ա, ինչ ա, նա էլ խոմ մեզ նման քրիստոնյա յա, բալքի մի զատ էլ ավելի... թողե՛ք... պաժալըստա, ձեր ազգասիրությունը, ինչ ասես փիս բան` էդ ազգասիրութինի մեջն ա: Մեկ օր (դուք կացեք) ամենքիդ կը փռնեն, Սիբիր կուղարկեն, էն ժամանակ կիմանաք թե ինչ ա նշանակըմ` ազգասիրությունը, հաութունը: Չէ՛, աղա-ջան, իմ Սոֆինկեն աղավարի յա պոլկովնիցա կիլի, յա գեներալշա, յա գուբեռնատրշա, դու գնա էլի քու ազգասիրությունը արա...

Հալբաթ, — ասաց Սիմոն Մալխասիչը, — Սոֆինկայի բանը ջոկ ա. սաղ աշխարհքը որ պտրես, Սոֆինկայի նման բարիշնա յա մեկը քթնես, յա երկուսը:

Այդ միջոցին Սոֆիան գիրքը առած ներս մտավ, ես դուռը փակեցի ու էլ չի լսեցի այս անբարոյական խոսակցությունը երկու պատվավոր հայերի:

Ասացի որ` ես Սոֆիայի վրա սիրահարված էի, բայց սաստիկ կսխալին մարդիկ, եթե կկարծեն որ նորա հոր հարստությունը իմ սիրո մեջ մի որևէ դեր էր խաղում. ամենևին ո՛չ: Աստուծո առջև կարող եմ ասել, որ ոչ մի րոպե նորա հարստությունը ինձ չէր շլացրել, և ես ոչինչ ցանկություն չունեի երբևիցե տեր լինելու այն միլիոնին, որ նա մի օր յուր հորից պետք է ժառանգեր: Իմ պատմածից երևում է, որ Սոֆիան մի առանձին հոգեկան արժանավորություն ևս չուներ, որով կարող լիներ ինձ հրապուրելու: Ո՛չ. ես (թեև ամոթ է խոստովանելը) շատ սոսկական կերպով սիրել էի նորա գեղեցկակազմ, շնորհալի արտաքինը: Քանի որ նորան տեսնում էի` աչքս մութ էր կոխում, արյունս եռ էր գալիս, սիրտս պինդ-պինդ բաբախում էր ու ջիլերս քաշքշվում էին: Եվ ի՛նչ զարմանք, ինքս էլ այն ժամանակ քսաներկու տարեկան էի: Հոգի իմ մեջ էլ չէի նշմարում. ի՞նչպես կուզեք, որ ուրիշի մեջ որոնեի: Ես բոլորովին համոզված եմ, որ «առաջին սեր» ասած զգացմունքը իսկ և իսկ այն է, ինչ որ ես զգում էի այդ պատանեկական հասակիս մեջ: Այս, ինչ որ ես ասում եմ, գուցե ուրիշները չասեն, բայց այդ ոչինչ չէ նշանակում, այդ միայն ապացուցանում է, որ նոքա ինձ նման սրտաբաց չեն:

Րոպեի մեջ սիրել չէ՛ կարելի, բայց սիրահարվիլ կարելի է. րոպեի մեջ երևում է մարդուս արտաքինը և ոչ թե հոգին: Հոգի ճանաչելու համար շատ տարիներ են պետք: Մենք սիրահարվում ենք արտաքինի և ոչ թե հոգու վերա: Հավանիլ, սիրահարվիլ, սիրելպատանեկի և աղջկա համար միանշան գաղափարներ են. միայն չափահաս տարիքը կարողանում է որոշել և ամենին յուր տեղը և աստիճանը տալ մարդկային հարաբերությանց մեջ: Ստում է տղան, եթե ասում է թե այս ինչ աղջկա հոգին սիրեցի, նույնպես և աղջիկը տղի համար, մի՛ հավատաք. նոքա հավանել են միմյանց աչքը, ճակատը, մարմնու գույնը և այլն: Պատանիի կամ դեռահաս աղջկա բերանումը հոգին մի անորոշ գաղափար է այնպես, ինչպես որ ազգասիրություն խոսքը մեր ժամանակակից հայերից շատերի շրթերումն: Կարճ` ես սիրահարված էի Սոֆիայի վերա, բայց նույնը չեմ կարող ասել Սոֆիայի կողմից: Իհարկե, չորս տարվա ընթացքում, գրեթե ամեն օր չորս-հինգ ժամ միասին անցնելով, նա եթե չի զգար էլ դեպի ինձ սեր, գեթ ընտելացել էր իմ ներկայությանը: Ինձ տեսնելով` ուրախ էր լինում, եթե երեք-չորս օր հիվանդությանս պատճառով չերևայի նորա աչքին, հարցնում էր` ինչու եկած չէիև այսքանը: Երբեք նկատած չէի, որ նորան վշտացներ իմ բացակայությունը և կամ թե մեծ ուրախություն պատճառեր իմ ներկայությունը:

Մի երեկո, ըստ սովորությանս, գնացի նորան դաս տալու, բայց տանը չի գտա, հոր ու մոր հետ միասին չգիտեմ ու՛ր էր գնացել: Որովհետև հոգնած էի` չուզեցի, իսկույն բնակարանս վերադառնալու, ու մնացի նորա սենյակի մեջ: Պատի վերա կախած էր նորա լուսանկար պատկերը, աչքս դարձուցի վերան ու երկար ժամանակ նայում էի. հանկարծ վերաս մի անմեկնելի տրտմություն եկավ. աչքերես ակամա սկսավ արտասուք գալու: Հանեցի գրպանես թաշկինակս, սրբեցի աչքերս ու նորից անհագաբար նայում էի պատկերի վերա. դարձյալ բխաց աչքերես արտասուքի աղբյուրը: Այդ միջոցին մի մարդ դուռը բացեց, ներս մտավ, բայց ես ուշք չիդրի այդ բանի վերա. դարձյալ և դարձյալ աչքս պատկերին հառած, լալիս էի: «Պարոն, ինչո՞ւ ես լալիս, պարո՛ն, մեղք ես դու, պարո՛ն կարժե՞ էդ աղջիկը, որ դու նրա վերա մաշվում ես», ասաց ինձ մի քնքուշ և ողոքական ձայն: Ես դարձա և տեսա որ` առջևս կանգնած էր Կատյան, Սոֆիայի նաժիշտը:

Կատյան տարիքով հասակակից էր Սոֆիային, չար լեզուները (դուք նկատե՞լ եք, որ չար լեզուները մեծավ մասամբ ճշմարտախոս են լինում) — չար լեզուները ասում էին, որ Կատյան Ասատուր-աղայի մոտավոր ազգականներից մեկի որբն է, Մոսկով գալիս առել, բերել են հետները: Ուրեմն չորս տարիից ավելի էր, որ ամեն օր տեսնում էի նորան, բայց զարմանք բան, ոչ մի անգամ արժանի համարած չէի նորան իմ ուշադրությունը, տեղեկացած չէի թե` ի՞նչպես է կենում, ի՞նչպես է զարգանում, ի՞նչ պիտի լինի սորա ապագան, մինչև անգամ մտադրությամբ նայած չէի երեսին և չգիտեի սիրո՞ւն է, թե տգեղ, և եթե փողոցի մեջ հանդիպեի նորան, շատ կարելի է որ չի ճանաչեի ևս:

Երբ որ Կատյայի ձայնը ականջիս հասավ` առաջին անգամ` նայեցա երեսին և ինչ տեսնեմ. առջևս կանգնած էր, թեև աղքատի հագուստով, բայց շատ գեղեցիկ աղջիկ. հասակը երկու-երեք մատ բարձր Սոֆիայից, երեսի գույնը առավել վարդագույն և առողջ, լանջերը ավելի ճոխ զարգացած, մազը ավելի թավ, վարսը ավելի հաստ և երկայն, բազուկները մսոտ, առողջ և ուժեղ. մեկ խոսքով` Կատյան այն հազվագյուտ կանանցմեն էր, որոնք հաջողակ դիպվածներին հսկաների մայրեր են լինում: Բայց, ուշադրություն չդարձրի, ազնիվ ուսանողին շատ անվայել էր շքեղ բամբիշին փոխել մի մրոտ աղախինի վերա:

Անհամբերությամբ սպասում էի մայիս ամսին, երբ հարցաքննություններս ավարտած, բժշկի վկայականը ծոցս, օրինավոր քաղաքացի դարձած` պիտի ներկայանայի Ասատուր-աղային և նորա պատվական Օսաննա խանումին և հայտնեի, որ ես ի վաղուց հետե հավանել եմ նոցա աղջկանը. ահա՛ այժմ ռուսաց պետության աստիճանավոր եմ, ապրուստս լիովին ապահոված է, առաջվա պես ողորմելի երիտասարդ չեմ, ուրեմն, խնդրում եմ նոցա աղջկա, գեղեցիկ Սոֆիայի ձեռքը: Այս մասին քանի անգամ խոսել էի Սոֆիայի հետ, և որքան միտս էր գալիս, թեև նորա կողմեն մեկ հրճվալի ցնծության նշաններ տեսած չէի, բայց «չէ, չեմ ուզում քու կինը լինել» ևս լսած չէի նորա բերանեն, այնպես որ, կարծում էի թե` մեր ամուսնությունը ոչինչ արգելք չունի, գոնե իմ և Սոֆիայի կողմանե:

Վերջապես մայիսը հասավ, և ես վերջին հարցաքննություններս փառավոր կերպով տվի պրծա. վկայականս ծոցս դրի և ուրախ-ուրախ վազեցի Սոֆիայի ծնողաց մոտ:

Հը՞, ի՞նչ ա, բարևեց ինձ Ասատուր աղան:

Պրծա՛, պրծա՛, ասացի նորան ուրախ-ուրախ:

Շատ լավ ա, շատ լավ, ասաց նա. հիմի ուրեմն մեր հինգ տարվա արած լավությունը փուճ տեղը չգնաց, մենք էլ փա՛ռք ասծու, պրծանք մեր պարտքից: Հիմի ինչպես գիտես` էնպես կառավարվիր. էլ այսուհետև ումուտդ մեր վերա մի՛ տինիր. ինքդ քու գլխու ճարը արա...

Ես ամենևին այսպիսի պատասխան չէի սպասում. այս խոսքերը լսելով, ասես թե գլխուս սառը ջուր թափեցին: Բայց ես ինքս ինձի ժողովեցի ու հետո ասացի.

Մեծապես շնորհակալ եմ ձեզ` իմ վերա ունեցած ամեն երախտիքի համար, բայց ես ձեզ մի ուրիշ խնդիրք ունիմ հայտնելու:

Խնդիրքի անուն որ լսեց, Ասատուր-աղայի երեսի գույնը թռավ:

Հինգ տարի էսքան լավություն անելից հետո` էլի՞ բան ա մընըմ, ասաց նա դժկամությամբ:

Այժմվա խնդիրս փողի բան չէ՛, ասացի:

Ապա ասա՛, տեսնենք, ի՞նչ խնդիր ա:

Ասատուր-աղա՛, ասացի կմկմալով, ձեզ հայտնի է, որ ես այժմ անկախ մարդ եմ, այսուհետև ինձ ո՛չ առուտուր է պետք, ո՛չ դես ու դեն ման գալ` աշխատանք ու ապրուստ ճարելու համար, ոչ պետք է հոգամ թե վաղը ի՛նչ պետք է ուտեմ կամ մյուս օր ի՛նչ պետք է հագնեմ, փա՛ռք աստծո, այժմ իմ առջև ամեն դռներ բաց են, իմ կյանքը և ապրուստը բոլորովին ապահոված է...

Լաաա՛վ, ասաց Ասատուր-աղան ձայնը ձգելով ու ճակատի տակից երեսիս նայելով, էտի որ ասում ես` հետո ի՞նչ ես ուզում հասկացնի

Այն եմ ուզում հասկացնել, որ ես այժմ ազատ մարդ եմ

Թե որ ազատ ես, շատ բարի, քու ձեռը հով ա փըռնըմգնա` ուր որ ուզըմ ես, ո՞ւր ես մարդու բեզարացնըմ. ասաց ու բարկությամբ երեսը շուռ տվեց և ուզում էր հեռանալ

Տեսա որ` ի՛նչ ուզում էի հասկացնել` խոսքերիցս այն դուրս չեկավ ու շփոթվեցա, բայց ուժս վրաս ժողովելով, նորից սկսեցի.

Ասատուր աղա՛...

Էլ ի՞նչ, հալա չի պրծա՞ր

Ես մեկ բան ունեմ ձեզ հայտնելու

Ասա տեսնեմ, ի՞նչ ես ուզըմ հայտնել, — ասաց ու երեսը և մարմինը կես դարձուց դեպի ինձ:

Ասատուր-աղա, մի բարկանաք վրաս, ես ձեզ մի գաղտնիք պետք է հայտնեմ

Փիյ է է է՛, սպանեցիր վեր տիրար, օրթնած մարդ, էս քանի՞ վախտ ա. ականճ եմ տինըմ` դատարկ խոսքերից ղայրաղ բան չեմ լսիմ. ասա՛ պրծի՛ր, ես ժամանակ չունեմ քու տռհաջությունները միտիկ անելու

Ես... եսես սիրում եմ մադմուազել Սոֆիայինհոժա՞ր եք, որ նա իմ կինս լինի

Ասատուր-աղայի երեսը սպրդնեցավ, մեռելի գույն եղավ. աչքերը արյուն կոխեց, ճակատը քրտինք տվավ:

Դո՛ւնՍոֆիային... դո՛ւն... իմ, իմ, իմ Սոֆիայինիմ Սոֆիան քու կինը իլի՞... իմ Սոֆինկեն, միլիոներ աղա Ասատուր Բեյթումալովի աղջիկը մեկ էշի զըխկու սալմաստեցիխոյեցիի կընիկ իլիիի՛ատա` խելքդ տանե՞լ ես տվել, թե՞ ինձ գիժ ես կարծում... Քեզ հո՞վ իրավունք տվավ էդպես անամոթ, լիրբ բաներ մտքից անց կացնելու: Միտիկ արա՛, պարոն հեքիմ, դու հալա ջահել ես. էս անգամին կիլի քեզ ներել, ամա թե մյուս անգամ էսպես անմարդավարի, պիապուռ խոսք լսել եմ բերանիցդ էն վախտ, խնդրեմ, ինձանից բեդամաղ չիլես. նոքարներիս կհրամայեմ վզակոթիդ տալով` տանիցս դուրս անեն: Հիմի էլ, խնդրեմ, վախտ բե վախտ տունս մի գալ. այսուհետև վարժապետությունդ պրծավ, էլ դու ո՛չ Սոֆիայի վարժապետն ես, ո՛չ էլ Սոֆիան քու աշակերտը: Հիմի գնա՛ քու բանին, կուզես` ղուլլուղ մտի՛ր, կուզես` էնպես հեքիմություն արա՛, կուզես քու վաթանըՍալմաստ ու Ղարաբաղ ա, ինչ մարաքա յագնա՛ ու քու գործիդ իլի՛ր. էս էլ լավ իմանաս, որ Սոֆինկան քու բերանի թիքան չի. նրա վերա խոսողը` առաջ մեկ լավ բերանը պետք ա լվանա, իստակի, ապա թե իրավունք ունենա խոսելու:

Այսպիսի անպատիվ վարմունքից ու խոսքերից ետ` ինձ ի՞նչ էր մնում անելու: Գնացի փակվեցա իմ փոքրիկ սենյակի մեջ և ժամերով աղիողորմ լաց եղա: Սոֆիայի հիշատակը ինձ անողորմ հալածում էր. աչքս թե փակ լիներ և թե բաց` նորա երեսը կենդանի կեցած էր իմ առջև, և ասես թե մեղադրելով ինձ ասում էր. «Այդպե՞ս ուրեմն, տկար է քու սերը դեպի ինձ. մի՞թե մի ծեր մարդու երկու-երեք կշտամբանքը կարողացան սառեցնելու քու սերը, որն ես ամբողջ հինգ տարի արծարծել ու բորբոքել էի»:

Իսկույն տեղից վեր թռա. մի նամակ գրեցի նորան, այն օրվա նորա հոր հետ ունեցած խոսակցությունս բառ առ բառ գրեցի և հարցուցի նորա խորհուրդը թե` ի՞նչ պետք է անեմ այսուհետև: Նամակը որ պրծա` կնքեցի ու գնացի Ասատուր-աղայի տուն, ետևի սանդղքով մտա խոհանոց, և կամացուկ սպրդեցուցի Կատյայի ձեռքը, խնդրելով, որ իսկույն Սոֆիային հասցնե: Կատյան ոչինչ չասաց. մեղքանալով նայեցավ աչքերիս մեջ ու դուրս գնաց խոհանոցից: Ես էլ գնացի բնակարանս:

Երեկոյան թեյի ժամանակ կամացուկ ներս մտավ Կատյան, ու տվեց ինձ մի փոքրիկ թուղթ, ուր մատիտով գրած էր ռուսերեն: «Այս օրերս մենք գնալու ենք Տաք-ջուր, եթե կարող ես` արի՛ այնտեղ, կարելի է դիպված գտնես մեկ հնարով հորս հետ հաշտվելու: Իմ վերա հույսեր մի՛ դնիլ, ես քեզ ոչինչով օգնել չեմ կարող. նմանապես չեմ կարող ծնողացս կամքեն դուրս գալու. այդպիսի զոհ ինձանից մի՛ պահանջիլ»: Նամակի տակը ստորագրություն չի կար:

Կատյան սպասում էր:

Լա՛վ է, շնորհակալ եմ, ասացի, պատասխանելու բան չունիմ: Ներե, որ քեզ անհանգստություն պատճառեցի:

Կատյան տեղիցը չշարժվեցավ: Ես տեղես ելա նորից շնորհակալություն ասացի նորան, բայց նա դարձյալ անշարժ կեցած էր, ու աչքը արտասուք ուղիղ աչքիս մեջ էր նայում: Ես զարմացա:

Կատյա, ի՞նչ եղավ քեզ, ինչո՞ւ ես լալիս:

Աղա՛, ես քեզ խնայըմ եմ, դու մեղք ես, իզուր տանջվըմ ես. Սոֆիան քու ոտքի հողին չարժե. նա փուճ աղջիկ ա. նահախ ես պատիվդ ոտնատակ անըմ:

Ի՞նչ ես ուզում ասել, Կատյա ջան, ասացի. ինչո՞ւ ես վատաբանում քու խանումին. էստեղ նա ի՞նչ մեղք ունի, եթե կա մեղավոր` էդ նրա հերն է, Սոֆիան բոլորովին անմեղ է:

Չէ՛, աղա, դու սխալվըմ ես, թեպետ աղա Ասատուրը մեղավոր ա, ամա Սոֆիան տասնապատիկ ավելի ա մեղավոր. թե Սոֆիան ուզեր` քեզ էս օրին չէր հասցնիլ. ամեն բանի մեղավորն Սոֆիան ա. նա քեզ գժվացնըմ ա. նա քեզ չի սիրըմ. նա զայրաղ իրան ոչ-ոքի չի սիրըմ:

Նորից ու նորից զարմացա, որ այս մունջ Կատյայի բերանից այսպիսի համարձակ խոսքեր էին դուրս գալիս: Հինգ տարվա մեջ ես մեկ բառ լսած չէի սորանից: Ասեիր` տա՛ր` կտաներ, ասեիր` բե՛ր, կբերեր, ամեն հրաման առանց մեկ խոսք ասելու, անտրտունջ և լուռ կաներ: Ոչ մի գանգատ, ոչ մի անտեղի, լիրբ ծիծաղ լսած ու տեսած չէի նորանից: Այսօր մի հրաշք էր պատահել նորան. մեր հինգ տարվա մունջը պերճախոս հռետոր էր դարձել:

Ես գլուխս կախեցի և արտասուքը ակամա վազեցին աչքերես: Կատյան կամաց, բայց այնպես կամաց, որ ես ամենևին չնկատեցի, մոտեցավ ինձ, ետևիցս գլուխս յուր կրծքին սեղմեց, պագեց և ասաց նույնպես լալով (նորա արտասուքը մազերիս վրայեն գլորվելով` երեսիս վերա ընկան). Ա՛խ, աղա ջան, էս ի՞նչ դժոխք աշխարհ ա, դու Սոֆիայի համար ես էրվում, ուրիշը քու կրակովն ա խորովվում, Սոֆիան էլ, ով գիտե, ում ոտքին մի օր ղուրբան պետք ա գնա: Աղա ջան, աղա ջան, հրամայե, ես քու ոտքերի տակ կստակեմԱ՛խ, ինչո՞ւ ես իրավունք չունիմ քեզ սիրելու, դուն էն ժամանակ կտեսնեիր` թե ի՞նչպես պետք է սիրել քեզպես հոգիով տղամարդին:

Կա՛տյա, գիտե՞ս ինչ, գնա՛ շուտով տուն, չլինի թե Ասատուր-աղան գա ու քեզ տանը չի գտնե. նա վատ մտքեր կունենա քո մասին:

Աղա ջան, ի՞նչ եմ հոգում, որ նա իմ վերա վատ մտքեր կունենա. այսուհետև թեկուզ սև հողն էլ մտնեմ, հաջաթս չէ՛, — ասաց աղջիկը լալով ու դուրս թռավ:

Երբ որ Կատյան գնաց` խղճի խայթի նման մի բան սկսավ ներսս կրծելու:

Սոֆիա՞, թե՞ Կատյա, Կատյա՞, թե Սոֆիա, հարցնում էի ինքս ինձի, ու պատասխանը չէի գտնում:

Մի շաբաթից ճանապարհ ընկա դեպի Տաք-ջուր, բայց Ասատուր-աղան արդեն երկու օր առաջ գնացել էր այնտեղ:

Հունիսի 20.

Երկու օր դարձյալ անպտուղ կորցրի հյուրանոցներու, վարձու տալու տներու և բնակարաններու մեջ հարց ու փորձ անելով` արդյոք` Մոսկովից այս ու այս նշաններով ընտանիք եկե՞լ են թե ոչ: Ոչ ոք ինձ մեկ բավարար պատասխան տալ չկարողացավ: «Երևի, միտք արի, ես իրավ սխալվել եմ, մի օտար աղջիկ նմանեցնելով Կատյային»:

Այսօր երեկոյան դեմ, ժամը 6-ին, ես գնացի այստեղի ճեմելիքըուր սովորաբար երաժիշտները նվագում են և ժողովուրդը խուռն բազմությունով զբոսնում է:

Ճեմելիքի մեջ տեղ-տեղ դրած են դեղձանիկի վանդակի նման փոքրիկ խանութներ, ուր վրաստանցի հայը ծախում է թարմ պտուղներ, գերմանուհին` տաք-տաք գրդակներ, ուրիշ մարդ` լրագիրներ և գրքեր. տեղ-տեղ սեղաններ էլ կան, ուր ծախվում են արծաթագլուխ ցուպեր, կնիքներ, բուստե և լավաե շինած կանանց զարդեր, «նորաշեն հնություններ և նորատիպ հին դրամներ», այս սեղաններից մինի առջև կանգնած են երկու-երեք պարսիկներ և ծախում են ակեր ու մարգարիտներ:

Ես առհասարակ սաստիկ հակակրություն ունիմ դեպի ակնավաճառները, և նկատել եմև իմ նկատմունքը շատ սակավ սխալ է եղելոր ակնավաճառները ըստ մեծի մասին լինում են խարդախ, խորամանկ, ստախոս, մարդահաճո, շողոքորթող և խաբեբա մարդիկ: Պատճառը շատ պարզ և հասկանալի է. նախ որ` «մութ ապրանք» է, նա որոշյալ գին չունի, նորա գինը կտրվում է ծախողի ճարպիկությունով և գնողի թեթևամտությունով, և երկրորդ` ակը առօրյա պետքական բան չէ. այլ զեխության առարկա է. նորա գնողը հարկավ ունևոր մարդ պիտի լինի, իսկ ունևոր մարդու ձեռքից շատ փող դուրս հանելու համար` վաճառականը պիտի ունենա այն հատկությունները, որ քանի մի տող վերը հիշեցի, այսինքն խորամանկություն, մարդահաճություն, ստախոսություն, շողոքորթություն, խաբեբայություն և խարդախություն:

Ինչպես ասացի, ճեմելիքի մեջ շարած սեղանների մինի առջև կանգնած էին պարսիկներ ու թանկագին ակեր և ակնակուռ զարդեր էին ծախում: Հանկարծ աչքս դարձնեմ ու ի՞նչ տեսնեմ. Ասատուր-աղան մի մեծ կարմիր զմրուխտ է ծախս անում, պարսիկը պահանջում է վեց հազար մանեթ, իսկ Ասատուր-աղան տալիս է չորս հազար հինգ հարյուր մանեթ:

Համալսարանումը ես առանձին ուշադրությամբ լսում էի հանքաբանության դասախոսությունները և մեր պրոֆեսորը ակերու վերա խոսելիս` միշտ սովորեցնում էր մեզ զանազան հնարներ` թե ի՞նչպես պետք է խարդախ ակը իսկականից ջոկելու. իսկ կարմիր հակինթի մասինայս օրվա պես միտս էերկարորեն պատմել էր:

Եվ ճշմարիտ պետք է ասել, որ այնպիսի ընտիր ակ, ինչպես որ պարսիկն էր ծախում, ես կյանքիս մեջ տեսած չէի` թե՛ ցոլքի, թրաշի, և թե՛ խոշորության կողմանե: Թագավորին էլ որ ընծայեիր, չէիր ամաչիլ, — այնքան գեղեցիկ էր: Հանկարծ հոգուս մեջ երկմտություն մտավ չլինի՞ թե այս խարդախ ակ լինի. վասնզիես կարծում էիեթե նա իսկական ակ լիներ` առսակավը տասնհինգ հազար մանեթ պետք է արժենար. իսկ մեկ քնծռոտ պարսկի ձեռք ի՞նչ գործ ուներ այդպիսի գումարի ահագին ապրանք: Արդեն պարսիկը զիջել էր ութ հարյուր ռուբլի և Ասատուր-աղան ավելացրել էր հինգ հարյուր ռուբլի. տարբերությունը այնքան չնչին էր, որ փոքր ժամանակից ետ անպատճառ նոցա ծախսը պիտի վերջանար և ակը պիտի ծախվեր: Սիրտս չհամբերեց. ուզացի ստուգել իմ կասկածը. մոտեցա Ասատուր-աղային, բարևեցի (իբր թե մեր մեջ երբեք գժտություն պատահած չէր), հարցուցի նորա առողջությունը (Սոֆինկայի մասին մի խոսք չհիշեցի) և հետո հարցրի, թե ի՞նչ է ծախս անում:

Էս յաղութը ուզում եմ առնել, ի՞նչ կասես` լավ բան ա՞. և ցույց տվեց ինձ այն սիրուն ակը, որ փստուղի մեծության կլիներ:

Ձեռքս առի, դարձրի դեպի արեգակն ու ակի մեջտեղը երկայն ժամանակ և ուշադրությամբ նայեցա: Մի աննշմարելի գիծ տեսա նորա մեջը, որն անփորձ մարդը հարյուր տարի էլ որ նայեր` չէր տեսնիլ, ու դառնալով պարսկին, ասացի.

Քանի՞ ուզում ես ծախել այս ակը:

Следующая страница