Պատկանյան Ռաֆայել՝   Արձակ երկեր

Այս մտքերի մեջ էի, որ հեռվից մի պառավ կին, գավազանը ձեռին, կամաց-կամաց գալիս է ու առջևիցս անցնում: Առաջ մեկ անգամից չճանաչեցի, բայց հետո, երբ մի լավ տնտղեցի` տեսնեմ` ղրիմցի Հոռոմսիման է:

Հոռոմսիմա-ճիճան30 յոթանասունհինգ տարեկան կնիկմարդ է, բայց քայլվածքը, արագ-արագ խոսելը, կրակոտ աչքերը որ տեսնես, խաչը վկա, հիսուն էլ չես տա. ինքը` առույգ, խոսքը` կտրուկ, դատմունքը իսկական տղամարդու, հագի շրջազգեստը որ չլիներ` նրան ո՞վ կնոջ տեղ կդներ. այնպես լեզվի տակ չմնացող կին է որ` տասը տղամարդու հավասար: Ինչպես է պատահում, որ մի օր նրան մագիստրատ31 են կանչում. մեր Հոռոմսիմա-ճիճան գնում դատավորների առջև այնպես ճարտար է խոսում, որ մարդկանց բերանը բաց է մնում, երեսին են նայում, թե` այս ինչ բան է: Մի օր էլ նրա տունը գողեր են մտնում. ինքը տան մեջ բուի պես մեն-մենակ է. գողերն սկսում են նիգերով, երկաթներով դուռը կոտրել. մեր Հոռոմսիմա-ճիճան հապճեպ անկողնից վեր է ցատկում, իսկույն անկյունից գավազանն առնում ու ձայն տալիս. «Ա՛յ տղա, Սիմո՛ն, Քափռե՛լ, Մաթիո՛ս, Ստեփա՛ն, Ասվատո՛ւր, — այսպես մոտ մի քսան մարդու անուն է տալիս, — շուտ ելե՛ք, կացիններն առե՛ք, թոկերը բերե՛ք, գողեր են եկել, կապեցե՛ք, մորթեցե՛ք, մեռուցե՛ք»: Գողերն էլ, նրանք ի՞նչ իմանան Հոռոմսիմայի խորամանկությունը, տեսնում են, որ տան մեջ մի գունդ մարդ է մնում, այնինչ խելքները որ գլուխները լիներ` գլխի կընկնեին, որ այդ փոքր տան մեջ այդքան մարդու համար իսկի տեղ չկար, թողնում, խուճապով փախչում են: Ահա այսպիսի անվախ, խելոք կին է Հոռոմսիմա-ճիճան:

«Բարև, քույրիկ», — ասի: «Աստծու բարին», — ասաց: «Որտեղի՞ց ես գալիս», — հարցրի: «Հիվանդի էի գնացել», — ասաց:

Հա՛, մոռացա ասել, որ Հոռոմսիմա-ճիճան գիր-կարդում չգիտե, բայց վարպետ-հեքիմ է. խոտի վրա պառկեցնել, շաքարաջուր խմացնել, թանչի դեղ անել, երեխոց ջղագարությունը բուժել, հազար տեսակ կանանց հիվանդությունների ճար անել: Խիստ վարպետ հեքիմ է: Գիտեմ, պիտի ծիծաղեք վրաս, բայց ես էլի իմ խոսքս եմ ասում. երեխաներս, երբ շոգերն ընկնում էին, փորլուծ էին ընկնում. կինս էլ երեք տարի իրար ետևից ջերմից ամբողջովին հալվել մաշվել էր խեղճը: Ականջը կանչի, ոսկերիչ Արութինի աղջիկը` աղյուսագործ Սահակի հարսը` «այսպես, այսպես ղրիմցի մի կին կա, ասաց, անունը Հոռոմսիմա. մի կանչեցե՛ք, ասաց, գուցե չփոշմանեք»: Ճիշտն ասեմ, մեր տեղի հեքիմներից բան չէի հասկանում, գալիս են, ախպեր, կրունկների վրա ման են գալիս, ի՛նչ տեսակ դեղատոմս ասես խզմզում ենես ի՞նչ իմանամդարակներս ապտեքի շիշերով լցվեցավ. բայց ես նրանց գիտությունից բան չհասկացա: Մարդ ղրկեցի, կանչեցի այդ Հոռոմսիմա-ճիճային: Հավատո՞ւմ եք, երեք օր չանցավ, կնոջս ջերմը կտրվեց, երեխոցս փորլուծն էլ անցավ, ահա չորս տարի է, որ տանս մեջ հիվանդություն չկա: Ձեռքը թեթև է, ասա, դեղի վարպետ է, ասա, այնպես մի պատահմունք էր, ասա, բայց մինչև այսօր իմ տան հեքիմը Հոռոմսիմա-ճիճան է: Տվածս էլ ի՞նչ է որ` տարին հինգ մանեթ կամ տամ կամ` չէ: Մեզ մոտ եկած օրը երեխաներիս համար տոն ու զատիկ է: Այնպե՛ս անուշ լեզու ունի, այնպե՛ս սիրտ շահել գիտե, որ, խաչը վկա, թագավոր լինեի` նրան վեզիրս կանեի:

Հիվանդությունն ինչպե՞ս է քաղաքիս մեջ, — հարցրի:

Մի՛ ասի, ջանս, — ասաց Հոռոմսիմա-ճիճան, — քաղաքիս բանը լիովին վերջացել է. տասը տարի էլ որ այսպես գնա, մեր քաղաքը մի մեծ ավերակ կդառնա, կվերջանա... այս ի՛նչ տեսակ-տեսակ հիվանդություններ, այս ի՛նչ խելքից դուրս մահեր, ժամերի զանգերը կոտրվեցան մեռելների համար զանգ զարկելով, փոս փորողի բահը մաշվեցավ գերեզման փորելով, տախտակը թանկացավ մեռելների համար դագաղ շինելով, խելքս չի հասնում` ի՞նչ է լինելու մեր հայի հալը:

Ի՞նչ է, — հարցրի, — չգիտե՞ս այսքան հիվանդությունների պատճառը:

Պարզ չէ՞ որ, — ասաց Հոռոմսիմա-ճիճան, — մեր մեղքի պատիժն է դա. ի՞նչ լավ բան արած ունինք մեր ստեղծողի առջև, որ հատուցումն էլ լավ լիներ: Գողը, — աստվածդ կսիրես, — մենք ենք, կեղծ փողի մեծ վարպետը` մենք ենք. թշվառների վերջին շապիկը վրայից քաշողը-հանողը` մենք ենք. որբի ժառանգությունը ուտողը` մենք ենք. լավ մարդու անունը կոտրողը` մենք ենք. էլ ի՞նչ է մնացել, որ մենք չանենք մեր շահի համար: Իսկի չպիտի զարմանանք, որ ողորմած Աստված մեզ այսպես պատժում է. խիստ լավ է անում, խիստ տեղին է անում, մեռնիմ նրա սուրբ անունին. զարմանալին այն կլիներ, երբ որ նա մեզ առանց պատիժի թողներ. այն ժամանակ ո՞վ գիտե ի՞նչ Սոդոմի մեղքեր պիտի գործեինքհիմի էլ հո պակաս չենք անում: Ա՛յ տղա, լսել ես, չէ՞…-ի հարսի մասին ասում են, թե... էրիկն իմանում է, պսակի առաջի օրը վրան ատրճանակ է քաշում. բայց գնդակը կողքով է անցնում, չի դիպչում. դրանից է, որ կնկանը է՛լ ազգականների տունը չի թողնում

Տեսա որ Հոռոմսիմա-ճիճան տաքացավ. իմ ուզածս էլ այդ էր. նա որ սկսեր զրույցը` էլ դադարում չուներ. խոսքը աղբյուրի պես կբխեր բերանից և, քանի գնար, ավելի առատ, համով ու անուշ:

Այդ չէ, բայց, — ասի, — Հոռոմսիմա-ճիճա, կես ժամ կլինի, այս բաց բակին եմ նայում, չեմ կարողանում իմանալ ո՞ւմ տունն է եղել այստեղ, ինչո՞ւ տերը միջից ելել է, ինչո՞ւ տունը վերցրել են, մեջի կեցողը ո՞ւր է գնացել: Դու հին կնիկմարդ ես, քաղաքիս ամեն ծակուծուկը մտել-ելել ես, անշուշտ այդ էլ կիմանաս. հարկավոր գործ թե չունես, ջանս, Հոռոմսիմա-ճիճա, պատմի այս բաց բակի առաջվա կեցողների մասին` ինչ որ գիտես:

Հոռոմսիմա-ճիճան աչքը դարձրեց բաց բակի կողմը, մի լավ նայեց, գլուխը տարուբերեց. «Ա՛խ, որդի՛, որդի՛, ասաց, այս տան հեքիաթը երկար է, առաջվա հեքիաթների պես օխտը օր, օխտը գիշեր պիտի պատմես, որ ծերին հասնես»:

«Այս պարապ-դատարկ տեղը, ինչպես հիմի ես տեսնում, միշտ այսպես չէր. մի ժամանակ այստեղ փոքրիկ, բայց գեղեցիկ, փայտից, բայց ամուր, կարգին, լավ պահված տուն կար: Ի՞նչ անեմ հիմիկվա աղյուսի տները, որ դրսից պալատներ են նմանում, իսկ ներսից իսկական գերեզմանոց են: Հնուց մի խոսք կա` «թուլամեջը նստողը կուլա»: Այս դատարկ տեղը, նայի այստեղ, ասաց, մատով ցույց տալով գետինը, այս թթի ծառի դիմաց, հինգ պատուհանով, կանաչ փեղկերով, կարմիր կտուրով մի տուն կար. նրանից քիչ ներքև, մինչև այն աքասիներըտեսնո՞ւմ եսահա այդտեղ մի մարագ կար. տան ու մարագի մեջտեղը մի խոհանոց և մոտն էլ` մի հավաբուն. այստեղ, դարբասի աջ կողմը, դեպի վար, մի ծանծաղ ջրհոր կար, ասաց Հոռոմսիմա-ճիճան և սկսեց փնտրել ջրհորը, բայց ջրհոր չէր երևում: «Մեղա՛, այս ի՞նչ տարօրինակ բան է. տեսնո՞ւմ ես, ջրհորը կորել է, այս ի՞նչ բան է. այսօրվա պես միտս է, որ այս կանգնածս տեղը անուշ, թեթև ջրով, ոչ խոր մի ջրհոր կար, ի՞նչ է եղել. մեղա՛, ամեն բանի կորչելը լսել էի, բայց ջրհորի կորչելը հեչ չէի լսել»:

Քիչ լռելուց հետո Հոռոմսիմա-ճիճան վար իջավ, գավազանի ծայրովը հողը փորփրեց ու ասաց. «Տեսնո՞ւմ ես գեղեցիկ ջրհորը. չարաճճի երեխաները կղմինդրով, քարով, հողով լցրել, կորցրել են. ափսո՛ս, ափսո՛ս, բայց ի՛նչ. գլուխը կտրելուց հետո մորուքի վրա չեն լալիս: Այս էլ այսպես. ջրհորն ի՞նչ հորս ցավն է, որ ափսոսամ, մեղքը խեղճ մանրավաճառ Սարգսին ու նրա ընտանիքին եղավ»:

Ճիշտը գիտե՞ս, որ այստեղ աթթար32 Սարգսի տունն էր, — հարցրի, — տես` մոռացել էի: Բայց ի՞նչ եղավ աթթար Սարգիսը, որտեղ է հիմա. կա՞, թե՞ չկա այդ մարդը, ընտանիքը որտե՞ղ է. մի գեղեցիկ աղջիկ ու մի տղա էլ ուներ, ո՞ւր են հիմի... Այն ժամանակները ես դեռ երեխա էի. մեր տունը մի հաճի-մամա էր գնում-գալիս. նա մեզ շատ բաներ էր պատմում աթթար Սարգսի մասին, գովում էր նրա տուն-տեղ կառավարելը. նրա կնոջ գովասանքն էր անում, նրա զավակների մասին ի՛նչ լավ բաներ ասես պատմում էր: Ամառները մրգի ժամանակ, գնում էր նրանց տունը, տեսակ-տեսակ միրգ էր քաղում բաղից, գրպաններն էր լցնում և մեզ բերում. սա, ասում էր, խաղողի նման բալ է, սա մեղրահամ կեռաս է, սա շամ-սալոր է, սա` քրքում խնձոր է, սա` զինճիրմե-տանձ էո՞ւմ միտքն է` մրգի տեսակները շա՛տ էն: Այդ ժամանակից ի վեր աթթար Սարգսին ճանաչում էինք: Երբ տան համար պետք էր լինում ամեն տեսակի մանր-մունր բաներ, մայրս ինձ փող էր տալիս, և ես միշտ Սարգիս-աղայի խանութից էի առնում զմուռս, արջասպ, վարդի մուրաբայի համար ծծումբ, խունկ, քույրերիս համար սուրբ Կարապետի մաստաք, ահա այսպիսի բաներ:

Շատ էի սիրում աթթար Սարգսին, հանդարտ մարդ էր. երեսը միշտ խնդում էր: «Ի՞նչ ես ուզում, տղաս», — ասում էր, երբ նրա խանութն էի մտնում: «Մամաս բարև արավ, ասում էի մի գրոշի մեղրամոմ ուզեց թել մոմելու համար»: «Տամ, տղաս, տամ», — ասում էր, և թղթի պես բարակ տաշած փայտե կլոր արկղներից հանում էր մեղրամոմը, դանակը թքոտում, որ մեղրամոմին չկպչի, կտրում, թղթի մեջը փաթաթում, տալիս: Հետո դարակից վերցնում էր մուրաբայի մի մեծ բանկա, միջից մի կտոր նեպեթ-շաքար էր հանում. «այս էլ քեզ, տղաս, — ասում էր, — կե՛ր, դա հազի դեղ է»: Երբեք չի պատահել, որ նրա խանութից բան առած լինեմ ու դատարկ ձեռքով ետ դառնամ: Նեպեթ-շաքարը ձմեռներն էր տալիս, ամառները խանութի մեջ մի զամբյուղ էր ունենում, տեսակ-տեսակ մրգերով լիքը, երբեմն` բալ, երբեմն` ծիրան, սալոր, տանձ, խնձոր: Հայտնի բան է, որ իր բաղից էր: Աթթար Սարգսի բաղն այն ժամանակներըասածս կլինի սրանից մոտ 30-35 տարի առաջխիստ գոված բաղ էր: Ի՛նչպես է լինում, մայրս ինձ էլի նրա խանութն է ուղարկում, խաչը վկա, լավ միտս չէ, կարծեմ փլավի համար զաֆռան պիտի առնեի: Փողը տվի. մայրս ինչ որ պատվիրել էր` ասի իրեն. փաթթեց տվեց: Աչքս լիքը մրգով զամբյուղից չէի հեռացնում: Աթթար Սարգիսը միտքս հասկացավ. «այսօր, ասաց, իմ բաղից քեզ միրգ կուտեցնեմ, դու մեր տունը գիտե՞ս ո՛րտեղ է»: «Հա՛, գիտեմ, ասի, Աստվածածնի փողոցումն է, չէ՞»: «Հա, տղաս, գտար, — ասաց, — այդտեղ հինգ պատուհանով, կանաչ փեղկերով տուն է, առջևն էլ մի թթի ծառ կա: Այս զամբյուղն առ տար տիկինինիր կնոջը` ուզեց հասկացնելտուր իրեն ու ասա` «Սարգիս-աղան հրամայեց, — ասա, որ Թորոսի հետնրա որդին էրբաղը մտնեք և սրտներդ ինչ ուզենա` ուտեք»: Ձեռս մի նոր զամբյուղ տվեց, մեջը նայեմ` լյարդ կար: Լյարդը որ տեսա` ասես սատկած շան տեսածի պես եղա, այնպես զզվեցի: Այն ժամանակներըչգիտեմ հիմի ի՛նչպես էլյարդ ուտողի վրա այնպես էին ծիծաղում, որ գողից-հարբեցողից, կեղծ դրամ շինողից ավելի: Լյարդը ուտողը տնով-տեղով ծաղրելի մարդ էր. կարգին մարդիկ հետը երթուգալ չէին անում: Բոլորովին մոռացա աթթար Սարգսի լավ մարդ լինելը, նրա գոված բաղը, նրա գեղեցիկ աղջկանհաճի-մամայից լսել էի այդ աղջկա գովասանքըի՛նչ խոսքս երկարացնեմ, լյարդը բոլորովին փչացրեց իմ բարեկամությունը աթթար Սարգսի հետ: Այդ բանը աթթար Սարգիսը հասկացավ: «Ինչո՞ւ այդպես մեկեն իմեկ տխրեցիր», հարցրեց` էլի առաջվա պես խնդումերես: «Դուք բակում շուն ունե՞ք», — հարցրի նրա խոսքին ուշադրություն չդարձնելով: «Չէ, չունեմ», — ասաց: «Հապա այս լյարդը ո՞ւմ պիտի տաք», — ասի: «Ոչ ոքի էլ տալու չենք, — ասաց, — մենք ինքերս պիտի ուտենք»: Աչքս աթթար Սարգսին դարձրի` արդյոք կատակ չի՞ անում, արդյոք վրաս չի՞ ծիծաղում, բայց չէ. երեսի վրա կատակի հետք չնկատեցի: «Դու լյա՞րդ ես ուտում», — հարցրի: «Հա՛, ուտում եմ», — ասաց: «Ճի՞շտ ուտում ես», — հարցրի: «Ինչո՞ւ ես զարմանում որ, — ասաց նա, — լյարդը չի՞ ուտվի, ի՞նչ է»: «Դա կատաղած շներն են ուտում», — ասի սիրտս ցաված: «Դու իսկի չե՞ս կերել», — հարցրեց ինձ աթթար Սարգիսը: Ես լռեցի, բան չասի և երեսս դարձրի խռովածի պես: Այդ րոպեին խեղճ Սարգիս-աղան աչքիս մեռելի միս ուտող կամ մարդակեր թվաց:

Այս խոսքի վրա էինք, որ ներս մտավ սիրուն, իմ հասակակից մի տղա: «Մայրս ղրկեց, — ասաց, — որ շուկայից ինչ-որ առել ես, ինձ տաս, տուն տանեմ. օջախը երկար ժամանակ է` վառվում է»: Իմացա, որ ներս մտնողը նրա որդի Թորոսն էր, որի մասին հաջի մամայից գովասանքներ շատ էի լսել:

Այս պատմածս ժամանակները մեր քաղաքում ութ-ինը տարեկան մաքուր-կարգին երեխա շատ քիչ էր պատահում. ոտաբոբիկ, գրպանները վեգերով լիքը, վարտիքի փողքերը պատառոտած, գլուխները` բաց, երեսները փոշոտ, ճանկռոտած, բերանները հազար տեսակ հայհոյանք, այսպես էին երեխաները չորսից մինչև տասներեք տարեկանը. մեր ժամանակը խելք, քաղաքավարություն, բարի վարք` խանութի մեջ էին սովորում. տանըուզում եմ ասել` թաղերում, փողոցներումամեն տեսակ այլանդակություն էր` հարստից սկսած մինչև վերջին աղքատի երեխան: Թորոսի երեսից երևում էր, որ նա տանը նստող խելոք տղա է: Սրտով սիրեցի նրան: «Ահա, տղաս», — ասաց աթթար Սարգիսն ու նրան տվեց իմ նետած զամբյուղը: Թորոսը մեջը նայեց. «Այսօր կարկանդա՞կ կունենանք», — ասաց ու գլխարկը դրեց, ուզում էր գնալ: «Ա՛յ տղա, Թորոս, — կանչեց աթթար Սարգիսը, — արի, հետդ առ Մելքոնին, տար մեր տունը` ախպարախպար խաղացեք»: Մտքումս ուրախացա, մեկ որ` Թորոսի պես լավ տղայի հետ պիտի խաղայի, մեկ էլ որ` նրանց գոված բաղը պիտի տեսնեի. մի ուրիշ պատճառ էլ կար ուրախանալու, բայց չեմ ասում, թե խելք ունեք` հասկացեք: Զարմանք բան է մարդուս բնությունը. երեխա կա, որի խելքը տասնութ տարեկան հասակում է բացվում, երեխա էլ կա, որ հինգ տարեկան հասակում այնքան բան է հասկանում, ինչքան ծերերը: Մարդուս բնությունը մեծ բան է: «Հապա զավֆռա՞նս», — հարցրի Սարգիս-աղային: «Դա քու բանդ չէ, — ասաց: Ինձ տուր, մեկին կտամ` կտանի. դու միամիտ եղիր»: Շատ ուրախացա, որ, դրանից էլ ազատվեցի, և վազելով ես ու Թորոսը գնացինք դեպի ցած: Թորոսը սուս-փուս գնում էր, կարծես ինձանից քաշվում էր: Առաջինը ես խոսք բաց արի: «Ա՛յ տղա, դուք լյա՞րդ եք ուտում, հա՞», — հարցրի նրան: «Հա, կարկանդակով», — կարճ կտրեց խոսքը Թորոսը: «Բա ասում են, թե լյարդը շներին են տալիս ո՛ւ.., ասի ես, շան կերած բանը հեչ մարդ կուտե՞»: «Շունը հավի միս էլ է ուտում, դրան որ նայես` մենք հեչ բան ուտելու չենք», — ասաց Թորոսը, և, երեսից հասկացա, որ սիրտն ինձանից ցավել է: Հայտնի բան է, որ հարցմունքս անվայել էր: Լյարդի մասին է՛լ խոսք չեղավ:

Այսօրվա պես միտս է. փողոցի դռնից որ ներս մտանք, կարծես մի նոր աշխարհ մտածի պես եղա. բակը մաքուր. մի շյուղ չկար. ճերմակ, գեղեցիկ հավեր, բադեր, հնդկահավեր իրենց ճուտերով ման էին գալիս. տան կտուրին գեղեցիկ, ցեղական աղավնիներ կային. բակի մեջ տեղ-տեղ վայրի ծառեր էին տնկված` կանաչ, թարմ, մատղաշ. տան սանդուղքը և պատշգամբը մաքուր, գեղեցիկ, ջրհորդանների տակ ներկած տակառներ կային անձրևաջրի համար, և բոլորը մաքուր: Պատուհանների վրա ճերմակ ծաղկամաններով տեսակ-տեսակ ծաղիկներ կային, պատշգամբում կախված մաքուր վանդակներում երգող թռչուններ` դեղձանիկ, սոխակ, կարմրակատարմյուսների անունները չգիտեիմի խոսքով ինչ բանի վրա աչքս դարձի` ամենը մաքուր, համեստ, գեղեցիկ:

Բակում շուն չկար. էլի լյարդը միտս ընկավ. հիմա հավատացի, որ իրենք պիտի ուտեն: Խոհանոցում, ճիշտ է, կրակ էր վառվում: Ծուխը քուլա-քուլա բարձրանում էր ծխնելույզից: Խոհանոցում մի կին կար. երևում էր, որ Սարգսի կինն է: Աթթար Սարգսի կինը կլիներ մոտ երեսուն տարեկան, ինքն առո՛ղջ, այտերը կարմի՛ր, մարմինը ամո՛ւր, օջախի դիմացը կանգնած շատ ավելի էր կարմրել, ինչպես ասում են` ալը թշերից կաթում էր: Պատշգամբում, նստարանին նստած էր, հին սովորությամբ գլուխը մուգ կարմրագույն ընտիր կերպասի ֆեսով մի աղջիկԳեղեցիկ շատ աղջիկներ եմ տեսել, ավելի գեղեցիկ դեմքեր եմ տեսել, բայց ինչ որ այն օրը տեսա, կյանքումս այնպիսի աղջիկ տեսած չեմ: Ո՞վ գիտե, գուցե այն ժամանակ երեխա էի, շատ գեղեցկուհիներ տեսած չլինելով, նա ինձ հիանալի բան երևաց, ու քանի գնաց` մտքիս մեջ ավելի գեղեցկացրի, ո՞վ գիտե: Բայց դրանից հետո է՛լ, ոչ մի աղջկա գեղեցկություն ինձ այդպես չհիացրեց, չսիրահարեցրեց: Ասում են, և դա ճիշտ է եղել, թե մարդ հր կյանքում մի անգամ է սիրում: Այն օրը ես առաջին ու վերջին անգամ սիրեցի: Աղջկա անունը Թագուշ էր:

Թորոսի մոր հրամանով պարտեզ մտանք, տեսակ-տեսակ ծաղիկներ քաղեցինք, միրգ կերանք, ճաշի Ժամանակ Սարգիս-աղան խանութից եկավ, լյարդից պատրաստած կարկանդակը կերավ. տեսա, որ երբեմն մարդկանց գովածը հիմար բան է լինում, երբեմն էլ վատ ասածը` լավ: Արդյո՞ք կարկանդակն էր համեղ պատրաստած, արդյո՞ք մանկությունս էր նրան համ տվողը, թե՞ Թագուշի վրա նայելսա՛խ, անմոռաց տարիներ, ափսո՛ս, հազա՛ր ափսոս, որ այդպես շուտ կորաք, գնացիք...

Երկու-երեք ամսից Չորնամոռ գնացի, և, դրանից հետո ուղիղ քսանչորս տարի ոտս քաղաք չդրի: Այն, ինչ որ պատմեցի աթթար Սարգսի և նրա ընտանիքի մասին` մի վայրկյանում մտքովս անցավ: Հոռոմսիմա-ճիճան ջրհորի առաջ գավազանով դեռ կոտրտած կղմինդրներն էր դես-դեն գցում, կարծես դրանց միջից ավերված տան նախկին շինությունն էր ուզում լույս աշխարհ հանել:

Նորից հարցրի նրան. «Հետո՞, ճիճա, հիմա որտե՞ղ է աթթար Սարգիսը, որտե՞ղ է նրա ընտանիքը»: Ուզում էի դեռ մի ուրիշ բան էլ հարցնել, բայց հիշեցի, որ դրանից երեսունհինգ տարի է անցել:

Դու նրան ճանաչո՞ւմ էիր, ի՞նչ է, — հարցրեց Հոռոմսիմա-ճիճան:

Հա՛, մի քիչ ճանաչում էի, — ասացի:

Ուրեմն հայրդ ու մայրդ գնալ-գա՞լ ունեին աթթար Սարգսի ընտանիքի հետ:

Չէ՛, — ասացի, — մի անգամ այնպես, պատահաբար եղել եմ նրանց տանը, երեխա ժամանակս, երբ ութ տարեկան կլինեի:

Հոռոմսիմա-ճիճան սկսեց մատներով համարել ու մտքի մեջ փնթփնթալ, հետո ասաց. «Հա՛, բա՛, այդ ժամանակները խեղճ մարդու ամենալավ տարիներն էին: Օ՛ֆ, ի՛նչ քեֆեր, ի՛նչ ուրախ օրեր ենք անցկացրել այս բաղի մեջառաջներն այսպե՞ս էր որԱյն գեղեցիկ բաղի ու տան հետքն էլ չի մնացել... այստեղ` խոհանոցն էր, այստեղ` հավաբունը, այստեղ` գեղեցիկ տունը, այստեղ` մարագը, այստեղ` ջրհորը, այստեղ` բաղի ցանկապատը... ասում էր Հոռոմսիմա-ճիճան և տեղից տեղ անցնելով` գավազանը գետնին էր խփում. ասածների ո՛չ միայն հիմքը, հետքն անգամ չէր մնացել. կարծես թե ի բնե, աշխարհիս ստեղծման օրից, այդ ամայի տեղը մարդու ոտքը չէր կոխած: Բայց ի՞նչ` երեկվա պես միտս է այս բաց բակի առաջվա տեսքն ու մեջն ապրողների բախտավոր կյանքն ու ուրախությունը:

Ա՛խ, տղա՛ս, ով որ այս խեղճ, միամիտ, Աստծու օրհնած մարդկանց այս օրը գցեց, ով որ նրանց տունը քանդեց, ընտանիքը ցիրուցան արավ, ոչխարի հոտի մեջ մտած գայլի նման մտավ այս անմեղ ընտանիքը, Աստված անե նրա դատաստանըՉէ՛, ես այդ մարդուն վատություն չեմ ցանկանում, ես նրա առուտուրին վնաս չեմ ցանկանում. նրա տանը մահ չեմ ցանկանում. բայց թե որ վերևն Աստված կա, այդ մարդը թող իր տանը մեջ հանգիստ չունենա. զավակներով չուրախանա. տան չորս պատի մեջ Աստծու վառած օջախով չտաքանա, ինչպես որ ինքն այն խեղճ-անմեղների տունը տակնուվրա արավ, նրանց չորս քամու բերանը տվեց և նրանց վաղաժամ մահվան պատճառը եղավ: Ինքն էլ, Աստված տա, դատարկուն շրջի աշխարհքիս երեսը. անուշ քնի կարոտ մնա. հարստության ավելանալու հետ` ցավ ու դարդն էլ ավելանա. երկաթե սնդուկի վրա պահապան կանգնի, գողի ու ավազակի ահից տարին-տասներկու ամիս սիրտը դող լինի. անկշտությունը քանի գնա ավելանա մեջը, ուտե` չկշտանա, խմե` ծարավը չկտրի, քանի հարստանա` ոսկու և փողի պապակն այնքան ավելանա: Ամենակարող Աստված, ե՞րբ կլինի` մի օր այդ անիծած սերնդին ոսկու մեջ թաղված տեսնեի:

Հետզհետե խեղճ կինն ավելի ու ավելի էր տաքանում, խոսքը բերանից հեղեղի պես էր հոսում, դադարում չուներ...

Ճիճա, — ասի, — եթե շտապ գործ չունես, արի՛ այս ակացու ստվերի տակ նստենք, — օրն էլ տաք էր, կարծես երկնքից կրակ էր թափվում, — իրար հետ զրույց անենք, հին բաները մտքներս բերենք. մեռնողների վրա խոսք բաց անենք, որովհետև ինչ որ նոր է, ինչ որ կենդանություն ունի, հավատա՛, հների ոտի փոշին չարժե: Եթե մարդու սիրտը բացվելու լինի` հների արած լավ գործերի հիշատակովը կբացվի. մեր օրվա մարդիկ զզվանքից ավելի բանի արժանի չեն:

Ճիշտ է ասածդ, — ասաց Հոռոմսիմա-ճիճան, — քսանհինգ-երեսուն տարի եղավ, որ մեր քաղաքը փոխվեց. աստծու վախը կորավ, ժամի սերը խափանեցավ. ծերերի պատիվը ոտի տակ գնաց: Նոր մարդիկ դուրս եկան, նոր բաների հետևից ընկան, նորին չհասան, բայց հին սովորությունները, ծեսերը մոռացան, ձեռից բաց թողեցին և ծաղրուծանակ եղան աշխարհի առջև: Վա՛յ դրանց գլխին, դրա՞նք պիտի քաղաք կառավարեն, դրա՞նք պիտի ուրիշի տանը նեցուկ դնեն, երբ որ իրենց տան հիմքը այսօր-վաղը պիտի քանդվի: Ավելի վա՛յ դրանց կանանց գլխին. իրենց մայրերի պես համեստ մնալ չցանկացան, կարծում էին, թե գլուխները բանալով իշխանուհի կդառնան, տիրուհի կլինեն. դու մի ասի` գլուխները չբացածաշխարհի առջև խայտառակ եղան: Վաղուց փորձված բան է, որ երբ մի ազգ, մի ընտանիք կամ մի մարդ իր հավատից սառչում է, իր պապերի ծեսերից դուրս է գալիս, նրա բանը վերջացած է, նա մարդաշարքից դուրս է գալիս. քանի գնա` ճահճի մեջ խորունկ կխրվի: Քիչ առաջ հարցնում էիր` ինչի՞ցն է, որ մեր ժողովուրդը կոտորվում է. մի լա՛վ միտք արա` դա առանց իմ ասելու էլ լույսի պես պարզ է: Այդպիսիների համար հին մի խոսք կա. մի տան մեջ, ասում են, լինում են մի սագ ու մի հավ. հավը տեսնում է, որ իր ածած ձվերը սագի ձվերից փոքր են. մտքում նախանձում է ու Աստծուն աղաչում, որ մեկ էլ ածելիս սագի պես խոշոր ձվեր ածի: Աստված էլ, ասում է զրույցը, լսում է խենթ հավի խնդիրքը. մյուս օրը հավն սկսում է կչկչալ ու տնքալ. սագի ձուն, որ փորի մեջն է զոռում, զոռում է` դուրս չի գալիս, զոռում, զոռում է դուրս չի գալիս, մեկ էլ որ հավը զոռում է, ձուն դուրս է գալիս, բայց հավի փորն էլ պատռվում է: Սրա նման է և մեր խալխի բանը: Բայց այդ փորը պատռելը տեսակ-տեսակ է լինում. այսօր մեկը կընկնի կմեռնի` սա մի տեսակն է. վաղը մյուսը կգժվի` այս էլ մյուս տեսակն է. մյուս օրը մի ուրիշը կսնանկանա, անունը կխայտառակե` այս էլ ուրիշ տեսակն է. մյուսն էլ չի՛ մեռնի, չի՛ սնանկանա բայց ուրիշների մահվան, սնանկանալու, ընտանիքի աղքատանալու պատճառը կլինի. այս էլփոր պատռելու մի ուրիշ տեսակն է: Դրա տեսակները շատ են: Բայց դու տես որ` մեջտեղը ազգերս կորչելու վրա է: Մի տես` քաղաքներս ավերակ եղավ...խալխը մի ծայրից դուրս է գնում, դուրս է գնումետ դարձող չկաօ՛ֆ, օ՛ֆ, քանի միտք անես, այնքան միտք անելու բան կա, շատ տաղ գիտեմ, բայց ձայն չունեմ, լսող էլ չկա:

«Աթթար Սարգսին ես վաղուց եմ ճանաչում. ես նրան դեռ փոքրուց գիտեի. քու տեսած ժամանակը նա քառասուն տարեկանից ավելի կլիներ, բայց ինչպես որ տեսել էիր, ի բնե այդպես էր. սուս, խոնարհ, ժամասեր, գեղջուկին, աղքատին ողորմացող: Ո՛չ մի օր չի եղել, որ իր կնոջ վրա բղավի. մի անգամ որդոց վրա ձեռ վերուցած չի: Ինչ որ ունեցել է` դրանով Աստծուն փառք է տվել. «ունեցածս քիչ է»` ասած չէ, ագահություն արած չէ, դրացիների ունեցածի վրա աչք տնկած չէ, շատ է ունեցել` շատ է կերել, քիչ է ունեցել` քիչ է կերել: Ահա՛ այսպիսի օրհնած մարդ է եղել աթթար Սարգիսը: Նրա կինն էլ` իր նման: Կինը երեխա ժամանակ որբացել է. մոր կողմի ազգականներն իրենց մոտ են տարել և, վայ նաչարին, մեծացրել են: Վա՛յ որբի արևին: Հոր-մոր մեռնելուց հետո ժառանգությունն էլ չի օգնի: Ճիշտ է թե սուտ, ասում են, նրա հայրը մեռնելիս խանութի մեջ երեք հազարի կաշվեղեն ապրանք է թողել, սնդուկումն էլ` երկու հազար հատ կարմիր ոսկի: Երբ որ հայրը ընկնում-մեռնում է, ազգականները խեղճին իբր տեր կանգնող են լինում, ապրանքն ու կարմիր ոսկիները հափշտակում են: Աղջիկը որ հասնում, տասնչորս տարեկան է դառնում` ուզող-ուզողի ետևից են լինում, բայց երբ որ օժիտ են փնտրում ու օժիտ չեն գտնում` մեր խնամախոսները սուս ու փուս պոչները քաշում են, և խեղճ աղջիկը վիզը ծուռ է մնում: Բանն աջողի, աթթար Սարգիսը կանգնում է, թե` ես, — ասում է, — ինձ ընկեր եմ ուզում, ես նրա օժիտի վրա աչք չունիմ, — ասում է: Սևսիրտ ազգականներն էլ, իսկույն վերցնում են ու խեղճ որբի առջևն են նետում ինչքան ասես հին-հին լաթեր, կոտրտած, փտած կահ-կարասիք են տալիս, մի քանի հատ էլ` ոսկի, «այս էլ ասում են, հորիցդ մնացած օժիտը». ձեռից էլ թուղթ են առնում, թե` հորից մնացածը, ամեն ինչ լրիվ հանձնեցինք, և հոգսից ազատվում են:

Այդ ժամանակները Սարգիսը դեռ ոչինչ չի ունենում, կնոջ պես ինքն էլ, խեղճը, մերկ ու բոբիկ է լինում` խանութի աշակերտ. ստացածն էլ, ո՛վ գիտե, հարյուր կամ հարյուր հիսուն ռուբլի էր. այն ժամանակները դեռ փողը թղթադրամով էին հաշվում: Հիմիկվա փողով որ հաշվես, ով գիտե, քառասուն մանեթ կամ լինի կամ` չէ: Հնուց մի խոսք կա, լսե՞լ ես. «Երկու մերկը մի բաղնիսի մեջ կսազեն»: Իսկը դրանց բանն էլ այդպես էր. էրիկը` չունիմ, կնիկը` չունիմ. դրանց ո՞վ տեր պիտի կանգներ: Բայց դու Աստծու ողորմությանը նայե, որ մարդու հաշվից դուրս է: Այն տարին Սարգսի հայրը ընկնում-մեռնում է. խանութը կտակով գրում է տղի վրա, որ տարին այսքան ու այսքան տալով, վերջ ի վերջո, ինքը տեր դառնա: Մեր այս որբ Սարգիսն էլ, երեք տարի չի անցնում, որ խանութի տեր է դառնում, պարտքն էլ մաքուր վերջացնում է: Նրանից հետո քանի գնում գործերը հաջող են գնում, խանութն ապրանքով լցվում է: Հորից մնացած գետնի վրաահա այս մեր կանգնած տեղըմի գեղեցիկ փայտե տուն է շինում, ինքը այդտեղ տեղափոխվում: Այդ տարին էլ Աստված մի աղջիկ զավակ է տալիս, անունը Թագուշ են դնում` տատի հիշատակին. չորս տարուց էլ Աստված մի արու զավակ է ընծայում, դրա անունն էլ Թորոս են դնում` պապի հիշատակին:

Ահա՛ այսպես, մեր երկու որբը տուն-տեղ են լինում, մարդու շարք մտնում: Առաջվա վրաները խնդացողները այդ ժամանակ կամաց-կամաց մոտենում են, գնալ-գալ են սկսում, շոյում, շողոքորթում են` «Սարգիս վար, Սարգիս վեր»: Բայց Սարգիսը մնաց էլի առաջվա օրհնած Սարգիսը. մեկին գեշ խոսք չասաց, ազգականներից մեկի երեսովը չզարկեց, թե` այսպես-այսպես զրկել եք. լուռ մնաց. ո՛չ միայն կնոջ ազգականներից օժիտը չպահանջեց, այլև ձեռից եկածի չափով նրանց լավություն արավ, քանի որ այն օժիտը նրանք վաղուց էին կերել ու նորից աղքատություն էին քաշում: Ախր, հո գիտես, մի խոսք կա` «կուտես միրաս33կմուրաս»: Իսկը այդպես եղավ ազգականների վերջը:

Ինչպես ասի, Սարգիսը ոչ մեկից երես չդարձրեց, որի՛ աղջիկը պսակեց, տեղավորեցրեց, որի՛ որդուն գործի դրեց, հացի տեր արավ, որի՛ն ծերությանը օգնեց, որի՛ն այս արավ, որի՛ն այն արավ, մի խոսքով` ամենին հասավ: Ինչպես որ իր սիրտն էր մաքուր, այնպես էլ կնոջ սիրտն էր: Ազգականների համար նրա արածը հո՛ կա ու կա. դա ոչինչ. հատուկ խմոր էր հունցում, փուռ վառում, սինիներով տեսակ-տեսակ խմորեղեն խանութի ծառայի ձեռքով բաժանում էր դուռ-դրացուն, աղքատներին, որպեսզի, չլինի թե, ասում էր, անուշ հոտը խեղճերի քթին դիպչի ու սրտներն ուզենա:

Այդ ժամանակ մարդս, Աստված ողորմի հոգուն, դուն շատ ապրիս է լինում, մեռնում է, ես էլ չոր գլուխ եմ մնում: Սարգիս աղայի կինն ասում է ինձ. «Ինչո՞ւ պիտի մեն-մենակ մնաս տանդ մեջը, — ասում է, — տունդ քրեհով տուր, ինքդ էլ արի մեզ մոտ»: Ես էլ շատ միտք չեմ անում, ինչպես որ ասում է, այնպես էլ անում եմ. ունիմ-չունիմս` մի մեծ սնդուկի մեջ եմ լցնում, վեր եմ կենում, փոխադրվում նրանց տուն ու երկու քրոջ պես ենք լինում: Այդ ժամանակ Թագուշը հինգ տարեկան կամ կլիներ, կամ` չէ: Թորոսը դեռ կուրծք էր ուտում: Տասը տարի կեցա դրանց տանը: Հարցրու, թե այդ տասը տարվա մեջը մի թթու խոսք լսե՞լ ես նրանցից, մեղա՛ Աստծու, մի անգամ չասին, թե` դու մեր հացն ես ուտում, մեր ջուրն ես խմում, մեր շորն ես հագնում, ընդհակառակը, ամենապատվավոր տեղն էին նստեցնում, հարգում, շահում: Աստծու համար պիտի ասեմ` ես նրանց ի՞նչն էի որ, քույր չէի, զոքանչ չէի, սկեսուր չէի, մայր չէի, ազգական չէի, փողոցից եկած մի օտար կնիկմարդ... Այդ դեռ ոչի՛նչ. մի օր չհարցրին ինձ, թե դու ո՞վ ես, ո՞ւմ զավակն ես, խալխի մոտ ի՞նչ համարում ունես. հեռո՛ւ տնից-տեղից` գուցե ես գող եմճակատիս վրա հո գրած չէ՞ իմ ով լինելսգուցե անունս ելած կնիկմարդ եմ, գուցե մի ուրիշ պակասության տեր եմ, մեղա՛ աստծու: Ժամանակ առ ժամանակ էլ սիրտս լցվում էր ու նրանց ասում էի. «Ա՛յ ադամորդիք, ախր դուք էլ մարդ եք, այդպես միամիտ լինել կլինի՞, այդ ի՞նչ է արածներդ. և մի լավ բարկանում էի, աչքներդ բացե՛ք, ասում էի, թե չէ` մարդիկ կբանան, բայց այն ժամանակ բանը բանից անցած կլինի»: Նրանք էլ ծիծաղում էին:

Следующая страница