Պատկանյան Ռաֆայել՝   Արձակ երկեր

Զայս բարևագիրս ստացածովդ նստես գաս: Տեղս առևտուրը վատ է. մամադ բավականին պոմիդոր արևին կախեց, հիմա էլ նստել մսի ենք սպասում, որ ձմեռվա համար աղած միս ու լեզու պատրաստենք: Անցյալ օրը Ծուպուկի համար խնամի եկավ Ս...-ից, կեսկատար մնաց. վեճը յոթհարյուր հիսուն մանեթի վրա էր. միանգամից հակառակությունս բռնեց, բայց, լավ մարդ են, մեկ էլ կգան: Այնքան էլ չգտնվելիքներից չեն: Որ գաս, հետդ մի երկու արկղ Մոսկոֆի սուխարի բեր, ասում է մամադ:

զհայր քո Փանոս Ճիվելենկովս

Ամենածնողյալ զհայր մեր Փավլ Մամեիչ. Ծանիր:

Զայս բարևագիրովս հայտնում եմ Ձեզ, որ ես ինքս էլ վաղուց նկատել էի, որ Հոռոմսիման իմ հավանած աղջիկներից չէր. հեչ մի մանիեռ133 և կամ փառուսկի134 վարմունք չունի, ափսոս նրա հուսումին և երեք տարի փանցիոն գնացածին:

Այժմ խնդրում եմ հրամանոցիցդ, որ զայս գիրս իրենց ցույց տաս և մեր կողմից ուղղակի հրաժարվես և կամ տված փեշքեշներս հաշվով ետ առնես և կամ ժամանակ առ ժամանակ ռազնի ծախսերս ու քանֆեթ, փեռոժնիբան չոթքի վրա հաշվես (հաշիվս տետրակի մեջ մանրամասն ամսաթվով գրած է), հաշիվը Մինաս Խալիպովին տաս ու ապլաքաթով (այդպիսի շթուք բաների շատ վարպետ է Տեր-Քրիքորյանը) կոխես-առնես և կամ իմ կողմից երեսներին հատուկ հատուկ կոռոփով թքես...

Երբ որ բանը այս վիճակին հասավ, մամաս էլ թող ղրկի տեր Ասվատուրին ուղիղ Մ...-ին, նրա աղջիկը մեզ ավելի է հարմար, որովհետև ավելի բաց է (մերոնց պես պատի արանքներից նայող չի) և կամ վարժվածքը ավելի փառուսքիյ է, մուզիքա էլ ավել գիտի, քլուպ-բալերին էլ հեչ չի եղած, որ փըստ արած նստած լինի: Եթե Աստված հարմար է տեսել, ես նրան ավելի եմ հավանում: Դուք այն մի նայեք, որ անունը կոտրած է, իբր, ինձ համար այդ դատարկ բաներ է. մեր հային գիտե՞ս հո. աղջիկը իրավունք չունի մի քիչ նոր ֆասոնով շարժվելու, մեկ էլ տեսնես խեղճին անուն են կպցնում: Այնքան որ մամաս բաժինքի խոսակցության ժամանակ թող զգույշ լինի, որ հետո սրտացավություն դուրս չգա. դրա համար խոսքի մեջ աղջկա կոտրած անունը շուտ-շուտ մեջտեղ թող հանի, որ պապան, մաման մեզ այնքան հիմարներից չիմանան ու բաժինքը մի քանի հազար ավելացնեն, ամեն:

Մնամ խոնհարաբար որդի ձեր Սրապիոն Ճիվելենկովս:

ԲԱՐԵՎԱԳԻՐ

Պատվելի Աֆանասի Արտեմիչ.

Եվ շատ բարև ունիմ ձեր հրամանոց նշանածին` Աննա Կարպովնային, և շատ բարև ունիմ ձեր որդուն` Միքիթին, և շատ բարև ունիմ ձեր օրիորդին` Մաշինկային ևս. և շատ բարև ունիմ կնքահորս` Խրիստաֆոր Սերգեիչին և շատ բարև ունիմ նրա նշանածին` Ծուպուկ Մխիթարովնային, և շատ բարև ունիմ նրանց օրիորդին` Սրբուհուն ևս. և շատ բարև ունիմ տեր Մոսես տերտերին և շատ բարև ունիմ նրա նշանածին` Եղսաբեթ իրիցկինին և կամ նոցա օրիորդին` Վառուշին:

Ծանի՛ր: Ուրեմն: Հայտնի լինի ձեր բարի հրամանոց, որ մենք հայ-հայ 15 տարի է, որ այս կողմերը քաշ ենք գալի, և կամ մեր առուտուրը, փա՛ռք Աստուծո, իրեն կարգով գնում է, և կամ` օղի, բուրդ և ուրիշ ուրիշ ապրանքներ, ինչպես որ գիտես: Եվ կամ կապիտալ, փա՛ռք Աստուծո, նմանապես: Աֆանասի Արտեմիչ, մենք այստեղ մենակ ենք, և կամ կնիկ-երեխա չունինք: Ամոթ չլինի` ուզում եմ հասկացնել, թե` հրամանքդ եթե մի էնպես, հարմար աղջիկ կճանաչես, օրինակի համար, չէ ասող չենք, շնորհակալ կլինինք: Եվ կամ իսկույն Մարտուշ-աղայի խանութից, Ռոսթով, մի լավ ադամանդ մատանի երեսուն մանեթ կտաս կառնես և կամ կհագցնես մատին, խոսքի վրա` նշան: Մենք էլ հուլիսի մեջ, Մակարիա գնալիս, Նախիջևան կհանդիպինք, կտեսնինք, կհավանինք. գուցե պսակն էլ վերջացնենք: Խնդրեմ: Ամեն: Թողություն անես:

Խոնարհ` Արութին Թույլույով.

Պատվելի Արտեմ Սերգեիչ.

Նախ` շատ բարև է մատուցանում ձեր հրամանաց մեր նշանածը` Աննա Կարպովնան, շատ բարև է մատուցանում մեր որդին` Միքիթը, շատ բարև է մատուցանում մեր օրիորդը` Մաշինկան: Եվս, և շատ բարև է մատուցանում կնքահայրդ` Խրիստաֆոր Սերգեիչը, և շատ բարև է մատուցանում նրա նշանածը` Ծուպուկ Մխիթարովնան, և շատ բարև մատուցանում նոցա օրիորդը` Սրբուհին: Եվս և շատ բարև է մատուցանում տեր Մոսես տերտերը, և շատ բարև են մատուցանում նորա նշանածը` Եղսաբեթ իրիցկինը, և կամ նոցա օրիորդը` Վառուշը:

Ծանի՛ր: Ուրեմն: Եվ կամ մենք ձեր բարևագիրը ստացանք և կարդացինք, կամ ձեր միտքը հասկացանք: Աստված բարի կատարում տա: Ամեն: Եվ կամ մենք վաղուց մի ջահել աղջիկ ենք ճանաչում: Խոսքի վրա` անունը Լուսփիքա և կամ տարիքը 20 կամ 21, գուցե մի քիչ ավելի, քանի որ աչքի չափով ենք ասում:

Եվ կամ մեր նշանածը` Աննա Կարպովնան նրա մորը մի քիչ հասկացուց: Գործը գլուխ գալու բան է, թե որ Աստված կամեցել է: Եվ կամ` թե որ տեղով բան իմանանք, մատանին էլ իսկույն կգնենք, կտանք: Դու միամիտ եղիր: Ամեն:

Խոնարհ` Թորոս Աշխմիշով.

Պատվելի Աֆանասի Արտեմիչ.

Եվ բարև ունիմ ձեր հրամանոց նշանածին` Աննա Կարպովնային, և շատ բարև ունիմ ձեր որդուն` Միքիթին, և շատ բարև, ունիմ ձեր օրիորդին` Մաշինկային: Եվս. և շատ բարև ունիմ կնքահորս` Խրիստաֆոր Սերգեիչին, և շատ բարև ունիմ նրա նշանածին` Ծուպուկ Մխիթարովնային, և շատ բարև ունիմ նոցա օրիորդին` Սրբուհուն: Եվս. և շատ բարև ունիմ տեր Մոսես տերտերին, և շատ բարև ունիմ նրա նշանածին` Եղիսաբեթ իրիցկինին և կամ նոցա օրիորդին` Վառուշին:

Ծանի՛ր: Ուրեմն: Եվ կամ մենք ձեր բարևագիրն ստացանք և կարդացինք, և ձեր միտքը հասկացանք: Աստված բարի կատարում տա: Ամեն: Տեսած էլ որ չլինինք, պատվելի Աֆանասի Արտեմիչ, մենք այդ Լուսփիքային շատ ենք հավանում, և կամ հոժար ենք նրան մեզ ընկեր անելու: Եվ կամ մեզ այնպես է թվում, որ չտեսնված գեղեցկուհի է, և այլն: Ձեր արած լավությունը մինչև մահս չեմ մոռանա:

Խոնարհ Արութին Թույլույով

Պատվելի Արտեմ Սերգեիչ.

Նախ` շատ բարև է մատուցանում ձեզ մեր նշանածը` Աննա Կարպովնան, շատ բարև է մատուցանում մեր որդին` Միքիթը, շատ բարև է մատուցանում մեր օրիորդը` Մաշինկան: Եվս. շատ բարև է մատուցանում կնքահայրդ` Խրիստաֆոր Սերգեիչը. շատ բարև է մատուցանում նրա նշանածը` Ծուպուկ Մխիթարովնան, շատ բարև է մատուցանում տեր Մոսես տերտերը, շատ բարև է մատուցանում նրա նշանածը` Եղսաբեթ իրիցկինը, և կամ նոցա օրիորդը` Վառուշը:

Ծանի՛ր: Ուրեմն: Եվ կամ Լուսփիքայի բանը գլուխ չեկավ. քանի որ ձեր գյուղից, ո՞ր շան հարամ կաթ կերածը քո մասին տեսակ-տեսակ խոսքեր է տարածել, իբր դու գնալ-գալ ունիս արժում-չարժում կանանց հետ և կամ խանութիցդ, ծառայիդ ձեռքով, շորացուներ, թաշկինակներ ես նվեր ուղարկում: Թքի այդ Լուսփիքայի վրա ու հանե մտքիցդ, այն էլ իմացիր, որ սկզբում մենք չէինք նկատել, հետո իմացանք, որ նա չեչոտ է եղել ու դեռ նազեր է անում... Մենք քեզ համար ուրիշ հարս գտանք, անունը Պայար. հասակը մի քիչ ցածր, բայց այն անպիտանի պես չեչոտ չէ: Տարիքը ասում են 23, գուցե մի քիչ ավելի, այդ վնաս չունի: Աստված բարի կատարում տա:

Խոնարհ` Թորոս Աշխմիշով.

Պատվելի Աֆանասի Արտեմիչ.

Եվ շատ բարև ունիմ և այլն:

Ծանի՛ր: Ուրեմն: Եվ կամ մենք թքել ենք Լուսփիքայի վրա, որ չեչոտ տեղովը դեռ նազեր է անում, և կամ այսուհետև ո՞ր շունը նրան պիտի հավանի, և այլն: Մենք Պայարին շատ ենք հավանում. վնաս չունի նրա 24 տարիքը. այնքան որ` տներիս մեջ Աստուծով լավ տանտիկին լինի մեզ, և կամ աչքը դուրսը չլինի և կամ ուրիշ այդ տեսակ հեքիաթ-բաներբուլվար գնալ, ջահել տղոց հետ գնալ ու գալ. որովհետև մենք հասարակ մարդ ենք, մեկ էլ տեսար հերսներս ելավ` մտրակը պատից վար առնող ենք: Աստված տնից-դռնից հեռու պահի: Խոսքս ի՛նչ երկարացնեմ, նշանը շուտ տվեք, որ սա էլ ձեռքներիցս չփախչի: Ամեն:

Մնամ խոնարհ` Արութին Թույլույով.

Պատվելի Արտեմ Սերգեիչ.

Նախ` շատ բարև է մատուցանում ձեզ, և այլն:

Ծանի՛ր: Ուրեմն: Եվ կամ Պայարի գործը գլուխ չեկավ: Շատ էլ լավ եղավ, որովհետև նոցա դրացիներից շատ վատ բաներ լսեցինք ու շատ ուրախ եղանք, որ այդ ցուցանքին գլուխդ չփաթաթեցինք, իզուր մեղքի մեջ պիտի մտնեինք: Նա այս շաբթուս մեջ պիտի նշանվի: Բամբառակի մեկը, որ ամառները մեր շուկայում սայլով խաղող է ծախում, Կարաուլով Կարպուշ են ասում, նրան պիտի առնի: Թո՛ղ գնա. թո՛ղ պակսի ծամը կտրածը ու իր գիտցած խաղերը թո՛ղ խաղա այդ ավանակի գլխին: Սիրտդ հե՛չ թող չցավի այդ փեշը-կարճ, ծամը կտրածի համար: Աննա Կարպովնան մի սիրուն աղջկա վրա է աչք դրել, ու հավատա, գլուխ գալու բան է: Ասածներով 25 տարեկան կլինի, գուցե մի քիչ էլ ավելի, բայց ասում են, թե շատ համեստ է: Ճիշտ է, թե սուտ է` ասում են` մի քիչ աջ ոտից կաղում է: Այդ էլ ճիշտը չգիտենք, գուցե սուտ լինի, քանի որ` դու հո գիտե՞ս մեր խալխի չար լեզուն: Մեկ էլ որ` թե մի քիչ էլ կաղացել է, ի՛նչ մեծ բան է. գյուղի մեջ դրանից գեղեցիկը ինչ է անում. բան չունիս. բայց քեզ լավ ընկերություն կանի: Աղջկա ուրիշ տեղերը առողջ լինեն, թե չէ ոտքն էլ ի՞նչ հորս ցավն է, որ նրա երկար կամ կարճ լինելու համար սիրտ մաշեմ: Եթե աղջիկը հոժար լինի, մենք իսկույն նշանը կտանք, որ բանը էլ չքանդվի: Ամեն: Հա, մոռացա ասել` անունը Կատար է:

Մնամ խոնարհ` Թորոս Աշխմիշով.

Պատվելի Աֆանասի Արտեմիչ.

Եվ շատ բարև ունիմ հրամանոցդ նշանածիդ և այլն:

Ծանի՛ր: Ուրեմն: Պայարի էլ հերն անիծած, նրա օխտը պորտի էլ: Մենք Պայարին չենք ուզում, մանավանդ, քո ասածով, թե նա պար խաղալու վարպետ է` թքել ենք նրա վրա: Մենք պսակվելու որ լինինք` մեզ համար աղջի՞կ չենք գտնիասացեք խնդրեմ: Եվ կամ, հավանում ենք Կատարին: Վնաս չունի նրա 25 տարեկան լինելը կամ աջ ոտից մի քիչ կաղալը: Կոշիկի կրունկը մի քիչ երկար կանենք` եղավ գնաց. դրա համար մաշվելու հո չենք. թքա՛ծ. միայն թե իր տանտիկնությունը գիտենա ու աչքը դուրսը չլինի. մեզի համար ամենակարևորը դա է: Շուտ արեք, խնդրեմ, ժամանակ մի կորցնեք ու Կատարիս ձեռից բաց մի՛ թողնեք. թե չէ ամիսներ են անցնում ու մենք դեռ չենք բաշարել: Ընկերներիս մեջն էլ ծամելու մաստաք եղանք, իբր փեսա ենք: Խնդրեմ:

Մնամ խոնարհ` Արութին Թույլույով.

Պատվելի Արտեմ Սերգեիչ.

Նախ` շատ բարև է մատուցանում, և այլն:

Ծանի՛ր: Ուրեմն: Կատարի գործն էլ գլուխ չեկավ. այսօր կամ վաղը սև երեսով քաղաքից պիտի դուրս գա, գնա ո՛վ գիտե ո՞ր քարի տակ թաքնվի, որ խալխի առջև չխայտառակվի. հասկացա՞ր: Բայց Աստված ողորմած է: Մի չնաշխարհիկ որբ աղջիկ կա շատ սիրուն, շնորհքով, ջանասեր, այսօրովս օրս էլ Սարգիս-աղայի տանը խոհարարուհի է, բայց ոչինչ, իրենց հարազատի պես են հետը վարվում. իրենց հագած բոլորովին նոր շորերը, կիսակոշիկները միշտ նրան են տալիս: Ինքն էլ ասում են, ճարտար տնտեսուհի է: Նրա խոհարարուհի լինելուն մի՛ նայի, հավատա, գյուղում նա առաջին տանտիկինը կլինի, միայն դու բաց բերան մի լինի ու խեղճ աղջկա գաղտնիքը (խոհարարուհի լինելը) ինքդ մի տարածի: Տարիքը կլինի գուցե 26-27, ավելի չէ. անունը Մարթա է: Թե հավան ես, մենք իսկույն խոսք կառնենք ու նշանը կտանք: Շուտով իմաց արա: Այն խայտառակ Կատարին մտքիցդ հանի, որովհետև նա շատ երեսը պատռած աղջիկ է: Փեշը կարճ այդ աղջիկը ինչ ասե` լավ է, իբր, ասում է. «ես այն բամբառակ Արութինին ճանաչում եմ. բակումս մի շուն ունենայի, նրան կին տալն անպատվաբեր բան կհամարեի»: Անառա՛կ: Կինս ասում է ամբողջ քաղաքի մեջ որ նրան չխայտառակեմ, ես Աննա Կարպովնան չլինեմ: Միով բանիվ, ինչ-որ գիտեինք մենք քեզ տեղով-տեղով ասինք. հիմա ինքդ գիտես անելիքդ:

Մնամ խոնարհ` Թորոս Աշխմիշով.

Պատվելի Աֆանասի Արտեմիչ.

Եվ շատ բարև ունիմ հրամանոցդ նշանածին, և այլն:

Ծանի՛ր: Ուրեմն: Այդ Կատար կոչվածը աչքերիցս սաստիկ ընկավ: Սկզբում մենք նրան հավանել էինք, բայց նրա մասին այդ խայտառակ բաները որ իմացանք` սրտներս խիստ ելավ: Այդ վնաս չունի. գուցե այս անգամ ներող լինեինք, բայց քանի որ նա մեզ բամբառակ է ասում և բակի շնից էլ ցածր է դասում, մենք է՛լ նրան չենք հավանում և անունը լսել չենք ուզում. և նրա ջգրու ձեր հավանած Մարթային ենք հավանում ու մեզ ընկեր լինելու արժանի տեսնում, և մեկ օր էլ Աստծով, կբախտավորեցնենք նրան: Խնդրում եմ, Աֆանասի Արտեմիչ, եղածը եղավ, գոնե այդ Մարթայի գործը շուտով ու վայելուչ կերպով գլուխ բերեք, որ մենք էլ խալխի լեզվից ազատվենք, քանի որ մեր ջահելների ձեռքից օր-արև չունենք. ամեն տեսնելիս մեզ ծաղրում են, թե Նախիջևանում մի ամուրի երիտասարդի վրա հինգ աղջկա աչք կա, բայց մեզ ո՛չ թե հինգը, մեկն էլ մարդի տեղ չի դնում: Այս ի՞նչ չար աստղի հանդիպեցինք. գնացինք-եկանք մի անունը կոտրած աղջկա էլ արժանի չեղանք: Այդ Մարթան աղախին է, ինչ է, ինչ չէ` իսկույն գլխի տակ փափուկ բարձ դրեք, նշանը ձեռքը դրեք, այդ էլ չեղավ` ասենք, որ նրա անունով 1500 մանեթ բանկը փող կդնենք, կարճ` ինչ ուզում եք արեք` Մարթային ձեռքներիցդ բաց մի՛ թողնեք: Մենք էլ արդեն եկանք, քառսունին մոտեցանք, մի՞թե լավ-վատ սուրբ պսակի արժանի չպիտի լինենք, աչքերովս մեր ընտանիքը չպիտի տեսնենք ու հալալ վաստակներս շների, գայլերի բերանը պիտի ընկնի: Խնդրում եմ, Աֆանասի Արտեմիչ, դու էլ, տիկին Աննա Կարպովնան էլ, ոտքերդ պագնեմ, ջանք արեք, այդ Մարթայի բանը գլուխ բերեք: Մենք օրիորդներից վաղուց արդեն վազն ենք եկել, գոնե այդ որբին ու աղախինին էլ ձեռներիցս բաց չթողնենք: Հատուկ խնդրում եմ, ձեր արածը հուր-հավիտյան չեմ մոռանա:

Մնամ խոնարհ` Արութին Թույլույով.

Պատվելի Արտեմ Սերգեիչ.

Նախ շատ սիրով ու կարոտով բարևս եմ մատուցանում ձեզ, և այլն:

Ծանի՛ր: Ուրեմն: Ճիշտ որ դու չար աստղի տակ ես ծնվել. ա՛յ տղա, այս անգամ էլ գործդ թարս գնաց, այս անպիտանն էլ քեզ չուզեց: Ձեր գյուղից Սարգիս-աղան, իբր, մի գիր է ստացել, թե` այսպես-այսպես բան, մի հայ խանութպան, անունը Արտեմ, գողացած ապրանք է գնել ու սեղանի տակ թաքցրել: Գյուղի տանուտերը զինվորներ է ղրկել, խանութը տակն ու վրա են արել, այդ գողացած ապրանքը գտել են, քեզ էլ ձերբակալել են ու դատի տվել: Աղջիկը լսում է այդ սև լուրը, սարսափում է, իսկույն Աննա Կարպովնայի ետևից մարդ է ուղարկում` «Ա՞յդ է ձեր գոված տղան, — ասում է. — ես բռնվածի կին լինել չեմ ուզում», — ասում է: Նշանը-բանը բոլորը ետ է տալիս և ամոթով ճամփա է դնում մեր տիկնոջը: Ա՛յ քեզ պսակ: Եվ կամ ամո՛թ քեզ, Արտեմ Սերգեիչ, ի՛նչ երեսով դու գիր ես գրում, աղջիկ ես ուզում, երբ որ պատիվդ չես ճանաչում, հայերիս պատիվն էլ օխտն օտարի առջև ոտի տակ ես գցում: Ամո՛թ քեզ, հազա՛ր ամոթ, երեսդ սև լինի. քեզ մտրակ է պետք, ո՛չ թե հարսնացու աղջիկ: Մեկ էլ չհամարձակվե՛ս մեզ բարևագիր գրել ու հարսի անուն տալ: Ամեն:

Մնամ խոնարհ` Թորոս Աշխմիշով.

Պատվելի Աֆանասի Արտեմիչ.

Ծանի՛ր: Ուրեմն: Թքել եմ քո վրա էլ, Աննա Կարպովնայիդ վրա էլ, Մարթա կոչեցյալի վրա էլ, ապուշ Սարգիս-աղայի վրա էլ: Եվ կամ ի՞նչ հեքիաթներ է ասածդ, և կամ ե՞րբ է տանուտերը զինվորներ ղրկել մեր խանութը ու սեղանի տակից գողացած ապրանք գտել: Բոլորը փորիցդ հանած ստեր են և կամ նախանձություն: Եվ կամ` ի բնե նախիջևանցիքդ մարդու անուն կոտրող եք: Ամոթի ամենախոշորը ձեզ, որ պարապ-դատարկ նստել եք տարին տասներկու ամիս ու, սրտերիդ նեղությունից մարդոց վրա ստեր եք հնարում: Երբ որ դու ինձ հետ ծանոթություն ունենալ չես ուզում, ես վաղուց քեզ նման ապուշի հետ չէի ուզենա ծանոթ լինել: Մեկ էլ քեզ բարևագիր ղրկեմ` թող ձեռս կոտրվի ու լեզուս բերանիս մեջ չորանա: Ամեն:

Մնամ խոնարհ` Արութին Թույլույով.

Պատվելի Արտեմ Սերգեիչ.

Նախ` շատ սիրով և կարոտով բարևս եմ մատուցանում ձեզ, և այլն:

Ծանի՛ր: Ուրեմն: Խնդրում եմ Արտեմ Սերգեիչ, թողություն անես, որովհետև սխալանք է եղել: Սուտ չէ, ճիշտ է, որ այդպիսի մի գիր եկել է, բայց եկած գիրը ձեր Բրյուխավեցկի գյուղից չէ, այլ Ստիբլևկայից. խանութպանն էլ հայ չէ. միայն թե` ահա անունների այդ նմանությունից է առաջ եկել աղմուկը: Աննա Կարպովնան, ես, Մարթան, Սարգիս-աղանբոլորս շատ ենք ցավում, թե այդ դատարկ բանի համար ինչո՞ւ պիտի խափանվի ձեր բախտավորությունը: Խնդրում եմԱրտեմ Սերգեիչ, սրտիդ թող դժվար չգա, և ինչ-որ արժում-չարժում խոսքեր գրել էինք` մտքիցդ հանի ու մոռացիր: Եվ կամ շուտով իմաց արա մեզ, որ պսակվելու մասին միտքդ փոխել չես: Թե չէ խեղճ Մարթան մեղք է, արդեն սերն անցնում է. և կամ ամբողջ օրը սուգ ու արտասուքի մեջ է խեղճը ու գիշերները չի քնում, այլ հոնգուր-հոնգուր լաց է լինում: Եվ քեզ ով էր ասում հայկական Արութին անունը Արտեմ թարգմանես, որ միջից այսքան աղմուկ դուրս գար:

Մնամ խոնարհ` Թորոս Աշխմիշով.

Հեռագիր.

Նախիջևան Դոնի վրա: Աֆանասի Արտեմիչ Աշխմիշովին:

Ես գիտեի, որ դա թյուրիմացություն է: Հաշտվենք: Պատրաստվեցեք հարսանիքի: Չորս օրից հետո կլինեմ Նախիջևանում: Իմ հարսնացուին և բոլորին խոնարհ ողջույն և բարև: Կեցցե:

Հարություն Թույլույան

Սրանից 6-7 տարի առաջ շրջագայելիս, Բրյուխավեցկի գյուղն էլ այցելեցի: Մի գնամ, ասի, տեսնեմ ինչ է անում մեր Արտեմ Սերգեիչը: Հարցուփորձ անելով խանութը գտա: Ինքը չկար, տուն էր գնացել թեյի, որովհետև դեռ վաղ էր: Աչքովս վեր-վար զննեցի խանութը` շատ զարմացա. գյուղի համար շատ էր ու քիչ չէր, մոտ քառասուն հազարի ապրանք կլիներ մեջը: Հաճախորդները ապրանքը իրար ձեռից էին խլում: Քանի որ փող ասածդ գյուղի մեջ քիչ է լինում, գյուղացիները փողի տեղ ցորեն, բուրդ, խոզի մազ, ահա այսպիսի բաներ էին բերել: Խանութի ապրանքը թանկ էին ծախում, իսկ գյուղացու բարին համարյա ձրի էին առնում: Ոսկի էր մեր Արտեմ Սերգեիչի գործը: Մի քիչ մնացի խանութի մեջ, հետո իր տունը գնացի:

Դիմացս ելավ նրա կինը` Մարթան, մաքուր ու գեղեցիկ հագնված. հավատալու բան չէր, որ այս կինը մի օր ուրիշների մոտ աղախին եղած լինի, կատարյալ տանտիկին էր դառել, այսօրվա օրս ձեռի տակ 2-3 ծառա ուներ և հրամաններ էր տալիս: Հատակը մաքուր, կահկարասին մաքուր, պատուհանները մաքուր, ամեն տեղ երևում էր խելոք տանտիկինի աչքն ու ձեռքը:

Ոսկու պես ցոլուն ինքնաեռը սեղանի վրա խլթխլթ եռում էր: Ափսեների մեջ շարած էին շերտ-շերտ կտրած եփած ձվերը, կարագը, մեծ մատուցարանի վրա էր առատորեն տապակած միսը: Մի փոքրիկ տղա և մի` մի քիչ մեծ աղջիկ, կողք-կողքի նստած էին, թեյով լի բաժակներն առջևները` դայակը դիմացները կանգնած հացով սեր էր ուտեցնում նրանց: Կալվածատիրոջ ապրուստ էր, որ կար:

Մեր Արտեմ Սերգեիչն էլ, գրասենյակի ծառայի հետ առջևը դիզած պղնձադրամն էր համրում:

Երկու օր մնացի Աստծու օրհնած այդ տան մեջ ու արտասուքով բաժանվեցի բարեկամիցս:

SERMO135

Հանուն հոր և որդու և հոգվույն սրբո, ամեն, հը՛, հը՛, հը՛ (սուտ հազ` ձայնը մաքրելու կամ միտքը ժողովելու համար): Քրիստոսասեր ժողովուրդ, Քրիստոս տերը մեր, երբ որ ավանակ ձիի վրա հեծած սուրբ Երուսաղեմ կմտներ նը` հրեա կամ ջհուդ ազգը` թե՛ էրիկմարդ և թե՛ կնիկմարդ, թե՛ տղա և թե՛ աղջիկ, թե՛ մեծ և թե՛ պզտիկ, ամենքը, հը՛, հը՛, ամենքը օվսաննա կանչեցին և այդպես առոք-փառոք առին տարին տաճարը և կուզեին տերն մեր Հիսուս Քրիստոսին, օրինակի համար ասենք, եպիսկոպոս կամ կաթողիկոս ձեռնադրել: Բայց քահանայապետները և դպիրները, ժողովուրդին միտքը իմանալով, նախանձեցին, սիրտները ելավ, իսկույն բռնեցին տերն մեր Հիսուս Քրիստոսին, աղեկ մը ծեծեցին ու ետքն ալ խաչեցին, «ահա՛ քեզի կաթողիկոսություն», — ասին, ու երեսն էլ թուք ու մուր արին. քացախ ալ խմցուցին, մեծ խաչափայտն էլ կռնակը զարկին, որ քաշաքաշ պիտի տաներ մինչև Գողգոթայի տեղը, աշակերտներեն մեկն էլ ուրացավ նրան ու ասաց. Знать не знаю. ետքը տերն մեր Հիսուս Քրիստոս դատավորին ասաց. «Երբ որ մեղավորիմ նը` դատե, — ասաց, — թե չէ դուն ի՞նչ իրավունքով ինծի խալխին առջևը ամոթվոր կանիս, շամառ կզարնիս»: Թագավորն ալ դարձավ ու տերն մեր Հիսուս Քրիստոսին ասաց. «Ապա դուն, — ասաց, — ինչո՞ւ կոլոխեդ մեծ... կուտիս. ինչո՞ւ խալխին բերանը լեզու կդնիս գոլովաներուն, նաչալնիկներուն դեմ, — ասաց. — ինչո՞ւ դպիրներուն դիմադարձություն կանիս, — ասաց. — դուն ո՞րին շունն իս, որ կայսերին փրիվելեկը փրիզնավաթ չես անիլ, — ասաց. — դուն ի՞նչ մարդ իս, որ կայսերին ստակին համար կասիս, որ կեղծ է և կամ մի խեղճ որբևայրու կոպեկը, կասիս, անկից արդար է. դուն ինչո՞ւ միամիտ ժողովրդին կխրատիս, որ փատուշնի136 չի տան, հը՞, դե քու... ատպես քեզի խաչ կհանենք, ոտքերդ ալ մեծ գերանով աղեկ մը կկապենք, որ չփախչես»: Ետքը դարձավ տերն մեր Հիսուս Քրիստոս ու ասաց անոր. «Աղե՛կ, աղե՛կ, — ասաց, — դուն խեղճ մարդ գտիլ իս, — ասաց, — անոր համար կչարչրկիս, — ասաց. — հա՞. մի կեցիր երթամ երկինք, հոնեն դատաստանին օրը հարյուր հրեշտակ առնեմ հետս ու գամ, ան ատենը մենք կտեսնինք` ո՛րս որի՛ն…: Դուք ինչո՞ւ խարդախություն կանիք, աշակերտիս համին կուտեցնուք, մարդուս միամիտ վրան կթափիք, կբռնիք, ձեռքը ոտքը կկապիք, փատլեցություն է ձեր արածը, ամոթ չէ՞ ձեզի»: Աս խոսքերը, որ լսեց դատավորը, սիրտը ելավ, կատղեցավ. «Աս քանի՞ մեկ քանի սիրտս պիտի հանիս, — ասաց, — ատ լիրբ խոսքերովդ. պեշլիներ, տարեք իսա բունտովշչիկին մայիսրաթ փակեցեք»: Մեկալ քովեն ալ ժողովուրդը կանչեց. չուզինք դրա հոս կեցածը, Փառապասին թող քակին. Քրիստոսին, մենք մեր օրենքով կխաչինք, որ մեր պասեքի տոնին, ամառը, խալխը տեսնի»: Դատավորն էլ ասաց, «Ինչ որ գիտիք նը, անպես արեք», — ասաց ու հրամայեց ջրամանը բերել ու ձեռքը լվաց:

Քրիստոսասեր ժողովո՛ւրդ, անշուշտ ամենքս ալ մեղավոր ինք Աստծու դատաստանին առջևը ու միշտ պիտի ասինք. «Տե՛ր, մեղա՛ քեզ»: Մարդս որ կա, վսեռավնո, ճանճի պես բան է Աստծու առջև. երբ որ ուզենա Աստված, մեզի կապրեցնե, չուզենա նը` կմեռցնե. ինչպես որ ճանճը ճզմես` հոգին կփչե: Աս պատճառով մենք գիշեր-ցերեկ պարտավոր ենք Աստծու աղոթք անիլ, աղքատին ողորմություն տալ, ժամ ու պաս ճանչնալ, որ արժանի ըլլանք օրն դատաստանի երկնից արքայության: Մալը շթո Մոսքովեն, Փեթերպուրքեն նոր եկած մարդիկ կասին. «Հավատը դատարկ բան է, ժամը, պասը, մոմը, խունկը, տերտերըբոլորը դատարկ բաներ ին»: Սուտ է նոցա ասածը. դուք ձեր բանը նայեցեք, նոցա ասածին հեչ չի հավատաք. հավատը դատարկ չէ, նոցա գլուխն է դատարկ, որ ատպես անիրավ ու Աստծու հակառակ բաներ կհնարին: Հավատը դատարկ ըլլար նը` ջհուդները մի՞թե, ինչպես որ քիչ առաջ ասինք, տերն մեր Հիսուս Քրիստոսին կտանջեին: Դուք ատ մարդոցը ասածին մի նայիք. անշուշտ կգա այն օրը, որ Աստված ալ ատ մարդոց դատաստանը կանե ու հատուցումը կուտա: Ատպես անամոթ, անհավատ անօրենները շատ եկիլ ին, շատ ալ գնացիլ ին, բայց Աստված արել է նոցա դատաստանը, ամենն ալ շունի պես սատկոց եղիլ ին. այսօր նոցա հոգին սատանային ճանկն է, ոչ մեկը դժոխքից պրծած չեն. ատ ես տեղովը գիտիմ, բայց հավատքին ամուր մնացողները երկնից արքայությունը ժառանգել ին ու խունկին ծառին վրան նստած` սուրբ Կարապետի հալվա կուտին ու Հորդանանին ջուրը կխմին: Ո՞րը աղեկ է ես ձեզի կհարցունում, հավատ ունենալը: Շնորհ և օրհնություն տյառն մերույս Հիսուսի Քրիստոսի ընդ ձեզ, ընդ ամենեսին և՛ հավիտյանս և՛ հավիտենից, ամեն:

Ապրի՛ս, ապրի՛ս, տեր պապա, խիստ աղեկ ասիր, մեռնիմ բերանիդ. ատ նոր եկած մարդոց շատ տեղովը խայտառակեցիր, ապրիս, տեր պա: Ատ ի՞նչ անուշ լեզու ունիս եղերասացին քարոզիչին, երբ որ ժամը վերջացավ և ամենքը բակը ժողովվեցան: Մարդիկ շրջապատեցին տեր X-ին և սկսեցին շնորհավորել, որ նորա մեջ այդպիսի քանքար կար ընդ գրվանավ:

Մալատեց, տեր պա. ատ գիտությունդ դուն ինչո՞ւ այսքան ատեն մեզիմեն գաղտուկ կպահեիր: Ապրի՛ս տեր պա, սիրտներս փառավորցուցիր, դուն այսօր ժամը շենցուցիր:

Վազն արիք, ախպարըըը՛ս, մեկ բան էր, շտե, ասինք գնաց, — պատասխանում էր պարկեշտությամբ տեր X-ը, — ես ինքս չգիտեի, որ ասպես աղեկ կելլե, արի, արի, այսօր ժողովուրդիս մեկ քարոզ ասիմ, գեշ ըլլա նը` ինձի թողութին կանին, աղեկ ըլլա նը` խոմ իրենց հոգուն փրկութին է. պացի բերանս, ո՛րը ավետարանեն, ո՛րը մտքես, շտե, գիտես թե գեշ չէր, աղեկ բան եղավ... ամա, սկզբից շատ կվախենայի, քանի որ առջի անգամն էր, միտք կանեի, թե` չըլլա որ ամոթով մնամ, ամա Աստված ողորմաց, ամոթով չմնացինք: «Քարոզ», «քարոզ» կասին, մեմալ չեն ասիլ. իբր շատ դժար բան է, մի՛ ասի` շատ հեշտ է եղել. ասկից ետքը ես ամեն կիրակի ալ կասիմ ան. ի՞նչ բան է որ....հի՛, հի՛, հի՛, հի՛:

Հեշտ է, դըժար է, ատ մեր խելքին բան չէ, ան դուն գիտիս. մեզ համար շատ աղեկ բան էր ասածդ, ան նոր մարդոց վրան, որ ասիր, ան ամենեն ավելի հավնեցանք ամենքս ալ. ապրի՛ս, տեր պա, ապրի՛ս. մալատե՛ց, տեր պա. այսօր փառավորեցիր մեր ամենիս սիրտը: Բարի, հազար բարի տեսանք:

Աստված օրհնե, բարի երթաք:

ՊԱԶԱՐԻ ԿԱԼԱՃԻ137

Այսօր վաղ առավոտվա զանգերին բազար էի դուրս եկել: Ապրանքով սայլերը նոր-նոր էին գալիս: Մառախուղը դեռ վեր չէր բարձրացել: Տիկինս ինչ բան ասես ապսպրել էր, որդիս Եյսքից եկել էր, տարի ու կես չէինք տեսել, ո՞վ գիտե, ասենք, գուցե դրացի, բարեկամ աչքալուսի կգան. սեր պիտի առնեի: Էն մառուշքաների շարքով նստած տեղում Չըլթիկի Արութինը կանգնել, չգիտեմ ինչ էր ծախս անում: Գնացի մոտը:

Բարի...

Աստծուբարին:

Ի՞նչ կա:

Հեչ մի բան էլ չկա, — ասաց: Ո՞ր քամիից ես այսօր կանուխ վեր կացել եկել:

Հա, — ասի, — որդիս եկել է...

Ո՞րը, Մելքոնը:

Չէ՛ մեծս, Գիրքորը, Եյսքի էր, վաղուց է տեսած չէինք. կարող է, ասինք, աչքի լուսի կգան. ղայֆեի համար սեր ու ինչ ասես բան պիտի առնեմ. կնոջ սովորությունը հո գիտես, գիշերը մեկ... են ցույց տալիս, ցերեկը` հարյուր: Դո՞ւ ինչպես ես:

Փառք Աստծու, մեղքերովս տանջվում եմ:

Նոր բան կա՞, այդ սյուները շարքով ինչո՞ւ են տնկել:

Այ մարդ, բանիդ նայի, այդ էլ մի նոր գոլովայի մի ֆենտն է. նայեցեք, իբր, ձեզ համար ինչքան եմ մտածում, շասե138 պիտի շինեմ. այնինչ սո՛ւտ. ժողովից հետո ամեն բան իրեն առաջվա ճամփով կգնա...

Այն չէ, բայց տեր Գևորգի բանը լսե՞լ ես:

Չէ՛, ի՞նչ տեր Գևորգ...

Ճի՞շտ, տո՛, չե՞ս լսել, այ մարդ, ի՞նչ է ասո՛ւմ. այդ դու դաշտից ես գալիս, ինչ է, մարդ կա՞ որ, այդ չիմանա:

Ո՞ր տեր Գևորգը. Բալաբանի համար չէ՞ ասածդ:

Հա՛, հա՛, Բալաբանի տեր Գևորգի, տո ճի՞շտ ես ասում, բան չե՞ս լսել:

Էդ ժամը, սուրբ պատարագը վկա, որ հեչ մի բան չեմ լսել:

Ո՞վ գիտե, եղբայրս, սուտ է, ղորթ է, ասում են թե երեկ իրիկուն մարդուն մի լավ մութնուծեծ են արել:

Տո՛, ճի՞շտ, ինչո՞ւ...

Ով գիտի, եղբայրս, այդպես են ասում. դրանց սուտը-ղորթը հեչ հասկանալ չի լինի... Սրիկայի զավակը, հնդուհավ գնողս է եղել ու կղմինդրագործ Ասվատուրի տունն է գնացել, մտածել է, թե ինքը տանը չի լինի. կնիկը դեմն է դուրս եկել, ի՞նչ ես ուզում, ասել է: Մեր տեր Գևորգը, ջուրը չտեսած իսկույն վարտիքը հանել է, թողություն անես, ասել է, ես եկել եմ քեզ մի խոստովանանք ասելու: Ի՞նչ խոստովանանք ունես ինձ ասելու, հարցրել է կնիկը զարմանալով (ճիշտն ասենք` զարմանալու էլ բան է, էլի):

«Հապա, այսպես-այսպես, ես քեզ միշտ ժամում տեսնում եմ... շատ հավանել եմ... սիրահարվել եմ... գիշերները քունս կորցրել եմ... ցերեկներն էլ սիրուցս ցնդածի պես եմ: Ջանս, յանկա, վերը Աստված, վարը դու, ինձ այս տանջանքից ազատի, հոգիս, մարմինս քո ձեռքին է... արդեն... ինչպես դու գիտես... փող ես ուզում` առ, մանեթ կասես, երկու մանեթ կասես, երեք կասես, ես քեզ համար փող չեմ խնայի, միայն թե դու ինձ այս մուրազիս հասցրու»:

Շան կաթ ծծած կնիկն էլ, անառակի մեկը, սպասիր, ասել է, գնամ տունս-տեղս հավաքեմ, անկողին բան թափ տամ, պատրաստեմ, դրանից հետո կգամ քեզ լուր տալու: Ուղիղ գնացել է, ամուսնուն մեկ-մեկ, ինչպես որ լսել է, պատմել է, այս ու այս լսեցի, ասել է: Ամուսինն էլ` սպասիր, ասել է, այդ մարդու գլխին մի օյին գանք, դու գնա՛ հույս տուր, վրայիցդ հեչ բան հայտնի մի անի, ես նրա հախիցը կգամ, որ միանգամից ուրիշի կնոջից պոկվի. այս քանի անգամ այդ այլանդակ սրիկան իր կարգը պիտի մոռանա ու փասլետնի արաբաջիի չանելու բանը անի: Կնկանը այսպես է խրատում. դու, — ասում է, — նրան ներս կառնես, ես էլ փողոցից կանչվոտելեն ներս եկողս կլինեմ: Ձայնս լսածիդ պես վախեցողս եղիր, լեղիդ պատռածի պես, գլուխդ կորցրած, ամա՛ն գլխավորս եկավ, ասա, շուտ պահվիր, տեր պա, թե չէ վաղը մեռնելս կտեսնես: Որտեղ գնամ, որտեղ գնամ, որ ասի, հավաբունը մտիր, ասա ու մեր հնդուհավերի (Ասվատուրի կնիկը հնդուհավ խնամելու խիստ վարպետ է, որովհետև գյուղացի է, գիտե՞ս) բունը փակի, վրայից էլ փականը անցկացրու: Հետո ես գիտեմ ինչ անելս:

Следующая страница